ԱՆԼՌԵԼԻ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ»,
ՄԵՐ ՆԱԽՆՅԱՑ՝ «ԱՍՏԵՂԱՑ ՔԱՐԵՐ»…
«Զորաց քարերի» իմաստն ու նշանակությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է գիտակցել աստեղերի դերը տվյալ համալիրը կառուցողների մեկնաբանությամբ:
Այսօրվա աստղագիտության ակունքները վաղնջական շրջանում են՝ Հայկական Լեռնաշխարհի բարձունքներում, այնտեղից տարածված՝ Միջագետքում (Տիգրիսի ու Եփրատի հովիտներում), ուր հազարամյակների ընթացքում զանազան զավթիչների ասպատակությունների հետևանքով միմյանց հաջորդեցին տարբեր քաղաքակրթությունները:
Մինչ 19-րդ դարում պեղումներից հայտնաբերված սալիկների՝ զգալի քանակությամբ աստղագիտական, աստղաբանական սեպագիր տեքստերը, որոնց թռուցիկ անդրադարձել էինք նախորդ որոշ գրառումներում («Էնումա Անու Էնլիլ», «Մուլ Ապին» կոչվողները), Հին Միջագետքի աստղագիտական գիտելիքների մասին տեղեկությունները հայտնի էին անտիկ շրջանի հունահռոմեական աղբյուրներից:
Tablette cunéiforme contenant d’anciennes observations de la planète Vénus (Ninive, 7e siècle avant notre ère, copie d’un texte babylonien de 1000 ans plus tôt). Crédit : British Museum
Վեներա մոլորակի հետազոտության արձանագրությամբ սեպագիր սալիկ՝ ն.թ.ա 7-րդ դարից, որն իրենից 1000 տարի առաջվա բաբելոնյան մի տեքստի ընդօրինակումն է: Պահպանվում է Բրիտանական թանգարանում
Հայտնի առաջին աստղաբանական տեքստերում երկնքում Լուսնի դիրքի հիման վրա արված գուշակություններն են (յուրաքանչյուր ամսվա սկզբին առաջին կիսալուսնի ի հայտ գալու դիրքը…)՝ երկրի ապագային առնչվող հարցերում նրա ազդեցությունը՝ բերքի առատության, պատերազմների կամ համաճարակների գործում:
Լուսնի փուլերի ուսումնասիրությունը կարևոր էր կյանքի ռիթմի կարգվավորման համար՝ կրոնական տոների, գյուղատնտեսական աշխատանքների և այլ հարցերում:
Աստղաբանությունը, , ի տարբերություն աստղագիտության, երկնային մարմինների շարժումների ու հատկությունների ուսումնասիրության հիման վրա կանխագուշակումն էր, հիմնված Հերմես Եռամեծի հեղինակած «Զմրուխտե քառասալիկի» հայտնի տեսության վրա՝ «Այն, ինչ վերևում է, նույնը՝ ներքևում է»:
Հիշենք, որ «Հերմես» անունով աստվածացված կերպարին վերագրվող մոտ 20.000 գրքերում, համաձայն քրմերի, իրական գիտության ուղին էր նշվում:
Ըստ Մանեթոնի, Տոթը՝ առաջին Հերմեսը, քարակոթողների և քարասյուների վրա պատկերագրերով (հիերոգլիֆներով) գիտական սկզբունքներն է գրել:
«Հերմետիկ» կոչվող փիլիսոփայությունը հնագույն աստվածաբանական դրույթներն ու պատկերացումներն է արտացոլում:
Այսինքն, երկնային մարմինների դասավորությունն ու շարժումը խորհրդանշական ձևով կարող են իրենց ազդեցությունն ունենալ մարդկանց, երկրների ճակատագրի վրա:
Այս հավատալիքներից է ծնվում աստղերի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու նրանցով ապագայի գուշակությունները:
Հայկական Լեռնաշխարհից, Շումերից տարածվելով Եգիպտոսում, զարգանալով Քաղդեում (հետագայում՝ հայտնի Բաբելոն անունով), այն մեծապես տարածված էր ողջ Հին աշխարհում՝ Էտրուսկների մոտ, Հունաստանում, Պարսկաստանում, հետագայում՝ միջնադարում (արաբական և քրիստոնյա աշխարհում): Նրանց հեռավոր արձագանքն է մերօրյա աստղագուշակությունը՝ ըստ աստեղատների (զոդիակների) նշանների (հորոսկոպները):
Քրիստոնեության տարածումից հետո մերժվելով ու հալածվելով որպես կեղծ գիտություն, վերացվեցին նախկինում ստեղծված, գուշակությունների հետ կապված ամեն ինչը՝ գրականությունը, կառույցները… (Թեև «Արևելքից եկած երեք մոգերն» աստղերով էին առաջնորդվել, երազների մեկնաբանությունն էլ մեծ տեղ ունի քրիստոնեության «Սուրբ գրքում»…):
«Հերմետիկ» գրվածքներից է հայերիս քաջ հայտնի, հնագույն շրջանից ի վեր, հետագայում՝ Միջնադարից մեծ ճանաչում վայելող «Եօթնագրեանքն» ու «Վեցհազարեակը», (որոնք համարվում են ախտարք՝ գուշակությունների հետ առնչվող):
Միջնադարյան Հայաստանում, Շիրակացու և Դավիթ Անհաղթի շնորհիվ, շումերական սալիկներից հայտնի՝ 60 թվի վրա հիմնված թվային հաշվարկի նմանությամբ՝ «Վեցհազարեակ» և «Եօթնագրեանք» (Յոթնագրյանք) իմաստություններից բացի, պահպանվել ու մեզ են հասել նաև՝ «Արուեստ Վեցհազարեկի», «Յաղագս Վեցհազարեկի», «Գիրք Մանուշակի», «Քերականություն», «Բանալի քերականության», «Համեմատություն քերականության», «Դուռն վեցհազարեկի» և այլ անվանումներով, համանման բովանդակության ուսումնասիրություններ, որոնցում շումերական սալիկներից հայտնի ուսմունքն է…
«Շիրակացին ոչ թե համարողության արվեստն է համարում «Հայոց աշխարհը ծածկող գանձ», այլ «Վեցհազարեակը», որը «մայր է ամենայն իմաստութեան»…(մեջբերումը՝ Գ.Բ. Պետրոսյանի «Դավիթ Անհաղթը «Եօթնագրեանքի»-ի հեղինա՞կ»-ից, էջ 32-33):
Միջագետքյան քրմերի գուշակությունները դիտվում էին որպես աստվածային կամքի դրսևորման խորհրդանիշների մեկնաբանություն՝ երկինքը, երազները, կենդանիների վարքագիծը դիտելով որպես այդ նախանշանների արտահայտություններ, որոնց խորհուրդը պիտի իմաստավորվեր համապատասխան գիտելիքներ կրողների կողմից:
Նույնը՝ խեթերի մայրաքաղաքից հայտնաբերված սալիկներում է…
Համարելով, որ ներկայի ու ապագայի կարևոր իրադարձությունների ելքի վերաբերյալ տարբեր նախանշանների մեկնաբանությամբ քուրմերն ի վերուստ տրված աստվածային հայտնություններին էին հաղորդակցվում, նրանց դերը չափազանց կարևորվում էր:
Նույնիսկ արքաներից առավել…
Թագավորը միաժամանակ նաև գլխավոր քուրմն էր հնում, հետագայում քուրմն ընտրվում էր արքայի կողմից:
Հնագույն սեպագրերից մեզ են հասել Համուրաբիի գուշակի անունը՝ Կասիմ (ն.թ.ա 18-րդ դար), որը հնդարիական ցեղ համարվող մի կասիտի որդին էր, Էտրուսկյան քուրմը՝ Աստարկեսը (ն.թ.ա 820-740թթ.):
Եգիպտոսի Էլ-Ամառնայի սալիկներում հիշվում է Նաիրի Երկրից վերադարձող՝ իրենց քրմի մասին:
Աստվածային կամքի դրսևորման զանազան նշանների (բնական երևույթների՝ կայծակ, ամպրոպ, թռչունների, կենդանիների վարքագծի…) մեկնաբանություններով բազմատեսակ գուշակությունների արվեստը մեկնաբանող հսկայաքանակ տեքստերի առկայությունն ապացույցն է Հին աշխարհում նրանց չափազանց կարևոր դերի:
Տարբեր խմբերում խնամքով բաժանված գրքերում նախանշանների մեկնաբանության խորհուրդը կա, նույնիսկ՝ տեղեկություններ տարբեր կառույցների նպատակային ուղղորդվածության մասին:
Դեռևս խեթական սեպագրերից, հետագայում էտրուսկների թողած սկզբնաղբյուրներից հայտնի տեքստերում քուրմը, աստվածների կամքի դրսևորմանը հաղորդակցվելով, զանազան երևույթների խորհրդանշական մեկնաբանությամբ, ծիսական արարողություններով ու նվիրատվությամբ կարող էր ազդել հետագա իրադարձությունների ընթացքի վրա (ցանկալի ելքն ապահովելով):
Էտրուսկներից հայտնի գուշակությունները Հռոմում հարատևեցին մինչև 579 թվականը՝ Տարքինոս Ավագի օրոք:
Հին աշխարհի Յոթն Իմաստուններից մեկը համարվող հույն փիլիսոփա, աստղաբան և մաթեմատիկոս Թալես Միլեթացին (ն.թ.ա 625-547թթ.), Բաբելոնում ուսանած երկրաչափությունն ու աստղագիտությունն էր տարածել Հունաստանում:
Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների արդյունքում հին աշխարհի երկու մեծ քաղաքականությունների՝ եգիպտականի ու հունականի միախառնումով ծնվեց մի նոր մշակույթ:
Հունական դիցաբանությունից հայտնի՝ աստվածների պատգամաբեր Հերմեսը, նույնացվելով եգիպտական՝ Իմացության դիցին՝ Թոտին, վերստեղծվեց մի նոր կերպար՝ հայտնի Հերմես Եռամեծ անվամբ:
Աստվածային հիշյալ երկու խորհրդանիշներից ծնունդ առած այս կերպարի անվան հետ է կապվում իմացության ընկալման որոնումներին նվիրված հսկայական գրականությունը, որի կարևոր թարգմանություններից պահվում են նաև Երևանի՝ Հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, գրավելով օտարերկրյա գիտնականների ուշադրությունը:
1846 թվականին հրատարակված «Աստվածաբանական հանրագիտարան»-ում (Abbé Migne, հատոր 48, էջ 138), թաքնագիտական տեսությունը ներկայացնելով, հիշվում են հնագույն տեքստերը:
«Հերմեսն ասում էր՝ «Քանի որ գլխի վրա 7 խոռոչ կա, Երկնքում կան 7 մոլորակներ, որոնք կառավարում են այդ խոռոչները՝ Սատուրնը և Յուպիտերը՝ երկու ականջները, Մարսն ու Վեներան՝ երկու քթանցքները, Արևն ու Լուսինը՝ երկու աչքերը, Մերկուրը՝ բերանը»:
Աստղագիտության ծնունդը կապված էր վաղնջական հավատալիքների հետ, ուստի հարկ է առավելագույնս ծանոթանալ այդ պատկերացումներին:
Բազմաթիվ սկզբնաղբյուրներից է անտիկ շրջանի հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացու (ն.թ.ա 90-30թթ.)՝ 40 գրքից բաղկացած «Պատմական գրադարան» աշխատությունը, որը Մ.Խորենացու «Պատմություն Հայոց» երկի գլխավոր սկզբնաղբյուրներից է՝ իր իսկ հավաստմամբ:
Մի հատված հիշյալ երկից՝ «Օտար աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին: Հին հունական աղբյուրներ, Բ գրքից (ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1985, էջ 38-40, Ս.Կրկյաշարյանի թարգմանությամբ):
…«Այժմ քաղդեացիները, լինելով Բաբելոնիայի հնագույն բնակիչներից, տերության մեջ ունեն գրեթե նույն կարգը, ինչ քրմերը՝ Եգիպտոսում: Քանզի նրանք, նվիրված լինելով աստվածների պաշտամունքին, իրենց ամբողջ կյանքում իմաստասիրում են, մեծ գիտելիքներ ունենալով աստղաբանության ասպարեզում:
Նրանք շատ զբաղվում են նաև գուշակությամբ, պատգամներ տալով ապագայում կատարվելիքի մասին, և աշխատում են մերթ քավության արարողություններով, մերթ զոհեր մատուցելով, մերթ էլ այլ հմայություններով խափանել չարիքը և նպաստել բարիքի կատարման:
Նրանք հմտություն ունեն նաև հավքերի թռիչքի հիման վրա պատգամներ տալու և երազներն ու հրաշքները բացատրելու:
Նրանք անարվեստ չեն նաև ողջակեզների փորոտիքների վրա գուշակելու գործում և կարծում են, թե այդ ասպարեզում մեծ հաջողության են հասել:
Այս ամենը նրանք սովորում են ոչ ինչպես Հունաստանում այդ գործերով զբաղվողները:
Քանզի քաղդեացիների մոտ այդ ամենի ուսումնասիրությունը սերնդից սերունդ է հաղորդվում և որդին այն ընդունում է հորից, ազատ լինելով ամեն տեսակ այլ ծառայություններից:
Այսպիսով, քանի որ նրանց ուսուցիչները հայրերն են, ամեն ինչ սովորում են անտրտունջ. միաժամանակ և հետևում են (ուսուցչի) հանձնարարություններին առավել վստահ և հավատով: Ապա,քանի որ նրանք երեխա հասակից այդպես են սովորում և դաստիարակվում, ուստի հասնում են մեծ վարպետության, որովհետև այդ տարիքում հեշտ է սովորել և երկար ժամանակ են տրամադրում այդ սովորելուն:
Քաղդեացիներն ասում են, թե աշխարհն իր բնույթով հավիտենական է և ոչ սկզբնապես ստեղծվել է, ոչ էլ հետագայում պետք է կործանվի, իսկ ամբողջ կարգն ու դասավորությունը կատարվել է ինչ-որ աստվածային նախախնամությամբ, որով և այժմ երկնքում կատարվող ամեն ինչ ո՛չ պատահական է տեղի ունենում, ո՛չ էլ ինքնահոս եղանակով, այլ ինչ-որ հաստատապես որոշված աստվածային կարգադրության համեմատ:
Նրանք երկար ժամանակ դիտարկելով աստղերի և նրանցից յուրաքանչյուրի շարժումն ու ազդեցությունը առավել ճշտորեն իմանալով, քան մյուս մարդիկ, կանխագուշակում են մարդկանց համար ապագայում կատարվելիք շատ դեպքեր:
Այսուհանդերձ, նրանք ասում են, թե ամենակարևորը մոլորակներ կոչված հինգ աստղերի դիտարկումն է և դրանց ազդեցության ուսումնասիրությունը, որոնց նրանք պարզապես անվանում են «թարգմաններ», կարևոր է հատկապես (ուսումնասիրել) հելլենների կողմից Կրոնոս կոչված, որը ամենապայծառն է և կատարվելիք շատ ավելի դեպքերի մասին է կանխահայտնում (և որը) կոչում են Արևի (աստղ) («Արեգակ»-ն ավելի ստույգ է՝ «Ակ»-ը՝ աչք իմաստով, ինչպես «Մոլոր-ակ», Կ.Ա.), մյուս չորսին, մեր աստղաբանների նման, նրանք անվանում են՝ Արեսի, Ափրոդիտեի, Հերմեսի, Զևսի (աստղեր):
Նրանց «թարգմաններ» անվանելու պատճառն այն է, որ մինչդեռ մյուս աստղերը չեն թափառում և հաստատապես ընթանում են միայն մեկ շրջագծով, սրանք իրենց առանձին ընթացքով շարժվելիս ցույց են տալիս ապագայում կատարվելիքները, մարդկանց համար թարգմանելով աստվածների մտադրությունը:
Քանզի նրանք, ինչպես ասում են քաղդեացիք, մերթ իրենց ծագելով, մերթ մայր մտնելով, մերթ էլ իրենց գույներով կատարվելիք դեպքերի մասին զգուշացնում են դրանք ուշադիր դիտել կամեցողներին:
Որովհետև նրանք երբեմն նշում են ուժեղ հողմերը, երբեմն՝ սաստիկ անձրևները կամ երաշտը, երբեմն գիսավոր աստղերի հայտնվելը, ինչպես նաև արևի ու լուսնի խավարումները, երկրաշարժները և , ընդհանրապես, այն բոլոր երևույթները, որոնց առաջացումը պայմանավորված է մթնոլորտի գոյությամբ, և օգնում են կամ վնասում ոչ միայն ազգերին կամ երկրներին, այլև թագավորներին ու մինչև իսկ հասարակ մարդկանց:
Սրանց շարժման շառավիղում դասավորված են, ինչպես ասում են (քաղդեացիները), երեսուն աստղեր, որոնց նրանք անվանում են աստվածների խորհրդատուներ:
Սրանց կեսը վերևից հետևում են երկրի վրա կատարվող դեպքերին, մյուս կեսը՝ երկրից ներքև կատարվող դեպքերին, դիտելով մարդկանց գործերը միաժամանակ և երկնային երևույթները, և ամեն տասը օրը մեկ վերևի աստղերից մեկը որպես սուրհանդակ ուղարկվում է ներքևի աստղերի մոտ, նույնպես նաև ներքևի աստղերից մեկը ուղարկվում է վերև, և նրանց այս շարժումը որոշակի է և հաստատված հավիտենական ժամանակի համար:
Նրանք ասում են, թե այս աստվածներից գլխավորները թվով տասներկու են և սրանցից յուրաքանչյուրին քաղդեացիները վերագրել են ամիսներից և այսպես կոչված տասներկու կենդանակերպերից մեկը: Սրանց միջոցով էլ, ասում են, իրենց ընթացքը կատարում են և՛ արևը, և՛ լուսինը, և՛ հինգ մոլորակ աստղերը, արևն իր շրջանը բոլորում է մեկ տարում, իսկ լուսինը նույն շրջանը կատարում է մեկ ամսում:
Մոլորակներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ընթացքը և տարբեր են նրանց արագությունն ու շրջապտույտի տևողությունը:
Այս աստղերն են, որ մեծապես ազդում են մարդկանց բարի կամ վատ ծնվելու վրա:
Առավելապես այս աստղերի բնույթից և դրանց ուսումնասիրությունից էլ նրանք իմանում են, թե ինչ է կատարվելու մարդկանց հետ:
Ասում են նաև, թե նրանք գուշակել են ոչ միայն բազում այլ թագավորների, այլև Դարեհին ջախջախած Ալեքսանդրի և հետագայում թագավորած Անտիգոնոսի և Սելևկոս Նիկատորի մասին և իրենց բոլոր գուշակությունների մեջ նրանք չեն վրիպել:
Այդ ամենի մասին մենք մանրամասն կխոսենք առավել պատշաճ առիթով:
Նրանք կանխագուշակում են նաև հասարակ մարդկանց ապագան և այնքան ճշգրիտ, որ իրենց փորձել ցանկացողներին հիացնում են կատարված հրաշքով և համոզում, որ այն գերազանցում է մարդկային հնարավորությունը:
Կենդանակերպի շրջանակից հետո նրանք տարորոշել են քսանչորս ուրիշ աստղեր ևս, որոնցից, իրենց ասելով, կեսը գտնվում է հյուսիսային կողմերում, իսկ մյուս կեսը՝ հարավային, և դրանցից տեսանելիներին նրանք համարում են կենդանի աշխարհին վերաբերող, իսկ անտեսանելիներին հատկացված են համարում մահացածներին, ուստի և նրանց անվանել են «ընդհանուրի դատավորներ»:
Եվ բոլոր վերոհիշյալ աստղերից ներքև, ասում են նրանք, ընթանում է լուսինը, որն իր ծանրության պատճառով բոլորից առավել մոտ է երկրին և իր ընթացքը կատարում է նվազագույն ժամանակում ոչ թե իր շարժման արագության, այլ կատարած շրջանի կարճության պատճառով:
Նրանք ևս, հելլենների նման, ասում են, թե նրա լույսը այլ աղբյուրից է և նրա խավարումներն առաջանում են երկրի ստվերից:
Ինչ վերաբերում է արեգակի խավարումներին, ապա նրանք թույլ բացատրություններ են տալիս և չեն համարձակվում ճշտությամբ նկարագրել այդ երևույթը կամ կանխորոշել դրա ժամանակը:
Իսկ երկրի մասին նրանք յուրահատուկ կարծիք են հայտնում, ասելով, որ այն մակույկաձև է և սնամեջ, նրանք բազմաթիվ հավանական փաստարկներ են հորինում երկրի և տիեզերքում գտնվող այլ մարմինների վերաբերյալ, որոնց մանրամասն շարադրանքը, կարծում ենք, օտարոտի կլիներ մեր ներկա պատմությանը:
Այսուհանդերձ, պատշաճը հատուցելով, պետք է հավաստել, որ քաղդեացիները բոլոր մարդկանցից առավել շատ գիտելիքներ ունեն աստղաբանության մեջ և մեծ աշխատանք են կատարել այդ տեսությունն ուսումնասիրելու համար:
Ինչ վերաբերում է տարիների այն թվին, որոնց ընթացքում, ինչպես նրանք պնդում են, քաղդեացիների դասը ուսումնասիրել է տիեզերքի մարմինները, մարդ դժվար թե հավատա. քանզի նրանք հաշվում են, թե Ալեքսանդրի արշավանքներից դեռևս քառասունյոթ բյուր և երեք հազար տարի առաջ նրանք հնում սկսել են դիտարկել աստղերը»:
Հիշեցնելով, որ Հին աշխարհում երկնքի հետազոտության համար Հորիզոնն էր գործածվում որպես համեմատության եզր, ճանապարհվենք Զորաց Քարեր՝ Երկնքի Զորություններով, մշտջենական «Զարդքով» հիանալու, վերաիմաստավորվելու…
Հ.գ. Չմոռանալով, որ «Զօրքը», ինչպես և «Զարդքը» հնում Աստղերի անվանումն էր…
Շնորհակալություն երկարաշունչ ընթերցումն համբերատարությամբ ավարտին հասցնելու համար (հուսամ, իհարկե, սակավաթիվ չեն հետաքրքրասեր բարեկամներս…)
Մեր հեռավոր Աստեղագյուտ Աստեղագետ Աստեղաբաշխներից՝ բյուր ողջույններով և օրեցօր աճող Իմաստնության մաղթանքով…