Year: 2025

  • «ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»  ՄԱՍ Բ

    «ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ» ՄԱՍ Բ

    «ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
    ՄԱՍ Բ

    ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

    Մոտ կես դար իր տքնաջան աշխատանքով, բացառիկ տոկունությամբ Հայոց պատմության հայտնի և անհայտ էջերը պեղեց իր ազգի ճակատագրով մտահոգ Լեոն՝ համակողմանիորեն քննեց պատմական իրադարձությունները և ներկայացրեց իր եզրահանգումները բազմահատոր ուսումնասիրություններում:
    Երևանում 1934 թվականին հրատարակված «Խոջայական կապիտալ» գրքից մի քանի էջ ևս՝ ստորև…

    «…Եվրոպական մի կես-գաղութ էր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը, մշակելով իր սեփական ազնվապետական նիստ ու կացը, քաղաքակրթական պահանջները և այլն, մինչդևռ նրա շուրջը, բարձրավանդակների վրա, արոտային տնտեսությունն էր տիրում իր աղքատ նախնականությամբ, որ հասնում էր այն աստիճան, որ վայրեր կային, ուր դեռ հայտնի չէր միս եփելը (Խորենացի, գիրք Բ):

    Բայց չորրորդ դարի առաջին քառորդում հռոմեական պետականությունը ենթարկվում էր արմատական փոփոխության։ Կոնստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրների գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդություններից և այսպիսով ուժեղացնել միահեծան իշխանության սկզբունքները, պետական կրոնի աստիճանին էր բարձրացնում քրիստոնեությունը, ապա և փոխադրում էր իր գահը Հռոմից Բյուզանդիա, որ և նրա անունով կոչվեց Կոնստանդնուպոլիս։
    Երկու աշխարհի փոխարկություն էր այս։ Պատմության բեմից իջնում էր հեթանոսական Հռոմն իր ապերասան կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ էր մտնում եպիսկոպոսների մշակած նոր կրոնն իր ֆանատիկոսական անհամբերողությամբ և ճգնավորական բթամտությամբ, որոնք առանձնապես թանձրացած էին հունական միջավայրում և պիտի նվաճեին նաև զեղխ ու հղփացած Հռոմը։

    Տալով քրիստոնեության պետական-նվաճողական ույժ, կայսրը հոգս էր տանում նույնպես, որ նոր եկեղեցին տարածվի և ուրիշ երկիրներում, առաջին հերթին, իհարկե, կայսրության վերաբերվող վասալական երկրներում։ Քրիստոնեությունն ընդունելու և պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում էին Հայաստանի և Վրաստանի վասալ թագավորները: Հասկանալի է, որ մի այսպիսի առաջարկություն անտես անել չէին կարող մանավանդ Հայ Արշակունիները, որոնց բախտը կախված էր ամբողջովին Հռոմեական կայսրությունից։

    Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չէր։ Նա վաղուց մուտք էր գործել այդ երկիրը, դանդաղ տարածվում էր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ ​աոաջացնելու։ Գուցե բնական զարգացման ընթացքին թողնվելով, նրան աջողվեր կատարել երկրի նվաճումը խաղաղ պրոպագանդի միջոցով։ Այս միանգամայն հնարավոր էր այդ նոր պաշտամունքի համար, որովհետև նա սիրիական քրիստոնեությունն էր, որ Հայաստան մտնելու հետ միաժամանակ, մուտք էր գործել նույնիսկ և Պարսկաստան իբրև խաղաղ և չեզոք կրոնական երևույթ և իր քարոզչության կենտրոն էր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը, հիմնելով այնտեղ եկեղեցի և եպիսկոպոսական աթոռ։
    Սիրիական միսիոնարության միակ ույժն ու հմայքը սիրիացի վաճառականի թափառիկ առևտրական կապիտալն էր, որի ուսերը հեծած՝ նոր կրոնը գնաց աննկատելի կերպով տարածվելու մինչև Հնդկաստան։

    Սիրիական այդ աղքատ քրիստոնեության վրա Հայ Արշակունիները ուշադրություն չէին դարձնում։ Կար քրիստոնեություն և քրիստոնեություն։
    Հարկավոր էր ոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն, որի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չէ, որքան երկաթն ու հուրը։
    Հարկավոր էր հունական քրիստոնեությունը, որ Արևելքում գալիս էր փոխարինելու հռոմեական իմպերիալիզմը։ Այս կլիներ, ամենից առաջ, լավագույն պաշտպանություն Հայ Արշակունիների դինաստիական շահերի՝ ընդդեմ Սասանյան վտանգի։

    Այսպես էր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոնում։ Սակայն նրա իրագործումը հեշտ չէր բոլորովին։ Միակամություն չէր կարող լինել այնպիսի մի բազմագլխյան ավատական երկրում, ուր այնքան շատ էին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշակութային աստիճանների տարբեր շերտավորումները և այլն։ Այն, ինչ միանգամայն հասկանալի էր և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող էր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն էին՝ մեծամեծ հոտերից բաղկացած:

    Այս մեծ անհրաժեշտության հողի վրա էր ահա, մեծ տարակուսանքների և երերումների մեջ, որ անհայտությունից արագ դուրս եկավ և դրությունն իր ձեռքի մեջ առավ և գործել սկսեց մի տոհմ, որ առանձնակի տոհմանուն չի թողել, մերթ կոչվում է Պարթև, մերթ՝ Պահլավ, բայց ավելի հաճախորեն՝ իր հիմնադրի անունով՝ Գրիգորի տոհմ, և որովհետև այս Գրիգորը եկեղեցական գրականության մեջ աստվածացված է ​«Լուսավորիչ» տիտղոսով, ուստի սովորական է դարձել անվանել այդ տոհմը «Լուսավորչի տոհմ»:

    Նա իսկ որ մտցրեց Հայաստանի մեջ կայսրների քրիստոնեությունը և գլուխ հանեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը։ Բայց այս հաջողությունը Հայ Արշակունիների փրկության համար չէր, ոչ էլ երկրի տնտեսական առաջացումն էր ապահովում։ Ընդհակառակը։

    Պատմական քննադատության երբեք չպիտի հաջողվի պարզել այս Գրիգորի իսկական ծագումը: Թեև նա ունի իր պատմությունը, որի շուրջը գոյացել է մի ամբողջ գրականություն, բայց այդ պատմությունն այնքան խճողված է առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով, որ ճշմարտության մասին միայն ենթադրություններ կարելի է անել, որոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել։
    Հայ եկեղեցականությանն այսպիսի ողորմելի միջոցով աջողվել է արդեն բոլոր երկրների և ժամանակների կղերին հատուկ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել ու նրանց շատությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությունը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին՝ իբրև հատուցում այն մեծ ջանքերի, որոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն։

    Բայց այսքան անհունապես բարձրացված և փառաբանված գործիչի ծագումը մեզ կարող է և չհետաքրքրել: Կարևորն այն չէ, թե հու՞յն էր նա արդյոք, հայացած պարթև՞, թե՞ մի ուրիշ ազգից ու երկրից: Կարևորը նրա կատարած գործն է։ Եվ այս գործի գնահատության մեջ մենք այնքան էլ անօգնական չենք։
    Հենց այն պատմությունը, որ հերոսացրել ու սրբացրել է նրան՝ թաղելով նրա անձը հրաշքների հիացական օրհներգների մեջ, նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն իր անվերջ շատախոսություններով մեզ շատ նյութ է տալիս իմանալու համար, թե ինչ տեսակ էր Հայաստանը քրիստոնեացնող Գրիգորը։

    Ամենից առաջ տեսնում ենք, որ դա աղքատների, զրկվածների և առհասարակ խոնարհների հերյուրած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չէ, այլ եկեղեցականացրած, այսինքն՝ ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը, որի ձեռքում միայն մի միջոց կա համոզելու և խոնարհեցնելու — զինական բռնություն։
    Հայաստանի դարձի պատմությունը զինվորական արշավների մի պատմություն է։ ​Թագավորը, որին նույնպես շատ փքել-ուռցրել է եկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ ոչնչություն է այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել է նրան, ինքը մի կողմ քաշվել. երևի գոհ է, որ կատարվում է Կոնստանդիանոսի կամքը և ամրապնդվում է Արշակունիների գահը Հայաստանում։ Այդպիսի մի ապիկար բնավորություն առանց այլևայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի եռանդի, ճարպիկության և մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ:

    Եվ երկրի «քրիստոնեացումը» կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ։
    Այդ մի գաղափարական շարժում չէր մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար։
    Այդ մի հրաման էր, ձևական մի արարողություն։
    Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզությամբ, այլ՝ հրով և երկաթով։
    Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստությունների կուտակումներ էր պարունակում իր մեջ։
    Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին — այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորական զորքերի գլուխն անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղ՝ մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար։
    Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտահայտություններով է հիշատակում իր հերոսի աստվածային առաքելությունները։ Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, որ կործանված մեհյանի ոսկին ու արծաթը Գրիգորը չէր ոչնչացնում, այլ վերցնում էր զանազան նպատակներով գործադրելու համար։

    Գաղտնիքը բացված է։
    Սրբազան թալան — ահա գլխավորը, միսիոնարության առանցքը, հաջողության մեծ գրավականը։
    Մեհյանների հարստությունն, իհարկե, միայն մետաղական չէր։
    Ավատական կարգի մեջ ամենամեծ հարստությունը հողն էր, միանման անկշտությամբ թալանվում էին և մեհենապատկան հողերը։ Այս հարստությունների բաշխման միջոցով էր, որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական եկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ույժը, որի վրա նա պիտի կռթներ։

    Քրիստոնեության այս մուտքը Հայաստան պետք է նկատել իբրև մի ամբողջ ավատական շարժում, որի մեջ տակն ու վրայությունների են ենթարկվում հողային հարստությունների ​բաշխման ավանդական կարգերը, ոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ քաշելով, մնացողներին կամ ուժեղացնելով, կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր եկեղեցու կուսակացական շահերը։
    Այսպիսով ավատական դասի մեջ գոյանում էին տեսակ-տեսակ խմբավորումներ իրենց ուրույն-ուրույն շահերով, որոնք հակադիր և հակամարտ դրություններ էին գոյացնում, փոխհարաբերությունների և շփումների սրությունն ավելի ևս սաստկացնում։

    Ավատականությունն արդեն ինքն ըստ ինքյան դյուրավառ նյութերով հարուստ մի միջավայր էր պատրաստել իր առաջխաղացության մեջ դեպի ընդհանուր և վերջնական հաղթանակ, քրիստոնեությունն՝ ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ, բռնկեցնում էր ավատական մի ամբողջ հրդեհ՝ ավատական հեղափոխությունը փութացնելու համար:

    Նոր, ուժեղ և լավապես կազմակերպված ավատական հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ և այդպիսով դառնում էր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց եկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում էր եկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում էր անձնապես իր համար ամենահոյակապ կերպով։ Պետն ինքն էր և մի ուրիշին այդ տեղը նա չէր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի մեջ դրվածը, այդ «հրեշտակ ի մարմնի»-ն, այդ գրեթե աստվածը ցույց էր տալիս, որ հաշվի ու շահի լավագիտակ մարդ է և հարստությունների բաշխման միջոցին անձնապես իրան էր պահում առյուծի բաժինը։
    Իբրև քահանայապետ՝ նա դառնում էր ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար՝ ամենից ուժեղն ու հեղինակավորն ավատական դասի մեջ։ Այս, — եթե հարցնելու լինենք մի կղերականի, — ոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն Քրիստոսի փառքի համար։

    Փավստոս Բյուզանդը՝ մի մոլի կուսակից Գրիգոր Լուսավորչի տոհմի, մի գրեթե անհավատալի թիվ է տալիս նրա կալվածներին, — 15 գավառ («Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1832թ. 114)։
    Իրանց թագն ու պսակը Տարոնի Աշտիշատն էր, «մեհեան մեծագանձ,- ասում է Ագաթանգեղոսը,- լի ոսկով ​և արծաթով և բազում նուերք մեծամեծ թագաւորաց, ձոնեալ անդ»։ (Ագաթանգեղոս, Վենետիկ, 1862, 606):

    Բացի իր այս մեծահարուստ բովանդակությունից, մեհյանը հռչակված էր և իր կալվածների գեղեցիկ դիրքով ու բնական հարստություններով։ Գրիգորը նրան տիրացավ մեծ դժվարություններով, մի ամբողջ պատերազմի միջոցով, որ մանրամասն նկարագրված է Զենոբ Գլակի անունով մնացած ավանդությունների մեջ:
    Մենք այստեղ տեսնում ենք քրմական մի խոշոր ավատական երկիր, որպիսին Տարոնն էր, որ հանում էր Գրիգորի տարած արքունի զորքերի դեմ իր սեփական բանակը՝ բաղկացած վեց հազար հոգուց, և այս ուժը պարտվում է համառ և արյունահեղ դիմադրություն ցույց տալուց հետո։ Այսպիսի թանգ գնով ձեռք բերած սքանչելի կալվածը Գրիգորը սեփականում էր իրան։

    Եկեղեցու պետից հետո գալիս էին նրա իշխանները — եպիսկոպոսները, որոնք նույնպես բավարար կալվածներ էին ստանում Գրիգորից։ Թե որքան էր նա առատաձեռն այս երկրային բաշխումների մեջ և մանավանդ թե ինչպես էր նա վերաբերվում Հայ ժողովրդին պատկանող հողերին, այս մասին մոտավոր հասկացողություն կարելի է կազմել նույն Զենոբ Գլակի անունը կրող ավանդություններից։
    Այդտեղ մենք տեսնում ենք Գրիգորին վերագրվող մի նամակ, որով նա Արևմուտքից եպիսկոպոսներ և քահանաներ էր հրավիրում՝ Հայաստանի մեջ պաշտոնավարելու համար։

    «Մանաւանդ զի,- գրում էր մի եպիսկոպոսի,- գիտէիք եթէ ամենայն գաւառացս եպիսկոպոս պիտոյ են և քահանայս: Զի թեպետ ոմանք, որք ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զի՞նչ են այսոքիկ առ վեց հարիւր և քսան գաւառս Հայոց. որև գաւառին մեն մի քահանայ կամ երկու լուկ թէ հանդիպի: Զի դեռ մանկունք երկրիս ի դպրոց են, և ոչ ոք ի նոցանէ բաւականս քահանայութեան… Ապա աղաչեմք զձեզ, ի մէնջ մի՜ վերջանայք, այլ ամենայն վստահութեամբ փութացարուք գալ զկնի արանցդ, զոր յղեցաք առ ձեզ: Եւ եթէ զայցեք, զամենայն երկիրդ Եկեղեաց և Հարքայ ձեր առաջի ունեմք, յոր վիճակ և բնակեսջիք՝ ձեր եղեցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք. իսկ երկիրն Մամիկոնէից եթե հաճոյ թուեսցի ձեզ. որպէս և դու իսկ ասէիր՝ զԻննակնեան տեղիսն ինձ տուր, և անդ զքո եղբայրն իսկ եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչանց զանուն տեղւոյն փոխեցաք յիւր աւելի անուն… Սակայն եթէ ինքն տացե, ի մէնջ լիով է, զի այլ ևս յաւելում ի դաստակերտս: Ապա եթէ զայն ոչ, սակայն ամենայն երկիրն առաջի ձեր է, զոր և տեսանէք տեղի վայելուչ այն ձեզ»:

    Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, որ ասում է, թե չորս հարյուր եպիսկոպոսներ ​կային Գրիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված։ Բայց այս բոլորը չէ։ Եկեղեցին ուներ և իր մեծ բանակը — վանականություն:

    «Եւ դարձեալ,- գրում է Ագաթանգեղոսը,- բազում և անհամար գունդս գունդս վանականաց ի շէնս և յանշէնս, դաշտականս շինակեացս և լեռնակեացս, անձաւամուտս և արգելականս հասատատէր»:

    Սրանց մասին էր, որ Կեսարիայի եպիսկոպոսը գրում էր Գրիգորին.

    «Եւ ժողովեսցես ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս և աւանս մեծամեծս, որպէս զի պետը վանացն ի նոցանե վճարեցի, և ինքեանք միայն աղօթից և ճգնութեան պարապեսցին»:

    Ահա որքան հողային տակնուվրայություններ էր բերում Հայաստանին չորրորդ դարն իր պաշտոնական քրիստոնեությամբ։
    Չպետք է մոռանալ, որ երկրի մակերևույթն առանց այն էլ կտրտված էր մեծ ու փոքր մասերի և բաժանված էր աշխարհական ավատատերերի կամ նախարարությունների մեջ, իսկ սրանց թիվն, ինչպես ասում են, հասնում էր 900-ի։

    Եթե նույն իսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400-ի, ինչպես առաջարկում են ոմանք, այնուամենայնիվ կունենանք մի երկիր՝ կտրատված չափազանց մանր մասերի, որոնց գյուղացի ճորտ ազգաբնակությունը ստիպված էր կերակրել աշխարհական և հոգևորական ձրիակերների անթիվ ոհմակներ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»  (ՄԱՍ Ա)

    «ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ» (ՄԱՍ Ա)

    «ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
    (ՄԱՍ Ա)

    ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

    «Ինձ ղեկավարող, ինձ դրդող, ինձ հրամայողաբար առաջ մղողը եղել է Հայ ժողովուրդը…
    Լինելով ժողովրդի զավակ, սնված ու մեծացած նրա տառապանքների, նրա անհուն ցավերի մեջ, ես իմ գործունեության յուրաքանչյուր քայլում, ամեն ժամ, ամեն րոպե նրան՝ այդ մեծ ու տարաբախտ մոր ձայնին էի ականջ դնում, նրա վեհ սրտին էի դիմում և այնտեղից ներշնչումներ ստանում»,- գրել է Լեոն 1907 թվականին («Վտակ», Թիֆլիս, 1907, թիվ 11, էջ 163):

    Հայոց հնագույն շրջանի պատմությունն ու մշակույթը Լեոն ներկայացնում է՝ անդրադառնալով ժամանակի քաղաքական իրավիճակի ազդեցությանը, համեմատում, զուգահեռներ է անցկացնում, նշում փոխազդեցությունները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
    Նա վերագնահատում է անցյալի իրադարձությունները՝ համոզված, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր պատմությունը՝ ի հեճուկս արտաքին հանգամանքների և օտարի պարտադրանքի…
    Իր՝ «Խոջայական կապիտալ» ուսումնասիրության մեջ Լեոն քննարկում է աշխարհագրական դիրքով երկու մրցակից տերությունների միջև գտնվող Հայաստանի իրավիճակը 3-4-րդ դարերում և հետագայում:

    Մի քանի տող հիշյալ աշխատությունից՝ ստորև…

    «Պարթևական Իրանը շատ մոտ էր Հայաստանին` հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, որ նա տվել էր Հայերին։ Այդ կազմակերպությունը թագավորություն էր՝ պարթևական կերպարանքով»…

    «…Հիմա տեսնենք մյուս կողմը — Հռոմը: Սա արդեն մի երևույթ է, բոլորովին խորթ Արևելքին, ծնվել ու մեծացել է Եվրոպայում, օժտված է բարձր կուլտուրայով, զինվորական կազմակերպությունը և արշավներ գործելու արհեստը հասցրել է ժամանակի տեսակետից կատարելագործության, ապրում է պատերազմներով, հաղթում է ու հարստանում աշխարհներ կողոպտելով, միլիոնավոր մարդիկ ստրկության վերածելով ու իրեն ծառայեցնելով։

    Մեզանում մինչև օրս հռոմեական իմպերիալիզմը հասկացվել է լոկ նվաճողական փառասիրության տեսակետից։ Հռոմի բանակների երկարատև գրավումները, որոնց ծանրության կենտրոնը կազմում էր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան երկիրը, նկարագրվում էին իբրև՝ եկան, գրավեցին, նստեցին, հետո էլի գնացին, էլի եկան և այսպես շարունակ։
    Կարծես Հռոմի լեգիոնները զինվորական զբոսանքներ էին կատարում, կամ այնքան արդեն կարոտ էին դափնիների, որ այնքան հեռու և դժվարին արշավներ էին հանձն առնում, և եթե այսօր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այն է նշանակում, որ հռոմեական արվեստի բոլոր սրբություններով կառուցված տաճարը և նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ՝ վայելելու երկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

    Ո՛չ, այսպես չէր դարավոր իրողությունը։
    Հռոմեական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, որպեսզի դառնա նրա սպասավորը և աշխարհից — աշխարհ ընկնելով՝ շահեր նվաճե նրա համար։
    Հռոմի բանկիրները, կապալառուները և մատակարարները – ահա ովքեր էին հռոմեական լեգիոնների քայլեցնողները։
    Հարկավոր էին օտար մարզեր՝ սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Եվ բանակի ետևից դեպի օտար երկիրներն էին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, որոնք ունեին տեսակ-տեսակ հանձնառություններ — հարկերի հավաքում, գերիների առևտուր, տեղի հողային հարստությունների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործում և այլն, և այլն, և այս բոլորը պիտի հովանավորեին և պաշտպանեին երկիրները գրաված հռոմեական զորքերը:

    Թե որքան բազմաթիվ էին զինվորական արշավներին հետևող այս վայելողների ոհմակները — կարելի է հետևեցնել այն հանգամանքից, որ Հռոմի ոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին հրաման արձակեց ոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեացիներին, այդ երկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80.000 իտալացիներ։ Այնուհետև այս «հռոմեական ջարդը» մի տեսակ սովորություն էր դառնում Ասիա նահանգում. Կովկասի լեռներից իջնում էին ցեղեր և մասնակի կոտորածներ էին սարքում այս ու այն քաղաքում։
    Այս արյունահեղություններն ապացույց են, ​թե մինչև ո՛ր աստիճան կատաղի էր տեղական ազգաբնակության ատելությունը դեպի եկվոր շահագործողները և մյուս կողմից էլ, թե որքա՛ն այդ շահագործողները կարոտ էին լեգիոնների արթուն և եռանդուն պաշտպանության, որ և դառնում էր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեական կառավարության գլխավոր հոգսերի առարկա։

    Այս կողմից ուսանելի և հետաքրքրական են այն խրատները, որ տալիս էր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած զորավար Պոմպեոսին, երբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում էր փոխարինելու Լուկուլլոսին, որ արիստոկրատ դասակարգին էր պատկանում և որ, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ էր եղել իր զինվորների ձեռքով՝ շնորհիվ այն պրոպագանդի, որ տարածել էին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները։

    Կիկերոնը, հիշեցնելով Պոմպեոսին, թե որքան մեծ կարևորություն ունի Ասիա նահանգն իր բնական հարստություններով, զարգացած երկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով և արտահանության համար օգտակար արդյունագործությամբ, դարձնում էր նրա ուշադրությունն այն անապահովության վրա, որ տիրում էր այնտեղ և առաջ էր բերում այն դրությունը, որ մարդիկ վախից թողնում են իրանց տներն ու դաշտերը, և այսպիսով վնասվում են պետական գանձարանը կամ, ավելի ճիշտ, գանձարանի գործակալ և հարկահավաքության մեջ իրանց համար խոշոր հարստություններ դիզող կապալառուները, որոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում էր «հարգևոր և պատվավոր», և գտնում էր, որ առաջ ու առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի որ նրանք «իրանց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ երկիրը, իսկ սրանց շահերը, ինքն ըստ ինքյան, արժանի են ձեր ուշադրության. իրավ, եթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ միշտ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, որ վարում է այդ հասույթներ, մյուս դասակարգերի գոյության երաշխիք։ Բայց, բացի դրանից, մյուս դասակարգերի անդամներն էլ, նախաձեռնող և գործունյա մարդիկ, մասամբ իրանք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայի մեջ, ուստի, իբրև բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ էլ մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգի մեջ:

    Այսպիսով ​ինքը՝ մարդասիրությունը պահանջում է ձեզանից, որ դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց ի վերա այսր ամենայնի, ձեր խոհականությունը պիտի թելադրե ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չէ կարող անհետ անցնել և՛ մեր պետության կյանքի համար։ Իհարկե, կարելի է առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր եկամուտները, բայց նախ այս բանի մեջ օգուտ քիչ կա, որովհետև նախկին ընկերությունները քայքայվելով, ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաև մենք պետք է լավ հիշենք, թե ինչի սովորեցրեց մեզ հենց այս իսկ Ասիան և ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ որ այդ դասը մեզ չափազանց թանգ նստեց։
    Երբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան և բոլոր կուրսերն ընկան։
    Ուրիշ կերպ չի կարող լինել. անկարելի է, որ մի պետության մեջ շատ քաղաքացիներ կորցնեն իրանց կարողությունը, չքաշելով այդ խորտակման մեջ և ուրիշ անձանց մասսաներ։
    Պաշտպանեցե՛ք, ուրեմն, այդ վտանգից մեր պետությունը և հավատացե՛ք, եթե ոչ ինձ, գոնե ձեր սեփական աչքերին. Հռոմի կուրսերը, Հռոմի դրամական գործողությունները որոնք կատարվում են այստեղ, Ֆորումում, սերտ և օրգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում կատարվող դրամական շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չքաշել առաջիններին էլ միևնույն անդունդի մեջ»:

    Ահա ինչ էր նշանակում լինել հռոմեական նահանգ։
    Նվաճումը զինվորական չէր, այլ գերազանցորեն տնտեսական, և հռոմեական զինվորը հռոմեական կապիտալների պահապանն էր։ Այսպիսով շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապկապված էր պետության կենտրոնի հետ, և հռոմեական աշխարհածավալ պետության հրամանատարը Հռոմի բորսան էր, նրա Ֆորումը:

    Հայաստանը Ասիա նահանգին սահմանակից էր և նրանից պակաս կարևորություն չուներ ոչ միայն ռազմագիտականի, այլ մասնավորապես նաև տնտեսական տեսակետից։ Լինելով հռոմեական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արևելքում, որ ապահովում ​էր տիրապետության հնարավորությունը Եփրատ-Տիգրիսյան հովտի վրա մինչև Պարսից ծոցը, նա միաժամանակ ուներ իր մեջ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, որոնք չէին կարող չգրավել հռոմեական զինվորին կրնկակոխ հետևող հռոմեական կապիտալները։
    Հռոմեական զինվորական գրավումը ամբողջ Հայաստանը չէր բռնում, այլ նրա մի մասը, և եթե այդ մասը Արարատն էր և ոչ թե մի այլ նահանգ, այս էլ հենց նույն այն պատճառով, որ նույն այս նահանգը, և ոչ մի այլ ուրիշը, դարձրել էր Հայ պետության կենտրոն, այն էլ նրա տնտեսական առաջնակարգ կարևորության պատճառով:

    Այստեղ էր, որ նստեց Հռոմի զինվորական գրավումը և այնքան ամուր, որ անհրաժեշտություն համարվեց Գառնիի փոքրիկ, բայց մեծածախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը: Եվ զինվորական գրավման հետ Արարատյան երկրում ամուր նստում էր նաև Հռոմի կապիտալիստական գրավումը, որի տրամադրության տակ էին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները։
    Եթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից գլխավորների թվումն էին գորգագործության խոշոր գործարանները և ոսկեհուռ դիպակների արվեստագործությունը, Հայաստանն էլ հայտնի էր իր գորգերով, իսկ ոսկեթել դիպակագործությամբ արաբական շրջանում հռչակված էր Դվին քաղաքը, որի գործվածքներն ամբողջ Արևելքում կրում էին «Հայկական ապրանք» անունը, (Ծնթ. Դվինի շատ զարգացած բրդի և մետաքսի գործվածքների արդյունաբերությունը սքանչացումով նկարագրում է արաբացի աշխարհագիր Ալ-Իստահիրը (X դար): Տ. իմ «Հայոց պատմություն», հատոր երկ., գիրք Ա. ձեռագիր), մի հռչակ, որ, անշուշտ չէր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք էր դարերի արհեստագիտական զարգացման։
    Մեզ այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ինչ արժեքավորություններ կարող էր օգտագործել Արարատյան երկրում նստած հռոմեական կապիտալը — բավական է հիշել մեկը — որդան կարմիրը։

    Այսպիսով, մենք ունենք մեր առջև մի չափազանց խոշոր կենսական երևույթ — եվրոպական կապիտալը Հայ ժողովրդի մեջ, նրա երկրում։ Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլ և տնտեսական միջավայր կազմակերպել` համապատասխան իր շահագործման, արդյունավորման պահանջների։
    Այս նշանակում էր հռոմեական կարգերի ներածում Հայաստանի մեջ, որ մինչև հռոմեացիներին ճանաչելը գտնվում էր Իրանի տնտեսավարական ​կարգերի խիստ ազդեցության տակ։
    Քաղաքական ազդեցությունների խիստ մրցակցության հետ զուգընթացաբար գնում է և տնտեսական ազդեցությունների մրցակցությունը։
    Գերակշռող հանդիսանում է, իհարկե, եվրոպական մեթոդը, իբրև ավելի բարձրը և ուժեղը։ Բայց նա ուներ և իր տկար կողմը, և այդ այն էր, որ կապված լինելով հռոմեական կապիտալի հետ, կապվում էր և հռոմեական զինվորական գրավման տարածության հետ, անկարող թևակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմայեցի զինվոր չկար։
    Այս նշանակում էր, որ Հայաստանի ամբողջ տարածության վրա միայն Արարատյան երկիրն էր տնտեսական նոր երևույթի կրկես դառնում, ուրեմն և մի տեսակ բացառություն՝ Հայ համատարած իրականության մեջ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ԼԵՈՆ՝ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐԻ ԿԱՂՆԻՆ»

    «ԼԵՈՆ՝ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐԻ ԿԱՂՆԻՆ»

    «ԼԵՈՆ՝ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐԻ ԿԱՂՆԻՆ»

    Շուշիում ծնված վաստակաշատ պատմաբան Լեոյի՝ Առաքել Բաբախանյանի (1860-1932) տասնամյակների տքնաջան աշխատանքի արդյունքում Հայ պատմագրությունը հարստացավ բազմահատոր ուսումնասիրություններով։
    Անխոնջ ու աննկուն, «հոգեպես Արցախի լեռների կաղնու» պես ամուր այս գիտնականի ստվարածավալ աշխատությունները լույս են սփռում մեր պատմության ու մշակույթի բազմաթիվ դրվագների վրա։

    «… Նա՝ լինելով չունևոր ընտանիքի զավակ, նյութական ծանր զրկանքների տակ, ավարտելով Շուշվա քաղաքային դպրոցը, տակավին պատանեկան հասակում նետվեց կյանքի պայքարի մեջ՝ ընտանիքի ապրուստը հոգալու համար։
    Անսպառ եռանդի տեր և չափազանց աշխատունակ՝ նվիրվեց ինքնակրթության և իրենից շինեց-կերտեց գրական այն ուժը, որ երկար տարիներ եղավ տիրապետող դեմքերից մեկը կովկասահայ հասարակության մտավոր կյանքի մեջ։
    Որպես ինքնաշխատությամբ ստեղծված մի մեծություն, շատ հետաքրքրական օրինակ է Լեոն։
    Հազիվ կարելի էր գտնել այդքան չարաչար աշխատող մի մարդ։ Անշուշտ դրան նպաստում էր և իր ուժեղ, առողջ ֆիզիկական կազմը։
    Առանց ժամանակ կորցնելու, անընդհատ պարապում էր, կարդում ու գրում, գրում ու կարդում՝ դպրոցի օրերից մինչև ծերություն, մինչև աչքերի կես կուրության հասնելը։
    Նա գրքից և գրելուց դուրս կյանք չուներ, ուրիշ հաճույք չգիտեր, եզակի ընթերցասեր էր, գրապաշտ, գրամոլ։
    Տարին մի քանի անգամ հազիվ կհանդիպեիր նրան դուրսը, փողոցում, հանդեսներին, հասարակային հավաքույթներին։
    Ինչե՜ր չէր կարդացել և ինչե՜ր չէր կարդում — գեղարվեստական գրքեր, քննադատական, աշխարհագրական, պատմական, գիտական, փիլիսոփայական։ Ռուսական ինքնուրույն և թարգմանական ծով գրականությունը լափում էր և չէր հագենում։ Իսկ հայերեն հին ու նոր գիրք չկար, որ նրան անծանոթ լիներ։ Անհուն էր նրա հարցասիրությունը։
    Տասնևութը տարեկան հասակից ոտք դրեց գրական ասպարեզի մեջ՝ յուրացնելով Շպիլհագենի նշանավոր վեպի հերոսի «Լեո» անունը և ամբողջ 55 տարի գրիչ բռնեց և մեռավ՝ գրիչը ձեռքին։
    Լինելով Գր. Արծրունու խանդավառ աշակերտը, իր կրքոտ խառնվածքի բոլոր թափով արծարծեց և ժողովրդականացրեց իր պաշտած վարպետի լիբերալ տեսությունները և անողոք պայքար մղեց հայկական պահպանողական հոսանքների դեմ։
    Շատ հաճախ աչառու և կուսակցամոլ՝ նրա գրիչը թույն էր հղում և նշտարի սրություն ուներ։
    Բազմաճյուղ են նրա գրական գործունեության ուղիները։
    Իբրև հրապարակախոս, նա ստորագրել է անհամար հոդվածներ, որոնք իր ժամանակին կարդացվել են հևիհև, խանդավառությամբ»։

    … «Հիշում եմ, որ վերջերս Երևանում մի օր, Լեոյի տանը, միասին հաշվեցինք իր գրածները, որոնց թիվը մի երկու հարյուրի հասավ և դարձյալ թերի մնաց։
    Սակայն Լեոյի արդարացի համբավը գլխավորապես կայանում է նրա պատմական գործերի մեջ»…

    …«Մարդ առնվազը 200 տարի կյանք պիտի ունենա, որ կրծե գիտությունը և կարողանա մի գիտական կոթող կառուցանել»,- ասաց մի անգամ ինձ՝ ալեհեր գլուխը բարձրացնելով հուսահատեցնող գրքերի վրայից և հոգնած աչքերով նայելով իմ զարմացած աչքերին:

    Լեոն իր առասպելական եռանդով և աշխատասիրությամբ տարիների ընթացքում սկսեց իր պեղումները, բերեց ու քրքրեց Թիֆլիսի, Բաքվի, Երևանի, էջմիածնի, Շուշվա արխիվները, մատենադարանները։ Անհամար թվով գրքեր, լրագրեր, ամսագրեր…
    Եվ սկսեցին մեկը մյուսի ետևից լույս տեսնել նրա պատմական երկերի հատորները, որոնք՝ զերծ չլինելով թերություններից, մինչև այսօր էլ մեր գրականության մեջ երկրորդը չունին»…

    «Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում:
    Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր:
    Երևանի համալսարանում Հայոց պատմություն էր դասախոսում: Եվ դասերից հետո՝ հավերժական ընթերցում և գրել…
    Դարձյալ նույն մարդն էր. սենյակը՝ գրքերով լեցուն, դարակների վրա՝ փառակազմ գրքեր (ինչքա՜ն էր սիրում շքեղ կազմով գրքեր, ինչպե՜ս էր գուրգուրում գրքերը և դողում նրանց վրա):
    Սեղանի վրա՝ գրքեր, աթոռների վրա՝ գրքեր, լրագրեր, ամեն տեղ՝ գիրք, թերթ, և իր ճերմակ գլուխը կռացած՝ ճակատը մինչև գրքին հասած…
    Տարիները ոչինչ չէին փոխել. նույն գրամոլ Լեոն, հիվանդագին գրամոլ:

    Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ:
    Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ…

    …Մեծ պատերազմում Հայ ժողովրդի կրած սարսափներն ու աղետները դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա»,- գրել է Ավետիք Իսահակյանը 1933 թվականին։ (Ավ. Իսահակյան, «Իմ հուշերից», Երկերի ժողովածու, հ. 5, Երևան, 1977 թ.):

    Լեոն կարևորում էր գիտության, կրթության դերը հասարակության զարգացման, մարդկության առաջընթացի գործում և, հատկապես, Հայ ազգի համար — «մտավոր գործունեությունը համարելով որպես գոյության ամենահզոր պատվար»։

    Լեոյի հարուստ ու բազմաժանր գրական ժառանգությունից որոշ պատառիկներ՝ ստորև (նաև հաջորդիվ)…

    «Աստվածության գաղափարի հիմքը մարդն է։
    Պաշտելով մի աստծու կամ բազմաթիվ աստվածների, մարդը պաշտում է իրեն, իր բնությունը, ինչպես հասկանում է ինքն իրեն։ Այս սկզբունքը շատ պարզ ցուցադրված է ամենահին, նախնական մարդու ըմբռնումների մեջ»։

    «Գավառներ.
    ա) Դարանաղի (այժմ՝ Կամախ)
    … Դարանաղիի Անին հիմնված էր Եփրատի վրա և կարևոր նշանակություն է թե՛ իբրև խիստ ամուր բերդ և թե՛ իբրև հեթանոս Հայերի գլխավոր մեհյաններից մեկի տեղ։ Կրոնական նշանակությունն այնքան մեծ էր, որ այդտեղ էին թաղվում Արշակունի թագավորները։ Այդտեղ էլ պահվում էր արքունի գանձը։
    Քրիստոնեական կրոնը, մուտք գործելով Հայաստան, ամենից առաջ այս կրոնական վայրում պիտի ընդհարվեր հին հեթանոսական (ազգային, Կ. Ա.) կրոնի հետ: Եվ իրավ, Հայ եկեղեցու նախնական ավանդությունները վկայում են, որ Գրիգոր Լուսավորիչը Դարանաղի գավառից և հատկապես Անիից սկսեց իր քարոզչական գործունեությունը»…

    «… Հեթանոսական ամենախոշոր կենտրոնն էր հռչակավոր Աշտիշատ կամ Հաշտիշատ գյուղը Քարքե լեռան ստորոտում, Արածանիի վրա։ Երեք մեծ և շատ հարուստ մեհյաններ կային այդ գյուղում։

    1. Վահեվահյան,, նվիրված Վահագնի պաշտամունքին,
    2. Ոսկեմայր, Ոսկեծին, Ոսկիահատ Անահիտի մեհյանը, ուր գտնվում էր այդ աստվածուհու (Դիցուհու, Կ. Ա.) ոսկեձույլ արձանը, և
    3. Աստղիկ Դիցուհու մեհյանը, որ կոչվում էր նաև «Սենյակ Վահագնի»։

    Քրիստոնեությունն այստեղ մեծ ընդհարում ունեցավ հեթանոսության հետ։ Եվ հաղթելուց հետո նա այս նվիրական վայրը դարձրեց քրիստոնեական սրբավայր։ Կործանված մեհյանների տեղը կառուցված եկեղեցին առաջինն էր Հայաստանում իբրև մայր եկեղեցի։ Հիշատակվում է «Հացյաց դրախտ» փոքրիկ անտառը,, որ գտնվում էր Վահեվահյան մեհյանի գրաված բարձրավանդակի ստորոտում և բաղկացած էր հացի ծառերից։

    Հեթանոսական նշանավոր վայր էր և Իննակնյան կոչված տեղը Քարքե լեռան վրա, ուր գտնվում էին Գիսանե և Դեմետր աստվածների բագինները։ Դրանց տեղ կառուցվեց Ս. Կարապետի վանքը, որ հռչակված քրիստոնեական սրբավայր է մինչև այժմ։ Կոչվում է նաև «Իննակնյան վանք», «Գլակա վանք»։ Նա գրավում է Տարոնի ամենագեղեցիկ վայրերից մեկը»…

    «Արև պաշտողներն իրենց անվանում էին Արևորդի։
    Այս անունը պահվում էր Հայաստանի սահմաններում դեռ 12-րդ դարում։ Հավանական է, որ հնագույն հայկական պաշտամունքի անունն էլ այդ էր»…

    «… Մեր գրականության սկզբի օրերին են հասնում այն հոգևոր երգերը, որոնք հռչակված են մեզանում «շարական» անունով։ Ավանդությունը հականե — հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները։ Նրանց սկսածը շարունակեցին նրանց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք։
    Այդ երգերն ունեին խիստ որոշված ձև ու չափ, ներկայացնում էին բոլորովին առանձին, ինքնուրույն մի տիպ։ Եվ այս հատկություններին ամենայն հարազատությամբ հնազանդ մնալով, հետագա դարերի հոգևոր երգիչներն էլ ավելացրին շարականների թիվը և այսպիսով երկար ժամանակների սերունդներն ամբողջացրին մի խոշոր բանաստեղծական գանձարան, մեր «Շարականը»։

    Դիմելով այդ գանձարանի նշանակության և արժեքին, պետք է ամենից առաջ նկատել, որ շարականները քրիստոնեական կրոնի բացառիկ սեփականությունը չէին, այլ ծնունդ առան Հայերի մեջ վաղուց գոյություն ունեցած պատրաստ հողի վրա, որ հայկական հեթանոսությունն էր (մասնավորապես՝ Արևապաշտությունը, Կ.Ա.):
    Այս փաստի հեռավոր արձագանքն է այն հանգամանքը, որ մեր եկեղեցական երգեցողությունն իր եղանակներով մոտիկ ազգակցություն ունի պարսկական երգեցողության հետ։ Հայտնի է, որ կրոնական գաղափարական կապակցություն Հայերն ունեին Իրանի հետ իրենց հեթանոսական ժամանակ, երբ շատ մեծ դեր կատարողը պարսկական զրադաշտականությունն էր, իսկ սա, ինչպես ցույց է տալիս Զենդ-Ավեստան, հարուստ հոգևոր երգեցողություններ ուներ, նվիրված աստվածներին, բարի ոգիներին, ծիսակատարություններին։
    Պարսկական եղանակների սերտ կապակցությունը հայկական եղանակների հետ կարող էր առաջանալ միմիայն սրբազան արարողությունների պաշտամունքների միանմանությունից։
    Եվ այսպիսով Հայերի մեջ, քրիստոնեության մուտքի ժամանակ, արդեն կար ընդարձակ կրոնական բանաստեղծություն և երգեցողություն, որ հավատարիմ մնալով պարսկական օրինակին, ազգայնացած էր։ Ահա այդ տարրերն էլ մտնում էին քրիստոնեական եկեղեցու բանաստեղծության մեջ։ Երգեցողության եղանակները հունականից կամ սիրիականից չէին փոխ առնում Հայ եկեղեցու գործիչները, այլ վերցնում էին երկրի մեջ գոյություն ունեցող ազգայնացած երգերից, իսկ այս ապացույց է, որ քրիստոնեաբար երգող Հայի մեջ խոսում էին հին ազգային հեթանոսական բանաստեղծության շերտերը, երանգները, տոգորումները։
    Այսօր էլ մեր եկեղեցիներում հնչում են այս հին եղանակները, և մեր «առաջին ձայնը» պարսկական «հեջազն» է, իսկ վերջին ձայնը’ պարսկական «սաբահին» կամ «սիհարին», «ավագ կողմը»’ «սեգյանը» և այլն։ Նույնիսկ պահվել է պարսկական «գանզ» բառը մեր եկեղեցական երգերի մի տեսակի անվան մեջ — գանձ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ԼՈՅՍ, ԱՐԱՐԻՉ ԼՈՒՍՈՅ, ԱՌԱՋԻՆ ԼՈՅՍ»…

    «ԼՈՅՍ, ԱՐԱՐԻՉ ԼՈՒՍՈՅ, ԱՌԱՋԻՆ ԼՈՅՍ»…

    «ԼՈՅՍ, ԱՐԱՐԻՉ ԼՈՒՍՈՅ, ԱՌԱՋԻՆ ԼՈՅՍ»…

    Հնագույն ժամանակներից դարերի ընթացքում բյուրեղացած Հայկեան ուսմունքը՝ Արևապաշտությունը, Հայոց աշխարհընկալման արգասիքն է։
    Հայոց Նախնյաց բանահյուսությունից՝ նախնական առասպելական պատումներից, Քրմերի մշակած դիցանվեր ձոներից մինչև մերօրյա Հայկազունիների մշակույթը, ստեղծագործական տարբեր բնագավառներում, ժողովրդի կողմից սիրված տոներում ու ծեսերում Արևի պաշտամունքի հետքերն են առկա՝ Լույսի գովերգման ու Կյանքի փառաբանման հիասքանչ պատկերներով, Արևագալին՝ Արևածագին նվիրված երգերով…

    Հայ գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանը (1907-1981), որի գիտական ուսումնասիրությունների թեմաները միջնադարյան Հայ գրականությունից էին, «Ներսես Շնորհալու «Արևագալ»-ի շարականները, «Առաւօտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն» երգերը» («Էջմիածին» ամսագիր, 5 (մայիս) 1958թ.) հոդվածում վերլուծում է Շնորհալուն վերագրվող քրիստոնեական շարականները և ի ցույց դնում վերջիններիս ազգային բնույթը՝ ընդգծելով, որ դրանք Հայոց հնագույն մշակույթից են վերցված, Արևապաշտության ձոներից են Արևագալի երգերը, որոնցում Արևածագի՝ լուսաբացի փառաբանումն է:
    Հիշյալ հոդվածը՝ որոշ կրճատումներով, ստորև:

    «Շնորհալու Արևագալի շարականներն արժանի են առանձնահատուկ ուշադրության այն տեսակետից, որ սրանք իրենց էությամբ ու արտահայտչական ձևերով տարբերվում են մեր սովորական շարականներից և որոշ չափով հանդիսանում են հեռավոր արձագանքն ու արտահայտությունը հայ հեթանոսական շրջանի կրոնական աշխարհայացքի և մտածողության։
    Մեր շարակնոցը բանաստեղծական մի անգնահատելի գանձարան է, անթիվ երգերի ժողովածու: Կրոնական երանգի հետ միաժամանակ այդ երգերն ունեն ազգային գույն, որոշված չափ ու ձև և մեր միջնադարյան հոգևոր բանաստեղծության մեջ կազմում են պատկառելի ինքնուրույն տեսակ:
    Պետք է ասել, որ այդ շարականները բոլորը չէ, որ իրենց էությամբ քրիստոնեական կրոնի բացառիկ սեփականությունն են եղել: Դրանք մեծ մասամբ ծնվել, աճել ու զարգացել են հայկական իրականության մեջ, Հայ մարդու հոգու և սրտի մեջ տակավին հեթանոսական շրջանից գոյություն ունեցած ազգային պատրաստի հողի վրա:
    Ոչ միայն շարականները, այլև մեր եկեղեցական որոշ եղանակներ նույնպես արևելյան են ու ազգային: Սկզբնական շրջանում նրանք կրելով հարևան ազգերի՝ առանձնապես պարսից հին կրոնի գաղափարախոսության ազդեցությունը, հետագայում, զարգանալով ու ձևավորելով դարձել են ինքնուրույն ազգային երաժշտություն:
    Հեթանոսական շրջանում հայերը կրոնա-գաղափարական սերտ կապի մեջ են եղել Իրանի հետ: Ծանոթ է հին աշխարհում պարսկական զրադաշտականությունը: Վերջինս, ըստ Զենդ Ավեստայի, ունեցել է հարուստ հոգևոր երաժշտություն՝ նվիրված աստվածներին, բարի ոգիներին, կրակին, լույսին:
    Որքան մոտիկ ու նման են եղել հեթանոս Հայի և զրադաշտական պարսիկի սրբազան արարողությունները, ծիսակատարությունները, այնքան էլ կարող են մոտիկ և նման լինել պարսկական և հայկական հոգևոր երգերի ոգին, եղանակը:

    Քրիստոնեությունը Հայաստանում մուտք գործած ժամանակ Հայերն ունեցել են իրենց հարուստ կրոնական բանաստեղծությունն ու երաժշտությունը, որն սկզբնական շրջանում արդեն ինքնատիպ և ազգայնացված է եղել:
    Ահա այդ հեթանոսական տարրերն էլ մտել են մեր հատկապես վաղ շրջանի հոգևոր երգի և ապա հետագայում՝ շարականների մեջ:
    Քրիստոնեության սկզբի դարերում անգամ զրադաշտականությունն ու հատկապես Միթրայի կրոնը ուժեղ ազդեցություն ունեին ոչ միայն Արևելքում, այլև արևմուտքում:
    «Քրիստոնեական առաջին չորս դարերում, — ասում է պրոֆեսոր Մ. Աբեղյանը,- պարսից Արեգակի և լուսո աստված Միթրայի (Միհրի) կրոնը, որը՝ շնորհիվ իր գրավիչ միստերիաների (ծածկախորհուրդ ծեսերի, Կ. Ա.) տարածված էր նաև Հռոմեական լայնածավալ կայսրության մեջ, ազդում է քրիստոնեական դավանանքի կազմակերպության վրա» (Մ. Աբեղյան, «Հայոց հին գրականության պատմություն», Ա գիրք, էջ 501):

    Բնական է, որ այս կրոնը ուժեղ չափով ազդել է նաև մեր հոգևոր բանաստեղծության վրա, որի հետևանքով էլ ստեղծվել է լույսի ու արևի պաշտամունք ու փառաբանում, մերթ՝ այլաբանորեն և մերթ էլ ուղղակի ձևով: Հայոց հոգևոր երգը, որպես մեր ազգային մատենագրության մի ճյուղ, արևելյան է, ազգային, գունագեղ ու արևոտ: Իսկ այդ հոգևոր երգերի մեջ Շնորհալուն վերագրվող Արևագալի շարականներն իսկական և իմանալի լույսի փառաբանումն են:
    Այս երգերի մեջ այլաբանությունները, համեմատությունները ճոխ ու բազմերանգ են:
    Վստահ կարելի է ասել, որ Հայոց հոգևոր բանաստեղծության մեջ եղած «լուսապաշտություն»-ը Շնորհալին զարգացրեց ու հասցրեց այնպիսի մի բարձր աստիճանի, որն այդ շրջանում մի անզուգական երևույթ էր Արևելքի գրականության մեջ: Ինքը՝ զրադաշտականությունը լույսի պաշտամունքի, մեծարման և փառաբանման մի կրոն է:
    Սակայն եթե մեր հատկապես լուսապաշտության ու Արևագալի շարականները դնենք Զենդ Ավեստայի լուսերգերի մոտ, կտեսնենք, որ մեր այդ երգերն էլ ամբողջապես շնչում են լույսով ու արևով ու այդ լույսի աստվածացումն ու ներբողումն են:
    Ահա այս լույսի ու արևի գեղեցիկ մոտիվներն էին, որ հեթանոս Հայաստանից որպես ժառանգություն անցնում էին քրիստոնեական նոր աշխարհայացքին:
    Լույսի պաշտամունքն ու փառաբանումը ոչ միայն ուժեղ է եղել քրիստոնեության սկզբնական շրջանում, այլև անգամ Շնորհալու ժամանակ ու նույնիսկ Շնորհալուց հետո, մինչև Կիրակոս վարդապետ Երզնկացին, որն այնքան գեղեցիկ ու գունագեղ երգել է լույսը, արևը իր հայտնի «Արևելք գերարփին» պոեմում:
    Տեղին է այստեղ նշել, որ մեր միայն Արևագալի շարականներում չէ, որ ուժեղ կերպով երևում է լույսի ու արևի փառաբանումը:

    Մեր «Մեծասցուցէ»-ների մեծ մասը՝ Տիրամոր նվիրված շարականներից շատերում գունագեղ, հյութալի պատկերներով ու այլաբանությամբ տրվում է Աստվածածնի պատկերը ամբողջությամբ լույսի ու լուսե պատկերների մեջ, ինչպես «Մայր լուսոյ», «լույս ի լուսոյ», «արևելք գերարփին», «առաւօտ խաղաղութեան», «արուսեակ զուարթարար», «սիւն լուսոյ», «տաճար լուսոյ», «նոր խորան արեգական», «նոր տաճար անճառ լուսոյն», «մարգարիտ լուսափայլ» և այլն:
    Գալով Շնորհալու Արևագալի երգերին՝ պետք է ասել, որ այստեղ բանաստեղծը վարպետորեն կարողացել է լույսի գովերգումը ներդաշնակել դավանաբանական կամ աստվածաբանական հարցերի հետ, որոնք դարձել են լուսե օրհներգություններ: Բարձր զգացումներով բանաստեղծն երգում է լուսո արարչին կամ անեղանելի իմանալի լույսին: Ահա Շնորհալու Արևագալի շարականներից նմուշներ.
    «Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս,
    Բնակեալդ ի լոյս անմատոյց…»:

    «Լոյս ի լուսոյ ծագումն՝ Արեգակն արդար»:

    Այնուհետև Արևագալի շարականների մեջ բարձրանում են դավանաբանական մոտիվներ՝ զուգակցված լույսի, Հոր, Որդու և Ս. Հոգու հետ.
    Լոյս, երրեակ և մի անբաժանելի Սուրբ Երրորդություն»:
    Եվ այս «լույս» բառերով սկսվող գեղեցիկ քնարական բանաստեղծության ամեն մի տան վերջում երգվում է հետևյալ կրկնակը՝
    «Ի ծագել լուսոյ առաւօտուս,
    Ծագեա՜ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի»…

    …«Լույսն ու լուսոյ արարչին փառաբանելու, նոր օրհներգեր հորինելու համար բանաստեղծը կոչ է անում արևելքից մինչև արևմուտք, հարավից մինչև հյուսիս, որ բոլոր ազգերն ու ցեղերը գան օրհնեն լուսո Հորը, որ լույս է տվել աշխարհին.
    «Ամենայն ազգ և ազինք,
    Օրհնութիւն նոր օրհնեցէք
    ԶԱրարիչն արարածոց,
    Որ ծագեաց զլոյս արեգականն
    Այսօր յաշխարհս»…

    …«Միայն Արևագալի երգերի մեջ չէ, որ Շնորհալին մեծարում է ու գովերգում լույսը: Այդ երևում է նրա գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ, ուր Շնորհալին հետևողականորեն երգում է լույսը՝ նրա հետ կապելով իր մտքերն ու զգացումները:
    Լույսն Աստվածաշնչի մեջ խորհրդանշում է Աստծուն: Ավետարաններում Քրիստոսը հայտնվեց որպես «Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց»: Հիսուս իրեն անվանել է «աշխարհի Լոյս»-ը: Իհարկե, այս գաղափարների լույսի տակ, սխալ կլիներ Շնորհալու մոտ լույսի պաշտամունքը վերագրել միայն հեթանոսական ազդեցություններին: Շնորհալին լույսի պատկերի տակ երգում է Աստծուն, Քրիստոսին, Տիրամորը: Նրա ողջ բանաստեղծությունը հագեցած է քրիստոնեական լույսի փոխաբերական իմաստով:
    Մեր ասածը հիմնավորելու համար բերենք մի քանի բնորոշ տողեր Շնորհալու ծանոթ շարականներից և երգերից.

    Վարդավառի երկրորդ օրվա օրհնությունից.
    «Ճառագայթ փառաց Հոր, Որդիդ Միածին,
    Որ զլոյսդ անվայրափակ մարմնով պարագեալ»:

    Վարդավառի երրորդ օրվա շարականից.
    «Արեգակն արդարութեան Քրիստոս
    Ծագեալ յաշխարհ, հալածեաց զխաւարն անգիտութեան»:

    «Այսօր Անճառ»-ից.
    «Այսօր անճառ լուսոյն ծագումն,
    Ի փրկութեան մեր կատարումն…

    Լոյսն խօսէր աղերսալի,
    Խաւարելոյն վասն դարձի:

    Ջահդ լուսոյ յառաւօտին,
    Ի յուրբաթուն հնոյ Զատկին»:

    «Նորաստեղծեալ»-ից.
    «Լոյսդ, որ անեղ, արարչական
    Ասաց լինել լոյս եղական»:

    «Արարչական»-ից.
    «Ի Հօրէ լոյս ծագեցար
    Մեռեալ բնութեանս կենդանարար…
    Լոյսն այն պայծառ յօր չորրորդին,
    Յարեգական նիւթ հաւաքեալ,
    Լուսինն ի տիպ լուսոյ ստեղծեալ
    Եւ աստեղաց պարս յօրինեալ…»:

    «Նայեաց սիրով»-ից.
    «Ի քեզ նայիմք, լոյսդ անմատոյց.
    Ի զգայական ծածկեալ լուսոյ…

    Էիդ լուսոյ անստուերի,
    Պաղատանօք կամք առաջի…»:

    «Աղուհացից երրորդ կիրակի»-ի շարականից.
    «Գովեմք զքեզ, բան և լոյս,
    Որ զտիրական քո պատկեր
    Լուսով ճրագի քո գտեալ վերականգնեցեր:

    Լոյս ի լուսոյ ծնունդ և ծագումն…
    Որ զլոյս աստուածային քո բանի
    Ծագեցեր յաշխարհամած խաւարն անգիտութեան…»:

    Այսպիսի տաղեր դեռ էլի կարելի էր շարունակել:
    Շնորհալին մեր հոգևոր երգի մեջ ստեղծել է Լոյս Աստծու փառաբանման սքանչելի պատկերներ, որոնք կարմիր թելի պես անցնում են նրա գլխավոր բոլոր գործերի մեջ:
    Լույսի այս պաշտամունքն ու փառաբանումը Շնորհալու շարականների միջոցով ազդել է նաև Շնորհալուց հետո եկող շատ շարականների վրա:

    Շնորհալու երգերի մեջ ժողովրդի կողմից ավելի սիրված և ավելի մասսայականացած են «Առաւօտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն» հռչակավոր երգերը իրենց պարզության, մատչելիության և գեղեցկության պատճառով:
    Այս երկու պարզ երգերն էլ շարականների կանոնի մեջ չեն մտնում, այլ ըստ ժամագրքի համարվում են գիշերային երգ»…

    …«Առաւօտ լուսոյ»-ն ունի վերին աստիճանի պարզ, սահուն, գրեթե ժողովրդական պարզության հասած մի լեզու: Պարզ է եղել այս երգը նաև իր բովանդակությամբ հասարակ հավատացյալի հոգու և սրտի համար: Ձևի ու բովանդակության պարզությամբ և այս երկուսի գեղեցկությամբ պիտի բացատրել նաև այս երգի ժողովրդական ու սիրելի դառնալու գաղտնիքը:
    Ոչ մի շարական, ոչ մի տաղ, ոչ մի գանձ այնպես տարածված չի եղել, մտել ժողովրդի լայն խավերի մեջ և երգվել թե՛ տխրության և թե՛ ուրախության ժամին, եկեղեցում թե դրսում, նաև շատ անգամ փողային գործիքների նվագակցությամբ, ինչպես «Առաւօտ լուսոյ»-ն է եղել»…

  • «ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» (ՐԱՖՖԻ)

    «ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» (ՐԱՖՖԻ)

    «ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» (ՐԱՖՖԻ)

    Զգաստամիտ, սթափ ու քննական հայացքով գրված մի հոդված, որը խիստ արդիական է հնչում մեր ժամանակներում, թեև գրված է 1878 թվականին՝ Րաֆֆու գրչով…

    ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

    «Ծանի՛ր զքեզ»

    Ինքնախաբեությո՛ւն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: — Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից:

    Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի և նա ամեն բան լավ կողմից է տեսնում, նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. — իրան ամեն բանով լիացած է համարում:

    Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…

    Ինքնախաբեության հակառակն է ինքնաճանաչությունը, նրա հայրը նախանձն է, իսկ մայրը` դժգոհությունը: Նա ոչինչ բանով բավական չէ: Նա շատ բան ունի, բայց միշտ մտածում է, թե սակավ ունի: Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ: Նա ըմբռնել է ընդհանուր մարդկային կատարելությունները, նա ծանոթ է բարձր և վսեմ գաղափարների հետ, և իրան համեմատելով կատարելագործված ընդհանրության հետ, գտնում է շատ փոքր և փոքր…: Դրա համար միշտ դժգոհ է: Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»: Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը:

    Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում: Այստեղից է առաջ գալիս տոկուն աշխատությունը, դա է ոգևորում մարդուն դեպի անդադար առաջադիմություն, դա է ծնում հանճարները, արհեստը, գիտությունը և աշխարհի բարօրությունը:

    Դժգոհությունը իր վիճակից` մի ազնիվ գրգիռ է, որ տանում է դեպի նրա բարվոքումը:

    Որպիսի բնավորություններ հայտնվում են անհատների մեջ, նույնպիսիք և հայտնվում են ամբողջ ժողովուրդների և ազգերի մեջ: Որովհետև բոլորը կազմված է մասներից, ինչ որ մասներն են, այն և բոլորն է:

    Կան ազգեր, որ շատ գոհ են իրանց վիճակից, կարծում են, թե ամեն բան ունեն և իրանց թերությունները չեն տեսնում: Կան նաև ազգեր, որքան առաջ են գնում, որքան արդյունաբերում են, որքան կատարելագործվում են, — այնքան դժգոհ են:

    Խոսենք մեզ վրա:

    Մենք գտնվում ենք կատարյալ ինքնախաբեական վիճակի մեջ:

    Ընտանիքը, ազգայնության հիմքը, սկսել է մեզանում փտել, այլանդակվել, — մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը, և նոր, այսպես կոչված եվրոպական կրթութենից` սեփականել է միայն վատ կողմերը: — Ո՛չ, ասում են, այդպես չէ, մի բան, որով կարող է պարծենալ հայը, դա է նրա ընտանեկան սրբությունը, որի մեջ տիրում է խնայողություն, անդամների առաքինական ներդաշնակություն և այլն:

    Մեր լեզուն, ասում ենք, սկսել է կորչել ազգի բերանից. Տաճկաստանի հայը տաճկերեն է խոսում, Ռուսաստանի հայը ռուսերեն է խոսում, Պարսկաստանի հայը պարսկերեն, Հնդկաստանի հայը անգլերեն. և ամենավտանգավորն այն է, որ այդ ախտը սկսում է ընտանիքից: — Ո՛չ, պատասխանում են, այդպես չէ, մեր լեզվով Ադամն ու Նոյն էին խոսում, ի՞նչ հայ կա, որ իր լեզուն չգիտենա:

    Մեր գրականությունը աղքատ է, ասում ենք, ժողովուրդը զուրկ է մնում մտավոր սնունդից. պահանջում ենք մեր հասարակութենից ընթերցանություն, բայց նրան գիրք չենք տալիս: — Իսկույն ցույց են տալիս Եղիշեն և Խորենացին: Էլ ի՞նչ: — Մի քանի էլ կրոնական գրքեր:

    Մեր դպրոցները, ասում ենք, ամենաթշվառ դրության մեջ են, նոր իմաստակների ձեռքում խաղալիք են դարձել: Նրանք կորցրել են հին ձևը, որն թեև փտած էր, բայց ինքնուրույն էր և դարևոր փորձերի վրա էր հիմնված: — Ո՛չ, այդպես չէ, պատասխանում են, և իսկույն ցույց են տալիս քեզ եվրոպական մանկավարժությունը: Թեև այդ եվրոպական մանկավարժություն ասած բանը այնքան են հասկանում մեր վարժապետները, որքան հասկանում են մեր աղջիկները եվրոպական մոդայով ձևած մի հագուստ, որ պատրաստ գնել էին ֆրանսուհի դերձակից:

    Մեր եկեղեցին այլանդակվել է, ասում ենք, փոխել է իր նախնական պարզ կերպարանքը, դարձել է ծիսապաշտության, շնորհավաճառության և անհավատության մի գործարան: — Դու անկրոն ես, անհավատ ես, պատասխանում են, եկեղեցու սրբության դեմ չէ կարելի խոսել, մեր եկեղեցու նման ազատ եկեղեցի չկա:

    Մեր եկեղեցական կառավարությունը, ասում ենք, դարձել է բաշիբոզուկների վարչություն. կամայականությունը տիրում է կարգի և կանոնների վրա. անարժանները առաջ են գնում, արժանավորները ճնշվում են: — Իսկույն ստանում ես միևնույն հիմար պատասխանը, թե դու կրոնի դեմ ես խոսում, և հետն էլ ավելացնում են մի քանի հայհոյանքներ:

    Մեր եկեղեցականները, ասում ենք, դարձել են անպիտան մշակներ. նրանց գիտությունը, նրանց վարքը չէ համապատասխանում իրանց հանձն առած պաշտոնին: Նրանք ավելի գայթակղեցնում են մեր ժողովուրդը, քան թե նրան մի բարոյական և հոգևոր ուղղություն են տալիս: — Իսկույն քեզ ցույց կտան Ներսես Մեծին, Սահակ Պարթևին և Մեսրոպին: Իսկ այժմյաննե՞րը: — Այժմյանները քավում են իրանց մեղքերը հների աշխատությամբ…:

    Մեր լրագրությունը, ամսագրերը և եռամսյա հանդեսները, ասում ենք, փոխանակ արթնացնելու ժողովուրդը իր նախապաշարմունքներից, փոխանակ նոր և թարմ մտածությունների հետ ծանոթացնելու, փոխանակ նրան դեպի ուղիղ ճանապարհը առաջնորդելու — ավելի մոլորեցնում են, ավելի թմրեցնում են նրան իր անշարժության մեջ: — Այսպես պետք է կրթել ժողովուրդը, պատասխանում են քեզ:

    Վերջապես ամեն բան մեզանում լավ է գնում… Խոսում ես տնտեսական անկարգության վրա, վաճառականության անկանոնության վրա, երկրագործության հետամնացության վրա, արհեստի նահապետական դրության վրա, գյուղացու` մշակ դասի ողորմելի վիճակի վրա, մի խոսքով, ամեն բանի վրա, ինչ որ պետք է մարդուն,- միևնույն պատասխանն ես ստանում, ամեն ինչ լավ է մեզանում…:

    Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեութենից. այս բոլորը առաջ է գալիս այն միակողմանի հայացքից, որ մենք ամեն բան լավ կողմիցն ենք տեսնում:

    Ինքնախաբեությունը մեզանում ծնեց մի տեսակ «ազգասերներ», որոնց վրա մինչև այսօր ո՛չ մեր վիպասանները, ո՛չ մեր թատրոնական բեմը և ո՛չ էլ մեր լրագրությունը ուշադրություն չեն դարձրել: Դրանց նշանաբանը բովանդակվում է այս սկզբունքի մեջ. «Ինչ որ հայկական է, այն լավ է»:

    Այս տեսակ «ազգասերները» մի կատարելագործված տիպ են ներկայացնում մեր հասարակության մեջ, որոնք, կարծես, պատկանում են մի առանձին շկոլայի (դպրոցի, Կ. Ա.), որի հիմնադիրը հայտնի չէ:

    Դրանք, արդարև, սիրում են ազգը, որպես մի երիտասարդ սիրահարված է լինում մի օրիորդի վրա, որը նրան ամենևին չէ ճանաչում, որը նրա բերանից մի խոսք անգամ չէ լսել, որը նրա կողմից ոչ մի շնորհ չէ տեսել, բայց նա սիրում է… Օրիորդի հիմարություններն անգամ սիրելի են նրան…:

    Նրանք սիրում են… վրդովվում են… ոգևորվում են… և ամեն կիրք իրանց սրտի մեջն է մնում: Նրանք ազգը գտնում են իրանց սենյակի չորս պատերի մեջ. դրսում նրա հետ հարաբերություն չունեն: Որպես մեր երևակայական սիրահարը իր սիրուհին իր գլխի մեջն ունի:

    Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ «գործը»: Բայց նրանք մեծ բարիք գործած են համարում ազգին, երբ խոսում են նրա վրա, և խոսում են միշտ իրանց նմանների հետ. նրանց ձայնը օտարը չէ լսում: Նրանք չունեն մինչև անգամ այն բանը, որ կոչվում է ցանկություն. որովհետև մի բան ցանկանալու համար պետք է մի բան պահանջել. բայց նրանք պահանջմունք ևս չունեն: Նրանք բավական են այն բոլորով, ինչ որ կա արդեն, ինչ որ թողել են մեր պապերը: Իսկ մի նոր բան անելու համար դեռ սպասում են…

    Նրանց խոսքը — գովասանությունն է: Գովել, ոգևորվել. ուրախանալ ազգի չունեցած կատարելություններով, — այդ է նրանց սիրո երևակայական առարկան: Եվ միշտ վրդովվում են, դավաճան, ուրացող են համարում այն մարդուն, որ համարձակվում է ազգի այս և այն թերությունները նկատել, կամ նրա նախապաշարմունքի դեմ խոսել: «Դու մեր ունեցածը քանդում ես», — ասում են:

    Այս տեսակ «ազգասերներ» կան, գոյություն ունեն, բայց աչքի չեն երևում: Նրանք ըստ մեծի մասին առանձնական կյանք են վարում: Նրանք քուրմերի բնավորություն ունեն, սիրում են վարագույրի ետևում թաքնված մնալ և երբեմն պատգամներ խոսել: Նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց միևնույն ժամանակ բազմիմաստ են, որպես մարգարեի խոսք, որ միշտ մեկնության կարոտ է…

    Նրանք չեն սիրում ազգային գործերի մեջ մտնել, որովհետև միշտ երևակայում են, որ իրանք մի «մեծ» բան պիտի անեն, որի ժամանակը չէ հասել… և միշտ իրանց աչքի առջև արգելքներ են տեսնում: Այլև արհամարհում են այժմյան գործիչների գործը, համարելով երեխայական խաղ: Լուռ ժպիտը նրանց երեսից պակաս չէ: Երբ լսում են որևիցե դատողություն մի նորելուկից, և նայում են նրա վրա, որպես մի զարգացած մարդ նայում է փոքրիկ մանուկի ծուռ ու սխալ թոթովանքին: Իրանք միշտ լուռ են, շատ բան գիտեն, բայց չեն խոսում…

    Նրանք միշտ ոգևորվում են անցյալով. Վարդանը, Ավարայրի դաշտը, Անին նրանց խոսակցության նյութն է: Թուրքիայում և Կ. Պոլսի ազգային սահմանադրության մեջ տեսնում են մեծ ապագա, և հայոց փրկությունը գտնում են հայոց եկեղեցու մեջ:

    Այս «ազգասերները» իրանց տեսակի կատարելագործված տիպն են, որոնք հանճարներ են համարվում: Նրանք բարի մարդիկ են, բայց վտանգավոր են: Կույր սերը միշտ վնասակար է լինում. որովհետև միշտ լավն է տեսնում, վատը չէ նկատում:

    Բայց կա և երկրորդական տեսակը, որն առաջինի կեղծ պատճենն է: Դրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են շահեկան նպատակներ: Այսպիսիները խառնվում են գործի մեջ: Նրանք լինում են` դպրոցների հոգաբարձուներ, եկեղեցիների գանձապետներ, հարուստ որբերի խնամակալներ, բարեգործական նպատակով նվիրված գումարների կտակակատարներ, առաջնորդ-սրբազանների խնկարկուներ, աղքատ դերասանների պաշտպաններ, միևնույն դպրոցի մեջ մշտական և ժառանգական վարժապետներ, և երբեմն լրագիրների և ամսագիրների խմբագիրներ: Այս տեսակ ազգասերների թվումն են և այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել են և հազարումեկ կերպ ավազակությամբ հարստություն են դիզել.- և վերջ ի վերջո ցանկանում են լավ մարդ ձևանալ, և իրանց կեղտոտ անցյալը ծածկել ազգասիրական քողով:

    Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, որպես վամպիրը թմրեցնելով է ծծում իր զոհի արյունը: Նա կխոսի քեզ հետ միշտ հայերեն լեզվով, կաշխատե հեռու մնալ օտարազգի բառերից, և միշտ (բայց խոսքերով միայն) բարի ցանկություններ կհայտնե իր «սիրելի» և «պատվական» ազգի մասին: «Ա՛խ» ու « ո՛հը» նրա բերանից պակաս չեն, երբ լսում է ազգի թշվառությունը, և շատ անգամ արտասուք է երևում նրա աչքերում, երբ կարդում է «Վերք Հայաստանին»: Նրա բարկությանը չափ չկա, երբ ազգի մասին թշնամանք և հայհոյանք է լսում, և ատում է այն բոլորին, որոնք հայ չեն: — Այս բոլորը անում է նա, բայց եթե գիտենա, թե Հայկի ոսկորներին մի քանի կոպեկ փող կտան, իսկույն գերեզմանից կհանե ու կծախե…

    Ընթերցո՛ղ, դու բավական ծանոթացար մեր նկարած երկու տիպերի հետ — փտած և կեղծ ազգասերների հետ: Կամենում ե՞ս այժմ քեզ անձնապես ծանոթացնեմ նրանց մեկի հետ, և դու քեզ բոլորին ճանաչած համարիր, որովհետև ամենքը շատ քիչ տարբերությամբ միմյանց նման են:

    Դա վերջին տեսակիցն է:

    Ահա՛ մտնում ենք նրա մենարանը, այստեղ է գործում ազգի երևելի մտածողը: Մեծ գրասեղանի հանդեպ, նույնպես մեծ բազկաթոռի վրա նստած է նա: Նա մի հաստլիկ մարդ է, խոսում է նույնպես հաստլիկ ձայնով. թշերը նույնպես հաստլիկ են և թունդ-կարմիր գույն ունեն: Երևում է, ազգասերի փորը միշտ կուշտ է եղել. նա շատ առողջ է, թեև գլխի մազերը սպիտակել են:

    Գրասեղանի դեմ ու դեմ (ազգասերի աչքի առջև) սև շրջանակի մեջ, կախված է մի խորհրդավոր պատկեր, որ ներկայացնում է մի հերարձակ կույս, որ նստած է փլատակների վրա: Նրա շուրջը թափված են խորտակված գավազաններ, փոշեթաղ թագեր, փշրված դրոշներ և զանազան զենքեր: Իսկ ինքը՝ կույսը, ծնոտին նեցուկ տված, գեղեցիկ գլուխը մի կողմ թեքած, տխուր կերպով նայում է Հայաստանի ավերակներին… Այս պատկերից փոքր-ինչ հեռու, ազգասերի աջ ու ձախ կողմերում, պատից քաշ են ընկած երկու ուրիշ պատկերներ ոսկեզօծ շրջանակներով: Դրանցից մեկը Հայկն է, իսկ մյուսը՝ Վարդան Մամիկոնյանը: Հայկի պատկերի ներքև պատի վրա մեխած է հին Հայաստանի քարտեզը:

    Գրասեղանի վրա ածած են շատ թղթեր, որոնց վրա, քամին չցրվելու համար, դրած է մի աղյուսանման բան. դա մոզայիկներով զարդարած մի կրային բաղադրություն է, որ բերած է Անիի ավերակներից:

    Մի անկյունում մեծ պահարանի մեջ շարած են գրքեր Վենետիկի ոսկեզօծ կազմերով, կարծես շնորհքի համար դարսված լինեն: Սենյակը զարդարած է արևելյան ճաշակով. փռած են գորգեր, դրած է թախտ և երևում են մութաքաներ:

    Ազգասերը լուռ է. նրա բազմահոգ դեմքը ցույց է տալիս, որ զբաղված է:

    Ահա՜ ներս վազեցին սենյակի մեջ երկու հրեշտակի նման փոքրիկ երեխաներ: «Պապա՛շա, պապա՛շա» կոչելով, նրանցից մեկը թռավ հոր ծնկների վրա և փաթաթվեցավ նրա վզովը: Իսկ մյուս մանուկը փորձ փորձեց հետևել եղբորը, բայց գլորվեցավ հատակի վրա: Հայրը բարձրացրեց նրան և համբուրեց:

    Երեխաներից մեկի անունը Լևոն է, մյուսինը` Ռուբեն: Հայրը մեծ ծառայություն է արել ազգին, որ կենդանացրել է այդ պատմական անունները…
    — Ինչո՞ւ հայերեն չեն խոսում,- հարցնում ես ազգասերից:
    — Մայրերի ու աղախինների հետ այսպես են սորված… ես էլ ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու,- պատասխանում է նա:

    Երեխաները խլում են գրասեղանի վրայից «Մեղուի» վերջին համարը, որ տանեն իրանց համար «փռռան» շինեն: Հայրը կոչում է, որ ետ բերեն, բայց չարաճճիները անհայտանում են:

    Ընթերցո՛ղ, այս բոլորը քեզ վրա կարծեմ լավ տպավորություն գործեց. արտաքին ցույցերը բավական գրավիչ տեսար. այժմ մտնենք ազգասերի ներսը — սրտի մեջ:

    Ես կսկսեմ խոսակցությունը, դու միայն լսիր:

    — Դուք, երևի, «Մշակ» չե՞ք ստանում,- հարցնում եմ ես:
    — Մի՞թե արժե փող կորցնել… — պատասխանում է նա արհամարհական ձայնով: — Այս լրագրի վրա թքել միայն կարելի է և ոչ կարդալ:
    — Երևի, դուք կարդում ե՞ք,- իսկույն հարցնում է նա:
    — Այո՛, և շատ սիրով:
    — Այդ ձեզանից չէ՛ի սպասում…
    — Ինչո՞ւ:
    — Եղբա՛յր պատվական, էլ ի՞նչ մնաց, որ չխայտառակեց նա.- ընտանիք, կրոն, եկեղեցի: Նա ուրացավ մեր ազգի բոլոր ազնիվ կողմերը. էլ մուր չմնաց, որ չքսեց նրա վրա: Նա մեզ խայտառակեց, իսպառ խայտառակեց…
    — Ինչո՞ւ չխայտառակել, երբ խայտառակելու բաներ կան:
    — Մի՞թե կարելի է այդ: Ասենք թե լինեին մեր մեջ թերություններ, մի՞թե կարելի է ամեն ինչ հրապարակ հանել:
    — Այսպես վարվում են միայն այն հիմար հիվանդները, որ թաքցնելով իրանց ցավերը, աշխատում են առողջ ձևանալ: Մեր թերությունները ծածկելով ի՞նչ շինեցինք մինչև այսօր:
    — Գոնյա մեր պատիվը պահեցինք: Օտարները մեր պակասությունները չհասկացան:
    — Օտարները մեզ նման կույր չեն…

    Նա սկսեց թղթերի մեջ մի բան որոնել:

    — Ահա՛ ձեզ ցույց կտամ Ս. Պետերբուրգից ստացած պ. Կովյանի նամակը… ի՛նչ պատվական դատողություններ, ի՛նչ պատվական խորհրդածություն… Որտե՞ղ կորավ… Սաշա՛,- կոչեց նա ծառային:

    — Նեղություն մի՛ կրեք. Ս. Պետերբուրգի «պատվական խորհրդածությունները» ինձ պետք չեն. առանց ձեր կարդալու, ես կարող եմ ասել, թե ինչ գրված կլինի այն նամակի մեջ:

    Նա դառնում է դեպի ինձ:

    — Ուրեմն, ասացե՛ք խնդրեմ, պետք չէ՞ թքել մի այսպիսի լրագրի վրա, որ բացասում է մեր լավ կողմերը, հերքում է և ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում: Այդ ո՞ւմ դուր է գալիս, ո՞վ չէ բարկանում:

    — Դա շատ բնական է. փորձեցեք երկու աչքերով կույր մեկին ասել` դուք կույր եք. նա իսկույն կբարկանա, թեև հայտնեցիք մի անհերքելի ճշմարտություն:

    Նա տաքացավ:

    — Դա զզվելի է… միշտ գովել պետք է, խրախուսել պետք է, քաջալերել պետք է. դուք միայն հուսահատեցնում եք… դուք ամեն բան սև գունով եք տեսնում… կյանք, ուժ ուրանում եք ազգի մեջ…

    — Կրթության այդ հին և փտած եղանակը արդեն ցույց տվեց իր արդյունքը: Կ. Պոլսի հոսհոսների լրագրությունը մինչև այսօր այդ ձևին էր հետևում, նա միշտ գովում էր, նա միշտ ոգևորվում էր, ցույց տալով, թե ամեն բան ունեն, ամեն բան պատրաստ է: Բայց հանգամանքները ցույց տվեցին, թե նրանք ինչ տեսակ ժողովուրդ պատրաստեցին: Տաճկահայոց ոչնչությունը հայտնվեցավ:

    Ազգասերի նետը, կարծես, քարին դիպավ. նա կանգ առավ և սկսեց մտածել:

    Ես շարունակեցի.
    — Նույնը անում էին մեզանում և մինչև այսօր. «ինչ որ հայկական է, այն լավ է».- ա՛յս էր մեր ազգ սիրողների սկզբունքը: — Հայ վաճառականը խաբեբայությամբ է վարում իր առևտուրը: — Պետք է գովել նրան, այդ գողություն չէ, որովհետև գործողը հայ է: Հայ ընտանիքը օրըստօրե քայքայվում է բարոյական փտության մեջ: — Վնաս չունի. որովհետև մեր ազգի ընտանիքն է, նրան վատ ասել չի լինի: Հայ եկեղեցականները դարձել են ավազակներ: — Պետք է գովել նրանց, որովհետև մեր հոգևոր հայրերն են, մեր կրոնի ավանդապահներն են… Ի՞նչ խոսքս երկարացնեմ, դուք ամեն աղբ, ամեն կեղտ, ամեն ապականություն գովում էիք, և գովում եք, որովհետև հայի աղբ է…
    — Ի՞նչ վնաս տվեցինք մեր գովություններով:
    — Այն վնասը, որ դուք խաբեցիք ազգը և գովաբանելով նրա հիմարությունները, նրա անպիտանությունները, առիթ տվեցիք անպիտանությանը մնալ միշտ անպիտանություն: Դուք ազգի աչքերը փակեցիք իր այլանդակությունը չտեսնելու համար:
    — Իսկ դուք, որ պախարակում եք, քանդում եք, ոչնչացնում եք, նրա տեղը ի՞նչ եք դնում:
    — Մենք այգեպանի պաշտոն ենք կատարում: Այգեպանը, երբ անխնա կտրում է ծառի չորացած, փտած և ավելորդ ճղները, չէ մտածում նրանց տեղը մի նոր ճյուղ կպցնել. որովհետև գիտե, որ նորը ինքն իրան կբուսնի, եթե ծառի մեջ կյանք կա, ուժ կա և հողի մեջ արմատ ունի…

    Խոսակցությունը ընդհատվում է: Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել է տալիս:
    — Ի՞նչ գործերի համար եք կանչված:
    — Դարձյալ այն անիծված կտակի համար է…

    Ազգասերը մոռացավ սերն էլ, ազգն էլ, Վարդանն էլ, Հայկն էլ: Նա կանգնեց այս խոսքերով.
    — Ներողություն, ես փաստաբանիս մոտ պետք է գնամ:

  • «ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ»  (Ն. ԱԴՈՆՑ)

    «ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ» (Ն. ԱԴՈՆՑ)

    «ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ» (Ն. ԱԴՈՆՑ)

    «Նախամարտիկ — յառաջամարտիկ, ախոյեան, զօրավար»՝ քաջ, հզոր մարտիկ և խրոխտ պաշտպան, առաջ նետվող կտրիճ: Ախոյան՝ «յառաջամարտիկ բանակին խաղացեալ ընդդէմ թշնամեաց, դիմակաց», նաև՝ ոսոխ…
    «Ախոյանաբար՝ արիաբար, ախոյանայարձակ՝ յարձակեալն իբրև ախոյեան, նախամարտիկ, արի»:
    «Ախոյանահարձակ սլացմամբ» ոգեշնչված մի քանի էջ անցյալից՝ Ն. Ադոնցի շարադրմամբ՝ ստորև…

    ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ

    Անձնական քաջությունը, ֆիզիկական ուժը, անհամեմատ շատ ավելի մեծ տեղ ունեին կյանքի մեջ հին ժամանակները, քան ներկայումս։ Քաջությունը երկնային էր, համարյա աստվածային։ Պատմական մեծ անձնավորություններից շատերը պարտական են գոնե աոաջին հաջողություններն իրենց բազուկներին, քան գլխին։ Ինքնապաշտպանության և կռվի միջոցներն ու գործիքներն էին լայնալիճ կամ հաստաձիգ աղեղ, պարսատիկ, բռնալիր, նիզակ, տապար ու սուսեր։ Ծանր սպառազինություն, երկաթապատ զրահ, պահանջում էին այնպիսի մարմնավոր ուժ, հաղթանդամ կազմվածք, որին բնավ պետք չունի ժամանակակից ինքնաշարժ հրացանը, գնդացիրը և մյուս հրեշավոր անոթները։ Որքան մարդկությունը հառաջանում է, այնքան նսեմանում է ուժի կարևորությունը, կարիքը։ Պատմության ընթացքը կարելի է բնորոշել որպես հարատև փոխանցումը մարմնավոր և ֆիզիկական զորությունից դեպի մտավոր և հոգեկան ուժի։ Բազուկները տեղի են տալիս գլխին։ Մարմնավոր քաջությունը՝ որքան հնանում է՝ մնում է անցած դարերի զարդ, այնքան մարդն անձուկով է նայում և կարոտում հին քաջությանը։ Հին մարդիկ պատկերվում են որպես տիտաններ, անհաղթելի հսկաներ, անհեթեթ, անձնեղ (մարմնեղ), մեծանձն, անձնյա, ոչ նման սովորական մարդի։

    (Նրանք) պաշտամունքի նյութ են դառնում, համարվում են դյուցազուններ, այսինքն՝ կեսաստվածներ, սերված աստվածներից (դիցերից, Կ.Ա.) և մահկանացուներից։ Հերակլես դեռ օրորոցում երկու վիշապ խեղդեց, որ Հերան ուղարկել էր նորածին մանկանը սպանելու համար։ Անունը կապ ունի «հերոս» արմատի հետ, լատիներեն՝ «սերվ», որ նշանակում է պահել, հսկել, rend — հարուա–haurna-servare – հսկա: Մեր Վահագն էլ է վիշապաքաղ։

    Հին մարդիկ փառաբանում են քաջությունը, նրանք ստեղծում են հերոսների տիպարներ և քաջությունը համարում տուրք աստվածային։ Քաջությունը տալիս է նաև անմահություն՝ հերոսները երբեմն երկինք են բարձրանում և որպես աստված միանում մյուս աստվածների խմբին։

    Բոլոր հին ազգերը քաջության աստված ունեն և քաջության տիպար հերոսներ։ Հռւնաց՝ Աքիլլես, Տրովա՝ Հեկտոր, պարսից՝ Ռոստամ, Հայոց՝ Տորք (մեր քաջության ավելի հին աստվածը և մեր բուն նախահայրն է Հայկ)։

    Մեր նախնիք ևս մեծապես գնահատում էին քաջությունը։ Հայկը Հայ ազգի նախահայրն է, Հայ ազգի մարմնացումն է։ Գեղապատշաճ, անձնյա, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ Հայկը քաջ և երևելի էր հսկաների մեջ։ Բելը Հայկի վրա է արշավում երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Մովսես Խորենացին Հայկի այս պատկերը քաղել է՝ հիմնվելով Հայ առաջնորդի ուժի, նորա անձնական քաջության նկարագրի վրա։ Մամիկոնյան, Բագրատունի, Սյունյաց, Ամատունյաց և Արծրունյաց իշխանական տներն այնպիսի դեմքեր են տվել, որ իրապես հերոսներ են։ Կուզեմ ներկայացնել պատմական մի քանի դեմքեր, որոնց քաջությունը միայն մարմնավոր չէր, այլ շաղկապված անվեհերության և գերմարդկային խիզախումի հետ։
    Մարմնավոր ուժն առանց հոգեկան արիության մեռած ուժ է։
    Սա է, որ շարժում է մարմնավորը, ոգի տալով՝ կրկնապատկում է այն։

    Ստորև հիշելի անձինք պատմության մեծ դեմքեր չեն, (նրանք) փայլուն
    հետք չեն թողել իրենց հետևից։ Բայց և այնպես՝ հերոսության տիպարներ են, որովհետև արհամարհելով մահը առնական արիությամբ, դուրս գալով մենամարտության ասպարեզը՝ նրանք փառքով են պսակել իրենց ծնող, սնող ժողովրդին։ Պետք է մի վտիտ հարգանքի տուրք տամ նրանց, ովքեր պատիվ են բերել Հայությանը որպես մենամարտիկներ։ Բյուզանդական ահռելի բանակի մեջ հազարավորների, տասնյակ հազարների մեջ հանկարծ մի Հայ է նետվում ընդդեմ թշնամու՝ իբրև կարող ընդունելու մենամարտը։
    Ահա նրանք՝ Արտավան, Արտավազդ, Անզալաս, Հովհաննես Գուզես, որ վկայված են օտար պատմիչներից (Ծնթ.- Ակնարկում է բյուզանդական նշանավոր պատմիչ Պրոկոպիոս Կեսարացուն)։

    1. Արտավան Արշակունի, բյուզանդական բանակի հայազգի զորավար, Հովհաննես Արշակունու որդին: Նախապես մարտնչել է Բյուզանդիայի դեմ, 539 թ. սպանել է Արևմտյան Հայաստան արշաված բյուզանդական զորավարներ Ակակիոսին և Սիտտասին: Այնուհետև ծառայել է Հուստինիանոս Ա կայսեր…
    2. Արտավազդ (? — 542), բյուզանդական բանակի Հայազգի զորավար: Աչքի է ընկել գոթերի դեմ մղված իտալական արշավանքների (541-542 թթ.) և, հատկապես, Վերոնա քաղաքի պաշարման ժամանակ: Ընդունել է գոթերի Վալարիս զորականի՝ իր հետ մենամարտելու առաջարկը և սպանել նրան:
    3. Անզալաս (Ընջյուղ), բյուզանդական բանակի Հայ զորական: 553 թվականին Տոսկանա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ ընդունել է գոթերի բանակից Կոկկաս անունով մի քաջ պատերազմողի հրավերը և մենամարտի ժամանակ սպանել նրան:
    4. Հովհաննես Գուզես, բյուզանդական բանակի Հայազգի զորավար, Հայաստանի կոմես Թովմայի որդին: Աչքի է ընկել 551 թվականի Լազիկայի և Կոլխիսի համար մղված պատերազմներում: Մենամարտի ժամանակ սպանել է հսկա մարմնով մի քաջ ալանի և ապահովել բյուզանդական բանակի հաղթանակը:
    1. ԱՐՏԱՎԱՆ (548 թ.)
    2. ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈԻՆԻ, ՈՐԴԻ ՄԱՆՈՒԵԼԻ (590 թ.)

    590 թ. Մորիկ կայսրը փորձեց Հայ նախարարներին Թրակիա ղրկելու։ Սակայն Հայոց նախարարներն ապստամբեցին և կամեցան «ի բաց կալ ի ծառայութենէն Յունաց թագաւորին և նստուցանել իւրեանց թագաւոր»։
    Դա արվեց հետևյալ նպատակով, «զի մի և նոցա հասցէ մեռանել ի կողմանս Թրակացաց, այլ կեալ և մեռանել ի վերայ աշխարհին իւրեանց» («Պատմութիւն Սեբէոսի» աշխատասիրությամբ՝ Գ. Վ. Աբգարյանի, Երևան, 1979, էջ 92)։
    Կայսրը արքունական պատվիրակներին հրովարտակով ղրկեց Հայաստան, սակայն Մանուելի որդի Սմբատ Բագրատունին նրանցից մեկին սպանեց։ Բյուզանդացիները ձերբակալեցին Սմբատին և (ուրիշ) յոթ հոգու հետ տարան մայրաքաղաք։ Դատեցին և որոշեցին ձգել կյունիկ, այսինքն՝ կրկես (ծանոթագրություն՝ «կյունիկը» բացօթյա կրկեսի բեմ էր, որի վրա տեղի էին ունենում կառամարզումներ, ցլամարտեր և այլ մրցումներ)։ Սմբատ էր «այր անհեդեդ անձամբ և գեղեցիկ տեսլեամբ, և բարձր և լայն հասակաւ, և բուռն և ցամաք մարմնով» (Սեբէոս, էջ 92)։ Նա «հզաւր և պատերազմող» էր հռչակվել բազում պատերազմներում։ (Սմբատն) այնպիսի ուժ ուներ, որ անցնելով «անտառախիտ մայրեաց և զաւրաւոր ծառոց» տակից՝ հաղթանդամ հզոր երիվարին նստած, ձեռքերը բարձրացնում, ծառի ոստից բռնում և իրանքով ու ոտքերով սեղմելով երիվարի մեջքը՝ նրան բարձրացնում էր գետնից վեր։ Տեսնողներն ահաբեկվում էին ու սաստիկ զարմանում։

    Սմբատին մերկացրեցին և թողեցին միայն անդրավարտիքով, այնուհետև նրան ձգեցին կյունիկ, «զի կուր լիցի գազանաց» (Սեբէոս, էջ 93)։ Սկզբում նրա վրա արձակեցին արջին (այս և հետագա բոլոր ընդգծումները հեղինակինն են — Պ. Հ.)։ Սմբատը գոռաց մեծաձայն և գնաց արջի վրա, զարկեց ճակատին բռունցքով և տեղնուտեղ սատակեց։ Երկրորդ անգամ նրա վրա արձակեցին ցուլ։ Սմբատը բռնեց ցուլի եղջյուրներից, դարձյալ իր աղաղակով ահ ձգեց ցուլի վրա, չարչարեց՝ ոլորելով պարանոցն ու ջարդելով եղջյուրները։
    Ցուլը թուլացած նահանջեց և փախստական դարձավ։ Սմբատը հետևից վազելով «բուռն հարկանէր յագին և ի կճղակն ազդեր միոյ ոտին նորա», ցուլի կճղակը պոկվեց և մնաց Սմբատի ձեռքին։ Ցուլը փախավ մի ոտով «բոկ»։ (Նման մի քաջություն Խորենացին վերագրում է Տրդատ (Գ Մեծին)՝ ասելով, որ հույն մի ըմբիշ հնում «զկճղակ եզին թափեաց», իսկ Տրդատը մի ձեռքով «կալեալ զեղջերէն» երկու վայրի ցուլերի, «թափեաց հանդերձ ընդվզեալ ջախջախմամբ») (Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913, էջ 218)։

    Երրորդ անգամ կատաղի առյուծ արձակեցին նորա վրա։ Երբ առյուծին արձակեցին, Սմբատը ճարպկորեն բռնեց նրա ականջից և նստեց մեջքին։
    Այնուհետև ձեռքը տարավ խոռոչափողը և սեղմելով խեղդեց առյուծին։
    Ամբոխը ոգևորությամբ ողջույնի աղաղակներ բարձրացնելով գոչեց և դիմեց կայսեր, որ ներե Հայ իշխանին։ Իսկ Սմբատը հոգնած, հանգիստ էր առնում նստած առյուծի վրա։ Կայսրուհին և կայսրը ողորմացին նորան, ներում շնորհեցին և բաղանիս ղրկեցին։ Այստեղ Սմբատին լվացին, հանդերձավորեցին և պալատ տարան։ Հետագայում Սմբատը զրպարտության զոհ դարձավ և աքսորվեց «ի կղզիս հեռաւորս» (Սեբէոս, էջ 93), ապա կայսրը հրամայեց այնտեղից նրան տեղափոխել Աֆրիկա՝ տալով նորան զինվորական տրիբունի պաշտոն։

    1. ՍՄԲԱՏ ՎՐԿԱՆԻՑ ԽՈՍՐՈՎ ՇՆՈՒՄ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ք 607 թ.)

    Քուշանաց թագավոր Հեփթաղաց աշխարհում (Թուրքեստան) մեծ կազմությամբ ճամբարեց Սմբատի դեմ։ Հեփթաղը պատգամավոր ղրկեց Սմբատի մոտ.

    • Ի՞նչ օգուտ այսպես խառնամբոխ մտնել պատերազմի մեջ և սպառել մեր զորքը։ Ինչո՞վ պիտի ճանաչվի իմ և քո քաջությունը։ Արի՜, միայն ես և դու մենամարտենք։ Ես այստեղից, իսկ դա՝ այդտեղից ել ախոյան, «զի այսաւր ծանիցի քեզ քաջութիւն իմ»։

    Սմբատը պատասխանում է. «Ահաւասիկ պատրաստ եմ ի մեռանել»։
    Երկար հարձակվեցին միմյանց դեմ և կռվեցին ի տես երկու բանակների։
    Սակայն չէին կարողանում միմյանց հաղթանցել, որովհետև հսկայազորք (և ոչ «սակաւազաւրք», ինչպես տպված է. տես Ք. Պատկանյանի հրատարակությունը, էջ 67) և կուռ սպառազինյալ էին։ Վերջապես Սմբատին հաջողվեց ձգել նիզակը, պատռել վերտ և ամուր (ոչ վերտևամուր) ու կուռ զրահի ամրությանը և (Քուշանաց թագավորին) գետին տապալել:
    Իսկ Քուշանաց զորքը «իբրև տեսին զարքայն իւրեանց՝ զարհուրեցան և դարձան գնացին փախստական» (Սեբէոս, էջ 103)։

    1. ՎԱՍԻԼ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ (շուրջ 820-886 թթ.)
    2. ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (973 թ.)

    Անիի Գագիկ Շահնշահի մահից հետո նորա երկու որդիները՝ Հովհաննես-Սմբատ և Աշոտ գժտվեցին։ Աշոտը Արծրունյաց թագավոր Սենեքերիմից զորք է ստանում և շարժվում իր եղբոր վրա։ Այդ ժամանակ որպես դեսպան Հովհաննես-Սմբատ թագավորի մոտ էր մի վրաց իշխան։
    Սա պարծենալով խնդրում է, որ Հայոց թագավորն իրեն թույլ տա գնալ և բռնել կենդանվույն Աշոտին և վերջ դնել արյունահեղությանը։ Հովհաննես-Սմբատն ասում է. «Այր հզօր է Աշոտ, դու զիա՞րդ կարծես ածել զնա առաջի իմ»։ Վրացին պատասխանում է. «Ի ձիոյն առից զնա կենդանի»։ Սակայն Հովհաննես-Սմբատ թագավորը զգուշացնում է վրացուն, թե՝ «Առյուծի ձագին մի՜ արհամարհիր, մինչև որ տեսնես»։ Վրաց իշխանն արծվի նման սլացավ Աշոտի վրա՝ գոռալով. «Ո՞վ է Աշոտը, թող առա՜ջ գա»։ Աշոտը զայրացավ ինչպես ինծ և վրացին՝ մինչ ուզում էր նիզակով զարկել, Աշոտը կայծակի արագությամբ հանեց պողովատիկ սուրը և այնպես հարվածեց սաղավարտին, որ վրացու երկաթապատ մարմինը պատառեց, մինչև ստինքը երկուսի բաժանեց և «հանդերձ միջօքն յերկիր ընկենոյր» (Մատթէոս Ուռհայեցի, էջ 13-14)։

    1. ՎԱՍԱԿ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, ԲՋՆՈ ԻՇԽԱՆ (1021 թ.)

    Թագավորը Դելումաց (դելմիկների — Պ. Հ.) եկավ և ավերեց Նիգ գավառը։ Հայոց սպարապետ Վասակն իր որդի Գրիգորի հետ ելավ նրանց դեմ։ Վասակը չէր կարող սպասել, որ մինչև զորքը հավաքվի։ Նա հինգ հարյուր մարդով առաջ անցավ։ Այլազգիների զորքից դուրս եկավ մի ախոյան՝ սև խափշիկ, որ կոչվեր «Յոթ գայլն», որ իբրև «սև ամպ որոտալով, բոց արձակելով իր զրահներից»՝ Վասակին կանչեց մենամարտի։ Վասակի ենթակաները սարսափած էին, քանզի «նման մի մարդ դեռ երկրի վրա չէր ծնվել»։ Վասակը հանգստացրեց նրանց և ասաց. «Ես դուրս կգամ նրա դեմ և նրան կտամ այն նույն պարգևը, ինչ Դավիթը տվեց Գողիաթին»։ Խափշիկը գազանաբար վրա հասավ, որ գեղարդի վրա առնի Վասակին։ Իսկ Վասակը փութաց և պողովատ թրով այնպես խփեց խափշիկի գլխին, որ նորա սաղավարտը երկուսի բաժանվեց, իսկ «մասունք մարմնոյ յերկիր անկանէին» (Մատթէոս Ուռհայեցի, էջ 13-14)։

    1. ՀԱՍԱՆ ԵՎ ՃՆՃՂՈՒԿ (1042 թ.)

    Հասանը և Ճնճղուկը Վասպարականի Խաչիկ իշխանի որդիներն էին։
    Նրանք նոր էին վերադարձել Թրակիայից, ուր կռվել էին կայսրության թշնամիների դեմ։ Իրենց բացակայության ժամանակ Խաչիկ իշխանը և նրա կրտսեր որդին՝ տասնհինգամյա պատանի Իշխանը, զոհ էին գնացել Սալմաստի մուսուլման ցեղերի հարձակումների ժամանակ։

    Վրեժ լուծելու համար մի քուրդ են կաշառում և ղրկում Սալմաստ՝ լուր տարածելու, թե Խաչիկ իշխանի կալվածքն անպաշտպան է, «զի՞ կայք պարապ»՝ ոչխարների բազում հոտեր անտերունչ թափառում են։ Քուրդն այդպես էլ արեց։ Այլազգիները 15 հազարով արշավեցին Վասպուրական:
    Հասան և Ճնճղուկ ունեին 5.000 զինվոր։

    Որպես «խոցված գազան»՝ Հասանը հարձակվելով թշնամու բանակի վրա ձայն է տալիս. «Ո՞վ է, ու՞ր է այն մարդը, որ սպանեց հորս՝ Խաչիկին, թող առա՜ջ գա»։ Եվ ահա դուրս եկավ մի այլազգի սև մարդ և հզոր ձայնեց.
    «Ես եմ, որ սպանեցի առյուծ Խաչիկին և ահա նրա պատերազմական ձին, զգեստը, նշանակն ու թուրը ձեռքիս է»։ Հասան՝ տեսնելով հոր ինչքը, սկսեց լալ և թուրը հանելով պատյանից, առյուծի պես սլացավ նորա վրա և հարվածելով երկու կտոր արեց, գետին տապալեց և (հոր) ձին ու նշանակը խլեց։

    Նման կերպով ձայն տվեց և Ճնճղուկը. «Ո՞վ է սպանել իմ մանուկ եղբորս՝ Իշխանին, թող ատյան դուրս գա, որ տեսնեմ նորան»։ Դուրս եկավ մի քաջ պարսիկ և ասաց. «Ես եմ քո եղբայր Իշխանին սպանել, ահա՜ նորա սպիտակ ձին, վառ նշանակը և թուրը»։ Ճնճղուկը կայծակի նման վրա հասավ, մի հարվածով սատակեցրեց նորան և առնելով եղբոր ձին և նշանակը՝ դարձավ հետ։

    Հայոց զորքերը խանդավառված հարձակվեցին թշնամու վրա, «դարձուցին ի փախուստ և կոտորեցին ի նոցանէ արս չորս հազար» (Մ. Ուռհայեցի, էջ 92)։

    1. ԱՐԿՆԻ ԱՄՐՈՑԻ ԻՇԽԱՆ ՀԱԲԵԼԻ ՀԱՐՊԻԿ, ԴԱՎԻԹ, ԼԵՎՈՆ
      ԵՎ ԿՈՍՏԱՆԴԻՆ ՈՐԴԻՆԵՐԸ (1052 թ.)

    Քսու և նենգավոր մարդիկ գնացին (Կոստանդնին Մոնոմախ կայսրի մոտ և ամբաստանեցին Չորրորդ Հայքի Պաղին գավառում բնակվող Հայոց իշխաններին, թե նրանք «անհնազանդ կան հրամանաց քոց և կամին ապստամբ լինել ի քէն»։ Բյուզանդացիներն ավերեցին բովանդակ գավառը։ Նրանք ցանկացան ձերբակալել նաև Արկնի կոչված մեծ ամրոցի տեր Հաբել իշխանի չորս քաջ և հզոր որդիներին՝ Հարպիկին, Դավիթին, Լևոնին և Կոստանդնին։ Եղբայրներից ավագը՝ Հարպիկը, նենգությամբ զոհ գնաց, մյուսները գերի տարվեցին մայրաքաղաք։

    Կայսրը և բոլոր հույները ապշել էին՝ տեսնելով նրանց ահեղ արտաքինը («սոսկալի տեսիլ կերպարանացն»), քանզի իրենց հաղթանդամությամբ նրանք գերազանցում էին բոլոր հույներին («ահատր էին տեսլեամբ և թիկամբքն հանդերձ բարձր էին քան զամենայն տունն Յունաց»)։ Կայսրը նրանց գեղեցիկ, հաղթանդամ արտաքինը նկատի ունենալով մարմնական ոչ մի պատժի չենթարկեց, այլ հրամայեց քաջ, հզոր և երևելի իշխաններ Դավթին, Լևոնին և Կոստանդինին կղզի աքսորել: (Եղբայրներն աքսորում մնացին մինչև 1056 թվականը, երբ Թեոդորոս կայսրուհին «մեծաւ փառասիրութեամբ արձակեաց զնոսա ի հայրենի աշխարհն իւրեանց ի բերդն Արկնի», Մ. Ուռհայեցի, էջ 122)։

    1. ՍԱԴՈՒՆ ԱՐԾՐՈՒՆԻ (1256 թ.)

    (Մոնղոլական) Մանգու Մեծ խանի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի կառավարիչ Հուլավու խանի մոտ է գալիս «մուղալ ազգաւ» (մոնղոլ) հույժ ահագին, երկայն հասակով, թիկնեղ, շլինքը «զերդ զգոմիշու», ձեռներն անճոռնի իբրև արջի, մի մարդ։ Սա ամեն օր ուտում էր մի ոչխար։ Նա Մանգու խանից գիր էր բերել և մի անգին կապա։
    Գրի մեջ ասված էր, թե «իմ եղբոր Հուլավու խանի մոտ եթե գտնվի մի բավքա (ըմբիշ), որ գետնի այս ըմբիշին, թող նրա՜ն լինի կապան։ Իսկ եթե այս բավքան հաղթե, թող կապան նրա՜ն հագցնեն և մեծ դեսպանությամբ ու պատվով հետ ուղարկեն իր մոտ։

    Հուլավուն կանչեց իր զորքերի բոլոր գլխավորներին և հարցրեց, թե գիտե՞ն որևէ մարդ թաթար, Հայ կամ վրացի, որ կարողանա մենամարտել Մանգու խանի բավքայի հետ։ Սակայն թաթարների մեջ այդպիսի մեկը չգտան, քանզի «ով աեսանէր զայրն զայն՝ ամենայնն վախէին ահագին հասակէն և ի տեսոյ նորա»։ Իսկ Հայ և վրացի իշխաններն ասացին, որ միայն մի մարդ կա, որ կարող է ճար լինել, այդ Արծրունյաց Սադուն իշխանն է, բայց այստեղ չէ, «այլ կայ ի տուն իւր»։ Սադունը «էր երկայն և վայելուչ հասակաւ, յոյժ ուժեղ ի մանկութենէ» («Պատմութիւն թաթարաց Վարդանայ պատմչի», Երուսաղեմ, 1870, էջ 47) և մենամարտերի մեջ փորձառու ու կիրթ։

    Խանը մարդ ղրկեց նորա հետևից։ Լսելով հրամանը՝ Սադունը խիստ տրտմեց, որովհետև երբեք չէր մենամարտել խանի առաջ, իսկ հաշվակիցը ահագին էր և ուժով։ Սադունը նախ գնաց Գագ՝ «առ ամենահաս Սուրբ Սարգիսն» և ուխտ ու մատաղ արեց, ապա ճանապարհ ընկավ Հուլավուի մոտ։ Երբ խանը տեսավ Սադունին, նորա կորովը և երկայն հասակը՝ հույժ ուրախացավ։ Նա հրամայեց, որ երկու ըմբիշներն ինը օր միասին կենան, որ օրն ուտեն մի ոչխար և խմեն մի տիկ գինի։

    Երբ սահմանված օրերն անցան, (խանը) հրամայեց բոլոր գլխավորներին ժողովել իր առջև և կանչելով երկու ըմբիշներին հրամայեց մենամարտել։ Երեք ժամ տևեց մենամարտը՝ ցերեկվա ժամը 3-ից մինչև 6-ը, և ըմբիշները չէին կարողանում միմյանց հաղթել։ Սակայն Սադունը ուժգին բախմամբ զգետնեց Մանգու Մեծ խանի ախոյանին և հույժ բարձրացավ Հուլավու խանի աչքին։ Խանը յառլիկ («իառլախ») գրեց «և թողուլ նմայ մինչև ի յինն գունահն» («Պատմութիւն թաթարաց», էջ 49)։

    Լուսանկարում՝ Ն. ԱԴՈՆՑԸ 1912 թվականին Անիում՝ Ն. Մառի, Հ. Օրբելու և արշավախմբի մյուս անդամների հետ (լուսանկարի հեղինակ՝ Ա. Վրույր)

  • «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ե)  Հ. ԱՃԱՌՅԱՆ

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ե) Հ. ԱՃԱՌՅԱՆ

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ե)
    Հ. ԱՃԱՌՅԱՆ

    Հ. Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածի վերջին մասը՝ ստորև (սկիզբը՝ նախորդ չորս հրապարակումներում)…

    «Ուրիշ ազգեր ճանաչում են անուն, հայրանուն և ազգանուն. օրինակ՝ չինացիք, որոնց բառերը շատ կարճ են, հետեւում են այս սովորութեան. յիշենք չինական անուններից՝ Կոն Ֆու-Ցի, Լի Հունգ-Չանգ, Սուն Եան-Ցեն, Շի Հոանկ-Թի, Շուն Եու-Յուէ և այլն: Սրանց մէջ առաջին վանկը ազգանունն է, երկրորդը՝ հայրանունը և երրորդը՝ անունը:
    Ռուսաց մէջ էլ, ինչպէս յայտնի է, գործածական է անունով և հայրանունով ազգանունը. օրինակ՝ Իվան Ֆէօդորովիչ Պալիեւ և այլն:
    Եւրոպացիք լայնօրէն օգտագործում են ազգանունը: Անունը ֆրանսիացոց մէջ այնքան անարժէք բան է, որ անուն ասելով հասկանում են ազգանուն, իսկ անուան համար գործ են ածում «փոքր անուն» (petit nom)։ Մի անձ կարող է ունենալ 3—4 անուն, բայց միայն մի ազգանուն: Այսպէս Փարիզի իմ դասընկերներից յիշեմ՝
    Edouard-Marie-Antoine-Aude
    Louis-Marie-Jean-Bodin.
    Lucien-Elien-Albert-Broche
    Charles-Jean-Marie-Brou.
    Pierre-Paul-Narcisse-Fernand-Chilot
    Joseph-Jean-Baptiste-Vendryes.


    Այս ընդհանուր ծանօթութիւններից յետոյ մասնաւորենք մեր խօսքը հայոց ազգանունների վրայ:

    Հին հայոց մէջ հասարակ ժողովուրդը երեւի գործածում էր անուն-հայրանուն. իսկ ազնուականները կրում էին ազգանուն: Ազգանունները հնագոյն շրջանում ձեւանում էին «ունի» մասնիկով, որն աւելի ուշ դարձաւ «եան» (յան):
    6-րդ դարում հայերը պարսիկներից վերցնում են յոգնակի «ան, եան» (յան) մասնիկը և դարձնում են նրանց նման ազգանուն, նոյնիսկ իզաֆէթի պարսկական օրէնքով, Ներսէս կաթողիկոսի գրած թղթի մէջ ստորագրում են ի միջի այլոց հետեւեալ իշխանները.
    Համազասպ ի Գուգվառամեան
    Սամէղ յԱրտաւազդան
    Գրիգոր ի Հմայական
    Սահակ ի Վարդանան
    Դատոյ ի Գարջուղեան
    Զաւրակ ի Գազաւոնան
    Վարազ-Յոհան ի Յոհանան
    Վարդան ի Մուշեղեան
    Սահակ ի Հմայակեան
    Աշոտ ի Վարազտիրոցեան
    Մուշեղ ի Հմայեկեան
    Վրիւ յԱրտաշրան
    Սահակ ի Մանուէլեան և այլն, և այլն: (Գիրք թղթոց, էջ 74):
    Սա պարսկական ազդեցութեան շրջանն է: Արաբների ժամանակ ազգանունները վերանում են, ըստ որում՝ իշխանական ցեղերը ջնջւում են: Աւելի ուշ՝ թիւրքերի ժամանակ, նոյնպէս ազգանուն չկայ: Տաճկաստանում, իմ մանկութեանս ժամանակ, հայրանունն էր միայն գործածւում ազգանուան ձեւով. օրինակ՝ ես դպրոցում արձանագրուած էի Հրաչեայ Յակոբեան (հօրս անունով) և խօսակցութեան մէջ յաճախ կրճատ ձեւով ասում էին Հրաչեայ Յակոբ: 1888 թուականին դպրոց մտաւ ազգանուան դրութիւնը: Հոգաբարձութիւնը պատուիրեց բոլորիս, որ տուն գնանք և մեր ծնողներից հարցնելով ու իմանալով՝ ազգանուն բերենք: Ընդհանրապէս աշակերտները իրենց պապի անունը դարձրին ազգանուն, ուրիշներ մի ինչ-որ մականուն և այլն:

    Հետաքրքիր է իմ ազգանուան պատմութիւնը: Ես տուն գնացի և հարցրի, թէ մեր ազգանունը ի՞նչ է: Հայրս առաջարկեց վերցնել իր հօր անունը՝ Յարութիւն և կոչուել Յարութիւնեան: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, բայց արդէն ունէի ինչ-որ լեզուական ճաշակ: Իմ ճաշակով անունից կազմուած ազգանունը հաճելի չէր. ուստի մերժեցի Յարութիւնեանը և ուրիշ բան ուզեցի: Հօրաքոյրս ասաց, որ իրենց ցեղը Ռոտոսթոյում կոչուել է Հիւպրիւք օղլու, ուստի առաջարկեց գրել Հիւպրիւքեան: Ես այն ժամանակ Հիւպրիւք բառի ծագումը չգիտէի. չգիտէի, թէ դա էլ անուն է Հիւպէրիք, որ շատ քիչ է գործածւում: Երեւանում մի քանի տարի առաջ եղել է Հիւպէրիք անունով մէկը: Ես չհաւանեցի նաեւ Հիւպէրիքեան ազգանունը և մերժեցի: (Կոստանդնուպոլսում մականունը յաճախ շփոթում են ազգանուան հետ և փոխանակ ասելու ազգանուն, ասում են մականուն, թիւրքերէն լաղաբ, այսինքն՝ փուտանուն):
    Ես հօրս հարցրի, թէ քեզ ի՞նչ ծաղրական անուն են տալիս. նա ասաց. «Ինձ ասում են Կռճին Ակոբ»: Ես հաւանեցի այս անունը և վերցրի «Կռճինեան» ազգանունը, որի իմաստը անծանօթ էր:
    Ներկայացայ հոգաբարձութեան և ասացի, թէ իմ ազգանունն է Կռճինեան:
    Հոգաբարձուներից մէկն ասաց, թէ «Կռճին» բառ չկայ, պէտք է լինի «Կռճիկ» և ազգանունս շինեց Կռճիկեան: Մի ամբողջ տարի դպրոցում կրեցի Կռճիկեան ազգանունը: Ընկերներս շարունակ ծաղրում էին՝ ինձ կոչելով «կռճիկ, մռճիկ, տռճիկ, խռճիկ, բռճիկ»: Տարին լրացաւ, տարրական դպրոցը աւարտեցի և մտայ միջնակարգ: Ես՝ կռճիկից ձանձրացած, որոշեցի փոխել ազգանունս: Կռճիկ բառի գրաբարն է «աճառ», որ ինձ շատ բարեհնչիւն թուաց և ազգանունս դարձրի նոր դպրոցում՝ Աճառեան, որ ընդունեց նաեւ հայրս:
    Սրանից 42 տարի առաջ, Էջմիածնի Ճեմարանում, երբ ես այս դէպքը պատմեցի, Մանուկ Աբեղեանը ասաց ծիծաղելով. «Մի տաճկահայ չտեսանք, որ շինծու ազգանուն չունենար»: Ճիշտ է, բայց Աբեղեանի ազգանունն էլ շինծու է: Նա նախապէս կոչուել է Աղբեղեան, այսինքն՝ թիւրքերէն բառով՝ «սպիտակ բեղաւորեան»: Աբեղեանը անդուրեկան է գտել իրաւամբ Աղբեղեանը, միջից կտրել է և դարձրել է Աբեղեան, որ հին հայոց նախարարական տոհմերից մէկի անունն է:
    Ես անհատական մի դէպք պատմեցի. բայց դա ցուցանիշն է մեր հասարակական երեւոյթներից մէկի: Հայրանունից ազգանուան անցնելը մեր առաջադիմական քայլերից մէկն էր:
    Այսօր մեր մէջ ամէն տեղ ազգանունը ընդունուած է, պետականօրէն ճանաչուած և հաստատուած մի բան է, որ կարելի չէ ուզած րոպէին այնպիսի հեշտութեամբ փոխել:

    Մեր ազգանունները կազմուած են 4 ձեւով:
    Առաջինն է անունով ազգանուն. այսպէս՝ Յովհաննիսեան, Գրիգորեան, Կարապետեան, Ներսիսեան և այլն: Սրանց հետ կարելի է դնել Տէր կամ Մելիք ձեւով ազգանունները. ինչպէս՝ Տէր-Կարապետեան, Տէր-Գրիգորեան, Տէր-Յովհաննիսեան, Տէր-Մարտիրոսեան կամ Մելիք-Աբրահամեան, Մելիք-Շահնազարեան, Մելիք-Փարսադանեան և այլն:
    Այս բոլորը կազմուած են առաջին անգամ մէկի պապի և կամ պապի հօր անունով:
    Դրանք բոլորն էլ ուշ ժամանակի արտադրութիւն են. ուստի չենք գտնում նրանց շարքում Հրաչեաեան, Արտաւազդեան, Վռամշապուհեան, Մերուժանեան և նման ազգանուններ, որովհետեւ այդ անունները շատ հին են:
    Այսպիսով, անունով ազգանունները կազմուած են բնականաբար արական գծով. բայց կան ազգանուններ էլ, որոնք կազմուած են իգական անուններից: Այսպէս, Մանանդեան կազմուած է «Մանանդ» անունից, որ կնոջ անուն է. նոյնպէս՝ Նայունց, Շուշանեան:
    Լինում են ընտանիքներ, ուր կինը աւելի ազդեցիկ անձնաւորութիւն է լինում, քան տղամարդը. այս դէպքում ասում են ոչ թէ Կարապետի կամ Գրիգորի տղան, այլ Մարիամ բաջու կամ Թաքուշ խանումի տղան և այլն: Այսպիսով ձեւանում է իգական անունից ազգանուն:
    Ազգանունների երկրորդ ձեւն է փուտանունով կամ մականունով կազմուած ազգանուն: Մէկին տուել են մի ծաղրանուն, այդ ծաղրանունը անցել է որդիներին և կազմուել է ազգանուն: Այսպէս են օրինակ՝ Երկայնեան (կամ թիւրքերէն՝ Ուզունեան), Կարճիկեան, Կոլոտեան, Շիրինեան (քաղցր), Գարագաշեան (սեւ ունքերով), Ղարակէօզեան (սև աչքերով), Թօփալեան (կաղ), Չօլախեան (թեւը կոտրած), Տէրպետէրեան (թափթփած), Խաչանեան, Պուռնազեան (մեծ քթով), Չորթանեան (ժլատ մարդ է եղել, որ միայն չորթանով է ապրել), Տէրվիշեան (անփոյթ): Այս կարգի ազգանունները երբեմն գործը անհամութեան են հասցնում. օրինակ՝ գրականութեան մէջ յայտնի է պոլսեցի կաթոլիկ մի վարդապետ՝ Պոյնուէյրիեան (վիզը ծուռ), Եւդոկիայում կար Եաղլըղաթմերեմէզեան (իւղոտ խմորեղէն չուտողեան):

    Նշանաւոր են Նոր-Նախիջեւանցիք իրենց տարօրինակ, յաճախ անվայել ազգանուններով. ինչպէս՝ Չաթալբաշեան (գլուխը ճղուած), Խապախպաշեան (դդումգլուխեան), Այուեան (արջեան), Թիլքիեան (աղուէսեան), Բուղաեան (ցուլեան), Թացփեշեան (քիթը միշտ վազել է, շորի ծայրով սրբել է, անունը դրել են Թացփեշեան): Մի փաստաբան կար Փորքշէեան (փորը միշտ քշել է), մի դերասանուհի կար Գոզոտեան, մնացեալը քաղաքավարութեան սահմանից բոլորովին հեռանում է: Ինչպէս նկատում ենք՝ այս ազգանունների մեծ մասը թիւրքերէն է:

    Ազգանունների երրորդ ձեւն է բնավայրով, երկրի անունով ազգանուն:
    Այսպէս ունենք՝ Վանցեան, Ստամբոլցեան, Հալաբեան, Շամլեան, Իզմիրլեան, Խրիմեան, Սպարտալեան, Օրտուեան, Տրապիզոնցեան, Բաղէշցեան, Պայպուրթեան, Երեւանցեան, Աճէմեան («աճէմ» նշանակում է «պարսիկ». երբ Կովկասը պարսից իշխանութեան տակն էր, ով որ այս կողմերից գաղթում էր Կոստանդնուպոլիս, Տաճկաստան, կոչւում էր Աճէմեան, իբր պարսկահայ): Մեր դասախօսական կազմում ունենք Աղուզումցեան. «Աղ ուզում»՝ «սպիտակ խաղող» անունով մի գիւղ է եղել, գաղթել են այդ գիւղից և ստացել այս մակդիրը:

    Ազգանունների չորրորդ ձեւն է արհեստի անունով ազգանուն, սա շատ մեծ թիւ է կազմում և սովորական է յատկապէս տաճկահայոց մէջ. օրինակ՝ Ոսկերչեան, Գույումճեան, Զարգարեան, Արծաթպանեան, Հէքիմեան, Սնըխչեան, Պէրպէրեան, Ժամկոչեան, Սուճեան, Քէպապճեան, Թոքմաճեան, Դեւեճեան, Չիլինգարեան, Նալբանդեան, Մեհանաճեան, Զուռնաճեան, Սապոնճեան, Հիւսեան, Դուրգարեան, Պլոտնիկեան, Աշճեան, Խալփախչեան, Պոյաճեան, Ներկարարեան, Կրասիլնիկեան, Տէմիրճեան, Ղասապեան, Քերեստէճեան:
    Սրանք էլ ընդհանրապէս թիւրքերէն են. մի քանիսը միայն հայերէն են:

    1900-ական թուականներին, Համիտեան ռէժիմի հայահալած արշաւանքի ժամանակ, երբ Եւրոպայի հասարակական գործիչներից ոմանք սկսել էին վերլուծել հայկական հարցը և որոնել նրա բուն պատճառը, կային նրանց մէջ այնպիսի չարամիտ կաշառուած մարդիկ, որոնք հայերին մեղադրում էին, որ նրանք վաճառական ժողովուրդ են: Այդ անարդար բացատրութեան ժամանակ գտնուեց ֆրանսիացի մի գրող՝ Pierre Quillard, որ «Рго Armenia» թերթում մի յօդուած գրեց այդ առթիւ:
    Նա ասաց. «Սխալ է այն կարծիքը, թէ Հայերը վաճառական ժողովուրդ են և ապրում են ուրիշներին շահագործելով:
    Այո՛, կան հայոց մէջ վաճառականներ, բայց ժողովրդի մեծամասնութիւնը գիւղերում երկրագործ և քաղաքներում արհեստաւոր է»: Սրան իբրեւ ապացոյց մէջ է բերում մի ցանկ այդ չորրորդ կարգի ազգանունների, ինչպէս յիշեցի ես էլ: Ելնելով այն տեսակէտից, որ ազգանունը առնուազն մի քանի հարիւր տարիների հնութիւն ունի, նա հաստատում է այն միտքը, թէ հայերը արհեստաւոր են և եղել են միշտ՝ տաճկական տիրապետութեան երկար շրջանում: Այսպէս ահա ազգանունների քննութեան հասարակ առիթը օգտագործւում է ընկերական և հասարակական երեւոյթների բացատրութեան համար»:
    (Վերջ)
    Հ. ԱՃԱՌԵԱՆ

    ԽՄԲ. ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ — Պրոֆեսոր Աճառյանի սույն աշխատության մեջ կան կետեր, որ նրա վաղ շրջանի ուսումնասիրության եզրակացություններն են, որոնք նա վերանայել է հետագայում:
    Այդպիսիններից է, օրինակ, հին հայկական մշակույթի փոխազդեցության խնդիրը հարևան ժողովուրդների մշակույթների հետ՝ շեշտելով հին հայկական մշակույթի ինքնուրույնությունը և բարձր զարգացումը:

    Լուսանկարում՝ Հրաչյա Աճառյանը դստեր՝ Քնարիկի հետ

  • «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ»  (Մաս Դ) Հ. ԱՃԱՌՅԱՆ

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Դ) Հ. ԱՃԱՌՅԱՆ

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Դ)
    Հ. ԱՃԱՌՅԱՆ

    Հ. Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածի շարունակությունը՝ ստորև (սկիզբը՝ նախորդող երեք գրառումներում):

    «Այժմ խօսում եմ ազգանունների մասին:
    Երբ համայնքը փոքր է, անունը բաւական է անհատը համայնքի մնացեալ անդամներից զանազանելու համար:
    Օրինակ, մի գիւղում, ուր 10-20-30 տնուոր միայն կայ, երկու սեռը բաժանելով, նրա կէսի չափ միայն տղամարդ և այնքան էլ կին պիտի լինի:
    Ուստի եթէ մի 100 անուն լինի, այդ թիւը բաւական է. ամէն մարդ էլ իմանայ, թէ ո՞վ է Կարապետը, կամ ո՞վ է Գրիգորը:
    Բայց երբ համայնքը մեծանում է, տների թիւը բարձրանում է 100-ների և
    1000-ների, այն սակաւաթիւ անունները այլեւս բաւական չեն: Ուստի կամ պէտք է անունների թիւը շատացնել, ինչ որ անում են, և կամ անուններին պիտի աւելացնեն զանազանիչ մի երկրորդ միջոց: Զարգացման այս առաջին աստիճանը կազմում է ածականը: Անուան վրայ դնում են մի ածական: Վերցնում են նոյն անհատի արտաքին կամ ներքին նկարագրից յատկանշական որեւէ կէտ: Օրինակ՝ հռոմայեցւոց ինքնակալներից մէկը կոչւում էր Յուլիոս. սա մի սովորական անուն էր հռոմայեցւոց մէջ. կային շատ Յուլիոսներ. ուստի այս Յուլիոսը միւս Յուլիոսներից զանազանելու համար կոչեցին «Յուլիոս Կեսար»: Ի՞նչ է նշանակում «կեսար». «կեսար» նշանակում է «փորը ճղած»: Երբ Յուլիոսի մայրը երկունքի մէջ էր, ծնունդը շատ դժուար եղաւ. բժիշկները ստիպուեցին ճղել մօր փորը և երեխային այնպէս դուրս բերել. Յուլիոսը կոչուեց «փորը ճղած Յուլիոս»: Այնուհետեւ Յուլիոս Կեսարը մի մեծ ինքնակալ դարձաւ, և նրա «Կեսար» վերադիրը նշանակեց «մեծ ինքնակալ». այս է «կայսր» բառը:

    Ածականով անուններ շատ սովորական են թէ՛ պատմութեան և թէ՛ մեր հասարակ կեանքի մէջ. օրինակ՝ Լենկ-Թիմուր (Կաղ Թիմուր), Իւան Գրոզնի (Իւան Ահեղ), Աշոտ Ողորմած, Գայլ Վահան, Աշոտ Երկաթ, Գող Վասիլ, Ցլիկ Ամրամ, Քոռ Թաթոս, Չոլախ Սարգիս, Փալթարա Մարտին, Նապրասնի Գորդի և այլն:
    Ածականներից յետոյ կարելի է դնել անհատի տեղը, ծնուած կամ բնակուած քաղաքը. այսպէս՝ ունենք Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Տաթեւացի, Մովսէս Խորենացի, Խաչատուր Տարոնացի, Գէորգ Սկեւռացի, Ներսէս Լամբրոնացի և այլն:
    Երրորդ միջոցն է հայրանուան գործածութիւնը. այսպէս՝ Գրիգոր որդի Յովհաննու, Տրդատ որդի Խոսրովու, Սմբատ որդի Աշոտի: Թիւրքերի մէջ՝ Հիւսէին օղլի Ալի, Ալի օղլի Սուլէյման և այլն: Արաբների մէջ՝ Հասան իբնի Ալի, Ալի իբնի Վեհպի, Մեհէմմէտ իբնի Սուլէման: Ամէնքիս յայտնի է ռուսաց մէջ ընդունուած սովորութիւնը, հայրանունը իբրեւ պատուանուն. Նիկոլա Ալեքսանդրովիչ, Վլադիմիր Սերգեւիչ, իգականի մէջ՝ Աննա Գրիգորիեւնա, Սոֆիա Գերասիմովնա և այլն:
    Այս երեք միջոցներն էլ կարող ենք կոչել անհատական կամ աւելի շուտ մականուն, քան թէ ազգանուն:

    Ազգանունը այն է, որ դրւում է մի գերդաստանի ամբողջ սերնդի կամ սերունդների վրայ և կարող է դարեցդար շարունակուել: Այսպէս՝ Մամիկոնեան, Բագրատունի, Արծրունի, Գնունի, Սլկունի, Խորխոռունի, Հովնունի, Ձիւնական և այլն հին Հայոց նախարարական տոհմերը, որոնք շարունակուել են երկար դարեր և արաբական շրջանում հետզհետէ վերջացել:
    Կան ազգեր, որոնք հայրանուան վրայ կանգնում են և ազգանուան չեն անցնում. այսպէս էին թիւրքերը և պարսիկները, որոնք գիտէին միայն Հիւսէին օղլի Ալի կամ Հիւսէին Փուսերի Ալի. և միայն վերջին քսանամեակում, հետեւելով եւրոպական կարգերին, անցան ազգանուան:
    Հետաքրքիր է կարծեմ իմանալ, թէ ինչպէս պարսիկները անցան ազգանուան: 1918 թուականին էր, պարսից կառավարութիւնը յայտարարեց, թէ այսուհետեւ տիտղոսները պիտի ջնջուեն և ամէն մարդ իրեն համար մի ազգանուն պիտի ընտրէ: Ամէն մարդ ընկաւ մտածողութեան խորքը և մի որեւէ տեղից մի բան հնարեց և
    թերթում յայտարարեց, թէ ես այսինչ ազգանունն եմ վերցնում: Այլեւս ոչ ոք այդ ազգանունը վերցնելու իրաւունք չունէր: Երկու տարի տեւեց այդ գործողութիւնը և ամէն ընտանիք կամ գերդաստան տարբեր ազգանուան տէր դարձաւ:
    Արաբներն էլ կանգնել են հայրանւան վրայ և որովհետեւ միայն հայրանունը քիչ էր զանազանելու համար համայնքի զանազան անդամները իրարից, աւելացրին նրա հետ նաեւ մի մականուն և այն անձի ո՞ր տեղացի լինելը:
    Արաբների մէջ կայ նաեւ մի ուրիշ տարօրինակ սովորութիւն, որ միայն արաբներին է յատուկ: Ենթադրենք մի մարդ Հասան անունով, սա ենթադրենք թէ Հիւսէինի որդին է, ուստի լինում է Հասան-իբնի-Հիւսէին. նա ասենք Բաղդատ քաղաքից է, ուստի լինում է
    Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի, նա ունի մի մականուն, ենթադրենք՝ Ֆաթթահ. ամբողջ լինում է Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի-Ֆաթթահ: Բայց այսքանը քիչ է. նա ամուսնացաւ, ունեցաւ մի որդի Ալի անունով. հայրը այժմ իր վրայ վերցնում է ապու-Ալի, այսինքն՝ «հայր Ալիի» տիտղոսը և դառնում է Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի-ապու-Ալի-Ֆաթթահ: Որդիները շատացան. նա ունեցաւ երկու որդի եւս, մէկը Մուսթաֆա և միւսը Սուլէյման: Ուստի այդ մարդը դարձաւ՝ Հասան-իբնի-Հիւսէին-էլ-Բաղդատի ապու Ալի-ապու-Մուսթաֆա-ապու- Սուլէյման-Ֆաթթահ: Արաբ պատմութեան և գրականութեան մէջ շատ ենք պատահում այսպիսի կանգունաչափ անունների. օրինակ՝ մի բանաստեղծ կայ, որի անունն է՝ Իզզ-էդ-դին-Աբդուլ-Ֆուտաւէլ- Արդուլ-Վահապ-Ամադ-էդ-դին. իբն-Իբրահիմ-էլ-Սենճանի: Եգիպտոսի սուլթաններից մէկի քարտուղարն է Շէյխ- ար — Ռայիս -Սաֆի — ադ- Դավլաւ իբնի — աբու — Մաալի — իբնի-Շարաֆի:
    Արաբ ուղեգիրներից մէկը կոչւում է Աբու — Աբդալլահ — Մուհամմէդ-բին-Աբդուլլահ — բին-Մուհամմէդ-բին-Իբրահիմ-էլ-Վաթիւէդ-Դանջի-իբնի Բատուտա — Նեմմ — էդ — Դին: Մի արաբ բժիշկ կայ, որի անունն է Զիա-էդ-դին-ապու-Մուհամմէդ-Արդալլահ — բին- Ահմէդ-էն-Նուբաթի-էլ-Մալաքի: Արաբ պատմիչ Իբն-Խալլիքանը իր «Վեֆայաթ էլ Աայան» գրքում (թրգմ. Գ. Մըսրլեան, Գահիրէ, 1935 թ., էջ 8), այսպէս է անուանում Խորասանի էմիրներից մէկի անունը. — Էլ էմիր Կութէյբա բին աբի Սալիհ Մուսլիմ բին Ամր բին էլ Հոսէյն բին Ռաբիա բին Խալիդ բին Էսիդ էլ Խէյր բին Կուդայի բին Հիլալ բին Սալամա բին Սաալաբա բին Վաիլ բին Մաան բին Մալիք Աասար բին Սաագ բին Կայս Այլան բին Մոդար բին Նիզար բին Մուադդ բին Ադնան էլ Բահիլի:
    Սա այդ մարդու ամբողջ ցեղաբանութիւնն է: Իբն-Խալլիքանը մի ուրիշ անգամ էլ տալիս է մի իշխանի երկար անունը և յետոյ էլ աւելացնում է. «Մնացեալը չեմ յիշում»:
    Դժբախտաբար ես էլ էջը չեմ յիշում:
    Հայրանունները կարող են կրկնուել, այսինքն դնել պապի և պապի հօր, գուցէ և պապի պապի անունը:
    Արաբական սովորութիւնը քիչ-քիչ կամ մասամբ տարածուեց հպատակ կամ կրօնակից ցեղերի վրայ. օրինակ՝ Մատակասկարի թագաւորներից մէկը կոչւում է Անդրիանամպոյինիմերինա:

    Սպանացիք էլ սիրում են կազմել երկար անուններ: Մի առակ կայ:
    «Հարաւային Ամերիկայում մի սպանացի գիշերը անտառում կորցրել է ճանապարհը. ստիպուած թակում է մի անգլիացու դուռը և խնդրում է, որ իրեն թոյլ տայ գիշերել. անգլիացին մութ տեղը պատուհանը բաց արած հարցնում է՝ ո՞վ է:
    Սպանացին պատասխանում է. «Ֆերնանդօ-դելլոս-Վեստոս-Սերվալոս-Մինկոս-Սանթա-կուզենօ-Տիխօնոս»:
    Մեր տունը փոքր է, այդքան մարդու տեղ չկայ, ասում է անգլիացին և պատուհանը փակում»:

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Գ) Հ. ԱՃԱՌՅԱՆ

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Գ) Հ. ԱՃԱՌՅԱՆ

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Գ)
    Հ. ԱՃԱՌՅԱՆ

    Հ. Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածի շարունակությունը՝ ստորև (սկիզբը նախորդ երկու հրապարակումներում)…

    1. ԱՐԱԲԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
      Վերեւում ցոյց տուեցինք, թէ անձնանունները առհասարակ կրօնական բնոյթ ունեն և ըստ այնմ կրօնակից ազգերից առնուելով՝ նրանց կրօնի հետ էլ տարածուել են:
      Ի նկատի ունենալով այս տիեզերական երեւոյթը, տարօրինակ է, անշուշտ, այն հանգամանքը, որ Հայերը, նոյնիսկ քրիստոնէութեան ամէնից պայծառ տարիներում, ընդունել են կրօնապէս իրենց թշնամի ազգերի անձնանունները, ինչպէս արաբների և թիւրքերի: Չգիտեմ թէ ինչպէ՞ս պէտք է մեկնել այս երեւոյթը: Անշուշտ մահմետականները չստիպեցին մեզ, որ մենք բռնի կերպով ընդունենք իրենց անունները: Երեւի այս էլ գերիշխան տարրի բնական ազդեցութեան արդիւնք է, ազդեցութիւն, որ ամէն ձեւի ու ամէն հանգամանքի մէջ էլ իր գործը տեսնում է, և փոքր, նուաճուած ազգերը իրեն է քաշում, իրեն է միացնում:
      Մեր հին պատմութեան մէջ ծանօթ արաբական անուններ են Աբլխարիպ, Աբուսահլ, Համամ, Մլեհ և այլն: Ոմանք նաեւ գործածուած են հայ թարգմանութեամբ, ինչպէս Ճնճղուկ, որ արաբական Համամ համանիշի թարգմանութիւնն է:
    2. ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
      Ռուբինեանց օրով, յարաբերութեանց աճման հետ, շատացաւ նաեւ լատինական անունների գործածութիւնը, ինչպէս՝ Անտոն, Լեւոն, Զապէլ, Ալիս, Հեթում, Օգոստինոս և այլն: Ռուբինեանց պետութեան անկումով լատին անունները ջնջուեցին և այսօր հազիւ մի քանիսը կենդանի են նրանցից:
    3. ՀԱՅ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
      Քրիստոնէութեան տարածումից յետոյ, եբրայական և յունական անունների հեղեղման ժամանակ, ծագեց Հայոց մէջ մի նոր միտք, այն է՝ թարգմանել օտար քրիստոնէական անունները: Յունական Անաստաս անուան դէմ դրին Յարութիւն, Ապոստոլի դէմ՝ Առաքել, Թէոդորոսի դէմ՝ Աստուածատուր, Ստավրիի դէմ՝ Խաչիկ, եբրայական Սեթի դէմ՝ Մխիթար և այլն: Այս երեւոյթը, անշուշտ, յունագէտ հայրերի գործն էր և ազգային նախանձախնդրութեան մի ձեռնարկ հայոց մէջ: Ուշադրութիւն չեն դարձրել նրանք այն հանգամանքի վրայ, թէ արդեօք այդ թարգմանուած անունների բնաձեւը իրապէս գործածակա՞ն է հայոց մէջ, թէ ոչ: Օրինակի համար՝ Անաստաս, Թէոդորոս և այլն հայոց ծանօթ անուններ են եղած, բայց Ապոստոլ, Ստավրի և այլն գործածական չեն եղած մեր մէջ: Թարգմանութեան հետ զուգընթացաբար մտել են նաեւ նոր նմանակերտ անուններ, բոլորն էլ քրիստոնէական կեանքի բացատրութիւններ, Հայ ժողովրդի մտքին ու սրտին մօտիկ ու հասկանալի բառեր, որով մեր անձնանունների բառարանը կրկնապէս ընդարձակուել է: Այսպէս են՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Տիրատուր, Խաչատուր, Քրիստոստուր, Խաչերես, Ծերոն, Կարապետ, Մկրտիչ, Աւետիս, Աւագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն, և այլն, որոնք, սկսած այն օրից մինչեւ այժմ, աւելի կամ նուազ չափով գործածական են մեր մէջ:
      Մեր մտաւոր զարգացման պատմութեան տեսակէտով շատ հետաքրքիր էր որոշել, թէ ե՛րբ է այս անունների ծագման ժամանակը:

    11. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Հայ կրօնական անուններից դուրս կան բազմաթիւ ուրիշ անուններ, որոնք թէեւ հայերէնի մէջ կազմուած անուններ են, բայց քրիստոնէական հաւատալիքների շուրջը չեն պտտւում, այլ իրենց իմաստով ներկայացնում են աւելի իրական կեանքը և շատ անգամ ներկայացնում են աշխարհիկ բանաստեղծական սիրուն պատկերներ: Օրինակ՝ Թուխծամ — մազերը սեւ, Շաղոսկի — որ ոսկի է շաղում, Վարդիթեր — վարդի թերթ, Հերիքնազ — հերիք ինչքան նազ ես անում: Այս շարքի անուններից են՝ Զանազան, Վարդերես, Լոյսպարոն, Նորարեւ, Վարդըմպու, Անձրեվարդ, Նորվարդ, Նորտիկին, Վարդմանուկ, Քնարիկ և այլն:
    Հայ հասարակ ժողովրդի, շինականի բնիկ, հարազատ, իւրակերտ անուններն են սրանք, որ եկեղեցական դասի պաշտած կրօնական անունների և ազնուական դասակարգի սիրած օտար անունների շրջանակում բացառիկ փայլով ցոլում են:

    12. ՍԵԼՋՈՒԿ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Հայ ժողովրդական անուններին գրեթէ ժամանակակից են այն բազմաթիւ անձնանունները, որ հայ ժողովուրդը փոխ է առել թաթար, սելջուկ և նորապարսիկ մահմետական ազգերից: Հայ ժողովուրդը ընդհանրապէս շատ լաւ գիտէր այդ լեզուները, որով շատ դիւրաւ թափանցում էր անձնանունների ներքին իմաստին և նրանց մէջ տեսած գեղեցիկ պատկերներից հրապուրուած՝ վերցնում ու որդեգրում էր նրանք: Օրինակ՝ Ասլան-առիւծ, Ջիվանշիր-մատաղ առիւծ, Բահալու — թանկագին, Բայրաք-դրօշակ, Դուլբահար-գարնանային վարդ, Գուլդաստա-վարդի փունջ, Գուլմելիք-վարդերի թագուհի, Գուլնիգար-վարդանկար, Հախբանդա-ծառայ Աստուծոյ, Հախնազար-Աստուածատես, Եթար — բաւական է, Թամամ — կատարեալ, Թանգրիղուլի-Աստուծոյ ծառայ, Թուրֆանտա — նորահաս նուբար, Խութլու-մելիք (թաթարերէն) երջանիկ կամ օրհնեալ թագաւոր:

    13. ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
    Բոլորովին նոր ժամանակի փոխառութիւններ են սրանք, որ առնուած են ֆրանսերէնից, իտալերէնից և անգլերէնից. գործածական էին բացառապէս արեւմտահայոց, յատկապէս կաթոլիկ հայոց մէջ, ինչպէս՝ Ժօզէֆ կամ Ճուզէփօ (Յովսէփ), Ճիւան (Յովհաննէս իտալական Ջիովաննի), Վալանդին, Ալբերդ, Եդուարդ, Վիքթօրիա, Էօժէն, Վէրժին, Ատոլֆ, Ռոտոլֆ և այլն, և այլն:
    Սրանցից իտալական ձեւերը արդէն անհետացան արեւմտահայոց մէջ, իսկ միւսները շատ գործածական չեն այժմ, բացի իգական անուններից, որոնք արականներից աւելի սիրելի են դարձած այն պատճառով, որ իգական անձնանունների մի ճոխ մթերք պակասում է արեւմտահայոց մէջ: Վերջին ժամանակներս Կովկաս էլ մուտք գործեցին եւրոպական անունները, ինչպէս՝ Էմմա, Էլէոնորա (կրճատ՝ Նորա), Ջուլետա, Օֆելիա, Վալենդինա, Եդուարդ, մինչև իսկ՝ Նափոլէոն, Համլէդ, Հէնրի և այլն:

      14. ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
      Վերջին ժամանակներս զուտ ռռւսական անունները սկսել են բազմանալ ռուսահայ աշխարհում (Կովկաս և մանաւանդ Ռուսաստան): Ռուսահայերից ոմանք ռուսական համապատասխան մի անուն փնտռում գտնում են իրենց վաղեմի անուան տեղ և այս ձեւով էլ գործածում առհասարակ. այսպէս՝ Նիկողոսը դառնում է Նիկոլա, Գէորգը՝ Գէորգի կամ Եգոր, Յովհաննէսը՝ Իւան, Գրիգորը՝ Գրիգորիյ և այլն:
      Այս աշխատանքը այնքան է առաջ գնացած, որ բոլորովին անհամապատասխան անուններ էլ շատ անգամ լծորդւում են իրար պաշտօնապէս, բաւական է, որ երկու բառերի մէջ նմանահնչիւն մի տառ կամ մի ձայն գտնուի:
      Այսպէս՝ Մկրտիչը դառնում է Նիկիտ, Յարութիւնը՝ Արտէմ կամ Արտոմ, Սահակը՝ Սավա, Մարտիրոսը՝ Մարտին, Վաղարշակը՝ Վոլոդիա, Արշակը՝ Արկադի և այլն, որոնք իրար հետ ո՛չ մի առնչութիւն չունեն ամենեւին: Այս «արուեստի» մէջ նշանաւոր են յատկապէս Նոր-Նախիջեւանի հայերը:
      Առանձնապէս յարգի և սովորական են փաղաքշական անունները, ինչպէս՝ Միշա (Միքայէլ), Սաշա (Աղեքսանդր), Մաշա (Մարիամ), Թոդիա (Թէոդորոս), Լիզա (Եղիսաբէթ), Կոլիա (Նիկողայոս), Կատիա (Կատարինէ) և այլն:
      Նոր ռուսական անուններ են՝ Վլատիմիր, Օլգա, Օլիա, Օլինկա, Դուսիա, Դունիա, Մարուսիա և այլն:

      15. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
      Այս անուան տակ դասաւորում եմ այն հայերէն անձնանունները, որոնք հայկական ազգային ինքնագիտակցութեան զարթնումից յետոյ սկսեցին գործածուել մեր մէջ, այն է վերջին 80-ամեակում: Այս ազգային ինքնագիտակցութիւնը, որ մերժելով զուտ կրօնական և օտար անունները, պատմութեան էջերից դուրս բերեց գրեթէ մոռացուած հայ պատմական անունները և նրանք ընդհանուր գործածութեան դրեց, չբաւականացաւ միայն դրանցով և սկսեց ստեղծել յատուկ անուններ, բոլորն էլ զուտ հայերէն լեզուով և հայ ազգային գաղափարների շրջանակում:
      Ահաւասիկ այսպիսի նոր անունների մի փոքր ցանկ — Հայաստան, Արաքսի, Մասիս, Արարատ, Արմենուհի, Հայկուհի, Ազատ, Սիրանոյշ, Վարսանոյշ, Հրանոյշ, Հրազդան, Հրայը, Հրաչուհի, Բերկրուհի, Վշտիկ, Մարտիկ (ո՛չ թէ Մարտիրոս բառից կրճատուած, այլ հայերէն մարտիկ՝ «կռուող»), Հայկազն, Հայկարամ, Աղաւնի, Արծուիկ, Յասմիկ, Քնարիկ, Արփենիկ, Ազնիւ, Սիրական, Լուսիկ, Լուսնթագ, Գեղուհի, Ազատուհի, Փայլակ և այլն:

        Անունները կախում ունեն նաև տեղից ու հանգամանքից: Հայութեան բոլոր հատուածները, թէ՛ Հայաստանում և թէ՛ գաղթավայրերում, միշտ մի միակ տիրապետութեան հպատակ չեն եղել և, հետեւաբար, մի ազդեցութեան չէին ենթարկուած: Պահլաւական անունները կարող էին Հայաստանի արեւելեան մասերում տարածուած լինել, մինչ յունական անունները՝ աւելի արեւմտեան մասերում, իսկ ասորական անունները հարաւային մասերում: Տեղական զանազանութիւնը աւելի որոշ է ներկայումս: Կովկասի հայերը գործ են ածում ռուսական անուններ, որոնցից ո՛չ մէկը չի մտած Արեւմտեան Հայաստան և գաղութները:
        Հունգարիայի, Լեհաստանի և Ռումինիայի Հայերը բնականաբար ունեն հունգարական, լեհական և ռումինական անուններ, որոնք մեր մէջ իսպառ մուտք չեն գործած:

        Հանգամանքներն էլ մեծ ազդեցութիւն ունեն անունների տարածման վրայ:
        Բարձր դասակարգը, իբրեւ նորութեան ու փայլի սիրահար, սովորաբար հինն ու բնիկը շուտ է մոռանում, օտար անունները աւելի է սիրում և նրանց առաջին փոխառուն է, մինչդեռ հասարակ ժողովուրդը իր ունեցածին աւելի հաւատարիմ է: Պահլաւական անունները առաջին անգամ ազնուական դասակարգի մէջ մտան. թագաւորները, իշխաններն ու նախարարները սիրում էին կոչուել Արշակունի ու Սասանեան արքայական տների անուններով: Ասորական, եբրայական և յունական անունները կրօնական դասակարգի մէջ մուտք գործեցին նախապէս և նրա միջոցով տարածուեցին ժողովրդի մէջ:
        Դրա համար է, որ երբ մէկը ընդունում է կրօնական կոչում, նրա աշխարհական անունը (մանաւանդ եթէ հեթանոսական է) հանում են և տեղը դնում կրօնական անուն, որ լինում է յունական, եբրայական կամ ասորական:
        Այսպէս՝ երբ Տրդատը թողեց արքայական գահը և ճգնաւոր դարձաւ, կոչուեց Յովհաննէս:
        Ռուբինեանց Հեթում սպարապետը երբ թողեց սուրը և վանք մտաւ, կոչուեց Անտոն: Այս սովորութիւնը շարունակւում է մինչեւ հիմա:
        Հայ ազգային անունները գլխաւորապէս Կոստանդնուպոլսում հնարուեցին և կամաց-կամաց դէպի Արեւելք տարածուեցին:
        Երբ ես ծնուեցի (Կոստանդնուպոլիս, 1876 թ.) կարծեմ երկրորդն էի, որ Հրաչեայ անունն ստացայ. մինչդեռ այժմ Հրաչեայ անունը սովորական է դարձել: Եթէ գնանք մի խուլ գիւղ, մեր լսած սովորական անունները պիտի լինեն եբրայական, յունական և թուրքական անունները, իսկ բուն հայկական, պահլաւական, եւրոպական, ռուսական և հայ ազգային անունները՝ հազիւ երբեք:
        Մինչդեռ Կոստանդնուպոլիս, Երեւան և ուրիշ կրթուած կենդրոններ (Թիֆլիս, Զմիւռնիա), առաջիններն արդէն անգործածական են դարձել, և աւելի այս վերջինները գոյութիւն ունեն:

        Նախորդ յօդուածում ես խօսեցի անունների ծագման մասին:
        Իմ ասածների ամփոփումը այս է.

        Անունը այն միջոցն է, որով հասարակութեան մի անդամը (անհատը) զանազանւում է մնացեալ անդամներից: Ամէն անուն մի բառ է, որ ունի իր որոշ նշանակութիւնը:

        Անունները յաճախ ազգից ազգ փոխ են առնւում և ընդհանրանում:
        Հայերը թէեւ ունեն իրենց բնիկ սեփական անունները, բայց դրանք շատ քիչ են:
        Մեր գործածած անունները մեծաւ մասամբ օտար են՝ պահլաւերէն, պարսկերէն, յունարէն, եբրայերէն, թուրքերէն և զանազան եւրոպական լեզուներով, որոնց մէջ դնում ենք նաեւ ռուսերէն անունները:

        Այժմ խօսում եմ ազգանունների մասին…

        Շարունակությունը՝ հաջորդիվ…

        Հ. Աճառյանի դիմանկարը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան)

      1. «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Բ) Հ. ԱՃԱՌՅԱՆ

        «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Բ) Հ. ԱՃԱՌՅԱՆ

        «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ», (Մաս Բ)
        Հ. ԱՃԱՌՅԱՆ

        Սկիզբը՝ նախորդ հրապարակմամբ:

        «Որեւէ լեռ, լիճ, ծով ու գետ մշտնջենական կեանք ունի. որեւէ քաղաք կամ գիւղ հարիւրաւոր ու հազարաւոր տարիների կեանք ունի. հետեւաբար և նրանց անունը ընդհանրապէս մնայուն և տեւական է: Բայց անձերի կեանքը առ առաւելն մի դարի տեւողութիւն ունի:

        Անցնում է սերունդը, փոխւում են գաղափարները, փոխւում են ազդեցութիւնները և անուններն էլ նրանց հետ միասին անհետանում են՝ տեղի տալով նորանոր ձեւերի:

        Անձնանունների տեւականութիւնը որոշ չափով կախուած է մի քանի հանգամանքներից, որոնք են.

        1. Բառի կարճութիւնը —
          Չափազանց երկար անունները շուտ են մոռացւում կամ գոնէ այնքան են կրճատւում, որ այլեւս անճանաչելի են դառնում: Աբեդնագով, Ագաթանգեղոս իրենց երկարութեան պատճառով յաջողութիւն չեն գտել կամ շուտ, են մոռացւել: Առաջինի չափ երկար է Աստուածատուր, որ թէեւ շատ սովորական
          անուն է, սակայն ո՛չ մի տեղ չի պահւած իր բուն ձեւով, այլ զանազան կրճատումներով դարձել է՝ Ասատուր, Աստուր, Աստիկ, Ասօ, Ծատուր, Ծատի:
          Առհասարակ սիրելի են երկավանկ անունները. երկուսից աւելի վանկ ունեցող անունները կրճատւում են. սրա համար է, որ Մարտիրոսը դառնում է Մարտօ, Մրտօ, Մարտիկ.— Մկրտիչը դառնում է Մկըր, Մկօ, Միկիտ, Միկիչ, Մուկուչ.— Հռիփսիմէն դառնում է Հոռոփ, Հոռոմ, Հուռի: — Եղիսաբէթը դառնում է Եղիս, Եխսա, Եխսօ, Սաբէթ, իսկ եւրոպական լեզուների մէջ էլ՝ Էլիզ, Էլիզա, Լիզա, Իզաբելլա, Զաբել, Բելա և այլն:
        2. Բառի ներդաշնակութիւնը —
          Իւրաքանչիւր ազգի և ժողովրդի գեղարուեստական ճաշակի համաձայն՝ խժալուր և տգեղաձայն համարուած անունները բնականաբար շուտով ջնջւում են, իսկ ախորժելի հնչիւն ունեցող անունները միշտ աւելի են փնտռւում:
        3. Նշանակութեան գեղեցկութիւնը —
          Անիմաստ կամ տգեղ համարուած մի անուն աւելի շուտ է հնանում և քաշւում ասպարէզից, քան թէ նշանակութեամբ գեղեցիկ մի անուն… Վարդուհի շատ հին անուն է, գոյութիւն ունէր 5-րդ դարում, յիշւում է Յայսմաւուրքի մէջ և դեռ երկար պիտի ապրի: Այսպէս նաեւ՝ Շուշան կամ Շուշանիկ: Նոյնչափ ախորժելի են Մանիշակ, Սիրանոյշ, Հրանոյշ, Վարսենիկ և այլն, մինչդեռ Ագապի, Եվպրաքսիա, Հեղինէ, Կատարինէ մոռացուած ու անհետացող անուններ են արդէն:
        4. Այն հանգամանքը, որ պատահաբար այն անունը կրող անձերը եղել են նշանաւոր և անմոռանալի մարդիկ, պատճառ է դարձել, որ այն անունները երկար ապրեն. այսպէս Աբգար, Վարդան, Հայկ, Ներսէս, Սահակ, Մեսրոպ անմոռանալի անուններ են, որովհետեւ մեր պատմութեան մէջ ունեցել ենք այս անուններով կոչուած նշանաւոր անձնաւորութիւններ: Իսկ Վասակ, Յուդա, Մերուժան՝ մեռած, անգործածելի անուններ են, որովհետեւ այս անուններով գտնուած են նշանաւոր մատնիչներ և դաւաճաններ: Անունը ինքնին այստեղ նշանակութիւն չունի. Վասակ բառը իրապէս աւելի գեղեցիկ է, քան Վարդան. բայց «ուրացող» Վասակի վատ յիշատակը մոռացնել է տուել այդ անուան գեղեցկութիւնն ու ներդաշնակութիւնը: (Երկպառակութեան պատճառով տեղի ունեցած այդ պատերազմում Վասակը՝ հաւատարիմ ազգային ակունքներին՝ Հայոց Նախնիների քաջագործութիւններով էր ոգևորում Հայորդիներին, Ղևոնդ երեցը՝ որպէս քրիստոնեայ, Հայ զինուորներին այլ ազգի նախնիներին էր հիշեցնում՝ Աբրահամին, Իսահակին… Կ. Ա.)
        5. Կրօնական կամ ազգային գաղափարները.— Սրանք ժամանակի բերմունքի համեմատ են: Կար ժամանակ, երբ կրօնական զգացմունքը կեանքի գլխաւոր վարիչն էր. այն ժամանակ անունները աւելի կրօնական էին, ինչպէս՝ Աստուածատուր, Թորոս, Կիրակոս, Մարկոս, Ղուկաս, Մատթէոս, Պետրոս, Պօղոս և այլն: Կրօնական զգացմունքը անցաւ գնաց և տեղի տուեց զուտ ազգային շրջանին: Դա էր անցեալ դարի կէսին: Այն ժամանակ կրօնական անունները այլեւս անախորժ դարձան և նրանց տեղ սկսեցին Հայ ազգային անունները — Վարդան, Երուանդ, Զարեհ, Գուրգէն, Արտաշէս, Հրաչեայ, Զարմայր, Պարոյր և այլն:

        Եթէ ուզենանք հայ անձնանունները դասաւորել իրենց ուրոյն խմբերով և ներկայացնել այն ազդեցութիւնները, որոնց ենթարկուած են նրանք մեր հնագոյն շրջանից սկսած մինչեւ այսօր, կտեսնենք, որ նրանք կազմում են 15 խումբ, որ համապատասխանում են 15 շրջանի, որոնք հետեւեալներն են՝ ժամանակագրական կարգով.

        1. ՆԱԽԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
          Նախահայկական անունները պատկանում են այն ժողովրդին, որ գրաւում էր Հայաստանը: Հայոց լեզուն, անշուշտ, շատ բան վերցրեց նրանցից. այս կարգին են պատկանում մեր տեղանունները:
          Գրեթէ ստոյգ է, որ Հայաստանի տեղանունները ամենամեծ մասամբ նախահայկական (խալդեան) փոխառութիւններ են. ինչպէս՝ Արարատ, Վան, Արճէշ, Կարին, Մասիս և այլն, և այլն, որոնք հայերէնով չեն կարող մեկնուել ամենեւին: Քիչ առաջ բերուած պատճառաբանութեամբ՝ շատ աւելի սակաւաթիւ են անձնանունները:
          Սրանց մէջ կարող ենք յիշել Արամ և Մանավազ: Առաջինը, անշուշտ, ծագում է խալդեան Արամէ նշանաւոր թագաւորի անունից (Նրանց միջև գրեթե մեկ հազարամեակի տարբերութիւն կա, Կ. Ա.): Երկրորդը շատ նման է հնչում Մենվաս արքայական անուան, բայց դա պատահական է և Մանավազ իրանական անուն է: Մի կողմ ենք թողնում այն բազմաթիւ անստոյգ ձեւերը, մասնաւորապէս նախարարական տոհմանունները, որոնք զանազան հեղինակների կարծիքով՝ ծագում են նախահայկական խալդեան անուններից:

        1. ԱՆԾԱՆՕԹ ԱՆՈՒՆՆԵՐ
          Խորենացին իր Պատմութեան Ա. գրքում տալիս է մեզ Հայ անունների մի խումբ, որոնց ծագումը բոլորովին անյայտ է: Այս կարգին են պատկանում Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, Արա, Դարդոս և այլն, և այլն, որոնք ապահովապէս հայերէն չեն, քանի որ չեն կարող մեկնուել հայերէնով: Թէ արդեօք սրա՞նք էլ պատկանում են խալդեան շրջանին և կամ հաթեան անունների մնացո՞րդ են և կամ փռիւգական որեւէ լեզուի՞ց են փոխ առնուած և կամ թէ վերջապէս Խորենացու հնարածնե՞րն են (գոնէ մի քանիսը), կարելի չէ գիտութեան այժմեան վիճակում ստուգապէս որոշել: Ստոյգ է ինձ համար, որ Մուշեղ, հայոց պատմութեան մէջ այնպէս սովորական մի անուն, փոխ է առնուած հաթեան Մուրշիլի անունից: Այս անունով են կոչւում հաթեան մի քանի թագաւորներ (տե՜ս իմ Հայոց Լեզուի Պատմութիւն, Ա. հատոր, էջ 149):
        1. ԲՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
          Բուն հայկական անունների առաջին շրջանը ընկնում է Արշակունեաց ժամանակ: Ագաթանգեղոս, Բիւզանդ, Կորիւն, Խորենացի, Փարպեցի և Եղիշէ աւանդում են մեզ այս կարգի բազմաթիւ անուններ, որոնք կրկնւում են նաև յաջորդ պատմիչների մօտ: Այս անունները զուտ հայկական են, որովհետեւ մեկնւում են հայերէն լեզուով. ինչպէս՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գիւտ, Թաթիկ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Եղբայր, Երանեակ, Զարմայր, Բազուկ, Գոռակ, Առնակ և այլն: Բուն հայկական անունների մէջ շատ սովորական են կենդանիների և թռչունների անունները, ինչպէս՝ Առիւծ, Այծեմնիկ, Կորիւն, Արտոյտ, Գառնիկ, Եզնիկ, Ցլիկ, Ընջուղ, Մրջիւնիկ և այլն:

        Բուն հայկական անունները, ինչպէս ասացինք, պատկանում են Արշակունեաց շրջանին, աւելի որոշ խօսելով՝ նախաքրիստոնէական հայութեան: Քրիստոնէութիւնից յետոյ սրանք սկսում են կամաց-կամաց տեղի տալ. Մեծ Անիշխանութեան կէսից յետոյ, արաբական տիրապետութեան և Բագրատունեաց թագաւորութեան ժամանակ չափազանց սակաւաթիւ են դառնում և Ռուբինեանց ժամանակ բոլորովին անհետանում են: 19-րդ դարի կէսից յետոյ, երբ սկսեց հայկական զարթնումը, բուն հայկական անունները նորից կենդանացան և նրանցից լաւագոյնները, այսինքն իմաստով գեղեցիկները, պատմութեան էջերից դուրս բերուելով, նորից գործածուել սկսեցին՝ ոմանք կրօնական, ոմանք էլ աշխարհական շրջանակներում, ինչպէս՝ Տիրայր, Կորիւն, Եզնիկ, Գառնիկ, Զարմայր, Երանեակ, Իշխան, բայց ոչ Մրջիւնիկ, Ցլիկ, Արտոյտ և այլն:

        1. ՊԱՀԼԱՒԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
          Պարթեւական ազդեցութիւնը հայոց վրայ չափազանց մեծ է: Պահլաւերէնը Հայ ազնուականութեան լեզուն էր. պալատականները և նախարարները այդ լեզուով էին խօսում, դիւանական յարաբերութիւնները այդ լեզուով էին կատարւում: Զարմանալի չպիտի թուայ, ուրեմն, եթէ ասենք, թէ հին հայոց անունների որոշ մասը, որոնք մենք զուտ ազգային անուններ ենք համարում, պարզապէս պահլաւական փոխառութիւններ են. այսպէս, օրինակ, Վարդան, Վահան, Բագարատ, Ատրներսեհ,
          Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Արտաշէս, Գիսակ, Գուրգէն, Անոյշ, Աշխէն, Առաստոմ, Արշակ, Սանատրուկ, Արտաւազդ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, և այլն:
          Պահլաւական անուններն էլ իրանեան տիրապետութեան անկումից յետոյ սկսեցին մոռացուել: Ռուբինեանց իշխանութեան ժամանակ ամենամեծ մասամբ ջնջուած են արդէն. մնում են միայն նրանք, որ ներկայացնում են մեր պատմութեան ամենամեծ դէմքերը, ինչպէս՝ Վահան, Վարդան, Տրդատ և այլն: Հայկական զարթնումին նորից կենդանացան նրանք և այսօրուան հայութեան ամենասիրելի անուններն են:
        1. ԱՍՈՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
          Քրիստոնէութիւնն ընդունելուց յետոյ, հայերը առաջին անգամ ընկան ասորական ազդեցութեան տակ: Յունաստանը հեռու էր, իսկ Միջագետքը շատ մօտիկ: Բազմաթիւ ասորի քարոզիչներ կային մեր երկրում, ուր նրանք իրենց լեզուն տարածում էին եկեղեցու բեմից: Եկեղեցական պաշտամունքի լեզուն ասորերէնն էր: Աւետարանը ասորերէն էր կարդացւում: Հայ երիտասարդները իրենց ուսումը Եդեսիայի դպրոցումն էին ստանում: Աստուածաշունչը առաջին անգամ ասորերէնից թարգմանուեց: Այս ժամանակաշրջանում մեր մէջ մտան մի խումբ ասորերէն անուններ, ինչպէս՝ Արշամ, Աբգար, Եղիշէ, Գադիշօ, Բարզափրան և այլն:
          Ասորական ազդեցութիւնը կարճատեւ եղաւ. շուտով վրայ հասաւ յունական և յետոյ զուտ հայկական քաղաքակրթութիւնը, որոնք խեղդեցին ասորականը: Ասորական անուններն էլ ջնջուեցին և նրանցից հազիւ մէկ-երկուսը կեանք ունեն այսօր. այն է՝ Աբգար և Եղիշէ, որոնք ապրում են շնորհիւ այն հանգամանքի, որ ներկայացնում են մեր առաջին քրիստոնեայ թագաւորի (ըստ աւանդութեան) և մեր ամենից սիրելի բանաստեղծ պատմագրի անունը:
        2. ԵԲՐԱՅԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
          Եբրայական քաղաքակրթութիւնից խորապէս ազդուած ազգերի մէջ գտնւում ենք նաեւ մենք: Ճշմարիտ է, թէ այս ազդեցութիւնը անմիջական յարաբերութեանց արդիւնք չէ և յոյների միջոցով հասել է մեզ, բայց այնքան սաստիկ է եղել այն, որ շատ տարբեր ձեւ չպիտի ունենար, եթէ անմիջական յարաբերութեան ծնունդը լինէր: Քրիստոնէութեան և Աստուածաշնչի միջոցով եբրայեցերէնից անցել է մեզ անձնանունների մի մեծ թիւ, որ 1600 տարուց ի վեր մեր ամբողջ կեանքն է լցնում:
          Ադամ, Եւա, Աբէլ, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիէլ, Գաբրիէլ, Դաւիթ, Եսայի, Յակոբ, Զաքարիա, Սողոմոն և այլն, և այլն: Հայ ժողովրդի բոլոր խաւերի համար այնպէս ծանօթ, այնչափ սովորական, այնքան հայացած և այն աստիճան ընտանի անուններն են, որ դեռ դարեր ու դարեր պիտի ապրեն. և հազիւ թէ կարելի լինի ասել, որ երբեւիցէ պիտի կարենան ջնջուել հայութեան և աշխարհի միջից:
          Եբրայական անունները անցել են մեզ Աստուածաշնչի թարգմանութեան միջոցով, և որովհետեւ մեր Աստուածաշունչը թարգմանուած է յունարէնից և ո՛չ թէ ուղղակի եբրայեցերէնից, ուստի այս անուններն էլ կրում են յունական կնիք: Այստեղ ամենացայտուն կէտը հետեւեալն է — յունարէն լեզուի մէջ չկայ «շ» ձայնը. ուստի ուր որ եբրայերէնը ունի «շ», յոյնը դնում է «ս»: Մենք էլ, թէեւ ունենք «շ» ձայնը, բայց հետեւելով յունարէնին՝ դնում ենք «ս»: Այսպէս, օրինակ՝ եբրայեցին ասում է «Երոշլիմ», իսկ մենք ասում ենք «Երուսաղէմ»: Այս երեւոյթը ընդհանուր է բոլոր եւրոպական ազգերին:
        1. ՅՈՒՆԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ
          Յոյնը քրիստոնէութեան տարածիչ և համաշխարհային քաղաքակրթութեան
          դայեակն է եղած. չկայ աշխարհիս մէջ մի ազգ, որ յունական քաղաքակրթութեանը որեւէ բանով պարտական չլինի:

        Չինացիք անգամ յունարէնից փոխառեալ բառեր ունեն: Առանձնապէս մեր ազգը ամենամեծ չափով ազդուած է յոյներից: Եթէ մեր նախաքրիստոնէական քաղաքակրթութիւնն ամբողջապէս պարթեւական քաղաքակրթութիւնն էր, մեր յետքրիստոնէական քաղաքակրթութիւնն էլ լիովին յունական է: Մեր գրականութեան մի մասը յունականի ընդօրինակութիւնն է. մեր առաջին գրքերը յոյն հեղինակներից են թարգմանուած. և այս բանը շարունակուել է
        մինչեւ Ռուբինեանց թագաւորութիւնը: Աստուածաշունչ, Աւետարան, Մաշտոց, Վարք Սրբոց, Յայսմաւուրք, Խորհրդատետր՝ յունարէնից են թարգմանուած կամ յունականի օրինակով խմբագրուած:
        Այսպիսի խոշոր ազդեցութեան բնական արդիւնքն է նաեւ յատուկ անունների մի առատ թիւ, որ 4-րդ դարից սկսած մինչեւ այսօր տիրապետում է հայ կեանքի վրայ. օրինակ՝ Անաստաս (յարութիւն), Ղեւոնդ (առիւծ), Վասիլ (թագաւոր), Գէորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Թէոդորոս (աստուածատուր), Փիլիպոս (ձի սիրող), Կիրակոս (տէրունի), Հռիփսիմէ (անկեալ), Ագապի (սէր), Ստեփան (պսակ) և այլն»…

        Շարունակությունը՝ հաջորդիվ…