«ԿՐԱԿԸ»՝ ԽԱՆԱՍՈՐԻ ԿՏՐԻՃԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ…

«­Ցո՛յց տանք մեր հա­սա­րա­կու­թեան թե­րա­հա­ւատ մա­սին, որ ըն­դու­նա՛կ ենք յե­ղա­փո­խա­կան — թեւ ան­հա­ւա­սար — կռի­ւը յա­ջո­ղու­թեամբ ա­ռաջ տա­նե­լու:
Ցո՛յց տանք ամ­բողջ աշ­խար­հին, որ Հա՛յն էլ գի­տէ կռո­ւել ա­զա­տու­թեան հա­մար»։

Հետևելով այս կոչին, 1897 թվականի հուլիսի 25-ին Խանասորի հաղթական արշավանքով մի խումբ քաջակորով Հայորդիք իրենց խիզախությամբ պատգամ հղեցին ողջ Հայությանը՝ մերժելու բռնությունը և հանուն իրենց ազատության պայքարելու և հաղթանակելու:

Խանասորի արշավանքի հրամանատարական կազմը

Արշավանքին մասնակից Հայ կտրիճների ցանկը 1900 թվականին կազմել է զինագործ Գալուստ Ալոյեանը, համաձայն որի 253 ֆիդայիներից 28-ն Արցախից էին:

«Քրիստափոր Ալէք. Օհանեան, կեղծանունը՝ Մխիթար, Շուշեցի, 33 տարեկան, բժիշկ, Ժընեւի համալսարանից, զինավարժ, հայր չունի, ամուրի, հետեւակ»,- կարդում ենք հիշյալ ցանկում:

Շուշիում 1864 թվականին ծնված, Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտած Քրիստափոր Օհանյանը Խանասորի արշավանքին մասնակցել է որպես ջոկատի հրամանատար և բժիշկ:

Քրիստափոր Օհանյան
(1864-1924)

Իսկ մինչ այդ, 1896 թվականի «Ազգագրական հանդէս»-ի Ա հատորում (էջ 121-126) նրա հոդվածն էր տպագրվել՝ «Կրակը», որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև:

«Մեր դարում մարդիկ այնքան են ընտելացել կրակի գործածութեան, այնքան հեշտութեամբ են այն ստանում, որ շատ-շատերի մտքով երբէք չէ անցնում, որ եղել է ժամանակ, երբ մարդ կամ մարդանման կենդանին բոլորովին անտեղեակ էր կրակ հանելու արհեստին: Եվ երբ պատահմամբ մի որևէ միջոցով կրակ էր ստանում, չէր կարողանում երկար ժամանակ վառ պահել այն և երբ հանգչում էր, մնում էր առանց կրակի:
Առանց կրակի՞… Ի՞նչ կլիներ այժմեան մարդի վիճակը, եթէ նա զրկուէր բնութեան այդ թանկագին պարգևից:
«Կրակի գին է»,- ասում է Հայ ժողովուրդը, երբ ուզում է մի առարկայի որակութիւնը բարձրացնել:

Կրակի գիւտը, ակներև, մարդուս ամենագլխաւոր քայլերից մէկն է յառաջդիմական ճանապարհի վրայ: Հաւանական է, որ նախնական մարդը երկար ժամանակուայ ընթացքում դեռ չէր իմանում կրակ հանել, ինչպէս ծովակալ Մագելանի օրերով Մարիանեան կղզիների բնակիչները: Ջօն Գալտօնը հաղորդում է, որ Աստրօլիաբիա ծոցի մօտ ապրող մէկ վայրենի ցեղ չէ իմանում կրակ հանել, և երբ նրանց կրակը հանգչում է, վայրենիները ստիպուած են լինում դիմել հարևան ցեղերին՝ կրակ խնդրելու:
Ամէն մի աւստրալիացու խրճթի առջև միշտ կրակ է լինում վառած: Եվ երբ ճանապարհորդում են, նրանք իրանց հետ տանում են խանձուխներ, որոնց երբէք չեն թողնում, որ հանգչեն:
Նախնական մարդը՝ գազանների նման, հում մսով պիտի կերակրուէր, բայց կրակի հետ ծանոթանալուց յետոյ, նա սկսում է միսը խորովել, ինչպէս ցոյց են տալիս կրծոտած ոսկորների հետ գտնուած մոխիրը և ածուխը, որ գտնւում են քարայրերի մէջ: Այդ ժամանակներում (époque quaternaire, четвертичная эпоха) մարդիկ ապրում էին քարայրներում, և երկրի մեծ մասը պատած էր սառուցով:
Կրակի գործադրութեան հետ պիտի երևան գային հասարակական կեանքը, տնային օջախը, արհեստները և այլն:
Ուրեմն, հասկանալի է, թէ ինչու՛ շատ ազգեր պաշտում էին այն. և մինչև այժմ այդ մնացել է կրօնական ծիսակատարութիւնների մէջ:

Այն ժամանակը, երբ առաջին անգամ մարդ իւր համար կրակ ճարեց, այնքան հին է, որ այդ գիւտի մասին մնացել են միայն առասպելաբանական զրոյցներ: Օրինակ, երկնքից կրակ գողացող Պրոմեթէոսի մասին յայտնի առասպելը, որ զրուցում է, իբր թէ այդ գողութեան համար Զևսը նրան շղթաներով կապեց Կովկասեան սարերի վրայ: Միևնոյն առասպելի տարբերակը պատահում է և զանազան վայրենի ցեղերի մէջ…»:

…«Նախնական մարդը կրակ հանելու համար դիմում էր միևնոյն միջոցների, որոնք գոյութիւն ունէին Ամերիկայի բնիկների մօտ Քրիստաֆօր Կոլումբի ժամանակները և այժմս էլ դեռ մնացել են վայրենի ցեղերի մէջ: Կրակ հանելու ամենահասարակ և ամենանախնական միջոցը կայանում է նրանում, որ երկու կտոր փայտ իրար են շփում»…

…«Բայց ավելի տարածված էր վայրենի ցեղերի մէջ մէկ ուրիշ գործիք, որն աւելի կատարելագործուած է, քան վերոյիշեալը: Սա ևս բաղկացած է երկու կտոր փայտից՝ մէկ ճիպոտից և մէկ տախտակից»…

…«Կրակ հանելու արուեստը մեծ առաջադիմութիւն արած է լինում, երբ թոկի փոխարէն սկսում են գործադրել աղեղը, որ չէ պահանջում ոյժի չափազանց լարումն այսպէս վերոյիշեալ ձևի գործողութիւնը շատ նման է մեր հիւսների «մադխաբ-քեամանով» տախտակ ծակելուն:
Այսպէս էին կրակ հանում Հիւսիսային Ամերիկայի հնդիկները և ուրիշներ:

Կրակ հանելու վերոյիշեալ ձևերը քաղաքակրթուած ազգերի մէջ արդէն հին ժամանակներում տեղ են տուել կայծքարին և պողպատին: Բայց թէպէտ վերացել են առօրեայ կեանքից, նրանք մինչև այժմ մի քանի տեղերում գոյութիւն ունին կրօնական ծիսակատարութեան մէջ:
Հնդկաստանում, թէպէտ ժողովուրդը դարերից ի վեր կայծքարի և պողպատի օգնութեամբ է կրակ հանում, բայց, չնայած դրան, բրահմանները, երբ հարկաւոր է «անարատ և սուրբ» կրակ ունենալ ամենօրեայ զոհաբերութեան համար, դեռ շարունակում են գործադրել այն միջոցը, որին դիմում էր նախապատմական մարդը. այսինքն՝ արագութեամբ պտտեցնում են սրածայր ճիպոտը զոհի փայտի վրայ շինած փոսում, մինչև որ կայծեր կ’ստանան:

Եվրոպայի մի քանի տեղերում գիւղացիները «կենդանի կրակից» վառում են խարոյկներ, որոնցով անցկացնում են իրանց ձիերը և տաւարը՝ ժանդախտից ազատ պահելու նպատակով: Խոլերայի վերջին համաճարակի ժամանակ ռուս մուժիկները այդ տեսակ կրակով էին աշխատում հիւանդութեան առաջն առնել:

Զրադաշտը կառուցեց սեղաններ չորս կրակների համար՝ Ֆարանի, Հոսշասպի, Բուրզեն-Մեհերի և Բահրամի: Այդ չորս զանազան տեսակ կրակները ստացւում էին զանազան միջոցներով՝ չոր փայտերի շփուելուց, կայծքարից և երկաթից, կայծակից և նաւթի աղբիւրներից:

Հին հռովմեացիները առանձնապէս մեծարում էին կրակի աստուածուհուն — Վեստային, որի տաճարում այրում էր անշէջ կրակը:

Այդ կրակը պահպանում էին վեստալուհիները, որոնք կոյս պիտի մնային մինչև մահ:

Բայց երբ պատահմամբ այդ կրակը հանգչում էր, այն ժամանակ արգելուած էր սովորական կերպով կրակ հանել: Դրա համար Քուրմերը փայտի և ճիպոտի օգնութեամբ էին կրակ ստանում, այնպէս, ինչպէս վայրենիները:
Այդ բոլոր ծիսակատարութիւնների մէջ մնացել են հետքերն այն հեռաւոր ժամանակների, երբ նախնական մարդը կրակ էր հանում երկու կտոր փայտի միջոցով:

Երբ այդ կերպով կրակը վառվում էր, մարդը, բնականաբար, պիտի աշխատէր պահպանել նրան իւր պիտոյքների համար:
Բազմաթիւ անտառների ծառերը և թփերը, լեռների հանքային նիւթերը, ծառերի խէժերը, վայրենի կենդանիների ճարպը — սրանք են վառելիքի և լուսաւորութեան աղբիւրները, որոնք երևի գործադրվում էին ամենահին ժամանակներում ևս: Էսքիմոսները հէնց այժմ էլ տաքացնում և լուսաւորում են իրանց բնակարանները միայն ֆօկի (тюлень) ճարպով:
Մեր ժամանակները Շվարցվալդում, Բադենում, Կուրլիանդիայում և Ռուսաստանի շատ տեղերում մոմի փոխարէն գործադրում են թեղոշ (букь) ծառի երկար ճիւղերը, որոնց հորիզոնաբար ցցում են պատի մէջ և ազատ ծայրը վառում. այդպիսով գիւղացիները էժան կերպով լուսաւորում են իրանց աղքատիկ խրճիթները»…

…«Ղարաբաղի մի քանի տեղերում գիւղացիները չորացրած օձաձուկը վառում են մոմի փոխարեն:
Թէ երբ է փայտը տեղի տուել կայծքարին և երկաթին՝ յայտնի չէ: Մինչև ծծմբային լուցկու երևալը, կայծքարը և երկաթը տարածուած էին ամենուրեք:

Քսան տարի սրանից առաջ Շուշուց շատ մարդիկ կրակ էին հանում միայն այդ գործիքով, որոնց պահում էին մէկ փոքրիկ արկղի մէջ, որին տեղացիները անուանում էին «փօտաման»: Այդ փօտամանի մէջ այժմ հիսներն իւղ են պահում իրենց գործիքները օծելու համար:
Փօտամանը 12 սանտիմետր երկարութեան, 6 սանտիմետր լայնութեան և 4 սանտիմետր բարձրութեան մի արկղ է, որի խոռոչը մի պատ երկու մասի է բաժանում ըստ լայնութեան:
Պատի վրայ կա մի առանցք, որի շուրջը արկղի պարարելօլօգրումի ձև ունեցող խուփը շարժւում է հօրիզոնաբար: Մի խոռոչում պահւում են կայծքարը և 6 թուանշանի ձև ունեցող երկաթը, իսկ միւս խոռոչում՝ ծծմբի մէջ թաթախած պատրոյկը և «փօտը», որը աբեթի դեր է կատարում և ոչ այլ ինչ է, եթե ոչ այրած շոր:
Կրակ հանելու նպատակով կայծքարին խփում են երկաթով, կայծերը թափուելով դիւրավառ փօտի վրայ, վառում են նրան: Այդ ժամանակ այրուող փօտին մօտեցնում են ծծմբաթաթախ պատրոյկը, որ և անմիջապէս բոցավառւում է:
Այժմ «փօտամանը», իհարկէ, գործածութիւնից դուրս է եկել և շատ դժուարութեամբ է ձեռք բերւում»:

Կրակի դերն ու խորհուրդը՝ Հայկեան Միաբանութեան Քրմերի բացատրությամբ՝ մի այլ առիթով…