Category: Non classé

  • Իմաստուն Հայուհիների կրթության երջանիկ առաքելության և հաջողության մաղթանքով…

    Իմաստուն Հայուհիների կրթության երջանիկ առաքելության և հաջողության մաղթանքով…

    Իմաստուն Հայուհիների կրթության երջանիկ առաքելության և հաջողության մաղթանքով…

    (որպես «Բարի գալուստ»՝ նորաստեղծ «Հայ կնոջ խորհուրդը և դիրքը անցյալում, այժմ և սպասելիքի մեջ» էջին… (Հանճարեղ Սևակի և հանճար ծնած՝ իր Մոր օրհնությամբ…)

    ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

    Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից

    Գալիս է բույրը հին-հին դարերի,

    Անգին քարերի,

    Պարտեզի, շոգի ու խոնավության,

    Երկնքի, հողի ու խոնարհության,

    Մինչդեռ փեշերից՝

    Բույրը թարմ հացի,

    Հոտը խնձորի կամ սերկեվիլի,

    Որ քուն են առնում նրանց փոթերի ու դարսերի մեջ՝

    Հայրական տնից բերած սնդուկում…

    Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում:

    Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝

    Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ…

    Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝

    Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝

    Շնորհիվ… նրանց հավատարմության:

    Եվ ամեն անգամ նրանք մտնում են անկողինն իրենց,

    Ինչպես մտնում են սրբացած տաճար,

    Իսկ եթե նրանց այդ նույն բանն ասես,

    Կխաչակնքեն երկյուղածորեն՝

    Այդ համարելով սրբապղծություն…

    Ու երիտասարդ նրանց ձեռքերը նուրբ են առավել,

    Քան իրենց սրտի թաղանթը նույնիսկ,

    Մինչդեռ մայրական ու մամիկական ձեռքերը նրանց

    Գնալով անվերջ փոխվում են-փոխվո՜ւմ

    Ու նմանվում են… երկրի կեղևի՛ն.

    Սարե՜ր կան այնտեղ, ձորե՜ր, անդունդնե՜ր՝

    Կոշտուկի՛ տեսքով,

    Կնճիռի՛ տեսքով,

    Տեսքով խորշոմի՜…

    Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով,

    Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ

    Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք

    Սիրով են կրում բովանդակ կյանքում…

    Անցնելով փշոտ ճանապարհները առի և փախի՝

    Բոբիկ ոտքերին կծկել են նրանք

    Իրենց հայրենի գետակն ու առուն,

    Ցավից մշուշված իրենց աչքերում

    Տարել են իրենց ծուխը ծխանի

    Եվ իրենց հոգնած շալակին առել

    Ոչ միայն մանչին կամ մի մագաղաթ,

    Այլ մի բովանդակ… բնիկ հայրենի՛ք,

    Մի ծա՜նըր, ծանը՜ր, ծանը՜ր հայրենիք՝

    Իրենց կանացի թիկունքին կպած

    Ա՛յն կուզի նման կամ ա՛յն սապատի,

    Որ շտկըվում է լոկ գերեզմանո՜ւմ…

    Ինչե՜ր չեն տեսել նրանք այս վերջին հազարամյակում…

    Հաճախ են նրանք իրենց պաշտպանել

    Տաք խաչերկաթով

    Կամ եռման կաթով:

    Նրանց հայրենի անխիղճ ու բարի քարափներն անտակ

    Ու կամուրջները չար ու ողորմած

    Մեկ անգամ չէ, որ նրանց փրկել են անպատվությունից,

    Որպեսզի ապրած դժոխքից հետո

    Մարտիրոսացած մտնեն դռներից ա՛յն Արքայության,

    Որ եթե չկա ու չի էլ եղել,

    Ապա անպատճառ ստեղծվեր պիտի

    Հենց սրա՜նց համար:

    Իսկ եթե մահը եղել է անգութ

    Ու ժամանակին չի տարել նրանց,

    Ու եթե նրանք ընկել են հարեմ՝

    Առևանգիչի, լլկողի համար ծնել են նրանք

    Միայն… ապուշնե՜ր և կամ… դահիճնե՜ր…


  • ԲԱԶՄԱԽՈՐՀՈւՐԴ «ԿԵՆԱՑ ԾԱՌ»…

    ԲԱԶՄԱԽՈՐՀՈւՐԴ «ԿԵՆԱՑ ԾԱՌ»…

    ԲԱԶՄԱԽՈՐՀՈւՐԴ «ԿԵՆԱՑ ԾԱՌ»…

    «Ես Մեկն եմ, որ դառնում է Երկու, որը դառնում է Չորս:

    Ես Չորսն եմ, որ դառնում է Ութ, և Մեկն եմ, որը պահպանում է նրանց»…

    Եգիպտոսում՝ Ամոնի 22-րդ դինաստիայի մի քրմի դամբարանին (սարկոֆագին) հավերժացրած այս իմաստնության մեկնաբանությանն անդրադարձել են շատերը:

    Տիեզերական ներդաշնակության հիման վրա արարված Աշխարհի իմացությամբ հնարավոր էր ընկալել նաև ողջ Արարչագործչությունը, քանզի, համաձայն հին տեքստերի, «Արարիչը նման է իր կողմից արարվածներին»:

    Լույսն է ցրում խավարը…

    Եվ Լույսի աղբյուրը՝ Արեգակն իր առօրյա վերածնունդով կենսական ու հոգևոր ուժերի, Կյանքի հավերժական վերանորոգումն ու վերածնունդն էր խորհրդանշում:

    Մարդու ծնունդն էլ, ծագող արևի նման, սրբազան արարման խորհուրդն ուներ (հատկապես, Ջրհեղեղով կործանումից հրաշքով փրկվածների սերունդների համար):

    Հնագույն աշխարհի բոլոր դիցարաններում այլաբանական տարբեր խորհրդանիշներով պատումներում կյանքի արարման զանազան դրսևորումներն են:

    Կենաց Աղբյուրի ու Կենաց Ծառի պատկերներով՝ Կյանքի հարատևումն ու փառաբանումն էր գովերգվում:

    Հայտնի հնագույն գրավոր աղբյուրներում («Գիլգամեշ» էպոսում), Հին Արևելքի ողջ մշակույթում արդեն «Սրբազան ծառն» ամենուր է:

    Եվ, պարզապես «Ծառի պաշտամունք» լինելուց բացի, առավելապես, այն տիեզերաբանական իմաստ ունի:

    Որպես Երկնքի ու Երկրի միջև կապ՝ Կենաց ջուրն էլ կար, որն իր սրբազան բնույթով մաքրագործելու հատկության շնորհիվ ցայսօր էլ գործածվում է կրոնական և այլ տոների ժամանակ:

    Վաղնջական ժամանակներից մեհյաններում գործածվող անուշաբույր յուղերին այսօր մյուռոնն է փոխարինել՝ խորհուրդի որոշ փոփոխությամբ:

    Հին աշխարհի բազմաթիվ պատմիչներ (այդ թվում և՝ Խորենացին), օգտվել են ն.թ.ա 4-րդ դարում ապրած՝ բաբելոնյան քուրմ Բերոսի մատյանից, ուր կարևոր հիշատակություններ կան Ջրհեղեղից առաջ և հետո ընկած ժամանակաշրջանի մասին:

    Ի հավելումն Հին Կտակարանի հայտնի հատվածի, Բերոսը ևս, որպես տապանի հանգրման վայր Հայաստանն է նշում, ավելացնելով մի կարևոր դրվագ, որը բացակայում է նախորդ տեքստում (Հին Կտակարանում):

    Տապանից դուրս գալուց հետո, ի վերուստ հնչող մի ձայն հայտնում է վերապրածներին, որ իրենք Հայաստանում են գտնվում և, ջրերի նվազումից հետո, վերադառնալով Սիպար քաղաք՝ հողի տակ թաղված «բոլոր սալիկները՝ առաջինը, միջինը և վերջինը, հանելով պիտի վերստին վերադարձնեն մարդկությանը»:

    Այսինքն, արհավիրքից հետո նախաջրհեղեղյան իմաստնությունը վերագտնվել, փոխանցվել ու կիրառվել է հետագայում ևս…

    Շումերական դիցաբանությունից հայտնի՝ նախաջրհեղեղյան «Յոթ իմաստուննե՛րը» չէին այլևս իմացության տարածողները:

    Համաձայն սեպագիր տեքստերի, Ջրհեղեղի ժամանակ նրանք վերջնականապես վերադարձել էին Ափսուի խորքերը (Ափսուն համընդհանուր Ծովն էր, որը պատկերացվում էր որպես ջրով լցված «ափսեի» նման գոգավոր հարթություն, այնպես որ, մեր առօրյա գործածվող գոգավոր «ափսեն» (տատիկների խոսքով՝ «թեփսին»), վաղնջական ժամանակներից է գալիս…):

    Ն.թ.ա 1-ին հազարամյակի վերջին, Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր Ա-ն իրեն համարում էր «Ջրհեղեղից պահպանված մի հատիկ»:

    Ասորեստանի տիրակալ Ասուրբանիպալը (ն.թ.ա 7-րդ դար), ինքն իրեն գովաբանում էր՝ «Ադապա Իմաստունի արվեստի իմացությամբ, որը գաղտնի գիտություն էր». «Ես հետևում եմ Երկնքի ու Երկրի նշաններին… Ջրհեղեղից առաջ քարերի վրա գրված տեքստերն եմ վայելում»:

    Հին Եգիպտոսում ևս հպարտանում էին նախաջրհեղեղյան իմացությանը տիրապետելու համար:

    Վերոհիշյալ արքաների հզոր ժամանակակիցները (և նրանցից հազարամյակներ առաջ էլ) մեր հեռավոր նախնիներն էին՝ Հայկական Լեռնաշխարհի ու նրա շուրջ տարածվող հսկայական տարածքների բնակիչները, Պորտասարի ստեղծողներն ու լույսի կրողները…

    Պորտասարի քանդակներից

    Ինչպես այսօր՝ կրոնական տեքստերը բազմաթիվ խորհրդանշական պատկերներով ու այլաբանական ասացվածքներով են համեմված, այնպես էլ վաղնջական ժամանակներում՝ հիմնական ասելիքն ու միտքը արտահայտվում էին այլաբանորեն՝ կիրառելով զանազան խորհրդանիշներ:

    Միջագետքից՝ Եգիպտոս, Հունաստան, հետագայում՝ քրիստոնեական արվեստում, Ծառն առկա է իր հարուստ պատկերագրությամբ ու խորհրդավոր իմաստով՝ համադրվելով կյանքի, ջրի, կնոջ, բեղմնավորման գաղափարի հետ:

    Հայացքները երկնքին ու աստղերին հառած՝ հին աշխարհի իմաստունները պատվիրում էին նաև՝ «Ծանի՛ր զքեզ», Դելփյան տաճարին փորագրված, Քիլոնին վերագրվող իմաստուն ասույթը՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ»…

    Աշխարհի գրեթե բոլոր ծայրերում առկա «Կենաց Ծառի» խորհուրդը կապվում էր կենսական չորս տարրերի հետ:

    Հողը նրան սնում է, Ջուրը՝ շրջանառվում նրանում, Օդն ու Արեգակի Լույսը՝ կերակրում, նրա երկու փայտի շփումը Կրակ է առաջացնում…

    Խտացնելով այս հատկություններն՝ այն դիտվում է որպես կենդանի Տիեզերքի մանրակերտ, վերածվելով անմահության խորհրդանիշի:

    Պորտասարը, որպես Ջրհեղեղից հետո մարդկության Ծնունդի, Վերածննդի վայր՝ Դրախտավայր, իր քանդակներում Կյանքն էր փառաբանում (հետագայում դառնալով բազմաթիվ սերունդների մեծ սրբատեղին):

    Պորտասարի քանդակներից
    Պորտասարի քանդակներից
    Պորտասարի քանդակներից
    Պորտասարի քանդակներից

    Հսկայական քարասալերի բարձրաքանդակներն ասվածի ապացույցն են (լուսանկարները՝ ստորև):

    Հետագայում ևս, Աստվածային արարումը՝ Կյանքի գովերգը պահպանվեց՝ ծիսական արարողության տեսքով:

    Կյանքի, մշտանորոգ բուսականության հարատևությանն առնչվելով՝ Վերածննդի ու կենաց հավերժության խորհրդանիշ է դառնում ծառը՝ օժտվելով սրբազան բնույթով:

    (Կյանք պարգևող՝ կնոջ ընկերքի, պորտալարի ու ծառի զարմանալի նմանությունը, անշուշտ, ծանոթ էր վաղնջական ժամանակներից):

    Կարաթեպեից (Ադանայից, Կիլիկիայում) հայտնաբերված՝ Արմավենու կողքին կերակրող Դիցուհին (ն.թ.ա 7-րդ դար) ասվածի հավաստիքներից է :

    Ծառի, մասնավորապես, արմավենու հետ «Սնուցող մոր»-դիցուհու կերպարի նույնացնումն ակնհայտ է ն.թ.ա 13-12-րդ դարերի եգիպտական մի բարձրաքանդակում, ուր հենց ծառի մեջ, սերտաճած է պատկերվում դիցուհին (լուսանկարները՝ ստորև):

    Արմավենու արհեստական փոշոտման արարողությունը վաղուց էր հայտնի Միջագետքում, բնականաբար, Բիայնիում՝ Ուրարտուի, Վանի Արարատյան թագավորությունում՝ մեր Երկիր Նաիրիում՝ ևս (հիշենք, որ Ուրարտական արքաներն իրենց տիտղոսներում նշում էին նաև՝ «Բիայնիի և Նաիրի Երկրների արքա», երկրի  տարբեր մասերն էին այդպես կոչվում):

    Կնոջը խորհրդանշող՝ արմավենու արհեստական փոշոտման ծեսը աքադերենով «Rabakum» էր կոչվում՝ այդ նույն իմաստով գործածվելով նաև հենց կնոջ բեղմնավորման նշանակությամբ:

    Ուշագրավ է Բիայնիի թագավորության գլխավոր դիցի՝ Հալդիի պատկերը՝ մի ձեռքում՝ սրբազան հեղուկը պարունակող թասը (որը փոխարինել է սրբազան հեղուկով սիտղին (situle)), մյուսում՝ մայրիի կոնը (գուցե և նրա ու կենսաբանական՝ «օձաձև» հեղուկի գլխի նմանության իմաստն ակնարկող ):

    Մայրու կոնը սրբազան հեղուկի մեջ ընկղմելով ջրի ցողումը երկրի բերրիությունն ու ի վերուստ ակնկալվող հովանավորությունն ապահովելու իմաստն ուներ (նմանատիպ տեսարանի ենք ականատես լինում նաև մերօրյա եկեղեցական արարողությունների ժամանակ՝ ի նշան օրհնության):

    «Կենաց Ծառը»՝ Կյանքի Ծառը, Կյանք Պարգևող Ծառը, բառիս բուն և պատկերավոր իմաստով, բացահայտելու, պատմելու շատ բան ունի դեռևս …

    Հ.գ. Մարմնակազմական-կենսաբանական որոշ մանրամասներով լուսանկարները՝ համեմատությունն առավել ակնբախ դարձնելու նպատակով…

    Ջրի, բեղմնավորմանը նպաստող Սրբազան Ջրի՝  և  «Օձի» արտաքին նմանությունից ծնված խորհրդանիշի քննարկումն էլ՝ այլ առիթով…

    Խորախորհուրդ իմաստնություն բոլորիդ…

    Հ.գ. Ստորև լուսանկարներում՝   Աննի և Ժան-Պիեր Մահեի՝ «Հայաստանը՝  դարերի փորձություններում»  գրքից վերցված, «Ուրարտական շրջանի»  մի լուսանկար՝  իր բացատրությամբ.

    «Միջագետքում և հարակից երկրներում Կենաց ծառի հետ կապված ծիսակատարության  մեջ էական դեր ունեցող՝   ծիսական՝  մասնակի ոսկեզօծ  արծաթե   դույլ» (ն.թ.ա 9-րդ դարի վերջ, Museum zu Allerheiligen,   coll.  Ebnöther, Schaffhausen)

  • ՀՈՂԻ Ու ՋՐԻ ԸՆԴԵՐՔԻՑ ՀԱՌՆՈՂ ԱՆՑՅԱԼ…

    ՀՈՂԻ Ու ՋՐԻ ԸՆԴԵՐՔԻՑ ՀԱՌՆՈՂ ԱՆՑՅԱԼ…

    ՀՈՂԻ Ու ՋՐԻ ԸՆԴԵՐՔԻՑ ՀԱՌՆՈՂ ԱՆՑՅԱԼ…

    1980 թվականին Իրաքում՝ Մոսուլի ջրամբարի կառուցման հետևանքով, հնագիտական մի ընդարձակ վայր ընկղմվեց ջրի տակ:

    Արդեն 2010 թվականից հայտնաբերված հնավայրում, ավաղ, պեղումներն անհնար էին դարձել:

    Երեկ, Տուբինգենի համալսարանի մասնագետների հայտարարությամբ, գերմանացի ու քուրդ հնագետների կողմից բացահայտվել է 3.400 տարվա վաղեմության բրոնզեդարյան պալատական հսկայական մի համալիր՝ Կեմյունի պալատը:

    «Վերջին տասնամյակներում տարածաշրջանի ամենակարևոր հայտնագործությունն է սա»՝ հնագետ Հ.Քասիմի բնորոշմամբ:

    Այն վերագրվում է ն.թ.ա 15-14-րդ դարերում Միջագետքում իշխող հսկայական կայսրությանը՝ հուրիների Միտանիի (Մայր Տունի)  թագավորությանը ( հայտնի նաև՝  «Նահարին», «Երկիր Նաիրի» անվանումներով…):

    Մեր նախնիների ստեղծած հոյակերտ այս քաղաքակրթության որոշ բեկորներ ցարդ հայտնի էին միայն այսօրվա Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող կենտրոններից (Թել Բրակ, Նուզի, Ալալախ), որոնց հակիրճ ակնարկներով անդրադարձել էինք նախորդ գրառումներում:

    Ստվերում թողնված մի փառահեղ մշակույթ հողի ու ջրի ընդերքից հառնում է իր ողջ վեհությամբ:

    Նորանոր բացահայտումների հույսով, հավատով ու անհամբեր սպասումով…

    Հ.գ. Շնորհակալություն Խաչիկ Դանիելյանին՝ իր էջում այս նորույթին շտապ արձագանքելու համար:

    Կից՝ փոքրիկ տեսաֆիլմ, ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար …

  • «ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱ՛Ծ ԿԵՆԱ…» կամ՝ «ԿԵՑՑԵ՛ ԹԱԳԱՎՈՐԸ» ( ավելի ստույգ՝ «Արևշատություն արքային»…)

    «ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱ՛Ծ ԿԵՆԱ…» կամ՝ «ԿԵՑՑԵ՛ ԹԱԳԱՎՈՐԸ» ( ավելի ստույգ՝ «Արևշատություն արքային»…)

    «ԹԱԳԱՎՈՐՆ ԱՊՐԱ՛Ծ ԿԵՆԱ…»
    կամ՝
    «ԿԵՑՑԵ՛ ԹԱԳԱՎՈՐԸ» ( ավելի ստույգ՝ «Արևշատություն արքային»…)

    Բարեմաղթանքի նման բանաձևն ընդունված էր ու հայտնի վաղնջական ժամանակներից ի վեր:

    Հարատևելով հեքիաթներում՝ այն հասել է մեզ:

    Հեքիաթներից բացի, նման օրհնանքով են ավարտվում հին աշխարհի բազմաթիվ արձանագրություններ, որոնցից մեկն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար ոչ այնքան իր բովանդակությամբ, այլ՝ գործածված տառերի համար:

    Անցյալի քաղաքակրթությունների հետքերի ուսումնասիրության հանդեպ հետազոտողների հետաքրքրության բուռն զարթոնքը 19-րդ դարից համադրվեց բնական գիտություններով ու լեզվաբանությամբ նաև:

    Հողի ընդերքից «ժայթքած» հարուստ նյութերի ուսումնասիրությունը համալրվեց ժամանակի արձանագրությունների վերծանմամբ ևս:

    Գիտական առաջին պրպտումները բազմաթիվ հարցեր էին առաջացնում, որոնք, ի թիվս իրենց աշխատանքային հաշվետվության, գիտնականները ներկայացնում էին Ակադեմիական հանձնաժողովին:

    19-րդ դարի ֆրանսիացի հնագետ, դրամագետ, քաղաքական գործիչ Ֆելիքս դը Սոլսին (Félicien (Félix) de Saulcy, 1807-1880թթ.), Արձանագրությունների և գրականության Ակադեմիայի անդամ (Académie des inscriptions et de belles lettres), 1847 թվականին ներկայացնում է իր վերծանումները՝ կատարված Վանի արձանագրություններից:

    Լինելով թանգարանի գիտաշխատող, սենատոր և «Աստվածաշնչյան հնագիտության» հիմնադիրներից մեկը, հնագիտական պեղումներ իրականացրած մասնագետը փորձում է մանրամասն, տող առ տող ծանել Վանի Խորխոռյան դռան աջ կողմում գտնվող ժայռին փորագրված գիրը:

    Այսօր, որպես արամեական տառերի մի այլ տարատեսակ, այլոց կողմից գործածվող այբուբենի տառերով գրվածը նա առանց դժվարության կարդում է հայերենով՝ ընդգծելով «Է» տառի՝ որպես աստվածային «Էություն» և երրորդ դեմքի եզակի թվի «է»-ի իմաստով կիրառումը, «Գավառ», «Զոր» (Զորություն), Փոր (հարթավայր) բառերը, «գն» և «գնի» վերջավորությունները…

    Ամենազոր, Փառահեղ տիտղոսներով գովաբանական տեքստն ավարտվում է վերոհիշյալ մաղթանքով՝

    «Թագավորն ապրած կենա» կամ՝ «Երկարարև լինի», ավելի ստույգ՝  «Արևշատություն արքային», («Թագավորն Արևշատ լինի»)… (հետագայի հնչողությամբ՝ «Կեցցե՛ թագավորը») (հայերենով ձևակերպումներն էլ՝ իմ «վերծանմամբ»)…

    Արամեական գրերն էլ, նրանցից սերված մյուս տարբերակն էլ նույն ձեռագրով են ստեղծվել և, տրամաբանական է, ոչ քոչվոր ցեղերի կողմից (ինչպես փորձում են ենթադրել)…

    Զարմանալիորեն, նախամաշտոցյան գրերի որոնումների արդյունքում ձեռք բերված «Դանիելյան նշանագրերը» նույն քանակությամբ են, ինչ վերոհիշյալ այբուբենը (հիշենք, որ ձայնավորները  գրվեցին (հավելվեցին) Մաշտոցյան «տեսիլքում» և,  ինչպես հայտնի է, ձայնավորները պակասում են նշված այբուբենում ևս. յոթն  ձայնավորների խորին  Խորհուրդի՝ հնագույն  «Եօթնագրեանքի» մասին՝  առանձին գրառմամբ):

    Նախամաշտոցյան գրականության վերացման ավելորդ մի պատճառ…

  • «ՀԱՆԴՈւԳՆ Ու ՀՐԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՈւՅՆՔ», ԴԱՐՅՈւՆԻՑ ԲԵՐԴ՝

    «ՀԱՆԴՈւԳՆ Ու ՀՐԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՈւՅՆՔ», ԴԱՐՅՈւՆԻՑ ԲԵՐԴ՝

    «ՀԱՆԴՈւԳՆ Ու ՀՐԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՈւՅՆՔ», ԴԱՐՅՈւՆԻՑ ԲԵՐԴ՝

    «…Բերդն Դարօնից, որ է յերկրին Կոգայ, ուր կային գանձք Արշակունեացն սաստիկ յոյժ…»

    (Փավստոս Բուզանդացի, «Պատմություն Հայոց»)

    Հերոսական անցյալի բազմաթիվ էջերի շնորհիվ զանազան պատմիչների հիշատակությանն արժանացած Դարույնքը՝ Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառի կենտրոնը, վեհաշուք Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լեռան լանջերին մոտ 1.900 մետր բարձրության վրա բազմած իր փառահեղ դիրքով, շարունակում է հիացնել ու ոգեշնչել:

    Հայ և բյուզանդական մատյաններում Կոգ անվամբ հիշվող այս գավառը՝ Կոգովիտը, Արշակ Բ արքայի «սիրեցեալ գավառն» էր:

    Այստեղ են տեղադրվում Բագարանն ու Արշակավանը: (Վ.Ինճիճեան,«Ստորագրութիւն հին Հայաստանեայց», էջ 446, Վենետիկ, 1822թ.):

    Փ.Բուզանդն այն հիշատակում է 4-րդ դարի իրադարձությունների կապակցությամբ:

    Մինչև 5-րդ դարն Արշակունիներին պատկանող անառիկ այս ամրոցում էր 335 թվականին ապաստանել Հայոց Խոսրով թագավորը՝ Մազքութների արշավանքի ժամանակ:

    Լինելով ռազմական ու առևտրային ուղիների խաչմերուկում, միաժամանակ նաև կարևորագույն հենակետ էր, ուր կենտրոնացրել էին Հայոց արքունի գանձերի նշանակալի մասը (Արշակունիների, Խոսրով Բ-ի գանձատունն էր, մոտ 350 թվականին):

    Պարսիկների դեմ կռիվների շրջանում Արշակ արքայի ամրակուռ դիրքերից մեկն էր՝ հայտնի իր անպարտելի ոգով ու հաղթանակներով …

    Դարյունի բերդը քաջությամբ չնվաճելուց հետո՝ խաբեբայությամբ Արշակը գերվեց Անհուշ բերդը…

    Այստեղ էր հաստատվել նաև Պապ թագավորն իր ընտանիքով…

    Այս բերդավանում էր և Բագրատունյաց դամբարանը:

    Լենկթեմուրի արշավանքների դեմ Դարյունից բերդի հաջող դիմադրության կազմակերպիչն էր քաջ Պայազիտ իշխանը:

    «Պայազատ» նշանակում է «ժառանգորդ, գահաժառանգ» (համաձայն Հ.Աճառյանի «Արմատական բառարանի», և՝ «Ազնվական տոհմի սերունդ, ժառանգ»՝ ըստ Ս. Մալխասյանի):

    Հետագայում Բայազետ, Պայազետաց բերդ անունով հիշվող այս վայրի պաշտպանների 1877 թվականի դիմադրության վիպասանական շարադրանքն է Րաֆֆու «Խենթ»-ում:

    Դարյունից բերդի ամուր պարիսպները հազարամյակների ընթացքում կատաղի մարտերի վկան եղան՝ պաշտպանելով իրենց բնակչությանը, մինչև 1826- 28թթ. ռուս-պարսկական և 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմները, որոնց հետևանքով բնակչության զգալի մասը գաղթում ու վերաբնակվում է հատկապես Գեղարքունիքի Գավառ ավանում (մոտ 4.200 ընտանիք)՝ այն վերանվանելով Նոր Բայազետ (առանձնահատուկ ջերմ ողջույններս նրանց սերունդներին՝ պայազատներին, որոնցում մեր ազգի այսօրվա պանծալի ներկայացուցիչներն են…):

    Բացառիկ բարեբախտությամբ, Դարույնքի պարիսպները պահպանել ու մեզ են հասցրել հնագույն շրջանից մի ուշագրավ բեկոր նաև:

    Ղ.Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրօնք Հայոց» գրքում, խոսելով Հայոց հին հավատքում իրական ու երևակայական կենդանիների խորհրդանիշի մասին, գրում է՝

    «…Այժմյան Բայազետ բերդում, որ գտնվում է հին ժամանակներում հայոց ամենաշատ պաշտամունքի տեղերի կենտրոնում, առ այսօր մնացել է այդպիսի պատկերով մի քարե քանդակ» (լուսանկարը՝ ստորև):

    Այնուհետև, հիշելով պատմիչ Զենոբի գրվածքից հայտնի՝ «Հնդկաստանից գաղթած Դեմետրին ու Գիսանեին» և նրանց կանգնեցրած կուռքերին՝ «Երկայնածնօտ Աւարոսի» ու այս քանդակի վրա երևացող միաեղջյուրի՝ իր բնորոշմամբ՝ «երկայնացռուկ անասունի» պարզաբանումը թողնում «հետագայի ուսումնասիրողներին»:

    Գրիգորի գործակից, ասորի Զենոբ Գլակի վկայությամբ, ինքն անձամբ մասնակցել է քրիստոնեության տարածման ժամանակ Գիսանեի մեհյանը պաշտպանող քրմերի դեմ մղած պատերազմին, որից հետո Տարոն աշխարհի Իննակնյան աղբյուրներով հայտնի վանքն է հիմնվում, իր անունով՝ Գլակա վանքը, Դեմետրի մեհյանի կործանման վայրում:

    Արևմուտքում, հետագա դարերում մեծ տարածում գտած միաեղջյուրի՝ լիկորնի (licorne) առասպելի վրա ունեցած ազդեցության առիթով հաճախ է հիշատակվում հնդկական մի պատում՝ «Եկասռինգան» («Ekasringa», ստուգաբանվում է որպես «Միաեղջյուր», ինձ հիշեցնում է՝ «Եկած ռինգ («աճած ռունգ»: Ն.Քուչակի գործածած «ռինտ» (լավ, գեղեցիկ) բառը բարբառներում «ռունտ» ձևով է նաև հնչում):

    Ռունգ-ռնգեղջյուր, արծռունգն (արծվաքիթ, կորակտուց)…

    Համաձայն «Եկասռինգայի»՝ անտառում, կենդանիների հետ ապրող խորհրդավոր — թափառական մի ճգնավորի հետ էր կապվում «աստվածային եղնիկից» ծնված, մի եղջյուր կրող ու գերբնական ուժով օժտված երեխան:

    Հնդկական դիցաբանության մեջ նույն անունով է նաև Վիշնուի անձնավորումներից մեկը՝ մի եղջյուր ունեցող ավատարի տեսքով:

    Հնագույն գրեթե բոլոր սրբազան տեքստերում առկա միաեղջյուրի տարածված անվանումը՝ «լիկորն» է ( licorne), կարծես թե՝ «Լի» (լեցուն) «կորն»:

    «Կոր»-ը «կեռ»-ն է՝ «ծայրը ծռվածը»:

    Չմանրամասնելով դիցերի փոխառնչության հարցերը, հիշենք, որ Վիշնուն նույնացվում է Ինդրայի հետ, որը Կայծակի, Փայլակի (Հուրի) աստվածն է, ինչպես Զևսը, Թեշուբը, հետագայում՝ Միհրը, Վահագնը…

    Հնդ-արիական և Միջագետքյան քաղաքակրթություններում (հիշվում է «Գիլգամեշ»-ում, Աստվածաշնչում, նաև՝ Չինաստանում, Հիմալայներում, Պարսկաստանում…), միաեղջյուրը վաղնջական տիեզերաբանական խորհրդանիշ էր:

    Բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերենով թարգմանված՝ 2-4-րդ դարերի մի տեքստում՝ «Physiologos»-ում, միաեղջյուրը Փրկչի հետ է նույնացվում:

    Շարունակաբար, մեկնաբանվելով զանազան իմաստներով, այն մեծ կիրառություն գտավ նաև հետագայում՝ քրիստոնեության առաջին դարերից մինչև Վերածննդի դարաշրջան (քանզի հիշատակվում է նաև Աստվածաշնչի որոշ թարգմանություններում):

    Միջնադարում ընկալվելով որպես անաղարտության խորհրդանիշ՝ համադրվել է Մարիամի կերպարի հետ (գեղանկարչության ու փորագրչության վարպետները բազմիցս են անդրադարձել):

    Առանձնահատուկ գնահատվում էր հատկապես միաեղջյուրի եղջերախեժը, որին վերագրվում էր հակաթույնի ու բազմաթիվ հիվանդությունների դեմ դարմանի հատկություն:

    Ահա թե ինչու՛ էր ԼԻԿՈՐՆ (ըստ իս)…

    Իրավացի էր գերմանացի ճանապարհորդ Վագներն իր դիպուկ բնորոշմամբ՝ Դարույնքի բերդը «Հանդուգն ու հրաշակերտ մի կառույց է՝ հաստատված այնպիսի տեղերի վրա, ուր բազեներն ու անգղները հազիվ թե համարձակվեին բույն դնել»…

  • …«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր, և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»…

    …«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր, և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»…

    …«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
    Ընդ եղեգան փող բոց ելանէր,
    և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»…

    Խորենացու հանճարեղ շրջահայացությամբ մեզ ավանդված՝ «Վահագնի ծնունդի» փառաբանման վերոհիշյալ մի քանի տողերում հնագույն խորիմաստ գաղափարախոսությունն է հրաշալիորեն պարփակված:

    Բոցն ու Ծուխը, Սրբազան Հուրը (Արևը, Լույսը), որպես կենսատու ուժ, Կյանքի աղբյուր, մեր նախնյաց կողմից պաշտվում էին նաև ի դեմս դիցարանի գլխավոր դիցի՝ Շանթի, Փայլակի (հայտնի Թեշուբ ( Թարքու-Տորք) անունով, գրականության մեջ՝ Ամպրոպի ու Կայծակի Աստվածություն, Զևսի և Յուպիտերի համարժեքը, հետագայում՝ Արամազդ, Միհր, Վահագն):

    Եվ, հազարամյակների հոսքից փոքր-ինչ երանգավորված, հարատևել մինչ օրս՝ ի հայտ գալով զանազան տոների, ծիսակատարությունների ժամանակ…

    Պապական օջախներում այնքա՜ն հաճախ լսվող՝ «Օջախդ շեն կենա» բարեմաղթանքն այսօր էլ հնչում է մեր ականջներում ու, «Օջախի ծուխը ծխեցնելով» «օջախի կրակը վառ պահելու» պատգամի տեսքով փոխանցվում սերունդներին:

    Սեպագիր արձանագրություններում տարածքային առումով որպես «Հուրի Երկիր» հիշվող Երկիր Նաիրիի (Միտանիի, հետագայում՝ որոշ սահմանային փոփոխությամբ՝ Ուրարտուի՝ Բիայնայի) հրափայլ մեհյանների ցոլքն այսօր էլ առկայծում է մոմավառությամբ ու Ճրագալույցով ( ճրագ վառելու հատուկ արարողությամբ), նաև՝ տարբեր առիթներով բոցավառվող ջահերով:

    Փոքր-ինչ տարբերությամբ, այնուամենայնիվ…

    Հնագույն շրջանում փառաբանվող Երկնային Հուրին այսօր փոխարինել է «Կանթեղը», որն էլ հենց գրառմանս առիթը եղավ:

    Համահայկական խաղերի առիթով հանդիսավորությամբ «Կանթեղից» վառված ջահի խորհուրդը ձգվում է Անտիկ աշխարհ՝ հայտնի Օլիմպիական խաղերի վայրը՝ Օլիմպոս լեռը:

    Որպես Հսկաների սերնդից ու նաև՝ մեր նախահայր համարվող Հայկի նախնի հիշվող Հաբեթոսի որդին՝ Պրոմեթևսն էր Օլիմպոսից խլելով մարդկանց հասցրել Կրակը՝ Աստվածային Իմաստնության ու գիտության աղբյուրը:

    Այդ իսկ պատճառով էլ պատժվեց՝ ժայռին գամվելով:

    Այսինքն՝ դժվարությամբ ու տառապանքով են ծնվում Իմացության ուղիները:

    Արևից առկայծող Հուրը մահկանացուներին փոխանցելով՝ նա նպաստում էր զանազան արվեստների ու արհեստների՝ մետաղագործության, ճարտարապետության, աստղագիտության… զարգացմանը (շումերական դիցաբանության մեջ՝ Էնկին էր Լույսի, Իմաստնության ու մոգության տարածողը՝  ձկնակերպ-երկկենցաղ Օհանեսի միջոցով):

    Հնագույն մեհյանների սրբազան Անշեջ Հուրը, խորհրդանշական ձևով, «որսվում» էր Արևից՝ պարաբոլային հայելու օգնությամբ (skaphia):

    Ճառագայթներից ստացվող-բորբոքվող կրակի ջահերն, ի փառաբանումն Հին Աստվածների, Օջախի դիցուհի Հեստիայի սրբավայրից մարզիկները վազքով հասցնում էին մինչև մարզախաղերի վայրը:

    Ջահավառության անտիկ ավանդույթների նմանակմամբ՝ երբեմն ճերմակազգեստ «քրմուհիներն» են կատարում ջահավառության արարողությունը …

    Ինչպես հանճարեղ Վարուժանն էր երգում՝ «…Ընդ եղեգան փող լու՜յս ելանէր»…

    Ստորև՝ 4-5 հազարամյա հուշերով յոթնակնյա մի նրբագեղ ճրագաման՝ Մեծամորից…

    (Լուսանկարի համար՝ շնորհակալություն Գևորգ Նազարյանին)

  • Բալահովիտ, Բաղաբերդ, Պալու, Բալավիտենե, Խոզան…

    Բալահովիտ, Բաղաբերդ, Պալու, Բալավիտենե, Խոզան…

    Բալահովիտ, Բաղաբերդ, Պալու, Բալավիտենե, Խոզան…

    …«Բերդն Բալուայ, եւ յանուն նորին կոչեցեալ անուն գավառին՝ իբր Բալուայ հովիտ», «…Բերդ Վալուիս, կամ լատին հնչմամբ Պալուես», «Բերդն Բալու», «Լեառն Բալուայ», ուր համարի Վարդան տեսեալ սրբոյն Մեսրոպայ զնշանագիրս»:

    (Բալուի բերդը, որի անվամբ գավառը կոչվեց Բալահովիտ,…

    Բալուի լեռը, ուր ըստ Վարդանի (պատմիչ)՝ Մեսրոպը նշանագրերը տեսավ…):

    Ղ.Ինճիճեան «Ստորագրություն հին Հայաստանեայց»

    Եվ, Բալահովիտին սահմանակից՝ Պաղնատուն, Բաղնատուն, Պաղին…(Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան):

    Հետևելով «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել» իմաստնությանը, ծանոթանանք մի փոքրիկ տեսանյութի  (ստորև):

    Նմանատիպ, առավել հանգամանալից մի այլ ֆիլմ այս օրերին ներկայացվում է Փարիզի Լուվրի թանգարանի այցելուներին՝ Խեթական կայսրությանն ու Արամեացիներին նվիրված մի ցուցահանդեսի առիթով, որից հատվածներ (կամ՝ ամբողջությամբ, եթե կհետաքրքրի) կտեղադրենք հետագայում:

    Նախորդ գրառումներից մեկում հիշատակված ցուցադրության կապակցությամբ հիշել էինք այսօրվա Սիրիայի հյուսիսում գտնվող Բիթ-Բախիանի թագավորությունը, որը հայերեն թարգմանությամբ «Բաղաց Տունն» է՝ Բալահովիտը, գուցե և՝ Պաղնատունը:

    Բաղք, Բաղաց աշխարհ կա նաև Մեծ Հայքի Սյունիք աշխարհում (համապատասխանում է այժմյան Ղափանի շրջանի մի մասին):

    Ն.թ.ա 11-9-րդ դարերում նրա մայրաքաղաքն էր Խուզանը (օտար լեզուներով գրականության մեջ՝ Գուզանա, Էբլայի արձանագրություններում՝ Հուզան):

    Համաշխարհային մշակույթի պատմության մեջ այս տարածաշրջանը հայտնի է որպես «Հալաֆի մշակույթի» կենտրոն:

    Այս անվանումը պայմանավորված է այստեղ հայտնաբերված՝ Նեոլիթյան (Նոր քարեդարյան) հիանալի խեցեգործության նմուշներով, որոնք թվագրվում են մոտ ն.թ.ա 6.000-5.300թվականներով:

    Եվ, ամենակարևորը, որ այն Հուրիական մշակույթի փառահեղ՝ Մայր Տունի (Միտանիի) թագավորության ծաղկուն կենտրոններից էր:

    Որոշ մասնագետներ նույնիսկ այստեղ են տեղակայում նրա Վաչագան (գրականության մեջ՝ Վաչուկանի) մայրաքաղաքը:

    Խուզան բերդաքաղաքի մասին հիշատակություններ կան ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Մենուա արքայի տարեգրություններում՝ Խուզանում, Ծոփքում իր հաղթարշավների առիթով:

    Հին Կտակարանից Գուզան անունով հայտնի այս շրջանը հատկապես հռչակվեց 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբներին, երբ գերմանացի Մաքս Օպենհեյմի (Max Von Oppenheim) կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին ն.թ.ա 9-րդ դարում թագավորած արամեացի արքա Կուպարայի պալատն ու ժամանակի այլ կառույցները:

    Հազարամյակների ընթացքում լինելով ասպատակողների նվաճումների խաչմերուկում, այս տարածքը հայտնվել է զանազան տիրակալների տիրույթում (ասորեստանցիներ, բյուզանդացիներ, արաբական արշավանքներ, խաչակիրներ…):

    3-4րդ դարերում այն Արևելքի նշանավոր մշակութային կենտրոններից էր:

    Այբուբենի ձևավորման փնտրտուքները Մաշտոցին ևս այս կողմերն էին բերել՝ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհ…(հայտնի Արշամշատը, որը ոմանք նույնացնում են Վերին Միջագետքի Սամոսատ քաղաքի հետ): Ինչպես Ղ.Ինճիճեանն է հիշում՝ պատմիչ Վարդանի վկայությամբ՝ Բալուի լեռան վրա էր Մաշտոցի՝ տառերի տեսիլքը (ավանդազրույցը):

    Խուզանը Մեծ Հայքի Ծոփք աշխարհի գավառներից էր:

    Հ.գ. Պալատի պարսպապատի ներքին մասը հարդարող բազալտե սալիկների և մյուս պատկերների պատկերագրությունն առանձին առիթով…

  • ԿԱՍԻՈՍ ԼԵՌԸ՝ ԱՐԵՒԵԼՔԻ ՕԼԻՄՊՈՍ ԿԱՄ՝ ՅՈՒՊԻՏԵՐ ԴՈԼԻՔԵՆԱՑԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԴԻՑ…

    ԿԱՍԻՈՍ ԼԵՌԸ՝ ԱՐԵՒԵԼՔԻ ՕԼԻՄՊՈՍ ԿԱՄ՝ ՅՈՒՊԻՏԵՐ ԴՈԼԻՔԵՆԱՑԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԴԻՑ…

    ԿԱՍԻՈՍ ԼԵՌԸ՝ ԱՐԵՒԵԼՔԻ ՕԼԻՄՊՈՍ
    ԿԱՄ՝ ՅՈՒՊԻՏԵՐ ԴՈԼԻՔԵՆԱՑԻ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԴԻՑ…

    Հազզու Լեռ
    Կասիոս Լեռ
    Ճեպել Աքրա

    Հնագույն շրջանի քաղաքակրթությունների վրա իր անջնջելի հետքն ունի դիցաբանությունը, մասնավորապես՝ «Կումարբիի շարքը», որի պատառիկները հայտնի են 19-րդ դարի պեղումներից՝ խեթերի մայրաքաղաք Հատուշայի արքունական գրադարանից հայտնաբերված սեպագիր սալիկներում:

    Ուսումնասիրողներն անառարկելիորեն այն համարում են հուրիական և շեշտում հունական դիցաբանության հետ աներկբա նմանությունը:

    Հիշենք, որ Հեսիոդոսի «Աստվածաբանության» շարքը երբեմն «Հուրիական Աստվածաբանություն» են անվանում:

    Թեշուբի և Ուլիխում վիշապի միջև պայքարը հիշեցնում է Զևսի ու Տիփոնի պայքարը:

    Առավել ևս, որ երկուսն էլ նույն վայրում են տեղի ունենում՝ Հազզի (Կասիոս) լեռան վրա (սիրիական ափին):

    Հոմերոսն «Իլիականում» նշում է, որ Զևսից կայծակնահար Տիփոնը գտնվում էր Արիմների Երկրում, որտեղ էլ Զևսը նրան թաղում է՝ Տրոյական Կիլիկիայում:

    Պլինիոսի (նաև այլ պատմիչների) վկայությամբ, Կասիուս լեռն «այնքան բարձր է, որ գիշերը, արևածագից դեռևս երեք ժամ առաջ, նրա գագաթն արդեն արևն է տեսնում, (արևաշող է,Կ.Ա.), և, նրա մի հատվածում, վերին մասում լույս է, ներքևում՝ դեռևս գիշերվա խավարը»…(մեջբերումը՝ «Le grand dictionnaire géographique et critique», գրքից, հեղինակ՝ De Antoine-Augustin Bruzen de La Martinière, 1730թ.հ.2 էջ 349):

    Լեռան ու նրա հետ կապված հավատալիքներն հարատևեցին Սելևկյանների օրոք:

    Սելևկիա քաղաքի (Պտերիա) զանազան դրամների վրա մերձակա Կասիուս լեռան պատկերն է՝ ավելացված «Յուպիտեր Կասիուս» անվանումը:

    Ավանդույթի համաձայն և ըստ հույն պատմիչ Ապիենոս Ալեքսանդրացու (Appien d’Alexandrie,90-160թթ.) Նիկատոր Սելևկոսի (ն.թ.ա 305-280թթ.) կողմից քաղաքի կառուցման մեկնարկի հանդիսության պահին նախորդել է «Ամպրոպի մի ուժեղ շառաչ», որի առիթով էլ տվյալ շրջանը դրվել է Ամպրոպի, Կայծակի դիցի հովանավորության ներքո:

    Համարվելով «Երկնքի Տիրակալ», Յուպիտերի խորհրդանիշներն էին Արծիվն ու Կայծակը, և նրան էին համադրվում երկնային նշանների մեկնությամբ գուշակությունները (թռչունների թռիչքի, ամպրոպի, կայծակի հետագծով (հարուսպիկները…):

    Վերջինս հայտնի էր և Էտրուսկների մոտ (Brontoscopie):

    Նման գուշակությունների նկարագրությամբ տեքստեր կան նաև «Մեռյալ ծովի ձեռագրերում»: Այսինքն, նրանց հեղինակները հավատում էին ամպրոպի ու կայծակի միջոցով մարդկանց հետ Աստծու հաղորդակցվելուն:

    Շրջանաձև վահանակիր Յուպիտերը «Տարանիս» մականունն ուներ:

    Գաղիերենում և հին բրետոներենով «Taran» նշանակում է «Ամպրոպ»:

    Յուպիտերին նվիրված հինգշաբթի օրն անգլերենով ստուգաբանվում է որպես «Թորի օր»՝ Thursday (Թեշուբի՝ Թարքու, Տորք անունից (որից է և Թորգոմը ):

    Վաղնջական ժամանակներից եկող պատմությամբ ու «վաղաժամ լուսավորությամբ» հայտնի սրբազան Հազզի (Կասիոս) լեռան որոնումներն ինձ ուղղորդեցին մեզ անչափ հարազատ մի վայր…

    Հազզու անունով տեղանուններ կան Սասունում, Արզն գավառում… Նույն անունն է կրում նաև Տիգրիսի ձախակողմյան վտակը:

    Կիլիկիայում, Քեսապի շրջանի հիշյալ լեռը «Այբբենական» կոչվող սեպագրերում «GR SPN» ձևով է նշվում, ( ձայնավորներով՝ զարմանալիորեն կարող է «Սիփան» հնչել, վերծանված է Սապանու), աքադական և խեթական տեքստերում՝ HAZZI, հայերենով Կասիոս լեռ, Կայսեր, հունարենով՝ Կասիոս, լատինական հնչողությամբ՝ Կասիուս, արաբերենով՝ իր լերկ գագաթի պատճառով Ճեպել Աքրա (Ճաղատ լեռ), որն, այնուամենայնիվ, հայտնի է իր դեղին անթառամ ծաղիկներով՝ անմեռուկներով…

    Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Մուսա լեռն էլ է «Ճեպել Մուսա» ձևով անվանվում («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»):

    Մուսա լեռ
    Մուսա լեռ

    Կիլիկյան Տավրոսի նույն լեռնահամակարգում՝ Ամանոս լեռնաշղթայի հարավային ճյուղավորման գագաթներից է Մուսա լեռը, ուր 1915-ի հուլիսի 13-ին մոտ 10.000 տեղաբնակ հայեր իրենց քաջարի հրամանատար Եսայի Յաղուբյանի գլխավորությամբ 40 օր անհավասար մարտնչեցին ու հերոսական պայքարով անմահացան:

    Նրանցից մեկին՝ այդ օրերին դեռ տասնամյա Հակոբ Չեմենյանին հետագայում անձամբ ճանաչելու պատիվն ունեցա (իր առյուծասիրտ աղջկա շնորհիվ)…

    Համաձայն Հուրիների (Հայերի) հավատալիքների, Հազզի լեռան վրա էր գլխավոր դիցի՝ Թեշուբի (Փայլակի, Կայծակի, Հուրի) բնակավայրը :

    Համարվելով դիցի բնակատեղի, այն նույնացվում էր Թեշուբի հետ և հավասարապես պաշտվում:

    Ժամանակի իրավական «փաստաթղթերի» վրա, որպես երդման հավաստիք, լեռան անունը ևս կա:

    «Հուվաշի» կոչված քարակոթողները (որոնք հետագայում խաչքարի տեսքով շարունակվեցին), թերևս հենց այստեղից են ծագում (քարը՝ որպես սրբազան լեռան մի մաս…):

    Գտնվելով առևտրական քառուղիների խաչմերուկում, հնագույն շրջանից կարևոր դեր ունեցող Կիլիկյան այս տեղանքը (երբեմն Կոմմագենի կազմում է նշվում), մի անչափ ուշագրավ փաստով է հայտնի նաև:

    Այնթապից հյուսիս արևմուտք, Մարաշից արևելք, Դոլիքե անունով հանրահայտ մի քաղաք մեծ հետք է թողել անտիկ աշխարհում:

    Հայկական աղբյուրներում Տլուք ձևով է, Ներսես Շնորհալու ծննդավայրը, առակագիր Վարդան Այգեկցու հայրենական գյուղը:

    7-րդ դարում Դոլիքեին փոխարինեց Այնթապը, ուր տեղափոխվեց այնտեղի բնակչությունը (այսօր՝ Գազիանթեպ):

    Հելլենական դիցաբանությունից հայտնի Յուպիտեր Դոլիքենացին Դոլիքե քաղաքից Հռոմ գնացած զինվորների միջոցով իրենց հետ տարված Թեշուբն էր, որը պատկերվում էր ռազմական կայսեր հագուստով՝ աջ ձեռքում՝ իր հայտնի երկսայր մուրճը (լաբրիս), ձախում՝ կայծակը, սովորաբար՝ Ցուլի վրա կանգնած, փռյուգիական գդակով ու տաբատով:

    Դոլիքենի Յուպիտեր
    Դոլիքենի Յուպիտեր

    «Յուպիտեր» անունը ստուգաբանվում է որպես «Երկնային Հայր», համադրվելով Կայծակին ու Ամպրոպին, նա նույնացվում է Զևսին:

    Հռոմի հիմնադիրներ Հռոմուլոսի և Ռեմուսի ավանդապատման մեջ Հռոմուլոսին նա առևանգում է Ամպրոպի փոխակերպված, և նրա խորհրդանիշը Կայծակն է:

    Որպես ն.թ.ա 3-րդ հազարամյակում Երուսաղեմի հիմնադիրներ ու առաջին բնակիչներ (որոնք ցեղասպանված յոթն ազգերի թվում են), նշվում են Հեբուսացիները ( Jebuséens), և նրանց անունը կապվում է Հազզու լեռան հետ (Ջեբել Աքրա): Այդ շրջանում հիշյալ տեղանքը Հուրիների, հետո՝ Խեթերի կարևորագույն կենտրոններից էր:

    Լեռան խեթական (հուրիական) անվանումը կիրառվել է մինչև ն.թ.ա 9-րդ դարը ( նոր խեթական շրջան):

    Այնուհետև, Հազզի լեռան հյուսիսային ափերին հույների տեղակայմամբ անվանափոխվելով ստացել «Կասիոս» անվանումը՝ Մերձավոր Արևելքի «Օլիմպոս»:

    Եվ, լեռան դիցն էլ, համապատասխանաբար, դարձել «Կասիոսի Զևս» (ըստ Lane Fox-ի):

    Հայերի մոտ, Զևսի համարժեքն Արամազդն էր:

    Ուստի, Խորենացու հիշատակած չորս Արամազդներից «Ճաղատ Արամազդը» նույնն է, ինչ «Կասիոսի Զևսը», կամ էլ՝ «Դոլիքեի Յուպիտերը», իր խոսքերով՝ «… Զմեծն եւ զարին Արամազդ արարիչն Երկնի ու Երկրի»…

    Հազզու Լեռ
Կասիոս Լեռ
Ճեպել Աքրա

    Հազզու Լեռ
    Կասիոս Լեռ
    Ճեպել Աքրա

  • «ԿԱՅԾՔԱՐԻՑ»  ՄԻՆՉԵՎ  «ՍՈւՍԵՐՈՎ ՊԱՐ» …

    «ԿԱՅԾՔԱՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՍՈւՍԵՐՈՎ ՊԱՐ» …

    «ԿԱՅԾՔԱՐԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՍՈւՍԵՐՈՎ ՊԱՐ» …

    Այս օրերին Լուվրի թանգարանում՝ Խեթերի կայսրությանը նվիրված ցուցադրությունից…

    Հայկական պարարվեստի գլուխգործոցներից է «Սուսերով պարը»,  Ա. Խաչատրյանի հեղինակությամբ արարված «Գայանե» բալետի վերջին արարի՝ կրկնվող ստակատոներով հռչակավոր հատվածը՝   լավագույն պարողների ոգևորիչ կատարմամբ (չափազանց սիրված ու մեկնաբանված նաև զանազան հռչակավոր երաժիշտների կողմից):

    Թե ի՞նչ պատճառաբանությամբ է ռազմական պարը տեղ գտել խորհրդային կոլտնտեսականների կյանքին նվիրված բալետում՝ կարող ենք գուշակել միայն:

    Թերևս արդարացվում էր Երկրորդ Համաշխարհայինի տարիներին դիմադրողների մարտական ոգու բարձրացմա՞մբ…

    Մարտական պարերը հայտնի են տարբեր դարաշրջաններից ու բազում ազգերի մոտ:

    (Շոտլանդիայում՝ պարկապզուկի նվագակցությամբ սուսերի շուրջ պարուհու կատարմամբ հիանալու հնարավորություն այսօր էլ ունենք):

    Մեր նախնիների հեռավոր անցյալի սակավաթիվ գիտակների համար վերոհիշյալ «Սուսերով պարը» վաղնջական ժամանակներից եկող մի ծիսական արարողության վերհուշն էր:

    Հնագիտական պեղումներից հայտնաբերված բազմաթիվ երաժշտական գործիքները (շումերական շրջանից),   ժայռապատկերներում՝  հատուկ կեցվածքով   մարդկանց պատկերները,  կնիքների, եգիպտական, խեթական բարձրաքանդակների վրայի՝ նվագող զանազան երաժիշտները    վկայում են, որ  հնուց ի վեր  կարևորվել են խմբային երգն ու խորհրդանշական շարժումներով պարը:

    Խեթական սեպագիր տեքստերում հիշատակվում  է  քրմուհու պարը՝ սրբազան սակրով

    (բարձրաքանդակներում ևս՝ ծիսաերթի ժամանակ քրմի ձեռքին այն կար, ստորև՝ լուսանկարը):

    Հատուկ արարողակարգի ընթացքում կիրառվող առավել հայտնի երկսայր տապարը լաբրիսն է՝ Կրետե կղզում:

    Նրա պահպանման վայրն էլ լաբիրինթոս էր կոչվում:

    «Կացիններ ու երկբերան սակրեր» հիշում է նաև Մ.Խորենացին:

    Տարբեր քաղաքակրթություններում զանազան իմաստ էր վերագրվում տապարին:

    Միջագետքյան և էգեյան մշակույթներում աստվածներին մատուցվող զոհաբերության համար գործածվող սրբազան «կայծքարը» համարվում էր Փայլակի՝  Ամպրոպի, Շանթի, Կայծակի Դիցի խորհրդանիշը:

    Հուրիական, հնդեվրոպական տիեզերածին պատումներում  Ամպրոպի Դիցը կայծքար-տապարով է հաղթում առասպելական վիշապին, որին հաջորդում է ամպրոպն ու հորդառատ անձրևով պտղաբերվում Երկիրը:

    Ուստի, «Կայծքար-տապարը» նաև չարի դեմ հաղթանակի, պտղաբերության խորհուրդն ուներ             («Սասնա Ծռերի» Թուր-Կեծակին  չմոռանանք)…

    Հետաքրքրական է, որ մոտ 500 թվականին Կեղծ -Դենիս Արեոպագոս անունով քրիստոնյա աստվածաբանը հրեշտակների խորհրդանշական ատրիբուտների թվում նշում է նաև կացինը՝ որպես ուժի  խորհրդանիշ:

    Ի դեպ, Մայաների մոտ ևս այն կայծակի խորհուրդն ունի:

    Ողջ Եվրոպայում, ընդհուպ մինչև Չինաստան, համաձայն հավատալիքների, Կայծակով է ստեղծվել կացինը:

    Վերջինս, որպես բեղունության խորհրդանիշ,  հին սովորույթի ուժով,   ցայսօր էլ գերման որոշ  ազգերի մոտ  դրվում է նորապսակների  մահճակալի տակ՝ որպես  ամրակուռ զավակներ ունենալու գրավական:

    Դրվագազարդ շեղբով երկար ու կարճ բռնակներով երկսայր տապարներ են ցուցադրվում աշխարհի տարբեր թանգարաններում…

    Հիշենք նաև, որ հնում գուշակությունների տեսակներից մեկը՝ աքսինոմանտիան, կացնի օգնությամբ էր կատարվում:

     Կացինը, կրակով տաքացնելուց հետո, ագաթ քարը դնում էին սայրին կամ կացինը դեպի ծառը նետելով՝ գետնի  նկատմամբ  բռնակի ուղղությամբ ու դիրքով  կռահում ցանկալի հարցը (տարբեր նպատակների համար գուշակման ձևը տարբեր էր, ինչպես այսօր՝ սուրճի բաժակը՝ ըստ թողնված հետքերի…):

    Եվ, ի վերջո հավելենք, որ Հայկական Լեռնաշխարհում են հայտնաբերվել կացնի ձուլման հնագույն որոշ կաղապարները (նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էինք…):

    Պատմաբան Սարգիս Այվազյանն իր «Ուրարտական դիցանունների ստուգաբանություններ» ուսումնասիրության մեջ մեջբերում է Ա.Պետրոսյանի՝ Ուրարտական Թեշեբա դիցանվան թարգմանություն-ստուգաբանությունը որպես «Կացին բռնող», «Կացնավոր», «իբրև արարիչ Աստծո՝ հյուսնի աշխատանքի հետ համեմատվող տիեզերածին գործողություն»…

    Թեժուբի՝    «թեժ»-ից   ծագման   բացատրությանն  անդրադարձել ենք առանձին:

    «Սուսերով   պարով»  անվերջ   հիանալու   մաղթանքով…

  • …«ԱՇԽԱՐՀՆ ԵՂԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՊԻՏ ՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ …»

    …«ԱՇԽԱՐՀՆ ԵՂԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՊԻՏ ՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ …»

    …«ԱՇԽԱՐՀՆ ԵՂԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՊԻՏ ՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ …»

    (մեջբերված Ավետիք Իսահակյանի՝ 1917-ի հունվարին Ժնևում ավարտած՝ «ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ» ստեղծագործությունից)

    Անմահ Իսահակյանի քնարին պատկանող խորիմաստ մի քանի տող, ուր ամփոփվում ու սերունդներին է կտակվում մի ողջ դարաշրջանի պատմությունը:

    Բառերի հանճարեղ ընտրությամբ ակնարկվում են հնագույն հավատալիքները, լայնածավալ Երկիրն ու մշակույթի համայնապատկերը:

    Ուրարտական թագավորության (ինչպես ժամանակի արձանագրություններում է՝ Բիայնայի և Նաիրիի Երկրի) անկման շրջանից մի պատկեր, որը, «միայն երկնի մաքուր հովերով գգված չքնաղ կույսերի» գերեվարումից «սրտախոց» քնարերգուի գրչի ուժով, վերարտադրում է Նաիրյան գետերից՝ Միջագետքից մինչև Գամիրք, Մոսոք ու Թաբալ ձգվող հայրենիքի երանգները:

    «Մրրիկը կամ ամպերի Արծիվը» սանձելը փոխաբերական իմաստով ակնարկում է հնագույն մի հավատալիք, համաձայն որի, պատերազմից առաջ, ապագա հաղթանակն ապահովելու համար, հատուկ արարողությամբ «սանձվում էին» հակառակորդի հովանավոր Դիցերը (ամիսներ առաջ մի գրառման մեջ անդրադարձել էինք սեպագիր տեքստերից հայտնի նման մի ծեսի նկարագրությանը):

    «Մրրիկը» հայտնի Թեշուբն էր՝ Փայլակը, Շանթը, Կայծակի (Հուրի), Ամպրոպի դիցը, որը գլխավորում էր մեր նախնիների դիցարանը:

    Ազգի պահպանման հիմքում դնելով ժառանգաբար փոխանցված մշակույթն ու կարևորելով պատմական հիշողությունը, Ավետիք Իսահակյանը դեռևս 1916 թվականին գրում է «Մեր նախահայրերը», այն համոզմամբ, որ թշնամին կարող է նվաճել երկիրը, կողոպտել ու կեղեքել, բայց Հայրենիքի նկատմամբ ունեցած անկոտրում, ազատասեր ոգու շնորհիվ Ազգը կհարատևի՝ ներշնչվելով իր անցյալի հերոսների անձնուրաց խիզախությամբ…

    Փռյուգիական գդակներ (Միհրի գդակն է), երկաթե գոտիներ, ուսերին՝ վագրների վառ մորթի, էտրուրական սափորներ…

    Ավագ Մասսից մինչև Կավկավ (Տարոն, Տուրուբերան…)՝ գունագեղ ճամփորդություն, ի հեճուկս տարածության ու ժամանակի…

    Իմաստուն վայելում բոլորիդ…

    ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ

    I

    Եկավ հապճեպ սուրհանդակ՝ փոշիների մեջ թաթավ,

    Ուրարտուի արքայի առջև խոնարհ ծունր իջավ.

    — Որդի՜ հզոր Խալդիի, տեր գետերին Նաիրի,

    Ինձ առաքեց բդեշխը քո այն հեռու աշխարհի,

    Ուր արևն է մայր մտնում։

    Հաղթ՛ ղ գոռոզ Ասուրի,

    Մի թշնամի, որ նման մթնում փայլող մի սուրի,

    Մխրճվել է մեր կողը, և քանդելով բուրգ-պատվար՝

    Ներս է խուժում մեր հողը, հեղեղների պես վարար։

    Չենք իմանում, չգիտենք նրանց տոհմը, ովքե՞ր են,

    Ո՞վ է նրանց աստվածը, նրանց լեզուն, ուսկի՞ց են։

    Եվ մըրրի՞կն են սանձել, թե՞ արծիվը ամպերի,

    Նրանց ձիերը թռչում են պատնեշներով բերդերի…

    Սարդուրիսի ճակատին մռայլ վիհեր բացվեցին,

    Եվ արձակեց հրաման ուրարտական թագերին.

    Կազմեց ամուր այրուձի, կազմեց բանակ մեծաուժ,

    Եվ մեկնեցին ռազմադաշտ թշնամու դեմ խուժադուժ…

    II

    Գամիրք, Մոսոք ու Թափալ ծունկ են իջել գլխահակ՝

    Հաղթողներին բերելով հարկ ու ընծա անքանակ.—

    Ցորեն, մեղըր ու երկաթ, իրենց չքնաղ կույսերը,

    Որոնց միայն գգվել են երկնի մաքուր հովերը։

    Նետեր ունին սայրասուր և աղեղներ լայնալիճ,

    Որ արծիվին սրտախոց վայր են բերում երկնքից,

    Պարսեր ունին ամեհի, սուրեր ունին կուռ-կոփված,

    Կայծակների ամպեղեն դարբնոցում ջրդեղված։

    Փռյուգիական գդակներ և գոտիներ երկաթի,

    Եվ վիթխարի ուսերին վագրների վառ մորթի,

    Որոնց բռնել են շտապ իրենց անցած վայրերում,

    Եվ ճակատներն արևվառ՝ ինչպես կավը քուրայում։

    Վաչեների մեջ կորյուն՝ ժիր մանուկներ ոսկեհեր,

    Բազուկները ջլապինդ, աչիկները՝ արևներ։

    Եվ նրանց հետ ալեհեր և իմաստուն ծեր պապեր՝

    Պիրկ ձեռներին գինով լի էտրուրական սափորներ։

    Վիթի նման աղջիկներ՝ գարունքվա պես բռնկված՝

    Զրահի տակ ստինքներ՝ սերն ու կարոտ անթեղած.

    Եվ մայրերը սիրաշատ ու նրանց սուրբ արգանդում

    Կյանքն է աճում, ինչպես որ վիշապաձագն անդնդում։

    III

    Ինչպես ծովը դուրս պոռթկա իր վիհերից անպարփակ,

    Հորձանքներ տա և հորդի, որոնելով նոր հատակ,

    Այնպես հորդում է առաջ նրանց արշավն ահավոր,

    Որոնելու նոր աշխարհ, իրենց երդի համար նոր։

    Եվ հորդում են, և նրանց խոլ բարբառից սարսափուն

    Վարազներն են թաքթաքում շամբուտների գաբերում։

    Եվ հորդում են, և  հարթում նժույգների ոտքի տակ

    Խոչեր-խութեր ու լեռներ, ազգեր-ցեղեր ու բանակ.

    Եվ նրանց վերև հածում է սաղավարտով պղնձի՝

    Նահապետը, քաջ Գեստրաս, ինչպես արև քաջաձի։

    IV

    Եկավ արքան Սարդուրիս, և արքաներ Նաիրի

    Ոսոխի դեմ ամեհի, հեռո՜ւ, անհայտ աշխարհի.

    Երկաթեղեն պատերով պատվար կեցան դարեդար,

    Եվ սուր սրի զարկեցին, ճակատ ճակտի անդադար.

    Սերունդ իջավ գերեզման, սերունդ ելավ օրրանից,

    Եվ կռեցին նոր սուսեր, պայքարեցին նոր-նորից։

    Ճակատ ճակտի բախեցին և սուր սրի զարկեցին,

    Ճակատ ճակտի բախեցին և սուր սրի զարկեցին։

    Փշրվեցին նետ ու սուր, Ուրարտուի այրուձին,

    Եվ նորեկներն հաղթապանծ՝ կուռ պատերը ճեղքեցին։

    Ռազմիկները Խալդերի փախան պարտված ու նվաստ՝

    Թողած բալիշ ու ավար իրենց հողը հացաշատ,

    Ոստանները ոսկեդուռ, իրենց կիներն սևաչվի,

    Փախան մինչև ծովածեծ կողալանջերն Կավկավի։

    V

    Եվ վաչերը շառաչուն՝ հաղթողների կանգ առան

    Այրարատյան դաշտի մեջ, Մասիսների հանդիման.

    Գեստրասները կախեցին վահանն իրենց պողպատի

    Ադամանդից լուսեղեն Ավագ ֊Մասսա ճակատի։

    Հիմ դրեցին, վառեցին իրենց երդը սրբազան,

    Եվ ծուխն ելավ ու փռվեց գետերն ի վար Նաիրյան.

    Եվ բագինը կանգնեցին իրենց արև-աստծու՝

    Քաջ Վահագնի, բաշխիչը հաղթանակի և գինու.

    Եվ Աստղիկի, բամբիշը Վիշապաքաղ Վահագնի,

    Աստվածուհին գեղեցկի, հզոր սիրո և կյանքի։

    Եղան նրանք քաջ պետեր՝ հայեր սեպուհ, հաղթական,

    Աշխարհն եղավ Հայաստան և պիտ մնա Հայաստան՝

    Մինչև արևը հանգչի և ցուրտ աճյունը նրա

    Ձյունե համայն ազգերի հայրենիքների վրա…

    Հունվար, ժնև