«ԱՄԷՆ ԲԱՐԻՔ ՄԵՐ ԼԱՆՋՔԵՐԷՆ ԵՒ ԼԵՌՆԵՐԷՆ ԿԸ ԾՆԱՆԻ»…

Սիամանթոն իր աշխատասենյակում

Հայերի դեմ պարբերաբար իրականացվող բնաջնջման քաղաքականությունը տարբեր մարտավարությամբ է ընթացել ու շարունակվում է մինչ օրս՝ քայքայելով կրթական համակարգը, մշակույթը՝ ուղեկցելով բնակչության կողոպուտով, ջարդերով ու կոտորածներով:
Արևմտյան Հայաստանում Հայերի ցեղասպանության ծրագրից էր Հայ ազգաբնակչությանը հետևողականորեն հարստահարելը՝ կենսամիջոցներից զրկելը:

«Հայկական հարցը Հայերին կոտորելով լուծելու» համիդյան ծրագրի իրականացման նպատակով Հայաբնակ բոլոր շրջաններում ստեղծվում էր յուրահատուկ հակահայ վարչակարգ:
Ժողովրդին կեղեքելու դաժան միջոցներից էր հարկային քաղաքականությունը՝ ծանր գլխահարկն ու ռազմական հարկը: Զուգահեռաբար՝ հայաբնակ վայրերում բնակեցվում էին մուսուլմանները, որոնց տրվում էին անվճար հողատարածքներ, նյութական օժանդակություն, արտոնություններ…

Դեռևս 1850-1860-ական թվականներին օսմանյան կայսրության մեջ ուժգնացան ազգային-ազատագրական շարժումներն ընդդեմ թուրքական բռնատիրության և արևմտահայերն ապստամբության ալիք բարձրացրեցին Վանում, Մուշում, Չարսանճակում և այլուր:

1890 -ական թվականներին թուրքական բանակի ու քրդերով կազմված «համիդյան ջոկատների» միջոցով կազմակերպված ջարդեր իրականացվեցին Հայկական ազատագրական պայքարի դարավոր կենտրոններում՝ Սասունում, Վանում, Զեյթունում, նաև՝ Մարաշում, Տրապիզոնում, Երզնկայում, Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապինգարահիսարում…

1896 թվականին «Դրօշակ»-ը գրում էր.
«Բանտերը լեցուած են Հայերով: Ընդհանրապէս, առանց պատճառի կը ձերբակալեն, հարցաքննութիւն կամ մանրամասն խուզարկութիւն չկան, միայն մարդուն անունն ու ուրտեղացի ըլլալը հասկնալէ վերջ կ՛աքսորեն, բայց սատանան գիտէ` թէ ո՛ւր: Շատեր ծովին յատակը կ՛իջնեն, ցամաք ելլողներն ալ անօթութենէ կամ տանջանքներէ կը մեռնին»:

19-րդ դարի ֆրանսիացի նշանավոր աշխարհագրագետ, քաղաքական գործիչ Էլիզե Ռեկլյուն (Élysée Reclus, 1830-1905), որը հեղինակն է 1876-ից մինչև 1894 թվականը հրատարակված՝ 19 հատորանոց՝ «Նոր ընդհանուր աշխարհագրություն» ուսումնասիրության, 1895 թվականից մի նոր վեցհատորյակ է լույս ընծայել՝ վերնագրված՝ «Մարդն ու Երկիրը»: Հիշյալ աշխատության 5-րդ հատորի էջ 386 -ում բավականին մանրամասներ կան՝ 1896 թվականին Հայերի հանդեպ իրականացված կոտորածներից: Ահավասիկ՝ մի դրվագ (իմ թարգմանությամբ).

«Հայաստանում կոտորածները, որոնք չափազանց խելամտորեն կազմակերպված էին ժողովրդական ապստամբությունների և ազգերի միջև պատերազմների հետևանք համարվելու համար, ժամանակակից բոլոր գարշելի արարքներն էին, որոնք, թերևս, ներկայացնում են հանցագործությունների ամենամեծ զանգվածը:

«Կոստանդնուպոլսում իսկ, 1896 թվականի օգոստոսի 26-29-ի սպանդը կատարվեց մի մեթոդով, որը վկայում է սպանությունների պատվիրատուի սառը կամքի մասին:
Նախորդ օրը մահվան դատապարտելու նախատեսված Հայերի տները նշվել էին կավիճով, դժբախտ մարդիկ, ովքեր բոլոր կողմերից հսկվում էին, չէին կարող մտածել փախչելու մասին և միայն համբերատարությամբ հանձնվում էին անխուսափելիին:
Հետո, լուսադեմին, մսագործներն ու արյունոտ (արյունի հետ գործ ունեցող, Կ. Ա.)՝ կենդանիների մորթով զբաղվող արհեստավորները սկսեցին իրենց շրջապտույտը և արագ, առանց աղմուկի և առանց ճիչի, շարունակեցին իրենց զոհերի սպանդը. գրեթե ամենուր, գործողությունը կատարվում էր օրը ցերեկով, տան շեմը պետք է արյունոտ մնար՝ ի նշան կայսերական բարկության:
Այսպիսով, հազարավոր մարդիկ զոհվեցին իրենց ծաղկման շրջանում:


Մոտավոր հաշվարկներով խոսվում է յոթ հազար դիակների մասին: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր 1894-1896 թվականներին ու նաև 1900 թվականին զոհվել են քրդերի հարվածների հետևանքով՝ Վանի, Էրզրումի, Ամուրեթ-էլ-Ազիսի, Բիթլիսի, Սիվասի, Դիարբեքիրի, Հալեպի նահանգներում, գնահատման ցուցանիշները տարբեր են՝ 3 -ից մինչեւ 500 հազար»:

Է. Ռեկլյուի գրքից մի քարտեզ՝ կոտորածների վայրերը Հայաստանում

Հայ ազգի պատմության բախտորոշ ժամանակաշրջանում՝ գոյապահպանման վտանգի առաջ հայտնված իր հայրենակիցներին, որպես մտքի զինվոր, համախմբման ու արիաբար մաքառման, տոկալու և հաղթելու կոչ էր անում Սիամանթոն՝ 1915 -ին նախորդող տարիներին:
Ու, հանուն մեր վաղնջական ազգի հարատևման՝ դիցապաշտ Նախնիների Ոգու ու Կամքի ուժով տոգորված, նա իր գաղափարներով «հրդեհի փարոսներ» էր սփռում՝ աշխարհասփյուռ Հայությանը Հույսի Ջահերով լուսավորելով՝ ցասման ու պայքարի մղում, Ազատության ու Հոգևոր Վերածննդի հիմքը դնում:

Հայոց պատմության տառապալից շրջաններից մեկում իր գրչով պայքարի նոր էջ բացեց Սիամանթոն՝ «…մեր ժամանակակից բանաստեղծության ամենեն շքեղ, ամենեն տոհմիկ և ամենեն ուժեղ էջերեն մեկը»՝ Արշակ Չոպանյանի բնորոշմամբ:
Հայ քնարերգության մեջ «Իր մուտքը եղավ մրրկային՝ իր արվեստի պես ու, հետևաբար՝ բարի ու վճռական»,- ինչպես գրել է Դ. Վարուժանը:

Իր տողերում խտացնելով Դարերի Վրեժը՝ դեպի հարազատ բնօրրան վերադարձի կոչն էր հղում տարագիր ազգակիցներին, համոզված, որ արիաբար մաքառմամբ, ազատագրական պայքարով կհաղթանակի ու կհարատևի Հայությունը:

«Հազարաւոր տարիներու դուք անարժա՛ն ժառանգորդներ,
Օտարութեան եւ մոլորութեան ճամփաներէն մեզի՛ դարձէք,
Յոյսէն խաբուած կամ աղէտէն հալածական, բայց չարիքին՝ յաղթահարող,
Աշխատողներ՝ բոլորդ մէկ ձեր բարեգութ բնութեանը գրկի՛ն եկէք.
Ամէն բարիք մեր լանջքերէն եւ լեռներէն կը ծնանի…
Ամեն մետաղ մեր խաւին տակ հրաշանիւթ իր գանձն ունի…
Մեզմէ՛ միայն կրնաք կորզել Յույսին ոսկին եւ գինիներն Երազին…
Յաղթանակները մենք կու տանք ու պարտութիւնները մեզի են…

Վերադարձէ՛ք, որդինե՛ր, ձեր գութանին եւ արօրին ժանգը նորէ՛ն սրբելու.
Թող նորէ՛ն ձեր հնադարեան Հայրենի հողը ծաղկոտի…
Թո՛ղ մեր հունձքերն հովտէ հովիտ՝ ծովերուն պէս տարածուին…
Թո՛ղ կալերն ու որաները, բլուրէն վեր, լուսնակին հետ բարձրանան,
Թո՛ղ Հայ հովիւն, մարգերուն մեջ, իր Նախահօրը նման,
Իր սրինգին սարսուռներովը իր հլու հօտը հրամայէ…
Ձորին վրայ, ջրաղացը խաղաղութեամբ թող շարժի՛…
Ու առատութիւնը թող նորեն գայ՛ մեր սրտերուն վրայ լացող՝
Հայկեան ցեղի պղտոր աչքերը լուսավառել»…
(Սիամանթո, «Հայ դաշտերուն պաղատանքը»)

Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանի արխիվում՝ Սիամանթոյի ֆոնդում պահվող՝ Հայոց Ցեղասպանությունից մի քանի ամիս առաջ՝ 1914 թվականի սեպտեմբերի 5-ին Սիամանթոյի գրած նամակից մի քանի տող՝ ի պատասխան Իտալիայի Պատու քաղաքում բնակվող Ռաֆայել Պազարճյանի, հրապարակված «Ասպարէզ» կայքում.

«Սիրելի՛ տոքտ. եւ թանկագին բարեկամ, այս յուսահատութեան, զզուանքի, անկարելի ստրկութեան, պոռնիկ համակերպումի եւ իմ բառարանէս եւ ձեր բառարանէն բացակայ ամէն հայհոյանքի արժանի օրերուն մէջ ձեր փոքրիկ քարթը իր մեծ սրտով ինձի մտածել տուաւ, թէ դեռ ՄԱՐԴԵՐ, բարեկամներ կան…
Բայց իմ ցաւէս առաջ՝ ցեղիս ու ցեղիդ ցաւէն խօսիմ…
Բովանդակ ծաղիկ Հայ երիտասարդութեան կերա՛ն բորենիները, զինուոր տարին:
Ահաւոր խուճապ… գաւառներէն մարդ չեն ձգեր. մինչեւ 45 տարեկան… դէպի մահ, դէպի ստոյգ մահ, ոչ պատերազմի մէջի մահէն, այլ՝ անօթութեան…
Ամբողջ Թուրքիան անօթի է, այլեւս Հայ եւ յոյն վաճառական կամ վաճառականութիւն չի մնաց: Կառավարութիւնը բոլորն ալ հաւաքեց, թալանեց, կողոպտեց եւ գրաւեց, նոյնիսկ՝ ստացագիր չտալով:
Ամէն կողմ գրաւում. ոչ թէ ալիւր կամ կերպաս, այլ՝ ինչ որ գտնեն Հայ եւ յոյն վաճառականին քով: Պոլիս եւ ամէն տեղ՝ նոյն բանը:
Քրիստոնեայ թաղերու փուռերէն ալիւրը կը կողոպտեն երկու միլիոն զօրքի համար եւ իսլամ թաղերը կը տանին…
Չէք կրնար եւ նամանաւանդ ես, որ ներկայ եմ ու ջիղերս կայծակի խուրձի մը վերածեր են, չեմ կրնար երեւակայիլ կամ գրել ինչ որ կը դառնայ այս անիծեալ երկրին մէջ…
Ես հիւանդ՝ անկողին ինկայ, քանի մը բարեկամներ, այո, բարեկամներ, եւ ոչ «ընկերներ», ինչպէս պիտի մտածէիք՝ ոտքի ելան ինծի համար 43 ոսկի ճարելու:
Ամէն դուռ զարկին. ոչ ոք դրամ ունի. պանքերը փակ են, եւ սրտերը երբեք բացուած չեն»…

1914 թվականի մարտի 26-ին, ի պատասխան Վարդգես Ահարոնյանի նամակի, տաղանդավոր Հայորդիներից մեկը՝ Դանիել Վարուժանը գրում էր.
«…Հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջին մէջ, ու ես չուզեցի տեղ տալ իմ անձնական ցաւերուս, գրեթէ լռեցուցի իմ սիրտս ու նախընտրեցի երգել Ցեղին Սիրտը, որուն բաբախիւնները կը լսէի իմ մէջս, իմ սեփական արիւնիս խորը։
Հայութիւնը կու լար ու կը մռնչէր իմ մէջս…»։

Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալոյս։ (Դ. Վարուժան, «Նաւասարդեան»)

Ինչպես Սիամանթոն է «Հողին կանչով» հորդորում՝ «եթե կուզեք, որ ձեր վաղնջական ազգը դեռ տևէ, …եթե կուզեք, որ Հայկաշենն ու Արմավիրը, Տիգրանակերտն ու Արտաշատը վերականգնվին»՝
«…աղաղակեցե՛ք ճգնաժամերու մահաշուք օրերուն համար սահմանված,
Արիացումին անդառնալի ընդվզումներու հուսադրող, սպառազինող, հաղթանակող՝
Ձեր սրտոտ և կատաղի կոչերն Ատելության»…

One thought on “«ԱՄԷՆ ԲԱՐԻՔ ՄԵՐ ԼԱՆՋՔԵՐԷՆ ԵՒ ԼԵՌՆԵՐԷՆ ԿԸ ԾՆԱՆԻ»…

Comments are closed.