Month: Փետրվարի 2020

  • «ՋԵՐԻ՝  ՋՈՒՐ,  ՈՐ  Է  ԱՅԾ»…

    «ՋԵՐԻ՝ ՋՈՒՐ, ՈՐ Է ԱՅԾ»…

    «ՋԵՐԻ՝ ՋՈՒՐ, ՈՐ Է ԱՅԾ»…

    Հողագործության, կրոնական և այլ նպատակներով ժամանակի չափման անհրաժեշտությունը՝ Օրացույցի պատմությունը, մարդկության պատմության ամենավաղ շրջանից է հայտնի:

    Յուրաքանչյուր քաղաքակրթություն իր օրացույցն էր հիմնում՝ նշանավորելով իր դարաշրջանը:
    Օրացույցի պահպանված ամենավաղ նմուշները Եգիպտոսից, Ացտեկների ու Մայաների մշակույթից են մեզ հասել:

    Աստղագիտությունը սրբազան գիտություն էր, քանզի Երկնքում դիցերի կամքն էր ընթերցվում՝ Երկրի ու նրա բնակչության ճակատագրի վերաբերյալ նրանց բարեհաճ կամ ոչ բարյացկամ դիրքորոշումը: Եվ աստղերի շարժմանը հետևելով՝ մեկնաբանվում էին՝ անվանակոչելով զանազան Աստղերն ու Աստեղատները…

    Աստղային երկինքն ուսումնասիրելով՝ ժամանակի հաշվարկը կատարում էին քրմերը, որոնք հին աշխարհի աստղագետներն էին, գիտնականներն ու բժիշկները նաև…

    Ն.թ.ա 2-րդ հազարամյակից հայտնի Միջագետքյան՝ Շումերական հաշվարկի հիմքը 60-ն էր:

    Հազարամյակներ թևակոխելով, այն հասել է մինչև մեր օրերը՝ անկյունների աստիճանների հաշվարկում՝ 360°=6×60° կամ՝ ժամանակի սանդղակում՝ 1ժամ= 60 րոպե = 60 վայրկյան:

    1798-1801 թվականներին՝ Նապոլեոն Բոնապարտի եգիպտական արշավանքի ժամանակ, նրա գեներալներից մեկը (Desaix) Դենդերա քաղաքի Հաթորի տաճարում հայտնաբերում է մի բարձրաքանդակ, ուր պատկերված է Երկնակամարը՝ Աստեղատներով (համաստեղություններով):

    Դենդերայի՝ Հաթորի տաճարի առաստաղը՝ Աստեղատներով
    Դենդերայի՝ Հաթորի տաճարի առաստաղը՝ Աստեղատներով

    Այնուհետև, 1821 թվականին այն փոխադրվում է Ֆրանսիա:

    Ներկայումս ցուցադրվում է Լուվրի թանգարանում և թվագրվում է մոտ ն.թ.ա 50 թվականով, սակայն համարվում է մի շատ ավելի հին բնօրինակի կրկնությունը (գուցե՝ հետագայում կրած փոփոխությամբ է այսօր ցուցադրվում):

    Եգիպտոսի արքա Թութմոսիս Ա-ի (1504-1492) քուրմ-աստղագետի՝ Ամենեմհետի՝ «Միտանի Երկրից» վերադարձի կապակցությամբ է ցարդ հայտնի՝ Երկիր Նաիրիի՝ «Միտանի» անվամբ հիշատակումը, որը վերծանվում է «Մա-ի-տա-նի» կամ «Մի-տա-ուն-նի» ձևով, իսկ, ավելի ստույգ՝ երկու տարբերակներից վերցրած ճիշտ վանկերով՝ «Մայր Տունի»…

    Հին Եգիպտոսի տոմարից հայտնի են տարվանն ավելացվող հավելյալ հինգ օրերի՝ դիցերի անուններով կոչվող անվանումները:

    Հայկական տոմարում նույնպես լրացուցիչ հինգ օրեր կային (նահանջ տարում՝ վեցն էին):

    Եվ այդ օրերն ունեին իրենց անվանումները՝ Լուծ, Ջերի, «որ և Եղջերու ասի» (ըստ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի), Փառանձնոտ, Արտախույր, Ծկրավոր (կամ՝ Ծպավոր):

    Հայկական տարբեր բառարաններում «Ջերի» անվան բացատրությունը կա:

    Ս. Մալխասեանի՝ «Հարերէն բացատրական բառարանում»՝ «Ջերի» մոլորակի անունը «Եղջերուն» է:
    Հ.Աճառյանի «Հայերէն արմատական բառարանում» «Ծննդոցի» մեկնիչներից մեկի բացատրությունն է բերվում՝ հիշյալ աստղերին համապատասխանող մեկական տարրի ուղեկցությամբ:

    «Ցոյցք մարդկան արուետք են հինգ աստղն. Լուծ՝ հող, Ջերի՝ Ջուր, որ է այծ: Արտախոյր՝ զմիտսն ասէ որ ի գլուխն. Ծպաւոր՝ զգեստն ասէ, որ է Օդն, Փառազնոտ՝ զհուրն»:

    Դենդերայի սկավառակաձև բարձրաքանդակում կորաթեք եղջյուրներով Խոյակերպ դիցը՝ Խնումը, «Պաղ (կամ՝ Թարմ) ջրերի տիրակալն» էր՝ Կյանքի արարման ու Վերածննդի խորհրդանիշը և նույնացվում է Միջագետքյան՝ Այծի՝ Այծեղջյուրի հետ (Էնկի):

    Խոյակերպ կամ Խոյագլուխ մարդու տեսքով պատկերվող հիշյալ դիցը Լատոպոլիսի տաճարի պատերին փորագրված մի տեքստում բնութագրվում է «Արարիչ», «Կենաց Տան Տիրակալ», «Լուսաշաղ» (Լույս սփռող, Լույս հյուսող) բառերով:

    Նրա պաշտամունքը զուգակցվում է Նեիթի (Անահիտի) հետ:

    Այծի, եղջյուրների կապը Լույսի հետ ակնհայտ է հայկական ազգային պատկերացումներում (բանահյուսության մեջ բազմաթիվ են օրինակները՝ «Մեջքը պեծ այծ», «Լուսավոր եղջյուրներ…):

    Արևածագի առաջին շողերի հետ, շողաթաթախ քերծերին ու քարափներին կանգնած քարայծների եղջյուրները նույնպես լուսավորվում էին՝ մասնակցելով Լույսի սփռմանը (Լուսաշաղ՝ Լույսով շաղախված և Լույս շաղող՝ Լուսափայլ եղջյուրներ)…

    «Մարդկային էակներ ստեղծող Աստվածային կավագործը»՝ եգիպտական Խոյագլուխ Խնումը, կավե կճուճի առաջ երեխաներ ստեղծելու պահին է պատկերվում (համանման պատկերացումներ են հայտնի և Միջագետքից՝ շումերական դիցաբանությունից Էնկիին (նրա մորը կամ կնոջը) վերաբերող):

    Իր եղջյուրների մշտանորորգ բնույթի շնորհիվ, թերևս, եղջերուն կապվում էր կյանքի, բնության հավերժական Վերազարթոնքի խորհրդի հետ և հնագույն շրջանից հայտնի Մայր-Բնության պաշտամունքի հետ էր առնչվում (նման պատկերացումներ գոյություն ունեին տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ մշակույթներում):
    Նշենք, որ հնում «Եղջերու» բառը գործածվել է նաև ընդհանրապես «եղջյուրավորների» նշանակությամբ (համաձայն Հ.Աճառեանի «Հայերէն արմատական բառարանի»):

    2-րդ դարում կազմված՝ քրիստոնեության մեջ կենդանիների խորհրդին վերաբերող ձեռնարկում (Physiologicus), եղջերուն Քրիստոսի հետ է նույնացվում:

    Եղջերվազգիների մի առանձնահատուկ տեսակի կարևոր դերը հիշատակելու առիթն ունեցել էինք նախորդ գրառումներից մեկում՝ Հայոց (Մուշքերի)՝ մշկելու՝ մշկով հոտավետելու հնագույն ավանդույթի առնչությամբ:

    Հետագայում ողջ աշխարհում տարածված (և ցարդ հարատևող) անուշաբույր մուշկը պատրաստվում էր եղջերուի ցեղին պատկանող լեռնային մի կենդանու՝ Մշկեղնիկի՝ Մշկայծյամի արուի մշկապարկում կուտակվող մուշկից (ներկայումս օծանելիքի արտադրության մեջ կիրառվող ամենագնահատելի այդ բաղադրիչը արհեստականորեն է ստացվում):

    Ուշագրավ է, որ մեզ հասած զանազան պատկերներում եղջերուի (նաև՝ մշկայծյամի) մարմնակազմության մանրամասներն են նշված (ներքին օրգանները՝ մշկապարկը…):

    Հայկական Լեռնաշխարհի կենդանական աշխարհի մշտական բնակիչներից է հայտնի մի եղջերավոր՝ բեզոարյան այծը, որը, տեղաբնակների տնտեսական կյանքում կարևոր իր դերից բացի, ազգային պատկերացումներում խորհրդանշական մեծ իմաստ ունի:

    Հայաստանի ժայռապատկերներում նրա գերակշռող պատկերի շնորհիվ նաև «իծագիր» են անվանում ժայռերին փորագրված այդ նկարները…

    Ի գիտություն նշենք, որ «Բեզոարյան» անվանումը տրվել է հնագույն շրջանից մինչև վերջին դարերը «հրաշագործ» հատկություններով մի քարի՝ որոշ կենդանիների, մասնավորապես՝ կճղակավորների օրգանիզմում առաջացող «բեզոարի» շնորհիվ:

    Բեզոարների հավաքածու

    Չմարսված սնունդի կուտակումից առաջացած այդ գոյացությունը, որը հազարամյակների ընթացքում համարվում էր «Կյանքի պահապան» և հակաթույն՝ որպես հիանալի միջոց կենդանական խայթոցների, բուսական թունավորումների և բազմաթիվ այլ հիվանդությունների դեմ, արժանացել է 16 -17-րդ դարերի մի շարք բժիշկների ուշադրությանը:

    Նրա արդյունավետությունն են փորձարկել Ամբրուաս Պարեն, Ռ.Ջեյմսը, Պ.Պոմեն (Ambroise Paré, Robert James, Pierre Pomet):

    Մատնանշելով բեզոարին վերագրվող հրաշագործ հատկությունների չափազանցված դերը, այնուամենայնիվ, «հիվանդների երևակայությանը հագուրդ տալու նպատակով», որպես բուժիչ միջոց երկար ժամանակ շարունակվել է այն կիրառվել:

    1694 թվականի դեղանյութերի մի ձեռնարկում (Pomet), ի շարս գործածվող դեղամիջոցների, նշվում են նաև բեզոարը, լիկորնը՝ միաեղջյուրը և մուշկը…

    Ուշագրավ է, որ հիշյալ ուսումնասիրության մեջ բեզոարի կենդանին պատկերվում է կիսով՝ այծ, կիսով՝ եղջերու, ինչպես իր անվանումն է՝ Այծեղջյուր, Capri (այծ) և cervicae (եղջերու): (Մեջբերումը՝ ստորև որոշ լուսանկարներով՝ J.B. Maillé «Le Bézoard, entité naturelle, objet de fantasmes», 2014), (հայերենով նաև՝ Եղջերվաքաղ):

    Ոսկու պես թանկարժեք Բեզոարը կրվել է նաև որպես պահպանիչ-թալիսման՝ թունավոր վտանգներից հեռու մնալու նպատակով (մատանու կամ այլ տեսքով):

    Հնագույն շրջանում քրմերը նույնպես՝ իրենց վակասին՝ պատմուճանին (շուրջառին, ուսանոցին, թիկնոցին, լանջանոցին) կից նմանատիպ զանազան պահպանակներ էին կրում՝ տարբեր նշանակության):

    Համաձայն Տավերնիեի՝ 1713 թվականի գրվածքի, Պարսկաստանում այնքան գնահատված էր այդ քարը, որ խստիվ արգելված էր բեզոար կրող կենդանի այծերի վաճառքը, իսկ իրենց շրջանից նրանց անօրինական արտահանման փորձը մահապատժի էր ենթակա…

    Բեզոարի երեք քար էր ընծայել Նապոլեոնին Պարսից շահը, որոնք, 1808 թվականին, իր քիմիկոսի զննումից հետո, չէին կիրառվել (թեև 1851 թվականի ձեռնարկում դեռևս դեղամիջոցների թվում հիշատակվում է և բեզոարը):

    Ջուր («հեղուկ» և «եղջյուր») — Ջեր — Եղջեր — Այծ կապից հետո անդրադառնանք նաև յոթնօրյակի՝ շաբաթվա անուններին:

    Հին ազգերը (եգիպտացիք, հնդիկները), օրը բաժանում էին չորս մասի, որոնցից յուրաքանչյուրը հովանավորվում — պահպանվում և կառավարվում էր մի մոլորակի կողմից:

    Աստիճանաբար, ժամանակի ընթացքում, յուրաքանչյուր օրն անվանվում է օրվա առաջին մասում՝ առավոտյան իրեն «ղեկավարող» մոլորակի անվամբ և հետևյալ դասավորմամբ՝Լուսին, Մերկուր, Վեներա, Արև, Մարս, Յուպիտեր, Սատուրն:

    Հիշենք, որ օրվա 24 ժամերն իրենց հատուկ անվանումներն ունեին՝ պայմանավորված այդ պահի լուսավորության աստիճանով, ինչպես, օրինակ, Այգ, Ճառագայթյալ, Շանթակող կամ՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ…

    Քրիստոնեության մեջ՝ յոթնօրյակը (շաբաթը), այնպես են դասավորել, որ Արևի օրը՝ Կիրակին, լինի հանգստյան օրը՝ յոթներորդը:

    Յոթնօրյակի (շաբաթվա) օրերի անվանումները հարմարեցնելով այլոց (եբրայական) ծիսական հաշվարկին, «շաբաթից» հետո եկող հերթականությամբ են կոչվել օրերը, այսինքն՝ «շաբաթին հաջորդող երկրորդ օր՝ երկուշաբթի, շաբաթին հաջորդող երրորդ օր՝ երեքշաբթի»… և այսպես շարունակ:

    Փոքրիկ հիշեցմամբ՝

    1. Արեգակի օր – կիրակի
    2. Լուսնի օր – երկուշաբթի
    3. Հրատի օր – երեքշաբթի
    4. Փայլածուի օր – չորեքշաբթի
    5. Լուսնթագի օր – հինգշաբթի
    6. Արուսյակի օր – ուրբաթ
    7. Երևակի օր – շաբաթ:

    Հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության ու պահպանման գործի անխոնջ նվիրյալ Սամվել Կարապետյանի հիշատակի խնկարկմամբ…

    Դենդերայի՝ Հաթորի տաճարի առաստաղը՝ Աստեղատներով

  • «ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

    «ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

    «ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

    Միսաք Մանուշյանը

    Տասնամյակներ շարունակ, ամեն տարի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հանդիսավոր արարողությամբ նշվում է 1944 թվականին այդ օրը ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում դավաճանաբար մատնված ու գնդակահարված՝ Հայազգի Միսակ Մանուշյանի գլխավորած, տարբեր ազգությունների մարտիկների խմբի հիշատակի տարելիցը:

    Հայերի դեմ իրագործած ցեղասպանության տարիներին, դեռևս 9 տարեկանում, Եդեսիայից ոչ հեռու գտնվող Ադիյաման քաղաքում ծնված Միսակ Մանուշյանը, 1915-ին կորցնում է հորը, որին սպանում են թուրքերը:

    Շատ չանցած, նույն տարվա հուլիսին, Ադիյամանի Հայության բռնագաղթի ճանապարհին մահանում է նաև մայրը:

    Եվ մի քուրդ ընտանիքի շնորհիվ փրկվելով՝ իր եղբոր՝ Կարապետի հետ Լիբանանում՝ Բեյրութից 20 կիլոմետր հեռու գտնվող Ժունիեի որբանոցում մնալուց հետո, 1925 թվականից հաստատվում է Ֆրանսիայում, ուր, 1934 թվականին, «Հայաստանի Օգնության Միության» ամենամյա տոնին, հանդիպում է իր ապագա կնոջը՝ Մելինեին:

    Փարիզում, Սորբոնի համալսարանում գրականության, փիլիսոփայության, քաղաքական տնտեսագիտության և պատմության դասընթացներին հետևելուց բացի, 1930 -1931 թվականներին իր ընկերոջ՝ Գեղամ Աթմաջյանի (Սեմայի) հետ հիմնում է «Ջանք» պարբերականը, ուր տպագրում են ֆրանսիական ու հայ գրականության մասին հոդվածներ, Ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործություններից թարգմանություններ…
    1941 թվականից ակտիվորեն ներգրավվում է ֆաշիզմի դեմ մղվող գաղտնի պայքարում…

    1943 թվականին, դավաճանության հետևանքով Մ. Մանուշյանի ձերբակալումից հետո, նրա կինը՝ Մելինե Մանուշյանն ապաստանում է Հայազգի մի այլ պանծալի ընտանիքում՝ Շարլ Ազնավուրի ծնողների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների տանը, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, պատսպարում են նրան՝ իրենց հյուրընկալությամբ…

    Գնդակահարությունից առաջ, 37 տարեկան բանաստեղծի՝ Միսակ Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը (իմ թարգմանությամբ):

    «Իմ սիրելի Մելինե, իմ փոքրիկ սիրասուն որբուկս:Մի քանի ժամից այլևս այս աշխարհում չեմ լինի:Գնդակահարվելու ենք այս կեսօրից հետո, ժամը 15-ին:

    Սա պատահարի պես եղավ իմ կյանքում, ես դրան չեմ հավատում, սակայն, այնուամենայնիվ, գիտեմ, որ քեզ այլևս երբեք չեմ տեսնելու:

    Ի՞նչ կարող եմ գրել քեզ, ամեն ինչ խառնաշփոթ է իմ մեջ և, միաժամանակ, շատ պարզ:

    Ես զինվորագրվել էի Ազատագրության բանակին որպես կամավորական և մեռնում եմ հաղթանակի ու նպատակի շեմին:

    Երջանկությու՛ն բոլոր նրանց, ովքեր կվերապրեն և կճաշակեն վաղվա ազատության քաղցրությունն ու մոտալուտ Խաղաղությունը:

    Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կգիտնան արժանավայել պատվել մեր հիշատակը:

    Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի կամ որևէ մեկի հանդեպ:

    Յուրաքանչյուրն իր արժանի պատիժը կամ վարձատրությունը կունենա:
    Գերմանացի ժողովուրդն ու մյուս բոլոր ժողովուրդները խաղաղ ու եղբայրաբար կապրեն պատերազմից հետո, որն այլևս երկար չի շարունակվի:

    Երջանկությու՛ն բոլորին:
    Ես խորապես զղջում եմ քեզ չ’երջանկացնելու համար:

    Շատ կուզեի քեզնից մի երեխա ունենալ, ինչպես դու էիր նույնը փափագում միշտ:
    Ուստի, քեզ խնդրում եմ, պատերազմից հետո անպայման ամուսնացի՛ր և իմ պատվին մի զավակ ունեցիր՝ իմ վերջին կամքն իրականացնելու համար:

    Ամուսնացի՛ր մեկի հետ, ով ի զորու կլինի քեզ երջանկացնելու:Իմ ողջ ունեցվածքն ու իրերը կտակում եմ քեզ, քրոջդ և զարմիկներիս:

    Պատերազմից հետո կարող ես հավակնել պատերազմի թոշակառուի քո իրավունքին՝ իբրև իմ կին, քանզի ես զոհվում եմ որպես Ֆրանսիական Ազատագրության բանակի կանոնավոր զինվոր:

    Իմ ընկերների օգնությամբ, որոնք կցանկանան ինձ պատվել, կհրատարակես իմ բանաստեղծություններն ու գրվածքները, որոնք ընթերցման արժանի են:
    Հիշատակներս, եթե հնարավոր է, կտանես Հայաստան՝ ազգակիցներիս:

    Շուտով կմեռնեմ իմ 23 զինակիցների հետ՝ քաջաբար և չափազանց հանգիստ գիտակցությամբ (խղճով, Կ.Ա.) մարդու հանդարտությամբ, քանզի, անձամբ ես ոչ մեկի վատություն չեմ արել և, եթե արել եմ՝ առանց ատելության եմ արել:

    Այսօր Արև կա:
    Արևին ու իմ այնքա՜ն սիրելի գեղեցիկ բնությանը նայելով ես «Մնաք բարով» կասեմ կյանքին ու ձեզ բոլորիդ՝ իմ շատ թանկագին կին և իմ շատ թանկագին ընկերներ:

    Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել կամ ցանկացել են վշտացնել, բացի նրանից, ով մեզ դավաճանել է իր կաշին գնելու (փրկելու, Կ.Ա.) համար և նրանց, ովքեր մեզ ծախեցին:

    Քեզ շա՜տ-շա՜տ ամուր գրկում-համբուրում եմ, նաև՝ քրոջդ ու իմ բոլոր բարեկամներին, որոնք հեռվից կամ մոտից ինձ ճանաչում են, բոլորիդ իմ կրծքին եմ սեղմում:

    Մնաք բարով:

    Քո բարեկամ, Քո ընկեր, Քո ամուսին Մանուշյան Միշել (ջանիկդ): (Վերջին բառը ֆրանսերեն տառերով՝ հայերեն բառն է՝ «djanigt», Կ.Ա.):

    Հ.գ. Ես տասնհինգ հազար ֆրանկ ունեմ Պլեզանս փողոցի ճամպրուկում: Եթե կարող ես վերցնել՝ վերադարձրու պարտքերս և մնացածը տուր Արմենեին: Մ.Մ.»
    (Արմենեն իր կնոջ քույրը՝ Արմենուհին էր, Կ.Ա.):

    Ամուսնու նահատակումից հետո, 1947 թվականին հնչած Ներգաղթի կանչին հետևելով, Մելինե Մանուշյանը տեղափոխվում և որոշ ժամանակ բնակվում է Հայաստանում:

    Ավաղ, ժամանակի տխուր իրավիճակին հաղորդակից՝ գաղտնի լուր է ուղարկում Հայաստանում հաստատվելու մտադրությամբ տոգորված Ազնավուրյանների ընտանիքին՝ չխրախուսելով նրանց ծրագիրը՝ հորդորելով մնալ Ֆրանսիայում…
    1960-ականների կեսերից ինքն էլ վերադառնում է ֆրանսիա, ուր ապրում է զոհված ամուսնու համար հատկացված թոշակով:

    Ցավոք, անկատար թողնելով Մանուշյանի վերջին բաղձանքը՝ ամուսնանալ ու զավակ ունենալ իր պատվին…

    «Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
    Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
    Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
    Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր»…

    Միսաք Մանուշյան «Կյանքիս երգը»
    Ամենամյա հարգանքի տուրքի արարողության մի պահ

    Մելինե Մանուշյանը Կորնթոսի որբանոցում (Հունաստանում), 1923 թվականին ( առաջին շարքում՝ ձախից առաջինը՝ խաչով նշված)

    Միսաք Մանուշյանը Ջունիեի որբանոցում, 1919 թվականին, աջից՝ երրորդ շարքում՝ երրորդը, խաչով նշված…

    Մելինե Մանուշյանը (աջ կողմում) Երևանում՝ Նվարդ Տերյանի հետ (լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի՝ «Մելինե Մանուշյանի և այլոց մասին» հոդվածից)

  • «ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ

    «ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ

    «ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ

    Փարվանա լիճը

    Անհիշելի ժամանակների հեռվից խոյացող մեր Հայրենիքի «երգերի ու վերքերի», նրա իմաստնության երգչի՝ Հովհաննես Թումանյանի ճամփորդություններից մի դրվագի է անդրադարձել Սուսաննա Հովհաննիսյանն իր՝ «Թումանյանի ճանապարհորդությունները 1901 թվականին» ուշագրավ ուսումնասիրության մեջ:

    Հիշարժան բազմաթիվ դեմքերի ու դեպքերի նկարագրությամբ համեմված հուշերի թվում, հեղինակն անդրադարձել է դեռևս 1891 թվականին Թումանյանի գրած՝ «Կանչ» («Եթե կաս, Աստվա՛ծ») բանաստեղծությանը և այդ առիթով քննադատ ու մանկավարժ Գ. Վանցյանի՝ 1893 թվականին գրած նամակին:

    «…Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունը բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու: …Ունիս, այո, շատ գեղեցիկ բաներ… բայց «Կանչը» դա գլուխգործոցդ է, դա մի գոհար է»:

    Երկար են հնչել ու մեզնից ոմանց սրտերում արձագանքվել Բանաստեղծի գրեթե բոլոր ժամանակակիցների (և հետագայի սերունդների) շուրթերին դառնացած բառերը՝

    Եթե կաս, Աստվա՛ծ,
    Մեղմացրու՛ մարդկանց
    Կիրքն ամբարտավան:
    Եթե Աստված ես դու խաղաղության,
    Ինչո՞ւ տակավին
    Չես պատժում չարին,
    Ու՞յժդ է պակասում,
    Թե չենք աղերսում,
    …Թե՞ դու չըգիտես,
    Որ այստեղ, երկրում
    Մարդը ժպտերես
    Մարդ է գիշատում…

    Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի գեղատեսիլ Ջավախքի տարբեր շրջաններում մի քանի օրվա շրջապտույտից ու տեղացիների հետ ծանոթությունից հետո, Թումանյանն Ախալքալաք է հասնում՝ անձամբ տեսնելու Փարվանա (Թափարավան) լիճն ու Թմկաբերդի ավերակները՝ բնակիչներից լսած լեգենդներն իր գրչով անմահացնելու նպատակով:

    Երբեմնի հզոր Թմուկ Բերդի փլատակների շուրջ մարտնչած զորքերի ու անցած ճակատամարտի հետքերով անցնելուց հետո ծնվեց «Թմկաբերդի առումը» պոեմը:

    «Փարվանի փերիներին տեսնելու համար», ինչպես գրել է Թումանյանի հետ ճամփորդող Ջավախեցին (Ղազար Տեր-Գրիգորյանը) իր հուշերում՝ մեջբերելով բանաստեղծի՝ իր իսկ խոսքերը՝ իրեն ուղղած նամակից (որը ներկայացրել է Ս.Հովհաննիսյանն իր վերոնշյալ ուսումնասիրության մեջ), պոետն Ախալքալաքից ուղևորվում է դեպի Գանձա՝ բազմերանգ ծաղիկների զարդարուն գորգով հմայող հրաշագեղ մի եզերք…

    «Փարվանի «փերիները» գերել էին Լոռվա կտրիճին», — հետագայում հիշել են բնությամբ ու անցած դարերի հուշերով տոգորված Հայոց Բանաստեղծի ուղեկիցները (մեջբերումը՝ Ս. Հովհաննիսյանի նշված աշխատությունից):

    Հնագույն ավանդույթների հուշով տոգորված, սովորաբար պարզ ու վճիտ Փարվանա լիճը զարմանալիորեն փոթորկված տեսնելով՝ վերադարձին Թումանյանն «անմիջապես առանձնանում է և հենց Տերյանների տանն է սկսում շարադրել «Փարվանան»:
    Դուրս գալով սենյակից` բոլորի համար արտասանում է «Փարվանայի» նախերգանքն ամբողջությամբ», — կարդում ենք Ս. Հովհաննիսյանի հոդվածում:

    Բոլորիս հայտնի՝ հոգեթով «Նախերգանքն» ու պոեմն՝ ամբողջությամբ (որպես վերհուշի մի առիթ)…

    ՓԱՐՎԱՆԱ

    I
    Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
    Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
    Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
    Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

    Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
    Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
    Նըստում էր էն սեգ սարերի արքան
    Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

    Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
    Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
    Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
    Իր որսն անելիս Մըթին սարերում:

    Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
    Ծերության օրերն ու սարերն իր հոր,
    Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
    Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

    Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
    Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
    Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
    Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

    — Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
    Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
    Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
    Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

    II

    Հագած, կապած զենք ու զըրահ,
    Ձիանք հեծած ամեհի,
    Ահա եկել հավաքվել են
    Կըտրիճները Կովկասի,
    Ծեր Փարվանա թագավորի
    Ապարանքի հանդիման
    Կազմ ու պատրաստ սպասում են
    Մոտիկ ժամին մըրցության:
    Ըսպասում է ողջ աշխարհքը՝
    Եկած, կիտված Փարվանա,
    Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
    Էն սիրունին տիրանա:

    Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
    Դըրանիկներ, նաժիշտներ,
    Ահա աղջիկն իր նազելի
    Ու թագավորն ալեհեր:
    Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
    Աղջիկն անուշ մի լուսին,
    Ամպ ու լուսին իրար փարված՝
    Դուրս են գալի միասին:
    Հառաչում է ողջ աշխարհքը.
    Կըտրիճները, քարացած,
    Երազների մեջ են ընկնում՝
    Էս աշխարհքից վերացած:
    — Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
    Էս քաջերին լայնալանջ,
    Այժմ պիտի հանդես դուրս գան,
    Պայքար մըտնեն քո առաջ.
    Մեկը իրեն ուժը ցույց տա,
    Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
    Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
    Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
    Իսկ երբ կըռիվն առնի դադար,
    Հայտնի լինին քաջն ու վատ,
    Ու երբ անցնեն մեր առջևից
    Կըտրիճները պայազատ,
    Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
    Անհաղթներից անհաղթին,
    Որ ողջ աշխարհ մայիլ մընա
    Անզուգական քո բախտին:

    Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
    Նըշան տըվավ պայքարին,
    Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
    Կարմիր խնձորն իր ձեռին:
    — Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
    Հաղթի մի վես տըմարդի,
    Բայց չի կարող լինել երբեք
    Նա սիրելին իմ սըրտի…
    — Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
    Ի՞նչն է հավան քո սըրտին,—
    Խըռնըվում են կըտրիճները,
    Խընդրում կըրկին ու կըրկին:

    — Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
    Անգին քարեր ու գոհա՞ր,
    Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
    Վեր կըբերենք քեզ համար:
    — Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
    Եվ կամ աստղը երկընքի,
    Ոչ էլ գոհար եմ պահանջում
    Սեր-ընկերից իմ կյանքի:
    Ես նըրանից հուր եմ ուզում,
    Անշեջ հուրը սըրբազան,
    Ով կըբերի անշեջ հուրը,
    Նա է ընտրած իմ փեսան…

    Ասավ աղջիկն, իրար անցան
    Կըտրիճները քաջարի,
    Ձիանք հեծած թըռան հապճեպ
    Դեպի չորս կողմն աշխարհի:
    Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
    Անշեջ հուրը աղջըկան.
    Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
    Նըրանք չըկան ու չըկան…

    III

    — Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
    Էն քաջերը սիրատենչ.
    Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
    Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

    — Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
    Ու կըբերեն էս տարի.
    Կըռիվներով արյունըռուշտ
    Լիքն է ճամփեն քաջերի:
    Ո՜վ իմանա, պետք է անցնեն
    Մութ աշխարհքից, սև ջըրից.
    Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
    Յոթգըլխանի դևերից:

    Անց է կենում դարձյալ տարին:
    Նայում է կույսն ամեն օր.
    — Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
    Սարից թըռած ձիավոր:

    Միշտ երազում ես տեսնում եմ
    Էն հերոսին ապագա.
    Հուր կարոտով թըռած իմ դեմ,
    Լուսանում է… ու չըկա:

    — Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
    Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
    Շատ-շատ անգամ բերող հոգին
    Ինքն է այրվում նըրա մեջ…

    Անց է կենում դարձյալ տարին:
    Նայում է կույսն ամեն օր.
    Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
    Չի երևում ձիավոր:

    — Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
    Էս աշխարհքում անշեջ հուր.
    Թառամում է սիրտըս ահա,
    Պաղ է էս կյանքն ու տըխուր…

    Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
    Լուռ է արքան ալևոր,
    Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
    Միտք է անում գըլխակոր:

    IV

    Էսպես անցան շատ տարիներ.
    Տըխուր աղջիկն արքայի
    Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
    Ճամփաներին ամայի,
    Հույսը հատավ… ու լաց եղավ.
    Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
    Որ լիճ կըտրեց արտասուքը,
    Ծածկեց քաղաքն ու ամրոց.
    Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
    Այժըմ էնտեղ տըրտմաշուք
    Խոր Փարվանա լիճն է ծըփում,
    Հըստա՜կ, ինչպես արտասուք:
    Ու էն վըճիտ ջըրերի տակ
    Ցույց են տալի մինչ էսօր
    Ծեր արքայի ճերմակ ամրոցն
    Ու շենքերը փառավոր:

    * * *

    Ասում են, էն թիթեռները,
    Որ գիշերվա խավարում,
    Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
    Որտեղ լույս է հենց վառվում,
    Հավաքվում են, շուրջը պատում,
    Մեջն են ընկնում խելագար,
    Ասում են, թե էն Փարվանա
    Ջահիլներն են սիրավառ:
    Ըշտապելուց թև են առել,
    Դարձել թեթև թիթեռներ,
    Ու տակավին հուր տեսնելիս՝
    Մեջն են ընկնում անհամբեր.
    Ջանք է անում ամեն մինը,
    Շուտով տանի, տիրանա…
    Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
    Կըտրիճները Փարվանա:

    1902

    Տրտմություն (Հ. Թումանյանի «Փարվանա» պոեմի ձևավորումը) (1956)
    Հակոբ Կոջոյան
    (1883 — 1959)
    Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց, (կտավ, մոմաներկ)

    Փարվանա լիճը
  • «… ՏՐԸՆԴԵԶ՝ ՓԵՇԴ ՎԱՌԷ, ՈՐ ԱԶԱՏՎԵՍ ՕՁԷ ՉԱՐԷ»… (Տրընդեզի տոնակատարության երգերից)

    «… ՏՐԸՆԴԵԶ՝ ՓԵՇԴ ՎԱՌԷ, ՈՐ ԱԶԱՏՎԵՍ ՕՁԷ ՉԱՐԷ»… (Տրընդեզի տոնակատարության երգերից)

    «… ՏՐԸՆԴԵԶ՝ ՓԵՇԴ ՎԱՌԷ, ՈՐ ԱԶԱՏՎԵՍ ՕՁԷ ՉԱՐԷ»… (Տրընդեզի տոնակատարության երգերից)

    Հնագույն շրջանից ի վեր, Հայկական Լեռնաշխարհում ու նրա հարակից շրջաններում հուրի, կրակի պաշտամունքի հետ կապված զանազան ծիսական արարողությունների, տոների նկարագրությունները կան ն.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին թվագրվող սեպագիր սալիկներում (հայտնաբերված Միջագետքից, Կիլիկիայի՝ Կիցուվատնայի (Սիսվանի) տարածքից ու խեթական բազմաթիվ հնավայրերից):

    Զանազան հետազոտողների կողմից ուսումնասիրված հիշյալ վերծանված տեքստերը լույս են սփռում ցայսօր էլ Հայոց Աշխարհում գոյատևած հավատալիքների ակունքների վրա…

    Երկու աշխարհների՝ Երկնքի ու Երկրի՝ դիցերի ու մարդկանց միջև հաղորդակցության միջոց էր կրակը, ինչպես նաև՝ դեպի երկինք բարձրացող նրա ծուխը (նախկին գրառումներում անդրադարձել ենք նրա՝ մահից հետո մի աշխարհից դեպի մյուսն անցումը պայմանավորող խորհրդին՝ «Ծխանի ծուխին»):

    Երկնային ուժերը ներկայացնող Հուրի «մարմնավորումն» էր և Օջախը, որի հանդեպ առանձնահատուկ պաշտամունք կար: Օջախի ծուխի մարելը հավասարազոր էր Կյանքի բացակայությանը (դիցերը լքում-հեռանում էին)…

    Կրակը որպես չարխափան ուժ ու սրբագործող միջոց էր, որ գործածվում էր տարբեր արարողությունների ժամանակ՝ հիվանդությունից ազատվելու կամ զերծ մնալու, չար ուժերը վանելու նպատակով…

    Անմիջականորեն Կրակի դիցին ուղղված մաղթանքների ու աղերս-ցանկությունների տեքստերին է անդրադարձել ֆրանսիացի ասորագետ և խեթագետ Ալիս Մուտոնն իր՝ « Կրակի մի քանի կիրառությունները խեթական և միջագետքյան ծիսակատարություններում» ուսումնասիրության մեջ (Alice Mouton «Quelques usages du feu dans les rituels hittites et mésopotamiens. Several uses of fire in Hittite and Mesopotamian rituals», 2006):

    Կրակի մեջ նետվող սոխի հետ հիվանդությունն ու գործած սխալները (մեղքերը) հեռացնելու և, ի վերջո, ցանկալի արդյունքին հասնելու՝ «Լույսը բացվելու» համար արտասանվող բարեմաղթական խոսքերն ուղղվում էին անմիջականորեն Կրակի դիցին, որի անունը տարբեր է ըստ տարածաշրջանների (խեթական աղբյուրներում հանդիպում է Ագնի ձևը (ինչպես՝ Վահագնի)):

    «Հեռացրու՛ ինձնից չարը, որպեսզի Լույսը տեսնեմ վերստին»…

    Մոտավորապես նման աղերսով էին դիմում հազարամյակներ առաջ՝ Կրակի առջև, երբեմն միաժամանակ վառվող ջահով ուղեկցվող ծիսակատարության ընթացքում:

    Ճիշտ այնպես, ինչպես մեր օրերում է երգվում՝

    «Տրընդեզ՝ դարմանը կես,
    Առ հաց ու կես ելիր գեղես:

    Տրընդեզ՝ մխի դին տես
    Մե փութ ցանես՝ հազար քաղես:

    Տրընդեզ՝ փեշդ վառէ,
    Որ ազատվես օձէ չարէ»…

    Որևէ մեկին կամ մի առարկայի մաքրագործման-սրբագործման նպատակով Կրակի կիրառման ապացույցներն են սեպագիր տեքստերում նկարագրված արարողությունները՝ համաճարակի ժամանակ վառվող երկու օջախների մեջտեղով հիվանդ զինվորներին անցկացնելու սովորությունը կամ բարեհաջող ծնունդ ապահովելու հույսով՝ հղի կնոջը կրակի շուրջ պտտելը:

    «Դարմանը կիսվելու»՝ նրա բավարար քանակությամբ այսօր էլ մտահոգված հայերի՝ Տրընդեզի օրվա խորհրդի հետ կապված հավատալիքներն ու արարողություններն է ներկայացրել Ռոզա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն (Գյումրի))՝

    «ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԾԻՍԱՏՈՆԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ՇԻՐԱԿՈՒՄ» իր ուշագրավ ուսումնասիրության մեջ, որից ահավասիկ մի հատված:

    …«Օրվա հիմնական ծեսը, անշուշտ, խարույկ վառելն է, և կրակի նորոգման արարողությունը կատարվում է ծիսական մաքրություն խորհրդանշող խարույկով:
    Տյառնընդառաջին վառվող խարույկը գարնան ավետաբերի խորհրդանշող դերն է կատարում:

    Տարածված է այն պատկերացումը, որ Տյառնընդառաջի հետ վերջանում է ձմռան քառասունքը:

    Շիրակում ասում են՝ «Մենծ գոլն ընկավ»:

    Ըստ ժողովրդի՝ Տերընդեզի կրակն իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն ու նորապսակների օրհնություն:

    Ահա այս գաղափարների շուրջն էլ կառուցվում էին տոնական արարողությունները:

    Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակները:

    Կրակի շուրջը պտտվելով ու օրհնանքներ ստանալով՝ մի տեսակ կրկնապսակ էր կատարվում՝ երկրորդ հարսանիք:

    Նորահարսի գիրկը տղա երեխա էին դնում, որ առաջնեկը տղա ծնվեր:

    Տյառնընդառաջի կրակը սուրբ է համարվում. ունի մաքրող, սրբագործող ուժ, նրանով երդվում են. աղոթքներում այն չարխափան ուժ է:

    Կրակն ընկնիմ, թե սուտ ըսեմ /երդում/:
    Չար աչքին` չար փուշ,// Չար փուշն էրթա ընկնի կրակը:

    Հետագա ժամանակներում կրակի պաշտամունքը վերածվում է օջախի պաշտամունքի:

    Ժողովրդական մտածողության մեջ օջախ նշանակում է ընտանիք, նաև
    անշեջ ու սուրբ կրակ:
    Մեծ օջախից առանձնանում է մի նոր օջախ` ընտանիք:

    Այդ նոր ընտանիքի օջախը պետք է վառվեր նախկին պապական կամ հայրական տան կրակից:

    Ալեքսանդրապոլում և շրջակա գյուղերում խարույկը պատրաստել են դարմանով. կտուրներին, բակերում վառված խարույկների վրայից թռչում էին սկզբից տան մեծավորը, հետո մյուսները` մեծ ու փոքր:

    Բացի կրակի վրայից թռչելուց, երիտասարդներն իրար հրում, գցում էին կրակի մեջ:
    Տերընդեզի կրակից այրվածքներ ունենալը պատվաբեր էր:
    Չբեր կանայք պտտվում էին կրակի շուրջը և իրենց գոտու ծայրն այրում` ակնկալելով պտղաբերություն:

    Նույն նպատակի համար պարան են կապում ամուլ կնոջ մեջքին, երեխա են դնում գիրկը և երդիկից քաշում հանում են:

    Այստեղ նա երեք անգամ պտտվում է կրակի շուրջը և այրում ներքնազգեստի ծայրը:

    Կրակի շուրջը պտտում են նորածին երեխային, որ «քառասունքը» լցվի:

    Նորապսակների պտույտները կրակի շուրջը նշանակում են պտղաբերության ակնկալություն:

    Կրակին ու ծխին նայելով՝ գյուղի ծերերը գուշակություններ են կատարել. եթե կրակի ծուխն ուղղվում է դեպի արևելք, նշանակում է այդ տարին պետք է բերքառատ լինի, իսկ արևմուտք ուղղվելու դեպքում երաշտ կլինի, կամ էլ սերմացուի համար՝ անհաջողակ տարի:

    Ծխի ուղղությամբ գուշակել են նաև, թե աղջիկը ուր հարս կգնա, կամ որտեղից հարս կբերեն:

    Տերընդեզի կրակի փոշին որպես դեղ օգտագործում էին հազի դեպքում (կուլ էին տալիս):

    Կրակով բուժել են որոշ հիվանդություններ:

    Տերընդեզի տոնակատարության ժամանակ գրեթե բոլոր տներում աղանձ են պատրաստել ցորենից, գարուց, կանեփից, կորկոտից, նույնիսկ ոսպից ու սիսեռից, որ գետինը չորանար:

    Խնամիների միջև տեղի էր ունենում աղանձափոխանակություն, որն ունի ենթիմաստ՝ այն, ինչ ես ունեմ, դու չունես, այն, ինչ դու ունես, ես չունեմ. մենք լրացնում ենք միմյանց՝ լիաբուռն ու ամբողջական դառնալով:

    Հարսնացուի կամ փեսացուի տանը աղանձ են պատրաստում, լցնում սկուտեղի վրա, մեջտեղում փոս են անում, մեջը շաքարաջուր կամ մեղր լցնում:

    Եթե աղջիկը նշանված է, փեսացուի հարազատները նվերներով և անպայման աղանձով գնում են հարսնացուի տուն, իսկ եթե աղջիկն արդեն ամուսնացած է, ապա աղջկա հարազատներն են նվերներով ու աղանձով գալիս փեսայի տուն, որտեղ բակում խարույկ են վառում, ահել ու ջահել թռչում են խարույկի վրայից, գալիս են նորապսակները, մեծ շրջան կազմած, վառված մոմերըձեռքներին կամ առանց մոմերի պտտվում են խարույկի շուրջը:

    Նորափեսայի մայրը ցորեն է շաղ տալիս շուրջպարի մասնակիցների վրա, նորահարսի գիրկը նորածին տղա երեխա են տալիս, որ առաջնեկը տղա լինի: Երբ շուրջպարը բոլորում է և հասնում
    կիզակետին, նորափեսան իր աջ գրպանից աջ ձեռքով երիտասարդ ամոլներին մի բուռ
    աղանձ է նվիրում՝ հանուն սերնդաճի:

    Այսպիսով՝ Տերընդեզի ծիսահմայական գործողություններն ու սովորույթները, ժողովրդական հավատալիքները տոնի անտրոհելի բաղկացուցիչներն են և փոխակերպումներով հանդերձ՝ կրում են վաղնջական պատկերացումների հետքեր՝ ապահովելով ազգաբնակչության, հատկապես նոր սերնդի ինքնահաստատումն ու տոնածիսական ակտիվ վարքագիծը»:

    Վերը շարադրվածի հավաստումներից է Տրնդեզի երգերից հետևյալը՝

    «Բոց ու կրակ, վերն՝ արեգակ,Այրենք,
    վառենք՝ չարը մարեք,
    Հանդ ու դաշտում մոխիր ցանենք,
    Բերքը առա՜տ–առա՜տ անենք:

    Նորապսակ, ահել–ջահել
    Խարույկին տան փորձանք պահեր,
    Խաղեր կանչենք, շուրջպար պարենք,
    Մեր մեծերի ծեսը պահենք:

    Ով մեկն ունի՝ հազար անի,
    Մեր աղանձը մեզ սատարի,
    Բարիքն Մասիս սարը հասնի,
    Տերնդեզը բարին բերի»:

    Երկինքն ու Երկիրը լուսավորող սրբազան Հուրն այսօր էլ բորբոքվում է՝ հրավառելով մեր սրտերը…

    Ոմանց համար՝ այլ իմաստով ու բացատրությամբ՝ հիշելով Հին Կտակարանի մի պատվիրան՝ «Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող»…(Բ. Օրինաց, 18;10):

    Երկրից աստղերին հասած Աստեղալեզ Ատրը (Հուրը) ձեզ հետ… (Լուսինէ Արարատի Աւետիսեանի գրչով արարված և աշխարհաբարի վերածած՝ «Տրընդէզ»- ից)՝

    Ատրը դէզի հետ,
    Ատրը դէզի հետ
    Տիրը վառեց մեր մէջ,
    Խաւարն այրեց։

    Բացեց ծէսը
    Արփահանդէս,
    Վառեց մեր մէջ
    Հուրը անտես։

    Հուրը երկրից
    Հասաւ աստղերին…
    Աստեղալէզ
    Ատրը ձեզ հետ…

    Գրաբարով (և Լուսինէ Աւետիսեանին՝ խորին շնորհակալությամբ)՝

    ՏՐԸՆԴԷԶ

    Ատր ընդ դէզ,
    Ատր ընդ դէզ
    Լոյց Տիր ի մեզ,
    Խաւար եկէզ։

    Եբաց զծէս
    Արփահանդէս,
    Վառեաց ի մեզ
    Զհուր անտես…

    Ատր յերկրէս
    Եհաս յաստեղս…
    Աստեղալէզ
    Ատր ընդ ձեզ…

    —————

    Ատր ֊ եթեր, հուր, կրակ

  • «…Ի ՏՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ…»

    «…Ի ՏՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ…»

    «…Ի ՏՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ…»

    Հոլանդացի նկարիչ՝ Ժան-Բատիստ Վանմուր (1671-1737) «Հայկական հարսանիք»
    Հոլանդացի նկարիչ՝ Ժան-Բատիստ Վանմուր (1671-1737) «Հայկական հարսանիք»

    1144 թվականին, Հայկական Միջագետքի ծաղկուն քաղաքի՝ Եդեսիայի պաշտպանները, հավատալով հակառակորդի՝ բնակչությանը չվնասելու խոստումին, անձնատուր եղան ու… կոտորվեցին…

    Ներսես Շնորհալու՝ Որդեկորույս մոր տեսքով անձնավորված Հայրենիքի սուգն է «Ողբ Եդեսիոյ» քերթվածում, որն, այնուամենայնիվ, բանաստեղծն ավարտում է վերապրածներին հոգեպնդելու հավատով, որ աշխարհի չորս ծագերից կգան, կհավաքվեն հալածյալներն ու ցրվածներն՝ «Ի տուն Հայրենի»…

    Թեև հետագայում, իր «Բան հաւատոյ» երկում, նա հիասթափությամբ էր հիշում «սուտանուն քրիստոնեաներին» («խաչակիրներին») միամտորեն հավատացող ու աջակցող իր հայրենակիցներին:

    Իր (ու մեր ազգի) համար «չար ժամանակների նեղությունների» մասին է գրել նաև Մատթեոս Ուռհայեցին (11-12-րդ դդ.)՝ տառապալից փորձություններից հետո գալիք բերկրալի օրերի հույսով ու համոզումով, ի հիշեցումն ապագայի սերունդներին:

    Շեշտելով նաև, որ «խաչակիրների կատարած բազում անիրավությունների մասին չի համարձակվում գրել, քանզի նրանց իշխանության ներքո են» («զբազում անիրաւութիւնս նոցա կամէի գրել, բայց ոչ համարձակեցաք, զի ընդ իշխանութեամբ նոցա էաք»:

    Դեռևս 3-4-րդ դարերից Սասանյան արքաների օրոք Հայոց զանգվածային բռնագաղթին ու տեղահանությանը հաջորդեց 7-14-րդ դարերում զանազան քոչվոր ասպատակողների (արաբ, սելջուկ, մոնղոլ) հետևանքով զգալի արտագաղթը՝ աշխարհիս տարբեր շրջաններ, միջնադարյան Եվրոպայի ու Ասիայի զանազան վայրեր:

    7-րդ դարի պատմիչ Սեբէոսն իր «Պատմության» մեջ հաղորդում է «Հայ իշխաններից Հայաստանը պարպելու՝ Մորիկի նենգ դավադրությունը», շարադրելով Բյուզանդիայի Մորիկ կայսեր հայտնի նամակն՝ ուղղված պարսից արքային, ուր արտացոլված է այդ շրջանում Հայոց նկատմամբ մղած քաղաքականությունը:

    Հիշենք, որ նա հորդորում էր Խոսրովին Հայաստանի՝ իր տարածքում գտնվող Հայերին տեղահանել՝ ինչպես ինքն էր Հայոց ըմբոստ ռազմիկներին ուղարկում Թրակիա.

    …Եթե այնտեղ սպանեն՝ կսպանեն իրենց թշնամիներին, թե սպանվեն՝ դարձյալ իրենց թշնամիները (Հայերը) կսպանվեն: Եվ իրենք խաղաղ կապրեն…

    «Ազգ մի ինքնակամ (օտար,Կ.Ա.) և անհնազանդ կա մեր մեջտեղում և անընդհատ ըմբոստանում է։
    Ուստի ե՛կ,- ասում է,- ես (Հայաստանի) իմ մասում եղածներին ժողովեմ և Թրակիայում հավաքեմ, իսկ դու՝ քո մասում եղածներին ժողովիր և հրամայիր Արևելք տանել։
    Որովհետև, եթե նրանք մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն, ու, եթե սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ մենք` կապրենք խաղաղ։
    Քանզի եթե դրանք իրենց երկրում լինեն, մենք հանգիստ չենք ունենա»։

    («Ազգ մի խոտոր և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն։ Բայց եկ, ասէ, ես զիմս ժողովեմ և ի Թրակե գումարեմ, և դու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել։
    Զի եթէ, մեռանին՝ թշնամիք մեռանին․ և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն․ և մեք կեցցուք խաղաղութեամբ։
    Զի եթէ դոքա յերկրի իւյեանց լինիցին՝ մեզ հանգչել ոչ լինի» ( Սեբէոս, «Պատմութիւն», էջ 86, 197):

    1045 թվականին, մայրաքաղաք Անիի հանձնումից հետո, կամ, թերևս, ինչպես Մատթեոս Ուռհայեցին է պատճառաբանում Բագրատունյաց թագավորության անկումը՝ 1076 թվականին՝ Գագիկ Բ-ի սպանությունից հետո, հայրենիքից հեռացած բազմահազար Հայեր սփռվեցին եվրոպական զանազան երկրներում (Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում), որտեղ կազամակերպված համայնքների մի չնչին մասն այսօր էլ գործում է:

    Լեհաստանում 14-րդ դարից մեծ ինքնավարություն ունեցող մեր ազգակիցների համար 1519-1780 թվականներին գոյություն ուներ ատյաններում գործող՝ հատուկ «Հայերի կարգավիճակ» արտոնությունը:

    Հիշյալ երկրներում «Հայկական» կոչվող բազմաթիվ փողոցների առկայությունից բացի, հիշարժան է
    13-14-րդ դարերում Ղրիմ թերակղզուն՝ ոմանց կողմից տրվող «Ծովային Հայաստան» անվանումը («Arménia Maritima», կամ՝ «Arménia Magna»՝ համաձայն «100 տարի, 100 իրադարձություն» Ծրագրի կայքի թիվ 74 -րդ գրառման, «100 Ans, 100 Fait»):

    Ներկայիս Թուրքիայի և Բուլղարիայի սահմաններում գտնվող հնագույն Թրակիայի շրջանում հայաբնակ բազմաթիվ գավառներ կային վաղնջական ժամանակներից ի վեր:

    Հիշյալներից է Բյութանիայի տարածքը (Սև և Մարամարա ծովերին հարող շրջանը՝ Նիկոմեդիա, (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա… հայտնի քաղաքներով), որտեղից մոտ 50 տարի առաջ կոտորածներից վերապրածների մի չնչին մասի սերունդները ներգաղթեցին Հայաստան՝ հիմնելով Երևանի մեծ թաղամասերից մեկը՝ Բութանիան:

    Միջնադարյան Հայ գրչության կենտրոններով հարուստ Բուլղարիայում գահակալել է Հայաստանի Դերջան գավառում ծնված Սամուել Կոմսաձագը (Cometopouloï) (997-1014թթ.), (Ստեփանոս Ասողիկի հաղորդմամբ):

    Կիլիկիայի Հայկական Թագավորության անկումից հետո (1375), բազմահազար Հայեր գաղթեցին Իտալիա, Ֆրանսիա և այլուր՝ ավելի ստվարացնելով հայրենիքից հեռու սփռվածների շարքերը:

    Իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչներից՝ Բոկաչոյի «Դեկամերոն» պատմվածաշարում Կիլիկիայի արձագանքը կա:

    Իտալիայում (Սիցիլիայում, Վենետիկում և այլուր) հայկական հարուստ հետքերին են անդրադարձել որոշ ուսումնասիրողներ՝ փաստելով 668 թվականից ի վեր եղած կապերը (հնագույն շրջանի փոխառնչությունները առանձին հետազոտության հարուստ նյութ են):

    16-17-րդ դարերում Արևելքի, Եվրոպայի ու Հնդկական օվկիանոսի ափերով ձգվող առևտրական ճանապարհներին Հայ մեծահամբավ վաճառականության դերը չափազանց կարևոր ու նշանակալի էր:

    Արևելքի՝ Լևանտի (ներկայիս Սիրիայի, Լիբանանի) շրջաններից մինչև Օրմուզ ու Հնդկաստան տարածվող առևտրական կապերի մեջ հայտնի՝ առաջատար բազմաթիվ Հայերի անուններ են պահպանվել զանազան երկրների արխիվներում:

    Ասվածի վկայություններից են Պորտուգալիայում պահպանված որոշ փաստաթղթեր ու նամակներ, որոնք հավաստում են 16-րդ դարի սկզբին Հայազգի կարևոր գործիչների, առևտրականների գործունեությունը…

    Հայերին ու պորտուգալացիներին վերաբերող բազմաթիվ գրություններ են ներկայացված Dejanirah Couto-ի՝ «Հայերը և Պորտուգալացիները 16-րդ դարում՝ Հնդկական օվկիանոսի լրատվական ցանցում» («Arméniens et Portugais dans les réseaux d’information de l’océan Indien au 16e siècle») ուսումնասիրության մեջ:

    Ուշագրավ բազմաթիվ դրվագներից հիշատակենք 1565 թվականին իր քարավանով Սասունի շրջանով անցնող՝ Mestre Afonso անունով պորտուգալացի մի առևտրականի՝ զարմանքով արտահայտած այն միտքը, համաձայն որի մոլեգնող ժանտախտի համաճարակի ժամանակ Սասունի Հայերն աներկյուղ կրում էին «վարակված հագուստներ, ու չէին հիվանդանում, կարծես նրանք երեք կյանք ունեին»…

    Հնագույն ժամանակներից ի վեր Հեռավոր Արևելքից (Առաջավոր Ասիայից) մինչև Մերձավոր Արևելք ու Եվրոպա ձգվող առևտրական ճանապարհների համբավավոր գործիչներն էին Հայ առևտրականները:

    Գտնվելով Արևելքի ու Արևմուտքի միջև՝ Հայկական բարձրավանդակով էին անցնում աշխարհիս կարևորագույն տարանցիկ ուղիները, որոնցով կապ էր ստեղծվում մերձակա ու հեռավոր երկրների միջև վաղնջական շրջանից սկսած:

    Այդ ճանապարհների հետքերն այսօր էլ պահպանվել են (ու կարծես վերստին գծագրվում են՝ Հայաստանում ասֆալտապատման բուռն աշխատանքների ծավալը վկա):

    Ոսկեթելի՝ մետաքսի կերպասագործ-վարպետների նուրբ, դիմացկուն գործվածքները, ու, հատկապես, որդան կարմիրով ներկված հայկական մետաքսաթել ծիրանին («Հայկական ծիրանին՝ բյուզանդացիների անվանած՝ «պորփյուրիկոնը»), լավագույնս գնահատված էր ամենուր…

    Եվ հետագայում՝ նույնպես…

    Ավելին՝ 16-17-րդ դարերում Արևելքի ու Եվրոպայի առևտրական ուղիներում հաջողությամբ՝ անվտանգ ճամփորդելու գրավականն էր դարձել նույնիսկ Հայ վաճառականի հանդերձը…

    18-րդ դարի եվրոպական գործիչներից ոմանց նախընտրած հագուստն էր Հայկական բաճկոնը (կաֆտան):

    Ֆրանսիական Լուսավորության շարժման ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Ժան-Ժաք Ռուսսոն գերադասում էր կրել միայն Հայկական բաճկոն՝ ինչպես հավաստում են իր բազմաթիվ նամակները…

    18-րդ դարում Արևմտյան Եվրոպայում խմորվում էր մշակութային մի ուղղություն (գրականության մեջ, կերպարվեստում…), որը բնութագրվում էր Արևելքի պատմության, մշակույթի, կենցաղի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ և կոչվում էր՝ Օրիենտալիզմ (Orientalisme):
    Ժամանակի նկարիչների վրձնած բազմաթիվ աշխատանքներում, նաև՝ փորագրություններում, հայկական հագուստներն են:

    Որոշ պատկերներ (նաև՝ Ժ.Ժ.Ռուսոյի տարբեր դիմանկարներ՝ միշտ Հայկական բաճկոնով)՝ ստորև…

    Ժան-Բատիստ Վանմուր «Հայ ընտանիք՝ սրճելիս»
    Ժան-Բատիստ Վանմուր «Հայ ընտանիք՝ սրճելիս»
    Ժան-Բատիստ Վանմուր «Հայուհիներ»
    Ժան-Բատիստ Վանմուր «Հայուհիներ»