Month: Հոկտեմբերի 2021

  • «ԵՒ ՅԱՅՆԺԱՄ  ՁԱՅՆ ՏՈՒԵԱԼ ՄԱՆԿՏԱՒԱԳՔՆ ՆՈՑԱ»…

    «ԵՒ ՅԱՅՆԺԱՄ ՁԱՅՆ ՏՈՒԵԱԼ ՄԱՆԿՏԱՒԱԳՔՆ ՆՈՑԱ»…

    «ԵՒ ՅԱՅՆԺԱՄ ՁԱՅՆ ՏՈՒԵԱԼ ՄԱՆԿՏԱՒԱԳՔՆ ՆՈՑԱ»…

    Հայկական Լեռնաշխարհն իր աշխարհագրական դիրքով հնագույն ժամանակներից ի վեր կարևոր հանգուցակետ է տարբեր մայրցամաքների միջև ձգվող՝ մինչև հեռավոր Չինաստան ու Հնդկաստան հասնող ճանապարհների խաչուղիներում…
    Հայաստանից արտահանվում էին հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ ու գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, արհեստագործական ապրանքներ՝ պղնձե ամանեղեն, մետաղե իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ: Ներմուծում էին հնդկական համեմունքներ ու թանկարժեք քարեր, չինական մետքսե գործվածքներ ու ճենապակի…

    Միջնադարյան Հայաստանի կյանքի տարբեր ոլորտների՝ առևտրի, տնտեսական կապերի մասին կցկտուր տեղեկություններ կան ժամանակի մատենագրության մեջ: Երևանում՝ Մատենադարանում պահվող որոշ ձեռագրերում ևս հիշյալ հարցին վերաբերող ուշագրավ ակնարկներ են պահպանվել:
    Երկար ու արկածներով լի ուղիներով ընթացող ապրանքների անվտանգ առաքումը, շահավետ իրացումը զանազան միությունների, ընկերությունների («եղբայրությունների») կազմավորման առիթ է եղել դեռևս վաղ միջնադարից:
    Իրենց ոլորտի գործունեությունը որոշակի տարածքում հսկող արհեստավորների ու վաճառականների միությունները, համքարությունները (գիլդաները) տարածված էին նաև միջնադարյան Եվրոպայում:

    Հարևան պետություններ ու հեռավոր, բազմամարդ վայրեր ուղևորվող Հայ վաճառականները միաժամանակ զինված, վարժ կռվողներ էին՝ պատրաստ պաշտպանելու իրենց անձն ու շահը, ապրանքը:
    12-րդ դարի սկզբներին, Բարեկենդանի օրերին «Տառեխ ձուկը» Անտիոք հասցրած 80 հոգանոց Հայ երիտասարդների խմբի հետ կատարված մի միջադեպի հիշատակությունը կա 12-րդ դարի Հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» էջերում, ուր նկարագրվում է, որ իրենց քարավանով Անտիոքի շուկայում գտնվող առևտրականների կազմակերպած խնջույքի ու պարի ձայնի վրա ողջ քաղաքի տղամարդիկ են եկել՝ նրանց ծեծելով դուրս հանել, սակայն խմբի «Մանկտավագի» կոչով հավաքվել են ու բազմաթիվ տղամարդկանց «ոտնակոտոր» ու «կառափնաբեկ» արել («գլուխը ջարդել»), այնուհետև՝ «խաղաղություն հաստատել» ու իրենց տեղը վերադարձել (Անտիոքը Կիլիկյան Տլուք գավառում էր, Մուսալեռան մոտ, «Մետաքսի ճանապարհի» կարևոր հանգույցներից մեկը, Վանից մոտավորապես 872 կիլոմետր հեռավորության վրա, այսօր հայտնի Անթակիա անվամբ. համանուն այլ քաղաքներ էլ կային):
    Հիշյալ դրվագին անդրադարձել է Լ. Խաչիկյանն իր՝ «1280 թ. Երզնկայում կազմակերպված «Եղբայրությունը» » ուսումնասիրության մեջ, որտեղից մեջբերում ենք.

    «Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ պատմում է «յառաջ քան զքսան ամ», այսինքն՝ 1120-ական թվականներին տեղի ունեցած մի շատ կարևոր դեպք։ Լսենք նրան.

    «… Նոյնպէս յաւուրն բարեկենդանին եւ նոյն ամին եկեալ կարաւան ի յարեւելից ի քաղաքն Անտիոք, եւ բարձեալ բերէին տարեխ ձուկն եւ կային ի մէջ շուկային ի գինարբութեան. եւ ի լսել քաղաքացեացն զձայն պարուց նոցա՝ ամենայն արք քաղաքին հասանէին ի վերայ նոցա եւ ծեծելով գանալից արարին զնոսա, սկսան հանել զնոսա ի քաղաքէն. էին արք իբրեւ ութսուն՝ բրէզածք եւ ընտրեալք քաջութեամբք։ Եւ յայնժամ ձայն տուեալ մանկտաւագն նոցա, եւ նոցա միաբան գինեմխեալք էին՝ յարձակեցան ի վերայ քաղաքացեացն եւ ի Սեւոտոյն դրանէն մինչեւ ի տէր-Պետրոս՝ զամենայն արք քաղաքին փախստական արարին եւ կառափնաբեկ եւ ոտնակոտոր արարին արս բազումս. եւ ապա խաչիւ եւ աւետարանով երդուեալ նոցա բնաւ այլ ոչ մեղանչել նոցա։ Եւ յայնժամ արարին խաղաղութեան եւ դարձան ի տեղիս իւրեանց»։

    Անտիոք եկած վաճառականների բերած ապրանքը Վանա լճի ապխտած ձուկն է՝ տառեխը, ուստի առևտրականներն էլ Վասպուրականից են՝ ամենայն հավանականությամբ հենց Վան քաղաքից։ Կերուխում, երգ ու կին՝ ահա նրանց առօրյան օտար շուկաների եռուզեռի մեջ։
    Նրանք կազմակերպված զինական ուժ են ներկայացնում, զինված են բրերով (այդ չի նշանակում, թե այլ զենք չեն ունեցել), ունեն իրենց հրամանատարը, որ Ուռհայեցու կողմից կոչվում է «Մանկտավագ», վերջինիս կոչով բոլորը, «որ էին արք իբրև ութսուն», մի մարդու նման ոտքի են կանգնում և հալածում
    իրենց ծեծողներին։ Նրանք հարյուրավոր կիլոմետր դժվար ճանապարհ են անցել, ազատել իրենց ապրանքը գիշատիչ տասնյակ հայացքներից. շրջանցել են բազմաթիվ մաքսատներ ու խորամանկությամբ, ուժով, խելքով ու հմտությամբ հեռավոր Վասպուրականից Անտիոք հասցրել իրենց ապրանքը՝ տառեխ ձուկը»։

    «Մանկտավագը»՝ «մանկտիների»՝ տղաների ավագն է, որի մասին հիշատակել էինք նախորդ գրառմամբ՝ Երզնկայում 1280 թվականին ստեղծված «Կտրիճների Միության» առիթով:
    «Մանուկը»՝ «պատանի, երիտասարդ, զինվոր, քաջ զորական» իմաստներն ունի նաև («Զինուորեալ մանկունք թագաւորաց»):
    Մանուկների՝ «մանկտիների»՝ երիտասարդների խումբը՝ «մակարներն» այսօր էլ հարսանեկան ծեսի ժամանակ ուղեկցում են իրենց ընկերոջը՝ ամուսնացող երիտասարդին (մանրամասները՝ հաջորդիվ)…

    Միշտ՝ համախումբ. մի խումբ Հայորդիք (աջից առաջինը՝ կանգնած՝ գրող Անդրանիկ Ծառուկյանը՝ գլխարկը թևի տակ), 1930-ականներին, Մուսալեռում, Նախնյաց հիշատակի ոգեկոչման առիթով:
    Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից
  • «ԿՏՐԻՃԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ԱՎԵՏԻՍԻ ՏՈՒՆ»…

    «ԿՏՐԻՃԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ԱՎԵՏԻՍԻ ՏՈՒՆ»…

    «ԿՏՐԻՃԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ԱՎԵՏԻՍԻ ՏՈՒՆ»…

    Տէօրթեօլցի Հայեր՝ խրախճանքի պահին, 1933 (լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

    Վաղնջական ժամանակներից սերնդեսերունդ ժառանգված ավանդույթների, վարքուբարքի փոխանցողն է Ազգը, Տոհմը, Գերդաստանը, որն ապահովում է նոր սերնդաճն ու երեխաների դաստիարակությունը:
    Համերաշխ համագործակցությամբ, հոգատարությամբ ու փոխօգնությամբ՝ յուրաքանչյուր ցեղ, ազգ աճող սերնդի, համայնքի ապագա անդամների դաստիարակմամբ է զբաղվել՝ փոխանցելով տեղական՝ հոգևոր ու նյութական մշակույթը՝ տոների ու ծեսերի միջոցով:

    Եվ, հնուց ի վեր, համատեղ գործունեությամբ՝ տոնածիսական հատուկ արարողություններով, նշանավորվել են Մարդու կյանքի տարբեր փուլերում նրա զարգացման ընթացքը՝ ծնունդից, հասունացումից մինչև ծերություն ու մահ:

    Հնագույն շրջանից արդեն համայնքներում կար խմբերի բաժանում՝ ըստ սեռի ու տարիքի, ստեղծելով հասակակիցների միություններ (վերջիններիս մասին ուսումնասիրություններ կան, մասնավորապես, «Հայ ազգագրություն և բանահյուսություն» բազմահատորյակի 7-րդ հատորում, որտեղից էլ ներկայացնում ենք որոշ քաղվածքներ).

    1. Երեխաների՝ տղաների ու աղջիկների.
    2. Պատանիների կամ չամուսնացածների.
    3. Ամուսնացած երիտասարդ տղամարդկանց ու կանանց.
    4. Միջին տարիքի տղամարդկանց.
    5. Ծերունիների ու պառավ կանանց:

    Հայաստանի տարբեր շրջաններում՝ Անիում, Վանում, Երզնկայում, Շատախում, Նոր Նախիջևանում, Վասպուրականում, Հայոց Ձորում, Արթիկի շրջանում, նաև՝ Ուկրաինայի, Լեհաստանի ու այլ Հայկական գաղթօջախներում, հասակային բաժանմամբ միություններ են գործել մինչև վերջին տասնամյակները:
    Նրանց հետքերը պահպանվել են Հայոց լեզվի բառապաշարում՝ զանազան եզրույթներով ու արտահայտություններով՝ «երիտասարդանոց», «նստարան», «ժողովարան» կամ «ժողովետղ», «Ավետիսի տուն», «Կարինվորաց եղբայրություն», «Ժողոտանքի տուն», «օդա նստել», «մանկտավագ», «պատանեկապետ», «ավագ քույր»…

    «Նստարան, օդա կամ սաքի նստել՝ Ջավախքում ծերունիների հասակակիցների միությունը, ինչպես հնում, այժմ էլ կոչվում են «Նստարան»-ներ: Խոսակցական լեզվում ավելի շատ գործածվում է սաքի կամ օդա նստել: Երկուսն էլ նույնիմաստ են «նստարան» տերմինի հետ:
    Միմյանց հետ խոսելիս ասում են՝ «Էրթանք գոմի օդեն՝ սաքի նստելու»: («Օդան» գոմին կից սենյակն է, ուր ապրում են ձմռանը, «Սաքին» օդայի մի մասն է):

    Ռազմական, քաղաքական ու այլ թեմաներով զբաղվող «Նստարաններ»-ում ընտրվել է ղեկավար, որը մեծ հեղինակություն էր վայելում:
    Ավանդաբար՝ ծերունիներից ամենախելացին, փորձառուն ու հարգվածը բոլոր հարցերում հայտնում էր իր վճռական կարծիքը, որն ընդունվում էր:
    Գյուղին, քաղաքին, համայնքի ներկայացուցիչներին վերաբերող խնդիրների քննարկման համար բոլոր անդամներն ունեին հավասարազոր իրավունքներ և խոսել են ավագության կարգով:

    Գրավոր ու բանավոր շատ տեղեկություններ ապացուցում են, որ Հասակակիցների միություններն իրենց նախնիներից ժառանգություն ստացած պաշտամունքային, ծիսական, հմայական, վիպական, ռազմական, քնարական ու այլ տեսակի պարերն ու թատերական գործողություններն իրար սովորեցնելու, ապա և սերունդներին փոխանցելու հիմնական օջախներն են եղել:

    Հասակակիցների միություններն են հնուց ի վեր՝ ընդհուպ մինչև վերջին հարյուրամյակում, կազմակերպել ու ղեկավարել թատերականացված ներկայացումներ՝ Ղեյնոբաներ, դիմակահանդեսներ, Վարդանանց ու այլ տոնական երթեր, իրենց ձևավորած զանազան՝ մարդկանց, կենդանիների ու երևակայական էակների կերպարներով իմաստավորել հանդեսներն ու տոնախմբությունները:
    Տարվա հատուկ օրերին այս կամ այն գյուղից, քաղաքից հրավիրել են «Ստվերների թատրոն» ներկայացնողներ, լարապաղացներ, ըմբշամարտիկներ, հեքիաթասաց գուսաններ, աշուղներ…

    Ազգային-ազատագրական շարժումների ժամանակ «Հասակակիցների միությունները» ռազմական ուժի կենտրոնացման, կազմակերպման ու մշտապես պատրաստ ռազմիկներ ունենալու օջախներ էին:

    «Ազաբների միությունն» ունեցել է իր ղեկավար-կազմակերպիչը, որին հարգել ու ենթարկվել են մյուս անդամները: Նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու էր հասարակության առաջ իր խմբի մյուս անդամների լավ կամ վատ արարքների, վարքի, պատվի ու կենցաղային դժվարությունների համար:
    Հանցանքների համար որոշվել են պատիժներ: Միությունից հեռացնելն ամենախիստ ու ծայրագույն պատիժն է համարվել…
    Մեր Նախահայրերի կողմից անչափ կարևորվում էր պատանիների ֆիզիկական դաստիարակությունը՝ մարմնի վարժանքը: Ուստի՝ մեծ տեղ էր հատկացվում ուժի ու ճարպկության մրցումներին. տոնախմբությունների ժամանակ ոչ միայն երաժշտություն էր հնչում, ծիսա-հմայական պարեր պարվում, այլև՝ ձեռնամարտի, կոխի, բազկամարտի և այլ բազմազան մրցույթներ էին անցկացվում:

    Մարմնամարզական խաղերի, մարդկանց, կենդանիների ու երևակայական կերպարներով թատերականացված ներկացումների, Հերոս-Նախնիների խիզախությունների նկարագրությամբ բեմականացված պատմությունների, առասպելական, պատմական դեպքերի ցուցադրման համար հատուկ ընտրված անձանց ղեկավարությամբ՝ հասակային խմբերում են պատանիները ծանոթացել տեղական հոգևոր մշակույթին, սովորել իմաստալից՝ ռազմական ու մյուս պարերն ու ծանոթացել նրանց խորհրդին: Շատ պարեր, խաղեր ու մրցումներ ունեցել են հմայական զորություն և ֆիզիկական դաստիարակության նշանակություն:

    Պարային ու մնջախաղային համապատասխան շարժումներով երգվող ու ներկայացվող վիպական, առասպելական պատմությունները, գործող անձանց վարքը, սխրանքները պարերգերում էին նաև պատմվում, և հիմնական նկարագրողն ու արտահայտողը ժողովուրդն էր:

    Խ. Ա. Փորքշեյանի՝ «Նոր-Նախիջևանի Հայ գյուղերի «Կտրիճների Միությունների» մասին (Պատմա-ազգագրական ակնարկ)» ուսումնասիրությունից (Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1966 թ., թիվ 3), որոշ հատվածներ՝ ահավասիկ.

    «Միջնադարյան Հայաստանի քաղաքներում առևտրական և արհեստավոր երիտասարդների շրջաններում գոյություն են ունեցել ամուրի կտրիճների միություններ, որոնք հաճախ կոչվել են «եղբայրություններ»։
    Հայտնի է, որ 1280 թ. Երզնկա քաղաքում կազմակերպվել է «Կտրիճաց միաբանություն», որի կանոնադրությունը դրել է հայտնի գիտնական և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին։ Այդ կանոնադրությունը այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։

    Նորագույն հետազոտությունների հիման վրա հայտնի է նաև, որ այդպիսի «կտրիճաց եղբայրություններ» գոյություն են ունեցել Անիում, Վանում, Կարինում և այլ վայրերում։

    «Հայաստանում ստեղծված քաղաքական դժբախտ դրության հետևանքով, 10-11-րդ դարերի շեմքին և այնուհետև՝ տեղի ունեցան խոշոր զանգվածային գաղթեր դեպի Սև ծովի ափերը, Ղրիմ, Մոլդավիա, Արևմտյան Ուկրաինա, Լեհաստան, Տրանսիլվանիա և այլ ապահով վայրեր, ուր գաղթականները նույնպես ունեցել են կտրիճներին միավորող կազմակերպություններ»:

    «Անցյալ դարի վերջին տարիներին բոլոր Հայ գյուղերում էլ կային «կտրիճների միություններ», որոնք կոչվում էին «Ավետիսի տներ»։ Ամեն թաղ ուներ իր առանձին «Կտրիճների միությունը»,
    այսինքն՝ իր «Ավետիսի տունը»:
    Այդ «Ավետիսի տները» գրված կանոնադրություն չունեին։ Իշխում էր չգրված օրենքը, այսինքն՝ դարերով սրբագործված սովորությունը:
    «Ավետիսի տան անդամ կարող էր դաոնալ ամեն մի ամուրի կտրիճ, 15-16 տարեկանից սկսած մինչև ամուսնանալը։ Ամուսնությունը զրկում էր կտրիճին «Ավետիսի տան» անդամ լինելու իրավունքից, նրան անվանում էին «տանտեր» և նա այլևս չէր կարող մասնակցել կտրիճների գործերին։

    1933-ին խնջույքի պահին լուսանկարված Հայորդիների լուսանկարի գունավորման համար՝ շնորհակալություն Արամ Բագոյանին

    «Ավետիսի տան» անդամ կարող էին լինել անխտիր բոլոր կտրիճները. դասը և դասակարգը, տնտեսական դրությունը, զբաղմունքը ոչ մի դեր չէին խաղում։
    Ավետիսի տները գործում էին միմիայն ձմեռվա ամիսներին, աշնանացանը վերջանալուց մինչև գարնանացանը սկսվելը։
    Ամեն տարի աշնանը թաղի կտրիճները հավաքվում էին ընդհանուր ժողովի և ընտրում «Ավետիսի տան» նախագահ (որը Չալթըրում կոչվում էր խառդավազի, իսկ բոլոր մյուս գյուղերում՝ «միքիթ-աղասի», մեկ կամ երկու օգնական, որոնք վարում էին «Ավետիսի տան» տնտեսությունը։
    Օգնականներից մեկը վարում էր գանձապահի պաշտոնը։
    Կտրիճները Ավետիսի տանը տալիս էին անդամավճար, որը տարեկան 50 կոպեկից ավելի չէր լինում։ Ավետիսի տները իրենց սեփական շենքերը չունեին։ Խառդավազիները և միքիթ-աղասիները Ավետիսի տների գործելու շրջանում վարձում էին մի տուն կամ մի մեծ սենյակ, որտեղ կտրիճները հավարկու հոգու նշանակում էր ուսուցիչ և պարտավորեցնում բոլոր նորեկներին սովորեցնել «ավետիսներ», իսկ հների հետ՝ զբաղվել սերտողությամբ։ Ամեն երեկո պարապմունքները սկսվում էին «ավետիսների» վարդապետների դասերով։
    Ուսուցիչներն ունենում էին առհասարակ հաստ տետրակներ, որտեղ գրված էին լինում «ավետիսները»։ Նորեկները արտագրում էին իրենց տետրակների մեջ ոտանավորի բաոերը և անգիր անում։ Ուսուցիչները սովորեցնում էին միմիայն երգի եղանակը և պարերը։ Ավելի դժվար էր պարապել անգրագետների հետ։ Նրանց սովորեցնում էին նախ խոսքերը անգիր անել, և ապա եղանակներն ու պարերի շարժումները։ Ավետիսները շատ հին ծագում ունեն»:

    «Պարերը կամ պարերգերը պսակի հանդեսի հետ անքակտելիորեն կապված ծիսակատարման ձև ստացած հին երգեր էին, որոնք պսակի օրը երգում էին փեսայի ընկերները։ Աոանց այդ պարերգերի փեսային չէր կարելի հագցնել, նրան տնից դուրս հանել և հարսնառ տանել, ինչպես նաև չէր կարելի հարսին տնից հանել և փեսայի հետ եկեղեցի տանել։ Դրա համար էլ պարերը «Ավետիսի տների» պարապմունքների մեջ բռնում էին շատ կարևոր տեղ։
    Յուրաքանչյուր կտրիճ, ամեն մի միության անդամ պսակվելիս՝ հարսանյաց օրը պետք է շրջապատված լիներ իր ամուրի ընկերներով և շարժվեր նրանց երգերին համապատասխան։
    Պսակի ծեսը լրիվ կատարելու համար կտրիճների պարերգերը նույնքան անհրաժեշտ էին, որքան քահանայի օրհնանքը։
    Պարերգերի թիվը շատ էր. դրանք էլ, «ավետիսների» նման, ունեին վաղեմի ծագում և գաղթականների հետ Մայր Հայրենիքից հասել էին Ղրիմ, այնտեղից՝ Նոր-Նախիջևան։
    Ամեն մի պսակվող կտրիճ «Ավետիսի տան» անդամ էր։ Նա իր պսակով, փաստորեն, հրաժեշտ էր տալիս «Ավետիսի տան» ընկերներին, զրկվում «Ավետիսի տան» անդամ լինելու իրավունքից, դառնում «տանտեր»։
    Պսակի օրը, դեռ չլուսացած, փեսայի ընկերները գալիս էին նրա տունը, այդպես վաղ գալիս էր նաև նվագախումբը և միասին գնում էին կնքահոր մոտ։ Կտրիճները պարեղանակներ էին երգում, իսկ նվագախումբը «կոչ-հավայով» դուրս էր հրավիրում կնքահորը։
    Կնքահայրը դուրս էր գալիս, ձեռքին վառած կերոն, դիմավորում էր եկողներին և ներս հրավիրում»…

    Տոնական ուրախ ու իմաստալից ծեսերի նկարագրությունների շարունակությունը՝ հաջորդիվ…🔥

    Տոնական օր՝ Խարբերդում
  • ՀԱՄԱԽՄԲՎԱԾ  ԵՎ՝  ՈՒԺԵՂ…

    ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ՝ ՈՒԺԵՂ…

    ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ՝ ՈՒԺԵՂ…

    Մ. Սարյանի՝ «Հայաստան» կտավից մի դրվագ

    Վաղնջական ժամանակներից ի վեր կարևորվել է անհատի պատկանելությունը որևէ խմբին: Գերդաստանի շուրջ համախմբված նահապետական համայնքը, ցեղային, ազգային ու այլ հիմունքներով կազմավորված միությունները պաշտպանվածության ու ապահովության գրավականն էին:
    Հասարակության ինքնակազմակերպման հնագույն բազմաթիվ ձևեր հարատևել են մինչև մեր օրերը:

    Ընտանիքից մինչև գյուղական համայնքներ՝ ազգակցական, հարևանական փոխհարաբերությունների բազմադարյան հարուստ ավանդույթներ կան Հայոց մեջ:
    Ասվածի ապացույցներից են մինչև 20-րդ դարի սկզբները Հայկական որոշ բնակավայրերում պահպանված տների, թաղերի ճարտարապետական յուրահատկությունները, զորօրինակ՝ կցատները, ուր, պաշտպանական կառույցների, պարիսպների պատերի մեջ բացված անցքերի՝ ակնատների նման «պատուհաններ» կան հարակից տների ընդհանուր պատերում, որոնք կարևոր դեր ու նշանակություն ունեին:
    Միմյանց հետ հաղորդակցվելու, որոշ իրեր փոխանցելու համար նախատեսված այդ «նեղլիկ դռները»՝ «դրիճակները», Սասունում և այլուր՝ «շբակ» կոչվող կապի հնադարյան միջոցը, հատկապես բնակչության ինքնապաշտպանությունն ու անվտանգությունն ազգովի կազմակերպելու նպատակով էր. ուստի՝ բացառվում էր ոչ արյունակիցների բնակեցումն իրենց շարքերում:
    Վերահաս վտանգի ազդարարման այլ ձևեր էլ էին կիրառվում՝ հարվածող գործիքով՝ կոչնակով, զանգով, կրակով, հետագայում՝ հրացանազարկով (մեր օրերում՝ շչակով, ինչպես և՝ փողոցներում՝ բարձրախոսներով՝ ի լուր ամենքի)…😊

    Ճարտարապետական ամբողջական համալիր կազմող ազգակցական թաղերում տների կտուրները համատեղ աշխատանքի, ժողովների, տոնական միջոցառումների՝ խաղերի, պարերի անցկացման վայրեր էին նաև:

    «Ազգակցական կցատները և անգամ կցաթաղերը առաջին հերթին ինքնապաշտպանության համար էին: Դրանցով ազգի ընտանիքները հարևանություն էին անում, լուրեր հաղորդում, իրեր փոխանակում, վտանգի դեպքում՝ ինքնապաշտպանությունն ապահովում: Ուրախ կամ բոթաբեր լուրերը մեկ ակնթարթում թաղի մի ծայրից մյուս ծայրն էին հասնում, եթե անհրաժեշտ էր
    լինում, թշնամու հարձակումների դեպքում ոտքի էր կանգնում ամբողջ ազգը:
    Սակայն ազգակցական թաղն ընդհատող փողոցների, ձորակների և ամեն տեսակ խոչընդոտների առկայության պարագայում լուրերը հասցվում էին տնից դուրս գալով:
    Այս և այլ պատճառներով ազգակից ընտանիքները համախմբվելով կենտրոնանում էին Մայր ընտանիքի շուրջը՝ ստեղծելով մի ազգակցական թաղ, որը կրում էր ազգի հիմնադրի անունը: Սասունում, լեռնային բնակավայրերում, որպես բացառություն, տներն իրարից հեռու էին ընկած՝ գոմերին, մարագներին, արոտավայրերին մոտ, մինչդեռ հովտային բնակավայրերում, ինչպես օրինակ՝ Մոտկանի ենթաշրջանի Սղունդ, Խսխեր, Մլաֆան, Հրորք, Ծման, Ցրտուտ մեծ ու փոքր գյուղերում՝ ազգակից ընտանիքների տներն այնքան մոտ էին, որ հաղորդակցվում էին միմյանց հետ ներսից շբակ — ակնատներով: Նույնը նաև Հազո քաղաքում:

    Ազգակցական այդ թաղերը փորձում էին, որքան հնարավոր է, թույլ չտալ օտարի մուտքն իրենց մեջ: Խոսելով Հարք գավառի Հայկական գյուղական բնակավայրերի, դրանց կառուցապատման մասին, Բենսեն վկայում է, որ այս կողմերում բնակարանը կառուցելիս երկու հարևան շինության միջնորմի մեջ թողնում են «փոքրիկ անցք՝ ակնատ»: Հայաստանի Հանրապետության շատ շրջաններում մինչև 20-րդ դարի 20-30-ական թթ. պահպանվում էին ակնատավոր շենքեր ունեցող որոշ թաղամասեր կամ առանձին բնակարաններ: Այսպես, անգամ Գյումրի քաղաքի երկու մեծ թաղամասերի՝ «Գեղացոց Մահլի» և «Ձորի Բողազի» կամ «Ձորի Մահլի» հարևանությամբ ապրող ընտանիքների բնակարաններին կից պատերին անընդմեջ բացված ակնատների միջոցով քաղաքի այս զանգվածի բնակչությունը վտանգի դեպքում չափազանց արագ հաղորդակից էր լինում քաղաքի անցուդարձին:

    Ստեփան Լիսիցյանը գրում է, որ դեռևս XX դարի 20-ական թթ. վերջերին Մեղրու շրջանի գյուղերի ազգակցական կամ հարևանական թաղամասերի բնակարաններին կից կամ ընդհանուր պատերին բացում էին հատուկ քառակուսի անցքեր՝ «միմյանց կրակ, ուտելիք, ամանեղեն, մանր իրեր կամ տեղեկություններ փոխանցելու համար:
    Դրանք խոսում են անմիջական հարևանների միջև անցյալում գոյություն ունեցած սերտ տնտեսական և, ամենայն հավանականությամբ, նաև ազգակցական կապերի մասին» (Լ. Ն. Պետրոսյան):
    Ակնատները բավական չափի մեծության էին, որտեղով պետք է ֆիդայիները կամ հեղափոխականները տնից-տուն անցնեին և թաքնվեին թուրքական կամ ռուսական ոստիկանների հետապնդումներից»:

    Մարաշի Հայկական մի տան գծանկար՝ «Յուշամատեան»-ից

    «Ինչո՞վ էր պայմանավորված համատեղ ապրելու ձգտումը:
    Ամենից առաջ՝ երբեմնի տոհմական համախմբվածության հնագույն ավանդներով, երկրորդ՝ ազգակիցների տնտեսական սերտ կապերով, որ դրսևորվում էր փոխօգնության բազմազան ձևերով, երրորդ՝ բարոյական անաղարտությունն ու ազգի հեղինակությունը պահպանելու ձգտումով, չորրորդ՝ ազգակցական խմբերի միջև ծագող վեճերի ժամանակ համատեղ գործողություններ ծավալելու անհրաժեշտությամբ, օտարի հարձակումների ժամանակ արագ ինքնապաշտպանության կազմակերպմամբ և այլն:
    Դրա համար էլ ազգակցական կցաթաղի մեջ ոչ ազգակից ընտանիքի գոյությունը անհանդուրժելի էր համարվում: Ինքնապաշտպանության ապահովումը պայմանավորված էր ինչպես համատեղ սեփականության՝ հողակտոր, ոռոգման համակարգ, համատեղ վարուցանք, ընդհանուր կառույցներ՝
    ջրաղաց, ձիթհանք, կալ, գոմ և այլնի պաշտպանությամբ, նյութական համատեղ շահերով, այլ նաև՝ բարոյական չափանիշների համատեղ պահպանմամբ: Եվ, որ ոչ պակաս կարևոր է, օտարի լծի տակ, օտար էթնիկ տարրերի հարևանությամբ ապրելը թելադրել է համախմբվածությունը մշտապես պահպանելու անհրաժեշտությունը»:
    (Մեջբերումները՝ Ռաֆիկ Նահապետյանի՝ «Հայոց ազգակցական համակարգը (XIX դ. երկրորդ կես -XX դ. սկիզբ)» ուսումնասիրությունից, Երևան, 2012 թ.):

    Մինաս Ավետիսյան «Ջաջուռ»
  • «ԱՄԷՆ ԲԱՐԻՔ ՄԵՐ ԼԱՆՋՔԵՐԷՆ ԵՒ ԼԵՌՆԵՐԷՆ ԿԸ ԾՆԱՆԻ»…

    «ԱՄԷՆ ԲԱՐԻՔ ՄԵՐ ԼԱՆՋՔԵՐԷՆ ԵՒ ԼԵՌՆԵՐԷՆ ԿԸ ԾՆԱՆԻ»…

    «ԱՄԷՆ ԲԱՐԻՔ ՄԵՐ ԼԱՆՋՔԵՐԷՆ ԵՒ ԼԵՌՆԵՐԷՆ ԿԸ ԾՆԱՆԻ»…

    Սիամանթոն իր աշխատասենյակում

    Հայերի դեմ պարբերաբար իրականացվող բնաջնջման քաղաքականությունը տարբեր մարտավարությամբ է ընթացել ու շարունակվում է մինչ օրս՝ քայքայելով կրթական համակարգը, մշակույթը՝ ուղեկցելով բնակչության կողոպուտով, ջարդերով ու կոտորածներով:
    Արևմտյան Հայաստանում Հայերի ցեղասպանության ծրագրից էր Հայ ազգաբնակչությանը հետևողականորեն հարստահարելը՝ կենսամիջոցներից զրկելը:

    «Հայկական հարցը Հայերին կոտորելով լուծելու» համիդյան ծրագրի իրականացման նպատակով Հայաբնակ բոլոր շրջաններում ստեղծվում էր յուրահատուկ հակահայ վարչակարգ:
    Ժողովրդին կեղեքելու դաժան միջոցներից էր հարկային քաղաքականությունը՝ ծանր գլխահարկն ու ռազմական հարկը: Զուգահեռաբար՝ հայաբնակ վայրերում բնակեցվում էին մուսուլմանները, որոնց տրվում էին անվճար հողատարածքներ, նյութական օժանդակություն, արտոնություններ…

    Դեռևս 1850-1860-ական թվականներին օսմանյան կայսրության մեջ ուժգնացան ազգային-ազատագրական շարժումներն ընդդեմ թուրքական բռնատիրության և արևմտահայերն ապստամբության ալիք բարձրացրեցին Վանում, Մուշում, Չարսանճակում և այլուր:

    1890 -ական թվականներին թուրքական բանակի ու քրդերով կազմված «համիդյան ջոկատների» միջոցով կազմակերպված ջարդեր իրականացվեցին Հայկական ազատագրական պայքարի դարավոր կենտրոններում՝ Սասունում, Վանում, Զեյթունում, նաև՝ Մարաշում, Տրապիզոնում, Երզնկայում, Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապինգարահիսարում…

    1896 թվականին «Դրօշակ»-ը գրում էր.
    «Բանտերը լեցուած են Հայերով: Ընդհանրապէս, առանց պատճառի կը ձերբակալեն, հարցաքննութիւն կամ մանրամասն խուզարկութիւն չկան, միայն մարդուն անունն ու ուրտեղացի ըլլալը հասկնալէ վերջ կ՛աքսորեն, բայց սատանան գիտէ` թէ ո՛ւր: Շատեր ծովին յատակը կ՛իջնեն, ցամաք ելլողներն ալ անօթութենէ կամ տանջանքներէ կը մեռնին»:

    19-րդ դարի ֆրանսիացի նշանավոր աշխարհագրագետ, քաղաքական գործիչ Էլիզե Ռեկլյուն (Élysée Reclus, 1830-1905), որը հեղինակն է 1876-ից մինչև 1894 թվականը հրատարակված՝ 19 հատորանոց՝ «Նոր ընդհանուր աշխարհագրություն» ուսումնասիրության, 1895 թվականից մի նոր վեցհատորյակ է լույս ընծայել՝ վերնագրված՝ «Մարդն ու Երկիրը»: Հիշյալ աշխատության 5-րդ հատորի էջ 386 -ում բավականին մանրամասներ կան՝ 1896 թվականին Հայերի հանդեպ իրականացված կոտորածներից: Ահավասիկ՝ մի դրվագ (իմ թարգմանությամբ).

    «Հայաստանում կոտորածները, որոնք չափազանց խելամտորեն կազմակերպված էին ժողովրդական ապստամբությունների և ազգերի միջև պատերազմների հետևանք համարվելու համար, ժամանակակից բոլոր գարշելի արարքներն էին, որոնք, թերևս, ներկայացնում են հանցագործությունների ամենամեծ զանգվածը:

    «Կոստանդնուպոլսում իսկ, 1896 թվականի օգոստոսի 26-29-ի սպանդը կատարվեց մի մեթոդով, որը վկայում է սպանությունների պատվիրատուի սառը կամքի մասին:
    Նախորդ օրը մահվան դատապարտելու նախատեսված Հայերի տները նշվել էին կավիճով, դժբախտ մարդիկ, ովքեր բոլոր կողմերից հսկվում էին, չէին կարող մտածել փախչելու մասին և միայն համբերատարությամբ հանձնվում էին անխուսափելիին:
    Հետո, լուսադեմին, մսագործներն ու արյունոտ (արյունի հետ գործ ունեցող, Կ. Ա.)՝ կենդանիների մորթով զբաղվող արհեստավորները սկսեցին իրենց շրջապտույտը և արագ, առանց աղմուկի և առանց ճիչի, շարունակեցին իրենց զոհերի սպանդը. գրեթե ամենուր, գործողությունը կատարվում էր օրը ցերեկով, տան շեմը պետք է արյունոտ մնար՝ ի նշան կայսերական բարկության:
    Այսպիսով, հազարավոր մարդիկ զոհվեցին իրենց ծաղկման շրջանում:


    Մոտավոր հաշվարկներով խոսվում է յոթ հազար դիակների մասին: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր 1894-1896 թվականներին ու նաև 1900 թվականին զոհվել են քրդերի հարվածների հետևանքով՝ Վանի, Էրզրումի, Ամուրեթ-էլ-Ազիսի, Բիթլիսի, Սիվասի, Դիարբեքիրի, Հալեպի նահանգներում, գնահատման ցուցանիշները տարբեր են՝ 3 -ից մինչեւ 500 հազար»:

    Է. Ռեկլյուի գրքից մի քարտեզ՝ կոտորածների վայրերը Հայաստանում

    Հայ ազգի պատմության բախտորոշ ժամանակաշրջանում՝ գոյապահպանման վտանգի առաջ հայտնված իր հայրենակիցներին, որպես մտքի զինվոր, համախմբման ու արիաբար մաքառման, տոկալու և հաղթելու կոչ էր անում Սիամանթոն՝ 1915 -ին նախորդող տարիներին:
    Ու, հանուն մեր վաղնջական ազգի հարատևման՝ դիցապաշտ Նախնիների Ոգու ու Կամքի ուժով տոգորված, նա իր գաղափարներով «հրդեհի փարոսներ» էր սփռում՝ աշխարհասփյուռ Հայությանը Հույսի Ջահերով լուսավորելով՝ ցասման ու պայքարի մղում, Ազատության ու Հոգևոր Վերածննդի հիմքը դնում:

    Հայոց պատմության տառապալից շրջաններից մեկում իր գրչով պայքարի նոր էջ բացեց Սիամանթոն՝ «…մեր ժամանակակից բանաստեղծության ամենեն շքեղ, ամենեն տոհմիկ և ամենեն ուժեղ էջերեն մեկը»՝ Արշակ Չոպանյանի բնորոշմամբ:
    Հայ քնարերգության մեջ «Իր մուտքը եղավ մրրկային՝ իր արվեստի պես ու, հետևաբար՝ բարի ու վճռական»,- ինչպես գրել է Դ. Վարուժանը:

    Իր տողերում խտացնելով Դարերի Վրեժը՝ դեպի հարազատ բնօրրան վերադարձի կոչն էր հղում տարագիր ազգակիցներին, համոզված, որ արիաբար մաքառմամբ, ազատագրական պայքարով կհաղթանակի ու կհարատևի Հայությունը:

    «Հազարաւոր տարիներու դուք անարժա՛ն ժառանգորդներ,
    Օտարութեան եւ մոլորութեան ճամփաներէն մեզի՛ դարձէք,
    Յոյսէն խաբուած կամ աղէտէն հալածական, բայց չարիքին՝ յաղթահարող,
    Աշխատողներ՝ բոլորդ մէկ ձեր բարեգութ բնութեանը գրկի՛ն եկէք.
    Ամէն բարիք մեր լանջքերէն եւ լեռներէն կը ծնանի…
    Ամեն մետաղ մեր խաւին տակ հրաշանիւթ իր գանձն ունի…
    Մեզմէ՛ միայն կրնաք կորզել Յույսին ոսկին եւ գինիներն Երազին…
    Յաղթանակները մենք կու տանք ու պարտութիւնները մեզի են…

    Վերադարձէ՛ք, որդինե՛ր, ձեր գութանին եւ արօրին ժանգը նորէ՛ն սրբելու.
    Թող նորէ՛ն ձեր հնադարեան Հայրենի հողը ծաղկոտի…
    Թո՛ղ մեր հունձքերն հովտէ հովիտ՝ ծովերուն պէս տարածուին…
    Թո՛ղ կալերն ու որաները, բլուրէն վեր, լուսնակին հետ բարձրանան,
    Թո՛ղ Հայ հովիւն, մարգերուն մեջ, իր Նախահօրը նման,
    Իր սրինգին սարսուռներովը իր հլու հօտը հրամայէ…
    Ձորին վրայ, ջրաղացը խաղաղութեամբ թող շարժի՛…
    Ու առատութիւնը թող նորեն գայ՛ մեր սրտերուն վրայ լացող՝
    Հայկեան ցեղի պղտոր աչքերը լուսավառել»…
    (Սիամանթո, «Հայ դաշտերուն պաղատանքը»)

    Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանի արխիվում՝ Սիամանթոյի ֆոնդում պահվող՝ Հայոց Ցեղասպանությունից մի քանի ամիս առաջ՝ 1914 թվականի սեպտեմբերի 5-ին Սիամանթոյի գրած նամակից մի քանի տող՝ ի պատասխան Իտալիայի Պատու քաղաքում բնակվող Ռաֆայել Պազարճյանի, հրապարակված «Ասպարէզ» կայքում.

    «Սիրելի՛ տոքտ. եւ թանկագին բարեկամ, այս յուսահատութեան, զզուանքի, անկարելի ստրկութեան, պոռնիկ համակերպումի եւ իմ բառարանէս եւ ձեր բառարանէն բացակայ ամէն հայհոյանքի արժանի օրերուն մէջ ձեր փոքրիկ քարթը իր մեծ սրտով ինձի մտածել տուաւ, թէ դեռ ՄԱՐԴԵՐ, բարեկամներ կան…
    Բայց իմ ցաւէս առաջ՝ ցեղիս ու ցեղիդ ցաւէն խօսիմ…
    Բովանդակ ծաղիկ Հայ երիտասարդութեան կերա՛ն բորենիները, զինուոր տարին:
    Ահաւոր խուճապ… գաւառներէն մարդ չեն ձգեր. մինչեւ 45 տարեկան… դէպի մահ, դէպի ստոյգ մահ, ոչ պատերազմի մէջի մահէն, այլ՝ անօթութեան…
    Ամբողջ Թուրքիան անօթի է, այլեւս Հայ եւ յոյն վաճառական կամ վաճառականութիւն չի մնաց: Կառավարութիւնը բոլորն ալ հաւաքեց, թալանեց, կողոպտեց եւ գրաւեց, նոյնիսկ՝ ստացագիր չտալով:
    Ամէն կողմ գրաւում. ոչ թէ ալիւր կամ կերպաս, այլ՝ ինչ որ գտնեն Հայ եւ յոյն վաճառականին քով: Պոլիս եւ ամէն տեղ՝ նոյն բանը:
    Քրիստոնեայ թաղերու փուռերէն ալիւրը կը կողոպտեն երկու միլիոն զօրքի համար եւ իսլամ թաղերը կը տանին…
    Չէք կրնար եւ նամանաւանդ ես, որ ներկայ եմ ու ջիղերս կայծակի խուրձի մը վերածեր են, չեմ կրնար երեւակայիլ կամ գրել ինչ որ կը դառնայ այս անիծեալ երկրին մէջ…
    Ես հիւանդ՝ անկողին ինկայ, քանի մը բարեկամներ, այո, բարեկամներ, եւ ոչ «ընկերներ», ինչպէս պիտի մտածէիք՝ ոտքի ելան ինծի համար 43 ոսկի ճարելու:
    Ամէն դուռ զարկին. ոչ ոք դրամ ունի. պանքերը փակ են, եւ սրտերը երբեք բացուած չեն»…

    1914 թվականի մարտի 26-ին, ի պատասխան Վարդգես Ահարոնյանի նամակի, տաղանդավոր Հայորդիներից մեկը՝ Դանիել Վարուժանը գրում էր.
    «…Հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջին մէջ, ու ես չուզեցի տեղ տալ իմ անձնական ցաւերուս, գրեթէ լռեցուցի իմ սիրտս ու նախընտրեցի երգել Ցեղին Սիրտը, որուն բաբախիւնները կը լսէի իմ մէջս, իմ սեփական արիւնիս խորը։
    Հայութիւնը կու լար ու կը մռնչէր իմ մէջս…»։

    Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
    Նո՜ր Արշալոյս։ (Դ. Վարուժան, «Նաւասարդեան»)

    Ինչպես Սիամանթոն է «Հողին կանչով» հորդորում՝ «եթե կուզեք, որ ձեր վաղնջական ազգը դեռ տևէ, …եթե կուզեք, որ Հայկաշենն ու Արմավիրը, Տիգրանակերտն ու Արտաշատը վերականգնվին»՝
    «…աղաղակեցե՛ք ճգնաժամերու մահաշուք օրերուն համար սահմանված,
    Արիացումին անդառնալի ընդվզումներու հուսադրող, սպառազինող, հաղթանակող՝
    Ձեր սրտոտ և կատաղի կոչերն Ատելության»…

  • «ԻՄ ԱՆՈՒՆՍ Է՝ ՊԱՅՔԱ՛Ր,  ԵՎ ՎԱԽՃԱՆՍ՝ ՀԱՂԹԱՆԱ՛Կ»…

    «ԻՄ ԱՆՈՒՆՍ Է՝ ՊԱՅՔԱ՛Ր, ԵՎ ՎԱԽՃԱՆՍ՝ ՀԱՂԹԱՆԱ՛Կ»…

    «ԻՄ ԱՆՈՒՆՍ Է՝ ՊԱՅՔԱ՛Ր, ԵՎ ՎԱԽՃԱՆՍ՝ ՀԱՂԹԱՆԱ՛Կ»…

    «ԻՄ ԱՆՈՒՆՍ Է՝ ՊԱՅՔԱ՛Ր, ԵՎ ՎԱԽՃԱՆՍ՝ ՀԱՂԹԱՆԱ՛Կ»…

    Վաղնջական ժամանակներից եկող պատվիրանը՝ «Ծանի՛ր զքեզ»՝ ինքնաճանաչումը, նաև «ցեղաճանաչումն» է՝ Գ. Նժդեհի խոսքով, որն անձի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանզի անհատին ծնող հավաքականության՝ ցեղի (ազգի) ընդհանրական հատկանիշների ազդեցությամբ է ձևավորվում անհատի հոգևոր կերտվածքը, աշխարհայացքը, արժեհամակարգը:

    Նախնիների պատմությանն ու մշակույթին, հավատալիքներին, սխրագործություններին ու փորձություններին՝ Ցեղի Հավիտենական Ուժին հաղորդակից լինելով՝ «ցեղահաղորդությամբ»՝ իր Ազգի ուժով ու հանճարով է զորանում Մարդը, ամրանում ու դառնում անխոցելի…

    Կարևորելով սերունդների միջև հոգևոր կապի, պատմական հիշողության պահպանման անհրաժեշտությունը, համոզված, որ սեփական ազգային արժեքների ճանաչմա՛մբ ժողովուրդը հոգեպես կփոխվի՝ մտավորականության, գրականության, նաև՝ հեղափոխական շարժումների միջոցով, Նժդեհը գրում է.

    «Ցու՛յց տվեք ժողովրդին իր ցեղի արեւդեմքը, որ նա ինքնատեսությամբ բարձրացնէ իր խոնարհ ճակատը»…

    Ազգի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր Հայի ճամփաներն այսօր տանում են դեպի Պայքար ու Ընդվզում՝ ընդդեմ ներկայիս իրավիճակին հասցրած քաղաքականության ու նրա գործիչների:

    «Հզորանալու մի իմաստուն ճիգ է Հայրենասիրությունը»,- գրել է Նժդեհը:

    Ուստի՝ հզորանա՛նք Հայրենասիրությամբ ու՝ Հայրենատիրությամբ, ինչպես 19-րդ դարի սկզբին իրենց քնարով հորդորում էին հանճարեղ Սիամանթոն, Վարուժանը՝ բոցաշունչ խոսքով երգելով «Ցեղին սիրտը», զինելով Հայորդիների հոգին, միտքն ու բռունցքը:

    Րաֆֆին ժամանակին հիշեցնում էր, որ մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ, նրա ճակատագիրը փոխել:
    Եվ, Հայոց համար ողբերգական իրադարձություններով լի շրջանում ապրած տաղանդավոր Հայ բանաստեղծը՝ Խարբերդի նահանգի Ակն քաղաքում ծնված՝ Ատոմ Եարճանեանը՝ Սիամանթոն (1878-1915 թթ.) համիդյան կոտորածներից հետո, կանխազգալով հետագայի դեպքերը, փիլիսոփայության մեջ հայտնի՝ պատճառահետևանքային կապը հաշվի առնելով՝ երևույթների շղթայի հետևանքները՝ իր ազգին սպառնացող աղետը կանխելու նպատակով, ազգային ինքնագիտակցության էր կոչում ազգակիցներին՝ ոգեշնչելով Դյուցազնական Նախնիների օրինակով:

    Սիամանթո

    Փառաբանելով Հայոց անցյալի ու ներկայի Հերոսներին, Հայրենիքի, Հողի պաշտպաններին, նա փորձում էր իր քնարով փոխել հայրենակիցների՝ «մահվան դատապարտվածի» կրավորական հոգեբանությունը ու, նրանց քաջալերելով, Հայոց ազատապաշտ, Վահագնաշունչ ասպետների ոգով Պայքարի մարտակոչ էր հնչեցնում, Վրեժխնդրության կոչում ու մղում Հաղթանակներ կերտելու:

    Համոզված, որ երգը պիտի արդար կռվի մղի իր հերոսներին, նա փորձում էր իր գրչով արթնացնել «Թմրած (մեռած) ողջերին» (Դանիել Վարուժանի բնորոշմամբ):

    Հնագույն մեհյաններով զարդարված Բագրևանդյան բլուրների շուրջ գեղահասակ Արևորդիների կյանքը գովերգող Արիաշունչ բանաստեղծը՝ Հույսի ու Լույսի կենարար ճառագմամբ ռազմակոչն է պատգամում իր ազգին՝ կերտելով Նորօրյա Հայորդու Հզոր կերպարը.

    «…Իմ անունս է՝ Պայքա՛ր, և վախճանս՝ Հաղթանա՛կ» (Սիամանթո, «Հայորդիները», «Դարերու վրեժ» Ժնև, 1902 թ.):