«ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

Հայկական բարձրավանդակի ողջ տարածքում սփռված են հնագույն բազմաթիվ ուխտավայրեր, ուր վաղնջական ժամանակներից ի վեր հավաքվող Հայերը՝ շարունակելով Նախնիների ավանդույթները, ազգային տոներն ու ծեսերն էին նշում առանձնահատուկ տոնախմբություններով:

Ամենասիրվածը Վարդավառի տոնակատարությունն էր, որի համար ամառվա տապին զանազան վայրերից ուխտավորները խմբերով, ընտանիքներով, գերդաստաններով ձգվում էին դեպի իրենց ուխտատեղին՝ լիներ դա հինավուրց մեհենատեղի, լեռնագագաթ, քարանձավային համալիր, գետ, աղբյուր կամ վսեմ կանգնած մի ծառ՝ գովերգելու Բնության պարգևած Ջուրը՝ սնուցիչ, զովացուցիչ Անձրևը, նաև՝ սերը և նրա հովանավորներին՝ Սիրառատ, Վարդեհեր Աստղկան և Սիրասուն, Քաջակորով Վահագնին (ինչպես նշում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը):

Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած այդ սրբավայրերն այլևս կանգուն չեն:
Փլատակված այդ նվիրական վայրերում Հայոց ցեղասպանությունից հետո դադարել են երբեմնի մարդաշատ ուխտագնացությունները: Սակայն Վարդավառյան և մյուս տոնախմբությունները հավերժացել են տարբեր ժամանակներում ապրած գրողների էջերում, մասնակիցների հուշերում և փոքր-ինչ ձևափոխված շարունակվում են ցայսօր՝ Հայաստանի ներկայիս մի բուռ հողակտորի վրա…

Վարդավառի տոնը՝ Խուստուփի լանջին՝ 1919 թվականին

Որպես «Նոր բերքի», «Նոր պտղի»՝ Պտղոց տոնի շարունակում, այդ բերքը հասունացնող Հողը և Կենսատու Ջուրը ևս փառաբանվում էին:
Ջու՜րը…
Բեղմնավորումն ու աճը, Կյանքն ու գոյությունը պայմանավորող Ջու՛րը, առանց որի չկա աճ, բողբոջում, զարգացում, բարգավաճում…

«…Հեռացրու՛ ջուրը, բաժանի՛ր խոնավությունը ամեն մի կենդանությունից, նա իսկույն կչորանա:
Իսկ չորանալը մահվան և ջնջման հետևանք է»:

«Առանց ջրի՝ աշխարհի երեսին չի կարող բեղմնավորվել ո՛չ մի սերմ»,- գրում է Ատրպետը և շարունակում.

…«Գուսաններն երգերով պանծացնում էին Աստղկան սերն ու գորովը, պատկերն ու տեսքը, եռանդն ու աշխույժը, որոնցով մարդիկ ոգի ու զգացում ստացած ուրախ կյանք էին վարում: Այս զգացման շնորհիվ մարդիկ երկիրը դրախտի էին վերածել, սիրո բոցերով իրար գրկել ու գգվել, երջանկության վարդաստան էին թևակոխել հրճվալի ու բերկրալի օրեր անցնելու:

Առանց Աստղկան առատաբար բաշխված սիրո և զգացումների, կյանքը տխուր և անտանելի էին գտնում, առանց նորա շնորհած վայելքների մռայլ ու խավար պիտի դառնային բնության բոլոր տեսարանները:
Ինչպես Աստղիկն էր բաշխում կենդանի ու վառ աչքերը, նույնպես Աստղկան շնորհն էին համարում վարդագույն այտերը, փղոսկրյա կզակները, շամամ կրծքերը, նոճանման հասակը, կամար ունքերը, փայլուն ճակատը, բաբախող սրտերը և դողդողացող մկանները: Երգչուհիների մյուս մասը, իրենց գուսաններով և կաքավիչներով իրենց հերթին սկսեցին երգել Անահիտի հանճարը, նրա հնարագիտությունները, մարդկության տված շնորհները, գեղեցիկ արվեստները, որոնցով մարդը դրախտի է վերածել անապատը, զարդարել է բյուր բարիքով և գույնզգույն ծաղիկներով ձորերն ու լեռնալանջերը, նույնիսկ ապառաժի քարքարոտ կողերը:

Ո՛րը գովում էր մուրճն ու կռանը, ո՛րը ներբողում կացինն ու սղոցը, ո՛րը ուշք էր դարձնել տալիս կառքին ու սայլին, ո՛րը գովաբանում արորն ու խոփը, ձիու սանձն ու պայտը, նետն ու աղեղը, սանդերքն ու մաքուքը, նկարն ու արձանը, տավիղն ու շվին, մի խոսքով՝ այն բոլոր արվեստներն ու գործիքները, որոնք մարդը ձեռք էր բերել Անահիտի շնորհած հնարամիտ իմաստությունով:

Ամեն անգամ գուսանները մի տուն երգելուց հետո նույնը կրկնում էին պարուհիները և ոգևորված ետ ու առաջ տարուբերվում, ծածանվում էին իրար թևանցուկ, ոգևորությամբ զեղված: Մեղմ զեփյուռը շոյում, ոգևորում էր երիտասարդության ալ ու վարդավառ դեմքերը, մազերն ու կրծքերը, արևի պայծառ ճառագայթների տակ ցոլացնում էր նրանց հրացայտ աչքերը, ոսկեփայլ մազերը և ողորկ մորթերը»…

…«Դեռ մատաղը չվերջացրած՝ Վարդեհեր Աստղկան նվիրված քառասուն ծիրանազգեստ կույսեր, ուսերին սփռած իրենց սաթանման մազերը, գլուխները վարդերով պսակած, մերկ վզերն ու դաստակները ուլունքների շարաններով գարդարած, նազաճեմ իջան բարձունքից, մոտեցան նվագածուներին և սկսեցին իրենց երգն ու պարը:
Գուսանները սրանց բոլորած կրկնեցին Վարդեհերին նվիրված բազմաթիվ տաղեր: Երբ ոգևորված փոխընդփոխ շարունակում էին պարը, կաքավը, արևն արդեն երկնակամարի ամենից բարձունքում էր տեղ բռնած, և օդը աստիճանաբար այնքան էր խստացել, որ մարգարտափայլ քրտնաշարով ծածկել էր գուսանների և կաքավիչների ճակատները:

Այս միջոցին խումբ-խումբ կույսեր ու պատանիներ մի-մի սափոր ու փարչ վերցրին ու սկսեցին սրսկել իրենց սիրելիների վրա ու նրանց զովացնել, հովացնել:
Անվերջ ջուր էին սրսկում իրար վրա, աղաղակում, աղմկում, փախչում, բայց ջրվելուց ոչ ոք չէր կարողանում գլուխն ազատել։

«Վարդեհե՜րն է», — գոռում էին ու անխնա սրսկում զով ջուրը ոտքից գլուխ:
Երգիչները, կաքավիչները, նվագածուները և ժողովուրդը առանց դիրքերը փոխելու շարունակեցին իրենց ուրախությունը մինչև հագուստների արևի ճառագայթների տակ չչորանալը: Դեռատիներն ու պատանիները անվերջ ջուր էին կրում ու ածում ուխտավորների գլխին, որոնք թուլացել կամ մտքերի մեջ սուզվել, մի կողմ էին քաշվել:

— Այսօր Վարդեհերի տոնն է, խնդալու և պարելու օր է, — գոռում էին ջուր սրսկողները, թռչկոտում և ցատկում:
— Այսօր մեր հովանավորի տոնն է, Վարդավառ է, պետք է միայն երգել, պարել ու ծիծաղել, ոչ թե թմրել ու նիրհել:
— Երանի՜ թե այդ ջուրը երկնքից մաղվեր, — հառաչելով պատասխանում էին ծերերն ու հասակավորները, — մենք էլ հոգո՛վ հրճվեինք:

Դեռահասներն այնքան ջրեցին ու թրջեցին ուխտավորին, որ թրջվելուց ազատվելու համար բոլորն էլ գնացին մտան պարողների շրջանն ու սկսեցին նրանց հետ երգել ու ցատկոտել:

Պարը տևեց մինչև արևի մայր մտնելը: Թեև հետինքին ուխտավորները բազմեցան դալարի վրա ճաշելու, բայց չդադարեցին երգն ու նվագը, պարն ու կաքավը:
Արևմտի ողբը նվագելուց հետո մեծամեծ կրակներ ջեռուցին ուխտավորները իրենց վրանների մոտ, որոնց բոլորած մինչև կեսգիշեր երգեցին, նվագեցին և լսեցին գուսանների պատմությունները, որոնք պապերից լսածները ավանդում էին թոռներին»…

Լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ…