«ՄԵՏԱՔՍ՝ ԹԵԼ ԵՎ ՀՅՈՒՍՔ ՇԵՐԱՄ ՈՐԴԱՆ»…
Հնագույն շրջանից ի վեր Հայկական Լեռնաշխարհում հատվում են տարբեր երկրների միջև առևտրական կարևոր ճանապարհները: Այս աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ դարերի ընթացքում, բարձր դեր ու նշանակություն ունեին Հայ վաճառականները:
Միջնադարում զանազան ասպատակություններից հետո Կիլիկիայի Հայոց թագավորության շրջանն աշխույժ վերելք ապահովեց Հայ վաճառականության համար (հատկապես՝ Միջերկրածովյան ավազանում):
16-րդ դարի սկզբից, ինչպես Լեոն է նշում, «Արաքսի միջին հովտում, Նախճավանից դեպի արևելք, Սյունիքի լեռնաշղթայի և Արաքսի ձախ ափի մեջ, Նախճավանից մինչև վերջին քարավազները… որտեղ ցրված են Ջուղա, Շահկերտ, Ծղնա, Դաշտ, Դաստակ, Ագուլիս, Որդուբաթ, Մեղրի, Կալեր և այլ գյուղերն ու ավանները», կրկին աշխուժանում է առևտուրը, զարգանում տնտեսությունը:
Գտնվելով հում մետաքսի առևտրի երեք հիմնական ուղիների խաչմերուկում՝ Հայ վաճառականները գործուն մասնակցություն ունեին առևտրական կարևոր գործընթացներում:
Նրբագեղ ու թանկարժեք մետաքսը՝ մետաքսահյուս կերպասը, հարստության ցուցիչ էր հեռավոր ժամանակներից ի վեր:
«Հանդերձ երևելի մետաքսաց», «Բերեին ըզգոյնզգոյն նարօտս պատանաց, զմետաքսառէչս և զոսկեթելս կերպասուցն»՝ պատմիչների հիշատակմամբ…
Շերամապահության արվեստն իր «արարման գաղտնիքներով» բացառիկ դեր ունի կերպասագործության պատմության մեջ: Չինաստանից, Հնդկաստանից ձգվող «Մետաքսի ճանապարհներն անցնում էին Պարսկաստանով, Հայկական Լեռնաշխարհով՝ հասնելով Եվրոպական երկրներ…
Թթենու տերևներով սնվող «մետաքսագործի»՝ «կերպասագործի»՝ շերամի հյուսած «խոզակից»՝ բոժոժից ստացված «խամ մետաքսի»՝ «հում մետաքսի» շահավետ առևտրի շնորհիվ բարվոք դիրքերում էին Հայ վաճառականները, որոնք նաև Զմյուռնիայից էին նավերով Վենետիկ տեղափոխում «դաղմատացիների ափերից բերված» չմշակված՝ հում մետաքս և ներկանյութերի կապոցներ: Նշենք, որ 1 կիլոգրամ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ (բոժոժը թրթուրների արտադրած մետաքսաթելից հյուսած պաշտպանական պատյանն է):
«Մետաքս՝ թել և հիւսք շերամ որդան. և կերպաս՝ ‘ի նոյն ‘ի նիւթոյ»:
«Սաղարթ իւր (թթենւոյն) նիւթ է մետաքսոյ, զոր որդունք ծնանին, յորմէ կերպասք լինին» (Մխիթար Գոշ, Առակ. ԺԳ)» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):
Շահ Աբասի իրականացրած բռնագաղթից հետո, իրենց Հայրենի աշխարհից հեռու՝ օտար ափերում՝ Պարսկաստանի Սպահան քաղաքի մոտ տեղահանված Հայերը հիմնեցին Նոր Ջուղան և իրենց անընկճելի ու անվեհեր ոգով, անխոնջ աշխատասիրությամբ, «վաճառականական ճարտարության» շնորհիվ բարգավաճեցին: Թեև, գրեթե 80 տարվա աննկուն աշխատանքից ամբարված բարիքները, իրենց ձեռքով կերտած հարստությունը հալածանքների, բռնության, սպանության ու հափշտակության ավար դարձան…
«Պարսկական ապրանքները, որոնց մեջ գլխավոր տեղը բռնում էին մետաքսն ու բոժոժը, մնում էին իրանց նախկին կարևորության մեջ, և նրանց գնելու համար ռուս վաճառականները գնում էին Պարսկաստան, բայց այդ ճանապարհորդությունները հաճախակի չէին լինում, ոչ էլ շատ արդյունավոր, այնպես որ՝ դարձյալ աշխարհաշրջիկ Ջուղայեցին էր գլխավորապես, որ իր բեռները մտցնում էր և այս աշխարհը։
Վոլգայի գետաբերանքում շինված Աստրախան քաղաքն արդեն մի խոշոր առևտրական կենտրոն էր, ուր իրար հանդիպում էին Արևելքի բոլոր վաճառական ժողովուրդները:
Հայերը մի փոքրիկ առևտրական գաղութ ունեին, ուր անշուշտ, անծանոթ հյուրեր չէին Արաքսյան խոջաները և, առավելապես, Ջուղայեցիները։ Աստրախանի Հայ առևտրական գաղութը առանձին կարևորություն ստանում էր 17-րդ դարում և սկսում էր զարգանալ ու մեծանալ մանավանդ դարի երկրորդ կեսում: Այստեղ էին երևան գալիս Նոր Ջուղայի խոջաներն իրենց ապրանքներով, բայց սովորաբար ոչ թե տեղական շուկայի հետ և մտնում էին ընդարձակ երկրի խորքերը՝ Մոսկվա, Նովգորոդ, մինչև իսկ Արխանգելսկ, ուր նրանց առջև բացվում էր ծովային ճանապարհ, որ տանում էր նրանց Արևմտյան Եվրոպա։
Բայց ամենից շատ հաճախված տեղը Մոսկվան էր՝ մայրաքաղաքը, որ ներմուծվող ապրանքների գլխավոր սպառողն էր։ Այդտեղ էր ցարը, որ ինքն էլ վաճառական էր, գնում էր իր հավանած ապրանքները, իսկ չհավանածները բաց են թողնում, որ շուկա մտցնեն»,- գրում է Լեոն:
«…Սկսեալ ի 1626 ամէ ց 1723 ամն Հայք Ջուղայու կատարէին զառևտուրս խամ (հում) մետաքսիւք, թանկագին գոհարօք, մարգարտօք եւ ձեռագօրծք այլ եւ ապրանօք Պարսկաստանաց եւ Հնդկաստանի ի Տէրութեանն Ռուսաստանի… եւ ի սկսանիլ ի Ռուսաստան մետաքսեայ ձեռագործաց, տարեալ եղեն ի Ջուղայոյ Հայ արհեստաւորք սակս տալոյ զերանգս մետաքսից եւ վասն ուսուցանելոյ Ռուսաց զայն արհեստ»,- կարդում ենք Հարություն Քյուրտյանի՝ «Նիւթեր Հայ վաճառականութեան պատմութեան համար. Հում մետաքսի վաճառականութիւնը եւ Հայերը» ուսումնասիրության մեջ:
Հիշյալ աշխատությամբ հեղինակը փաստերով, ապացույցներով մանրամասն ներկայացրել է Հայ վաճառականների դեմ գործված դավերը, որոնց արդյունքում հետագայում նվազեց նրանց դերը միջազգային առևտրի ասպարեզում:
…«Այսպիսի դիւրութիւններով Անգլիացիք կը ջանային սիրաշահիլ Հնդկահայ առեւտրականը՝ զայն պարզապէս հետզհետէ իրենցմէ կախեալ տարր մը ընելու եւ յետոյ կուլ տալու համար»,- գրել է նա:
«Անգլիացիներ 1561-ին մտան Կովկասեան Հայաստան, Շամախի, Շիրվանի և այլ կողմերը առեւտուրի՝ մասնաւորապէս՝ հում մետաքսի համար, սակայն հազիւ քանի մը տարի վերջ սկսան ինքզինքնին անզօր գտնել Հայոց հետ մրցակցելու գործի մէջ: 1569 թվականի ապրիլ 28-ին անգլիացի ներկայացուցիչ մը՝ Քազուին (Պարսկաստան) գտնուող եւ Laurence Chapman անուամբ, կը տեղեկագրէր իր մեծերուն. Հայերուն եւ Վենետիկցիներուն միջեւ ամբողջ առեւտուրը կոտրել կարելի չէ»:
Վերջապէս շատ ուրիշ նամակներ ասկէ առաջ կամ վերջ գրեթէ նոյն եզրակացութեան կը յանգին, ոմանք առաջարկելով, որ Հայերը իբր միջնորդ գործածուին. բան մը, որուն չի համաձայնիր կեդրոնը՝ նախընտրելով բոլոր շահերը ինքն իսկ իւրացնել:
Սակայն երկրին մէջ գտնուող ներկայացուցիչները կը շարունակեն գանգատիլ եւ անկարելիութիւններ ցոյց տալ, նոյն իսկ կան, որ յիմարական կը նկատեն հոն մնալ և ջանալ մրցիլ, այլ կը նախընտրեն ծախել ինչ որ ունին եւ հեռանալ այս շուկաներէն, գուշակելով, թէ առանց ատոր պիտի կորսնցնեն եղած-չեղածը կամ գալիքն ալ, ինչ որ արդարեւ պատահեցաւ:
Սակայն դարձեալ կեդրոնը ամէն միջոցով, նոյնիսկ Կասպից ծովուն վրայ նաւարկութիւն փորձելով և նաւ ջուրը իջեցնելով, շարունակեց պայքարիլ. պայքար մը, որ միայն ԺԷ (17-րդ, Կ. Ա.) դարուն ժամանակ մը դադրեցաւ՝ ԺԸ (18-րդ, Կ. Ա.) դարուն սկիզբը աւելի բուռն կերպով ի յայտ գալու համար»:
…«Հում մետաքսի առեւտուրը Կովկասեան Հայաստանի մէջ, նաեւ անոր արտադրութիւնը ահաւոր վնաս կրեց, գրեթէ կործանեցաւ, սակայն Հայոց ձեռքէն չելաւ:
Շահ Ապաս Պարսկաստան բռնագաղթ տարած Հայոց ձեռքով շարունակեց գործը օտար բեմի վրայ, այսպէս դարձեալ Հայ վաճառականները տէր մնացին հում մետաքսի առեւտուրին, թէեւ Անգլիացիք նոր միջոցներու դիմեցին՝ այս անգամ Պարսից արքունիքը շահելու համար» (մեջբերումը՝ Յ. Քիւրտեան «Հայ ազատագրական փորձ մը ԺԶ դարուն»):
«Հում մետաքսից» որոշ հուշեր է նկարագրել Խաչատուր Դադայանը, որը ներկայացնում ենք ստորև:
«Երբ անցնում ենք Ղումն ու Ղաշանը (մշտապես գործածելու եմ Հայկական պատմական անվանաձևերը), ակամայից ընկնում եմ մտածմունքների մեջ:
Գիշերվա խավարում մեքենայի կողքով անցնող տափաստաններից, լեռների ստորոտներից, կիրճերից ասես ականջիս են հասնում քաղցից, տապից, մտրակների շաչյունից մեռնող ազգակիցներիս հառաչանքները:
Քանի՜ — քանի՜ անթաղ մեռել մնաց, որոնց ոսկորները քամին հողմացրիվ արեց խառնելով դարերի փոշուն: Նրանք «հում մետաքսի զոհերն» էին: Երեխա ժամանակ տեսել եմ հում մետաքս. գյուղի մեր պրպտուն հարևանն իր տան անկով գոմում դարակներ սարքեց, թթենու տերևներ փռեց ու վրան ինչ-որ տարօրինակ որդեր լցրեց: Որդերն ուտում էին տերևները՝ սպիտակ մազաչափ թել թողնելով:
Ապա այդ թելով փաթաթվում էին այնքան, մինչև գլխովին անհետանում էին: Կոկոնի մեջ որդերը վերածվում էին թիթեռնիկների, պատյանը ծակում-թռչում՝ թողնելով «արտադրանքը»: (Սա իմ մանկական հուշն է, ո՞վ էր 60 տարի առաջ ինձ դրդում հետևելու այդ երկարատև գործընթացին): Ահա այդ «արտադրանքն» էին վերամշակում ու ստանում բնական մետաքս: Շահ Աբաս 1-ինն էլ ուներ մեծաքանակ հում մետաքս, որն Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում խիստ բարձր գին ուներ: Այնտեղի հմուտ ջուլհակները դրանից բնական մետաքսի կտորեղեն էին ստանում՝ կրեպդիշին, կրեպ-շիֆոն, կրեպ-ժորժետ, որոնք պալատական բարձրաշխարհիկ խավի համար ծառայում էին որպես հագուստ-կապուստ:
Սկզբում Շահ Աբասը փորձեց պարսիկ վաճառականների միջոցով իր անմշակ մետաքսն իրացնել, բայց չհաջողեց՝ քրիստոնյա Եվրոպան չընդունեց մուսուլման վաճառականներին: Այնժամ Շահը հասկացավ, որ իրեն հարկավոր են քրիստոնյա հպատակ, հմուտ վաճառականներ: Նրանք աչքի առաջ էին՝ Հայերը, Հին Ջուղայեցիները…
Ղևոնդ Ալիշանը Վենետիկի XVI դ. արխիվային թղթերն ուսումնասիրելիս 500 Հայ վաճառականների հայտնաբերեց, որոնց գերակշիռ մեծամասնությունը Հին Ջուղայեցիներ էին:
1512 թ. վաճառական Հակոբը` Մեղապարտ անվանյալ, տպագրեց «Ուրբաթագիրքը»: 1570-ից սկսած՝ Ջուղայեցի վաճառականներն արդեն հանրահայտ էին ամբողջ Եվրոպայում, այնքան հայտնի, որ վենետիկցիները բոլոր Հայերին անվանում էին «Ջուղայեցիներ», իսկ ֆրանսիացիները տարբերակում էին դնում Հայերի ու Ջուղայեցիների միջև, առաջիններին կոչելով՝ աղմենիեն (Arménien), երկրորդներին՝ «շոֆըլան» (Choffelin):
Հենց այդ նույն թվականին Վենետիկում առաջինը բնակություն հաստատեց ջուղայեցի վաճառական Գայրին (Gayri)։ Վենետիկի Ռուգա Ջուֆայում (Ջուղայի փողոց) XVI դ. ապրում էին բազմաթիվ Հայ վաճառականներ։ Նրանցից Հովհաննես Շահինշահն առաջինն էր, ում Իմաստուններն արտոնեցին Սբ. Մարկոսի հրապարակի զանգակատան մոտ ունենալ panco՝ միայն վենետիկցիներին վերապահված վրան՝ ապրանքների վաճառքի համար։
Շահ Աբասը «լուծումը» գտավ:
Պատերազմելով Թուրքիայի դեմ և մտադրվելով օսմաններին թողնել ավերված-այրված տարածք՝ նա 1603 թվականից սկսած իրականացրեց մեծ գաղթը՝ «մեծ սուրգունը»: Մեկ տարվա ընթացքում ութ անգամ դա արեց, Հայաստանը հայաթափեց, 100-150 հազար մարդ քշեց Պարսկաստան` իր հետևից թողնելով ավերակներ ու հրկիզված դաշտեր: Թե ճանապարհին որքա՛նը կոտորվեց, որքա՛նը խեղդվեց Արաքսում՝ միայն Աստծուն է հայտնի:
Կարդացեք Առաքել Դավրիժեցու լալահառաչ ողբ-պատմությունը, և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա:
Խնդիրն այլ էր Հինջուղայեցիների պարագայում: Հասարակ մշակներին թողեցին Թավրիզի, Ղազվինի, Թեհրանի հարակից գյուղերում, իսկ վաճառականական, խոջայական գերդաստաններին և ձեռնհաս վարպետ-արհեստավորներին՝ շուրջ 15 հազար մարդու, քշեցին դեպի Սպահան: Այս ճանապարհին էլ ընտրություն կատարեցին, մի մասին թողեցին Փերիա ու Բուրվարի գավառներում, իսկ «ընտրյալներին» բերեցին մայրաքաղաք: Շահ Աբասը Սպահանից հարավ, Զայանդերուդ գետի ափին հատկացրեց մոր կալվածապատկան տարածքները, թե՝ ձեզ համար քաղաք շինեք: 1605-ին կառուցեցին և անվանեցին Նոր Ջուղա` ի հուշ իրենց կորուսյալ հայրենաքաղաքի:
Սկսվեց նոր դարաշրջան, հում մետաքսի զոհերի դարաշրջանը»: