«ԲՈՑԱՎԱՌ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՅԾԱՌ ԱՐԵԳ»…

«Եվ կանգնեց Դավիթը նրա դեմ՝
Անսասան, անահ դեմքով վսեմ,
Հայացքով պայծառ ու ժպիտով սեգ,
Բոցավառ, ինչպես պայծառ Արեգ»…

(Ե. Չարենց)

Անհիշելի ժամանակներից ի վեր Մարդկությունը կարևորել է Ազգային ինքնությունն ու այդ ինքնագիտակցությամբ գոյատևել, մարտնչել հանուն իր տեսակի հարատևման:

«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից՝ որոշ հիշեցումներ (հատկապես նրանց համար, ովքեր կորցրել են «ազգային»-ի ըմբռնումը և, հակահայ դիրքորոշմամբ, Հայաստանի բնակչությունն օտարազգիներով համալրման դրույթներ են արծարծում):

«Ազգաբանություն»՝ պատմություն ազգի, ծննդաբանություն, ճյուղագրումը՝ որդուց-որդի»:
«Ազգակից»՝ նույն ազգից («ի նմին ազգէ»):
«Ազգային՝ իբր հայրենական, և ցեղական»:
«Ազգականությունը՝ «բնութենակից»՝ Ազգի, ցեղի, ազգատոհմի մերձավորությունը»:
«Ազգ, Ազն՝ զարմ և զավակ սերեալ ‘ի միոյ ‘ի նախնեաց. ծնունդք միոյ նահապետի առաջնոյ»:
«Ազգ՝ ցեղ և տոհմ՝ սերեալ ‘ի նմին ազգի ‘ի մասնաւոր ցեղապետէ («Յազգէն Սիւնեաց, յազգէն Արծրունեաց…)»:
«Ազգ՝ Տուն, ազգատոհմ, ծնունդք և սերունդք ‘ի միոյ հաւէ կամ՝ նախահաւէ» (նույն հորից կամ՝ նախահորից՝ նահապետից, Կ.Ա.):
«Ազգ՝ Յաջորդք նոյն տան, սերունդք որդւոց և թոռանց»…
«Ազգածին՝ ծնօղ կամ նահապետ ազգի»:

Հայ ժողովրդի պատմության փոթորկահույզ ժամանակաշրջաններից մեկում՝ 11-րդ դարում ապրած՝ միջնադարյան Հայ մատենագրության ականավոր դեմքերից մեկը՝ Արիստակես Լաստիվերցին, անդրադառնալով «Հայոց Աշխարհում կատարված անցուդարձերին»՝ վաչկատուն խուժադուժ ցեղերի ասպատակություններին, «մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին», գրում է.
«Օտարածին ազգերը օտարացրին մեզ մեր բնաշխարհից, մեր փառքը փոխվեց ապականության. շունչ իսկ չմնաց մեր մեջ, և կորանք հուսալքումից»…
«Եվ կյանք արծարծող շունչը նվազեց: Երկրի հաստատուն բնակիչները վտարանդիներ դարձան ստամբակ (դժնի, Կ.Ա.) օտարի ձեռքով և պանդխտեցին՝ պանդխտության մեջ նորից ու նորից»…

«Օտարածին՝ ծնեալ յօտարէ, ծնունդ օտարի. օտարազգի. այլազգի. «Յամենայն օտարածնէ, որ ոչ իցէ ‘ի զաւակէ քումմէ», «Տեսանել զորդիս օտարածնաց՝ կոխելով զսահմանս հայրենիս», «Ազգք օտարածնաց օտարացուցին զմեզ ‘ի բնակութենէ մերմէ» (վերոնշյալ բառարանից):

1933 թվականին լույս տեսավ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, ուր ընդգրկված էր նրա «Սասունցի Դավիթ» պոեմը՝ հայտնի հերոսների՝ իր ուրույն մեկնաբանմամբ:
Հայ ազգի հերոսական Ոգին մարմնավորող Քաջազուն Սասունցին Չարենցյան գրչով մեծարվում է պանծալի գնահատմամբ՝ որպես աներեր, արդար, Արեգական, Արևավոր, իր անպարտ հոր սրով կռվող անսասան, հուրհեր Դյուցազուն՝ զորեղ ու սեգ…

Դյուցազնական վեհությամբ հերոսին նա հակադրում է վտանգից սարսափած, հոգու արիությունը կորցրած Ձենով Օհանին՝ ձաղկելով, պարսավելով թշնամուն հնազանդի ստրկամտությունը (իր ազգի անկախության ու ազատության համար չպայքարողին)…
Չարենցի վերոհիշյալ պոեմից՝ խորիմաստ որոշ հատվածներ՝ ստորև…

Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև այր արդար և դյուցազուն։
Նա պատերազմներ մղեց բազում՝
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով՝
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա մի՛շտ իր սրով սուր։
Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
Նա հուր ձի ուներ, կայծակե սուր,
Բայց ու՛ժը նրա, որ չէր կասում,
Ժողովու՛րդն էր իր բազմաբազում։
Եվ անպա՛րտ էր նա իր սրով սուր
Եվ՝ ժողովրդո՛վ ռամիկ ու սուրբ։

Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
Քառասուն տարի։ -Եվ ահա ծեր
Մազերին նրա, գլխին հուրհեր
Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։
Դարձավ նա զառամ ու ալեհեր,
Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր
Սկսեց պատել, ինչպես գիշեր,
Վիշտ անբուժելի ու մահաբեր։
Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ,
Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

Մտորում էր նա, դյուցազնը ծեր,
Որ մնալու է Երկիրն անտեր,
Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,
Եվ ոսոխի ու չարի հանդեպ՝
Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։
Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,
Որ անցնելու է իր փառքը զուր,
Որ իր երկնահեց երկիրն հզոր
Դառնալու է վաղն հազար ու բյուր
Թշնամիների ավար ու կուր։
Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝
Մտորում էր նա սրտով տխուր,
Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,
Ժողովու՛րդն էր ողջ մտորում լուռ։

Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
Որքան էլ լինի ապագան մութ՝
Մնա անժառանգ ու անսերունդ
Երկի՛ր մի ամբողջ ու ժողովուրդ։
Կարո՞ղ է լինել, որ Երկրում լուրթ,
Որքան էլ խավարն իջնի տխուր,
Չբացվի հանկարծ հրաշքով հուր
Գալիքի համար փրկության դուռ։
Եվ ահա՝ մի վառ ու պայծառ օր,
Հրաշքով անհաս ու զորավոր,
Առյուծ-Մհերին մեր ալևոր
Ծնվեց մի մանկիկ Արևավոր։

Ծնվեց մի մանկիկ Արևավոր
Առյուծ-Մհերին իբրև ժառանգ,
Դավիթ անվանեց ծերը նրան,
Փառք տվեց ապա բախտին իրա,
Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա
Պիտի առկայծի ու հուրհուրա։
Եվ նայելով իր մանուկ Դավթին՝
Նա պայծառացավ սրտով կրկին,
Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր
Հրաշքով մի սուրբ ու անհնար,
Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարհք
Ու հուր-հավիտյան պիտի մնար…

Ձենով-ՕՀանը դարձավ իշխան…
Եվ ՕՀանը, երբ իշխան դարձավ՝
Առյուծ-Մհերի զենքերն հրցայտ,
Նժույգներն այն հուր, սուրը կայծակ
Հավաքեց, լցրեց մի քարանձավ։
Մոռացած նրա փառքը պայծառ՝
Թաքցրեց նրա զենքերն հրցայտ,
Առյուծ-Մհերի սուրը կայծակ
Եվ զորությունը նրա անծայր։
Հավաքեց ապա, տիրեց իսկույն,
Առյուծ-Մհերի ամբավ ոսկուն,
Սրտում ա՛հ հազար, հազար սոսկում՝
Աչքերը չռեց նրա ոսկուն։
Մոռացած նրա համբավն հավետ՝
Նրա վաստակած ոսկուն ցավեց,
Իբրև ոսոխից աշխարհավեր
Միա՛կ փրկություն ու ապավեն։
Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր
Նա հովիվ կարգեց սարերում մեր,
Որ խաշն արածե ամառ-ձմեռ,
Իսկ գիշերները քնի մի ծեր,
Մի այրի կնոջ խուզում, որ էլ
Մոռանա՛ հավետ, որ դյուցազուն
Իր հայրը ուներ կայծակե սու՛ր,
Հուր նժու՛յգ ուներ, զրահնե՛ր հուր,
Զըրկելով նրան այսպես մի օր
Զենքերից իր քաջ, դյուցազուն հոր։

Գնաց մեր Օհանն, ահով-դողով
Արքայի առջև այն անողոք
Գլուխ խոնարհեց ազգով-ցեղով,
«Քոնն է»,- աղերսեց,- «Երկիր ու հող»,
Ընծայեց նրան ոսկի շողշող,
Գերության հանձնեց Սասունը ողջ։
«Լավ»,- համաձայնեց Մելիքն ահեղ,-
«Ձեր կյանքը»,- ասաց,- «Կխնայե՛մ,
Միայն թե թող գա քո երկնահեռ
Ժողովուրդն ամբողջ, մանուկ ու ծեր,
Եվ անցնի տակով իմ թրի կեռ,
Որ Սասմա երկրում ո՛չ մի մարդ էլ
Չշարժի իմ դեմ զրահ ու զենք»։

Ձենով-Օհանը, իշխանն այն նենգ
Գլուխ խոնարհեց Մելիքին նեռ,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ
Գա, անցնի նրա փայլատակող
Արնահոտ, դաժան թրի տակով։
Եվ ժողովուրդը Սասմա անկոր՝
Խեղճացած, խոնարհ ու գլխիկոր,
Անցավ Օհանի դժնի կամքով
Մսրամելիքի թրի տակով։
Մելիքը, շողշող զրահ հագին,
Կանգնեց՝ ահռելի ու ահագին,
Եվ ժողովուրդը, մանուկ ու կին,
Անցավ պողպատե թրի տակից։
Բայց հերթը հասավ երբ Դավիթին՝
Չմոտեցա՛վ նա չարի թրին,
«Չե՛մ անցնի,- ասաց կամքով անկոր,-
Մսրամելիքի թրի տակով»։

Եվ եկան Բադին ու Կոզբադին,
Ցնծագին հասան մի օր Սասուն,
Հետները բերին պարկեր բազում,
Որ Սասմա ամբողջ գանձերը ձույլ
Հավաքեն, տանեն։ -Խանդով քսու
Ձենով-Օհանը, իշխանն այդ մեծ,
Հարկահաններին դիմավորեց։
Գնաց նա ապա, անհուն հորից
Հանեց Մհերի գանձը խորին,
Եվ զարմանալի՜ շռայլորեն
Սկսեց չափել, ինչպես ցորեն,
Առյուծ-Մհերի գանձը, որ էլ
Մսրամելիքի ձեռքը զորեղ
Հավիտյան իշխե, թագավորե։
Չկար Մհերի զորքը հո էլ,
Որ ճզմեր նրանց ու տրորեր։

Այդ ժամին մանուկ Դավիթն հուրհեր
Այն պառավ կնոջ աղքատ արտում,
Թռչունների դեմ ելած մարտի,
Ձեռքին մի կանաչ, բարակ բարդի,
Խաղում էր զվարթ ու թռչկոտում։
Պառավը կանչեց մանուկ Դավթին.
«Ո՛վ Դավիթ,- կանչեց,- Քաջի՛ որդի,
Դու ի՞նչ ես ուզում իմ խեղճ արտից.
Ինչքա՜ն տրորես ոսկեհատիկ
Հասկերը այրու կտավատի.
Չե՞ս տեսնում՝ Բադին ու Կոզբադին
Տանում են քո հոր արդար ոսկին.
Ուժ, զորություն է տված բազկիդ,
Գնա՛, ո՜վ Դավիթ, գնա՛ հսկի՝
Չտանեն քո հոր արդար ոսկին»:
«Բայց ո՞վ է տալիս ոսկին իմ հոր
Բադուն, Կոզբադուն»,- զարմանքով խոր
Հարցրեց Դավիթ-դյուցազնը նոր։
«Ձենով-Օհանն է տալիս քո հոր
Գանձերը չարին՝ չարի սովոր»,-
Բարբառեց պառավն հառաչքով խոր։
Եվ գնաց մանուկ Դավիթը, որ
Տերություն անի գանձերին հոր։

Հուշ դարձավ այսպես, կյանքից գնաց
Սասունցի Դավթի զարմը դյուցազն,
Եվ տիրեց անհուն աղետ ու լաց
Լեռներին Սասմա, աշխարհին բարձր,
Եվ ժողովրդին ռամիկ ու պարզ։
Հուշ դարձավ այսպես, դարձավ երազ
Առյուծ-Մհերի զարմը զորեղ,
Եվ դարեր ապա ու տարիներ
Լեռներում Սասմա, Աշխարհում մեր,
Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց-
Ձենով-Օհանի զարմը տիրեց…
Տիրեց Օհանի սերունդը մառ
Բազում տարիներ,- ու դարեդար
Հայրենի երկրում ժլատ ու չար,
Անդուլ կեղեքող — ձեռքով շռայլ
Ցրե՜ց մեր երկրի գանձը անծայր
Եվ ինքնությունը մեր ոսկեսար։
Եվ եկան ապա ու շարեշար
Տիրեցին երկրին իշխաններ չար,
Տերեր հայրենի ու զանազան,
Ազատանիներ՝ վարքով գազան,
Եվ նեռ-արքաներ հազարհազար։
Եվ ժողովրդի գլխին ազատ,
Իբրև հովանի մի սրբազան,
Կախվեց տերերի ժանիքը ժանտ-
Ե՛վ խարույկ, և՛ խաչ, և՛ խարազան…
Այսպես Օհանի սերունդը մառ
Տիրեց աշխարհում երկա՛ր, երկա՛ր,
Մինչև օրն եկավ՝ և դեմքով վառ
Ելավ քարայրից Մհերն արդար,
Եվ բերեց զարմին Օհանի չար
Անկում վերջնական և մահ անճառ։

Օ՜, անմահ Մհեր, քանի՜ դու դար
Պիտի մնայիր այրում խավար,
Մինչև աշխարհում քո օրը գար
Եվ ելնեիր դու՝ Արևավառ՝
Համա՛յն աշխարհի զարմերին չար
Բերելու անկում և մահ արդար…

Facebook Comments