«ԱՓ ՄԸ ՃԱՆ ՖԷՏԱՅԻՆԵՐ»՝ 1901 ԹՎԱԿԱՆԻՆ (ԵՎ՝ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ)…
«Ժողովուրդը կը հիւծէր ցաւի ծանրութեան տակ, եւ մենք մեր ձեռնարկները չէի՛նք կրնար գործադրել, ուստի խորհեցայ ցոյց մը կատարել՝ թուրք կառավարութեան ուշադրութիւնը մեր վրայ հրաւիրելով»,- պատմում է Զորավար Անդրանիկը՝ Մշո Առաքելոց վանքում իրականացրած ապստամբությանն անդրադառնալով:
«1901 տարուան Հոկտեմբեր ամիսն էր։ Կէլիկուզան գիւղին մէջ մեր զինուորներէն գաղտնի խորհրդակցական ժողով մը գումարեցինք։ Ես, Գէորգ, Յարութիւն, Վաղարշակ եւ Հաճի Յակոբ։ Մեր խորհրդակցութեան նպատակն էր միջոց մը եւ ճամբայ մը գտնել, Հայ ժողովուրդին վրայ ծանրացող տառապանքը մեղմելու եւ թրքական ու քրտական հարստահարութիւններն ու հալածանքները դադարեցնելու, քանզի քիւրտն ու թուրքը ազատ եւ անվախ Հայ գիւղերուն մէջ իրենց ոճիրներն ու ամէն տեսակ բռնութիւնները կը գործադրէին եւ կառավարութիւնը՝ այս բոլորը տեսնելով, չէ՛ր պատժեր, չէ՛ր սանձահարեր եւ չէ՛ր սաստեր։ Կառավարութիւնը ո՛չ միայն իր աչքերը կը գոցէր չի տեսնելու եւ չի լսելու այդ ոճիրներուն պատմութիւնները, այլ ներքնապէս կը քաջալերէ՛ր զանոնք, յառաջ տանելու իրենց Հայահալած ու Հայաջինջ քաղաքականութիւնը, պսակելով անոնց կուրծքերը պատուանշանններով եւ առանձնաշնորհումներ պարգեւելով»…
…«Պարզ, շատ պարզ իրողութիւն մըն էր, թէ թուրք կառավարութիւնը կը ջանար ամէն գնով իրեն կապել այդ քիւրտ էշիրէթներուն բարեկամութիւնը Հայ ժողովուրդը ճնշելու, հարստահարելու եւ փճացնելու։ Այդ ճնշումները եւ կեղեքումները Հայ ժողովուրդին շինարար ձեռքերը եւ ոգին կը ջլատէին, միշտ ստրուկ եւ միշտ հլու գերին դարձնելու Հայ ժողովուրդը թուրք եւ քիւրտ ժողովուրդներուն։ Քիւրտն ու համիտիէն, թուրք ժողովուրդին հետ իրաւունք ունէին իրենց տուներուն մէջ, պատերէն կախել հրացաններ, ատրճանակներ եւ թուրեր ազատ ու անվախ, բայց Հայը զմելի մը անգամ ունենալու իրաւունքէն զրկուած էր։ Պէտք էր Հայը հալածուէր, հարստահարուէր ու փճանար։ Ա՛յս էր թուրք կառավարութեան մտապատկերը։ Փոքր ու աննշան պատրուակներ, քմահաճ ու անբարեխիղճ գործեր՝ շարունակ պատճառներ տուած էին կառավարութեան բանտերը Հայ բանտարկեալներով լեցնելու, ու Հայ ժողովուրդը սուգի, սարսափի եւ արցունքի ենթարկելու։ Հայ գիւղացին ամէ՛ն օր նոր — նոր ցաւերով լեցուած լուռ հանդիսատեսն էր սիրտ հատցնող եւ սիրտ կսկծացնող ոճիրներու։ Հայ գիւղերը աւերակի, արիւնի եւ սուգի մէջ կը խեղդուէին, ու մէկը չկա՛ր, որ իրենց ցաւերուն, իրենց վշտին դարման մը ճարէր եւ տանէր։ Հայ խելակորոյս շինականը իր ցաւը, իր սրտին մորմոքը եւ կսկիծը, իր տառապանքները ամէ՛ն օր, ամէ՛ն ժամ մեզի կը հասցնէր, սպասելով դարման մը եւ փրկութիւն մը»։
…«Այս բոլոր տխուր դէմքերը իրենց յուսահատական կողմերով, այլեւս չէի՛ն կրնար անտարբեր եւ անփոյթ պահել մեզ։ Պէ՛տք էր գործի սկսիլ, պէ՛տք էր ուժեղ գործ մը կատարել, ցնցելու համար թուրք բարձրագոյն մարմինները եւ օտար դեսպանները, բարենորոգում մը եւ դարման մը ձեռք բերելու այս տառապած ու հարստահարուած խաղաղիկ ժողովուրդին համար։ Պէտք էր ցո՛յց տալ թուրք եւ քիւրտ ժողովուրդին թէ Հայ բազուկը գիտէ՛ հրացան բռնել, Հայ սիրտը գիտէ՛ կռուիլ եւ պաշտպա՛ն կանգնել իր իրաւունքներուն։ Այս ամէնն պէ՛տք է ի յայտ բերէին «ափ մը ճան ֆէտայիներ» որոնք ուխտած էին զոհուիլ Ազգին ազատութեան սիրոյն, արդարացնելով այն մեծ հաւատքն ու յոյսը, որ ժողովուրդը կեդրոնացուցած էր իրենց վրայ»…
Պատմեց՝ Զօրաւար Անդրանիկ Գրի առաւ՝ Լեւոն Կ․ Լիւլէճեան, Ֆրէզնօ, Ապրիլ 5, 1924 թ.
Եվ Մշո Առաքելոց վանքում խիզախ Հայորդիների մի փոքրիկ խումբ ապստամբեց՝ Հայ ազգի հանդեպ իրականացվող հալածանքների դադարեցման նպատակով՝ աշխարհի ուշադրությանն արժանացնելով այդ խնդիրը:
Մեկ դար անց՝ համանման մի գործողություն իրականացվեց Երևանում՝ կրկին «ափ մը ջան ֆիդայիների» նախաձեռնությամբ…
Նրանց սկսած պայքարն իր Հաղթական ավարտին հասցնելու ժամանա՛կն է…
Ազատությունը Մարդու մարդկայնությա՛ն, նրա ոգու՛, մարդկային բնությա՛ն դրսևորումն է, որը, բնականաբար (նաև՝ բնազդաբար) ակնկալվում է նույնիսկ բռնակալական պայմաններում: Երբեմն, տևականորեն պարտադրված ճնշումների հետևանքով «քնած» կամ «բթացած» այդ բնույթն արթնացնելու անհրաժեշտությունն է առաջանում՝ կործանումից խուսափելու համար: Ազատության գոչով դարեդար Հայ ազգին իրենց կոչն են հղել հանճարեղ Հայորդիներն իրենց խոսքով, գրչով կամ անձնական անվեհեր սխրանքով…
Իր վեպերում անդրադառնալով պատմական իրադարձություններին, Րաֆֆին մատնանշում էր քաղաքական, ազգային, բարոյահոգեբանական խնդիրները, որոնք Հայի հոգում դարերով կուտակված հետքեր են թողել և ուրվագծում էր Ազատագրման ուղին… Առաջին անգամ՝ 1883 թվականին լույս տեսնելուց հետո, նրա «Կայծեր» վեպը մեծ ազդեցություն է ունեցել ընթերցողների վրա ու նրանց միջոցով ներգործել նաև մյուս՝ բազմահազար ազգակիցների, նրանց սերունդների մտածողության ձևավորման վրա՝ գրականությունը դարձնելով Պատմություն կերտող ուժ… Հիշեցնելով, որ «Վիպասանության լեզուն և զանազան դեմքերի զրույցները ժողովրդի կենդանի խոսքն է. հեղինակի գրիչը լոկ թարգման է կենդանի բարբառին: Այդ պատճառավ, ազգերի կյանքից առնված վիպասանությունքը՝ եթե ուղիղ հարմարած էին նոքա ժողովրդի կենցաղավարությանը, ամենևին մտածին և երևակայական բանաստեղծությունք չեն» (Րաֆֆի):
Րաֆֆու «Կայծեր»-ից մի հատված՝ ստորև, ի հիշեցումն…
ԱՍԼԱՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արեգակը արդեն ծագել էր, երբ մենք հասանք վանքի մոտ: Մարոն այնպես անցավ ուխտավորների բանակի միջից, որ ոչ ոք նրան չճանաչեց: Ես այնուհետև մի քանի անգամ տեսնվեցա Ասլանի հետ. նա իր աբեղայական կերպարանքով հայտնվում էր ուխտավորների ամեն շրջաններում: «Այստեղ, ասում էր նա, այս տոնախմբության առիթով հավաքվել են ամեն երկրի Հայեր, և ես նրանց լավ ուսումնասիրելու համար փոխեցի կերպարանքս, գիտեի, որ աբեղան ավելի մատչելի է նրանց: Այս մարդիկն առանց զգացմունքի, առանց եռանդի չեն. նրանք հասկանում են իրանց դրության բոլոր այլանդակությունը, բայց դարևոր հարստահարությունների տակ ճնշվելով, մինչ ա՛յն աստիճան հոգով և մարմնով թուլացած են, որ շատ բնական են գտնում իրանց վիճակի բոլոր դառնությունները:
Նրանք կարծում են, թե այլ կերպ լինել կարող չէր, թե իրանք ստեղծված են ստրուկներ լինելու համար: Մի ձեռք, մի զորեղ ձեռք պետք է, որ դրանց վեր բարձրացնե ընկած դրությունից և կանգնեցնե մարդկային ազատ իրավունքների վրա»: Այնուհետև նա երկար խոսում էր ինձ հետ զանազան առարկաների վրա, ես մինչև այսօր չեմ մոռացել, և կարող եմ բոլորը բառ առ բառ գրել: Նա ասում էր. «Լինում է, այո՛, որ մի ամբողջ ժողովուրդ ի՛նքն է կանգնում ոտքի վրա, ինքն առանց օտարի ձեռնտվության թոթափում էր իր վզից ստրկության լուծը: Բայց դա լինում է այն ժամանակ, երբ նա բավականին հասկացել է, թե ի՛նչ բան է Ազատությունը: Եթե մեր ժողովրդի առաջնորդող մասը նրան ա՛յն շավղի մեջ դրած լիներ, նրան այնպիսի՛ ուղղություն տված լիներ, որ նա վերջապես հասկանար, թե ո՛րքան վատ է օտարի կոպիտ ուժի տակ ճնշված դրությունը, թե ո՛րքան լավ է իր սեփական Հողի վրա իր քրտինքով ազատ ապրելը՝ մեր գործը շատ հեշտ առաջ կերթար… Բայց ովքե՞ր են մեր ժողովրդի առաջնորդող անձինքը: Մենք ազնվապետական դաս չունենք, մենք ունենք վաճառականներ և եկեղեցականներ: Վաճառականները, այլ խոսքով՝ դրամատերերը. դուք գիտեք, ի՛նչ տեսակ հրեշներ են: Մնում են եկեղեցականները, որոնց ձեռքումն է ժողովրդի կրթությունը և նրա բարոյական և մտավոր դաստիարակությունը: Եկեղեցականը, ո՛ր ազգի մեջ և լիներ նա, մի՛շտ ընդդեմ է մարդկային անհատական ազատության: Եկեղեցականը մի՛շտ ընդդեմ է ազգայնության գաղափարին. նա ճանաչում է ազգը միայն կրոնքի անունով. նրա «հոտի» մեջ «խուժդուժ, սկյութացի և հույն» — բոլորը մեկ են: Եկեղեցականը մի՛շտ ընդդեմ է աշխարհային բարեկեցության. նա չէ՛ կարող համբերել, որ մարդը ճանաչեր իր Հայրենիքը, այսինքն՝ երկրի այս կամ այն կտորի վրա հիմներ իր կյանքի և ապրուստի գոյությունը: Եկեղեցականը հերքու՛մ է ներկա աշխարհը. նրա հայրենիքը երկինքն է: Ուրեմն մի ժողովուրդ, որ հանձնված էր եկեղեցականի կրթությանը, կարո՞ղ է մտածել այս բաները՝ թե ինքը մի ազգի որդի է, ունի իր առանձնությունները, իր պատմությունը և իր ավանդությունները, որոնք իր համար նու՛յնքան սուրբ են, որքան սուրբ է ազգային ինքնուրույնությունը: Թե իր նախնիքը թողել են իրան մի կտոր հող. դա իր նվիրական ժառանգությունն է. այն հողը պետք է մշակել և նրանով քաղցր ու հանգիստ վարե իր կյանքը: Ես կհայտնեմ քեզ միմիայն Վանա նահանգի, կամ հին անունով Վասպուրականի, վիճակագրությունը, և կտեսնես, թե ժողովրդի հետ համեմատելով, որքան մեծ տեղ է բռնում եկեղեցական տարրը իր վանքերով և մենաստաններով»:
Նա հանեց իր ծոցից մի փոքրիկ հիշողության գրքույկ և սկսեց կարդալ. «Վանա նահանգն ունի 24 գավառ, որոնք շրջապատում են Բզնունյաց ծովակի չորս կողմը: Հիշյալ գավառների մեջ բազմաթիվ հայաբնակ և խառնաբնակ գյուղերից այժմ շեն մնացած են 1652-ը. նրանց մեջ բնակվում են 43.750 Հայ ընտանիք, որոնք բաղկացած են մոտ 350.000 հոգուց: Բացի գյուղաբնակներից, Վան քաղաքն ունի 20.640 հոգի Հայ բնակիչ. կնշանակե ամբողջ Վանա նահանգն ունի 370.640 հոգի Հայ բնակիչներ: Հիշյալ գյուղորայքում և Վան քաղաքում կան 382 եկեղեցիներ, որոնք ունեն 270 քահանա, կնշանակե շատ գյուղեր զուրկ են եկեղեցուց, և շատ եկեղեցիներ քահանա չունեն, բայց կան այնպիսի գյուղեր, որոնք մի եկեղեցու փոխարեն ունեն մի քանիսը: Դրա հակառակ, համեմատաբար շատ խոշոր բազմություն են կազմում կուսակրոն աբեղաները, վանքերը և մենաստանները: Վանա նահանգն ունի 87 վանքեր և մենաստաններ, որոնց մեջ բնակվում են 1.500-ի չափ եպիսկոպոսներ, վարդապետներ, ճգնավոր և մենակյաց աբեղաներ: Այս բոլոր կրոնական հիմնարկությունների հանդեպ ամբողջ նահանգում չկա՛ ոչ մի ժողովրդական դպրոց: Կան, արդարև, մի քանի վանքերի խուցերում փոքրիկ վարժարաններ, բայց նրանք պատրաստում են տիրացուներ և կրոնավորներ միայն, իսկ ժողովրդի հազարից մեկը անգամ գրագետ չէ: Երևակայեցեք 87 վանքեր և մենաստաններ ու 1.500-ի չափ կուսակրոն աբեղաներ մի նահանգում, — դա մեծ քանակություն է: Բայց առաջ ավելի բազմաթիվ են եղել վանքերը. նրանց շատերի ավերակներն են մնում այժմ. և շատերը բոլորովին անհետացել են: Աբեղաների մասին նույնպես խոսում են, թե այժմ նրանց թիվը կիսով չափ պակասել է. բայց այդ մնացածները դարձյալ շատ են: Եվ այս ծույլ, ցնորամիտ «երկնաքաղաքացիների» ազդեցությանն ենք պարտական, որ մեր ժողովուրդն այսօր գտնվում է իր խորին բթամտության մեջ: Բայց եղել են ժամանակներ և այն ժամանակները շա՜տ հին են, երբ մեր եկեղեցականներն այնպես չէին, որպես այժմ: Նրանք դրանց նման անբնական կյանք չէին վարում. նրանք գերդաստանի հայրեր էին և ընտանիքների մեջ էին բնակվում: Այս պատճառով, նրանք գիտեին, թե ի՛նչ է կյանքը, ի՛նչ է աշխարհը և ինչպե՛ս պետք է հոգ տանել նրա համար, որ մարդու ապրուստը հանգիստ ու բախտավոր լինի: Գերդաստանի հայր լինելով, միևնույն ժամանակ նրանք ժողովրդի՛ հայրն էին. ծնողական սիրո զգացմունքը առաջ էր բերել նրանց մեջ և խիստ ջերմ սեր դեպի ամբոխը, և բոլոր սրտով նվիրել էին իրանց անձը ժողովրդի բարօրությանը:
Իսկ այժմ չէ՛ կարելի գտնել մի մարդ, որ այնպես վայրենի, անզգա և անտարբեր լիներ դեպի հասարակաց բարին, ինչպես մեր կուսակրոն եկեղեցականը: Վանքն այն ժամանակ, այժմյան պես, աշխարհային գործերից փախած և իրան երևակայական հոգևոր ցնորքների նվիրած, ծույլերի բնակարան չէր: Վանքն այն ժամանակ, այժմյան պես շնորհավաճառության, կախարդության և տեսակ-տեսակ մոլությունների հանդիսարան չէր: Վանքն այն ժամանակ հոգևոր և մարմնավոր դպրոց էր, ուր անխոնջ միաբանությունը պարապած էր մանկտու կրթությունով, գրքերի թարգմանությունով, ինքնուրույն հեղինակություններով և գիտությունն ու լույսը ժողովրդի մեջ տարածելով: Եկեղեցականությունն այն ժամանակ, որպես կրոնի, եկեղեցու և կրթության, նույնպես և Հայրենիքի՛ ու պետությա՛ն հզոր պաշտպանն էր: Եթե լինում էին մեր թագավորների ու նախարարների մեջ խռովություններ, եկեղեցականն էր նրանց մեջ հաշտեցուցիչ տարրը: Եթե լինում էին թշնամու հետ պատերազմներ, եկեղեցականն էր ոգևորում ժողովրդին կռվելու, քաջությամբ կռվելու և պաշտպանելու իր Հայրենիքը: Եթե որևիցե թագավորի հետ պետք էր խաղաղության դաշն կապել, եկեղեցականն էր դեսպանախոսության գնում: Եթե հայրենիքին վտանգ էր սպառնում և ուրիշ թագավորից պետք էր օգնություն խնդրել, եկեղեցականն էր միջնորդ դառնում: Մի խոսքով, բարձր հոգևոր կառավարությունը խիստ սերտ կերպով կապված էր թագավորի իշխանության հետ. և երկու ներդաշնակ ուժեր, միացած մի ամբողջության մեջ, լծորդաբար առաջ էին տանում պետության կառավարությունը: Եվ այն ժամանակ Հայաստանը երջանիկ էր… Այս ամենը, ինչ որ գործում էր եկեղեցականությունը, բոլորովին ընդդեմ էր նրա կրոնական բնավորությանը: Բայց մեր եկեղեցականությունը այն ժամանակ մի նշանավոր բացառություն էր կազմում ամբողջ քրիստոնեական աշխարհում. նա կատարյալ ժողովրդական էր: Նա միացնում էր իր մեջ հոգևոր և նյութական կյանքը՝ իրական աշխարհը և երկինքը: Իսկ ա՞յժմ… «Այժմ եկեղեցականը մեզ համար մի մեռած և անպիտանացած տարր է. նորից կյանք տալ նրան, դա շատ ուշ կլիներ. այդ պատճառով մենք ստիպված ենք դիմել ուրիշ միջոցների, որպեսզի մեր ժողովուրդը վերականգնենք, որի մեջ դեռ բոլորովին հանգած չեն կենսական ուժերը: Այո՛, հանգած չեն, բայց մնացել են նրանց անզոր կայծերը միայն, որոնց պետք է շունչ տալ, բորբոքել, մինչև նրանք բոցավառվեն… Իսկ դա լինում է տոկուն և հիմնավոր կրթությամբ, որպեսզի ժողովուրդն ի՛նքը հասկանա, թե որքան լավ է Ազատությունը, որքան հանգիստ և ուրախ է լինում մարդու կյանքը, երբ նա ազատ է…
Բայց մեր ընկեր Կարոն բոլորովին տարբեր մտածություն ունի. նա Բնության հարազատ և ազատ որդին է: Նա ասում է՝ «Ազատությունը Մարդու ընդաբույս բնազդումներից մեկն է. նա ստեղծված և ծնված է Մարդու՛ հետ»: Նա ասում է` «Բնության մեջ ամեն մի առարկա, որոնց մեջ կա կյանքի և աճելության զորություն, պահանջում են ազա՛տ լինել, ազա՛տ զարգանալ: Եվ եթե Մարդը տանում է ստրկության, դա ակամա է. հեռացրո՛ւ նրանից ճնշող ուժը, կտեսնես՝ նա Ազատ էակ է»: «Շատ հարկավոր չէ,- ասում է Կարոն,- որ Մարդը հասկանա թե ի՛նչ բան է Ազատությունը, որպեսզի ձգտումն ունենա դեպի նա: Որպես կարող է մարդը չգիտենալ, թե ի՛նչ նյութ է օդը կամ ո՛րպիսի քիմիական տարերքից բաղադրված է նա և կամ ի՛նչ սնունդ է տալիս իր մարմնին, — բավական է, որ նա գիտե՝ երբ օդ չշնչե՝ կմեռնի: Ազատությունը,- ասում է նա,- Մարդու հասարակական կյանքի մթնոլորտն է, որի մեջ զարգանում է նա, կատարելագործվում է և հասնում է իր Մարդկային բարձր նշանակությանը: Որքան ճնշված, որքան սահմանափակված լինի այս մթնոլորտը, այնքան Մարդը անզոր, ծույլ և բթամիտ կմնա: Ազատությունը մարդ սովորում է ազատությա՛ն մեջ»:
Ես մասամբ համաձայն եմ Կարոյի հետ,- առաջ տարավ Ասլանը,- այո, Ազատությանը մարդ ընտելանում է Ազատությա՛ն մեջ: Բայց գլխավոր բանն այն է, թե ի՞նչ միջոցներով պետք է տալ մի ճնշված ժողովրդին Ազատություն, երբ որ հազարավոր զորեղ ձեռքեր արգելք են լինում: Եվ ո՛վ պետք է առաջնորդե ժողովրրդին դեպի Ազատություն:
Մեր դրամատերերն, որպես դու տեսար, սկսած առաջին «ամիրայից» մինչև վերջին «քեռի Պետրոսը» ավազակներ են, ապրում են ժողովրդի արյունով և քրտինքով: Մեր եկեղեցականները, սկսած պատրիարքից մինչև վերջին Կարապետ հայր սուրբը, նույնպես ավազակներ են: Պատրիարքը իր առաքելական աթոռը գնում է սուլթանի բարձրագույն դռնից կաշառքով. իսկ Կարապետ հայր սուրբն իր վանքի վանահայրությունը գնում է քուրդ իշխանից՝ նույնպես կաշառքով: Երկուսն էլ պետք է կողոպտեն, կեղեքեն ժողովուրդը, որ կարողանան իրանց բռնապետական դիրքը պահպանել: Մեզ պակաս է և հասարակական գլխավոր զորությունը, այն է՝ թարմ և նորահաս երիտասարդությունը: Դրանք կարող էին դպրոցների, գրականության և լրագրության միջոցով զարթեցնել և նախապատրաստել ժողովրդին: Բայց, դժբախտաբար, մենք երիտասարդություն չունենք. մենք ունենք Կ.Պոլսում մի քանի տգետ և ամեն կրթությունից զուրկ «զևզեկներ» միայն, որոնք ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ շաղակրատ տիրացուներ: Էլ ո՞վ է մնում: Մնում են մի քանի «Կարո»-ներ, արդարև, ազնիվ և գործող անձինք, բայց մի ձեռքը ծափ կզարկե՞… Այսուամենայնիվ, մենք բոլորովին հուսահատ չենք. մենք ունենք մի, թեև անմշակ, բայց մեծ զորություն՝ ամբոխը. դա բավական է»…
ԿՅԱՆՔԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ՝ «ԱՐԵՎԻ՛ ՆՄԱՆ ՆԱՅԵՑԵՔ ԱՇԽԱՐՀՔԻՆ»…
Հայ մշակույթում բացառիկ տեղ ունի Հովհաննես Թումանյանն իր գրչով, նաև՝ մեր ազգի համար ճակատագրական շրջանում Հայոց համընդհանուր գործին իր անձնուրաց նվիրումով ու բուռն գործունեությամբ: Դարեր շարունակ օտար տիրապետության հետևանքով հալածված Հայ ազգի վերածնության ուղին ու միջոցը նա Ազգային մշակույթն էր համարում: Եվ 1913 թվականին, Հայոց Գրի ու Գրականության մեծ տոնի կարևորությանն ու նրա խորհուրդին անդրադառնալով, գրում է.
«Երևակայեցե՛ք, թե Հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից Հայ վեր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բերի՝ դնելու իր ազգի Վերածնության մեծ գործի վրա։
Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում։
Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն՝ կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում։ Եվ գոնե ես խորապես հավատում եմ Հայի էդ կուլտուրական ուժին. մենք կարո՛ղ ենք էդպես լինել և պե՛տք է լինենք» («Ազգային վերածնության մեծ կոչը»):
Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացման առիթով ոմանց ցուցաբերած խանդավառությանն ի պատասխան նա գրում է. «Մի՞թե, հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։ Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։ Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը՝ Տիեզերական կյանքն է, և Մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը, սովորաբար, չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով՝ Մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով՝ Մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞որ կյանքն ինչպես անսահմա՛ն մեծ է, էնպես էլ փո՛քր է անսահման։ Եվ ահա, ընդհանրապես, ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք — թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ «ես»-ը…
Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։ Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե՝ ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։ Մի՞թե դժվար է»:
Իր խոսքն ուղղելով երիտասարդ ու պատանի գրողներին, նրանց հիշեցնելով, որ «Անցյալը շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած», Թումանյանը շեշտում է մշակույթի՝ մասնավորապես՝ գրականության դերն ազգի կյանքում:
«Եթե գրականությունը Ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ՝ ամենասիրելի զավակներն եք»։
…«Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ․ և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։ Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել մարդու էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմվածք ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից։ Եթե գրականությունը կյանքի հայելին ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ Մարդու սի՛րտն է։
Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից։ Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և Արևն է միաժամանակ, իր կյանքում երբե՛ք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև Արև՛ն է ինքը և իր հայացքն Արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։ Արևի՛ նման նայեցեք աշխարհքին»։
Արևի՛ նման՝ Լու՛յս սփռելով, ուստի՝ խավարը տեսանելի՛ դարձնելով այն չքացնել, վատն արդարացիորեն խարազանելո՛վ նաև պայքարել: Ու խորհուրդ է տալիս «Պոետին» (ու իր ողջ ազգին)՝ «Բարկության հրո՛վ շնչել չարի դեմ, Որ թույնով, փողով գահ է բարձրացել»՝ «մարդասերի կամ ազգի բարերարի» դիմակով …
A là Նադսոն ՊՈԵՏԻՆ
Թաքցրու՛, պոե՛տ, վշտերդ ամբարված Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ, Ամբոխի առաջ մի՛ երգիր նրանց, Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ…
Եվ դուն չե՛ս կոչված, որ փոքրոգության Արտասուքներով քո վշտերն երգես, Դուն պիտի ճնշված մարդկության առաջ Սև ճակատագրի գոյությու՛նն հերքես։
Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ, Թեև դժվար է քեզ համար կեղծել, Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ Ամբոխի համար հավա՛տ ստեղծել.
Գուրգուրի՛ր նրան՝ ինչպես չար մանկան, Պատժի ժամանակ անողո՛րմ եղիր, Զեռքումդ ունեցիր փայլուն խարազա՛ն, Հարվածի՛ր նրան և հառա՛ջ մղիր:
Հառա՛ջ տար նրան և ձեռքդ մեկնի՛ր, Ցու՛յց տուր փրկության արյունոտ ուղին, Կռվից փախչողին ծաղրանքով հեգնի՛ր, Փառագոչ երգով գովի՛ր կռվողին…
Սի՛րտ տուր ընկածին, գետնից վե՛ր քաշիր, Մի՛ թողնիր երբեք, որ մնա նա ցած. Կենդանի երգով զարթեցրու՛, շարժի՛ր Զգացմունքները նրա վհատած:
Բարկության հրո՛վ շնչիր չարի դեմ, Որ թույնով, փողով գա՛հ է բարձրացել, Եվ լուսավորի՛ր, ցու՛յց տուր ամբոխին, Թե ի՛նչ ընթացքով չարիք է գործել։
Թող որ ճանաչե՛ և պատուհասե՛ Նրա չարությունն ամենակատար, Եվ այնուհետև կուրորեն չասե՛ «Մեծ» կամ՝ «մարդասեր, ազգի բարերար»…
Եվ պատվանդանը հիմքից խորտակի՛ր Ոսկի հորթերի, ինքնամոլության, Մարդոց սրտերում դարձյալ հաստատի՛ր Լրբությամբ մերժած գահն աստվածության:
Մենք այն ժամանակ և կըգա՛նք քեզ հետ Եվ քեզ կըսիրե՛նք, կըփառավորե՛նք, Սրտի հրճվանքով կանվանենք «պոե՛տ», Ամեն մի խոսքդ կընդունե՛նք օրենք։
Չհանդուրժելով կեղծիքն ու նրա սփռած «հոգևոր ավերը», հանճարեղ Թումանյանը դեռևս 1890 թվականին է բարձրաձայնել.
«Օ՜, ցած խոսքերով անդուռն բերանի Մի՛ հիշեք, մի՛, այն սուրբ անունը, Դու՛ք, որ չգիտե՛ք փառքն Հայաստանի, Որ չե՛ք ճանաչում նրա զորությունը»…
Ու հեգնանքով «երանի՜ տվել» «միամիտներին, անտեղյակներին».
ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ
«Երանի՛ է ձեզ, որ չեք հասկանում, Թե մարդիկ ինչո՛ւ, ինչե՜ր են անում, Երանի՛ ձեզ, որ մարդու չեք զրկում Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում… Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք, Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք»։
Իհարկե, չմոռանալով և «չարամիտներին՝ իրենց արդար պատժից խուսափելու նպատակով՝ հանցավոր սրտով կեղծավոր արտասուք թափողներին»…
ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ
Դո՛ւք, մեծ հայրերի ընկած զավակներ, Դո՛ւք, ո՜վ ստրուկներ մոլի կրքերի, Դուք, ո՜վ զեխության խղճալի հյուրեր, Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.
Դո՛ւք, որ ընկնում եք ո՛չ պատերազմում Թշնամու սրով և ո՛չ ձեր մահով, Որ եղբայրադավ ժողով եք կազմում Եվ տեսնող աչքից կարծում ապահով։
Դո՛ւք, որ պատրաստ եք անմեղին կապած Սեղանավորի ոտքի տակ զոհել, Որ ավազակի առաջ սարսափած, ճշմարտությունն եք ուրանում խոսել.
Դո՛ւք, որ ուզում եք աշխարքին խաբել, Եվ դատաստանի առաջ դողալով Գիտեք կեղծավոր արտասուք թափել Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.
Դո՛ւք, որ մարդկանց աչքերն եք կապում, Ո՜վ սպասավորներ բանտի, խավարի, Որ հարազատի արյունն եք թափում Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.
Դո՛ւք, որ այրիի դառն արտասուքով Շաղախեցիք ձեր սեղանի հացը, Որ հպարտացած անօրեն գործքով Հարցանում եք թե՝ ո՞ւր է աստվածը.—
Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար Արժանի մահով պատուհասելու, Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ Նորա բարկության պատժից փախչելու։
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Արևմտյան Հայաստանում Հայությունը հեծում էր դարերով պարտադրված օտար լծի ներքո և ուժգնացող հարստահարիչ քաղաքականության արդյունքում ունեզրկվում էր ու գաղթում իր Հայրենիքից, ազգապահպանման ու հայրենապահպանման խնդիրներով մտահոգ բազմաթիվ Հայորդիներ ահագնացող իրավիճակում իրենց ազգակիցների կյանքի բարելավման ուղիներ էին փնտրում: Խորաթափանց մտքով վերլուծում և օրհասական իրադարձությունների բովում Հայ ազգի ինքնակազմակերպման անհրաժեշտությունն էին նրանք բարձրաձայնում, ազգի հարատևման պայքարում կարևորելով հատկապես կրթությա՛ն միջոցով Ազգային ինքնաճանաչողությունը:
Հայրենիքի տարբեր շրջաններում շրջագայելուց հետո՝ բանահավաքի հմտությամբ ազգագրական հարուստ նյութ հավաքած, Կոստանդնուպոլիս վերադարձած Գարեգին Սրվանձտյանցը գրում է.
«Բարեկամ. Մարդկային ընկերավարութեանց սովորութիւնն է, երբ հեռաւոր տեղէ մը գան, իրենց գտնուած երկրի բարիքներէն կամ հազուագիւտ իրերէն ընծայ մի կը բերեն բարեկամին։ Հետեւելով այսմ, երբ Պօլիս եկայ, այս անգամ ուզեցի ընծայ բերել Ձեզ իմ Երկրէն։ Ի՜նչ։ Ի՜նչ կը գտնուէր հոն, ուր ես էի. հող եւ ջուր միայն, եւ հողով ու ջրով եւեթ կեանք վարող Հայ ժողովուրդ։ Գրոց եւ բրոց ծրար մ՚ընծայ բերի Ձեզ այն հողէն ու ջրէն, որ Հայաստանի անունը կը կրեն տակաւին, ժողովրդէ մը, որ սերունդ եւ անուն Հայութեան ունին։ Այս հողն եւ ժողովուրդ կամ, այսպէս ըսեմք, Հայաստանն ու Հայ, որ հազար անգամ խորամանկութեան ու բռնաւորութեան փորձեր անցուցեր են, փորձեր՝ խլելու այս ազգի արմատը այդ արտէն, կամ փոխելու այն հողի յատկութիւնը, որ այլեւս չբուսցընէ զՀայ եւ չերեւի Հայութեան նշոյլ մը։ Բայց Հայերը մանգաղով հնձուած ժամանակ սերմերը թափեր են փոշիներուն մէջ, արմատէն խլուած ժամանակ ջեղ մը թողուցեր են քարի մը տակ, ձորի մը մէջ եւ նորէ՛ն բուսեր, ծլեր, արմատ ձգեր, ոստ արձակեր, ծաղկեր ու պտղաբերեր են անդրէն։ Անկարելի՛ է գտնել աշխարհ մը եւ ազգ մը, որ համեմատուի Հայուն եւ իւր երկրին, որ այնքա՜ն աւեր, մահ, սուր, ուրացութիւն, արիւն, գերութիւն կրած լինի ու նորէ՛ն ցայսօր ապրի։ Իւր քաղաքականն ու կրօնականը, իւր նիւթականն ու հոգեկանը առհասարակ կողոպտուած. գանձն ու զէնքը առնելէն զկնի, մարդն ու իւր բնակարանը, տաճարներու քարերը եւ լեզուն ու մագաղաթներն անգամ գերի գնացած են, ստրկութեան ենթարկուած են։ Բայց մեր Երկրի հողն ու ջուրը, օդն ու եթերքը օծուած են Հրեղէ՛ն լեզուով, Հրեղէ՛ն հոգւով, որք ո՛չ միայն վերաստեղծեր են զՀայեր, այլ եւ վերապատմե՛ր են հետագայից Հայաստանի նահապետաց, դիւցազանց, թագաւորաց եւ առաքինեաց անուններ ու գործերը։ Այս լեռները, հովիտները, ձորերը, գետերը, շէները, աւերները, հողմերը, աստղերը, ամե՛նքն ալ խորհրդաւոր անուն մը ունեցած են. եւ այդ ամէն մէկ անունը կը պարունակէ իւր մէջ անձի մը կամ անցքի մը պատմութիւն, թէ առասպել համարուի այն առ այժմ եւ թէ իրական, եւ այսպիսեաց շարունակութիւնը մագաղաթներէն աւելի՛ տոկուն եւ անջինջ մատեան մը շարունակած է. այն է՝ բնակչաց բերանացի աւանդութիւնք կամ վէպք եւ զրոյցք։ (Մեջբերումը՝ Գ. Սրվանձտյանց, «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհէրի Դուռ»):
Գ. Սրվանձտյանցի ուսումնասիրություններում կան Վասպուրականում, Տարոնում և Արարատյան դաշտում տարածված ավանդազրույցներին, հավատալիքներին, ու բնաշխարհին առնչվող բազմաթիվ ազգագրական և բանահյուսական ուշագրավ դրվագներ: Մշո աշխարհի պատմություններից՝ Գ. Սրվանձտյանցի գրչով անմահացած որոշ հատվածներ՝ ահավասիկ…
«Մօտ Դաղօնաց, այդ լերան ճակատը քար մը կ՚երեւայ, որոյ մէջ, կ՚ըսեն, շատ այրեր կան, եւ անթիւ օձեր կը բնակին այդ այրերու մէջ։ Օձերը ունին իրենց թագաւոր եւ թագուհի։ Թագաւորը արեգակի պէս քարակն ունի իւր գլուխը, այսինքն՝ թագ, եւ թագուհին՝ բոցագոյն բրչեր, բրչամ, այսինքն՝ վարս։ Ունին զօրապետներ, թիկնապահներ եւ ահագին բանակով կ՚երթան երբեմն Դիարբաքրու հողը. այն տեղը կան նաեւ օձերու ուրիշ թագաւորներ, բայց անոնք ասոր հարկատու են եւ ռայայ։ Երբ անոնք կ՚ապստամբին, կ՚երթայ սա ջանգ ու կռիւ ու շատ կոտորած կ՚անէ եւ աւարով ու գերիներով կը դառնայ։ Այսու Մշոյ բնակիչները եւ իրենց նախարարները Տիգրանակերտու գաւառներուն վրայ առաջները միշտ տիրապետելուն եւ զանոնք ծառայեցընելուն հետքն է կը պահեն թերեւս։ Օձեր ալ կան, որ Մշոյ աշխարհի պահապաններն են եւ գիւղացւոց վնաս չեն տար։ Տեսակ մը օձերու համար ալ կը պատմեն, թէ տները եւ ջաղացները կը բնակին, եւ իրենց բնակած տան բաղդը անոնցմով կը յաջողի եղեր։ Հետեւեալը իբրեւ առակ կը պատմեն, թէ. «Գեղացի մը, որ արտեր ունէր եւ ջաղացներ եւ գեղացւոց մէջ բաղդաւոր ու հարուստ մէկն էր, իւր յաջողութեան բաղդը կը պարտէր այն սեւ օձին, որ ասոր տան մէջ կը բնակէր։ Մէկ հատիկ զաւակ մը կ՚ունենայ այս գեղացին. եւ որովհետեւ օձը սովոր էր տան մէջ համարձակ շրջելու, երախան օր մը օձուն հետ խաղալով՝ անոր պոչը իւր ափին մէջ սաստիկ կը ճզմէ։ Որքան կը ջանայ օձը, կարող չլինիր իւր պոչը ազատելու տղուն ձեռքէն։ Ճարը հատած՝ կը խայթէ տղուն թաթիկը։ Տղան կը թողու պոչը ու կը թունաւորի միանգամայն. օձը իւր խայթածին ու թունաւորածին հետեւանքը գիտնալով՝ կը փախչի տան մէկ անկիւնը, կը կծկի, ժամեր կ՚անցնին‚ եւ տղան վերջապէս կը մեռնի։ Տղուն հայրը սաստիկ կսկիծէն ուրագը կը վերցնէ, օձին կը զարնէ. օձին պոչը կը կտրի, եւ օձը իւր գլուխն ու մնացեալ մարմինը առած կը փախչի տնէն ու գեղէն դուրս, քարերու մէջ կ՚ապրի։ Օրեր կ՚անցնին, բայց հետզհետէ այդ գեղացւոյ բաղդը կ՚աւրուի։ Օր մը իւր կնոջ հետ կը մտածեն, թէ. «Երթանք մեր օձը նորէն մեր տունը հրաւիրենք բերենք, որպէսզի մեր բաղդը դառնայ վերստին»։ Եւ կ՚երթան քարերու մէջ կը կանչեն իրենց օձին. օձը պատասխան կուտայ, թէ. «Ինչպէս ձեզ՝ նոյնպէս ինձ փափագելի է այդ, բայց ա՛լ անկարելի է, քանի որ դուք ձեր զաւակին մահը յիշէք եւ ես իմ պոչը, իրարու հետ չենք կրնար հաշտ ապրիլ»… »։
«Տարօնոյ դաշտի բերանը՝ Աշտիշատայ մօտ, կայ մի գեղ, զոր այսօր Բաղչայ կը կոչեն տեղացիք, բայց Տարօնոյ պատմիչ Յովհաննէս եպիսկոպոսը Վիշապն անուն կուտայ այն տեղին եւ քաղաք կը կոչէ, ինչպէս նաեւ Գայլ Վահանի ժամանակ Օձ քաղաք կը պատմէ Տարօնոյ դաշտի արեւելեան հարաւի կողմը, ուր շամբեր կան, Մեղրագետի ական քով։ Օձ քաղաքի հետքերը, աւերակները, ինչպէս նաեւ անունն ալ կան ցայսօր, եւ քանի մը տուն ալ բնակիչ ունի մէջը, իբրեւ գեղացի, Մուշեղշէն անունով գեղին մօտ։ Օձ եւ վիշապը երբեմն Հայկազն Երուանդեան Տիգրանի ժամանակ Հայկական դրօշակի նշանն էր, Աժդահակը սպաննելուն յիշատակ։ Բայց, ինչպէս առիթ ունեցանք Դաղօնաց օձերու թագաւորութիւնը յիշելու, հոս միտքս կուգայ, թէ միեւնոյն կերպով վէպեր կան նաեւ Հայաստանի ուրիշ գաւառաց մէջ ալ։ Եւ երբ զօրաւոր ու հուժկու մարդու նմանութիւն տալ ուզեն, օձու եւ վիշապի կը նմանցընեն։ Օձը հմայութեանց արհեստին մէջ ալ գործածուած է միշտ։ Մինչեւ ցայսօր ալ օձու շապիկ կը դնեն իրենց ծոցերը կամ գլխարկին մէջ, որպէսզի օձերը չխայթեն զիրենք։ Կայ եւ մի սովորութիւն ալ, որ օձու, կարիճի եւ այլ այսպիսեաց ձեւը մանր ուլնիկներով կը շարեն եւ կը կարեն երախայից գտակին կամ հագած հագուստին վրայ։ Իհարկէ, օձն ու կարիճը իբրեւ զարդ չեն գործածեր, այլ ուրիշ խորհուրդ մը ունին։ Վիշապը թերեւս իւր ահաւորութեամբ ի հնումն պաշտուած ալ լինի ի Հայոց։ Արդէն սովորաբար մարդիկ Աստուծոյ տեղ կը դնէին մէկ մը զայն, որ հաճոյք եւ բարիք կը սփռէր, մէկ մ՚ ալ զայն, որմէ երկիւղ եւ պատուհաս կը կրէին. վերջինէն են օձն ու վիշապ։ Օձերու եւ վիշապներու վրայ ընդհանրապէս Հայ ժողովրդեան վէպերուն մէջ կարծիք կայ, թէ անմահ են անոնք, եթէ չսպաննուին մարդերէ, եւ այս կարծեաց համաձայնելու համար կը խօսին, թէ օձը իւր շապիկը փոխելով կը նորոգուի, եւ թէ աղբիւր եւ ծաղիկ մը կայ, զոր կը ճանչնան օձերը, որ օձերուն անմահութիւն կուտայ։
Վանայ պառաւներուն մէկ վէպը կայ, թէ վիշապը, երբ հազար տարեկան լինի, շատ սարսափելի կը մեծնայ։ Հրեշտակները երկինքէն կ՚իջնեն‚ շղթայով կը կապեն ու կը քաշեն վեր, այնքան կը բարձրացընեն մինչեւ արեւուն մօտ հանելով, ուր կիզիչ հուրը կը վառէ ու մոխիր կը դարձընէ զայն։ Կը յաւելուն, թէ մեծ շառաչիւնի ձայներ կը լսուին երկինքը քաշած ժամանակ։ Թէ՝ երբեմն այնքան կը գալարի, որ պոչը կը փրթի, վար կ՚իյնայ։ Եւ որովհետեւ, ինչպէս օձին ջրայինն ու ցամաքայինը կայ, նոյնպէս ալ վիշապին, ուստի կ՚ըսեն, թէ տեսնուած է երբեմն Վանայ ծովուն մէջէն, երբեմն ալ ամայի լեռներէն վիշապներուն երկինք քաշուիլը։ Գուցէ թաթառ հողմի նկարագիրն է սա, որ ծովէն ջուր եւ ցամաքէն փոշի, ծառ ու քար կը բարձրացընէ յամպս եւ ի վայր կը թափէ։
Կ՚ըսեն նաեւ, թէ այդ վիշապը վարսեր եւ թեւեր ունի։ Թէ՝ երբեմն սաստիկ ջուր կը փչէ երկրի վրայ։ Թէ՝ վառուելէն ետք մոխիրը վար կը թափի կը տեսնուի։ Թէ՝ երբեմն ալ երկնքի բարձրութենէն կը թողուն հրեշտակները, որ իյնայ վիշապը սարի մը վրայ, եւ ամենամանր փշրուի, թէ՝ եթէ երկինք չքաշեն, երկիրը պիտի կուլ տայ։ Թէ՝ Վանայ ծովու մէջ կայ վիշապի բոյնը, այն տեղը ահագին վիշապ մը կայ, որ բոլոր ծովու յատակը բռներ է, ու հրեշտակները միշտ կը զարնեն, կը վիրաւորեն անոր պոչը, որ չմեծնայ եւ ծովն ու ցամաքը կլլէ եւ այլն։ Կարծես Յոբայ պատմած Լեւիաթանի նմանութիւնը կուտան այս վիշապին։ Ընդհանրապէս քարայրերու համար կը վիպեն, թէ վիշապի բոյն է, եւ թէ հազարաւոր օձեր կը լինին այն տեղերը» (նշվ. աշխ., ԻԵ):
«ԵՎ ԳԱՐՈՒՆԸ ԾԱՂԿԱԶԳԵՍՏ ՊԱՏՄՈՒՃԱՆՈՎ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՄԱՅՐ ԵՐԿԻՐԸ»…
Հայոց հնագույն ամենասիրելի տոներից մեկի՝ Ծաղկազարդի առիթով՝ Գարնանաբույր մի պտույտ՝ Գ. Սրվանձտյանցի (1840-1892) հետ՝ Բյուրակնյան ծաղկավետ ու ծիրանաներկ լեռներում, ուր խստաշունչ ձմռանը հաջորդած Գարունը լեռներն ու հովիտները կանաչագեղ ու ծաղկերանգ է դարձնում՝ զարդարում ծաղկազգեստ պատմուճանով (Ծաղկազարդի խորհուրդը). «Գարունն ծաղկազգեստ պատմուճանաւ զարդարէ զմայրս ամենեցուն զերկիր», (Գիրք Պիտոյից) և «Լերինք ծաղկաւետեալ ծիրաներփնին» (Խորենացի): Հայկական Լեռնաշխարհի Բյուրակն — Մնձուրյան լեռնահանակարգում ամենաբարձրը Սրմանց գագաթն է (3280 մ), հայտնի գագաթներից է և Հավատամքը (2460 մ), հարուստ է ստորերկրյա ջրերով, աղբյուրներով ու լճերով: Սրմանց գագաթի հյուսիս-արևմտյան փեշերից է սկզբնավորվում Արաքսը:
«Բինգէօլը (Բյուրակնը, Կ. Ա.) դժնդակ տարտարոս մ՚ է ձմեռուան եղանակին եւ դրախտ՝ բացեալ՝ ի գարնան եւ ամռան։ Բինգէօլը վեհ եւ ահաւոր չէ, այլ՝ սիրուն։ Թագաւորի չի նմանիր, այլ՝ թագուհւոյ. քնքուշ է եւ փափուկ, կոյս մ՚ է պճնազարդ եւ փափկասուն. շնորհաց լեառն է, քան թէ քաջաց եւ դիւցազանց. ասոր համար իւր վրայ եղած վէպերը ո՛չ ազնաւուրի, ո՛չ դեւի, ո՛չ յաղթողի եւ ո՛չ զինուորի ու թագաւորի են. այլ՝ սիրոյ, զուարճութեան, առողջութեան, գեղոյ եւ զարդու, անուշութեան, պարարտութեան, գուսանութեան։ Որովհետեւ ասոր բիւրաղբերաց եւ հազար ականց բոլորը բիւր տեսակ բուսոց եւ ծաղկանց փռուած են։ Ջրարբի մարգեր, ամենադալար բանջարներ եւ խոտեր իրենց արմատներով, ուտելու, բուժելու, գոյն գոյն ներկելու կը գործածեն։ Իւր վայրի կենդանիները առիւծ եւ վագր չեն, այլ՝ եղնիկ եւ այծեամն»։
…«Հոս զբօսասէրները կուգան ուրախանալու, հիւանդները, օդ եւ ջուր ծծելով, կեանքը նորոգելու‚ կոյսեր եւ հարսները՝ ձեռագործի թելերը ներկելու համար ծաղիկ եւ արմատ ժողովելու, ժրաջան տանտիկինները՝ բանջար ժողվելու, բժիշկները՝ դեղ ու դարմանի համար ամէն բոյսէն ծիլ մը կամ ծաղիկ մը կամ թուփ մը առնելու: Իսկ մեղուներու տզզոցն ու բզզոցը հիանալի ներդաշնակ մը կուտան մարդկանց եւ թռչնոց երգերուն, անասնոց բառաչին, գորտերու կառաչին, գլգլացող առուակին եւ սուլացող սիւքի ձայնին։ Անթիւ անհամար մեղուներ… Բայց միեւնոյն ժամանակ օձերն ալ կը սողոսկին այդ ծաղկանց կողակի քովերէն, իրենք ալ կ՚առնեն միեւնոյն ծաղիկներէն հիւթը եւ կը վայելեն սուրբ օդը։ Հոս մեղուներով մեղր կը շինուի եւ օձերով՝ թոյն»։
«Քանի՞ տեսակ կայ ծառոց‚ ի՞նչ անուն անոնց, ի՞նչ յատկութիւն եւ ի՞նչ պտուղ, քանի՞ տեսակ եւ անուն կայ խնձորին, տանձին, քանի՞ խաղողին։ Այսպէս նաեւ ծաղկանց, բանջարեղինաց, բաւականին ձեռք բերած եմ այսպիսեաց հաւաքում մը։ Պառաւները, որ մէկ-մէկ Հիպոկրատէս են նախնական բժշկականութեամբ, կրակով խարածին, գնդակով զարնուածին, սրով վիրաւորուածին, քարով ջախջախածին‚ զանազան խոտեր եւ արմատներ իւրաքանչիւր ցաւին ու վէրքին զատ զատ ի գործ կ՚ածեն եւ զանազան չոր ծաղիկներէ, տերեւներէ եւ արմատներէ փոշիներ ունին թէ՛ վէրքի եւ թէ՛ ցաւի, պէս-պէս մալհամներ կը շինեն թարախ եւ արիւն մաքրելու, ցամքեցնելու, խոցերը բուժելու. այդ խոտերուն եւ արմատներուն ոչ միայն անունները կուտան, այլեւ հրաշալիքներ ալ կը վիպասանեն. աւանդութեամբ ուսած եւ կ՚ուսուցանեն… Կոտրած ոսկորը կը կապեն‚ կը դեղեն եւ կ՚ողջացնեն. այն ինչ մեր եւրոպական տօքթօռներն ալ հազիւ թէ պիտի կրնային այսչափ դարմանել։ Խօսքի կարգն եկաւ գրելու. տարի մը չկայ, որ Պօլիս կը գտնուիմ եւ բաւական շատ նոր հարսներ եւ մատղաշ տիկիններ լսեցի մեռնիլ ծննդաբերութեամբ, այստեղ‚ ուր այսքան վկայականով դայեակ տօքթօռներ կան։ Բայց մեր աշխարհները պառաւ դայեկներու խնամքով‚ հազարէն մէկը չպատահիր զոհ լինել այդ առթիւ։
Լօշտակ անունով բոյս մը կայ, որ Մշոյ աշխարհին մէջ յաճախ կը գտնուի, առաւելապէս Ս. Կարապետի վանքի բոլորը։ Մացառներու մէջ կ՚արձակէ իր ոստղերը, որոնք կը բարձրանան եւ կը պատատուին փայտերուն եւ անոնց թանձրախիտ տերեւներուն կը խառնեն իրենց լայն տերեւները, որոնք ձեւով նման են խաղողի որթի տերեւի, իրենց ցօղունը նման որթի բարունակի եւ խաղողոյ ողկոյզի ալ շատ նման ողկոյզներ ճութ ճութ կը կախէ. միայն թէ ասոր պտուղները մանրիկ են, քան զխաղողին։
Լոշտակ
Այս այն բոյսն է, որոյ արմատը մարդանման ըլլալ կը համբաւեն. եւ թէ մինչեւ անգամ անոնց մէջ արուն ու էգն ալ յայտնի են։ Թէ՝ այս արմատը հանելու համար յատուկ աղօթք մը ունին. եւ, թէ երբ կը կտրեն իւր միւս կտորներէն, ահագին ձայնով կը ճչայ։ Ուլ մը կամ հաւ մը կը կապեն այդ մարդարմատին, որպէսզի երբ ճչայ, այն ուլը կամ հաւը անոր ձայնին զոհ լինի։ Եթէ այդ հնարը չլինի, արմատ հանող մարդը պիտի մեռնի։ Այս հնարքով ուլ մը կամ հաւ մը կ՚ուտեն հանող թշուառականները։ Ամենավերջին աստիճանի դառնութիւն ունի այդ արմատը եւ ԻԴ կերպ ցաւոց ու ախտից դարման է։ Բաւական փափաքանօք եւ թանգ գնով կը գնեն զայն Նոր Նախիջեւանէն, Հին Խրիմէն, եւ այն կողմերէն Մշու Ս. Կարապետ եկող ուխտաւորներ, որք կը գնեն նաեւ քուդրաթ հէլվասի գազպին, որ յունիս եւ յուլիս ամսոց շոգ օրերուն պղտորագոյն ու անքամի օդերուն կ՚իջնէ մացառներու տերեւներուն, փշոտ գազերուն եւ մատուտակ ըսուած խոտերուն վրայ, թանձրացած մեղրի նման, ամենաղուտ եւ քաղցր։
Սնձի խիժով (ձյութով)՝ «սնձի կաթով» պատրաստված մաստակ («Սարի ծամոն»)
Նոյնպէս ամէն ուխտաւորներ կը գնեն սպիտակ ձիւթ կամ Ս. Կարապետի ծամոն ըսուածը, որ կանգառ փուշի ընձիւղները կտրելով մայիս ամսուն՝ անկէց ելած կաթն է, զոր կը ժողվեն, կը չորցնեն եւ տաս փարանոցի մեծութեամբ, բայց անկէց բարակ, կլոր նշխար կը շինեն Մշոյ դաշտի աղջիկներ ու հարսները։
Կայ եւ մի տեսակ խոտ, ճարճրտուկի նման, որ աւելի Վանայ գեղացիներուն ծանօթ է, կերդ կ՚ըսեն։ Ասկէց կաթ կը հանեն, թանձրացընեն, եախու կը շինեն, մարմնոյ ո՛ր տեղ որ քամին բռնած լինի, կը փակցընեն վրան։ Այնքան կը պրկի մնայ, մինչեւ քամին ծծէ հանէ, ապա կը փրթի»։
Ճարճրտուկ
«Աղջիկներ եւ նոր հարսները, որ գարնան կ՚ելլեն դաշտն ու հովիտը, ձոր եւ լեռը՝ բանջար ժողվելու եւ նստած զըղզըղուն աղբերակաց եզերքը, այդ ծաղիկներու փունջ, խուրձ եւ հիւսկէնը կը պատրաստեն, իրենց գոգնոցը լցած, մանեակը շինած եւ պարանոցն ու բազուկը անցուցած՝ գեղը կը դառնան՝ մրմնջելով այդ զանազան ծաղկանց անուանց, գոյնին, հոտին եւ տեսքին վրայ յօրինուած հովուերգական խաղերը։ Ամէն մէկ ծաղկին զատ զատ վէպեր ունին։ Անոնցմէ մէկը քոյր է, միւսն եղբայր. կամ երկու քոյր՝ մէկ մայր. մէկը քաւոր՝ միւսը սանամայր. մէկը տէրտէր՝ միւսը տիրուհի. մէկը սիրող՝ միւսը սիրուած. Աղբրանց արիւն. երկու որբ եղբայր. մէկը արնոտ սիրտ՝ միւսը օձու թուր կամ մխած խանջալ. մէկը կթոց լի կաթ է սպիտակ ու անարատ, միւսը թոյն թափող հրեղէն վիշապ. եւ այլն, եւ այլն… Իմ միտքս է հասկըցնել, թէ այդ բազմատեսակ ծաղիկները, որ կը գտնուին Հայոց լեռները, անոնց անունները մի առ մի գիտեն թուել բնակիչները հայերէն, ինչպէս նաեւ բանջարեղինաց, խոտեղինաց եւ պրակ պրակ գտնուած մացառներու տեսակաց մանր ու ոլոր ոստերուն, մորենեաց, ուռենեաց, փուշերուն, որոց ամէնուն անունները շատ պէտք են գիտնալ. պէտք են տեսնուիլ մեր գրքերու եւ բառարաններու մէջ, անոնք, որ դեռ չկան գրուած, հանդերձ իրենց նշանակութեամբ եւ ստուգաբանութեամբ, որոնք ոչ միայն կ՚ընդարձակեն մեր ազգային մատենագրութեան ասպարէզը, այլ եւ նոր գիտութիւնք եւ արուեստք ուսանելու փափագ եւ միջոց կ՚ընծայեն տնկաբանութեան եւ երկրաբանութեան իրենց ճիւղերով։ Մանաւանդ զբանաստեղծները կը փարթամացընեն»։
…«Յատուկ աղբիւրներ կան տեղ-տեղ, որոց ական շուրջը բազմակերպ ծաղկունք, զանազան խոտ ու բանջար կան։ Ծերացած օձերը կուգան հոն, իրենց շապիկը կը փոխեն եւ ծաղիկներէն մէկը, զոր միայն օձեր կը ճանչնան, կը փրցընեն կ՚ուտեն. եւ անմիջապէս աղբիւրի ջուրը մտնելով՝ կը լուացուին եւ երեք անգամ կը խմեն, կ՚ելլեն՝ նորոգուելով իրենց կեանքը։ Եթէ ուշադիր լինին հովիւները կամ ցանկացողները ու պատահին օձի այս արարուածին, նկատեն ու ճանաչեն այդ ծաղիկը, թէ ո՞րն էր, ու իրենք ալ ուտեն եւ նոյն աղբիւրի ջրէն երեք անգամ խմեն, կ՚անմահանան այդ մարդիկը»…
«Վարդ է թափում սարին-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ»… (Հ. Թումանյան)
Ժողովրդական բանահյուսության ու ծեսի, դարեդար փոխանցվող ավանդույթների ներդաշնակ միասնության մեջ է Հայ ոգին: Խախտելով հնագույն շրջանից եկող ազգային տոնի, ծեսի խորհուրդը՝ աղճատվում է և ազգային Ոգին:
«Աշխարհ մը, որուն դիւցաբանականը՝ քրիստոնէականի փոխուած, մեհեանը՝ սուրբ տաճարի, զոհը՝ մատաղի, կուռքերը՝ խաչքարի, եւ ամէն ինչ՝ որ դիցանուէր էր, քրիստոսանուէր եղած եւ սրբազնագործուած, բայց աւանդապահներն անհետ ալ չեն թողած իսպառ հնոց զրոյցները եւ ծէսերուն ու արարողութեանց պատմութիւնները, առասպելները» (Գ. Սրվանձտյանց):
«Անաղարտ ակունքից»՝ ժողովրդական բանահյուսությունից գրեթե «բառացի» (Թումանյանի խոսքով) մեջբերված նյութերով լի Թումանյանական ստեղծագործությունները Հայ մշակույթն ու աշխարհայացքը ճանաչելու հարուստ շտեմարան են:
Ազգագրական ճշգրիտ պատկերներով նա մանրամասն նկարագրում է իր ամենասիրելի տոնը՝ Համբարձումը՝ Վիճակը, իր ազգակիցների՝ հազարամյակների խորքից եկող հավատը՝ Ճակատագրով կանխատեսված իրադարձությունների նկատմամբ, գուշակությունների՝ իրեն հոգեհարազատ ավանդույթը, (որով, իր իսկ վկայությամբ, գերվում էր մանկուց՝ Լոռվա աստղազարդ երկնքի ներքո պառկած), նաև՝ Հայոց հարսանեկան ծեսից անբաժան կոխը (գոտեմարտը)…
Անդրադառնալով հանճարեղ Հայորդու՝ Հ. Թումանյանի սովորույթներին, բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանն իր հուշերում նկարագրել է նրա ամենասիրած տոնի՝ Ծաղկազարդի՝ Համբարձման հրաշալի օրվա նախապատրաստությունը (համաձայն Հայկյան Սրբազան տոմարի՝ Ահեկան ամսվա Լուսնակ օրը՝ մայիսի 13-ին է Հայոց Ծաղկազարդը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի հիշեցմամբ)…
«Առավոտ վաղ վեր էր կենում, պահարանից հանում էր բոլոր՝ մոտ երկու տասնյակ մեծ ու փոքր ծաղկամաններ, լցնում հատկապես դաշտի ու սարի պես-պես ծաղիկներով և դնում սենյակների բոլոր սեղաններին ու անկյուններում: Այս օրվա հետ կապված զանազան ավանդություններ էր կարդում, ջանգյուլումի քառյակներ ասում: Երբ տրամադրությունը լավ էր լինում ու ժամանակ էր ունենում՝ վիճակախաղ էր բացում: Սեդիկն էր վիճակ հանողը»…
«Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։ Բայց, տարաբախտաբար, մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը»,- կարևորելով հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ փոխանցվող «դարավոր իմաստությունների», ավանդույթների՝ ազգի «հոգևոր գանձարանի» դերը՝ 1887 թվականին գրել է Հ. Թումանյանը, շարունակելով՝ «Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք․ բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ Ավանդությունը» (Հ. Թումանյան, ԵԼԺ, հ. 6):
Գարնանը՝ Բնության Վերազարթոնքից հետո ծաղկունքի փթթումը, խոտի դալարումը, Շնկան Աստղի վերելքով՝ Համբարձմամբ ազդարարվող տաք օրերի գալուստը Հայոց մեջ նշվում էր առանձնահատուկ ծիսակատարություններով, որոնց խորհուրդը պահպանվել է ցարդ երգվող տաղերում, խաղիկներում… «Մարդկանց ճակատագիրը տնօրինող աստղերի»՝ վաղնջական ժամանակներից եկող հավատալիքների վառ արտահայտությունն է Ծաղկազարդի այս տոնի գլխավոր խորհրդանիշը՝ «Վիճակը»՝ վիճակահանությամբ մասնակիցների ճակատագրի որոշումը, որտեղից էլ տոնի մյուս անվանումները՝ «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր»: Որպես նվիրաբերում՜ կաթնով էր բաժանվում, ուստի երբեմն այն կոչվել է նաև «Կաթնապրի օր»:
«Եկավ Համբարձում՝ Ծաղկով զարդարված, Մեր բախտին հարցում. -Ո՞վ է մեզ գըրված»:
Ջանգյուլում (1907թ.) Նկարիչ՝ Եղիշե Թադևոսյան (1870 — 1936) Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու
Տոնին նախորդող օրը՝ առավոտյան մինչև արևածագը լռությամբ հավաքած ծաղիկները՝ յոթ աղբյուրներից հավաքած ջրով լի կժի՝ փարչի մեջ էին լցնում՝ գիշերն Աստղունքի դնելու: «Աստղերին ի տես» թողնված ծաղիկները, լուսաբացի աշխույժով թարմ շաղված՝ ցողապատ Բնությունն իրենց խորին խորհուրդն ունեին. Համբարձման հրաշալի, մոգական գիշերվա հմայքով «զորացած» ու վաղորդյան շաղով օծված Ծաղիկներն ու Ջուրն Աստղերի «կամքի» թարգմանն էին դառնում…
«Համբարձման անուշ գիշեր է Սարի գլխին Ա՛մպը ցոլաց, Համբարձման անուշ գիշեր է, Վարդի թփին Ցո՛ղը մնաց»…
Երիտասարդության մարմնի ու հոգու կրթության խաղերի առիթով Գ. Սրվանձտյանցը գրում է. «Խիստ ճարտար հանելուկներ յօրինած ունին եւ «բաղդի խաղերը», որոցմէ է՛ն նշանաւորն է Վիճակի խաղը։ Վիճակը կոյս աղջիկները կը պատրաստեն Համբարձման տօնին՝ եօթն աղբիւրէ ջուր լեցընելով մէկ ամանի մէջ, եւ վարդով, ռէհանով եւ ամէն բացուած անուշահոտ ծաղիկներով կը զարդարեն զայն։ Իւրաքանչիւր կոյս մէկ խորհրդաւոր նշան կը դնէ վիճակ։ Գիշերները Աստղունք կը դնեն զայն եւ ամենայն զգուշութեամբ կը հսկեն, վասնզի երիտասարդները հետամուտ են գողնալու։ Սքանչելի է այն տաղը, զոր վիճակի բացման ժամուն կը նուագեն օրիորդները. իղձերով լի տաղ, յորում իւրաքանչիւր ոք կոյս իւր ապագայն, իւր կեանքը, իւր սէրը կ՚ամփոփէ ի մի երիտասարդ, որ լինի ազնիւ ձիրքերով, ազնիւ մարմնով, արի, վեհանձն, յաջողակ, բարեպաշտ, իմաստուն, զոր կը խնդրէ բաղդէն տալ իրեն համար ամուսին կամ փեսայ. եւ ահա՝ երջանիկ է նա։ Իւրաքանչիւր աղջկան ըղձացած հանգամանքները, որոցմով համակիր պիտի լինի փեսայն օրիորդին, եւ այն հանգամանքները, որոցմով երջանիկ պիտի լինին երկոքին, այդ տաղերգի մէջ կը թուեն։ Մեծ հանդէս է Վիճակի բացումն եւ որքան օրիորդաց, այնքան եւս երիտասարդաց ցանկալի ու հետաքրքրական է այն օրը եւ այն հանդէսը»։
«Ջանգյուլումի» տեսարան (էսքիզ), նկարիչ՝ Հմայակ Արծաթպանյան (1876-1920), Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու
«Համբարձման և Վարդավառի տոները կապված են իրար հետ. Վիճակը շատ տեղ Վարդավառին են բաց անում, մանավանդ՝ լեռնային տեղերում: Եթե Համբարձման տոնին չի հաջողում աղջիկներին վիճակ բանալ, նրանք բանում են Վարդավառին, որ դարձյալ հեթանոսական տոն է: Այդ օրն այժմ ևս ամեն մարդ յուր վիճակն է բանում մեծ հանդեսներով և մեծ երգերով, ամեն մարդ յուր բախտի համար մի բան է ձգում մի ամանի մեջ, որ կոչվում է «Հավգիր», մի բառ, որ յուր կազմության մեջ ունի հավահմայության արմատը։ «Հավգիրը», որ զարդարված է լինում ծաղիկներով, ավելի՝ հորոտ ու մորոտ ծաղիկներով և միջին ունենում է յոթն աղբյուրից վերցրած ջուր, գիշերը դնում են բացօթյա տեղում՝ աստղերի ներգործության ներքո: Աստղերի, որոնք այնքա՜ն մեծ դեր են խաղում մեր ժողովրդի հավատալիքների մեջ, և որոնք նույնիսկ մեր վեպի մեջ երևում են’ «Սասմա և Մսրա աստղերը», որոնցով Ձենով Հովանը գուշակում՛ է Դավթի վատ դրությունը։ Համբարձման գիշերը մի որոշյալ ժամում ամբոդջ Բնությունը, և՛ ջուր, և’ սար, և’ ծառ, և’ երկինք-գետինք սկսում են շարժվել և իրար վերա խոնարհվելով, իրար ողջույն տալ, սարը՝ սարին, ծառը՝ ծառին, երկինքը’ գետնքին։ Ահա ա՛յդ վայրկյանին Է աստղերի ներգործությունն անցնում վիճակի Հավգիրի վերա»…( Մ. Աբեղյան):
Օխտն աղբյուրից ջուր է առել Կույս սափորով, լուռ ու մունջ, Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, Խընդիրք արել աստղերին, Փափագ սըրտով խընդիրք արել՝ Բարի ժըպտան իր սերին…
Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքի այս տողերում հիանալիորեն արտացոլված է «Աստղերին խնդիրք» անելու գաղափարը, որը Հայոց հնագույն հավատալիքներից է գալիս: Եվ Համբարձման հրաշալից գիշերվա նկարագրությամբ էլ ավարտվում է այն:
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր, Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան. Բացվում են ոսկի երկընքի դըռներ, Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան, Ու աստվածային անհաս խորհըրդով Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝ Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից, Անմուրազ մեռած սիրահարների Աստղերը թըռած իրար են գալիս, Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում…
Ի սկզբանէ Բնության հետ շաղկապված Մարդն իրեն կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ գտնում է Բնության մեջ, զորանում ֆիզիկապես ու ոգեպես՝ Բնության ընծայած բարիքների շնորհիվ… Բուսական աշխարհն իր հավերժ Վերածնունդով, Ինքնանորոգման մոգականությամբ՝ Մարդու ոգեշնչման անսպառ աղբյուրն է եղել: Եվ հրաշագործ Բնաշխարհը, ծառերն ու ծաղիկները, որոնք կիրառվել են մշտապես, մեծ խորհրդով ու նշանակալից դերով են օժտվել նաև հոգևոր ոլորտում, միշտ ներկա՝ բանահյուսության մեջ, ազգային ծեսերում ու տոներում…
Հնագույն առասպելները, դյուցազնավեպերը հազարամյակներ շարունակ սերունդներ են կրթել, ներշնչել ու մղել նորանոր սխրանքների: Վաղնջական հավատալիքները, առակներն ու խրատներն իրենց խորհրդով, հետագայի իմաստասերների մեկնաբանություններով, Նախահայրերի քաջագործությունների շուրջ հյուսված դյուցազնական պատումներով նպաստում են անհատի, հավաքական խմբի, ազգի աշխարհայացքի ձևավորմանը: Եվ վիպասանությունը՝ սերնդեսերունդ բանավոր՝ բերանացի հաղորդվող պատմական դեպքերի նկարագրությամբ զրույցները, Նախնիների փոխանցած ուսմունքը, մշակույթը սերունդներին շաղկապող օղակն են դառնում՝ անցյալը կենդանի պահելով: Մ. Խորենացին հիշատակում է Վիպասանքը՝ «Երգ վիպասանացը»՝ Արտաշեսի, Սաթենիկի, Արգավանի ու Արտավազդի (և մյուս արքաների) մասին «երգվող առասպելները», Մեծն Տիգրանին բամբիռների նվագակցությամբ փառաբանող երգերը, որոնք պատմվել են ու մասամբ՝ երգվել («Զորմէ ասէին ի հինսն մեր, որք բամբռամբն երգէին»)…
Նոր կրոնի՝ քրիստոնեության տարածման հետ Հայոց մեջ արգելվեց Ազգայինը՝ անցյալի հետ կապող մշակույթը՝ վիպասանքն ու հին հավատքը… Ու հորինվեցին նոր «առասպելներ»՝ օտարազգի «սրբերի» կերպարներով, մեզ թողնելով փշրանքներ՝ պոկված Գողթան երգերից…
Մոռացվեցին Վիպասանքն ու Հայոց վիպասանները՝ պատմական բովանդակության քերթվածները երգողները, թեև, ինչպես Փ. Բուզանդն է վկայում 5-րդ դարում, Հայերը սիրում էին իրենց առասպելաց երգերն ու անհաղորդ էին մնում տարածվող նոր կրոնին…(«Զիւրեանց երգս առասպելաց զվիպասանութեն սիրեալք», Բուզանդ, Գ, 1):
Ժողովրդի հիշողության մեջ անմահացած որոշ դրվագներով Խորենացին իր «Պատմության» մեջ հիշեցնում է Հայոց վիպասանաց երգերը, Գողթն գավառի վիպասաններին, որոնց երգած վիպասանքով հյուսվում է Արտաշեսի, Արտավազդի պատմությունը, փորձելով վիպասացների առասպելներից (քերթողական այլաբանություններից) բյուրեղացնել պատմական ճշմարտությունը: («Զսմանէ երգիչքն Գողթան առասպելաբանեն այսպէս…»): Եվ իր հակիրճ նկարագրություններից մեկում նա նշում է երկու բույս, որոնց հետագայում բազմաթիվ ուսումնասիրողներ են անդրադարձել: Նրանցից մեկի՝ հանճարեղ Հ. Թումանյանի իմաստուն վերլուծությունը՝ գրված 1894 թվականին, ամբողջությամբ՝ ստորև: Թումանյանի տաղանդի ողջ հմայքը ներկայացնելու նպատակով միայն որոշ քաղվածքներով չսահմանափակվեցինք, հատկապես, որ հիանալի է գրված և, ամենակարևորը, խնդրո առարկան՝ ծաղիկների զորությունը, բույսերի հրաշագործ դերն իր մեծ խորհուրդն ունի Հայոց հնագույն հավատալիքներում, նաև՝ մինչ օրս ուրախությամբ նշվող «Ծաղկազարդի» ծիսատոնական արարողություններում, որը, Քուրմ Հարութ Առաքելյանի հիշեցմամբ՝ համաձայն Հայկյան Սրբազան տոմարի, նշվում է Ահեկան ամսվա Լուսնակ օրը (մայիսի 13-ին), Անահիտ Դիցամոր հովանավորությամբ…
«1894թ., Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ
1893 թվականին մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես Բ-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ Բ-ի կրքերից։ Այս նպատակի համար սկսեցի ուսումնասիրել Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը։ Այդ պատմության մեջ ինձ պատահեցին մութ առասպելներ, խորհրդավոր ակնարկություններ, երգերի հատվածներ, մի խոսքով, պատմության հանելուկներ, որոնց բացատրությամբ միայն կարելի էր ժամանակն, իրերն ու իրողությունները ճիշտ հասկանալ։ Այդ հանելուկներից ամենադժվարն և խորհրդավորն է «Տենչայր տիկին Սաթենիկ» հայտնի հատվածը։ Ինձ թվաց, որ այս հանգույցը բանալով, իմանալով թե ինչ էր տենչում թագուհի Սաթենիկը, այդ բոլոր կռիվների ծաղիկը, կարելի էր մտնել Արտաշեսի պալատը։ Եվ հետամուտ եղա հասկանալու, թե ինչ է նշանակում. «Տենչայր տիկին Սաթենիկ տենչանս զարտախուր խավարտ և զտից խաւարծի`ի բարձիցն Արգաւանա», (Խոր. գիրք Ա. գլ. Լ.): Կարդացի և լսեցի այս հատվածով զբաղված մի քանի բանագետների թեր ու դեմ մեկնությունները, բայց նրանք բավականություն չտվին իմ ներքին զգացմանը, որ ուրիշ բան էր որոնում այդ տենչանքի մեջ, քան ազդր, բլուր, բարձի փունջեր և այլն։ Եվ ով որ լավ ծանոթացել է Արտաշեսի տան պատմությանը, նա կզգա, թե որքան կամայական, հեռու են այդ բացատրությունները և չեն կպչում այն առասպելախառն դրամայի ընդհանուր հյուսվածքի հետ, չեն գալիս նրա բնավորությանը։ Այդ հատվածում ես որոնում էի մի ավելի սիրուն և խորհրրդավոր տենչանք, որ կարող էին տալ սիրահարված թագուհուն «առասպելեալ ասող» Գողթան երգիչները, մտածելով, որ, անկասկած, դրա բանալին ժամանակն ու ժողովուրդը մեզ պետք է լինին հասցրած։ Որովհետև. Եթե նույն օրերում «Նոյն երգիչքն առասպելին ասեն այսպէս. «Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ և դև փոխանակ եդին», (Խորենացի, գիրք Բ. գլ. ԿԱ։ Այս առասպելը ես մի ոտանավորի նյութ եմ առել՝ «Օրորոցագող», «Մուրճ» 1893 թ., N 2), և նույն հավատը մնում է տակավին․ դեռ այսօր էլ ժողովուրդը հավատում է, որ մի չար ոգի գիշերը գողանում է երեխաներին և տեղը դև դնում։ Եթե նույն երգիչքն «առասպելեալ» երգեն, ասելով. «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկան», (Խորենացի. Բ. գիրք, գլ. Ծ), և տակավին այսօր էլ ժողովուրդը հարսի և փեսայի գլխին ոսկի-արծաթ է շաղ տալիս։ Եթե նույն «Գողթան երգիչքն առասպելաբանեն» Արտաշեսի անեծքը, Արտավազդի խորտակումը ազատ Մասիսի ստորոտներում, և այլն ըստ կարգին։ Եթե այն օրից դարեր անցած Խորենացին լսել է, որ «զրուցեն զսմանէ պառաւունք» և ասում է. «Առ մերով իսկ ժամանակաւ՝ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին, յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ»… (Խորենացի, Բ. գիրք, գլ. ԿԱ.): Եթե Խորենացուց հետո էլ, շատ դարեր անցած, նույն սովորությունը պահպանած, մեր օրերումն էլ դարբինները ավագ ուրբաթ գիշերը երեք չորս անգամ մուրճով խփում են սալերին «զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ».
Ապա և Սաթենիկի տենչանքը՝ նույն «առասպելեալ երգի» մի կտորն ևս, կարող էր կենդանի և անկորուստ մնալ ժողովրդի անտակ հիշողության մեջ։ Համենայն դեպս, եթե մնար, ժողովրդի՛ մեջ պետք է մնար։ Առասպելը ժողովու՛րդն է շինում, պահում և պատմում, նրա՛ սեփականությունն է, և նրա՛ն պետք է դիմել։ Սաթենիկի տենչանքն էլ՝ առասպել լինելով, պատմական իրողություն չի, այլ Գողթան երգիչների շինածն ու հնարածը, որոնք, իհարկե, առիթ ունեին։ Խորենացին ինքը, որ այս հատվածներն «առասպելեալ» անվանելով գրել է թողել, վկայում է, որ նրանք (առասպելները) հնարովի, մտացածին բաներ են։ Մի տեղ ուզենալով ընթերցողին հավատացնել, ասում է «թեև առասպել է, բայց հեռու չէ ճշմարտությունից»։ Իսկ առասպելն, ինչպես ասացի, ժողովրդի գործն է. հետևաբար՝ Սաթենիկի տենչանքի վրա պետք է նայել ոչ իբրև մի անհատի ցանկության, այլ մի ժողովրդի, որ առասպելի մեջ արտահայտել և դրել է անհատի սրտում։ Այս այսպես լինելով, անմիտ և անտեղի են երևում բարձի փնջերը, բլուրները և սրանց նման բաներ։ Դրանք չեն կարող լինել մի ժողովրդի տենչանքի առարկաներ։ Ժողովուրդի տենչանքը, ինչպես և ամեն մի զգացմունքն ու կիրքը, որ հայտնվում է զանազան ձևերով զանազան առասպելյալ անձնավորությունների ու դեպքերի մեջ, ավելի ընդհանուր, ընդարձակ և մնայուն է, մի խոսքով՝ բոլորին հասկանալի և բոլորինը։ Մինչդեռ բարձի փունջեր շոյելը, բլուրների վրա ճեմելը կարող են անհատական ցանկություն լինել, որ տեղ չունեն առասպելում։ Մի հանգամանք էլ գալիս է ապացուցանելու, որ Սաթենկինը՝ անհատի՛նը չի այդ տենչանքը։ Պատմությունից երևում է, որ Սաթենիկ թագուհին (50 տարեկան) տռփական սեր չի ցույց տվել դեպի վիշապազունների նախարարը (80 տ. անց), այլ նախանձոտ Արտավազդն է այդպես բամբասել՝ այնքան հարգված ու մեծարված Արգամին հոր աչքիցը գցելու համար։ Եվ, ինչպես համանման դեպքերում, ժողովուրդը հորինել է առասպելներ, «որք, ըստ Խորենացու, զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ»։
Առասպելն ասում է, թե տիկին Սաթենիկն այրվում էր վիշապազունների (Արգավան նահապետի) տռփական սիրով: Եվ դրա համար էլ, որպես թե՝ Տիկին Սաթենիկը սաստիկ ցանկանում էր արտախուր խավարտ և տից խավարծի Արգավանի բարձերից։ Սակայն, ի՞նչ են այդ «արտախուր խավարտն ու տից խավարծին», որ Սաթենիկը ցանկանում է յուր սիրած Արգավանի բարձերից։
Մեկնիչներից շատերը վաղուց գտած լինելով, որ սրանք բույսեր են, միևնույն ժամանակ մերժել են սրանց բուսական նշանակությունը և ուրիշ զանազան բացատրություններ են տվել առասպելին, տարակուսելով, թե ինչո՛ւ համար պետք է լինեն այդ բույսերը սիրահարված թագուհու տենչանքի մեջ։ Ահա, հենց ա՛յդ հարցի պատասխանը պետք է գտնել։ Իբրև բույս ընդունելով այդ բառերը՝ արդեն կամուրջ էր ձգվում անցնելու բացատրության մի ուրիշ աշխարհ, դեպի մեկնության մի ուրիշ աղբյուր՝ բույսերն ու ծաղիկները և նրանց հնումն ունեցած խորհրդավոր նշանակությունը սիրո գործում։ Այս շավիղը բռնելով, և իբրև բույս ընդունելով այդ անհասկանալի բառերը, սկսեցի քրքրել հին սիրերգը՝ գլխավորապես իմ ընտրած առարկան հասկանալու նպատակով։ Ես էլ ինձ համար բանալի ընտրեցի ժողովրդական երգերն ու կախարդանքները, սկսեցի որոնել դրանց մեջ ծաղիկների ու խոտերի կախարդական զորությունը և նշանակությունը սիրո պատմության մեջ, ենթադրելով, որ մի ժամանակ, և այսօր էլ, կախարդական զորություն ունեցող ճանաչված խոտերն ու ծաղիկները կարող էին գործածված լինել այնպես, ինչպես գիրը, մազը, շորի կտորը, որ դնում են բարձի մեջ ու տակ, և այլ տեղերում՝ սիրտ կախարդելու, սիրահարեցնելու նպատակով։
Իմ այս հետաքրքրության և հետամտումների ժամանակ, 1894 թ. № 3 «Արարատում» դուրս եկավ Հ. Միաբանի հոդվածը «Հայկականք, Ը», նույն հատվածի մասին։
Այս բացատրության մեջ «արտախուրը» վարտիքի վրայից hագնելու զգեստ էր կամ զրահ, «զտիցն»՝ երկսայրի զենք և «խավարծին»՝ բույս, հավանական այլաբանություն առնանդամի։
Այս բացատրությունն էլ ինձ թվաց ոչ իսկականը, չնայելով մեր բերած օրինակներին ու ապացույցներին, որոնցով Հ. Միաբանը գտել է այդ խրթին բառերի գուցե առաջին նշանակությունը։
Առաջին ասացի, որովհետև «արտախուր»՝ զրահ նշանակելով հանդերձ, կարող է ունենալ և երկրորդ՝ և այն՝ բուսական նշանակություն։ Օրինակ. «Մանուշակ» ծաղկի անուն է, միևնույն ժամանակ և՝ կնոջ․ այստեղ տղամարդն է յուր սիրուհուն տվել անուշահոտ մանուշակի անունը։ «Ծիրան» և՛ եզան անուն է, և՛ պտղի․ այստեղ էլ գույնի նմանությունն է պատճառը։ «Շան բերան»՝ ծաղկի անուն է, որովհետև շատ նման է շան բերանի։ «Քուրդ»՝ ծաղիկ է, որովհետև քրդի քոլոզի նման է պսակը։ Մի խոտ էլ «թուր» կամ «թրախոտ» է կոչվում, որովհետև թրի նման է։ Գառան ականջի նման մի բույս էլ «գառնականջ» է կոչվում, և այլն, և այլն…
Այսպես էլ արտախուր զենքի նման մի խոտ կամ ծաղիկ էլ կարող է կոչվել «արտախուր», և թե արտախուրը և այլն բույսեր են, դրա համար փաստեր չեն պակասում։
Այդ նույն հոդվածում, այս հարցի հետ ծանոթանալու ցանկացող ընթերցողի համար ակնարկած էր Հ. Ստեփանեի աշխարհաբար Խորենացու մեծ ծանոթությունը, որտեղ առաջ են բերված Էմինի, Ֆլոռիվալի, Մխիթարյանների, Ուիստոն եղբայրների, Լանգլուայի, Լաուերի, Ք. Պատկանյանի և այլոց կարծիքները։
Այս կարծիքներից մի քանի անծանոթների հետ ծանոթանալու համար ես ձեռք բերեցի Հ. Ստեփանեի աշխարհաբար Խորենացին և կարդացի վերոհիշյալ գիտնականների կարծիքները։
Հանգուցյալ պրոֆ. Էմինն ասում է. «Այս հատվածը գայթակղության քար էր և է բոլոր ուսումնական հայերի համար, որովհետև այստեղ այնպիսի բառեր են հանդիպում, որոնք գործ են ածված միայն այս մի հատվածում և չեն գտնվում ուրիշ հայ մատենագիրների մեջ, այնպիսի բառեր, որոնց նշանակությունը մեկնելու ոչինչ հնար չկա»։ Եվ զարմանալով, թե «…ի՞նչ հիմամբ» (ֆրանսիական և իտալական թարգմանությանց մեջ) արտախուր և տից «L՚herbe» (խոտ) են նշանակում՝ բոլորովին չենք հասկանում», ինքը բացատրում է այսպես. «Սաթենիկ տիկինը փափագում էր Արգավանի արտախուրը (թագը) և նորա (իշխանական) բարձերը»։ Ռուսերեն թարգմանում է. «Царица Сатеник сильно горела желанием носить диадему Аргавана и возлежать на подушках его»: Ֆլոռիվալը ֆրանսերեն թարգմանության մեջ մեկնել է այսպես. «Սաթենիկ տիկինը ցանկանում էր ջերմագին խոտերն… Արգավանի»։ «Արտախուր խավարտ և տից խավարծի» այստեղ ընդհանուր անունով խոտ են կոչված։ Մխիթարյանների աջակցությամբ կատարված իտալական թարգմանությունն այսպես է. «Տիկին Սաթենիկը տենչում էր ունենալ Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը»։ Անգլիացի Ուիստոնները՝ լատիներեն այսպես. «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր հավասար մութ ծածկոցը Արգավանի բարձերից»։ Լանգլուան՝ այսպես. «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը»։ Լաուեր՝ գերմաներեն այսպես. «Տիկին Սաթենիկը տենչանք ուներ ունենալու Արգավանի սեղանի վրայի արտախուր խոտը և տից բողբոջը»։ Բոլոր այս թարգմանությունները ճիշտ չեն, և բաց են թողնված «խավարտ» և «խավարծի» բառերը։ «Բարձ» ևս «սեղան» չէ նշանակում, և այլն։ Պրոֆեսոր Պատկանյանն առաջ է բերում (Мат. для Арм. слов., вып. II, եր. 44) Գ. Խալաթյանի՝ (Լազարյան Ճեմարանի հայկաբանության ուսուցչապետի)՝ մինչև այժմ մթին մնացած այս հատվածի հետևյալ բացատրությունը, որ շատ հավանական է թվում մեզ։ «Զարտախուր, խավարտ, տից և խավարծիլ հոտավետ ծաղիկների անուններ են։ Սորա հետ ի բարձիցն ևս սովորական բարձի նշանակությամբ առնելով, հատվածի իմաստն այս կլիներ․ «Սաթենիկ տիկինը փափագում էր հոտավետ ծաղիկներին և խոտերին Արգավանի բարձերից»։ Այս ի՞նչ է նշանակում։ Ոմանք Հայեր մինչև այժմ ևս սովորություն կամ ավելի լավ ասեմ, հնար ունեն դյութելու․ այսինքն՝ սիրելի անձի սերը ստանալ ցանկացող կինը (երբեմն և տղամարդը) ծածուկ, առանց նորա գիտության, դնում է նորա բարձի մեջ հոտավետ խոտեր և ծաղիկներ (կարծեմ առավելապես ռեհան)։
Քանի մի ժամանակ անցնելուց հետո, այն խոտերը գաղտագողի բերում են, դնում են սիրվել ցանկացող անձի բարձերի մեջ, որով իբր թե բերվում են նորա բարձի տերի սերն ևս»։ Գ. Խալաթյանն ասում է, թե Սաթենիկի մասին հատվածը ակնարկում է այս ժողովրդական սովորությունը, որի սկզբնավորությունն, անկասկած, հնագույն ժամանակներից է։ Այս կարծիքն առավել հավանական համարելով, մենք այսպես և թարգմանեցինք։
Ուրեմն կորածն արդեն գտնված է յուր տեղը․ ժողովուրդը տվել է յուր առասպելի բացատրությունը, որը, սակայն, միայն հավանական է թվում և այն էլ՝ մի քանիսին։
Դեռ այս բացատրությունից հետո էլ շարունակում են զանազան մեկնություններ տալ ու պատրաստել։ Այնպես, որ դեռ կարիք կա ուժ տալու, արծարծելու հավանականը համոզական կացուցանելու համար։
Հայկազյան բառարանում կարդում ենք.
Արտախուր կամ արտախուրակ «զոր օրինակ բանջար վարսաւոր» (ապա և իբրև մոլորակ)։
Լագարդը նմանեցնում է արտախուրը պարսկերեն «zardechwar»-ին, որ բժշկական հայտնի խոտի անուն է, նշանակում Վուլլերսի բառարանում։
Լոռեցիք մի բույս կոչում են «գաղտակուռ», ղարաբաղցիք նույն բույսը՝ «տաղտըկուռ». սա բժշկական հայտնի բույս է, և հիշեցնում է արտախուրը։
Խավարծի՝ «Փափուկ և թաւ բոյս է մատաղ․ բողբոջ, ընձիւղ․ որպես թէ խավարտ տնկոյ. Տես և Խորձուիլ, որ է ծիլ որթոյ։ «Կանգնեցան կացին (յորթն) կողր և տերևք, խաւարծի, և ծաղիկ և ողկոյզ. Վեցօր. Ե»։ «Ինքեանք փափուկք, և պէսպէս զարմանօք օրըստօրեայ իբրև զխաւարծի փափկանային։ Ոսկ. Եփես. ԺԳ»։ Խավարծել կամ խավըրծել մի թթվաշ բույս է ըստ վանեցոց։
Խավարտ— բանջար ուտելի մարդկան, կանանչեղեն։ «Եթէ ոք զբանջար հատանէ կամ խաւարտ։ Կոչ. Զ»։ «Հինգ նկանակ հաց, և խաւարտ, և աղ, և ջուր։ ՃՃ»։ «Ոչ կերեալ խաւարտ, և ոչ բանջար դալար։ Եւագր. Ա։ Խաւարտ, որ կոչի հազար. Վրք հարց, Ձ»։
Տից՝ բառ անյայտ, որպես բոյս նորաբողբոջ կամ բողբոջ բուսոյ։
Այս բառարանի և մատենագիրների վկայությունները։ Բայց շատ անգամ անհասկանալի, մթին բառերը հասկացվում են պարբերության ընդհանուր իմաստի ուժով։ «Տենչայր» պարբերությունը մի սիրային տենչանք է և մթին բառերն են նրա նպատակը. սիրահարված տիկինը սաստիկ ցանկանում է յուր սիրած Արգամի բարձերից ձեռք բերել արտախուր խավարտ և տից խավարծի։ Արդ, ի՞նչ են այս «արտախուր խավարան ու տից խավարծին»։ Ի՛նչ էլ որ լինեն, այն պարզ է, որ սիրահարվածի ուզելիք են. ըստ որում տիկին Սաթենիկը, իբրև թե, տռփական սեր էր տածում դեպի վիշապազունների Արգավան նահապետը։ Այս հանգամանքը մեզ մոտեցնում է այդ խրթին բառերի ընդհանուր իմաստին, հետո գալիս են զանազան մատենագրերի վկայությունները, որ դրանք բույսերի անուններ են. ապա վրա է հասնում ժողովրդի մի սովորությունը, նույնպիսի մի տենչանք, որ ունի այսօր սիրահարված Հայ գյուղացին։ Ում սիրտն ու սերն ուզում է ձեռք բերել, նրա բարձի մեջ, ի թիվս այլ միջոցների, կախարդական զորություն ունեցող ծաղիկներ ու խոտեր է դնում և որոշյալ ժամանակից հետո բարձից հանում, ետ գողանում տանում, իբրև թե նրա հետ և յուր անձկալիի սերը։ Այս այդ ժողովրդի նույն տենչանքն է, որ մի ժամանակ առասպելաբանելով Սաթենիկ թագուհուն հատկացրել է նրան։
Եվ հայտնի է, որ հին հեթանոս Հայաստանում, ինչպես ուրիշ երկրներում, ծաղիկներն ու խոտերն ունեին իրանց աոանձին խորհրդավոր նշանակությունը, զորությունն ու պաշտամունքը, որը մոռացություն կնշանակեր, որն ապերախտություն, որն ատելություն էր ստեղծում, որն ապահովում չար աչքից։
Անկասկած է, որ սերն էլ ուներ յուր ծաղիկները, և այդ ծաղիկները գործ էին ածվում սեր արծարծելու, սիրտ գրավելու համար սիրային կախարդանքների մեջ։
Եվ, ինչպես այսօր կախարդանքների ժամանակ «Կիպրիանոս», գիր, շորի կտոր, մազ (սրանք սովորականներն են) և այլ կախարդական զորություն ունեցող իրեր ու գրեր են դնում բարձի մեջ ու տակ, որ բարձի վրա քնողը կախարդվի (գուցե անուշ երազներով), նույնպես և այդ միևնույն զորություն ունեցող ճանաչված ծաղիկը կամ խոտը կարելի էր դնել բարձի մեջ նույն նպատակի համար: Եվ մի՞թե կասկածի տեղ է թողնում նույն ժողովրդի սովորությունը, որ հասել է մեզ և ավելի պերճ է խոսում քան ամեն պատմաբան։
Խոսքիս վերջում ես անում եմ մի այսպիսի ենթադրություն, որը, սակայն, ո՛չ հակասում և ո՛չ վնասում է նախընթաց ասածներիս։
Ներկա դեպքում երգի կտորը կարող էր ակնարկել և մի ուրիշ սովորություն, որովհետև առասպելը միայն ասում է, թե Սաթենիկը տենչում էր Արգավանի բարձերի ծաղիկներին, իսկ այդ ծաղիկների բարձերի մեջ դնելու մասին լռում է. ո՞վ էր դրել այդ ծաղիկները՝ չի պատասխանում։
Հին մեծերն ու իշխաններն ունեին իշխանական բարձեր։ Այդ բարձերը նրանց մեծության աստիճանն ու հարգն էին որոշում և իրանց այս բարձր նշանակությամբ համարվում էին սրբազան, որոնք և պետք է ժամանակի օրհնությամբ ու կախարդանքներով կրոնի տեսակետից ապահովված ու զորացած լինեին։
Այդպես մինչև օրս արևելքում իշխանները համայիլներ, գրեր, հուլունքներ, ձկան, օձի ողնաշար, ոսկրներ և այլն են կարում իրանց զգեստի վրա, որ հագնում են, ձիու վրա, որ նստում են, բարձի մեջ, որի վրա քնում են, և այլն։ Եվ դրանցից մի քանիսն իշխանին ազատ են պահում հաչաղանքից, մի քանիսը նրա բախտավորության գաղտնիքն են պարունակում իրանց մեջ, մի քանիսը նրան սիրելի են կացուցանում ուրիշների աչքում, նրա հրապույրն են ամփոփում իրանց մեջ և այլն։
Հենց այդպես էլ, նույն արևելքում, և դեռ այն ժամանակ, երբ բնությունն և յուր երևույթներն էին պաշտվում, երբ աներևույթ ուժերի հետ մարդը կախարդանքներով էր հաշտվում, ապահովվում ու զորանում, կախարդանքներով հռչակված մարաց նահապետը, հեթանոս Հայոց թագավորի երկրորդական Արգավանն էլ յուր իշխանական բարձերի մեջ կարող էր ունենալ զանազան ծաղիկներ, որոնք ունեին այլևայլ զորություններ, պահպանում և ներկայացնում էին իշխանի զանազան զգացմունքների ու հատկությունների գաղտնիքները, և նրանց գողանալը նույն էր, թե գողանալ նրանց զորությունը։ Ա՛յս է, որ ասել են Գողթան երգիչներն առասպելաբանելով, իբրև թե սիրահարված Սաթենիկը տենչում էր ձեռք բերել Արգամի բարձերից «արտախուր խավարտ և տից խավարծի», այսինքն՝ նորա սե՛րը»։
Վաղնջական ժամանակներից ի վեր անհրաժեշտաբար մարդու կենցաղից, ծիսական արարողություններից անբաժան են բույսերը՝ իրենց զանազան օգտակար բաղադրանյութերի շնորհիվ (որպես սնունդ, ամոքիչ…): Նրանց օգտավետ, հրաշագործ հատկությունների շուրջ անհատնում պատմություններ են հյուսվել ամենուր և նույնիսկ քաղելու «հատուկ արարողակարգ» սահմանվել:
Որոշ բույսերի եթերայուղերի այրումից արձակված ծուխն ու գոլորշին իրենց մանրեասպան հատկությամբ մշտապես կիրառվել են՝ վարակիչ հիվանդություններից խուսափելու նպատակով (ինչպես Հին Հունաստանում՝ Աթենքում մոլեգնող ժանտախտի համաճարակի ժամանակ, երբ այրում էին հազրեվարդից (խնկունի, romarin, Rosmarinus), նարդոսից (Lavandula), կծուծից (sarriette), գիհիից (Genévrier, Juniperus) ու զոպայից (hysope, Hyssopus officinalis) կազմված փնջեր՝ վարակից պաշտպանվելու համար):
Բնության օրենքներն են Հայկազունների հնագույն ուսմունքի հիմքում: Եվ Բնության օրենքներով՝ բնական միջոցներով էլ ցարդ առաջնորդվում են Քրմերը՝ հանուն մարդու մարմնի ու հոգու ապաքինման, գործելով «Առաջին դեղը՝ դարմանը մարդու սնունդն է» սկզբունքով (սննդաբուժությունը կարևորելով): Բժշկությունն առանց բույսերի անհնարին էր… Եվ՝ «Ամենայն խոտ դալար», «փայտ (ծառ, Կ.Ա.) պտղաբեր» կերակուր էր… Քաջառողջության պահպանման, կազդուրման միջոցներն էին նաև ջուրը, կավը, հատուկ սննդակարգը, ծոմապահությունը…
Արքաների տնկած անտառների, անուշաբույր ու բուրազվարճ պարտեզների, անուշահոտությամբ լի, զվարթացնող բուրմունքով բուրավետ այգիների ծառերի ու ծաղիկների՝ ծաղկոց-բուրաստանների կառուցման մասին հիշատակումներ կան տարբեր դարաշրջաններից՝ հազարամյակներ շարունակ…
«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի բացատրությամբ՝ «Բուրաստանը»՝ պարտեզը, Դրախտի հոմանիշն է: «Բուրաստան՝ Paradisus — Տեղի՝ ուր բուրեն ‘ի ծաղկանց և ‘ի պտղոց հոտք անուշից. նոյն ընդ ձայնիս Պարտէզ՝ ծառոց և ծաղկանց. որ և Դրախտ… Որ պարտէզն է, նոյն և Բուրաստան կոչի (Նար. Երգ): Զի՞նչ է Դրախտն. թավ վայր, զոր «Ծաղկոց» և «Բուրաստան» կոչեն, ծաղկուտ վայրք, և բուրմունք անուշահոտ վայելմանց (Վրդն. ծն.)»…
Եդեսիոյ բուրաստանների հիշատակումը կա 12-րդ դարից՝ «Ողբ Եդեսիոյ» հայրենաշունչ պոեմում, ուր Հայոց հինավուրց Եդեսիա քաղաքի (Ուրհայի)՝ 1144 թվականի գրավումից, կործանումից հետո ավերակների վրա սգացող ու վրիժառության կոչող մոր՝ Մայր Հայրենիքի այլաբանական կերպարի միջոցով Լուսավոր անցյալի պատկերներն են հիշվում.
«Ինձնից կյանքի ջուր էր բխում՝ Զվարթածաղիկ բույսեր ծնում, Գետերի պես վտակ հոսում՝ Բուրաստանները ոռոգում»:
Թովմա Արծրունու և նրա շարունակողի (Անանունի) երկասիրությունից մի հատված («Թագաւորելն Արտաշէսի ի վերայ Հայոց»), ուր նկարագրվում է Արտաշես Ա թագավորի կողմից Արտամետի հիմնադրումը՝ Վանա «կապուտակ, ծիրանափայլ» ծովակի դիմաց, երբ, ապառաժ լեռնակը բարեշինելով, արքայանիստ փառահեղ, պարսպապատ ապարանք է դարձնում, ափեզերքի շուրջ՝ անտառախիտ ծառերով, խաղողի գինեբեր որթերով ու զանազան պտուղներով ծաղկավետ բուրաստան-այգիներով, որոնք ոչ միայն ախորժելի են աչքին և հաճելի «հոտոտելիքին»՝ իրենց բուրմունքով, այլև՝ Ասկլեպիոսի (հունական դիցաբանության մեջ՝ Բժշկության դիցի, Կ.Ա.) բժշկական հնարագյուտ գիտության համար են: («…Դաստակերտս մեծամեծս շուրջ զեզերքն անտառախիտ ծառովք և գինեբեր որթովք և զանազան պտղովք. զշենս պատրաստեալ, և շուրջ զամրոցաւն տնկախիտս բուրաստանս ծաղկաւէտս և անուշահոտս ի զանազան ծաղկանց. ոչ միայն ի տեսիլ խտղտման աչաց և ի զուարճումն հոտոտելեաց՝ այլ և ի կազմութիւն դեղոյ բժշկական հնարագիւտ իմաստասիրութեանց կազմեալ Ասկղեպեայ վարժմամբն»):
Տեսարաններ Արտամետից (Վան քաղաքից մոտ 18 կիլոմետր հեռու)
Այնուհետև կառուցեց անմատչելի և ապահով մի ամրոց, որն անվանեց «Զարդ», ուր իր կառուցած բարձրաբերձ աշտարակի վրա կանգնեցրեց Աստղիկ Դիցուհու «պատկերը» (քանդակը), և նրա մոտ՝ գանձատուն («և մօտ նորա զտուն գանձու պաշտպանութեան կռոցն»): Ապա, դաշտավայրի արևմտյան կողմում և ծովեզերքին ստեղծեց պարսպապատված ու գոգավոր տարածություն, այն պատեց վայելչագեղ ու ծառաշատ այգիներով՝ դարձնելով «այգեստան տնկախիտ»՝ ի բավականություն աչքերի… («Պատմութիւն Տանն Արծրունեաց», Երևան, 1985):
Հայկական Լեռնաշխարհն իր անգնահատելի գանձարանով՝ սննդի, դարմանի՝ դեղաբույսերի հարուստ տեսականիով, բուժիչ հատկություններով օժտված աղբյուրներով, հոտավետ տունկերով, ծաղիկներով ու բույսերով, իր բնիկների ավանդույթների, ավանդապատումների հարուստ շտեմարանի կարևորագույն մասնիկն է:
Ղ. Ալիշանն՝ անդրադառնալով Հայկական բույսերի անուններին՝ «բուսաբառությանը», ուշագրավ տեղեկություններ է հաղորդում «հրաշագործ բույսերի» վերաբերյալ, օրինակ, ինչպես էին ուխտագնացությունների ժամանակ ուխտավորներն իրենց բազկին կամ վզին կապում «փեննան» ու նրա օգնությունը ստանում («Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն», Վենետիկ, Ս. Ղազար, 1895): «Մեր վարդապետն Գաղիանոս յիշել է, թէ Փեննայն՝ երբ ի բազուկն կապեն կամ վիզն՝ ուխտաւորքն, օգտէ»: Կամ՝ Փենունան ներկայացնելիս՝ «Որ 14 անուն ունի, հրաշագործ ծաղիկ մի է»…
Իմաստուն ու հրաշագործ Բուսաշխարհի յուրահատուկ հանրագիտարանն է թողել Ամիրդովլաթ Ամասիացին՝ 15-րդ դարում, շեշտելով Գիտության կարևորությունը («անգետների համար»՝ անպետք՝ ոչ պիտանի)…
«Զայս գիրքս շինեցաք և ստուգեցաք շատ բառերով և պատմութիւններով (ի թվին Հայոց ՇԻՆԷ, այսինքն՝ Շ, 500 + Ի, 20 + Ն, 400 + Է, 7 = 927, որ է 1478 Քրիստոսի), և որ կարդայ հեշտութեամբ յիմանայ, և անգէտն չի յօգտիլ ի սմանէ. և անուանեցաք զայս գրոցս անունն «Անգիտաց անպէտ». և պարտական եմ գիտնականացն և ծառայ ամենայն Փիլիսոփայիցն:
«Եղիր հետեւող իմաստութեան հետ. Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ. Լինիս դու գիտուն, արա բանիս պէտ. Գրոցս անունն է Անգէտի անպէտ»:
Բույսերի գաղտնի կյանքի, մարդկանց հետ նրանց հարաբերությունների շուրջ հաճախ խորհրդավոր պատմություններ են հյուսվել, որոնց նպատակը նաև բուսաշխարհի պահպանությունն էր, անվնաս կիրառումը (քաղելիս չվնասելու մտահոգությունը)…
«Գուզել անուն ծաղիկ մի կայ, դեղ է անբժիշկ ցաւերուն, Փենահ ծաղիկն ու լօշտակն աստուած դեղ տուել դարդերուն» (Դ. Սալաձորցու «Գովասանք ծաղկանց»-ից):
«Լոշտակ ասի ‘ի Հայս և արմատ ինչ ի կերպարանս մանկան տղայոյ, զոր եւրոպացիք «մանրագոր» կոչեն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):
Մ. Խորենացու հիշատակմամբ՝ մանրագոր կար Մոկքում («Մոկք ունի և մանրագոր»): «Մանրագոր՝ բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրև արքայկաղնոյ, և ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, և լինիցի դեղ թմբրեցուցիչ և քնաբեր. վասն որոյ ասացեալ ‘ի լտ. նաև Circaeum, իբր գործի Կիրկեահ դեղատու վհկի. և Semibomo, կիսամարդ. և Vesanum gramen, բոյս, որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ»:
«Երփն երփն ծաղկանցն. որպէս մանրագորն, և վարդն, և շուշանն» (Ագաթանգեղոս): «Մանրագորս աղաւաղեալ» (Նարեկացի): «Մանրագորաւ բազում անգամ բժիշկք քուն ածեն այնոցիկ, որոց քուն հատեալ իցէ յաչաց, (Վեցօր.)»…
Դարեր շարունակ որպես կախարդական-հմայական հատկություններով օժտված բույս է հայտնի լոշտակն իր մարդանման արմատով (քաղելիս այն «ճիչ» էր արձակում ու սպանում, ուստի՝ շանը կամ փայտին կապելով էին քաղում՝ հեռվում մնալով):
Մանրագոր քաղելը պատկերող դրվագ
Գարեգին Սրվանձտյանի «Մանանայ» ուսումնասիրությունից մեջբերենք լոշտակ բույսը քաղելու հնագույն ծիսական արարողության վկայությունը՝ քրիստոնեության շղարշով (քաղման հատուկ օրեր ու ծեսեր կային և այլ երկրներում, ինչպես, օրինակ, ցարդ Ֆրանսիայում պահպանված՝ «սրբազան յոթ բույսերի» հետ կապված նախաքրիստոնեական ավանդույթը՝ ամառային արևադարձից երեք օր հետո՝ հունիսի 24-ին)…
Լոշտակի ծաղիկը
Աղօթք վասն Լօշտակին
«Ո՛վ ամենօրհնեալ այգի, որ զերկնային զօրութիւն եւ խասիաթ դու ի քեզ ունիս, որ եւ այսքան պարգեւք ետ քեզ բարերարն Աստուած վասն փրկութեան մարդկան։ Նա մեք տաժանեալքս մեղօք գոհանամք յամենառատ ողորմութենէ քումմէ‚ Տէր Աստուած մեր, եւ խնդրեմք ի քէն, որպէս հրամայեցեր Կիպրիանոս թագաւորին… վասն դեղոյս, եւ դեղս օրհնեալ է Աստուծոյ եւ ամենայն սրբոց նորա։ Դու ես թագաւոր ամենայն խոտից, եւ որ գոյացոյցն զքեզ եւ պարգեւեաց քեզ բժշկութիւն ազգի մարդկան ամենայն ցաւոց եւ անուամբ անեղին եւ անմահին Աստուծոյ ողորմածին եւ բարերարին Աստուծոյ եւ Ս. Առաքելոց, Մարգարէից, Մարտիրոսաց, Հայրապետաց, Ճգնաւորաց, Կուսանաց, Զինւորաց եւ Ս. Հրեշտակաց եւ Հրեշտակապետաց, եւ ամենայն երկնային զօրաց, եւս առաւել ամէնօրհնեալ Ս. Կոյս Աստուածածնին բարեխօսութեամբ օրհնեալ լինիս դու‚ Լօշտակ, զօրութեամբ Ամենակալին, աջովն Անեղին, բազկովն Հզօրին աղտահարեալ վանեսցին եւ խորտակեսցին դեւք, եւ քակտեսցին մեքենայք, եւ սասանեսցին խումբք, եւ շարժեսցին հիմունք այսոց պղծոց, եւ դու լինիս օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան»։ Եօթն անգամ ասա եւ ապա հանէ իւր արմատովն, եւ յորժամ քաշես՝ պտուղն պտղեցո ի սուրբ աման, պահէ։ Թէ հանց հանդիպի‚ որ չորս ճեղ լինի, նոր ամանի մէջ ծրարէ, պահէ»։
Մանրագոր
Բուսական իմաստուն աշխարհի մասին շարունակությունը թողնելով հետագային, վերհիշնենք Դ. Սալաձորցուն. «Սակաւ ծաղկունքն ես եմ գովեր, բազում մնաց վարպետներուն»…