ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ՝ ՈՒԺԵՂ…
Վաղնջական ժամանակներից ի վեր կարևորվել է անհատի պատկանելությունը որևէ խմբին: Գերդաստանի շուրջ համախմբված նահապետական համայնքը, ցեղային, ազգային ու այլ հիմունքներով կազմավորված միությունները պաշտպանվածության ու ապահովության գրավականն էին:
Հասարակության ինքնակազմակերպման հնագույն բազմաթիվ ձևեր հարատևել են մինչև մեր օրերը:
Ընտանիքից մինչև գյուղական համայնքներ՝ ազգակցական, հարևանական փոխհարաբերությունների բազմադարյան հարուստ ավանդույթներ կան Հայոց մեջ:
Ասվածի ապացույցներից են մինչև 20-րդ դարի սկզբները Հայկական որոշ բնակավայրերում պահպանված տների, թաղերի ճարտարապետական յուրահատկությունները, զորօրինակ՝ կցատները, ուր, պաշտպանական կառույցների, պարիսպների պատերի մեջ բացված անցքերի՝ ակնատների նման «պատուհաններ» կան հարակից տների ընդհանուր պատերում, որոնք կարևոր դեր ու նշանակություն ունեին:
Միմյանց հետ հաղորդակցվելու, որոշ իրեր փոխանցելու համար նախատեսված այդ «նեղլիկ դռները»՝ «դրիճակները», Սասունում և այլուր՝ «շբակ» կոչվող կապի հնադարյան միջոցը, հատկապես բնակչության ինքնապաշտպանությունն ու անվտանգությունն ազգովի կազմակերպելու նպատակով էր. ուստի՝ բացառվում էր ոչ արյունակիցների բնակեցումն իրենց շարքերում:
Վերահաս վտանգի ազդարարման այլ ձևեր էլ էին կիրառվում՝ հարվածող գործիքով՝ կոչնակով, զանգով, կրակով, հետագայում՝ հրացանազարկով (մեր օրերում՝ շչակով, ինչպես և՝ փողոցներում՝ բարձրախոսներով՝ ի լուր ամենքի)…😊
Ճարտարապետական ամբողջական համալիր կազմող ազգակցական թաղերում տների կտուրները համատեղ աշխատանքի, ժողովների, տոնական միջոցառումների՝ խաղերի, պարերի անցկացման վայրեր էին նաև:
«Ազգակցական կցատները և անգամ կցաթաղերը առաջին հերթին ինքնապաշտպանության համար էին: Դրանցով ազգի ընտանիքները հարևանություն էին անում, լուրեր հաղորդում, իրեր փոխանակում, վտանգի դեպքում՝ ինքնապաշտպանությունն ապահովում: Ուրախ կամ բոթաբեր լուրերը մեկ ակնթարթում թաղի մի ծայրից մյուս ծայրն էին հասնում, եթե անհրաժեշտ էր
լինում, թշնամու հարձակումների դեպքում ոտքի էր կանգնում ամբողջ ազգը:
Սակայն ազգակցական թաղն ընդհատող փողոցների, ձորակների և ամեն տեսակ խոչընդոտների առկայության պարագայում լուրերը հասցվում էին տնից դուրս գալով:
Այս և այլ պատճառներով ազգակից ընտանիքները համախմբվելով կենտրոնանում էին Մայր ընտանիքի շուրջը՝ ստեղծելով մի ազգակցական թաղ, որը կրում էր ազգի հիմնադրի անունը: Սասունում, լեռնային բնակավայրերում, որպես բացառություն, տներն իրարից հեռու էին ընկած՝ գոմերին, մարագներին, արոտավայրերին մոտ, մինչդեռ հովտային բնակավայրերում, ինչպես օրինակ՝ Մոտկանի ենթաշրջանի Սղունդ, Խսխեր, Մլաֆան, Հրորք, Ծման, Ցրտուտ մեծ ու փոքր գյուղերում՝ ազգակից ընտանիքների տներն այնքան մոտ էին, որ հաղորդակցվում էին միմյանց հետ ներսից շբակ — ակնատներով: Նույնը նաև Հազո քաղաքում:
Ազգակցական այդ թաղերը փորձում էին, որքան հնարավոր է, թույլ չտալ օտարի մուտքն իրենց մեջ: Խոսելով Հարք գավառի Հայկական գյուղական բնակավայրերի, դրանց կառուցապատման մասին, Բենսեն վկայում է, որ այս կողմերում բնակարանը կառուցելիս երկու հարևան շինության միջնորմի մեջ թողնում են «փոքրիկ անցք՝ ակնատ»: Հայաստանի Հանրապետության շատ շրջաններում մինչև 20-րդ դարի 20-30-ական թթ. պահպանվում էին ակնատավոր շենքեր ունեցող որոշ թաղամասեր կամ առանձին բնակարաններ: Այսպես, անգամ Գյումրի քաղաքի երկու մեծ թաղամասերի՝ «Գեղացոց Մահլի» և «Ձորի Բողազի» կամ «Ձորի Մահլի» հարևանությամբ ապրող ընտանիքների բնակարաններին կից պատերին անընդմեջ բացված ակնատների միջոցով քաղաքի այս զանգվածի բնակչությունը վտանգի դեպքում չափազանց արագ հաղորդակից էր լինում քաղաքի անցուդարձին:
Ստեփան Լիսիցյանը գրում է, որ դեռևս XX դարի 20-ական թթ. վերջերին Մեղրու շրջանի գյուղերի ազգակցական կամ հարևանական թաղամասերի բնակարաններին կից կամ ընդհանուր պատերին բացում էին հատուկ քառակուսի անցքեր՝ «միմյանց կրակ, ուտելիք, ամանեղեն, մանր իրեր կամ տեղեկություններ փոխանցելու համար:
Դրանք խոսում են անմիջական հարևանների միջև անցյալում գոյություն ունեցած սերտ տնտեսական և, ամենայն հավանականությամբ, նաև ազգակցական կապերի մասին» (Լ. Ն. Պետրոսյան):
Ակնատները բավական չափի մեծության էին, որտեղով պետք է ֆիդայիները կամ հեղափոխականները տնից-տուն անցնեին և թաքնվեին թուրքական կամ ռուսական ոստիկանների հետապնդումներից»:
«Ինչո՞վ էր պայմանավորված համատեղ ապրելու ձգտումը:
Ամենից առաջ՝ երբեմնի տոհմական համախմբվածության հնագույն ավանդներով, երկրորդ՝ ազգակիցների տնտեսական սերտ կապերով, որ դրսևորվում էր փոխօգնության բազմազան ձևերով, երրորդ՝ բարոյական անաղարտությունն ու ազգի հեղինակությունը պահպանելու ձգտումով, չորրորդ՝ ազգակցական խմբերի միջև ծագող վեճերի ժամանակ համատեղ գործողություններ ծավալելու անհրաժեշտությամբ, օտարի հարձակումների ժամանակ արագ ինքնապաշտպանության կազմակերպմամբ և այլն:
Դրա համար էլ ազգակցական կցաթաղի մեջ ոչ ազգակից ընտանիքի գոյությունը անհանդուրժելի էր համարվում: Ինքնապաշտպանության ապահովումը պայմանավորված էր ինչպես համատեղ սեփականության՝ հողակտոր, ոռոգման համակարգ, համատեղ վարուցանք, ընդհանուր կառույցներ՝
ջրաղաց, ձիթհանք, կալ, գոմ և այլնի պաշտպանությամբ, նյութական համատեղ շահերով, այլ նաև՝ բարոյական չափանիշների համատեղ պահպանմամբ: Եվ, որ ոչ պակաս կարևոր է, օտարի լծի տակ, օտար էթնիկ տարրերի հարևանությամբ ապրելը թելադրել է համախմբվածությունը մշտապես պահպանելու անհրաժեշտությունը»:
(Մեջբերումները՝ Ռաֆիկ Նահապետյանի՝ «Հայոց ազգակցական համակարգը (XIX դ. երկրորդ կես -XX դ. սկիզբ)» ուսումնասիրությունից, Երևան, 2012 թ.):