«ԾԻՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ. ԸՆԾԱՆԵՐ»
«Ընծայ» — ձոն, նուէր, «ընծայել»՝ ձօն մատուցանել:
«Ընծայաբեր բագնեացն եղեալ» — Նախնեաց հորինած վիպասանության ոտանավորներներից է հիշատակում «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանը, ուր կարդում ենք նաև՝
«Ընծայաբերութիւն — բերումն և մատուցումն ընծայից. նուէրք և սպասք»:
«Ընծայատար» — տարօղ ընծայից, ընծայաբեր, ընծայաւոր:
«Ինքն անցանք ‘ի պարսս՝ ընծայատար Դարեհի» (Խորենացի, Բ, 45):
Անհիշելի ժամանակներից ի վեր զանազան ժողովուրդների մեջ տարածված ընծայաբերութեան՝ «Գթարար ծեսի» բնական ծագման օրինակների և Հայոց մեջ պահպանված ավանդույթների համեմատությամբ անվանի ազգագրագետ Ե. Լալայանն իր՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ» հոդվածում ի ցույց է դնում խորհրդանշական գործողության՝ ընծաների մատուցման ծիսակարգի ձևավորումն ու զարգացումը, երբ «Կամաւոր ընծայաբերութիւնը հետզհետէ դառնում է պարտադիր»…
«…Հայ գիւղացին առանց ընծայի երբէք չի գնալ մի մեծաւորի տեսնելու:
Նոյնիսկ «տեսնել» բառը «ընծայ տալու» իմաստն է ստացել:
Միևնոյն սովորութիւնը տեսնում ենք և այլ ժողովրդների մէջ»,- գրում է նա իր՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ. Ըստ Հ. Սպենսերի» հոդվածում, հիշեցնելով որոշ դրվագներ:
«Հայ մելիքների տիրապետութեան միջոցին վաճառականները միայն ընծաներ են մատուցել մելիքին և որոշ տուրք վճարելու սովորութիւնը բոլորովին չէ եղել: Այժմ միևնոյն կարգը գոյութիւն ունի քիւրդ և թուրք բէկերի մէջ»…
…«Ամեն տարի, մի քանի տօների ժամանակ, այն հնդիկները, որոնք հարկ չէին վճարում, մինչև անգամ զօրապետներ էլ, ընծաներ էին տալիս իրենց վեհապետին՝ ի նշան հպատակութեան»…
Անդրադառնալով մասնավոր անձանց կամ համայնքների կողմից ընծաների մատուցման սովորույթին և նրանց նշանակությանը, նա ուրվագծում է այն ուղին, որը կամավոր ընծայաբերությունից տանում է դեպի «պարտադիր տուրք»՝ հետագայում՝ դրամի ծագմամբ, դառնալով հարկ:
Շարունակելով նախորդ հրապարակման թեման՝ ծանոթանանք ևս մի քանի հատվածների՝ քաղված Երվանդ Լալայանի վերոնշյալ ուսումնասիրությունից, որը լույս է տեսել 1912 թվականին՝ Թիֆլիսում հրատարակված «Ազգագրական Հանդէս»-ի 23-րդ հատորում:
ԸՆԾԱՆԵՐ
«Ճանապարհորդներն օտար ժողովուրդների հետ յարաբերութիւն ունենալիս սովորութիւն ունին նրանց հաճութիւնը գրաւել ընծաներ տալով:
Այս վարմունքը ունենում է երկու հետևանք: Նախ՝ նուիրած իրի արժէքի պատճառած հաճոյքը բարեկամական տրամադրութիւն է յառաջացնում օտարականի մէջ, և երկրորդ՝ ընծայաբերութեան գործողութիւնը նուիրատուի կողմից լռելեայն ցանկութիւն է արտայայտում դուր գալու, որը նաև տրամադրում է նուիրատուին՝ դէպի նուիրատուն:
Այս վերջին ցանկութեան մէջ պէտք է որոնել ընծայաբերութեան՝ որպէս ծիսական կարգի սկիզբը:
Ծայրատման ու ընծայաբերութեան, այսինքն՝ մարմնի մի որևէ մասի և մի որևէ իրի մատուցման միջև եղած կապը պարզ երևում է Գարսիլասսօի մի պատմուածքի մէջ, ուր ցոյց է տրւում, որ ընծայաբերութիւնը դառնում է հաշտարար, գթաբար միջոց՝ ընծայուած իրի արժէքից բոլորովին անկախ:
Գարսիլասսօն՝ նկարագրելով բեռնակիրների կեանքը, ասում է, թէ սրանք լերան բարձունքին հասած միջոցին վայր են դնում իրենց բեռները և արտասանում են իրենց Պաչակամակ աստծուն ուղղուած հետևեալ խօսքերը. «Շնորհակալ եմ քեզանից, որ կարողացայ կրել այս իրերը մինչև այստեղ»:
Յետոյ, իբր զոհ, քաշում են իրենց ունքերից մի-մի մազ և կամ հանում են բերնից կիւկա կոչուած խոտը՝ իբր նուէր իրենց ունեցած ամենաթանկագին իրերից: Եւ կամ, եթէ աւելի լաւ բան չեն ունենում զոհաբերելու, մատուցում են ծղօտի կամ քարի կտոր և կամ՝ հողի կոշտ:
Լեռնային անցքերի գագաթներին յաճախ պատահում են ահագին կոյտեր՝ բաղկացած այսպիսի զոհաբերութիւններից:
Միևնոյն երևոյթը տեղի է ունենում նաև Հայերիս մէջ:
Այսպէս, օրինակ, ճանապարհների վրայ, անբնակ տեղերում ընկած սրբերի ուխտատեղիների մօտով անցնելիս, ճանապարհորդները՝ չունենալով յարմարութիւն խունկ ու մոմ զոհաբերելու, մի կտոր քար են ձգում այդպիսի սրբատեղու վրայ, որով կատարուած են համարում իրենց զոհաբերութեան պարտականութիւնը:
Որքան և մարմնի մասերի կամ թանկագին իրերի և կամ ոչ մի արժէք չներկայացնող իրերի զոհաբերութիւնը, առաջին երևոյթից, տարօրինակ թուի մեզ, բայց և այնպէս, նրանց տարօրինակութիւնը չափազանց կը նուազի, եթէ մտաբերենք, որ Ֆրանսիայում, ճանապարհների երկու կողմը բարձրացող խաչքարերի պատուանդանների վրայ կարելի է տեսնել երկու բարակ փայտերից շինուած խաչերի կոյտեր:
Այս խաչերի արժէքն երբէք չի գերակշռիլ այն ծղօտի, ձողիկների և քարերի արժէքին, որ մատուցանում են պերուցիները, և սրանք, վերոյիշեալ ընծաների նման, ցոյց են տալիս այն ճշմարտութիւնը, որ ընծայաբերութիւնը դառնում է մինի շնորհը, գութը գրաւելու ցանկութիւն արտայայտող մի ծէս:
Հայկական մի աւանդութիւն պատմում է, թէ երկու ուղտ՝ միասին արածելիս, երբ արդէն կշտացած են եղել, սրանցից մինը մի փուշ է քաղել և միւսի բերանը դրել: Եվ երբ վերջինս հարցրել է, թէ՝ «Ի՞նչ ես անում, չէ՞որ սա ևս այն փուշն է, որից կերանք, կշտացանք», տուողը պատասխանել է. «Փուշ՝ միշտ փուշ ա, ամա մարիֆաթն (այսինքն՝ շնորհք, յարգանք ցոյց տալն) անուշ ա»…
…«Քաղաքական իշխանութեան զորեղանալու համեմատ ՝ գթարար ընծաները փոքր առ փոքր կամաւոր և մասնաւոր ձևից դառնում են աւելի պակաս կամաւոր և աւելի ընդհանուր՝ սկիզբ տալով ընդհանուր և պարտադիր տուգանքի՝ որոշ տուրքի, իսկ, դրամի ծագմամբ՝ տուրքը դառնում է հարկ:
Թէ ինչպէ՛ս է կատարւում այս ձևափոխումը՝ պարզ երևում է պարսկական սովորութիւններից:
Մալկոլմը՝ խոսելով այն անկանոն և ծանր հարկերի մասին, որոնց պարսիկները շարունակ ենթարկուած են, նկատում է. «Այս հարկերից առաջինները կամ լրացուցիչները կոչւում են «սովորական և արտակարգ ընծաներ»:
Սովորական ընծաները, որ մատուցւում են թագաւորին, նրանք են, որ ամեն տարի տալիս են նահանգների և շրջանների կառավարիչները, ժողովրդների զորապետները, նախարարները և միւս բարձրաստիճան պաշտօնեաները Նովրուզի տօնախմբութեան միջոցին:
Այս ընծաների քանակը որոշւում է ընդհանրապէս սովորութեան համեմատ. ով նշանակուածից պակաս կը բերի, կը խիզախի պաշտօնը կորցնելու, ով աւելի կը բերի՝ կարժանանայ թագաւորի աւելի մեծ շնորհին»…
…«Ինչ որ ասուեց Արևելքի մասին ընդհանրապէս՝ կարելի է մասնաւորել և Հայաստանի վերաբերմամբ՝ որպէս նրա մի մասի:
Հայ մելիքների ծառաները, զօրքը, զօրապետները երբէք ռոճիկ չեն ստացել, այլ շատացել են միայն մելիքից ստացած պարգևներով, որ «խալաթ» է կոչուել և ժողովրդի տուած նուէրներով:
Նոյնիսկ այժմ դեռ շատ տեղերում գիւղական տանուտէրները, դատաւորները և գզիրները որոշ ռոճիկ չեն ստանում, այլ կառավարւում են ժողովրդից ստացած նուէրներով, որոնք հետզհետէ պարտադիր ծէսի ձև են ստացել:
Այսպէս, օրինակ, տանուտէրին նոր տարուն ամեն տուն մի շիշ օղի և մի զոյգ քոշ է ընծայում, զատկին մի-մի գառ և հաւկիթներ: Ամեն մի պսակուող մի զոյգ մաշիկ կամ քոշ և մի կամ 2 րուբլի դրամ ընծայում: Նաև՝ ձրիաբար հնձում են նրա արտերը՝ ամեն տնից մի մշակ տալով»…
…«Քանի որ տիրում է այն հաւատը, թէ մեռած անձի կրկնակը, որ ամեն բանով նման է իրեն, ենթարկուած է՝ կենդանի էակներից ոչ պակաս, տանջանքի, ցրտի, քաղցի, ծարաւի, այստեղից բնականաբար ծագում է այն ենթադրութիւնը, որ նա ևս կարիք է զգում ուտեստի, խմիչքի, հանդերձի և այլն: Հետեւապէս և ննջեցեալներին մատուցուած ընծաները չեն տարբերւում ողջերին մատուցուած ընծաներից ո՛չ իրենց շարժառիթներով և ո՛չ էլ նշանակութեամբ:
Սրան իբր ապացոյց կարող են ծառայել ամբողջ աշխարհիս բոլոր ստորին հասարակութիւնները: Պապուացիները, … հին պերուացիները, բրազիլացիները և ուրիշներ դեռ չը թաղուած դիակների մօտ դնում են կերակուր և խմիչք:
Միևնոյնը տեղի է ունենում և վիրահայոց մէջ: Քանի դեռ ննջեցեալը տանն է՝ նրա բաժին կերակուրն ու խմիչքը թէ՛ նախաճաշիկին, թէ՛ ճաշին և թէ՛ ընթրիքին դնում են նրա սնարի մօտ և մի կարճ միջոցից յետոյ վերցնում տալիս աղքատների և կամ ննջեցեալի հասակի մի անձի՝ ուտելու:
Ոմանք էլ գինեսէր ննջեցեալների դագաղում մի քանի շիշ գինի են դնում, ինչպէս և մանուկի դագաղում՝ մրգեր:
Բուլանըխում Հայերը մի ամբողջ տարի ննջեցեալի տնից օրական մի բաժին կերակուր են ուղարկում մի աղքատի տուն՝ իբր ննջեցեալի հոգեբաժին:
Վասպուրականում մինչև ննջեցեալի եօթը կամ քառասունքը կատարելը ամեն օր հրաւիրում են քահանային, տիրացուներին, ժամհարին և մի քանի աղքատ՝ ննջեցեալի տունը՝ ճաշելու, իսկ Վանում՝ փոխանակ սրանց տուն հրաւիրելու՝ ճաշը ուղարկում են եկեղեցի, որպէսզի այնտեղ ճաշեն վերոյիշեալ անձնաւորութիւնները:
Այս ճաշերը կոչւում են «հոգեբաժին» կամ «հոգեճաշ»: Թաղման օրը, եօթին, քառասունքին և տարելիցին մեծ բազմութեան ճաշ են տալիս:
Կերակուր և խմիչք դնում են գերեզմանի վրայ ննջեցեալին թաղելուց յետոյ հետևեալ ժողովուրդները»… (Աֆրիկայում, Ամերիկայում, Հին Արևելքում…):
Հայկական գրեթէ բոլոր գաւառներում մեռելոցի օրերը ուտելեղէն, խմիչք ու մրգեր են տանում գերեզմանատուն ու, գերեզմանները օրհնելուց յետոյ՝ իրենք ուտում, խմում են, նախապէս փոքր-ինչ խմիչք ածելով գերեզմանի վրայ, և յետոյ էլ մնացորդները դնում են գերեզմանի վրայ:
Վասպուրականում աւագ ուրբաթ և զատկի մեռելոցի օրը հաց են թխում և բաժանում աղքատներին, շատ տեղեր էլ, ինչպէս օրինակ, Ղարաբաղում, Ապարանում, Աւագ ուրբաթ, Զատկի ու Աստուածածնի վերափոխման մեռելոցի օրերն ամէն տնից կերակուրներ են տանում գերեզմանատուն և կամ եկեղեցի և այստեղ միասին ուտում են ու հոգեհանգիստ կատարում համայն ննջեցելոց համար: Կերակրների մնացորդները կամ դնում են գերեզմանների վրայ և կամ բաժանում աղքատներին:
Կարնեցիք և Կարնոյ գաղթական Աղէքսանդրապօլցիք, Ախալքալաքցիք և Ախալցխացիք հետևեալ սովորութիւնն ունին:
Սուրբ Խաչի տօնին ննջեցեալների մօտիկ բարեկամները մի-մի ուլ, մի-մի սև շալ և մի-մի սև աղլուղ ուղարկում են ոգետունը, ուր ուլից պատրաստում են քեաշկեակ, տանում գերեզմանատուն, իրենց նոր ննջեցեալի գերեզմանը օրհնել տալիս և ապա այդ բարեկամների հետ գերեզմանի մօտ նստած ուտում քեաշկեակը և ավելացածը դնում գերեզմանի վրայ: (Քեաշկեակը պատրաստում են այսպէս. Ձաւարը խաշում են, քամում և դնում թոնրի մէջ, ապա կաշեհան արած ուլը կախում են նոյն թոնրի մէջ այնպէս, որ սրանից հոսած իւղը կաթի ձաւարի մէջ: Երբ ուլը խորովւում է, հանում են, կտրատում, խառնում ձաւարի հետ, նախապէս սոխորած աւելացնելով)»…
Զանազան ժողովուրդների մոտ եղած սովորույթները թվարկելով և համեմատելով, Ե. Լալայանը գրում է.
…«Այստեղից դժուար չէ հանել այն եզրակացութիւնը, որ ննջեցեալին արուած ընծայաբերութիւնը այն միևնոյն նշանակութիւնն ունի՝ ինչ կենդանի էակին արուած ընծայաբերութիւնը, այն միակ տարբերութեամբ, որ ընծայ ստացողը աներևոյթ է:
Նկատենք նաև, որ գերբնական էակների, որոնցով շրջապատուած է երևակայում իրեն նախնական մարդը, բարեհաճութիւնը մի որևէ ձևով հայցելու շարժառիթն էլ միևնոյնն է»…
…«Աշխարհիս երեսի շատ ժողովուրդներ ճաշելուց առաջ իրենց կերակրից և խմիչքից փոքր-ինչ ձգում էին ոգիների համար:
Այժմ տեսնենք, թէ այս ծէսը ինչպէս է զարգանում միաժամանակ, երբ գերբնական էակի պաշտամունքն էլ զարգանում է:
Ընծայաբերուած իրերը և ընծայաբերութեան շարժառիթները մնում են միևնոյնը, ինչ որ էին վերոյիշեալ դէպքերում, թէպէտև նրանց նոյնութիւնը փոքր-ինչ մթագունում է՝ երբ «զոհ» է անուանւում աստուածների և «ընծայ»՝ կենդանի մարդկանց վերաբերմամբ:
Նրանց սկզբնական նոյնութիւնը խիստ կերպով երևան է գալիս յունաց հետևեալ առածի մէջ. «Ընծաները որոշում են աստուածների և մարդկանց գործողութիւնները»…
…«Ուտեստն ու խմիչքը, որ կազմել են գթարար ընծաների ամենանախնական տեսակը, որ մատուցւում էին կենդանի մարդկանց, ինչպէս և՛ ոգիներին, միաժամանակ կազմում են աստուածներին մատուցուող զոհաբերութեան էական մասը:
Այն երկրներում, ուր իշխանութիւնը դեռ նոր է սկսում զարգանալ, զօրապետներին ուղարկուող ընծաները գլխաւորապէս բաղկացած են լինում ուտելեղէններից: Այնտեղ, ուր զարգանում է Նախնիքների պաշտամունքը, ուր այս պաշտամունքը ոգուն դարձնում է աստուած, զոհաբերութիւնները բաղկանում են նոյնպէս, մեծ մասամբ, բոլոր տեղերում և ամեն ժամանակ՝ ուտելեղէններից և խմիչքներից:
Որ այս միանգամայն ճիշտ է ստորին հասարակութիւնների վերաբերմամբ, ապացոյց էլ չի պահանջւում, իսկ ինչ վերաբերում է բարձր հասարակութիւններին, այս ևս հանրածանօթ մի փաստ է, թէպէտ և երբեմն ուրանում են»…
Շարունակությունը՝ հաջորդիվ…