«ԵԹԷ ԿԱՄԻՑԻՍ ԳԻՏԵԼ՝ ԵԹԷ ԼՈՒՍԻՆՆ ՔԱՆԻ՞ԺԱՄ ԼՈՅՍ ՏԱՅ Ի ԳԻՇԵՐԻ»…

«Եթե կուզես իմանալ, թե Լուսինը քանի՞ ժամ լույս կտա գիշերը»
Կամ՝ «Եթէ կամիցիս գիտել՝ եթէ արեգակ յորում կենդանակերպի է»…

Այսպիսի և նմանատիպ այլ հարցեր էին պարունակում գործնական աստղագիտության «դասագրքերը»՝ «Պատճենները»՝ «Պատճէն տումարի», որոնցով հնարավոր էր ցանկացած տարվա, ամսվա, օրվա ու ժամի ճշտությամբ իմանալ Արեգակի, Լուսնի տեղը Երկնքում՝ կենդանակերպերի մեջ, Լուսնի խավարման ժամանակը կամ նրա՝ գիշերը լուսավորելու ժամերի քանակը…
Աստղագիտության ու մաթեմատիկայի վրա հիմնված տոմարագիտությունը կարևոր էր հատկապես երկրագործության համար:

Հնագույն տոների ու ծիսակատարությունների մեծ մասը Արեգակի տարեկան շարժման չորս հիմնական կետերի՝ գիշերահավասարների և արևադարձի հետ են կապված:

Մեզ են հասել «Պատճէն տումարի Հայոց» բազմաթիվ խմբագրություններ, որոնցում Երկնքում լուսատուների շարժման հետագիծն ուսումնասիրելու, նրանց ծագման ու անհետանալու ժամանակի որոշման հաշվարկներն են տրված՝
«Վասն ընթացից Արեգական», «Վասն ընթացից Լուսնին» (Արեգակի, Լուսնի ընթացքի մասին),
«Եթէ կամիցիս գիտել՝ եթէ Արեգակն քանի՞ աստիճան բարձրացեալ է», կամ՝
«Եթէ կամիցիս գիտել՝ եթէ Արեգակ յորում կենդանակերպի է» (Եթե կուզես իմանալ, թե Արեգակը ո՛ր աստեղատան մեջ է)…

Հնագույն շրջանից սերնդեսերունդ փոխանցված, նաև՝ միջնադարից պահպանված՝ տոմարագիտական գիտելիքներով, հաշվարկներով ու մեկնություններով հարուստ բազմաթիվ մատյաններից է և 7-րդ դարի Հայ գիտնական՝ Անանիա Շիրակացուն վերագրվող՝ «Պատճէն տումարի» աշխատությունը:

Տոմարական ժողովածուներում կիրառված եզրույթների՝ տոների, ամսանունների, աստղերի կամ կենդանակերպերի՝ աստեղատների անունների մեկնաբանությունների շուրջ որոշ «երկչոտ» ուսումնասիրություններ են արվել:
Սակայն հաճախ՝ տարբեր բացատրություններով:

Քննության ոլորտից աչքաթող արված երկու հասկացություններ կան՝ Անկաստղ և Ելաստղ, որոնք բնորոշում են Աստղի՝ Շնկան աստղի (Սիրիուսի) կամ՝ Աստեղատան արեգակնային Անկումը կամ Ամբարձումը՝ Ծագումը, Ելքը՝ «Շնկան բարձրանալն ու ցածնալը, կամ՝ երևալն ու աներևութանալը»:

Տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշվելու նպատակով՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, կարգավորման համար, ծովագնացության մեջ և այլուր, վաղնջական ժամանակներից ի վեր Երկնքի պայծառ լուսատուների ընթացքով են կողմնորոշվել տարբեր ազգեր:

Հույն բանաստեղծի խոսքերով՝
«Հնձի՛ր, երբ երևում է Բազումքը և ցանի՛ր, երբ մայր են մտնում» (մայիս-նոյեմբեր ամիսներին)…

Տիեզերագիտությունն ու տոմարագիտությունը դպրոցներում ուսուցանվող առարկաների ցանկում էին հազարամյակներ ի վեր:
Աշակերտները սովորում էին հաշվել հայկական տոմարով, գրում մեկնություններ այդ տոմարի շուրջ՝ կիրառելով «Տոմարի Հայոց Պատճենը»:

Մեկնիչը միայն պարզեցված բացատրում էր բնագրի բովանդակությունը, իսկ հաշվարկների համար՝ «ինչպես հրամայէ Պատճէնն» կամ՝ «ինչպէս խրատէ Պատճէնն»:

Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝

«Տոմարն ու տոնացույցը վաղնջական շրջաններից մինչև այսօր եղել է ժամանակների չափման հիմնական միջոցը:
Քրմերը, Արքաներն ու Թագավորներն անգամ, երբ օծվում էին, երդվում էին, որ կպահպանեն տոնացույցի հաշվարկները և իրենց կամայականությամբ չեն փոփոխի ու չեն խախտի տոմարները:

Հայոց Քրմական Դասը վաղնջական շրջաններից պահել ու մինչ օրս պահպանել է չորս տոմարները.

Ա. Շարժական տոմարը
Բ. Արեգակնային տոմարը
Գ. Լուսնային տոմարը
Դ. Աստղային տոմարը

Հաճախ հարց են տալիս, թե ի՛նչ թվական է այսօր ըստ Հայկյան հավատամքի և ե՛րբ է համարվում տոմարի սկիզբը:

Մենք հայտարարում ենք, որ Հայկյան հավատամքի համաձայն, հայկական բոլոր չորս տոմարները միաժամանակ սկիզբ են առել Տիեզերական Մեծ Շարից, այսինքն՝ այն շրջանը, երբ բոլոր մոլորակները մեկ շարով շարված են եղել ու դա համարում ենք մեր և այլ բոլոր հին հավատամքների՝ Եգիպտականի, Պարսկականի, Բաբելականի, Հնդկականի ու Ասորականի տոմարների սկիզբը, անկախ այն բանից, թե նրանք ո՛ր տոմարային համակարգից են օգտվում:

Ըստ Հայկյան հավատամքի, այդ ժամանակաթիվը ն.թ.ա. 11.542 թվականն է, որն այսօրվա՝ 2021-ին գումարելով ստանում ենք 13.563 Հայոց թվականը»:

Երկնակամարի առավել պայծառ, անզեն աչքով տեսանելի աստղերի զննման կարևորությունն ու նրանց շուրջ հյուսված զանազան՝ մեր Նախնիներին այնքա՜ն հարազատ առասպելները հարատևեցին մինչև մեր օրերը:

Ի հավաստումն ասվածի՝ ահավասիկ մի հատված՝ Խ.Դաշտենցի՝ «Ռանչպարների կանչից».

«Այնքան հափշտակված էի Ծծմակից դեպի Մեղրի քարերը և Ալվառինջ ու Տերգեվանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն:
Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով:

Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում:

Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը:
Կաթնագույն Հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին Լուծքն ու Կշեռքը:
Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը՝ Մանազկերտի բերդի:

Լուծքի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից:
Դրանք «Յոթ Սանամոր աստղերն» են՝ Մեծ Արջը: Յոթից առաջինը Մաճկալն է՝ մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած:
Վեցերորդը՝ Հոտաղն է Լուծքին նստած, իսկ յոթերորդը՝ Զատվորն է, որ Մաճկալի և Հոտաղի համար հաց է բերել դաշտ:

Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ Զատվորի Շնիկն է:
Շուտով կերևա Բույլքը:

Ուղիղ իմ դիմաց՝ կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք:

Դու նրան մի՛ շփոթիր Լուսաստղի հետ:
Դա Քարվան-Կորուսն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին:

Ցուլի պարանոցի վրա վառվեցին Բույլքի աստղերը:
Լուսինն ու Լուսաստղը ելան:
Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես Լուծքն ու Կշեռքը, Լուսաստղն ու Քարվան-Կորուսը փայլփլելով դանդաղորեն շարժվում են Մշո դաշտի վրայով:

Մի աստղիկ դեմ է առել Մեղրի քարերին և շունչը պահած նայում է Սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի:
Ուշ գիշեր է:
Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին:
Երևի Ալվառինջի շինականներից է:
Այնպե՜ս պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ:
Եզները հոգնած շարժվում են լեռան կողերով:
Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ:

Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի:
Բույլքը այնպե՜ս պայծառորեն շողում է երկնքում:
Այդ այն ժամն է, երբ ուղևորները ասում են իրար.
«Վե՛ր կացեք, Բույլքը ելել է, ճանապարհ ընկնելու ժամանակ է»:

Բայց ես ու՞ր պիտի երթամ և ո՞րն է իմ ժամը ճանապարհ ընկնելու:

Երբ վերջին անգամ նայեցի դեպի երկինք, Մաճկալն անհետացել էր՝ իր հետ տանելով Զույգ լծկանին, Հոտաղին և Զատվորին:
Շնիկն էլ չկար:
Կշեռքն ու Լուսինն էլ չէին երևում:
Մնացել էր միայն Լուսաստղը:
Ես Ալվառինջի շինականին թողեցի իր կարճ եղջյուրներով եզների հետ և Լուսաստղի լույսով շարժվեցի Ծծմակն ի վեր»…

Հ.գ. Փոքրիկ թռիչք՝ դեպի Հայկի համաստեղություն՝ ցանկացողների համար…😊