«ՀՐՈ՛Վ ՄԿՐՏՎԱԾ ՆԱԻՐՅԱՆ ՀՈԳԻՆ»…

«Մեր կյանքի միակ խարիսխը մեր երկիրն է»,- տասնամյակներ առաջ գրել է Ռոդոսթոյից Փարիզ հասած՝ ֆրանսահայ գրող ու հասարակական գործիչ՝ Վազգեն Շուշանյանը (1903-1941թթ.):

«Աչքերս հառել եմ Անցյալին՝ Ապագայի նժույգը նստած»,- Չարենցի խոսքերն են («Գիրք ճանապարհի»):

«Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս ու դեպի ու՛ր ենք գնում»…

Հարցնում է Անցյալից «Հրե երգեր բերած» երգիչը՝ Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպի առաջաբանում՝ շարունակելով ազգային արժանապատվության գիտակցումը կարևորող՝ մեր ազգի բազմաթիվ Մեծերի խորհրդածությունները:
Քանզի Գալիքի արմատներն Անցյալում են, Նախնիների խորհուրդն ու պատգամը, նրանց կերտած մշակույթն է ներկայի ու ապագայի հիմքում:

…«Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես՝ Նաիրին:
Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի՛ ընթերցող:
Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես, նաիրցիներս:
Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում:
Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը»:

Այս հարցադրումն է հնչում նաև Թումանյանի՝ դեռևս 1909 թվականին գրած՝ մտահոգ տողերում.

«Երկիր ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք իմանում:
Մտածում ենք՝ ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք:
Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքա՜ն բան չգիտենք:

Չէ՞ որ երկի՛րն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և՛ պատմություն, և՛ գրականություն, և՛ գեղարվեստ, և՛ տնտեսական վիճակ, և՛ մարդկային հայտնի տիպ ու հոգի:
Նա՛ է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ո՛չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո՛չ ներկադ հասկանալ, ո՛չ ապագադ տնօրինել» (Հ. Թումանյան, «Մեծ ցավը»):

«Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից» (Դերենիկ Դեմիրճյան)…

Եվ յուրաքանչյուր սերունդ յուրովի է իմաստավորում Անցյալը:
Յուրաքանչյուրն՝ իր ժամանակաշրջանի թելադրանքով, հաճախ՝ պատմական հանգամանքների բերումով, «քողարկված խորհուրդով», զանազան միջոցներով «ծածկագրված», մեզ է փոխանցել Նախնյաց Իմաստությունը…

Ազգային գոյության հիմքն ու ապավենն են Նախնիների Ոգին ու Միտքը. սերունդներին կտակած հոգևոր ժառանգությունն է ոգեշնչում ու մղում պայքարի:

…«Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
Նա Հուր ձի ուներ, Կայծակե սուր,
Բայց ուժը նրա, որ չէր կասում,
Ժողովու՛րդն էր իր բազմաբազում:

Եվ անպարտ էր նա իր սրո՛վ սուր
Եվ ժողովրդո՛վ ռամիկ ու սուրբ»…

«Զարմով՝ Արևազուն» Մեծ Մհերի մասին՝ Չարենցյան բնորոշմամբ…

Հայոց հնագույն հավատալիքներին, Հրո Երկրին, Արևի ու Արևագալի՝ Արևածագի, Արևի Շողի ու Ցոլքի, Հուրի խորհրդանիշներին ու նրանց կարևորությանն անդրադարձել ենք նախորդ բազմաթիվ գրառումներում:

1918 թվականին Հայաստանի Հանրապետության հիմնական խորհրդանիշներից մեկի՝ Ազգային Դրոշի ստեղծումը, բնականաբար, իր խորին խորհուրդն ուներ՝ խտացնելով բազմահազարամյա մեր պատմությունն ու Էությունը…

Լույսի, Արևի, Հրո Երկրի՝ Լուսաճաճանչ Հայաստանի Արփիափայլ գույների երգիչը՝ Մարտիրոս Սարյանն իր մասնակցությունն է բերել նորաստեղծ պետության խորհրդանիշների ստեղծման գործին:

Երևանում 2002 թվականին հրատարակված՝ «Մ. Սարյանի նամակները» գրքի առաջին հատորում Ա. Խատիսյանին ուղղված նամակում նկարիչն իր՝ «Սարյանական՝ ծիածանի երանգներով» դրոշի տարբերակն է հիշատակում՝ կից ուղարկելով ջրաներկ երեք պատկերներ:

Առաջարկված վեց գույների փոխարեն, ի վերջո, դրոշի համար երեք հիմնական՝ կարմիր, կապույտ ու դեղձան գույներն են ընտրվում (նշենք, որ ծիածանը սպիտակ Լույսի ճառագայթների համադրությունն է՝ տեսանելի ու անտեսանելի ճառագայթներով)…

Արևի միջոցով Կյանքն ու Արարումը՝ Լույսը փառաբանող Հայորդիք Լույսի՛ գույներն են ընտրել, որոնք, ավելի պարզեցված տարբերակով՝ դարձել են Հուրի գույները…

Ջերմության զանազան աստիճաններում Կրակի գույնը տարբեր է՝ Կապույտ՝ ~2.000° C, Դեղձան և Կարմիր՝ մոտ 1.000°C -ում («Դեղձանը» «ոսկեգույն՝ կարմրին զարնող», խարտյաշ երանգով դեղինն է):

Հավելենք, որ 1922 թվականին հաստատված՝ ՀԽՍՀ զինանշանի վրա Արևի ճառագայթների առկայությունը ևս նույն խորհուրդն ունի (զինանշանի՝ գերբի հեղինակներն են Մ. Սարյանն ու Հ. Կոջոյանը)…

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի՛ դարերը նորից, դեպի՜ վառվող Ապագան»…(Չարենց)

Այսօրվա բախտորոշ իրադարձությունների պարտադրանքով՝ Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող՝ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր Հայորդիներին ուղղենք միշտ արդիական հնչող՝ Տերյանական Հրաբորբ կոչը՝

«Ժամն է, ե՛լ նորից, ի՛մ Ծիրանավառ,

Զրահավորվի՛ր խանդով խնդագին,

Վառի՛ր երկունքի գիշերում խավար

ՀՐՈ՛Վ ՄԿՐՏՎԱԾ ՆԱԻՐՅԱՆ ՀՈԳԻՆ»…🔥

Բառերով աննկարագրելի՝ Արևածագի մի քանի դրվագ՝ ի հիշեցումն մեր Նախնիների՝ այնքա՜ն իմաստուն ձևով կարևորած՝ Լույսի խորհուրդի…
Facebook Comments