ՀԱՅՔԱՐ
ԿԱՄ՝
ՀԱՃԱՐ՝ «ԱԶԳ ՔԱՐԻ՝ ԵԿԵԱԼ ՅԱՇԽԱՐՀԷՆ ՀԱՅՈՑ»…
Օգտակար, բուժիչ հանքային ջրերով հայտնի Հայկական Լեռնաշխարհը նաև հանքարդյունաբերության՝ մետաղահանման ու մետաղամշակման պատմության ակունքներում է՝ իր հարուստ պաշարներով:
Քարերով ու մետաղներով առատ հանքավայրերի շնորհիվ դեռևս ն.թ.ա. 5-4-րդ հազարամյակների ընթացքում արդեն այստեղ կիրառվել են մետաղյա գործիքներ: Նրանց հնագույն նմուշները հայտնաբերվել են Վանա լճի ափին, Անգեղ տուն գավառում, Արարատյան դաշտում, Ուրմիայի ափերին…
Ն.թ.ա. 3-րդ հազարամյակում Հայկական Միջագետքը, Ռշտունիքը, Ջուլամերկը և Սասունը Հին Արևելքի երկրների «մետաղի շտեմարանն» էին, հետագայում՝ ն.թ.ա. 2-րդ հազարամյակում մետաղահանության ու մետաղի փոխանակման գործում նրանք առաջնակարգ տեղում էին:
Լճաշենից, Մեծամորից, Կարմիր Բլուրից մինչև Վանա լճի շրջակայքում, Երզնկայի դաշտում ու Հայկական Լեռնաշխարհի այլ բնակավայրերում պեղված գտածոները վկայում են մետաղագործության բարձր մշակույթի մասին:
Հայոց Աշխարհի հարուստ հանքերի ու նրանց բարձրորակ, թանկարժեք հանածոների մասին բազմաթիվ վկայություններ կան դարերի խորքից մեզ հասած՝ Հայ և օտարազգի պատմիչների երկերում:
Խորենացին («Պատմություն Հայոց», Ա, 23), փառաբանելով Նախնիներին ու ներբողելով Մեծն Տիգրանին, նշում է, որ նա բազմացրեց ոսկու և արծաթի «շտեմարանը» («Մթերս ոսկւոյ եւ արծաթոյ բազմացոյց»)…
1-ին դարում ապրած հռոմեացի գրող, բնագետ, փիլիսոփա, զորավար Պլինիոս Ավագն իր՝ «Բնական պատմություն»-ում ներկերը, նրանց պատրաստման համար կիրառվող հանքանյութերը ներկայացնելիս հիշատակում է Հայաստանի հանքերը («Հանք Հայաստանեաց») և նրանցից ստացվող լավագույն նյութերը:
Հազարամյակների ընթացքում իր չխամրող Կապույտով շլացնող Լաջվարդը (Lapis-lazuli), որը հիշատակվում է դեռևս առաջին գրավոր աղբյուրներում («Գիլգամեշ»-ում), Եգիպտոսից ու Միջագետքից հասել է մեզ: Իր շուրջ հյուսված պատմություններում այն ներկայացվում է իրեն վերագրվող մոգական հատկություններով: Միայն Էբլայի հնավայրում՝ Հուրիական մշակույթի նշանավոր կենտրոններից մեկում՝ Հալեպից մոտ 60 կիլոմետր հարավում, հայտնաբերվել է 25 կիլոգրամ լաջվարդ:
Այն պատրաստվում էր Հայաստանից բերվող հումքով:
6.000 տարի ի վեր կիրառվող «համբավավոր» Լաջվարդը՝ Կապույտ քարը, որն իբրև առողջության, քաջության, հաջողության ու հաղթանակի գրավական էր, չարի դեմ՝ պահպանակ, նաև՝ «Երկնային իմաստության» հետ կապի միջոց, որը նպաստում էր Հոգևոր Արթնությանն ու խթանում այն:
Հին Հունաստանի ականավոր իմաստասերներից՝ Թեոֆրաստը (ն.թ.ա. 371թ. — ն.թ.ա. 288թ.), որն Արիստոտելի տաղանդավոր աշակերտներից մեկն էր, բնագետ, բուսաբան ու ալքիմիկոս, հանքաքարերի մասին իր ուսումնասիրության մեջ, կնիքների ու այլ նպատակով մշակվող քարերի առիթով նշում է Հայաստանից բերվող «քարերի» մասին (նաև՝ «Կիլիկիայից տարվող մի «հող», որը եռացնելիս կպչուն է դառնում և խաղողի որթերին քսելիս պաշտպանում է որդերից):
Եվ հայտնի Լաջվարդը նա կոչում է «Հայաստանի քար», «Լապիս Արմենիս», որն անվանվում էր նաև Արմենիում՝ «Հայկեան քար» («Pierre d’Arménie», «Lapis Armenis», «Arménium»):
Միջնադարում և Վերածննդի ժամանակաշրջանում ևս այն կոչվում էր «Հայաստանի քար» կամ՝ «Լեռների կապույտ»:
1824 թվականին երկրաբան-հանքաբան François Sulpice Beudant-ը, գույնից բխեցնելով, այն կոչում է «Ազուրիտ»:
Բժշկագիտական ուսումնասիրություններում քաջ հայտնի էր Հայկավը՝ «Կաւ Հայկեան», որը Գաղենոսը կոչում է՝ «Հող Հայկեան»:
Երբեմն տարբեր հեղինակների շփոթած «կապուտագույն», «ոսկեգույն» կամ «կարմրագույն դեղին» «Արմենեան» տարբեր «հողերը» մեծ համբավ ունեին վաղնջական ժամանակներից ի վեր:
Պլինիոսը Հայքից ելնող պաղլեղներն է հիշատակում (գիրք 33; 15), նաև, որ «ոսկու հոսող երակներով» «Խրիսոքոլլա»-ի (գիրք 34; 5) լավագույնը՝ «պատուականագոյնն ելանէ ի Հայաստան» (Ղ. Ինճիճեանի բնորոշմամբ):
Պլինիոս Ավագի վերոհիշյալ բազմահատոր ուսումնասիրության 35-րդ գրքում հիշատակվում է Արմենիումը՝ «Arménium» (Ազուրիտը):
Նա նշում է (իմ թարգմանությամբ).
«Հայաստանն ուղարկում է նյութը, որն իր անունն է կրում: Դա խրիսոքոլի (chrysocolle) նման մի քար է: Լավագույն Արմենիումն այն է, որն ավելի մոտ է խրիսոքոլին՝ դեպի կապույտը ձգող: …
Բժշկության մեջ այն կիրառվում է միայն մազածածկույթի և, մասնավորապես, թարթիչների խնամքի համար (bol d’Arménie)»:
Քիմիական զանազան միացություններով, պղնձի, թթվածնի ու այլ տարրերի տարբեր տոկոսային բաղադրություններով «բյուրեղյա մարմինները»՝ միահյուսմամբ ու նոր որակների արարմամբ, հնագույն շրջանից ի վեր ուղեկցում են Մարդուն:
Լազվարդի գույնի բյուրեղային բաղադրությունը՝ պղնձի արջասպը՝ պղնձարջասպը, բազմատեսակ գործածում ունեցող նյութերից է, որը, չնայած լինելով սաստիկ թունավոր, լայնորեն օգտագործվում է տարբեր նպատակներով:
Հմայիլներից, զարդերից բացի, Հայքարն օգտագործվում էր և որպես ներկանյութ:
Բժշկության, հայելիների ու այլ բնագավառներում կիրառվող բազմազան՝ անգույն ու գունավոր փոշիներից ու քարերից հիշենք որոշները, դիմելով Ոսկեղենիկ Հայերենի բառարաններին…
«Հաճար՝ ազգ քարի եկեալ յաշխարհէն Հայոց»՝ հիշեցնում են միջնադարյան Բժշկարանները («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):
«Հայքար՝ խաժաքարի տեսակներից մեկը, կապուտակ և կակուղ, գոճազմի նման» (Arménite, Pierre d’Arménie — Արմենիտ, Հայաստանի Քար):
«Գոճազմ՝ քար պատուական կապուտակ՝ անթափանց, ոսկեգոյն երակօք. կայ և դեղինն»: (լիգուրիոն):
«Լաջուարդ՝ ընտիր կապույտ ներկ, որ ստացվում է գոճազմից»:
«Լաջվարդ՝ թանկագին կապույտ քար՝ կայծքարատների կարգից, որից մի ժամանակ ստանում էին լաջվարդ կամ լազվարդ ներկը (Lapis lazulite) (Ս. Մալխասյանց «Հայերեն բացատրական բառարան»)…