ԱԿՆ, ՄԱՐԸՆՏՈՒՆԻԿ, ՄԱՐԱՆԴ…

Մեծ Հայքի ու Փոքր Հայքի սահմանի վրա, Խարբերդի նահանգում, Տավրոսի և Անտիտավրոսի լեռնաշղթաների միջև, ավելի քան 1000 մետր բարձրության վրա սփռված ծառազարդ հովտում, Արևմտյան Եփրատի ափին (գետի ոլորանի մոտ) Ակն գյուղաքաղաքն է՝ Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին (ներկայիս՝ Քեմալիե)…

Այն հայտնի է նաև իր հին՝ Մարընտունիկ անվամբ, ոչ հեռու գտնվող համանուն ուխտատեղիով, նաև՝ Ակնի մեջտեղով հոսող Ակնաղբյուրով ու «Անմահություն» կամ «Անմահության Ջուր» կոչվող ուխտավայրով…

Ջրերով ու արոտավայրերով առատ Ակնը 19-րդ դարում Հայոց լավագույն քաղաքակիրթ ու բարեկարգ բնակավայրերից էր, օտարների հարձակումներից պաշտպանվելու համար բարենպաստ դիրքով…

Հայ մշակույթի հիանալի բազմաթիվ զավակներ է տվել Ակնը՝ գրչի ու մտքի ականավոր մշակներ, արվեստագետներ, ազգային գործիչներ, որոնցից են բանաստեղծ Միսաք Մեծարենցը (1886-1908, ժայռերով ու կիրճերով շրջապատված Բինկա գյուղից), Արփիար Արփիարյանը (1851- 1908, արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ, խմբագիր), գրող, քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (1861-1915), Սիամանթոն (1878-1915), Արշակ Չոպանյանը (1872-1954, գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ), Մինաս Չերազը (1852-1928, գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ), կոմպոզիտոր Ն. Գալանտերյանը (1881-1944)…

Ատոմ Եարճանեան (Սիամանթօ) (1878 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել յայտնի արձակագիր ու բանահաւաք Գարեգին Սրուանձտեանցը, որն էլ պատանի Ատոմին կնքել է Սիամանթօ մականուամբ։
Յայտնի բանաստեղծ Սիամանթոյի (Ատոմ Եարճանեան) ընտանիքը, Պոլիս, 1900-ականների սկիզբ։ Նրանք Ակնից գաղթել են Պոլիս 1895-ի հակահայ ջարդերերից յետոյ։ Կանգնած, ձախից աջ՝ Արﬔնուհի Եարճանեան (Սիամանթոյի քոյրը), այս մարդու ինքնութիւնը յայտնի չէ, Նազելի Եարճանեան (ծնուած՝ Բարունակեան, Սիամանթոյի մայրը), Վահան Եարճանեան (Սիամանթոյի եղբայրը)։ Նստած, ձախից աջ՝ Զապէլ Եարճանեան (Սիամանթոյի կրտսեր քոյրը), Սիամանթոյի հօրենական ﬔծ մայրը (անունը՝ անյայտ), Սիամանթոյի հայրը (Աղբիւր՝ Մանուկ Ադաﬔանի հաւաքածոյ, Փարիզ)։

Մնձուրի լեռներով շրջապատված Ակնում ու նրա շրջակայքում՝ պատմական հուշարձաններով, նաև՝ զանազան պտղատուներով հարուստ գյուղերում բազմաթիվ սրբավայրեր և ուխտատեղիներ կային, ինչպես և՝ վաղնջական ժամանակներից մնացած հնագույն կառույցների ավերակներ…

Վանի շրջանից Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կողմից 1021-ին Սեբաստիա և Ակն գաղթեցրած Հայերին հետագայում միացել են և Անիից գաղթածները (նաև՝ Ուրֆայից, Արաբկիրից ու այլ վայրերից եկածները)…

«Շքեղ տներով ու գեղազարդ ծառատունկերով» Ակնի ու շրջակա գյուղերի Հայոց ճոխ ու շռայլ կյանքին անդրադառնալով, Գ. Սրվանձտյանը գրում է.

«Ակնեցի Հայք աւանդութեամբ զիրենք կը համարին Անւոյ գաղթական, իսկ Ապուչեխն ու Կամրկապ, որ արուարձան են Ակնայ, Վասպուրականի գաղթական»:

1896 թվականին թուրք հրոսակների հարձակումների հետևանքով գավառի Հայ բնակչությունից մոտ 3.000 հոգի կողոպտվեց ու կոտորվեց…
1915-ին Եղեռնի հետևանքով գավառակը Հայազրկվեց (գերմանացի բժիշկ Լեփսիուսի տվյալներով գավառի Հայ բնակչության զոհերի թիվը հասնում էր մոտ 10.200-ի):

Ա. Քէչեանի «Ակն և ակնցիք, 1020-1915» գրքում գավառի տարբեր գյուղերի նկարագրություններում ուշագրավ դրվագներ կան՝ մինչև 18-րդ դարը պահպանված հնագույն սովորույթներից:

«Տէօրթ Լիւլէ (Չորս Ծորակ) ուխտատեղին կապուած էր հեթանոսական հաւատալիքների հետ: Աւագերէց քահանայ Կարապետը պատմել է, որ հնում՝ Կաղանդի օրը, գիւղի հարսները հաւաքուել են այս ուխտատեղիում, զարդարուել և իւրաքանչիւրը, ձեռքում մկրատ բռնած, իջել է Տէօրթ Լիւլէ կոչուած աղբիւրը և երգել հետևեալը.

Ջրին բարին, Ջրին Մօրին,
Անդնդային թագաւորին,
Ջուր կաղընտե՞ր ես»… (Կաղանդին՝ նոր տարուն միմեանց նուէրնել տալ):

Վերջին տողը երգելիս մկրատով կտրել են հոսող ջուրը:

18-րդ դարի վերջերին աւագերէց Տէր Գրիգորն արգելեց այս հեթանոսական սովորութիւնը և այդ ժամանակից ի վեր այն չի յիշատակուել»:

Երգի բառերն ուշագրավ են, քանզի արտացոլում են հնագույն հավատալիքների հետքերը՝ Ստորգետնյա ջրերի («Անդնդային թագավորի»), Կենսաբեր Ջրի ու Մայր Դիցուհու հետ կապված…

Ղ. Ինճիճեանն իր՝ «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց Աշխարհի» ուսումնասիրության Գ գրքում (էջ 16), Արարատեան լեռնից ոչ հեռու, Վասպուրականի նահանգի Մարանդ գավառի մասին խոսելիս, հիշատակում է եվրոպացի ճանապարհորդներ Տավերնիեին ու Շարդենին, ինչպես և Վարդան աշխարհագրին, համաձայն որոնց հիշյալ տեղանունը կապվում է Նոյի կնոջ՝ Նոյեմզարի անվան, նրա թաղման վայրի հետ, որպես՝ «Մայր անդ» (ուր Մայրն է), գրվում է նաև «Մայր Անդ», «Մայրանդ» ձևերով:
«Եւ սակս այսորիկ կոչեցեալ Մարանդ, որ է անուն հայկական Մայր անդ. զի արդարև մայր էր համօրէն ծննդոց Նոյի որ անդ թաղեցաւ»:

Վաղնջական ժամանակներից հյուսված առասպելական պատմությունների քողի ներքո՝ հին հավատալիքներն են՝ բնապաշտական շնչով, «Մեծ Մոր» պաշտամունքի հետ առնչվող:

Քանզի «Մարանդ» անունով բազմաթիվ այլ տեղանուններ կան Հայկական Լեռնաշխարհի զանազան վայրերում՝ գյուղ՝ Էրզրումի նահանգում, Ճորոխ գետի ձախ կողմում, Խոտորջրի գյուղախմբում:

Մարանդ գետ կա Արաքսի ավազանում (Կոտուրի աջ վտակը):

Մարանդ վայր կար Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Հայոց Ձոր գավառում (Ստեփանոս Օրբելյանի հիշատակությամբ, որը հավանորեն ներկայիս Եղեգիս գետի միջին հոսանքի հովտում էր)…

Մարանդ գյուղ կար նաև Բիթլիսի գավառում, Սասունի Մոտկան գավառակում…

Հ.գ. Փոքրիկ ճամփորդություն՝ դեպի Ակն ու շրջակայքը՝ ահավասիկ՝