«ԿՏՐԻՃԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ԱՎԵՏԻՍԻ ՏՈՒՆ»…

Տէօրթեօլցի Հայեր՝ խրախճանքի պահին, 1933 (լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

Վաղնջական ժամանակներից սերնդեսերունդ ժառանգված ավանդույթների, վարքուբարքի փոխանցողն է Ազգը, Տոհմը, Գերդաստանը, որն ապահովում է նոր սերնդաճն ու երեխաների դաստիարակությունը:
Համերաշխ համագործակցությամբ, հոգատարությամբ ու փոխօգնությամբ՝ յուրաքանչյուր ցեղ, ազգ աճող սերնդի, համայնքի ապագա անդամների դաստիարակմամբ է զբաղվել՝ փոխանցելով տեղական՝ հոգևոր ու նյութական մշակույթը՝ տոների ու ծեսերի միջոցով:

Եվ, հնուց ի վեր, համատեղ գործունեությամբ՝ տոնածիսական հատուկ արարողություններով, նշանավորվել են Մարդու կյանքի տարբեր փուլերում նրա զարգացման ընթացքը՝ ծնունդից, հասունացումից մինչև ծերություն ու մահ:

Հնագույն շրջանից արդեն համայնքներում կար խմբերի բաժանում՝ ըստ սեռի ու տարիքի, ստեղծելով հասակակիցների միություններ (վերջիններիս մասին ուսումնասիրություններ կան, մասնավորապես, «Հայ ազգագրություն և բանահյուսություն» բազմահատորյակի 7-րդ հատորում, որտեղից էլ ներկայացնում ենք որոշ քաղվածքներ).

  1. Երեխաների՝ տղաների ու աղջիկների.
  2. Պատանիների կամ չամուսնացածների.
  3. Ամուսնացած երիտասարդ տղամարդկանց ու կանանց.
  4. Միջին տարիքի տղամարդկանց.
  5. Ծերունիների ու պառավ կանանց:

Հայաստանի տարբեր շրջաններում՝ Անիում, Վանում, Երզնկայում, Շատախում, Նոր Նախիջևանում, Վասպուրականում, Հայոց Ձորում, Արթիկի շրջանում, նաև՝ Ուկրաինայի, Լեհաստանի ու այլ Հայկական գաղթօջախներում, հասակային բաժանմամբ միություններ են գործել մինչև վերջին տասնամյակները:
Նրանց հետքերը պահպանվել են Հայոց լեզվի բառապաշարում՝ զանազան եզրույթներով ու արտահայտություններով՝ «երիտասարդանոց», «նստարան», «ժողովարան» կամ «ժողովետղ», «Ավետիսի տուն», «Կարինվորաց եղբայրություն», «Ժողոտանքի տուն», «օդա նստել», «մանկտավագ», «պատանեկապետ», «ավագ քույր»…

«Նստարան, օդա կամ սաքի նստել՝ Ջավախքում ծերունիների հասակակիցների միությունը, ինչպես հնում, այժմ էլ կոչվում են «Նստարան»-ներ: Խոսակցական լեզվում ավելի շատ գործածվում է սաքի կամ օդա նստել: Երկուսն էլ նույնիմաստ են «նստարան» տերմինի հետ:
Միմյանց հետ խոսելիս ասում են՝ «Էրթանք գոմի օդեն՝ սաքի նստելու»: («Օդան» գոմին կից սենյակն է, ուր ապրում են ձմռանը, «Սաքին» օդայի մի մասն է):

Ռազմական, քաղաքական ու այլ թեմաներով զբաղվող «Նստարաններ»-ում ընտրվել է ղեկավար, որը մեծ հեղինակություն էր վայելում:
Ավանդաբար՝ ծերունիներից ամենախելացին, փորձառուն ու հարգվածը բոլոր հարցերում հայտնում էր իր վճռական կարծիքը, որն ընդունվում էր:
Գյուղին, քաղաքին, համայնքի ներկայացուցիչներին վերաբերող խնդիրների քննարկման համար բոլոր անդամներն ունեին հավասարազոր իրավունքներ և խոսել են ավագության կարգով:

Գրավոր ու բանավոր շատ տեղեկություններ ապացուցում են, որ Հասակակիցների միություններն իրենց նախնիներից ժառանգություն ստացած պաշտամունքային, ծիսական, հմայական, վիպական, ռազմական, քնարական ու այլ տեսակի պարերն ու թատերական գործողություններն իրար սովորեցնելու, ապա և սերունդներին փոխանցելու հիմնական օջախներն են եղել:

Հասակակիցների միություններն են հնուց ի վեր՝ ընդհուպ մինչև վերջին հարյուրամյակում, կազմակերպել ու ղեկավարել թատերականացված ներկայացումներ՝ Ղեյնոբաներ, դիմակահանդեսներ, Վարդանանց ու այլ տոնական երթեր, իրենց ձևավորած զանազան՝ մարդկանց, կենդանիների ու երևակայական էակների կերպարներով իմաստավորել հանդեսներն ու տոնախմբությունները:
Տարվա հատուկ օրերին այս կամ այն գյուղից, քաղաքից հրավիրել են «Ստվերների թատրոն» ներկայացնողներ, լարապաղացներ, ըմբշամարտիկներ, հեքիաթասաց գուսաններ, աշուղներ…

Ազգային-ազատագրական շարժումների ժամանակ «Հասակակիցների միությունները» ռազմական ուժի կենտրոնացման, կազմակերպման ու մշտապես պատրաստ ռազմիկներ ունենալու օջախներ էին:

«Ազաբների միությունն» ունեցել է իր ղեկավար-կազմակերպիչը, որին հարգել ու ենթարկվել են մյուս անդամները: Նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու էր հասարակության առաջ իր խմբի մյուս անդամների լավ կամ վատ արարքների, վարքի, պատվի ու կենցաղային դժվարությունների համար:
Հանցանքների համար որոշվել են պատիժներ: Միությունից հեռացնելն ամենախիստ ու ծայրագույն պատիժն է համարվել…
Մեր Նախահայրերի կողմից անչափ կարևորվում էր պատանիների ֆիզիկական դաստիարակությունը՝ մարմնի վարժանքը: Ուստի՝ մեծ տեղ էր հատկացվում ուժի ու ճարպկության մրցումներին. տոնախմբությունների ժամանակ ոչ միայն երաժշտություն էր հնչում, ծիսա-հմայական պարեր պարվում, այլև՝ ձեռնամարտի, կոխի, բազկամարտի և այլ բազմազան մրցույթներ էին անցկացվում:

Մարմնամարզական խաղերի, մարդկանց, կենդանիների ու երևակայական կերպարներով թատերականացված ներկացումների, Հերոս-Նախնիների խիզախությունների նկարագրությամբ բեմականացված պատմությունների, առասպելական, պատմական դեպքերի ցուցադրման համար հատուկ ընտրված անձանց ղեկավարությամբ՝ հասակային խմբերում են պատանիները ծանոթացել տեղական հոգևոր մշակույթին, սովորել իմաստալից՝ ռազմական ու մյուս պարերն ու ծանոթացել նրանց խորհրդին: Շատ պարեր, խաղեր ու մրցումներ ունեցել են հմայական զորություն և ֆիզիկական դաստիարակության նշանակություն:

Պարային ու մնջախաղային համապատասխան շարժումներով երգվող ու ներկայացվող վիպական, առասպելական պատմությունները, գործող անձանց վարքը, սխրանքները պարերգերում էին նաև պատմվում, և հիմնական նկարագրողն ու արտահայտողը ժողովուրդն էր:

Խ. Ա. Փորքշեյանի՝ «Նոր-Նախիջևանի Հայ գյուղերի «Կտրիճների Միությունների» մասին (Պատմա-ազգագրական ակնարկ)» ուսումնասիրությունից (Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1966 թ., թիվ 3), որոշ հատվածներ՝ ահավասիկ.

«Միջնադարյան Հայաստանի քաղաքներում առևտրական և արհեստավոր երիտասարդների շրջաններում գոյություն են ունեցել ամուրի կտրիճների միություններ, որոնք հաճախ կոչվել են «եղբայրություններ»։
Հայտնի է, որ 1280 թ. Երզնկա քաղաքում կազմակերպվել է «Կտրիճաց միաբանություն», որի կանոնադրությունը դրել է հայտնի գիտնական և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին։ Այդ կանոնադրությունը այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։

Նորագույն հետազոտությունների հիման վրա հայտնի է նաև, որ այդպիսի «կտրիճաց եղբայրություններ» գոյություն են ունեցել Անիում, Վանում, Կարինում և այլ վայրերում։

«Հայաստանում ստեղծված քաղաքական դժբախտ դրության հետևանքով, 10-11-րդ դարերի շեմքին և այնուհետև՝ տեղի ունեցան խոշոր զանգվածային գաղթեր դեպի Սև ծովի ափերը, Ղրիմ, Մոլդավիա, Արևմտյան Ուկրաինա, Լեհաստան, Տրանսիլվանիա և այլ ապահով վայրեր, ուր գաղթականները նույնպես ունեցել են կտրիճներին միավորող կազմակերպություններ»:

«Անցյալ դարի վերջին տարիներին բոլոր Հայ գյուղերում էլ կային «կտրիճների միություններ», որոնք կոչվում էին «Ավետիսի տներ»։ Ամեն թաղ ուներ իր առանձին «Կտրիճների միությունը»,
այսինքն՝ իր «Ավետիսի տունը»:
Այդ «Ավետիսի տները» գրված կանոնադրություն չունեին։ Իշխում էր չգրված օրենքը, այսինքն՝ դարերով սրբագործված սովորությունը:
«Ավետիսի տան անդամ կարող էր դաոնալ ամեն մի ամուրի կտրիճ, 15-16 տարեկանից սկսած մինչև ամուսնանալը։ Ամուսնությունը զրկում էր կտրիճին «Ավետիսի տան» անդամ լինելու իրավունքից, նրան անվանում էին «տանտեր» և նա այլևս չէր կարող մասնակցել կտրիճների գործերին։

1933-ին խնջույքի պահին լուսանկարված Հայորդիների լուսանկարի գունավորման համար՝ շնորհակալություն Արամ Բագոյանին

«Ավետիսի տան» անդամ կարող էին լինել անխտիր բոլոր կտրիճները. դասը և դասակարգը, տնտեսական դրությունը, զբաղմունքը ոչ մի դեր չէին խաղում։
Ավետիսի տները գործում էին միմիայն ձմեռվա ամիսներին, աշնանացանը վերջանալուց մինչև գարնանացանը սկսվելը։
Ամեն տարի աշնանը թաղի կտրիճները հավաքվում էին ընդհանուր ժողովի և ընտրում «Ավետիսի տան» նախագահ (որը Չալթըրում կոչվում էր խառդավազի, իսկ բոլոր մյուս գյուղերում՝ «միքիթ-աղասի», մեկ կամ երկու օգնական, որոնք վարում էին «Ավետիսի տան» տնտեսությունը։
Օգնականներից մեկը վարում էր գանձապահի պաշտոնը։
Կտրիճները Ավետիսի տանը տալիս էին անդամավճար, որը տարեկան 50 կոպեկից ավելի չէր լինում։ Ավետիսի տները իրենց սեփական շենքերը չունեին։ Խառդավազիները և միքիթ-աղասիները Ավետիսի տների գործելու շրջանում վարձում էին մի տուն կամ մի մեծ սենյակ, որտեղ կտրիճները հավարկու հոգու նշանակում էր ուսուցիչ և պարտավորեցնում բոլոր նորեկներին սովորեցնել «ավետիսներ», իսկ հների հետ՝ զբաղվել սերտողությամբ։ Ամեն երեկո պարապմունքները սկսվում էին «ավետիսների» վարդապետների դասերով։
Ուսուցիչներն ունենում էին առհասարակ հաստ տետրակներ, որտեղ գրված էին լինում «ավետիսները»։ Նորեկները արտագրում էին իրենց տետրակների մեջ ոտանավորի բաոերը և անգիր անում։ Ուսուցիչները սովորեցնում էին միմիայն երգի եղանակը և պարերը։ Ավելի դժվար էր պարապել անգրագետների հետ։ Նրանց սովորեցնում էին նախ խոսքերը անգիր անել, և ապա եղանակներն ու պարերի շարժումները։ Ավետիսները շատ հին ծագում ունեն»:

«Պարերը կամ պարերգերը պսակի հանդեսի հետ անքակտելիորեն կապված ծիսակատարման ձև ստացած հին երգեր էին, որոնք պսակի օրը երգում էին փեսայի ընկերները։ Աոանց այդ պարերգերի փեսային չէր կարելի հագցնել, նրան տնից դուրս հանել և հարսնառ տանել, ինչպես նաև չէր կարելի հարսին տնից հանել և փեսայի հետ եկեղեցի տանել։ Դրա համար էլ պարերը «Ավետիսի տների» պարապմունքների մեջ բռնում էին շատ կարևոր տեղ։
Յուրաքանչյուր կտրիճ, ամեն մի միության անդամ պսակվելիս՝ հարսանյաց օրը պետք է շրջապատված լիներ իր ամուրի ընկերներով և շարժվեր նրանց երգերին համապատասխան։
Պսակի ծեսը լրիվ կատարելու համար կտրիճների պարերգերը նույնքան անհրաժեշտ էին, որքան քահանայի օրհնանքը։
Պարերգերի թիվը շատ էր. դրանք էլ, «ավետիսների» նման, ունեին վաղեմի ծագում և գաղթականների հետ Մայր Հայրենիքից հասել էին Ղրիմ, այնտեղից՝ Նոր-Նախիջևան։
Ամեն մի պսակվող կտրիճ «Ավետիսի տան» անդամ էր։ Նա իր պսակով, փաստորեն, հրաժեշտ էր տալիս «Ավետիսի տան» ընկերներին, զրկվում «Ավետիսի տան» անդամ լինելու իրավունքից, դառնում «տանտեր»։
Պսակի օրը, դեռ չլուսացած, փեսայի ընկերները գալիս էին նրա տունը, այդպես վաղ գալիս էր նաև նվագախումբը և միասին գնում էին կնքահոր մոտ։ Կտրիճները պարեղանակներ էին երգում, իսկ նվագախումբը «կոչ-հավայով» դուրս էր հրավիրում կնքահորը։
Կնքահայրը դուրս էր գալիս, ձեռքին վառած կերոն, դիմավորում էր եկողներին և ներս հրավիրում»…

Տոնական ուրախ ու իմաստալից ծեսերի նկարագրությունների շարունակությունը՝ հաջորդիվ…🔥

Տոնական օր՝ Խարբերդում