Year: 2020

  • «ԽՐԱՏՔ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ»

    «ԽՐԱՏՔ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ»

    «ԽՐԱՏՔ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ»

    «Որդյա՛կ, անօրենն իր չար գործերից կընկնի, և արդարն իր բարի գործերի շնորհիվ կկանգնի»:

    Գրաբարով՝
    «Որդեա՛կ, անկանի անաւրէնն ի չար գործոց իւրոց, և կանկնի արդարն՝ ի բարի գործոց իւրոց»:

    Խիկար Իմաստունի՝ հազարամյակների խորքից հնչող այս խրատն ենք հիշում մեր օրերում՝ հավատով, որ, ի վերջո, Հայոց բազմադարյա պայքարն այս շրջանն էլ կհաղթահարի ու Նոր Հաղթանակներ կտոնի…

    Չարիքի դեմ չպայքարողը նպաստում է ոճրագործությանը:

    Դեռևս 2.000 տարի առաջ այս միտքն էր հիշեցնում հռոմեացի հռետոր ու քաղաքական գործիչ Ցիցերոնը և նշում նաև, որ, ինչպես Հողը՝ որքան էլ արգավանդ լինի՝ առանց մշակման բերք չի տա, այնպես էլ Մարդը՝ առանց հոգևոր զարգացման, օգտակար չի լինի:

    Հոգու և մտքի Լուսավորության կարևորությունը դեռևս վաղնջական ժամանակներից է շեշտվել:

    «Որդեա՛կ, լավ է կոյր աչաւք՝ քան զկոյր մտաւք. քանզի կոյր աչաւք արագ ուսանի զերթ և եկ ճանապարհին, իսկ մտաւքն թողու զուղղորդ ճանապարհ և երթայ ըստ կամս իւր»:

    Խիկար Իմաստունի բազմաթիվ խրատներից այս մեկն էլ՝ աշխարհաբարով՝

    «Որդյա՛կ, լավ է կույր լինել աչքով, քան՝ կույր՝ մտքով, քանզի աչքով կույրն արագ ուսանում է երթևեկը, իսկ մտքով կույրը թողնում է ուղիղ ճանապարհն ու ըստ իր կամքի է գնում»:

    Մեր ժամանակների օրացույցով մի Նոր տարվա սկզբի ազդարարմամբ մեր Ազգի Հոգևոր Վերազարթո՛նքն ու Վերե՛լքը թող մեկնարկվեն…

    Նշենք միայն, որ Հայկական տոնացույցով Հայոց հնագույն Սրբազան տոներից՝ Արևագալը՝ Միհրի Ծնունդը, նշվում է Ձմեռային Արևադարձին՝ Մեհեկան ամսվա Միհր օրը՝ Դեկտեմբերի 23-ին («Արևի Ծնունդն» է՝ երբ հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է՝ ամենաերկար գիշերին հաջորդում են երկարող ցերեկները, Արևն ավելի երկար ժամանակ է լուսավորում ու ջերմացնում Աշխարհը), իսկ Նոր Տարին Գարնանային Օրահավասարին է՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ Մարտի 21-ին՝ Բնության Վերազարթոնքի ազդարարմամբ (Քուրմ Յարութ Առաքելեանի հիշեցմամբ):

    Հզորների Ուժն իրենց Ոգու Անպարտելիությունն է:

    Մեր Բարձրաբերձ լեռների պես վսեմ ոգով Հայկազունները չեն ընկճվում արտաքին ու ներքին նենգ ոսոխի դավադրություններից:

    Մեր Նախնիների Անպարտելի Ոգով տոգորված՝ Հաղթակա՛ն ու Լուսառա՛տ Ապագա կերտենք մեր սերունդների համար…

    Կրկնելով մեր Մեծերի՝ ամեն տարեմուտին հնչեցվող ուսանելի խրատը՝ գործով բարի հիշատակ թողնելով անմահանալու կարևորությունը, հավելենք՝

    «Լավ է բարի անուն ունենալ, քան ցանկալի տեսք, քանզի գեղեցկությունն ապականվում է, իսկ բարի անունը մնում է հավիտյան»…

    «Որդեա՛կ, լավ է անուն բարի՝ քան զտեսակ ցանկալի. զի գեղեցկութիւն ապականի, և անուն բարի մնայ յաւիտեան» (Խիկար Իմաստունից, որի իմաստուն խոսքը մեկնաբանել ու հրատարակել է մի այլ Իմաստուն՝ Բարեհամբավ Արտաշես Մարտիրոսյանը)…

    Հավերժ Փա՛ռք մեր Հայրենիքի՝ բոլոր ժամանակների Քաջարի պաշտպաններին…🔥🇦🇲🇦🇲🇦🇲

  • «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ԱՎԵՏԻ՜Ս…ՇԱՐՈ՛Ց ԲԵՐԵՔ, ՊԱՍՏԵ՛Ղ ԲԵՐԵՔ, ԱՎԵՏԻ՜Ս»…

    «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ԱՎԵՏԻ՜Ս…ՇԱՐՈ՛Ց ԲԵՐԵՔ, ՊԱՍՏԵ՛Ղ ԲԵՐԵՔ, ԱՎԵՏԻ՜Ս»…

    «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ԱՎԵՏԻ՜Ս…ՇԱՐՈ՛Ց ԲԵՐԵՔ, ՊԱՍՏԵ՛Ղ ԲԵՐԵՔ, ԱՎԵՏԻ՜Ս»…

    Հազարամյակների հեռվից հնչող երգերը, որոնք հավերաժացել են սեպագիր սալիկներում, այսօր էլ  երգվում են մեզանում՝ տոներին, ծիսակատարություններին իրենց յուրահատուկ հմայքն ու իմաստուն փիլիսոփայությունը հաղորդելով:

    Կոմիտասի ու  հանճարեղ մյուս Հայորդիների շնորհիվ  պահպանված «բառն ու բանը» մեր Նախնիների աշխարհայացքի ու մտածողության թարգմանն են, նրանց ոգու անմահության գրավականը («Բան» բառը բազմիմաստ  է՝ ընդգրկում է և՛ խոսքը, և՛ գործը, և՛ ողջ իմացականությունն ու իմաստությունը)…

    Վերհիշենք Հայոց ազգային ոգով տոգորված բանահյուսությունից որոշ տողեր,  որոնք մեր Նախնիների տոնական տրամադրությունների պերճախոս թարգմանն են:

    Եվ Արևի ճառագայթների նման սեղանի շուրջ բոլորած, Արևի ճառագայթների նման փայլող գինու գավաթներով, մեր Անմահ Քաջերին  սիրելի անմահ ու անուշ գինով կրկնենք՝

    «Կեցցե՛ն մեր քաջ պատանիք
    Եվ նազելի գեղանիք»՝

    ինչպես երգում էր 19-րդ դարի Հայ անվանի  բանաստեղծ,  հասարակական գործիչ,  թատերագիր ու մանկավարժ Մկրտիչ Պեշիկթաշլյանն իր քերթվածքներում  («Երգ Բարեկենդանի», «Երգ»).

    ԵՐԳ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ

    Ոսկի ամպերուն մէջ մըտաւ արեւ,
    Եկէք բոլորինք սեղանին առջեւ.
    Քան արեւուն ճառագայթք
    Փայլի կարմիր այս գաւաթ։
    Գինի՛, գինի՛,
    Կու տաս ոգի.
    Բիւր անգամ
    Կը նետեմ գինին՝
    Կը զըւարթանամ։

    Սեղանն է իմին փառաց ասպարէզ,
    Թէ կու գան ցաւեր եւ հոգք աղեկէզ.
    Ես լաւ ուտել սորվեցայ
    Ես լաւ խըմել սորվեցայ։
    Գինւոյ փրփուր՝
    Բոցահուր,
    Մեծ ուրախութիւն
    Սըփռէ ընդհանուր։

    ԵՐԳ

    Անմահ, անուշ դու գինի,
    Շատ սիրելի ես քաջին,
    Զի գոյնդ արեան նմանի
    Պատերազմաց ի դաշտին.
    Բոսորափայլ քո փրփուր,
    Որ մեզ ի կռիւ փըչէ հուր,
    Թէ հաշտութիւն գայ արդար՝
    Փոխի ի ցօղ զովարար։

    Դափնիք քեզմով կ՚առնեն ոյժ,
    Կարմիր, կրակո՛տ դու գինի.
    Քեզմով զըւարթ եւ աշխոյժ
    Կ՚ըլլայ հեզիկ ձիթենի.
    Քեզմով վառի բոցագոյն
    Օրիորդին համեստ գոյն.
    Կեցցե՛ն մեր քաջ պատանիք
    Եւ նազելի գեղանիք։

    Որպես հեռավոր արձագանք մեր Նախնյաց սիրելի տոնի՝ Արևագալի, որը փառահեղ ծիսակատարություններով ու ջահավառությամբ նշվում էր  Մեհեկան ամսվա Միհր օրը (Դեկտեմբերի 23-ին), ի փառաբանումն Լույսի ու Բարության,  Ազնվության ու Արդարության հովանավոր Դիցի՝ Արդարադատ ու Բարեփառ Միհրի Ծնունդի, այսօր էլ «Ավետիսի»՝ Բարի լուրի ավետման երգերն են հնչում…
    Հեռավոր  անցյալում փոքր խմբերով տնետուն այցելելով  Արևի, Լույսի Ծագումը  գովերգող  երեխաների տված «Ավետիսները»  հետագայում  որոշ իմաստափոխմամբ  հարատևեցին:
    Ու ցարդ  շարունակվում  է մաղթանքը՝ «Ա՛չքդ՝ Լո՜ւյս», որպես  ուրախալի շնորհավորանք…

    «Այսօր արևն արդարութեան, ավետի՜ս,

    Այսօր արևն արդարութեան, ավետի՜ս:

    Շարո՛ց բերեք, պաստե՛ղ բերեք, ավետի՜ս,

    Մեր հարսներուն փա՛յն ալ  բերեք, ավետի՜ս,

    Թոնի՛ր վառենք, գաթա՛ թխենք, ավետի՜ս,

    Այդ գաթայից բաժի՛նք հանենք, ավետի՜ս»:

    Բազմերանգ ու աննկարագրելիորեն համեղ շարոցների, պաստեղների ու գաթաների առատությամբ ու լիությամբ գալիք երջանիկ  տարիներ Ազգիս Հայոց՝ անամոք  ու չսպիացող վերքերով լի այս դժվարին շրջանի շուտափույթ հաղթահարմամբ…🇦🇲🇦🇲🇦🇲

    Բերկրալի լուրի՝ Ավետիսի հաղորդման ժամանակ «Աչքնե՛րդ՝ Լո՜ւյս» ասող մեր ազգակիցները կրկնում են հազարամյակներ շարունակ  Լույսը գովերգող մեր Նախնիների բառերը, որոնք փառաբանում էին Արեգակ-Միհրին, օրհներգով՝

    «Այսօր Արևն Արդարութեան հաղթեց,
    Երևաց Լոյսը Հայկեան, երանի՜ աչքերին:

    Այսօր Նախնիները երկնքից իջան, երանի՜ աչքերին,
    Մեզ հետ օրհնում են Անմահ Արքային, երանի՜ աչքերին:

    Այսօր Սուրբ Լոյսն Անապական բազմեց
    Հայկի և մեր Հայրերի գահին, երանի՜ աչքերին»:

    (Փառաբանման տեքստը՝  Քուրմ Միհր  Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)…

    Արփիագեղ՝ Լուսափայլ ու Հրաշագեղ Ճառագայթներով
    (Լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)

  • «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵՑ, ԵՐԵՎԱՑ ԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԵԱՆ, ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ»…

    «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵՑ, ԵՐԵՎԱՑ ԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԵԱՆ, ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ»…

    «ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԵՑ, ԵՐԵՎԱՑ ԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԵԱՆ, ԵՐԱՆԻ՜ ԱՉՔԵՐԻՆ»…

    Անհիշելի ժամանակներից ի վեր Հայոց մեջ փառաբանվել, օրհներգներով բարեբանվել է Լույսը՝ իր իմաստով ու խորհրդով…

    Հնագույն ծիսական ավանդույթների հիման վրա հետագայում ձևավորված «Արևագալի երգերը» մինչ օրս հնչում են պաշտամունքային արարողությունների ընթացքում՝ հիշեցնելով մեհենական ծիսակատարությունները:

    Մեր Նախնիների ստեղծած՝ Արևածագին նվիրված երգերը ոչ թե Արևի պաշտամունքին, այլ՝ Լույսի՛, Ցոլքի, Փայլի՝ խորհրդաբանորեն՝ Արարչական Էության փառաբանումն են:
    «Արևագալի ժամերգության» մեջ հստակ հնչում է՝
    «Լույս, Արարիչ Լուսոյ»…
    «Լոյս, ի Լուսոյ ծագումն Արեգակն Արդար»,
    «Ի ծագել Լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զԼոյս քո իմանալի»:

    «Խավարը հալածող» «Լույսը Բարի», («Լույս՝ լուծիչ խավարի», «Լույս Արեգական պայծառության, փարատիչ խավարի»), նաև Իմաստության Լույսն է («Լուսոյ Խորան», «Սրբալույս Մյուռոն»)…
    Այլաբանական իմաստով՝ առանց Իմացության Լույսի՝ Բանականության բացակայությունը Հոգու «մթությունն ու խավարն է»:

    «Լույս Զվարթ», «Լույս Փառաց»-ը գովերգող մեր Նախնիների համար Լուսերևույթն է էականը՝ Լուսեղեն Երևույթը Երկնային…

    Լուսափայլությունն է Դիցերի Էությունը, ինչպես Ճաճանչափայլ Արեգակը, Փայլակը, Շանթը, Կայծակը (և ոչ թե «Մթնոլորտային տեղումների աստվածությունը», ինչպես նշվում է ուսումնասիրողների կողմից):

    Արարչագործության պատումներում՝ ի սկզբանէ Խավարն էր, որ Գիշեր կոչվեց՝ Լույսն ստեղծվելուց հետո:
    «Մինչև լեալ էր Լոյսն Աշխարհի, ո՛չ գիշեր էր, այլ՝ Խաւար. իսկ յետ երևելոյ Լուսոյն՝ եկն նախ անուն տուընջեանն, և ապա յետոյ և Խաւարն գիշեր կոչեցաւ.(Վեցօրեայք, Բ): «Տևումն Լուսոյն ի վերին կիսագունդն Տիւ է. Տիւն միշտ Տիւ է՝ ուր երթայ Արեգակն», մեջբերումները՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

    «Դիցը»՝ «Դիւց», համաձայն Հ Աճառյանի՝ «Հայերէն արմատական բառարանի» մեկնության, «Տիւ»-ից է ծագում՝ «Փայլիլ, շողալ» ձևից:

    «Դի» նշանակում է «Լույս, Պայծառություն, Շողք, Փայլել»:

    Հետևաբար, Հայոց հնագույն հավատալիքների մասին խոսելիս հարկ է քաջ գիտակցել, որ Դիցերն Արարիչ Ուժերն են խորհրդանշում, և այդ Արարման մի մասնիկն էլ Մարդն է, «որի միջոցով է միայն հնարավոր բացահայտել Մարդու և Տիեզերքի Ինքնությունը (Բնույթը)» (Քուրմ Միհր Հայկազունու խոսքերով)…

    «ԱՅՍԱՒՐ ԱՐԵՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԵԱՑ,
    ԵՐԵՒԵՑԱՒ ԼՈՅՍՆ ՀԱՅԿԵԱՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԱՅՍԱՒՐ ՆԱԽՆԻՔ ՅԵՐԿՆԻՑ ԻՋԻՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԸՆԴ ՄԵԶ ԱՒՐՀՆԵՆ ԶԱՆՄԱՀ ԱՐՔԱՅՆ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ։
    ԱՅՍԱՒՐ ՍՈՒՐԲ ԼՈՅՍՆ ԱՆԱՊԱԿԱՆ ԲԱԶՄԵՑԱՒ
    Ի ԳԱՀ ՀԱՅԿԱՅ ԵՒ ՀԱՐՑՆ ՄԵՐՈՅՑ, Ա՜ՒՇ ԱԿԱՆՑ»։

    Գրաբարից՝ աշխարհաբար՝

    «Այսօր Արևն Արդարութեան հաղթեց,
    Երևաց Լոյսը Հայկեան, երանի՜ աչքերին:
    Այսօր Նախնիները երկնքից իջան, երանի՜ աչքերին,
    Մեզ հետ օրհնում են անմահ արքային, երանի՜ աչքերին:
    Այսօր Սուրբ Լոյսն Անապական բազմեց
    Հայկի և մեր Հայրերի գահին, երանի՜ աչքերին»:

    (Փառաբանման տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)…

    Կրոնագիտության և հնագույն շրջանի սակավաթիվ մասնագետներից բացի՝ «Անապական Սուրբ Լույսի» խորհրդանիշ Միհրի և նրա պաշտամունքի մասին գրեթե չի խոսվում:
    Մինչդեռ, վաղնջական ժամանակներից ի վեր, Ձմեռային Արևադարձի օրն առանձնահատուկ փառաբանությամբ է նշվել:
    Տարվա մեջ ամենաերկար գիշերն ունեցող այդ օրը միաժամանակ նաև Լույսի՝ Ցերեկվա երկարելն է խորհրդանշում:
    Զանազան մեկնաբանությունների խորհրդով՝ Լույսի Հաղթանակն է Խավարի, Մթության հանդեպ…

    Հայոց մոտ հազարամյակների հեռվից եկող՝ «Անհաղթ ու Արդար Արեգակի»՝ Ճշմարիտ Լույսի և Արդարության Դիցի՝ Միհրի պաշտամունքը հետագայում տարածվեց այլուր՝ Պարսկաստանից մինչև Հռոմեական կայսրություն և ավելի հեռուներ ձգվող տարածքներում:

    Հռոմեական կայսրությունում դեկտեմբերի 17-ից սկսվող տոնակատարությունները շարունակվում էին 4-5 օր, այնուհետև, Դիոկղետիանոսի օրոք, ձգելով մինչև դեկտեմբերի 24-ը (ավելի ուշ՝ քրիստոնեությունը պահպանեց այդ օրը՝ որպես Աստծու որդու ծննդյան օր):

    Ուխտի՝ Դաշինքի, Համաձայնագրի Անսասանության հովանավորն ու Ուխտադրուժի՝ (Միհրադրուժի) հալածողն ու պատժողն էր Վիմածին Միհրը, որն, ըստ ավանդության, ծնվել էր Երկնքից քարայր թափանցած Ճառագայթի Ցոլքից, աջ ձեռքում՝ Դաշույն՝ ի նշան Ուժի և Աշխարհում Արդարության հաստատման ու պահպանման, ձախ ձեռքում՝ Ջահը՝ Կենսատու, Արարիչ Լույսը՝ Մարդկանց Իմաստնությամբ լուսավորելու և Աշխարհում ներդաշնակություն հաստատելու համար…

    «Աջ ձեռն իմ ունի զդաշոյն, որով պահպանէ զԱրդարութիւն ի վերայ Երկրի,
    եւ յահեկի ձեռքն իմում Ջահ իցէ, որ նշանակէ Արարչական Լուսոյ եւ Արեւու»:

    «Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկտեմբերի 23-ին, այս՝ 2020-ի նահանջ տարում՝ դեկտեմբերի 22-ին), Հայկական Սրբազան Տոմարի համաձայն, Բարեփառ Միհր դիցի ծննդյան՝ Արեւագալի տոնն է:

    Ըստ Հայկեան Սրբազան ավանդության՝ Արեւագալի տոնին Արեւորդիները Քրմերից ստանում և ճաշակում են Արևհաց և Գինի, որից հետո, Արևորդիները հնարավորություն են ստանում Ատրուշանի Սրբազան Հուրից մի մասնիկ իրենց հետ տանել օջախները՝ ի նշան Սրբության, Օրհնության և Խաղաղության» (Քուրմ Յարութ Առաքելեանի մեկնաբանությամբ)…

    5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի վկայմամբ՝ Երկրին Լիություն, Բարօրություն էին բաշխում ու Մարդկանց Արիություն պարգևում Դիցերը…
    «Թող ողջություն և խաղաղություն հասնի Դիցերի օգնությամբ,
    պարարտ լիություն՝ Արի Արամազդից,
    խնամակալություն՝ Անահիտ Տիկնոջից,
    քաջություն ամենայն Հայոց Աշխարհիս՝ Քաջն Վահագնից…»
    (Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց», Գլ. Ժ. 127, էջ 81):

    Գրաբարով՝ Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ՝

    «ՈՂՋՈՅՆ ՀԱՍԵԱԼ ԵՒ ՇԻՆՈՒԹԻՒՆ ԴԻՑՆ ԱՒԳՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ,
    ԼԻՈՒԹԻՒՆ ՊԱՐԱՐՏՈՒԹԵԱՆ՝ ՅԱՐՒՈՅՆ ԱՐԱՄԱԶԴԱՅ,
    ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ՝ ՅԱՆԱՀԻՏ ՏԻԿՆՈՋԷ,
    ԵՒ ՔԱՋՈՒԹԻՒՆ ՀԱՍՑԷ ՁԵԶ
    Ի ՔԱՋՆ ՎԱՀԱԳՆԷ ՅԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ»…

    Հ.գ. «Անհաղթ ու Անպարտ Միհրի» մասին մի այլ գրառում՝ նշված կայքում.
    https://karineavetisyan.am/archives/462

  • ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

    ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

    ԿՈՆԴԻՑ՝ ԿԻԼԻԿԻԱ՝ ՏԱՎՐՈՍԻ ԼԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ…

    Հազարամյակների պատմության ականատես մեր մայրաքաղաքում հնամյա Կոնդն իր բաձրադիր տեսքով առանձնահատուկ շունչ է հաղորդում Երևանին: Բոլորակ բլրի բարձունքին «թառած», նեղլիկ ու խորդուբորդ փողոցներով՝ Երևանյան այս թաղամասն իր սանդուղքաձև դասավորված տներով պատմական մեծ արժեք ունի:

    Նմանատիպ դասավորվածությամբ տներ կան քաղաքաշինության հնագույն հետքերը կրող մի հնավայրում՝ հեռավոր Կիլիկիայում, Ադանայից հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթալ-Հույուկ (թարգմանաբար՝ «Երկճյուղ Բլուր») վայրում՝ Կոնիայում, որը, ինչպես կարդում ենք «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում», 18-րդ դարի թուրք պատմաբան Իզզիի հաղորդմամբ, եղել է «Մեծ Արմենիայի մայրաքաղաք» (Կիլիկիայի Գարաման գավառն էր՝ Կարամանի նահանգը):

    1951 թվականից ի վեր իրականացվող հնագիտական պեղումների շնորհիվ այստեղ բացահայտվել են երկճյուղ բլրի վրա կառուցված բազմաթիվ բնակելի շինություններ՝ մեկը մյուսին կպած, կից պատերով (նույն պատն էր միմյանցից բաժանում բնակելի տարածքները):

    Պատմության մեջ հայտնի առաջին քաղաքներից մեկն է հիշյալ հնավայրը (ն.թ.ա 8-րդ հազարամյակին վերագրվող շերտով), ուր, փողոցների բացակայության պատճառով, տնից-տուն անցումը շինության՝ «խոհանոցի» մի անկյունում դրված փայտե աստիճաններով էր կատարվում:

    Պեղումներից հայտնաբերված հարուստ նյութերից է այստեղ գտնված որմնանկարը՝ ժայթքող հրաբխով լեռան շուրջ 80 կացարանների պատկերով:

    Ըստ մասնագետների՝ այդտեղից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հասան լեռն է «քարտեզում»:

    Կիլիկիայի Կարաման նահանգի Նիկտե գավառում, Ադանայից 120 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մրգատու այգիների ու պարտեզների մեջ, անհիշելի ժամանակների յուրօրինակ մի վկա է Անահիտ Դիցուհու անվան հնչյունափոխված ձևով պահպանված՝ Նահիտա կամ Նախիտա անունը կրող քաղաքը, որը 14 -րդ դարում արաբական գրությամբ հնչունափոխվեց ու վերածվեց Նիկտեի (Նիգդե)…

    Հայոց մեջ Դիցուհու անվան «Նահիտ» ձևով կիրառումը պահպանվել է Ղ. Ալիշանի հիշեցրած՝ Հայոց մայրաքաղաք Անիին նվիրված մի քերթվածում՝ վերնագրված՝ «Անդորրանք Անւոյ», ուր Անիի քաջարի պաշտպան Այծեմնիկը ներկայացվում է որպես մի «նոր Արծաթաղեղն Անահիտ»՝ «Արծաթաղեղն Նահիտ նոր»…

    Նիկդե քաղաքի ամենահին բնակիչները Հայերն էին (տեղեկացնում է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը»), որոնք մինչև 1915 թվականն այստեղ ապրում էին հույների և այլ ազգերի հետ:

    Նիկտեի «Պատմության թանգարանի» մուտքի առջև Թեշուբի՝ Փայլակի, Շանթի, Կայծակի Դիցի քանդակն է՝ ուշ խեթական շրջանից (ն.թ.ա 8-7-րդ դարերից)՝ «Անահիտի թագավորությանը» պատկանող հուշարձաններից է (սեպագիր արձանագրություններում՝ Տիանա, Տուվանուվա):

    Նշենք, որ Նիգդեում է ծնվել Հայ ճարտարապետ, հատկապես Հայ ժողովրդի ծագման խնդիրների շուրջ քննական ուշագրավ ուսումնասիրություններով հայտնի՝ Մարտիրոս Գավուկչյանը (1908-1988):

    Ազգային խորհրդակցական ժողովի «Փաստաթղթերի հանձնաժողովի» թույլտվությամբ Կոնստանդնուպոլսում 1919 թվականին հրատարակված՝

    «Հայաստան: Աշխարհագրական, պատմական, ցեղագրական, վիճակագրական եւ մշակութային տեսակէտներով»: Իւրացուած ազգ. խորհրդակց. ժողովի «Փաստաթուղթերու յանձնախումբ»-էն» գրքում խոսվում է Կիլիկիայի հնագույն շրջանի բնակչության՝ Խեթերի, Խաթերի (Հաթերի) մասին, նշելով, որ համաձայն օտարազգի մասնագետների՝ լեզվաբանների (Ենսենի և այլոց), մարդաբանների ուսումնասիրության, Խեթերը Հայերի նախնիներն են, ունեն ցեղային, լեզվական, կրոնական և այլ ընդհանրություններ (նույնը փաստում էի վերջին տարիներին՝ նշված խնդրին առնչվող իմ բազմաթիվ գրառումներում, հատկապես, որ խեթերի մայրաքաղաքից հայտնաբերված սեպագիր տեքստերում մեր՝ ցարդ գրեթե նույնությամբ պահպանված տոներն ու ծիսակատարություններն են նկարագրված)…

    Վերոհիշյալ ուսումնասիրության հեղինակն է Հայ պատմաբան, բանասեր ու մանկավարժ Գևորգ Մեսրոպը (1881-1948), որը Կ.Պոլսում դասավանդել է Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն, Հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, Հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։

    Նա գլխավորել է նաև Կոնստանդնուպոլի Հայկական պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։

    ներում):Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ Նրա գրած «Հայոց պատմության» դասագրքերով են ուսուցանել մեր ազգի պատմությունը սփյուռքի Հայ կրթօջախներում (տարրական և միջին 4 դասարաններում):

    Կիլիկյան Տավրոսի լեռնաշղթայի տարբեր շրջաններում, ինչպես և Հայկական ողջ Լեռնաշխարհում ու հարակից տարածքներում, անհիշելի ժամանակներից եկող պատմություններ են հյուսել մեր Նախնիները:

  • «ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ՃՇՄԱՐԻ՛Տ ՀԱՅԵՐ՝ ՔԱՋԱԲԱ՛Ր»… Կամ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ»՝ ԱՅԼ ԽՈՍՔՈՎ ՝ «ԿԱՄԱՎՈՐ»…

    «ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ՃՇՄԱՐԻ՛Տ ՀԱՅԵՐ՝ ՔԱՋԱԲԱ՛Ր»… Կամ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ»՝ ԱՅԼ ԽՈՍՔՈՎ ՝ «ԿԱՄԱՎՈՐ»…

    Փարիզի Հայ Կամավորականները

    Հայկյան ազատատենչ ոգով տոգորված՝ բոցավառ հայացքով Հայկազուններին որպես քաջաբար կռվողներ են հիշում սերունդները՝ Մայր Հայրենիքում և նրա սահմաններից շատ հեռու…

    «Աոաջին աշխարհամարտին, համաձայն պաշտոնական տվյալների, Ռուսական կայսրությունում բնակվող յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեց բանակ: Կայսրությունում բնակվում էր 2 միլիոն 54 հազար հայ, նրանցից 250000-ը զինվորագրվեց ռուսական բանակ (Գ. Ղորղանյան «Հայերի մասնակցությունը համաշխարհային պատերազմին՝ Կովկասյան ռազմաճակատի վրա 1914-1917թթ.», «Հայրենիք», թիվ 11-12, Բոստոն, 1927, էջ 12, մեջբերված՝ Մուրադ Կարապետյանի՝ «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին Կովկասյան ճակատում և կամավորական շարժումը» ուսումնասիրությունից, ուր հեղինակն անդրադառնում է Կովկասյան ռազմաճակատում թուրքական զորքերի դեմ մարտնչող Հայ զինվորականների ստեղծած կամավորական ջոկատների գործունեությանն ու ցուցաբերված ակտիվության հիմնավոր պատճառներին (Անդրանիկի, Դրոյի, Համազասպի, Քեռու, Վարդանի, Հովհաննես Ջամփոլադյանի, իշխան Հովսեփ Արղությանի գլխավորությամբ), հիշատակելով նաև նրանց ապահով ուղեկցությամբ հարյուր հազարավոր Հայերին կոտորածներից փրկելով Արևելյան Հայաստան հասցնելը.

    «…Հայկական աոաջին կամավորական խումբն, Անդրանիկի հրամանատարությամբ, նահանջելով Դիլմանի շրջանից, 1914թ. դեկտեմբերին ապահովեց այդ շրջանի մեծաքանակ հայ ազգաբնակչության գաղթը’ Արևելյան Հայաստան, իսկ 2-րդ կամավորական խումբը, Դրոյի հրամանատարությամբ, նույն’ դեկտեմբեր ամսին դուրս բերեց հայ ազգաբնակչությունը Ալաշկերտի դաշտավայրից, որի շնորհիվ թուրքական կոտորածներից փրկվեցին հազարավոր հայ կյանքեր:

    1915թ. հունիսի վերջին, ռուսական բանակի ընդհանուր նահանջի ժամանակ, նույն’ 2-րդ հայկական խումբն ապահովեց նաև Բերկրիի ճանապարհով դեպի Կովկաս անցնող 200 հազար հայ գաղթականության անվտանգությունը: Բերկրիից նահանջելուց մեկ օր անց Դրոն’ հեծյալ մի խմբով կրկին վերադարձավ Բերկրի և այստեղից Արևելյան Հայաստան հասցրեց մեծաքանակ հայ որբեր»:

    Թուրքիայի դեմ պատերազմում ռուսաստանաբնակ Հայության կողքին համընդհանուր ոգևորությամբ մարտնչում էին ոչ միայն «կովկասաբնակ» և Թուրքիայում ապրող Հայերը, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրների Հայ համայնքների Հայությունը (Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՍՆ-ում ավելի վաղ հաստատվածները…):

    Հ. Երեմյանի խոսքերով՝ «Տուն, գործ, քոլեջ կամ համալսարան կլքեն, դեպի Հայաստանի ռազմաճակատ վազելու աճապարումով» (մեջբերումը՝ Մ.Կարապետյանի՝ վերոհիշյալ ուսումնասիրությունից):

    Նկարագրելով առաջին իսկ օրերից պատրաստակամ պայքարին իրենց մասնակցությունը բերած Հայ երիտասարդությանը, Ֆրանսիայում բնակվող Հայորդիներից մեկը՝ Արամ Թյուրաբյանը հիշատակում է Ալեքսանդրապոլի մի դպրոցից մեկնած 7 ուսանողներից կրտսերին՝ 15 տարեկան, որին մերժել էին հավաքագրել տարիքի պատճառով…

    «Կարսի գիմնազիայում ուսանող բազմաթիվ աղջիկներ նույնիսկ տղամարդկանց հագուստով «ծպտված» ներկայացել են «Կոմիտեի» (Զինվորագրող հանձնաժողովի, Կ.Ա.) առաջ՝ կամավորագրվելու, սակայն բացահայտվել է նրանց խորամանկությունն ու մերժվել են:

    Էջմիածնի հայկական կրթարանում (սեմինարիայում) չլսված բաներ են կատարվում. օր չկա, որ աշակերտներից մեկը «չանհետանա», 7-րդ դասարանի բոլոր աշակերտները Անդրանիկի Խմբում են զինվորագրվել»,- կարդում ենք 1917 թվականին Մարսելում՝ Արամ Թյուրաբյանի հեղինակությամբ հրատարակված՝ Հայ Կամավորականները ֆրանսիական դրոշների ներքո» վերնագրված գրքում, ուր համախմբված են Հայ Կամավորների 105 լուսանկարներ, զինվորագրվածների անվանացանկեր, ժամանակի մտավորականների ճառերից հատվածներ)…

    1914 թվականի օգոստոսի 5-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում ապրող Հայերի կողմից Արամ Թյուրաբյանի հնչեցրած կոչով՝ տպագրված ժամանակի տարբեր երկրների թերթերում, անմիջապես մոտ 400 Հայ կամավորականներ են զինվորագրվում Ֆրանսիական բանակում:

    Անտանտի երկրների ներկայացուցիչների՝ Մ. Սայքսի, Ժ.Պիկոյի և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա՝ օսմանյան կայսրության դեմ Ֆրանսիական բանակում՝ Ֆրանսիայի սպաների հրամանատարությամբ գործող Հայկական Լեգեոնի (Գումարտակի) մասնակցության դիմաց, Ֆրանսիայի խոստումով, Կիլիկիայի Հայերին ինքնավարություն պիտի տրվեր:

    Շուշիի գավառում ծնված Հայ քաղաքական գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանին 1915 թվականին գրած իր նամակում, Պողոս Նուբարը հույս էր հայտնում, որ՝ «…Այս կամավորականները, որոնք մարտնչում են Անտանտի կողմում… մեզ իրավունք կարող են տալ մեր ձայնը լսելի դարձնելու, երբ ժամանակը կգայ՝ յայտնելու մեր իրաւացի և համեստ պահանջները»:

    «Հայկական լեգեոնի» մարտիկներ, 1918 թ.(լուսանկարը՝ Գևորգ Նազարյանի էջից)

    Հայերի կողմից պարզապես «ԿԱՄԱՎՈՐ» անվանվող այս մարտիկների շարքերը հետագայում համալրեցին նաև Մուսա Լեռան հերոսամարտի քաջարի մասնակիցներից շատերը, որոնք ապաստանել էին Եգիպտոսում՝ Պորտ-Սայիդում, ուր պաշտպաններից ընդհանուր թվով 4083 վերապրածներ էին տեղափոխվել:

    Հիշյալ գումարտակը՝ «Հայկական լեգեոնը», հատկապես նշանակալից հաղթական գործողություններ է ծավալել Մերձավոր Արևելքի ճակատում՝ Ադանայում (Արևմտյան Հայաստան), Արարայում՝ Ռաֆատ գյուղի մոտ՝ «անառիկ» համարվող բլրաշղթայում (Պաղեստին)…

    Արարայի խելահեղ, արյունալի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 Հայ զինվորներ «Մարտական խաչ»-ով են պարգևատրվել…

    1918 թվականին Բեյրութում ստեղծված 4-րդ գումարտակում 5.000 Հայ մարտիկներ կային…

    Օսմանյան կայսրության մեջ՝ Արևմտյան Հայաստանում բնակվող ավելի քան 300.000 Հայ զինվորականներ աշխատանքային գումարտակներում ծառայությունից հետո սպանվել են…

    Նշենք, որ որոշ ժամանակ «Արևելյան լեգիոն» (Légion d’Orient) կոչվելուց հետո, 1919 թվականի փետրվարի 1-ից այն կրկին վերանվանվել է «Հայկական լեգիոն» (Légion Arménienne)՝ մինչև լուծարումը՝ 1920 թվականի սեպտեմբերի 1-ը:

    Հատուկ հրամանագրի հրապարակումից հետո այս ջոկատի անդամներն այնուհետև կարող էին մի նոր պայմանագրով ծառայության անցնել Ֆրանսիական բանակի՝ «Օտարազգիների լեգիոնում» (վերջինս ցայսօր գոյություն ունի):

    Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի բանակներում Առաջին Համաշխարհայինի ժամանակ զորակոչված ավելի քան 50.000 Հայորդիներն իրենց արիությամբ ու խիզախությամբ Պատմություն կերտեցին:

    Ու նրանք, ինչպես և մյուս երկրների բանակների կազմում մարտնչած Հայկազուններն ու նրանց սերունդները նույնպես, դեռևս սպասում են Պատմության որոշ էջերի «շտկմանը»…

    Առաջին աշխարհամարտի մասնակից՝ ԱՄՆ-ի բանակի հարյուրավոր ամերիկահայ զինվորներ՝ 1920 թ. ապրիլի 14-ին՝ Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց՝ իրենց շնորհակալությունն են հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանն ու Հայությանը սատարելու համար (լուսանկարն ու մեկնաբանությունը՝ Գևորգ Նազարյանի էջից)

    Հ.գ. Առաջին Համաշխարհային պատերազմին Հայերի մասնակցության մասին որոշ մանրամասներ՝ ստորև (Արամ Թյուրաբյանի գրքում մասնակիցների երկար անվանացանկերում նույնիսկ իմ մի ընկերոջ ազգականներից հայտնաբերվեց)…😊

    https://hy.m.wikipedia.org/wiki/Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին

    https://archives.webaram.com/old/AA-VOLONT-TURAB-17/mobile/index.html

    Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատան հուշարձանը՝ նվիրված Ֆրանսիայի համար զոհված Հայորդիներին…

    Համազասպի գնդի զորահանդեսը Էջմիածնում

  • ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱԽՈՍ ՎԿԱՆԵՐ…

    ՔԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱԽՈՍ ՎԿԱՆԵՐ…

    Վերջին ամիսներին հաջորդող այս լարված օրերին, առավել քան երբևէ, կարևորվում են հին քարտեզների դերն ու նշանակությունը՝ երկրների պատմության, սահմանների մասին իրենց հաղորդած տեղեկություններով…

    Լուսանկարում՝ 1919 թվականին Փարիզի Խաղաղության վեհաժողովում Հայկական պատվիրակության ներկայացրած՝ Զ. Խանզադյանի ձեռամբ գծված՝ «Առյուծաձև» Հայաստանի քարտեզը… Անհիշելի ժամանակներից ի վեր Հայոց մեջ պահպանված՝ առյուծի՝ ընձառյուծի, հովազի խորհրդանիշն ու իմաստը՝ մի այլ առիթով…

    Ժայռապատկերներից մինչև կավե սեպագիր սալիկների ու փայտի, ոսկրի վրա փորագրված կամ մագաղաթի, պապիրուսի, մետաքսի վրա նկարված հնագույն քարտեզներում զանազան նպատակներով գծվել-մեկնաբանվել են «տեղանքները»՝ Երկնքում և Երկրի վրա:

    Գյուղատնտեսական աշխատանքների համար և հավատալիքների համակարգում վաղնջական ժամանակներից ի վեր կարևորվում էին Լուսատուները:
    Նրանց «շրջապտույտ-շքերթն» էր «թելադրում-պայմանավորում» կյանքը Երկրի վրա:

    Եվ առաջին քարտեզները ոչ թե Երկիրն էին ուսումնասիրում, այլ՝ Երկինքը, դրոշմելով մարդկանց կյանքում կարևոր դեր ունեցող տիեզերագիտական առաջին գիտելիքները (Աստեղատները՝ Համաստեղությունները ցարդ գրեթե անփոփոխ են՝ իրենց անվանումներով ու խորհրդանիշներով):

    Մինչ ժամանակակից ճշգրիտ գիտություն դառնալը, քարտեզագրությունը հնագույն շրջանում մարդկանց համար տեղանքի կարևորությունը (սրբազան բնույթը) նշելով պահպանելու — հավերժացնելու մի ձև էր և միջոց:

    Իրենց շրջապատի առանձնահատուկ վայրերը պատկերելու առաջին փորձերից է Պորտասարից քիչ հեռու, այսօր Չաթալ Հույուկ (անվանումը՝ տեղանքի ձևից՝ թարգմանաբար՝ Երկճյուղ, Երկժանի բլուր) անունով հայտնի հնավայրից 1963 թվականին հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված «քարտեզը»՝ ժայթքող հրաբխի մերձավորությամբ տեղակայված մոտ 80 շինությունների պատկերով, որն, ըստ մասնագետների, թվագրվում է ն.թ.ա. 6.200 թվականով:

    Ժայթքող հրաբխի պատկերով «քարտեզ»՝ Չաթալ Հույուկից (մանրամասները՝ մի այլ առիթով)…

    Մեր բազմահազարամյա պատմության պերճախոս վկանե՛րն են նաև քարտեզները, ուր ամբարված են տարբեր ժամանակահատվածներում մեր նախնիների պատմությունն ու մշակույթը:

    Քարտեզը մեր Հայրենիքի՛ խորհրդանիշն է՝ իր սահմաններով, սրբազան լեռներով ու գետերով…

    1919 թվականի Փարիզի Հաշտության վեհաժողովի (Խաղաղության կոնֆերանի) աշխատանքներին կարևոր դեր ու մասնակցություն է ունեցել Հայազգի անվանի քարտեզագետ՝ Զատիկ Խանզադյանը (1886-1980): Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանն ավարտելուց հետո նա ուսուցանել էր Փարիզի Նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցներում՝ ստանալով կոմանդորի կոչում։

    Զատիկ Խանզադյան

    1913 թվականին, հիմնվելով եղած որոշ քարտեզների վրա, Խանզադյանը գծագրել է «Թուրքահայաստանը և իր վեց գավառները» քարտեզը, որն այսօր պահվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում:

    https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b8445851s

    Նա եղել է նաև «Ազգերի Լիգայի» աշխարհագրագետ-քարտեզագետը, 1920-1932 թվականներին կազմել և հրատարակել է Թուրքիայի տնտեսական աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտեսական աշխարհագրության և այլ ատլասներ։

    1919-ին Փարիզյան խորհրդաժողովին Հայկական պատվիրակությունը նրա՛ պատրաստած՝ «Պատմական Հայաստանի Աշխարհագրական միասնության Ատլասն» է ներկայացրել՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի սահմանները փաստող 25 քարտեզներով:

    Բացառիկ կարևորություն ու նշանակություն ունեցող հիշյալ քարտեզները՝ անհրաժեշտ նաև այսօրվա Հայ դիվանագիտության համար, ստորև…

    Հայաստանի սահմանները՝ ըստ Վիլսոնի «Իրավարար վճռի»
  • «ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ՈՐ ՇՈՂԱՑԻՆ ՈՒ ՉԿԱՆ»…

    «ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ՈՐ ՇՈՂԱՑԻՆ ՈՒ ՉԿԱՆ»…

    «ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ՈՐ ՇՈՂԱՑԻՆ ՈՒ ՉԿԱՆ»…
    (Վ. Տերյանի խոսքերով՝ ի փառս մեր Անմահացած Հայկազունների, որոնք մնացին մեր սրտերում)

    Արցախ, Դիզափայտ
    Արցախ, Դիզափայտ

    Հազարամյակների ճամփորդ Հայ ազգս կրկին աղետալի փոթորիկների շրջանում հայտնվեց:

    Ու պայթող ռումբերի սփռած կորուստի ծանր լռության մեջ մեր Հոգու անսփոփ ճիչն է՝

     «Սերմնացանները չդարձան տուն»…

    Հոգնած նայում եմ ես ճամփաներին՝

    Սերմնացանները չդարձան տուն,

    Հանգան շողերը լուռ կատարներին՝

    Սերմնացանները չդարձան տուն:

    Իջավ երեկոն լուրթ ստվերներով՝

    Սերմնացանները չդարձան տուն,

    Գրկեց հոգիս իր մութ, պաղ թևերով՝

    Սերմնացանները չդարձան տուն:

    Լույսերը վառվեցին խրճիթներում՝

    Սերմնացանները չդարձան տուն,

    Ահեղ լռություն է ճամփաներում՝

    Սերմնացանները չդարձան տուն…

    (Գեղամ Սարյան)

    Եվ հազիվ 35 գարուն բոլորած մի Հայորդու տառապալից քնարի մռունչն է հնչում…

    Լռել են արդեն երգերը հզոր,

    Ու էլ չե՛ն հնչում խոսքերը հպարտ,

    Խավա՛րն է գերել մեր հոգին այսօր,

    Եվ լռությունը՝ հավետ մահապարտ։

    Սև գնդերն, ահա,՛ կազմել են շարքեր

    Արյունված երկրում, ուր երեկ այնպես

    Շաչո՛ւմ էիք դուք, հրեղե՛ն երգեր,

    Եվ ալեկոծում փողոց ու կրկես։

    Դաժան ցնծությամբ թշնամին, ահա՛,

    Իր սև հաղթության խնջույքն է տոնում,

    Հռհռում է մեր տանջանքի վրա,

    Արյունով հարբած՝ արյո՛ւն է խմում…

    Լցվա՛ծ է արդեն բաժակը թունոտ,

    Համբերելու ժամն անցե՛լ է արդեն…

    Ելնե՛նք՝ ճչալու խնդությամբ քինոտ

    Ու հպարտ կանգնե՛նք մութ բռնության դեմ։

    Այս դառն օրերի մթնում մահաբեր,

    Արնոտ խնջույքի այս սև զնդանում

    Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

    Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում…

    (Վահան Տերյանի՝ «Փշե Պսակ» շարքից, 1905-1908թթ.) 

    …«Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,

    Կանգնի՛ր հպարտ՝ որպես լույս Լեռն է մեր կանգուն»:

     Տերյանական տողերով՝ Ոգու Զորություն մաղթենք մեր Աննկուն Քաջազուններին…

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ…

    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ…

    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ…

    Այսօր՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սեւրում կնքված պայմանագրի դրույթներից բխող հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները հստակեցնող՝ «Իրավարար վճռի» հարյուրամյակը:

    Ու թեև այն վերջնական է և պարտադիր կատարման ենթակա, ցարդ չի իրականացվել՝ ավելացնելով Հայոց ճակատագրի ողբերգական էջերը…

    Հայաստանի Պատմական նահանգներին վերստին տիրանալու և դեպի Սև ծով ելքն ապահովելու նպատակով, 1919 թվականին Փարիզում կայացած Խաղաղության համաժողովին Հայկական պատվիրակությունը մանրակրկիտ հիմնավորումներով ու հավաստումներով ներկայացրել էր իրենց պահանջի իրավացիությունը:

    Թարգմանաբար ծանոթանանք մեր օրերին խիստ արդիական մի փոքրիկ հատվածի՝ Զ.Խանզադյանի «Հաշվետվությունից» (Rapport sur l’unité géographique de l’Arménie : atlas historique, fac-similé héliographique des 25 cartes de l’antiquité, du moyen âge, des temps modernes et contemporains / par Z. Khanzadian)…

    …«Երբ Զեյթուն քաղաքը՝ Հայոց քաջության հաղթական վկան, երկաթի միջոցով իր իսկական բնակիչներից դատարկվեց, այստեղ լցրեցին թուրքեր ու քրդեր: «Հաղթականների» կայսրական հրովարտակով (firman), սուլթանն այնուհետև փոխեց այդ քաղաքի անունը՝ նրան համադրելով բռնապետի հետ:

    Հայաստանի անունը նույնպես իր տեղը զիջեց «Արևելյան Անատոլիային»:

    Սա է հանցավոր ակունքն այդ անվան, որով որոշ մամուլում, նույնիսկ մեր դաշնակիցները, կոչում են Հայաստանը:

    Անկասկած, Հին Աշխարհի նվաճողների օրինակին հետևելով են Երիտթուրքերի ղեկավարներն այդպես վարվում, սակայն այն տարբերությամբ, որ Կոնստանտին կայսրն իր անունով կնքեց Կոնստանդնուպոլիսն այն կառուցելուց հետո, մինչդեռ Երիտթուրքերն իրենց խալիֆի անունով կոչեցին Զեյթունն այն կործանելուց (ավերելուց, Կ.Ա.) հետո:

    Իսկ, Հայաստանը պաշտոնապես Արևելյան Անատոլիա անվանելու համար, նրանք այն նախ և առաջ վերածեցին մի հսկայական գերեզմանոցի:

    Հայը չխորտակվեց, նա այդ սարսափելի փորձությունից ոտքի կանգնեց՝ զենքը ձեռքին…

    Հեղափոխությունից հետո, երբ ռուսական բանակը նահանջելով հետ էր քաշվում՝ թուրք-գերմանացիների հետապնդմամբ, գեներալներ Նազարբեկյանի, Անդրանիկի, Ղորղանյանի, Բագրատունու և այլոց գործունեության շնորհիվ թշնամին կասեցվեց հենց Հայաստանի սրտում:

    Քանզի սահմանի մյուս կողմում Ռուսահայաստանը խոյանում էր որպես Հայաստանի Հանրապետություն:

    Քանի որ թուրքերի համար անհնար էր զենքով կամ դավաճանությամբ հաղթել, ինչպես արեցին Թուրքահայաստանում, նրանք ստիպված եղան ճանաչել այն, կանխավ ծրագրելով նրա փլուզումը Ադրբեջանի մուսուլմանական հանրապետությամբ, որը նրանք ստեղծեցին Հայաստանի կողքին:

    Բավական է մի հայացք նետել Ադրբեջանի հանրապետության պատվիրակության ներկայացրած քարտեզի վրա՝ հաստատելու համար, որ նրանց նկրտումներն ուղղված են միա՛յն Հայաստանի Հանրապետության վերացմանը:

    Ադրբեջանի կառավարության պրոպագանդան ոչ միայն հրապարակումներով է սահմանափակվում, այլ՝ Երիտթուրքերի հրամանատարությամբ շարունակում է այսօր ներխուժել Ղարաբաղ-Զանգեզուր, որը Հայկական Բարձրավանդակի հարավ-արևելյան Դարպասն է:

    Այդ նվաճումների նպատակը չի արդարացվում ո՛չ աշխարհագրական նկրտումներով՝ Ղարաբաղը պատկանում է Հայկական Բարձրավանդակին, ո՛չ էլ՝ ցեղային՝ այնտեղի բնակչությունը Հայերն են:

    Պատմական տեսանկյունից՝ մեր ներկայացրած ատլասի (տարբեր ժամանակաշրջանների քարտեզների հավաքածուի, Կ.Ա.) ցանկացած քարտեզ հաստատում է, որ Ղարաբաղը մի՛շտ է եղել Հայկական, իր պատմության բոլո՛ր փուլերում՝ ի սկզբանէ:

    Մեր թիվ 23-րդ քարտեզը անգլիացի դիվանագետ՝ Սիր Հարֆորդ Ջոն Բրիջի (Sir Harford Jones Brydges)՝ 1808 թվականի պաշտոնական առաքելության կազմածի վերարտադրությունն է:

    Այն կազմված է հատկապես Ադրբեջանի համար:

    Այն հիանալիորեն սահմանազատում է ներկայիս երեք հանրապետությունների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի սահմանները:

    Այսօր անգամ, հնարավոր բոլոր միջոցներով ձեռքը Ղարաբաղի վրա դնելու ցանկությունը Ադրբեջանի հանրապետությունը ստեղծելիս Երիտթուրքերի ներշնչանքն է»…

    1919 թվականին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում ներկայացրած քարտեզներն ուրվագծում էին ազգային ինքնության հիմունքներով գծագրված երկրների տարածքները՝ այսօրվա համար մնալով խիստ արդիական ու հրատապ…

    Չնայած նրանց մանրակրկիտ քննությանը, ներկայացված քարտեզներն իրական երկրներ չդարձան:

    Ու ցայսօր պայքարը շարունակվում է՝ ավելացնելով ազգերի դարավոր պայքարի ողբերգականորեն ճակատագրական էջերը՝ անբեկանելի և վաղեմության ժամկետ չճանաչող՝ Վիլսոնյան «Իրավարար վճռի» իրականացման Հավատով ու Սպասումով…

    Քարտեզները շարունակեցին հարատևել՝ սերունդների հիշողության մեջ, յուրաքանչյուրի սրտում ու հոգում վառ պահելով վերստին գտնված Հայրենիքի բաղձանքն ու Հույսը…

    https://www.lecfc.fr/new/articles/228-article-27.pdf

    https://www.wdl.org/fr/item/47/#fbclid=IwAR3najJzLMlXv7_5H4mwF7ONELOlfN1d0Or9isrZ7BaXOZWBcEhwMdW-VA0
  • …«ԵՍ ՏԵՍԱ ԲՈԼՈՐԻ՛ ԿՈՂՄԻՑ ԼՔՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ»…

    …«ԵՍ ՏԵՍԱ ԲՈԼՈՐԻ՛ ԿՈՂՄԻՑ ԼՔՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ»…

    …«ԵՍ ՏԵՍԱ ԲՈԼՈՐԻ՛ ԿՈՂՄԻՑ ԼՔՎԱԾ ՀԱՅԵՐԻՆ»…

    30. Հոկտեմբերի, 2020 թ.

    «Լեռնային Ղարաբաղ իմ ժամանումից ի վեր, արդեն 48 ժամ, ռմբակոծությունները գործնականում չեն դադարել:

    Ես եկել եմ այստեղ՝ վկայելու համար Ադրբեջանի, Թուրքիայի և իրենց վարձկան սիրիացի իսլամիստների կողմից Լեռնային Ղարաբաղի Հայ ազգաբնակչության դեմ մղվող պատերազմի սարսափների մասին:

    Մայրաքաղաք Ստեփանակերտի վրա ռումբերն ընկան ողջ օրվա ընթացքում:

    Մենք ապաստարանից ապաստարան էինք տեղափոխվում:

    Շուշիում՝ մոտ տասնյակ կիլոմետր հարավ, ուր տաճարն ու Մշակույթի տունն արդեն վնասվել էին նախկին ռմբակոծություններից, երեկ երեկոյան մի իսկական կրակի հեղեղ էր:

    Այս առավոտ մենք եկանք հաստատելու կատարվածը:

    Դպրոցի առջև՝ հսկայական մի փոս, նման մի ուրիշը՝ բնակելի շենքի դիմաց՝ հավաստում են ժամեր առաջ այս քաղաքի վրա թափված ռումբերի հզորությունը, քաղաք, ուր միայն ծերերն ու զինվորականներն են մնացել:

    10 քաղաքացիական անձ զոհվել է Մշակույթի տան ռմբակոծումից:

    Հավատքի վայրերի և դպրոցների ռմբակոծումը պատերազմական հանցագործություններ են»,- գրել է բելգիացի քաղաքական գործիչ և պատգամավոր՝ մասնագիտությամբ՝ բժիշկ՝ Ժորժ Դալմանը (Georges Dallemagne), Արցախից վերադարձից հետո…

    «…Ես տեսա թռչող ռմբակոծող սարքերի կիրառում, արգելված զենքերի կիրառում…

    Ես տեսա արյան հեղեղ…

    Ես տեսա բոլորի՛ կողմից լքված Հայերին…

    Պետք է կրկնել՝ բոլորի՛ կողմից լքված Հայերին…

    Անհրաժեշտ է կրկնել՝ նրանք մենակ էին այդ բարբարոսությունների դեմ:

    Այլ բառեր չկան նկարագրելու, երբ օգտագործում են Սիրիայից եկած վարձկաններին…

    Մենք չենք կարող հանդուրժել կատարվածը…

    Մենք չենք կարող հանդուրժել, որ ուժի գերակայության օրենքը կիրառվի մի երկրում, որը միակ դեմոկրատականն է տարածաշրջանում:

    Մենք չենք կարող հանդուրժել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ահաբեկիչներ ու արգելված զենքեր կիրառի՝ պատերազմելու համար մի երրորդ երկրում:

    Մենք չենք կարող հանդուրժել Նախիջևանի և Ադրբեջանի միջև նախատեսված այդ «միջանցքը», որը ձեզ ուրախացնում է, և որն ավելի է վտանգում Հայաստանը՝ զրկելով տարածաշրջանում իր միակ դաշնակցի՝ Իրանի հետ ունեցած նրա սահմանից, և որը հնարավորություն կտա Էրդողանին իրականացնելու «Մեծ Թուրանի» իր երազանքը»…

    Նրա վկայությունն ամբողջությամբ՝ ստորև տեսանյութում, վերնագրված՝ «Պատերազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում», նաև՝ ներքոնշյալ կայքում զետեղված հարցազրույցում…

    https://global-watch-analysis.com/lancien-directeur-de-handicap-international-georges-dallemagne-jai-observe-des-crimes-de-guerre-au-haut-karabakh/?fbclid=IwAR2rApAYj9V-2b9T49Scys8Zzi1nlcBoBwJlWmMbJqnInLBpW7EcBAz7h4g

  • Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ՝

    Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ՝

    Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ՝

    Ֆրանսիացի մի խումբ մտավորականների և դերասանների կոչը՝ հրապարակված «Ֆիգարո»   օրաթերթում…

    1915 -ին օսմանյան ղեկավարության կողմից Հայերի ցեղասպանության իրագործումից մի դարից քիչ ավելի անց, նույն ժողովուրդը կրկին զոհն է երկու՝ Բաքվի և Անկարայի միանձնյա ռեժիմների, որոնք հրահրում են  ազգամիջյան ատելություն՝ իրենց միահեծան իշխանությանը արյունալի նոր հաղթանակների շնորհման նպատակով:

    Հայերի ճակատագիրը  վայրենաբար սպանվեց  Լեռնային Ղարաբաղում՝ շրջան, որն իրենք անվանում են Արցախ:

    Այստեղ երկու հազարամյակից ավելի ապրում են համեստ  և հպարտ մարդիկ,   անքակտելիորեն կապված իրենց  խստաշունչ  և  հրաշագեղ Հողին:

    Նրանք ուզում էին շարունակել իրենց գոյությունը (գոյատևել, Կ.Ա.) այնտեղ, ուր իրենց Նախնիները կառուցել էին իրենց տները,  դպրոցներն ու հիանալի վանքերը՝անառիկ  լեռների և դժվարությամբ  մշակված դաշտերի սրտում:

    Առանց որևէ մարդկային նկատառության,  Ռ.Թ. էրդողանի Թուրքիան և Ի.Ալիևի Ադրբեջանը հարձակվեցին  ոչնչացնելու համար օրինական այդ իղձը:

    Հայերի համար Ղարաբաղն ամենից առաջ մի ժողովուրդ է՝ նախնիների մշակույթով, երաժշտությամբ, պարերով և մեկուսացումից դուրս գալով՝ աշխարհի քայլքին միանալու իր ձգտմամբ:

    Բաքվի և Անկարայի իշխանությունների համար այն հատկապես մի տարածք է,  ուր ամեն գնով պետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը՝ լինի դա թուրքական հատուկ ուժայինների օգնությամբ,  քաղաքացիական անձանց վրա պայթող ինքնաոչնչացվող թռչող սարքերի թռիչքով կամ սպանելու համար վճարված վարձկան ջիհադիստների միջոցով…

    Այժմ ապացուցված է, որ Ադրբեջանը կիրառել է միջազգային օրենքով արգելված ռումբեր:

    Պայքարն ամբողջովին անհավասար էր:

    Հայերը չէին ուզում  այս պատերազմը,  սակայն ստիպված էին պայքարել իրենց գոյատևման համար:

    Ադրբեջանական ռեժիմի համար  այն զուտ ազգային սնափառության հարց է:

    Ադրբեջանի  ղեկավարությունը իր միտումները պարզորոշ արտահայտեց հակամարտության առաջին իսկ օրերից,  երբ հայտարարեց. «Մենք  նրանց շների նման կքշենք»…

    Նա այս նույն միտքը կրկնեց Արցախում  քաղաքացիական բնակչության աքսորից հետո՝ հայտարարելով,  որ հպարտ է իր այս զավեշտալի խոստումը կատարելու համար:

    21-րդ  դարում Մարդու նման արհամարհանքը, ատելության նման բորբոքումը խորապես բողոք է առաջացնում և բնավ թուլատրելի չէ…

    Ահա թե ինչու՛

    # Ես սատարում եմ Հայաստանին

    # Ես սատարում եմ Արցախին…

    https://www.lefigaro.fr/lefigaromagazine/l-appel-des-artistes-francais-en-faveur-de-l-armenie-et-de-l-artsakh-20201120?fbclid=IwAR3oOsLeeZJ6gft-p6nOPmo4T1rePNxfKGDXAHrBkECKHv37uRkbDKQJNMc

    Ստորագրված է հետևյալ  հայտնի  մտավորականների ու դերասանների կողմից.

    Simon Abkarian, Bruno Abraham-Kremer, Alain Altinoglu, Karine Arabian, Fanny Ardant, Ariane Ascaride, Yvan Attal, Jacques Attali, Serge Avédikian, Nicolas Aznavour, Georges Bensoussan, François Berléand, Stéphane Bern, Daniel Bilalian, Juliette Binoche, Dany Boon, Guillaume Bourgogne, Hamit Bozarslan, Stéphane Breton, Dany Brillant, Pascal Bruckner, Jean-Christophe Buisson, Claudia Cardinale, Virginie Carton, Gérard Chaliand, Françoise Chandernagor, Jean-Luc Choplin, Grégoire Colin, Jean-François Colosimo, Costa-Gavras, Boris Cyrulnik, Audrey Dana, Xavier Darcos, Jean-Pierre Darroussin, Anahit Dasseux Ter-Mesropian, Didier Decoin, Marina Dédéyan, Arnaud Delalande, Alain Delon, Olivier Delorme, François-Xavier Demaison, Anaïs Demoustier, Éric Denécé, Négar Djavadi, Karim Dridi, Michel Drucker, Alain Duault, Alain Ducasse, Jean Dujardin, Vincent Duclert, Atom Egoyan, Frédéric Encel, Sophie Fontanel, Caroline Fourest, Thierry Frémont, Laurent Gaudé, Yves de Gaulle, Laurent Gerra, Franz-Olivier Giesbert, Isabelle Giordano, Thierry Godard, Robert Guédiguian, David Haroutunian, Roland Hayrabedian, Michel Hazanavicius, Laurent Herbiet, Patrick Hernandez, Nancy Huston, Alexandre Jardin, Pierre Judet de La Combe, Michèle Kahn, Nelly Kaprièlian, Robert Kéchichian, Arsinée Khandjian, Elie Kleiman, Richard Labévière, Alexandra Lapierre, Camille Laurens, Pascal Légitimus, Gilles Lellouche, Claude Lelouch, Jean-Jacques Lemêtre, Grégoire Leprince-Ringuet, Bernard-Henri Lévy, Olivier Loustau, Mathieu Madénian, Benoît Magimel, Jean-Pierre Mahé, Christian Makarian, Vardan Mamikonian, Bruno Mantovani, Michel Marian, Gérard Meylan, Jacques-Alain Miller, Frédéric Mitterrand, Olivier Mongin, Eric Morain, Thibault de Montaigu, Vahram Muratyan, Lola Naymark, Jessica Nelson, Jacky Nercessian, Véronique Olmi, Michel Onfray, Erik Orsenna, Frédéric-Jacques Ossang, Benjamin Penamaria, Raphaël Personnaz, Michel Petrossian, Patrick Poivre d’Arvor, Gérard Pullicino, Michel Quint, Christophe Rauck, Jean Reno, Pierre Richard, Henri Roanne-Rosenblatt, Muriel Robin, Alexandre Romanès, Tatiana de Rosnay, Jean-Marie Rouart, Gérard Saillant, Boualem Sansal, Lévon Sayan, Jean Sévillia, Gilbert Sinoué, Astrid Siranossian, Zinedine Soualem, Nicolas Steil, Robinson Stévenin, Pierre-André Taguieff, Bertrand Tavernier, Yves Ternon, Alain Terzian, Sylvain Tesson, Marc Tigrane, Ara Toranian, Valérie Toranian, Rosalba Torres, Philippe Torreton, Thierry Vendome, Marie Vermillard, Marin de Viry, Charles Villeneuve, Philippe Welsh, Ysmahane Yaqini, Tigrane Yégavian, Benoît Yvert, Corinne Zarzavadjian, Pierre Ziadé.