«ԾԻՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ» (Ե. ԼԱԼԱՅԱՆ)
Վաղնջական ժամանակներից ի վեր հարատևող ծեսերի ծագման խնդրի լուսաբանմանն է նվիրված Հայ գիտական ազգագրության հիմնադիր, բազմավաստակ գիտնական, հնագետ, ազգագրագետ Երվանդ Լալայանի՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ. (Ըստ Հ. Սպենսերի)» ուշագրավ ուսումնասիրությունը, ուր հեղինակն անդրադառնում է Հայոց մեջ պահպանված ավանդույթներին՝ համեմատելով Հ. Սպենսերի ներկայացրած զանազան օրինակների հետ:
«Ազգագրական հանդէս»-ի էջերում հրապարակված հիշյալ հոդվածից որոշ քաղվածքներ՝ ստորև:
«Ծէս, ծիսական կարգ կոչւում են մարդկանց՝ միմեանց հետ ունեցած ուղղակի յարաբերութիւնները, և սրանք կազմում են նախնական կառավարութեան ընդհանրացած ձևը:
Սրանք ծագում են շատ աւելի վաղ, քան քաղաքական և կրօնական իշխանութիւնները, և այս ապացուցւում է նրանով, որ դրանք նախընթաց են ո՛չ միայն հասարակական, այլ և մարդկային զարգացման. դրանք նկատելի են նաև բարձր կենդանիների մէջ»:
…«Բոլոր վայրենի ժողովուրդները, որոնց մէջ քաղաքական և կրօնական իշխանութիւնները դեռևս սաղմնային դրութեան մէջ են, և որոնց մէջ տիրապետում է միայն անձնական գերազանցութեան ոյժը, ենթակայ են բազմաթիւ ծիսական կարգերի:
Հայ գիւղացին մինին պատահելիս՝ պարտք է համարում բարևել նրան, մի մեծաւոր անցնելիս՝ ոտքի կանգնել, հիւրասիրութեան միջոցին օղի խմելիս բարեմաղթութիւններ անել՝ դիմելով բոլոր աչքի ընկնող անձնաւորութիւններին առանձին — առանձին:
Փաւստոս՝ պատմելով Մանուէլի վերադարձը Հայաստան, ասում է. «…Իբրև ետես զնա Վաչէն, որ յառաջ էր լեալ նահապետ, մինչև եկեալ էր նա՝ ետ զնա զպատիւ իշխանութեանն զօր առեալ էր ի թագաւորէն… քանզի նա՛ էր երէց յազգին և պատուին և Վաչէ լինէր երկրորդ» (Փաւստոս, 5, ԼԷ, 246):
Սրանից հետևում է, որ կարգը, ծէսը աւելի մեծ ոյժ ունէր, քան թագաւորի հաստատութիւնը:
Նոյնը հետևում է նաև այն հանգամանքից, որ դատապարտում էին Վասակին՝ իբր աւագութեան իրաւունքը անգոսնողի»…
…«Ծիսական կարգերը գոյութիւն են ունեցել նախքան քաղաքական և կրօնական իշխանութիւնների ծագումը, և սա շատ հասկանալի է, որովհետև նախքան իշխանութեան ծագումը պէտք է գոյութիւն ունենար հպատակութեան զգացմունքը, նախքան օրէնքների ծագումը պէտք է ամրապնդուէր մի որոշ ուժի հպատակելու կարգը, նախքան կրօնական իշխանութեան ծագումը պէտք է տեղի ունենար ննջեցեալի գերեզմանի վրայ նրա ոգու՝ կրկնակի առջև կատարուող կարգերը»…
«…Նկատում ենք, որ գերեզմանի մօտ տեղի ունեցող ծէսերը, որ յետոյ դարձել են տաճարներում կատարուող ծէսեր, սկզբում միայն այնպիսի գործողութիւններ են եղել, որոնք կատարուել են բաւարարութիւն տալու երբեմն իւր նախնական, երբեմն՝ իդեալական, աստուածային կերպարանքով ներկայացուած ննջեցեալի ոգուն, երբ տեսնում ենք, որ զոհաբերութիւններն ու մեծարանքը, մատաղը, արիւնահեղ զոհերը, ծայրատումը, որոնք ծագել են ննջեցեալի ոգուն բաւարարութիւն տալու կամ նրան հաճոյք պատճառելու ցանկութիւնից, աւելի մեծ չափերով կատարուել են այնտեղ, ուր ննջեցեալի ոգին աւելի մեծ երկիւղ է ազդել, որ պասը՝ որպէս թաղման ծէս՝ սկիզբն է տուել կրօնական պասերին, որ ննջեցեալին ուղղած գովաբանութիւններն ու թախանձանքը դարձել են կրօնական փառաբանութիւններ և աղօթքներ՝ հասկանալի է լինում, թէ ինչու նախնական կրօնը կազմուած է եղել բացառապէս գթութիւն հայցող ծէսերից»:
…«Այսպէս, Հայ ժողովուրդը մի սրբի դուռ գնալիս ոչ թէ աշխատում է մաքրել իւր ներքինը, ուղիղ սրտով և լի հաւատով մօտենայ սրբին, այլ որքան կարելի է շատ մոմ վառել, խաչհամբոյր ձգել, մատաղ կտրել, թաշկինակներ նուիրել, որ մասունքը կամ աւետարանը նրանց մէջ փաթաթեն, բազմաթիւ ծունր դնել:
Չեն քաշւում նոյնիսկ կաշառել սրբին մի մատաղ և կամ մի նուէր խոստանալով, որ կատարէ իրենց խնդիրքը և կամ յիշեցնել նրան իրենց տուած նուէրները և պահանջել հատուցում, որի մի լաւ օրինակը գտնում ենք Յովհան Մանդակունու պատմութեան մէջ…»:
…«Եւ եթէ Հայաստանը լի է վանքերով, այդ նրանից է, որ Հայ թագաւորներն ու իշխանները հաւատացած են եղել, որ այսպիսի աստուածային նուիրաբերութիւնները բաւական են իրենց հոգիները փրկելու»…
«…Ուրեմն, ծէսերը շատ մեծ հնութիւն են ներկայացնում, որովհետև բոլոր, միմեանցից արդէն տարբերուող իշխանութիւնները նրանից գծեր են կրում:
Այսպէս, օրինակ, ընծաներ տալը՝ մինն այն գործողութիւններից, որոնցով արտայայտւում է պետին հպատակութիւն:
Սա նաև կրօնական ծէս է, որ սկզբում կատարուել է գերեզմանի մօտ, իսկ յետոյ՝ սեղանի առջև»:
…«Նկատուած է նաև, որ ծիսական կարգերը նախնական և կիսակիրթ ժողովրդների մէջ շատ աւելի ոյժ ունին, քան այլ իշխանութիւններ:
Այսպէս, օրինակ, երբ Հայ գիւղացին ուզում է արտայայտել «անկարելի» գաղափարը, նա ասում է՝ «Ադաթ չէ»:
«Ծէսերը միանգամից չեն ծագել իբր խորհրդանիշներ՝ արտայայտելու յարգանք և հպատակութիւն: Նրանք առաջ են եկել բնականաբար, հետզհետէ ձևափոխելով այն անհատական գործողութիւնները, որոնք կատարւում էին անհատական նպատակի հասնելու համար»…
…«Հայերիս մէջ, նոր ցորենից պատրաստուած առաջին հացերը, որ կոչւում են «չալաքի», ուղարկւում են թէ՛ եկեղեցի, թէ՛ տանուտէրին և թէ՛ բարեկամներին:
Նոր Բայազէտի գաւառում առաջին անգամ ձգուած թոռով բռնուած ձկները բաժանւում են աղքատներին և նուէր ուղարկւում քահանային, տանուտէրին և բարեկամներին:
Այս բոլոր օրինակներից երևում է, որ կրօնական, քաղաքական և հասարակական հպատակութիւն արտայայտւում է միատեսակ վարմունքով»…
Ընծայաբերութեան՝ «Գթարար ծեսի» բնական ծագման օրինակների և Հայոց մեջ պահպանված ավանդույթների համեմատությամբ Ե. Լալայանն ի ցույց է դնում խորհրդանշական գործողության՝ ընծաների մատուցման ծիսակարգի ձևավորումն ու զարգացումը, երբ «Կամաւոր ընծայաբերութիւնը հետզհետէ դառնում է պարտադիր»…
Շարունակությունը՝ հաջորդիվ…