ԵՎ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԴԱՐԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԿՅԱՆԻ ՊԵՍ՝ ԻՐԵՆՑ ՀԵՏՔԵՐԸ ԹՈՂՆԵԼՈՎ…

Արարատի ծեր կատարին
Դա՛ր է եկել, վայրկյանի պես,
Ու՝ անցել:
Անհուն թվով կայծակների
Սու՛րն է բեկվել ադամանդին,
Ու՝ անցել:
Մահախուճապ սերունդների
Ա՛չքն է դիպել լույս գագաթին,
Ու՝ անցել:
Հերթը հիմա քո՛նն է մի պահ.
Դու՛ էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Ավետիք Իսահակյանի հիշյալ տողերն են հիշեցնում նաև Արարատի շուրջը սփռված հնավայրերը՝ անցած հազարամյակների խոսուն վկաները…

Դեռևս 1970 թվականի սեպտեմբերի 4 -ի «Գրական թերթ»-ում տպված «Մեծամոր» հոդվածում վաստակաշատ երկրաբան Սուրեն Այվազյանն անդրադառնում է նրանցից մեկի՝ Մեծամորի պեղումներին՝ ընդգծելով այս հնավայրի հսկայական դերն ու նշանակությունը՝ որպես Հայաստանի հնագույն պատմության, «նրա քաղաքական — տնտեսական և մշակութային կյանքի աներկբա վկայություն», «հանքահարստացուցիչ կառույցների եզակիությունը՝ հորանման զտարանների համակարգով», շեշտելով գլխավորապես Մեծամորի Փոքր բլուրում կենտրոնացած գաղափարագիր արձանագրությունների բացառիկ կարևորությունը…

«Եթե անցնելու լինեք Արարատյան դաշտով հարավ — արևելքից հյուսիս —արևմուտք, ապա Արաքս գետի արծաթափայլ ժապավենով քմահաճորեն ակոսված, անկրկնելիորեն գեղեցիկ հովտի հարթության վրա հեշտությամբ կնկատեք բլուրների երեք խումբ:
Առաջին բլրախումբը նշանավոր Խոր Վիրապն է՝ Գրիգոր Լուսավորչի կալանատեղին, Հայոց Արտաշատ հինավուրց մայրաքաղաքի ծայրամասում:
Այստեղից՝ մռայլ ու խավար գետնափորից, ելավ քրիստոնեական քարոզը, հասավ Տրդատ թագավորի պալատական ապարանքներն ու առմիշտ հանգցրեց հեթանոս բագինների հուրը:

Հյուսիսային բլրախումբը Արմավիր անունն է կրում. այստեղ էր գտնվում Հայաստանի հնագույն ոստաններից մեկը՝ Արմավիրը, քաղաքական և մշակութային խոշորագույն մի կենտրոն, հարավից հյուսիս և արևմուտքից արևելք տանող ռազմա-ստրատեգիական մայրուղիների հանգուցակետը, որ մետաղներ՝ անագ, ոսկի, ծարիր, երկաթ էր մատակարարում Սկյութիային, Միջագետքին, Հունաստանին ու Հնդկաստանին:

Էջմիածնի մոտ, Այղր լճից երկու կիլոմետր հեռու ընկած երրորդ բլրախմբի մասին մինչև վերջին ժամանակներս ոչինչ հայտնի չէր, բացառությամբ, թերևս այն բանի, որ Էջմիածնից Արմավիր տանող քարավանային ճամփան ուղիղ գնալու փոխարեն, այս բլուրների մոտ ոլորվում էր:

1963 թվականի աշնանը այստեղ՝ երկու՝ Մեծ և Փոքր բլուրների վրա, մի խումբ երկրաբանների՝ Ա. Հարությունյանի, Զ. Հովհաննիսյանի և Կ. Մկրտչյանի հետ մենք հայտնաբերեցինք մ.թ.ա. 3 -1-ին հազարամյակների լեռնամետալուրգիական խոշոր մի համալիր, որը հանքահարստացման և ձուլման չափերով հավասարը չունի ողջ Հին Արևելքում:

Սուրեն Այվազյանը՝ Մեծամորի պեղումների օրերին

Հնագիտական այս եզակի օբյեկտը, որը մենք Խորենացու ժամանակներում (5-րդ դար) բլուրների ստորոտով հոսած գետի անվամբ «Մեծամոր» կոչեցինք, անմիջապես իր վրա բևեռեց համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը:
Մինչև վերջին ժամանակներս Մերձավոր Արևելքում հնագույն էին համարվում Պաղեստինի մետաղաձուլական վառարանները (մ.թ.ա 13-րդ դար), որ նկարագրել է անգլիացի հետազոտող Ֆլինդերս Պետրին: Մեծամորում հայտնաբերված մեծ և փոքր հալոցները, որոնցից 30 -ը պեղվեցին և ուսումնասիրվեցին 1965 -1966 թվականներին, թվագրվում են՝ մ.թ.ա 3 -1-ին հազարամյակ:

Մեծամորի հնագույն և լեռնամետալուրգիական կառույցը Արարատյան հարթավայրում պղնձաբրոնզային զարգացած արտադրության ժամանակաշրջանի եզակի հուշարձան է:
1963 -1966 թվականների պեղումներն անմիջականորեն կատարել է երիտասարդ, տաղանդավոր հնագետ Էմմա Խանզադյանը» (մեջբերումը՝ «Գրական թերթ»-ից, 1970թ., սեպտեմբերի 4):

Մեծամորի գտածոներից

Վերջին տասնամյակում՝ 2013 թվականից ի վեր Հայ — լեհական արշավախմբի իրականացրած պեղումների ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերին մեկնարկված աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ն.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով թվագրվող մի դամբարան, ուր փայտե դիապատգարակին կծկված, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված՝ մոտ 30 — 40 տարեկան տղամարդու և կնոջ կմախքներ են (նրանք ապրել են մոտավորապես այն ժամանակաշրջանում, երբ Եգիպտոսում Ռամզես Բ-ն էր իշխում):

Արշավախմբի հաղորդմամբ՝ «Նրանց պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ: Կմախքներից մեկի ձեռնաթաթի հատվածում եղել է անագե բարակ լարից մատանի:

… Բացվել են նաև 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ»…

Վերսկսված հնագիտական հիշյալ պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ ալյուր՝ հրդեհից կործանված սյուներով կառույցի մնացորդներում:

Հազարամյակների կնիքով՝ պաշտամունքային կառույցներով, հնագույն մետաղաձուլարանով, հետագայում կառուցված միջնադարյան շինություններով՝ քարակերտ, բարձրադիր աշտարակների մնացորդներով այս բնակատեղին իր երբեմնի պերճանքն ու փառքն է հիշեցնում՝ պահելով փորագիր պատկերագրերի գաղտնիքը…