ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Հին Աշխարհի պատմագրության ականավոր հեղինակների բազմահատոր աշխատություններում ուշագրավ տեղեկություններ կան Հայաստանի ու Հայ ժողովրդի պատմության, կենցաղի, ազգագրության, արհեստների, տնտեսական կյանքի, բանակի, արքաների, նրանց գործերի, «ոսկեհուռ ու ծիրանածվեն» հանդերձների մասին, ինչպես նաև՝ զանազան այլ հարցերի վերաբերյալ:

Տարբեր առիթներով թողած այդ հիշատակությունների ուսումնասիրությանը հետագայում անդրադարձել են Հայ և օտարազգի բազմաթիվ պատմաբաններ ու այլ մասնագետներ:

Պատմիչների միջոցով հազարամյակների հեռվից մեզ հասած տեղեկություններից որոշ դրվագներ՝ քաղված Ռաֆիկ Նահապետյանի՝ «Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և Հայերի մասին», (Երևան, 2018 թ.) մենագրությունից, ներկայացնում ենք ստորև, հիշեցնելով, որ հատկապես հարուստ վկայություններ են պահպանվել «հելլենիստական» կոչվող շրջանից, երբ, քաղաքական իրադարձությունների հետևանքով հելլենական՝ հունական մշակույթը տարածվեց հեռու ու մոտ երկրներում…

Հիշյալ երկերում, հայկական զորատեսակների՝ ծանր ու թեթև հեծելազորի (նետաձիգների, տեգակիրների…) տարատեսակ զենքերի (նետ-աղեղ, նիզակ, վաղր՝ դաշույն, սուր, տեգ, վահան…), հանդերձների նկարագրություններից բացի, որոշ երկխոսություններ են նաև մեջբերված:

«Ըստ Քսենոփոնի վկայությունների՝ արմենները եղել են ռազմիկ ժողովուրդ, ձգտել են ազատ ու անկախ լինել, որի համար էլ պարբերաբար ապստամբել են:
Հայերի այս ձգտումների մասին հանգամանալի նկարագրված է Դարեհ Ա-ի (522-486թ.) թողած արձանագրության մեջ, ինչպես նաև «Կյուրոպեդիա» երկում՝ Կյուրոսի և արմենների թագավորի երկխոսության մեջ:
«–Ասա՛ ինձ,- հարցնում է Կյուրոսը,- երբևէ դու կռվե՞լ ես իմ մոր հոր՝ Աստյուագեսի և մյուս մեդացիների դեմ:
–Այո՛,- պատասխանեց:
–Պարտվելով նրանից՝ համաձայնե՞լ ես տուրք վճարել, նրա հետ պատերազմի գնալ, ուր որ նա հրամայի, և բերդեր չունենալ:
–Այդպե՛ս է:
–Հապա ինչո՞ւ այժմ տուրք չես վճարում, զորք չես ուղարկում և սկսել ես ամրություններ կառուցել:

-Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ, և որդիներիս Ազատություն թողնեմ» («Կյուրոպեդիա», 3, 1, 10, էջ 96-97)»:

«Հայ-արմենների ազատատենչության ձգտումների վերաբերյալ ուշագրավ հավաստումների ենք հանդիպում դարձյալ «Կյուրոպեդիա»-ում Կյուրոսի և մեդիացիների արքա Կյուաքսարեսի (Կիաքսար) երկխոսության մեջ: Երբ հնդիկները դուրս գնացին, Կյուրոսն ասաց Կյուաքսարեսին. «–Հիշում եմ՝ քիչ առաջ քեզանից լսեցի, թե արմենների թագավորը քեզ այժմ արհամարհում է՝ լսած լինելով, որ թշնամիները գալիս են քեզ վրա, և նա ո՛չ զորք է ուղարկում, ո՛չ տուրք է վճարում, որը պարտավորվել էր տալ»:
«–Իրոք, նա այդպես է վարվում, ո՛վ Կյուրոս,- ասաց Կյուաքսարեսը,- ուստի ես ևս տատանվում եմ և չգիտեմ՝ ո՛րն է լավ՝ արշավել նրա դեմ և փորձել հարկադրել նրան, թե՞ առայժմ թողնել նրան, որպեսզի մյուս թշնամիների վրա չավելացնենք նաև այս մեկին»:
Կյուրոսը դարձյալ հարցրեց.
«–Իսկ նրա բնակավայրերը արդյոք ամո՞ւր վայրերում են, թե՞ գուցե նաև մատչելի վայրերում»: Կյուաքսարեսը պատասխանեց.
«Բնակավայրերը շատ ամուր վայրերում չեն. ես դա չեմ մոռացել, սակայն կան լեռներ, որտեղ կարող է իսկույն ապաստանել և թաքցնել իր հետ տարած հարստությունը և իրեն ապահով զգալ, եթե որևէ մեկը մոտերքում նստած չպաշարի նրան, ինչպես արել էր իմ հայրը»: Եվ Կյուրոսն ու Կյուաքսարեսը որոշում են քողարկված համատեղ հարձակվել Հայաստանի վրա Հայոց արքայի ուժերը ծուղակի մեջ գցելու, և արքային գերեվարելու համար (մանրամասն տե՛ս «Կյուրոպեդիա», 2, 4, 9-25, էջ 88-92)»:

«Հույն պատմիչը (Պլուտարքոսը) ակնարկներ ունի նաև Տիգրան Մեծի արքունիքում որոշ ծեսերի և պալատական վարվելակարգի մասին: Այսպես, նա գրում է, թե «նրա (Տիգրանի) մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ՝ որպես ուղեկից կամ թիկնապահ, երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ (անթև վերնազգեստ) հագած, վազում էին նրա կողքից, իսկ երբ նստած էր լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջը՝ ձեռքները՝ կրծքերին: Համարվում էր, որ այդ դիրքը լավագույնս էր արտահայտում իրենց ստրկական կախվածության լիակատար ընդունումը: Այն ընդունողը կարծես թե իր մարմնի հետ տիրոջ տրամադրությանն էր հանձնում նաև իր ազատությունը և պատրաստակամություն հայտնում ամեն ինչ տանել, հանդուրժել առանց առարկության (Լուկուլլոս, 21):

Տիգրան Մեծը՝ իր վասալ չորս թագավորների ուղեկցությամբ

«Նրանք (Հայ զինվորները, Կ. Ա.) այնքան ճարպիկ էին, որ անգամ մոտիկ լինելիս կարողանում էին փախչելով ազատվել, քանզի նրանք ուրիշ ոչինչ չէին կրում, բացի աղեղներից ու պարսատիկներից։ Նրանք գերազանց նետաձիգներ էին, ունեին համարյա երեք կանգուն երկարությամբ աղեղներ և ավելի քան երկու կանգուն երկարությամբ նետեր։
Նետարձակման ժամանակ նրանք լարը ձգում էին՝ ձախ ոտքը դնելով աղեղի ցածի ծայրի վրա։ Նրանց արձակած նետերը ծակում էին վահաններն ու լանջապանակները։

Հելլենները, երբ այդպիսի նետեր էին ձեռք բերում, կաշվե փոկեր հարմարեցնելով դրանց՝ օգտագործում էին տեգի փոխարեն («Անաբասիս», 4, 28, էջ 88)»:

Դիոն Կասիոսը նկարագրել է «գլխին ոսկեհուռ խույրով» Տիգրան Մեծի՝ հռոմեական զորավար Պոմպեոդի զորակայանը մտնելու տեսարանը, երբ, հակառակ ընդունված արարողակարգի, առանց ձիուց իջնելու՝ հեծյալ էր նա մուտք գործել ամրության տարածք:

«Ապպիանոսը ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Տիգրանակերտի հիմնադրման ու կառուցման վերաբերյալ.
«Տիգրանը (Տիգրան Մեծը) իր անունով Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս կառուցեց (երկրի նոր մայրաքաղաքը) այն վայրում (Աղձնիք նահանգում՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի՝ Նիկեփորիոնի (Ֆարկին-սու) հովտում — Ռ. Ն.), որտեղ առաջին անգամ դրեց Հայաստանի թագը» (XII, 67, էջ 346)»:
«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով (50 կանգունը հավասար է 25 մետրի), որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ:
Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՝ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և ձկնավազաններով:
Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ» (XI, 84, Էջ 347)»:

Տիգրանակերտի պարիսպներից մի հատված

Հայոց «հարուստ ու ծաղկուն երկրի հիշատակումն ենք գտնում Պլուտարքոսի տողերում.
«Եզրափակիչ մարտից հետո (Մարաստանում) վեցերորդ օրը հռոմայեցիները հասան Արաքս գետը, որը Մարաստանը բաժանում էր Հայաստանից: …Իսկ երբ, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը՝ ոտք դրեցին Հայկական հողի վրա, այնժամ, ասես բաց ծովում երկար թափառումներից հետո առաջին անգամ ցամաք տեսած, նրանք համբուրում էին քարերն ու ավազը և, իրար գրկելով, ուրախությունից լաց էին լինում: Այնուհետև ընթանալով հարուստ ու ծաղկուն երկրի միջով, նրանք այդքան դաժան զրկանքներից հետո խիստ շատ կերան ու խմեցին, ուստի հիվանդացան ջրգողությամբ ու փորհարությամբ (Անտոնիոս, 49)»:

Տիգրանակերտի պարիսպներից մի տեսարան

«Վերցնելով Տիգրանակերտում գտնված գանձերը՝ նա (Լուկուլլոսը) քաղաքը թողեց զինվորների թալանին, որոնք, բացի այլ բարիքներից, այնտեղ գտան նաև 8 հազար տաղանդ արծաթ (որ հավասար է 17 միլիոն ոսկի ռուբլու):
Այս ամենից բացի «նա ռազմավարից հռոմեական ամեն մի զինվորի տվեց 800-ական դրաքմե», այսինքն՝ 280 ոսկի ռուբլի յուրաքանչյուրին (Լուկուլլոս, 29): 8 հազար տաղանդն արծաթ դրամով հավասար կլինի, ըստ գերմանացի գիտնական Հուլչի հաշվումների, մոտ 34 միլիոն գերմանական ոսկի մարկի, իսկ 800 դրաքմեն կամ արծաթ դինարն՝ 560 ոսկի մարկի: Տիգրան մեծի տերության պալատներից մեկում զորավար Լուկուլլոսը «գտել էր մեծ քանակությամբ ոսկի և արծաթ և երեք միլիոն մեդիմնոս (մոտ 120 հազար տոննա) ցորեն»:
Այսպիսով՝ և՛ զինվորները հարստացան, և՛ Լուկուլլոսը զարմացավ, որ ինքը, մեկ դրամ անգամ չստանալով հասարակական գանձարանից, պատերազմը վարում է միայն իր միջոցներից (Լուկուլլոս, 29, 30)»:
Տիգրանակերտում, Պլուտարքոսի հավաստմամբ, կային առատ գանձեր և Դիցերին նվիրված թանկարժեք ընծայաբերումներ, քանզի հասարակ մարդ և իշխանավոր արքայի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով իրար հետ մրցում էին քաղաքի ընդարձակման համար»:

Facebook Comments