«… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ծ)

Ժամանակակիցների զանազան վկայությունները՝ արտացոլված մամուլում, տարբեր հաղորդագրություններում, հրաշքով վերապրածների հուշագրություններում, վավերագրում են Հայ ազգի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը, որը սաստկացավ 19-րդ դարի վերջերից՝ տարբեր շրջաններում:
Եվ ամենուր արձանագրված՝ նույն ձեռագրով ու աննկարագրելի դաժանությամբ իրականացված ոճիրներն են՝ Հայերի զանգվածային կոտորածով ու ողջակիզմամբ, նրանց հարստության կողոպտմամբ ու տների հրկիզմամբ…

1915-ից հրաշքով փրկվածները 1920-1921 թվականներին նույն զարհուրելի ջարդերի ու վայրագությունների զոհն էին դարձել Հայոց տարբեր քաղաքներում ու գյուղերում՜

Մարզվանում 1921 թվականի ամռանն իրագործված ոճրագործություններից դրվագներ՝ ականատես Նշան Զորայանի հուշերից՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

«…Գիշերվան ժամը տասնի ատեններն էր, երբ Կոմիսէրին դուռը կամաց մը զարկի: Դուռը բացավ Ալի էֆենդի կոչված տղան, որը քսան և հինգ տարեկան մը կար: Մութին մէջ չի ճանչցավ զիս և կարծելով, որ թուրք մըն եմ, այդ ժամուն ինչ ուզելս հարցուց: Ըսի՝ «Ալի՛, չի ճանչցա՞ր զիս, ես շաքարագործ Նշանն եմ Սեբաստացի և հայրդ կ’ուզեմ տեսնել, կարևոր խնդրի մը համար, տու՞նն է արդեօք Գօմիսար էֆենտին»:
Տղան զարմացած՝ ապուշ կըտրած էր իմ յայտնութենէս, որուն երբեք չէր սպասէր:
Երբ կրկնեցի հարցումս, այս անգամ խելաբերելով կմկմաց, թե՝ «Այո՛, տանն է, սակայն խիստ հօգնած ըլլալուն արդեն պառկած է»:
Ըսի՝ «Խնդրեմ՝ ինձի առժամեայ նե՛րս առ փողոցէն և գնա՛ իմաց տուր հայրիկիդ, թէ եկած եմ զինքը տեսնելու: Գիտեմ, թէ անհանգիստ պիտի ընեմ զինքը, սակայն գիտէմ, թէ հաճի էֆենտին չի նեղանար ինձ հանդէպ»…

«Ալի՜»,- պօռաց իր ննջասենեակէն գօմիսերը՝ դռան զարնվիլը լսած և տղան իրեն լուր մը բերելու ուշացումէն սրտնեղած ըլլալով:
Զիս դռան ետևը ձգելով՝ տղան բարձրացավ հօրը ննջասենեակը:
Եթէ միայն տղուն ձեռքը ինկած ըլլայի՝ շատ հաւանական է, որ կը սպաննէր զիս, բայց կ’երևի՝ հայրը արգիլած էր այդ արարքը ու միայն ինձմէ բան մը կորզել պիտի ջանար իր ստահակ տղան:
Սպաննութեանց դադարման հրամանը եկած է եղեր նույն օրը՝ կէսօրէն վերջ, սակայն եթե գօմիսերը իմ անձիս հանդեպ չարիք մը գործելու միտքը հղանար, ո՞վ կամ ի՞նչ բան արգելք կ’ըլլար զիս սպաննել, այն էլ՝ իր տան մեջ. ոտքո՛վս գացէր էի…

Գօմիսէրի որդին վերադարձավ վերջապես ու հայտնեց ինծի, որ հայրը կը սպասէր ինծի:
Միասին վեր ելանք:
Բարևեցի զինքը և որպիսութիւնը հարցուցի: Մարդը աթոռ մը ցույց տալով ըսավ, որ նստիմ, սկսավ զիս հարցուփորձել, թէ որտե՞ղ և ինչպե՞ս կրցէր էի պահվիլ և ձեռք չ’իյնալ մինչև հիմա և ի՞նչ պատճառով գիշերվան այս պահուս համարձակէր էի փողոց ելլելով մինչև իր տունը գալ առանց վախի…

Առանց երկար — բարակ խոսակցութեամբ ժամավաճառ ըլլալու՝ բացատրեցի.
«Հաճի՛ էֆենտի, գիտես, որ այս աշխարհի վրայ ես որևէ մեկը չունիմ բացի ընտանիքէս, որը այս պահուս չեմ գիտէր ու՞ր է՝ ո՞ղջ է, թէ՞, հաւանաբար, մեռած:
Երբ այս դժբախտութիւնները ծայր առան՝ առաջին մտածումս եղավ Ձեր պաշտպանութեան ապաւինիլ, սակայն, դժբախտաբար մեզի՝ հնարաւորութիւնը չ’եղավ և միջոց մը չի կրցայ գտնել Ձեր հայրական հոգածութեան ապավինելու, որով իմ հայրս կը նկատվիք և ահա այդ գաղափարով իսկ կը ներկայանամ Ձեզ՝ վստահ ըլլալով, որ միայն դուք կարող եք Ձեր բարձր պաշտպանութեամբ փրկել զիս այս սարսափելի փորձանքէն. իմ կեանքս Ձեզի միայն է, որ կ’ապավինեմ:
Վստահեցայ ու եկայ Ձեր սրտի գթութեան դուռը զարնելու, իմ կեանքս կամ մահս ձեր ձեռքը կը հանձնեմ այս վայրկեանիս ու կսպասեմ ձեր հայրական տնօրինութեան՝ ո՛ր տեսակն ալ որ կամենաք»:

Ո՛չ պահված տեղիս և ո՛չ ալ հետս պահված օրիորդին մասին ոչ մի բառ արտասանեցի՝ առ ի զգուշութեան:
Այս խոսքերը արտասանած պահուս հուզված էի, զղջացած սա ձեռնարկիս համար, ի տես մանաւանդ իր դժոխադեմ որդուն, որ ներկայ էր ու իր դիմագծերէ կը գուշակէի իր սատանայական գաղափարը ու վախ մը պատած էր սիրտս, թէ այդ հրէշը կրնայ ինծի ամեն չարիք հասցունել:

Մինչև հազար ու մեկ սև կասկածներ իրարու ետևէ կ’անցնէին իմ էութեանս մեջէն՝ գօմիսարն ըսավ ինծի. «Մի՛ վախնար, զաւա՛կս, հանդա՛րտ բռնէ սիրտդ, քեզի համար մտահոգվելու պետքը չունիս, քանի որ մինչև հիմա փորձանքի մը չես հանդիպէր՝ ասկէ վերջն ալ կ’ազատվիս այս փորձանքներէն»:
Տղային դառնալով՝ «Ալի՜,- ըսավ,- պարոնը վար իջեցուր և ուտելիք բան մը ճարէ, անշուշտ, անօթի ըլլալու է, թող փորը կշտացնէ և քիչ մ’ալ սիրտը հանդարտի, յետոյ բան մը կը խորհիմ»:

Իր խոսքերուն մեջ հուսադրիչ բան մը չէի տեսնէր ու ներսէս աւելի կը փոթորկէի…
«Շնորհակալ եմ, Հաճի՛ էֆենտի,- ըսի,- աւելորդ ձանձրութիւն մի՛ պատճառէք ձեր զավակին այս անպատեհ ժամուն. բնավ ախորժակ չունիմ»:
«Ո՛չ, ո՛չ, Ալի՜,- ձայնեց,- շու՛տ վար գացեք ու ուտելի՛ք տուր, որ քիչ մը կազդուրվի»:
Կամքին հակառակելը անհեթեթ պիտի ըլլար, ստիպված էի հնազանդելու, ու տղուն հետ վարի գետնայարկ սենեակը իջանք:
Ալի գնաց ինծի ուտելիք բերելու, քիչ յետոյ վերադարձավ՝ շերտ մը հաց և պնակ մը մածունով: Ըսավ, որ գիշերվան այս ժամուն ասկէ ավելի բան մը չէր գտած:
«Շնորհակալ եմ,- ըսի,- արդեն ձեզ հայտնած էի, որ ախորժակ չունիմ, այս մածունը ինձ ամեն բան կ’արժէ»:
Ալին նորէն դուրս ելավ՝ զիս մինակս ձգելով: Խորհեցայ, որ անշուշտ հօրը քով վերադարձավ՝ իմ մասին ընելիք կարգադրութեան մասին խորհրդակցելու:
Սիրտս կը տրոփէր, միտս կը բերէի խեղճ օրիորդը, որ անօգնական ու առանձին ձգած՝ եկած էի ինքզինքս վտանգելու…
Ինձմէ վերջ ի՞նչ պիտի ըլլար անոր տարաբախտ վիճակը…
Այս մասին էր, որ առաւելապէս կը մտահոգվեի, քան իմ անձիս կորուստով, որուն համար շատոնց արդէն պատրաստէր էի ինքզինքս…

Բաւական սպասումէ յետոյ Ալին եկավ ու իբրև թէ մտերմաբար սկսավ խօսակցութեան բռնել զիս: Զարմանք ու հիացում կը յայտնէր ինծի. ինչպէ՜ս կրցեր էի ինքզինքս պաշտպանել ու ձեռք չ’իյնալ այսքան ատեն: «Անշուշտ,- կ’ըսեր,- լավ թաքստոց մը ունեցած ըլլալու ես», և կ’ուզէր իմանալ պահուած տեղս: Յետոյ, անդրադառնալով բուն իր դիտաւորութեան, ըսավ թէ՝ «Անշուշտ, դրամներդ ալ միասին ազատած ըլլալու ես, կ’ուզէ՞ս միասին հետդ երթանք և հոս բերենք, այսպէսով ունեցածդ չի կորսվիր՝ կողոպտողներու ձեռքը անցնելով»:

«Ալի՛,- ըսի,- ես պահված դրամ չունի՛մ, ինչ որ ունիմ՝ վրաս է: Չե՛մ պահեր քեզմէ, իմ վիճակս ինչ որ էր, անշուշտ, քիչ — շատ նկատելի դրամագլուխ մը ունէի, և դուն լավ գիտես, որ ասկէ մեկ ամիս առաջ ունեցած նախկին շաքարագործութեան խանութէս դուրս մեծաքանակ նպարեղէնի մը վաճառատունը բացի: Վաճառատուն մը, որը կարևոր դրամագլուխ կը պահանջէր, չէ՛իկրնար երևակայել, թէ ասանկ աղէտ մը կրնար պատահիլ…
Երանի թէ բացած չ’ըլլամ եղեր, ի՜նչ գիտնայի, թէ ասանկ անսպասելի փորձանքի մը պիտի հանդիպէինք այդ լազերու հօս ժամանումով:
Հիմա եթէ այդ դրամները ձեռքս գտնվէր, թէ՛ ինծի կրնար օգտակար ըլլալ և թէ՛ ձեզի: Շաքարագործ խանութս՝ գիտմ, որ վառվեցավ, բայց չէ՛մ գիտէր, թէ ի՛նչ եղավ միւս նոր բացած վաճառատունս: Եթէ անվնաս մնացած ըլլայ, Ալի՛, կրնամ ձեզի շատ օգտակար ըլլալ»:

Միամտաբար կը կեղծէի, իբրև թէ չէի գիտեր կատարուած կողոպուտները:
Խնդաց վրաս ու երեսիս զարկավ կեղծիքս, թէ՝ այդքան միամտութիւն չէր սպասէր ինձմէ: «Իհարկէ, — ըսավ,- վաճառատուներէն շյուղ մը անգամ մնացած ըլլալու չէ, քանի որ բոլոր գեավուրներու ստացուածքները վարի տրվեցան: Եթէ քովդ և կամ պահված բան մը ունիս՝ անիկա նայէ, այլապէս ուրիշ բան մի՛ յուսար»:

«Ալի՛ էֆենտի,- ըսի,- առանց վերապահութեան ձեզի հայտնէցի եղելութիւնը: Հաճի էֆենտին իբրև հայրս և քեզ ալ իբրև եղբայրս դաւանելով է, որ եկայ ձեզ մօտ, կեանքս ձեզի վստահելէ յէտոյ կը հուսա՞ք ինձմէ, որ ձեզմէ բան պահեմ՝ եթէ ունենամ, կամ թէ՝ ինչի՞ կրնայ ծառայել, եթէ զիս ուղղակի ձեր հովանավորութեան տակ չ’առնիք: Ալի՛, անշուշտ, նիւթական կորուստը բնավ հօգս չէ, եթէ առանց վտանգի զիս ազատէք այս աղետէն:
Ես իմ արհեստովս և փորձառութեամբս քու հետ ընկերակցաբար իբրև եղբայրս և ազատարար՝ գործի ընկեր ըլլալով կ’երաշխավորեմ ձեզի լավ ապագայ մը:
Ներկայիս քովս հարիւր ոսկի թղթադրամի չափ գումար մը կայ, ա՛ռ ու քո՛վդ պահէ, աւելի ապահով է»,- ըսի և գրպանէս թղթապանակս հանելով՝ իրեն երկարեցի:

Առանց մերժելու և նույնիսկ բան մը արտասանելու առավ ու գրպանը տեղավորեց:
Լուռ էր ու չէր խօսէր այլեւս: Արդեօք դեպի լա՞վը դարձած էր իմ սնօտի խոստումից յետոյ իր տրամադրութիւնը, թէ ոչ: Քովս գտնված դրամը կորզելէ յետոյ չարութիւ՞նն էր, որ կը խորհէր ինձ հանդէպ…
Քիչ յետոյ Ալի կրկին մեկնավ իր հօր մօտ:
Օրհասական տագնապի վայրկեաններ կ’ անցնէի այդ պահուն՝ թէ ի՞նչ վճիռ պիտի արձակեն ինձ համար…
Քառորդ ժամ մը առանձին մնացի սենեակին մէջ: Այդ միջօցին միտքէս անցավ փախուստ տալ տունէն, թեև փողոցի դուռը ներսի կողմէն բանալիով կողպուած էր, բայց գետնայարկի սենեակի պատուհանէն կարելի էր փախուստ տալ: Սակայն մտածեցի, որ այդ ալ գէշ արարք մը եղած պիտի ըլլար. առանց անոնց՝ ինծի հայտնելիք վերջի միտքերնին իմանալու տունէն անյայտանալու այս կերպով թէ՛ գօմիսէրին և թէ՛ տղային զայրույթը պիտի հրաւիրած ըլլայի վրաս, որոնք իմ ողջ մնալս գիտնալէ վերջ ամեն միջօց պիտի գործադրէին զիս գտնելու: Այդ պարագային այլևս որևէ հույս կորսված պիտի ըլլար մեզ համար…

Վերջապէս տղան եկավ ինձ հայտնելու, թէ հայրը զիս կը կանչէ. ելայ ու հետեւեցայ իրենը:
Գօմիսէրը մահճակալին մեջ նստած կը ծխէր:
«Փորդ կշտացուցի՞ր, տղա՛ս»,- ըսավ առաջին անգամ:
Ըսի՝ «Շատ շնորհակալ եմ, Հաճի էֆենտի, Ձեր զաւակը շիտակը անանկ բան մը ընտրէր էր, որ եթէ մասնավոր խնջույքի ներկայ եղած ըլլայի, այսքան գոհ չէի կրնար մնալ: Ալի էֆենտին բժշկի ձիրքով օժտված երիտասարդ մը ըլլալու է, շատ երախտապարտ եմ իրեն, որ խորհած էր, թէ՛ անօթութեանս և թէ՛, մանաւանդ, սոսկալի ծարավիս հագուրդ տալու, այդ մասին հանգիստ եղեք»:
Այս խոսքերով կ ‘ուզէի շոյել տղուն ալ անձնասիրութիւնի. նշմարեցի աչքիս տակէն, որ տղան գոհունակութեան ժեստ մը ունեցավ դեմքին վրայ՝ իմ շռայլած գովասանական խոսքերէն:
«Լավ,- ըսավ, յետոյ դառնալով իմ մասին՝ ավելցուց,- գիշերվան այս պահուս բան մը չէմ կրնար ընել, տունիս մէջ պահել անկարելի է ինձ համար, կառավարական պաշտօնեայ մը ըլլալով՝ իմ կացութիւնս չեմ կրնար վտանգել»:
Իսկույն հասկցայ, թէ ի՛նչ էր իմաստը «վտանգել» բառին, զոր նախորդ գիշերը ինձ հայտնած էր մեր դրացի թուրքը:
«Յետոյ, քանի օրէ ի վեր այսքան հոգնած եմ, որ ոտքիս վրայ կենալու կարողութիւն չունիմ, պետք ունիմ այս գիշեր անպայման հանգստանալու, որպեսզի կարող ըլլամ գոնէ վաղը ժամանակին բան մը կարգադրելու:
Այլևս մի՛ վախնար, -ըսավ,- Կենտրոնի կառավարութենէն հրաման եկած է՝ վերջ դնել խժդժութեանց, բայց ամբոխը՝ տակաւին չի գիտնալով և կամ ավելին՝ չի գիտնալ ձևացնելով, դարձեալ գէշութիւններ կրնայ ընիլ: Ուստի, կը թելադրեմ քեզի, որ երթաս հօսկէ և առանց մարդու աչքին երևալու՝ պահվիս դարձեալ՝ ուր որ ես:
Վաղը ցերեկին ես կը կարգադրեմ ամեն ինչ՝ քեզ պետք եղած ապահովութեան տակ պահելու, մինչև որ ամեն ինչ խաղաղի ու բնականոն կեանքը վերահաստատվի»:

Հարցուց որտե՛ղ պահված ըլլալս: Ես դարձեալ, առ ի զգուշութեան, իմ գտնված տեղս չի հայտնեցի:
«Գնա՛, զաւա՛կս, վերադարձի՛ր տեղդ ու մարդու չ’էրևնաս՝ մինչեւ որ ես հարկ եղած կարգադրութիւնը ընեմ» ըսելով՝ զիս ճամբեց:
Հրաժեշտ առի իրմէ և տղուն ընկերակցութեամբ դեպի դուրսի դուռը յառաջացանք:

Դուռը բանավ ու ինծի ճամբու դնելէ առաջ սրիկա տղան՝ ոտքիս նոր կոշիկին աչք տնկած ըլլալով, ինծի ըսավ, թէ՝ «Խոհեմութիւն է, որ ոտքիդ կոշիկները հանէս ու հոս ձգէս՝ քալած ատենդ նոր կոշիկդ կրնայ աղմուկ ընիլ: Ահա՛ քեզի զույգ մը քաշուէ լաթիկ, անոնք ձայն չեն հանէր, հագի՛ր ասոնք ու գնա՛»:
Այս ըսելով՝ բերավ զույգ մը քաշիէ ոտնաման, նետեց առջեւս…
Այնքա՜ն հին, որ գրեթէ տակ անգամ չունէր:
Իհարկե, իմ խորին շնորհակալութիւնս յայտնեցի ու նոր կոշիկներս հոն ձգելով՝ հրաժեշտ առի իրմէն ալ և ինքզինքս փողոց նետեցի…

Միշտ ետևս կը դառնայի՝ նայելու, թէ արդեօ՞ք գօմիսէրին սրիկա որդին կը հետապնդէ՞:
Բարեբախտաբար, ետեւէս եկող մը չի կար ու ես փառք կուտայի աստուածիս, որ այս անգամ ալ մորթս վրայ պրծայ այս ապործինին ձեռքէն:

Գօմիսէրին տունէն երբ վերադարձայ, նույն դռան առջև հասայ, տեսայ, որ դուռը գոցված էր և բանալու ամեն ջանքս ապարդիւն ելավ»…

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Տեսարան Մարզվանից
Facebook Comments