Month: Հոկտեմբերի 2022

  • «ՀՆԱՄՅԱ, ՀԻՆ ՄԻ ԵՐԱԶ,         ԵՐԿԻՐ ՄԻ՝ ԴԱՐԵՐԻ ՈՒՐՈՒ»…

    «ՀՆԱՄՅԱ, ՀԻՆ ՄԻ ԵՐԱԶ, ԵՐԿԻՐ ՄԻ՝ ԴԱՐԵՐԻ ՈՒՐՈՒ»…

    «ՀՆԱՄՅԱ, ՀԻՆ ՄԻ ԵՐԱԶ,
    ԵՐԿԻՐ ՄԻ՝ ԴԱՐԵՐԻ ՈՒՐՈՒ»…

    Մեր օրերում, երբ Հայ ազգն իր պատմության փոթորկալից դրվագներից մեկն է հաղթահարում, Չարենցի ոգեղեն շունչն է զգացվում…

    «Հնամյա, հին մի երազ,
    Երկիր մի դարերի ուրու»…

    Ու մեզ տեղափոխում իր ծննդավայրը…

    Կարս, Կարուց քաղաք՝ Հայոց Այրարատ Աշխարհի Վանանդ գավառում, Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում՝ 1850 մետր բարձրության վրա…
    Հայոց հնագույն այս բերդաքաղաքը, որը Հայ պատմիչները հիշատակում են «Բերդ Կարուց» անվամբ, 928 թվականին Հայաստանի մայրաքաղաքն էր՝ մինչ 961-ին մայրաքաղաքի Անի տեղափոխվելը:
    Իր անառիկ բերդով, պաշտպանական կառույցներով՝ 26 ամրակուռ աշտարակներով կրկնակի պարիսպներով, խանդակներով, գաղտնուղիներով, քարե կամուրջներով այս ամրոցը հազարամյակների ընթացքում պարբերաբար եղել է օտար ասպատակողների, թուրք-սելջուկների, մոնղոլների, Լենկթեմուրի հրոսակակախմբերի արշավանքների, ավերումների թատերաբեմ…

    Կարսը 1828 թվականին՝ ռուսական պաշարման ժամանակ
    Նկարիչ՝ Յան Սուխոդոլսկի (1797 — 1875)

    Հայ մշակույթի ու գիտության բազմաթիվ նվիրյալներ (Ե. Չարենց, նկարիչներ Հ. Զարդարյան, Խ. Եսայան, քիմիկոս Հ. Չալթիկյան, գրողներ՝ Ատրպետ (Սարգիս Մուբայաջյան), Աղավնի (Գրիգորյան), ճարտարապետ Փ. Մանուկյան, ռեժիսորներ Ա. Ալայան, Ժ. Ավետիսյան…) ծնած այս քաղաքից վերջին Հայերը հեռացան 1918-1920 թվականներին:

    Կարսից հեռացող Հայերը (1920թ.)

    …«Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և … այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն։
    Մի նշանախե՛ց անգամ։
    Շատ բան գրվեց, ավելի շատ՝ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ո՛չ ճշմարտությունը երևան հանելու մտահոգությամբ։
    Կարծիք հայտնեց մտավորականը, սրճեփը, դիվանագիտական մարզանքներով զբաղվողը, նպարավաճառը, սափրիչը, չմնաց արհեստ և արվեստ, որի ներկայացուցիչը լեզու չթրջեր Կարսի պատերի տակ Հայ զենքի կրած անհաջողության պատճառների մասին, բայց ոչ ոք ձեռնահասություն և արիություն չունեցա՛վ մազաչափ անգամ մոտենալու ճշմարտության, ոչ ոք չուզե՛ց և չկարողացա՛վ տեսնել ճշմարտությունը։

    • Հայաստանի կառավարության անհեռատեսությանն ենք պարտք Կարսի անկման համար։
    • Պատերազմը դիվանագիտորեն կազմակերպված չէր,- ասացին և ասում են ոմանք, — Զինվորական նախարարի ապիկարության երեսից ընկավ Կարսը, որովհետև զորք չկար, որովհետև եղածը զորք չէր։
    • Կարսը թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության անճարակությունը` զորք կար, բայց կռվեցնող չկար։
      Սրանցով չի սպառվում մեղադրականը։ Շատ են նրա կետերը և բազմապիսի»,- գրում է Նժդեհը («Որդիների պայքարը հայրերի դեմ»):

    «Երկիր Նայիրի» կոթողային ստեղծագործությունն սկսելով իր ծննդավայրի ու նրա բնակիչների նկարագրությամբ, Եղիշե Չարենցը հիշում է Վ. Տերյանին՝

    «Այստեղ նայիրյանն է նազում»…

    «Նայիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նայիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին․- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։
    Ե՞րբ է շինված նայիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե․ բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նայիրցիներ․ — գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նայիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ»…

    Ու Չարենցյան ոգով հառնում է բերդի նկարագրությունը…

    «Սկսենք Բերդից։

    …Քաղաքի արևմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բյուրի վրա — խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ — բազմել է Բերդը:
    Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին։ Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բյուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։ Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես — և հետո, մեկը մյուսի ետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։

    Ասում են, որ այդ բերդը շինելիս նայիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն — ահա՛, թե ինչու՛ է այդ բերդը անխորտակելի։
    Անառիկ է այդ բերդը — ամենքն այդ գիտեն, և դավաճանությունն է, նենգ, ստոր, նայիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին: Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա — և այդպիսի հիմարներից է, թող թույլ տրվի ասեմ, պ. Մարուքեն։ Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին», ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքն առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ։
    Այնտեղի՛ց, այո՛, բերդի անխորտակելի պատերի՛ վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի։ Այնտեղի՛ց, բերդի ժայռակերտ պատնեշների՛ վրայից իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նայիրյան ցեղի։ Որպես երկաթե մի բռունցք — իջնի՛ պիտի մի օր թշնամու գլխին։ Ահա՛ թե ի՛նչ է այդ բերդը — իհարկե, հասկացողի՛ համար:

    Եվ ահա՛ թե ինչու վարը՝ քաղաքում հանգիստ են տները՝ նիրհել են անհոգ ու անտարբեր: Իսկ խանութների առաջ նստել է նայիրցի խանութպանը և ծույլ, անփույթ հորանջելով՝ սպասում է գնորդի։ Եվ ի՜նչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական և ժամանակավոր հանգամանքը, որ հիմա, 1913 թվին, բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ո՛չ նայիրյան, արծվազարդ մի դրոշ։
    Բերդը շինել են նայիրցիները, բայց դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե՛ մեզնից՝ բերդի և քաղաքի իսկական տերերից, և թե՛ ամեն մի թշնամուց։
    Օրը կգա — և նրանք կգնա՛ն։
    Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք — կելնե՛, կհառնե՛ ահասաստ, նայիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա — Նայիրյան աշխարհի…
    Ու կվառվի՛ նորից անմար խնդությամբ, կժպտա՛ խնդագին երկիրը հազարամյա — երկիրը Նայիրի…

    Այսպես էին մտածում այդ բերդի մասին նայիրյան այդ քաղաքում ապրող իսկական նայիրցիները — և այս փաստի հանդեպ ի՜նչ կարող էր անել մի, թեկուզ և եվրոպացի, պ. Դրաստամատյան…
    Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները։ Առաջ, շատ հնում, քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով՝ անցնելիս է եղել գետը և ամբողջ քաղաքն իր մեջ առնելով՝ տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից։ Բայց հիմա քարե այն հսկա ուղտերի սապատներն են միայն ծուռ, կոշ-կոճ բլուրների նման տեղ-տեղ մնացել։…

    (Հատվածները՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նայիրի» երկից)…

  • «ՄԵՐ ԲԱԶՈՒԿԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՎԱՀԱԳՆԸ,  ԻՍԿ ԽՂՃՄՏԱՆՔԸ՝  ՈՒԽՏԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԴԻՑ ՄԻՀՐԸ»…  (ՆԺԴԵՀ)

    «ՄԵՐ ԲԱԶՈՒԿԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՎԱՀԱԳՆԸ, ԻՍԿ ԽՂՃՄՏԱՆՔԸ՝ ՈՒԽՏԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԴԻՑ ՄԻՀՐԸ»… (ՆԺԴԵՀ)

    «ՄԵՐ ԲԱԶՈՒԿԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՎԱՀԱԳՆԸ, ԻՍԿ ԽՂՃՄՏԱՆՔԸ՝ ՈՒԽՏԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԴԻՑ ՄԻՀՐԸ»… (ՆԺԴԵՀ)

    «Ամեն անգամ, երբ Մասիսներին եմ նայում, ներքին հայացքիս առջև բարձրանում են վեհափառ ճակատները մեր Նախահայրերի» (Նժդեհ, Հատընտիր, էջ 349):

    Ազգային Ոգին՝ Նժդեհի խոսքերով՝ «Ցեղի հավիտենական Բոցը» սերնդեսերունդ փոխանցելու կարևորությունն ու անհրաժեշտությունը Հայոց մեջ առաջնային է եղել հնագույն շրջանից ի վեր (ի հեճուկս քրիստոնեությունից հետո ազգային մշակույթի արգելքի)…
    Ու դժնդակ ժամանակներում համախմբվում ու պայքարում էր Հայ Ազգը՝ Նախնիների Ոգով տոգորված:

    «Նա համոզում էր: Համոզում էր որպես փիլիսոփան՝ փիլիսոփային: Խորենացին համոզվում էր, ուրախանում:
    …«Կգա՛ ոգին վերստին,- խրոխտ խոսեց Ղևոնդ Երեցը,- կհառնի՛ մեր ազգը:
    «Կգա՞ ոգին,- կրկնեց Խորենացին կենդանացած,- օ՛ն, ուրեմն կապրի՛ ժողովուրդն Հայոց:
    Ես ևս մերթ ու երբեմն գաղտնի հուսում եմ:
    Այն ոգին, որ ունեցել է երբեմն մեր ազգը` նա պետք է, որ լինի անմա՛հ» (Դ. Դեմիրճյան, «Վարդանանք»):

    «Օրը կգա և նորի՛ց կելնի, կհառնի՛ մշուշից Նաիրյան ոգին»… (Չարենց):

    Ազգային՝ «ցեղային» արժեքների, առաքինությունների ու սրբությունների խոր ճանաչումն ու վերապրումն ընդունելով որպես «չարիքի»՝ «վատասերումի» դեմ պայքարի միջոց, Նժդեհն իր համոզումները հիմնավորում է ու անվանում «Ցեղակրոնություն»:

    Հայապահպանման խնդրում, օտարամոլության դեմ պայքարում իր «զենքը» նաև «Տարոնականությունն» է՝ «Տարոնական շարժումը»:

    Տարոնը քրիստոնեության տարածումից առաջ, հնագույն շրջանից ի վեր Հայոց գլխավոր պաշտամունքային — հոգևոր կենտրոնն էր, որն իր այդ դերը պահպանեց քրիստոնեության շրջանում նույնպես (մեհյանները եկեղեցիներով փոխարինելով)…
    Տարոնի գավառում (Մշո Երկրում) էին Հայոց սիրված պաշտամունքավայրերը (այն հիշատակվում է նաև քրիստոնեության տարածման ժամանակ Քրմերի ցուցաբերած հերոսական դիմադրության դրվագով): Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններից, ինչպես և՝ հեռու ու մոտ տարածքներում սփռված Հայությունը դեպի Տարոն իր ուխտագնացությունը շարունակեց ընդհուպ մինչև 1915-ի Հայոց ցեղասպանությունը:

    Տեսարան Մշո երկրից

    «Տարոնականությունը» համարելով «զենք», Նժդեհը ներկայացնում է ի՛ր դավանանքը (Երկեր, հատոր 1, էջ 409-410).
    «Զինվոր մարդ եմ. իմ անցյալի ու վաղվա անելիքի չափ պարզ, հստակ և որոշ է իմ այսօրվա դավանանքը — մի դավանա՛նք, որի խարիսխը ձգված կմնա մեր ցեղի ոգու մեջ. դավանա՛նք, որն իր մեջ կրում է իր հոգևոր, պատմական և իմաստասիրական արդարացումը»…

    …«Պատմական Հայաստանի մեջ Տարոնը անկասկած իր տեղն ունի ուրիշ շրջանների կարգին»,- ասում է «Նոր օրը»՝ թույլ տալով սխալներից ու մեղանչումներից աններելին:
    «Ուրիշ շրջանների կարգին դասել Տարոնը՝ ասել է՝ ծանոթ չլինել Հայոց պատմության:
    Իր միևնույն խմբագրականի մեջ ավելացնում է նա.
    «Տարակույսից վեր է, որ Պատմական Հայաստանի որոշ վայրերն իրենց փառքով ու ոգով մեզ կպարտադրեն բացառի՛կ հարգանք և պաշտամունք»:
    Ճիշտն ա՛յդ է, և դա ժխտումն է իր առաջին ասածների:
    Այո՛, հենց Հայաստանի այդ «որոշ վայրեր»-ից մեկի՝ Տարոնի հավիտենապես «բացառիկ հարգանք ու պաշտամունք» պարտադրող «փառքն ու ոգին» է մեր քարոզած Տարոնականությունը»:

    Նախապես՝ «Ցեղի Ոգու քիմիարանու՛մ» է կռվում-կոփվում (ձևավորվում) յուրաքանչյուր Հաղթանակ:
    1932 թվականին Սոֆիայի «Խռովք»-ում (թիվ 1) տպված՝ Նժդեհի «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածից մի հատված՝ ահավասիկ (մեջբերումը՝ Նժդեհ, Երկեր, հ.1, էջ 344 — 353):

    «Անասելիորեն ճակատագրական և անկշռելի է ցեղային ազդակի նշանակությունը մի ժողովրդի վերածնունդի, ազգամբողջացման և պետականացման գործում»:

    …«Ցեղը դիմագծորեն ազգայինն է, ա՛յն տիպարականը, որով ժողովուրդները տարբերվում են իրարից»:

    «Ժողովուրդը գործում է, ցե՛ղն է, սակայն, իրականացնողը:
    Բավական չէ՛ գործելը, իրականացնե՛լ է պետք, հասկանա՛նք այդ:

    Հասկանա՛նք նաև, որ բոլոր տեսակի հաղթանակները տարվում են նախ ցեղի Ոգու՛ քիմիարանում:
    Ժողովուրդը կարող է և հարմարվել իր նվաստ վիճակին, ցեղի համար, սակայն, անդարձ չե՛ն աշխարհի վճիռները:
    Նրա համար անսրբագրելի չէ՛ Լոզանը, հավատացե՛ք»…

    …«Ցե՛ղն է ժողովրդի հոգևոր ոսկեփոխը»:

    …«Արթնացա՞վ ցեղը՝ մենք վերստի՛ն կբռնենք Հավիտենականության ձեռքը և կռվի՛ կկանչենք անարդար ժամանակը:
    Եվ կհաղթանակե՛նք, քանզի ցեղի աստվածները՝ Հայկն ու Վահագնը, պիտի բարձրացնե՛ն շանթընկեց մեր բազուկը և վանե՛ն նրա հարվածները:
    Ցե՛ղն է մեր ապավենը»:

    «Անցյալի հյութերով՝ անցյալի հիշատակներո՛վ» է սնվում Ազգի Ոգին:

    «Ոգի՝ ասել է առավելապես՝ անցյալ… դա գրեթե ամբողջապես անցյալ սերունդների ապրումների, ոգորումների, ողբերգության, հաղթանակների, դիզած բարոյական հարստության, ուժի, պաշտամունքի ու զոհողության արդյունքն է:
    Ոգի՛ն է կռում ազգերի ճակատագիրը: Փոխվեց մեկը՝ փոխվում է և մյուսը»:

    …«Ուր մարած է Ոգին, այնտեղ մեռյալ է կյանք»:

    «Արժեքներ, սրբություններ, մարդկայնություն, գաղափարներ, իդեալներ, հոգեկան ուժ, լեզու, արվեստներ, իմաստություն, իմաստասիրություն, առաջնորդություն, հերոսական, փառք — Ոգի՛ն է այդ բոլորի ստեղծիչը:
    Այլ բան չէ մարդկային բովանդակ պատմությունը, եթե ոչ՝ Ոգու զարգացման առաջընթաց և արդյունք՝ միաժամանակ:
    Էականը մի ժողովրդի համար իր վարած այս կամ այն քաղաքականությունը չէ, այլ՝ այն Ոգի՛ն, որով ղեկավարվում է նա՝ ժողովուրդը:
    Քաղաքականությունը գրեթե միշտ էլ լինում է այնքան արդյունավետ, որքան զորեղ և ակտիվ է այն վարողի Ոգին» (Նժդեհ, Երկեր, հ. 1, էջ 410)…

    Տարոնականության մասին աննկուն Զորավարի՝ Գարեգին Նժդեհի մտքերից ևս մի քանիսը՝ ստորև (Նժդեհ, Երկեր, հ. 1, էջ 412-414).

    «Սխա՛լ է, ավելին՝ ոճի՛ր է կարծել, թե բոլոր ճշմարտությունները մարդու պես մահկանացու են, թե նրանք էլ մեզ պես ծնվում են, ապրում, սպառվում, մեռնում:
    Ո՛չ, ո՛չ, ճշմարտություններ կան, որոնք անմեռ են, հավիտենական, ինչպես ինքը՝ ժամանակը:
    Այդ կարգի ճշմարտություններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահվան, հաղթանակին, առաջնորդին, պարտականության և այլն»…

    …«Եթե բացենք դարերի գերեզմանը և խոսեցնենք Հայոց պատմության մեջ հավերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.

    «Մեր օրով ղեկավարի և զինվորի համար ոչինչ չարժեր կյանքը՝ երբ Հայրենիքը վտանգի մեջ էր»:

    «Մեր օրով կանգուն մնաց Հայաստանը, որովհետև մենք իմացա՛նք երես-երեսի գալ, դեմ-հանդիման կանգնել գերագույն պարտականության, ինչպես հավատավորը՝ իր Աստծու առջև»:

    «Մեր օրով Հայը մնաց անպարտելի, որովհետև մենք իմացա՛նք զգալ սրբազանի ներկայությունը կյանքի և պատմության մեջ. իմացա՛նք մեր առօրյային խառնել Հավիտենականի հոգսերը»:

    «Մենք իմացա՛նք չափվել մեզնից գերազանց ուժերի հետ, որովհետև սովոր էինք չտագնապե՛լ վտանգի մեծությունից, որովհետև մեր օրով կյանքի կոչվեց «Անմահից գունդը»:
    Մենք մնացինք հաղթակա՛ն, որովհետև մեր օրով հաղթական մահն էր մարդկային արժեքի և արժանիքների միակ չափանիշը, որովհետև իրապես գիտակցու՛մ էինք զոհի և զոհաբերության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը Հայրենի Հողի համար»:

    «Մենք եղանք զորավո՛ր, որովհետև մենք մոտի՛կ էինք կանգնած մեր ցեղի ճակատագրին, շա՜տ մոտիկ, այն շոշափելու աստիճան, և հենց ա՛յդ էր պատճառը, որ մեր օրով Հայը եղավ ռազմունա՛կ ու տիրասե՛ր»:

    …«Մեր օրով, որպես Հայ և Մարտիկ, մենք երբե՛ք չտկարացանք, որովհետև մեր բազուկը վարում էր Վահա՛գնը, իսկ մեր խղճմտանքը՝ ուխտապահության մեր հեթանոս աստված Մի՛հրը»…

  • «ՑԵ՛ՂՆ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԶԻՆԱՐԱՆԸ»…

    «ՑԵ՛ՂՆ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԶԻՆԱՐԱՆԸ»…

    «ՑԵ՛ՂՆ Է ՄԵՐ ԱՊԱՎԵՆՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԶԻՆԱՐԱՆԸ»…

    Յուրաքանչյուր ազգի արժեհամակարգը, հոգեկերտվածքը ձևավորվում է դարեդար՝ սերնդեսերունդ փոխանցվող պատմությամբ ու մշակույթով:
    Նախնիների, անցյալ սերունդների ապրումները, մտածողությունը, իմաստասիրական հայացքները, գրականությունն ու բանահյուսությունը կռում են ազգային աշխարհընկալումն ու հոգեբանությունը, ազգակիցների փոխհարաբերությունները…
    Ազգային ինքնագիտակցության պահպանման կարևոր միջոցներից են ազգային խորհրդանիշները, տոներն ու ծիսակատարությունները…

    Հայկյան Սրբազան տոմարում, ինչպես ներկայացնում է Քուրմ Հարութ Առաքելյանը, Քաղոց ամսվա Վահագն օրը (նոյեմբերի 12-ին) Վահագնի տոնն է (Վիշապաքաղի օրը)՝ Վահագն Դիցի հովանավորությամբ, նույն ամսվա Վարագ օրը (նոյեմբերի 14-ին) Անմեռաց տոնն է՝ Տոհմի և Օջախի տոնը՝ Նանե Դիցուհու հովանավորությամբ, Արաց ամսվա Արամ օրը (նոյեմբերի 18-ին) Արքաների օրն է՝ Արամազդ, Միհր Դիցերի հովանավորությամբ, որոնք հաջորդում են Նահապետաց՝ Իմաստուն Նախնյաց տոնին՝ Տրէ ամսվա Մազդեզ օրը (սեպտեմբերի 22-ին) և Մոգաց հիշատակման տոնին՝ Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին), երկուսն էլ՝ Տիր Դիցի հովանավորությամբ:

    Սերունդների միջև հոգևոր կապի կարևորությանն է անդրադարձել Գարեգին Նժդեհը, շեշտելով, որ «Անցյալի հյութերով՝ անցյալի հիշատակներո՛վ» է սնվում Ազգի Ոգին:

    Մեծ Հայորդու, հրաշալի Զորավարի մտքերից որոշ քաղվածքներ ներկայացնում ենք ստորև (մեջբերումները՝ «Նժդեհ, Երկեր, հ. 1», Երևան, 2002):

    «Ցեղակրոնի համար չկա՛ ավելի մեծ վատություն, քան հոգևոր խզումը սերունդների միջև: Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած-գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող ցեղի արժեքներից ու սրբություններից, կրոնից ու բարոյականից: Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող և անուղի:
    Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջև, որի շնորհիվ վերջինները փոխանցում են ցեղի հավիտենական բոցը՝ ինչպես մոմը բոց է առնում մոմից: Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կյանքում՝ հին ու նոր սերունդների միջև, որովհետև մե՛կ է, միևնո՛ւյն է, օրգանապես իրար կապված ավանդության, բարոյականի և արժեքների խախտման հոգեբանական հիմքը» (էջ 224):

    «Հազար խորհուրդ ունի Հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին է սպասում, որը պիտի հայտնվի մի օր, և այն բացահայտ է մեզ:
    Հայությունը ցեղաճանաչությա՛մբ միայն կարելիություն պիտի ստանա իր էության չգիտակցված ուժերը լծելու իր ցեղին վիճակված անհավասար գոյամարտի գործին:

    Այո՛, դեռ ցեղաճանա՛չ չենք, դեռ կանչու՛մ ենք մեզ, ձա՛յն ենք տալիս, փնտրու՛մ, բայց դեռ չե՛նք գտել մեզ, դեռ չե՛նք ճանաչել մեզ՝ որպես ցեղ:
    Փնտրում ենք Հավիտենական Հայը, փնտրում ենք նրան իր հեթանոս դարերում, իր քրիստոնեության մեջ, իր պատմության լույսի տակ, իր գրականության մեջ, իր իմաստասիրության և ծարավ ճակատամարտերի, իր ինքնիշխանության և ստրկության, իր կոտորածների, արտագաղթերի ու հայրենաշինության մեջ… փնտրում ենք նրան իր բնաշխարհում ու օտար հորիզոնների տակ, փնտրու՛մ ենք, բայց դեռ չե՛նք գտել:
    Գիտե՛նք, սակայն, որ միայն ինքնաճանաչությա՛մբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ հավիտենական է Հայ էության մեջ՝ մեր ցեղայնությա՛ն:
    Ցեղորեն անինքնաճանաչ՝ դեռ կույր Հայ հոգու խորքերում և այդ իսկ պատճառով՝ անզոր մերօրյա ճակատագրական խնդիրների առջև, որպես ժողովուրդ մենք շարունակում ենք մնալ նվաստ ու նահատակ, երբ աշխարհը պահանջում է լինել ինքնահա՛րգ և հարգանք պարտադրելու չափ՝ զորավո՛ր» (էջ 226):

    «Ցե՛ղն է ժողովրդի հոգևոր զինարանը»…
    «Ցե՛ղն է, որ ժողովրդի սուրը սրել կտա իր նահատակների գերեզմանաքարերի վրա՝ այն ավելի՛ ևս հատող, զարհուրելի ու հաղթական դարձնելու համար»:

    «Ցե՛ղն է մեր ապավենը»:
    «Որքան տիրական է ցեղի ազդեցությունը ժողովրդի կյանքում, այնքան հեշտ է ինքնապահպանվում վերջինս:
    Ժողովուրդը անճգնություն է, ցեղը՝ մտրակող կամք:
    Ժողովուրդը դպիրներ է ծնում, ցեղը՝ մարգարեներ:
    Ժողովուրդը նահանջելու տրամադիր զինվորն է, ցեղը՝ մի՛շտ էլ Վահագն:
    Ցեղն արիություն է և՝ արիապաշտություն. հասկանալի է, թե ինչո՛ւ հեթանոս Հայության իմաստությունը Վահագնին էր նվիրել բոլոր ամիսների 27-րդ օրը:
    Խաղաղության ժամանակ գուցե և կարելի է ապրել առանց ցեղի, վտանգի ժամանակ՝ երբե՛ք:

    Ցեղը՝ դա ճակատամարտերում ճերմակած հազարավերք զորավա՛րն է, որ մի՛շտ էլ կերիտասարդանա՛ վտանգների ժամանակ:
    Ժողովրդի ուղեցու՛յցն է ցեղը. նա իր մեծ մեռելների գերեզմաններո՛վ է նշանադրում ժողովրդի փրկության ճամբան:
    Ցեղը՝ դա աստվածանման Հա՛յկն է, որն իր եռացող զայրույթը եռաթևյան աղեղի մեջ դրած՝ թշնամու՛ն կուղղի» (էջ 350-351)…

  • «ՎԱՀԱԳՆԸ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ,  ԱՆԱՀԻՏԸ՝ ԱՐՀԵՍՏ,   ԻՍԿ ԱՍՏՂԻԿԸ՝ ՍԵՐ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ»…

    «ՎԱՀԱԳՆԸ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԱՆԱՀԻՏԸ՝ ԱՐՀԵՍՏ, ԻՍԿ ԱՍՏՂԻԿԸ՝ ՍԵՐ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ»…

    «ՎԱՀԱԳՆԸ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԱՆԱՀԻՏԸ՝ ԱՐՀԵՍՏ, ԻՍԿ ԱՍՏՂԻԿԸ՝ ՍԵՐ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ»…

    Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի, ինչպես և Հայկական Լեռնաշխարհի մյուս շրջանների այգեգործ, երկրագործ, շերամապահ, արհեստագործ ու անասնապահ Հայերն անհիշելի ժամանակներից եկող ավանդույթները, երգ ու երաժշտությունն են պահպանել դարեդար…

    Սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների համաձայն՝ փանդիռների նվագակցությամբ երգված, թատերականացված հանդիսությունների, Հայոց հնագույն վիպերգերի ու առասպելների, նշանավոր «մարդկանց ու դիպվածոց» փառաբանման կարճ գովք- երգերի որոշ փշրանքներ մեզ է հասցրել Մ. Խորենացին:
    Գողթն գավառի (Նախիջևանի տարածքում) գուսան-վիպասանների հիշատակման առիթով «Վահագնի ծնունդ»-ից մեջբերելով, նա գրում է.
    «Մենք մեր ականջով լսեցինք՝ ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»… «Այս բանը ճշմարտապես պատմում են և Թվելյաց երգերը, որ, ինչպես լսում եմ, ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի մարդիկ»…

    Հեռավոր ժամանակներից որոշ պատկերների նկարագրությունը կա Րաֆֆու երկերում: Ահավասիկ մի հատված՝ «Սամվել» վեպից՝ Նոր բերքի տարեմուտի տոնական տեսարաններով…

    …«Այդ անտառների մթության մեջ, այդ սքանչելի բարձրավանդակների վրա, կանգնած էին Հայոց Հաշտից տաճարները: Այնտեղ Հայաստանը հաշտության զոհեր էր մատուցանում յուր աստվածներին: Կարծես, Սամվելը հենց այդ րոպեում տեսնում էր «Վիշապաքաղ» Վահագնի
    տաճարը — քաջության աստծո տաճարը, որ լցված էր Հայոց թագավորների գանձերով: Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր Հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին՝ «Ոսկեձույլ» Աստղիկը: Տեսնում էր և «Ոսկեմայր-Ոսկեծին» Անահտի տաճարը, որի մայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն:
    Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր Հայոց «Հաշտից տեղերը»:

    Այնտեղ, Հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնակատարությունը: Հայտնվում էր Հայոց արքան, հայտնվում էր Հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և Հայոց նախարարները:
    Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ՝ ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին: Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները: Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք:
    Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հառաջադիմության պտուղները:

    Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը՝ արհեստ, իսկ Աստղիկը՝ սեր և բանաստեղծություն:

    Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ: Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը՝ յուր գեղարվեստի արդյունքը: Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը՝ քաջի հետ և մարդը՝ կատաղի ցուլի կամ գազանի հետ: Լինում էին արշավանքներ ձիաներով, կառքերով կամ ոտով՝ արագավազ եղջերուների հետ:
    Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը: Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:
    Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք:
    Հին տարին անցնում էր:
    Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ: Կատարվում էր ընդհանրական մկրտությունը (օծումը, Կ.Ա.):

    Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա:
    Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները, ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում: Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ:
    Յուրաքանչյուր ուխտավոր մի-մի աղավնի էր թռցնում: Եվ սիրո աստվածուհու (Աստղկա) նվիրական թռչունները, մաքուր, անբիծ, որպես սիրո անարատ ոգիներ, սավառնում էին, սլանում էին, ճախր էին առնում նրա սպիտակ մարմարիոնյա տաճարի շուրջը:

    Զո՛հ, ջո՛ւր և աղավնի՛. որքա՜ն մեծ խորհուրդ կա ձեր մեջ:
    — Հաշտության, քավության և սիրո սուրբ խորհուրդը:
    Ամեն տարեմուտի սկզբում, Նավասարդ ամսում, Վարդավառի տոնախմբության ժամանակ, Հայաստանը այդ հաշտությունը կատարում էր յուր «Հաշտից տեղերում», Քարքեի բարձրությունների վրա, յուր աշխարհախումբ զոհաբերության արյունով:
    Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր այդ քավությունը, մկրտվելով Արածանիի սուրբ ջրով:
    Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր և սիրո այդ սուրբ խորհուրդը, Աստղկա տաճարին աղավնիներ ձոնելով:

    Բայց այդ ավանդությունը շատ հին էր, և ավելի հին, քան թե ժամանակների սկիզբը»…

    …«Կառքի մերձենալը ահեղ սոսկումով ազդեց լեռների վրա և դիցանվեր անտառի խաղաղությունը վրդովվեցավ: Հայոց տոհմային աստվածները զազրացան և կատաղած քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներից: Մի քանի ժամվա մեջ Արձան քրմապետի, նրա որդի Դեմետրեի և Մեսակես քրմապետի դրոշի տակ հավաքվեցան 6946 հոգի, որոնք բոլորը քուրմեր և մեհյանների պաշտոնյաներ էին: Սկսվեցավ արյունահեղ կռիվը — քրիստոնեության և հեթանոսության կռիվը:

    Սրբազան անտառի խորքերից, որպես մի հսկայական մրջնանոցի միջից, դուրս խուժեց թաքնված
    զորությունը և բռնեց լեռների բոլոր անցքերը ու բոլոր բարձր դիրքերը: Արձան քրմապետը զինված էր, զինված էր և նրա որդին: Հայր և որդի դա՜ռն և նախատական խոսքերով մենամարտության էին հրավիրում Հայոց իշխաններին, որ կռվում էին հայրենի աստվածների դեմ: Շուտով քուրմերն այնպիսի նեղ դրության մեջ դրեցին Հայոց իշխաններին, որ Մոգաց իշխանը ստիպված եղավ Լուսավորչին փախցնել Մամիկոնյանների Ողական ամրոցը, որ թշնամու ձեռքը չընկնի: Փախչելու միջոցին Լուսավորիչը յուր Կեսարիայից բերած սրբությունները թաքցրեց անտառի մեջ, մի անհայտ տեղում:

    Կռիվը տևեց մի քանի օր և մի քանի շաբաթ, մինչև Հայոց իշխանները նոր զորություն ստացան:
    Հաղթությունը մնաց քրիստոնեության կողմը: Արձան քրմապետը, նրա որդի Դեմետրեն և Մեսակես քրմապետը ընկան պատերազմի դաշտում, սուրը ձեռքում, հերոսի՛ պես: Ընկան քուրմերից և 1038 քաջեր:
    Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան… Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ…
    Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը Հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:
    Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմու՛նքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավա՛տը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները — դրանք դեռ մնում էին և մնացին շա՜տ դարեր այդ կործանումից հետո:
    Սուրը և հուրը չկարողացան ոչնչացնել նրանց: Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին:

    Դրանք այն տաճարներն էին, որտեղ Նավասարդի սկզբում կատարվում էր Վարդավառի աշխարհախումբ տոնախմբությունը: Այդ տոնախմբությունը հեթանոսական դարերում կատարվում էր տարվա մեջ յոթն անգամ, և ամեն անգամին թե՛ թագավորը, և թե՛ մեծ քրմապետը ներկա էին գտնվում:
    Լուսավորիչը նույն տաճարների տեղում հիմնեց առաջին սրբության սեղանը և Հայաստանի առաջին Մայր եկեղեցին, որ, պահպանելով յուր հին անունը, կոչվում էր Աշտիշատի վանք:

    Վարդավառի տոնախմբությունը փոխեց Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնախմբությունով: Բայց «Վարդավառի» նախնական սովորությունները մնացին:
    Դարձյալ տարին յոթն անգամ հայտնվում էր այնտեղ Հայոց քրիստոնյա թագավորը յուր նախարարների և Հայոց մեծ քահանայապետի հետ և բաց էին անում Աշտիշատի վանքի աշխարհախումբ տոնախմբության հանդեսը: Դարձյալ զոհեր էին մատուցանում, աղավնիներ էին թռցնում և ջուր էին սրսկում միմյանց վրա: Դարձյալ կատարվում էին նույն խաղերը, նույն մրցությունները և նույն պարգևաբաշխությունները, որ լինում էին հեթանոսական դարերում: Դարձյալ նույն վարդերը, որ մի ժամանակ զարդարում էին Աստղկա տաճարը, հետո նույնպես զարդարում էին Աշտիշատի վանքի սուրբ սեղանը: Եվ այդ տոնը դարձյալ կատարվում էր Նավասարդ ամսի սկզբում և կոչվում էր Վարդավառի տոնախմբություն»…

    «Նոր եմ հասկանում, ի՛մ միամորիկ,
    Թե Բնությունը ինչո՞ւ աշխարհում
    Քեզ է պարգևել Վահագնի՛ն Հուրհեր,
    Որ ճառագայթեց Արևորդիներ»…

    (Մետաքսե «Զրույց աշխարհի հետ»)

    Հավելենք միայն, որ Հայոց Դիցերին Հայկազուն Արևորդիների նվիրաբերությունները հատիկների, ոստերի տեսքով էին (ջրով օծվում էին, ոչ թե մկրտվում):

    Կենդանիներն, այսօրվա խոսքերով, տոնախմբությունների ընթացքում ժողովրդին «պետական միջոցներով հյուրասիրվող խորովածի» համար էին…😊

  • «ԱՄԷՆ ՀԱՅՈՒ ԼԱՆՋՔԻՆ ՏԱԿ                                            ԻՐ ՄԷԿ ՀԻՆ ՊԱՊՆ ԱՐԹՆՑՈ՜ՒՐ»…

    «ԱՄԷՆ ՀԱՅՈՒ ԼԱՆՋՔԻՆ ՏԱԿ ԻՐ ՄԷԿ ՀԻՆ ՊԱՊՆ ԱՐԹՆՑՈ՜ՒՐ»…

    «ԱՄԷՆ ՀԱՅՈՒ ԼԱՆՋՔԻՆ ՏԱԿ
    ԻՐ ՄԷԿ ՀԻՆ ՊԱՊՆ ԱՐԹՆՑՈ՜ՒՐ»…

    Հայ ազգի տաղանդավոր որդիներից մեկը՝ Դանիել Վարուժանն՝ անդրադառնալով «Ցեղական ոգիին», գրում էր.

    «Ե՞րբ պիտի գաս,- ե՞րբ մեր գետնին ոյծքերէն,
    Իբր յարութիւնն Հողին խմած շողերուն,
    Պիտի պոռթկան շունչիդ բոցերն երկնապող…

    …Ամէն Հայու լանջքին տակ
    Իր մէկ հին պապն արթնցո՜ւր»…

    Վեհության, Ուժի ու Քաջության շնորհիվ դյուցազնացած Նախահայրերի պաշտամունքն էր հնում: Հայ ազգի ավանդական Նախահայրը համարվող Դյուցազն՝ «Դիք»-ից (դիցերից) սերված Հայկը հավասարզոր էր և «Հսկա» բնորոշմանը:
    «…Փիլոնի գրքի թարգմանիչը հսկաների վիթխարի մեծությունը բացատրում է «Հայկաչափ» ասելով։ Ագաթանգեղոսի թարգմանիչը Տրդատի՝ Մասիս լեռից մեծամեծ քարեր շալակել֊բերելու մասին ասում է՝ «Հայկաբար»։ Արծրունին (Թովմա պատմիչը) իր ցեղի գովելի իշխանին կոչում է «Հայկասիրտ» (Ղ. Ալիշան):

    Մովսես Խորենացու վկայությամբ, Վաղարշակ թագավորը կարգելով Հայոց նախարարությունները՝ «այս բոլորից հետո Արմավիրում մեհյան շինելով՝ արձաններ է կանգնեցնում Արեգակին, Լուսնին և իր Նախնիներին» (Պատմություն Հայոց, 1968, էջ 140)։

    Գարեգին Նժդեհը «Մեր Նախահայրերը» խորագրի ներքո գրում է.
    «ժամանակին Աստուած էր Նախահա՛յրը — Աստուածը իր ցեղի, տոհմի, եւ իր պաշտամունքը՝ կրօ՛ն:
    Թէեւ մի օր մարդը դադարեց Աստուած կոչել իր Նախահօրը, վերջինը, սակայն, շարունակեց պահել իր սրբազան հանգամանքը:
    Զատեցէ՛ք Նախահայրերի աճիւնը Հայրենի Հողից եւ դուք կ՚ունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ո՛չ՝ Հայրենիք:
    Հայրենիքը ստեղծւում է Հո՛ղը, նիւթը յաղթահարելո՛վ, Երկիրն արժէքաւորելո՛վ, իմաստաւորելո՛վ, նրան խորհուրդ եւ սրբազնութիւն հաղորդելո՛վ միայն:
    Իսկ սրբազանն աշխարհում նոյնպէ՛ս Նախահայրերից է:

    Նրանցի՛ց է գերագոյն քաջութիւնը՝ հերոսութիւնը, որի դափնիները չե՛ն թառամում երբեք:
    Զօրավիգ ունենալով նրանց Ոգին՝ յոգնութիւն չգիտեն ռազմիկը՝ կռւում, կուլտուրայի մշակը՝ խաղաղութեան մէջ:
    Նրա՛նք են ստեղծիչը մեր պատմութեան, նրանցից՝ մեր գիրն ու գիրքը, նրա՛նք են մտաւոր Լոյսը մեր կեանքի, նրա՛նցն է գերագոյն իշխանութիւնը՝ յաւե՛րժ, առանց որին ե՛ւ թագ, ե՛ւ հանրապետութեան
    նախագահ, ե՛ւ դիկտատոր — աշխարհիկ ամէ՛ն մի իշխանութիւն մնում է անվաւեր եւ անզօր:

    Ճշմարտութեան պէս ծերութեան անհաղորդ՝ նրանք խորհրդանշում են ո՛չ միայն իրենց ժողովրդի անցեալը, այլեւ՝ ապագան, վերայայտնուելով աշխարհ եկող ամէ՛ն Հայ էակի մէջ:
    Անմահ՝ նրանք հանդիսանում են աղբիւրը մեր Ազգային Ոգու անմահութեան:
    Նրա՛նք են սկզբնաւորողը Հայկականութեան:

    Արդ, թէ ինչո՛ւ պաշտամունքի պակասը դէպի Նախահայրերը, ասել է՝ սիրոյ եւ յարգանքի
    պակաս դէպի Հայկականութիւնը» (Նժդեհ, Հատընտիր, էջ 348-349):

    «Պատմությունը լավագույն միջոց է ժողովրդի ինքնագիտակցությունը արթնացնելու համար, այն դաստիարակում է սերունդներին Հայրերի սխրանքով, ներշնչում անհրաժեշտ Ոգի:

    Հենց այդ դիտումով էլ շարադրվեցին մեր պատմիչների երկերը»,- գրում է Հայ հին մատենագրության անխոնջ ուսումնասիրող, բազմավաստակ գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանն իր՝ «Գրերի գյուտի հարցի շարժառիթների շուրջ» ուսումնասիրության մեջ…

    «Ազգային Ոգի — ահա՛ գերագույն Հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող Հերոսը: էապէս միայն դա՛ է գործում պատմության մեջ և պատմության համար:
    Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ Ոգու» (Գարեգին Նժդեհ):

    Նախնիների՝ իր «տոհմածառի արմատների» Ոգով զորացած բանաստեղծը՝ Համո Սահյանն, ի պատասխան իրեն ուղղված հարցի, գրում էր.

    «Քո լեռներում ի՞նչ ես գտել,
    Որ դու նրանց գիրկը մտել,
    Ամեն թուփ ու ճմբով տարված,
    Խենթի նման սիրահարված,
    Խոնարհվում ես ամեն քարին
    Ու երգում ես ամբողջ տարին։

    • Ակունքնե՛րս եմ գտել պարզկա,
      Արմատնե՛րը տոհմածառիս,
      Ամե՛ն ինչից, որ այստեղ կա,
      Ապուպապի հոտ է գալիս:
    • Իմ լեռներում գտել եմ ես
      Ակունքնե՛րը համբուրելի,
      Ամենաջինջ աղբյուրների,
      Որ կարող են ճչա՛լ, փրփրե՛լ,
      Լվանա՛լ ու պարզաջրե՛լ
      Ապականված մի ողջ աշխարհ»…
    Նեմրութ լեռան մի հատված՝ վերակազմված քանդակների պատկերով (տեսքի մասին պատկերացում կազմելու համար)
  • «ԽՈՐԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ ՄՈԽԻՐ,  ՈՐ ՀԱՆԳԵԼ ԷՐ,  ԲԱՅՑ ՉԷ՛Ր ՏՐՎԵԼ ՔԱՄՈՒՆ»…

    «ԽՈՐԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ ՄՈԽԻՐ, ՈՐ ՀԱՆԳԵԼ ԷՐ, ԲԱՅՑ ՉԷ՛Ր ՏՐՎԵԼ ՔԱՄՈՒՆ»…

    «ԽՈՐԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍՐԲԱԶԱՆ ԿՐԱԿԻ ՄՈԽԻՐ, ՈՐ ՀԱՆԳԵԼ ԷՐ, ԲԱՅՑ ՉԷ՛Ր ՏՐՎԵԼ ՔԱՄՈՒՆ»…

    «Հայոց շատ եկեղեցիների տակ կարելի է տեսնել հեթանոսական տաճարների հիմքեր, իսկ խորաններում՝ սրբազան կրակի մոխիր, որ հանգել էր, բայց չէ՛ր տրվել քամուն» (Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» աշխատությունից):

    «Զբագինս նոցա կործանեսջիք և զարձանս նոցա փշրեսջիք և զանտառս նոցա կոտորեսջիք և զդրոշեալս դից նոցա հրով այրեսջիք» (Ելք. ԼԴ, 13):
    (Կկործանե՛ք նրանց բագինները, կփշրե՛ք նրանց արձանները, կկտրե՛ք նրանց անտառները և հրով կայրե՛ք նրանց դիցերի քանդակները):
    Աստվածաշնչից այս մեջբերման հիշեցմամբ է սկսվում Հայ հին մատենագրության քաջ գիտակ, բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» ուսումնասիրությունը՝ նվիրված Հայ ազգի համար կարևոր մի դարաշրջանի՝ քրիստոնեության տարածման ժամանակահատվածի քննությանը:

    Էջմիածնի Մայր տաճարի ներքո

    Ագաթանգեղոսն՝ անդրադառնալով քրիստոնեության տարածման ժամանակ Դիցապաշտ Հայոց մեհյանների կործանմանը, բազմիցս նշում է նրանց ընդարձակ տիրույթների ու գանձերի մասին:
    Օրինակներից մեկն է Արտաշատում Անահիտ Դիցամոր ու նրա մոտ գտնվող Տիր Դիցի մեհյանների ավերման նկարագրությունը՝ նրանց մթերյալ գանձերը գրավեցին, բաժանեցին աղքատներին, իսկ դաստակերտները՝ տաճարներին պատկանող քաղաքատիպ ավանները, նրանց սպասավոր քրմերով, հողերով և սահմաններով՝ նվիրվեցին եկեղեցուն։
    Համանման վկայություններ պատմիչը հաղորդում է նաև Արամազդի, Անահիտի, Նանեի, Միհրի մեհյանների, ինչպես և Վահագնի, Աստղիկի և Անահիտի՝ Աշտիշատում գտնվող մեհյանների կործանման առիթով:

    Տարոնի երկրում՝ Աշտիշատում, Քարքե լեռան լանջին բազմած՝ Վահագնի գլխավոր՝ Վահեվանեան մեհյանը հիշատակելիս նա բնութագրում է՝ «մեծագույն մեհյանը լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով»։
    Հիշենք, որ պաշտամունքային այս կառույցներում՝ ժամանակի տնտեսական ու մշակութային կենտրոններում՝ մեհյաններում (ու նրանց կից գանձատներում) պահվում էին նաև մեհենական նշանագրերն ու հարուստ գրականությունը, բարձրավեստ ու թանկարժեք ծիսական սպասքը, ազնիվ մետաղներից պատրաստված զանազան իրերն ու առարկաները:

    «Ավերված տաճարների ամբողջ հարստությունը տրվեց եկեղեցուն. «Եւ զդաստակերտսն և զսպասաւորսն քրմօքն հանդերձ և նոցին գետնովքն և սահմանօքն ի ծառայութիւն նուիրեցին եկեղեցւոյ սպասաւորութեան» (Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1909թ., էջ 406),- կարդում ենք Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» աշխատության մեջ:
    «Քրմօքն հանդերձ»,- բայց դա քիչ էր. «Սոյնպէս և թագաւորն յամենայն իշխանութեան իւրում առ հասարակ՝ գրեաց չորս-չորս հողս երդոյ յամենայն ագարակ տեղիս, իսկ յաւանսն եօթն եօթն հողս երդոյ՝ ի ծառայութիւն սպասաւորութեան քահանայութեանն, նուէր պտղոյ Տեառն մատուցանէր» (նույն տեղում, էջ 436):

    Նույն ուսումնասիրության էջերում կարդում ենք.

    «Անցյալի մասին երբեք անցյալի համար չի գրվում, քանի որ այն այլևս չկա, իսկ ապագայի համար՝ ոչ ոք թույլ չի տա իրեն այդպիսի շռայլություն:
    Ագաթանգեղոսը և Հայոց 5-րդ դարի ամբողջ պատմագիտությունը 5-րդ դարի խնդիրներին են ծառայում: Պետությունը՝ ձգտելով հաստատել քրիստոնեությունը Հայաստանում, եկեղեցու նկատմամբ արտահայտում է մեծ պատրաստակամություն, եկեղեցին դա շփոթում է ծառայակամության հետ:
    Ո՛չ, չի՛ շփոթում:
    Այն թարգմանո՛ւմ է ծառայակամություն:
    Եվ ահա, հզոր և խելացի արքան դառնում է կրոնախև և հլու մի հավատացյալ: Նա, որ կարողացավ Իրանի և Հռոմի համաձայնությամբ վերականգնել իր դինաստիական իրավունքները և ուղիներ գտավ երկրի դիմադրողականության համար ընդդեմ Իրանի և Հռոմի, մի օտար քարոզչի առջև խոստովանում է «զիւր զամբարշտութիւնն» և կոչում նրան «առաջնորդ կենաց մերոց»:
    Դա թագավորի մի օրինակ է, որ ստեղծել է եկեղեցին, և որի մեջ արտահայտված է նրա վերաբերմունքը իշխանության նկատմամբ:
    Բայց իրականում…
    Այնքա՜ն խորն է հավատը այդ երկու մեծ գործիչների՝ Տրդատի և Գրիգորի բարեկամության մասին, որ դրա դեմ դուրս գալ՝ նշանակում է քարը շարժե՛լ սրբի գերեզմանից, որի վրա մարդիկ դարեր շարունակ մոմ են վառել, եթե նույնիսկ նրա տակ ո՛չ մի նշխար չկա:
    Բայց քարը պե՛տք է շարժել:
    Այդտե՛ղ է թերևս այն հարցի պատասխանը, թե ինչո՛ւ քրիստոնեության մուտքը իր հետ գիր չբերեց, եթե գիրը քայլում է հավատի հետքերով, և Գրիգորի քահանայապետությունից անցավ ավելի քան մեկ դար, մինչև նրա վերջին շառավիղը մտածեր հոգալ այդ մասին»:

    «Եկեղեցին ձեռք բերեց վիթխարի կարողություն ու ուժ:
    Խորանը միացավ գահին և դրանով խորհրդավորվեց իշխանությունը: Բայց նրանք կանգնեցին միաժամանակ իրար կողքի և իրար դեմ» (Արտաշես Մարտիրոսյան, «Մաշտոց», էջ 99):

    …«Քրիստոնության հաստատման մեջ դեր խաղաց հելլենիզմը, բայց հելլենիզմը Հայաստանում ոչ թե ծնեց քրիստոնեություն, այլ ճանապա՛րհ բացեց նրան:
    Այդ հանգամանքը կարևոր է:
    Ինչ էլ որ լինի, քրիստոնեությունը եկամուտ էր և դեռ՝ խորթ:

    Փոքր Ասիայից և Միջագետքից քարոզիչներ էին շրջում Հայաստանում:
    Նրանցից մեկն էլ Գրիգորն էր, որ կարողացավ մոտենալ գահին: Նա կեսարացի էր և եկավ Հայաստան ու նստեց Թադևոս առաքյալի աթոռին:
    Գրիգորը ձեռնադրվելով՝ Կեսարիայից մենակ չվերադարձավ: Նա իր հետ կրոնավորներ բերեց՝ եղբայրներ (Ագաթանգեղոս, նշվ. աշխ.., էջ 420-421)…

    … Նա բերում է նաև Հովհաննես Մկրտչի և սուրբ Աթանագինեսի նշխարները և թաղում Իննակնյան կոչվող վայրում, որ հեթանոսական պաշտամունքի կենտրոն էր, և նրանց վրա կառուցում առաջին եկեղեցին՝ «նախ անտի սկիզբն արար շինելոյ զեկեղեցիս»:

    Նույն՝ Իննակնյան վայրում Գրիգորը թողնում է կրոնավորելու Անտոնին և Կրոնիդեսին…

    …Այդպես, Հայ եկեղեցին բարձրացավ ազգային սյուների վրա (դրանք Տրդատը իր ուսերով բերեց Մասիսից), որոնց տակ օտա՛ր աճյուններ կային, և օտա՛ր ձեռքով նրա դուռը բացվեց վաղորդյան աղոթքի համար:
    Նորաստեղծ եկեղեցու կազմը միատարր չէր. «Ուստեք-ուստեք եկեալ են ժողովեալ»,- գրում է պատմիչը («Պատմութիւն Տարօնոյ զոր թարգմանեց Զենոբ Ասորի», Վենետիկ, 1832թ., էջ 13):

    Նրանցից քչերի անունն է մեզ հայտնի, բայց հենց այդքանով էլ գծվում է մի ընդարձակ քարտեզ. Զենոբը, Եղիազարը և Դանիելը Ասորիքից էին, Դիմասիոսը՝ Ալեքսանդրիայից, Սուրտինոսը՝ Եփեսոսից, Անտոնը և Կրոնիդեսը՝ Կեսարիայից,Կեսարիայից էին և 40 հոգևորականներ՝ Եպիփանի առաջնորդությամբ, որին Գրիգորը կարգեց «դոցա և այլոց եղբարց վերակացու»:

    Նրանց բոլորին միացնում էր դավանանքը:
    Առաջին քրիստոնյաների համար դա՛ էր որոշող և ոչ՝ սոցիալական կամ ազգային պատկանելությունը» (հատվածներ Արտաշես Մարտիրոսյանի՝ «Մաշտոց» աշխատությունից, էջ 99 -101, Երևան, 1982թ.):

    Գառնի

    Քրիստոնեության տարածման «գործընթացին» է անդրադարձել Մոնրեալի Համալսարանի դասախոս, պատմաբան Պիետրո Բոգլիոնին իր՝ «Հեթանոսությունից՝ քրիստոնեություն: Վայրերի ու ժամանակների հիշողությունը» ուսումնասիրության մեջ, ուր ուշագրավ դրվագներ կան՝ համանման Հայաստանում իրականացված՝ տեղական, ազգային մշակույթի ավերման ու նրանց տեղում նոր կրոնին հարմարեցված՝ վերափոխված «սրբատեղեր» հիմնելու նկարագրություններով, ընդգծելով, որ «վերացվում էին նույնիսկ հին սրբավայրերի մերձակա սրբազան ծառերը, անտառները», ինչպես նաև՝ աղճատվում էին տեղական-ազգային տոներն ու ծեսերը՝ համապատասխանեցնելով նոր կրոնին:

    Ահավասիկ որոշ հատվածներ՝ հիշյալ հոդվածից:

    «Հեթանոսությունից քրիստոնեություն անցման կարևոր մանրամասներ են պահպանվել 6-րդ դարի երկու տեքստերում:
    Առաջինում՝ Գրիգոր Տուրեցու (Grégoire de Tours) նկարագրությունն է՝ Օվերնի մի եպիսկոպոսի նախաձեռնության մասին: Անկարող լինելով խափանել Հելիուս (Hélius) լեռան վրա նշվող հեթանոսական տոնակատարությունը՝ նույն տեղում նա կառուցում է մի եկեղեցի՝ նվիրված քրիստոնեական մի սրբի՝ Հիլերին (Hilaire):
    Երկրորդում՝ Գրիգոր Մեծը (Grégoire le Grand) Անգլիա ուղարկած իր միսիոներներին ցուցումներ է տալիս՝ հեթանոսական տաճարը քրիստոնեականի վերածելու համար:
    Երկու տեքստերը բացահայտում են հովվական (քրիստոնեական, Կ.Ա.) մարտավարության ամբողջական համալիրը, որը կիրառվել է ընդդեմ հեթանոսության՝ քանդելու — ջնջելու և ներգրավմամբ փոխակերպման (ինտեգրման) հնարքների համադրմամբ»:

    «Հնագույն տաճարների կործանումը վկայված է բազմաթիվ տեքստերում, ինչը և փաստում է հաճախ հնագիտությունը. խաթարված ծեսեր, քանդված տաճարներ, հատված (կտրված) սրբազան ծառեր, սրբազան աղբյուրների աղտոտում:
    Քրիստոնեական առաքելության պատմությունը լեցուն է ավերման — կործանման արշավները խանդավառությամբ որպես հերոսական քաջության գործողություններ ներկայացնելու դրվագներով (որոնց հաճախ ժողովուրդը կատաղի ըմբոստությամբ դիմադրում էր ու իր բողոքն արտահայտում):

    Որպես հատկանշական պատմություն՝ հիշվում է 4-րդ դարի վերջին՝ Սուլպիս Սեվերիոսի գրած՝ սուրբ Մարտինի մասին վկայությունները.
    «…Մի այլ օր, մի գյուղում, նա քանդեց — կործանեց մի չափազանց հին տաճար ու սրբավայրին շատ մոտ գտնվող սոճին. տեղանքի քուրմն ու ողջ հեթանոս ամբոխն սկսեց նրան հակառակվել՝ դիմադրությամբ: Մի այլ գյուղում նա այրեց հնագույն և շատ հայտնի հեթանոսական մի սրբավայր:
    …Մի այլ գյուղում՝ Լեվրու (Levroux) անվամբ, Մարտինը ցանկացավ նույնպես քանդել-կործանել մի տաճար, որը կեղծ կրոնը լցրել էր հարստությամբ, սակայն հեթանոսների ամբոխն այնպես էր դիմադրում — հակառակվում՝ ոչ առանց բռնության, որ այն հետ մղվեց:
    Նույն վայրագությունն է փաստվում գյուղերում նաև նույնիսկ քրիստոնեության դարձից հետո՝ պատշոնական եկեղեցու կողմից անընդունելի համարվող ժողովրդական սինկրետիկ պաշտամունքի հանդեպ:
    Ոչնչացումն ավելի կոմպլեքս կատեգորիա է»…

    Զվարթնոցի տաճարից մի բեկոր
  • ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՀԶՈՐԱՑՆԵ՛Լ ԳԻՏԻ…

    ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱՑՆԵ՛Լ ԳԻՏԻ…

    «ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐԱՑՆԵ՛Լ ԳԻՏԻ»…

    Հազարամյակների խորքից սերնդեսերունդ փոխանցվող հոգևոր ու նյութական մշակույթի արժեհամակարգն է ձևավորում, կերտում Ազգային աշխարհայացքը:
    Նախնիների աշխարհընկալմամբ, նրանց պատմությամբ՝ հայրենաճանաչությամբ է թրծվում, հարատևում Ազգային Ոգին, հոգևոր պատմական հիշողությունը…
    Դարեդար սնուցում ու ոգեշնչում է Ցեղի Ոգին, ու այդ ակունքն է անսպառ վերակերտում, լուսավորում ու զորացնում Հայի հոգին, միտքն ու մարմինը:

    «…Իբրեւ հասկացողութիւն՝ Հայրենիքն ընդգրկում է ո՛չ միայն անցեալն ու ներկան, այլեւ՝ գալիքը»,- գրում է Նժդեհը:
    «Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է՝ ըստ իր վախճանական նպատակի՝ զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը:
    Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն, իբրեւ գաղափար եւ գործ, ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն»:

    …«Մարդկային գործերի մէջ Հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը:
    Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական:
    Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ:
    Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած Հայրենիքը պաշտպանելո՛ւ ժամանակ»:

    …«Մի ժողովուրդ, որ եղել է եւ կարող է լինել ուժեղ, բայց իր մտաւորականութեան մի մասի հոգեւոր ծուլութեան բերումով շարունակում է մնալ տկար:
    Եւ աշխարհը ասում է նրան — արիացի՛ր կամ՝ մեռի՛ր:
    Ոչ մի չար աստւածութիւն յաւիտենական թուլութեան չի դատապարտել քեզ, Հա՛յ պարտւողական:
    Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցութիւնը ուժեղ լինելու կարելիութեան»:

    …«Ո՛յժը չի պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կա՛մքը:
    Պակասում է Հայրենապաշտութիւնը, որ հզօրացնե՛լ գիտի:
    Քեզ պակասում է բարձր նպատա՛կը եւ ոչ զայն իրագործելու միջոցները:
    Գարշի՛ր, գարշի՛ր թուլութիւնից — եւ պիտ ուզենաս լինել, եւ պիտ լինե՛ս ուժեղ»:

    …«Ի՞նչ, երիտասա՛րդ Հայութիւն, պիտ դառնա՞ս մեր դիւցազնախառն սերունդը, պիտ կարողանա՞ս կատարել ժամանակի պահանջը ու փրկել՝ ապագան վտանգւած մեր ժողովուրդը:
    Ցանկութեան դեպքում՝ ԱՅՈ՛» (մեջբերումները՝ Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006 թ.):

    Ազգային արմատների՛ն, ազգային արժեհամակարգի՛ն վերադարձի անհրաժեշտությունն է բարձրաձայնվում հատկապես մեր օրերում:

    Քուրմ Հարութ Առաքելյանի մեկնաբանությամբ ու Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ՝ Ազգային ինքնագիտակցության կարևորության շուրջ՝ ահավասիկ…

    «Ինչո՞ւ պիտի կրկին վերափոխվենք և դառնանք Հայկազուն, որ արժանանանք Հայ կոչվելու պատվին…

    Թիթեռը փոփոխության և զարթոնքի խորհրդանիշն է, մի արարած, որն ի սկզբանէ որդ է և կարող է սողալ, բայց մի զարմանալի կերպարանափոխությամբ՝ անցնելով կոկոնի փուլը՝ այն փուլը, որտեղ ո՛չ որդ է և ո՛չ էլ՝ թիթեռ, սահմանափակ տարածության մեջ սողացողից վերափոխվում է մի էակի, որը թռչում է անսահմանության մեջ:
    Իրականում, թիթեռը փոխակերպման խորհրդանիշն է, ա՛յն ինչից նա կարծում է, որ ինքն է (որդը) դեպի ա՛յն, ինչ իրականում կա (թիթեռը):

    Հայկազունին կարելի է համեմատել նաև թիթեռի հետ. նա, ով ի սկզբանէ անտեղյակ էր իր իսկական էությանն ու արմատին, իրեն համոզել էին ճճվի նման սողալ միաչափ ու սահմանափակ տարածության մեջ: Բայց իր գոյության ու արմատների ճշմարտության հետ ծանոթանալով, երբ նա թողնում է իրեն պարտադրված սին համոզմունքներն ու հավատամքը, նա գնում է իր ներաշխարհ, ապրում է մի տեսակ կոկոնի փուլ, և երբ հիշում է, թե ո՛վ է ինքը, երբ գտնում է, թե ինքը Հայկ Նահապետի զարմն է, որի Նախնիներին ու իրեն պարտադրել են այլ հավատամք և համոզմունք, որը իր ազգային արմատների ու արժեքների հակասումն է, ազատվում է իր հին կոկոնից և թռչում է իր հոգու հնարավորությունների անսահման հորիզոններում:

    Բազմաթիվ փորձեր ունեմ, երբ իրեն Հայ համարող, բայց այլոց հավատամքներին գերի անհատին ծանոթացնում ես Հայկական հավատամքը, բացատրում ես, թե ովքե՛ր են մեր Հայկական Դիցերը և ի՛նչ դեր ու նշանակություն ունեն Հայ անհատի կյանքում, պատմում ես Հայկ Նահապետի մասին ու ասում, թե ինչպե՛ս այլոք իր Նախնիներին ու այսօր էլ՝ իրեն կտրել են իր ազգի Նահապետից ու նրա հավատամքից ու պարտադրել են այլ ազգի հավատամքը՝ որպես իր սրբություն, ցույց տալով թե երբ Հային պարտադրեցին այլ ազգի հավատամքը, ինչպես իր Ազգը սկսեց գնալ դեպի անդունդը և թե ինչո՛ւ է կարևոր, որ յուրաքանչյուր ազգ պիտի ապրի ի՛ր Նախնիների հավատամքով, որովհետև դրանք ծնվել են ի՛ր ազգի աշխարհայացքից ու համարվում են տվյալ ազգի «շարժիչի վառելանյութը», սկսում է գիտակցել, որ դարեր շարունակ իր ազգը շարունակում է գահավիժել, որովհետև ա՛յլ «վառելանյութ» են պարտադրել իր ազգի «շարժիչին», որն ի զորու չէ՛ Ազգին վերելքներ պարգևել:
    Այս գիտակցությանը հասած Հայը ցավալի կոկոնի փուլ է սկսում ապրել ու ընթացքում սողացող որդից վերածվում է թռչող թիթեռի:
    Այդտեղ ծնվում է Հայկազունը, որն արդեն սողացող չէ՛ տեսակ — տեսակ կրոնների ու հավատալիքների դաշտում, այլ՝ թռչում է ինքնավստահ ու հպարտ իր Ազգային հավատամքի երկնքում:
    Հետևաբար, Հայկազունին կարելի է Հայ անվանել, որովհետև նա՛ է, որ հավատարիմ է մնում Հայ ազգի արմատ հանդիսացող Հայկ Նահապետին, ապրում է Հայքին արժանի լինելու տեսլականով, ոչ թե այլոց պարտադրած «վերին երուսաղեմին» հասնելու համար:
    Թող բոլոր ազգերը ապրեն իրենց Ազգային հավատամքով և Հայն էլ ապրի իր Հայկազուն Նախնիների Սրբազան հավատամքով և այդպես կրկին վերանվանվի ՀԱՅ»:

    Ի լրումն Քուրմ Հարութ Առաքելյանի հիշյալ մեկնաբանության, կրկին վերհիշենք Ազգանվեր Հայորդու՝ Նժդեհի խոսքերը, երբ ժողովրդին համեմատում է դիցաբանական Անթեի հետ, որն իր ուժն ամեն անգամ կրկին զորացնում էր իր Հայրենի Հողին հպվելիս ու պարտվեց միայն այն ժամանակ, երբ կտրվեց Հողից…

    «Ընդունենք եւ այն, որ պատմութեան նշանակութիւնը ոչ միայն ճանաչողական է, այլեւ՝ դաստիարակչական, վերանորոգչական»:

    …«Ժողովուրդ — դա Անտէյն է առասպելական: Պարտւում է նա՝ հէնց որ կտրուեց Հողից: Իսկ այդ վերջինը՝ Հայրենի Հողը, խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլո՛ր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ինքը՝ ժողովուրդը» (մեջբերումը՝ Նժդեհ, Հատընտիր, էջ 345)…

    «Հայրենիք ստեղծել՝ նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէ՛ս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչի՛նչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճե՛լ երկիրը՝ շունչ եւ իմաստ տալով նրանց:
    Ի մի բան՝ Հայրենիք ստեղծել՝ նշանակում է հարազատե՛լ իր երկիրը եւ հարազատանա՛լ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի Ոգին ու Հայրենիքը:
    Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է Հայրենիքը» (Նժդեհ, Հատընտիր, էջ 347, Երևան, 2006 թ.):

    …«Ամէն անգամ, երբ Մասիսներին եմ նայում, ներքին հայեացքիս առջեւ բարձրանում են վեհափառ ճակատները մեր Նախահայրերի:
    Եւ, կրկնում եմ հանգոյն գոթական ռազմիկի. «Ես կ՚ուզէի նրա՛նց հետ լինել» — իմ փառապսա՛կ Նախահայրերի հետ» (Նժդեհ, նշվ. աշխ., էջ 349)…