«ԿԱՄԱՒՈՐԸ»
«ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆՏԻՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԸՆԿԱՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ»…
Համաշխարհային առաջին պատերազմին աշխարհի տարբեր ծագերից համախմբված բազմահազար Հայ Կամավորականներ մասնակցեցին՝ խիզախորեն կռվելով բոլոր ճակատներում:
Նրանց սխրանքին նվիրված որոշ հրապարակումներ դեռևս անծանոթ են շատերին:
1919 թվականի փետրվարի 12-ին Փարիզում՝ Խաղաղության Վեհաժողովին Ավետիս Ահարոնյանի ու Պողոս Նուբարի ստորագրությամբ ներկայացվեց Հայկական պահանջների համատեղ Հուշագիրը՝ շեշտելով Հայ ազգի դերը՝ որպես «Պատերազմող կողմ», հիմնավորելով Հայոց Անկախ պետության վերստեղծման անհրաժեշտությունը, ճշտելով նրա տարածքը՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (Տրապիզոնը ներառյալ՝ հաշվի առնելով, որ այն ամբողջ Բարձր Հայքի միակ կարևոր ելքն է դեպի Սև Ծով), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:
«Հայաստանը նվաճել է Անկախության իր իրավունքը՝ պատերազմին երեք ճակատներում՝՝ Կովկասում, Սիրիայում և Ֆրանսիայում իր անմիջական ու կամավոր մասնակցությամբ»,- շեշտվում էր վերոնշյալ հուշագրում:
«ԿԱՄԱՒՈՐԸ» (ԱՎՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ)
ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆՏԻՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԸՆԿԱՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ…
1.
Ո՞վ է կամաւորը:
Նա սոսկ զինւոր չէ. նա աւելի՛ է, քան զինւորը:
Կեանքի նզովքի դէմ իր հզոր ակռաները իրար սղմած կա՛մքն է երկաթի:
Նա ո՛չ ծնւում է, և ո՛չ մեռնում:
Նա յաւիտենական է՝ ինչպէս տառապանքը, անանց է՝ ինչպէս բանականութեան բարկ քուրայից ժայթքող բո՛ցը հրդեհի:
Պրոմէթէո՛սն է առաջին կամաւորը:
Նա, որ խաւարի ու ցրտի մէջ խարխափող թշւառ մարդկային ցեղին կարեկցելով՝ դաժան աստուածների ցասումը խիզախեց և երկնային հուրը շորթեց աշխարհի հոգին լուսով ու հրով օծելու համար:
Եւ յետոյ՝ աստուածների կատաղութիւնով ժայռին գամւած՝ իր լերդը տւեց արծիւներին բզկտելու՝ առանց հառաչանքի:
Կամաւորը տնքալ չը գիտէ, վասնզի իր կամքը ինքնաոչնչացումի անդադրում ճիգն է՝ անպարփակ և անխորտակելի:
Մի՛ վիրաւորէք մայր հողը զուլումով:
Վա՜յ ձեզ, թէ իր ցաւը իր քրտինքի հետ անդունդներից բարձրանայ և արևի արդար շողքերը պղտորին:
Ինչու՞ կանգ առաւ այն սէգ մաճկալը մտածկոտ ու խոհուն:
Ու հեռուն է նայում անծայրածիր դաշտերին, և հովն է մտրակում իր ճակատը մռայլ:
Հորովէլը լռեց. ամոլի եզն է փնչացնում ակօսի մէջ:
Վարուցանքը ու՞մ համար…
Կանաչ կածանին թեք ընկած այն շէկ հոտաղը ինչու՞յանկարծ ցնցւեց ու նստեց:
Հօտը մոռացած, թաւ յօնքերի տակից երազուն հայեացքը լեռնալանջի մշուշն է պրպտում:
Ականջը ձայնի է. ու՞մ է սպասում:
Երէկ իր հօտից երեք գառ պակսեց:
Մաքին է բառաչում:
Մենաւոր ճամբորդն է անցնում տրտում ու սև ձորերով:
Հոգին է բացել հովերի առջև՝ ինչպէս լուսաբացին կոկոնը ծաղկի, ու մեղմիւ խօսում է իր երիվարին.
«Հանդա՛րտ, իմ հոգի, դոփիւնդ մեղմի՛ր, ձորն է դաւադիր»:
Կորաքամակ ամբոխների մեղկ ու հնազանդ լռութեան ծոցում միշտ մի խորհրդաւոր զանգ է զրնգում դաշն ու հզօր ռիթմով:
Ճամփորդ ու հօտաղ, մաճկալ ու արեւ ականջ են դնում:
Մի՛ պղծէք մայր հողը զուլումով:
Վա՜յ ձեզ, իր արգանդներում ահա իր մայրութեան երկունքն է գալարւում:
Ահազա՛նգ է ուրագանի:
Հոգիները կրակ են խմել:
Լռութեան ծոցում զանգ է ղողանջում և հեռու խրճիթի տակ առաստաղից կախւած խնոցին է գնում — գալիս. և պառաւ մայրը մեղմիւ հեծկլտաց:
Երազ է տեսել անցած գիշերին:
Ո՞վ է սպառնում իր անուշ զաւակին:
Արցունքն է գլորւում խնոցու վրայ կայլակ առ կայլակ:
Արծիւն է պտտւում մաճկալի գլխին:
Հօտաղը երկնքին բռունցք է պարզել:
Մենաւոր ճամբորդը ձորն է պրպտում, ձորը դաւադիր:
Դուն միայն լաց, մայր, ա՜հ, քո արցունքն աշխարհի համար:
Գառները տարան, դաշտերում անզաւակ մաքին է բառաչում:
Խնոցին գնում է — գալիս և հեռու խրճիթի մէջ մի մայր է լալիս:
Գէշ երազ է տեսել անցած գիշերին:
Աշխարհակալ բանակը՝ սառն օրէնքի մտրակի տակ մարզւած մարդկային գորշ զանգւածը, անէծքն է պատմութեան:
Կամաւո՛րն է ազգերի խիղճը:
Նա՛ է սփռում ճակատամարտի վայրագութեան վրայ ասւածային կրակի քողը, վիրաւոր դաշտերի սէրը, հայրենի լեռների ոգին:
Բռնութեան դէմ ծառացած՝ նա սուսերամերկ, հրեշտակի պէս մահու գաղտնիքն է շորթում դարերի խոյանքի մէջ շպրտելու համար:
Ազատութեան դարբնոցի միակ վարպետն է նա, և իր գործը մէկ հատիկ է՝ շղթաները փշրել իր կռանի յաղթ հարւածների տակ, բոլո՛ր շղթաները:
Հազար սերունդների կեանքն է կերտում իր սեփական կեանքը ողջակիզելով տիեզերական ամենակալ կրակին:
Ազգերի խի՛ղճն է կամաւորը:
Միակ արդար պատերազմը հայրենիքի և առհասարակ մարդկային ազատութեան համար մղւած պատերազմն է:
Ազգերի բոլոր մեծ յեղաշրջումները կամաւորների գործն է:
Բոլոր շքեղ լեգենդները, որոնցով ապրում է մարդկութիւնը կախւած իդէալին, կամաւորների կերտածն է: Լեռներն աւերող գարնանային հեղեղի պէս նրանք են, որ խորը ակոս են բացում պատմութեան էջերում:
Գարիբալդին իր հազարեակով յաւիտենական երգ է, փոթորկի մի հևք, որ դարերի մէջ պիտի թնդայ ամեն անգամ, երբ բռնութիւնն ու չարիքը ծանրանան աշխարհի վրայ:
Պրոմէթէոսը երկնքից կրա՛կ է շորթել…
2.
Մօտ քառասուն տարի առաջ էր՝ ես տեսայ նրան, առաջին Հայ կամաւորը — թուխ տղայ էր, հարուստ մարմնակազմով, յօնքերը՝ սև ամպ, աչքերը՝ վառ ածուխ:
Եկաւ, դուռս բացեց, «բարև» ասաց, մի գիշեր հանգիստ առաւ բոյն փնտրող թռչունի պէս, ու լուսաբացին դէպ Բարդողեան մթին լեռները դիմեց անխօս՝ ինչպէս եկել էր:
Կամաւորները չեն սիրում խօսել:
Նրանք միշտ լուռ են, ինչպէս գունատ Նեմեզիդան:
Գնաց ու էլ յետ չեկաւ:
Նրանք երբեք յետ չեն գալիս, կամաւորները:
Եթէ գան՝ նորէ՛ն կ’երթան մինչև… մինչև որ ընկնին մի քարի տակ…
Ու գնաց թուխ տղան:
Գօլօշեանն էր…
Չուխուր գեադուկի մէջ ընկաւ:
Յետո՞յ…
…Յետոյ տառապող ցեղի ցաւոտած խիղճը թանձրացաւ ու պայթեց փոթորկի պէս:
Լեռներից անդին իշխող զուլումի վրայ խորհրդաւոր զանգն էր ղօղանջում ահաւոր ու հմայիչ:
Եւ երեսուն տարուց ի վեր սահմանից անդին ու ասդին մեր վիրաւոր հողն ու քրտինքը հսկաներ ժայթքեց իր արդար ծոցից, ջլապինդ, խիզախ տղաներ, որոնք մեր լեռներում բուն դրած վիշապի վրայ քալեցին իրար յետևից:
Մեր մայրերի դարդոտ օրօրը զաւակների հոգին էր մրրկել:
Լալկան օրրանը ռազմի հզօրագոյն երգն է:
Խանձարուրի վրայ զուլումի ձեռքից լսւող հեծկլտանքը կամաւորի զրա՛հն է դարբնում:
Հազարներ գնացին վիթխարիների յետևից, գնացին ու էլ յետ չեկան:
Ո՞ր քարի տակ, ո՞ր ձորի մէջ հայրենի աշխարհի երազն են տեսնում…
Ու երեսուն տարի կուտակւող ըմբոստացումի արիութիւնը Ղարաքիլիսայի ձորերում, Սարդարաբադի դաշտում և Արարայի ճակատամարտերում ընդվզած՝ վիշապի պէս ծառացաւ ու մռնչաց.
«Չե՛ս անցնի. այստեղ մեր ոգին պարիսպ է գրանիտի»:
Ի՜նչ գրոհ, ի՜նչ խիզախութիւն… Ղարաքիլիսայում չորս հազար ընտիրներ իրենց մահով թիւրք հորդաների գոռոզութիւնը փշրեցին:
Եւ Սարդարապատում, ուր Արաքսի կոհակների միջից հազար ու հազար դարեր էին նայում, Հայ կամաւորը հինաւուրց ոսոխին ծունկի բերեց:
Եւ Արարայում մի բուռ Հայ անձնուրացներ օտար ու երախտամոռ ազգերի զարմանքը շարժեցին:
Ղարաքիլիսա, Սարդարաբադ ու Արարա կը մնան որպէս անխորտակելի կոթողներ, ուր վիրաւոր ու անգիտւած Հայ ցեղը տիեզերական պատմութեան մեծ գրքի մէջ իր ռազմական հինաւուրց առաքինութեան անջնջելի դրոշմը դրեց վերստին:
Պառաւ մայրը վաղուց է մեռել: Էլ երազ չի տեսնում:
Դատարկ խնոցին գնում է- գալիս հողմերի շնչով:
Մանկամարդ հարսը խելայեղ վշտի ցասումով իր առագաստը ծւէն-ծւէն հովերին տւեց, արցունքը սրբեց ու հոգին փռեց իր յուռթի արգանդի վրայ, ուր զաւակն է թրթռում:
Վիթխարի կաղնիների անտառն է խորտակւած աւերիչ մրրկով, ծիլերն են բարձրանում արևի առաջ:
Եւ Հայոց աշխարհի մէկ ծայրից միւսը, բոլոր լեռներում, բոլոր ձորերում, շէն ու աւեր բոլոր խրճիթներում ապրում է հզոր լեգենդը՝ անհուն զրոյցը նրանց, որ անցան և նրանց, որ գալիս են…
Ո՞վ կարող է շորթել մեր հոգուց մեր ոսկեզօծ Լեգենդը՝ մեր Հայրենի՛քը ազատ…