«ԾԱՂԿԵՑԱՒ ԾԱՌՆ ԿԵՆԱՑ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ»…

Վաղնջական ժամանակներից ի վեր սերնդեսերունդ բանավոր փոխանցված, նաև՝ պատմիչների միջոցով մեզ հասած՝ Հայոց հնագույն բանահյուսության նմուշների պատառիկները (Գողթան երգեր, «Վիպասանք»…), հայերեն խոսքի, լեզվամտածողության բարձր մակարդակի ապացույցներն են…

Գրաբարն իր հարուստ հոմանիշներով (միևնույն հասկացությունն արտահայտող բառերով), հիացնում է արտահայտչաձևերի ճոխությամբ ու առատությամբ:

Գարնան գալուստը՝ Բնության Վերազարթոնքն է ազդարարվում Հայոց Հայկյան տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ (մարտի 21-ին)՝ Գարնան Զուգօրությամբ՝ (Զուգաւորությամբ, Հասարակօրությամբ)՝ Գիշերահավասարով (երբ գիշերն ու ցերեկը հավասար տևողությամբ են)՝ Նոր Տարվա ծեսով ու տոնակատարությամբ:

«Զուգօրեայ՝ Որոյ օրն է զոյգ, այսինքն՝ հաւասար ընդ տիւ և ընդ գիշեր. այն է՝ հասարակածն»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:

«Զուգօրյա՝ որի օրը զույգ է, այսինքն՝ ցերեկն ու գիշերը հավասար են, հասարակածը»: «Հասարակած» նշանակում է «Կէսն», «Կէս բաժինն», նաև՝ «Ծիրն երկնից միջին, ընդ հարաւ և ընդ հիւսիս, և անցք արևու ընդ այն ծիր, որով լինին տիւ և գիշեր հաւասար. զուգօրութիւն»:

«Հասարակել» նշանակում է՝ «Հավասար բաշխել»:

«Հասարակած» իմաստն ունի նաև «Հասարակածիր» բառը:
«Ծիր հասարակածի, յորում լինի զուգօրութիւն. և նոյն ինքն՝ զուգօրութիւն:
Գարնանային հասարակածիրն, և աշնանային հասարակածն» (Տօնակ.):
«Գարնանային հասարակածն, որ է մարտի Ի. և աշնանային հասարակածն, որ է սեպտեմբերի ԺԸ» (Հայկազեան բառարանից):

Այստեղ մի հետաքրքիր դրվագ կա՝ նշված է՝ «Ի» օրը, այսինքն՝ մարտի 20-ը (12-րդ դարի սկզբի տեքստից է՝ Մեծ Հայքի Արցախ Աշխարհի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Փառիսոսից՝ Հովհան վարդապետից):
Տոմարական ճշգրիտ հաշվարկով՝ 365 օր, 5 ժամ և 48 րոպե է տարին և ոչ՝ 365 կամ՝ 366 օր:
Նման հաշվարկով՝ Գարնան վերադարձը 2044 թվականին կլինի մարտի 19 -ին և միայն 2102 թվականին կրկին մարտի 21-ին կտոնվի Զուգօրությունը:

Բնության Վերազարթոնքի տոնական Բարի լուրը՝ Ավետիսը, հնչում էր ու փոխանցվում տնետուն, քաղաքից՝ քաղաք, սարերում ու լեռներում տարածելով Նորափթիթ բուրմունքն ու Կյանքի հերթական շրջափուլի մեկնարկի ավետումը…

«Աւետի՜ս ծառոց ծաղկանց՝
Բողբոջախիտ, խիտասաղարթ,
Գոյն գեղեցիկ, պտղինաւէտ,
Ակնահաճոյ, համ քաղցրունակ,
Հոտ բուրազուարթ, փունջ խուռներամ,
Ծայրից վարդից փթթինազարդ
Թերթ տարածեալ ոսկեճաճանչ,
Տերեւախիտ կանաչացեալ»…

(Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղի՝ 10-րդ դարի հայտնի բանաստեղծ ու փիլիսոփա՝ Գ. Նարեկացու «Տաղ Հարության» քերթվածից):

Բնության Նոր Վերածննդի՝ Նոր Տարվա սկիզբը նշանավորվում էր նաև Տիեզերքի, Կյանքի Արարման՝ Զատեքի խորհրդանշական կրկնության տոնով:

Նոր Տարվա, Նոր ամսվա Նոր օրը Վերանորոգվում էր այն, ինչը ժամանակի հետ «մաշվել» էր…

«ԶԱՏԻԿԸ»՝ ԶԱՏԵՔԸ, Տիեզերքի, Կյանքի Արարման Սկիզբն է՝ ԶԱՏՈՒՄԸ՝ Տիեզերական իմաստով (ինչպես Լույսը՝ Մթից՝ Խավարից Զատվեց (Ցերեկը՝ Գիշերից) և Կյանքի Արարման Սկիզբն ազդարարվեց…


Այդ իմաստով՝ Զատիկին ծլեցված Ծիլերը Կյանքի Ծիլերի խորհրդանիշն են (Առատ Ծիլերը նաև եկող ողջ տարվա հարուստ բերք ու բարիքի գրավականն էին):
Եվ յուրաքանչյուր Նոր Տարվա առաջին օրը՝ Գարնանամուտին՝ Ծառ ու Ծաղկի փթթումով, ձմռանը հաջորդող՝ Գարնան գալուստով՝ Կյանքի Վերազարթոնքն ազդարարող՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին վերստին հիշատակվում էր Հինը՝ Սկիզբը՝ Տիեզերական Զատումը:

Ասվածի հավաստումն ենք գտնում 10-11-րդ դարերում ապրած պարսիկ փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ Ալ-Բիրունիի գրվածքներում:
Նա նշում է, որ Նոր Տարվա արարողության ժամանակ՝ «Արարչության վերանորոգման ծեսի» առիթով, թագավորը հայտարարում էր՝
«Ահա՛ մի Նո՛ր Տարվա, Նո՛ր ամսվա Նո՛ր օրը:
Հարկավոր է վերանորոգել այն, ինչը ժամանակը մաշել է»…

Հայոց հնագույն ավանդույթների համաձայն՝ Նոր Տարվա, Զատիկի (Զատեքի), Նոր Լույսի ու Նոր Կյանքի բարեմաղթանքներով՝

«ԾԱՂԿԵՑԱՒ ԾԱՌՆ ԿԵՆԱՑ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ԼՈՒՍԵՂԷՆ ՊՏՈՒՂ ԵԲԵՐ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ՃԵՒՂ ԱՄԵՆԱՅՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ՏԵՐԵՒՆ ԱՄԷՆ ԱՐՓԻԱՓԱՅԼ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ԵԼ ՀՈՏ ԱՆՈՅՇ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԱՂԲԵՒՐ ԲԽԵԱԼ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ԴԱՇՏ ԲՈՎԱՆԴԱԿ ԾԱՂԿԱՄԲՔ ԼՑԵԱԼ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
ԼԵԱՌՆ ԱՄԵՆԱՅՆ ՎԱՐԴԻՒՔ ՓԹԹԵԱԼ ,
ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ»:

ԲԱՆՔ ՔՐՄԱՑ (Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ):

Հիշյալ «Աննման» նկարագրությունը հանդիպում է նաև այս տարբերակով՝

Ծաղկեցաւ Ծառն Կենաց՝

Եւ աննման էր.

Լուսեղէն պտուղ եբեր՝

Եւ աննման էր.

Ճղերն ամէն արքայական՝

Եւ աննման էր.

Տերեւ ամէն արփիափայլ՝

Եւ աննման էր.

Գարնանային հոտն որ ելաւ՝

Եւ աննման էր.

Անմահութեան աղբիւր բխեալ՝

Եւ աննման էր.

Դաշտերդ ամէն ծաղկով ի լի՝

Եւ աննման էր.

Լերունքդ ամէն վարդ փթթեալ՝

Եւ աննման էր:

Հաջողությունների, իղձերի իրականացման գալիք անվերջ տարիների հաղթարշավ Ազգիս Հայոց…

Հ.գ. Ի լրումն ասվածի՝

ՁՈՒ… ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈՒ ԵՎ՝ ԶԱՏԻԿ…

Լուսանկարը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից՝ շնորհակալությամբ

Facebook Comments