Category: Philosophie

  • «ԵՎ Ո՞Վ Է ՀՅՈՒՍԵԼ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ՎՍԵՄ»…

    «ԵՎ Ո՞Վ Է ՀՅՈՒՍԵԼ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ՎՍԵՄ»…

    «ԵՎ Ո՞Վ Է ՀՅՈՒՍԵԼ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ՎՍԵՄ»…

    Տիեզերական անպարփակությանն ուղղված հայացքով՝ Մարդը մշտապես երազել է բացահայտել անծայրածիր ոլորտների անմատչելի գաղտնիքները, ներդաշնակ օրենքներով գործող Բնության առեղծվածները։

    «… Հովի զրույցին ունկն դնելով՝ Աբու Մահարին խոսում էր անձայն.
    -Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

    Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
    Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձևերով՝ անդուլ ու անխոնջ՝ այսպես թովչանքով:

    Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չե՛ն ըմբռնել իմաստը նըրա.
    Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

    Ոչ ոք չի՛ լսել սկիզբը նըրա, և չի՛ լսելու վախճանը նըրա,
    Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

    Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորի՛ց է պատմվում հեքիաթն այս շքեղ,
    Նորից սկսվում և վերջանում է՝ ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ»…

    Ավետիք Իսահակյանի կերտած հերոսներից մեկի մտորումներն ամփոփում են հազարամյակներ շարունակ աշխարհի իմաստուններին հետաքրքրող հարցերը։

    Վերջին ժամանակներում, շարունակելով դեռևս հնագույն շրջանում սկսված պրպտումները, գիտնականներն ուսումնասիրում են անեզրական տարածքների «հասանելի մասը» և, մարդու սահմանափակ մտքի մատչելիության սահմաններն ընդարձակելով, «պեղում են» որոշ պատասխաններ…

    Միգամածություններից ծնունդ առած աստղերից մինչև նյութի տարրական մասնիկներ՝ նույն օրինաչափություններն են գործում։


    Կյանքը ծնվել, զարգացել և պահպանվել է իմաստուն փոխհարաբերություններով կարգավորվող այս միջավայրում։

    Եվ ամենը վկայում է, որ Տիեզերքի կառուցվածքը ոչ միայն գեղագիտական է, այլև մաթեմատիկական ճշգրտությամբ կարգավորված։

    Տիեզերքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ոչ միայն նյութական ու էներգետիկ հսկա համակարգ է, այլև՝ բարձր կարգավորված և ներդաշնակ ամբողջություն, որտեղ գործող օրինաչափությունները շաղկապված են համընդհանուր միասնությամբ։

    Գիտությունը՝ դիտարկելով Տիեզերքի հիմքում եղած ֆիզիկական օրենքները, հաստատում է, որ ներդաշնակությունն ու հավասարակշռությունը ոչ թե պատահական երևույթներ են, այլ հանդիսանում են Արարչության կամ բնության անբեկանելի հիմունքներ։


    Արարչական ուժի տնօրինությամբ, ներդաշնակ փոխազդեցության շնորհիվ երկրի վրա և ողջ Տիեզերքում կարգավորված օրինաչափություններով գործող միասնական մի ամբողջություն է ձևավորվել։ Այն փոփոխվում է մշտապես, սակայն այս ողջ անեզրական համակարգում ամեն ինչ գործում է հավասարակշռության օրենքներով, միանման անխախտ հիմունքներով։

    Ընդհանուր ինքնակարգավորման երևույթներն առկա են Տիեզերքի յուրաքանչյուր մասնիկում — հսկայական աստղերում, բնության մանրագույն բջիջներում, բույսերի սերմերից, ծաղկաթերթերի դասավորությունից կամ մեղվի փեթակի կառուցվածքից մինչև տիեզերական անեզրության մեջ սլացող համաստեղությունները…

    Ձգողականության, կենսաուժի (էներգիայի) պահպանման օրենքները, երկրաչափական ճշգրիտ հարաբերություններով կառուցվածքները՝ «սրբազան երկրաչափության» հետքերն ամենուր են։

    Հայկազուն Արևորդիները փառաբանում են Արարչական ուժը՝ Տիեզերքի Ճարտարապետի հաստատած իմաստուն կարգը, գովերգելով Կյանքը, նրա հարատևումն ապահովող Տիեզերական շունչը և ձոներգում մարդկությանը բարօրություն, լիություն պարգևող, լույս և արդարություն սփռող Բարեփառ Արեգ-Միհրին…

  • «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա)

    «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա)

    «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա)

    Մինչ Հայոց Նախնիք ուսումնասիրում էին իրենց շրջապատող աշխարհը և ակնդետ զննում երկնային լուսատուների, համաստեղությունների մշտնջենական «պարը»՝ փառաբանելով Լուսատու, Ջերմատու և Կենսաբաշխ Արեգակը՝ որպես «Տիեզերքի Ակ» և «Աղբյուրն Իմաստնության» և արևածագին ողջունում էին Արեգակն արդար՝ ի մեծարումն նրա պարգևած Լույսի ու Գիտության, քրիստոնեության ջատագովներից ոմանք իրենց պարզունակ և սխալ տեսակետներն էին պարտադրում՝ համոզված, որ «Երկինքը նման է մի սնդուկի՝ կամարաձև կափարիչով, որի հատակին Երկիրն է: Այն տափարակ է, քառանկյունաձև և ջրերի վրա է»…

    «Ընդդեմ կեղծ քրիստոնյաների, որոնք, ինչպես հեթանոսները, հայտարարում են, թե երկինքը գնդաձև է»,- 6-րդ դարում երկար և «համոզիչ» հակագիտական իր բացատրությունն է ներկայացնում Կոսմաս Հնդկաչուն («Հնդկաստանի ճանապարհորդը») իր՝ «Քրիստոնեական տեղագրություն» գրքում, (Գիրք Ա):

    «Հարկ է նշել, որ նրա (Կոսմաս Հնդկաչուի, Կ. Ա.) ուսմունքը եկեղեցին ընդունեց սիրով: Հանդես գալ դրա դեմ՝ նշանակում էր քննադատել աստվածաբանության դոգմաները, որը վաղ միջնադարի պայմաններում համարձակ քայլ էր»,- գրում է Է. Լ. Դանիելյանը (մեջբերումը՝ «Աշխարհացույցի» հեղինակի տիեզերագիտական հայացքների հարցի շուրջը» հոդվածից):

    Երկրի քարտեզն ըստ Կոսմաս Հնդկաչու

    ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 1974 թվականի 5-րդ համարում «Անտիկ շրջանի մի քանի աշխարհագրական գաղափարների արտացոլումը միջնադարյան հեղինակների աշխատություններում» հոդվածն ամփոփվում է այսպես.

    «Վաղ միջնադարում (V-XI դդ.) Եվրոպայում գիտությունն անկում էր ապրում:
    Դրա պատճառը քրիստոնեական գաղափարախոսությունն էր: Գիտության անկման և քրիստոնեական գաղափարախոսության արգասիքն էր Կոզմաս Հնդկաչու (VI դ.) «Քրիստոնեական տեղագրություն» աշխատությունը, որտեղ հեղինակը շարադրել է իր պատկերացումները Երկրի և տիեզերքի վերաբերյալ:
    Սակայն վաղ միջնադարում Կոզմաս Հնդկաչու աստվածաշնչային աշխարհագրական պատկերացումները տիրապետող չէին:
    Նույն ժամանակաշրջանի որոշ գիտնականների աշխատությունների, ինչպես նաև 7-րդ դարի «Աշխարհացույցի» և Անանիա Շիրակացու «Տիեզերագիտության» վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ այդ ժամանակ, չնայած եկեղեցու հետապնդումներին, երկրի գնդաձևության, ջերմային գոտիների ու հակոտնյաների մասին անտիկ գաղափարները լայն տարածում էին գտել»: (Ա. Բ. Դիտմար, Օ.Դ. Շաբրովա, Յարոսլավլ):

    «Քրիստոնեական տեղագրություն» գրքի մանրանկար (9-րդ դար), ուր պատկերված է տափարակ Երկիրը՝ սնդուկում պարփակված

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեն Արևշատյանի՝ «Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական հայացքները» հոդվածից որոշ հատվածներ՝ ի ցույց դնելու նախաքրիստոնեական գիտության ավանդը քրիստոնեության մեջ, ստորև:

    …«Իր ժամանակի համար Շիրակացին դարձավ միակ հեղինակը, որը դիմեց անտիկ շրջանի հարուստ ժառանգությանը և կարողացավ կրոնա-աստվածաբանական աշխարհայեցողության գերիշխանության պայմաններում գնահատել հելլենական գիտության նվաճումները և ներմուծել հայ գիտության մեջ՝ նրա ձևավորման շրջանում: Սակայն, որպես իր ժամանակի զավակ, Շիրակացին անկարող էր լիովին հրաժարվել եկեղեցական տեսակետներից:
    Նա ձգտում էր համատեղել եկեղեցականը «հեթանոսական» գիտության հետ, ընդ որում՝ այդ «հեթանոսականի» մեջ նա կատարում է բաժանում «բարի» և «չար» գիտունների, ընդունելի «բարի» գիտնականների և «չար» մերժելի մտածողների միջև՝ դրանով իսկ ստեղծելով հարմար ճանապարհ անտիկ աշխարհի գիտության նվաճումներով քրիստոնեական նորաստեղծ գիտությունը հարստացնելու համար:
    Շիրակացին պաշտպանում է աշխարհի՝ չորս տարրերից առաջանալու հին հունական տեսությունը»…
    …«Աշխարհի կառուցվածքի բացատրության հարցում Շիրակացին հետևում է անտիկ տիեզերագետների հայացքներին՝ վճռական դեր հատկացնելով տարրերի կշիռներին»…

    «…Իր տիեզերաբանական համակարգում Շիրակացին հետևում է ավանդական՝ անտիկ աշխարհում և քրիստոնեական տիեզերագիտության մեջ լայնորեն տարածված Երկրակենտրոն տեսությանը և դրա հետ կապված նյութական աշխարհի սահմանափակվածության մասին պատկերացումներին»:
    «Երկրակենտրոն տեսությունը՝ իր հիմքում ունենալով աստծո գոյության՝ «առաջին շարժիչի» գաղափարը, հին հունական փիլիսոփայությունից ընդունվել էր քրիստոնեական եկեղեցու հայրերի կողմից, ավելի ստույգ՝ արիստոտելյան-պտղոմեոսյան համակարգից որդեգրվել էր վաղ-միջնադարյան կրոնական փիլիսոփայության կողմից:
    Դրա ամենաարժեքավոր դրույթն այն էր, որ երկիրը գնդաձև է:
    Արիստոտելյան այդ գաղափարը որդեգրած Էրատոսթենեսը չափեց երկրի տրամագիծը:
    Ընդունելով Արիստոտելի և Պտղոմեոսի Երկրակենտրոն համակարգը՝ եկեղեցու հայրերի մեծ մասը նրանից դուրս նետեց երկրի գնդաձևության գաղափարը:


    Միայն քրիստոնեական առավել լուսավորյալ որոշ ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ Բարսեղ Կեսարացին, Հովհաննես Ֆիլոպոնոսը և այլ վարդապետներ, պաշտպանեցին երկրի գնդաձևության տեսությունը: Ուղղափառ հոգևորականության զգալի մասը կառչած մնաց այն տիեզերագիտական տեսությունից, որը բխում է Աստվածաշնչի գաղափարներից:

    Այն մշակեց 6-րդ դարի ալեքսանդրյան վարդապետ Կոսմաս Հնդկաչուն (Ինդիկոպլևստը), որն իր «Քրիստոնեական տեղագրություն» աշխատության մեջ զարգացնում էր այն միտքը, որ Երկինքը նման է մի սնդուկի՝ կամարաձև կափարիչով, որի հատակին Երկիրն է:
    Այն տափարակ է, քառանկյունաձև է և ջրերի վրա է: Երկիրը շրջապատված է օվկիանոսով, որից այն կողմ անմարդաբնակ, ամայի տարածք է: Այդ տարածքը չորս կողմից շրջապատում է բարձր պատնեշ, որի վրա էլ հենվում են երկինքը, Արևն ու Լուսինը, որոնք ընթանում են ոչ թե Երկրի, այլ մի բարձրաբերձ կոնաձև լեռնագագաթի շուրջ:
    Հելլենիստական շրջանի գիտության նվաճումների հետ համեմատած՝ Կոսմաս Հնդկաչուի «Քրիստոնեական տեղագրությունը» մեծ նահանջ էր:
    Անանիա Շիրակացին հերքում է «Քրիստոնեական տեղագրության» հիմնական դրույթները և պաշտպանում հելլենիստական գիտության դիրքերը:
    «Եթե որևէ մեկը ցանկանա,- գրում է Շիրակացին,- արտաքին փիլիսոփաներից ստանալ երկրի դրության մասին համոզիչ օրինակ, ապա ինձ հարմար է թվում ձվի օրինակը:
    Այնպես, ինչպես (ձվի) մեջտեղում է գնդաձև դեղնուցը, իսկ նրա շուրջը սպիտակուցն է, իսկ կճեպը պարփակում է ամեն ինչ, նույնպես և երկիրը գտնվում է մեջտեղում, շրջապատում է օդը, իսկ երկինքը իրենով պարփակում է այդ բոլորը»:

    Երկրի գնդաձևության և տիեզերքի կառուցվածքի մասին Շիրակացու պատկերացումները շատ հստակ են և որոշակի:
    «Արդ, այն վերին երկինքը,- ասում է նա,- որ հույները «եթեր» են անվանում, իսկ քաղդեացիք՝ «խիտ կրակ», … կամարաձև առաստաղի նման, ողորկ, կլորաձև ճշգրիտ ընդգրկմամբ այն տարածվել է գնդաձև երկրի շուրջը իր անդադար և անկասելի արագ շրջապտույտով, անտեսանելի նյութով, որը ենթակա է միայն բանական ճանաչման»:

    Երկրի ձևի մասին հին տիեզերագետների վեճերի հետ սերտորեն կապված էր նաև հակոտնյաների (անտիպոդների) հարցը, այսինքն՝ երկրի հակառակ կողմում կա՞ն մարդիկ, երկրի ներքևի մասում գոյություն ունի՞ արդյոք կյանք, թե այն ամայի է ու անմարդաբնակ:
    Քրիստոնեական տիեզերագիտության համաձայն, այդ հարցը կապված էր կամ Երկրի գնդաձևության ընդունման, կամ Աստվածաշնչի այն դրույթի ժխտման հետ, որ Երկիրը հաստատված է ջրերի վրա:
    Շիրակացին՝ իր գիտական համոզմունքներին չդավաճանելու նպատակով, գտնում է, որ մի ժամանակ «ընդունում էր հակոտնյաների գոյությունը» և կարծում էր, «որ դա համապատասխանում է աստվածային խոսքին»:
    Բայց տեղնուտեղը պատմում է իր երազը, որտեղ իր հարցին՝ «Գոյություն ունե՞ն այլ կենդանի էակներ երկրի ներքևի մասում, թե ոչ», երիտասարդ շիկահեր տղամարդու տեսքով հանդես եկող Արևը պատասխանում է՝ «Գոյություն չունեն: Իսկ (այնտեղ) ես լուսավորում եմ սարերը, ձորերը և ամայի քարանձավները»:
    Շիրակացին այսպիսով ընդունում է, որ Երկրի ներքևի մասում կան «սարեր, ձորեր և ամայի քարանձավներ» և մերժում է հակոտնյաների գոյությունը, միայն այն պատճառով, որ դա չի համապատասխանում «աստվածային խոսքին»…

    Շարունակականությունը՝ հաջորդիվ…

  • «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…

    «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…

    «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…

    «Ժողովուրդը պետք է պայքարի իր օրենքի համար, ինչպես իր պարսպի համար»։
    «Ինձ համար մեկը հավասար է տասը հազարին, եթե նա լավագույնն է»: (Հերակլիտես)

    Մոտ 2500 տարի առաջ Եփեսոսում բնակվող ազնվական ազդեցիկ մի ընտանիքից էր սերում հույն իմաստասեր Հերակլիտեսը, որի խորիմաստ՝ «Ամեն ինչ անցողիկ է» արտահայտությունը հայտնի է շատերին։
    «Մարդու բնավորությունն է կռում նրա ճակատագիրը»,- պնդում էր նա և հիշեցնում նաև «արթմնի վիճակում քնածների» մասին։

    Հերակլիտեսը համոզված էր, որ իշխանությունը պետք է պատկանի «լավագույն քչերին և ոչ թե վատագույն մեծամասնությանը կամ տգետ բազմությանը, որը չի հանդուրժում իմաստուններին և ուժեղներին»։

    16-րդ դարի ֆրանսիացի գրող-մարդասեր, իրավաբան Էտիեն դը լա Բոեսին (1530-1563) դեռևս 19 տարեկանում 1549 թվականին շարադրել է «Կամավոր ստրկության մասին ճառը», որտեղ քննում է ժողովուրդների հանդուրժողականության և դյուրահավատության արդյունքում իշխանությունը չարաշահող բռնակալներին հնազանդությամբ աջակցելու մերժելի երևույթը։
    Հիշյալ ճառից մի հատված իմ թարգմանությամբ՝ ահավասիկ.

    «… Այս պահին ես միայն կցանկանայի հասկանալ, թե ինչպե՛ս է լինում, որ այնքան շատ մարդիկ, այնքան գավառներ, քաղաքներ, այնքան ազգեր երբեմն հանդուրժում են մի բռնակալի, որի միակ ուժն այն իշխանությունն է, որ հենց իրե՛նք են տալիս նրան, և նա կարող է նրանց վնասել այնքան, որքան վերջիններս կամենում են հանդուրժել, և որ նա չէ՛ր կարող ոչնչով նրանց վնասել, եթե նրանք սիրով չգերադասեին տառապանքը՝ հակառակվելուց։ Իրավամբ, տարօրինակ բան է — և, այդուհանդերձ, այնքան տարածված երևույթ է, որ ավելի շուտ հարկավոր է հառաչել (գանգատվել), քան ապշել տեսնելով, թե ինչպես են միլիոնավոր մարդիկ թշվառաբար ստրկացած, գլուխը դրած լծի ներքո, ոչ թե այն պատճառով, որ ստիպված են բռնի ուժի պարտադրմամբ, այլ որովհետև հմայված են, կարելի է ասել՝ կախարդված են միայն զուտ մի անունով, որից չպետք է վախենային, քանզի նա մենակ է — և ոչ էլ սիրեին, քանզի նա բոլորի հանդեպ անմարդկային ու դաժան է։
    Այդպիսին է, սակայն, մարդկանց թուլությունը․ պարտադրված հնազանդությունը հարկադրաբար հանդուրժելով, նրանք միշտ չէ, որ կարող են ավելի ուժեղ լինել»…
    Այնուամենայնիվ, նա հստակ նշում է ելքը։
    «Վճռականորեն որոշե՛ք՝ այլևս չծառայե՛լ — և դուք ազա՛տ կլինեք։
    Ես ձեզ չեմ խնդրում նրան հրել կամ սասանել, միայն թե այլևս մի՛ աջակցեք նրան, և դուք կտեսնեք, թե ինչպես՝ հիմնաքարը կոտրած մի հսկա կոթողի նման, նա կփլվի իր սեփական ծանրությունից և կփշրվի»…

  • «ԵՎ ԻՄԱՑԵ՛Ք ՈՒՐԵՄՆ, ՈՐ Ո՛Չ ՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ  ՏՔՆԱՋԱՆ ՉԷ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ՈԳՈՒ՛ ՀԵՐԿԸ»…

    «ԵՎ ԻՄԱՑԵ՛Ք ՈՒՐԵՄՆ, ՈՐ Ո՛Չ ՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՏՔՆԱՋԱՆ ՉԷ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ՈԳՈՒ՛ ՀԵՐԿԸ»…

    «ԵՎ ԻՄԱՑԵ՛Ք ՈՒՐԵՄՆ, ՈՐ Ո՛Չ ՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ
    ՏՔՆԱՋԱՆ ՉԷ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ՈԳՈՒ՛ ՀԵՐԿԸ»…

    Տարիներ շարունակ Հայկեան Միաբանութեան Քրմերը մեզ հիշեցնում են մեր Նախնիների՝ դարեդար փոխանցած ազնվական արժեհամակարգը՝ հանուն ազգային ինքնության պահպանման՝ ինքնավստահ, ուժեղ անհատի ձևավորման համար խիստ անհրաժեշտ հիմունքներով…

    Օտար կրոնների ազդեցությամբ խարխլված հոգեբանությամբ, ազգային ակունքներից, ազգային ուսմունքից հեռացածներն այսօր նմանվել են մի պատմությունից հայտնի առյուծին, որն իր իրական բնույթից անմտաբար հրաժարվեց ու կործանվեց:

    Մի կատաղի, ահասարսուռ առյուծ սիրահարվել էր ագարակապանի աղջկան:
    Սակայն մեծ խնդիր կար. ագարակապանն ատում էր առյուծին:
    Եվ, իմանալով իր աղջկա հանդեպ առյուծի սիրո մասին՝ խորհում էր նրանց միությունն արգելել:

    Խորամանկ ագարակապանը կանչեց առյուծին և ասաց, որ միայն մի պայմանով կհամաձայնվի իր աղջկան ամուսնացնել, եթե առյուծն՝ ապահովության նպատակով, հանի իր կտրիչ ճանկերը:
    Մտածելով, որ դա ընդամենը մի փոքրիկ գին է՝ մեծ շնորհի դիմաց, առյուծը գնում է և մի ժայռի վրա խփելով կոտրում է իր սուր ճանկերը:
    Հաջորդ օրը գնում է ագարակապանի մոտ և ասում.

    • Այլևս չունեմ կտրող ճանկեր, տու՛ր աղջկադ ինձ կնության:

    Խորամանկ ագարակապանը պահանջում է, որ մի այլ բան էլ անի՝ իր սուր ժանիքնե՛րը հանի:

    Այս պայմանը ևս բավարարում է առյուծը և երբ հաջորդ օրը վերադառնում է՝ ագարակապանը հարձակվում և սպանում է առյուծին, քանզի վերջինս այլևս չուներ իր նախկին ուժը՝ ո՛չ ճանկերը, ո՛չ ժանիքներն իրեն պաշտպանելու համար:

    Իր ցանկություններին գերի՝ նա հոժարակամ հնազանդվելով հրաժարվել էր իր ինքնապաշտպանական միջոցներից՝ իր ուժից և առաքինությունից, Առյուծի արժեհամակարգով ապրելու պատասխանատվությունից:

    Անպատասխանատու ղեկավարների պատճառով գոյութենական խնդրի առաջ հայտնված մեր պետության տերը՝ Հայ ազգաբնակչությունն ի վերջո պետք է իր Նախնիների իրակա՛ն արժեհամակարգով առաջնորդվի՝ վերագտնելով իր Ոգու ուժն ու աննկուն կամքը…

    Կորստաբեր ուղիներից անվեհեր ոգով հրաժարվելու համարձակություն ունեցող Հայորդիք համախմբված իրենց խոսքն ունեն ասելու և, իհարկե, անհապաղ գործելու…

    «Ոգու տեգերով զրահավորվելու»՝ Չարենցյան պատգամը հնչեցնենք՝

    «Եվ իմացե՛ք ուրեմն, որ ո՛չ մի աշխատանք
    Տքնաջան չէ այնքան, որքան Ոգու՛ հերկը»…

  • «ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՏՆԵԼՆ Է»…

    «ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՏՆԵԼՆ Է»…

    «ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՏՆԵԼՆ Է»…

    «Որքան մոտենում եմ աստղերին, այնքան նրանք մեծ, վսեմ և խորհրդավոր են լինում:
    — Մոտեցե՛ք իմաստուններին և քաջերին. նրանք էլ են աստղեր՝ մեծ և վսեմ»:

    «… Թող խավա՛ր լինի — աստղերն ավելի՛ պայծառ կփայլեն»… (Ավետիք Իսահակյան)

    Կյանքի, տիեզերքի, արարման, ինքնաճանաչման հարցերի շուրջ մտորումները, Բնության առեղծվածները բացահայտելու, ըմբռնելու ցանկությունը հազարամյակներ ի վեր ստիպում են մարդուն խորհելու, ճշմարտությունը փնտրելու, գոյությունն իմաստավորելու…

    «Չմտածող մարդու համար ամեն բան պարզ է. նրա մտքովը չի անցնում «ինչո՞ւ» հարցը…
    Բայց մեկը, որ մի անգամ դնում է «ի՞նչ», «ինչու՞» հարցերը, նրա երջանկությունը մարում է, և աշխարհը սկում է գաղտնիքների մեջ…
    Բայց մտածող մարդու համար երջանկությունը ճշմարտության գտնելն է…
    Մի անգամ ճամփա մտնողը պիտի շարունակե հասնել նրա վերջին — Նիրվանային…
    Ուրիշ բան էր, եթե մենք ճամփա չմտնեինք, մնայինք անասուն — հիմար և երջանիկ…»,- գրել է Ավետիք Իսահակյանը 1895 թվականին:

    Աշխարհի գաղտնիքները մեկնելու ձգտման փոխարեն «անգիտության մեջ ուրախ ու երջանիկ ապրելու» պատրանքին անդրադառնալով, նա աշխարհընկալման խնդրի կարևորությունն է արծարծում չինական մի խորիմաստ պատմությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

    ՇԻ-ՀՈԱՆԳ-ՏԻ ԲՈՂԴԻԽԱՆԸ
    (Ն.թ.ա. 200 թ.)

    «Երկնային պետության տերը՝ Շի-Հոանգ-Տի Բողդիխանը՝ երկնքի պես հպարտ ու բարձրամիտ, նստել էր փղոսկրե գահույքի վրա՝ մռայլ և դաժան: Նրա աչքերի մեջ մրրկում էր զայրացկոտ Դեղին ծովը, անդուլ ճանկռում էր Չինու ափերը: Եվ նրա խոժոռ ճակատի վրա կնճիռները Գոբի անապատի օձերի նման գալարվում էին: Բազմել էր նա մտատանջ և դժնատեսիլ, ինչպես մթագին ամպը, որ շանթ ու որոտ ունի կրծքում խտացած:
    Նրա գահույքի պատվանդանի ներքև՝ հատակի վրա գետնատարած, ինչպես մրրիկի առջև արտերն են լինում, անհույս ճակատները մարմարե սալաքարերին սեղմած՝ սասանել էին չինական աշխարհի բոլոր գիտունները և իմաստունները — չորս հարյուր հիսուն ալեծածան գլուխներ:

    Եվ որոտաց Բողդիխանը:

    • Արդյոք այրվե՞ց, ծուխ ու մոխիր դարձա՞վ Ոգիների աշտարակի վրա հոխորտացող աստղադիտարանը:
    • Այո՜, երկնքի ու երկրի տեր, այրվեցին, ծուխ ու մոխիր դարձան աշտարակն ու դիտարանը քո աստվածային հրամանի համաձայն, — ահաբեկ պատասխանեց մեծ նախարարապետը՝ ճակատը մինչև հատակը բախելով:

    Նորից որոտաց Բողդիխանը:

    • Արդյոք այրվեցի՞ն, ծուխ ու մոխիր դարձա՞ն այն մատյաններն ու մագաղաթները, որոնք գտնվում են իմ գայիսոնի ներքո, որոնք ճգնում են տիեզերական գաղտնիքներն ու պատճառները լուծել, բայց որոնք խաբում են ու մոլորեցնում մարդկային ոգին միայն:
    • Այո՛, երկնքի՛ արև, երկրի՛ երկինք, աստվածների՛ որդի, ամեն ժամ հավաքվում են մատյանները և այրվում քո երկնափայլության ապարանքի հրապարակի վրա, քո ամենակարող կամքի համաձայն, — պատասխանեց մեծ նախարարապետը՝ ճակատը հատակին քսելով:
    • Հիմա դուք ինձ ասացե՛ք, ո՛վ գիտուններդ և իմաստուններդ,- դարձավ Բողդիխանը նրանց, — դու՛ք, որ քրքրում եք երկինք ու երկիր, մարդկային հոգին ու կենդանու հոգին, և ամեն ինչ:
      Ասացե՛ք, ինչու՞ համար է ապրում մարդը, ի՞նչ է կյանքի նպատակը, որտեղի՞ց ենք գալիս մենք, ու՞ր ենք գնում մենք, ի՞նչ է նյութը, ի՞նչ է ուժը, և ինչու՞ են դրանք, պատասխանեցե՛ք ինձ:

    Ասացե՛ք, ի՞նչ է տիեզերքը, ինչու՞ ստեղծվեց նա, ե՞րբ է նրա սկիզբն ու վախճանը, և վերջապես, ի՞նչ է ժամանակն ու տարածությունը, և ինչու՞ են դրանք…

    Տիրեց անապատային խորին լռություն:

    • Դու՛ ասա, ո՛վ ծերուկ, որ ավագն ես գիտուններիդ մեջ,- դիմեց նա զառամյալին:
    • Այս դու մեզնից բյուր անգամ լավ գիտես, ո՛վ մեծդ Բողդիխան, դու՝ արքաների արծիվ, որ երկնքի որդին ես և արևից իջած,- երկյուղագին պատասխանեց ծերունին:
    • Եթե չգիտեք, ապա ինչու՞ եք գրում և կաճառներում իրար կոկորդ պատռում: Շուտ պատասխանի՛ր:
    • Տե՛ր իմ ամենահզոր… Մենք կարող ենք պատասխանել, բացատրել, եթե հաճելի է քո երկնային ականջներին, շատ բաներ, բայց թե «ի՞նչ է և ինչու՞ համար է» — չե՛նք կարող:
      Այնքան մեծ է, սոսկավիթխար, անպարունակ և անպարփակ տիեզերքը, որ մենք նման ենք այն անձին, որ կանգնած անծիր օվկիանի ափին՝ մի շիթ միայն վերցրած նրանից, կշռում է այդ շիթը ամբողջական օվկիանի ծանրությունը իմանալու համար:
      Անզո՛ր է մարդը՝ ընկերը տիղմում սողացող որդերի:
      Ամենայն երևույթ, ամենայն առարկա իր պատճառն ունի և իր հետևանքը, մենք կանգնած ենք պատճառների սանդուղքի մի անհայտ աստիճանի վրա. երբ պատճառները քրքրելով իջնում ենք աստիճան առ աստիճան դեպի խորախոր անդունդները տիեզերքի, մեր միտքը հալչում է ու ցնդում, ինչպես անձրևի կաթիլը կիզող արեգակի առաջ… Ոչ ոք չի՛ կարող իջնել մինչև առաջին աստիճանը, որովհետև նա չկա…
      Աստվածների՛ մեծ շառավիղ, այն բոլորը, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք կամ լսում՝ ծնունդ են տիեզերական Մայր Պատճառի, մայրը բոլոր պատճառների:
      Պատճառականության շղթայի մի՛ օղակն է միայն մեր ձեռքում, իսկ մյուս անհամար, անթիվ օղակների շղթան թաղված է անհունության մեջ: Ոչ ոք երբեք չի՛ կարող և չպիտի՛ կարողանա հասնել առաջին օղակին, որովհետև նա չկա՛…
    • Ինչի՞ս է պետք այն, ինչ որ ես տեսնում եմ, լսում եմ ու շոշափում. երեխան իսկ գիտե և հասկանում է իրերը այնպես, ինչպես ինքն է զգում կամ երևակայում:
      Տիեզերական բովանդակությունը ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ նրա էությու՛նը իմանալ: Ժամանակի և տարածության պատճա՛ռն եմ ուզում իմանալ:
      Պատասխանեցե՛ք ինձ և կամ մեռե՛ք բոլորդ:

    Ամպրոպի նման որոտաց Բողդիխանը, և բովանդակ ապարանքը դղրդաց, և նրա դաժան աչքերի դեղին ծովերը փոթորկեցին մոլեգին…

    Լոտոսի տերևների պես դողացին բոլոր գիտուններն ու իմաստունները:

    • Երկնքի՛ որդի, ամենաբարի՛ ոգի, տե՛ր մեր կյանքին ու մահին, սուրբ է քո կամքը, և քո տենչը դեպի իմացականությունը՝ նվիրական, բայց ինքը՝ մեծն Սաքիա-Մունին՝ Հիմալայը խոկման, ինքը՝ մեծն Կոնֆուցիոն, որոնց բերանով ինքը՝ ժամանակի և տարածության, հավերժության և անսահմանության աստվածն է բարբառում,- նրա՛նք նույնիսկ անկարող եղան բարձրացնել տիեզերական անհասանելի գաղտնիքների վարագույրի ամենաչնչին ծա՛լքն անգամ…
    • Դուք ամենքդ պիտի մեռնե՛ք, եթե չմեկնեք ինձ լլկող, չարաչար կեղեքող հարցերը,- մռնչաց Բողդիխանը,- դուք ամենքդ պիտի մեռնե՛ք…

    Զայրույթից և հուսահատությունից ըմբոստացած՝ ծառացավ ավագ իմաստունը, գավազանը խփեց մարմարյա հատակին, թոթվեց ալեհեր բաշը և խրոխտացավ Բողդիխանի ճակատն ի վեր:

    • Ստրուկների՛ տեր… անհուն է, անսկիզբ, անվերջ անափ, անըմբռնելի տիեզերքը իր ժամանակով և տարածություններով, անհամար աստղեր ու արևներ են ծնվում ու մեռնում, ինչպես վայրկենական երևույթներ հավերժության մեջ, ինչպես մանր խխունջներ օվկիանոսի մեջ:
      Տիեզերքը լցված է արևների ավելի շատ հույլերով, մոլորակների ավելի անթիվ երամներով, քան մեծազոր մեր արքայի հսկայական շտեմարանները բրնձի հատիկներով, քան փեթակները մեղուների պարսերով…
      Եթե արքան ստրուկներիս՝ կարողանա գտնել հրեղեն, թևավոր նժույգին, որը եթե կարողանա լույսից և մտքից ավելի արագ՝ մի հազարերորդական վայրկյանում հասցնել արքային հեռավոր արեգակին և անցնել այն կողմը և նույն թափով անհամա՜ր, անհամա՜ր դարեր արշավել տիեզերական տարածությունների միջով՝ այն ժամանակ մի մազ անգամ առաջ գնացած չի լինի արքայի գահույքի մոտից… Այդքան ահագին է և անըմբռնելի է տիեզերքը…
      Այլևս մենք ոչինչ չենք կարող ասել, սպանի՛ր մեզ, դու՛, որ երկնքի որդին ես, դու՛ պիտի գիտենաս այն, ինչ որ մենք չենք կարող գիտենալ…

    Լռեց ծերունին. Բողդիխանն առավ մռայլ ճակատը ափերի մեջ և խորհում էր:

    Տիրեց ծանր ու երկար մղձավանջային լռություն:
    Ապա Բողդիխանը առանց ճակատը բարձրացնելու՝ անդրաշխարհային ձայնով շշնջաց.

    • Տարե՛ք սրանց ամենին գլխատման հրապարակը:
      Նախարարապետը գլուխ իջեցրեց Բողդիխանի առջև, և բոլոր գիտուններին և իմաստուններին դուրս տարան գլխատելու:

    • Մյուս օրը Բողդիխանի հրամանով ներկայացավ նախարարապետը և հայտնեց, որ ամենքը գլխատված են արդեն:

    Այն ժամանակ շանթերով փայլատակեցին Բողդիխանի մռայլ աչքերը, և հրամայեց նախարարապետին.

    • Հրովարտակեցե՛ք մեր պարիսպներից մինչև դարբասները երկնածրար Հիմալայի և մինչև ափերը մեծ օվկիանոսի, որ այսուհետև երկնային պետության սահմաններում չպիտի՛ գրվի ոչ մի գիրք «Ինչի՞» և «Ինչու՞»-ի մասին, չպիտի՛ խորհվի կյանքի նպատակի մասին, չպիտի՛ հարցվի պատճառների պատճառի մասին, իրերի սկզբի և վախճանի մասին, չպիտի՛ քննվեն տիեզերական գաղտնիքները, և մանավանդ, ո՛չ մի շշուկ ժամանակի-տարածության առեղծվածի մասին:
      Երբե՛ք: Երբե՛ք:
      Հրովարտակեցե՛ք աշխարհե-աշխարհ, որ Շի-Հոանգ-Տի Բողդիխանը սպանեց Ոգին ու Միտքը:
      Կեցցե՛ կյանքը անգիտակ և բնազդային:
      Թող ապրի իմ ժողովուրդը առանց Ոգու և Մտքի՝ անգիտության մեջ ուրախ ու երջանիկ, թող կենսաբաշխ արևի տակ սիրե, աճե և զվարճանա:

    Երեկոյան պալատականները գտան Բողդիխանին գահույքի վրա մեռած՝ դաշույնը սեփական ձեռքով իր սրտի մեջ խրած»:

    Ղազարապատ, 1907 թ.

  • «ԴՈՒ՛ՐՍ ԵԿ ՔԱՐԱՆՁԱՎԻՑ»…

    «ԴՈՒ՛ՐՍ ԵԿ ՔԱՐԱՆՁԱՎԻՑ»…

    «ԴՈՒ՛ՐՍ ԵԿ ՔԱՐԱՆՁԱՎԻՑ»…

    Իմացությունը խավարից՝ տգիտությունից ձերբազատվելու ուղին է:
    Ճշմարտության որոնումը, ճշմարիտ իրականության ըմբռնումը հնագույն շրջանից ի վեր մարդու ճանաչողության հիմնախնդիրներից են:
    Այդ ընկալումներն են ձևավորում յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ազգի աշխարհայացքը:

    «Յաւիտեան ուսո՛ զխրատ եւ զիմաստութիւն,
    Եւ տու՛ր մեզ զանազանել զճշմարտութիւնն ի կեղծեաց» (Բանք Քրմաց):

    «Յաւիտեան Խրատ» Մատեանից՝ Քուրմ Միհր Հայկազունու մատուցմամբ, «ճշմարտությունը կեղծիքից զանազանելու» կարևորությունն են հիշեցնում մեզ մեր Նախնիք:

    Հին աշխարհի մեծագույն մտածողներից՝ հույն իմաստասեր Պլատոնը (ն.թ.ա. 427-347թ.թ.) իր «Հանրապետություն» աշխատության մեջ երկխոսության տեսքով ներկայացված այլաբանական պատմությամբ անդրադառնում է մարդու կողմից իրականության ընկալմանը՝ պայմանավորված նրա գիտակցական մակարդակով:

    Մանկուց խավար քարանձավում բանտարկված մարդկանց մի խումբ շղթայված-տեղակայված են այնպես, որ տեսնում են միայն քարանձավի պատին արտացոլված ստվերները, որոնք առաջանում են նրանց ետևում վառվող լույսի առջև՝ իրենց համար անտեսանելի անձանց տեղաշարժող առարկաներից:

    Եվ այդ ստվերներն են նրանք ընկալում որպես իրականություն:
    Նրանցից մեկը, որը գիտակցական ավելի բարձր մակարդակի է հասնում (ինչպես հասարակության մեջ՝ իմաստասերները), փախչում է քարանձավից ու հայտնաբերում արտաքին աշխարհը՝ արևի լույսով ողողված:
    Ճառագայթների շլացնող լույսից նա դժվարությամբ է համակերպվում նոր իրականությանը, հասկանալով, թե որքան խեղաթյուրված էին մինչ այդ ճշմարտության մասին իր պատկերացումները:
    Այնուամենայնիվ, աստիճանաբար նա կարողանում է ընկալել աշխարհի իրական բնույթը և հասկանում, որ քարանձավում ստվերները միայն պատրանք են, ոչ թե իրականություն:

    Իսկ բանտվածներն այդ աղճատված իրականությունն ընդունում են որպես ճշմարտություն:

    Խավարից փախուստ տվածն այլաբանորեն ներկայացնում է բարձր գիտակցության հասած մարդուն՝ իմաստասերին, իմաստություն փնտրողին, որը գտել է աշխարհի մասին ավելի խորը ճշմարտություններ ու բացահայտել նախկինում ունեցած իր պատկերացումների սնանկությունը:
    Ըստ Պլատոնի, լուսավորված մարդու՝ փիլիսոփայի՝ իմաստասերի դերն է վերադառնա՛լ հասարակության մեջ ու կրթե՛լ — լուսավորե՛լ մյուսներին:

    Սակայն բարձր գիտակցության հասած անհատի համար հեշտ չէ իր գաղափարներն ընկալելի դարձնել խավարում խարխափողներին (ինչպես քարանձավում փակվածներն են) ու նրանց նոր ճշմարտությունը մատուցել: Քանզի, անտեղյակ իրական, ավելի լավ կյանքի գոյությանը, քարանձավում շղթայվածները նախընտրում են մթության՝ տգիտության մեջ պահող իրենց կապանքները՝ չկամենալով ազատվել նրանցից:

    Իրականության բնույթն ու մարդկանց կողմից երևույթների տարբեր ընկալումը՝ պայմանավորված նրանց գիտակցական մակարդակով, հակասություն են ծնում, ու նույնիսկ երբեմն ծաղրով են ընդունվում Լույս՝ Իմաստություն սփռողները՝ համարվելով «մերժելի գաղափարների կրող»:

    Դժվար է հարցականի տակ դնել վաղուց ընդունված «ճշմարտությունը», ուստի՝ մարդիկ նախընտրում են իրենց քարանձավում պահող շղթաները, կեղծիքն ու պատրանքը…
    Ավելին՝ արևի շռայլ լույսից հետո խավար քարանձավի մթության մեջ լավ չտեսնող իմաստնացածին համարում են «կուրացած»…

    «Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի Լույս,
    Ու գնում ենք մեր ճամփով»…(Հ. Թումանյան)

    Ուրեմն՝ «դու՛րս եկ քարանձավից»…

  • «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ Է, ԵՎ ՈՉ՝ Ի ԾՆԷ»…

    «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ Է, ԵՎ ՈՉ՝ Ի ԾՆԷ»…

    «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ Է, ԵՎ ՈՉ՝ Ի ԾՆԷ»…

    Ինչպես ծառն իր արմատներով է զորանում, այնպես էլ ազգն է իր Նախնիների կռած ուսմունքով, արժեհամակարգով ու սեփական աշխարհայացքով ձևավորում, կոփում իր ուրույն դեմքը, իմաստնանում՝ դիմակայելու համար կյանքի պարտադրած զանազան «ավերիչ փոթորիկներին», դառնալով այն ժայռը, որին բախվող ալիքները կորցնում են իրենց հուժկու թափն ու չքանում…

    Դժվարությունները վստահորեն հաղթահարելու այդ կամքն ու ունակությունն էլ որոշում են մարդու իմացության, քաղաքակրթության աստիճանը:

    Բնությանը համահունչ ու ներդաշնակ զարգացման հիմունքներով՝ առողջ ոգով ու առողջ մարմնով առաքինի սերունդների դաստիարակությունն էին կարևորում Հայկազունները՝ փառաբանելով Իմաստնությունը, Արդարությունը, Քաջությունը, Գեղեցկությունը, յուրաքանչյուր անհատի մեջ նրա լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը…

    «Կատարելությունն ընթացք է և ոչ՝ ի ծնէ:
    Եթե հրաժարվում ես ընթացքն ապրել՝ կատարելությունն էլ երբեք չի լինելու»…
    Հայկյան Սրբազան Իմաստության հնագույն մատյանից՝ «Յաւիտեան Խրատ»-ից հիշեցնում են մեզ Հայկյան Միաբանության Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը:

    «Կատարելությունն ընթացք է»…

    Հայոց Նախահայրերի՝ Հայկյան Սրբազան ուսմունքի հիմունքներին, հիմնական գաղափարներին ծանոթացնելով՝ հազարամյակների խորքից եկող ճշմարտությունն են ուսուցանում Հայկազուն Քրմերը, դաստիարակելով բարձր առաքինությամբ, ազնվաբարո սերունդներ, նրանց զինելով անհրաժեշտ իմացությամբ ու կարողություններով՝ դժվարին իրավիճակները հնարավորինս հեշտությամբ, անխուճապ ու ինքնավստահ, անխռով իմաստությամբ ճշգրիտ կողմնորոշմամբ հաղթահարելու նպատակով:
    Քանզի դժվարությունները կոփում են Ոգին, ինչպես աշխատանքն է ամրացնում մարմինը:

    Հնագույն իմաստությունը հիշեցնում է.
    «Միայն քամու հարձակումը դիմագրաված ծառն է իրապես կենսառույգ, քանզի հենց այդ պայքարու՛մ են փորձության ենթարկված նրա արմատներն ամրապնդվում»:

    «Մենք գրքերի նման ենք:
    Մարդկանց մեծ մասը տեսնում է միայն կազմը, մի փոքր մասը կարդում է միայն նախաբանը, շատերը հավատում են քննադատությանը:
    Քչերն են միայն ծանոթանում բովանդակությանը»:

    Էմիլ Զոլայի հիշյալ տողերն ենք մտաբերում՝ զանազան առիթներով Հայոց ազգային մշակույթը ոչ լիարժեք, հաճախ՝ խեղաթյուրված ներկայացնող հրապարակումները տեսնելով:

    Հայկյան Սրբազան ուսմունքի, Արևապաշտության խորհրդի շուրջ մի փոքրիկ հարցազրույց՝ Քուրմ Միհր Հայկազունու հակիրճ մեկնաբանություններով՝ ստորև…

  • «ՈԳՈՒ ՈՒԺԻ ԱՂԲՅՈՒՐՆ ՈՒ ՇՏԵՄԱՐԱՆԸ՝ ԱԶԳԸ»…

    «ՈԳՈՒ ՈՒԺԻ ԱՂԲՅՈՒՐՆ ՈՒ ՇՏԵՄԱՐԱՆԸ՝ ԱԶԳԸ»…

    «ՈԳՈՒ ՈՒԺԻ ԱՂԲՅՈՒՐՆ ՈՒ ՇՏԵՄԱՐԱՆԸ՝ ԱԶԳԸ»…

    Հազարամյակներ ի վեր իմաստասերներն իրենց մտորումները, համոզմունքներն ու տեսություններն են շարադրել մարդկությանը հուզող հարցերից կարևորագույնի՝ Մարդու էության բացահայտման շուրջ՝ իրենց ճշմարտությունները հաճախ ձևակերպելով զանազան այլաբանական պատմություններով:
    Նման մի պատմությամբ է սկսվում գերմանացի իմաստասեր, մշակութային քննադատ, բանասեր Ֆ. Նիցշեի (1844-1900)՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» հայտնի իմաստասիրական ստեղծագործությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1883 թվականին: Լեռներում 10 տարվա առանձնությունից հետո Զրադաշտը վերադառնում է մարդկանց մոտ՝ իր իմաստնությունը կիսելու, «գերմարդու» գաղափարները տարածելու համար: Եվ նա սկսում է երեք փոխակերպումների մասին այլաբանությամբ:
    «Վասն երեք կերպարանափոխությունների» պատմությունն այլաբանորեն նկարագրում է մարդու գիտակցության երեք փուլերը:
    Իր և հասարակության բեռի տակ կքած Մարդուն խորհրդանշող Ուղտի պես հնազանդորեն պարտականությունները կատարողից՝ Առյուծի նման՝ ազատատենչ տիրակալի փոխակերպմանը հաջորդում է նոր արժեք ստեղծողը՝ Երեխան:

    Ուղտի կերպարը խորհրդանշում է ինքնուրույնությունից զուրկ՝ իր վիճակն ընդունողն ու հլու — հնազանդվողը՝ «Ես պարտավոր եմ» ասելով լուռ համակերպվողը:
    Ուսերին դրված բեռից ազատվելու համար Ուղտը պետք է փոխակերպվի Ազատաբաղձ Առյուծի, որն իր կամքով է շարժվում՝ «Ես ուզում եմ» սկզբունքին հետամուտ, մերժելով այլոց կողմից պարտադրվածը:
    Նրան հաջորդող՝ Երեխայի կերպարը նոր կյանքի, նոր արժեքների Արարո՛ղն է՝ «Ես կարո՛ղ եմ»…
    Նա ուզում է և գիտակցաբար, կամովի փոխում է իր կենսապայմանները…

    «Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա։
    Վտանգավոր է առաջ գնալը, վտանգավոր է ճանապարհին կենալը, վտանգավոր է ետ նայելը, վտանգավոր է սոսկալը և կանգնած մնալը»…

    Անհատի ինքնաճանաչումն անքակտելիորեն կապված է իրեն ծնող հավաքականության՝ ցեղի, ազգի ճանաչման հետ, քանզի յուրաքանչյուրն իր Նախնիների կերտած արժեհամակարգի կրողն է, ցեղի՝ ազգի Ոգու, բարոյական որակների թարգմանը:

    Ազգի՝ ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների իմացությամբ սկզբնավորվում է Ցեղակրոնությունը:

    Մարդու և, հատկապես՝ Հայ մարդու կատարելագործմամբ մտահոգ՝ Նժդեհն իր մտքերն է շարադրել՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ՝ «Եթե ծաղիկը չի ծաղկում՝ ծաղկի միջավա՛յրն է անհրաժեշտ պարարտացնել»…

    «Ցեղային կարողութիւնների եւ առաքինութիւնների զարգացումն ու արտայայտութիւնը պահանջում են որոշ հոգեբանական մթնոլորտ:
    Ցեղակրօնութիւնը ձգտում է հէնց ա՛յդ մթնոլորտը ստեղծել:
    Նա ճգնում է աշխարհ բերել Ցեղամարդը – ամբողջական Հայ մարդը – որի մէջ եւ միջոցով պիտի արտայայտւեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու յատկութիւնները:
    Անցեղահաղորդը քարշ է տալիս իր մանր եւ պաղ գոյութիւնը:
    Նա չի՛ ճանաչում աւելի բարձր եւ ընդարձակահորիզոն կեանք: Նմանը տկար է եւ դժբախտ, քանզի դեռ չի՛ զգացել իր միութիւնը Ցեղի հետ: Նաեւ երկչոտ է անցեղապաշտը, որովհետեւ չգիտէ՛ օգտուել իր էութեան մէջ մթերուած կենսաբանական եւ հոգեւոր ուժի ակնաղբիւրից, նրա շտեմարանից – իր Ցեղի ուժից:

    Երկար այն ճամբան, որ մեր ցեղն է կտրել, անցել, իրաւունք է տալիս ցեղակրօնին հաւատալու, որ դա հիւթասպառ եղած չէ, որ, ընդհակառակը, նրա հողը անախտ է, մաքուր, իսկ հունտը՝ ազնիւ, զօրաւոր: Ցեղակրօնը լաւատե՛ս է խորապէս եւ հաւատու՛մ է իր գործին: Նա սովորելու կամք – աւելի՛ն գիտնալու եւ կարենալու ծարաւ ունի:

    Նրա պրոպագանդը առաւելապէս անձնական օրինակի պրոպագանդ է: Նոր ուխտակից գտնել – ահա՛ մի գործ, որի մէջ ցեղակրօնը յոգնել չգիտէ:
    Նա համոզուած է իր դաւանանքի փրկարար ճշմարտութեան: Նա տառապում է՝ տեսնելով Ցեղի ստինքից կտրուած Հայ մանուկը, պատանին, երիտասարդը: Ոգեկոչական է ցեղակրօնի խօսքը՝ խռովիչ, հոգեփոխող եւ՝ նոր ապրումի ու հոգեւոր լիութեան սնուցիչ:
    Չէ՞ որ Ցե՛ղն է նրա հոգեւոր կեանքի աղբիւրը:
    Ցեղաշունչ է իր խօսքը. դա խորհել է ստիպում: Նա չի սիրում պայքարի մտնել հին սերունդի – իր նախորդների թողած զէնքերով միայն, նա գիտակցում է թէ՝ անարդիական զէնք, ասել է՝ անզինութիւն, անզէն բազուկ: Նա աշխատում է գիտութեա՛ն զինարանէն առնել իր կռւի զէնքերը:
    Այսպէս վարուելով հանդերձ, նա չի մոռանում, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զէնքը»:

    Յաղթել՝ ասել է՝ գերազանցել:
    Գերազանցելու ճիգ է Ցեղակրօնութիւնը: Պէ՛տք է գերազանցել իր ցեղի արտաքին թշնամիներին, իսկ այդ բանում յաջողելու համար՝ պէտք է գերազանցե՛լ իր նախորդ սերունդին:
    Այդպիսո՛վ միայն ճշմարտօրէն յարգած կը լինենք մեր նախորդներին: Բաւական չէ հիացիկ վերաբերմունք, անգա՛մ պաշտամունք ունենալ դէպի անցեալ սերունդը:
    Պէտք է գերազանցե՛լ նրան:

    Հէնց սա՛ է կեանքի առաջադիմութեան օրէնքը, եւ յարգանքի այն պսակը, որ իւրաքանչիւր յետնորդ պարտաւոր է դնել Նախնեաց յիշատակների կոթողին:
    Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգեւոր խզումը սերունդների միջեւ:
    Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներէն – նա էապէս կտրւում է մինչ այդ գոյութիւն ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն:
    Հին սերունդէն կտրուողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի:
    Էականը հոգեհաղորդակցութի՛ւնն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները փոխանցում են Ցեղի յաւիտենական բոցը, ինչպէս մոմը բոց է առնում մոմէն:

    Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կեանքում՝ հին եւ նոր սերունդի միջեւ, որովհետեւ մի՛ է, միեւնոյն է, օրգանապէս իրար կապուած աւանդութեանց, բարոյական եւ արժէքների խախտման հոգեբանական հիմքը»:

  • «…ԵՂԵ՛Ք ԵՎ ԴՈՒՔ ԿԱՌՈՒՑՈՂՔ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՔ»…

    «…ԵՂԵ՛Ք ԵՎ ԴՈՒՔ ԿԱՌՈՒՑՈՂՔ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՔ»…

    «…ԵՂԵ՛Ք ԵՎ ԴՈՒՔ ԿԱՌՈՒՑՈՂՔ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՔ»…

    Համաձայն որոշ կրոնների և հոգևոր ուղղությունների՝ Արարիչը (Աստված) Տիեզերքն արարել է նույն երկրաչափական պլանով՝ Մակրոտիեզերքում ու Միկրոտիեզերքում:

    «Այն՝ ինչ Վերևում է, նույնը՝ Ներքևում է» և՝ հակառակը:
    Այսինքն, ողջ Տիեզերքն իր օրենքներով, կառուցվածքով արտացոլված է Բնության մեջ, նրա ու Մարդու կառուցվածքում:
    «Զմրուխտե Քառասալիկի» առիթով հաճախ հիշվող այս բանաձևն այլ գրառումներում հիշատակել ենք:
    «Ներքևում»՝ մեզ անմիջականորեն շրջապատող «տեսանելի աշխարհում» եղածը համանման է մեզնից «վերև»՝ անեզրական Տիեզերքում՝ «անտեսանելի հարթություններում» գտնվող «աշխարհին»…
    Այսինքն՝ նույն շղթայի բաղկացուցիչներն են, նույն Էության զանազան արտահայտությունները…

    Մակրոկոսմոսի ու Միկրոկոսմոսի համանմանության՝ հնագույն (նոր պլատոնականության) գաղափարը հետագայում, 16-րդ դարում հիշեցնում է նաև գերմանացի բժիշկ, աստվածաբան
    Պարացելսը՝ պնդելով, որ՝ «Երկնքում չկա ոչինչ, որ չլինի նաև Մարդու մեջ»…

    Պլուտարքոսը Պլատոնին վերագրվող գաղափարների մասին էր նշում՝ գրելով՝ «Պլատոնն ասում է, որ Աստված անընդհատ (հաստատապես, Կ.Ա.) և շարունակաբար երկրաչափական ձևով է արարում»:

    Վերջին հարյուրամյակում որոշ «եղբայրությունների» կողմից լայնորեն կիրառվում է «Տիեզերքի Մեծ Ճարտարապետ» հասկացությունը, որի արմատները ձգվում են հնագույն ժամանակները, և որին քաջատեղյակ էին մեր իմաստուն Նախնիք («Հերմետիկ» տեքստերում «Տիեզերքի Մեծ Ճարտարապետ» հասկացությունն այլաբանորեն կարող է խորհրդանշել նաև յուրաքանչյուր անհատի գերմարդկային (աստվածային) կարողությունները, հնարավորությունը՝ պոտենցիալը):

    «Միհրականության» մեջ փառաբանվում է «Ճարտարապետ Տիեզերաց»-ը («Անտեսանելի Զորությունը», որին տարբեր անվանումներ են տրվում զանազան ուսմունքներում՝ Աստված, Ոգի, Բարձրագույն Էակ, Բանականություն, Էներգիա, Բնություն և այլն)…

    Միհրականություն — «Ճարտարապետ Տիեզերաց»
    Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ

    Երկինքն ու իր Լուսատուների համակարգված շարժումը, Տիեզերական ողջ կառույցն ուղղորդող Բացարձակ Բանականության գաղափարն է ծնել «Տիեզերքի Մեծ Ճարտարապետ» արտահայտությունը:
    17-րդ դարում, Լուսավորականների փիլիսոփայության մեջ, այդ միտքը հանդիպում է հետևյալ ձևակերպմամբ.
    «Տիեզերքի Արարման ժամանակ Աստվածային Գերագույն Կատարելությունն ընտրել է պլաններից հնարավորինս լավագույնը» (Ջոն Լոք):

    Ճարտարապետը՝ ճարտար, հմուտ արվեստագետը՝ Հանճարեղ Ստեղծագործողը նախ՝ Տիեզերքի, Կյանքի Արարչագործն էր:
    «Ճարտարապետ՝ ճարտար, արուեստագէտ. Նախ՝ զաստծոյ ասի, որպէս Արարչագործ»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:

    Սքանչելի ու գերազանց «հնարագործության» փառաբանումն է հնչում նաև «Պատարագ»-ում.
    «Եւ նորագործ աստուածապէս ճարտարապետեալ զերկիրս երկին արար»:
    «Արդարև աստուածային ճարտարապետութիւն, և գերազանց ամենայն եղականացս՝ նորա հնարագործութիւնն սքանչելի, և միայն որպէս և վայէլ էր Աստուծոյ գործ…» (Մատենագրութիւնք Նախնեաց. Ներսէս Լամբրոնացի «Մեկնութիւն Խորհրդոյ Պատարագին», էջ 365, Վենետիկ, Սբ. Ղազար, 1847թ.):

    Բնությունը նույնպես կառուցում է…
    Տեղանքի թելադրանքով պայմանավորված՝ մրջյուններն՝ աշխատանքի հստակ բաժանմամբ, յուրաքանչյուրն՝ իր գործունեությամբ, իրենց «քաղաքն» են կառուցում: Մրջնաբների տարբեր «սենյակներն» իրենց «հատուկ նշանակությամբ»՝ սննդի զանազան տեսակների՝ հատիկների, թրթուրների առանձին «մառաններով», խմբի կողմից կատարված «շինարարական» աշխատանքի արդյունքն են:
    Ճշգրիտ բաշխված դերերով՝ մեղուներն իրենց փեթակի կյանքն են կազմակերպում՝ ապահովելով իրենց «բարեկեցությունը»…

    Կյանքի առաջին օրերից (սաղմը)

    Մեր Նախնիների փառաբանած՝ «Տիեզերական շինարարության արվեստն» է ակնարկել Դերենիկ Դեմիրճյանն իր՝ «Գիրք Ծաղկանց» (1935թ.) պատմվածքում, ուր Բնությունը ներկայացվում է որպես Արարչի ստեղծագործություն, իսկ Աշխատանքը՝ Կառուցումը՝ Սրբազան գործ:
    Ահավասիկ մի հատված.

    «Կառուցու՛մն է աշխարհն և աշխատք շինողական,- շրջում է գրքի էջը վանահայրը և ոգում,- «Կառուցու՛մն է քաղաքն, կառուցու՛մն՝ խոսքն, կառուցու՛մն՝ միտք»:
    Եվ ցույց է տալիս երկինքը, երկիրը, վանքի շենքը, իր ճակատը, իր «միտքը»: Բացատրում է Տիեզերական շինարարության արվեստը:
    Զվարթը բոցավառվում է: Նրա աչքերում գծագրվում ու գունավորվում են շքեղ պատկերներ:
    Զնգում են մուրճերը և խստադեմ քարտաշները կտրում են ժայռերը, խոհուն որմնադիրներ կանգնեցնում են հոյակապ քաղաքներ՝ երկնասլաց աշտարակներով: Փարթամ պարտեզներ կախվում են անդունդների վրա:
    «Աշխատ առնե Բնությունն, կառուցանե Ծառն, շինարարե Մրջյունն: Եղե՛ք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք Երկրի, սիրեցե՛ք աշխատք, զի Կառուցումն և Աշխատք սուրբ են…»:
    -«Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն…»:

    Խորանում է ծերունին Զվարթի աչքերում:
    Այլակերպվում է այդ հրաշքներով լի մարդը: Նրա մռայլ սքեմը հալվում է և նրա տակից դրսևորվում է «Երկրի Մարդը», որի միտքը զբաղված է մի մեծ կառուցողական տենչով ու երազով: Զվարթը խցից դուրս է նայում «աշխարհին»:
    Եվ այդ անհուն շենքի մեջ, ուր թռչունները հյուսում են մետաքսե բներ, մրջյունները կառուցում են իրենց բնակարանները, ամբողջ աշխարհը ներկայացնում է որպես մի հսկայական ճարտարապետական կառուցվածք՝ իր երկնքի աշտարակով, նրա վերև կախված Արևի ջահով, Լեռների սյուներով ու անդունդների նիշերով»…

    Հիրավի՝ «Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա Շինարարն…»:
    Ուստի՝ «Եղեք և դու՛ք՝ կառուցողք և շինարարք»…🔥

    https://fb.watch/7w2Y7q1ksC/

    Նշված հղմամբ՝ Արեգակի շուրջ՝ «Տիեզերական մի պար»…

    Գաթանախշիկ՝ Հայաստանի Պատմության Թանգարանի հավաքածուից, պատրաստված 1905 թվականին
  • «ԱՐՄԵՆԻՈՍԻ  ՈՐԴԻ  ԷՐԸ»՝   ՊԼԱՏՈՆԻ  «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-ԻՑ

    «ԱՐՄԵՆԻՈՍԻ ՈՐԴԻ ԷՐԸ»՝ ՊԼԱՏՈՆԻ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-ԻՑ

    «ԱՐՄԵՆԻՈՍԻ ՈՐԴԻ ԷՐԸ»՝ ՊԼԱՏՈՆԻ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-ԻՑ

    Հազարամյակներ ի վեր Աշխարհիս մտածողներն իրենց ներշնչանքն են գտնում բոլոր ժամանակների խոշորագույն իմաստասերներից մեկի՝ հույն փիլիսոփա Պլատոնի երկերում:

    Շարունակելով իր ուսուցչից՝ Սոկրատեսից ժառանգած՝ մարդկանց ինքնաճանաչման հասցնելու սկզբունքը՝ «Ծանի՛ր զքեզ», նա իր դատողություններն ու միտքը փոխանցեց սերունդներին՝ ընդհուպ մինչև 20-րդ դարի եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն՝ կերտելով արևմտյան մտածողության ու մշակույթի ավանդույթները:

    Հոգու անմահության, Տիեզերքի գաղտնիքների բացահայտման գործում նա կարևորում էր առասպելի դերը՝ իր խորհրդանշական իմաստով:

    Հոգիների տիեզերական շրջապտույտի, նրանց տեղափոխության, անմահության շուրջ խորհրդածությունները՝ երկխոսության տեսքով, շարադրված են իր՝ ն.թ.ա 360 թվականին գրած՝ «Պետություն» վերնագրված աշխատության մեջ, ուր քննարկում է կատարյալ պետության կառուցվածքը՝ համարելով, որ «Պետությունն արդարության գաղափարի արտահայտությունն է»:

    Հիշյալ ուսումնասիրության 10-րդ գրքում (614b -621b) նա անդրադառնում է «մոռացումից փրկված մի առասպելի», նշելով՝ «Այն կարող է մեզ պահպանել կորուստից (նրա շնորհիվ կործանումից կարող ենք փրկվել, Կ.Ա.), կանցնենք Լեթե գետն ու մեր Հոգին անաղարտ կպահենք ամեն աղտից»:

    Պատերազմի դաշտում զոհված և 12 օր հետո, «Մահացածների Աշխարհից» վերադարձած քաջարի մի զինվորի՝ Էր (թերևս՝ Արա) անունով Հայի (Arménien) պատմությունն է դա՝ Կյանքի շարունակական շրջափուլի, Հոգու անմահության մասին:

    Երկնային Արդարության դատավարության ընթացքին ականատես ԷՐ անունով Հայը Հանդերձյալ աշխարհից հոգիների դատավորների կամքով վերադարձած «Պատգամաբեր» էր, ուստի և «Սիրված մարդ» էր՝ ծագումով Պամփիլիայից, ու նրա՝ առասպելում հիշվող պատմածների հիման վրա է հույն փիլիսոփան իր ուսմունքը շարադրել:

    «10 օր հետո, երբ իր հետ մարտում ընկածների կազմալուծվող (քայքայվող, Կ.Ա.) դիակներն էին հավաքում նրա մարմինն անփոփոխ, ամբողջական վիճակում պահպանված գտան: Տարան յուրայինների մոտ և, 12-րդ օրը, երբ իր թաղման համար խարույկի դեզի վրա դրեցին՝ վերակենդանացավ ու պատմեց մյուս կյանքում իր տեսածը»:

    Նշելով, որ շատ երկար կլինի Հայի պատմածները մանրամասն ներկայացնելը, նրա ասածների ընդհանրացված պատմությունն է շարադրում (բավականին երկար նկարագրություններով, այնուամենայնիվ):

    Մահվանից հետո Էրի հոգին լքել է իր մարմինն ու հայտնվել Երկնքի ու Երկրի միջև տեղակայված մի բաց տարածքում ու տեսել, որ յուրաքանչյուր մահացածի Հոգին ներկայանում է Դատավորի առաջ:

    Վերջինս, ըստ մահկանացուի իր կյանքի ընթացքում գործած արարքների՝ ուղարկվում է Երկինք կամ Ստորգետնյա Աշխարհ՝ պատիժ կրելու նպատակով:

    Հատուկ բացվածքով վերադառնալով մեկնակետ և մի քանի օրվա «ճամփորդությունից» հետո, Անանկե դիցուհու առջև են հայտնվում՝ իրենց հետագա «ճակատագրերի բաշխման» համար. Դիցուհու երեք դստրերն են մանածագործի նման հյուսում նրանց կյանքի թելերը՝ վերականգնում կամ անողոքաբար կտրում…

    Ի գիտություն նշենք, որ Հայոց Դիցարանում Սանդարամետ Դիցուհին էր ճակատագրերի թելերը հյուսում. նա «Ժամանակի Տիրուհին՝ Իմաստության և Ճակատագրի Դիցուհին էր, «Ճանապարհի ավարտին կանչողն էր», «Ժամանակի հյուսողն ու Մանողը»:
    «Ես մանում եմ այն թելերը, որոնք մանուկներին տուն են բերում՝ ինձ մոտ» (մեջբերումներն ու բացատրությունը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից՝ շնորհակալությամբ )…

    Անտիկ Աշխարհի իմաստասերների համար Երկնային Արդարությանն ականատես, հոգիների Դատավորների կամքով վերադարձած Էրը՝ Արմենիոսի որդին էր մարդկանց «այն աշխարհի անիմանալին» հաղորդողը…

    «ԷՐ»-ը սերվում է հունարեն «ear»-ից որը «Գարնան, Վերստին սկսվող սկզբի» իմաստն ունի (նկատենք՝ Հայոց մոտ՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը՝ նույնն է՝ «մեռնող-հարություն առնող Բնության հետ է համադրվում, Կ.Ա.):
    Նա հիշեցնում է, որ Սոկրատեսի մոտ կա «Էրոս՝ Էրի մանրամասն պատումը»:
    Այսինքն, Էրը Էրոսի՝ Սիրո դիցի համարժեքն է:
    Նաև՝ Էրոսից է ստուգաբանվում «Հերոսը»՝ Դիցերի «աստիճանին» բարձրացված մարդը (որը հետագայում շատ այլ լեզուներում հայտնի «Հերոսն» է հենց):

    «Ինչ վերաբերում է նրա արմատներին, մեր «Հերոսը» անվանվում է «Արմենիոսի որդի», ուր տեսնում ենք Հայերի նույնանուն Հերոսին (Արա Գեղեցիկին նկատի ունի հեղինակը, Կ.Ա.), Փոքր Ասիայի՝ Հայ ազգի, որը ծանոթ էր դեռևս Հերոդոտոսին:

    Եվ, ուրեմն, հատկապես պետք է նշել, որ այս անվան արմատից է «Հարմոնիա» բառը. «Հարմոնիան» մեծ դեր ունի «Պետություն» աշխատության մեջ, ինչը և հիշյալ դիցաբանության մեջ ենք գտնում»:

    «Ինչ վերաբերում է «Պամփիլիացի» անվանմանը՝ այն ստուգաբանվում է որպես «զանազան բնակչությամբ տարածք» և, հավանաբար, որպես իր Հերոսի հայրենիք կամայականորեն է նշվել Հերոդոտոսի կողմից»:
    Հիշենք, որ Կիլիկիայի մերձակա այդ տարածքները՝ մինչև Գամիրք՝ Մշակի Երկիրն էր հիշյալ ժամանակաշրջանից շատ առաջ):

    Հ.գ. Ստորև՝ հակիրճ ու նկարազարդումներով ուղեկցված հատվածներ՝ «Այն Աշխարհի» մասին պատմող՝ «Արմենիոսի որդի Էրի առասպելից» (ֆրանսերենով, հարկ եղած դեպքում՝ թարգմանությունը նույնպես կարելի է կցել):

    Նաև՝ Պամփիլիայի տեղակայմամբ մի քարտեզ, ուր Անահիտի տաճարն է նշված (մոտավորապես Համշենի կողմերում)…😊

    Մի լուսանկար էլ՝ Պլատոնի մոտ հիշատակված՝ «Ճակատագրերի թելերը մանող- հյուսող» դիցուհիներից…