«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

Շարժումը խոսք է: Եվ շարժումներով հյուսված պատմությունները՝ ծիսական իմաստով ու նշանակությամբ՝ ազգային պար ու խաղ են դառնում՝ ուղեկցելով հնագույն ժամանակներից եկող տոներն ու ծեսերը, դառնալով դաստիարակչության միջոց՝ սերնդեսերունդ փոխացելով Նախնիների մշակույթը, աշխարհայացը…

Հայոց Դիցերի հովանավորության ներքո ընթացող հանդիսությունների ժամանակ Հայորդիք իրենց ձիրքերն էին ցուցադրում՝ արվեստով, արհեստով, ֆիզիկական ուժով ու հմտություններով և առանձնահատուկ փայլ հաղորդում տոնախմբությանը՝ մարմնական ուժի, ճկունության մրցախաղերով, անվախ ու համարձակ լարախաղացների բարդ ու վտանգավոր ներկայացումներով…

Քրիստոնեության տարածումից հետո արգելվեցին Հայոց ազգային տոներն ու ծեսերը, նրանց հետ նաև՝ ազգային նվագարանները, երգերը, պարերը…

Ոչ օգտաբեր, անօգտակար հայտարարվեցին նաև ազգային տոնախմբությունների անբաժան մաս կազմող խաղերը, ինչպես, օրինակ, դեպի բարձունքները ձգտող լարախաղացությունն ու ձողախաղացությունը:
«Լարախաղացութիւն՝ խաղալն ի վերայ լարի՝ ձկտելոյ ի բարձունս:
Ընդ ունայն արհեստ է լարախաղացութիւն, ձողախաղացութիւն, որ ոչ օգտեցուցանէ զկենցաղս»,- Դավիթ Անհաղթին վերագրվող «Գիրք Սահմանացից», (ԺԲ) մեջբերում է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանը:

Մուշ, Սուրբ Կարապետ վանք. (լարախաղացներ, երաժիշտներ, հանդիսատեսներ) («Հայրենիք» ամսագիր, Պոսթոն, Ը տարի, թիւ 7 (91), Մայիս 1930, էջ 122)։

Այնուամենայնիվ, իր քաջությամբ ու ճարպկությամբ աչքի ընկնող Լարախաղացը շարունակեց իր խաղը՝ որպես իր «շնորհատու» դարձնելով Սուրբ Կարապետին (հինը չհանդուրժող քրիստոնեությունը ստիպված էր հարատևող ազգային ավանդույթները ձևափոխելով՝ իրեն հարմարեցնել)…
Եվ մեր ժամանակներում անգամ հիացմունքով, ոգևորությամբ ու ակնածանքով են դիմավորում ճկուն ու անվախ լարախաղացին…

«Լարախաղացները բազմաթիւ էին Մուշի շրջանին մէջ։ Անոնք կ՚երեւէին մանաւանդ Սուրբ Կարապետ կամ Սուրբ Առաքելոց վանքերու շուրջ կատարուող զանազան ուխտագնացութիւններու ընթացքին։
Նշանաւոր լարախաղաց մըն էր Հաճին, որ Մշոյ դաշտի Առախ գիւղէն էր։ Անոր նախասիրած վայրը Առաքելոց վանքն էր, ուր կ՚երեւէր տարին անգամ մը։
Կը պատմուի որ ան կը նստէր լարին վրայ, կրնար հոս գառնուկ մը մորթել, զայն կտորներու վերածել, ապա իրեն կու տային կրակարան մը, զոր նոյնպէս կը դնէր լարին վրայ եւ շամփուրներով խորոված կը պատրաստէր։ Հաճին նաեւ վարպետ էր փայտէ ոտքերով քալելու մէջ։ Այս ոտքերուն երկարութիւնը 4-էն 5 մեթր էր, անոնց հետ կը պարէր տաւուլ-զուռնայի եղանակին տակ» («Յուշամատեան»):

Լարախաղացը՝ Մշո Սբ. Կարապետ վանքի առջև (լուսանկարը՝ «Գեղունի», 1903, Վենետիկ, Սբ. Ղազար)

«Փայլիվանները (փեհլիվան, այս պարագային՝ լարախաղաց) Խարբերդի դաշտ կու գան ընդհանրապէս Մուշէն, կալերու աշխատանքէն ետք։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ գիւղացին տարուայ իր ամէնէն ծանր աշխատանքները նոր աւարտած՝ հրճուանքի ու զբօսանքի պէտքը ունի։ Անոնք կ՚ըլլան խումբով՝ 4-5 հոգի, կու գան էշերով, որոնց վրայ բարձած կ՚ըլլան իրենց զանազան իրերը եւ փոքրիկ թմբուկները։
Փեհլիվանները միաժամանակ նուագածուներ են եւ անոնց վիզերէն միշտ կախուած կ՚ըլլայ քամանչան։
Խաղադաշտին վրայ կը հաստատեն իրենց պարանը, ապա քամանչայով ու տաւուլով կը պտտին գիւղին փողոցներուն մէջ՝ ժողովուրդը հրաւիրելով լարախաղացութիւնը դիտելու։ Ամբողջ գիւղը կը հաւաքուի ու խաղը կը սկսի։
Առաջին փեհլիվանը պարանին վրայ կը ցատկէ՝ «Եա՜, Սուրբ Կարապետ» ձայնելով։
Ան բոպիկ է ու երկու ձեռքերուն՝ երկար եւ բարակ ձող մը։ Պարանին վրայ ոստումներ կ՚ընէ, միոտանի կը քալէ, կը կախուի, կը վազէ՝ ամէն կարեւոր շարժումի մը միշտ պոռալով՝ «Եա՜, Սուրբ Կարապետ»։
Երբեմն ալ պարանին վրայ կը դնէ տաշտ մը, կը յաջողի անոր մէջ նստիլ ու դանդաղօրէն պարանին վրայէն սահելով յառաջանալ։
Մինչ մէկ փեհլիվանը պարանին վրայ իր ելոյթը կ՚ունենայ, միւսները տաւուլով ու քամանչայով կը խանդավառեն մթնոլորտը։ Մուտքի դրամ չի պահանջուիր, բայց խաղի աւարտին անոնք կը մօտենան հանդիսատեսներուն ու կը ժողվեն իրենց վարձատրութիւնը։
Բացի դրամէն, գիւղացիները անոնց կու տան նաեւ թարմ հաց, ցորեն, պլղուր, ծեծած, էշերուն համար ալ՝ գարի: (Մեջբերումները՝ «Յուշամատեան»-ից):

«Ամպերը քաշվեցին դեպի Արարատյան դաշտը, և արևի ճառագայթները երկար ստվերներ գցեցին լեռների վրա:
Գյուղն աղմկեց: Կեսօրին Սաղմոսավանք եկան նաև Կարբի գյուղի զուռնաչիները: Շտապեցին հանդիսատեսները մյուս հարևան գյուղերից, և նույնիսկ Ալիքուչակ մեկնող և այնտեղից եկող անցորդները կանգ առան Սաղմոսավանքում՝ լարախաղացին նայելու համար:
Արևը բարձրացավ, թաց հողը տաքացավ: Առաջինը երևացին գյուղի բոբիկ երեխաները, նրանք աղմուկ-աղաղակով բակը լցրեցին:
Ծաղրածուն նշան արեց, տղաները վազեցին նրա մոտ»…

…«Ձորերն ու լեռները թնդացին:
Դհոլն արձագանքեց Արայի լեռան լանջերում, նրա ձայնը հասավ Օհանավանք, և մարդիկ լսեցին Իլանչալանում:
Զուռնի ուրախ աղմուկը դադարեց, երբ շիկամորուս ծաղրածուն իշի մորթի հագած, երկար պոչը շարժելով, վազեց թոկի տակ և զռռոցով դիմավորեց լարախաղացին:
Լարախաղացը շտապ քայլերով մոտեցավ թոկին, վազելով բարձրացավ դիք հարթության վրայով ու կանգնեց թոկը պահող հենափայտերի խաչավորման տեղում:
Ամբոխն աղմկեց:
Գեղեցիկ էր լարախաղացը, խարտյաշ մազեր ուներ և երկնքի նման պարզ, անհուն աչքեր: Նա ձեռքն առավ հավասարակշռության փայտն ու վազեց պարանի վրայով:
Դհոլը լռեց: Կարբեցին զուռնեն պահեց, հանեց շվին, դրեց շուրթերին, և դատարկ եղեգնը մեղմ ու թախծոտ ձայնով սկսեց մրմնջալ:

Նա այնպես էր երգում, ասես չէր ուզում խանգարել լարախաղացին, կարծես աղոթում, աղերսում էր. «Պահպանի՛, տե՛ր աստված, այս հրաշք պատանուն»:

Լարախաղացը եկավ պարանի մեջտեղը, կանգնեց մի պահ անշարժ ու մտախոհ, ապա թափ տվեց իրեն և սկսեց թռչել ու ցատկել այնպես, որ շատ մարդիկ գետնի՛ն անգամ չէին կարող այդ անել:
Քար էին կտրել հանդիսատեսները…
Իսկ պարանի տակ, էշի մորթին հագին շրջում էր ծաղրածուն և ինչ-որ բան էր դնում մարդկանց բուռը: Երեկոյան դեմ Սաղմոսավանքի ժամհարը նորից քաշեց զանգակատան թոկերը, և զանգերը տխուր, մելամաղձոտ ձայնով մրմնջացին իրենց երեկոյի աղոթքը…» (քաղվածքները՝ Վալտեր Արամյանի՝ «Վերադարձ»-ից):

«Մեր թաղում մի բացատ տեղ կա:
Տարին մեկ կամ երկու անգամ գալիս է լարախաղացը, երկու հարկի բարձրությամբ ձգում իր լարն ու սկսում:
Այդ օրը գետնաքարշ ժողովուրդը գլուխը բարձրացնում է վեր և երկնքի կապույտ ֆոնին տեսնում իր նմանին՝ թռիչքի ու ճախրանքի, սլացքի ու վայրէջքի մեջ:
Մեծերը նայում են այդ ամենին առանց ս. Կարապետի զորությանը մեռնելու, իսկ երեխաները բռնվում են անիմանալի սարսուռներով և գերբնականին ու անդրաշխարհայինին են հաղորդակցվում: Եվ դա համարյա հրաշքի է նման»… (Սասունիկ Թորոսյանի պատմվածքներից):

«- Քամին մտավ շալվարս,- գլխկոնծի տալով՝ շտկվեց ծաղրածուն և տաբատի լայն, ուռած փողքերի միջից փորձեց քամին դուրս հանել՝ ձեռքերի, մատների ճարպիկ շարժումներով:
Մարդկանց վախն ու լարվածությունը անցավ, աշխուժացան: Ծափն ու ծիծաղը թնդաց հրապարակով մեկ:
Լարախաղացն առանց թիկնակի աթոռ խնդրեց, որ նրան մատուցեց ծաղրածուն:
Աթոռը դրեց լարի վրա, նստեց, բաժակը ջրով լցրած դրեց գլխին և աթոռը նավակ դարձրած, ձողը՝ թիեր, թիավարեց օդի մեջ:
Ոչ մի կաթիլ ջուր չթափվեց բաժակից: «Շայիս-Մայիլ» սիրավեպի հերոսի հայտնի համարներից էր»… (Սասուն Վարդանյանի՝ «Հեռու՜ — հեռավո՜ր օրերին»):

«…Մայիսյան վարդեվառին գյուղն այդպես գնում էր միայն լարախաղացի և ծաղրածուի ետևից, և քիչ հետո արևոտ դաշտի մեջ որոտում-խրոխտում էր հայագոչ զուռնան: Ներկած երեսով ծաղրածուն խնդուքով լցնում էր շրջապատը և ստեպ-ստեպ կատակչի-ճիպոտով կլորակում ուրախացողներին»…(Ռ. Կարայան, «Արևը գեղեցիկ է մայրամուտին»):

Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»-ից՝
«…Ծաղրածուն մերթ կանգնում էր գլխի վրա ու թաթերը պարզած պտտվում տեղը, մերթ խելառ ուլի պես տրճկի տալիս, մկկում, մլավում, հաչում:
Պատի տակ նստած զուռնաչիների այտերն ուռել էին լարված նվագելուց: Ահագին թմբուկն ականջ էր ծակում:
Լարախաղացը պարում էր նվագի տակ: Ծաղրածուն եզան պոչը պտտում էր իր գլխին ու նետվում հավաքվածների վրա: Մեկի մորուքն էր համբուրում, մյուսի ուսերին ցատկում, երրորդի ոտքերի արանքով անցնում ու բարձրանում մեջքը: Ապա նվերներ էր հավաքում ու գոռում…»:

Մի հատված էլ՝ Ն. Աստուածատուրեանի՝ «Մշեցի Հայ լարախաղացները՝ Կ. Պոլսոյ մէջ» հոդվածից՝ տպագրված՝ «Տարօնի Արծիւ», թիւ 3-4, 1938 թ., էջ 39-51 (որոշ դրվագներ էլ՝ հաջորդիվ)…

«Փէհլիվա՜նը…
Իր անունը չէինք գիտեր մենք մեր տղայութեան տարիներուն, երբ խենթի պէս կը վազէինք՝ դիտելու համար զինքը բարձր լարին վրայ:
Հայաստանցի ճամպա՛զն էր ան… Թերեւս՝ վերջին ներկայացուցիչը Մշոյ համբաւաւոր լարախաղացներուն, որոնք երբեմն Պոլիս կուգային, երբ օրուայ իշխանութիւնը թոյլատու ըլլար:

Մեզի համար ուրիշ անուն չունէր ան. պէտք ալ չկար զինքը մասնաւորելու սովորական անունով մը:
Հայաստանցի ճամպա՛զն էր ու՝ այդքա՛ն…
Տղու մեր այդ յորջորջումին մէջ իմաստ կար՝ ներշնչման աղբիւր, Հայրենիքի ու պատմութեան ձայն…
Որովհետեւ Պոլսոյ Հայութեան ծանոթ սովորական լարախաղացներէ՛ն չէր ան, ո՛չ ալ լարախաղաց մը՝ անհատ — մահկանացու:

Բարոյակա՛ն անձնաւորութիւն էր Հայաստանցի ճամպազը:
Դարերու խորէն մնացած աւանդ՝ դարերուն փոխանցուելու նախախնամական կարգադրութեամբ:
Հայաստանցի՛ ճամպազն էր ան. փա՜ռք իրեն:
Ու տղայ մեր հոգին կը խանդավառուէ՛ր, երեւակայութիւնը կը բռնկէ՛ր, կուրծքը կ’ուռենա՜ր»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…