«ԱՆԱՀՏԱԿԱՆ ԳԱՎԱՌ», «ԱՆԱՀՏԻ ԵՐԿԻՐ»՝ «ԵԿԵՂԵԱՑ» ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԳԱՎԱՌ՝ ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ…

Մեր հեռավոր նախնիների պանծալի Սրբավայրերից մեկն էր Բարձր Հայքի Եկեղեաց գավառը՝ մինչև 1915-ի ցեղասպանությունը՝ Հայաշատ գյուղերով, որտեղից դեպի Մարսել գաղթածներն իրենց հայրենակցական միությունն էին ստեղծում՝ անվանելով «Եկեղեաց Վերաշինութեան միություն» (կորցրածը Վերաշինելու հույսով)…

Հազարամյակների հարուստ պատմություն ունեցող այս գավառում (համապատասխանում է ներկայիս Երզնկայի (Էրզինճան) տարածքին, Էրզրումի նահանգ)՝ Երիզայում, Անահիտ Դիցամոր գլխավոր տաճարն էր՝ իր ընդարձակ կալվածքներով, հսկայական թվով կենդանիներով, բազում գանձերով ու թանկարժեք իրերով:

Հայտնի նաև ն.թ.ա 30 թվականին հռոմեացի Անտոնիոս զորավարի կողոպտած գանձերով, որոնցից միայն Անահիտ Դիցուհու ոսկեձույլ քանդակի մի աննշան բեկորով կազմակերպել էր հսկայական խնջույք…

Եկեղեաց գավառ՝ Երիզա՝ Անահիտի մեհյան էր ուղարկվել Աբեղյանների տոհմից ոմն Աբեղ՝ հիվանդ Արտաշես արքայի համար Դիցերից, մասնավորապես՝ Անահիտ Դիցուհուց բժշկություն խնդրելու նպատակով՝ համաձայն Մ. Խորենացու հիշատակության («Պատմություն Հայոց», էջ 123):

Ագաթանգեղոսի բնութագրմամբ՝ «Մեր ազգի Փառք ու Կենսատու Մեծ Անահիտ Տիկնոջ» կերպարում մարմնավորված էր վաղնջական ժամանակներից եկող՝ Մեծ Մոր պաշտամունքը:

Պերճափայլ ու դյուցապանծ՝ «Քաջապերճ պարծանքներով Անահիտ Տիկնոջ» Բագնին պսակներ ու ծառերի թավ ոստեր էին նվիրաբերվում՝ ի փառաբանումն Ոսկեմայր, Ոսկեհատ ու Ոսկեծին Դիցուհու:

Հայ և օտար աղբյուրներում բազմաթիվ տեղեկություններ կան Անահիտի հռչակավոր սրբավայրերի, մեհյանների, արձանների, Դիցուհուն նվիրված տոնակատարությունների, նրան նվիրաբերվող՝ ճակատին ջահաձև (ճրագաձև) դրոշմով երինջների մասին:

Նրա սրբավայրերը սփռված էին մեր երբեմնի հսկայածավալ Հայրենիքի զանազան վայրերում՝ Հայկական Լեռնաշխարհի տարբեր բարձունքներում:

Եկեղյաց Գավառը՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում (այս նահանգն ունեցել է և՝ Առաջին Հայք, Կարնո Աշխարհ, Վերին Հայք, «Կատար Երկիր» և այլ անվանումներ), Ստրաբոնի, Պլինիոս Ավագի («Բնական պատմություն», ն.թ 1-ին դար) և այլոց երկերում «Անահտական Գավառ» էր կոչվում (Աքիլիսեն, Aciliscène), «Անահտի Երկիր» (Anaetica regio), ուր Նավասարդյան բազմամարդ տոնախմբություններն էին անցկացվում ու բազմահազար ուխտավորներով այլ տոնակատարություններն էին նշվում:

Պատմիչների բնութագրմամբ՝ Արգասավորության,Պտղաբերության ու Մայրության հովանավոր՝ Անբիծ ու Անարատ Անահիտ Դիցուհին բնորոշվել է՝ «Մեծ Տիկին», «Մայր ամենայն զգաստութեանց», «Բարերար ամենայն մարդկային բնութեան», «Ազգի և մարդկանց խնամակալ», «Ոսկեմայր», «Ոսկեծին», «Ոսկեհատ» մակդիրներով:

Հունաց կողմերից իր զորքով վերադարձող Տրդատ Գ-ի (298-330թթ.) առիթով՝ Ագաթանգեղոսը գրում է.
«Մեծ Հայքի արքա Տրդատի առաջին տարում շարժվեցին եկան, հասան Եկեղյաց գավառը, Երիզա գյուղը, Անահիտի մեհյանը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն»:

«Այնուհետև պատմագիրը (Ագաթանգեղոսը, Կ.Ա.) շարունակում է, թե «(Տրդատ արքան) բանտ ու կապանք և մահ է խոստանում նրան, եթե հանձն չառնի աստվածներին (հեթանոսական) պաշտամունք մատուցել, մանավանդ այս Մեծ Անահիտ Տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ Հունաց թագավորը:
Նա է բոլոր զգաստությունների Մայրը, Բարերարը ամբողջ մարդկային բնության, որով ապրում և կենդանություն է ստանում Հայոց երկիրը, և դուստրը Մեծ, Քաջ Արամազդի» (գլ. Ե. 53, էջ 41, մեջբերումը՝ Ռաֆիկ Նահապետյանի՝ «Ագաթանգեղոսի Պատմությունը՝ Հայոց հեթանոսական դիցարանի ուսումնասիրության սկզբնաղբյուր» աշխատությունից:

Ճորոխի և Եփրատի միջև ձգվող Լեռնաշղթան ևս «Անահտական» էր անվանվում:

Պլուտարքոսը հիշատակում է, որ ձմռանը Լուկուլոսն իր զորախմբով Կապադովկիայից Եփրատի ուղղությամբ շարժվելու ճանապարհին լեռնային արոտավայրերում ազատորեն արածող երինջների է հանդիպել, որոնցից մեկը, որը բարձրացել էր մի ծերպի՝ զոհաբերվել է զորավարի կողմից: Այնուհետև, մեկօրյա հանգստից հետո, «Թագավորական ճանապարհով» նա շարունակել է իր ճանապարհը Ծոփքով դեպի Տիգրանակերտ…
«Այդ երինջներն ազատորեն շրջում էին Երկրում՝ որպես տարբերանշան ունենալով Դիցուհու ջահը (ճրագը)», (Plut., Vit. Lucull., 24.):

Երզնկայից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելք՝ «Անահտա Աթոռ» կոչվող Լեռն է՝ 3557 մետր բարձրությամբ, որը հիշատակում է Փ. Բուզանդը՝ «Աթոռն Անահտայ»՝ Բարձր Հայքի Առյուծ գավառում…

«Տրդատ յառաջին ամի ետ նուէրս Անախտայ Կապուտակ երինջ ի գեղն Երիզայ»:

Ագաթանգեղոսի երկում հիշատակվում են «Ոսկեմայր» Դիցուհու չորս մեհյանները՝ Եկեղյաց գավառի Երեզավանում (գլ. Ե. 48, էջ 39), Արտաշատում (գլ. ՃԸ. 778, էջ 437), Աշտիշատում ( գլ. ՃԺԴ. 809, էջ 453) և Անձևացյաց գավառի Դարբնաց Քար կոչված վայրում:

«Երեզը համարվում էր Հայոց թագավորների բուն ու մեծ մեհյանների, Անահիտի պաշտամունքի և մեհյանի վայրը, որտեղ դրված էր դիցուհու ոսկե արձանը, իսկ Եփրատ գետի ձախ ափին փռված էին այդ հարուստ մեհյանի տիրույթները, որտեղ արածում էին զոհաբերության սպիտակ երինջները:

Անահիտի պաշտամունքի սրբարաններ են եղել նաև Արմավիրում, Բագարանում:
XIX-XX դդ. գիտնականները մի շարք մեհյանների տեղեր փորձել են վերականգնել՝ մեծ մասամբ հարատևող սովորությունների ու ծիսակատարությունների հիման վրա» (մեջբերումը՝ Ռ. Նահապետյանի՝ նշված ուսումնասիրությունից):

Ստեփանոս Օրբելյանի՝ Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ հիշվում է «Անատայ Ձոր» կոչված վայրը Սյունիքում, հավանաբար՝ այնտեղ եղած՝ Անահիտի երբեմնի մեհյանի (սրբավայրի) գոյությամբ պայմանավորված:

Ամիսներ առաջ՝ Սահմի ամսվա Անահիտ օրը՝ Սեպտեմբերի 5-ին, Անահիտ Դիցամոր հնագույն պաշտամունքային վայրերից մեկում՝ Արա լեռան ծաղկավետ ստորոտում՝ Երնջատափում, Հայկազուն Արևորդիների համայնքի մի խումբ անդամների մասնակցությամբ Հայկյան Սրբազան տոներից՝ Հացօրհնեքի տոնը նշվեց՝ Անդաստանի արարողությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու և Քուրմ Յարութ Առաքելեանի մատուցմամբ (ստորև լուսանկարը՝ Հայկազուն Արևորդիների էջից՝ շնորհակալությամբ)…

Հույսով, որ հազարամյակների խորքից հառնող տոներն ու ծիսակատարություններն այսուհետ վերստին իրենց կենսախինդ բերկրանքով կլցնեն Հայոց հնավանդ Երկիրը…🌞🌿

Ոսկեմայր Անահիտը Երկրին Կենդանություն պարգևողն էր՝ «Փառքն էր մեր ազգի և Կեցուցիչ Մայր ամենայն զգաստության», Տրդատ արքայի հրովարտակի «Ողջույնին» համահունչ՝ Շինություն, Խնամակալություն և Քաջություն մաղթենք Աշխարհիս Հայոց…

«Ողջոյն հասեալ և շինութիւն Դիցն օգնականութեամբ, Լիութիւն Պարարտութեան յԱրոյն Արամազդայ, Խնամակալութիւն յԱնահիտ Տիկնոջէ, և Քաջութիւն հասցէ ձեզ և Քաջէն Վահագնէ Ամենայն Հայոց Աշխարհիս»…

Հ.գ. Բարձր Հայք Աշխարհի Եկեղեաց գավառում,Գայլ գետի վերին հոսանքում, լեռնային վայրում՝ ռազմական ու առևտրական կարևոր ուղիների հանգուցակետում գտնվող Սատաղ քաղաքում է հայտնաբերվել Անահիտ Դիցամոր՝ հայտնի անդրին, որի պղնձյա պատճենը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

Բարձր Հայքի Եկեղեաց գավառը՝ Երզնկա կենտրոնով, իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը պահպանեց հետագայում ևս՝ քրիստոնեության տարածումից հետո, տեղի իմաստասիրական դպրոցի հայտնի գործիչների աշխատություններով հարստացնելով միջնադարյան գրականությունը:

Դրոշմակիր Երինջի պատկերով գավաթ՝ հայտնաբերված Շիրակի մարզից՝ Բենիամինի հնավայրից