1916 թվականի հոկտեմբերի 27-ին Լոնդոնի ֆրանսիական դեսպանատանը գումարված խորհրդակցության արդյունքում Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի (Անգլիայի ներկայացուցիչ), Ժորժ Պիկոյի (ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև կնքված համաձայնագրի հիման վրա 1916 թվականին կազմավորվեց «Հայկական լեգեոնը» (1916-1920)՝ Հայկական կամավորական զորամասը’ ֆրանսիական բանակի կազմում:
Հայ լեգեոնականները՝ ավելի քան 4500 զինվոր, ֆրանսիական զորքերի հրամանատարության ներքո պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, այնուհետև՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր դաշնակից պետությունների հաղթանակից հետո Կիլիկիայի Հայերին ինքնավարություն տալ՝ համաձայն Պողոս Նուբարին տրված «կայուն երաշխիքների»…
Հայկական լեգեոնն առաջին անգամ պատերազմական գործողություններին մասնակցեց 1918 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Պաղեստինում՝ Արարայի բարձունքներում’ փառահեղորեն հաղթանակելով։
«Տղա՛ք, գիտէ՛ք, վաղը առտու մեր հարսանիքի օրն է, այն օրը, որուն բոլորս կը սպասենք։
Ամէն զինուոր կազմ ու պատրաստ պէտք է ըլլայ առաւօտեան ժամը 4-ին։
Այս ժամը վրէժխնդրութեան եւ արդար հատուցման վսեմ ժամն է. Հայրենքի ազատութեա՛ն համար է, որ պիտի մղենք նուիրական պատերազմը։
Ատիկա միակ ծառայութիւնն է, որ մենք պիտի կատարենք հանդէպ մեր դժբախտ ազգին ու զայն երջանկացնենք մեր արեան գնով։
Չե՛մ գիտեր, թէ վաղուան վարագոյրը երբ իջնէ, մեզմէ քանի՞ն պիտի իյնան ճակատամարտին մէջ, սակայն վստահ եմ, որ Հայուն հպարտ ճակատը ամօթի մրուրը պիտի չտեսնէ՛, մեր անցեալը մեզի խթան եւ ապագան թող հաւատք ներշնչէ բոլորիս»։
1918 թվականի Սեպտեմբեր 18-ի ուշ գիշերը հնչեցրած այս պատգամով ֆրանսիական զինված ուժերի կազմում գործող Հայ սպա Ջոն (Հակոբ) Շիշմանյանը Պաղեստինի Արարա լեռան լանջին բանակած «Արևելյան Լեգեոն»-ի Հայ կամավորականներին դիմեց՝ ազդարարելով «թուրք և գերման զորքի դիրքերի» վրա գրոհի անցումը։
1927 թվականի Ապրիլի 24-ին, Երուսաղում՝ Հայ Կամավորականներին նվիրված հուշարձանի բացման օրն իր ելույթում հիշում է Ամերիկայի և Կահիրեի «Լէգէոնական Միութեան պատուիրակ»՝ նախկին «լեգեոնական» Հակոբ Արևյանը (հատված իր ճառից՝ վերցված 1928 թվականին Կահիրեում «Հայ լէգէոնական միութեան» կողմից հրատարակված «Կամաւորը. Արարայի յաղթանակի 10-րդ տարեդարձի առթիւ» գրքից):
Արարայի ճակատամարտում զոհված Հայ զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը Երուսաղեմում (լուսանկարը՝ Հայաստանի Ազգային արխիվից)
«1918 սեպտեմբեր 18-ին իրիկունն էր, երբ լուրը տարածուեցաւ լէգէոնականներու մէջ, թէ երկրորդ օրը առաւօտեան պէտք էին յարձակիլ թշնամի բանակին վրայ:
Ամենքն ալ ուրախ զուարթ պատրաստութիւններ կը տեսնէին՝ իբրև հարսնևորներ: Անոնց հրճուանքը չափ ու սահման չունէր: Վերջապէս երկու երկար տարիներու անվերջ մարզանքներէ յետոյ էր, որ անոնք ցոյց պիտի տային թշնամւոյն իրենց զինւորական արժանիքը:
Սեպտեմբեր 19-ի առաւօտն էր, հրաման տրուեցաւ յարձակման կայծակի նման:
Արհամարհելով ամէն վտանգ և նոյնիսկ մահը, անոնք խոյացան թշնամի դիրքերուն վրայ և մէկ ժամ չանցած՝ արդէն իրենց համար նշանակուած դիրքերը գրաւուած էին, և թշնամիին հետքը յիշեցնող միայն դիակներ կային:
Դժբախտաբար ամենուն չէր ժպտած բախտը, և հերոսի նման ինկած էին միայն հարիւրի չափ ընկերներ ու հակառակ իրենց ստացած ծանր վէրքերուն, անոնք երբէք բարոյալքուած չէին և կը պոռային ամէն անոնց, որոնք առաջ կ’անցնէին, այնպիսի ձայնով մը, որուն մէջ անհուն վրէժը ծրարուած էր. «Յակո՛բ, զիս մի՛ մոռնար» կամ «Գալու՛ստ, իմ վրէժս ալ լուծէ»:
Այստեղ կը տեսնէք յուշարձանը անոնցմէ 23-ին աճիւններուն, որոնք ուրախութեամբ, բայց վրէժը սրտներուն մէջ իրենց աչքերը գոցեցին յաւիտեան:
Յարգա՛նք իրենց անմահ յիշատակին:
Կռիւը մօտաւորապէս քսան ժամ տեւեց, որու ընթացքին թշնամին կատաղի կերպով ռմբակոծեց կորսնցուցած դիրքերը և փորձեց հակայարձակումով մը ետ խլել:
Բայց Հայ զինուորը փակուած մնացած էր իր դիրքերուն վրայ և իր արագահարուած հրացաններով ու գնդացիրներով անյաջողութեան մատնեց թշնամի զօրասիւներու առջև գտնուող թրքական «Եըլտըրիմ» («Կայծակ», Կ.Ա.) բանակը: Անոնք այդ անուան արժանի էին միայն նահանջի պարագային:
Ինչպէս կը տեսնէք, զինադադարի նախօրեակին էր, որ լէգէոնականները ստացան իրենց կրակի մկրտութիւնը, բայց և այնպէս ուշ ալ լրացուցին իրենց զինւորական պարտականութիւնները:
Անոնք երկու տարի ևս մնացին իրենց պաշտօնին վրայ և այդ միջոցին անոնք ունեցան շատ մը ուրիշ Արարաներ ու անոնց զոհերու թիւը ոչ թէ միայն քսան երեք է, այլ 123-ն ալ կ’անցնի: Բայց վերջինները առանց գերեզմանի մնացած են անծանօթ դաշտերու ամայի մէկ անկիւնը: Անոնք ունեցան շատ մը անհամեմատ կռիւներ, երբեմն ի գին մեծ զոհողութեանց, բայց միշտ յաղթող:
Բան մը, որ իրենց ֆրանսացի պետերուն աչքէն ալ չէր վրիպած. բոլոր ինկածները իրենց վէրքերը ստացած էին կա՛մ իրենց ճակատէն և կա՛մ կուրծքէն:
Ամէն անգամ, որ վտանգաւոր պաշտօն մը ըլլար կատարելիք, «Յակոբները» և «Գալուստները» դուրս ելլելով իրենց շարքերէն, կուգային փսփսալու իրենց պետերուն ականջներուն, թէ չէին մոռցած «Մարտիրոսներու» և «Ճինկիրեաններու» ձայնը, որոնք ընկած էին Արարայի բլուրին վրայ և ըսած էին՝ «Իմ վրէ՛ժս ալ լուծեցէք», բայց եկան այն օրերը, որ «Յակոբները» և «Գալուստներն» ալ հերոսաբար ինկան ազգային մեծ ուխտի ճամբուն վրայ:
Գալուստ’ իր ձախ թևը կորսնցուցած ըլլալով՝ ճակատը համբուրեցի և ուզեցի քանի մը քաջալերական խօսքեր ըսել, բայց սխալած էի, որովհետև ինքը քաջալերուելու պէտքը չունէր:
Իրեն պատասխանը եղաւ. «Թևիս համար չէ, որ կը ցաւիմ, դուն գիտես, որ ես քանի մը հոգիի տեղ պէտք էր կռուէի, դեռ վրէժս չեմ յագեցուցած»:
Ինչպէս կը տեսնէք, ամենավերջին ինկողները իսկ իրենց վրէժները առած չէին տակաւին:
Ուրեմն, նոր սերունդին կը մնայ իբրև եղբայրական ժառանգ անոնց վրէժը լուծել, և եթէ առիթը ներկայանայ, վերստի՛ն անխնայ վարուիլ թշնամիին հետ»…
Հակոբ Արևյանի լուսանկարը՝ Ամերիկայի Հայկական թանգարանից՝ հրապարակված Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականները» գրքում