«ԽՈՍՔ ԿԱ՝ ՍԱՐԻ ԳԼՈՒԽԸ ԿՀԱՆԻ, ԽՈՍՔ ԿԱ՝ ՍԱՐԻՑ ՆԵՐՔԵՒ ԿԲԵՐԻ»…
«Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է» — Խոսքը կարող է միավորել, ստեղծել կամ քանդել հարաբերություններ ու պետություններ… «Խոսք կա՝ սարի գլուխը կհանի, խոսք կա՝ սարից ներքև կբերի»:
Խոսքը մարդկային գոյության ամենահզոր գործիքներից է՝ ունակ ձևավորելու իրականությունը, ազդելու մարդկանց մտքերի և զգացմունքների վրա, կառուցելու կամ քանդելու հարաբերություններ, փոխելու հասարակություններ։ Ճիշտ ընտրված խոսքը փոխանցում է գիտելիք, հույզ, դառնում է հասարակական միասնության գործիք և մարդու զարգացման խթան։
Հին աշխարհում խոսքի արվեստը՝ ճարտասանությունը, կրթության և հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներից մեկն էր։ Հռետորը պետք է կարողանար ճիշտ պահին ընտրեր դիպուկ բառը՝ իմաստի լավագույն ազդեցությամբ։
Ճարտասանական արվեստը հնուց ի վեր կրթված մարդու, քաղաքացու և առաջնորդի կարևորագույն կարողություններից մեկն էր, քանզի հասարակական կյանքում շատ բան որոշվում էր բանավոր խոսքի միջոցով։ Քաղաքական կյանքը հիմնված էր հրապարակային խոսքի վրա (ինչպես Աթենքում՝ քաղաքացիների քաղաքական մասնակցությունը պահանջում էր ժողովներում խոսելու ձիրք՝ տեսակետը ներկայացնելու, առաջարկը պաշտպանելու և հակառակորդի փաստարկներին պատասխանելու համար): Ուստի՝ խոսքի կարողությունը գործնական քաղաքական հմտություն էր։ Ով կարողանում էր հստակ ձևակերպել իր միտքը, հիմնավորել այն և համոզիչ ներկայացնել հանրությանը, կարող էր ավելի մեծ դեր ունենալ հասարակական կյանքում։ Դատարանում մարդը պետք է կարողանար պաշտպանել իրեն (անհրաժեշտ էր ներկայացնել ապացույցները, փաստարկել, պատճառաբանել, պատասխանել մեղադրանքներին և համոզել դատավորներին)… Հետևաբար՝ հռետորությունն իրավական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից էր:
Ճիշտ ընտրված խոսքը կարող է բացատրել բարդ գաղափարը, համոզել, ոգեշնչել, հաշտեցնել մարդկանց և ուղղորդել նրանց գործողությունները։ Իսկ անզգույշ կամ սխալ ընտրված խոսքը կարող է առաջացնել հակամարտություն, թյուրիմացություն և նույնիսկ՝ քայքայել վստահությունը։ Համոզիչ փաստարկներով, տրամաբանված բանավեճերն իմաստասերների համար ճշմարտության բացահայտման միջոց էին։ Խոսքը իշխանության կարևոր գործիք է…
Նույն խոսքը տարբեր ժամանակներում կարող է ունենալ տարբեր նշանակություն։
Ստորև՝ 8-րդ դարում ապրած Աբասյան խալիֆի՝ արևելյան պատմություններում հաճախ հիշվող Հարուն ալ-Ռաշիդի երազի խրատական մեկնությունը, ուր շեշտվում է հաղորդվող մտքի բովանդակության մատուցման ձևի կարևորությունը։
«Մի գիշեր արաբական աշխահի հռչակավոր խալիֆ Հարուն ալ- Ռաշիդը երազ տեսավ։ Երազահաններին ու երազ մեկնողներին հրամայեց առավոտյան ներկայանալ ու մեկնաբանել այն։ Հնում մարդիկ ավելի շատ էին հավատում երազին ու դրա մեկնաբանությանը։ Վատ երազներից վախենում էին՝ համոզված, որ յուրաքանչյուր երազ տեղեկություն է ապագայի մասին։ Դա էր պատճառը, որ թագավորներն իրենց հատուկ երազահաններն ու երազագետներն ունեին, և երբ սարսափելի կամ ուրախ երազ էին տեսնում, մեկնությունը հարցնում էին նրանցից։ Երբեմն էլ իրենց անելիքների ու գործերի համար հիմք էին ընդունում այդ մեկնություններրը՝ ձեռնամուխ լինելով տարօրինակ գործերի։ Երբեմն խորամանկ երազահանները, օգտվելով դրանից, հասնում էին իրենց նպատակներին։
Հարուն ալ — Ռաշիդը բազմիցս նկատել էր, որ երազահաններն անհավաստի բաներ են ասում։ Ուստի այնքան էլ չէր հավատում նրանց ասածներին ու պատճառաբանում էր․ – Եթե երազահանությունը գիտություն է, ապա մի երազը բոլորը պետք է նույն կերպ մեկնաբանեն, ոչ թե ամեն մեկը մի բան ասի։ Նա սովորություն ուներ մի երազն առանձին-առանձին պատմել տարբեր երազագետների։ Եթե նրանց մեկնությունները նման էին լինում, հավատում էր, իսկ եթե լիովին տարբեր էին, ոչ մեկին չէր հավատում։ Այդ օրն էլ երկու երազահան ներկայացան։ Խալիֆը նախ մեկին ընդունեց ու պատմեց իր երազը․ – Երազում ատամներս մեկ-մեկ թափվեցին, ու բերանումս ատամ չմնաց։ Ինչպե՞ս կմեկնաբանես։ – Լավ երազ չէ։ Սա նշանակում է, որ խալիֆի բոլոր հարազատները նրանից ավելի շուտ են մեռնելու։ – Շա՜տ վատ մեկնություն է,- ասաց խալիֆը, ապա հրամայեց մտրակի հարյուր հարվածով պատժել նրան ու պալատից դուրս վռնդել։ Հետո հրավիրեց երկրորդ երազահանին, պատմեց նույն երազը և հրամայեց մեկնաբանել։ – Սա լավ երազ է։ Նշանակում է, որ խալիֆի կյանքը բոլոր մերձավորներից ու հարազատներից ավելի երկար է լինելու․ նա ավելի երկարակյաց է։ Խալիֆն ասաց․ – Զարմանալիորեն քաղցր մեկնություն էր,- և հրամայեց հարյուր ոսկի ընծայել նրան։ Հետո վեզիրներին կանչեց ու կարգադրեց․ – Գնացե՛ք առաջին երազահանին էլ գտեք և ինչ-որ ձևով սփոփեք, մի բան ընծայեք, քանի որ առաջին մեկնությունը նույնն էր, ինչ երկրորդը, սակայն նրա խոսքը դառն էր։ Երկուսն էլ նույնն ասացին, բայց մեկի խոսքը վատն էր, իսկ մյուսինը՝ լավը»։
«Ինչպէս Շէյքսպիրի գործերում, մենք Հռոմում փնտռում ենք մեզ, մեր սեփական էութեան հայելին: Եւ գուցէ այդ պատճառով է, որ նա այնպէս դիւթում է ամէնքին»… (Ավետիս Ահարոնյան)
Հռոմում՝ Մարկոս Ավրելիոսի սյան առջև կանգնած՝ Ավետիս Ահարոնյանն իր խոհերն է շարադրել, որի վերջին մասն, ի վերջո, ներկայացնում ենք ստորև:
Սկիզբը՝ նախորդող հրապարակումներում…
Զ. ԿՐԿՆՒՈ՞ՒՄ Է ԱՐԴԵՕՔ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ Հին ու դժնդակ հարց է այս եւ միշտ էլ՝ տարբեր պատասխաններով, ըստ տեղի եւ ըստ ժամանակի պայմանների: Կրկնւում է այս թշուառական պատմութիւնը այն չափով, ինչ չափով որ այն կերտող մարդ արարածը՝ իր կոյր կրքերով, իր յոյզերով, իր մերթ՝ աւերիչ, մերթ՝ շինարար բնազդներով, մերթ՝ իր հոգու հարստութեամբ եւ մերթ՝ իր նզովուած նիւթի կատաղութեանը գերի կրկնւում է որպէս հասարակական գործօն: Աւերիչ ու անսանձ մրրիկներ ու փոթորիկներ եւ այնքա՜ն անագորոյն փլուզումներ յաջորդում են իրար, ինչպէս եւ պայծառ, չքնաղ արշալոյսներ՝ միեւնոյն բնութեան յաւիտենապէս ալեկոծ ծոցից:
Չգիտեմ այլ ժամանակներին, բայց այս անցեալ պատերազմով, թւում է, թէ մեր շշմած հայեացքի առջեւ երկու հազար տարի առաջ կատարուած անցքերը եկան նորից յեղյեղուելու, որպէսզի դարերի թմբիրից ըմբոստ նոր սերունդները կեանքի ու մարդկային ճակատագրի ողջ սարսուռն ապրեն:
Արդարեւ, Հայաստանի եւ Հռոմի առաջին բախումը եւ, առհասարակ, այն ժամանակներում Արեւելքի եւ Արեւմուտքի փոխադարձ յարաբերութիւնների զարգացումը վհատեցուցիչ կերպով յիշեցնում է մեր օրերի մեծ իմպերիալիստ պետութիւնների եւ փոքր ու ինքնուրոյնութեան ձգտող ազգերի քաղաքական ու տնտեսական փոխյարաբերութիւնները: Մէկդի դնենք պատմութեան կրկնութեան հարցը, բայց տեսնելուց յետոյ այն բոլորը, ինչ որ մենք տեսանք ու ապրեցինք, ինչպէ՞ս չասենք տրտմօրէն ու հոգեմաշ դառնութեամբ, թէ երեւի երկու հազար տարուայ բարձր քաղաքակրթութիւնը «Մեծ խաչուածի» սքանչելի վարդապետութեան թեւերի վրայ բնաւ բաւարար չէ եղած մարդկութիւնը մաքրելու իր նախնական մեղքի թանձրութիւնից, իր անասնական բնութեան ախտաճարակ պոռթկումներից (ատաւիզմ), որոնք մարդկային ծովի մակընթացութեան ու տեղատուութեան պէս արիւնի յորձանքներով բարձրանում են ու իջնում, դաշտանում:
Դրէ՛ք Հռոմի տեղ այսօրուայ մեծ պետութիւնները, իրենց ընչաքաղց ձգտումներով, իրենց նենգ, դաւադիր քաղաքականութեամբ, իրենց աւարառու, գիշատիչ գործելակերպով, իրենց բոլոր ռազմական կատարելագործութեամբ ու կարողութեամբ՝ ընդդէմ յետամնաց կամ պարզապէս թուով նուազ ժողովուրդների, եւ պատկերը լիակատար կը լինի: Անշուշտ, քսան դար եւ աւելի սրանից առաջ «Հռոմ» եւ «հռոմայեցի» անունը թնդում էր համայն Արեւելքում, ինչպէս նոր ժամանակներում «Եւրոպա» եւ «եւրոպացու» անունը: Հին օրերում Արեւելքում «հռոմայեցի» ասելով հասկանում էին ոչ միայն ոյժ, զօրութիւն, զինուորական անպարտելի կարողութիւններ, հապա եւ՝ փիլիսոփայութիւն, դպրութիւն, բարձր արուեստներ, մի խօսքով՝ քաղաքակրթութիւն եւ մանաւանդ՝ օրէնք եւ արդարութիւն, որ այնքան հրապոյր ու մեծութիւն էր տալիս հեռաւոր Արեւմուտքում բարձրացած այս զարմանահրաշ կայսրութեանը:
Նոյնն էր նախքան մեծ պատերազմը արեւելեան ժողովուրդների համար եւրոպացու անունը, որին կապուած էր միշտ ոչ միայն բարեկրթութեան, կիրթ ճաշակի, խելքի եւ ռազմական զօրութեան հասկացողութիւնը, ապա եւ մի ուրիշ բան, որ դժուար է սահմանել, որ Եւրոպայի խորհրդաւոր, կախարդական իմաստն է եւ որ նրա երեւալուց առաջ արդէն բարոյապէս ընկճում ու իշխում էր Ասիայի մէկ ծայրից միւսը: Այս դժուար սահմանելի, անորոշ, գրեթէ խորհրդաւոր յատկութիւնը եւրոպացու՝ ինչպէս հնում հռոմայեցու, մարդկային կատարելութեան հասկացողութիւնն է բարձր բարոյականութեան, ազատութեան, իրաւունքի եւ արդարադատութեան մի նոր եւ աւելի գերազանց ըմբռնումն է: Ինչպէս մեր օրերում այս համաշխարհային պատերազմի հետեւանքով քաղաքակրթուած Արեւմուտքը փռեց Արեւելքի առջեւ արտաքին շպարի տակ թագնուած իր հոգեկան ու բարոյական լիակատար սնանկութիւնը՝ ճիշդ այդպէս քաղաքակիրթ Հռոմը Փոքր Ասիայում իր ոյժի գերազանցութեան հետ ցուցահանեց գձուձ փոքրհոգութիւն եւ մեծ կայսրութեանն անարժան ու դաւադիր քաղաքականութիւն, արդարութեան եւ իրաւունքի անպատիւ ոտնահարումն, պարտուած ազգերի ու քաղաքների աւեր եւ բռնութիւն՝ յաճախ իր ամենաանգութ ձեւերով:
Ինչպէս մեր ժամանակներում Արեւելքը ծնրադիր էր Եւրոպայի, եւրոպացիի առջեւ հեռուից, առանց իսկ մօտիկից շփուելու, այնպէս եւ հնում Հայաստան եւ Փոքր Ասիա. երկրպագում էին Արեւմուտքի քաղաքակրթութեան: Անշուշտ, անբռնադատ մղումով իրենց հայեացքը դարձնում էին դէպի Հռոմ, մինչեւ որ տեսան ու ճաշակեցին նրա զօրութեան հետ իր անսահման անգթութիւնը եւ ոտնահարումն ու արհամարհանքը դէպի այսպէս կոչուած «բարբարոս ազգերը»: Եւ ինչպէս այսօր մի թշուառ զուգադիպութեամբ այդ ճակատագրական հանդիպումի բոլոր դառնութիւնը, բոլոր անիրաւութիւնը, բոլոր դաւն ու նենգութիւնը Հայաստանն ապրեց խորունկ կերպով: Եւ ան ժամանակ, ինչպէս այժմ, Հայաստանը Արեւմուտքից ստացաւ ամենադաւադիր հարուածը եւ մեծ կայսրութեան վարիչների բարոյականը մօտիկից դիտեց գարշանքով:
Ազգերը ցաւով ու ապշութեամբ տեսան, որ Հռոմի մեծահռչակ օրէնքն ու արտայայտութիւնը հռոմայեցու համար այլ է եւ իրենց համար՝ տարբեր: Ու թւում է, որ Հայ ազգը տակաւին Մեծն Տիգրանի եւ անմիջական յաջորդների օրով նոյն հիասթափութիւններն է տեսել, ինչ որ մենք ենք տեսնում, մենք՝ ապրող սերունդներս Դաշնակից պետութիւնների տմարդութեան երեսից: Եւ սակայն այն ժամանակից քսան դար է անցել…
Մի՞թէ նզովք կայ այս Արեւմուտքի վրայ, որ նա մնաց միշտ անիրաւ, գձուձ, նենգաւոր, անգամ դէպի այն ազգերը, որոնք նետւում են սրտաբաց կերպով դէպի Արեւմուտք ու իր քաղաքակրթութիւնը, եւ որոնց միակ թերութիւնն այն է, որ վայրագ չեն եւ թուով «յոյժ ածու»: Խօսքս Հայաստանի մասին է: Մեր հանդէպ կատարուած անհնարին դաւադիր խարդախութիւնն ու տմարդութիւնը տակաւին իր լիակատար լուսաբանութիւնը չէ ունեցած: Մենք տեսանք, թէ հայկական իմաստուն ու կուռ ճիգերով ստեղծուած մեր պետութիւնը քանդելով Հռոմը ի՜նչ փայլուն կարելիութիւններ ոչնչացրեց Արեւելքում եւ, մասնաւորապէս, Հայոց աշխարհում: Կանգուն ու հզօր Հայաստանի շնորհիւ յետագայի որչա՜փ աղէտներ, որչա՜փ թշուառութիւններ պիտի անհետանային եւ քանի՜ — քանի՜ աւերածութիւնից ու սրածութիւնից պիտի զերծ մնար Հայաստան եւ Փոքր Ասիան: Միջին Ասիայի որչա՜փ բարբարոսներ պիտի թաղուէին իրենց աւազուտ անապատների մէջ եւ քանի՜ — քանի արիւնախանձ աշխարհակալների կատաղութիւնն ու թափը պիտի փշրուէր մեր լեռների կրանիթի վրայ, եւ Բալկանները, Հելլադան եւ առհասարակ Արեւմուտքը պիտի չտեսնէին գարշելի տիրապետութիւնը թուրք-մոնգոլական խուժանների, որոնք այդ բարգաւաճ երկիրներում ամբողջ դարերով յետ մղեցին քաղաքակրթութեան որեւէ կարելիութիւն: Ի զուր չէ, որ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական դեռ մինչեւ այսօր ծիլերը դժուարութեամբ են բարձրանում, ոնչացուած անտառները տակաւին նոր — նոր բարունակներ են արձակում եւ մայր հողը տակաւին տնքում է եաթաղանների ստացած հարուածներից: Հայաստանի աւերածը՝ ինչպէս մի աստուածային վրէժխնդրութիւն, դարձաւ ողջ Արեւելքի աւերած: Եւ 15-րդ դարում Բիւզանդիոնը ճիշդ նոյն ճակատագիրն ունեցաւ՝ ինչ որ Հայաստանը՝ իր հրաշակերտ մայրաքաղաքներով:
Ասացի, որ Դաշնակիցների դաւի ու տմարդութեան բոլոր արժէքը եւ խորութիւնը Հայաստանի դէմ տակաւին լիովին պարզուած չէ: Հայաստանը պատմութեան ու բախտի բերումով Արեւմուտքի քաղաքակրթութեան առաջապահն եղաւ եւ պահապանը եւ առաջնորդը՝ արիական ոգու եւ արիական ժողովուրդների՝ Փոքր Ասիայում: Հայաստանը՝ Արեւելքի այս փոքր Եւրոպան, մի տեսակ յառաջացած պահակը Արեւմուտքի, որ անակնկալ կերպով թողուեց իր բախտին այն ժամանակ, երբ նա ամենից աւելի օգնութեան պէտք ունէր: Մենաւոր ու հեռու ինկած պահապանը թողնել առանց փոխանակի, առանց օգնութեան, չորս կողմից արշաւող թշնամիների դէմ, դա նոր ժամանակների ոգու նշանն է եւ քաղաքակիրթ կոչուած պետութիւնների մեծագոյն ոճիրը:
Անիրաւութիւններ կան, որոնք իրենց մէջ կրում են զարհուրելի հատուցումի սաղմը: Հռոմ ու Բիւզանդիոն կործանեցին Հայաստանը, որպէսզի իրանք իրանց հերթին բարբարոսների կրունկների ծանրութիւնն զգան: Կը մնա՞յ, արդեօք, առանց զարհուրելի հատուցումի՝ Հայաստանի դէմ կատարուած այս նորագոյն թշնամանքը եւ ոճիրը: Դա կասի աշխարհի յետագայ պատմութիւնը: Առայժմ, ինչ որ մենք տեսնում ենք, դա վստահութեան եւ հաւատի մահն է՝ հանդէպ Եւրոպայի եւ եւրոպացուց: Արդէն իսկ ողջ Արեւելքը ցնցուել է. եւ միլիոններ են նրանք, որոնք ատամներ են կռճտում եւ բռունցք են ցոյց տալիս քաղաքակրթուած աշխարհին: Ռուսական տափաստաններում բարձրացել է ահարկու Դէմոսը, որ աւերում է ու ոչնչացնում այն բոլորը՝ ինչի համար Դաշնակիցները իբր թէ այս անցեալ անհնարին պատերազմը ու նախճիրները կատարեցին: Բացուած է հսկայական խարդախութիւնը, այլեւս ոչ ոք չի խաբւում: Հայաստանի արիւնն արդարութի՛ւն է աղաղակում…
… Բայց ես նոր Հռոմումն եմ, Մարկոս Աւրելիոսի սիւնի տակ կանգնած, եւ իմ հայրենի աշխարհիս հի՜ն — հի՜ն յուշերի մոխիրներն եմ խառնում՝ Armenia !, Armenia !, դուն յաւէ՛տ անմոռաց, դո՛ւն յաւէտ զոհուած եւ միշտ արդար, թո՛ղ որ ես վերստին հաւատամ քու բախտին:
Իտալիայում՝ Հռոմում Մարկոս Ավրելիոսի սյան առջև կանգնած՝ Ավետիս Ահարոնյանը մտաբերում է Հայոց անցյալի փոթորկալից պատմությունը: Այդ դրվագների շուրջ իր խորհրդածության շարադրանքից վերցված հատվածի շարունակությունը՝ ստորև:
Սկիզբը՝ նախորդող հրապարակումներում…
Ե BELLO MAXIMO — ԳԵՐԱԳՈՅՆ ՊԱՏԵՐԱԶՄ
«Գերագոյն պատերազմ», այսպէս է որակում Մարկոս Աւրելիոսի սիւնի արձանագրութիւնը, ի միջի այլոց, եւ Հայաստանի դէմ մղուած կռիւները: Հայ ժողովուրդի ռազմական, քաղաքական կորովի, նրա աննկուն ու յամառ ազատական ձգտումների տեսակէտից գերազանցապէս ուշագրաւ ու խրատական են այս արձանագրութեան մէջ այս “Bello Maximo” (գերագոյն պատերազմ), որ փոխադրուած է այստեղ 176 թուին: Ասել է, որ Տիգրանի մահից (54 կամ 56 թ. Ն. Ք.) շուրջ 220 տարի յետոյ Լուկուլլոսի եւ Պոմպէոսի «ընկճած» Հայաստանը տակաւին մարտնչում էր ամեհի կերպով իր անկախութեան համար եւ այնուհետեւ էլ քանի՜ դարեր… Թւում է, որ Հայ ժողովուրդը, իր մեծագոյն թագաւորի ոգուն ու լուսաւոր ձգտումներին հաւատարիմ, իր մեծ ճակատագրի անհանգստութիւնն ունեցաւ միշտ, ինչպէս մի անօրինակ երկունքով բռնուած: Ի զուր չէր, որ իր հինաւուրց գուսանները երգում էին՝ «Երկնէր երկին եւ երկիր, Երկնէր եւ ծիրանի ծով»… Լոյսի եւ ազատութեան յաւիտենապէս ծարաւ ժողովուրդ…
Բայց շարունակենք: Արդէն իսկ Մեծն Տիգրանի անմիջական յաջորդները Հայ ազգի ծանր եւ սքանչելի առաքելութեան գիտակցութիւնն ունին եւ, հակառակ իրենց մեծ հօր կրած ողբերգական ձախողանքին, չեն ուզում հրաժարուել ո՛չ նրա հսկայ ծրագրից, ո՛չ իրենց «Արքայից արքայ» տիտղոսից եւ ո՛չ իրենց քաղաքական անկախութիւնից: Տիգրանի որդին՝ Արտաւազդ, ատամների կրճտոցով ու կսկիծով է համակերպւում իր պետութեան եւ իր իրաւունքների սահմանափակումներին: Մարկոս Անտոնիոս անառակի պէս մէկի հետ գործ ունի եւ դժուարաւ է գլուխ թափում այդ փառամոլ, արկածախնդիր, կնամոլ հռովմայեցուն հետ, որ Արեւելքն է ընտրել ասպարէզ իր սանձարձակ քմահաճոյքներին ու վայրագ բնազդների համար:
Վատ զօրավար, անտաղանդ քաղաքագէտ, վաւաշոտ ու անհոգ՝ նա շատ հեշտ է ընկնում Պարթեւների ծուղակը, իր ամբողջ բանակը կորցնում, չանսալով Արտաւազգի զգուշաւոր խորհուրդներին: Եւ այնուհետեւ Հայ թագաւորը, հակառակ իր բոլոր զգաստութեան, անկարող է լինում իր երկիրը ազատել Մ. Անտոնիոսի ոտնձգութիւններից, որ նրան մեղադրում է դաւի մէջ իր դէմ: Պարթեւներից կրած իր պարտութիւնը որեւէ կերպով փոխարինելու համար, Մ. Անտոնիոս իր հայեացքը Հայաստանին է ուղղում եւ, երբ իր նենգ որոգայթները չեն յաջողում Հայ թագաւորին իր ձեռքը ձգել, նա առանց պատերազմ յայտարարելու յանկարծուստ յարձակում է Արտաշատի վրայ եւ, Արտաւազդին գերի վերցնելով՝ Եգիպտոս է տանում իր յաղթական թափորին զարդ կազմելու՝ ի հաճոյս իր ախտակէզ սիրուհուն՝ Կլէոպատրայի:
Եւ այստեղ իսկ, այս շղթայակապ եւ անարգ վիճակում՝ Արտաւազդ վայրկեան իսկ չմոռացաւ, որ ինքը Արքայից արքայ է եւ Մեծն Տիգրանի զաւակ: Ու երբ Մարկոս Անտոնիոս բռնադատեց նրան՝ գլուխ խոնարհել Կլէոպատրայի առաջ, նա՝ հակառակ մահու սպառնալիքին, զայրոյթով ու արհամարհանքով մերժեց այդ նուաստացումը մի անառակ կնոջ առջեւն: Եւ ազնիւ հոգի Հայ թագաւորը մահն ընդունեց, բայց ո՛չ նուաստացումը իր եւ իր հայրենիքի: Հռոմայեցի կոնսուլի կատարած այս զզուելի ու տմարդի ոճիրը ցնցեց համայն Հայոց աշխարհը: Երկրի մեծ սուգը սիրուած թագաւորի եղերական վախճանի համար հաւասար է կրած անարգանքին: «Հռոմ» ու «հռոմայեցի» անունը, առանց այս էլ գրաւչութիւնից զուրկ, դարձաւ նողկալի Հայ ժողովուրդին: Եւ երբ, ի պատասխան իր ծնողի այս եղկելի վախճանի, իր որդին ու գահաժառանգը՝ Արտաշէս հրամայեց Հայաստանում եղած բոլոր հռոմայեցիները կոտորել, զարհուրելի նախճիրներ տեղի ունեցան մեր աշխարհի մի ծայրից միւսը: Զայրոյթից խելայեղ ժողովուրդը անգութ եղաւ, ինչ որ բացատրելի է միմիայն այդ ժաւմանակներում իշխող դաժան բարքերով:
Սա արդէն բացարձակ պատերազմ էր Հռոմի դէմ, որ Հայ ժողովուրդը ընդունում էր միահամուռ կամքով: Ու հասկանալի է, որ Տակիտոս գրում է այս մասին. «Արտաւազգի որդին Արտաքսիաս (Արտաշէս), որին իր հօր ողբերգական մահը դարձրեց մեզ անհաշտ թշնամի, Արշակունիների օգնութեամբ կարողացաւ պաշտպանել ե՛ւ իր անձը, ե՛ւ իր տիրապետութիւնը»: Տակիտոսի այս վկայութեան մէջ կարեւոր են երկու կէտեր: Առաջին, որ Մեծն Տիգրանի թոռը՝ Արտաշէս, տակաւին ուժգնօրէն շարունակում է իր պապի սկսած կռիւները Հռոմի դէմ, եւ երկրորդ, որ Հայաստանը ինքզինքը պաշապանելու համար Արեւմուտքի ոտնձգութիւնների դէմ ստիպուած է ձեռք մեկնել պարթեւական Արշակունիներին: Ուրիշ խօսքով՝ Փոքր Ասիական հաւասարակշռութիւնը, որ հաստատել էր Մեծն Տիգրան, խախտուած է արդէն շնորհիւ հռոմայեցիների, եւ Հայաստանը Արեւելքում իր գոյութեան համար իսկ իրեն զօրավիգ է փնտռում: Ասել է, Մեծն Տիգրանի թոռան օրօք իսկ, ի յայտ են գալիս Հայաստանի նուազումի եւ բեկումի արտասուալի հետեւանքները: Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ ամրակուռ Հայկական թումբը արդէն աւերուել է, Հայաստանը՝ թուլացած ու նկուն հռոմայեցիների երեսից աջ ու ձախ է նայում եւ իրենից դուրս յենարան է փնտռում:
Հռոմը այնուհետեւ աշխատի, Հայ եւ պարթեւ հնարաւոր զինակցութիւնը անկարելի դարձնելու համար, իրեն հաճոյակատար թագաւորներ նշանակել Հայաստանում եւ ազատուել Հայոց Արտաշէսեան տոհմի անվերջ ըմբոստացումներից: Ուրիշ խօսքով՝ վերացնել բուն Հայկազեան Տան հարստութիւնը: Բայց Հռոմի այդ կարգի փորձերը միշտ էլ կը մնան առանց որեւէ լուրջ հետեւանքի: Հայ ժողովուրդը շատ սերտօրէն էր կապել իր անկախութիւնը իրեն մտերիմ ու հարազատ այդ արքայական տանը: Նա շարունակ ու յամառօրէն մերժում է օտար եւ իրեն խորթ իշխաններին, որոնք իր աչքում միշտ էլ մնում են որպէս մարմնացումը՝ աւելի Հռոմի ատելի գերիշխանութեան, քան ազգային անկախութեան:
Ըստ երեւոյթին, Մեծն Տիգրանի եւ իր նախնեաց ստեղծած Հայ ազգային ազատ, կուռ ու գիտակից ինքնուրոյնութիւնը տուել է արդէն իր պտուղները: Մեծն Տիգրանի հպարտ եւ աննկուն ոգին ապրում է սերունդների սրտում, նրա հսկայ բազուկով ստեղծուած մեծ ազգային շարժումը այլեւս չի կանգ առնում: Եւ Հռոմի համար Հայաստանը շարունակում է մնալ իբրեւ ամենէն ըմբոստ եւ ամենէն անընկճելի, յամառօրէն ոգորող մէկ երկիր: Եւ ամէն անգամ, որ Հռոմը որեւէ թէկուզ վաղանցուկ տիրապետութեան համար յաղթանակ է տանում Հայաստանի վրայ, դա համարւում է խոշորագոյն յաջողութիւն այս կամ այն զօրավարի կեանքում եւ անհուն ցնծութիւն է պատճառում սենադի, որի հաճութեամբ եւ հրամանով անմիջապէս շրջաբերութեան մէջ են դրւում նոր դրամներ՝ ի յիշատակ Հռոմի համար այդքան բախտաւոր մի անցքի:
Մերթ սնապարծ Մարկոս Անտոնիոսն է դրամ զարկում իր եւ իր հոմանուհու նկարով՝ շուրջը գրուած՝ «Armenia devieta», «Հայաստան պարտուած», ուրիշ դէպքում, ինչպէս Օգոստոսի ժամանակ, Հայաստանի պարտութիւնը խորհրդանշող մի նոր դրամի վրայ տեսնում ես աւանդական «Յաղթութիւնը» (Victoire), որ զսպում է մի ամեհի ցուլ՝ Հայաստանը, այսպիսի խորագրով՝ «Armenia capta», այսինքն՝ «Հայաստան գերեալ»: Եւ վերջապէս ահա այս առջեւիս սիւնի արձանագրութիւնը, ուր գերմանների ու պարթեւների հետ յիշատակուած է Հայաստանը՝ իբր ըմբոստ ու պայքարող, որ ընկճւում է կատաղի կռուից յետոյ «Bello maximo Armenia devietis», «Հայերը յաղթուած»: Եւ այս առթիւ Մ. Աւրելիոս եւ Լուցիուս Վէրուս զօրավարը, որ կռուեց Արեւելքում, կոչուում են՝ «Արմենիքուս»:
Փաստն այն է սակայն, որ բոլոր այս կռիւները եւ այս յաղթութիւնները անզօր են եղել վերջնականապէս զսպել Հայաստանը: Բնորոշ է, այդ տեսակէտից, որ Օգոստոսի նշանաւոր ու քաջածանօթ տախտակի վրայ Հայաստանը, հակառակ Հռոմի պատմիչների այս տարփողած յաղթութիւններին, չէ նշանակուած կայսրութեան միացած նահանգների մէջ. նա դարձեալ անկախ է եւ լաւագոյն դէպքում՝ միայն դաշնակից: Եւ մեր աշխարհի այս մշտայոյզ, բարձրագլուխ, անհանգիստ ու ըմբոստ վիճակն էր, որ Վերգիլիոս ամփոփեց իր խորհրդանշական եւ նշանաւոր տողերի մէջ՝ «Եւ կամրջընկէց Արաքսը եռում է իր ափերի մէջ»: Սա մեծագոյն վկայութիւնն է, որ այդքան պատկերաւոր ձեւով հաստատում է Հայ ժողովուրդի ազատասէր խառնուածքը եւ մարտական ոգին:
Կամրջընկէց եւ անհանգիստ Արաքսը հանդարտացնելու համար բազմաթիւ ռազմական ձեռնարկներից յետոյ, Հռոմը դիմում էր վերջապէս իր իսկ շահերի տեսակէտից լաւագոյն եղանակին: Նա ճանաչում էր Հայաստանի բացարձակ անկախութիւնը եւ բարեկամութեան դաշինք էր կռում նրա հետ: Այսպէս սկսուեց Արշակունի առաջին Հայ թագաւորի իշխանութիւնը Հայաստանում, Ներոնի օրօք: Մեր Տրդատ առաջինի ճամբորդութիւնը այդ առթիւ դէպի Հռոմ ոչ միայն մեր, այլ եւ հռոմէական պատմութեան մէջ խոշոր քաղաքական երեւոյթ էր: Հայ թագաւորը ճամբորդում էր իբր մեծազօր եւ անկախ միապետ: Երեք հազարանոց մի ձիաւոր բանակով, շքեղ շքախումբով՝ ուղեկցութեամբ իր թագուհու, որ նստած էր գեղեցիկ երիվարի վրայ, ոսկէ սաղաւարտը գլխին, եւ մազերը հովերին տւած եւ որ, ի դէպ է ասել, հանդիսանում է հին աշխարհի լաւագոյն ամազօնը, որ կտրել ու անցել է միանգամից երեք հազար քիլօմէթր: Հայ արքայի այս բազմահազար շքախմբով ճամբորդութիւնը, որ կատարւում էր ի հաշիւ Հռոմի, ահագին գումար նստեց կայսրութեանը: Հռոմի տիրապետութեան սահմաններից սկսեալ սենադի հրամանով Տրդատ առաջինին մեծ ինքնակալի վայել պատիւներ տրուեցին մինչեւ Հռոմ, ուր Ներոն նրան ընդունեց չտեսնուած շուքով: Կայսրութեան մայրաքաղաքը տակաւին երբեք ականատես չէր եղած այն մեծածախս հանդէսներին, որով Հռոմը փառաւորեց հեռու Արեւելքից եկած Հայոց միապետը: Ի լրումն ամենայնի, Ներոն ինքը իր ձեռքով Հայոց Տրդատի գլխին դրեց արքայական ոսկեհուռ թագ:
Անշուշտ, խորիմաստ եւ հեռատես Հռոմը բոլոր այս ծախքն ու զոհողութիւնները չէր կատարում սոսկ ամբոխին զուարճացնելու կամ Արեւելքի մի իշխանը պատուելու համար: Այս միջոցով սենադը ճգնում էր վերջ դնել Հայաստանի եւ Հռոմի կռիւներին եւ տեւական խաղաղութիւն հաստատել մեր սահմաններում: Մասնաւոր մի բախտ էր, որ վիճակուեց Տրդատ առաջինին: Եղբայր պարթեւական Արշակունի թագաւորին, միաժամանակ պսակադրուած Հռոմում, իր օրօք Հայաստանը հանդիսանում էր մի տեսակ խաղաղութեան հանգրուան Արեւելքի եւ Արեւմուտքի, այսինքն՝ Հռոմի եւ Տիսբոնի մէջ: Մեր աշխարհի այս հանգստութիւնը բնականապէս տեւեց այնքան, որքան նրա հարեւան երկու մեծ պետութիւնների շահերն ու կամքն էին պահանջում: Հայաստանի բախտն իր ձեռքում չէր, եւ յետագայ մեր Արշակունի թագաւորները՝ հակառակ իրենց բոլոր հեռատեսութեան, բոլոր խոհեմութեան ու աչալրջութեան, միշտ վտանգաւոր երկընտրանքի առջեւ մնացին քաղաքականապէս՝ Հռո՞մ, թէ՞ Պարսկաստան: Եւ այս դաժան երկընտրանքը դամոկլեան սրի պէս Հայոց աշխարհի վրայ կախուեց այնուհետեւ բոլոր դարերի ընթացքում՝ մինչեւ նորագոյն ժամանակները, մինչեւ մեր օրերը:
Համակ մեր պատմութիւնն է այս, մեր բախտը, մեր թշուառութիւնը եւ մեր ճակատագրի մեծութիւնը: Ի՜նչ վատ է աւանդուել մեզ մեր պատմութիւնը մեր մանուկ օրերին: Գէթ այսպէս է կրթուել իմ սերունդը: Հայ թագաւորների բաւական անգոյն շարան, Հայ հայրենիքի միշտ նկուն վիճակ, թշնամու՝ օտարի մեծութիւն եւ զօրութիւն, բռնակալների աւեր, բարբարոսների արշաւանք եւ անծայր խեղճութիւն մեր ազգի, որ մղձաւանջի պէս աշնանային ցուրտ մառախուղով իջել է մեր սարսռացող մանուկ հոգիների վրայ: Մեր պատմութեան իմաստութիւնը, նրա խոհական եւ հոգեպարար շրջանները, ինչպէս եւ մեր նշանաւոր արքաների ու աննման զօրավարների իսկական կեանքն ու պատկերը գրեթէ միշտ կա՛մ վրիպել են մեր ուսուցիչներից, եւ կա՛մ փոքրացել ու աննշան դարձել օտարների համեմատութեամբ:
Տիգրան Մեծի ոգին եւ նրա տուած թափը Հայոց աշխարհին քիչ է հասկցուել եւ շուտ է մոռացուել: Մինչդեռ հէնց նրա՛ օրօք էր, որ մեր ցեղի զարկերակը ամենէն աւելի առողջ եւ ուժգին րիթմ ունէր: Հապա մեծ Արշակունինե՞րը, Արշակ, Պապ… Ինչպէս ասացի արդէն, չկայ մի պատմութիւն աւելի մեծ իր յեղյեղումներով, աւելի ողբերգական իր տագնապներով, աւելի յուզիչ իր դրուագներով՝ քան մերը:
«Հռոմը հսկաների գործերի եւ խորտակումների մի շարան է, որ մարդուս շշմեցնում է: Մարդկային ամենահզօր եւ ամենաամբողջական կրքերն են այստեղ բախուել իրար: Մարդը, այդ ինքն իր համար իսկ յաւիտենական առեղծուածը, փոթորիկի պէս մի օր թեւակոխել է այստեղ պատմութեան բոլոր այն հանգրուանները, որոնց ձգտել են յետագայ սերունդները՝ առաջնորդ ու մղիչ ունենալով փառքի ծարաւ, անխորտակելի զօրութիւն, իշխելու անսահման տենչ, որ հասնում է մինչեւ աստուածուցումի խենթութիւնը»… (Ավետիս Ահարոնյան)
Ստորև՝ Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆԻ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ» հոդվածի շարունակությունը, որը տպագրվել է «ՀԱՅՐԵՆԻՔ» ամսագրում՝ 1929 թվականի մայիսին (թիւ 7, էջ 50)։ Սկիզբը՝ նախորդող գրառումներում…
Դ. ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ ԵՒ ՓՈՔՐ ԱՍԻՈՅ ԲԱԽՏԸ
ՏԱՐԱԲԱԽՏԱԲԱՐ, Հայաստանի եւ Հռոմի այս առաջին կռիւների իրական եւ ճշգրիտ բնոյթն ու նկարագիրը մեզ պակասում է: Մեր ազգային պատմիչները՝ նոյնիսկ Խորենացին, կամ համր են, կամ՝ շատ հակիրճ ու խառնակ: Յոյն եւ հռոմայեցի պատմիչները աչառու են եւ յաճախ՝ անծանօթ Արեւելքի անցուդարձերին եւ ինքնայատուկ պայմաններին: Նրանց պատմածները մեծ մասամբ յարմարեցուցած են իրենց երկրի շահերին եւ ձգտումներին: Մասնաւորապէս Պլուտարքոս, որ ամենից շատ է գրում Տիգրանի շրջանի մասին, բացայայտապէս կողմնակալ է եւ պէտք ունի զգուշաւոր եւ հիմնական քննադատութեան: Նրա պատմութիւնը շատ տեղ կասկածելի է եւ երբեմն էլ՝ յերիւրած առասպել: Մասնաւորապէս այն տեսարանը, ուր իբր թէ Տիգրան Մեծ պարտուած Պոմպէոսի կայանն է գնում եւ հռոմայեցի զօրավարի ոտների առջեւ դնում իր թագը, այն էլ իր ըմբոստացած որդու՝ Տիգրան Կրտսերի ներկայութեան: Այս բոլորը մեզ թւում է ճշմարտութիւնից հեռու պարզ հեքեաթ:
Նոյնը կարելի է ասել եւ Միհրդատի ու Տիգրանի հանդիպումի մասին՝ վերջինիս պարտութիւնից յետոյ: Պլուտարքոսի գրչի տակ Տիգրան եւ փոքրոգի է, եւ անարի, ազնուական զգացումներից զուրկ, մինչդեռ Միհրդատ կարեկից է, առաքինի ու ազնիւ: Տիգրանի բարոյական անձնաւորութիւնը շատ էլ պարզուած չէ: Բայց, անկասկած է, որ նա լաւ պիտի ճանաչէր հռոմայեցիներին Միհրդատի կռիւներով եւ, անշուշտ, հաղորդակից եւ սիրող էր արեւմտեան քաղաքակրթութեան: Հայաստանի նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի կառուցումն իսկ ապացոյց է Հայ արքայի բարձր ճաշակին, քաղաքակրթական ձգտումներին ու քաղաքական իմաստութեան: Այս շքեղ ոստանը, որ Տիգրանի կամքով ասես ժայթքեց գետնից, իրօք մի հրաշակերտ էր, որ միացնում էր իր մէջ Արեւելքի եւ Արեւմուտքի բոլոր պերճութիւնն ու արուեստը:
Յոյն քանդակագործներ կանչուեցին քաղաքը զարդարելու ու թատրոնը հազիւ շինուած աւարտած՝ յույն դերասաններ հրաւիրուեցին խաղալու հելլէնական լաւագոյն երկերը: Բազմաթիւ արձաններ եւ արուեստի այլ գլուխ-գործոցներ Տիգրան յոյն քաղաքներից Տիգրանակերտ փոխադրեց՝ իր մայրաքաղաքը գեղեցկացնելու համար: Արդէն իսկ, իր արքունիքում իշխում էր յունօ-հռոմէական քաղաքակրթութիւնը: Ամէնքը խօսում էին ու գրում յոյն լեզուով, եւ իր որդին ու գահաժառանգը՝ Արտաւազդ, նոյնիսկ յունարէն լեզուով ողբերգութիւններ եւ ճառեր էր գրում, որոնց մասին անգամ Պլուտարքոս գովեստով է խօսում:
Տիգրանակերտը միակը չէր: Բազմաթիւ այլ քաղաքներ Մեծ արքայի հրամանով բարձրանում էին Հայոց աշխարհի զանազան մասերում՝ առեւտրական կամ քաղաքական նպատակներով: Ամբողջ գաւառներ էին տեղահան լինում եւ ուրիշ տեղ հաստատւում: Անգամ վաչկատուն արաբները Տիգրանի հրամանով թողնում էին իրենց բարբարոս կենցաղը եւ նստակեցութեան վարժւում առեւտուրի եւ քաղաքակրթութեան համար: Չնայած իր բազմաթիւ պատերազմներին, այս մեծ թագաւորը այսպիսով ժամանակ էր գտնում իր հսկայ կայսրութեան բազմազան ցեղերին քաղաքակրթական ճամբին դնել: Ամբողջ երկիրն ասես մի կախարդական ձեռքով եռուզեռի մէջ էր՝ ստեղծագործելու եւ շէնցնելու համար: Հպատակ ազգերը վերջապէս խաղաղութիւն էին գտել Մեծ Միապետի իշխանութեան տակ: Դադար էին առել մանր-մունր ցեղերի եւ իշխանների փոխադարձ արիւնահեղութիւնները: Միշտ թշուառ եւ ալեկոծ Սիւրիան վերջնապէս հանգիստ էր առել, եւ Հայկական ուշիմ, բարերար եւ շինարար ոգին իր հզօր եւ իմաստուն թագաւորի ղեկավարութեամբ ամբողջ Փոքր Ասիան մղում էր դէպի մի լուսաւոր ու բարգաւաճ ապագայ: Եւ այս բոլորը՝ հազիւ մի քսանհինգ տարում: Ահա այս է, որ Պլուտարքոս քինախնդիր եւ անիրաւ լեզուով անուանում է «քսանհինգ տարուայ բռնութիւն» եւ Փոքր Ասիայի մեծագոյն միապետին՝ անարժանապէս կոչում է «բարբարոս»:
Տիգրանի պարտութիւնը եւ նրա հիմնած պետութեան բեկումը զուտ Հայ ազգային խնդիր չէ: Դա տիեզերական արժէք ունեցող խոշոր պատմական իրողութիւն է, որի հետեւանքները ծանրացան ոչ միայն Հայաստանի, այլ եւ համակ Ասիոյ բախտի վրայ: Դարերից ի վեր չարչարուած եւ ոտնակոխ եղած Փոքր Ասիան՝ յանձին Տիգրանի վերջապէս գտել էր քաղաքական միութեան ուղիղ ճամբան՝ քայլելու համար դէպի քաղաքակրթական միութիւնը:
Արեւելքն ու Արեւմուտքը իրենց Կիւրոսներով, Դարեհներով եւ Ալեքսանդրներով (Մակեդոնացի) մեծ ու բանուկ բուլվարի էին վերածել ամբողջ Փոքր Ասիան, որտեղից աշխարհակալ ազգերը անցնում էին փոթորիկների պէս՝ տրորելով ու արիւնոտելով իրենց բիրտ կրունկների տակ տեղական ցեղերը: Եւ առաջին անգամն էր, որ Փոքր Ասիայի ժողովուրդների ծոցից՝ Հայաստանից բարձրանում էր մի մեծազօր արքայ եւ գիտակից այս տառապած ու անիրաւուած ժողովուրդների շահերին փակում էր երկու կողմից շարժուող աշխարհակալների ճամբան՝ «Փոքր Ասիան՝ տեղացիներին» բարձր նշանաբանով: Եւ յատկապէս Հայաստանն էր կոչուած ամբողջ Փոքր Ասիայում այս մեծ քաղաքական առաքելութիւնը կատարելու իր աշխարհագրական բացառիկ դիրքով: Հայկական բարձրաւանդակը իր երկնաբերձ, ահարկու լեռներով ու մթին կիրճերով, ամբողջ մեր աշխարհի կեդրոնական սարահարթը, որ մի բնական միջնաբերդի պէս իշխում էր իր շրջապատի բոլոր երկիրներին եւ իջնում էր մէկ կողմից դէպի Կասպից ծով, Պարսկաստան եւ Միջագետք, ու միւս կողմից՝ դէպի Սեւ ծով ու Միջերկրական:
Համակ Արեւելքի մեծ դարպասն էր Հայաստանը, եւ Տիգրանն էր, որ առաջինն ըմբռնեց իր հայրենիքի առաջնակարգ քաղաքական ու զինուորական արժէքը ու հանճարեղ մտածումով եւ կուռ կամքով վճռեց այդ դրան բանալին իր ստեղծագործ ձեռքերում պահել՝ ի փառս Հայաստանի եւ ի բարօրութիւն ամբողջ Փոքր Ասիայի:
Եւ հրաշք կատարեց Մեծ թագաւորը: Մշտապէս հակամարտ եւ անվերջ արիւնահեղ բախումներով իրար բզքտող մանր-մունր բազմաթիւ ցեղեր վերջապէս միանում էին ու հանդարտւում Հայոց Արքայից Արքայի գայիսոնի տակ: Երեւոյթը նոր էր, եւ իր բարերար հետեւանքները պէտք է լինէին անհաշիւ ու բազմազան: Փոքր Ասիան դադարում էր աշխարհակալների բուլվարը լինելուց եւ ձգտում էր դէպի իր ինքնուրոյն զարգացման եւ պետական կեանքը: Հռոմի տիրապետութեան հետ կապուած քաղաքակրթական առաւելութիւնները անհնար է ժխտել, բայց ներկայ դէպքում Փոքր Ասիայում նոր բարձրացող Հայ կայսրութեան վրայ քալելով՝ Հռոմ անթիւ գեղեցիկ կարելիութիւններ ի դերեւ հանեց եւ անհնարին ու անդարմանելի վնասներ հասցրեց Արեւելքի ժողովրդներին:
Խորտակելով Փոքր Ասիական նորակազմ ու խոստմնալից միութիւնը, որ Հայ քաղաքական հանճարի գործն էր, եւ կիրառելով «բաժանեա՛, զի տիրեսցես»-ի քաջածանօթ մեթոտը, Հռոմը մի հարուածով վերականգնում էր այս դժբախտ երկրներում նախկին ստորադաս, անջիղ, անողնաշար վիճակը եւ թշուառ փոքր Ասիան վերստին դառնում էր Արեւելքի եւ Արեւմուտքի անվերջ ու արիւնոտ պայքարների համար մի արտասուելի թատերաբեմ:
Տիգրանի հիմնած զօրաւոր պետութիւնը, որ բնական եւ անփոխարինելի գաղափարական եւ քաղաքակրթական միջնորդ պիտի լինէր Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ, բարձւում էր մէջտեղից, ազատ ասպարէզ թողնելով չորս կողմից վերստին արշաւող ժողովուրդներին: Փոքր Ասիան, այնուհետեւ, այլեւս երբեք իր ինքնուրոյնութիւնը, միութիւնը եւ խաղաղութիւնը չգտաւ եւ միշտ էլ մնաց ոտնատակ, ալեկոծ ու աւեր՝ մինչեւ մեր օրերը:
Ազգն իր գոյությունը պահպանում է ոչ միայն քաղաքական իշխանությամբ, այլև՝ մշակույթով, ազգային հիշողությամբ, ստեղծագործ ուժով…
Ավետիս Ահարոնյանն իր ճամփորդական մտորումներով անդրադառնում է նոր ինքնության ձևավորման գործում պատմական անցյալի, ազգային մշակույթի դերին: Հայ մտավորականն Իտալիայում անցյալի կոթողների առջև խորհում է քաղաքակրթության ազդեցության, ինքնաքննության շուրջ…
Ինչպե՞ս է ժողովուրդը պահպանում իր հիշողությունը, ինչպե՞ս է արվեստը նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը… «Իտալական էսքիզներ»-ի շարունակությունը՝ ստորև: Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում:
Գ. ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆԻ «Ո՛Չ» -Ը
Պատմութիւն չեմ գրում, այլ պատմա-գեղարուեստական նշմարներ: Բայց ինչպէ՞ս չյիշատակեմ Տիգրան Մեծի եւ Հռոմի առաջին պատգամաւոր՝ Կլաւտիուս Ապպիուսի բախտորոշ հանդիպումը Անտիոքում, որ այդ ժամանակ Հայ Արքայից-Արքայի գերիշխանութեան տակ էր: Անշուշտ, հռոմայեցիները անծանօթ չէին Տիգրանին. սակայն, Անտիոքի տեսակցութիւնը կատարւում էր այնպիսի արտասովոր պարագաներում, որ կարելի էր այն անուանել իրապէս դրամատիկական:
Միհրդատ արդէն պարտուած էր Լուկուլլոսից եւ մազապուրծ ու փախստական նետուել էր Հայաստանի սահմանները՝ ապաստան եւ հովանի հայցելով իր փեսայից՝ Հայոց մեծազօր արքայից: Տիգրան գիտէր, թէ Հռոմի պատգամաւորը եկած էր յանուն Լուկուլլոսի պահանջելու, որ Միհրդատը Հռոմին յանձնի:
Հայ միապետը ընդունեց Ապպիուսին իր արքայական բոլոր շուքով եւ փայլով: Նա նստած էր ոսկեհուռ գահոյկի վրայ՝ շրջապատուած իր զօրավարներով, բարձրաստիճան պալատականներով ու խորհրդականներով. գայիսոնը ձեռքին ու մարգարտաշար թագը՝ գլխին: Տիգրան արդէն վաթսունը վաղուց անց՝ տարեց մարդ էր: Տարիները, սակայն, ոչ ծռել էին նրա թիկունքը, իր առնական կորովն ու զօրութիւնը եւ ոչ իր արքայական կեցուածքը: Նա մի հուժկու տղամարդ էր. հռոմայեցիների պէս սափրած ու ջղուտ՝ նա իր տարիքից շատ աւելի երիտասարդ էր թւում: Նրա ուժեղ պրոֆիլը (կիսադէմ), ուր իշխում էր վայելչաձեւ քիթը եւ սեղմ ու յամառ ծնօտը, իր բարձրադիր ու հպարտ ճակատը, իմաստուն ու խորունկ աչքերը եւ իր ամպրոպային ու խոհուն հայեացքը՝ համակ վայելչութիւն էր ու զօրութիւն եւ անբռնադատ, ինքնաբուխ վեհափառութիւն: Գէթ այսպէս ենք տեսնում նրան իր թողած դրամների վրայ, որոնք լաւագոյնն են համարւում դրամագիտութեան պատմութեան մէջ:
Հայոց արքայի առջեւը նստած էր Ապպիուս Կլաւտիուս՝ երիտասարդ հռոմայեցին, Լուկուլլոսի պատգամաւորը, որ, հակառակ իր տարիքին, իր մեծ ու զօրաւոր հայրենիքի աշխարհակալական ոգին ու գիտակցութիւնը ունէր եւ պահում էր իրան փորձուած ու տարեց մարդու պաղարիւն հանդարտութեամբ: Ու նստած էին դէմ յանդիման ոչ երկու մարդ, այլ երկու աշխարհ, Արեւելք եւ Արեւմուտք:
Այդ օրն, այդ ժամին, Անտիոքում, Հայոց արքայի պալատում բազմաթիւ ազգերի բախտն էր վճռւում դարերի համար: Ո՞ւմ պիտի պատկանէր Ասիան՝ Հայաստանի՞ն, թէ՞ Հռոմին: Հայոց ծեր արքան նայում էր յօնքերի տակից իր առջեւ նստած համարձակ երիտասարդին: Նա ոչ միայն արդէն գիտէր այս հռոմայեցու գալու նպատակը, այլ եւ քաջածանօթ էր այն բոլոր դաւերին, որ Ապպիուս Կլաւտիուս իր ճամբին նիւթել էր իր դէմ, իր իսկ երկրի մէջ: Իր գործակալները ժամ առ ժամ իրազեկ էին պահել Արքայից-Արքային իր հիւրի նենգաւոր ձեռնարկների մասին եւ լաւատեղեակ էր, թէ իր հպատակ իշխաններից որո՞նք են ծածուկ դաշինք կռել իր դէմ:
Պլուտարքոս ի զուր է փորձում մեզ համոզել, թէ Տիգրան սոսկ մի արեւելեան բռնաւոր էր՝ անպարփակ գոռոզութեամբ լցուած եւ գերի իր բուռն ու տարերային խառնուածքի յեղյեղումներին եւ մանաւանդ՝ ցասումին: Տիգրանի դիւանագիտական կարողութիւնը անվիճելի է. նա գիտէր կշռել իր խօսքն ու արարքը: Այլապէս նա անկարող պիտի լինէր քսանեւհինգ տարուց ի վեր վարել Առաջաւոր Ասիայի ժողովուրդների բախտը: Նա խորապէս ըմբռնում էր վայրկեանի ճակատագրական արժէքը. գիտէր ո՞վ է նստած իր առջեւ, թէեւ հռոմայեցին ճգնում էր իր շարժուձեւին տալ պարզ ու անմեղ բնոյթ: Այս էր պատճառը, անշուշտ, որ նրա սրատես աչքերի մռայլի վրայ նուրբ, հեգնական ժպիտ կար, որ Պլուտարքոս անճշդօրէն անուանում է՝ «բաց ու խնդուկ դէմք»:
Տիգրան զուսպ ու քաղաքավար ընդունեց Ապպիուսին, որ նրան յանձնեց Լուկուլլոսի նամակը, ուր հռոմայեցի զօրավարը դիտաւորեալ ձեւով բաց էր թողել Արքայից Արքայի տիտղոսը … Տիգրան սաստիկ խոժոռուեց. սա նրա ամենազգայուն տեղն էր եւ, հակառակ իր ներքին սուր խռովքին, նա դարձեալ զսպեց իրան: Նա լաւ հասկացաւ, որ Լուկուլլոսի այս արհամարհական վերաբերմունքը՝ դէպի իր անձը վայելչութեան պակասից աւելի մեծ քաղաքական ակտ էր. բիրտ՝ իր ձեւով եւ ծանրակշիռ՝ իր ենթադրեալ հետեւանքներով:
Նրա համար այլեւս պարզ էր, որ Հռոմը ուրանալով իր տիտղոսը՝ անուղղակի կերպով հրաժարւում է ճանաչել իր տիրապետութիւնները եւ իր հիմնած կայսրութիւնը: Արեւելքի եւ Արեւմուտքի մեծ ու պատմական պայքարն էր վերսկսւում: Տիգրանի լսածը ճիշդ էր: Լուկուլլոս իր նամակով պահանջում էր Միհրդատին, ինչ որ Ապպիուս հաստատեց նաեւ բերանացի աւելացնելով, որ ինքը եկել է յատկապէս Պոնտոսի թագաւորին տանելու, որը Լուկուլլոսի յաղթանակներին է պատկանում եւ եթէ Տիգրանը մերժէ, այն ժամանակ պատերազմ պիտի լինի: Լռութիւն տիրեց: Երիտասարդ հռոմայեցու այս յայտարարութիւնը յանդուգն էր: Արքայի շրջապատը շնչարգել սպասում էր, թէ ի՞նչ պիտի պատասխանի Տիգրանը: Եւ յանկարծ, քար լռութեան մէջ լսուեց մռայլ արքայի խօսքը:
«Ո՛Չ»,- ասաց Տիգրան, թաւ ու հանդարտ ձայնով.— «Ո՛չ, Միհրդատ Հայոց Արքայից-Արքայի հիւրն է եւ ձեզ չի՛ յանձնուի երբեք: Ու եթէ Հռոմին պատերազմ է պէտք, նա կը կարողանա՛յ ինքզինքը պաշտոլանել: Այդպէ՛ս ասացէք ձեզ առաքողին»: Նա դիտմամբ զօրավար չանուանեց Լուկուլլոսին, ինչպէս որ նա միտումնաւոր անգիտացել էր իր «Արքայից-արքայ» տիտղոսը: Այս ձեւով էլ, իր հրամանով խմբագրուեց իր պատասխանագիրը հռոմայեցի զօրավարին:
Ունկնդրութիւնը վերջացաւ: Հայաստանի եւ Հռոմի միջեւ պատերազմ էր: Տիգրան իր ծանր սուրը վճռապէս նետեց Մարսի կշիռքին մէջ… Միհրդատի՞ համար: Ո՛չ, անշուշտ: Տիգրան հրաշալի կերպով գիտէր, որ Լուկուլլոսի կողմից Միհրդատին պահանջելը սոսկ պատրուակ էր իրեն կռիւ յայտարարելու համար: Նա խորապէս համոզուած էր, որ Հայաստանի դէմ պատերազմը արդէն իսկ վճռուած էր Ապպիուսի գալուց շատ առաջ:
Տիգրանը, որ ոչ միայն զինու զoրութեամբ, ապա եւ քաղաքագէտի իր արտակարգ կարողութիւններով յաջողացել էր գրեթէ ողջ Փոքր Ասիան՝ Միջագետքով իր իշխանութեան տակ առնել, այնքան անխոհեմ ու անհեռատես չէր լինի, որ հեշտութեամբ իր պետութիւնը վտանգի ենթարկէր Միհրդատի համար, թէկուզ նա լինէր իր սիրելի կնոջ՝ Կլէոպատրայի հայրը:
Ազգերի մեծ բախումները անհատների քմահաճոյքներից չեն ծագում, եւ ոչ էլ մէկի սիրուն. Տրովադայի պատերազմը՝ որպէս թէ գեղանի Հեղինէի համար, մարդկութեան մանկութիւնն օրօրող սիրուն առասպել է:
Պատերազմների իսկական պատճառները վրիպում են ամբոխների տեսողութիւնից եւ միշտ մնում ծածուկ, եւ բանակները շարժւում են շատ յաճախ գրաւիչ պատրուակներով:
Պոնտոսի հետ իր հաշիւները կարգադրելէն ետքը ընչաքաղց Հռոմը իր գիշատիչ հայեացքը ուղղել էր դէպի Հայաստան: Տիգրան այդ շատ լաւ գիտէր ու շատ շուտ ըմբռնեց, որ Լուկուլլոսի հանդէպ նուաստացումներ ընդունիլ եւ կամ խեղճանալ ու ստորնանալ ոչ միայն անարժան է իր արքայական փառքին եւ քաղաքական վարկին, այլ եւ միանգամայն անօգուտ է իր եւ իր պետութեան խաղաղութեան համար: Եւ Հռոմի մարտահրաւէրը նա ընդունեց արքայավայել եղանակով:
Այս պատերազմի ելքը Հայաստանի համար ձախող եղաւ: Լուկուլլոս եւ իրեն յաջորդող Պոմպէոս Հռոմի փառքն ու զօրութիւնը Պոնտոսից յետոյ Հայաստանում բարձրացրին: Քիչ վերեւ մենք տեսանք, որ դա անխուսափելի էր շատ պատճառներով:
Սպասո՞ւմ էր արդեօք Տիգրան այս հետեւանքներին: Հաւանաբար — ոչ: Բայց, ինչ եւ լինէր, նա չէր կարող առանց կռուի գլուխ ծռել Հռոմին: Այլապէս, ինքն իր ձեռքով պէտք է քանդէր քսանհինգ տարուայ ճիգերով բարձրացուած՝ հսկայ ու փառաւոր կայսրութեան կառուցուածքը: Ի դէպ է այստեղ յիշատակել, որ Տիգրան Մեծի այս բախտորշ «ո՛չ»-ը, որպէս մեր ցեղային խառնուածքի արտայայտութիւն, յետագային մեր պատմութեան ամենէն տագնապալի շրջաններում մի ապշեցուցիչ զուգադիպութեամբ կրկնուեց: Ամէն անգամ, որ Հայ ժողովուրդը կոչուեց իր վճռական խօսքն ասելու իր հայրենիքի անկախութեան կամ օտար բռնաւորին համակերպեպուելու մէջ, նրա պատասխանը միշտ եղաւ մի կուռ ու գիտակից՝ «ո՛չ»:
Այսպէս, Տիգրան Մեծից մօտ հինգ դար յետոյ, երբ պարսից՝ Յազկերտ Բ պահանջեց Հայ ժողովուրդից իր խղճմտանքի եւ իր ազատութեան ուրացումը, Հայ ազգը մէկ անձի պէս վերստին ծառացաւ եւ արտասանեց իր արհամարհական ու համարձակ «ո՛չ»-ը: Եւ 451 թուին Աշտիշատի Հայոց ազգային ժողովը, հակառակ արտասովոր, դժուարին պարագաներին, անմիջապէս գտաւ իր ազգային հերոսը, որ մարմնացնում էր ցեղի կամքը եւ Վարդանի հզօր աջի մէջ դրեց հայկական հինաւուրց սուսերը:
Եւ այնուհետեւ, քանի՜ — քանի՜ անգամ, Հայ ժողովուրդը, յաճախ անգլուխ, իր հայրենիքը բաժան — բաժան՝ ոտքի ելաւ հզօրագոյն թշնամիների դէմ իր ազատութեան եւ իր արդար, անկաշկանդ խղճմտանքի համար: Թող յիշատակեմ դրանցից գէթ ամենավերջինը՝ մեր օրերում, մեր աչքի առջեւ կատարուածը, որ այնպէս յիշեցնում է Վարդանանց նուիրական պատերազմը: Խօսքս 1918-ի գարնան, Ալեքսանդրապոլում գումարուած Հայոց Ազգային Ժողովի մասին է: Ռուսները՝ խոյս տուած Կովկասից, մեր շրջապատի հարեւանները՝ մեր դէմ, թրքական արշաւը սպառնական առաջխաղացութեամբ դէպի մեր սահմանները, եւ մեր բանակը՝ թէեւ անձնուէր, արի, բայց սակաւաթիւ ու տակաւին մատաղ. եւ ահա, այդ տագնապալի ժամին ազգի ներկայացուցիչները, ինչպէս հինգերորդ դարում, կոչուած են ընդունելու պայքար կամ ստրկութիւն: Թուրքը պահանջում է ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: «Ո՛Չ», վերստին պատասխանում է Հայոց Ազգային Ժողովը միաձայն եւ ընդունում է պատերազմը թշնամու գերազանց ուժերի դէմ:
Յետին թուով քաջահմուտ դիւանագէտներ կը ծնին, որոնք կը փորձեն գուցէ ստուեր ձգել ազատատենչ ազգի գերագոյն հոյակապ գրոհի վրայ: Համակերպութեան իմաստուն ասպետներ կը գան, որոնք քրմական ծիրանի հագած, նեղ աչքերով կը դիտեն պատմութեան փոթորկաշունչ ընթացքը եւ դատապարտութեան կամ գռեհիկ քննադատութեան փորձեր կանեն ազգի տագնապալի օրերի առաջնորդների հասցէին: Այս բոլորը հասկանալի է եւ տրամօրէն անխուսափելի: Բայց, ահեղ ու վճռական պայքարով կրած պարտութիւնը մի իմաստ ունի, որ վրիպում է մտավախների աչքերից եւ լռելեայն ղեկավարում է պարտառուած ու նկուն ժողովուրդների բախտը:
Ազատազուրկ ու բեկանուած ազգերը յաճախ արցունքի ու կսկիծի միջից արիութիւն են քաղում: Պարտութեան կիզիչ յուշերը եւ ատամների կրճտոցը երբեք չեն մնում առանց հետեւանքի:
«Իգդիրմաւա, 1866: Հայ գրականութեան մասին ամէնէն տարրական եւ խեղճ ծանօթութիւն ունեցող մարդն անգամ գիտէ, թէ այդ հեռաւոր դաշտագետիններու մէջ կորած — կորսուած յատուկ անունն ու հարիւր տարի առաջուան թուականը քով-քովի դրուած՝ կը նշանակեն միայն ու միշտ Հայ գրականութեան Թուխ Արամազդ, այսինքն՝ Հայաստանի սրտին մէջ իսկ ծնունդ առած Աւետիս Ահարոնեան»… Ավետիս Ահարոնյանի ծննդյան հարյուրամյակի առիթով գրել է Հայ բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, քննադատ, խմբագիր և ուսուցիչ Էդուարդ Պօյաճեանը, որը ծնվել էր 1915 թվականի ապրիլի 9-ին և երեք ամսական էր, երբ Մուսա լեռան հերոսամարտի մյուս մասնակիցների հետ լեռան վրա պատսպարվեց՝ հետո տեղափոխվեց Եգիպտոս: Ավետիս Ահարոնյանի՝ «Իտալական էսքիզներ»-ի շարունակությունը՝ ստորև. (սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ):
Բ. ԿԱՆԽԱԺԱՄ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արդարեւ, Հայաստանը հեշտութեամբ չծռեց իր գլուխը Հռոմի առջեւ: Այս «գերագոյն պատերազմը» ամենից աւելի պատշաճ էր Հայաստանի յանդուգն ու յամառ դիմադրութեանը: Հակառակ այն միանգամայն բացառիկ եւ անհաւասար պայմաններին, որոնց մէջ կատարուեց այդ բախումը՝ հէնց սկիզբից ի վեր: Հռոմը դէպի Մերձաւոր Արեւելք ու Հայաստան շարժուեց իր պետական, ռազմական ու քաղաքական զարգացման լիակատար հասունութեան շրջանին, երբ այսօրուայ գրեթէ ողջ քաղաքակիրթ Արեւմուտքը, ինչպէս ասացինք, վաղուց հետէ կորացել էր նրա սրի եւ օրէնքի տակ: Նա հազար տարուայ ռազմական փառք ու փորձ ունէր: Հելլադայի զինուորական եւ քաղաքական օրինակելի մեթոտները իւրացրել եւ սքանչելիօրէն կիրառել գիտէր: Այդ օրերի զինուորական արուեստի վերջին խօսքը գիտէր եւ իր բանակը՝ թէկուզ վարձկան, սիրում էր իր պատերազմի գործը, ուր փառքից աւելի շահ ու թալանի, հեշտ հարստանալու յոյսը շատ յաճախ էր արդարանում:
Այսպիսով, Ա դարում (Ն. Ք.) Հռոմի թիկունքը շատ հանգիստ էր դէպի Արեւելք արշաւանքի համար, քանի որ Արեւմուտքը բազմաթիւ ցնցումներից յետոյ արդէն հանդարտուել էր: Եւ Արեւելքի բանակի հրամանատարութեան շուրջն ամէն անգամ ահագին պայքար կար միշտ յայտնի զօրավարների մէջ: Այսպէս, Լուկուլլոս, Պոմպէոս, Կրասոս, Մարկոս Անտոնիոս՝ իւրաքանչիւրն իր հերթին ստիպուած էին Հռոմում մեծ խոչընդոտների յաղթել, շատ մեքենայութիւնների դիմել, դաւերից անցնել՝ Արեւելքի բանակի հրամանատարութիւնը ձեռք ձգելու համար: Յաղթանակն այնտեղ թւում էր հեշտ ու փառքն՝ ապահով:
Եւ յետոյ, ողջ Փոքր Ասիան՝ իր հարստութեամբ ու ճոխութեամբ, աւետեաց երկրի պէս գրաւիչ էր: Արդէն Հռոմի բոլոր արշաւանքների մէջ առաջնակարգ տեղ էր բռնում ոսկու ծարաւը: Մասնաւորապէս՝ Արեւելքից վերադարձող զօրավարները անբաւ հարստութեամբ էին մուտք գործում Հռոմ, ու նրանց յաղթական թափորների մէջ Հռոմի ընչաքաղց ու զուարճասէր ամբոխին ամենից աւելի հրապուրողը հերոսի բերած աւարի բազմազանութիւնն ու առատութիւնն էր: Անշուշտ, այս բախտաւոր հրամանատարներն իրենց անձը նոյնպէս չէին մոռանում: Լուկուլլոս ու Պոմպէոս այս տեսակէտից շատ հետաքրքիր օրինակներ են:
Ահա այս հազարամեայ Հռոմն էր՝ գայլի ստինքները ծծած, կատաղի ախորժակով անագորոյն, որ ռազմապէս, քաղաքականապէս ու պետականօրէն կուռ կազմով շարժուեց մեր Տիգրան Մեծի վրայ՝ առաջին դարի առաջին կէսին (Ն.Ք.): Ճշմարիտ է. Հայաստան այդ ժամանակ հզօր աշխարհակալ պետութիւն էր, եւ Տիգրան Բ կայսր էր Հայոց կամ Արքայից Արքայ, ինչպէս կոչւում էր նա այդ ժամանակ: Եւ նա կարողացել էր արդէն զինու զoրութեամբ իր կայսերական գայիսոնի տակ առնել իր չորս կողմի բազմաթիւ ազգերը: Շորթել էր Պարթեւներից «արքայից-արքայ» տիտղոսը, հնազանդեցրել էր յոյն, հրեայ, սելեւկացի, արաբ եւ մետացի, ինչպէս եւ կովկասեան բազմաթիւ խաժամուժներ: Կովկասեան լեռնաշղթայից եւ Կասպից ծովից մինչեւ Եկբատան (Համադան), Միջագետք, Սիւրիա, Պաղեստին եւ Կապադովկիա ձգուող բոլոր երկիրները միացած էին Հայաստանին՝ Մեծն Տիգրանի միահեծան իշխանութեան տակ:
«Այս Արքայից-Արքան,- ասում է Պլուտարքոս,- որ այնպէս հզօր է, որ խլել է Ասիան Պարթեւներից, որ ամբողջ յոյն քաղաքներ փոխադրել է մինչեւ Մեդիա, որ հպատակեցրել է Պաղեստինն ու Սիւրիան, բնաջնջել է սելեւկիացիների յաջորդներին եւ նրանց կին ու աղջիկներին գերի է տարել» (Պլուտարքոս, հատոր Բ, էջ 516)։ «Նա՝ Տիգրանը,- շարունակում է Պլուտարքոս,- շատ չնչին միջոցներով կարողացաւ հնազանդեցնել բազմաթիւ ազգեր եւ նւաստացնել Պարթեւների պետութիւնը, ինչպէս երբեք մինչեւ այդ որեւէ այլ իշխան չէր կարողացել անել: Տիգրան բնակեցրեց Միջագետքը յոյներով՝ տեղահան անելով նրանց Կիլիկիայից, Կապադովկիայից եւ վաչկատուն արաբներին հանեց իրենց բնակավայրերից ու հաստատեց իր սահմաններում՝ առեւտուրին ծառայեցնելու համար» (Պլուտարքոս, հատոր Բ, էջ 526)։
Այնուհետեւ, ինչ որ ասում է Պլուտարքոս Տիգրանի պալատական կեանքի եւ գերի թագաւորների մասին, որոնցից չորսը իբր թէ ստրուկի պէս ծառայում էին նրան, թւում է հէքեաթ, որի նպատակն է Հայ կայսրը ներկայացնել մի արեւելեան կատաղի բռնակալ: Այստեղ, ինչպէս եւ ուրիշ շատ դէպքերում, խօսողը պատմաբանը չէ, այլ աչառոտ մէկը, որ իբրեւ յոյն հանդուրժել չի կարողանում Տիգրանի տիրապետութեան՝ մանաւանդ յոյների վրայ: Ակներեւ է նաեւ, որ Պլուտարքոս՝ չափազանցելով Տիգրանի զօրութիւնը, ճգնում է աւելի շշմեցնող դարձնել նրա պարտութիւնը ու աւելի կիզիչ՝ կրած նուաստացումի կսկիծը եւ աւելի մեծ՝ տարած յաղթութեան արժէքը: Փաստն այն է, սակայն, որ որչափ եւ իրապէս հզօր լինէր Տիգրան Արեւելքում Պարթեւների եւ Փոքր Ասիոյ վրայ, նրա հիմնած կայսրութիւնը տակաւին մանուկ էր Հռոմի հետ համեմատած: Նրա ընկճած եւ հպատակեցրած ազգերը՝ մեծ մասամբ բարբարոս խաժամուժներ, իսպառ զուրկ էին պետական ըմբռնումներից: Իսկ աւելի քաղաքակրթւած յունական եւ հրէական տարրերը՝ նրան քօղարկուած թշնամի:
Հռոմը երեւի վաղուց էր աշխատել ներքուստ քանդել Տիգրանի պետութիւնը, քանի որ Պլուտարքոս որոշակի խօսում է հռոմէական կուսակցութեան մասին Հայաստանում: Այսպէս, Ապպիուս, որ պատգամաւոր էր գնում Լուկուլլոսից դէպի Տիգրան՝ Միհրդատին պահանջելու, կարողացաւ իր ճամբին շատ հեշտութեամբ գրաւել հռովմայասէրների կողմը շատ թագաւորներ, որոնք դժկամակ էին Տիգրանի իշխանութիւնից:
«Բազմաթիւ նոր տիրապետած քաղաքներ,- ասում է Պլուտարքոս,- ծածկաբար պատգամաւորներ ճամբեցին Ապպիուսի մօտ, որ նրանց խոստացաւ Լուկուլլոսի օգնութիւնը. պատուիրելով, սակայն, առժամապէս հանդարտ մնալ մինչեւ ժամը հասնի»: Եւ յետոյ, Պլուտարքոս անցողակի որպէս աննշան փաստ աւելացնում է՝ «Տիգրանի տիրապետութիւնը անտանելի էր յոյներին» (Պլուտարքոս, հատոր Բ, էջ 525):
Եւ անշուշտ, Ապպիուսի առաքելութեան իրական ու գաղտնի նպատակը հէնց այս էր՝ դաւեր նիւթել Տիգրանի դէմ: Բոլոր գաղտնիքը Տիգրանի պատմութեան այստեղ է: Իր տիրապետութեան տակ գտնուող յոյն բազմաթիւ քաղաքներն արդէն իսկ փորել էին Հայ կայսրութեան հիմքերը դեռ Լուկուլլոսի գալուց առաջ: Հռոմէական բանակների երեւալը սոսկ ազդանշան եղաւ՝ վերջին հարուածը տալու նորակազմ պետութեան:
Կայսրութեան նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտ, որ Տիգրան ափ յափոյ հիմնեց իր գայսոնի ոյժով իր պետութեան կեդրոնը համապատասխան տեղ դնելու համար, ազատ չէր այս հակահայ քաղաքականութեան ախտից: Յոյն բնակիչները սպասում էին հռովմայեցիների հասնելուն՝ ապստամբելու համար:
Հայաստանը իր այս աշխարհակալութեան ճամբին՝ տակաւին ոչ ռազմական, ոչ պետական եւ ոչ մանաւանդ քաղաքացիական աւանդութիւններ ունէր, որոնցով այնպէս հզօր էր Հռոմը: Ամէն ինչ նոր էր ու խախուտ, եւ պէտք ունէր ժամանակի՝ ամրապնդուելու համար: Եւ այդ ժամանակը ճակատագրօրէն պակասեց նրան: Հայաստանի եւ Հռոմի այս բախումը նման է մի ուժեղ, սպառազինուած տղամարդի եւ մի խոստումնալից, հարուստ ապագայով, արիասիրտ, կայտառ պատանու պայքարին, որի ելքը դժուար չէր նախատեսել: Մեր համակ ազգային գոյութեան ու մեր ցեղական բախտի մեծագոյն թշուառութիւնն եղաւ Հայաստանի կանխաժամ բախումը Հռոմի անպարտելի զօրութեան հետ: Մեր յետագայ ողջ պատմութիւնը այդ բախումի աղէտալի հետեւանքները կրեց եւ կրում է մինչեւ այսօր:
Մասիսի «խորհրդավոր հայացքի» ներքո՝ Իգդիրմավայում իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրած գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանը 1919 — 1920 թվականներին Փարիզում էր՝ Խաղաղության խորհրդաժողովին Հայոց զույգ պատվիրակությունների անդամների հետ՝ Հայ ժողովրդի պայքարն ու արդար պահանջատիրությունը ներկայացնելու նպատակով:
Ինքնաճանաչման կարևորությունը գիտակցող մտավորականն ամենուր Հայրենիքի, Հայոց մշակույթի և ազգային հիշողության պահպանման խնդիրներն է բարձրաձայնել: Իտալիայում իր ճանապարհորդության ընթացքում նա պերճախոս գրչով ընթերցողներին է հանձնել Հռոմում՝ Մարկոս Ավրելիոսի սյան առջև ունեցած մտորումները: Հին Հռոմի ժառանգության մի մասնիկն է հիշյալ կոթողը, որը Հայ ժողովրդի մղած պայքարի հազարամյակների պատմության շրջաններից մեկի վկայությունն է նաև:
Ստորև գրառմամբ ներկայացնում ենք Ավետիս Ահարոնյանի՝ պատկերավոր և հուզական ոճով գրած՝ «Իտալական էսքիզներ» ուղեգրությունն ավարտող գլխի առաջին մասը, որը տպագրվել է «Հայրենիք» ամսագրում (1929, ապրիլ, թիվ 6): Շարունակությունը՝ հաջորդ հրապարակումներում…
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ Գրեց՝ Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ
Ա. ARMENIS DEVICTIS Հայաստանը գտայ Հռոմում. իմ խիզախ, իմ կորովի եւ ողբերգու հայրենիքը: Անակնկալ չէր այս ինձ համար: Հին Հռոմը աշխարհագրութիւն գիտէր եւ սիրում էր պատմութիւն կերտել շատ հեռաւոր հորիզոնների տակ: Հայաստան նրան անծանօթ չմնաց, ինչպէս եւ Մերձաւոր Արեւելքի շատ ուրիշ երկիրներ: Հայաստանը տեսայ Մարկոս Աւրելիոսի յաղթական սիւնի վրայ: Եւ ահա, «Էսքիզներ»-իս այս վերջին գլուխը նուիրում եմ մեր աշխարհի հին ու նոր, չար ու բարուն: (Այս յօդուածաշարքը «Իտալական էսքիզներ» — ուն վերջին գլուխը կը կազմէ, զոր յարմար դատեցինք հրատարակել առանձին վերնագրի տակ):
Ահա երկու շաբաթից ի վեր է, որ դառնում եմ այս կախարդական քաղաքում, քայլերս ինձ գրեթէ մեքենայաբար առաջնորդում են դէպի Piazza Colonna հրապարակը, ուր 176 թուից ի վեր բարձրանում է Մարկոս Աւրելիոսի յաղթական սիւնը իր հօր՝ Անտոնիոս Պիոսի յիշատակին նուիրած: Հռոմէական Սենատը կանգնեցրեց այն՝ յաւերժացնելու համար փիլիսոփայ կայսեր փառքը եւ իր հոգեւոր հօր յիշատակը: Քսան եւ վեց մէթր բարձրութիւն ունի այս մարմարակերտ սիւնը ու նրա վրայ օձապտոյտ բարձրաքանդակներով ձգւում են վեր Մարկոս Աւրելիոսի յաղթութիւնների պատկերները: Կատարին կայսեր արձանն է եղած սկզբում, որ Սիքստոս Ե Պապը վար առաւ ու նրա փոխարէն կանգնեցրեց այնտեղ Ս. Պօղոսի անդրին:
Այս կոթողի արուեստը նոյնն է՝ ինչ որ բոլոր նման կառուցուածքներինը Հռոմում — թանձրութիւն, նազանքի պակաս ու ճաշակի խստութիւն:: Ինձ գրաւողը, սակայն, ինքն այս սիւնը չէ՝ որքան նրա պլատուանդանի վրայ խոշոր լատինական տառերով փորագրուած արձանագրութիւնը՝ Հայ ու Հայաստանի յիշատակութիւնով.
M. AVRELIUS IMP. Armenis, Parthis, Germanis, Bello Maximo devictic Triumphalem Hanc colomnam Rebus gestisinsignem Imp. Antonio Pio patri dedicaviti.
Որ նշանակում է մօտաւորապէս հետեւեալը.. «Մարկոս Աւրելիոս իմպերատոր գերագոյն պատերազմի մէջ յաղթելով Հայերին, պարթեւներին, գերմաններին, այս յաղթական սիւնը՝ փառաբանութիւն իր կատարած գործերի, նուիրեց իր հօր՝ Անտոնիոս Պիոս իմպերատորին»:
Armenis ! … Ի՜նչ ահաւոր անդունդ է մարդկային հոգին իր գաղտնածածուկ ու մեզ անյայտ իղձերով, որոնք անակնկալ կերպով յանկարծ փայլատակում են մեր ներքին խաւարի վրայ, որպէս մռայլ երկինքն ակօսող շանթեր: Եւ ի՜նչ դժբախտ, նա, այդ հոգին, որ յաճախ լռելեան գալարւում է մի մութ մորմոքիչ ցաւից, որ մենք վաղուց հետէ մաշուած, ամոքուած կարծելով ժպտում ենք աշխարհին, կեանքին: Դժբախտ ու հզօր միաժամանակ, քանի որ մեզնից ծածուկ եւ մեզնից անկախ նա մեր ներքին աշխարհի տէրն է ու վարիչը. աղբիւրը մեր մտածումների, իշխողը մեր կամքին, որ, աւա՜ղ, թշուառօրէն ազատ ու անկախ ենք համարում: Նա ճամբաներ ունի՝ մեզ օտար ու անծանօթ, որոնցով գնում ենք հնազանդօրէն՝ հակառակ մեր կամքին, ու երբ անցնում ենք նրա քառուղիներով, զարմանքով ենք լսում մեր քով ոտնաձայնների զրնգոցը, մե՜նք՝ յաւիտենական խղճուկ ճամբորդներ: Ու մեր կեանքն ընթանում է միշտ մեզնից ծածուկ արահետներով, որ կարծում ենք, թէ մենք ենք գծել:
Քանի՜ — քանի՜ անգամ եմ տեսել այս Piazza-ն ու միշտ նոր պատրուակով, բայց իրօք հոգուս խորքերում շարունակ հնչուել է մի հատիկ մոգական բառ՝ Armenis ! … Ամբոխի եռուզեռ, կառքերի դղրդիւն, լրագրավաճառների կանչուըռտուք, փոշի, հրմշտուք, ու ես մենակ այս հրապարակի կեդրոնում հայեացքս շեշտ՝ դէպի այս կախարդիչ սիւնը:
Ի՜նչ դիւթանք, ի՜նչ գողտրիկ երազ, ի՜նչ փառք, որ դարերի խորքից է բարձրանում այս ժպտուն երկնքի տակ, մարդկային այս ժխորի մէջ: Մտերիմ հարազատի պատկեր, որ յանկարծ ցցւում է առջեւդ. պառաւած մօրդ քաղցրիկ օրօր, որ այս անգամ հնչւում է որպէս երկնային մեղեդի: Հոգիս՝ հնազանդ այդ ձայնին, բնաւեր թռչունի պէս կծկւում է պաղ մարմարին՝ հին յուշերի ջերմութիւնով տաքանալու համար: Իմ հայրենի օճաղի մոխիրներն եմ խառնում. կարդում եմ նորէն ու նորէն:
Armenia ! … իմ անո՜ւշ, ի՜մ անմահ հայրենիք, որ մի օր Հռոմի ահեղ զօրութեան հետ չափուեցիր: Եւ ո՞ւմ դէմ չճակատեցիր. ո՞ր աշխարհակալի, ո՞ր բռնաւորի դէմ չծառացար քո արդար, յաւերժապէս պայծառ խղճմտանքի եւ քո անբիծ բազուկների ազատութեան համար: Armenia… իմ դժբախտ հայրենիք, մղձաւանջ է մեր ներկան այնքան փառքերից յետոյ, ամօթանք է մեզ ապրող սերունդներիս…
Այս ո՞ւր հասանք: Հռոմի հետ զարկուող Հայը բարբարոս թուրքի երեսից արար աշխարհում գլուխը դնելու տեղ չունի:
Armenia, Armenia «ահեղ եւ երեւելի» (Խորենացի) հսկաներից մնացած Armenia — երեսուն դարերի միջից հնչուող դիւթական երաժշտութիւն…
Շուրջս հեւքոտ կեանքը մեծ քաղաքի եռում է ու տնքում ցաւագարի պէս: Իր երէկն ու այսօրը իրար խառնած այս ժողովուրդը ինչ — որ ջլախտաւոր դող ունի, որ ցնցում է նրան երազուն ու յանդուգն իղձերով: Հայրենի աւերակների ձայնին հնազանդ՝ դէպի արեւելք են դարձած շատ հայեացքներ: Անցորդները ողջունում են իրար Կատոնների, Պոմպէոսների եւ Կեսարների պէս՝ աջ բազուկը դէպի հեռաւոր հորիզոնը տարածելով: Թիկունքիս Consulta-ն է՝ արտաքին գործոց նախարարութիւնը, ուր երկաթէ մկաններով մի մարդ է նստած՝ հարուստ ու հզօր ծնօտներով ու որոնզէ կամքով, որ արեւմուտքին բռունցք է ցոյց տալիս, արեւելքին ժպտում… Գիտեմ, Անգորայից դիւական գործակալներ են հասած, ողջ Առաջաւոր Արեւելքը պղծելուց, աւերելուց ու արիւնոտելուց յետոյ շտապել են նոր Հռոմ, հին հռոմէական բազուկի այս ողջոյնի իմաստը հասկանալու…
Միտքս դարձել է յորձանուտ մի գետ, որ «դարիւ — դարիւ» զարկուելով իր ծփանքների մէջ տանում է այնքա՜ն փառքեր ու այնքա՜ն փլուզումներ: Յաղթական վերելք ու աղէտաւոր անկումն, ռազմական խոյանք մրրկաշունչ երիվարներով եւ պատմութեան կսկիծ. նոր կորովի եւ նոր կեանքի փթթումն թշնամիների գերեզմանների վրայ եւ բարբարոս խաժամուժների նոր աւերած… Եւ ազգերը շարաններով անցնում են աչքիս առաջից՝ մրրկով տեղահան եղած անտառների նման եւ սլանում են մեր աշխարհի վրայով՝ մերթ խորտակուած՝ մեր բանակների հարուածների տակ եւ մերթ յաղթական մեր թիկունքի վրայ քալելիս: Աշխարհում չկայ աւելի ողբերգօրէն մեծ եւ խորութեամբ ահաւոր, ալեկոծումներով շշմեցուցիչ եւ ցեղային կամքի ջլապինդ գալարումներով հարուստ ու երկաթէ կորովով դարբնուած մի ապշեցուցիչ պատմութիւն, քան մերն է: Հայոց աշխարհի կեանքի րիթմը չափն է տիեզերական պատմութեան: Ազգերի ամբարշտութիւնը ու նրանց շարժուձեւի ներքին արժէքը մեր աշխարհում ի յայտ եկաւ: Անգորայի գործակալներ են հասած Հռոմ…
Մեր ոսկիամայր Անահիտի ոսկէ արձանը փշրող հռոմայեցի զինուորը, ըստ աւանդութեան, զօսացաւ: Ճշմարի՞տ է այս, չգիտեմ: Բայց, յայտնի է, որ Մարկոս Անտոնիոս՝ այդ սրբապղծութեան բուն հեղինակը, արժանապէս տուժեց այդ ոճիրը: Տասնեակ հազարաւոր տաճար ու յիշատակարաններ աւերող ու սրբապղծող թուրքը եւ միլիոններով անձեռագործ մարդկային տաճարներ ոչնչացնող այս բթամիտ ու վայրագ ցեղը մի՞թէ անպատիժ պիտի մնայ… Չգիտեմ: Անգորայից գործակալներ են հասած Հռոմ, սրա նոր ողջոյնի արժէքը հասկնալու…
Ու կարդում եմ վերստին. Armenis … devietis … «Հայերը՝ պարտուած»: Կարդում եմ, եւ իմ մեծ նախնեաց այս պարտութիւնից բնաւ չեմ կարմրում, վասնզի մեր առջեւ Հռոմն էր, որ երբեք չէր յաղթուել: Եւ յետոյ այս ձախողանքի մէջ մենք բախտակից ունինք ահեղազօր պարթեւներին ու յաւէտ կատաղի գերմանացիներին:
Եւ ինչո՞ւ միայն սրանք. բրիտանական կղզիներից եւ Սպանիայից մինչեւ Պարսկաստան, Միջագետք եւ Արաբիա եւ Միջերկրականի շուրջը թառող բոլոր ազգերից ո՞րը դիմացաւ Հռոմի զօրութեան: Ո՞րը իր մէջքը չծռեց նրա լէգէոնների եւ օրէնքի առջեւ: Այսօրուայ նոյնիսկ մեծ ազգերից ո՞րը չի ճաշակել Հռոմի տիրապետութեան խստութիւնը: Սրանք ամէնքը անխտիր, ամէնքն իրենց հերթին դարեր շարունակ Կեսարների երիվարների ոտների փոշին շնչեցին եւ նրանց սմբակների ծանրութիւնը զգացին իրենց թիկունքին: Եւ քանի՜ քանիսն իրենց իշխաններից via Sacra-ով շղթայակապ անցան, յաղթական զօրավարների թափօրին շուք տուին ու գնացին կապիտօլեան Զեւսին տաճարում զոհուելու:
Հազարներով գալլեր, գերմաններ, բրիտանացիք՝ դարերի ընթացքին Հռոմի կրկէսներում՝ բարբարոսներին համահաւասար ծառայեցին ամբոխը զուարճացնելու: Քիչ անդին մենք կը տեսնենք, որ նոյն օրերում «թուով յոյժ ածու» Հայաստանը իր հայրենի սրբազան Արաքս գետի պէս միշտ էլ «կամրջընկէց» մնաց, անգամ Հռոմի խորտակիչ, տիեզերական զօրութեան յանդիման:
Մեխի և պայտի մասին մի առակ սերնդէսերունդ պատմվում է տարբեր մշակույթներում և խրատում՝ շեշտելով աշխատանքի հանդեպ բարեխղճությունը և յուրաքանչյուրի պատասխանատվությունն ընդհանուր ծրագրի հաջողության գործում:
«Մի անգամ մի ձիավոր պատրաստվում էր ճանապարհ ընկնել։ Նրա ձին ուժեղ էր ու արագ, բայց պայտերից մեկի մեխը թուլացել էր։ Ձիավորը նկատեց դա, բայց մտածեց․ «Մի մեխից ի՞նչ կլինի, հետո կկարգեմ»։ Ճանապարհին մեխը դուրս ընկավ։ Քիչ անց պայտը թուլացավ ու պոկվեց։ Առանց պայտի ձին սկսեց կաղալ, իսկ հետո՝ կանգ առավ։ Այդ պահին ձիավորը չկարողացավ շարունակել իր ճանապարհը, չհասավ իր նպատակին և կորցրեց կարևոր գործը։ Եվ մարդիկ ասում են․ Մի մեխի պատճառով կորավ պայտը, պայտի պատճառով՝ ձին, ձիու պատճառով՝ ճանապարհը, իսկ ճանապարհի պատճառով՝ ամբողջ գործը։ Խրատը — «Թվացյալ մանրուքները» երբեք մի՛ անտեսիր․ երբեմն հենց փոքր բացթողումն է մեծ կորստի պատճառ դառնում»:
Դարերով կրկնվում է այս իմաստուն միտքը և հիշեցնում, որ «աննշան» թվացող անփութությունը կարող է դառնալ մեծ աղետի սկիզբ, «փոքր խնդիրը կարող է մեծ հետևանքներ ունենալ»…
«Մի մեխի պատճառով մի պայտ ընկավ։ Մի պայտի պատճառով մի ձի ընկավ։ Մի ձիու պատճառով մի ձիավոր ընկավ։ Մի ձիավորի պատճառով մի ճակատամարտ տանուլ տրվեց։ Մի ճակատամարտի պատճառով մի պատերազմ տանուլ տրվեց։ Մի պատերազմի պատճառով մի հայրենիք ոչնչացավ։ Եվ այս բոլորը՝ ա՛յն մարդու պատճառով, որ պայտը լավ չէր ամրացրել մեխով»… Խորհուրդը՝ յուրաքանչյուր մանրուք պատասխանատվություն է, քանզի աշխարհը հաճախ կառուցվում է հենց «մեխերի՛» վրա։
«Մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի՛ ճանաչում, լավն ու վատը չի՛ հասկանում, սուտը ճշմարտի՛ տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի՛ տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ու՞մ խոսք հասկացնես… Գլուխ գովալով ապրում են ներքուստ վախկոտ ու ստրուկ խղճուկ հոգիները, անցնում մութ ճամփեն՝ հասկացողին արհամարհելով ու ոտնատակ տալով, անհասկացողին՝ քծնելով, գովաբանելով, շվաքի առաջը խոնարհվելով ու նրանից փրկություն աղերսելով»,- 1890 թվականին մտահոգված գրում էր Ղազարոս Աղայանը:
Նույն թվականին Հովհաննես Թումանյանը «Միամիտներին» էր հեգնանքով «երանի տալիս».
ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ
Երանի՜ է ձեզ, որ չեք հասկանում, Թե մարդիկ ինչու՞ ինչե՜ր են անում, Երանի՜ ձեզ, որ մարդու չեք զրկում Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում. Երանի՜ ձեզ, որ ոչինչ չըգիտեք, Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։
«Հռոմը գնում է դեպի կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»,- մոտ 2000 տարի առաջ զգուշացնում էր հույն գրող Լուկիանոսը (120թ.-180թ.):
Դարձյալ 1890 -ին՝ «Պոետին» էր ուղղում իր իմաստուն խրատը Հ. Թումանյանը.
ՊՈԵՏԻՆ
Թաքցրու՛, պոե՛տ, վշտերդ ամբարված Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ, Ամբոխի առաջ մի՛ երգիր նրանց, Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ։
Եվ դուն չե՛ս կոչված, որ փոքրոգության Արտասուքներով քո վշտերն երգես, Դուն պիտի ճնշված մարդկության առաջ Սև ճակատագրի գոյությո՛ւնն հերքես։
Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ, Թեև դժվար է քեզ համար կեղծել, Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ Ամբոխի համար հավա՛տ ստեղծել։
Գուրգուրի՛ր նրան ինչպես չար մանկան, Պատժի ժամանակ անողո՛րմ եղիր, Զեռքումդ ունեցիր փայլուն խարազա՛ն, Հարվածի՛ր նրան և հառա՛ջ մղիր։
Հառա՛ջ տար նրան և ձեռքդ մեկնի՛ր, Ցու՛յց տուր փրկության արյունոտ ուղին, Կռվից փախչողին ծաղրանքով հեգնի՛ր, Փառագոչ երգով գովի՛ր կռվողին։
Սի՛րտ տուր ընկածին, գետնից վե՛ր քաշիր. Մի՛ թողնիր երբեք, որ մնա նա ցած. Կենդանի երգով զարթեցրու՛, շարժի՛ր Զգացմունքները նրա վհատած։
Բարկության հրո՛վ շնչիր չարի դեմ, Որ թույնով, փողով գա՛հ է բարձրացել, Եվ լուսավորի՛ր, ցու՛յց տուր ամբոխին, Թե ի՛նչ ընթացքով չարիք է գործել։
Թող որ ճանաչե՛ և պատուհասե՛ Նրա չարությունն ամենակատար, Եվ այնուհետև կուրորեն չասե՛. «Մեծ» կամ «մարդասեր, ազգի բարերար»…
Աշխարհի, իրականության ճանաչման խնդիրը յուրաքանչյուր սերնդի համար կենսական անհրաժեշտություն է։ Այսօրվա տեղեկատվական անսահման, բազմաբնույթ հոսքի մեջ և Հայաստանի ներկայիս պայմաններում՝ առավել ևս և, հատկապես, կարևորվում է ազգային ինքնաճանաչումը… Թվում էր, թե նույնիսկ վերջին տասնամյակների իրադարձությունները պետք է շատերի «աչքերը բացեին», նպաստելով այսօրվա բազմաշերտ իրականության մեջ դիմակավորված դեմքերը դիմակազերծելուն, ճշմարիտը կեղծիքից զանազանելուն… Սակայն համատարած խավարում է խարխափում մարդկանց զգալի մեծամասնությունը։ Դարերի խորքից եկող արևելյան առակներից մեկը հիշատակելու առիթ եղել էր նախկին գրառումներիցս մեկում։ Առակի բովանդակությունը համառոտ հետևյալն է. Մի խումբ կույր մարդկանց բերում են մի փղի մոտ և ասում, որ փորձեն գուշակել, հասկանալ՝ ի՛նչ է իրենց առջև։ Մեկը շոշափում է փղի ոտքը և ասում՝ «Սյու՛ն է»։ Մյուսը բռնում է պոչը և ասում՝ «Պարա՛ն է»։ Երրորդը շոշափում է կնճիթը և ասում՝ «Օ՛ձ է»։ Մեկ ուրիշը դիպչում է ականջին և ասում՝ «Հովհա՛ր է»։ Նրանցից յուրաքանչյուրը համոզված է, որ ճիշտ է, բայց իրականում բոլորը տեսնում են միայն մասը, ոչ ամբողջը։
Առակի հիմնական իմաստը —
Մասնակի գիտելիքը ամբողջ ճշմարտությունը չէ: Մարդը հաճախ ընկալում է իրականության միայն մի հատվածը և կարծում է, թե դա ամբողջ ճշմարտությունն է։
Ճշմարտությունը բազմակողմանի է: Իրականությունը կարելի է հասկանալ միայն տարբեր դիտակետերը համադրելով։
Վեճերի անիմաստությունը, երբ ոչ ոք չի ընդունում իր գիտելիքների սահմանափակությունը: Մարդիկ հաճախ վիճում են, որովհետև յուրաքանչյուրն ունի իր սահմանափակ փորձը և չի տեսնում ընդհանուր պատկերը (ինչպես ներկայիս քաղաքական ասպարեզն է՝ իր «գործիչներով» և նրանց գործունեության շուրջ ծավալվող գնահատանքներով, քննարկումներով)…
Ահավասիկ նույն առակը՝ Հովհաննես Թումանյանի մշակմամբ…
ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ (Արևելքի առակներից)
Օրը ցերեկով Երեք-չորս հոգով Կույրերը եկան Փըղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ, — Հե՛յ, զգո՛ւյշ,- կանչեց,- մի պա՛տ կա էստեղ։ Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝ — Ի՜նչ պատ,- ծիծաղեց,- էս կո՛ճղ է կարծեմ։ Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել. — Օ՛ձ է, օ՜ձ,- գոռաց,- էլ ի՜նչ եք կանգնել։ Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց. — Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։ Ոչ է՛ս է, ոչ է՛ն, այլ կախած մի թո՛կ։ Չէ՛, պա՛տ է,— չէ՛, կո՛ճղ— չէ՛, օ՛ձ է,— չէ՛, թո՛կ… Ու աղմըկելով ամեն մինը ջոկ, Ինչպես որ եկել Դեմ էին ընկել, Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին — Սարի պես փիղը՝ պարզ լուսի տակին։
«…Երևակայեցե՛ք, թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։ Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են՝ 35 տարի է, ինչ գոյություն ունի Հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից։ Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների։ Սակայն, եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։ Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի Հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպե՞ս չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա», — գրել է Հովհաննես Թումանյանը՝ «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածում, որն առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին՝ Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի հունվարի համարներում։
Իր մշակութային և հասարակական գործունեությամբ միշտ շաղկապված Հայ ազգին՝ 1915-ին Արևմտահայ գաղթականների և որբերի խնամքով զբաղվելուց 2 տարի առաջ, նա վերլուծում էր «Հայկական հարցը» և ահազանգում. «… Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։ Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։ Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, Հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար»…
1915-ի մղձավանջային օրերին անձնուրացաբար նա փորձում էր փրկել «մարդակեր գազանի» ճիրաններից մազապուրծ Հայ գաղթականներին, որոնք տառապանքի ուղիներով հասել էին Էջմիածին:
«Հովհաննես Թումանյանը 1915-ի օգոստոսին խնդրել էր կաթողիկոս Գևորգ հինգերորդին թույլատրելու վեհարանը ժամանակավորապես օգտագործել գաղթականների հիվանդ, տառապող հազարավոր երեխաներին բուժօգնություն ցույց տալու, անօգնական Հայ մանուկներին համաճարակից փրկելու նպատակով։ Կաթողիկոսից մերժում ստանալով, Թումանյանը հաջորդ օրը վեհարանի փակ դռները բացել է տալիս, աղջկա և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ճերմակ խալաթներ հագած, սայլերով հարյուրավոր հիվանդ երեխաների հավաքում և վեհարանում սկսվում է նրանց բուժման գործը»,- հիշում է Փեսանդաշտից Էջմիածին հասած այդ որբերից մեկը՝ Ս. Ն. Ասլանյանը («Փեսանդաշտը պաշարված էր», էջ 258):
«Օգոստոսի 19-ի գիշերն էր: Արարատյան դաշտի անմոռանալի ծանր գիշերը… Հայրիկս սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականությունը շենքերում պատսպարելու, վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով.
Դուք գիտեք , որ ես Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ… Թումանյանը պատասխանում է.
Գիտեք , որ ես էլ Ամենայն Հայոց Բանաստեղծն եմ»: (Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերից):
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՋՄԻԱԾՆԻ ՈՐԲԱՆՈՑԻՑ (Հ. Թումանյան)
«Էջմիածնի որբանոցը որբանոց չէր իսկապես, այլ մանուկների ապաստարան, որովհետև ծնող ունեցող երեխաներն էլ էին ընդունվում։ Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլված երեխաները ժամանակավոր, մինչև որ մեր քաղաքներից կհասնեին ու կտանեին նրանց։ Որբանոց չէր, ինչպես որբանոց չեն այժմյան մեր շատ որբանոցները, բայց անունը կպավ ու մնաց որբանոց։ Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ հուլիսի վերջերից սկսած, ամիս ու կիսվա ընթացքում, մինչև տասը հազար երեխա մտավ Էջմիածնի որբանոցն ու դուրս եկավ էնտեղից, իսկ մեջը մնացողների թիվը եղավ 3500։ Ես էլ նրանցից մեկն եմ, որ էս երեխաների մեջն էի, բայց երբ էսօր նստում եմ ու աշխատում եմ վերհիշել, կարծես թե նրանց՝ երեխաներին չեմ տեսել։ Չեմ տեսել, չեմ ճանաչել առանձին-առանձին։ Սաստիկ, սաստիկ ծանր էր նրանց հետ խոսելն ու խոսեցնելը… Եթե խոսել ու խոսեցրել եմ, էն էլ շատ քիչ, պատահմունքով…
Սակայն շարունակ աչքիս առաջն է նրանց բազմությունը, նրանց վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը, որ անտառում կանգնած սպասում էր՝ մինչև ճեմարանը դատարկեն… Դատարկ է արդեն… Եվ նշան տալուն պես, միջօրեական թեժ արևի տակ, փոշու ամպեր բարձրացնելով, ագահությամբ հոսանք առավ դեպի ճեմարան… Այնուհետև ճեմարանի մուտքի առջև… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցումի մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին…
Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք, ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից և անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները… Խիտ-խիտ ու երկար շարքերով լուռ նստած՝ իրենց բազմահազար աչքերը անթարթ սևեռում էին դեպի դռները, որտեղից ներս էին բերելու թեյի, սուրճի կամ կերակուրի դույլերը… Օրվա մեծ մասը թափված էին մերկ հատակներին, երկար նախասենյակներում և կամ ընդարձակ բակում, չէին կարողանում ոտի վրա մնան, ցավում էին նրանց նիհար սրունքներն ու մանկական ոտները, մի քանի հարյուր վերստ փախած, մի քանի հարյուր մետր ճամփա կտրած ոտները…
Հիշում եմ և էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, երբ առաջին անգամ տեսանք, թե ինչպես էին նախասենյակներում կուտակած աշակերտական նստարանների արանքները լցվել կամ վրաները բարձրացել ու ոմանք զվարթ երգում են խմբով, ոմանք, նստարաններին հեծած, ձի են խաղում, ոմանք էլ կատակներ են անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում… Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքներով… Հիշում եմ՝ ինչպես էին այնուհետև զույգ-զույգ, աշակերտական կարգով, երկար սյունակներով ձգված, միամիտ երգելով, իրենց հին վարժուհիների ու վարժապետների հետ, ճեմում ճեմարանի ծառուղիներում, մինչդեռ մեռելատար սելերը «մեռե՜լ… մեռե՜լ…» ոռնալով, հավաքում էին նրանց սովամահ եղած մայրերի չորացած դիակները, մայրերի, որ գալիս, ուժասպառ կուչ էին գալիս իրենց երեխաներից մոտիկ՝ որբանոցի պատերի տակ կամ հնձած խոտի նման խմբովին թափվում էին ծառաստանի ծառերի տակերին… Վերջապես՝ ահա և ֆուրգոնների ու սելերի երկար շարքերը, որ նրանց, կարմիր ու ճերմակ բլուզներ հագած, մեջները լցրած տարան, ցրվեցին դեպի զանազան քաղաքներ… Եվ, ո՞վ գիտի, այժմ էլ էն զանազան քաղաքներում երբ հարցնում են թե՝ մայր ունե՞ք, պատասխանում են՝ «այո՛», և դեռ գրել են տալիս իրենց մայրերի անունները, առանց իմանալու, թե նույնիսկ էնքան թաղողներ չէին գտնվում Էջմիածին, որ վրա հասնեին, թաղեին իրենցից շատերի մայրերին»…
«Զարկված Հայրենիքի» արնահոսող՝ հին ու նոր վերքերի ցավը հաղթահարելով, Թումանյանն իր Լույսն է սփռում՝ հույսով ու հավատով. «Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը՝ նո՜ր երգերով, նո՜ր խոսքով»…