Month: Ապրիլի 2023

  • «ՊԱՏՄԵԼՈՎ ԱՆՊԱՏՄԵԼԻՆ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ»…

    «ՊԱՏՄԵԼՈՎ ԱՆՊԱՏՄԵԼԻՆ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ»…

    «ՊԱՏՄԵԼՈՎ ԱՆՊԱՏՄԵԼԻՆ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
    ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ»…

    Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից հրաշքով վերապրածների հուշերից ևս մի էջ, որը գրել է Տրապիզոնցի Հարություն Կիրակոսյանը՝ 1965 թվականին, հատուկ իր եղբորորդու՝ Ռաֆայել Իշխանյանի համար: Հուշերը թանգարան-ինստիտուտին է փոխանցել Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Վահան Իշխանյանը:
    Հարությունի ընտանիքի անդամներից փրկվել են միայն ավագ եղբայրը՝ Ավետիսը, որն այդ տարիներին սովորում էր Կրասնոդարում, և քույրերից մեկը, որն ամուսնացած էր Թիֆլիսում:

    Հարություն Կիրակոսյանն իր հուշագրության մեջ ներկայացնում է իր և իր ընտանիքի փորձառությունը Ցեղասպանության տարիներին: 1915 թվականին նա 11 տարեկան էր, երբ միլիոնավոր ազգկակիցների նման տարագրության ճանապարհների սարսափներն ապրեց (62 օր քայլելով), կորցնելով ընտանիքի անդամներին ու հետագայում, ինչպես հազվադեպ հրաշքով փրկվածներ, իր հուշերը հակիրճ շարադրեց:

    Ահավասիկ մի հատված՝ Նարինե Ս. Հակոբյանի՝ «Պատմելով անպատմելին. Տրապիզոնի Հայերի տեղահանություններն ու կոտորածները՝ Հարություն Մելքոնի Կիրակոսյանի հուշերում» հոդվածից («Ցեղասպանագիտական հանդես», 2019 թ., հատոր 7, համար 1):

    Լուսանկարը՝ նշված հոդվածից

    «Հարություն Կիրակոսյանի հուշերը —
    1915 թ. Տրապիզոնի Հայկական բոլոր թաղամասերի պատերին տեղի թուրք կառավարության կողմից հետևյալ բովանդակությամբ թղթեր փակցվեցին.
    «Հայտարարությունից երեք օր հետո…
    Տրապիզոնի Հայությունը պետք է տեղահանվի, տեղահանությունը պետք է կատարվի երեք խմբով»:

    Հայտարարության օրերին ոստիկանները շրջում էին Հայկական թաղերում, հանգստացնում ժողովրդին՝ ասելով, որ նրանք չմտածեն, քանի որ նրանց տեղահանելու են Գյումուշխանե, Երզնկա, և իբր այնտեղ պետությունը նրանց համար հնարավոր բոլոր միջոցները կստեղծի մինչև պատերազմի ավարտը, որից հետո նորից կարող են վերադառնալ իրենց տները. առայժմ նրանք կարող են փակել իրենց դռները և բանալիները հանձնել կառավարությանը՝ ապահով լինելով իրերի համար:

    Լրացավ հայտարարության երեք օրը. չորրորդ օրն առավոտյան ոստիկանները, հավաքելով մեր թաղի Հայերին, խումբ-խումբ հանեցին քաղաքից դուրս՝ Հայոց գերեզմանատնից ոչ հեռու գտնվող մի հարթավայր, և ասկյարներով շրջապատելով՝ տարան (աքսորյալների առաջին խումբը մեր թաղի Հայերն էին):
    Հասանք Տրապիզոնին մոտ գտնվող քիրեչխանեն (կրի գործարան) (հավանաբար կրի արտադրության վայր, թրք. Kireç բառից – Ն. Հ.): Շրջապատված «պահապան» ասկյարներով՝ առաջին օրը գիշերեցինք այդտեղ՝ բացօթյա:

    Մի քանի օր հետո խիստ հսկողության տակ հասանք փոքրիկ գյուղաքաղաք Գյումուշխանե: Դեռ քաղաք չմտած՝ մեզ մոտեցան մի խումբ չեթեներ՝ (անկանոն զինվորականներ, ավազակախումբ – Ն. Հ.) զինված ատրճանակներով, ղամաներով (երկբերան դաշույն), կրծքները ծածկված փամփշտակալներով:
    Չեթեները խումբը կանգնեցրին քաղաքի կենտրոնում՝ ճանապարհի վրա: Նրանց ավագը, խիստ հայացքով մոտենալով խմբին, կարգադրեց տղամարդկանց առանձնացնել՝ ասելով, թե այդ գիշեր տղամարդիկ և կանայք ջոկ-ջոկ պետք է գիշերեն:
    Առանձնացան տղամարդիկ, որոնց հետ բաժանվեցին նաև իմ հասակի 10-15 տարեկան տղաներ. ես մնացի կանանց խմբում:

    Հայերի տեղահանության մի դրվագ՝ Տրապիզոնից (1915 թ.)

    Մութը վրա էր հասել. չեթեների ավագը հրամայեց տանել տղամարդկանց, իսկ կանանց լցրին մի ախոռ և դռան մոտ կանգնեցրին երկու զինված ասկյար:
    Առաջին սարսափը տիրեց ողջ խմբին: Մի քանի կանայք գիկումները (ջրի պղնձե ամաններ) մեկնում էին դրսում կանգնած թուրք կանանց և տղաներին ու խնդրում, որ ջուր բերեն: Նրանք տանում էին գիկումները և այլևս չէին վերադառնում:

    Խոր մթության մեջ ախոռի զանազան անկյուններից լսվում էին ծանր հեկեկանքներ. ոչ ոքի քունը չէր տանում: Խմբի անդամներից յուրաքանչյուրը զգում էր, որ ինչ-որ զարհուրելի բան է կատարվելու. շատերը լաց էին լինում և շշնջում, թե տղամարդկանց տարան սպանելու:
    Լուսացավ: Առավոտյան ասկյարները, ախոռի դուռը բանալով, դիմեցին մեզ. «Չըքըն դիշարի գյավուրլար (Դու՛րս եկեք, անհավատնե՛ր)»:
    Խումբն ամբողջությամբ դուրս եկավ ախոռից, ասկյարներն անմիջապես շրջապատեցին մեզ և հրամայեցին քայլել:
    Կանանցից շատերը խնդրում, աղաչում էին ասկյարներին, որ ասեն, թե ուր տարան իրենց ամուսիններին, որդիներին: Ասկյարները պատասխանում էին, որ նրանք շուտով կգան:
    Գնում ենք՝ շրջապատված ասկյարներով:

    Մի քանի օրից, դեռ Երզնկա չհասած, գիշերելու համար մեզ նորից լցրին մի մեծ ախոռ: Մութն ընկել էր: Ներս մտան մի քանի չեթեներ և սկսեցին պտտվել խմբի մեջ, մեկ էլ ախոռի զանազան մասերում լացուկոծ լսվեց: Չեթեները մայրերից խլում էին նրանց աղջիկներին և թևերից բռնած, քարշ տալով տանում էին: Դուստրերին փրկելու մայրերի բոլոր դիմադրություններն ու ջանքերն իզուր էին: Խեղճերի դիմադրության ամեն մի փորձ պատասխանվում էր չեթեների քացիներով: Գիշերվա խավարում իրենց զավակներից զրկված մայրերի լացուկոծը սգի էր մատնել բոլորին:
    Այդ օրից անցել է 50 տարի. սգավոր մայրերի վիշտն ու կսկիծը մինչև հիմա էլ մնացել են հիշողությանս մեջ:
    Առավոտյան չեթեները եկան, շրջեցին խմբի մեջ և, մի փոքր խորհրդակցելուց հետո, նրանցից չորսը մոտեցան ախոռի դռանը և կարգադրեցին աքսորյալներիս մեկ-մեկ դուրս գալ: Հերթով մոտենում էինք դռանը, չեթեները խուզարկում էին մեզ, խլում թաքցրած զարդերը և դրամներն ու թողնում դուրս: Ավարը հավաքելուց հետո նրանք նստեցին ձիերն ու հեռացան:
    Այնուհետև նորից ասկյարներով շրջապատված՝ մենք շարժվեցինք:

    Մի քանի օր հետո հասանք Երզնկա, մեզ նստեցրին ճանապարհի եզրին՝ Հայոց գերեզմանատան մոտ (գերեզմանատանը Էրզրումի գաղթականներն էին): Երեք օր մնացինք Երզնկայում, սովորականի նման գիշերում էինք հողի վրա՝ գլխներիս տակ դնելով մի քար:
    Մեզ մոտենում էին թուրք, քուրդ տղաներ, հայհոյում, քարեր նետում, ծաղրում:
    Լուռ տանում էինք ամեն մի ցավ, հայհոյանք, վիրավորանք. կորցրել էինք մեր մարդկային արժանապատվությունը: Ասկյարների հսկողությունը մեզ վրա այնքան էլ խիստ չէր, բայց հեռանալ կամ փախուստի դիմել, միևնույն է, չէինք կարող, քանի որ յուրաքանչյուր թուրք կամ քուրդ իրեն հանդիպած ցանկացած Հայի իրավունք ուներ տեղն ու տեղը սպանել:

    Չորրորդ օրվա առավոտյան ճանապարհվեցինք, մի քանի օրից հասանք Քեմախ, գիշերելու համար մեզ իջեցրին Եփրատի ափը:

    Բոլորը ցրվեցին խմբից ոչ շատ հեռու, ցախ ու զանազան խոտեր հավաքելու համար: Մեր սնունդը ճանապարհին արտերից հավաքած հատիկներն ու խաշած զանազան կանաչիներն էին:
    Սովորական երևույթ էր ճանապարհին քաղցի, հոգնածության կամ հիվանդության պատճառով խմբից հետ մնացողներին սպանելը. լսված հրացանի յուրաքանչյուր ձայնից զգում էինք, որ նորից ասկյարները սպանեցին մեկին:
    Չէինք հետաքրքրվում սպանվածների ով լինելով, որովհետև դա արդեն սովորական երևույթ էր դարձել մեզ համար, և համոզված էինք, որ նույն վախճանն էլ կարող է մեզ վիճակվել:

    Օրը մթնում էր, մեզանից յուրաքանչյուրը ոտքերի փաթաթած չուլերը կարգի էր բերում. քայլելուց շատերի ոտքերն ուռել էին ու վերքեր առաջացել:
    Խմբից շատերը պառկել էին, մյուսներն էլ պատրաստվում էին քնել: Մեկ էլ խմբի մեջ շշուկ տարածվեց, թե երկու կին իրենց գցել են գետը: Ոմանք ցավում էին, շատերն էլ երանի էին տալիս խեղդվածներին, թե ազատվեցին տանջանքներից:

    Առավոտ է, լուսացավ, խմբից յուրաքանչյուրը սկսեց զբաղվել իր առօրյա հոգսերով, նորից շշուկ, թե այնինչը իրեն գցեց գետը:
    Ցերեկ է, մեզ մոտեցան մի քանի չեթեներ, շրջեցին ամբողջ խումբը: Բայց ոչ ոքի ոչ մի վնաս չտվեցին և հեռացան: Մթնեց, ևս մի գիշեր Եփրատի զով ափին անցկացրինք:
    Երրորդ օրն առավոտյան լույսը նոր էր սփռել իր թևերը, երբ ասկյարները հրամայեցին պատրաստվել ճանապարհվելու: Սկսեցինք պատրաստվել, ոմանք ոտքերը փաթաթեցին չուլերով, շատերն էլ նախորդ օրվա պատրաստած «ճաշը» կերան ու վեր կացան ճանապարհվելու: Ասկյարներն իրենց սովորական կոպիտ հայհոյանքներով, հրացանների կոթերի հարվածներով շտապեցնում էին մեզ:

    Գնում էինք, շարունակում ճանապարհը. ինչ-որ վախ ընկավ բոլորիս սիրտը, զգում էինք, որ այստեղ ինչ-որ վատ բան է կատարվելու:
    Անցել էինք ոչ շատ տարածություն, հասանք այն կամուրջը, որը Եփրատի ձախ ափը միացնում էր աջ ափին: Հետ նայեցինք, ի՞նչ, մի խումբ ձիավոր չեթեներ մեզ էին հետևում, հասկացանք այդ օրվա մեր գլխին գալիք զուլումը: Լսեցինք խմբի վերջից հրացանի չորս կրակոց, նորից սպանեցին խմբից հետ մնացածներին: Անցնում ենք կամուրջը, մեկ էլ ի՞նչ, կանանցից երեքին միայն տեսա իրենց գետը գցելիս, նորից երանի էինք տալիս խեղդվածներին:
    Չնայած համոզված էինք, որ մեր մահվան օրերը հաշված էին, հասկացել էինք, որ կոտորվելու ենք, մահն անխուսափելի է, այնուամենայնիվ, չէինք տխրում, կենդանի մեռելներ էինք, փառք էինք տալիս, որ շուտով ազատվելու ենք, վերջ է դրվելու մեր տանջանքներին:

    Հասանք Քեմախից ոչ հեռու մի ձոր, որտեղից հոսում էր բարակ մի առու: Տեղավորվեցինք ձորի աջ լանջում՝ ոչ մեծ մի տափարակի վրա: Մեզանից յուրաքանչյուրը տեղավորվեց գիշերելու փոքր հողատարածության վրա: Մեկ էլ ի՞նչ, աքսորյալներիս հետևող չեթեների խումբը մեզանից ոչ հեռու մի բարձունքի վրա իջավ ձիերից: Չեթեների մեծը կարգադրեց խումբը բաժանել երեք մասի՝ կանանց, տղաների, աղջիկների ու երիտասարդ կանանց:
    Սարսափը տիրեց մեզ, զգում էինք, որ այսօր մեր վերջին օրն է, չէինք խոսում, գույներս գցել էինք, սարսուռ էր տիրել մեզ: Մեկ էլ ի՞նչ, խորհրդակցեցին չեթեները՝ չենք իմանում, նրանց մեծը ձեռքով ցույց տալով մեզ` առանձնացած տղաներիս, հրամայեց միանալ կանանց, ուրախացանք, ժպիտ անցավ մեր այտերով, բարձր ձայնով «եաշասըն փատիշահումուզ (կեցցե՛ մեր թագավորը)» գոռացինք ու վազ տալով միացանք խմբին: Մեր մայրերը, որոնց տիրել էր հուզումը, տեսնելով մեզ իրենց մոտ, ուրախությունից թրջեցին իրենց աչքերն արտասուքով:

    Օրը մթնում էր, բացի մեր խմբից՝ չեթեները մյուսներին շրջապատած տարան, ո՞ւր…
    Մենք՝ մնացածներս, սկսեցինք մեր սովորական զբաղմունքը՝ օջախներ վառել, «կերակուր» եփել:
    Մթնեց, պառկեցինք քնելու, խմբի կանանցից շատերը չէին քնում, հեկեկում էին, ցամաքել էր նրանց արտասուքը:
    Առավոտ էր, արևի ճառագայթները մոտակա սարերից իջնում էին ցած, լուսացավ, պատրաստվեցինք շարունակել ճանապարհը:

    Գնում էինք, ճանապարհը ձգվում էր Եփրատին զուգահեռ: Նրա ափերը սևացել էին մեզանից առաջ նույն մեր բախտին արժանացած այլ գյուղերից ու քաղաքներից աքսորյալ Հայ կանանց, տղամարդկանց և անչափահասների դիակներով, իսկ ճանապարհին հաճախ ընկած էին Հայերի նեխած, քայքայված, այլանդակված դիակները:
    Քայլում էինք՝ այդ ողբալի տեսարաններին ականատես լինելով: Քարացել էր մեր սիրտը, արտասուքներս չորացել, տեսնում էինք այն, ինչ մեզ էր սպասում:

    Գնում էինք, քայլում ուռած, հին շորերով փաթաթված, վերքոտ ոտքերով: Մի քանի օրից հասանք Էգին (Ակն): Նորից իջանք գիշերելու Եփրատի ափին: Էգինը փոքրիկ գյուղաքաղաք էր, նրա բնական գեղեցկությունը գերազանցում էր մինչ այդ մեր տեսած քաղաքները: Եփրատի երկու ափերի բարձունքները ծածկված էին բազմատեսակ այգիներով և պտղատու ծառերով: Խումբը հանգստանում էր Եփրատի աջ ափին, մենք՝ տղաներս, ցրվեցինք մոտակա թթի այգիները՝ հավաքելու ծառերի տակ թափված չոր թութը և այլ մրգեր: Ակնում չէր մնացել ոչ մի Հայ. բոլորը տեղահան էին արված:

    Խմբում ծխում էին նորից օջախները, կանայք զբաղված էին իրենց օրվա «կերակուրը» պատրաստելով: Գիշերեցինք այդ օրը ևս, նորից Եփրատի հոսանքի զովը փակեց մեր աչքերը: Քնեցին շատերը, իսկ ոմանց աչքերը չէին փակվում, չէին քնում, նրանց առօրյա ցավերը չէին հեռանում, չէին մոռանում իրենց զավակներին և հարազատներին:

    Առավոտ է, զարթնեց խումբը, վեր կացանք, նորից մեզնից յուրաքանչյուրը զբաղված էր իր առօրյա հոգսերով: Մեկ էլ ի՞նչ, քրոջս ամուսնու մայրը, որի միակ տղային տարել էին Գյումուշխանե տղամարդկանց հետ, ամբողջ ճանապարհին մտածում էր նրա մասին, հույս էինք տալիս, հանգստացնում խեղճ պառավին, թե՝ «Մի՛ մտածիր, Երվանդը ողջ է, կգա՛»: Նա կտրել էր հույսը և շատ հանգիստ մոտեցավ Եփրատի ափին ու իրեն գցեց ջուրը, խառնվեց ջրի ալիքներին, անհայտացավ՝ վերջ տալով ցավերին: Նրան հետևեց նաև մի ուրիշը, որն ուժասպառ էր եղել, այլևս հնարավորություն չուներ շարունակելու տանջալի ճանապարհը:

    Երկու օր գիշերեցինք Ակնում, երրորդ օրն առավոտյան շարունակեցինք ճանապարհը, չեմ հիշում որ գյուղից ոչ հեռու, մեզ նստեցրին գիշերելու, օրը նոր էր մթնել, ասկյարները սկսեցին հրաձգությունը, չանցավ շատ ժամանակ՝ մեզ մոտեցան մի խումբ զինված քրդեր: Ասկյարները հեռացան մեզանից: Զինված քրդերը հրացանի սպառնալիքների տակ տարան մեզ մոտակա գյուղը և լցրին առանց ծածկի, ոչ բարձր պատերով շրջապատված մի ախոռ:
    Գիշերեցինք այդ օրը:
    Առավոտյան եկան մի քանի զինված քրդեր, ախոռի մուտքի երկու կողմերը շարքով, ծալապատիկ նստեցին: Զինված մեր նոր «պահապան» քրդերը մեզ` խմբի անդամներիս, մեկ-մեկ դուրս բերելով, պառկեցնում, այլանդակ ձևով խուզարկում և եթե դրամ էին գտնում, վերցնում էին ու հանում հագուստները, որոնք իրենց դուր էին գալիս: Վերջացավ խուզարկությունը. զինված քրդերի սպառնալիքների տակ սկսեցինք քայլել՝ շարունակելով ճանապարհը:

    Գյուղի մեջ, թե գյուղից դուրս, քուրդ կանայք, թե տղաները, հետևելով մեզ՝ քարեր էին շպրտում, ծեծում խմբից շատերին: Տանում էինք ամեն մի ցավ ու վիրավորանք:
    Մայրս նկատեց, որ գլխավորապես հարվածում էին տղաներին, հանեց իր վերին շորը, հագցրեց ինձ, որ չնկատեն իմ տղա լինելը. այդպես քայլեցի այդ օրը:
    Մի քանի օրից, դեռ չհասած Արաբկիր, ճանապարհին զգացինք ծանր, նեխած լեշերի հոտ: Կարճ ժամանակից հետո ճանապարհից ոչ շատ հեռու մի հարթավայրում տեսանք արևի կիզիչ ճառագայթներից ուռած, այլանդակված մի քանի հարյուր սպանված Հայերի դիակներ:
    Անցանք այդ ողբալի տեսարանը: Հասանք Արաբկիրից ոչ հեռու մի դաշտավայր` գիշերելու: Այդ պատմական, հին Հայկական փոքրիկ քաղաքում չէր մնացել ոչ մի Հայ. բոլորը զոհ էին դարձել «երիտասարդ թուրքերի» դաժանություններին:
    Սովորականի նման մեզ մոտենում էին թուրք, քուրդ աղջիկներ և տղաներ, ծիծաղում, քարեր շպրտում, բռունցքներն իրար խփելով գոռում էին. «քյաֆերլեր գեբերին, սիզե էյլի լյազիմ տուր» (գյավուրնե՛ր, սատկե՛ք, ձեզ այդպես է հարկավոր):

    Մեկ օր գիշերեցինք Արաբկիրի մոտակա այդ դաշտավայրում: Մի քանի օրից հասանք Եփրատի այն մասը, որտեղից լաստով տեղափոխվեցինք գետի ձախ ափն ու շարունակեցինք քայլել: Անցանք Գյումիշ-մադեն կոչված վայրը, վաթսուներկուերորդ օրն էր, հասանք Խարբերդից ցածր, տափարակ վայրում գտնվող Մամուրեթ ուլ Ազիզ քաղաքը: Տարան մեզ Հայոց գերեզմանատունը: Չորս օր մնացինք գերեզմանատանը. Մեզանից առաջ ուրիշ Հայ աքսորյալներ էին իջևանել այդտեղ: Խմբից
    ոչ ոքի չէին թողնում դուրս գալ գերեզմանատնից: Այդտեղ մեզ տալիս էին հաց ու բերում տակառներով ջուր:
    Ամառվա կիզիչ շոգը ծանրացրել էր գերեզմանատան աղտեղության ծանր հոտը:
    Խմբից ոմանք մահացան, ոմանք էլ կիսամեռ վիճակում էին: Մի փոլիս (ոստիկան) և մի ասկյար հավաքեցին տղաներիս, ստիպեցին փորել ոչ շատ խորը մի մեծ փոս ու կարգադրեցին մեռելների, ինչպես նաև ցույց տալով մի քանի հոգու, ովքեր դեռ մահացած չէին, կիսակենդան մարմինները քարշ տալ, լցնել փոսը և ծածկել հողով: Կատարեցինք ոստիկանի հրամանը: Դեռ չմահացածների աղերսը, նրանց բերանից հազիվ լսելի բառերը չէին հուզում մեր քարացած սրտերը, անուշադիր էինք թողնում նրանց ողբը, չէինք կարող չկատարել փոլիսի հրամանը, հակառակ դեպքում մեզ էլ նույն վիճակին կմատնեին:

    Հինգերորդ օրն էր, առավոտյան մեզ դուրս բերեցին գերեզմանատնից, շրջապատված ասկյարներով և բաշիբոզուկներով, տարան: Հասանք Ուլ-Ազիզից ոչ հեռու Գյոլջուկ կոչված փոքրիկ լիճը: Երեկո էր, մութը վրա էր հասել, սկսվեց կոտորածը, հրացաններով և սառը զենքերով:
    Հանգստացավ ամեն ինչ, երկու տղա կենդանի էինք մնացել դիակների մեջ: Մութ գիշեր էր, զգույշ վեր կացանք ու սկսեցինք ճանապարհ ընկել Ուլ-Ազիզ: Հասանք քաղաք, իմացանք, որ կառավարությունը որբանոց է բացել և հավաքում է կենդանի մնացած Հայ որբերին: Իմանալով որբանոցի տեղը՝ երկու դժբախտներս գնացինք, դիմեցինք որբանոցի մյուդիր Թահսին բեյին: Նա ընդունեց մեզ: Չանցավ շատ ժամանակ, նույն օրն ևեթ, Թահսին բեյը ինձ կանչեց իր մոտ, նրա մոտ էր նաև իր մեծ տղան՝ Մյուքերեմը, որը հազիվ կլիներ իմ հասակին. հայրը պատվիրեց տղային տանել ինձ իր տուն: Մյուքերեմի հետ գնացի տուն, լողացրին ինձ, փոխեցին շորերս, անունս դրեցին Իսմայիլ, և մնացի Թահսին բեյի տանը: Նա ուներ երկու տղա և մեկ աղջիկ: Բացի ինձնից, նրա տանը կային ևս երկու երզնկացի երիտասարդ Հայ աղջիկներ: Փոքրի, որը հազիվ կլիներ իմ հասակին, անունը դրել էին Իգպալ, իսկ մեծինը, որը կլիներ քսան տարեկան` Ֆաթմա:

    Անցել էր տասը օր, ինչ Թահսին բեյի տանն էի. նրա բնակարանը բաղկացած էր հինգ սենյակից, սենյակներից մեկում քնում էինք ես, Իգպալը և Ֆաթման: Մենք միմյանց հետ գաղտնի Հայերեն էինք խոսում, այնպես, որ Թահսին բեյի ընտանքիքի անդամներից ոչ ոք չլսի մեր խոսակցությունը, իսկ ընդհանրապես մեր խոսակցության լեզուն տաճկերենն էր: Իգպալն ու Ֆաթման պատմում էին իրենց կրած տանջանքների մասին, որոնք չէին տարբերվում մեր կրած զարհուրանքներից:

    Իմանալու համար, թե ինչ է անում իմ ընկերը, որին թողել էի որբանոցում, գնացի այն շենքը, որտեղ որբերն էին: Դժբախտաբար, այնտեղ ոչ մի որբ չէր մնացել:
    Հետաքրքրվեցի Թահսին բեյի տղայից` Մյուքերեմից, թե ի՛նչ արեցին որբերին: Նա պարզ ասաց, որ նրանց տարան կոտորեցին: Քառասունինը տարի անց պարզվեց, որ Թալեաթ փաշան հրաման էր տվել տաճիկ կառավարության կողմից տարբեր վայրերում բացված որբանոցներում գտնվող բոլոր Հայ որբերի կյանքին անխնա վերջ տալ:

    Մեկուկես տարի Ուլ-Ազիզում մնալուց հետո Թահսին բեյի ընտանիքի հետ ֆուրգոններով ճանապարհվեցինք Կոնիա: Ճանապարհին եղա Մալաթիայում, Սեբաստիայում, Կեսարիայում, և հասանք Կոնիա: Վերոհիշյալ քաղաքների Հայերին աքսորել էին: Ուլ-Ազիզում մի քանի թրքացած Հայերի պատահեցի, Կեսարիայում ևս՝ մի քանի թրքախոս Հայերի: Կոնիայում ևս կային կոտորածներից ողջ մնացած Հայ որբեր ու ընտանիքներ:

    1918 թիվն էր, վերջացավ Առաջին համաշխարհային պատերազմը. հարմար մի առիթ գտնելով՝ ծպտյալ հեռացա Թահսին բեյի տնից, նստեցի գնացք և մի քանի օրից հասա Սկյուտար, որտեղ Պոլսո բարեգործական ընկերության ներկայացուցիչները գնացքից իջնող որբերին ու Հայ ընտանիքներին հավաքում, տանում էին Պոլսի Գում Գափու մայր եկեղեցին, որտեղ զանազան վայրերից հավաքված էին շատ որբեր, ինչպես նաև կանայք ու տղամարդիկ:

    1913 թվին մեծ եղբայրս Տրապիզոնից մեկնել էր Ռոստով՝ ուսումը շարունակելու:
    Ես, իմանալով այդ, մեկ տարի Պոլսո մայր եկեղեցում մնալուց հետո որոշեցի մեկնել Տրապիզոն, ապա՝ Ռուսաստան՝ եղբորս գտնելու:
    Դիմեցի Պոլսո բարեգործական ընկերության նախագահին. նա տվեց ինձ ճանապարհածախս, ու մեկնեցի Տրապիզոն: Երեք օրվա ճանապարհորդությունից հետո նավը հասավ Տրապիզոն: Իջա նավից, ապա նավակով դուրս եկանք նավամատույց ու քաղաք: Գտա մի քանի հայրենակից Հայերի, որոնք բախտի բերմամբ ողջ էին մնացել:

    Տեղավորվեցի նրանց մոտ, գիշերեցի, հաջորդ օրը նրանց խորհրդով դիմեցի Տաճկաստանում մեծահարուստ Իբրանոսյանի մագազինի դիրեկտոր (խանութի տնօրեն) Միհրան էֆենդիին՝ աշխատանքի ընդունվելու համար:

    Հայտնի Իբրանոսեան եղբայրների լուսանկարները՝ «Յուշամատեան»-ից

    Միհրան էֆենդին չմերժեց իմ խնդրանքը, ընդունվեցի իբրև գործակատար, և իր օգնական Թագվոր էֆենդիին կարգադրեց անվճար ինձ տալ պատրաստի շորեր ու կոշիկ:
    Սկսեցի աշխատել: Ճանապարհը դեպի Ռուսաստան ազատ էր: Վեց ամիս հետո եղբայրս տեղեկացավ, որ կենդանի եմ, եկավ Տրապիզոն, վերցրեց ինձ, ու մեկնեցինք Եկատերինոդար (Կրասնոդար): Սկսվեց իմ կյանքի երկրորդ շրջանը:

    Սուրեն Օհանյանի պատմածը —

    Տրապիզոնի Հայերի աքսորը սկսվելուց երկու-երեք օր առաջ շատ մայրեր 4-ից 10-12 տարեկան զավակներին տարան պատվելիների դպրոցը, երեխաների կյանքը փրկելու համար: Այնտեղ էր նաև մեր դպրոցի ուսուցիչներից Թորոս էֆենդիի տղան՝ Սուրեն Օհանյանը, որը ներկայումս գտնվում է Երևանում, նա պատմեց հետևյալը։

    Պատվելիների դպրոցի ընդարձակ բակում հավաքվել էին երեք հարյուրից ավելի երեխաներ: Երեք օր դպրոցի բակում գիշերեցինք, չորրորդ օրը եկան մի քանի փոլիսներ և ասկյարներ, առանձնացրին մեզ՝ 7-ից 12 տարեկան երկու հարյուրի չափ տղաներիս, կազմեցին մի խումբ և, շրջապատված ասկյարներով, տարան Տրապիզոնից ոչ հեռու Ջևիզլիք կոչված վայրը և բոլորին սպանեցին: Ինձ և մի քանի տղաների թուրքերը վերցրին իբրև հոգեզավակ:
    Այդպիսով փրկվեցինք մահից, իսկ պատվելիների դպրոցում մնացած փոքրերին հավաքեցին և տարան լցրին ծովն ու խեղդեցին:
    Տրապիզոնի Հայության տեղահանումից մեկ ամիս առաջ քաղաքի աչքի ընկնող մարդկանց, մոտավորապես 30 հոգու, որոնց թվում էր նաև Արսեն Եսայանի հայրը` Սեդրակ էֆենդին, լցրին նավակները, Սամսուն, թե Կերասուն, լավ չեմ հիշում, տեղափոխելու պատրվակով հեռացրին ծովափից, հրացաններից կրակ բացեցին զոհերի վրա, սպանեցին ու ծովը լցրին:
    Մեկը, որ թերևս վիրավորված էր, լողալով դուրս եկավ ծովափ ու պատմեց եղելության մասին քաղաքի Հայերին:

    Ահա տաճիկ երիտասարդ իթթիհատականների կողմից ծրագրված եղեռնում զոհված մեկուկես-երկու միլիոն Հայերի չնչին մի տոկոսի զարհուրանքների համառոտ պատմությունը, որին ես ականատես եմ եղել»:

    Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման անխախտ գործընթացին՝ արդար ավարտ՝ Հայության պատմական իրավունքների, Հայրենիքի վերատիրացմամբ…

    Հարություն Կիրակոսյանի ձեռագիր հուշերից մի էջ (Լուսանկարը՝ նշված հոդվածից)
  • «…ՄԻԱՅՆ ՀՈ՛ՂԸ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԸ ՊԻՏԻ ՀԱՍՆԻ»…

    «…ՄԻԱՅՆ ՀՈ՛ՂԸ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԸ ՊԻՏԻ ՀԱՍՆԻ»…

    «…ՄԻԱՅՆ ՀՈ՛ՂԸ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԸ ՊԻՏԻ ՀԱՍՆԻ»…

    «Ութ տարեկան էի, ու տատս ինձ պատմում էր իր տառապանքները, քանզի մայրս ու քեռիս այլևս չէին ուզում խոսել այդքան ցավալի անցյալից:
    Նրանք շրջել էին այդ էջը: Ուստի՝ նա ի՛նձ էր վստահում իր վշտերը, իսկ ես «խմում էի» նրա խոսքերը»,- հիշում է Աննի Ռոմանը (Anny Romand), Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատի՝ Սրբուհի Հովակյանի մասին պատմելիս:
    Այդ պատմություններն, անշուշտ, ծանր էին ութամյա աղջկա համար, սակայն, հետագայում նա երախտագիտությամբ կասի.
    «Ես շատ շնորհակալ եմ նրանից: Նրա շնորհիվ ես գիտեմ, թե որտեղի՛ց եմ գալիս:
    Դա մի պատմություն է, որն իմ մա՛սն է: Տատիկս ինձ շատ ուժ տվեց, աչքերս բացեց կյանքի հանդեպ»…

    Սրբուհի Հովակյանն իր թոռնուհու՝ Աննիի հետ

    2019 թ. Երևանում հայերեն և ֆրանսերեն լույս է տեսնում Սրբուհի Հովակյանի թոռնուհու՝ Աննի Ռոմանի պատրաստած՝ «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը՝ ցեղասպանության օրերին գրված օրագրի էջերից հատվածներով (գրքի ֆրանսերեն տարբերակից՝ Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ):
    Պատմական փոքրիկ անդրադարձից հետո որոշ հատվածներ ևս՝ Ֆրանսիայի Ազգային գրադարանի հրատարակած՝ «Միայն հո՛ղը կգա մեզ օգնության» գրքից (սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ):

    1919-1921 թվականներին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում, ինչպես և տարբեր նահանգներում ու գավառներում 60-ից ավելի դատաքննություններ են եղել՝ Հայերի հանդեպ իրականացված կոտորածների կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը քննելով:

    1915-ի սկզբին Տրապիզոնի նահանգի վալի Ջեմալ Ազմիի հրամանով, դավաճանության կեղծ մեղադրանքով զինաթափվել ու գնդակահարվել են թուրքական բանակի հազարավոր Հայ զինվորներ։ Նույն թվականի հունիսից մինչև հոկտեմբեր Տրապիզոնի նահանգի տասնյակ հազարավոր Հայերի թուրքական իշխանությունները տեղահանել են ու կոտորել հիմնականում Ջանիկի լեռներում, Գյումուշխանեի ճանապարհին և այլուր։ Շատերին նավահանգստային քաղաքներից նավերով հանել են բաց ծով և ողջ-ողջ ջրահեղձ արել։ Զանգվածային մահմեդականացման դեպքեր են եղել Տրապիզոնում, Օրդուում, Սամսոնում և Կերասունում։

    Մինչև աքսորավայր՝ Մոսուլ, հասցվել են սակավաթիվ մարդիկ։ Ըստ գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ, Յոհաննես Լեփսիուսի, 1915-ին Տրապիզոնի նահանգից տեղահանվել ու կոտորվել է 32.700 Հայ։

    Որոշ հատվածներ՝ Լուսինե Յ. Աբրահամյանի՝ «Նախապատրաստելով Հայոց ցեղասպանությունը Տրապիզոնում. վաղ փուլ և ակտիվացում» («Ցեղասպանագիտական հանդես», 10, հ. 2 (2022), 26-48) հոդվածից:

    «Տրապիզոնը՝ Հայոց ցեղասպանության թիրախում.

    1914 թ. օգոստոսին՝ Առաջին աշխարհամարտի սկսվելուց մի քանի օր անց, Տրապիզոնում հրի է մատնվում հայկական արական վարժարանը, որի հարևանությամբ գտնվում էր ռուսական հյուպատոսարանը: Հրդեհի օջախները վարժարանի տարբեր հատվածներում էին. այրվել էին մատենադարանը, հնագույն քարտեզները և հավաքածուները:
    1914 թ. օգոստոսի 2-ին` Գերմանիայի հետ քաղաքական և ռազմական գաղտնի համաձայնագրի ստորագրումից հետո, իթթիհաթական վարչակարգը հայտարարում է համընդհանուր զորահավաք, որին ենթարկվում է նաև Տրապիզոնի Հայ տղամարդկանց մեծամասնությունը: Նրանց զինաթափված տանում են քաղաքից դուրս՝ դեպի Երզնկա, Բաբերդ և Գյումուշխանե՝ ճանապարհների շինարարության վրա աշխատեցնելու, որտեղ կա՛մ դատապարտվում են դանդաղ մահվան՝ քաղցից ու հիվանդություններից, կա՛մ՝ գնդակահարության:
    Տրապիզոնում կառավարության կողմից հրահրվող գործողություններն ու հայահալած միջոցառումները շարունակվում են 1914 թ. աշնան և 1915 թ. գարնան ամիսներին»…

    …«1915 թ. հունիսի սկզբներին Տրապիզոն է գալիս երիտթուրքերի՝ Կ.Պոլսի կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության՝ «Teşkilat-ı mahsusa»-ի նախագահ, բժիշկ Բեհաեդդին Շաքիրը: Ժամանելուց անմիջապես հետո Բեհաեդդին Շաքիրը Տրապիզոնի կուսակալի հետ ժողով է հրավիրում Տրապիզոնի նահանգի կառավարիչներին՝ գաղտնի հրահանգներ տալով նահանգի Հայերի ջարդի մասին: Այդ մասին վկայում է նաև ցեղասպանությունը վերապրած տրապիզոնցի Սիրանուշ Մանուկյանը՝ Տրապիզոնի ոճրագործների դատավարության չորրորդ նիստի ժամանակ. դոկտոր Բեհաեդդին Շաքիրը Տրապիզոն է ժամանում՝ իր հետ բերելով կնքված ծրարներ՝ Հայերի կոտորածներն ու աքսորը կազմակերպելու ցուցումներով: Այդ մասին նույն դատական նիստի ժամանակ վկայում է նաև թուրք բժիշկ Ավնին, որը հաստատում է, որ տեղահանության հրամանից մի քանի օր առաջ Տրապիզոն էր եկել Բեհաեդդին Շաքիրը՝ տեղահանությունը կազմակերպելու հրահանգներով: Բեհաեդդին Շաքիրի գալուց անմիջապես հետո ժողով է գումարվում Ջեմալ Ազմիի, կայմակամների և մյուդիրների մասնակցությամբ: Ազմին պնդում էր, որ Հայերին պետք է կոտորել ոչ թե քաղաքում, այլ աքսորել՝ սովամահության մատնելով:

    Սիրանուշի վկայությունից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում Հայերի կոտորածներն իրագործելու հարցում որոշակի անհամաձայնություններ են եղել: Հանդիպմանը ներկա իթթիհաթական Մուսթաֆան և Տրապիզոնի հարկային տեսուչ Մեհմեդ Ալին պնդում էին, որ կոտորածները հարկավոր է իրագործել տեղում և անհապաղ»…

    «…Որոշում է կայացվում «հեռացնել Հայերին», «մեկ Հայ անգամ չթողնել», որ «նրանց գերեզմանները քաղաքում չլինեն»: Բեհաեդդին Շաքիրի հեռանալուց հետո Ջեմալ Ազմին Տրապիզոնում երիտթուրքական կուսակցական գործիչների ժողով է հրավիրում, որին հաջորդում է հանդիպումը մութասարըֆների և կայմակամների հետ՝ քննարկելու նահանգի Հայերի կոտորածն ու աքսորը կազմակերպելու գործընթացը:

    «Մահվան քարավանների» ճամփաները

    Տասը օր տևած ժողովից հետո սարսափի մատնված Հայ բնակչությանը թմբիրի մեջ պահելու և հանրային տրամադրությունները մեղմելու նպատակով վալի Ջեմալ Ազմիի նախաձեռնությամբ կազմվում է հոգևորականների և ազգային երևելիների հանձնախումբ, որը պետք է շրջեր քաղաքներով ու գյուղերով՝ ժողովրդին խաղաղեցնելու ու վստահեցնելու, որ կառավարությունը մտահոգված է իր հպատակների հանգստությամբ:

    Հանձնախմբի անդամներն էին՝ առաջնորդ Թուրյան վարդապետը, Տեր Շեղա քահանան, հոգևորականներ Գյումուշխանեից, Սահակ էֆենդի Էթմեքճյանը, Կարապետ Մնացականյանը:
    Հարկ է նշել, որ այդ հանձնախմբի քարոզչությունն իր քայքայիչ ազդեցությունն ունեցավ Հայ ժողովրդի այն հատվածի վրա, որը մտադիր էր ինքնապաշտպանության դիմել»:

    …«1915 թ. հունիսի 24-ին Տրապիզոնի համայնքից 42 Հայի, հիմնականում կուսակցական գործիչների և ռուսահպատակ Հայերի, կանչում են նահանգապետարան և տեղեկացնում, որ պետք է ուղարկվեն Սամսուն հարցաքննության՝ համաձայն նահանգապետի կարգադրության:
    Այդ պատրվակով կառավարությունը Հայ երևելիներին հեռացնում է քաղաքից ոչ հեռու Պլաթանա կոչվող վայրը, երկու «մավունաներով»՝ մակույկներով Սամսուն տեղափոխելու նպատակով:
    Նրանց հետևից ծով են դուրս գալիս ժանդարմներով ու «Թեշքիլաթ-ը մահսուսա»-ի՝ Հատուկ կազմակերպության մարդասպանների և չեթեների խմբերով մակույկներ: Գործողությունը ղեկավարում էին Թեքքելի Նեշատը (Թեքքե գյուղից), որը Տրապիզոնում իր հայատյացությամբ «մեծ համբավ» էր ձեռք բերել դեռևս 1910 թ., և ղայեղճի (մակույկավար) Քիսան: Երկուսն էլ մարդասպաններ էին, որոնք ազատ էին արձակվել բանտից Ջեմալ Ազմիի հրամանով: Կառավարությունը մակույկավարներին 50 ոսկի է տալիս այդ գործողության համար»:

    Տեսարան Տրապիզոնից

    «Ցեղասպանությունը վերապրած տրապիզոնցի Գոհար Սարյանը, որի ամուսինը ձերբակալված 42 Հայերի մեջ էր, պատմում է, որ նավահանգստում ձերբակալվածներին թույլատրում են մոտենալ իրենց մտերիմներին՝ ճանապարհի համար գումար և սնունդ վերցնելու, սակայն նավահանգստից հեռանալուց հետո Հայերին կապկպում են, կողոպտում զարդերն ու գումարը, ապա դանակահարելով սպանում, իսկ դիակները նետում ծովը:
    Ձերբակալվածների շարքում էր Տրապիզոնում Շանտան սրճարանի պետ ռուսահպատակ Վարդան Արթինյանը: Նրան հաջողվում է վիրավոր ճողոպրել ու լողալով հասնել Տրապիզոն, որտեղ ափ է դուրս գալիս թուրք ձկնորսների թաղամասում, իսկ վերջիններս, մտածելով, թե Վարդանը ենթարկվել է ավազակային հարձակման, օգնություն են ցույց տալիս և ուղարկում քաղաք»:

    Իտալական «Մեսսաջերո» թերթի 1915 թվականի օգոստոսի 27-ի և 28-ի համարներում տպագրված՝
    1915-ին Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջիակոմո Գորրինիի հարցազրույցից մի հատված՝ Օսմանյան կայսրության ներքին իրավիճակի վերաբերյալ՝ «Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոնի» հրապարակումից (2021 թ., դեկտեմբերի 26):

    «Տարբեր վիլայեթներում Հայերը խոշտանգվում են տարբեր ձևերով:
    Ամենուր նրանք հետապնդվում ու կասկածվում են: Նրանք ենթարկվում են իսկական սպանդի, որն ավելի դաժան է, քան կոտորածը:
    Այսպես ասած Հայկական վիլայեթներից (7 վիլայեթ) հինգը՝ ամենակարևորներն ու մարդաշատը, դժբախտաբար, հենց ի՛մ հյուպատոսական իրավասության տակ էին գտնվում՝ Տրապիզոնը, Էրզրումը, Վանը, Բիթլիսը և Սվազը:
    Իմ տարածքներում, սկսած հունիսի 24-ից, բոլոր Հայերին սկսեցին տեղահանել` բռնի դուրս էին մղում իրենց բնակավայրերից և ուղեկցում դեպի հեռավոր կողմերը: Նրանցից միայն քչերն էին հասնում Միջագետք, իսկ մեծ մասը սպանվում էր չլսված դաժանությամբ»…

    …«Մեր հյուպատոսական միջնորդությունը փորձեց փրկել գոնե երեխաներին ու կանանց, սակայն ստացված բազմաթիվ խոստումները չէին հարգում «Միություն և առաջադիմություն» կուսակցության տեղական մարմինները, քանի որ հրամանները գալիս էին Կ. Պոլսից:
    Իրականացվում է անմեղ բնակչության իրական կոտորած և մորթ:
    Սա չլսված բան է, մի սև էջ, բացահայտ հալածանք մարդկային սրբազան օրենքների, քրիստոնեության ու ազգային պատկանելության հանդեպ: Նույնիսկ Հայ կաթոլիկները, որ նախկինում միշտ հարգված էին ու զերծ էին մնում հալածանքներից ու կոտորածներից, այս անգամ, դարձյալ կենտրոնի հրամաններով, հալածվում են ամենադաժան ձևերով:

    Տրապիզոնում բնակվող լուսավորչական, կաթոլիկ և բողոքական շուրջ 14.000 Հայերից, որոնք երբևէ չեն հրահրել անօրինություններ, երբեք չեն նախազգուշացվել ոստիկանության կողմից, իմ մեկնելու ժամանակ մնացել էին 100-ը: Հունիսի 24-ից այդ խայտառակ հրամանագրի հրապարակման օրից մինչ հուլիսի 23-ը Տրապիզոնից իմ հեռանալու օրը, ես չէի քնում, չէի ուտում, գտնվում էի կաթվածահար վիճակում: Մի իսկական տանջանք էր ներկա գտնվել անզեն ու անմեղ արարածների բնաջնջմանը:

    Հայերի խմբերն անցնում էին հյուպատոսության պատուհանների տակով` աղերսելով օգնություն, բայց ո՛չ ես, ո՛չ մյուսները ոչինչ չէինք կարող անել նրանց համար:
    Քաղաքը պաշարված էր մինչև ատամները զինված 15.000 զինվորներով, ոստիկանության հազարավոր աշխատակիցներով, կամավորների ավազակախմբերով, «Միություն և առաջադիմություն» կուսակցության հատուկ ջոկատներով:
    Արցունքներ, կսկիծներ, անեծքներ, բազմաթիվ սպանություններ, խելագարվածներ, վախից մեռնողներ, հրդեհներ, կրակոցներ, անգութ հալածանքներ, յուրաքանչյուր օր փողոցներում հարյուրավոր դիակներ, բռնի մահմեդականացված կանայք, քրիստոնեական ընտանիքներից ու դպրոցներից գողացված ու մուսուլմանական ընտանիքներին հանձնված երեխաներ, շատերն էլ միայն մի շապիկով նստեցվում էին նավակների մեջ ու խեղդամահ արվում Սև ծովում կամ Դերե Մենդերե գետում: Ահա՛, սրա՛նք են Տրապիզոնից իմ վերջին, անջնջելի հիշողությունները, որ տանջում ու խռովում են հոգիս:

    Թույլ տվեք այսքանով եզրափակել իմ այս զրույցը և հայտարարել, որ Թուրքիայի այս սև էջը ենթակա է վճռական դատապարտման:
    Եթե իմանային այն ամենը, ինչ ե՛ս գիտեմ, այն ամենը, ինչ տեսե՛լ եմ իմ աչքերով ու լսե՛լ իմ ականջներով, քրիստոնեական այն բոլոր պետությունները, որոնք մինչ այժմ չեզոք դիրքում են, պետք է ելնեն Թուրքիայի դեմ, դատապարտեն նրա անքաղաքակիրթ իշխանությանը, նրա վայրագ «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և պատասխանատու համարեն նրա դաշնակիցներին, որոնք հանդուրժում ու իրենց օգնությամբ թաքցնում են այն ահավոր ոճրագործությունը, որը համարժեքը չունի ո՛չ հին, ո՛չ էլ նոր պատմության մեջ»…

    Տրապիզոնից ձգվող մահվան քարավաններից բազմիցս փախած ու տարիներ շարունակ տարբեր վայրերում գաղտնի գոյատևած Հայուհու՝ 22 -ամյա Սրբուհի Հովակյանի օրագրից որոշ քաղվածքներ՝ ստորև:

    «…25 օրէն Երզնկայ հասանք. ամէն օր մէյ մէկ դեպք պատահելով, ամէն օր գիւղացիները կը սպաննէին: 6 ժամ կը քալէինք անօթի, ծարաւ՝ առանց նպատակի:
    Ճամբայ մը քալէ եւ քալէ, մինչեւ որ կեանքիդ վերջ տաս, չարչարանք մը, որ աննկարագրելի է…
    5 օր վերջը Ժիրայրէս բաժնուեցայ…
    Ո՜հ, երբ յիշեմ այդ վայրկեանը, կարծես սիրտս կուրծքիս մէջը չի նստիր կոր…
    Ո՜հ, ի՜նչ յուսահատական վայրկեան, թշուառութեան վերջին կէտը հասնելու, որ մարդ մը զաւակը յանձնէ… Այն ալ՝ որու՞ն…Արիւնլուայ ոճրագործներուն, որ մայրերդ, քոյրերդ եւ եղբայրներդ եւ ամուսինները սպաննեցին սոսկալի չարչարանքներով…
    Ո՜հ յոյս, թերեւս կարծեցի զաւակս ազատած ըլլամ այս արիւնով գետ դարձած ճամբէն, որ երկրորդ օրն ալ մեզի տրուած վճիրն ալ այդ է:
    Դեռ յուսամ Աստուծոյ, մի՞թէ հրաշք չէր կրնար գործել:
    Աստուա՛ծ ալ մեզ անիծեր է կ’երեւի:

    Մարդկութիւնն ամէն միջոցով ձեռք կ’առնէ, որ մեռելներու՛ն կեանք տայ, իսկ անդին հազարաւոր էակներ, անմեղներ՝ հրէշներու ոտին տակ կ’ընկնին կոր:
    Մեռելները կենդանացնելու տեղը թող ողջերու՛ն կեանքը ապահովեն: Բայց ուր ամէն մարդ ի՛ր կեանքը կը մտածէ եւ վաղը երբոր ամեն բան դադրի՝ մարդիկը սենեակներուն մէջ նստած կամ թիկնաթոռներուն վրայ բազմած պիտի կարդան թուղթերուն տպուած մեր տանջանքները:
    Բայց արդեօք կրնա՞յ այդ հին գիրքը նկարագրել եւ արտայայտել էականապէս մեր տանջանքները:

    Սրբուհու որդու՝ Ժիրայրի ուսանողական քարտը (1927-1928 ուս. տարվա)

    Ո՛չ, երբէ՛ք… Եւ salon-ներուն խօսակցութեան մէջ նիւթ պիտի դառնանք քանի մը ամսուայ համար՝ մինչեւ որ ուրիշ նորութիւն մը յառաջ գայ եւ խեղճ Հայերուն աղաչանքները եւ ձայները պիտի անյետնան ծխախոտի ծուխի մը պէս եւ միայն մոխիրները պիտի մնան, որ կարծեմ միայն հո՛ղը օգնութեան մը պիտի հասնի»…

    …«Երզնկայ հասանք բոլորովին անդամալոյծ:
    Ինծի զինուորական մը Երզնկեանին մօտ գիւղ մը պահեց, որ վերադարձին պիտի առնէր: Կեցած տունս թիֆիւսի բոյնը (էր). երեք հոգի պառկած էին թիֆիւսէն, բայց ատոր միգրոպները վրաս չ’ազդեցին: Երեք օր պառկեցայ, յետոյ եկան զիս երեք զինուոր առին եւ Երզնկա տարին կառավարութիւն: Վրաս դրամ կայ կը կարծէր:
    Կէս օրէն հասանք:
    Սոսկալի փորարութիւն…Կառավարութիւն տարին, քննեցին, բանտը դրին:
    Հետեւեալ օրը ուրիշ Հայերու հետ ճամփեցին զիս: Ամբողջ երիտասարդ աղջիկներ, կին՝ երկու ամիս ամուսնացուցեր էին եւ յետոյ նորէն կը ղրկէին դէպի ներսերը: Անոնց հետ միացանք. հետերնին տուին ձայն-աղաղակներ, gendarme -այի հագուստին տակ թաքնուած՝ ճամփան կողոպտեցին:

    Եփրատ գետը միշտ քովերնիս կ’անցնէր. ամէն վայրկեան կը սպասէինք, որ գետը նետեն մեզի:
    Երկու կառք փոքրիկ տղայքներ ամբողջ տարին՝ գետը նետեցին:

    Ո՛հ, ի՜նչ սոսկալի էր այդ տեսարանը, դեռ աչքիս առաջն է այդ տեսարանը եւ բնաւ միտքէս չ’ելլաւ. կարծեմ, որ յաւիտենակա՛ն չպիտի ելլայ:
    Երբ այդ տղոցը մարմինները ջուրին մէջ տեսայ, եւ դեռ անդամները կը շարժէին, եւ այդկէ սոսկալի աւելի ազդուեցայ, երբ տեսայ այդ հրէշները կը դիտէին հեգնական ժպիտո՛վ մը:
    Ով Աստուա՛ծ իմ, միայն կ’աղաչեմ, որ այս խեղճերուն վրէժը լուծելը տեսնամ:

    Երզնկայ երկու օր բանտ մնացի:
    3 օր վերջը հասանք Քեմահ:
    Ո՜հ, ի՜նչ տեսարաններու հանդիսատես եղանք…
    3 օր գետին եզերքը պառկեցանք, ուր դիակները կարծես կը շարժէին ջուրին մէջ, որ սիրտին գութը շարժեն, բայց՝ անգութ…
    Անկէ յետոյ 2 օր ետքը գիւղ մը հասանք. հոնկէ ես, քեռկինս եւ Սուրէնը փախանք այդ գիւղը…
    …Սկիզբը սոսկալի հալածեցին մեզ, բայց յետոյ վարժուեցան: Քերն տակիններ կը կարէինք, էրիկ մարդու հագուստ՝ միայն եւ միայն մեր օրական հացը հանելու համար»…

    …«Հոնտեղ ամիս մը կեցանք, հոնկէ ալ հալածեցին…
    Անկէ յետոյ Էկին (Ակն, Կ.Ա.) հասանք»…
    «…Կարողութիւն չ’ունէի շարունակելու, բայց, դժբախտաբար, հիւանդ ըլլալուս՝ ոչ մէկը քովս կը մօտենար: Հետս ընկեր մը ունէի՝ Կերասոնցի աղջիկ մըն է, ճամփան միշտ միասին կը քալէինք եւ զիրար կ’օգնէինք:
    Որոշեցի հոնկէ ալ փախչիլ:
    Երեկոյեան ատեն ժանտարմաները զբաղած էին կաթոլիկները զատելու, որովհետեւ անոնց հրաման կար հասած տեղերնին մնալու, բայց լուսաւորչականներուն՝ ոչ:
    Հոդկէ փախուստ տուինք, գահակը լրիւ էր այդպէսով. ճամփան շարունակեցինք:
    Քանդուած տուն մը կար. հոն հասանք:
    Տեսայ, որ բաւական հեռացեր ենք և երբ տեսայ, որ ալ չեն կրնար ետեւնէս հասնիլ, հոդ նստանք: Որոշեր եմ գիշերները հոդ անցնելու, որովհետեւ իրիկուն իջաւ. առաջանալ չեմ յամարձակիր կոր:

    Ահագին պարտէզ եւ պտղատու ծառեր կային. ընկերուհիս գնաց՝ քանի մը հատ թուզ քաղեց, կերանք:
    Նստած, տեսայ կաթի աման մը դրուած էր քարի մը տակը եւ կնոջ ծածկոց: Վերջապէս հանգստացայ, քանի որ կին մըն էր, որ պիտի գար, անոր ճամփան կրնանք յարմարցունել. պատրաստուիմ առաջուց պատասխաններս: Ընկերոջս պատուիրեցի, որ չ’ըլլայ սխալ բան մը ըսէ: Վերջապէս, կէս ժամ վերջը հեռուէն ձայնը լսեցինք, լացի պէս ձայներ: Քիչ վերջ՝ ծեր կնիկ մը տեսանք՝ մազերը քաշքշած կուգայ կոր:
    Այնքա՜ն յուզուած էր, որ զարմանք չի պատճառեց, երբ մեզի տեսաւ: Մօտեցաւ մեզի:
    «Ի՞նչ կայ»,- ըսինք: «Ոչխարս,- ըսաւ, — հոստեղ կ’արածէր կոր, հիմայ ասկէ գնաց, ետեւէն գացի եւ չի տեսայ: Մեզի կ’աղաչէ կոր, որ՝ գացէ՛ք, գտէ՛ք եւ ես, չ’ուզելով, որ օտարի ձեւ առնենք, քանի որ բան չի հասկցաւ, իբր թէ շատոնց Էկինի մէջ գտնուած եմ, սկսանք ընկերուհիս եւ ես պարտէզին շուրջը քալել, իբր թէ ոչխար կը փնտռենք»…

    …«Կէս ժամ յետոյ վերջապէս ողորմելի ոչխարը գտաւ եւ բերաւ: Աղաչեցինք, որ գոնէ ճամփան ցուցունէ մեզի: Բացատրեց, ելլանք ճամփայ:
    Ամայի ճամփաներ… Վախնամ կոր, որ այր մարդու կը հանդիպինք, որովհետեւ վստահ եմ՝ փորձանք մը պիտի գայ մեզի: 70 տարեկան ծերը երիտասարդէն աւելի սրիկայ. անոնց սիրտին մէջը մինչեւ իսկ գութը չի շարժիր կոր:
    Ժամ մը քալելէն վերջ՝ հեռուէն ծառեր տեսանք, առաջնիս գետ մը կար, որ պիտի անցնէինք:
    Այդտեղ փաթթոցաւոր մը հանդիպեցանք. հոդտեղ սիրտս մեյ մը զարկաւ, մարեցաւ: Մեզի հարցուց, թէ ու՛ր կ’երթանք:

    «Էկին կ’երթանք կոր»,- ըսինք:
    «Բայց իրիկուն է,- ըսաւ,- հազիւ ժամէ մը կրնաք հասնիլ. արդէն կը մութնայ»:
    «Արդէօք մօտերը պառկելու տեղ մը չի կա՞յ»,- ըսի:
    «Դրամ ունի՞ք»,- հարցուց,- եթէ դրամ ունիք՝ ձեզի կրնամ մեր տունը տանիլ»:
    «Մեր քովը ու՞րկէ դրամ պիտի ըլլայ. ամէնն ալ կողոպտեցին»:
    «Քանի որ այդպէս է՝ ճամփանի՛դ շարունակեցեք: Միայն թէ, եթէ կ’ուզէք, այգիիս մէջը պզտիկ ախոռ մը ունիմ, հազիւ երկու հոգի կ’առնէ: Եթէ կ’ուզէք՝ հինգ դահեկան տուեք և գացեք հոն պառկեցեք»:

    Ընկերուհու մոտ միայն 2 դահեկան կար և, սակարկելով, մի գիշերվա համար թույլատրում է ախոռում գիշերել: Այնտեղ հանդիպում է Երզնկացի մի աղջկա, որի հետ ճանապարհին էր եղել…

    …«Արդէն ուժասպառ եղած, կարողութիւն չ’ունիմ քալելու:
    Քայլերս դժուարաւ կ’առնեմ կոր, ընկերոջս ուսին կրթնած կը քալեմ կոր: 3 քառորդ քալելէ ետք՝ քաղաքը երեւցաւ: Պատին վրայ քիչ մը նստանք, որ հանգչինք:
    Քիչ յետոյ վրան-գլուխը մաքուր հագուած, քիչ մարդու շնորհք ունեցող մէկը անցաւ: Երբ մեզի տեսաւ՝ կանգ առաւ. «Դուք ուրտեղէ՞ն եք»: Ըսինք, որ Տրապիզոնէն էի, երկու ամիս կայ, որ հոս ենք, մեզի տուն մը ցուցուց»…
    …«Ցորեկները պարտէզը կը նստէինք եւ գիշերը գաղտնի կու գայինք՝ քնանալու»…

    Սրբուհի Հովակյանն իր ավագ քրոջ՝ Վազգանուշի հետ՝ 1915-ից առաջ (լուսանկարը՝ հուշերի գրքից)

    …«Տունը պառաւը զիս կը խնամէր կոր: Անկողինէս ելլալ չէի կրնար, թևերէս կը բռնէին: Անկողինս մինակ վերմակէ մը կը բաղկանար. կէսը տակս կ’առնէի, կէսը՝ վրաս, գետինը՝ հող: Աղաչեցի, որ բժիշկ մը բերեն: «Ես կը ղրկեմ,- ըսաւ, բայց իրիկուն եղաւ՝ մէկը չ’եկաւ:
    Երեկոյեան դէմ աչքերս սկսան մթնիլ, ձեռքերս՝ պաղիլ. ալ պիտի մեռնիմ, ըսի: Պառաւը գնաց: Ըսի, որ կը մսինք կոր, մէկը քովս չ’եկաւ. այսպէս՝ անդադար:
    Մեռած վիճակի մէջ մնացի երկու ժամ. յետոյ արթնցայ եւ շուրջս նայեցայ, որ մարդ չի կար:
    Ո՜հ, մենակութիւն…
    Մեկը չ’ունիս, գէթ վերջին վայրկեանիդ քանի մը քաջալերական խօսքեր ըսէ»…

    Հակոբ Հովակյանի և Անի Խաչատուրյանի դուստրը՝ Սրբուհի Հովակյանը՝ ծնված 1893 թվականին՝ Տրապիզոնում, մինչև հոր մահը՝ 1906 թվականը, ապրել է հիմնականում Պաղեստինում ու Բաղդադում՝ ստանալով փայլուն կրթություն: Երկաթուղային շինարարություն իրականացնող ընկերության մեջ աշխատող հոր շնորհիվ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքը հոր մահից հետո վերադառնում է Տրապիզոն, ուր Սրբուհին 1909 թվականին ամուսնանում է տրապիզոնցի ծխախոտավաճառ Գառնիկ Գափամաջյանի հետ:

    Սրբուհի Հովակյանը որդու՝ Ժիրայրի հետ

    1915-ին՝ ցեղասպաններից ու մահվան ճիրաններից իր չորսամյա որդուն՝ Ժիրայրին փրկելու նպատակով մի ընտանիքի հանձնելուց հետո, տարիներ անց երկար փնտրտուքների շնորհիվ նրան գտնում է Բաթումի որբանոցում (իր վեցամսյա աղջկան՝ Աիդային, բազմաթիվ այլ երեխաների նման, թունավորմամբ սպանել էին Տրապիզոնի հիվանդանոցում):

    1921 թվականից տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ և իր մահվանից հետո իր թոռնուհին հայտնաբերել է ցեղասպանության դժվարին տարիներին գրված օրագրից պահպանված էջերը, որից որոշ քաղվածքների ծանոթացանք՝ շնորհիվ Ֆրանսիայի Ազգային գրադարանի՝ 2021 թվականին տպագրած՝ «Միայն հողը մեզ փրկության կգա» վերնագրով գրքի:

    Հաջորդիվ՝ Տրապիզոնից վերապրած մի այլ ականատեսի հուշերը…

    Ֆրանսիայում 2018 թվականի սեպտեմբերին կազմակերպվեց «Սրբուհի Հովակյանի ոդիսականը» խորագրով ցուցադրություն:

  • «…ՄԻԱՅՆ Կ’ԱՂԱՉԵՄ, ՈՐ ԱՅՍ ԽԵՂՃԵՐՈՒՆ ՎՐԷԺԸ ԼՈՒԾԵԼԸ ՏԵՍՆԱՄ»…

    «…ՄԻԱՅՆ Կ’ԱՂԱՉԵՄ, ՈՐ ԱՅՍ ԽԵՂՃԵՐՈՒՆ ՎՐԷԺԸ ԼՈՒԾԵԼԸ ՏԵՍՆԱՄ»…

    «…ՄԻԱՅՆ Կ’ԱՂԱՉԵՄ, ՈՐ ԱՅՍ ԽԵՂՃԵՐՈՒՆ ՎՐԷԺԸ ԼՈՒԾԵԼԸ ՏԵՍՆԱՄ»…

    2021 թվականի ապրիլին Ֆրանսիայի Ազգային գրադարանը հրատարակեց Տրապիզոնից Մարսել հասած մի խիզախ Հայուհու՝ Սրբուհի Հովակյանի (1893-1976) հուշերը, որոնք գրվելուց մոտ մեկ դար անց պատահաբար հայտնաբերել էր հեղինակի թոռնուհին՝ իր տատի անձնական իրերի սնդուկում, նրա մահվանից հետո:

    Ֆրանսիայի Ազգային գրադարանում հանգրվանելուց առաջ աշխարհին անհայտ մնացած այս բացառիկ գրքույկը չափազանց արժեքավոր է Հայության, ողջ մարդկության համար, քանզի գրվել է հենց Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության օրերին՝ ի տարբերություն եղեռնը վերապրածների բազմաթիվ այլ հուշագրությունների, որոնք շարադրվել են այդ աննախադեպ ոճրագործություններից տարիներ, տասնամյակներ անց…

    Սրբուհի Հովակյանի հուշերը՝ վերնագրված՝ «Միայն հողը կգա մեզ փրկության»

    1915-ի մայիս-հունիսից սկսած՝ իր բազմահազար ազգակիցների նման, 22-ամյա Սրբուհին՝ իր՝ դեռևս ողջ մնացած երկու երեխաների՝ նորածին Աիդայի և մոտ 4-5 տարեկան որդու՝ Ժիրայրի հետ ձերբակալվելուց ի վեր, որոշ ընդմիջումներով, մատիտով թղթին է հանձնել ականատեսի իր վկայությունները՝ 1915-1918 թվականների առօրյա իրադարձությունները՝ համառոտ ամփոփված…

    Սկզբում՝ Հայերենով, հետո և ֆրանսերենով, որոշ հատվածներ էլ՝ հունարենով գրված այս կարևոր ու հուզառատ Օրագիրը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո, մեծ արձագանք գտավ, թարգմանվելով ու հրատարակվելով նաև անգլերենով:

    Երիտասարդ Հայուհին՝ Սրբուհի Հովակյանը Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ դրվագներից մեկի՝ Կամախի (Քեմախի) կիրճում կատարված աննկարագրելի սպանդից մազապուրծ հազվագյուտ Հայերից էր, որն ի լուր մարդկությանն ու գալիք սերունդներին՝ արձանագրեց իր տեսածն ու ապրածը:

    Կամախի (Քեմախի) կիրճից մի դրվագ

    1915 — 1918 թվականներին Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավար, Թուրքիայի 5-րդ բանակի սպա, բանակային կորպուսի հրամանատար Լիման ֆոն Սանդերսի անձնական թարգմանիչ Հայնրիխ Ֆիրբյուխերը՝ այդ տարիներին Հայոց հանդեպ իրականացվող ցեղասպանության ականատեսներից մեկը, «Ի՞նչ էր թաքցնում կայզերական կառավարությունը գերմանահպատակներից: Հայաստան. 1915 թ.: Քաղաքակիրթ ժողովրդի ոչնչացումը Թուրքիայի կողմից» վերնագրով իր գրքում, որն առաջին անգամ Գերմանիայում լույս է տեսել 1930 թվականին, նկարագրել է պետական մակարդակով կազմակերպած ոճրագործությունները՝ անհերքելի փաստերով ու ապացույցներով, բացահայտելով նաև կայզերական Գերմանիայի հանցակցությունը:

    «Եթե ուզում ենք մեր մեջ պահել սիրելու կարողությունը, մենք պետք է ատե՛նք այն հրեշավոր գազանությունները, որոնք կատարվեցին մեր շուրջը: Ուրեմն, թող այս գիրքը մի փոքր ներդրում լինի այդ գործում՝ որպես մի աննշան խաչ՝ Կովկասյան լեռներում՝ ընդհանուր գերեզմանի վրա»:

    «…Տրապիզոնի և Էրզրումի վիլայեթներից տեղահանված Հայերին Եփրատի հովտով քշեցին մինչև Քեմախի կիրճը:
    Դա մի շատ խորը, զառիվայր լեռնանցք է, որտեղ գետը վերածվում է հորձանուտի:

    Այն, ինչ այստեղ կատարվեց հազարավոր Հայերի հետ, աներևակայելի դաժանության ու գազանության այնպիսի պատկեր է ներկայացնում, որ թվում է, թե հազարամյակների խելագարությունը մի անգամ ևս կենտրոնացել է այստեղ, որպեսզի հաղթականորեն գոռա հունիսյան արևի դեմ, թե ողջ քաղաքակրթությունն ընդամենը քո՛ղ է, որն ամեն օր կարող է պատռվել երկոտանի հրեշի բիրտությամբ»…

    …«Հունիսի 8-ին, 9-ին և 10-ին Հայերի խմբերը թողեցին Երզնկա քաղաքը՝ զինվորական պահակախմբի ուղեկցությամբ, որը պետք է ապահովեր բազմաթիվ մարդկանց ու հարյուրավոր սայլերի տեղափոխության անվտանգությունը:
    Նրանք գնում էին Քեմախ՝ հաջորդ գավառաքաղաքը:
    Եփրատի հովիտով տարվող հարյուր-հազարավոր Հայերից միայն շատ փոքր մասը հասավ նշանակման վայրը:
    Կիրճում անզեն մարդկանց վրա հարձակվեցին զինվորներն ու վրա հասած արյունարբու քրդերը. թալանեցին և հետո՝ արյան մոլուցքով բռնկված, մորթեցին նրանց:
    Մորթող ճիվաղները վայրենի աղաղակներով բացատարած անդունդն էին շպրտում կիսամեռ մարդկանց ու դիակներ, որոնցից ներքևում կույտեր էին առաջանում:
    Ջախջախված մարդկային մարմնի մասերի շառաչյունը արձագանքում էր ժայռերի մեջ՝ խառնվելով վերևում հոգեվարքի մեջ թավալվող զոհերի խելակորույս հեծեծանքներին:

    Տեսարան Կամախի կիրճից

    Տղամարդկանց ու կանանց աչքերի առաջ անդամահատում ու կտոր-կտոր էին անում նրանց երեխաներին ու հարազատներին, նրանց արնաշաղախ մարմինները ջարդում էին՝ խփելով ժայռի սուր ելուստներին:
    Այս դժոխային տեսիլքից խելագարված մայրերն իրենց երեխաների ու ամուսինների հետևից նետվում էին մահվան անդունդը:
    Հուսահատության հասած մարդկային էակները ծնկի էին գալիս արնաթաթախ ճիվաղների առաջ ու պաղատում արագ սպանել իրենց:
    Ուրիշները խնդրում էին կարեկցել կամ իրե՛նք էին շպրտում իրենց երեխաներին գետը, որի առափնյա ելուստներում դիակների կույտից արգելապատ էր առաջացել:
    Մեռած մարմինները շրմփոցով ընկնում էին արագ հոսող ալիքների վրա…

    Եվ այս սատանայական գործը տևեց ո՛չ թե մեկ կամ երկու ժամ, այլ՝ երեք օր շարունա՛կ…
    Ժամերով շարունակվում էր խեղդամահ անելն ու մորթելը: Արյան շիթերը ծուլորեն հոսում էին ժայռերից ներքև ու խառնվում ալեկոծված ալիքներին…Երե՜ք օր շարունակ…
    Եվ արևը չխավարեց, և սարսափի փոթորիկ չանցավ Ստամբուլի այգիների շքեղ սեղանների վրայով, որոնց մոտ նստած գերմանացի քաղքենիների երևակայության մեջ արևելյան կախարդական պատկերներ էին հառնում, մորթվող երեխաների մահվան ո՛չ մի ճիչ չսթափեցրեց նրանց գինարբուքային կեղծ երազանքներից:

    Մի՞թէ գիշերային ո՛չ մի ձայն չհուշեց գերմանացի պետական գործիչներից որևէ մեկին, որպեսզի Բոսֆորի իր գործընկերների ականջին գոռա, թե նրանք հրեշնե՛ր են, որոնց պետք է շղթայակապել»…

    …«Երեք օր… Եփրատում կուլ գնացածների ունեցվածքը տարան անտեր մնացած սայլերով:
    Միայն չորրորդ օրը Քեմախի կիրճ ուղարկվեցին 86-րդ հեծյալ ջոկատի զորքերը՝ իբր մարդասպան քրդերին պատժելու համար:
    Այս «ազնիվ» ջոկատն ավարտեց արյունալի գործը՝ մորթելով այն քիչ մարդկանց, որոնք դեռ կենդանի էին մնացել:
    Զառիթափերն ու ժայռերը սփռված էին ուռչող դիակներով, որոնք օդը լցնում էին անտանելի գարշահոտությամբ:
    Երկու բուժքույրեր Երզնկայից պատմում են մի ժանդարմի մասին, որը պարծենում էր, թե ինքն ամեն օր տաս-տասներկու տղամարդ էր սպանում ու շպրտում գետը, ճեղքում էր երեխաների գանգերը, որոնք չէին կարողանում փախչել»…

    Կամախի կիրճից մի հատված

    …«Մեր ժանդարմը պատմեց, թե ինքը 3000 կանանցից ու երեխաներից բաղկացած մի այդպիսի շարասուն է տարել Մամախաթունից՝ Քեմախ: «Հեփ գիթտի բիթտի — բոլորին ոչնչացրին»,- ասաց նա:
    Մենք հարցրեցինք. «Եթե ուզում եք նրանց սպանել, ինչու՞ դա չեք անում գյուղերում: Ինչու՞ եք նրանց սկզբում հասցնում այդպիսի ստորացուցիչ թշվառության»: «Իսկ ու՞ր պետք է կորցնենք դիակները, չէ՞որ դրանք գարշահոտություն կտարածեն»,- եղավ պատասխանը»…
    (Մեջբերումները՝ Վ. Գ. Մինալյանի՝ «Հայնրիխ Ֆիրբյուխեր. «Հայաստան. 1915 թ.» » հոդվածից):

    Մի քանի անգամ փախչելով «մահվան քարավաններից», հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, Կամախի կիրճում իրականացված զարհուրելի սպանդին ականատես ու հրաշքով փրկված Սրբուհի Հովակյանը Երզնկայի ճանապարհին գրում է իր օրագրում.

    «Օրը 6 ժամ կը քալէինք անօթի, ծարաւ՝ առանց նպատակի:
    Ճամբայ մը քալէ եւ քալէ, մինչեւ որ կեանքիդ վերջ տաս, չարչարանք մը, որ աննկարագրելի է…
    Եփրատ գետը միշտ քովերնիս կ’անցնէր, ամէն վայրկեան կը սպասէինք, որ գետը նետեն մեզի:
    Երկու կառք փոքրիկ տղայքներ ամբողջ տարին՝ գետը նետեցին:

    Սրբուհի Հովակյանի հուշերի էջերից

    Ո՛հ, ի՜նչ սոսկալի էր այդ տեսարանը, դեռ աչքիս առաջն է այդ տեսարանը եւ բնաւ միտքէս չ’ելլաւ. կարծեմ, որ յաւիտենակա՛ն չպիտի ելլայ:
    Երբ այդ տղոցը մարմինները ջուրին մէջ տեսայ, եւ դեռ անդամները կը շարժէին, եւ այդկէ սոսկալի աւելի ազդուեցայ, երբ տեսայ այդ հրէշները կը դիտէին հեգնական ժպիտո՛վ մը:
    Ով Աստուա՛ծ իմ, միայն կ’աղաչեմ, որ այս խեղճերուն վրէժը լուծելը տեսնամ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Հովակյանների ընտանիքը. կենտրոնում նստած՝ Անի և Հակոբ Հովակյաններ, մեջտեղում նրանց կրտսեր դուստրը՝ Վարդանուշը, կանգնած՝ ձախից՝ նրանց մյուս երեխաները՝ Վազգանուշը, Գուրգենը և Սրբուհին

  • «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…       («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Բ)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»… («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Բ)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Բ)

    Քրիստոնեության տարածումից հետո օտա՛ր կերպարի ներքո Հայոց Նախնիների՝ Քաջության ու Արիության Ոգու մարմնավորմամբ՝ Հայ Լարախաղացները շարունակեցին հնագույն ժամանակներից եկող ավանդույթները՝ ազգային տոնախմբություններից անբաժան մնալով…

    Մշեցի Լարախաղացն ու խեղկատակը, նրանց խաղով զվարճացող Հայ մանուկներն ու մեծերը՝ 1915-ից առաջ և հետո՝ Ն. Աստուածատուրեանի հուշերում…

    «Տարօնի Արծիւ» ամսաթերթից (1938 թ.) «ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ» հոդվածի շարունակությունից հատվածներ՝ ստորև:
    Սկիզբը՝ նախորդող երկու հրապարակումներում…

    …«Լսէ՛, ա՛յ տղայ, Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ — հազար անգամ մեռնիմ իր սուրբ զօրութեան — մեր աշխարհի հրաշք ասպետն է: Ան քրիստոնեայ է և հեթանոս, բարի է և անողոք:
    Անոր ճամբան լուսաւոր է: Արի՛ և զօրաւո՛ր մարդոց ճամբան է…
    Երանի՜ թէ դու՛ն ալ այդ ճամբէն կարենայիր քալել:
    Երանի՜ թէ իր հրեղէն շունչը քու՛ ալ հոգիդ ողողէր, անսասանելի հաւատք ունենայիր դուն և հաւատարմօրէն նուիրուէիր անոր…
    Սուրբ Կարապետը թող քու մուրատը տայ…

    «Է՜յ, մըռնիմ քըզի, եօթն անուան տէր Մշու Սուլթան Սուրբ Կարապետ»…
    Փէհլիվանը լարին վրայ է, առաջ ու ետ կը պարէ՝ սրունքները փոխն ի փոխ ճօճելէն:
    Կուրծքի խաչերն ու զանազան յուռութքները ներդաշնակ զնգոց մը յառաջ կը բերեն՝ քանի մարմինը դողդղացնէ պարի միջոցին:
    Երբեմն ոստումներ կ’ընէ կամ յանկարծ լարին վրայ կիյնայ՝ ձի նստելու պէս: Առաձգական լարը կրկին կը նետէ զինքը… Երբեմն այսպէս յաջորդաբար բազմաթիւ անգամներ «չաթմա կը թալէ»…

    Լարախաղացները՝ Մուշի Սուրբ Կարապետ վանքի բակում (Աղբյուր՝ «Գեղունի», թիւ 1-10, 1903, Բ. տարի, Վենետիկ, Ս. Ղազար)

    Այդ առաձգականութիւնը, որ շատ կարեւոր դեր մը ունի, Փէհլիվա՛նն է, որ կը պահէ և կը կանոնաւորէ իր ամեն մէկ շարժումովը, որ ինքնայատուկ չափականութիւնը պէտք է ունենայ:
    Վարը՝ դաշտին վրայ, խեղկատակ անձնաւորութիւն մը, խաղին սկիզբէն ի վեր իր գոյութիւնը զգացնել տուած է:
    Եալանճի Ղարտա՛շն է ան:
    Երեսները՝ ալիւրոտած, գլխուն՝ ծիծաղելի գտակ մը, կռնակը՝ արջի կամ ոչխարի փոստ մը, ձեռքին՝ գաւազան մը, որ երբեմն լարախաղացին երկար ձողը կապկելու կը ծառայէ, երբեմն ալ՝ մեզի պէս դարդիման տղաքը լարէն հեռու պահելու…
    Չէ մոռցած նաեւ կուրծքը զարդարել քանի մը սուտ խաչերով և ուլունքներով…
    Իր դերը, որ ամենէն խեղկատակայինն է, ըստ երեւոյթին, շատ լուրջ ու կենսական է:
    Ան խաղավայրի ոստիկա՛նն է, թոյլ չի՛ տար, որ բազմութիւնը լարին տակ հաւաքուի, ձախողութեան մը պարագային բարդութիւններ չստեղծելու համար:
    Յետոյ, մինչ Փէհլիվանը շնորհի արժանացած ընտրեալի իր հանգամանքին թոյլ չի տար, մինչ նուագածուները զբաղած են անընդհատ, ծիծաղ ու ժպիտ սփռելով՝ Եալանճի Ղարտաշը կը վազէ, կը ցատկէ, կը գլորի, աքլափուստ կուտայ և աջէն — ձախէն դրամական նուերնէր կը հաւաքէ:

    Եալանճի Ղարտաշի այս պաշտօնը յատուկ ձեւակերպութիւն մ’ալ ունի:

    • Եա՜, փէհլիվա՛ն Ղարտաշ,- ձայն կուտայ վարէն Եալանճին:
    • Լապէ ճան Ղարտաշ,- կ’ըլլայ վերէն պատասխանը:
    • Հիւնա՛րը, հիւնա՛րը ի՞նչ է:
    • Հիւնարը Աստուա՛ծ է, հիւնարը Չանկլի Դիւան Սըբ Կարապե՛տն է…
    • Հիւնարը որու՞ համար է:
    • Հիւնարը մեծաւորի՛ն, փոքրաւորի՛ն, մելիքի՛ն, գզիրի՛ն, մշակի՛ն, երախայի՛ն և ալամ աշխարհի՛ն համար է…

    Ու յանկարծ արջի խուլ ոռնոց մը կը լսես, յետոյ՝ աքաղաղի կամ այծի զիլ ձայն մը…
    Եալանճին է, որ, արշաւի ձեռնարկելէ առաջ՝ իր «պատերազմական կանչերը» կ’արձակէ:
    Ահա՛, կը նետուի առաջ, բազմութիւնը կը ճեղքէ, կը գտնէ իր «ընտրեալը», որուն համար փէհլիվանն իր հիւնարը ցոյց կուտայ. «ակլափուստ» կուտայ ու բարեւի կեցած է կրկին:

    Լաւ խեղկատակ Եալանճի Ղարտաշ մը, ինչպէս եւրոպական սիռքերու քլաուները (կրկեսի ծաղրածուները, Կ. Ա.), թանկագին յաւելում մըն է փէհլիվաններու խումբի մը վրայ:
    Եալանճի Ղարտա՜շը…
    Ի՛ր մօտ փնտռեցէք մեր գեղջուկ սրամտութիւնը, գեղջուկ երգի յանգը:
    Ի՛նքն է, որ ծիծաղիլ ու խնդալ կը պահանջէ տրտմելու և փիլիսոփայելու հակամէտ Հայոց ազգէն:

    Փէհլիվանը յաջորդաբար իր հիւնարը ցոյց կուտայ ժողովուրդին՝ պարզէն աւելի բարդը երթալով, մինչեւ վտանգաւոր ու մասնաւոր նշանակութիւն ունեցող խաղերը:
    Անգամ մը՝ ոտքերը կապած՝ ոստոստելէն զանազան խաղեր կը կատարէ:

    Լարախաղացը՝ ոտքերից կախված երեխաներով (Հայկական ժողովրդական խաղերի» նկարազարդումներից)

    Յետոյ՝ ոտքին տակ օճառի քառակուսի մեծ կտորներ կապած կամ պղնձէ կաթսայի մը մէջ դրած իր ոտքերը և կամ ետ-ետ քալելով՝ լարը կը բարձրանայ ու կ’իջնէ:
    Ուրիշ անգամ մ’ալ՝ երախայ մը առած շալակը՝ իր և տղուն աչքերը կապուած կը պարէ…

    Լարախաղացը՝ սկուտեղի վրա («Հայկական ժողովրդական խաղերի» նկարազարդումներից)

    Բազմութիւնը իր ամէն մէկ շարժումին գերին կը դառնայ:
    Սխալ մը՝ բաւական է…
    Ինք, սակայն, չի՛ զբաղիր բազմութեան մտահոգութիւններով: Սբ. Կարապետի զօրութիւնը չե՛ն ճանչնար անոնք՝ վախցողները:
    Փէհլիվանը լարին վրայ սու՛րճ ալ կ’եփէ, խորովա՛ծ ալ կը պատրաստէ՝ համով-հոտով ուտելու համար Եալանճի Ղարտաշին հետ, որ մի՛շտ ալ քաղցած կ’ըլլայ այդ պահուն. բաւ է, որ վարէն կրակարանը ու ինչ որ պէտք է՝ տան իրեն:
    Լարին նստիլը կամ նոյնիսկ աթոռի մը վրայ բազմիլը սովորական խա՛ղ մըն է:
    Փէհլիվանի շնորհները շատ են ու տեսակ — տեսակ…

    Լարախաղաց («Դանակներով պարը»)
    Վանո Խոջաբեկյան (1875-1922)
    (Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու)

    Դանակներու պարը, օրինակ. ոտքերուն տակը մէկ-մէկ ղանջալ կապած, սուր ծայրերը դէպի ներս և իրարու դէմ, մէկ-մէկ զոյգ ալ՝ սրունքներուն վրայ, խաչաձեւ, սուր ծայրերը դէպի վար՝ լարը կը բարձրանայ:
    Կամ՝ կաթսայի մը մէջ նստած՝ մէկ կողմէն կը բարձրանայ ու միւս կողմէն կ’ իջնէ:

    Լարին մէջտեղը՝ գլխուն վրայ կենալ ու ոտքերը վեր բարձրացնելը կամ այդ դիրքով՝ ձեռքերուն վրայ՝ յաճախ կը կրկնուի, ինչպէս նաեւ՝ աչքերը կապած պարելը:
    Խաղի ընթացքին, օգնական փէհլիվաններէն մին կամ երկուքը՝ փայտէ երկար տոտիկներով, կը շրջին ժողովուրդին մէջ ու զանազան խաղեր կ’ընեն:
    Օր առաջ Եալանճի Ղարտաշը քանիցս յայտարարած է արդէն՝ ձեռքէն եկած լրջութիւնը դնելով իր խօսքերուն մէջ:
    Խեղճ Եալանճին՝ քանի փորձէ խաղին կարեւորութիւնը արժեցնել, այնքան աւելի՛ կը ծիծաղին մարդիկ:

    Ընդհանրապէս, այս խաղը քանի մը անգամ կը յետաձգուի՝ հանրութեան հետաքրքրութիւնը լարելու նպատակով:
    Վերջապէս, կիրակի օր մը, երբ բազմութիւնն աւելի շատ է, քանի մը սովորական խաղերէ վերջ, փէհլիվանը վար կ’իջնէ իր խաղացանկին ամենէ՛ն կարեւոր թիւը կատարելու, որ, միեւնոյն ատեն, տեսակ մը արարողութիւն է Սբ. Կարապետի այդ սպասարկուներու աշխարհին մէջ:

    Փէհլիվանը շալկած է ոչխարը. լավ մը կը կապեն զայն կռնակին ու դանդաղ, բայց հանդիսաւոր քայլերով կը բարձրանայ:
    Կը պարէ դհոլ — զուռնէի դարձդարձիկ եղանակով, որուն կ’ընկերանայ իր անգիտակ մայիւնով՝ նոյն ինքն՝ ոչխարը, մատաղացուն:
    Ծիծաղ և գութ կը շարժէ այդ մայիւնը բազմութեան մէջ»…

    Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից

    …«Դհոլն ու զուռնէն չի լսուիր ալ…
    Բայց Հայաստանցի ճամպազները երկար ատեն կը մնան տղոց երեւակայութեան մէջ, ուր հրաշալի հէքէաթ մը անվերջ իր ծալքերը կը բանայ…

    Գիշերները շարունակ՝ Մշոյ հրաշագործ Սուլթանը կուգայ անոնց քունը խռովել…
    Անցե՛ք թաղերու մէջէն, մօտեցէ՛ք տղոց խումբերուն ու ձեր ականջին պիտի հասնի Մշեցի փէհլիվաններու նո՛յն այդ տպաւորիչ ոգեկոչումը՝ տղու հաւատքով ու վստահութեամբ արտասանուած՝ խաղի մը ամենէն տաք միջոցին:

    Լարախաղաց (թուղթ, օֆորտ, 1958, Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց)
    Նկարիչ՝ Գրիգոր Աղասյան
    (1926 — 2009)

    Եա՜, Մշու Սուլթան Սբ. Կարապետ… Հեռու Տարօնէն՝ ջերմ ճառագայթ մըն է ցաթած. Ոյժի, Կորովի նոր աղբիւ՛ր է Սբ. Կարապետի համբաւը ու իր հրաշագործ զօրութեան հաւատքը…
    Հայաստանցի ճամպազնե՛ր են եկեր ու անցեր…

    Հայրենի աշխարհի համատարած աւերումը մարդկային մտքի տարողութենէն վեր է:
    Ուղեղը կ’ընդվզի՛, կը մերժէ՛ հաւատալ, որ իսկապէս քար — քարի վրայ չէ մնացած ու Հայ շու՛նչն այնտեղ մարած է յաւէտ…
    Ապա, անգամ մը որ հարկադրուի իրականութեան հետ ընտելանայ ու քիչ առ քիչ ահաւոր եղեռնը ըմբռնելի դառնայ՝ դժուար թէ մարդ հաւատայ վերապրողներու կարելիութեան:

    Այս էր տպաւորութիւնը, երբ օր մը՝ Զինադադարի յաջորդ տարին, դհոլն ու զուռնէն անհաւատալիօրէն ձայն տուին Փոստայի ճամբու դաշտէն:

    Հայաստանցի ճամպազնե՜ր…
    Նո՛յն Փէհլիվանը, որուն համար խենթ կ’ըլլայինք, որուն շուրջը կը դառնայինք օրն ի բուն և հետը խօսելու համար հոգի կուտայինք:
    Չգիտեմ, մեր թաղի փոքրիկները վազեցին — գացի՞ն «Հայաստանցի ճամպազը» դիտելու:
    Շա՛տ բան էր փոխուած սակայն…

    Երեկոյ մը ականջ տուի հեռուէն…
    Դհոլը բռնազբօսիկ ճիգեր կ’ըներ՝ իր երբեմնի թեթեւութիւնն ու շեշտը գտնելու յոյսով:
    Չուանէն փախած խելագարի մը երգին զիլ նօթերն առած՝ դաշտ իջած էր ու քանի ստիպէին, որ զուարթ պարե՛րգ մը թող տայ, այնքան աւելի՛ կը խելագարէր…
    Սկիւտարցիին յայտնի խանդաղատանքը Հայաստանցի ճամպազներու հանդէպ՝ սգաւորի քօ՛ղն էր ձգեր գլխէն վար ու այնպէս եկեր՝ կը դիտէր:

    Փէհլիվանը օտար կը զգար ինքզինքը…
    Խաղը ի՛րը չէր…
    Սուրբ Կարապետի շնորհը չարչարա՛նք էր, ծանր խաչ մը՝ ուսերուն վրայ: Ի՞նչպէս պարեր…

    Փոխուած էր Փէհլիվանի հոգին:
    Ոգեկոչելու ատեն ձայնը չէ՛ր ելլեր. «Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ»-ը կը ստիպուէր ցած ձայնով մը ըսել, գրեթէ՝ իւրովի: Կարծես կը խուսափէր յստակօրէն արտասանել «հրաշագործ ու ամենազօր» սուրբին անունը և մակդիրները….
    Կը վախնար, որ մի գուցէ բազմութեան մէջէն մէկն ընդվզումով մը պոռար երեսն ի վեր.

    • Ու՞ր է քու սուրբդ, քու Չանկլի Դիւան Սուրբ Կարապետդ:
      Ու՞ր է դարերու կուրծք տուող՝ անոր տաճարը, որուն զանգերը մղոններ հեռուէն կը լսէինք:
      Կա՛նգ առ, մի՛ պարեր, մի՛ տար մեզի հին օրերու պատրանքը…
      Չգիտե՞ս դուն աւերը Հայրենիքիդ…
      Չգիտե՞ս, որ ալ պիտի չ’երթա՛ս Վարդավառին՝ վանքի դաշտը լար կապելու…
      Մի՛ խաբեր մեզ, իջի՛ր…

    Երբեմն լարին վրայ եղած միջոցին իրեն այնպէս կուգար, որ բազմութիւն մը՝ խոշտանգուած ու սպառնալից, կմա՛խք բազմութիւն մը կը ցցուի իր առջեւ:
    Երբեմն ալ անծայրածիր ու ամայացած դաշտի մը մէջէն է, որ կ’անցնի Փէհլիվանի գունագեղ հագուստը հագած… Ամեն մէկ քայլափոխին վե՛րք մը կը բացուի գետնի վրայ, իբր թէ մարդկային մարմին մը ըլլար:
    Այդ վերքերուն ցաւը ինք կը զգար սակայն իր բովանդակ էութեան խորէն…
    Ո՛չ, չէ՛ր կրնար շարունակել…
    Շա՛տ բան կար փոխուած իր մէջ ու իր շուրջ…

    Լսեցինք միայն, որ մեր Մշեցի Փէհլիվանը Փոքր Ասիոյ յունական ճակատը մեկներ է ու անկէ վերջ՝ ահա՛ նահանջի իր առեղծուած պատմութիւնը…

    Մտքիս մէջ Խաչակիրը, կռուի փոթորիկ ու զէնքերու աղմուկ…
    Մտքիս մէջ՝ դարձեալ մենաւոր ասպե՛տը, փրփրող ալիքներ, օձերու բազմութիւնը, որոնց դէմ կ’երթայ ճակատիլ՝ ամենազօր սուրբ մը միայն իրեն ապաւէն:
    Կ’երթայ ու ալ չի՛ դառնար…
    Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ, ու՞ր ես, ու՞ր ես դուն տակաւին»…

    Պլովդիւ

    Ն. ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐԵԱՆ

    Լարախաղացը՝ Վանում
  • «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»… («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Ա)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»… («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Ա)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Ա)

    Կարմիր կամ ծիրանագույն ատլասե արխալուղով Լարախաղացը (հայտնի նաև՝ ճամբազ, փահլևան, պարանագնաց, պարանախաղաց, քանդրբազ, ձողագնաց անուններով), Հայոց հնագույն տոնախմբություններում իր առանձնահատուկ տեղն ու դերն ուներ:
    Եռանկյունաձև կամ ծաղիկների նման հուռութքների ժապավեններով զարդարված, զուռնա-դհոլի նվագածությամբ, ձողափայտը ձեռքին՝ բարձր լարի վրա իր համարձակ ու վարպետորեն իրականացվող թռիչքներով հիացնող ճկուն Լարախաղացի ու ներքևում՝ կարճ ճիպոտը ձեռքին խեղկատակի մասնակցությամբ ծիսական խաղ-ներկայացումներն ուղեկցում էին համաժողովրդական տոները՝ Հայոց Աշխարհի տարբեր ուխտավայրերում, ճանապարհների եզրին կամ գյուղամեջերում…

    «…Մի զվարթ ձայն նրանց սթափեցրեց: Աջ կողմի վրա լարախաղացի պարան է ձգված օդի մեջ: Երկու գերանի միացման կետում՝ գույնզգույն շորեր հագած, հանգստանում է պատանի լարախաղացը:
    Նրա կուրծքը զարդարված է հմայիլներով, խաչերով ու բոժոժներով:
    Ներքևում թռչկոտում ու ծամածռություններ է անում ծաղրածուն»… (Զարզանդ Դարյան «Սայաթ-Նովա»):

    …«Ծաղրածուն լարի տակ մանր-մունր ձեռնածություն էր անում: Զուռնաչին և թմբկահարը «ձեն բռնողի» հետ ճոպանից քիչ հեռու լարել էին ողջ ուժերը և շարունակում էին նվագել՝ հաճախ և աննկատելի փոփոխելով եղանակը:
    Նախապատրաստական փուլն էր: Բուն ներկայացումը դեռ չէր սկսվել, թեև երեխաներիս համար լարախաղացի գյուղ մտնելու և գյուղից դուրս գալու ամբողջ ընթացքը ինքնին մի շքեղ ու կախարդական ներկայացում էր, որից մենք ո՛չ հագենում էինք, ո՛չ հոգնում, ո՛չ ձանձրանում:

    Նահապետները նստել էին ճոպանից քիչ հեռու, շրջանաձև՝ մեջտեղը ազատ-ընդարձակ հրապարակ թողնելով, որտեղ նվագածուներն էին, ծաղրածուն, որ իր շնորհները պիտի ցուցադրեր՝ մարդկանց «փորխոց անելով»:
    Նահապետների թիկունքում շարվել էին «լուծ քաշող, աշխատավոր տղամարդիկ»: Պատկառելի հեռավորության վրա առանձին խմբվել էին կանայք, հարսներն ու աղջիկները, տատիկները»…(Սասուն Վարդանյան, «Հեռու՜ — հեռավո՜ր այն օրերին»)…

    Հատվածներ՝ Ն. Աստուածատուրեանի՝ «Մշեցի Հայ լարախաղացները՝ Կ. Պոլսոյ մէջ» հոդվածից («Տարօնի Արծիւ», թիւ 3-4, 1938 թ. էջ 39-51)

    «Փէհլիվա՜նը…
    Իր անունը չէինք գիտեր մենք մեր տղայութեան տարիներուն, երբ խենթի պէս կը վազէինք՝ դիտելու համար զինքը բարձր լարին վրայ:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ան… Թերեւս՝ վերջին ներկայացուցիչը Մշոյ համբաւաւոր լարախաղացներուն, որոնք երբեմն Պոլիս կուգային, երբ օրուայ իշխանութիւնը թոյլատու ըլլար:

    Մեզի համար ուրիշ անուն չունէր ան. պէտք ալ չկար զինքը մասնաւորելու սովորական անունով մը:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ու՝ այդքա՛ն…
    Տղու մեր այդ յորջորջումին մէջ իմաստ կար՝ ներշնչման աղբիւր, Հայրենիքի ու պատմութեան ձայն…
    Որովհետեւ Պոլսոյ Հայութեան ծանոթ սովորական լարախաղացներէ՛ն չէր ան, ո՛չ ալ լարախաղաց մը՝ անհատ — մահկանացու:

    Բարոյակա՛ն անձնաւորութիւն էր Հայաստանցի ճամպազը:
    Դարերու խորէն մնացած աւանդ՝ դարերուն փոխանցուելու նախախնամական կարգադրութեամբ:
    Հայաստանցի՛ ճամպազն էր ան. փա՜ռք իրեն:
    Ու տղայ մեր հոգին կը խանդավառուէր, երեւակայութիւնը կը բռնկէր, կուրծքը կ’ուռենար:
    Որովհետեւ ան Հայաստանցի պանդուխտն ու տարագիրը չէր՝ ջարդի իրիկուան մը սարսափը տակաւին հոգիին մէջ, հալածական ու նուաստացած տարագիրը՝ ցուպ մը ձեռքին, մուրացիկի պայուսակը ուսէն վար, աղտոտ, խռիւ մօրուք մը սեւ, ու աւելի սեւ ու աւելի մութ աչքեր, խեղճուկ թաւ ձայն մը, որ փողոցներ հեռուէն կը լսուի, քանի կը շրջի Հայոց թաղերը, Հայրենի աւերտ ողբերգելու, պատառ մը հացի աղերսը շրթունքներուն.
    «Մնացի՜, մնացի՜,
    Օտա՜ր աշխարհ մնացի»…
    Մենք կը տխրէինք ու կ’ամչնայինք անկէ…

    Բայց Փէհլիվանը ճամպա՛զն էր. Հայաստանցի՛ ճամպազը, Տարօնի հպարտությու՛նը, Մշոյ դաշտի խրո՛խտ զաւակներէն մին, ամենէն երիտասա՛րդը փէհլիվաններուն, գրեթէ պատանի մը:
    Կայտառ, լեցուն, կարմիր այտեր, կրակոտ ու թափանցող նայուածք, արագ ու թեթեւ քայլուածք ու շարժուձեւեր… Բայց, մանաւանդ, «հո՛վ» մը, որ իրեն հետ կը պտտցնէ և ուր հպարտութիւ՛նը կայ, բայց արհամարհանք չկա՛յ: Ուր ոյժին ինքնավստահութիւ՛նը կը զգաս և միանգամայն հաւատք մը՝ ապաւէն սուրբի մը շնորհներուն ու զօրութեան: Ուր փէհլիվանի ցուցադրութիւ՛ն կայ և աբեղայի համեստութիւն:
    Ուր կայ շու՛նչ մը՝ Հայրենի երկրէ՛ն, աղուոր, արեւոտ շու՛նչ մը, որ կ’առողջացնէ՛…

    Փէհլիվաններու երեւումն, ընդհանրապէս, առանց յառաջաբանի տեղի կ’ունենար:
    Կը տեսնես՝ երեկոյ մը, Սկիւտար՝ Թէփէի շուրջի դաշտերէն զուռնէի զիլ ու զուարթ ձայն մը կը հասնի ականջիդ, և դհոլը կ’ արձագանքէ մինչեւ հանդիպակաց բլուրները՝ ուրախ իրարանցում մը ձգելով տղոց մէջ, որոնք թաղերը հոս — հոն կը խաղան:

    Է՛հ, ի՜նչ խանդավառ հետաքրքրութեան առարկայ էր Փէհլիվանը մեր՝ տղոցս կողմէ, և ո՛վ կարող էր սանձել մեզ, երբ դհոլն ու զուռնէն լսէինք…

    Պարզունակ, բայց դիւրահաղորդ նուագ մը՝ փէհլիվաններու նուագը, որ ցատկռտել կուտայ քեզ՝ ջիղերուդ մէջէն զուարթութեան թել մը հիւսելով, քայլուածքիդ ու մտքերուդ ազդելու չափ…

    Ու կը լսես ամէն կողմէ.
    «Հայաստանցի ճամպազնե՜ր եկեր են, տեսա՞ք»…
    Կամ՝ չես գիտեր ի՛նչպէս, ու՛րկէ քաղուած մանրամասնութիւններ իրարու կը յաջորդեն ու շրջան կ’ընեն…

    Դհոլն ու զուռնեն ուժգին թափով կը շարունակեն, մինչեւ որ հետաքրքիր բազմութիւն մը լարին շուրջ հաւաքուի:
    Լարը բաւականին հաստ է, մօտաւորապէս՝ 25-30 ա/ա տրամագծով և պրկուած զոյգ մը հսկայ տոտիկներու վրայ, նման X-երու, որոնց վերեւի թեւերը աւելի կարճ են:
    Չորս հաստատուն գերաններու պէտք կայ այդ տոտիկները շինելու համար:
    Այդ գերանները երկերկու իրարու պէտք է կապել՝ իրենց վերեւի ծայրերեէն. յետոյ մէկ զոյգը միւսէն 12-15 մէթր հեռաւորութեամբ՝ իրարու զուգահեռաբար և գետինը ձգուած լարին ուղղահայեաց՝ կը պառկեցնեն այնպէս, որ լարը, որուն երկու ծայրերը նախապէս ամրացուցած են գետնին, անցնի գերաններու կապերուն վրայէն:
    Չորս հոգի գերաններու կապուած ծայրերը օդին մէջ կը բարձրացնեն: Հետզհետէ լարն ալ միասին կը բարձրանայ ու կը պրկուի՝ քանի գերաններու վարի ծայրերը իրարու մօտեցուին:
    Երբ բարձրութիւնը բաւական համարուի՝ գերաններու վարի ծայրերը փոքրիկ փոսերու մէջ կ’ամրացուին:

    Լարախաղացը (Կոտայքի մարզ, 1982 թվական, լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի կայքից)

    Փէհլիվանի բեմը պատրաստ է այլեւս:
    Ըսեք զառիվեր մը, որուն կը յաջորդէ հարթավայր մը ու ապա զառիվայր մը, կամ, եթէ կ’ուզէք՝ առեք հսկայ վեցանկիւնիի մը ճիշդ կէսը և կ’ունենաք լարը քովէն դիտուած: Բարձրութիւնը 7-էն 8-10 մետր կարելի է հաշուել:

    Բովանդակ կազմածը կը տարբերի եւրոպացի լարախաղացներու ունեցածէն:
    Մերիններունը շատ ավելի պարզ է ու դիւրաւ հաստատելի և, ինչո՛ւ չըսել բուն բառը՝ գեղջուկ երեւոյթ մը ունի:
    Այդ գեղջուկ երեւոյթը, սակայն, սիրելի՛ է դիտողին, որ կը պահանջէ կարծէս կատարեալ ներդաշնակութիւն մը՝ դհոլ զուռնէի, լարին ու լարախաղացին միջեւ:

    Ինքը՝ փէհլիվանը, ահա՛, կը մօտենայ լարին՝ ծանր ու հանդիսաւոր քայլերով:
    Բազմութիւնը մեծ հետաքրքրութեամբ կը դիտէ զինքը:
    Եթէ դհոլին ձայնը ականջիդ դուռները չբախէ կամ՝ զուռնէի մեղեդին՝ չես գիտեր ու՛րկէ, բայց հինէն ի վէր ծանօթ պարերգի մը տպաւորութեան տակ եթէ չպահէ քեզ, պիտի խորհիս անպայման. «Աբեղան դէպի մատուռը կ’ուղղուի»… Բարեբախտաբար, իր գունագեղ հագուստը ուշադրութիւնդ կը գրաւէ ու աբեղան կը մոռնաս…

    Գունաւոր բանուածքներով ճերմակ շապիկն է հագած, վարի մասերը գօտիին տակէն դուրս ելած են՝ շուրջանակի ծոպերու պատրանքը տալով: Իսկ կռնակին՝ գեղեցիկ արխալուխ մը:
    Ուսերէն վար՝ խաչաձեւ անցւած ուլունքներ և խաչեր կուրծքը կը զարդարեն:
    Նւազ հետաքրքրութիւն չեն ստեղծեր նաեւ այդ «քրիստոնէական յուռութքները», որոնք անպակաս են բոլոր Մշեցի լարախաղացներու վրայէն:

    Գլխուն երբեմն դրած կ’ըլլայ Մշոյ ցածլիկ արախջին, երբեմն ալ՝ բոլորովին գլխաբաց է: Կապոյտ տափատին վերի մասը լայն է, իսկ վարը՝ սեղմ և ոտքերը՝ բոպիկ:
    Օգնականները կը բերեն իր երկար ձողը, որուն մէկ ծայրը կեռ մը կայ երկաթէ:
    Ինքը՝ լարին մէկ ծայրը կեցած, ձեռնամած, աչքերը փակ կ’աղօթէ: Երկիւղած ու աստուածանուէր աբեղան դարձեալ ձեր աչքերուն առջեւն է. դհոլն ու զուռնէն լռած են յանկարծ:
    Փէհլիվանը չկայ, չկայ լարը, չկան գունագեղ հագուստները: Կայ վերացած աբեղայ մը միայն, որ աներեւոյթ խորանի մը առջեւ աղօթք մը կը մրմնջէ հոգեւին:
    Բարեպաշտութիւն կը կարդաս իր դէմքին վրայ ու այնքա՜ն անկեղծութիւն՝ իր հաւատքին մէջ…

    Աղօթքը աւարտած է: Աշխոյժով կ’ընդունի ձողը, կը համբուրէ զայն ու ճակտին կը տանի: Կը համբուրէ նաեւ լարը. կը խաչակնքէ ու յետոյ հաւասարակշռուած ձողը՝ երկու ձեռքերուն մէջ, կը բարձրանայ լարին վրայ, նախ՝ քանի մը արագ քայլերով, ապա՝ դանդաղ ու հանդիսաւոր:
    Այդ պահուն, օգնականները՝ վարէն լարին կառչած, աւելի կը պրկեն, մինչեւ որ Փէհլիվանը կատարը հասնի:

    Դհոլն ու զուռնէն սկսած են նո՛ր թափով մը: Այս անգամ՝ հանդիսաւորութիւն մը կը զգաս նուագի՛ն մէջ ալ, որ Փէհլիվանի շարժուձեւերը կը դաշնաւորէ:
    Եղանակի չափին հետ՝ ան՝ մէկ ոտքին վրայ կեցած, միւսը կը ճօճէ օդին մէջ ու այսպէս՝ փոխն ի փոխ և քայլ առ քայլ իր վերելքը շարունակելով:

    Մերթ ընդ մերթ կը լսուի փեհլիվանի ձայնը, որ դհոլին ու զուռնէին կը տիրապետէ:
    Ոգեկոչում մըն է կարծես, ուրկէ հազիւ կարելի կ’ըլլայ որոշել «Սուլթան Սբ. Կարապետ» բառերը: Մնացեալը կը տպաւորէ, բայց անհասկանալի կը մնայ առաջին առթիւ: Հետզհետէ ուշադիր ականջ տալով ու զիրար հարցուփորձելով՝ կը լուծուի գաղտնիքն այդ հոգեբուխ ոգեկոչումին, ուր այնքա՜ն միամիտ ու մաքուր հաւատք մըն է խտացած, այնքա՜ն անսեթեւեթ բարեպաշտութիւն, որ տակաւ կը վարակէ հանդիսատես քրիստոնեայ բազմութիւնը:

    Եա՜ Մշո՛յ Սուլթան
    Չանկլի Դիւան
    Սուրբ Կարապետ,
    Դու իմ տատ կանգնես…

    Ու կը պատմեն քեզի հրաշալի հէքէաթը Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետի:

    Տեսե՞ր ես դուն, ա՛յ տղայ, Տարօն Աշխարհը, Մշոյ դաշտը անծայրածիր, ուր նայուածքդ կը կորսուի…
    Ականջ տուե՞ր ես արդեօք Արածանիի ջուրերուն, կամ՝ լսե՞ր ես դուն զանգերը — իր զօրութեանը մեռնիմ — Սուրբ Կարապետի զանգակատան, հոգ չէ, թէ քառասուն մղոն հեռուէն…

    Մե՜ղք քեզի, հազա՜ր մեղք քեզի պէս Հայուն, որ իր Հայրենի աշխարհը չէ տեսեր, Բիւրակն ու Իննակը չի գիտեր…
    Ի՞նչպէս պատմել քեզի, ա՛յ տղայ, գեղեցկութիւնը Իննակնեան սարերուն, զով պուրակներն ու աղբիւրները՝ սառն ու զուլալ ջուրերով…

    Պատմելն ի՞նչ օգուտ…
    Ահա՛, այդ Իննակնեան սարերուն Քարկէի բարձունքին վրայ է կառուցուած դարաւոր տաճարը Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետի»:…
    …«Աշուղներու, փէհլիվաններու, նալղրաններու շնորհ բաժնողը ինքն է՝ Յովհաննու Սուրբ Կարապետը:
    Առանց անոր շնորհին, ի՞նչպէս մեր փէհլիվանը այս բարձր լարին վրայ պիտի կարենար պարել ու այսքան հիւնար ցոյց տար ժողովուրդին:
    Սուրբ Կարապետն է, որ դժուարին վայրկեաններուն Փէհլիվանին ձեռքէն կը բռնէ, ու անոր համար է, որ Փէհլիվանը միշտ իր անունը կուտայ ու օգնութիւն կը խնդրէ:
    Ու Սուրբ Կարապետը կը հսկէ անոր վրայ ո՛չ միայն լարը բարձրացած ատեն, այլ՝ ամէն տեղ, փորձանքն ու վտանգը կը հեռացնէ անկէ, զայն հզոր ու անխոցելի կը դարձնէ:
    Կը բավէ, որ հաստատ հաւա՛տք ունենայ միայն:
    Մարդ չի՛ համարձակիր Սուրբ Կարապետի պաշտպանեալին ձեռք վերցնել: Աւազակ քիւրտերն անգամ կը սարսափին Սուրբի վրէժխնդրութենէն, որովհետեւ անողոք է ան ու խստօրէն կը պատժէ:

    Քանի՜ քանիներ կան անոր վրէժխնդիր բազուկին տակ ջախջախուած»…

    Մուշ, Սբ. Կարապետ վանքը

    «…Ի՛նք կ’ընտրէ իր շնորհներուն արժանի եղողները ու գիշերը տեսիլքի մէջ կ’երեւայ անոնց: Երբեմն՝ ասպետի մը կերպարանքը առած, զէն ու զրահով, կարմիր նժոյգ մը հեծած, որուն բաշերն ու պոչը կը բոցավառին:
    Երբեմն ալ հսկայ ծերունի մը կը դառնայ, հանդարտ, վստահելի, բայց՝ անխախտ ու զօրեղ նայուածքով, լուսաւոր աղբիւրի մը պէս՝ ընտրեալին հոգիին մէջ իր հրաշագործ զօրութեան գիտակցութիւնը և հաւատքը կը հոսեցնէ:
    Ու կը հրամայէ սուրբը, որ իր ընտրեալը լարին վրայ բարձրանայ ու պարէ:
    Կարելի չէ՛ ընդդիմանալ իր կամքին կամ տարակուսիլ ու չհաւատալ շնորհուած կարողութեան:
    Սուրբը իր երեւումները կը կրկնէ ընտրեալին ու անոր պարագաներուն, ու մինչեւ իսկ կը սպառնայ սերունդով վրէժխնդիր ըլլալ՝ եթէ իր կամքը չկատարեն:

    Ընտրեալը, որ իր ստացած շնորհին պատճառով «տուածուրիկ» կը կոչուի ժողովուրդին կողմէ, ընդհանրապէս 8-10 տարեկան տղայ մըն է: Եղած են նոյնիսկ աղջիկներ ալ, որ անուն և համբաւ շինած են իբր ճարպիկ լարախաղացներ:

    Տուածուրիկը ու իր ծնողքը միջոց մը կը գտնեն՝ կազմածն ու փէհլիվանական հագուստները ճարելու: Ու մէկ-երկու տարի վէրջ՝ ան կ’իյնայ գիւղէ-գիւղ, աշխարհէ-աշխարհ՝ իր հիւնարը ցոյց տալու, Սուրբ Կարապետի փառքը ներբողելու:
    Վարդավառի տօնին բոլոր փէհլիվանները կերթան Քարկէի տաճարը՝ շնորհատու սուրբին երկրպագելու:

    Մուշ, Սբ. Կարապետ վանքի բակում

    Ու վանքի դարպասին մօտ բազմաթիւ լարեր կը լարուին, մրցումներ տեղի կունենան:
    Հոն են նաև աշուղները՝ իրենց նոր երգերով, ու նալ-դրանները, որոնք ոյժի ապշեցուցիչ ապացոյցներ կուտան:
    Հայրենի երկրի ամէն մէկ անկիւնէն բազմահազար ժողովուրդ կը դիտէ փէհլիվաններն ու նալ-դրանները, կը լսէ աշուղներու երգերը ու փառք կուտայ Սուրբ Կարապետի հրաշագործ զօրութեան:

    Կըսեն, որ շատ դարեր առաջ, Սբ. Կարապետի տաճարին նո՛յն այդ գետնին վրայ, Քարկէ լերան բարձունքը կառուցուած են եղեր հսկայ մեհեանները մեր հեթանոս պապերու աստուածներուն:
    Այնտե՛ղ է եղեր մեհեանը ա՛յն հզօր աստուծոյն, որուն բոցեղէն ծնունդը երգած են անծանօթ աշուղներ:
    Հին Հայոց Ոյժի և պատերազմի աստուածը, որուն մօրուքը և մազերը բոց էին և աչքերը՝ մէկ-մէկ արեգակ:
    Քրիստոնեայ եպիսկոպոս մը քանդեր է այդ մեհեաններն ու անոնց տեղ կանգներ է տաճարը Սբ. Յովաննու Կարապետի:
    Բայց կըսեն, թէ այդ աստուածը, որ նաեւ «Աստուածահայր զօրութեան» կը կոչէին, մեհեաններու քանդումէն վէրջ չէ՛ հեռացած Քարկէի բարձունքէն:
    Շատեր կը հաւատան, որ այդ հսկայ աստուածը կը մնայ այնտեղ և մի՛շտ էլ պիտի մնայ…

    Թերեւս ատոր համար է, որ մեր Մշոյ Սբ. Կարապետը շատ աւելի ասպետական է ու հեթանոս՝ մինչեւ իսկ Քարկէ լեռան վրայ, քան իրեն ձօնուած հարիւրաւոր տաճարներու ու վանքերու մէջ:
    Ան ոյժի և քաջութեան վարդապետն է և յաղթանակներու հրաշագործ գործակիցը և աւելին՝ ան վրէժխնդիր է ու հարուածել գիտէ…
    Ա՛հ, մեր Յովհաննու Սբ. Կարապետը սուրբ Կարապետ չէ՛, անոր հոգիին մէջ հեթանոս հրեղէ՛ն աստուածը կ’որոտայ տակաւին:
    Վարդավառն ի՛ր տօնը չէ, այլ՝ «Հի՛ն աստուածներէ» փոխանցուած փառաւոր ժառանգութիւն մը»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Մուշ, Սուրբ Կարապետ վանք. լարախաղացներ, երաժիշտներ և հանդիսատեսներ (Աղբյուր՝ «Հայրենիք» ամսագիր, Պոսթոն, Ը տարի, թիւ 7 (91), Մայիս 1930, էջ 122)։
  • «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    Շարժումը խոսք է: Եվ շարժումներով հյուսված պատմությունները՝ ծիսական իմաստով ու նշանակությամբ՝ ազգային պար ու խաղ են դառնում՝ ուղեկցելով հնագույն ժամանակներից եկող տոներն ու ծեսերը, դառնալով դաստիարակչության միջոց՝ սերնդեսերունդ փոխացելով Նախնիների մշակույթը, աշխարհայացը…

    Հայոց Դիցերի հովանավորության ներքո ընթացող հանդիսությունների ժամանակ Հայորդիք իրենց ձիրքերն էին ցուցադրում՝ արվեստով, արհեստով, ֆիզիկական ուժով ու հմտություններով և առանձնահատուկ փայլ հաղորդում տոնախմբությանը՝ մարմնական ուժի, ճկունության մրցախաղերով, անվախ ու համարձակ լարախաղացների բարդ ու վտանգավոր ներկայացումներով…

    Քրիստոնեության տարածումից հետո արգելվեցին Հայոց ազգային տոներն ու ծեսերը, նրանց հետ նաև՝ ազգային նվագարանները, երգերը, պարերը…

    Ոչ օգտաբեր, անօգտակար հայտարարվեցին նաև ազգային տոնախմբությունների անբաժան մաս կազմող խաղերը, ինչպես, օրինակ, դեպի բարձունքները ձգտող լարախաղացությունն ու ձողախաղացությունը:
    «Լարախաղացութիւն՝ խաղալն ի վերայ լարի՝ ձկտելոյ ի բարձունս:
    Ընդ ունայն արհեստ է լարախաղացութիւն, ձողախաղացութիւն, որ ոչ օգտեցուցանէ զկենցաղս»,- Դավիթ Անհաղթին վերագրվող «Գիրք Սահմանացից», (ԺԲ) մեջբերում է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանը:

    Մուշ, Սուրբ Կարապետ վանք. (լարախաղացներ, երաժիշտներ, հանդիսատեսներ) («Հայրենիք» ամսագիր, Պոսթոն, Ը տարի, թիւ 7 (91), Մայիս 1930, էջ 122)։

    Այնուամենայնիվ, իր քաջությամբ ու ճարպկությամբ աչքի ընկնող Լարախաղացը շարունակեց իր խաղը՝ որպես իր «շնորհատու» դարձնելով Սուրբ Կարապետին (հինը չհանդուրժող քրիստոնեությունը ստիպված էր հարատևող ազգային ավանդույթները ձևափոխելով՝ իրեն հարմարեցնել)…
    Եվ մեր ժամանակներում անգամ հիացմունքով, ոգևորությամբ ու ակնածանքով են դիմավորում ճկուն ու անվախ լարախաղացին…

    «Լարախաղացները բազմաթիւ էին Մուշի շրջանին մէջ։ Անոնք կ՚երեւէին մանաւանդ Սուրբ Կարապետ կամ Սուրբ Առաքելոց վանքերու շուրջ կատարուող զանազան ուխտագնացութիւններու ընթացքին։
    Նշանաւոր լարախաղաց մըն էր Հաճին, որ Մշոյ դաշտի Առախ գիւղէն էր։ Անոր նախասիրած վայրը Առաքելոց վանքն էր, ուր կ՚երեւէր տարին անգամ մը։
    Կը պատմուի որ ան կը նստէր լարին վրայ, կրնար հոս գառնուկ մը մորթել, զայն կտորներու վերածել, ապա իրեն կու տային կրակարան մը, զոր նոյնպէս կը դնէր լարին վրայ եւ շամփուրներով խորոված կը պատրաստէր։ Հաճին նաեւ վարպետ էր փայտէ ոտքերով քալելու մէջ։ Այս ոտքերուն երկարութիւնը 4-էն 5 մեթր էր, անոնց հետ կը պարէր տաւուլ-զուռնայի եղանակին տակ» («Յուշամատեան»):

    Լարախաղացը՝ Մշո Սբ. Կարապետ վանքի առջև (լուսանկարը՝ «Գեղունի», 1903, Վենետիկ, Սբ. Ղազար)

    «Փայլիվանները (փեհլիվան, այս պարագային՝ լարախաղաց) Խարբերդի դաշտ կու գան ընդհանրապէս Մուշէն, կալերու աշխատանքէն ետք։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ գիւղացին տարուայ իր ամէնէն ծանր աշխատանքները նոր աւարտած՝ հրճուանքի ու զբօսանքի պէտքը ունի։ Անոնք կ՚ըլլան խումբով՝ 4-5 հոգի, կու գան էշերով, որոնց վրայ բարձած կ՚ըլլան իրենց զանազան իրերը եւ փոքրիկ թմբուկները։
    Փեհլիվանները միաժամանակ նուագածուներ են եւ անոնց վիզերէն միշտ կախուած կ՚ըլլայ քամանչան։
    Խաղադաշտին վրայ կը հաստատեն իրենց պարանը, ապա քամանչայով ու տաւուլով կը պտտին գիւղին փողոցներուն մէջ՝ ժողովուրդը հրաւիրելով լարախաղացութիւնը դիտելու։ Ամբողջ գիւղը կը հաւաքուի ու խաղը կը սկսի։
    Առաջին փեհլիվանը պարանին վրայ կը ցատկէ՝ «Եա՜, Սուրբ Կարապետ» ձայնելով։
    Ան բոպիկ է ու երկու ձեռքերուն՝ երկար եւ բարակ ձող մը։ Պարանին վրայ ոստումներ կ՚ընէ, միոտանի կը քալէ, կը կախուի, կը վազէ՝ ամէն կարեւոր շարժումի մը միշտ պոռալով՝ «Եա՜, Սուրբ Կարապետ»։
    Երբեմն ալ պարանին վրայ կը դնէ տաշտ մը, կը յաջողի անոր մէջ նստիլ ու դանդաղօրէն պարանին վրայէն սահելով յառաջանալ։
    Մինչ մէկ փեհլիվանը պարանին վրայ իր ելոյթը կ՚ունենայ, միւսները տաւուլով ու քամանչայով կը խանդավառեն մթնոլորտը։ Մուտքի դրամ չի պահանջուիր, բայց խաղի աւարտին անոնք կը մօտենան հանդիսատեսներուն ու կը ժողվեն իրենց վարձատրութիւնը։
    Բացի դրամէն, գիւղացիները անոնց կու տան նաեւ թարմ հաց, ցորեն, պլղուր, ծեծած, էշերուն համար ալ՝ գարի: (Մեջբերումները՝ «Յուշամատեան»-ից):

    «Ամպերը քաշվեցին դեպի Արարատյան դաշտը, և արևի ճառագայթները երկար ստվերներ գցեցին լեռների վրա:
    Գյուղն աղմկեց: Կեսօրին Սաղմոսավանք եկան նաև Կարբի գյուղի զուռնաչիները: Շտապեցին հանդիսատեսները մյուս հարևան գյուղերից, և նույնիսկ Ալիքուչակ մեկնող և այնտեղից եկող անցորդները կանգ առան Սաղմոսավանքում՝ լարախաղացին նայելու համար:
    Արևը բարձրացավ, թաց հողը տաքացավ: Առաջինը երևացին գյուղի բոբիկ երեխաները, նրանք աղմուկ-աղաղակով բակը լցրեցին:
    Ծաղրածուն նշան արեց, տղաները վազեցին նրա մոտ»…

    …«Ձորերն ու լեռները թնդացին:
    Դհոլն արձագանքեց Արայի լեռան լանջերում, նրա ձայնը հասավ Օհանավանք, և մարդիկ լսեցին Իլանչալանում:
    Զուռնի ուրախ աղմուկը դադարեց, երբ շիկամորուս ծաղրածուն իշի մորթի հագած, երկար պոչը շարժելով, վազեց թոկի տակ և զռռոցով դիմավորեց լարախաղացին:
    Լարախաղացը շտապ քայլերով մոտեցավ թոկին, վազելով բարձրացավ դիք հարթության վրայով ու կանգնեց թոկը պահող հենափայտերի խաչավորման տեղում:
    Ամբոխն աղմկեց:
    Գեղեցիկ էր լարախաղացը, խարտյաշ մազեր ուներ և երկնքի նման պարզ, անհուն աչքեր: Նա ձեռքն առավ հավասարակշռության փայտն ու վազեց պարանի վրայով:
    Դհոլը լռեց: Կարբեցին զուռնեն պահեց, հանեց շվին, դրեց շուրթերին, և դատարկ եղեգնը մեղմ ու թախծոտ ձայնով սկսեց մրմնջալ:

    Նա այնպես էր երգում, ասես չէր ուզում խանգարել լարախաղացին, կարծես աղոթում, աղերսում էր. «Պահպանի՛, տե՛ր աստված, այս հրաշք պատանուն»:

    Լարախաղացը եկավ պարանի մեջտեղը, կանգնեց մի պահ անշարժ ու մտախոհ, ապա թափ տվեց իրեն և սկսեց թռչել ու ցատկել այնպես, որ շատ մարդիկ գետնի՛ն անգամ չէին կարող այդ անել:
    Քար էին կտրել հանդիսատեսները…
    Իսկ պարանի տակ, էշի մորթին հագին շրջում էր ծաղրածուն և ինչ-որ բան էր դնում մարդկանց բուռը: Երեկոյան դեմ Սաղմոսավանքի ժամհարը նորից քաշեց զանգակատան թոկերը, և զանգերը տխուր, մելամաղձոտ ձայնով մրմնջացին իրենց երեկոյի աղոթքը…» (քաղվածքները՝ Վալտեր Արամյանի՝ «Վերադարձ»-ից):

    «Մեր թաղում մի բացատ տեղ կա:
    Տարին մեկ կամ երկու անգամ գալիս է լարախաղացը, երկու հարկի բարձրությամբ ձգում իր լարն ու սկսում:
    Այդ օրը գետնաքարշ ժողովուրդը գլուխը բարձրացնում է վեր և երկնքի կապույտ ֆոնին տեսնում իր նմանին՝ թռիչքի ու ճախրանքի, սլացքի ու վայրէջքի մեջ:
    Մեծերը նայում են այդ ամենին առանց ս. Կարապետի զորությանը մեռնելու, իսկ երեխաները բռնվում են անիմանալի սարսուռներով և գերբնականին ու անդրաշխարհայինին են հաղորդակցվում: Եվ դա համարյա հրաշքի է նման»… (Սասունիկ Թորոսյանի պատմվածքներից):

    «- Քամին մտավ շալվարս,- գլխկոնծի տալով՝ շտկվեց ծաղրածուն և տաբատի լայն, ուռած փողքերի միջից փորձեց քամին դուրս հանել՝ ձեռքերի, մատների ճարպիկ շարժումներով:
    Մարդկանց վախն ու լարվածությունը անցավ, աշխուժացան: Ծափն ու ծիծաղը թնդաց հրապարակով մեկ:
    Լարախաղացն առանց թիկնակի աթոռ խնդրեց, որ նրան մատուցեց ծաղրածուն:
    Աթոռը դրեց լարի վրա, նստեց, բաժակը ջրով լցրած դրեց գլխին և աթոռը նավակ դարձրած, ձողը՝ թիեր, թիավարեց օդի մեջ:
    Ոչ մի կաթիլ ջուր չթափվեց բաժակից: «Շայիս-Մայիլ» սիրավեպի հերոսի հայտնի համարներից էր»… (Սասուն Վարդանյանի՝ «Հեռու՜ — հեռավո՜ր օրերին»):

    «…Մայիսյան վարդեվառին գյուղն այդպես գնում էր միայն լարախաղացի և ծաղրածուի ետևից, և քիչ հետո արևոտ դաշտի մեջ որոտում-խրոխտում էր հայագոչ զուռնան: Ներկած երեսով ծաղրածուն խնդուքով լցնում էր շրջապատը և ստեպ-ստեպ կատակչի-ճիպոտով կլորակում ուրախացողներին»…(Ռ. Կարայան, «Արևը գեղեցիկ է մայրամուտին»):

    Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»-ից՝
    «…Ծաղրածուն մերթ կանգնում էր գլխի վրա ու թաթերը պարզած պտտվում տեղը, մերթ խելառ ուլի պես տրճկի տալիս, մկկում, մլավում, հաչում:
    Պատի տակ նստած զուռնաչիների այտերն ուռել էին լարված նվագելուց: Ահագին թմբուկն ականջ էր ծակում:
    Լարախաղացը պարում էր նվագի տակ: Ծաղրածուն եզան պոչը պտտում էր իր գլխին ու նետվում հավաքվածների վրա: Մեկի մորուքն էր համբուրում, մյուսի ուսերին ցատկում, երրորդի ոտքերի արանքով անցնում ու բարձրանում մեջքը: Ապա նվերներ էր հավաքում ու գոռում…»:

    Մի հատված էլ՝ Ն. Աստուածատուրեանի՝ «Մշեցի Հայ լարախաղացները՝ Կ. Պոլսոյ մէջ» հոդվածից՝ տպագրված՝ «Տարօնի Արծիւ», թիւ 3-4, 1938 թ., էջ 39-51 (որոշ դրվագներ էլ՝ հաջորդիվ)…

    «Փէհլիվա՜նը…
    Իր անունը չէինք գիտեր մենք մեր տղայութեան տարիներուն, երբ խենթի պէս կը վազէինք՝ դիտելու համար զինքը բարձր լարին վրայ:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ան… Թերեւս՝ վերջին ներկայացուցիչը Մշոյ համբաւաւոր լարախաղացներուն, որոնք երբեմն Պոլիս կուգային, երբ օրուայ իշխանութիւնը թոյլատու ըլլար:

    Մեզի համար ուրիշ անուն չունէր ան. պէտք ալ չկար զինքը մասնաւորելու սովորական անունով մը:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ու՝ այդքա՛ն…
    Տղու մեր այդ յորջորջումին մէջ իմաստ կար՝ ներշնչման աղբիւր, Հայրենիքի ու պատմութեան ձայն…
    Որովհետեւ Պոլսոյ Հայութեան ծանոթ սովորական լարախաղացներէ՛ն չէր ան, ո՛չ ալ լարախաղաց մը՝ անհատ — մահկանացու:

    Բարոյակա՛ն անձնաւորութիւն էր Հայաստանցի ճամպազը:
    Դարերու խորէն մնացած աւանդ՝ դարերուն փոխանցուելու նախախնամական կարգադրութեամբ:
    Հայաստանցի՛ ճամպազն էր ան. փա՜ռք իրեն:
    Ու տղայ մեր հոգին կը խանդավառուէ՛ր, երեւակայութիւնը կը բռնկէ՛ր, կուրծքը կ’ուռենա՜ր»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ՎԱՀԱԳՆԻ ՈԳՈՎ՝ ԻԲՐԵՎ ՊԱՇՏՊԱՆ ԳՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

    «ՎԱՀԱԳՆԻ ՈԳՈՎ՝ ԻԲՐԵՎ ՊԱՇՏՊԱՆ ԳՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

    «ՎԱՀԱԳՆԻ ՈԳՈՎ՝ ԻԲՐԵՎ ՊԱՇՏՊԱՆ ԳՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ»…

    19-րդ դարի վերջերից սկսված փոթորկալից իրադարձությունները, որոնք շարունակվեցին հետագայում՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ պարտադրեցին ու բազմաթիվ երկրներում նոր մարտահրավերների առիթ եղան՝ անհատի, ինչպես և ազգային ինքնությունների համար, սպառնալով ավանդական արժեքների ոչնչացմանը…
    Որոշ երկրներում՝ ընդհակառակը, ակնհայտ ձգտումով վերարժեվորվեցին անցյալի ավանդույթներն ու կարևորվեց սեփական ակունքներին վերադարձը…

    Քրիստոնեության տարածումից հետո՝ նախկին հավատալիքները, Հայկազունների ուսմունքն «անընդունելի համարելով»՝ քննադատելով ու մերժելով, նոր «աշխարհայացք» պարտադրվեց՝ ձևափոխելով, իմաստափոխելով ժողովրդի կողմից սիրված հնագույն ծեսերն ու տոները:

    Մեհյանների, հնագույն տաճարների վայրերում՝ սովորույթի ուժով, ուխտագնացություններն ու խրախճալից տոնախմբությունները շարունակվեցին՝ ի հեճուկս տեղանքի անվանափոխությանն ու «քրիստոնեականացմանը», ազգային պարերի, խաղերի, նվագարանների արգելմանը…
    Եվ այն քաջությունն ու հովանավորությունը, որ Վահագնից էին հայցում, փոխարինվեց՝ «Եա՜, Մշոյ Սուլթան Սըբ. Կարապետ, ինծի օգնական ու պահապան էղնիս» մաղթանքով… Թեև, օրինակ, այդ մաղթանքն արտահայտող լարախաղացների շարժումների իմաստը, լարախաղացությունն իսկ իր խորհրդով անհարիր էր քրիստոնեությանը:
    Շարունակվեցին «աշխարհախումբ տոնախմբությունները դարեդար»՝ «երգօք գուսանաց, խաղօք փեհլիվանաց, մինչ զուգընթաց հնչէին քնարք Գօղթնականք, սրինգք բիւրականք»՝ փոքր-ինչ այլ հնչեղությամբ…

    «Այսօր, երբ մարդկութիւնը մեզ դրել է Հայօրէն ապրելու և ստեղծագործելու անկարելիութեան առջև այս աշխարհածուփ ու վտանգալի ժամանակներում, քաղաքական իմաստութիւն չէ՞, որ ցեղերէն ամենավտանգուա՛ծը՝ Հա՛յը, վերստին ապաւինէ Տարօնականութեա՛ն — Ցեղի յաւիտենական զէնքի՛ն:

    Գերազանցօրէն յեղափոխական են մեր օրերը, ճակատագրական՝ մերօրեայ անցքերը:
    Վաղուց է, ինչ մարդկութիւնը իրեն զգում է նստած հրաբուխի վրայ: Ականւած է հին աշխարհը: Մարդը — անհատ թէ հաւաքականութիւն — այսօր աննախընթացօրէն անապահով, խռովւած է զգում իրեն:
    Զարհուրելի են ցնցումները կեանքի բոլոր մարզերում: Ճգնաժամ են անցկացնում` պետութիւն, տնտեսութիւն, կրօն, փիլիսոփայութիւն» (Գարեգին Նժդեհ, «Տարօնի Արծիւ», թիվ 1, ապրիլ, 1938):

    Շեշտելով, որ «Տարօնականութեան ոգին է իրենց թերթի հիմնաքարը» և նպատակը՝ այդ Ոգու մշակումը Հայոց մեջ, «Տարօնի Արծիւ» ամսաթերթի 1942 թվականի թիվ 18-ի «Խմբագրական»-ում ներկայացվում է իրենց «փոքրաթիվ հայրենասէրներու Միութիւնը», ինչպես և՝ նրա գաղափարներն ու նպատակները, «Հայ մշակութային արժէքներու ստեղծագործութեան եւ պահպանման գործի» կարևորումը՝ «Տարօն — Տուրուբերանի անցեալի ու ներկայի արժէքները շտեմարանելով»:

    «Մեր թերթը խուլ եւ հա՞մր պիտի մնայ այն հիւանդութիւններու դէմ, որոնք կուգան մեռցնելու դարերու ընթացքին Հայ ազգին գոյութիւնը պահող ու պահպանող տոկունութեան եւ անպարտելիութեան ջիղը:
    Ան չպիտի՞ գրէ Յաղթանակի Աստծու պաշտամունքին մասին, զոր քրիստոնեութիւնը իր բոլոր վանքերովն ու եկեղեցիներովը չկրցաւ մեռցնել Հայու սրտին մէջ ընդհանրապէս եւ Տարօնցիին՝ մասնաւորապէս, ծնունդ տալով Հայ յեղափոխութեան որոտագոռ հեղեղներուն:
    Երբ մեր յեղափոխական անցեալէն դրուագներ կը զետեղենք հոն, անշուշտ, մենք պիտի փառաբանե՛նք քաջերը եւ արհամարհե՛նք երկչոտները»…

    …«Մենք շարունակ պիտի գրե՛նք մեր Հայրենիքի գեղեցկութիւններու եւ արժէքներու մասին, որպեսզի արտասահմանի մէջ ցան ու ցիր ինկած եւ օտարացման դանդաղ մահէն հիւծուող մեր հայրենաբաղձ ընտանիքները շարունակեն ապրիլ անոր շունչովը եւ ներշնչել իրենց ծննդավայրին հանդէպ ունեցած սէրը՝ իրենց զաւակներուն:
    Մենք շարունակ պիտի քարոզե՛նք մեր հեթանոսական Աստծու — Վահագնի ոգին՝ մեր ընթերցողներուն, որպեսզի անոնք առողջարար եւ կենսատու օդ շնչեն եւ դառնան օգտակար զինուորներ Արդարութեան բանակին»…

    …«Մեր պապերը մեզ հետ են մի՛շտ:
    Մեր ականջին կը փսփսա՛ն միշտ, որ մենք անոնց գծած հայրենասիրութեան եւ անձնուիրութեան ճամբայէն չի՛ շեղինք եւ մնա՛նք իբրեւ Պաշտպան Գունդը Հայաստանին»:

  • «ԼՈՅՍԸ ԱՇՏԻՇԱՏԷՆ ԿՈՒԳԱՅ»

    «ԼՈՅՍԸ ԱՇՏԻՇԱՏԷՆ ԿՈՒԳԱՅ»

    «ԼՈՅՍԸ ԱՇՏԻՇԱՏԷՆ ԿՈՒԳԱՅ»

    Միջնադարյան Հայ աստվածաբանական միտքը դարեր շարունակ կրոնակա՛ն ինքնությունն է առաջնային համարել՝ ազգային ինքնության մյուս ցուցիչների նկատմամբ՝ ազգությունը նույնացնելով միայն կրոնի, դավանանքի հետ: Հայ եկեղեցու սահմանած դավանանքից, «անխախտելի կարգից» շեղումը հավասարազոր էր Հայ ինքնությունից հրաժարմանը:

    Սակայն Հայոց Ազգային ինքնությունը՝ Ազգային հոգեկերտվածքը, խտացված է հնագույն ժամանակներից եկող ավանդույթներում՝ ծեսերում ու տոներում: Այդ ավանդույթները, թեև իմաստափոխվեցին ու աղճատվեցին՝ քրիստոնեությանը հարմարեցվելով, այնուամենայնիվ, հարատևեցին՝ հասնելով մեր օրերը:

    «Պատմական երկու խոշոր շրջաններում»՝ հնագույն շրջանում ու քրիստոնեության տարածմանը հաջորդող ժամանակներում «Հայի հոգու հոգեբանական զննության» մի օրինակ է Ս. Տէր Քերոբեանի փոքրիկ ուսումնասիրությունը՝ վերնագրված՝ «Լոյսը Աշտիշատէն կուգայ» (տպագրված՝ «Տարօնի Արծիւ», 1942 թ., թիւ 18, էջ 40-47):
    Հեղինակը նշում է, որ Ազգի հոգեկան ու մտավոր աշխարհի հարազատ պատկերը նրա նիստ ու կացի, աշխատանքի կերպի մեջ է արտացոլվում, և պատմության ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն իրենց «տևականությամբ, հաճախականությամբ» «որոշ գոյն մը կուտան սովորութիւններուն, աւանդութեանց եւ կենցաղին»: Իսկ ներքին հատկությունների «կատարյալ բողբոջումն ու պտղավորումն» արտաքին ազդակների ազդեցությանն է ենթարկվում՝ ուժեղանում կամ՝ տկարանում:

    «Եթէ վերցնենք Հայ ժողովուրդին հոգին՝ իր պատմական երկու խոշոր շրջաններուն եւ փորձենք ենթարկել զայն որոշ հոգեբանական զննութեան, պիտի հասնինք շատ հետաքրքրական եզրակացութիւններու:

    Հեթանոսական շրջանը կրնանք յատկանշել իբրեւ իրատեսութեան շրջան՝ կարծր, առարկայական խորհելակերպով եւ ապրելակերպով: Բնութեան ուժերուն անմիջական ազդեցութիւնը ամէն վայրկեան կը շարունակէր զգացնել իր ներկայութիւնը մարդուս վրայ եւ ուղղութիւն կուտար անոր գործերուն, վարմունքին եւ որոնումներուն:
    Ամէն քայլափոխին՝ հոս ու հոն կանգնող մեհեանները՝ իրենց կուռքերովն ու քուրմերովը, Հայ մարդուն զգայարանքներուն եւ հոգուն վրայ կը դրոշմէին այն անտեղիտալի ճշմարտութիւնը, որ անհատին եւ կամ հաւաքականութեան կեանքը պէտք է հարազատօրէն արտայայտէ բնութեան կեանքը: Որ անհատը իր գործունէութեան եւ ոգորումներու ընթացքին մի՛շտ հաշուի պէտք է առնէ Բնութեան օրէնքները՝ իբրեւ յաւիտենօրէն ազդու գործօններ, որ, վերջապէս, ժողովուրդ մը՝ իր պատմութիւնը կերտելու ատեն, պէտք է համագործակցութեան կանչէ իր երկրին լեռներու, ձորերու, անտառներու եւ դաշտերու մէջ գործող ազդակները:
    Ա՛յդ ձեւով միայն ան կրնայ այդ միջավայրին հարազատ եւ ներքին ներդաշնակութիւն ունեցող դէպքերու ամբողջութեան մը ծնունդ տալ:

    Ջրվէժներու զնգոցը, լեռներու խիզախ սլացքը եւ վայրի գազաններուն մռլտոցը մի՛շտ արթուն պէտք է պահեն անհատը եւ մրճահարեն անոր մէջ առարկայականութեան եւ իրատեսութեան ոգի:
    Այսպէսով, բնական ուժերու շօշափելի ներկայութիւնը, կուռքերու կերպարանքը եւ քուրմերու կենցաղն ու քարոզչութիւնը պատրաստեր եւ համադրեր են հին մարդուն շուրջը առարկայական միջավայր մը եւ գործելակերպ մը, ուր մարդս միշտ պիտի զգար ինքզինքը մէկ մասը Բնութեան եւ գործէր համաձայն անոր ցուցմունքներուն:

    Ես կը կարծեմ, որ այս կարծր ու իրատես մտածելակերպն էր գլխաւորագոյն պատճառը մեր պետական կեանքին զօրութեանը հեթանոսական շրջանին:

    Տե՛ս աշխարհը այնպէս, ինչպէս որ է եւ գործէ՛ համաձայն անոր մէջ ապրող հիմնական եւ համապարփակ ուժին եւ օրէնքներուն:

    Քրիստոնէութեան որդեգրումով՝ պատկերը սկսաւ փոխուիլ:
    Այդ նոր վարդապետութիւնը սկսաւ քարոզել այնպիսի օրէնքներ եւ հաւատալիքներ, որոնք բոլորովին դէմ էին մինչեւ այդ օրը ապրուած կեանքին ու սովորութիւններուն:
    Ան կը հաւատար, որ իր քարոզած փիլիսոփայութիւնը եւ խոստացած կեանքը անհամեմատօրէն բարձր էին, քան Բնութեան թելադրած կենցաղը:

    Ան եկաւ թանձր քողով մը ծածկելու Բնութեան դէմքը՝ որպէսզի մենք չտեսնենք զայն, այլ ներշնչուինք տարբեր պատկերով ու կեանքով, այսինքն՝ գերբնականով, հակառակ այն իրողութեան, որ Բնութեան օրէնքները պիտի շարունակեն գործել մարդուս մէջ, եթէ ան բոլորովին չը կուրանայ անոնց հանդէպ եւ անձնասպանութեան հասնող անտարբերութեամբ հակառակ չերթայ անոր:

    Մենք հակառակ գացինք անոր եւ յանգեցանք պետական մահուան:

    Հայ ժողովուրդը կը ցուցադրէ յատկանշական երեւույթ մը՝ այն է, երբ այն կ’որդեգրէ նոր սկզբունք մը եւ նոր կարգ ու սարք, այնպիսի՜ խանդով եւ մոլեռանդութեամբ կը փարի անոր, որ իր մտքին աչքերը կը կուրանան եւ չեն տեսներ ճշմարտութեան նշոյլ մը կամ՝ լոյսի ճառագայթ՝ ուրիշ որեւէ հոսանքի մէջ:

    Մեր կրօնական առաջնորդները, մեր պետական մարդիկ, մեր կրթական մշակները՝ ընդհանուր առմամբ, իրենց աչքերուն վրայ քաշեցին Քրիստոնէութեան մշուշը, լեցուցին իրենց ներաշխարհը հեզութեան, միամտութեան, անբծութեան, այլասիրութեան եւ անշահախնդրութեան զգացումներով, եւ նետուեցան մրցադաշտի մը մէջ, ուր անհատներն ու ժողովուրդները զինուած էին, ընդհակառակն, խորամանկութեան, անազնուութեան, շահագիտութեան եւ եսասիրութեան զէնքերով:

    Ընդունելով քրիստոնէութիւնը՝ մեր Հայրերը միանգամ ընդ միշտ հրաժարեցան Իրապաշտ հայեցողութենէն եւ դէմքերնին դարձուցին դէպի երազներու աշխարհը:

    Բնականօրէն հակուած դէպի երազանք՝ Հայ ժողովուրդը այնչափ խորը ազդուեցաւ նօր կրօնական այս շարժումէն, որ կեանքը անոր համար վերածուեցաւ բանաստեղծութեան, այսինքն՝ զգացումներու եւ մտապատկերներու գունագեղ խաղի… Այն կեանքը, ուր մարդոց գլխաւոր մտմտուքն էր դաշոյն պատրաստել եւ դաստիարակուիլ լեռներու եւ եղեգնուտներու վայրի գազաններէն:
    Մեր հայրերն այդ համապարփակ կռիւներուն մէջ մտան անզէն եւ յուսացին, որ սոսկ ճշմարտութեան ոյժը պիտի կարողանայ պահել ու պաշտպանել իրենց ցեղին գոյութիւնը»…

    «…Եթէ խորը նայելու ըլլանք՝ պիտի տեսնենք այն անժխտելի ճշմարտութիւնը, որ՝ եթէ մեր հեթանոսական ոգին Հայ ժողովուրդին մէջէն կատարելապէս ջնջուած ըլլար, եւ ուժի պաշտամունքը չը յայտնաբերեր ինքզինքը պարբերական ըմբոստութիւններու եւ յեղափոխութեանց մէջ, Հայ ցեղը՝ շատ մը ուրիշ հին ժողովուրդներուն պէս, յաւիտենապէս հեռացած պիտի ըլլար մարդկային պատմութեան թատերաբեմէն:

    Շնորհիւ, սակայն, դարերու ընթացքին հրապարակ եկող փոքրաթիւ հերոսներու մէջ արտայայտուող Վահագնեան փիլիսոփայութեան եւ պաշտամունքին, մեր ժողովուրդին գոյութիւնը պաշտպանուած է արիւնոտ ճակատամարտներու մէջ եւ պիտի շարունակուի՛ պաշտպանուիլ, եթէ երազանքի եւ աղօթասացութեան մշուշը մէկդի վանենք մեր աչքերէն եւ պայծառօրէն տեսնենք կեանքը՝ իր բոլոր երեսներուն մէջ, այսինքն՝ ուժի, առարկայականութեան եւ Բնութեան օրէնքներու անդիմադրելիութեանը:

    Մենք չե՛նք կրնար աչքերնիս գոցել այն անխորտակելի եւ ակնբախ իրականութեանց հանդէպ:
    Մենք չե՛նք կրնար աչքերնիս գոցել եւ թռչիլ, երբ իրապէս նստած ենք գետնի վրայ:

    Շատ մը քրիստոնեայ պետութիւններ ունինք, որոնք տնտեսապէս եւ զինուորականապէս ահռելիօրէն ուժեղ պետութիւններ են ըրեր ինքզինքնին:
    Ինչպէ՞ս կրնանք, ուրեմն, մեղադրել Քրիստոնէութիւնը՝ որպէս վարդապետութիւն մը, որ իբրեւ թէ կուգայ տկարացնելու անհատական նախաձեռնութեան ոգին եւ ազատ մրցումի հրաշագործ խաղերը:

    Եթէ, սակայն, ուշի ուշով քննելու ըլլանք այդ ժողովուրդներու կարգն ու սարքը, պետութեան վարած քաղաքականութիւնը եւ կատարած քարոզչութիւնը, պիտի տեսնենք, որ անոնք անունո՛վ միայն քրիստոնեայ են: Որովհետեւ, անառարկելի իրողութիւն է, որ բոլոր զօրաւոր ազգերը կրակո՛վ եւ սրածութեա՛մբ են հասեր իրենց ուժեղութեան:
    Միջոցներ, որոնց գործածութիւնը իսկական քրիստոնեայ մը չէր կրնար արդարացնել:

    Աշխարհը երկերեսանիներու՛ աշխարհ է, դիմակաւորներու պարահանդէ՛ս…
    Եթէ կ’ատես կեղծ ու պատիր արտայայտութիւնները եւ քաղաքական ու դիւանագիտական անառակներէ կը խորշիս, պէտք է, սակայն, աշխատիս ճանչնալ զանոնք՝ քու՛ իսկ ինքնապաշտպանութեանդ համար:
    Անոնք իրական ուժեր եւ ազդակներ են կեանքի մէջ, զորս պէտք է նկատողութեան եւ հաշուի առնել:

    Հայ ժողովուրդին հոգուն մէջ, սակայն, Լոյսը գերագոյն արժէք ունեցող գոյացութիւն մըն է. անկէ դուրս՝ ամեն ինչ անարժեք է, վաղանցուկ է եւ՝ սիրոյ ու պաշտամունքի անարժան:
    Անոր երազատես միտքը, անոր բանաստեղծական, հովուերգական խառնուածքը, անոր բնազանցօրէն փիլիսոփայելու հակումը՝ բնութեան մէջ, միայն մէկ արժէքաւոր իրականութիւն կը գտնէ: Այն է՝ Լոյս-իրականութիւն, առանց որու կեանքն ու տիեզերքը անկերպարան խառնարանի մը կը վերածուին»…

    …«Լոյսը գերիվեր է ամէն բանէ:
    Ամեն ինչ անոր կը հպատակի»…

    «…Համբերութի՛ւն է պէտք: Անշու՛շտ, ամէն բան մէկէն չ’ըլլար, մանաւանդ, որ երկինքը կուզէ մարդուս անկեղծութիւնը փորձել եւ չափել անոր հաւատքին խորութիւնը:
    Համբերէ՛ և աղօթէ՛:
    Չկա՛յ ուրիշ միջոց»…
    …«Աղօթէ՛ եւ սպասէ՛, չկա՛յ ուրիշ ճամբայ:
    Մշտնջենական կախումի զգացումը քեզ թող չը լքէ եւ, եթէ կուզես պատահական շնորհներու արժանանալ այդ երկրային ուժին կողմէ, պէտք է ըլլաս կատարեալ գառ մը՝ գազաններով լի անտառին մէջ:
    Այսօրինակ խորհելակերպն է, որ մարդուս մարմինն ու հոգին կ’անդամալուծէ եւ կը վերածէ զայն ողորմելի խլեակներու՝ ենթակայ աջէն ու ձախէն փչող մրրիկներու մրճահարումին:

    Մենք ա՛յս կերպ խորհողութեան պէտք չ’ունինք, երբ մեզ շրջապատող գազաններու ոհմակները կը քշտեն իրենց ակռաները՝ մեր մսին համեղութեան գինովութեամբը:
    Մենք պէտք է խորհի՛նք, թէ ի՛նչ միջոցներով այդ ժանիքները կրնանք կոտրել:
    Խոնարհութեա՞մբ, աղօթքո՞վ, երկնային Լոյսին օգնութեա՞մբը…
    Երբե՛ք:
    Մենք պէտք ունինք ա՛յն Լոյսին միայն, որ կ’իջնէր, տարիներ կ’իջնէ, որ մեռելներու հոգիները կը լուսաւորէ եւ դրախտին առիքէն կը կախուի՝ իբրեւ ջահ յաւիտենական աշխարհին:

    Մենք պէտք ունինք ա՛յն Լոյսին միայն, որ կ’իջնէր՝ տարիներ առաջ, Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետին զանգակատան խաչին վրայ:
    Դուք չէ՛ք տեսած այդ Լոյսը:
    Շատ քիչերդ կրնաք տեսած ըլլալ զայն:
    Ես այդ քիչերէն մէ՛կն եմ: Ես իմ աչքո՛վս տեսած եմ այդ Լոյսը:

    Աշակերտ էի այդ վանքը: Երեխայ:
    Այդ պարսպապատ վանքը ողողուած էր խորհրդաւոր երեւոյթներով:
    Այն աս սովորական աշխարհին մասը չէ՛ր կազմէր կարծէս:
    Խորունկ եւ անբացատրելի բան մը կը ծփար անոր շուրջը:
    Բան մը, ուրկէ երկա՜ր դարերու հո՛տը կուգար…

    Վանքին բակերէն մէկին մէջ կար փոքրիկ գմբէթաւոր տաճար մը՝ նուիրուած Մարիամ Աստուածածնայ, որուն «Դիւտուն» կ’ըսէինք («Դևերի՝ Դիցերի տուն», Կ.Ա.): Այդ տաճարը շինուած էր հեթանոսական մեհեանի մը աւերակին վրայ:
    Անոր նեղ ու փոքրիկ պատուհանէն, երբ ականջնիս մօտեցնէինք՝ կը լսէինք խուլ ձայներ, որոնք, իբրեւ թէ, գետնին տակ շղթայուած դեւերէն եւ սատանաներէն կուգային:
    Երբ առաջին անգամ վանքը գացի եւ աշակերտ արձանագրուեցայ հոն, ի շարս շատ մը խորհրդաւոր պատմութիւններու, լսեցի, որ տարին անգամ մը՝ գիշեր ատեն, լոյս կ’իջնէր գմբէթներէն մէկին վրայ:
    Եւ, որովհետեւ այդ երեւոյթը տեղի կ’ունենար աշնան եղանակին, այդ ամիսներուն մենք՝ բոլոր աշակերտներս, անձկանքով կը սպասէինք այդ երկնային յայտնութեանը:
    Խոշոր եւ երկար ննջարան մը ունէինք՝ յիսունէ աւելի մահճակալներով:
    Աշնան գիշեր մըն էր:
    Գիշերապահը՝ բարձրահասակ, ծերունի Սասունցի մը, ննջարանին մէկ անկիւնը նստած՝ մոմի նուաղկոտ լոյսին տակ փող կը փչէր:
    Կը փչէր այնքա՜ն մեղմ, այնքա՜ն անուշ, որ երաժշտական ալիքներու անտեսանելի մշուշին ներքեւ թմրած եւ գինով քնացանք:

    Որչա՛փ էի քնացեր՝ չե՛մ գիտեր, երբ զգացի, որ մէկը իմ ծածկոցս կը քաշէր:
    Աչքս բացի՝ տեսայ, որ կոյր Խաչոն էր ան, որ կ’ըսէր.
    «Սմբա՛տ, յէլի՛, լուս է յիջի»:
    «Գեղա՛մ, յէլի՛, լուս է յիջի…
    Մկրօ՛, յէլի՛, լուս է յիջի»…
    Յետոյ, մահճակալէ մահճակալ երթալով՝ «Գարեգի՛ն, յէլի՛, լուս է յիջի…»:

    Բոլորս իրարու ետեւէն դուրս ցատկեցինք՝ պլլուած մեր փոքրիկ ծածկոցներուն մէջ:
    Երկրորդ յարկին պատշգամբը խռնուած՝ աչքերնիս գամեցինք վե՛ր՝ մութին մէջ մխուող գմբէթներուն:

    Ահռելի մրրիկ մը կը գոռար:
    Ձիւնախառն անձրեւ մը՝ անսովորօրէն թանձր, վար կը թափէր…
    Սեւ ամպերու բլուրներ՝ կախուած վանքին եւ շրջակայքին վրայ՝ մութէն կը զատորոշուէին…
    Հովի ձա՞յնն էր՝ կուգար ականջնուս, թէ՞ հազարաւոր անօթի գայլերու ոռնոցը:
    Ու ահա՛, այդ ահեղ ու մութ մրրիկին մէջ մխուող զանգակատան խաչը շրջանակուած տեսանք լոյսով, դեղնօրակ եւ սարսռուն լուսապսակով մը՝ նման աղօթքին մէջ վերացած սուրբերու լուսապսակին:

    Քարացած այդ խորհրդաւոր երեւոյթին առջեւ՝ սկսանք բնազդաբար ինքզինքննիս խաչակնքել՝ կրօնական խորունկ ջերմեռանդութեամբ:
    -«Սուրբ հոգի՛ն է… Սուրբ հոգի՛ն… Երկնային Լոյսը…
    «Հաւատով խոստոսվանիմը» կը մրմնջէինք բոլորս եւ մեր սորված աղօթքները կ’ըսէինք:

    Կայծակները կը պատռտէին գիշերը, որոտումը կը ցնցէր երկինքն ու գետին, եւ քամին՝ այսահարներու բազմութեանց պէս ոռնալով, կը թաւալէր լեռներու եւ ձորերու մէջ:

    Վարը՝ բակին մէջէն, վարդապետները՝ մէկ մէկ լամբայ ձեռքերնին, շարժուն ստուերներու պէս, դէպի Մայր Տաճարը կ’երթային՝ աղօթելու:
    Կոյր Խաչօն էր արթնցուցեր բոլորը:
    Ա՛ն էր առաջին անգամ տեսեր լոյսին էջքը երկնքէն՝ մինչ վանքը խորունկ քունի մէջ էր ընկղմեր…

    Կը պատմուէր, որ ան հին յեղափոխական էր եղեր եւ տարօրինակ բաներու կը հաւատար:

    Արդեօ՞ք ան կը փիլիսոփայէ՞ր այնպէս, ինչպէս հեթանոս խորհող մը պիտի փիլիսոփայէր նման պայմաններու ներքեւ:
    Արդէօ՞ք ան կը մտածէ՞ր, որ այդ փոթորիկը Մարիամ Աստուածածնայ տաճարին տակէն շղթայազերծ եղած դեւերու բազմութիւններն են, որոնք իրենց մրրկայոյզ էութեամբը կուգային ցնցելու ընդարմացած եւ հըշոշ մեր աշխարհը…
    Ան կը մտածէ՞ր արդեօք, որ այդ Լոյսը ո՛չ թէ երկնքէն կուգար, այլ՝ Աշտիշատի Վահագնեան Տաճարներու աւերակներէն՝ իբրեւ կանթեղ՝ Հայ ժողովուրդի վերազարթնումին»…

    …«Հաւանական չէ՞ արդեօք, որ ան մեր Յաղթանակի՛ Աստծու՝ Վահագնի՛ աչքն էր, որ գմբէթին կատարէն, շանթարձակ ամպերուն ծոցէն կը դիտէր Հայ ժողովուրդին մոլորած սիրտը…

    Այդ աչքի՛ն, Աշտիշատէն եկող այդ Լոյսի՛ն է, որ պէտք ունի Հայ ժողովուրդը՝ քալելու համար դէպի իր երազներու Աշխարհը»…

  • «ՑԵՂԸ՝ ԲՆԱԿԱՆ ԱՆՇԷՋ ԴԱՐԲՆՈՑ»…

    «ՑԵՂԸ՝ ԲՆԱԿԱՆ ԱՆՇԷՋ ԴԱՐԲՆՈՑ»…

    «ՑԵՂԸ՝ ԲՆԱԿԱՆ ԱՆՇԷՋ ԴԱՐԲՆՈՑ»…

    «Նշանակալի անկյունադարձի առջև գտնվող» աշխարհում, երբ կյանքը նոր օրենքներ է թելադրում Մարդկությանը, «Ազգային դեմքն ու Ոգին» պահելով «ինքնափրկության» ուղիներ են նշել Հայ բազմաթիվ մտավորականներ՝ Ազգի, Հայրենիքի ապագայի մտահոգությամբ՝ համոզված, որ սեփական ազգային պատմությամբ ու Նախնիների փառքով ձուլված «Հոգևոր զենքով» կկերտվի բաղձալի ապագան՝ ի հեճուկս այլոց թելադրած կամքի:

    1924 թվականի մայիսին իր՝ «Անցյալից» գրքի «Ներածության» մեջ Լեոն գրում է.

    «Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչև այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։

    Ի՞նչ էինք։

    Իմ ծննդավայրը՝ Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով՝ նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։
    Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին Հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար և չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։

    Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր Հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչև, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրև միակ ուժը և շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր ու հոգեկան պահանջները։ Հիշում եմ՝ ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց և միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը: Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին և ամբողջ թեմրն: Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները: Նրա առջևից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ հետևում էր՝ երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը՝ Իշխան անունով:

    Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու և իր տպավորություններն այդ օրվա ու հետեւյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։

    Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի և արհեստավորի տանը։
    Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արևի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ և հակաճառություններ, անգամ՝ կուսակցություններ, բայց այդ բոլորը՝ տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ: Գավառական ճահճի բորբոսնած մակերևույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երևան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները:

    Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի՝ շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ Հայ — քրիստոնյա: Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձևացնելով և, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։

    Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։

    Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, և իրենք` զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։

    Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից»…

    Լեոյի գրածներից տարիներ անց՝ Բուլղարիայում՝ Վառնայում հանգրվանած Հայորդիներից մեկը՝ դոկտոր Պ. Հաճօլեանը բժշկի՛ տեսանկյունից է անդրադառնում Հայ ազգի վիճակին, ազգապահպանման խնդրին:
    Դոկտ. Պ. Հաճօլեանի՝ «Առողջ ցեղի կերտում» հոդվածից մի հատված՝ ահավասիկ (մեջբերումը՝ «Տարօնի Արծիւ», 1938 թվական, ապրիլ, Ա տարի, թիւ 1):

    «Իւրաքանչիւր ազգ, որ կը վճռէ ապրիլ, կը պատրաստուի ենթարկուիլ կեանքի անողոք հրամայականին՝ ի՛ր իսկ մէջ կենդանացնելով ցեղը, որ կենսաբանական ըմբռնում է և, հետեւաբար, ինչպէս ամեն կենսաբանական կառուցվածք՝ ուժածին գործօններու Նախաղբիւր:

    Բոլոր այն ազգերը, որոնք, ըմբռնելով օրուայ հրամայականը, սկսած են ցեղօրէն տառապիլ, ցեղօրէն վճռել ու ցեղօրէն գործել, առօրեայի վրայով կը դիմեն դէպի իրենց ապագան, կը կերտեն իրենց վաղուայ ճակատագիրը, կը հարթեն յաւիտենականութեան ճամբան:

    Արդի ընկերային կենսաբանութիւնը ցոյց տուաւ, որ ազգերու յատկանիշները անփոփոխելի չեն: Անոնք ստեղծուած են անցեալի պատմական ելեւէջներու ընթացքին ու պայմաններու ներգործութեամբ կրնան փոխուիլ:

    Ազգերու ճակատագիրը, սակայն, կը մշակէ Ցե՛ղը, որ բնական Անշէջ Դարբնոց մըն է, ուր կը վերանորոգուին, կազնուանան կենսաբանական ոյժե՛րը, բնազդնե՛րը և բոլո՛ր այն կարողութիւնները, որոնք, թաղուած գորշ իրականութեան մոխիրին տակ, դադրած էին պատմութեան մարզին մէջ արտայայտութիւն ստանալու ընդունակութիւն ունենալէ:

    Ի՛նչ խօսք, որ մեր ժողովուրդի մէջ քնած ոյժեր կան, որոնք պէտք է վերակերտուին ցեղային կրակարանին մէջ:
    Եվ, ի՛նչ խօսք, որ կենսաբանական սթափումո՛վ, բարոյական ոյժերու վերազարթնումո՛վ միայն մենք կրնանք ազատիլ այն նուաստացուցիչ ճակատագրէն, որ մեր մեղսակցութեամբ աշխարհը պարտադրած է մեզ:

    Հոգեփոխուելու, վերանորոգուելու պահա՛նջ կայ, եթէ կուզենք ցեղօրէն արժեցնել մեզ, եթէ կուզենք պատմութիւն ստեղծող ո՛յժ դառնալ կրկին:

    Ցեղային գիտակցութիւն, ցեղային պատիւ, ցեղային կորով, ցեղային վճռականութիւն ու անպարտելիութիւն — ահա՛ այն զմայլելի գործօնները, որոնք կրնան վերանորոգել ու հոգեփոխել մեզ:
    Սակայն այդ բոլորը կը բղխին հոգեպէս ու ֆիզիքապէս առո՛ղջ կենսաբանական կառուցուածքէ:
    Հետեւաբար, մեր ամբողջ ծրագիրը պէտք է կենտրոնացնենք առո՛ղջ ցեղ կերտելու լուրջ ու հետեւողական աշխատանքին շուրջ:

    Այդ գործին մեծապէս պիտի նպաստէ Տարօնական շարժումը, որ ցեղի յաւիտենականութենէն բղխած գաղափար մըն է, խորքով և արտայայտութեամբ համահայկական բարձր մտահոգութիւն մը:

    Տարօնականութինը նախ և առաջ Հայրենիքը վերանուաճելու՛, Հայրենատէ՛ր դառնալու անդրդուելի կա՛մք է, իսկ այդպիսի կամք կրնան ունենալ միմիայն ցեղօրէն առո՛ղջ ժողովուրդները:

    Կերտելով առողջ ցեղ, մենք բնականօրէն պիտի նպաստենք Տարօնական Ոգիին: Իսկ համակուելով այս Ոգիով, մենք պիտի ստեղծենք կենսաբանական բարոյականով օժտուած ժողովուրդ:
    Այս տեսակէտով՝ Տարօնականութինը ո՛չ միայն իդեալ մըն է, այլեւ՝ ցեղակերտումի գործնական ծրագիր մը:
    Մեզ կը մնայ լուրջ գործի լծուիլ՝ նպաստելու համար այս մեծ, այս ճակատագրական Զարթօնքին»…

  • «ՄՈԼԵՌԱՆԴ ՈՒ ԿԱՏԱՂԻ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՄԸ»՝ ՍԱՐԳԻՍ ԵՐԿԱՅՆԵԱՆ

    «ՄՈԼԵՌԱՆԴ ՈՒ ԿԱՏԱՂԻ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՄԸ»՝ ՍԱՐԳԻՍ ԵՐԿԱՅՆԵԱՆ

    «ՄՈԼԵՌԱՆԴ ՈՒ ԿԱՏԱՂԻ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՄԸ»՝ ՍԱՐԳԻՍ ԵՐԿԱՅՆԵԱՆ

    Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ Հայորդիք՝ հրաշքով վերապրածներն իրենց մշակույթը, ազգային հիշողությունը փրկելու և սերունդներին փոխանցելու նպատակով՝ տարբեր երկրներում հիմնում էին «Հայրենակցական միություններ», մամուլում՝ զանազան հրապարակումներով անդրադառնալով հին ու նոր ժամանակների ազգային պատմությանն ու Հայ ազգի արժանավոր զավակներին…

    Անցյալի պատկերներով ողողված նրանց հուշերում Հայրենիքի սիրով լի պատումներն են՝ շարադրված տեղական բարբառով, համեմված ազգագրության ու բանահյուսության պատառիկներով…

    Տարոնը՝ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհում՝ «անուշ օդով ու բազմաջուր, մեղրաբուղխ» Մշո երկիրը, Հայոց հնագույն ուխտավայրերից էր՝ Քարքե լեռան հայտնի մեհենավայրը՝ Անահիտ Դիցամոր, Քաջն Վահագնի ու Վարդահեր Աստղիկի մեհյաններով, հռչակավոր Աշտիշատով ու դիցանվեր անտառներով, ուր, Ագաթանգեղոսի վկայությամբ, քրիստոնեության տարածման ժամանակ կործանեցին «Հաշտից տաճարները»՝ նրանց տեղում հիմնելով Սբ. Կարապետի վանքը:

    Արածանիի աջ կողմում, Քարքե լեռան հարավ-արևմտյան լանջին գտնվող այդ սրբավայրը՝ Արածանիի հիասքանչ հովիտն ու բարձրաբերձ, անտառապատ լեռնաստանները Հայորդիների սրտում հարատևեցին՝ իրենց ոգեղեն ուժով ոգեշնչելով ու քաջալերելով դարեդար (թեև՝ անվանափոխված)…
    Եվ «Տարոնականությունը» շատերի համար դարձավ «Ցեղի առաջին հոգևոր զենքը»…

    1870-ին Տրապիզոնում ծնված, 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ հորն ու եղբորը կորցնելուց հետո՝ 1897-ին Նյու-Յորքում ապաստանած Հայ արվեստագետը՝ Սարգիս Երկայնեանը, որն ուսանել էր Փարիզում՝ Ժուլիանի ակադեմիայում, նաև՝ Սորբոնի համալսարանում, դասավանդել Ստամբուլի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, արժանացել բազմաթիվ մրցանակների, 1920-ից եղել Սենթ-Լուիսի (ԱՄՆ) թանգարանի վերականգնող նկարիչը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում լույս տեսնող՝ «Տարօն Տուրուբերան Հայրենակցական միութեան»՝ 1949 թվականի «Տարօնի Արծիւ»՝ «Տարօնական ոգով» ամսագրում (թիվ 27-28, էջ 25-31), հրապարակել է իր հուշերը՝ դեպի Մուշ կատարած իր ուխտագնացությունից (ի հեճուկս վտանգներով լի ժամանակների)…


    Ստորև՝ «Դեպի Սուրբ Կարապետ» վերնագրված հիշյալ հուշերը՝ հրաշալիորեն ներկայացված…

    «1886 Յուլիսի սկիզբը, տակաւին դպրոցական աշակերտ, Տրապիզոնէն ճամբայ ելանք դէպի Սբ. Կարապետ՝ դասընկերս՝ Գրիգոր Յովսէփեանին հետ, զինուած լազի կեռ սուրով մը եւ քոսոտ հրացանով մը:
    Տրապիզոնէն սկսեալ՝ մինչեւ Ճէվիզլիկ ճանապարհը, Տէյէրմէն Տէրէի ուղղութեամբ շատ անզգալիօրէն կը բարձրանայ, իսկ անկից սկսեալ՝ Զզանայի ստորին փէշերով զգալիօրէն կը բարձրանանք դէպի անոր գագաթը (մօտաւորապէս 4925 ոտք բարձր), միջագետին ուղղութեամբ՝ աջ ու ձախ կողմերու վրայ մայրի սքանչելի անտառներու միջով:
    Լեռան անմիջապէս ստորոտէն՝ ճանապարհը ոլորապտոյտներով կը բարձրանայ մինչեւ լեռան գագաթը:
    Այնտեղէն դէպի հարաւ, արեւեք, արեւմուտք՝ առջեւնիս կը պարզուի հիանալի համայնապատկեր մը՝ մեր սիրելի երկրի հիւսիսային արեւելեան սահմաններու վրայ:

    Լեռան գագաթէն անմիջապէս կ’սկսի վայրէջքը՝ դարձեալ շատ մը ոլորապտոյտներով՝ մինչեւ Խուրշուտ Սուի հովիտը, որտեղէն Պոնտական լեռնաշղթայի հարաւային ստորոտէն կ’սկսի Հայաստանի հիւսիսային սահմանի մի մասը: Գետին ուղղութեամբ դէպի վեր 3 ժամ յառաջանալով՝ կը հասնինք Կիւմիւշխանէի հիանալի այգիները, որոնք մեծ մասամբ Հայերու կը պատկանէին: Այս մրգաստանը համբաւաւոր է իր «Բրիք» տեսակ անուշահամ տանձերով, ծիրանիներով, խնձորենիներով եւ թթենիներով:
    Այգիները վերջանալէ վերջ՝ կը հասնինք Կալէճիք կոչուած գիւղը, որուն մօտ ժայռուտ բարձունքի մը վրայ, կանգուն մնացած է կիսաւեր բերդ մը, ուրկից ստորերկրեայ անցք մը կ’իջնայ մինչեւ բերդը, որուն անունը գիւղին անուամբ՝ Կալէճիք ըլլալու է:
    Այս տեղէն սկսեալ՝ աստիճանաբար կը բարձրանանք Վավուք կոչւած լեռան գագաթը, ուրկից գրեթէ առանց ել եւ էջի՝ կը յառաջանանք Բաբերդի բարեբեր դաշտը, որ կ’երկարի մինչեւ քաղաք:
    Քաղաք հասնելէ մի ժամ առաջ՝ կը գտնուի Սեպուհի ծննդավայր Վարդահան գիւղը: Այնտեղ՝ ճամբուն մօտ կը գտնանք կիսաւեր եկեղեցի մը, որուն մէկ մասին վրայ անվնաս մնացած են սքանչելի նուրբ զարդաքանդակներ:
    Ձգելով Վարդահանը՝ կը մտնանք Բաբերդ. աղտոտ, բայց առողջ օդով քաղաք մը: Ժամանակ չունեցանք այցելելու բարձունքի վրայ գտնուած բերդերու անուանի աւերակները, կը շարունակենք դէպի Կարին:

    Տեսարաններ Բաբերդից

    Բաբերդէն սկսեալ՝ անընդհատ կը բարձրանանք դէպի Քօբ լեռան գագաթը:
    Այնտեղէն՝ չորս կողմի վրայ համայնապատկերի տեսարանը հիանալի է, բայց, օդը շատ չոր ըլլալուն պատճառաւ՝ հեռաւորութիւնները զանազանող երանգաւորումներ չկան: Այնպէս որ՝ այդ բարձունքներէն դիտուած ամենահեռաւոր մասերը կարծես մի քանի ժամուան ճամբայ է: Մինչդեռ, իրականօրէն, հազիւ թէ մէկ օրէն կարելի է հասնիլ:
    Հոն գիշերեցինք, անշուշտ, բացօդեայ, ինչպէս ամէն տեղ: Կէս գիշերէն վերջ՝ ջուրը սառելու աստիճան ցուրտ կ’ընէ Հայաստանի բարձունքներու վրայ ամեն տեղ, իսկ ցորեկը՝ կէսօրէն ետք, տաքութեան աստիճանը 100-ը կ’անցնի արեւին տակ:

    Առաւօտը անզգալի վայրէջքով մը կը յառաջանանք մինչեւ Կարնոյ անուանի լեռնադաշտը:
    Կարնոյ դռնէն քաղաք մտանք հպարտօրէն, համարձակ, գլուխնիս՝ բարձր բռնած, զինուորական քայլերով՝ դռնապահ զինուորներու առջեւէն:

    Ուղեւորուեցանք ուղղակի Պաստրմաճեան խանը՝ սենեակ մը վարձեցինք: Առաւօտ կանուխ եզան սայլերու երաժշտութենէն արթնցանք. ի՞նչ տեսնանք լավ…
    Խանին բակը լեցուն էր սայլերով՝ ծառերու խոշոր արմատներով բեռնաւորուած: Հարցուցինք, մեզ պատասխանեցին, թէ՝ ատոնք ընդարձակ անտառներու հսկայ ծառերու արմատներ են, որ Կարնոյ շուրջերէն, երբեմն նոյնիսկ շատ հեռուներէն կը բերեն՝ որպէս վառելու փայտ, տարիներէ ի վեր:
    Երեւակայեցե՛ք, որպէսի՜ անսպառ անտառներ գոյութիւն ունեցած էին ժամանակաւ, որ թուրք տիրապետութեան օրով՝ անխնայ կտրատուած են երկրի անսպառ անտառները և այսօր Հայաստանի մէջ գրեթէ ամեն տեղ կը տեսնանք բուսականութենէ զուրկ՝ չոր ու մերկ լեռներ եւ հովիտներ միայն…

    Կարին գալերնէս երեք օր վերջ, երբ ճաշելու գացած էինք ու կարճ պտոյտէ մը վերջը սենեակ կը վերադառնանք՝ ի՞նչ լսենք լավ…
    Հայերէն խմբերգ՝ մեր վարձած սենեակէ՛ն…

    Խանի պահապանը մեզ կ’ըսէ, թէ՝ «Հիւրե՛ր ունիք Տրապիզոնէն»:
    Կը մտածենք, թէ ո՛վ պիտի լինէին հիւրերնիս: Ներս կը մտնանք զարմանքով՝ կը տեսնանք՝ մեր ուսուցիչնե՛րը՝ Հ. Խուշպուլեան, Պ. Մարիման, Հ. Տիրատուրեան և ուրիշ երկու հոգի:
    Կը համբուրւինք, անպատմելիօրէն ուրախ օր մը կ’անցնենք, Կարնոյ մէջ արդէն ձայն տուած էինք. յաջորդ օրը քաղաքը կը պտտինք, Սանասարեան դպրոցը կ’այցելենք… Հ. Տիրատուրեան Ամերիկայէն նոր վերադարձած էր՝ «սիլընտըր» գլխարկ դրած, լավ հագուած (հարուստ ընտանիքի զաւակ, աջ — ձախ կը լուսանկարէ բերդերու մէջ արգիլուած վայրեր)…

    Նոյն օրը երեկոյեան՝ Պաստրմաճեան ընտանիքէն ծառայ մը կուգայ մեր սենեակը, նամակ մը կը բերէ, որով հրաւիրուած էինք ճաշի:
    Գացինք, փառաւոր կերպով հիւրասիրուեցանք, այնտեղ ծանօթացանք Գարեգին Պաստրմաճեանի, որ շատ սիրուն պատանի մ’էր՝ Սանասարեան վարժարանի աշակերտ: Կերուխումէն եւ մինչեւ ուշ ժամանակ՝ լավ ժամանակ անցնելէ ետք, երբ սենեակ պիտի վերադառնայինք, Պ. Պաստրմաճեան մեզ ըսավ, որ կառաւարութիւնը խնդրած է, որ Տրապիզոն վերադառնանք, որովհետեւ Հ. Տիրատուրեան արգիլուած վայրեր կը լուսանկարէ…

    Եվ այսպէս, բոլորը միասին կը վերադառնան Տրապիզոն՝ զինուորի մը առաջնորդութեամբ: Իսկ մենք մի քանի օր եւս մնացինք Կարին, մինչեւ որ Սբ. Կարապետի ուխտաւորներու խումբը ամբողջացաւ, 15 հոգի, բոլորն ալ ձիաւոր, իսկ մենք երկուսս՝ հետիոտն:

    Այծպտկունք (Բալան Տէօքէն)

    Սբ. Կարապետի մասնաւոր առաջնորդութեամբ՝ ճամբայ կ’ելնանք Վարդավառէն 10 օր առաջ, Բալան Տէօքէն լեռներէն դէպի արեւմուտք շարունակուող Կարակայի լեռներու ճամբով: Կտրելով լեռան բարձունքները՝ կ’անցնինք աղի հանքէ մը, ուր կը շարունակենք մեր ճանապարհը՝ անընդհատ ելեւէջներով, անցնելով բազմաթիւ առուակներէ, լեռնադաշտերէ:
    Առաջին օրը կը գիշերենք առուակի մը մօտ:
    Գիշերը սաստիկ ցուրտ էր, փառաւոր կերպով կը մրսէինք…

    Առաւօտը կանուխ, երբ ելանք՝ առուակը թեթեւ սառոյցով մը պատած էր: Պատրաստուեցանք եւ կանուխ ճամբայ ինկանք՝ դողալով, մինչեւ ժամը տասը: Յետոյ աստիճանաբար կը սկսի տաքնալ, իսկ կէսօրէ վերջ՝ ժամը 3-4-ի ատենները սաստիկ տաք կ’ընէ եւ, սակայն, առողջաբար, բնաւ չենք քրտնիր:
    Կը հասնինք մի փոքր, բայց սէպ բլուր մը, որ կը կոչէին Պառուի եօխուշ: Մօտ 20 վայրկեան անընդհատ բարձրացանք, շատ յոգնեցանք, նոյնիսկ՝ ձիերը:
    Յետոյ, չգիտեմ ինչքան հեռուն, կը նշմարենք գոլորշի մը: Առաջնորդնիս կ’ըսէ, որ անուանի հանքային տաք ջերմուկն է, որու առջեւէն պիտի անցնէինք:

    Ժամ մը վերջը հասանք հոն՝ առուակի մը մօտ, խօրունկ փոսացած ապառաժի մը մէջէն սաստիկ տաք ջուր մը կը բխէր: Անոր մօտը՝ դարձեալ ապառաժ մը արուեստական կերպով փորուած տաշտի մը մէջ կը հոսի ջուրը, որտեղ, մի քիչ պաղելով՝ ճամփորդները կը լոգնան: Մենք այդ տեղը բաւական կանգ առինք եւ լաւ մը լողցանք. մաքրուելով՝ ճամբայ ինկանք: Հասանք մի գիւղ, որու անունը լաւ չեմ յիշեր, կարծեմ՝ Լալուզար էր, հոն գիշերելու համար:

    Ընկերս՝ Գ. Յովսէփեան, որսորդութեան կը մեկնի՝ խօսք տալով, որ շատ չի ուշանար: Ես ալ՝ Հայաստանի գիւղի մասին գաղափար մը կազմելու համար, կը մտնեմ տուն մը, որը ցած դուռ մը ունէր, երդիքէն լուսամուտ մը բացուած: Տան ներսի մասերը բնաւ չեմ յիշեր: Մի պատանի նստած էր դռան առջեւ: Զիս տեսնելով՝ վազեց ներս՝ մայրը կանչեց, աղջկան հետ եկան, շատ սիրով հիւրընկալեցին զիս, սեղան պատրաստեցին, լաւ կը յիշեմ՝ պանիր, բանջրով շուրվա, հաց, կարագ եւ խորունկ փայտէ ամանով առատ մածուն, որ շատ ախորժակով կերայ: Այս ըսեմ, որ ճաշէն առաջ այդ փոքրիկ աղջիկը ոտներս լուաց, վերջապէս՝ Հայաստանի աւանդական հիւրասիրութեամբ մը պատուեցին զիս:
    Առանց լրջօրէն մտածելու՝ ուզեցի վարձատրել դրամով, բայց մերժեցին՝ ըսելով.
    «Մըր դուռ յըմնու յառջեւ բաց է, Հայ ճամբխորդը բարո՛վ է էկի, հազա՜ր բարով: Ամօթ չէ՞, որ փարի պաս կ’էնիս»:

    Իսկապէս, շատ ամօթով մնացի:
    Շնորհակալութիւն յայտնելով՝ հեռացայ գացի կայան:

    Օրն արդէն սկսած էր մթնել: Գրիգորը տակաւին չէր վերադարձած: Մենք սկսանք մտատանջուիլ՝ աւելի ա՛յն պատճառաւ, որ այդ ժամանակ Իպօ անունով նշանաւոր աւազակախումբը այդ կողմերն էր: Մանաւանդ ես, որ երաշխաւոր եղած էի Տրապիզոնի մէջ՝ իր ծնողաց:

    Մտածութիւններուս մէջ որոշեցի, որ անոր վտանգ մը պատահած ըլլալու պարագային ես այլեւս չեմ վերադառնար Տրապիզոն, կ’անցնիմ Պարսկաստան:
    Մութն արդէն կոխած էր, ուժով ձայն կուտանք… Արձագանքն էր միայն պատասխանը…
    Վերջապէս, կ’երևի՝ սարսափելի վիճակի մէջ: Ինկած էր ճախճախուտներու մէջ, զգեստները՝ ամբողջովին ցեխոտած, ձեռքերը, դեմքը՝ արիւնոտած…
    Հազիւ կրցած էր կերպով մը ազատիլ ճախճախուտներէն, հրացանն ալ վրայ տալով՝ հասնիլ կայան:

    Առաւօտ կանուխ ճամբայ կ’իյնանք, կէսօրին դադար կ’ընենք մի խոտաւէտ վայր, որուն կարօտ մնացած էինք:
    Հայաստանի մէջ՝ մինչեւ այստեղ անցած ճանապարհի չորս կողմը տեսանք միայն բուսականութենէ զուրկ, մերկ լեռներ: Երբեմն առուակներու եզրին տեղ-տեղ կղզիացած կը հանդիպինք թփիկներու, ուռենիներու…
    Կարինէն սկսեալ՝ ճանապարհին կամ դաշտերի մէջ աշխատող ո՛չ մէկ մարդու հանդիպեցանք: Անցանք մի քանի գիւղեր՝ այնտեղ ալ չի հանդիպեցանք մարդկային էակի:
    Գիւղերը ողորմելի տեսք մը կը ներկայացնէին դաշտի մէջ՝ բուսականութենէ զուրկ:
    Այս կանաչագեղ վայրին մէջ խեղճ ձիերը ազատ ձգուեցան, որ սկսան ախորժակով արածիլ:

    Ուխտաւորները եւ մենք, երբ հանգիստ կ’առնէինք, քիչ վերջը երկու հողագործ քիւրտեր կուգան՝ բարկութեամբ կը գանգատին, թէ՝ «Այս վայրը մեր արօտատեղին է, շուտով հեռացե՛ք այս տեղէն»:
    Առաջնորդնիս, որ քիւրտերէն լավ կը հասկնար, հանդարտ կը խօսի անոնց հետ:
    Ուխտաւորները, որ Օրտուցի եւ Կիրասոնցի էին, կը պատրաստուին մեկնելու: Ես արթնցայ՝ լազի սուրը մէջքիս, իսկ Գրիգորը՝ անզէն, սպառնալով վազեցինք դէպի քիւրտերը: Առաջնորդի միջամտութեամբ քիւրտերը մի քիչ թուլացան ու մեղմութեամբ հեռացան: Մենք ալ՝ քիչ մը եւս հանգստանալով, ճամբայ ելանք…

    Մի քանի ժամ վերջը հասանք Իննակնեան կոչուած վայրը…
    Մի սքանչելի լեռնադաշտ…
    Ճամբուն երկու կողմերու վրայ քիւրտերը՝ վրանները դրած, ուտելիքներ կը ծախեն: Կը գնենք մի քանի բաներ, մանաւանդ՝ պանիր, որ սքանչելի էր:
    Այս վայրէն քիչ հեռու, աւելի ցած, կը գտնուէր մեր հեթանոսական շրջանի Գիսանէ եւ Դիմետր դիցերու բագինները, որոնց աւերակներուն վրայ յետոյ կառուցուած է Սբ. Կարապետ վանքը, որ կը կոչուի նաեւ «Իննակնեան» կամ՝ «Գլակայ վանք», որը կը գրաւէ Տարօնի ամենագեղեցիկ վայրերէն մին:
    Երբ այդ Իննակնեան բարձունքէն առաջին անգամ կը տեսնամ Սբ. Կարապետը՝ իր վսեմ տեսարանով, անբացատրելի յուզումով մը ինքզինքս կորսնցուցած՝ արցունքներս հեղեղի նման հոսելով, գետին կը խոնարհիմ՝ կուշտ մը կը համբուրեմ մեր պաշտելի Տարօնի Սուրբ հողը:
    Խելագարի նման բարձրաձայն կը պօռամ.
    «Այս երկիրը մե՛րն է, մեր Սուրբ Պապերու՛ հողն է:
    Թուրքե՛ր, դուք պղծեցի՛ք այս Սուրբ Երկիրը: Դուք չե՛ք կրնար երկար մնալ հոն:
    Մեր Հայկայ քաջ որդիները պիտի տիրանա՛ն անոր:
    Այսպէ՛ս կը հրամայեն մեզ անոր Սուրբ Հողին մէջ հանգչող մեր հին փառքերու Ոգիները»…

    Այսպէս, թափելով աղի արտասուքներս, պահ մը դադրեցայ. հպարտ, կուրծքս բարձր բռնած՝ կը վազեմ դէպի վանք, կը համբուրեմ անոր դուռը, կը մտնեմ եկեղեցի, ջերմօրէն ծնրադրած կ’աղօթեմ:
    Այն ժամանակ վանքին վանահայրը Տրապիզոնի առաջնորդն էր (որու անունը չեմ յիշեր), կը ներկայանանք անոր, որ մեզ յատկացուց առանձին փոքր սենեակ մը:

    Կարինէն մինչեւ Սուրբ Կարապետ՝ երեք օր անընդհատ քալելէ, բարձր սարերու վրայ բացօդեայ անհանգիստ գիշերելէ եւ յոգնելէ վերջ՝ լա՜վ մը հանգստացանք:
    Հետեւեալ օրը բաւական ուշ արթնցանք, դուրս ելանք, ընդհանուր ակնարկ մը ձգեցինք չորս կողմերնիս…
    Սքանչելի՛ է համայնապատկերը, որ մեր առջեւ կը պարզուի դէպի արեւելք ու հարաւ:
    Մուշի ուղղութեամբ Արածանիի հովիտը, ամբո՛ղջ Մշոյ դաշտը ծածկուած էր մշուշով, ջինջ, կապոյտ երկնքի տակ փռուած…

    Մուշից՝ մշուշոտ մի պատկեր

    Նկարչական այս փառաւոր տեսարանն անջնջելի պիտի մնայ մտքիս մէջ. կարծես Բնութիւնը իր մանրամասնութեա՛մբ պատկերացած լինէր այստեղ:
    Ո՜հ, որչա՜փ երջանիկ պիտի զգայի ինքզինքս՝ եթէ երբէք ծնած ու մեծցած ըլլայի այս աստուածային երկրին մէջ, ուր ամէն ինչ քաղցր է ու ներդաշնակ: Օդը՝ բիւրեղի նման ջինջ, անուշ ջուրը, Հայրենի պաշտելի հողը, նկարչական աննման սարերը…

    Այս բոլորը Արարչի պարգե՛ւն է մեր Սուրբ Երկրին, որ այսօր ոճրագործ թուրքի տիրապետութեան տակ ընդարձակ աւերակի մը վերածուած է՝ ամայի ու անմշակ: Ոչնչացուած են նոյնիսկ մեր սուրբ պատմական յիշատակարանները. վստահ եմ, որ մեր հոգի Սուրբ Կարապետն ալ բնաջնջուած, քար-քարի վրայ մնացած չէ:

    Այո՛, թուրքը ոչնչացուցած է ամեն ինչ, ամեն յիշատակ, բայց ան չէ՛ կրցած ու ո՛չ ոք չ’պիտի կրնայ բնաջնջել մեր երկրի բնական տուեալները:
    Հայե՛ր, Տարօնցինե՛ր, սիրեցէ՛ք, պաշտեցէ՛ք աստուածային այս պարգեւը, զոհուեցէ՛ք անոր համար՝ եթէ հարկը պահանջէ:
    Դու՛ք մանաւանդ, Տարօնցինե՛ր, հպա՛րտ եղէք ձեր պաշտելի Տարօնով, ուրտեղ ծնած ու մեռած են մեր ազգի ամենամեծ կոթողներն ու պարծանքները…

    Երկրորդ օրը պտոյտ մը ըրինք վանքին շուրջը…
    Ամեն տեղ՝ սքանչելի նկարչական տեսարաններ՝ մէկը միւսէն տարբեր, մէկը միւսէն գեղեցիկ:

    Վանքի պատերէն անմիջապէս դուրսը կայ մի աղբիւր՝ Լուսաղբիւր, որը սաւաններով շրջապատելով՝ կիները անոր պաղ ու վճիտ ջուրով կը լողան՝ բժշկուելու համար:
    Վանքի բակին մէջ գիւղացիներ՝ ամէն տեսակ ուտելիքներ եւ ուրիշ բաներ բերած, փառաւոր «պազար» մը կազմած էին: Կը մօտենանք կնոջ մը՝ 10 փարայի ձու կ’ուզենք, կինը կը սկսի համրել մէկ, երկու… մինչեւ քսան…
    Զարմանալով ըսինք. «Մայրի՛կ, 10 փարայի միայն կ’ուզենք»:
    Կինը՝ տեղական բարբառով՝ քիչ մը նեղուած ըսավ,
    «Մե՛նք ալ, վերջապէս, փոքրիկ շահ մը պէտք է ընենք»:
    Ան կը կարծէր, որ մենք դժգոհ էինք, թէ ինչու՞ քիչ մը աւելի չի տար, մինչդեռ մենք կը զարմանայինք, թէ ինչու՞ համար տասը փարայի ա՛յդ չափ հաւկիթ կուտայ:
    Խնդացինք ու զարմացանք այդ աստիճան պարզութեան եւ միամտութեան վրայ:
    Կարագը զանգուածով դրած էին սեղանի վրայ՝ քանի մը փարայով երկու խոշոր գունդ առինք եւ հեռացանք:

    Միեւնոյն օրը՝ կէսօրէ վերջը, յանկարծ իրարանցում մը…
    Իպօ աւազակապետն իր խումբով վանքը եկած էր:
    Վանահայրէն սենեակ ուզեցին:
    Սենեակները ուխտաւորներով լեցուած էին: Վանահայրը ուզեց մէկ-երկու սենեակ պարպել, բայց Իպօն չը թողուց, տանիքի վրայ ելաւ իր երկու զաւակներով:
    Չափազանց հետաքրքրուեցայ: Ես ալ՝ լազի կեռ թուրը մէջքիս, բարձրացայ տանիքը:
    Իպօն տեսաւ զիս, կանչեց իր մօտը, շատ հետաքրքրութեամբ դիտեց իրեն համար այդ տարօրինակ զէնքը: Զիս համբուրեց, մէջքէն փոքր, սիրուն դաշոյն մը հանեց՝ տուաւ ինծի ու ըսաւ.
    «Դուն ալ տուր ի՛նձ այդ զէնքը»:
    Սիրով փոխանակեցի:
    Իպօ՝ սքանչելիօրէն սպառազինուած, ոսկեթելերով հիանալիօրէն բանւած տարազներ հագած՝ ինք եւ իր երկու զաւակները: Իպօ փառաւոր, առնական պատկառելի դէմք մ’ունէր, գլուխը՝ տարօրինակ, գեղեցիկ փաթթոցով մը, որ ա՛լ աւելի պատկառելի եւ, միաժամանակ՝ երկիւղալի երեւոյթ մը կուտար իր դէմքին, երկու զաւակները՝ նոյնպէս:
    Վերջապէս մնացին հոն մինչեւ ուշ ժամանակ. երեկոյեան՝ արեւը մայր մտած էր, հեռացաւ իր խումբով, բոլորն ալ՝ ձիաւոր:
    Չի մոռնամ ասելու, թէ՝ ուխտաւորներուն մէկուն ձին գողցուած էր, երբ Իբօ իմացաւ, իսկոյն իր մարդոց պատուիրեց, որ երթան՝ ձին գտնեն: Երկու ժամ ետք՝ վերադարձան՝ ձիով…

    Երրորդ օրը՝ կէսգիշերն անց, սենեակին դուռը ուժով մը կը բախեն: Անկողնէն վեր կը ցատկենք, դուռը կամաց մը կը բանանք…
    Յանկարծ դիմացնիս կը ցցուի ոտից մինչեւ գլուխ սպառազինուած երիտասարդ մը:
    Մենք պահ մը մնացինք վարանած. քիչ մ’ալ՝ վախեցած, շփոթ վիճակի մէջ:
    Երիտասարդը՝ տեսնելով մեր այդ վիճակը, հայերէն ըսավ. «Մի՛ վախնաք»:
    Երբ հարցուցինք ով ըլլալը՝ «Յետո՛յ կ’իմանաք,- ըսաւ,- այժմ հագուեցէ՛ք, դու՛րս ելնենք»:

    Այնպէս ալ ըրինք: Բայց միշտ՝ շփօթած:
    Միասին վանքէն դուրս ելանք: Քիչ հեռուն՝ մտանք անտառի մը մէջ:
    Զգալով մեր վարանոտ վիճակը՝ կրկին հանգստացուց մեզ: Նոյն վայրկեանին ուրիշ երեք երիտասարդներ ալ՝ նոյնպէս զինուած, կուգան մեզ կը դիմաւորեն:
    Միասին կ’երթանք, խորովածի անուշ հոտ մը կ’առնենք: Մի քանի քայլ անդին՝ փառաւոր կրակի վրայ խորովածները կը պատրաստուէին…
    Գետնի վրայ փռուած ճոխ սեղանը, տիկով գինին մեզ կսպասէր…

    Այնտեղ՝ մեզ առաջնորդող զինուած երիտասարդն ըսաւ, որ՝ «Տրապիզոնէն՝ Սամուէլ ընկերս ինձ գրեր է Կարին՝ ձեր մասին, բայց դուք արդէն Կարինէն ճամբայ ելած էիք դէպի Սբ. Կարապետ: Ես քեռին եմ (բուն անունը չեմ յիշեր): Ասոնք ալ՝ իմ անբաժան ընկերներս են»:

    Սամուէլը՝ սիրելի բարեկամս, շատ խօսած էր քեռիի եւ անոր անբաժան ընկերներու մասին:
    Եւ ահա՛, սեղանին շուրջ, իրար ծանօթանալով, համբուրւելով՝ մինչեւ առաւօտ եւ աւելի ուշ կեր ու խումով եւ երգելով անցուցինք շատ հաճոյալի ժամեր, որ երբէք չպիտի մոռնամ:

    Չ’երկարեմ…
    Երեք օր անընդհատ, այսպէս, մեզ շատ ստիպեցին, որ մնանք Կարին՝ իրենց հետ, բայց չէինք կրնար:
    Համբուրւելով բաժնւեցանք:
    Անոնք վերադարձան Կարին:

    Վարդավառին օրը՝ եկեղեցին խուռն բազմութիւն մը ծնկաչոք կը յառաջանար դէպի խորան, անոր կից դուռ մը՝ այնտեղ համբուրելու համար տուփի մը մէջ փակուած Սուրբ Կարապետի մասունքը:

    Վանքի փայտե դուռը

    Յետոյ, երկու օր մնալով Սուրբ Կարապետ, միեւնոյն ճամբով վերադարձանք Տրապիզոն:

    Այստեղ չեմ կրնար յօդուածս վերջացնել՝ առանց յիշելու իմ սիրելի ու պաշտելի տեսչիս եւ ուսուցչիս (ապագա աներս)՝ Տիար Սահակ Էթմէքճեանի անունը, որ Տրապիզոնի Ազգային Երկսեռ դպրոցներու մէջ, մեզ եւ մեր ժամանակի սերունդներուն դաստիարակութիւն եւ կրթութիւն տուած է հայրենասիրական ոգւով:
    Ան մեզ շատ խօսած էր Հայաստանի՝ մեր անցեալ պատմական փառքերու մասին, ծանրանալով մանաւա՛նդ Տարօնի Սբ. Կարապետի եւ այլ սրբավայրերու մասին: Ան մասնաւոր դասախօսութիւններ տուած է Սբ. Սահակ եւ Սբ. Մեսրոպի ու անոնց կատարած մեծ գործերու մասին, զանոնք ոչ միայն սրբացուցած, ալ եւ աստուածացուած է, այնքան որ անոր պաշտամունքը մեծ էր այդ երկու տիտաններու յանդէպ:

    Երկար կ’ըլլայ իր պատրաստուած սերունդներու շարքը յիշատակել: Կը բաւէ միայն յիշել զօրավար Սեպուհի, Հրաչ Թիրաքեանի եւ Եգիպտացիի անունները: Այս վերջին երկուքը (Տրապիզոնցի), «Պանք Օթօմանի» հերոսներէն են, Էթմէքճեան եղած է գրչի՛ յեղափոխականը:

    Ես՝ տակաւին դպրոցական պատանի, խանդավառուած ուսուցչիս հայրենասիրական դասախօսութիւններով, ամէն վտանգ արհամարհելով, ճամբորդեցի մինչեւ Սբ. Կարապետ, որուն շատ համառօտ նկարագրութիւնն է, որ կուտամ «Տարօնի Արծիւ»-ի մէջ:

    Սարգիս Երկայնեան

    ԾԱՆՕԹ ԽՄԲ.- Սարգիս Երկայնեան՝ հանրածանօթ նկարիչ:
    Ծնած է Տրապիզոն:
    Իր նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Ազգային վարժարանին մէջ, ապա հետեւած Պոլսոյ Պետական Արուեստից վարժարանին, եւ վերջը եղած է ազատ ունկնդիր Փարիզի Սօրպոն համալսարանին:
    Վերջերս սկսած է զբաղուիլ նաեւ պատմագրութեամբ:
    Թարգմանած է ֆրանսերենէ՝ Ժագ Դը Մօրգանի՝ «Հայ ժողովուրդի Պատմութիւնը» ընդարձակ գիրքը եւ ունի նաեւ ուրիշ թարգմանութիւններ:
    ՄՈԼԵՌԱՆԴ ՈՒ ԿԱՏԱՂԻ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՄԸ»…

    Ֆրանսերենից գրքի թարգմանությունը՝ Սարգիս Երկայնեանի