«ԵՐԱԶ ՏԵՍԱ. ՍԱՅԱԹ — ՆՈՎԵՆ ՄՈՏՍ ԷԿԱՎ ՍԱԶԸ ՁԵՌԻՆ»…

Անդրադառնալով քրիստոնեության տարածման ժամանակ և հետագայում Հայոց ազգային մշակույթի բնաջնջմանը, Րաֆֆին գրում է.
«Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան… Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ…
Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը Հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:
Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմու՛նքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավա՛տը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները – դրանք դեռ մնում էին և մնացին շա՜տ դարեր այդ կործանումից հետո:
Սուրը և հուրը չկարողացա՛ն ոչնչացնել նրանց:
Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին»:

Ասվածի վկայություններից են Հայոց հնագույն պաշտամունքավայրերում երբեք չդադարած ուխտագնացությունները, ծեսերն ու տոները, որոնք նույնիսկ հակասում էին քրիստոնեությանը:

Ահավասիկ՝ երազներին տրվող առանձնահատուկ կարևորությունը՝ Հայոց Երազամույն վայրերի ավանդույթներից մեկը: Հիշենք, որ այսօրվա Զվարթնոցի տաճարի տեղում էլ նման վայրերից մեկն էր, որից էլ՝ ի հակադրություն «Երազամույն» անվան՝ «Զվարթնոց»՝ «Զվարթունների վայր» կոչվեց այն՝ քրիստոնեության տարածումից հետո:

Լինելով սերնդեսերունդ ամբարված իմաստության, մշակույթի բանավոր փոխանցման հնագույն միջոցի շարունակողներ՝ գուսանները՝ աշուղները պահպանեցին վաղնջական ժամանակներից եկող ավանդույթները՝ նույնիսկ քրիստոնեության տարածումից հետո եղած արգելքներն անտեսելով:

Ասվածի ապացույցներից է ուխտագնացությամբ Դիցերից «շնորհ» ստանալու ավանդությունը:
Դիցապաշտ Հայոց հայտնի ուխտավայրերից մեկում՝ Քարքե լեռան հայացքի ներքո՝ մեծագանձ ու ծաղկուն տաճարներով, ուր հետագայում անվանափոխված Մշո սբ. Կարապետն էր, ինչպես և այլուր՝ իրենց ուխտագնացությունն էին կատարում՝ Դիցերից (հետագայում՝ «մուրազատու սրբից») ցանկալի շնորհն ստանալու ակնկալիքով: Լարախաղացների նման, աշուղները ևս մի քանի օրով գիշերում էին սրբավայրում՝ երազում հայցվող շնորհի պարգևն ստանալով («…Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից»,- ինչպես գրում է Րաֆֆին՝ «Կայծեր»-ում)…

19-րդ դարի Սեբաստացի արհեստավարժ Հայ աշուղի՝ Փէսէնտիի ուխտագնացության պատմությունը՝ «Յուշամատեան»-ից.

«Փէսէնտին պատմեր է Ինճէեանին, թէ ինչպէս զգացեր է աշուղի իր կոչումը.

«Ես 16-17 տարեկան էի. հայրս քէմանի-ջութակ կը նուագէր։
Աշուղ ըլլալու շատ սէր ունէի։
Օրին մէկը ըսին թէ Սուլու Խահվէն աշուղներ եկեր են, «Մուամմէ» կախեր են։
Քանի մը անգամ գացի մտիկ ընելու եւ հեռացայ։ Սէրս աշուղութեան տուի, բայց խնդիր էր, թէ ինչպէս սորվիմ։ Ես, որ մեր մամիկներէն լսած էի, թէ մեր պատմական Ս. Նշան վանքն ի սրտէ բարձրացողին եւ հաւատացողին «մուրազ»-ը կու տայ, որոշեցի վանք երթալ եւ «մուրազս» խնդրել։

Դպրոցական ընկեր մը ունէի Ոսկիան անունով, որ քէմանի կը նուագէր. ան ալ ինծի պէս աշուղութեան փափաքող էր։

Օրին մէկը մեր ծնողքին հետ որոշեցինք երթալ սուրբ Նշան վանքը եւ խնդրել Առաջնորդ Պետրոս Սրբազանէն, որ մեզի վանքին մէջ սենեակ մը տրամադրէ, որպէսզի մեր փափաքին համաձայն 30 օր ուխտի մնայինք։ Առաջնորդը մեզ օրհնելով սենեակ մը տուաւ։ Ծնողքնիս կը հոգային մեր ծախքերը։

Օրը երեք անգամ մատուռի սեղանին առջեւ ծունկի գալով եւ «Սուրբ Նշան, մեր փափա՛քը տուր» ըսելով կ’աղօթէինք։ Հազիւ 10-15 օր անցած, ընկերս՝ ձանձրանալով, տուն գնաց, իսկ ես լման ամիս մը մնացի, առանց հուսահատելու եւ ձանձրանալու, աղօթքս կը շարունակէի։
Օրին մէկը գիշերը, երբ կը քնանայի անկողինիս մէջ, մօրուսաւոր մէկը, կայտառ դէմքով, քովս կանգնելով թեւս բռնեց։
Ձեռքին մէջ քէմանի մը ունէր, ինծի տուաւ եւ ըսաւ թէ ուխտս ընդունուած է։
Ես մէկէն արթնցայ. ո՛չ մարդ կար, ո՛չ ալ քէմանի։
Առաւօտը լուսանալուն գացի մատուռը, ծունր դրի խորանին առջեւ։ Առաջնորդը երբ եկաւ, պատմեցի երազս։
Ան օրհնեց զիս եւ ըսաւ. «Գնա՛, զաւակս, յաջողութիւն կը մաղթեմ քեզի եւ շարունակէ՛ փորձերդ, որ քու փափաքդ կատարուի»։ Համբուրեցի Առաջնորդի ձեռքը ու տուն վերադարձայ։
Ծնողացս պատմեցի երազս. շատ ուրախացան»…

Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից

Հետագայում՝
«…Փէսէնտին կը գաղթէ Ռուսիա եւ կ’ապրի զանազան տեղեր՝ ներառեալ Կեռչ (արեւելեան Ղրիմ), Պաթում, Երեւան եւ Էջմիածին. ապրուստը կը վաստակի իբրեւ փռապան եւ սրճարանատէր։

Հաւանական է, որ ունեցած է սրճարան մը, ուր աշուղական երաժշտութիւն կը հնչէր, ներառեալ իր իսկ կատարումով։ Կրնանք նաեւ պատկերացնել որ հանդիպած ըլլայ հռչակաւոր աշուղներ Ջիւանիին եւ Շերամին, որոնք այդ օրերուն նոյնպէս գործուն էին Ռուսահայաստանի մէջ։
1895-ի ջարդերուն Փէսէնտին ուզած է Ամերիկա ապրող իր ընկերները տեղեակ պահել կատարուածներէն։

«Բնական է, որ բացէն բան չէր կրնար գրել Ամերիկա գտնուող իր բարեկմաներուն։
Իր մէկ նամակը սակայն, այսպէս կը վերջացնէր.

«Աղէտը եկաւ անցաւ. Յանցաւորը ո՛վ է՝ չենք գիտեր, քէմանիս ալ ազատուած է. ինձմէ հեռու էք, բայց երգեմ, որ լսէք, կարելի է զիրար ալ չի տեսնենք, սա երգս ձեզի կտակ։

«Վարդը բացատրելու պէտք չկայ,
Ծաղիկ մըն է, մենք գիտենք։
Շունը բացատրելու պէտք չկայ,
-Գամփռ մըն է, մենք գիտենք»:

Ըսել կ’ուզէր թէ շունը, որ նման ոճիր մը կատարած էր, ամենամեծ տականքն էր»…

«Երազ տեսա…»,- գրում էր Չարենցը.

«Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմա՛սը ձեռին»։

Սայաթ — Նովա (Նկարիչ՝ Էդուարդ Իսաբեկյան)

«Թագավորների բուն պատմություններում ու մեհենական գրականության մեջ» հիշատակմամբ մեզ չհասած պատմական դրվագները, Մ. Խորենացու վկայմամբ՝ «…ինչպես Մար Աբաս Կատինան պատմում է, փոքր և աննշան մարդկանց ձեռքով գուսանական (երգերից) ժողովված են արքունի դիվանում»:

Գուսանները՝ տաղերգուների նման, պատմական նշանավոր դեպքերի, հայտնի դեմքերի, սիրելի վայրերի գովքի, իրադարձությունների նկարագրումից զատ ուսուցողական, բարոյախոսական, խրատական գործեր՝ «խաղեր» ունեին:
«Գի՛ր սիրե, ղալա՛մ սիրե, դավթա՛ր սիրե»,- երգում էր Սայաթ-Նովան …

«Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով: Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ` սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր: Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ: Իր սիրո վեպն ուներ՝ արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած:
Ամեն շաբաթ, կեսօրից հետո, սազը պատյանի մեջ՝ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի: Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր՝ սազը վզից կախ, առատ վարձատրված:
Ինչքա՜ն, ինչքա՜ն էի սիրում աշուղ-ամուն: Երբ գալիս էր, տոն էր սկսվում ինձ համար: Հափշտակված, աչքերս նրա մթին աչքերին հառած՝ ժամերով կախված էի մնում նրա շրթներից:
Նրա սազն ու հեքիաթը այլափոխում էին իմ աչքում իրական շրջապատը:
Հանկարծ մեր գավառի լեռները, ձորերը, դաշտերը վերածվում էին ուրիշ տեսակ մի աշխարհի՝ աննկարագրելի գեղեցիկ, առասպելական: Հրաշքի աշխարհ, որի լեռների բաշերով թռչում են հրեղեն ձիերը, կտրիճները գնում են անմահական խնձոր բերելու, չքնաղագեղ աղջիկները մարմարյա ապարանքների մեջ կարոտով սպասում են անվեհեր կտրիճներին, որոնց մեջ տեսնում էի և ինձ»…
1933 թվականին «Հայրենի հուշեր»-ում գրել է Ավետիք Իսահակյանը (Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու, հ. 4, էջ 119):

Սայաթ — Նովա (Նկարիչ՝ Մարտիրոս Սարյան, 1923 թ. անհատական հավաքածու)
Facebook Comments