Month: Հունվարի 2022

  • ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ…ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ…

    ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ…ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ…

    ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ…
    ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ…

    Հայերի հանդեպ իրականացվող բնաջնջման քաղաքականությունը դարերի ընթացքում բազմազան միջոցներով է եղել՝ դարաշրջանին համապատասխան (նպատակային զանգվածային տեղահանություններով, ղեկավարների հովանավորությամբ խրախուսվող՝ թրքերի ու քրդերի կողմից Հայերի կողոպտմամբ ու նրանց գոյության միջոցներից զրկելով)…

    Ցեղասպանության հետևանքով Հայ ազգի կրած կորուստներին ու հնարավոր փոխհատուցմանն անդրադարձել են բազմաթիվ առիթներով՝ հարյուր տարի ի վեր (թեև անգնահատելի է սպանված, հայրենազրկված ողջ ազգին պատճառված վնասը):
    1919 թվականին Փարիզում Խաղաղության վեհաժողովին Հայաստանի հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանն ու Հայկական Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը ներկայացրել էին իրենց կազմած մոտավոր ցանկը՝ Արևմտյան Հայաստանի և Կովկասի Հայկական Հանրապետության տարածքներում Հայ ազգին հասցված վնասների ոչ ամբողջական գնահատմամբ և փոխհատուցման պահանջով (ուր ընդգրկված չէին 1878-1914 և 1920-1923 թվականներին՝ օսմանյան կայսրության սահմաններում՝ Կիլիկիայում, Իզմիրում և այլուր՝ Նախիջևանում, Սուրմալուում, Շուշիում (20.000 Հայերի սպանդը) իրականացված ցեղասպանական գործողությունները):

    Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի ներկայացրած «Մոտավոր ցանկի» շապիկը

    Առաջին Համաշխարհայինի տարիներին Արևմտյան Հայաստանում և օսմանյան կայսրության այլ շրջաններում Հայ ազգաբնակչությանն ունեզրկելու, տեղահանելու, ցեղասպանելու, նրանց ունեցվածքը՝ շարժական ու անշարժ կայքը որպես «լքյալ գույք» սեփականացնելու-բռնազավթելու հանցագործությունները բազմաթիվ ապացույցներով են ներկայացվել հարյուր տարուց ի վեր՝ Հայերի և այլ ազգերի զանազան ներկայացուցիչների կողմից: Թեև մինչ օրս գոնե մասամբ չեն բացահայտում, թե աշխարհում ու՛մ բաժին հասան միլիոնավոր Հայերի բանկային գումարները, ավանդները, հողատարածքները, անասունները, տները…

    «Ահա անհատական սեփականության կողոպուտի մասին պատմող պաշտոնական տեղեկագրի մեկ նմուշ, որը կազմվել է Սվազի, Էրզրումի, Թոքատի «Լքյալ գույքերի» հանձնաժողովի կողմից: 1918 թվականի մայիսի 4-ին ստացված հրամանի հանաձայն, հանձնաժողովի անդամները Սվազից տարագրված Էլմաս անունով մի Հայուհու պայուսակներում հայտնաբերել և արձանագրել են
    271 կտոր ոսկյա դրամ, զարդեղեն և գոհարեղեն: Սա միայն մեկ Հայ ընտանիքի զարդեղենն էր: Հազարավոր Հայ ընտանիքներ կողոպտվեցին՝ նախքան անապատներում նահատակվելը» (մեջբերումը՝ Անահիտ Աստոյանի՝ «Հայերի ունեզրկումը Թուրքիայում 1918-1923 թվականներին» աշխատությունից):

    Յուրի Բարսեղովի՝ «Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխանատվությունը» (Երևան, 1999 թ.) ուսումնասիրության մեջ կարդում ենք.
    «Ահա Մուշում Հայերի կոտորածի ականատես գերմանացու ցուցմունքը.
    «1914 թվականի հոկտեմբերի վերջերին, երբ թուրքերը պատերազմի մեջ մտան, թուրք աստիճանավորները սկսեցին Հայերից խլել այն ամենը, ինչի կարիքն ունեին պատերազմի համար: Հայերի ունեցվածքը, նրանց փողերը, ամեն ինչ բռնագրավվեց»:
    …«Ամերիկյան հյուպատոս Ջեքսոնը, տեղում հետևելով դեպքերին, ուղղակի մատնացույց է անում թուրքական կառավարության դերը Հայ ժողովրդի կողոպտման կազմակերպման մեջ, որպես Հայերի բնաջնջման բաղկացուցիչ մաս, «կողոպտման և այդ ցեղի բնաջնջման համար վերջին վիթխարի հարվածի մի պլան»:
    …«Անգլիական հետախուզության տվյալներով՝ «Մարդինում և Դիարբեքիրում կողոպտվեց 6 միլիոն թուրքական ֆունտ արժողությամբ ակնեղեն, գորգեր, հնաոճ իրեր և 1,5 միլիոն թուրքական ֆունտ արժողությամբ ոսկի»: Հայերի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Դիարբեքիրի նահանգապետը, Հալեպ հասավ «…Կոստանդնուպոլիս տանող գնացքով, 48 արկղ ոսկերչական իրերով և թանկարժեք քարերով լի երկու սնդուկով»:
    …«Այսպէս, Հերբերտ Ասկվիտը և Սթենլի Բոլդուինը, որոնք տարբեր ժամանակներ զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստրի պաշտոնը, 1924 թվականի սեպտեմբերին պրեմիեր Ռամզեյ Մակդոնալդին ուղղված հուշագրում նշել են, որ «թուրքական կառավարության կողմից 1916 թ. Բեռլին փոխանցված և հաշտություն կնքելուց հետո Դաշնակցային պետությունների գրաված 5 միլիոն ֆունտ ստեռլինգը (թուրքական ոսկով) մեծ մասամբ (հնարավոր է՝ ամբողջությամբ), հայկական փողեր են»:
    Հուշագրում նշվել է նաև, որ Հայերի բռնի տեղահանությունից հետո նրանց բանկային հաշիվներն ու ավանդները «կառավարության հրամանով փոխանցվել են Կոստանդնուպոլիս՝ պետական գանձատուն և «դրա շնորհիվ թուրքերը կարողացել են Բեռլին, Reichbank ուղարկել 5 միլիոն ֆունտ»: Գերմանական հետազոտողների հաշվումներով՝ 1916 թվականին փոխանցված գումարը կազմել է 100 միլիոն ոսկե մարկ:
    Էկոնոմիկայի մինիստր Ջավիդը իր հուշերում հայտնել է, որ 1918 թվականի նոյեմբերի 9-ին կարգադրություն է արել «լքյալ ունեցվածքի» իրացումից գոյացած գումարներից օգտագործել 1 միլիոն թուրքական ֆունտ:
    1919 թվականի նոյեմբերին հրապարակված գերմանական տվյալների հիման վրա դոկտոր Յ. Լեփսիուսի գնահատումով՝ թուրքերի բռնազավթած հայկական ունեցվածքի արժեքը կազմել է 1 միլիարդ մարկ (250 միլիոն դոլար):
    1919 թվականին Հայկական Ազգային պատվիրակության նախաձեռնությամբ օտարերկրյա մասնագետներից հատուկ հանձնաժողով կազմվեց՝ օսմանյան կայսրությունում ցեղասպանության հետևանքով Հայերին հասցված վնասի գնահատման համար:
    Հանձնաժողովը եկավ այն միաձայն եզրակացության, որ Հայերից զավթված արժեքները 3 միլիարդ 750 միլիոն դոլար արժողություն ունեն: Այդ թիվն ընդունեց նաև Ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովը՝ Ջեյմս Ջերարդի գլխավորությամբ:

    Հայերը կողոպուտի են ենթարկվել ոչ միայն օսմանյան կայսրության տարածքում, այլ նաև դրա սահմաններից դուրս, նախկին Ռուսական կայսրության տարածքում՝ Ղարսի մարզում, Ալեքսանդրապոլում, Երևանում: Նախիջևանում, Ղարաբաղում, Բաքվում Հայկական ջարդերի և ցեղասպանության քաղաքականությունը իրականացրել են թուրքական զորքերը՝ թաթար հրոսակախմբերի հետ համատեղ»…

    Լուսանկարներում՝ Մկրտիչ Թոքատլյանի հայտնի պանդոկները Բոսփորի շուրջ (Թոքատլեան և Փերա Պալաս), որտեղ իջևանում էին ժամանակի հայտնի դեմքերը:
    Վերևի լուսանկարում՝ Թոքատլյան հյուրատունն է, ուր եղել է նաև Ագաթա Քրիստիի հայտնի հետախույզը՝ Հ.Պուարոն…
  • ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ  (ՉՈՐՐՈՐԴ ՀԱՅՔ)

    ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ (ՉՈՐՐՈՐԴ ՀԱՅՔ)

    Ուէսթ Հոպոքըն, Նիւ Ճըրսի (ԱՄՆ), 1903։ Դիարբեքիրցի Հայերից կազմուած Հայ Մարզական Կաճառի դերակատարները (լուսանկարն ու բացատրությունը՝ «Յուշամատեան»-ից)

    Մեծ Հայքի Աղձնիք Աշխարհը Հայոց հնագույն կարևոր կենտրոններից էր, որը վերստին նշանավորվեց Տիգրան Մեծի օրոք (ն.թ.ա 95 — 55 թվականներին), երբ այստեղ կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը՝ Աղձնիքը հայտարարելով արքունական սեփականություն:

    Սեպագիր արձանագրություններում Նաիրյան երկրների թվում՝ Ալզի, Ալզինի անվամբ հիշատակվող այս երկիրը՝ հարուստ գետերով ու աղբյուրներով, երկաթի ու կապարի հանքերով, հազարամյակների ընթացքում այլազգիների հարձակումների թատերաբեմը եղավ, ուր հաջորդվեցին պարսկական, սելջուկյան, արաբական, թուրքական տիրապետությունները:

    Սակայն, ի հեճուկս փոթորկալից իրադարձությունների, բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայերն էին դարեր շարունակ:

    Պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքում՝ Աղձնիք նահանգում գտնվող Տիգրանակերտի հետ է առնչվում Հայ թատրոնի գոյության հնագույն հիշատակությունը:

    Ամիդ-Դիարբեքիրի ամրությունների կառուցումը Մ. Խորենացին վերագրում է Հայկազունի՝ Երվանդունի Տիգրանին՝ ն.թ.ա 6-րդ դարի կեսերին, որտեղից էլ՝ Հայ պատմագրության մեջ Ամիդը նաև Տիգրանակերտ է կոչվում՝ շփոթություն առաջացնելով ն.թ.ա 70-ականներին Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտի հետ, որը հետագայում Մարտիրոսուպոլիսն էր (Նեփրկերտ), (Երվանդ Քասունին և որոշ պատմաբաններ անդրադարձել են պատմագրության մեջ առաջացած այդ շփոթին):

    Միջնադարի հայ հեղինակների կողմից քաղաքը նույնացվել է Հայոց Տիգրան Մեծ արքայի կողմից կառուցված Տիգրանակերտի հետ (11-12-րդ դարերի Հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ նշում է. «Տգլատ (Տիգրիս) գետի վրայ կառուցուած Տիգրանակերտ քաղաքի վրայ, որը Ամիթ է կոչւում»): Դիարբեքիրը Տիգրանակերտ էին անվանում նաև քաղաքում բնակվող Հայերը:

    Տիգրանակերտ

    Արևմտեան Հայաստանի այլ քաղաքների նման, այստեղ ևս Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին: Արհեստագործական հիմնական ճյուղերի՝ ոսկերչության, ջուլհակության և մետաքսագործության բարձրարժեք արտադրանքը մեծ հռչակ էր վայելում ժամանակի շուկաներում:
    Դիարբեքիր քաղաքի մասին իր ուղևորական հուշագրություններում 17-րդ դարի օսմանցի ճանապարհորդ Էվլիյա Չելեբին գրել է.

    «Դիարբեքիրի օդը շատ լավն է, նրա բնակիչները հիանալի ջուր են խմում և այդ պատճառով վարդագույն դենք ունեն: Ընդհանրապես միջահասակ, առողջ և բարեկազմ են: Ապրում են ամենաքիչը մինչև 70-80 տարեկան հասակը և աշխատանքից ու վաստակից ետ չեն մնում:
    Հաճախ հասնում են մինչև հարյուր տարեկանը:
    Սիրելի և սրտագրավ երիտասարդ տղաները անհաշիվ են, նրանք աննման են իրենց գեղեցկությամբ և վայելչությամբ, խոսում են Արևելյան ժողովրդին հատուկ մաքուր լեզվով ու հռետորական ձևով, կարծես սրտաբեկ սիրահարներ լինեն: Նրանց բոլոր շարժումներն ու արտահայտությունները մարդուն հիացմունք են պատճառում:
    Բոլոր երիտասարդ տղաները նուրբ են ու բարեձև:
    Այս երկրում շատ պերճախոս և կարող բանաստեղծներ կան, որոնցից յուրաքանչյուրը նման է Ֆիզուլիին և Ռուհիին: Շատերին հանդիպեցինք ու զրուցեցինք, իսկապես աննման, կատարյալ մարդիկ են:
    Ավագանիի հագուստը: Աննման սամույրի և կզաքիսի մուշտակներ, սնդուս հագուստներ են հագնում: Միջակ դրության մարդիկ ընտիր ասվիից են հագուստներ հագնում, իսկ ցածր դիրքի մարդիկ՝ հասարակ ասվիից:

    Կանանց հագուստը: Բոլորը փաթաթվում են սպիտակ չարսավով, երեսները ծածկում են քողով, իսկ գլուխներին ոսկյա և արծաթյա թաքիյե (գդակ) են կրում: Ոտքերին անպայման ջիզմե են հագնում»…

    Տիարպեքիր. Յովսէփ Նագաշ (նստած, գլխուն ֆէս) եւ իր ընտանիքը (Աղբիւր՝ Տիգրան Մկունդ, Ամիտայի արձագանգներ, (Ա. հատոր), Նիւ-Եորք, 1950)։
    Լուսանկարն իր մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»-ից

    …«Զբաղմունքը: Բնակչության մեծ մասը զբաղվում է վաճառականությամբ, կան հարուստ առևտրականներ: Մի մասն էլ ծառայում է: Մնացածը քաղաքի արհեստավորներն են, որոնք ամեն տեսակի արհեստներով պարապում են, մասնավորապես շատ են ոսկերիչներն ու երկաթագործները»:

    Հայ վաճառական (1612 թվականի փորագրություն)

    Բնակչության բազմազանության առիթով նշելով, որ «ռայաները»՝ տեղաբնիկները Հայերն են, շարունակում է.
    «Օդի և եղանակի հիանալի լինելու շնորհիվ ժողովուրդը վերին աստիճանի նուրբ, երիտասարդությունը՝ ազնիվ և խելացի է, խոսում են քրդերեն, արաբերեն և հայերեն: Շատ պանդխտասեր, աղքատասեր, ուրախ, զվարթ և սրտառուչ մարդիկ են: Սրանց տղամարդիկ հաճելի, մաքուր համոզմունքի տեր և հավատացյալ են, կանայք բարեկիրթ և աստվածասեր են:
    Կանայք, նույնիսկ փոքր աղջիկները, շուկա չեն գնում:
    Վերին աստիճանի պատվասեր և բարոյական մարդիկ են»:
    («Օտար աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին», հ. 4, էջ 185-187):

    Մինչև 1915-ի ցեղասպանությունը հինավուրց Տիգրանակերտում Հայերը ջերմեռանդորեն շարունակել են դարերի խորքից եկող ազգային ավանդույթները, տոներն ու մեծախումբ ուխտագնացությունները, որոնց մասին որոշ մանրամասներ՝  հետագայում…

    Ուէսթ Հոպոքըն, Նիւ Ճըրսի (ԱՄՆ), 1913. դիարբեքիրցի Հայերից կազմուած «Յառաջդիմական» ընկերութեան թատերական խումբի «Գոհար» թատերախաղի դերակատարները (լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»-ից)
  • ԴԵՊԻ ԿՈՌԻԿՈՍ…

    ԴԵՊԻ ԿՈՌԻԿՈՍ…

    ԴԵՊԻ ԿՈՌԻԿՈՍ…

    Կոռիկոս

    Կիլիկիա, Երկիր Հայոց, Լերանց Աշխարհ, Տունն Կիլիկիո, Փոքր Հայք, Սիսուան…
    Աշխարհագրական, բնական զանազան պայմաններ ունեցող այս Երկիրը՝ Ապառաժային՝ Լեռնային Կիլիկիան՝ Տավրոսյան լեռնահամակարգի բարձր գագաթներով, Անտիտավրոսի լեռնաշղթայի ճյուղերով, նաև՝ Դաշտավայրային Կիլիկիայի արգավանդ հողերով, հանքային հանածոներով հարուստ ընդերքով ու ստորին հոսանքներով գետերով, Արևելքն Արևմուտքի հետ կապող կարևորագույն օղակներից է:

    Եվ Կիլիկիայի մասին տեղեկությունները գալիս են ժամանակների խորքից. խեթական, ասորեստանյան սեպագիր արձանագրություններում, հույն պատմիչների երկերում բազմաթիվ հիշատակություններ կան հազարամյակների ընթացքում զանազան ասպատակությունների ենթարկված հիշյալ տարածաշրջանի վերաբերյալ…

    1943 թվականին Փարիզում հրատարակված՝ «Հայ-եվրոպական պատմություն» գրքում, շեշտելով անցյալը ներկային ու ապագային կապող Պատմության դերը, հեղինակը՝ Գրիգոր Թելալյանը, անդրադառնալով հույն ու հռոմեացի պատմիչների հիշատակած՝ «Ընդարձակ ու մեծ թագավորության»՝ Հայաստանի պատմության հնագույն շրջանին, գրում է.
    «Հայերի առաջին Նախնիները՝ Խեթերն ապրել են Կիլիկիայում» (Krimitel «Histoire Armeno-européenne», Paris, 1943):

    Դարերի ընթացքում, օտարազգի նվաճողներից բացի, նաև ճանապարհորդներն են անցել այստեղով և իրենց հուշագրություններում հավերժացրել պատմական հուշարձանների, ավերակված բերդերի ու նրանց արքաների, իշխանների պատմությունը:

    Կոռիկոսի բերդը

    Ուշագրավ ուսումնասիրություններ կան հատկապես հնագիտական կոթողներով ու արձանագրություններով հարուստ Կոռիկոսի վերաբերյալ, որին անդրադարձել է և ֆրանսիացի ճանապարհորդ Վ. Լանգլուան՝ 1853 թվականի իր ուղևորության ընթացքում, լուսանկարելով նաև Հայոց Հեթում թագավորի՝ 1251 թվականին արված արձանագրությունը՝ բերդ-ամրոցի կառուցման մասին (որը հիշատակում է Ղ. Ալիշանը՝ «Սիսուան»-ում):

    Կոռիկոսի արձանագրությունից մի հատված

    Ի դեպ, Ծովային Կիլիկիայի կարևոր նավահանգստի՝ Կոռիկոս բերդաքաղաքի անունը ստուգաբանվում է հունարեն «քրքում» (քրոքոս) բառից:

    Իրավամբ, Կոռիկոսի Վիհում առատորեն բուսնում է մեծ համբավ վայելող՝ լավագույն տեսակի բարձրորակ քրքումը, որի մասին հիշատակել է Ստրաբոնը (Հին աշխարհում քրքումն օգտագործվում էր որպես համեմունք, ամոքիչ բուժամիջոց, օծանելիք ու ներկանյութ):

    Վ. Լանգլուան առանձնահատուկ ուշադրությամբ է գրել ժայռերում բնականորեն փորված անդունդի մասին, ուր, ինչպես ինքն է նշում, «համաձայն հելլենական ավանդույթների, հայտնի Դիցամարտն էր եղել»…

    Միջերկրականի ափին՝ Հայոց Ծոցից ոչ հեռու գտնվող այս խորը, խոնավ անդունդը, որտեղ արևի ճառագայթներն անգամ հազիվ են լուսավորում, դարեր առաջ նկարագրել են Ստրաբոնը, Սենեկան, Պոմպոնիուս Մելան…

    Հինավուրց զրույցների, ավանդապատումների, դիցաբանության հետքերն են պահպանվել այս հողում:

    Տրոյայի պատերազմը նկարագրող Հոմերոսն իր «Իլիական»-ում հիշատակում է «Արիմների երկիրը», որտեղ Տիփոնի «մահիճն» էր (ուր կրակ ժայթքող՝ բազմագլուխ առասպելական Հրեշին՝ Տիփոնին հաղթելով, փակել էր Զևսը):

    «Գնում էին նրանք գունդ-գունդ, և ասես թե երկիրը ողջ
    Բռնկվել էր բոց-կրակով, ու տնքում էր գետինն այնպես,
    Կարծես Զևսն էր շանթազվարճ զարկում երկրին Արիմների,
    Ու հարվածում փայլատակմամբ Տիփոնևսի մահիճն այնտեղ»…
    (Իլիական, Երգ 2, 770)

    Նշենք, որ Հեսիոդոսի միջոցով փոխանցված՝ հունական դիցաբանական պատումը՝ Զևսի ու Տիփոնի մենամարտի մասին, համարվում է ավելի վաղ՝ Հուրիական դիցաբանությունից հայտնի Թեշուբի և Ուլիխումի մենամարտի «արձագանքը»:

    Դիցաբանական «Հրեշի խորխորատը» նկարագրելիս Ստրաբոնը ժամանակին հստակեցրել է, որ անդունդի խորքում ստորգետնյա գետ է հոսում ու «դուրս է գալիս միայն ծովը թափվելու համար»:

    Մեր օրերում «Դրախտի անդունդ» և «Դժոխքի անդունդ» կոչվող այդ խորխորատների կազմության լուսանկարը՝ O. Casabonne, A. Porcher «Notes ciliciennes» ուսումնասիրությունից (2003թ.):

  • ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

    ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

    ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

    Հին Աշխարհի պատմագրության ականավոր հեղինակների բազմահատոր աշխատություններում ուշագրավ տեղեկություններ կան Հայաստանի ու Հայ ժողովրդի պատմության, կենցաղի, ազգագրության, արհեստների, տնտեսական կյանքի, բանակի, արքաների, նրանց գործերի, «ոսկեհուռ ու ծիրանածվեն» հանդերձների մասին, ինչպես նաև՝ զանազան այլ հարցերի վերաբերյալ:

    Տարբեր առիթներով թողած այդ հիշատակությունների ուսումնասիրությանը հետագայում անդրադարձել են Հայ և օտարազգի բազմաթիվ պատմաբաններ ու այլ մասնագետներ:

    Պատմիչների միջոցով հազարամյակների հեռվից մեզ հասած տեղեկություններից որոշ դրվագներ՝ քաղված Ռաֆիկ Նահապետյանի՝ «Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և Հայերի մասին», (Երևան, 2018 թ.) մենագրությունից, ներկայացնում ենք ստորև, հիշեցնելով, որ հատկապես հարուստ վկայություններ են պահպանվել «հելլենիստական» կոչվող շրջանից, երբ, քաղաքական իրադարձությունների հետևանքով հելլենական՝ հունական մշակույթը տարածվեց հեռու ու մոտ երկրներում…

    Հիշյալ երկերում, հայկական զորատեսակների՝ ծանր ու թեթև հեծելազորի (նետաձիգների, տեգակիրների…) տարատեսակ զենքերի (նետ-աղեղ, նիզակ, վաղր՝ դաշույն, սուր, տեգ, վահան…), հանդերձների նկարագրություններից բացի, որոշ երկխոսություններ են նաև մեջբերված:

    «Ըստ Քսենոփոնի վկայությունների՝ արմենները եղել են ռազմիկ ժողովուրդ, ձգտել են ազատ ու անկախ լինել, որի համար էլ պարբերաբար ապստամբել են:
    Հայերի այս ձգտումների մասին հանգամանալի նկարագրված է Դարեհ Ա-ի (522-486թ.) թողած արձանագրության մեջ, ինչպես նաև «Կյուրոպեդիա» երկում՝ Կյուրոսի և արմենների թագավորի երկխոսության մեջ:
    «–Ասա՛ ինձ,- հարցնում է Կյուրոսը,- երբևէ դու կռվե՞լ ես իմ մոր հոր՝ Աստյուագեսի և մյուս մեդացիների դեմ:
    –Այո՛,- պատասխանեց:
    –Պարտվելով նրանից՝ համաձայնե՞լ ես տուրք վճարել, նրա հետ պատերազմի գնալ, ուր որ նա հրամայի, և բերդեր չունենալ:
    –Այդպե՛ս է:
    –Հապա ինչո՞ւ այժմ տուրք չես վճարում, զորք չես ուղարկում և սկսել ես ամրություններ կառուցել:

    -Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ, և որդիներիս Ազատություն թողնեմ» («Կյուրոպեդիա», 3, 1, 10, էջ 96-97)»:

    «Հայ-արմենների ազատատենչության ձգտումների վերաբերյալ ուշագրավ հավաստումների ենք հանդիպում դարձյալ «Կյուրոպեդիա»-ում Կյուրոսի և մեդիացիների արքա Կյուաքսարեսի (Կիաքսար) երկխոսության մեջ: Երբ հնդիկները դուրս գնացին, Կյուրոսն ասաց Կյուաքսարեսին. «–Հիշում եմ՝ քիչ առաջ քեզանից լսեցի, թե արմենների թագավորը քեզ այժմ արհամարհում է՝ լսած լինելով, որ թշնամիները գալիս են քեզ վրա, և նա ո՛չ զորք է ուղարկում, ո՛չ տուրք է վճարում, որը պարտավորվել էր տալ»:
    «–Իրոք, նա այդպես է վարվում, ո՛վ Կյուրոս,- ասաց Կյուաքսարեսը,- ուստի ես ևս տատանվում եմ և չգիտեմ՝ ո՛րն է լավ՝ արշավել նրա դեմ և փորձել հարկադրել նրան, թե՞ առայժմ թողնել նրան, որպեսզի մյուս թշնամիների վրա չավելացնենք նաև այս մեկին»:
    Կյուրոսը դարձյալ հարցրեց.
    «–Իսկ նրա բնակավայրերը արդյոք ամո՞ւր վայրերում են, թե՞ գուցե նաև մատչելի վայրերում»: Կյուաքսարեսը պատասխանեց.
    «Բնակավայրերը շատ ամուր վայրերում չեն. ես դա չեմ մոռացել, սակայն կան լեռներ, որտեղ կարող է իսկույն ապաստանել և թաքցնել իր հետ տարած հարստությունը և իրեն ապահով զգալ, եթե որևէ մեկը մոտերքում նստած չպաշարի նրան, ինչպես արել էր իմ հայրը»: Եվ Կյուրոսն ու Կյուաքսարեսը որոշում են քողարկված համատեղ հարձակվել Հայաստանի վրա Հայոց արքայի ուժերը ծուղակի մեջ գցելու, և արքային գերեվարելու համար (մանրամասն տե՛ս «Կյուրոպեդիա», 2, 4, 9-25, էջ 88-92)»:

    «Հույն պատմիչը (Պլուտարքոսը) ակնարկներ ունի նաև Տիգրան Մեծի արքունիքում որոշ ծեսերի և պալատական վարվելակարգի մասին: Այսպես, նա գրում է, թե «նրա (Տիգրանի) մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ՝ որպես ուղեկից կամ թիկնապահ, երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ (անթև վերնազգեստ) հագած, վազում էին նրա կողքից, իսկ երբ նստած էր լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջը՝ ձեռքները՝ կրծքերին: Համարվում էր, որ այդ դիրքը լավագույնս էր արտահայտում իրենց ստրկական կախվածության լիակատար ընդունումը: Այն ընդունողը կարծես թե իր մարմնի հետ տիրոջ տրամադրությանն էր հանձնում նաև իր ազատությունը և պատրաստակամություն հայտնում ամեն ինչ տանել, հանդուրժել առանց առարկության (Լուկուլլոս, 21):

    Տիգրան Մեծը՝ իր վասալ չորս թագավորների ուղեկցությամբ

    «Նրանք (Հայ զինվորները, Կ. Ա.) այնքան ճարպիկ էին, որ անգամ մոտիկ լինելիս կարողանում էին փախչելով ազատվել, քանզի նրանք ուրիշ ոչինչ չէին կրում, բացի աղեղներից ու պարսատիկներից։ Նրանք գերազանց նետաձիգներ էին, ունեին համարյա երեք կանգուն երկարությամբ աղեղներ և ավելի քան երկու կանգուն երկարությամբ նետեր։
    Նետարձակման ժամանակ նրանք լարը ձգում էին՝ ձախ ոտքը դնելով աղեղի ցածի ծայրի վրա։ Նրանց արձակած նետերը ծակում էին վահաններն ու լանջապանակները։

    Հելլենները, երբ այդպիսի նետեր էին ձեռք բերում, կաշվե փոկեր հարմարեցնելով դրանց՝ օգտագործում էին տեգի փոխարեն («Անաբասիս», 4, 28, էջ 88)»:

    Դիոն Կասիոսը նկարագրել է «գլխին ոսկեհուռ խույրով» Տիգրան Մեծի՝ հռոմեական զորավար Պոմպեոդի զորակայանը մտնելու տեսարանը, երբ, հակառակ ընդունված արարողակարգի, առանց ձիուց իջնելու՝ հեծյալ էր նա մուտք գործել ամրության տարածք:

    «Ապպիանոսը ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Տիգրանակերտի հիմնադրման ու կառուցման վերաբերյալ.
    «Տիգրանը (Տիգրան Մեծը) իր անունով Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս կառուցեց (երկրի նոր մայրաքաղաքը) այն վայրում (Աղձնիք նահանգում՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի՝ Նիկեփորիոնի (Ֆարկին-սու) հովտում — Ռ. Ն.), որտեղ առաջին անգամ դրեց Հայաստանի թագը» (XII, 67, էջ 346)»:
    «Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով (50 կանգունը հավասար է 25 մետրի), որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ:
    Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՝ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և ձկնավազաններով:
    Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ» (XI, 84, Էջ 347)»:

    Տիգրանակերտի պարիսպներից մի հատված

    Հայոց «հարուստ ու ծաղկուն երկրի հիշատակումն ենք գտնում Պլուտարքոսի տողերում.
    «Եզրափակիչ մարտից հետո (Մարաստանում) վեցերորդ օրը հռոմայեցիները հասան Արաքս գետը, որը Մարաստանը բաժանում էր Հայաստանից: …Իսկ երբ, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը՝ ոտք դրեցին Հայկական հողի վրա, այնժամ, ասես բաց ծովում երկար թափառումներից հետո առաջին անգամ ցամաք տեսած, նրանք համբուրում էին քարերն ու ավազը և, իրար գրկելով, ուրախությունից լաց էին լինում: Այնուհետև ընթանալով հարուստ ու ծաղկուն երկրի միջով, նրանք այդքան դաժան զրկանքներից հետո խիստ շատ կերան ու խմեցին, ուստի հիվանդացան ջրգողությամբ ու փորհարությամբ (Անտոնիոս, 49)»:

    Տիգրանակերտի պարիսպներից մի տեսարան

    «Վերցնելով Տիգրանակերտում գտնված գանձերը՝ նա (Լուկուլլոսը) քաղաքը թողեց զինվորների թալանին, որոնք, բացի այլ բարիքներից, այնտեղ գտան նաև 8 հազար տաղանդ արծաթ (որ հավասար է 17 միլիոն ոսկի ռուբլու):
    Այս ամենից բացի «նա ռազմավարից հռոմեական ամեն մի զինվորի տվեց 800-ական դրաքմե», այսինքն՝ 280 ոսկի ռուբլի յուրաքանչյուրին (Լուկուլլոս, 29): 8 հազար տաղանդն արծաթ դրամով հավասար կլինի, ըստ գերմանացի գիտնական Հուլչի հաշվումների, մոտ 34 միլիոն գերմանական ոսկի մարկի, իսկ 800 դրաքմեն կամ արծաթ դինարն՝ 560 ոսկի մարկի: Տիգրան մեծի տերության պալատներից մեկում զորավար Լուկուլլոսը «գտել էր մեծ քանակությամբ ոսկի և արծաթ և երեք միլիոն մեդիմնոս (մոտ 120 հազար տոննա) ցորեն»:
    Այսպիսով՝ և՛ զինվորները հարստացան, և՛ Լուկուլլոսը զարմացավ, որ ինքը, մեկ դրամ անգամ չստանալով հասարակական գանձարանից, պատերազմը վարում է միայն իր միջոցներից (Լուկուլլոս, 29, 30)»:
    Տիգրանակերտում, Պլուտարքոսի հավաստմամբ, կային առատ գանձեր և Դիցերին նվիրված թանկարժեք ընծայաբերումներ, քանզի հասարակ մարդ և իշխանավոր արքայի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով իրար հետ մրցում էին քաղաքի ընդարձակման համար»:

  • «ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ» ԿԱՄ՝ «ԶԱՐԿԵՑԵ՛Ք, ԴԱՐԲԻՆՆԵ՛Ր, ԿՌԱՆԸ ՍԱԼԻՆ»…

    «ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ» ԿԱՄ՝ «ԶԱՐԿԵՑԵ՛Ք, ԴԱՐԲԻՆՆԵ՛Ր, ԿՌԱՆԸ ՍԱԼԻՆ»…

    «ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ» ԿԱՄ՝
    «ԶԱՐԿԵՑԵ՛Ք, ԴԱՐԲԻՆՆԵ՛Ր, ԿՌԱՆԸ ՍԱԼԻՆ»…

    Հնագույն շրջանում Հին Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորագույն դեր ու նշանակություն ունեին պաշտամունքավայրերը: Եվ հենց նրանց՝ մեհյանների, տաճարների հարուստ տիրույթների շուրջ (կամ՝ մերձակայքում) էին հաճախ հիմնվում բնակավայրերը, քաղաքները:
    Մեզ հասած տեղանուններն ասվածի պերճախոս ապացույցն են (Անահտա Աթոռ, Տիրինկատար, Դարբնաց Քար, Բագահառիճ…):
    Եկեղեաց ողջ գավառը Հայ և օտար աղբյուրներում Անահտական էր կոչվում:

    Տարբեր ժամանակների պատմիչների վկայությունները փաստում են Քրմական դասի, Քրմապետի ունեցած կարևոր դերը պետության կյանքում: Արքաները միաժամանակ նաև Քրմապետն էին, հետագայում Քրմապետն արքունական տոհմից էր, թագավորի եղբայրը կամ մերձավոր ազգականը, և երկրի երկրորդ դեմքն էր՝ արքայից հետո: Նա ուներ նաև ռազմական իշխանություն՝ որոշակի քանակությամբ զորաբանակով:

    Ռազմական գործի, տնտեսության ու արտադրողականության համար անհրաժեշտ գործիքների, առարկաների ստեղծման համար կրակի, նրա միջոցով երկաթի ու զանազան համաձուլվածքների կիրառումը կենսական նշանակություն ուներ: Եվ մետաղագիտությամբ, ինչպես և բժշկությամբ ու այլ գիտություններով, Քրմերն էին զբաղվում:
    Այդ արհեստներով զբաղվողներն առանձնահատուկ դեր ունեին ծիսական կյանքում հետագայում նույնպես:
    Հուրի, Կրակի Ցոլքի խորհուրդն ունեին գլխավոր Դիցերը՝ Շանթը, Փայլակը՝ Թեշուբը, Միհրը, հունական դիցաբանությունից հայտնի Հեփեստոսը, որոնք նաև արհեստների, մետաղագործության, հատկապես՝ Դարբնության հովանավոր դիցերն էին:

    Կրակի միջոցով ու մուրճի հզոր հարվածներով արարող հմտագույն դարբինները, վաղնջական ժամանակներից ի վեր, սերնդեսերունդ փոխանցվող հմտությունների հետ միաժամանակ փոխանցել են նաև Դարբնության հետ կապված՝ խորհրդանշական բնույթի ծեսերը:

    Դարերի խորքից եկող դարբնոցային ծեսերի վաղնջագույն շերտերի արձագանքներն առկա են հետագայում պահպանված՝ Դարբնի ու Դարբնոցի ունեցած դերում:
    Դարբինն իր «բաժինն ուներ գյուղատնտեսական աշխատանքների հաջող ընթացքի ապահովման մեջ: Նա էր, փաստորեն, և երկրագործական մի շարք առաջնային նշանակության գործիքների, այդ թվում՝ գութանի և արորի խոփի, մանգաղի, բահի, քաղհանի ուրագի պատրաստողը, եզներին ու ձիերին պայտողը: Դարբինն էր նաև համայնքի այլ արհեստավորների (հյուսն, քարգործ) գործիքները կռող-կոփողը, որի շնորհիվ նրան անվանում էին «վարպետաց-վարպետ (ուստեքի միջի ուստա)»,- կարդում ենք Աղասի Թադևոսյանի՝ «Դարբինը Հայոց ծիսակարգում» ուսումնասիրության մեջ (հրատարակված «Հայ ազգագրություն և բանահյուսություն» բազմահատորյակի թիվ 23 -ում, Երևան, 2007 թ.):
    Մինչ մեր օրերը հարատևած որոշ ծեսերի նկարագրությունը՝ հիշյալ աշխատությունից՝ ահավասիկ:

    «Դարբինը համայնքի ցիկլային տոներից առավել ընդգծված մասնակցություն ուներ Զատկի տոնին:
    Զատիկը, սեզոնային առումով, համապատասխանում է հայկական արեգակնային շարժական տոմարով ավանդական Նոր տարուն և իր սիմվոլիկայում ու ծիսաշարքի ենթատեքստում կրում է հինը՝ նորով, քաոսը՝ կոսմիկ վիճակով փոխարինելու, արարչագործության, զարթոնքի և վերածննդի իմաստ:
    Զատկի տոնին դարբնի մասնակցությամբ կատարվող ծեսերը նույնպես հագեցած են նշված իմաստավորմամբ, և դարբինն այդ ծեսերում կրում է տիեզերապահպան և արարչագործ գերբնական ուժի գործառույթ, որպես չար ուժերի հակառակորդ և մարդկանց դրանց վտանգավոր ազդեցությունից պաշտպանող:
    Զատկի վերջին շաբաթվա Ավագ ուրբաթի Խավարման կոչվող գիշերը, ժամը 4-5-ի կողմերը, դարբինը գնում էր դարբնոց, առանց որևէ մեկի հետ խոսք փոխանակելու, մինչև լուսանալը, սկսում էր ծիսական (մոգական) ուժ ունեցող երկաթի ծեծելը, որից ամբողջ տարվա ընթացքում գյուղացիների համար պատրաստում էր տարբեր տիպի հմայիլներ: Այդ նույն երկաթից նա պատրաստում էր նաև ծիսական մեխեր, որոնցով գյուղացիները Զատկի տոնին հարվածում էին գետնին, իբր թե Հուդայի աչքը հանելու: Ըստ իս, սա պտղաբերության իմաստով համայնքային ծես էր, որում դարբինն ուներ տիեզերապահպան հերոսի դեր: Նման գործառույթով է օժտված դարբինը նաև մի այլ սովորույթում, որի համաձայն նա Զատկի Ավագ ուրբաթ օրն «ուրբաթըրուր» չարխափան ապարանջաններ էր պատրաստում կանանց համար:

    Բրոնզե ապարանջան (ն.թ.ա. 14-13-րդ դարեր, հայտնաբերված 1983 թվականին՝ Քուչակից, Արագածոտնի մարզ)

    Դարբնի գերբնական հատկությունները բնորոշ էին նաև իր միջավայրին՝ այն միկրոկոսմին, որտեղ նա ցուցաբերում էր այդ հատկությունները: Թերևս դա է պատճառը մեր գրառած այն հետաքրքիր սովորույթի, ըստ որի, շաբաթ երեկոյան կիրակնամուտի ժամանակ, երբ նորից սպասվում է չար ուժերի ակտիվացում, գյուղացիներն այցելում էին դարբնոց՝ զնդանին մոմ կպցնելու (մոմ վառելու) նպատակով: Անկասկած, այս սովորույթը հնամենի մտածողության վերաիմաստավորված դրսևորում է, որում պահպանվել են համայնքի ու գերբնական ուժերի միջև դարբնի ու դարբնոցի ունեցած կարևոր դերի արձագանքները: Պատահական չէ, որ դարբինն ամբողջ գյուղում համարվել է միակ մարդը, ում տուն չարքերը և սատանաները չէին կարող մտնել՝ նրանից վախենալու պատճառով:
    Դարբինն այն եզակիներից էր նաև, ով տարվա ցանկացած օր կարող էր Զատկին ծեծած՝ մոգական ուժ ունեցող երկաթից չարխափան հմայիլներ պատրաստել գյուղի կանանց և երեխաների համար: Հիմնականում այդ հմայիլները կոչված էին ապահովելու հարսների հաջող ծննդաբերությունը: Դրանք երկաթից պատրաստված ապարանջաններ էին, մատանիներ և վզնոցներ («դող»), որոնք պատվիրում էր հարսի սկեսուրը:

    Դրանց դիմաց դարբնին վարձատրություն տանելը վիրավորական կարող էր համարվել: Սակայն այստեղ կատարվում էր մի հետաքրքիր փոխանակություն: Պատրաստածի դիմաց դարբնոց, որպես նվեր, բերվում էր մի քանի ձու:
    Ձվին նույնպես Հայերը վերագրում էին չարխափանության հատկանիշ:
    Ձուն նաև Զատկի տոնի գլխավոր խորհրդանիշներից էր, և նվեր տալով ձու՝ դրա դիմաց փոխադարձորեն նվիրատրվում էր Զատկի Խավարման գիշերը ծեծված՝ մոգական ուժ ունեցող երկաթից պատրաստված չարխափան հմայիլ:

    Եվ այս փոխադարձ նվիրատվությունը, ժամանակային առումով, խորհրդանշորեն տեղափոխում էր այն կատարողներին Զատկի սրբազան աշխարհ, նախասկզբնական արարման, ծնունդի և չար ուժերի պարտության շրջան, որտեղ ապահովված էր ոչ ցանկալի ազդեցություններից հարսի հաջող ծննդաբերությունը: Նույնպիսի փոխանակություն արվում էր նաև երեխայի ձախ ուսից կախվող՝ դարբնի պատրաստած չարխափան պողպատե կայծքարը ձեռք բերելիս: Երբեմն էլ վախ բռնելու համար օգտագործել են դարբնոցից վերցրած ջուրը»:

    Զատկի տոնակատարության Ավագ Ուրբաթ օրվա վերաբերյալ՝ կարդում ենք.
    «Այդ օրը գյուղի տարեց կանայք, դիմելով դարբնին, խնդրում էին պատրաստել «ուրբաթարուր»: Դարբինն այն պատրաստում էր հատուկ երկաթից, որը պետք է նախապես հավաքած լիներ գյուղի յոթը թաղից:
    Մինչ ապարանջանի կամ մատանու պատրաստումը, դարբինը մուրճի յոթ ծիսական հարված էր հասցնում զնդանին (ըստ որոշ վկայությունների՝ ա՛յն երկաթի կտորին, որից պետք է պատրաստվեր մատանին):
    Այնուհետև, առանց որևէ մեկի հետ խոսք փոխանակելու, սկսում էր մատանու կամ ապարանջանի կռում-կոփումը:
    Շատ դարբիններ պարտադիր են համարել նաև անձկությունը, որպեսզի որևէ մեկը չտեսնի, թե ինչպես է պատրաստվում չարխափան ուժով օժտված մատանին կամ ապարանջանը: Ենթադրվում էր, որ կողմնակի մարդու ներկայությունը կամ որևէ մեկի հետ դարբնի փոխանակած խոսքը կկորցներ առարկայի չարխափան ազդեցությունը»:

    …«Տոնակատարության ժամանակ դարբնի նվիրած մատանին, ապարանջանը կամ «դօղ» վզնոցը կանայք պահպանում էին և որպես չարխափան օգտագործում հղիության և ծնունդի ժամանակ, որպես երեխայի ծննդյան հաջողությունն ապահովող միջոց»:

    «Ծեսի մյուս տարբերակում դարբինը Զատկի Ավագ ուրբաթ, դեռ լույսը չբացված, կեսգիշերին վեր էր կենում, գնում դարբնոց, կրակարանում վառում կրակը, և սկսում ծիսական երկաթի կռումը:


    Ամեն մի երկաթի կտորի մուրճով երեք կամ յոթ խորհրդանշական հարված էր հասցվում և մի կողմ դրվում: Գործողությունը շարունակվում էր մինչև արևածագի մոտենալը, որից հետո ծեծված երկաթը առանձնացվում և պահվում էր:
    Տուն գնալով, դարբինը հայտնում էր մորը, որ երկաթը ծեծել, պատրաստել է: Նույն Ավագ ուրբաթ օրը, լուսաբացից հետո, դարբինն այդ գիշեր ծեծված երկաթից ապարանջան, մատանի կամ «դօղ» վզնոց էր պատրաստում կանանց ու հարսների համար, որպեսզի չարքերը վնաս չբերեն:
    Այդ նույնը, սկեսուրների պատվերով, պատրաստվում էր հղի կանանց համար, որպեսզի ծննդաբերությունը հաջող ու ապահով անցնի:
    Ի տարբերություն առաջին տարբերակի, դարբինն այս դեպքում, նախապես, Զատկի տոնին ծեծված երկաթից չարխափան իրեր, մատանի, ապարանջան, «դօղ» կարող էր պատրաստել տարվա որևէ այլ օր: Սակայն, որպեսզի պատրաստվող առարկան ունենար բարերար և չարխափան ուժ ու կարողություն, դարբինն այն պետք է պատրաստեր քառասուն հարվածով: Դրանից ավել կամ պակաս հարվածների թիվը գցում էր հմայիլի զորությունը:
    Այդ առավոտ, բացի իր մորից, ոչ ոք չպետք է նկատեր կամ իմանար, որ դարբինը գնում է դարբնոց՝ երկաթ ծեծելու:
    Այս դեպքում նույնպես, պատրաստված ծիսական առարկաների դիմաց ընդունվում էր միայն ձու»:

    Դարբնի ծիսական կերպարի շուրջ բազմաթիվ այլ դրվագներ կան, ինչպես, օրինակ, մինչև մատանու կամ ապարանջանի պատրաստման բուն գործողությանն անցնելը կռանով՝ մուրճով զնդանին յոթ ծիսական հարված հասցնելը (համանման ձևով՝ թմբուկի, գոնգի կամ այլ նվագարանի կիրառումն է՝ ի ազդարարումն ծեսի սկզբի):
    Ծիսական կռանահարման խոսուն փաստերից է հենց «Արտավազդի շղթաների ամրացման» առասպելը:
    Հայոց երկրագործական մշակույթում երաշտի դեմ պայքարի բնական միջոցներից զատ, անձրև բերելու ակնկալիքով կիրառվել են նաև «անձրևաբեր ծեսեր»: Հրով, կայծերով արարող Դարբնին, ինչպես երկնքում փայլատակող Շանթին՝ Կայծակին, անձրևաբեր կարողություններ էին վերագրվում:
    Ծիսական կռանահարմամբ անձրևաբեր ծեսերը շարունակվել են մինչև մեր օրերը…

    Մ. Աբեղյանի հայտնի բանաստեղծությունից մի հատված՝ Դարբնաց — Քարի՝ Անահիտ Դիցամոր պաշտամունքավայրի նկարագրությամբ՝ հնագույն շրջանից Դարբնի «մոգական» աշխատանքի հանդեպ եղած հետաքրքրությամբ…

    ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ
    (ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ ԵՎ ՀՈԳՒՈՑ ՎԱՆՔ)

    Անձևացի Անձևացիք
    Թողնում Պաղատն ու պինդ Կանգուար,
    Հայր Արամազդն ու սէր-Աստղիկ,
    Թողնում գալիս են Դարբնաց — Քար:

    Դարբնաց — Քարին բարձր կանգուն
    Կայ Անահտայ ոսկի պատկեր…
    Գիշեր-ցերեկ դիմաց ոսկուն
    Շարժվում են հոն հզոր ձեռքեր:

    Շարժվում են միշտ, ածում կռան,
    Եւ շիկավառ երկաթ ծեծում
    Ահագնագոռ սալի վրան
    Եւ ծեծելիս չորս դին հեծում:

    Հեծեծում է, դողում՝ քարը,
    Եւ արձագանք բերում-տանում,
    Դղորդն ընկնում ողջ աշխարհը,
    Եւ խուռն ամբոխ ոտքի հանում:

    Եւ խուռն ամբոխ Անձևացիք
    Թողնում Պաղատն ու պինդ Կանգուար,
    Հայր Արամազդն ու սէր Աստղիկ,
    Թողնում գալիս են Դարբնաց — Քար:

    Դարբնաց — Քարին պսակ հիւսում
    Մեծ բարերար Ոսկեմօրը,
    Եւ նրանից կյանք են ուզում
    Ու բոլորում շուրջ բոլորը:

    Ու բոլորում՝ բռնում են պար
    Ոսկեծնի կռքի չորս դին…
    Սալը թնդում է անդադար
    Ու չափ տալիս ժողովրդին…

    Եւ ժողովուրդը կաքաւում՝
    Ու կյանք հայցում Ոսկեմօրից…
    Եւ Դարբնոցի քուրան վառում,
    Մաքրում ախտերն ախտավորից…

    Հ.գ. Շարունակությունը՝ նախորդ գրառումներից մեկում.