«ԱՐԻ՛, ԱՇՈՒ՛Ղ, Ա՛Ռ ՉՈՒՆԳՈՒՐԴ, ՄԻ ԲԱ՛Ն ԱՍԱ ՍՐՏԱԼԻ»…

«Ինչպես ձուկն՝ առանց ջրի,
Ժողովուրդն էլ՝ առանց երգի՛ չի ապրում»,- հավաստում է ժողովրդական ասացվածքը:

Հազարամյակներ շարունակ Հայ ժողովրդին ուղեկցել է իր գուսանի թովիչ երգն ու իմաստուն խոսքը՝ փոխանցելով հնուց եկող պատմությունները, փառաբանելով Նախնիների (նաև՝ ժամանակակիցների) սխրանքները, սփոփելով ու մխիթարելով մարդկանց դժվարին ժամանակներում…

Գյուղացու հյուրընկալ օջախում, արհեստավորի անպաճույճ հարկի ներքո, հավաքատեղի դարձած քարայրներում կամ քաղաքային սրճարաններում՝ ամենուր սպասված ու ամենքի կողմից սիրված էր աշուղն իր հոգեզմայլ նվագարանով…

«Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում…»,- գրել է Հ. Թումանյանն իր «Ինքնակենսագրության» մեջ:

«Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը…»,- Սայաթ-Նովայի տողերը դարերի փորձություններով են անցնում՝ ապացուցելով երգի ու երաժշտության ամոքիչ ազդեցությունը մարդու վրա…

1890-ական թվականներին Թումանյանն անդրադառնում է «վշտոտ սրտին դարմանող» նվագարանին՝

ՉՈՆԳՈՒՐԻՍ

Քո պատմածներն,— այդ ձայները տրտմության,
Հառաչանքով, հեծեծանքով մշտական
Հուշում են ինձ հին օրերի հիշատակով թախծաբեր։

Է՛յ իմ չոնգուր, երբևիցե երանի
Ուրախ հնչյուն քեզնից լսած լինեի,
Որ իմ վշտոտ սրտի ցավին դարման լիներ, մեղմացներ։

Սազ
(Թանգարան՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն)

Թե սազն իր հնչյուններով ի՛նչ ազդեցություն ուներ ունկնդիրների վրա, նկարագրել է նաև Ակսել Բակունցը (մեջբերենք հատվածներ՝ «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքից).

«Քարատակ եկողների մեջ միայն մի մարդ կարող էր ընդհատել նույնիսկ զինվորական խորհուրդի նիստը: Այդ մարդը Նիազանց Անդրին էր, գյուղի սրախոսը, որի պատմությունները մինչև այժմ ասում են, թեև այլևս չկա այդ քաղցրախոս լեզուն: Անդրին մտնում էր, ողջունելով «աստծու ծեծած խեղճերին»…

«…Քարատակը դղրդում էր ժողովրդի ծիծաղից, մինչև անգամ ջրաղացպանն էր ծիծաղում և ուրախության արցունքը գլոր-գլոր ընկնում էր նրա սպիտակ միրուքի վրա»:

«…Բայց ի՛նչ ուրախություն էր, երբ Նիազանց Անդրին ներս էր մտնում սազը մեջքին:
Այդ ժամանակ ամեն զրույց վերջանում էր, և այնպես լուռ էին լսում, որ նույնիսկ Աթա ապերը գետնից չեր վերցնում բռնոթամանը»…

«…Եվ ամենքը լուռ լսում էին Նիազանց Անդրու նվագը…
Երեխաները, որոնք մեծերի ահուց մուտք չունեին Շուղանց քարատակը, հավաքվում էին դրսում, դռնամուտից լսում էին այդ նվագը և զարմանում էին, թե ի՞նչ կա Նիազանց Անդրու ճռթռած, կոշտ և կոպիտ մատների մեջ, ի՞նչ զորություն կա, որ այդպես լացացնում է մարդկանց:

Այդ երգերը հիմա չկան, և լավ է, որ հիմա այդպես չեն նվագում:
Գուցե թե մի հեռավոր գյուղում դեռևս մեկը սազ է նվագում, բայց ո՛չ այդ սազն է Անդրու սազի նման, և ո՛չ նրա նվագը:
Երբ քարատակում Անդրին նվագում էր, մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր ասում, մյուսի աչքերի առաջ հառնում էին լեռներն աշունքին, երբ քոչն արդեն գնացել է, ցուրտ ամպերը լիզում են ուրթի տեղերը, հիշում էր օջախի քարը, որի մոտ ամառը լուսնկա գիշերով կրակ է արել մի շարմաղ աղջիկ…
Նա այդ էր հիշում, իսկ նրա կողքին նստողը միտք էր անում, թե ե՞րբ կբացվի իր կյանքի փակ դուռը, տաշտում ե՞րբ հաց կլինի, երեխաները մերկ չեն լինի, ծառ կտնկի, ծառը պտուղ կտա, և երբ հասնի արդար ծերության, իր տնկած ծառի ստվերում կնստի գոհ և երջանիկ:

Երբ Անդրին այլևս չէր նվագում և արդեն սազը կոխում էր պարկի մեջ, — դեռ ոչ ոք ձայն չէր հանում, կարծես ամենքն ուզում էին լսել մինչև վերջին հնչյունը, որ արդեն պոկվել էր լարերից և քարանձավում թրթռում էր, ինչպես արևից զարթնած ոսկե թիթեռ: Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք չէին խոսում, երբ Անդրին, սազը պարկի մեջ տեղավորելուց հետո, ասում էր.

— Ինչո՞ւ եք լռել, ա՛յ սրտամեռ խեղճեր…

Միայն այդ ժամանակ ոմանք հառաչում էին, կարծես զարթնում էին խոր քնից, ծխելով թեժացնում էին չիբուխների սառած կրակը»…

Րաֆֆու «Կայծեր»-ում (մաս 2, Վան), Վանի Այգեստան արվարձանում՝ տեղի նշանավոր անձանցից մեկի՝ վարպետ Փանոսի տան նկարագրությունը վկայում է Հայոց մեջ ազգային, աշուղական նվագարանների դերի կարևորությունը.

«…Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները:
Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ՝ սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել (նվագել, Կ.Ա.) ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար»…

Շարլ Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրյանը՝ Միսաք Մանուշյանի հետ

Գ. Լևոնյանն իր՝ «Հայ աշուղներ» ուսումնասիրության մեջ, ներկայացնելով Աշուղական արվեստը, անդրադառնում է նաև աշուղական եղանակներին ու երաժշտական գործիքներին:
Մեջբերենք հատվածներ.

«Ներկայումս թէ՛ մեր գրական, և թէ՛ մեր աշուղական երգերի մէջ «քնար» ասելով հասկանում են ո՛չ անպատճառ այս գործիքը, այլ առհասարակ լարական նուագարան: Օրինակ՝
«Այս դառն րոպեիս էլ ի՞նչ սև քնար,
Սու՛ր է հարկաւոր կտրիճի ձեռին»…
Գամառ — Քաթիպա

«Բամբիռից յետոյ Հայ աշուղական կամ սոսկ Հայկական հին նուագարան մենք համարում ենք չանգիւռը: Չանգիւռը կամ չընկիւռը միջին դարերում Հայ տաղասացների ամենասիրած գործիքն էր»:

«Արիստակէս վրդ. Տէւկանց, «Հայերգի» կազմողը, աշուղասէր ու բանասէր՝ ինքն էլ տաղասաց հոգևորականը, իւր յառաջաբանի մէջ չընկիւռին դեռ աւելի հնացնում է, տանում է Գողթան երգիչների ժամանակները: «Ո՞ր զգայուն հոգին մրմնջեց մեր ազգային նուագն բիւրազի. Գողթան երգիչներու չընկիւռէն թափած մեղրաշունչ բանք ու եղանակք, որք հազար տարիէն ետքը հազար ու մէկ կտոր լինելէն վերջն անգամ դեռ ընդ մեզ շատերու ուշքն ու աղիք, սիրտ ու հոգիք կը յափշտակեն…»: Եվ ահա, «հազար տարիէն ետքը» դարձեալ լսում ենք չանկիւռի անունը նշանաւոր աշուղի՝ Սայեաթ-Նովի բերանից.
Առանց քեզ ի՞նչ կօնիմ սայբաթն ու սազըն
Ձեռնեմէս վէր կօնիմ չանգիրն մէմէկ…
Իւր դաֆտարում մի այլ տեղ խաղի տակ նոյն աշուղը՝ որպէս ծանօթութիւն, ասում է.
«Սուրբ Կարապետի կարողութիւնով սովրեցայ քամանչէն ու չունգուրն ու ամբուրէն»…

Մեզանում, Արարատեան նահանգում նոյն գործիքը կոչվում է չունգուր, ահա բանաստեղծը.
«Արի՛, աշու՛ղ, ա՛ռ չունգուրդ, մի բա՛ն ասա սրտալի,
Կարօտ ենք քու անուշ ձէնին, մի բա՛ն ասա սրտալի»…

Գաւառներում, ժողովրդի բերանում նոյն բառն աւելի աղաւաղուել է, գռեհկացել, օրինակ, Շիրակում ասում են չոնգուռ. այնտեղ յայտնի չոնգուռ ածող վարպետ Յակոբին տեղացիք կոչում են «չոնգուռ Յակո»:

…«Արևելեան — աշուղական նուագարանների մէջ ամենքից աւելի յայտնին և ժողովրդականացածը սազն է: Սազը ի՛սկ որ աշուղական գործիք է. աշուղ՝ առանց սազի, սազ՝ առանց աշուղի դժուար կը լինէր երևակայելը: Այս գործիքն այնքան ընդհանրացել է և անուն հանել, որ առհասարակ աշուղական միւս նուագարաններին էլ ընդհանուր անունով կոչում են «սազեր» և աշուղներին՝ «սազանդար»…

Քամանչա

«Ամեն սազի մե՜չը գոված՝ դուն թամամ դասն իս, քամա՛նչա,
Նաքաս մարթ քիզ չի կանա տե՛սնի, դուն նրա պասն իս, քամա՛նչա»… (Սայաթ-Նովա)

Տարբեր առիթներով հիշվում է Զորավար Անդրանիկին փառաբանող գուսանի՝ Շերամի խոսքն ուղղված Անդրանիկին՝ «Քեզի պես զենքով չեմ կռվել, բայց ինչքանով որ կհասկնամ, երգն էլ զենքից պակաս չէ»:
Ի պատասխան՝ զորավարն ասել է՝ երաժշտին գրկելով. «Իհարկե, երգն ու երաժշտությունը երբեմն ավելի՛ զորեղ են»…

1887 թվականին գրված՝ Ջիվանու խոսք ու խրատից՝

ՀԱՅԻ ՃՈՒՏ

Դու այն երկրեն մի՛ հեռանար, Հայի՛ ճուտ,
Ուր որ Նախնիքներեդ հիշատակներ կան,
Մրսած ժամանակդ կըքաղես օգուտ,
Դեռ մոխրի մեջ թաղված հին կրակներ կան։

Բնակված երկիրդ սուրբ է, Հա՛յ եղբայր,
Հայի արնով ներկված է ամեն քար.
Զոհվել են հավատի և ազգի համար,
Պառկած հազարավոր նահատակներ կան։

Ջիվա՛ն, ազգիդ հավատարի՛մ ծառայե,
Տեղը եկավ՝ մինչև կյա՛նքդ ընծայե,
Հայրենիքիդ վերա լա՛վ աչքով նայե,
Յուր մեջը հոգեբուխ ավերակնե՛ր կան։

Գուսաններ Շերամի (1857-1938) և Ջիվանու (1846-1909) հուշարձանը Գյումրիում