«ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐ, ԷՆ ԴՅՈՒԹԻՉ ԳԻՇԵՐ»…

Ժողովրդական բանահյուսության ու ծեսի, դարեդար փոխանցվող ավանդույթների ներդաշնակ միասնության մեջ է Հայ ոգին:
Խախտելով հնագույն շրջանից եկող ազգային տոնի, ծեսի խորհուրդը՝ աղճատվում է և ազգային Ոգին:

«Աշխարհ մը, որուն դիւցաբանականը՝ քրիստոնէականի փոխուած, մեհեանը՝ սուրբ տաճարի, զոհը՝ մատաղի, կուռքերը՝ խաչքարի, եւ ամէն ինչ՝ որ դիցանուէր էր, քրիստոսանուէր եղած եւ սրբազնագործուած, բայց աւանդապահներն անհետ ալ չեն թողած իսպառ հնոց զրոյցները եւ ծէսերուն ու արարողութեանց պատմութիւնները, առասպելները» (Գ. Սրվանձտյանց):

«Անաղարտ ակունքից»՝ ժողովրդական բանահյուսությունից գրեթե «բառացի» (Թումանյանի խոսքով) մեջբերված նյութերով լի Թումանյանական ստեղծագործությունները Հայ մշակույթն ու աշխարհայացքը ճանաչելու հարուստ շտեմարան են:

Ազգագրական ճշգրիտ պատկերներով նա մանրամասն նկարագրում է իր ամենասիրելի տոնը՝ Համբարձումը՝ Վիճակը, իր ազգակիցների՝ հազարամյակների խորքից եկող հավատը՝ Ճակատագրով կանխատեսված իրադարձությունների նկատմամբ, գուշակությունների՝ իրեն հոգեհարազատ ավանդույթը, (որով, իր իսկ վկայությամբ, գերվում էր մանկուց՝ Լոռվա աստղազարդ երկնքի ներքո պառկած), նաև՝ Հայոց հարսանեկան ծեսից անբաժան կոխը (գոտեմարտը)…

Անդրադառնալով հանճարեղ Հայորդու՝ Հ. Թումանյանի սովորույթներին, բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանն իր հուշերում նկարագրել է նրա ամենասիրած տոնի՝ Ծաղկազարդի՝ Համբարձման հրաշալի օրվա նախապատրաստությունը (համաձայն Հայկյան Սրբազան տոմարի՝ Ահեկան ամսվա Լուսնակ օրը՝ մայիսի 13-ին է Հայոց Ծաղկազարդը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի հիշեցմամբ)…

«Առավոտ վաղ վեր էր կենում, պահարանից հանում էր բոլոր՝ մոտ երկու տասնյակ մեծ ու փոքր ծաղկամաններ, լցնում հատկապես դաշտի ու սարի պես-պես ծաղիկներով և դնում սենյակների բոլոր սեղաններին ու անկյուններում: Այս օրվա հետ կապված զանազան ավանդություններ էր կարդում, ջանգյուլումի քառյակներ ասում:
Երբ տրամադրությունը լավ էր լինում ու ժամանակ էր ունենում՝ վիճակախաղ էր բացում:
Սեդիկն էր վիճակ հանողը»…

«Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։
Բայց, տարաբախտաբար, մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը»,- կարևորելով հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ փոխանցվող «դարավոր իմաստությունների», ավանդույթների՝ ազգի «հոգևոր գանձարանի» դերը՝ 1887 թվականին գրել է Հ. Թումանյանը, շարունակելով՝
«Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք․ բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ Ավանդությունը» (Հ. Թումանյան, ԵԼԺ, հ. 6):

Գարնանը՝ Բնության Վերազարթոնքից հետո ծաղկունքի փթթումը, խոտի դալարումը, Շնկան Աստղի վերելքով՝ Համբարձմամբ ազդարարվող տաք օրերի գալուստը Հայոց մեջ նշվում էր առանձնահատուկ ծիսակատարություններով, որոնց խորհուրդը պահպանվել է ցարդ երգվող տաղերում, խաղիկներում…
«Մարդկանց ճակատագիրը տնօրինող աստղերի»՝ վաղնջական ժամանակներից եկող հավատալիքների վառ արտահայտությունն է Ծաղկազարդի այս տոնի գլխավոր խորհրդանիշը՝ «Վիճակը»՝ վիճակահանությամբ մասնակիցների ճակատագրի որոշումը, որտեղից էլ տոնի մյուս անվանումները՝ «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր»:
Որպես նվիրաբերում՜ կաթնով էր բաժանվում, ուստի երբեմն այն կոչվել է նաև «Կաթնապրի օր»:

«Եկավ Համբարձում՝
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
-Ո՞վ է մեզ գըրված»:

Ջանգյուլում (1907թ.)
Նկարիչ՝ Եղիշե Թադևոսյան (1870 — 1936)
Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու

Տոնին նախորդող օրը՝ առավոտյան մինչև արևածագը լռությամբ հավաքած ծաղիկները՝ յոթ աղբյուրներից հավաքած ջրով լի կժի՝ փարչի մեջ էին լցնում՝ գիշերն Աստղունքի դնելու:
«Աստղերին ի տես» թողնված ծաղիկները, լուսաբացի աշխույժով թարմ շաղված՝ ցողապատ Բնությունն իրենց խորին խորհուրդն ունեին. Համբարձման հրաշալի, մոգական գիշերվա հմայքով «զորացած» ու վաղորդյան շաղով օծված Ծաղիկներն ու Ջուրն Աստղերի «կամքի» թարգմանն էին դառնում…

«Երկնքի աստղերը թող ցոլան, անուշի՜կ ցոլան,
Աղոթրան բացվի, լուսը բացվի՝ ճակատիս գիրը տան»…

«Համբարձման անուշ գիշեր է
Սարի գլխին Ա՛մպը ցոլաց,
Համբարձման անուշ գիշեր է,
Վարդի թփին Ցո՛ղը մնաց»…

Երիտասարդության մարմնի ու հոգու կրթության խաղերի առիթով Գ. Սրվանձտյանցը գրում է.
«Խիստ ճարտար հանելուկներ յօրինած ունին եւ «բաղդի խաղերը», որոցմէ է՛ն նշանաւորն է Վիճակի խաղը։
Վիճակը կոյս աղջիկները կը պատրաստեն Համբարձման տօնին՝ եօթն աղբիւրէ ջուր լեցընելով մէկ ամանի մէջ, եւ վարդով, ռէհանով եւ ամէն բացուած անուշահոտ ծաղիկներով կը զարդարեն զայն։ Իւրաքանչիւր կոյս մէկ խորհրդաւոր նշան կը դնէ վիճակ։
Գիշերները Աստղունք կը դնեն զայն եւ ամենայն զգուշութեամբ կը հսկեն, վասնզի երիտասարդները հետամուտ են գողնալու։ Սքանչելի է այն տաղը, զոր վիճակի բացման ժամուն կը նուագեն օրիորդները. իղձերով լի տաղ, յորում իւրաքանչիւր ոք կոյս իւր ապագայն, իւր կեանքը, իւր սէրը կ՚ամփոփէ ի մի երիտասարդ, որ լինի ազնիւ ձիրքերով, ազնիւ մարմնով, արի, վեհանձն, յաջողակ, բարեպաշտ, իմաստուն, զոր կը խնդրէ բաղդէն տալ իրեն համար ամուսին կամ փեսայ. եւ ահա՝ երջանիկ է նա։
Իւրաքանչիւր աղջկան ըղձացած հանգամանքները, որոցմով համակիր պիտի լինի փեսայն օրիորդին, եւ այն հանգամանքները, որոցմով երջանիկ պիտի լինին երկոքին, այդ տաղերգի մէջ կը թուեն։
Մեծ հանդէս է Վիճակի բացումն եւ որքան օրիորդաց, այնքան եւս երիտասարդաց ցանկալի ու հետաքրքրական է այն օրը եւ այն հանդէսը»։

«Ջանգյուլումի» տեսարան (էսքիզ), նկարիչ՝ Հմայակ Արծաթպանյան (1876-1920), Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու

«Համբարձման և Վարդավառի տոները կապված են իրար հետ. Վիճակը շատ տեղ Վարդավառին են բաց անում, մանավանդ՝ լեռնային տեղերում:
Եթե Համբարձման տոնին չի հաջողում աղջիկներին վիճակ բանալ, նրանք բանում են Վարդավառին, որ դարձյալ հեթանոսական տոն է: Այդ օրն այժմ ևս ամեն մարդ յուր վիճակն է բանում մեծ հանդեսներով և մեծ երգերով, ամեն մարդ յուր բախտի համար մի բան է ձգում մի ամանի մեջ, որ կոչվում է «Հավգիր», մի բառ, որ յուր կազմության մեջ ունի հավահմայության արմատը։
«Հավգիրը», որ զարդարված է լինում ծաղիկներով, ավելի՝ հորոտ ու մորոտ ծաղիկներով և միջին ունենում է յոթն աղբյուրից վերցրած ջուր, գիշերը դնում են բացօթյա տեղում՝ աստղերի ներգործության ներքո: Աստղերի, որոնք այնքա՜ն մեծ դեր են խաղում մեր ժողովրդի հավատալիքների մեջ, և որոնք նույնիսկ մեր վեպի մեջ երևում են’ «Սասմա և Մսրա աստղերը», որոնցով Ձենով Հովանը գուշակում՛ է Դավթի վատ դրությունը։
Համբարձման գիշերը մի որոշյալ ժամում ամբոդջ Բնությունը, և՛ ջուր, և’ սար, և’ ծառ, և’ երկինք-գետինք սկսում են շարժվել և իրար վերա խոնարհվելով, իրար ողջույն տալ, սարը՝ սարին, ծառը՝ ծառին, երկինքը’ գետնքին։
Ահա ա՛յդ վայրկյանին Է աստղերի ներգործությունն անցնում վիճակի Հավգիրի վերա»…( Մ. Աբեղյան):

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքի այս տողերում հիանալիորեն արտացոլված է «Աստղերին խնդիրք» անելու գաղափարը, որը Հայոց հնագույն հավատալիքներից է գալիս:
Եվ Համբարձման հրաշալից գիշերվա նկարագրությամբ էլ ավարտվում է այն:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում…

Facebook Comments