«ՆՈՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՀԱՅԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ 17 -ՐԴ ԴԱՐՈՒՄ»…

Նախիջևանում՝ Արաքս գետի ափին գտնվող Ջուղա գյուղաքաղաքը, որ բարգավաճում էր 15-րդ դարից ի վեր՝ իր ու հարակից տարածքների՝ համաշխարհային առևտրային ճանապարհների խաչմերուկում գտնվելու շնորհիվ, 1605-ին ամայացվեց ու, ինչպես Հայաստանի այլ շրջաններից, տեղի բնակչությունը ևս բռնագաղթվեց դեպի Պարսկաստան:

Հարյուր հազարավոր բռնագաղթվածների գերակշիռ մեծամասնությունը մահացավ գաղթի ճանապարհին, այնուհետև՝ ձմռան ցրտից, հիվանդություններից, սովից…

Պատմությունը հետագայում կհիշատակի Նոր Ջուղայի մեծահարուստ վաճառականներին՝ «Խոջաներին»՝ իրենց բարեգործություններով, կառուցած քարավանատներով, «դիվանագիտական գործունեությամբ»…
Ժամանակակիցների պատմություններում, ժամանակագրություններում եղած բազմաթիվ մանրամասներն ու արժեքավոր հիշատակությունները զանազան տեղեկություններ ունեն հայտնի «Ջուղայեցիների» մասին, որոնց հակիրճ անդրադարձել ենք տարբեր առիթներով:

19-րդ դարից սկսած՝ Հայաշատ տարբեր քաղաքների տպագիր մամուլի էջերում, զանազան հանդեսներում, ամսագրերում լույս էին տեսնում քաղաքական իրավիճակը լուսաբանող, նաև՝ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ:

Ներկայացնենք Փարիզում՝ Արշակ Չոպանյանի խմբագրությամբ 1898-1911 թթ. և 1929-1949 թվականներին (ընդմիջումներով) հրատարակված «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսի՝ 1908 թվականի մի հոդվածից քաղված հատվածներ՝ Նոր Ջուղայի Հայ վաճառականների մասին, ուր նաև ակնարկվում է Նախիջևանից գաղթած Հայերի հիմնած՝ Երևանի Չարբախ թաղամասից ավելի վաղ կառուցված Չարբաղը՝ Սպահանից դեպի Նոր Ջուղա ձգվող՝ գրեթե 6 կիլոմետր երկարությամբ ծառազարդ պողոտան («Չար բաղ» կամ՝ «Չահար բաղ»՝ թարգմանաբար՝ «Չորս այգի»՝ պարսկերենով):

Այս հոդվածը՝ «Անահիտ»-ում տպագրվելուց առաջ, ֆրանսերենով որպես բանախոսություն հրատարակվել է Նանսիի աշխարհագրական «Société de Géographie de l’Est» ընկերության հանդեսի էջերում:

«Անահիտ» հանդեսի շապիկը

«Նոր Ջուղայեցի Հայերուն առեւտուրը ԺԷ դարուն («Անահիտ», 1908 թ., էջ 31-36, հեղինակ՝ Դոկտ. Յովհ. Արթինեան)

Ամենահին ժամանակներէ հետէ, Հայերն ունեցած են առեւտրական ընդարձակ յարաբերութիւններ. Ասորեստանցիներն ու Փիւնիկեցիներն անոնցմէ ապրանք կ’ընդունէին, ձի եւ ջորի կը յաթայթէր Հայաստան Տիւրոսի, իր գետերով՝ յարաբերութեան մէջ էր Կասպից ծովուն, Պարսից ծոցին եւ Եւքսինեան Պոնտոսին հետ:
Բակտրիայէն Հայ վաճառականները կ’ երթային Հնդկաստան, Սոգդիանայի ճամբով մինչեւ Ճենաց երկիրը:
Հայկազանց եւ Արշակունեաց ժամանակ, Հայաստանի վաճառաշահ քաղաքներն էին Վան, Արմաւիր, Արարատայ մայրաքաղաքը, որու մասին կը խօսի Պտղոմէոս. Արտաշատ, որ գրաւելով՝ Գերմանիկոս կոչուեցաւ Հայկական, Դուին, ուր կը կեցու էին Վրաց եւ Պարսից ապրանքը, Արծնի աւանը, որու վաճառականները նշանաւոր էին:
Յետոյ, Միջին դարուն, Հայկական Կիլիկիան կարեւոր առեւտրական յարաբերութիւններ ունեցաւ Վենետիկի հանրապետութեան հետ:
Սակայն պէտք է հասնիլ մինչեւ ԺԷ (17-րդ, Կ. Ա.) դարու սկիզբը՝ հանդիսատես ըլլալու համար Հայոց առեւտրական մեծ շարժման, երբ Շահ Աբբաս Հայ «հանցագործներէն» վաճառականներ շինեց. եւ այդ վաճառականներն եղան աշխարհի ամենէն նշանաւոր առեւտուրի մարդիկը:
Շահ Աբբաս Ա նուաճեց Մեծ Հայքը, Արարատայ գաւառը, Երեւան, Նախիջեւան (1585), սակայն ստիպուած էր շարունակ կռուիլ Թուրքերուն հետ այդ երկիրներուն համար: Իմանալով, որ Սուլթան Սելիմ իրեն դէմ մեծ բանակ մը կ’ ուղարկէր, որոշեց բոլորովին աւերել երկիրը, որպէս զի թուրքերը չկարենան երկար ատեն մնալ իր սահմանագլուխներուն վրայ եւ շարունակել կռիւը: Նախիջեւանի, Երեւանի, Ջուղայի, Կարսի շրջանակներուն եւ Կարինի բնակիչներն առաւ ու այր, կին, տղայ, ծեր ամենքը տարաւ Պարսկաստան, իր ետեւ այրելով բոլոր գիւղերը եւ բան մը չձգելով Թուրքերուն:
Շահ Աբբաս բնակեցուց Հայերը Պարսկաստանի զանազան մասերուն մէջ:
27.000 ընտանիք հաստատուեցան Ղիլանի գաւառին մէջ, ուր շերամ կը մշակուի:
Այս 27.000 ընտանիքէն հազիւ 3.000 կը մնար 1650-ին, այնքան Ղիլանի կլիման մահաբեր է (պարսկական առակը կ’ ըսէ. «Գողցա՞ւ, մա՞րդ ըսպաննեց, որ Ղիլան կ’ուղարկեն զինքը»):

Շահ Աբբաս Ջուղայեցիները տարաւ Սպահանի մօտ դէպ ի հարաւ Ջենդերուն գետակին միւս կողմը. Հայք իրենց այս նոր բնակավայրը կոչեցին Նոր Ջուղայ՝ ի յիշատակ իրենց ծննդավայրին: Յետոյ Թաւրիզէն, Երեւանէն ուրիշ Հայեր ալ եկան, այնպէս որ, շատ չանցաւ՝ Նոր Ջուղայ ունեցաւ 3.000 բնակիչ:
Երեւանցիները բնակեցան Սպահանի մէջ, ամրոցին մօտ, ուր շատ մշակելի հողեր կային:
Ուրիշներ, այլեւայլ քաղաքներէ, հաստատուեցան քաղաքէն դուրս՝ Սերաբենա կոչուած մեծ արուարձանի մը մէջ:

Պարսկաստան, թէեւ Ֆրանսիայէն չորս անգամ աւելի մեծ է, սակայն ունի տասը — տասներկու միլիոն բնակիչ միայն. իր կեդրոնական մասին մէջ ծածկուած է մեծ մասով անապատին աւազովներովն ու աղի լիճերով»…

…«Պարսից ցեղը մեծ վաճառականութեան ընդունակ չէր, այս քանի մը անյաջող փորձերը բաւական էին ապացուցանելու. անոնք ամէն բան կը մոռնային Արեւմուտքի մէջ եւ կը մսխէին Շահին ինչքը. առեւտուրի համար ուրիշ յատկութիւններ հարկաւոր էին:
Շահ Աբբաս աչքը դարձուց Ջուղայեցի Հայոց վրայ. զանոնք իրենց երկրէն խլած, զրկած էր այն հողերէն, զորս իրենց նախահարք դարերով մշակած էին, եւ անոնք, օտար հողին վրայ, սկսած էին նորէն աշխատիլ, տքնիլ, նոր օճախ մը կազմել իրենց խելքով, խնայողութեամբ եւ սակաւապէտութեամբ: Ասկէ զատ, Հայերը քրիստոնեայ էին եւ լաւագոյն եւս կրնային յաջողիլ Եւրոպացի քրիստոնեայ ժողովուրդներուն մէջ:

Շահ Աբբաս Ջուղայի եւ Սերաբենայի (ըՍպահանէ դուրս արուարձան մը, ուր բնակեցուած էր նոյնպէս Հայեր), Հայերու մէջէն զատեց եւ տուաւ անոնց դրամ ու մետաքսի հակեր: Մետաքսը անոնց յանձնեց որոշ գնով մը, զոր պէտք էր, որ վճարէին դարձին՝ իրենց համար պահելով մնացեալ շահը:
Այս Հայերը հողագործ կամ արհեստաւոր էին ամենքն ի սկզբան, բայց, շնորհիվ իրենց նախաձեռնարկ եւ դիտող ոգւոյն, «Քիչ ժամանակի մէջ եղան, կըսէ Տավեռնիէ, այնքան վարժ, որ չկայ առեւտուր մը, որ չընեն»:
Շատ չանցած՝ ճիւղեր հաստատեցին Եւրոպայի բոլոր մեծ կեդրոններուն մէջ, ի մասնաւորի, Լիվորնոյ եւ Վենետիկ, ուր ունեցան իսկ գաղթականութիւն եւ եկեղեցի:

Կ’երթային Պարիս (Փարիզ, Կ.Ա,), ուր կգնէին պերճանքի առարկաներ, Ամստերդամ եւ Անգղիա. Լոնտրա կը տանէին ոչ միայն արեւելեան ապրանք, այլ նոյնպէս վենետիկեան հայելիներ. 1647-ին Բաբա Խաչատուր Վենետիկէն Լոնտրա կը տանէր 3 սնտուկ հայելի, 7 սնտուկ ապակի եւ 14 սնտուկ կեղծ մարգարիտ:
Պարսկաստան վերադարձին, դրամէ զատ, իրենց հետ կը բերեէին ամէն տեսակ ապրանք, որ կրնային օգտակար ըլլալ արեւելեան երկիրներու մէջ, Պարսկական, Հնդկաստան… ուր կ’երթային եւ մինչեւ ի Տոնկին, Ճաւա, Փիլիպեան կղզիները. ինչպէս Վենետիկի եւ Նիւրեմբերգի ապակեղէններ եւ ուրիշ ապրանք, կեղծ մարգարիտ, հայելի, ակնոց, համրիչ, բուստ, սաթ, ժամացոյց, մեծաքանակ հոլանտական եւ անգղիական ասուիներ, ոսկեթել եւ արծաթաթել դիպակներ»:

«ԺԷ (17-րդ, Կ.Ա.) դարու ճանապարհորդները՝ Տուրնըֆոր, Տավերնիէ, հետաքրքրական տեղեկութիւններ կուտան Ջուղայեցի Հայերու ճանապարհորդելու եղանակին վրայ:
Իրենց հեռաւոր ճանապարհորդութեան մեկնած ատեննին, հետերնին կ’առնէին անկողին, կերակուր եփելու ամաններ, ուտելիք, պաքսիմատ, ապուխտ, իւղ, ալիւր, գինի, օղի, չոր միրգ: Եւ իրենց պաշարները այնչափ լաւ գիտէին խնայել, որ վերադարձին կ’աւելնար յաճախ եւ ետ կը բերէին. մանաւանդ, որ իրենց գոյքին փոխադրութիւնը ձրի էր, որովհետեւ, եթէ վեց ուղտ վարձէին իրենց ապրանքին համար՝ եօթներորդ մը ձրի կը ստանային:

Իրենց հետ կ’առնէին ուռկան եւ եթէ կարաւանը հանգրուան ընէր գետակի մը ափը, կը սկսէին ձուկ որսալ:
Տուրնըֆոր կը պատմէ, որ յաճախ անոնց հէտ պատուական ձուկ կերած է»…

…«Նոր Ջուղայ կէս ժամով հեռու էր Սպահանէն, մէջտեղը կար Զենդերուի գետակը, որու վրայ ձգուած էր Ալլահվէրտի Հայուն շինել տուած հոյակապ կամուրջը՝ 34 կամարներով (հիշյալ կամուրջը հայտնի է որպես «33 կամարներով կամուրջ», Ալլահվերդի խանի ազգությունն էլ այլ աղբյուրներում հիշվում է որպես վրացի, թեև, այդ ժամանակաշրջանում ֆրանսիացի ճանապարհորդ ու բուսաբան Տուրնըֆորը նշում էր, որ Թիֆլիսի մոտ 20.000 բնակչության թվում 14.000 -ը Հայ են, Կ.Ա.):


Չարբաղի պողոտան կը միացունէր Սպահանը Ջուղային, ճամբուն երկու կողմը տնկուած էին դարաւոր սօսիներ, որոնց ոտքը վճիտ ջրի առուակներ կը հոսէին, աստ — անդ կազմելով անհունաւոր մանր առուակներ, կարկաչահոս ջրվէժներ ու շատրուաններ: Զենդերուի միւս կողմը Չարբաղի ծառուղին կը յանգէր Հեզարջերիդ (Հազար արտավար) արքայական պարտէզները, որմէ կողմնակի ճանապարհ մը կը տանէր Ջուղայ»:

…«Երբ Հայերը յաջողեցան առեւտուրի մէջ, սկսան Ջուղայի մէջ շինել փառաւոր տուներ եւ ապարանք՝ ինչպէս տեսած էին Եւրոպայի մեծ քաղաքներուն մէջ: Ու ասիական այս հեռաւոր գիւղին մէջ մարդ զարմանքով կը լսէր աշխարհի գրեթէ բոլոր լեզուները. այս նախկին մշակներու կիները կը հագնէին Անգղիոյ եւ Հոլանտայի ամենէն ճոխ կերպասները, ոսկեթել եւ արծաթաթել դիպակներ, ու փողոցներուն մէջ տարօրինակ տեսարան մըն էր տեսնել մանուկները՝ հագնուած այլազան երկիրներու գոյնզգոյն տարազներով:
Մեծին Շահ Աբասի եւ իր որդւոյն Շահ Սեֆի Ա-ի օրով Հայերը մեծամեծ հարստութեանց տիրացան:
Խօճա Պետրոս, իր մահուանը 40.000 թուման (360.000 ֆր.) կանխիկ դրամ ձգեց ժառանգութիւն, ի բաց առեալ իր տուները, արտերը, այգիները, գոհարեղէնները, ոսկիէ եւ արծաթէ սպասները, կարասիները:

Պարսից Շահը յաճախ կուգար Հայերու տունը. Ծննդեան տօնին օրը անպատճառ Շահը կ’ընթրէր Ջուղայի Հայ իշխանին՝ Կալենտէրին (Քալանթարի, Կ.Ա.) տունը. այդպիսի ընթրիքներուն կերակուրները Շահին կը մատուցուէին ոսկեղէն պնակներու մէջ եւ ճաշէն յետոյ անոր հինգ-վեց հազար ֆր. արժէքով ընծայ մը կ’ընէին»…

Facebook Comments