Կյանքի, տիեզերքի, արարման, ինքնաճանաչման հարցերի շուրջ մտորումները, Բնության առեղծվածները բացահայտելու, ըմբռնելու ցանկությունը հազարամյակներ ի վեր ստիպում են մարդուն խորհելու, ճշմարտությունը փնտրելու, գոյությունն իմաստավորելու…
«Չմտածող մարդու համար ամեն բան պարզ է. նրա մտքովը չի անցնում «ինչո՞ւ» հարցը… Բայց մեկը, որ մի անգամ դնում է «ի՞նչ», «ինչու՞» հարցերը, նրա երջանկությունը մարում է, և աշխարհը սկում է գաղտնիքների մեջ… Բայց մտածող մարդու համար երջանկությունը ճշմարտության գտնելն է… Մի անգամ ճամփա մտնողը պիտի շարունակե հասնել նրա վերջին — Նիրվանային… Ուրիշ բան էր, եթե մենք ճամփա չմտնեինք, մնայինք անասուն — հիմար և երջանիկ…»,- գրել է Ավետիք Իսահակյանը 1895 թվականին:
Աշխարհի գաղտնիքները մեկնելու ձգտման փոխարեն «անգիտության մեջ ուրախ ու երջանիկ ապրելու» պատրանքին անդրադառնալով, նա աշխարհընկալման խնդրի կարևորությունն է արծարծում չինական մի խորիմաստ պատմությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
ՇԻ-ՀՈԱՆԳ-ՏԻ ԲՈՂԴԻԽԱՆԸ (Ն.թ.ա. 200 թ.)
«Երկնային պետության տերը՝ Շի-Հոանգ-Տի Բողդիխանը՝ երկնքի պես հպարտ ու բարձրամիտ, նստել էր փղոսկրե գահույքի վրա՝ մռայլ և դաժան: Նրա աչքերի մեջ մրրկում էր զայրացկոտ Դեղին ծովը, անդուլ ճանկռում էր Չինու ափերը: Եվ նրա խոժոռ ճակատի վրա կնճիռները Գոբի անապատի օձերի նման գալարվում էին: Բազմել էր նա մտատանջ և դժնատեսիլ, ինչպես մթագին ամպը, որ շանթ ու որոտ ունի կրծքում խտացած: Նրա գահույքի պատվանդանի ներքև՝ հատակի վրա գետնատարած, ինչպես մրրիկի առջև արտերն են լինում, անհույս ճակատները մարմարե սալաքարերին սեղմած՝ սասանել էին չինական աշխարհի բոլոր գիտունները և իմաստունները — չորս հարյուր հիսուն ալեծածան գլուխներ:
Եվ որոտաց Բողդիխանը:
Արդյոք այրվե՞ց, ծուխ ու մոխիր դարձա՞վ Ոգիների աշտարակի վրա հոխորտացող աստղադիտարանը:
Այո՜, երկնքի ու երկրի տեր, այրվեցին, ծուխ ու մոխիր դարձան աշտարակն ու դիտարանը քո աստվածային հրամանի համաձայն, — ահաբեկ պատասխանեց մեծ նախարարապետը՝ ճակատը մինչև հատակը բախելով:
Նորից որոտաց Բողդիխանը:
Արդյոք այրվեցի՞ն, ծուխ ու մոխիր դարձա՞ն այն մատյաններն ու մագաղաթները, որոնք գտնվում են իմ գայիսոնի ներքո, որոնք ճգնում են տիեզերական գաղտնիքներն ու պատճառները լուծել, բայց որոնք խաբում են ու մոլորեցնում մարդկային ոգին միայն:
Այո՛, երկնքի՛ արև, երկրի՛ երկինք, աստվածների՛ որդի, ամեն ժամ հավաքվում են մատյանները և այրվում քո երկնափայլության ապարանքի հրապարակի վրա, քո ամենակարող կամքի համաձայն, — պատասխանեց մեծ նախարարապետը՝ ճակատը հատակին քսելով:
Հիմա դուք ինձ ասացե՛ք, ո՛վ գիտուններդ և իմաստուններդ,- դարձավ Բողդիխանը նրանց, — դու՛ք, որ քրքրում եք երկինք ու երկիր, մարդկային հոգին ու կենդանու հոգին, և ամեն ինչ: Ասացե՛ք, ինչու՞ համար է ապրում մարդը, ի՞նչ է կյանքի նպատակը, որտեղի՞ց ենք գալիս մենք, ու՞ր ենք գնում մենք, ի՞նչ է նյութը, ի՞նչ է ուժը, և ինչու՞ են դրանք, պատասխանեցե՛ք ինձ:
Ասացե՛ք, ի՞նչ է տիեզերքը, ինչու՞ ստեղծվեց նա, ե՞րբ է նրա սկիզբն ու վախճանը, և վերջապես, ի՞նչ է ժամանակն ու տարածությունը, և ինչու՞ են դրանք…
Տիրեց անապատային խորին լռություն:
Դու՛ ասա, ո՛վ ծերուկ, որ ավագն ես գիտուններիդ մեջ,- դիմեց նա զառամյալին:
Այս դու մեզնից բյուր անգամ լավ գիտես, ո՛վ մեծդ Բողդիխան, դու՝ արքաների արծիվ, որ երկնքի որդին ես և արևից իջած,- երկյուղագին պատասխանեց ծերունին:
Եթե չգիտեք, ապա ինչու՞ եք գրում և կաճառներում իրար կոկորդ պատռում: Շուտ պատասխանի՛ր:
Տե՛ր իմ ամենահզոր… Մենք կարող ենք պատասխանել, բացատրել, եթե հաճելի է քո երկնային ականջներին, շատ բաներ, բայց թե «ի՞նչ է և ինչու՞ համար է» — չե՛նք կարող: Այնքան մեծ է, սոսկավիթխար, անպարունակ և անպարփակ տիեզերքը, որ մենք նման ենք այն անձին, որ կանգնած անծիր օվկիանի ափին՝ մի շիթ միայն վերցրած նրանից, կշռում է այդ շիթը ամբողջական օվկիանի ծանրությունը իմանալու համար: Անզո՛ր է մարդը՝ ընկերը տիղմում սողացող որդերի: Ամենայն երևույթ, ամենայն առարկա իր պատճառն ունի և իր հետևանքը, մենք կանգնած ենք պատճառների սանդուղքի մի անհայտ աստիճանի վրա. երբ պատճառները քրքրելով իջնում ենք աստիճան առ աստիճան դեպի խորախոր անդունդները տիեզերքի, մեր միտքը հալչում է ու ցնդում, ինչպես անձրևի կաթիլը կիզող արեգակի առաջ… Ոչ ոք չի՛ կարող իջնել մինչև առաջին աստիճանը, որովհետև նա չկա… Աստվածների՛ մեծ շառավիղ, այն բոլորը, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք կամ լսում՝ ծնունդ են տիեզերական Մայր Պատճառի, մայրը բոլոր պատճառների: Պատճառականության շղթայի մի՛ օղակն է միայն մեր ձեռքում, իսկ մյուս անհամար, անթիվ օղակների շղթան թաղված է անհունության մեջ: Ոչ ոք երբեք չի՛ կարող և չպիտի՛ կարողանա հասնել առաջին օղակին, որովհետև նա չկա՛…
Ինչի՞ս է պետք այն, ինչ որ ես տեսնում եմ, լսում եմ ու շոշափում. երեխան իսկ գիտե և հասկանում է իրերը այնպես, ինչպես ինքն է զգում կամ երևակայում: Տիեզերական բովանդակությունը ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ նրա էությու՛նը իմանալ: Ժամանակի և տարածության պատճա՛ռն եմ ուզում իմանալ: Պատասխանեցե՛ք ինձ և կամ մեռե՛ք բոլորդ:
Ամպրոպի նման որոտաց Բողդիխանը, և բովանդակ ապարանքը դղրդաց, և նրա դաժան աչքերի դեղին ծովերը փոթորկեցին մոլեգին…
Լոտոսի տերևների պես դողացին բոլոր գիտուններն ու իմաստունները:
Երկնքի՛ որդի, ամենաբարի՛ ոգի, տե՛ր մեր կյանքին ու մահին, սուրբ է քո կամքը, և քո տենչը դեպի իմացականությունը՝ նվիրական, բայց ինքը՝ մեծն Սաքիա-Մունին՝ Հիմալայը խոկման, ինքը՝ մեծն Կոնֆուցիոն, որոնց բերանով ինքը՝ ժամանակի և տարածության, հավերժության և անսահմանության աստվածն է բարբառում,- նրա՛նք նույնիսկ անկարող եղան բարձրացնել տիեզերական անհասանելի գաղտնիքների վարագույրի ամենաչնչին ծա՛լքն անգամ…
Դուք ամենքդ պիտի մեռնե՛ք, եթե չմեկնեք ինձ լլկող, չարաչար կեղեքող հարցերը,- մռնչաց Բողդիխանը,- դուք ամենքդ պիտի մեռնե՛ք…
Զայրույթից և հուսահատությունից ըմբոստացած՝ ծառացավ ավագ իմաստունը, գավազանը խփեց մարմարյա հատակին, թոթվեց ալեհեր բաշը և խրոխտացավ Բողդիխանի ճակատն ի վեր:
Ստրուկների՛ տեր… անհուն է, անսկիզբ, անվերջ անափ, անըմբռնելի տիեզերքը իր ժամանակով և տարածություններով, անհամար աստղեր ու արևներ են ծնվում ու մեռնում, ինչպես վայրկենական երևույթներ հավերժության մեջ, ինչպես մանր խխունջներ օվկիանոսի մեջ: Տիեզերքը լցված է արևների ավելի շատ հույլերով, մոլորակների ավելի անթիվ երամներով, քան մեծազոր մեր արքայի հսկայական շտեմարանները բրնձի հատիկներով, քան փեթակները մեղուների պարսերով… Եթե արքան ստրուկներիս՝ կարողանա գտնել հրեղեն, թևավոր նժույգին, որը եթե կարողանա լույսից և մտքից ավելի արագ՝ մի հազարերորդական վայրկյանում հասցնել արքային հեռավոր արեգակին և անցնել այն կողմը և նույն թափով անհամա՜ր, անհամա՜ր դարեր արշավել տիեզերական տարածությունների միջով՝ այն ժամանակ մի մազ անգամ առաջ գնացած չի լինի արքայի գահույքի մոտից… Այդքան ահագին է և անըմբռնելի է տիեզերքը… Այլևս մենք ոչինչ չենք կարող ասել, սպանի՛ր մեզ, դու՛, որ երկնքի որդին ես, դու՛ պիտի գիտենաս այն, ինչ որ մենք չենք կարող գիտենալ…
Լռեց ծերունին. Բողդիխանն առավ մռայլ ճակատը ափերի մեջ և խորհում էր:
Տիրեց ծանր ու երկար մղձավանջային լռություն: Ապա Բողդիխանը առանց ճակատը բարձրացնելու՝ անդրաշխարհային ձայնով շշնջաց.
Տարե՛ք սրանց ամենին գլխատման հրապարակը: Նախարարապետը գլուխ իջեցրեց Բողդիխանի առջև, և բոլոր գիտուններին և իմաստուններին դուրս տարան գլխատելու:
— Մյուս օրը Բողդիխանի հրամանով ներկայացավ նախարարապետը և հայտնեց, որ ամենքը գլխատված են արդեն:
Այն ժամանակ շանթերով փայլատակեցին Բողդիխանի մռայլ աչքերը, և հրամայեց նախարարապետին.
Հրովարտակեցե՛ք մեր պարիսպներից մինչև դարբասները երկնածրար Հիմալայի և մինչև ափերը մեծ օվկիանոսի, որ այսուհետև երկնային պետության սահմաններում չպիտի՛ գրվի ոչ մի գիրք «Ինչի՞» և «Ինչու՞»-ի մասին, չպիտի՛ խորհվի կյանքի նպատակի մասին, չպիտի՛ հարցվի պատճառների պատճառի մասին, իրերի սկզբի և վախճանի մասին, չպիտի՛ քննվեն տիեզերական գաղտնիքները, և մանավանդ, ո՛չ մի շշուկ ժամանակի-տարածության առեղծվածի մասին: Երբե՛ք: Երբե՛ք: Հրովարտակեցե՛ք աշխարհե-աշխարհ, որ Շի-Հոանգ-Տի Բողդիխանը սպանեց Ոգին ու Միտքը: Կեցցե՛ կյանքը անգիտակ և բնազդային: Թող ապրի իմ ժողովուրդը առանց Ոգու և Մտքի՝ անգիտության մեջ ուրախ ու երջանիկ, թող կենսաբաշխ արևի տակ սիրե, աճե և զվարճանա:
Երեկոյան պալատականները գտան Բողդիխանին գահույքի վրա մեռած՝ դաշույնը սեփական ձեռքով իր սրտի մեջ խրած»:
«Իմաստասեր ոմն աղքատ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց. — Ո՜վ որդիներ, իմ հայրերի (նախնիների, Կ. Ա.) բազում գանձ կա պահված մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տա ձեզ, ով աշխատի և ամենախորը փորի՝ նա կգտնի գանձը: Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին մեծ աշխատությամբ ջանալ և խորը վարեցին, և ամեն մեկը ձգտում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ սկսեց այգին աճել ու զորանալ և առատ պտղաբերեց և ելան գանձերը»:
Դարեդար փոխանցված առակի գրաբարյան տարբերակը՝ «Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ. — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի եւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն: Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն: Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ»:
Հայկեան Սրբազան ուսմունքին հավատարիմ՝ Հայոց Նախահայրերի կերտած ժառանգությանը՝ «ծածուկ գանձերին» ծանոթանալու, Նախնյաց խորհուրդը բացահայտելու հնարավորությունն այսօր ընձեռում է Հայկեան Միաբանութիւնը:
Մեր Նախնիների ժառանգած իմաստնությունը՝ ամփոփված Հայկեան Սրբազան Ուսմունքի հակիրճ տողերում, զինում է հազվագյուտ գիտակներին՝ դիմակայելու համար կյանքի հարափոփոխ իրադարձությունները…
Այն օգնում է ուսմունքի հետևորդներին՝ առօրյա բազմաբնույթ իրավիճակներում ճիշտ, խելամիտ որոշումներ կայացնելու, բարին ու չարը տարբերելու, կարևորը երկրորդականից զատելու, սեփական ազդեցության ոլորտից դուրս գտնվող հարցերի փոխարեն կենտրոնանալու և լուծելու այն խնդիրները, որոնք իրենց տիրապետության ներքո են:
Պատերազմական իրավիճակում գտնվող մեր ազգի համար Հայկազունների իմաստուն ուսմունքն իրական զենք է՝ հաղթարշավի գրավական:
…«Ալին ու Վալին դուրս քաշեցին ատրճանակները և ուզում էին կրակել, երբ Չատոն զգուշացրեց նրանց՝ ասելով. — Ձեռք չտա՛ք, սրանք Սասունցինե՛ր են, որ կատաղեցին՝ կտան ձեր գլուխը արյունլվա կանեն: Բավական է, որ մի կրակոց լսվի և ամբողջ գավառակը ոտքի վրա է: Սրանց երկու գյուղը տարիներ առաջ յոթ գդալի համար ջարդուփշուր արեցին խաբկանցի քրդական ցեղին»,- հիշեցնում էր Խաչիկ Դաշտենցը՝ Տարոն Աշխարհի, Սասնա լեռների, իր աննկուն ազգակիցների կարոտով հյուսված «Խոդեդան» վեպում:
Պատվախնդիր ու քաջասիրտ Հայ լեռնցու և շինականի փառաբանմանը նվիրված «Ռանչպարների կանչ»-ում նույն հեղինակը՝ Դաշտենցը գրում է.
«Սպիներ կան Ալիզոնանցի Մուքոյի և Մշեցի Տիգրանի թիկունքին: Իսկ ո՞վ է հաշվել Սպաղանաց Գալեի, Փեթարա — Մանուկի և Փեթարա Ախոյի վերքերը: Օ՜, եթե բաց անեք քեռի Մակարի թիկունքը… Այնտեղ կան նոր սպիներ և կան հին սպիներ, որ մնացել են դեռևս հռչակավոր «Յոթ Գդալի» ժամանակներից»…
…«Մենք արագ քայլերով անցանք Հավատորիկի սարերը և թրջվեցինք Քոփ գյուղի վրա:
Ահա Դուքանե Զեֆրան՝ Շենիքի գլուխը, — ասաց Սպաղանաց Մակարը, ձեռքը ուղղելով դեպի Շենիկցիների հեռավոր ամառանոցը՝ Կուրտիք լեռան լանջին: — էնտեղ եղավ «Յոթ Գդալի կռիվը», — շարունակեց ծերունին: 1882 թվականի ամռանը Շենիկցիների ամառանոցից փախցրած յոթ գդալի պատճառով շաբաթներ տևող մեծ կռիվ է ծագում խոշկանցի զինված քրդերի և Հայերի միջև: Շենիքցիներին հաջողվում է իրենց լեռներից վռնդել խոշկանցի աղաներին և վերադարձնել բռնագրաված գդալները: Քեռի Մակարն ասաց, որ ինքը մասնակցել է Շենիկցիների այդ ճակատամարտին և իր թիկունքին երկու հին սպի ունի այդ տարիներից մնացած: — Էն օրվանից չախմախլին իմ ձեռքից չի իջել, — ավելացրեց ծերունին» (Խ. Դաշտենց, «Ռանչպարների կանչը»):
«Շէնիկցիք սովորութիւն ունէին ամառը բարձրանալ Կուրթըգ լեռը՝ իրենց հաւ ու ճիւով, իրենց ոչխարով ու տաւարով, կին ու երախայով: Կիներն ու երախաները կ՝ապրէին մեծ վրաններու տակ, լեռներու կատարները, մինչ իրենց տղամարղիկ, մեծ մասով, կը մնային գիւղը զրաղուելու համար իրենց դաշտային աշխատանքով: Միայն հովիւներն ու դաշտային աշխատանքի անընդունակները կ՝անցկացնէին լեռները՝ օգնելով կիներուն: Շէնիկցիներու սահմանակից լեռները կը բարձրանային նաեւ հեռու Միջագետքէն եկած քրտեր եւ տեղացի ու Տիարպէքիրցի աշիրէթներ:
Այդ աշիրէթներէն Խալկանցիք, մօտ 35 զինուած քրտեր, կուգան Շէնիկցիներու զօզան (ամառանոց), եւ ըստ սովորութեան կը հիւրասիրուին Շէնիկցի կիներու կողմէ՝ կաթ ու մածունով, սէր ու պանիրով ու թանապուրով: Քրտերը՝ ուտել կշտանալէ ետք, կը մտածեն վիրաւորել Շէնիկցի Հայերը եւ վերցնելով եօթը դգալ, կը պահեն իրենց քոլօզի փուշիի ծալքերուն մէջ, որ կը նշանակէ արհամարհել Շէնիկցին: Տանուտէր Մօսէի մայրիկը, նկատելով այդ, կ՝ապտակէ դգալները վերցնող քիւրտը եւ ետ կը պահանջէ զանոնք: Քրտերը կը սկսին ծաղրել եւ արհամարհանքով կը մերժեն կատարել հիւրասէր տիկնոջ պահանջը, նոյնիսկ հարուած մը կը հասցնեն անոր: Ասոր վրայ հաւար կ՝իյնայ Շէնիկցոց ամբողջ վրանները: Եւ ահա, կին ու երախայ, ծեր ու հովիւ՝ քար ու փէտով, իսկ տղամարդիկ՝ իրենց չախմախլու հրացաններով, վրայ կը փրթին ազատելու եօթը դգալները:
Քրտերը կը նկատեն, որ շատ տղամարդ չկայ, ներկայ են միայն քանի մը հովիւներ եւ պատահաբար վրայ հասած երիտասարդներ. ուստի կը յամառին ետ տալ դգալները: Կը սկսուի կատաղի կռիւ մը, որու ընթացքին կը սպանուին 4 քիւրտեր եւ 1 Հայ: Բայց դէպքը ասով չի վերջանար: Հաւարը կը հասնի մինչեւ Շէնիկ գիւղը, եւ զինուած տղամարդիկ օգնութեան կը փութան, կը բռնեն ամրացած քրտերու թիկունքը եւ կը ստիպեն վերադարձնել եօթը դգալները՝ բնաջնջումէ ազատուելու համար:
Սակայն ասով կռիւը դարձեալ չի վերջանար: Հաւարը կը հասնի նաեւ քրտերու մօտակայ զօզան, եւ ահա՛ անոնք եւս մեծ խումբերով կուգան օգնել իւրայիններուն: Կռիւը կը տաքնայ եւ կը շարունակուի մինչեւ ուշ գիշեր: Լուսաբացին կոխը կը վերսկսուի եւ աւելի՛ մեծ ծաւալ կը ստանայ: Շէնիկցոց օգնութեան կուգան Սասունի միւս գիւղերը, իսկ քրտերուն՝ անոնց միւս աշիրէթները: Կռիւը տեղի կ’ունենայ փոփոխակի յաջողութիւններով եւ կը տեւէ շաբաթներ: Վերջ ի վերջոյ Հայերը կը յաջողին լեռներէն քշել քիւրտ քոչւորները եւ անոնց ոչխարներն ու մալը լեցնել հովիտներու մէջ: Քրտերը կը ստիպուին հաշտութիւն խնդրել, որ եւ տեղի կ՝ունենայ քահանաներու, իշխաններու, շէյխերու եւ թoռուններու երաշխաւորութեամբ: Քրտերը կը բաւարարեն վիրաւորուած եւ սպանուած Հայերու ընտանիքները ոչխարով եւ արջառով:
Մինչեւ հիմա ալ Սասունցին դեռ պարծանքով կ՝երգէ եօթը դգալի կռիւը, ողբը ընելով ինկած հերոսներուն եւ գովքը ընելով քաջերուն»…(Մեջբերումը՝ «Հայ յեղափոխականի մը յիշատակները», «Հայրենիք» ամսագիր, Ա տարի, թիւ 5, մարտ, 1923 թ., Պոսթըն):
«ԱՐԻՈՒԹՅՈՒ՛Ն — ՀԵՏ ԱՅՍՈՒ ՍԱ՛ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ»…
Վերջին երեք տասնամյակներին Հայաստանում իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության աղետալի հետևանքներն ու դրանց հանդուրժումը հիշեցնում են Հայ ազգի լավագույն զավակների՝ պարբերաբար հնչեցրած ահազանգները, իմաստուն, խոհեմ ու քաջ լինելու նրանց կոչերը…
«Ներքին թշնամին… …Այս է, այսպիսին է մեր ներքին թշնամին, որը այնքան սև դարեր և օրեր է ապրեցրել Հայութեան, որը քանիցս ու քանիցս ներսէ՛ն է պայթեցրել մեր բերդերը և հեշտացրել օտարների մուտքն ու իշխանութիւնը Հայաստանում:
Արիութիւն — յետ այսու սա՛ պիտի լինի Հայ մարդու կոչումը: Վահագնի՛ հետ պիտի խօսի Հայ մարդը հիմա — Աստուածը հին Հայոց, Աստուածը Արիութեա՛ն և Յաղթանակի՛» (Գ. Նժդեհ):
Ազգային մշակույթին, Նախնիների ստեղծած աշխարհայացքին հավատարիմ մնալն ու ազգային արմատներով զորանալու կարևորությունն էր շեշտում տասնամյակներ առաջ Գ. Նժդեհը՝ հիշեցնելով Հողից վերստին հզորացող առասպելական Անթեյին:
«ժողովուրդ — դա Անտէյն է առասպելական: Պարտւում է նա, հէնց որ կտրուեց հողից: Իսկ այդ վերջինը՝ Հայրենի հողը, խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ի՛նքը՝ ժողովու՛րդը»:
«Փորձեցէ՛ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, և դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի»:
Եվ քանզի, Նժդեհի խոսքերով, «Ներազգային կեանքում սպանում է ոչ միայն սուրը, թոյնը, այլև՝ անտարբերութիւնը», հարկ է, որ սրտացավ վերաբերմունքով վերստին դեպի Ազգային արժեհամակարգն ուղեկցենք մեր բոլոր այն ազգակիցներին, որոնք, ճակատագրի բերմամբ, անհաղորդ են մնացել մեր Նախահայրերի կերտած ժառանգությանը:
«…Ցեղային անլիարժէքութեամբ տառապողները — յիմարանում են ազգովին, խորթանում, ստրկանում, իրենց իսկ հայրենիքում ձեռքից հանելով սեփական ճակատագրի ղեկը: Հոգեւոր միութիւնը խախտուած նման հասարակութեան մէջ անհատը՝ անհաղորդ ցեղին, իր ազգային ընդհանրութեան, ճանաչում է մի հատիկ իրականութիւն միայն — նիւթականը, ժխտում ամէն կարգի գերագոյն արժէք եւ բարոյական պատասխանատուութիւն: Նման հասարակութեան մէջ բարոյապէս հրէշանում է անհատը եւ դառնում գործակալը իր ազգին սպառնացող վատասերումի եւ մահուան:
Ուշի ուշով դիտէ՛ք նման ազգերի կեանքը եւ պիտի տեսնէք, որ այդ դժբախտներին ամէն բանից առաջ պակասում է մի մեծ առաջնորդող գաղափար, մի մահացու պակաս, որի դէպքում բազում երկրորդական պարազիտային գաղափարներ շարունակում են ծծել այդ ազգերի հոգեւոր կորովը, նրանց ոյժերը: Այդ երկրներում իշխում են միջակութիւնը, տգիտանքն ու նախանձը — բռնակալութիւններից ամենակործանարարն ու ամօթալին:
Նման ժողովուրդների ճշմարիտ փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ եւ դինամիկական գաղափար, մի արեւ — գաղափար գալիս է իրեն ենթարկելու գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական ու երրորդական գաղափարները:
Կա՞յ մեծ գաղափարը — դա ասել է՝ այլեւս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, խարխափումներին, ներքին թշնամանքին, իրերակերութեան:
Նման գաղափարը՝ միշտ էլ վերանորոգչական՝ իր հետ բերում է խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով, ոգու լիութիւն, միութեան ծարաւ, որով եւ՝ վերակառուցում է քանդիչ ոյժերի կողմից պառակտուած ազգը: Այդ մեծ, փրկարար գաղափարը Հայ կեանքում հանդիսանում է Ցեղակրօնութիւնը, որի միջոցաւ միայն կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել Ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից»…
«…Հայուն յատուկ է սրբութեան զօրաւոր զգացումը՝ աղբի՛ւրը հոգեւոր անսպառ ուժի, նուիրումի, պաշտամունքի: Նրա համար բարձր ստորոգութեան առարկաները — Հայրենի հող, Նախահայրեր, Մայրութիւն — վերացարկուելով մարդկայինից՝ դառնում են սրբազան: Վերաբերմունք դէպի այդ կարգի առարկաները — ահա՛ մի այլ փորձաքար, որի վրայ ճշտել կարելի է ժողովուրդների նկարագրի մետաղը»:
«…Կայ ե՛ւ բարոյական հերոսութիւն՝ ժպտա՛լ, ժպտա՛լ գիտենալ անգամ ամենաանմարդկային տառապանքների մէջ՝ այն կրելով իբրեւ բարձրագոյն պատուանշան, իբրեւ առիւծի մորթի, որ հնում հերոսների՛ն էր տրւում»…
«Հայն իր Վահագնը ունէր — աստուա՛ծը քաջութեան: Քաջ եւ քաջապաշտ է նա: Հոգեկան այդ պաթոսին՝ քաջութեան կը պարտի Հայը իր բազմավտանգ գոյութիւնը: Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները: Սրանցից է Հայը՝ գերազանցօրէն: Հեթանոս Հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում»…
«…Հայն իր ամենասիրելի ու սրբացրած հերոսին անուանել է «քաջ», եւ այսպիսով տուել իր գերագոյն գնահատականը ոչ միայն քաջին, այլեւ՝ քաջութեան, ընդհանրապէս»:
«Ցեղօրէն անկախ ապրելու եւ ստեղծագործելու՝ եւ ոչ ժամանակաւոր կեանք մուրալու համար Հայ ժողովրդի հաւաքական ոգու մէջ հրամայողաբար յարութիւն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզօր Դիցի: Վահագնի համար տաճարնե՛ր պիտի բարձրանան Արարատյան դաշտում, Սյունիքում, Արցախում, մեր գաղութններում, ամէն տեղ, ուր կ՛ապրի Հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի Արիությու՛նն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»։
«Արիացի՛ր, արիացո՛ւր»՝ սա՛ պիտի լինի մեր օրուայ նշանաբանը: Վահագն — Աստուած, արիապաշտութիւնը — նոր կրօն, Հայ մարդն — Արի՛, եթէ չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջիլ մեզնից արիներին»… (Մեջբերումները՝ Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2006 թ.):
Պատմում են, որ միջնադարյան դղյակի մի թևում բանտարկված ու առավոտյան իր մահապատժին սպասող բանտարկյալին գիշերն այցելում է թագավորն ու հայտնում, որ նրան փրկության մի հնարավորություն է ընձեռում՝ եթե նա հաջողի գտնել միակ ելքն ու փախչել: Հակառակ դեպքում՝ լուսաբացին կիրականացնեն վճիռը:
Եվ նրա շղթաներն արձակելուց հետո հեռանում է թագավորը:
Բանտախցում իրականացված փնտրտուքների արդյունքում՝ գետնին փռված հնամաշ գորգի տակ թաքցված մի ծածկ-կափարիչ է հայտնաբերում բանտարկյալն ու, փրկության հույսով, այն բացում: Դեպի ստորգետնյա նկուղ տանող աստիճաններն էին այնտեղ, ու նա անվարան իջավ: Ներքևում մի այլ աստիճաններ էին՝ դեպի վերև մագլցող… Կրկին վեր բարձրանալով՝ նա զգաց դրսի քամու շունչն ու բաղձալի ազատության հույսով պարուրվեց, մինչև հասավ դղյակի աշտարակի վերնամասը՝ հայտնվելով այնքան բարձր, որ գետինը հազիվ էր նշմարվում:
Ոտքով հարվածեց պատին ու զգաց, որ ոտքի տակի քարը շարժվում է: Մի քանի փորձից հետո նկատեց, որ կարող է այն տեղաշարժել ու, քարը մի կողմ հրելով, մագլցելու հնարավորություն ընձեռող՝ բացված նեղ նկուղով սողալով առաջացավ: Շուտով ջրի ձայն լսվեց ու մի հույս ծնվեց, որ դեպի գետը տանող ելքն է գտել: Սակայն միայն երկաթե ճաղերով փակված պատուհան նա գտավ, որից այն կողմ գետն էր երևում…
Այստեղ ու այնտեղ, տարբեր անկյուններում ողջ գիշեր ազատման ելքն ապարդյուն փնտրելուց հետո, ի վերջո, արևը ծագեց ու պատուհանից ներս թափանցած ճառագայթը լուսավորեց իրեն կրկին այցելած թագավորի դեմքը:
— Ես քեզ դեռ այստե՛ղ եմ տեսնում,- դռան մոտից ասաց թագավորը:
-Ինչու՞ ինձ խաբեցիր, ո՜վ թագավոր,- հարցրեց բանտարկյալը:
-Ես քեզ հետ ազնիվ եմ եղել,- պատասխանեց թագավորը:
-Ես բանտախցի բոլոր անկյուններում փնտրեցի ու ո՛չ մի ճանապարհ առանց փորձարկման չթողեցի: Որտե՞ղ է քո նշած ելքը…
-Բանտախցի դուռը բա՛ց էր, փակ չէ՛ր,- պատասխանեց թագավորը…
Երբ որոշ խնդիրներ ստիպում են նվաստանալով ընկրկել կամ ապստամբելով հաղթանակել՝ ելքի, հանգուցալուծման ընտրությունը չի ուշանում…
Դժվարությունների պահին, անելանելի թվացող իրավիճակներում ընկճվելն ու հուսահատվելը երբեք պայմանների բարելավման գրավական չեն: Հաջողության են հասնում միայն աննկուն պայքարով, սթափ ու ըմբոստ ոգով մերժելով պարտադրվածը… Հատկապես, երբ հաճախ «դուռը բաց է»…
ԱՆԻ — «ՆԱԽՈՐԴԸ ԱՎԱՆԴՈՒՄ Է ՀԵՏՆՈՐԴԻՆ. ԱՀԱ՛ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»…
Խորունկ կիրճերի եզրերը զարդարող բնական ու արհեստական քարայրներով ու անձավներով, ճարտարապետական հոյակերտ կառույցներով, հուժկու պարիսպներով ու ստորգետնյա խորհրդավոր ցանցով Անի քաղաքն իր ճոխությամբ ու հմայքով գերել է ականատեսներին դարեր շարունակ… Անին մեծ անակնկալ էր նաև 20-րդ դարի առաջին տարիներին այնտեղ այցելած մի խումբ Հայ մտավորականների համար:
Նրանցից մեկը՝ 1864 թվականին Շապին Գարահիսարում ծնված, իր կյանքի 30 տարիներն անխոնջ նվիրումով հայրենի երկրի ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրած բազմավաստակ ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր՝ «Զվարթնոց եկեղեցին» հոդվածում գրել է. «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»…
«…Անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը: Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը` հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ: 1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը՝ ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից՝ դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը» (Հովիկ Չարխչյան):
Արտաշես Վրույրն իր «Անիում» հուշագրությունն ավարտում է հետևյալ պատկերով:
…«1932 թվականին «Բանվորական թատրոնը» հյուրախաղային ներկայացումներով գտնվում էր Անի-Պեմզայում: Մի օր թատրոնի բրիգադան ցերեկային բացօթյա ելույթ ունեցավ Խարկով գյուղում: Ելույթից հետո սահմանապահների ուղեկցությամբ մոտեցանք Ախուրյանի ձորի շուրթին, Անիի դիմաց: Ես կարկամել էի ու արձանացած դիտում էի: Իմ դիմաց Ավերակների քաղաքն էր: Երկար տարիներից հետո կրկին տեսնում էի երազանքիս առարկան: Սգավոր քաղաքը, ծանր խորհուրդների մեջ թաղված, իր կանգուն ու կիսականգուն գեղակերտ կառույցներով փռված էր իմ առջև: Գանգիս մեջ պտտվում էին իմ օրերի Անին, իր նոր բնակիչներով, իր նոր շնչով… Մանկական ու պատանեկան կյանքիս քաղցր օրերով… Հուզմունքը խեղդում էր ինձ:
Խարկով գյուղից դեպի Անի բացվող մի տեսարան
Վերադարձին ես Խարկովում հանդիպեցի Ագոյին. դա մեծ ուրախություն պատճառեց մեզ երկուսիս: Մեր հանդիպումը ջերմ էր: Ինչպես երկու պանդուխտներ, երկար ու ձիգ տարիներից հետո պատահմամբ հանդիպում են իրար և իրենց երկրի կարոտը առնում միմյանցից, ահա այդպես էր մեր հանդիպումը, բայց ավելի քան սրտառուչ էր, երբ ես Ագոյի խրճիթի շեմից ներս մտա:
Ագոն՝ այդ առնակազմ ալաշկերտցին, ժամանակից շուտ ծերացել էր արդեն, կոտրվել էր և իր կողակիցը՝ Զմոն: Երբ վերջինս իմացավ իմ գալուստը, մի կողմ նետելով Հայ գեղջկուհու նահապետական ամոթխածությունը, վազեց և փարվեց վզովս, ասես մայրը գտած լիներ իր կորած զավակին: -Լա՛ո, Արտաշե՛ս,- բացականչեց նա, և ուրախության հուզմունքը խեղդեց նրան, նա լռեց: Բայց լուռ արտահայտվեց ավելին, քան կարող էր լեզվով ասել:
Եվ հորդում էին Զմոյի բարի աչքերից բերկրանքի ու դառնության արցունքներ, ասես Անիի անցյալ կյանքի քաղցր կարոտն էր առնում ինձանից:
Ագոն տեղում քարացած, հենված իր գավազանին, լուռ նայում էր մեզ. նրա սիրտը փոթորկում էր նույն ջերմ զգացմունքներով, ինչ համակել էր Զմոյին: Մենք երեքս էլ արտասվում էինք:
Ագո և Զմո… Ահա՛ նվիրական անուններ, որոնք վերստին մարմնացնում են հիշողությանս մեջ նվիրական Անին իր շրջապատով ու իր առօրյա քաղցր կյանքով:
Պատմական կյանքի հորձանուտի մեջ ընկած՝ ալիքները բերել, շպրտել էին Ալաշկերտի հովիտներից հեռու, ուրիշ տարագիրների հետ և դրանց՝ այդ երկու Հայ շինականներին:
Եվ բնավեր ու տնավեր տարագիրներին գորովագութ մոր նման իր գիրկն էր առել իրենց բախտակից Ավերակների քաղաքը – նրանք ծվարել էին Անիի Իգաձորի ժայռափորերում՝ որպես վերջին հանգրվան: Սակայն դարձյալ իրենց վերջին թվացած բույնն էլ քանդվեց: Եվ նորից պանդխտության ցուպը ձեռներին, ահաբեկ ու տրտում լքեցին Իգաձորի այրերը և բույն դրին Խարկով գյուղում: Նրանց դեմքերը ակոսել էին տառապանքն ու վիշտը և անջնջելի հետքեր թողել Ագոյի ու Զմոյի տանջված դեմքերին: Տարաբախտ շինականների վրա կյանքը դրոշմել էր իր դաժան կնիքը:
Կարոտի, ուրախության ու վշտի արցունքները՝ դառն ու քաղցր ի մի շաղախված, հորդում էին մեր փոթորկող սրտերից: Անպատմելի, աննկարագրելի վայրկյաններ էին դրանք, կյանքի մեջ հազվադեպ, ուր Ավերակների քաղաքի պապակ կարոտը ու իր գեղեցիկ՝ մեր փոքրիկ կյանքով, իր ջերմ շնչով, մագնիսական հոսանքների նման գալիս, անցնում էին մեր մարմինների միջով ու դուրեկան զգացողությամբ համակում մեր ամբողջ էությունը: Այդ անապատում վերապրումները զգում էինք մենք իր ամբողջ մեծությամբ ու քաղցրությամբ:
Որքան որ անբաժանելի ու դուրեկան վայրկյաններ էին, բայց, այնուամենայնիվ, ստիպված էի հրաժեշտ տալ Անեցի հարազատներիս:
Զմոն, որ զբաղված էր լավաշ թխելով և, տեսնելով ինձ՝ ձգել էր իր աշխատանքը, իր պատրաստած լավաշներից տվավ ինձ ճանապարհի համար, ես չմերժեցի:
Որքան որ ջերմ ու քաղցր էր մեր հանդիպումը, այնքան էլ ծանր ու դառն էր մեր բաժանումը…
Իմ արվեստակից ընկերները վաղուց արդեն հեռացել էին, ես պետք է հասնեի նրանց:
Զմոն՝ ձեռները ծալած կրծքին, դռան շեմին կանգնած, թաց աչքերով ճանապարհ էր դնում ինձ, ասես ես այդ ընտանիքի հարազատ զավակն էի և հարկադրված գնում էի պանդխտության, ու մայրը վշտաբեկ սրտով ճանապարհում է նրան:
Ագոն, զրուցելով ինձ հետ՝ քայլեց բավական երկար:
Անիի պեղումներում փորձված խարկովցի բանվորներին՝ Տիգրանին, Գաբրիելին, Մուքայելին և ուրիշներին չկարողացա տեսնել. ոմանք բացակայում էին, ոմանք էլ արդեն չկային: Լսեցի, որ Տիգրանի տղան Անի-Պեմզա կապի բաժանմունքի պետն է…
Անի — չորս ձորերով պարփակված դյութական մի աշխարհ՝ արգասիք Հայ հանճարեղ մտքի:
Անի — ուսուցիչ՝ ուսուցանելու համար:
Անի — արվեստի վարդպետ՝ վարդպետելու համար:
Եվ Անին պատմական Հայ արվեստի զարգացման ուղիներում բարգավաճած իր աննախընթաց արվեստով գալիս է ուսուցանելու, վարդապետելու իր հետագա սերունդներին:
Անիի բեղմնավոր արգանդը ծնում է, եռանդ ու ավյուն է տալիս շատերին:
Հետագա սերունդները սկսեցին ուսումնասիրել նրան, սովորել նրանից, ներշնչվել նրանով, վերցնելով նրանից այն լավն ու օրինակելին, որոնք հետագայում հիմք ծառայեցին Հայկական նոր ճարտարապետական ոճին ու կառուցման եղանակներին և տվին ժամանակի շունչը խտացրած ուրույն, գեղեցիկ մի արվեստ:
Եվ սկսում է խոյանալ «Նոր-Անին»՝ երիտասարդ մայրաքաղաքի տարածության վրա, հիացմունք պատճառելով աշխարհի տարբեր ծայրերից մեր երկիրը այցելած ամեն մի մարդու:
Պատմական Հայ ճարտարապետական արվեստի ուսումնասիրության հիմնաքարը դրեց գիտնական ճարտարապետ Թորոս Թորամանյանը: Անեցի՛ էր նա, նա շնչում էր կախարդական քաղաքի շնչով, նրան հմայել էր Անին իր դյութական ներդաշնակությամբ:
Ճարտարապետ Թորոս Թորամանյանը՝ Անիում
Սակայն որքան էլ ջերմությամբ կապված էր Թորամանյանը իր սկսած դժվարին գործին, այնուամենայիվ, շատ լավ գիտեր, որ իր ջանքերն ու տքնությունները երբեք ու երբեք չեն կարող ամբողջացնել այն սուրբ գործը, որին նվիրաբերել է նա իր կյանքն ու էությունը: Դա սերունդների՛ գործ է. այդ միտքը կրծում էր գիտնականի հոգին:
Ամայի տարածության մեջ, մեկուսացված ձորերով, նստած է կախարդական քաղաքը իր հմայող տեսքով ու իր բեղմնավոր արգանդից ծնունդ է տալիս Հայ սերնդի զավակներին, ներարկելով նրանց մեջ շնորհքի, տաղանդի և հանճարի սաղմեր:
Եվ երկնեց նորից դյութական քաղաքն ու ծնունդ տվեց մի անհանգիստ պատանու՝ դա Միքայել Մազմանյանն էր:
Նա դեռ պատանի հասակից անկաշառ սիրով կապվեց Անի քաղաքի հետ, որը սերմանեց նրա հոգու մեջ անդրանիկ սաղմերը գեղեցիկի, վսեմ ճաշակի ու բարձր արվեստի ըմբռնման:
Անցան տարիներ, և մենք տեսնում ենք Անիի ծնունդը՝ հասակ առած, զինված ճարտարապետական արվեստի գիտելիքներով՝ Միքայել ճարտարապետին:
Միքայելն ըմբռնեց գիտնական-ճարտարապետի սուրբ գործի մեծությունն ու կարևորությունը: Նա դեռ պատանի հասակից տածելով դեպի մեծ Հայը՝ Թորամանյանը, խորին հարգանք, մոտեցավ իր ավագագույն արվեստակցին և ամեն կերպ ջանաց օգտակար լինել նրան:
Միքայել ճարտարապետի հետ հաճախ այցի էինք գնում մեր պատմական հուշարձաններին. նա չափագրում էր և ուսումնասիրում, իսկ ես նկարահանում էի — Երերույքը, Ավանը, Արամուսը, Պտղնին և այլն. շուրջ մի երկու տասնյակ հուշարձան: Ինձ վիճակված էր Անիի կարոտը առնել մեր նորածին Հայաստանի սահմանների մեջ գտնված պատմական հուշարձաններից:
Մի օր, 1932 թվականի ամառը, Միքայելի հետ այցի գնացինք Թորամանյանին: Մեզ տեսնելով ուրախացավ: Նա բավականություն էր զգում՝ տեսնելով երիտասարդ Միքայելին՝ սերտ կապված Հայ պատմական ճարտարապետությանն ու արվեստին: Թորամանյանի և Մազմանյանի զրույցները միշտ պտտվում էին պատմական հուշարձանների և նրանց վերաբերյալ հարակից խնդիրների շուրջը:
Նախորդը ավանդում է հետնորդին. ահա՛ կյանքի օրինաչափությունը…
Ջերմ զրույցի ժամանակ մի պահ պայծառացավ Թորամանյանի դուրեկան դեմքը և արտահայտեց իր սրտում երկար ժամանակ պտտվող ու իրեն անհանգստացնող մի միտք – նա որոնում էր իր սկսած գործը շարունակողին…
–Իմ գործը շարունակողը դու՛ն պիտի ըլլաս,- ասաց նա Միքայել ճարտարապետին: Ասես մի ծանր բեռ վայր ընկավ ծերունազարդ գիտնականի ուսերից. նա գտե՛լ էր իր հետևորդին:
Եվ կրկին ու կրկին բեղմնավորվում է դյութական քաղաքի արգանդը Հայ հանճարեղ ժողովրդի շնչով»…
Անիի պարիսպներից մի հատված
«Ամեն Հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում: Ամեն Հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է: Ոչինչ չի կորչում՝ քանի դեռ ժողովուրդը կա: Պատմություն դառնալով՝ ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն՝ քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի Հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ՝ ապրո՛ղ, այս օրին մասնակցո՛ղ կյանքով»…
Հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տողերն են՝ գրված 1964 թվականին (մեջբերումը՝ Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանի կայքից):
«ԱՆԻ ԿՈՉՎՈՂ ՎԻԹԽԱՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՆՐԱ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԸ»…
Հայ մշակույթի ու պատմության ուսումնասիրման գործի նվիրյալների շարքում ուրույն տեղ ունեն հայր և որդի՝ Արամ ու Արտաշես Վրույրները, որոնք, որպես ազգի արժանավոր զավակներ, բացահայտում, վերակենդանացնում էին անցյալի էջերից պոկված պատառիկները՝ նրանց պահպանման ու սերունդներին փոխանցելու մտահոգությամբ…
Անիի ճարտարապետական ավերակված կոթողների ու բազմաթիվ այլ հնավայրերի հուշարձանների, ժայռափոր կառույցների լուսանկարների հարուստ հավաքածուն տասնամյակների նրանց անխոնջ աշխատանքի արդյունքն է:
Արտաշես Վրույրի՝ «Անիում» վերնագրված հուշագրությունը, որը լույս է տեսել 1964 թվականին և որոշ հավելումներով վերահրատարակվել 1979-ին, բացառիկ արժեքավոր մի աղբյուր է՝ երախտավոր Հայորդիների մասին ուշագրավ դրվագներով:
Հիշյալ գրքից մի հատված՝ Ստորգետնյա Անիի պատկերներով՝ ահավասիկ…
«Անցյալում Անին ծառայել է շրջակա գյուղերի և ավանների համար որպես քարհանք, նույնիսկ Կարսից եկել և տարել են շինարարության համար քարեր: Եթե Անիից քար կրող համբակները միայն տանեին թափված քարերը, դա կլինի նվազագույն չարիքը: Սակայն տանողները անխնա և վայրագ կերպով ծվատել են ծանրանիստ կոթողների իրանները: Այդ են ապացուցում հուշարձանների վիճակը: Ամենուր դուք կարող եք տեսնել պարիսպների և մյուս հոյակապ շենքերի ներքին շարքերի սրբատաշ քարերի բացակայությունը, ուր մնացել է միայն շաղախը՝ իր վրա վսեմ համառությամբ պահելով հուշարձանների ծանր ու հսկա պատերը:
Միայն Մառի «տիրապետության» ժամանակ խստիվ արգելված էր Անիից մի հասարակ քար անգամ տանել: Խնամքն ու ուշադրությունը այնտեղ էր հասել, որ Անիում նույնիսկ արգելված էր հրազեն արձակել, որպեսզի օդի ուժեղ տատանումները չվնասեն հուշարձաններին:
Միքայելի ուշադրությունը խլել էր եկեղեցու պարզ ու գեղեցիկ մուտքը, նա սկսեց մատիտով գծագրել այն:
Չգիտեմ ինչու, մի ներքին ուժեղ պահանջ ստիպում էր ընկերոջս անպայման գնալ և տեսնել Անիի երկրորդ ստորերկրյա անցքը: Մենք հետևյալ օրը գնացինք:
Տիգրան Հոնենցի եկեղեցուց մի փոքր դեպի արևելք, Ախուրյան ձորի աջ փեշի վերին լանջին, բաց-մոխրագույն պեմզայի զանգվածների մեջ, բացվում է երախը երկրորդ ստորերկրյա Անիի:
.
Անիի երկու ստորերկրյա անցքերն էլ ժողովուրդը անվանում է «գեդան-գյալմազ»՝ «գնացողը չի վերադառնա»… Այդ զարհուրանք ազդող անունը միայն բավական է, որ մարդու ներաշխարհը բռնկի սարսափի զգացումով, մանավանդ այն պահին, երբ մոմն ու լուցկին ձեռքիդ պատրաստվում ես խորախորհուրդ կախարդական մուտքից ներս մտնել, ուր ուղիները սոսկում ազդող խավարի մեջ ձգվում են անորոշ ու անհայտ ընթացքներով:
Այո, «գնացողը չի վերադառնա»՝ «գեդան-գյալմազ»… ահա բնորոշ դրոշմ, որ ժողովրդի երևակայությունը կնքել է այդ մռայլ անցքերին:
Մեկական մոմ ու լուցկու տուփը ձեռներիս մտնում ենք ներս: Մի փոքր քայլելուց հետո այստեղ ևս ճանապարհը ճյուղավորվում է: Մենք թողնում ենք աջ կողմի անցքը և քայլում ուղիղ, դեպի հյուսիս, մեր դեմը ձգվող ուղիով: Ստորերկրյա ճանապարհը բարձր և լայն է, այնպես որ կարողանում ենք կանգնած քայլել: Տեղ-տեղ հանդիպում ենք փոքրիկ փոսերի, որոնք արհեստական են և բռնում են ճանապարհի եզրերը միայն: Որոշ տեղեր անցքի պատերի մեջ վերից վար պահարաններ են փորված, թե ի՞նչ նպատակով՝ անհայտ է մեզ: Թերևս թաքստո՞ց է կամ պաշտպանության կետ, ո՞վ գիտե:
Ճանապարհը որոշ տարածություններից հետո ճյուղավորվում է: Չմոլորվելու համար նշաններ ենք թողնում պատերին կամ հատակին ու շարունակում մեզ անհայտ ուղիով: Գնալով օդը ծանրանում է, մոմերը դժվարությամբ են վառվում: Բավական քայլելուց հետո հանդիպում ենք փակուղու: Այդտեղ ոչ թե փլուզում է տեղի ունեցել, այլ պարզապես փակուղի է: Հավանական է, որ պատահական կամ նենգ դիտավորությամբ ներս թափանցած մարդկանց մոլորեցնելու համար շինված, որպեսզի անվերջ դեգերեն այդ գաղտնի անցքերում: Մենք որոշեցինք վերադառնալ: Քայլում ենք… ճյուղավորման հանգույցներում ուշադիր խուզարկում ենք պատերն ու հատակը, մեր թողած նշանները գտնելու և վստահ շարունակելու մեր ճանապարհը: Դիմացը նկատում ենք աղոտ լույս: Քանի առաջ ենք շարժվում, լույսը ուժեղանում է՝ նշանակում է մոտենում ենք ելքին:
Ելքի մոտակայքում՝ առաջին ճյուղավորման հանգույցում, մենք մտնում ենք դեպի արևելք ձգվող անցքը և այդ հանելուկային ուղին մի փոքր կիսապտույտ գործելով մեզ կանգնեցնում է կախարդական մի վիհի առջև:
Մոմի տատանվող աղոտ լույսով մենք տեսանք այդ խորխորատի հատակը, որը այնքան էլ խորը չէր: Ես ցույց տվի Միքայելին վիհի պատերին աջից և ձախից խոռոչներ՝ դրանք այդ դաժան ճանապարհի աստիճաններն են, որոնց օգնությամբ միայն կարելի է վայր իջնել:
Վիհը որքան էլ դաժան է ու խիստ, սական մագնիսի զորությամբ ձգում է մեզ դեպի իրեն: Հետաքրքրությունը կրծում է մարդու հոգին և մոռացության գիրկն ընկած ուզում է մխրճվել այդ սոսկում ազդող, պաղ լռության ու խավարի մեջ կորած, մինչև օրս առեղծվածների մեջ թաղված այդ նենգ ուղիներում:
Այստեղ արդեն կատակի տեղ չէ, պետք է ծայր աստիճան զգուշություն: Միքայելը մոմով լուսավորեց հորը: Ես մարեցի իմ մոմը, որովհետև իջնելու համար պետք է երկու ձեռները պատին հենելով և փոսիկ-աստիճանների օգնությամբ զգուշորեն վայր իջնել: Երկու ձեռքս ու ոտներս աշխատանքի դրի: Հորի աջ և ձախ պատերին ձեռներս հենելով և փոսիկ աստիճանների օգնությամբ հասա վիհի հատակը: Այժմ ես վառեցի մոմը և ընկերս սկսեց իջնել. բարեհաջող հասավ հատակին: Այդտեղ մի փոքր շունչ առնելուց հետո՝ շարունակեցինք մեր խելագար արշավը: Հորի ստորին մասից մի փոքր թեք շարունակվում է ճանապարհը, որը մի քիչ հետո կանգնեցնում է մեզ մի նոր վիհի առջև: Այստեղ արդեն օդը խոնավ է ու գարշահոտ: Այս անգամ ես լուսավորեցի հորի բերանը: Միքայելը մարեց իր մոմը և դարձյալ փոսիկ-աստիճաններով զգուշությամբ սկսեց վայր իջնել: Տակավին չէր հասել հորի հատակին, երբ ես, չգիտեմ ինչու, մտաբերեցի շարականներից մի դարձվածք ու ասացի բարձրաձայն.
– «Սանդարամետ անդնդոց» որ ասում են՝ սա՛ է եղել:
Ընկերս չկարողացավ իր ծիծաղը զսպել, թևերը թուլացան ու վայր ընկավ: Չնայած ես էլ էի ծիծաղում, բայց ընկերոջս վայր ընկնելը դանակի նման կտրեց իմ ծիծաղը:
– Հը, ի՞նչ պատահեց,- մտահոգված ձայն տվի ես:
– Կենդանի՜ եմ,- լսվեց հորի հատակից: Այստեղ արդեն անկարող էի ծիծաղս զսպել: Հիշեցի Մսրա Մելիքի հորի միջից բացականչելը. «Կենդանի՜ եմ, մե՛կ էլ արի…»:
Միքայելը լուսավորեց հորը: Ես մարեցի մոմս և վայր իջա «Սանդարամետ անդնդոցով»:
Այդ «խորը վիրապի» վարի մասից դարձյալ մի փոքր թեք շարունակվում է ուղին, որն անշուշտ մի նոր վիհի առջև պիտի կանգնեցնի մեզ:
Նստած հորի հատակին նայում ենք շարունակվող անցքի ուղղությամբ: Հետաքրքրությունը ձգում է մեզ դեպի անհայտ խորքերը:
Իսկապես որ «Սանդարամետ անդնդոց»… Ասես մթության մեջ երրորդ հորի շրթունքին, մի քարի կտորի վրա, նստած է եղջյուրավոր ժպիտը դեմքին, քծնող շարժուձևով, ասես հրավիրում է մեզ դեպի «Սանդարամետ անդնդոցը». «Եկե՛ք, եկե՛ք, հարգելի՛ բարեկամներ…»
Սակայն այդ երկու վիհերը այցելելուց հետո, հոգնած՝ հրաժարվում ենք այդ նենգավորի սիրալիր հրավերից և որոշում «Սանդարամետից» ետ վերադառնալ դեպի «Ավետյաց երկիր»:
– Հայ մարդու անհողդողդ կամքի ու՛ժն է կերտել այս ստորերկրյա գաղտնի ճանապարհը,- ասաց ընկերս, և մենք հրաժեշտ տալով «Սանդարամետի» խավարի մեջ թաղված «որջերին» վերադարձանք:
Դուրսը արևը ժպտում էր մեզ:
Այդ ստորերկրյա դժնդակ ուղիների մասին շրջակա գյուղերի շինականները շատ բաներ են պատմում և նկարագրում կախարդական անուրջների և վառ երևակայությունների ներքո զանազան տարբերակերով: Չնայած այդ պատմիչներից ոչ մեկը հանդգնություն չի ունեցել մտնել այդ կախարդական ուղիների խորքերը կամ մինչև վերջավորությունը, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով ճշմարտություն կա նրանց պատմածների մեջ:
Մեկը պատմում է, որ Տիգրան Հոնենցի մոտակայքում գտնվող ստորերկրյա ուղին կամ, ինչպես իրենք են անվանում, «գեդան-գյալմազ», մխրճվելով երկրի խոր ընդերքը, Ախուրյան գետի տակով անցնում է գետի մյուս ափը և աստիճանաբար ձգվելով դեպի վեր, դուրս է գալիս Անիի դիմացը գտնվող փոքրիկ լեռան գագաթը, որը շրջակա բոլոր բլուրներից վեր, տիրապետող դիրք է գրավում:
Այդ սարսափելի ստորերկրյա ուղին մերթ ընդ մերթ ճյուղավորվում է: Այնտեղ, երկրի ներքին շերտերի մեջ, փորված են խորհրդավոր սրահներ տարբեր չափերի: Ախուրյան գետի հունի տակով անցնելիս գետնափոր ճանապարհի առաստաղից կաթկթում են ջրերը:
Մի ուրիշը՝ երևակայական վառ գույներով նկարագրում է ցանցապատված անցքերով այդ ստորերկրյա մթի ճանապարհը և տանում, դուրս է բերում ելքի ծայրը մինչև Կարս:
Սակայն կասկած չկա, որ այդ ստորերկրյա գաղտնի ուղիները ռազմական նշանակութիւն ունեցող կառույցներ են եղել Անիի համար»…
ԱՆԻՆ՝ ԻՐ «ՀՈՒԺԿՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՃԱՐՈՎ»…
«Անի կոչվող վիթխարի կախարդանքին» ու նրա «Ստորերկրյա առեղծվածին» է անդրադարձել պատմագիտական, գրական ու հրապարակախոսական մեծ ժառանգություն թողած Հայ պատմաբան, գրող, գրականագետ ու հրապարակախոս Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932):
Շարունակելով նախորդ հրապարակումը՝ 1903 թվականի ամռանը մի խումբ Հայ մտավորականների հետ Անիում կատարած մի քանի օրվա շրջագայությունից հետո գրված նրա տպավորություններից ևս մի հատված ստորև՝ «Անի… Տպավորություններ, հիշատակներ, Անցածն ու մնացածը», (Երևան, 1963 թ.) գրքից:
…«Միմյանց ետևից շարան ընկած բարձրանում ենք Ծաղկոցաձորից դեպի վեր, դարձյալ դեպի մեռած քաղաքը, դեպի այն վիթխարի կախարդանքը, որ կոչվում է՝ Անի։ Բայց նախքան արեգակի տակ գտնվող Անին մտնելը, կանգ առնենք այս լանջի վրա, կանգ առնենք այն առեղծվածի առջև, որ կոչվում է՝ Ստորերկրյա Անի։ Ասում են, թե եղել է այդպիսի Անի՝ հողի տակ ծածկված, օրվա լույսից ու ջերմությունից զրկված մի Անի, որի մուտքերից մեկի մոտ այժմ մենք կանգնած ենք:
Ս. Լուսավորիչ եկեղեցու մոտ, Անիի հարավ արևելյան անկյունում, ես ձեզ ցույց տվի այն ստորերկրյա անցքը, որ կոչվում է «Գեդան գյալմազ»։ Նրա մասին, ինչպես գիտեք, ասում են, թե մի կողմից գնում է դեպի Ախուրյան գետը, իսկ մյուս կողմից անցնում է քաղաքի տակը։
Այստեղ էլ Ծաղկոցաձորի այս լանջի վրա ժայռերի մեջ ցույց են տալիս մի փոքրիկ ծակ և ասում են, որ դա էլ ստորերկրյա մի մուտք է, որ տանում է քաղաքի տակը։ Այնպես որ, դուրս է գալիս, թե Անիի տակը փորված է, և մի քաղաք էլ այնտեղ է եղել, իսկական քաղաք, մարդկանց բնակության հատկացրած։ Իբրև ենթադրություն՝ այսպիսի միտք Անին այցելողներից շատերն են հայտնել։ Բայց այդ այցելուներից մեկը՝ Գեղամյանց, հավատացնում է մեզ, թե դա ենթադրություն չէ, այլ հաստատ իրողություն։ Եվ հավատացնում է, իբրև իր աչքով տեսած մարդ: Նա Ծաղկոցաձորի այս ծակով մտել է Ստորերկրյա Անին և տալիս է նրա նկարագրությունը։ Ես չեմ ճանաչում մի այլ ճանապարհորդ, որ նույնպես մտած ու նկարագրած լինի։ Եվ որովհետև ինքս էլ չեմ տեսել, ուստի այդ շատ հետաքրքրական հանգամանքը կծանոթացնեմ ընթերցողիս՝ Գեղամյանցի պատմվածքով։
Նախ և առաջ՝ Ստորերկրյա Անին տանող մուտքը։ «Այդ մուտքը, — ասում է այցելուն, — գտնվում է Միջնաբերդի հյուսիս արևմտյան կողմը, դեպի Ծաղկոցաձոր տանող արտաքին պարսպի քայքայված դռան ձախ կողմը, ճիշտ վեց քայլ հեռու՝ դեպի հարավ։ Միմյանց վրա բնությունից շարված մեծամեծ ժայռերի մի երկայն կարգ պարսպաձև պատել է այդ տեղը։ Ժայռերի մեջ երևում է մի նեղ ծակ, ուր օձաձև սողալռվ ամենից առաջ մտավ իմ ուղեցույցս և սկսեց իմ գյխիցս քաշ տալ: Քյուրքչյանի վանեցի ծառաներն էլ ոտքերիցս ինձ ներս էին քաշում և իրանք էլ ետևիցս ներս մտնում։ Չորս սաժեն տեղ այդպես գետնաքարշ սողալով առաջ գնալով՝ վերջապես մեր առաջին բացվեցավ Ստորերկրյա Անին»:
Մի այսպիսի դաժան, օձային ճանապարհը չէր կարող մուտք լինել մի ստորերկրյա քաղաքի համար, եթե ենթադրենք այնտեղ մշտապես ապրող մի ժողովուրդ, որ պիտի հաղորդակցություն ունենար դրսի աշխարհի հետ։ Բայց ահա դեռ ուրիշ ի՛նչ սարսափելի պայմաններ ունի այդ ստորերկրյա քաղաքը։
«Ներսից փչող բարակ սառն քամին, անտանելի մթությունը, հեղձուցիչ օդը, իմ տագնապը և մրսելու երկյուղը (սերթուկս հանած էի) ավելի շատացրին, և ես ուրախությամբ ետ կդառնայի, եթե կարողանայի ընկերներիս ներս մտած օձային ճանապարհից դուրս գնալ մենակ՝ առանց օգնության ընկերներիս, որոնք այդ միջոցին ճրագներ վառած սկսել էին արդեն շրջել այս և այն կողմ: Ես ստիպվեցա հետևել նոցա:
Ստորերկրյա Անին այնքան խորը փորված է, որ նրա մեջ ազատ կերպով կարող են շրջել հարյուրավոր մարդիկ։ Մի քանի տեղ միայն մարդ հարկադրվում է գլուխը կռացնել: Պատերը և առաստաղը կազմում է պինդ, կարելի է ասել՝ քարացած կիր, տեղ — տեղ էլ պատերում հանդիպում էի մեծ և փոքր ժայռերի, երբեմն նաև՝ քարածուխի։ Իմ մտած ճանապարհը նախ գնում է դեպի հյուսիս, հետո դեպի արևմուտք, արևելք, հարավ՝ անդադար պտույտներ անելով յուրաքանչյուր 5-6 սաժենի վրա: Մեջտեղում միշտ փողոցներ, որոնց մեջ երեք հոգի հազիվ կարող են մեկմեկու կողքին գնալ: Փողոցների երկու կողմը կես, մեկ և մինչև մեկուկես արշին բարձրությամբ փոքր քարերից շինված արհեստական պատեր, որոնց այն կողմը և տներ ու դուքաններ՝ քառակուսի և կլորակ ձևերով:
Տների և դուքանների մեջ փոքրիկ բաժանմունքներ, պահարաններ և դռների տեղեր… Լույս ոչ մի տեղից չէ թափանցում. որտեղից էր փչում ցուրտ քամին՝ չեմ կարող ասել: Տեղ տեղ վերևից մի թթվաշ ջուր էր կաթկթում: Կես ժամից ավելի ման գալով և ման գալով երկյուղ կրելով (ջերմաչափը իջավ մինչև 8°, երբ դուրսը 32° էր), ես դուրս ելա: Ուղեցույցս ինձ պատմեց, որ 1876-ին նա մի քանի տաճիկ զորավարների հետ 4 ժամ ման էր եկել Ստորերկրյա Անիում և նրա ծայրն ու ճոթը չէ գտել: Նրա ասությամբ՝ մեր ման եկած փողոցներով կարելի է գնալ մինչև Միջնաբերդի տակը և հասնել մինչև պարիսպները, ուրեմն՝ ամբողջ քաղաքի տակը դատարկ է և ամեն մի քայլափոխում, ասում էր ուղեցույցս, կհանդիպեք մեծ և փոքր բնակարանների և դուքանների:
Բայց, ավելացնում էր նա, տեղ-տեղ էլ կհանդիպեք պատերի, որոնցից անցնելը անկարելի է, և որոնց մյուս կողմը եղած մասերում ման գալու համար կան դրսից մուտքեր, ուրիշ տեղերից արդեն խանգարված: «-Պատահե՞լ եք խաչերի կամ մատուռների այդ տեղերում»,- հարցրի ես ուղեկցիս: «-Ոչ»,- պատասխանեց նա, միանգամայն հավատացնելով, որ Ստորերկրյա Անին միայն կենդանի մարդկանց բնակարան և գլխավորապես վաճառատեղի է եղած:
Այս նկարագրությունից մենք իմանում ենք, որ Անիի տակ կան ստորերկրյա անցքեր: Բայց դրանք ճի՞շտ որ այն դերն են կատարել, որ այնպիսի վստահությամբ վերագրում է նրանց Գեղամյանցր: Այս հարցը փոքր-ինչ պարզաբանելու համար ես կբերեմ մի ուրիշ նկարագրություն էլ: Վերևում ես մի երկու անգամ հիշել եմ կազակների օֆիցեր Ռժևուսկուն, որ ռուս — թուրքական վերջին պատերազմի ժամանակ երկար մնացել է Անիի մոտ և նկարագրում է այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի ունեցան այդ կողմերում: Նույն այդ օֆիցերը խոսում է և Անիի ստորերկրյա անցքերի մասին:
Փորվածքները այնքան բազմաթիվ են ավերակ մայրաքաղաքի տակ ու շուրջը, որ հաստատապես չէ կարելի ասել, թե ո՛ր կողմի քարայրներն ու անցքերն է նկարագրում ռուս զինվորականը: Կարելի է միայն հաստատ ասել, որ Անիի արևմտյան կողմերի մասին է խոսքը, քանի որ այդ կողմերում կարող էր գտնվել ռուսաց զորաբաժինը, որ իր առջև ուներ Ալաջայի թիկունքների և ստորոտների թուրքաց բանակը:
«Հետևյալ օրերը,֊ ասում է Ռժեվուսկին, — մեզ համար հանգիստ անցան: Մեզ տանջում էին միայն սարսափելի շոգերը, ճանճերը և զանազան սողունները, ինչպես են՝ կարիճներ, ֆալանգաներ և թունավոր սարդեր: Շոգերից մենք փրկություն գտնում էինք այն գետնափորերում, որոնք շինված են համարյա ամբողջ Անիի տակ: Գնդի հրամանատարը տոթից հանգստանալու տեղ ընտրեց մի ամբողջ ստորերկրյա դահլիճ, որ բոլորովին կանոնավոր քառանկյունի ձև ուներ, և որին կպած էր մի փոքրիկ եկեղեցի: Ի՞նչ պաշտոն էին կատարում այս ստորերկրյա բնակարանները — չգիտեմ: Սենյակների ամբողջ շարքեր փորելը կամ ավելի ճիշտ ասած՝ քարերի մեջ կտրելը, շարքեր, որոնք մի քանի վերստ տարածություն ունեն — մի այնպիսի ժամանակ, երբ վառոդը դեռ հայտնի չէր, պահանջում էր ահագին աշխատանք, իսկ զանազան զարդարանքները՝ մեծ հմտություն: Չեմ կարող մոռանալ այն ճաշը, որ տվեց մեզ գնդի հրամանատարը այդ գետնափորի մեջ: Երկար ժամանակ իմ հիշողությունից չի անհետանում իր կարգ ու սարքով առանձնատեսակ այդ ընկերական քեֆը: Բարձր դահլիճի կիսամթության մեջ կազակները երգում էին, վայրենի լեզգինկա էին պարում: Կախեթի գինին անպետք էր:
Այս բոլորը դեռ կարող է տեղի ունեցած լինել Ծաղկոցաձորի քարայրներից մեկում, ուր կարելի է դահլի՛ճ էլ գտնել, խնջույքնե՛ր էլ սարքել: Բայց ահա ի՛նչն է զարմանալին:
Հազիվ թե մեկը,- շարունակում է ռուս օֆիցերը,- երբևիցե հետազոտած լինի այն ստորերկրյա քաղաքը, որի մեջ մոլորվել, ճանապարհ կորցնել շատ հեշտ է, բայց որի լիակատար հետազոտությունը գուցե հետաքրքրական հնագիտական գյուտեր տա:
Թե որքան մեծ են և իրանց ճյուղավորություններով մոլորեցնող են այս ստորերկրյա անցքերը, երևում է հետևյալ դեպքից: Խորանժիյ (Առաջին օֆիցերական աստիճանը կազակների մեջ) Բորիսովը, որ Անիի կողմերը հետախուզությունների էր ուղարկված դեռ այն ժամանակ, երբ մեր զորաբաժինը կանգնած էր Արփաչայի մեր ափին, նկատում է մի ձիավոր չերքեզի և իր կազակներով հետամուտ է լինում նրան: Արդեն համարյա հասել էին կազակները, երբ հանկարծ չերքեզը ձին քշեց մի փոքրիկ ձոր և անհայտացավ: Ձորը այնքան փոքր էր, որ եթե չերքեզը դուրս գար այնտեղից, նրան անպատճառ կտեսնեին և սակայն, ո՛չ նա, ո՛չ նրա սպիտակ ձին, չէին երևում: Բորիսովի աչքին ընկավ առջևում բացված սև ծակը և, որքան էլ վտանգավոր էր անծանոթ ստորերկրյա աշխարհ մտնելը, բայց թշնամի ձիավորին գերելը անխուսափելի էր թվում, ուստի և կազակները երկար չմտածեցին ու ձիաները քշեցին մութ գետնափորի մեջ: Սակավ առ սակավ՝ աչքը սկսեց սովորել շրջապատող մթության: Առջևից պարգ լսվում էր հեռացռղ ձիու դոփյունը: Որքան էլ վտանգ շատ լիներ այդտեղ, կազակները շարունակում էին իրանց հալածանքը, և յուրաքանչյուր րոպե նրանց ձիաները զարնվում էին սմբակների տակ ընկնող քարերին: Առջևից գնացող ձիու սմբակների ձայնը ավելի և ավելի մոտ էր լսվում: Հանկարծ այնպես թվաց, թե վազող ձին կանգ առավ: «Պետք է որ փախչելու ճանապարհ չլինի», — այսպես մտածեցին կազակները՝ հանելով իրանց թրերը, որպեսզի նրանց գործի դնեն, եթե այդքան անհանգստություն պատճառած չերքեզը կամենար պաշտպանվել: Մի ինչ-որ բան սպիտակին տվեց, ավելի և ավելի պարզ նկատվեց այդքան եռանդով հալածված ձիու կերպարանքը: Նա այժմ կանգնած էր, բայց, ավաղ, առանց ձիավորի։ Երկար ժամանակ կազակները՝ դեսուդեն պրպտելով, որոնում էին ձիու տիրոջը, լուցկիներ էին վառում, խուզարկում էին բոլոր անկյունները։ Բայց տեսնելով, որ գետնափորները անվերջ են և համոզվելով, որ զուր են ման գալիս, ետ դարձան՝ աշխատելով գտնել ելքի ճանապարհը:
Սոսկալի րոպեներ անցկացրին նրանք, երբ համոզվեցին, որ կորցրել են ճանապարհը: Նրանց մտքով անցնում էր, թե կարելի է ողջ — ողջ թաղվել այս անելանելի նրբանցքների և դահլիճների մեջ, և այս միտքը սառցնում էր նրանց սրտերը, սարասափ էր լցնում նրանց մեջ: Երկար թափառում էին նրանք, ամեն րոպե հետ ու հետ էին գնում, փոխում էին ուղղությունը… Եվ բոլորովին հոգնած, ուժասպառ դարձած՝ նկատեցին վերջապես, լույսի այն ճառագայթը, որ թափանցում էր նրանց շրջապատող մութ տարածության մեջ: Բանից դուրս եկավ, որ ելքի տեղը գտնվում է ա՛յն տեղի հակառակ կողմում, որով ներս էին մտել: Եվ ելքը ավելի նեղ էր: Բացի դրանից, ճանապարհը փակել էին թափված քարերը: Հարկավոր եղավ ձեռքերով մաքրել ելքի տեղը, որպեսզի ձիաները կարոդանային դուրս գալ: Եվ կազակների ձեռքը այդքան աշխատանքի և անախորժ զգացմունքի գնով ընկած պատերազմական ավարն էր մի անպիտան, մոխրագույն, ծեր, չափազանց նիհար ձի և մի զզվելի թամբ:
Անկասկած այս պատերազմական արկածը տեղի ունենալ կարող էր միայն Անիի տակ եղած գետնափորների մեջ: Չորս կողմում մի ուրիշ տեղ չկա, ուր ստորերկրյա այդքան երկար ու ընդարձակ անցքեր որոնենք. անցքեր, որոնք թույլ տային խմբական ձիարշավներ սարքել: Մայոր Ռժևոսկին չէ տեսել այդ ստորերկրյա փողոցները, նրբանցքները, դահլիճները: Նա միայն լսել է Բորիսովի պատմվածքները, և մենք տեսնում ենք, որ դրանք համաձայնվում են Գեղամյանցի նկարագրության հետ ընդհանուր կետերում: Թույլ տանք, որ թե՛ Բորիսովը և թե՛ Գեղամյանցը շատ բան տեսած ու հասկացած են համարել իրենց երևակայության միջոցով, որ, ինչպես հայտնի է, այդպիսի մութ ու ահավոր տեղերում գործում է անհամեմատ մեծ եռանդով, ստեղծում է իրականության անհամապատասխան պատկերներ և անուններ։ Թող այդպես լինի։ Բայց և այդպես մնում է այն փաստը, որ Անիի տակ ինչ-որ երկար ճյուղավորվող անցքեր կան, ինչ-որ խորհրդավոր բավիղներ։
Ամբողջ հարցն այն է, թե ի՛նչ են եղել դրանք։ Ասում են՝ մարդկային բնակության տեղեր: Հավատա՞նք։ Մարդը թե՛ հնում, — չմոռանանք այս, — թե՛ այժմ, մի արարած է, որ չէ կարող ապրել առանց օդի, լույսի և արևի։ Ստորերկրյա Անին չէր կարող տալ իր բնակիչներին այդ ամենագլխավոր տարրերը՝ առանց որոնց կյանք չկա։ Նույնիսկ եթե ենթադրելու էլ լինենք, թե վերևից, քաղաքի միջից մեծ-մեծ ծակեր էին բացված լույս ռւ ջերմություն հաղորդելու համար, ստորերկրյա աշխարհին դարձյալ ոչինչ հավանականություն ստեղծած չէինք լինի՝ այն բանի համար, թե մարդիկ էին ապրում հողի տակ։ Այդ ապրուստը անհնարին կլիներ այնքան լայն ռւ մեծ ստորերկրյա տարածության վրա։
Վերջապես մի աոանձին ստիպողական հարկ էլ չկար, որ Անին իր ազգաբնակության ավելորդ մասը թաղեր գետնի տակ։ Նա իր շրջականերում ունի ընդարձակ և լայն տեղեր, ուր կարող էին հարյուր հազարավոր մարդիկ բնակվել։ Եվ մենք, դատելով լրջությամբ, վերջիվերջո կգանք այն եզրակացության, որ ստորերկրյա անցքերը, փորվածքները ուրի՛շ նշանակություն են ունեցել, ուրի՛շ դեր են կատարել: Գուցե նրանք պատերազմական գիտության մշակած գաղտնարաններ, մթերանոցներ, նույնիսկ՝ ժամանակավոր ապաստանատեղեր են եղել։
Եվ եթե մենք աչքի առաջ բռնենք, թե այս կողմերի քարի կակուղ հատկությունը որքա՛ն զարմանալի դյուրություն և հաջողականություն է հաղորդել Անեցիների ճարտարապետական տաղանդին, որքա՛ն խիզախ ձեռնարկողներ է դարձրել նրանց շինելու և փորելու գործի մեջ, հասկանալի կլինի, որ մայրաքաղաքի պաշտպանողական նպատակների համար այդպիսի վիթխարի ձեռնարկությունն էլ, ինչպես ստորերկրյա անցքերի ցանցն է, միանգամայն կարելի և հնարավոր էր:
Կարծում եմ, որ ռուս օֆիցերի պատմած դեպքը երբ մի չերքեզ՝ նեղն ընկած ժամանակ, ազատվում է մի խումբ կազակների ձեռքից՝ ապավինելով գետնափորներին, պիտի մի աղոտ առաջնորդ դառնա մեզ համար՝ «Ստորերկրյա Անիի» նշանակությունը հասկանալու համար: Այստեղ էլ ես կրկնում եմ, ինչպես դեռ էլ առիթ պիտի ունենամ կրկնելու այն, ինչ ասել եմ Անիի պատերազմական նշանակության մասին։ Երբ այցելուն ամփոփվում է այդ նշանակությունը ըմբռնելու մտքի մեջ, նա չի կարող չհիանալ՝ տեսնելով, թե որքա՜ն խնամք ու ուշադրություն, որքա՜ն ճարտարություն, կանխատեսություն է թափված՝ այս բերդին ամեն կողմից պաշտպանողական հզոր միջոցներ հայթայթելու համար:
Ավերակների երկար տարածության վրա, կրկնում եմ, միայն քրիստոնյայի աստծո խորտակված պաշտամու՛նքը չի ողբում, նրանից ավելի խոսում է այս լուռ վայրերում ջարդված, կոտրատված հուժկու ռազմական պաշտպանողական հանճա՛րը: Դուք տեսնում եք, որ մի սուր աչք տեսել է ամեն ինչ, որոշել է այն տեղերը, ուր մայրաքաղաքը կարող էր հարվածներ ընդունել, և դրել է այդ տեղերում հակահարվածների ամուր պատվանդաններ։ Ստորերկրյա մութ, խորհրդավոր սարսափ ազդող փորվածքներն էլ հարկավոր են եղել Անին այնքան սիրուն կերպով պաշտպանության դիրքի մեջ դնող հանճարին: Գոնե ինձ համար ամենահավանական ենթադրությունն ա՛յս է: Իհարկե, ո՛չ ես, ո՛չ էլ մի ուրիշը, չենք կարող ամենաճիշտ հավանականությանը մոտեցած լինել, քանի որ ձեռքի տակ ունենք երկու ականատեսների նկարագրությունները: Դրանք շատ անբավարար են:
Մի ստորերկրյա աշխարհ ճանաչելու համար բավական չեն երկու պատահական այցելուները, որոնք, ահ ու երկյուղով բռնված, մի կարճ ժամանակ եղել են փորվածքների մեջ: Պետք է հանգիստ մանրամասն ուսումնասիրություն, պետք է ո՛չ թե լուցկիների լույս, այլ՝ գիտության և լուսաբանության պայծառ ջահե՛ր մտցնել այս տեղերը: Դա դեռ ապագայի գործ է: Անին կարգին չէ ուսումնասիրված, լուսաբանված չէ իր ավերակային կյանքի բոլոր, բոլոր դիրքերից: Պետք է հուսալ, որ կգա՛ այդ օրն էլ: Եվ այն ժամանակ, այն բոլոր մութ հարցերի հետ, որ պահում է իր կրծքի տակ Անին, կպարզվի և ստորերկրյա քաղաքի էությունը:
Նոր ենք դուրս եկել Ծաղկոցի ձորից, նոր ենք ոտք դրել Անիի մակերևույթի վրա: Բայց հեռանալ ձորի պռունգից դեռ չենք կարողանում: Բարձր ժայռերի գլխից մենք դեռ մի քանի րոպե էլ դիտում ենք արևմտյան շրջակաների տեսարանը: Մեր ձախ կողմին բարձրացած միջնաբերդը նույնպես նայում է ձորին, որի մեջ էինք մենք մի կես ժամ առաջ: Դա մի դարավոր անշարժ հայացք է և կարծում ես, թե նա միշտ դյութված է այն ամեհի վայրենի գեղեցկությունից, որ ներկայացնում է Ծաղկոցաձորը, այստեղ՝ նրա ոտների առաջ: Բայց մեր ուշադրությունը գրավողը այնքան այդ մեծ, ամայի մոխրագույն ձորը չէ, որքան այն շինությունը, որ ուղիղ մեզ է նայում ձորի հանդիպակաց կողի ժայռոտ զառիվայրերից:
Շինությու՞ն: Բայց ո՞վ է նրան շինել: Երկու վարպետներ են երևում՝ Բնությունը և Մարդը: Ո՞վ է դրանցից շատ աշխատել այդ շինության վրա՝ մարդը: Բնությունը միայն նյութ է տվել, բնությունը այդ թեք լանջի վրա գցել է մի մեծ ժայռ, իսկ մարդը բարձրացել է այնտեղ, իր մուրճով ծակծկել է ժայռը, սենյակներ է փորել, մինչև իսկ պատուհաններ է բացել, և ահա այդ քարայրային ապարանքը լուռ մեզ է նայում իր բաց դռներով:
Մեր տեսած այն քարայրների մեջ, որոնք մի ժամանակ մարդկանց էին ծառայում, այս մեկը առաջինն է թե՛ իր չափերով, թե՛ իր զարդարանքներով: Մենք իսկույն հատկացնում ենք նրան «ապարանք» անունը: Եվ իրավ, որքան կարելի է դատել հեռվից, նա սովորական տուն է:
Մոտիկից տեսնել նրան, մանավանդ նրա ներսը մտնել, հեշտ չէ, եթե չասենք, թե անհնարին է: Նրա ժայռը ցցված է ձորի պատռվածքի ծայրին: Ներքևից՝ ձորի հատակից, ոչ մի ճանապարհ, որ տաներ դեպի վեր, դեպի մեր մկրտած «ապարանքը»: Գուցե կարելի լինի մագլցելով վեր բարձրանալ: Իսկ վերևից՝ ձորի պռունգից միայն թոկերի վրա կարելի է կախվել, ցած գնալ, սենյակների մուտքին հասնելու համար:
Մենք ո՛չ մեկն ենք անում ո՛չ մյուսը, այլ մեր կանգնած տեղից ուղղում ենք մեր դիտակները և տեսնում ենք այն, ինչ կարելի է տեսնել դրսից: Քարայրի ապարանքը կամ այրերի այդ խումբը ինչպես կամենում եք՝ անվանեցեք,- երկհարկանի է: Երևում են մի քանի կամարաձև գեղեցիկ դռներ, մի երկու սենյակների առջևի պատը քանդված է, և դուք տեսնում եք, որ նրանք ներսից ավազան են եղել: Ոչ միայն ավազան: Երկար մեր ուշադրությունը գրավում է իր բոլոր երեք պատերով, մեզ նայող սենյակը: Նրա մեջ մենք նկատում ենք բազմաթիվ դարակներ, նկատում ենք և ինչ-որ գունավոր նկարներ: «Ապարանքի» հարավային մասն է այդպես կիսաքանդ և ցույց է տալիս իր ներքինը: Մնացած մասը դեռ ծածկված շինության արտաքին ամբողջությունն է պահպանում, և այդտեղ երևացողը պատուհաններն են միայն:
Բնականաբար, մեզ իսկույն պիտի բորբոքեր այն հարցը, թե ի՞նչ է եղել այդ շինությունը: Կենդանի մարդուն մի անհայտ ու անխոս ավերակի առաջ ամենից շատ այդ է տանջում: Եվ մեզանից ամեն մեկը իր ենթադրությունն էր հայտնում: Մեկն ասում էր, թե երևի այդտեղ ապրելիս է եղել մի իշխան կամ մի շատ հարուստ մարդ: Իհարկե, ամենից առաջ մի այդպիսի միտք պիտի գա, քանի որ մենք գտնվում ենք մի մայրաքաղաքի, այն էլ՝ իր փարթամությա՛մբ հռչակված մայրաքաղաքի հողի վրա: Բայց մի ուրիշը իրավացի կերպով նկատում է, որ մասնավոր շինությունները այնքան մեծ ու փառահեղ չեն եղել, գոնե Անիի մեջ՝ այդպիսի տան, ապարանքի կանգուն ավերակներ չենք տեսնում: Կան, այո՛, շինություններ, որոնք եկեղեցիներ չեն, բայց մենք նրանց մասնավոր մարդկանց սեփականություն չենք ճանաչում և ասում ենք, թե դրանք պետական հիմնարկություններ, պաշտոնարաններ են եղել: Այպես էլ այդ ժայռի մեջ փորված ապարանքը՝ երևի որևէ պաշտոնական հիմնարկություն է եղել, կամ՝ զինվորական պահականոց, որ հսկվում էր հարավային կողմից եկող մեծ կարևոր ճանապարհի վրա կամ գուցե՝ մաքսի և այլ հարկերի տուն:
Սրանք մեր խոսակցություններն են, ընթերցո՛ղ: Եվ ես չեմ ասում, թե ուրիշ այցելուներ բոլորովին ուրիշ տեսակ խոսակցություն, ուրիշ տեսակ ենթադրություններ չեն ունենա այս միևնույն առարկայի վերաբերմամբ: Ամենքն իրավունք ունեն: Ո՛չ մի գրով, ո՛չ մի հիշատակությամբ չխանգարվող քարային լռության առջև ենք կանգնած: Քարերից էլ, ասենք, գաղտնիքներ խլում են, բայց ի՞նչ տեսակ քարերից: Ո՞ւր էր, եթե մենք էլ, հասարակ այցելուներս, մաս ունենայինք այն հանճարից ու հնարավորությունից, որ, օրինակ, Վանի ժայռերի վրա նշանակված բազմադարյան ալևոր գաղտնիքը բացեց:
Բայց կասեմ, որ շատ ճիշտ է մեր խոսակցության մեջ շեշտված այն հանգամանքը, որ մասնավոր աչքի ընկնող մեծ շինություններ ոչ ոք չէր ուզում ընդունել Անիի կանգուն ավերակների մեջ: Կարծես, թե անեցին դրամ խնայելիս չի եղել միայն եկեղեցիներ և պաշտոնարաններ շինելիս: Ահա մենք գնում ենք դեպի այդպիսի մի շինություն, որը նույնպես ստեղծված է, որի ինչ լինելու առիթով տեսակ-տեսակ դատողություններ կան: Ծաղկոցաձորի եզերքով մի ծուռումուռ ճանապարհ տանում է մեզ քիչ դեպի հյուսիս: Մեր առջև պատերի մի տրորված խումբ է երևում: Նա բարձր է նայում է մեզ՝ երեք հատ սևին տվող կամարակապ բացվածքներով, որոնք ներքին հարկումն են գտնվում: Դրանք սենյակներ են, և՝ բավական լա՛վ պահված սենյակներ»…
…«Քարակաշկառների վրայով մտնում ենք ներքին հարկի կամարակապ սենյակները՝ համարյա համոզված, որ մտնում ենք արքայական պալատը»…
…«Վեհ ու տխրալի ավերակները ինչ որ թագավորական վսեմաշուք ազդեցություն են թողնում և դուք համարյա մոռանում եք, որ Բագրատունյաց մայրաքաղաքը ամբողջ դարեր ապրել է առանց թագավորների և ապրել է տեսնելով գեղեցիկ օրեր էլ»…
Լուսանկարներում՝ տեսարաններ Անիից, նաև՝ նրա քարայրային ու ստորգետնյա հատվածներից…
«ԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԿԱՐԱԳՐԵԼ ԱՆԹԻՎ ԱՆԳԱՄ՝ ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ, ԼՈՒՍԻՆԸ, ԾՈՎԸ, ԶԵՓՅՈՒՌԸ»…
1903 թվականի ամռանը մի խումբ Հայ մտավորականների հետ մի քանի օրվա շրջագայությունների արդյունքում Հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932)՝ ծնունդով Արցախի Քարին տակ գյուղից, գրում է իր տպավորությունները՝ Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքի ավերակների նկարագրությամբ՝ փոխանցելով «բարբարոսության ավերիչ շունչը»… «Անին կարելի է նկարագրել անթիվ անգամ՝ ինչպես նկարագրում են արշալույսը, լուսինը, ծովը, զեփյուռը… Որովհետև նա էլ այդպիսի մի երևույթ է մեր մարդկային աշխարհում»:
Որոշ քաղվածքներ Լեոյի՝ «Անի… Տպավորություններ, հիշատակներ, Անցածն ու մնացածը», (Երևան, 1963 թ.) գրքից՝ ստորև…
…«Անին մոռացված էր, բայց Անեցին չէր մոռացվում: Պարծանք էր Անեցի լինելը, որովհետև Անին մի բարձր, կուլտուրական, ընտրյալ, ազնիվ և զարմանալի ընդունակ ժողովրդի անուն էր: Հայերի մեջ դեռ այդպիսի բարձր, ազնվական տիտղոս ոչ մի նահանգ, ոչ մի քաղաք չէր ստեղծել:
Անեցի լինելը մեծ պարծանք էր, թեև իրապես Անեցի լինելը նշանակում էր լինել հայրենիքից զուրկ թափառական, օտար երկնքի տակ դեգերող: Դառն ճակատագիրը քշում էր Անեցուն ամեն տեղ. դրա պես գաղթական չէ եղել նույնիսկ Հայերի նման մի ազգի մեջ, որ հրեաներից հետո առաջին համաշխարհային թափառականն էր: Անեցին տեղափոխվում էր Հայաստանի զանազան կողմերը: Նա նույնիսկ պատռեց Ասիայի սահմանները և ահագին քանակությամբ ցրվեց այնպիսի հեռաստաններում, ինչպես են Ղրիմ, Լեհաստան, Հունգարիա: Բայց ամեն տեղ նա տանում էր իր պարծանքը. այն, որ նա Անեցի՛ է: Եվ այն ժամանակ, երբ Ախուրյանի ափին կարիճներ էին միայն սողում պալատների, եկեղեցիների, պարիսպների հոյակապ բեկորների մեջ, գաղթական Անեցու երրորդ կամ չորրորդ սերունդը՝ նստած Ղրիմի ափերում, հիշատակարան էր գծագրում, որի մեջ, նկարագրելով իր տարաբախտ, ողբալի ներկան, մխիթարվում էր իր հեռավոր անցյալը հիշելով, այն, որ Ղրիմի Հայ գաղթականությունը Անիի՛ց է դուրս եկել…
«Մենք, — սրտառուչ հպարտությամբ պատմում է հիշատակարանը, — Պահլավունիների սերունդից ենք, Անի մեծ, թագավորանիստ քաղաքից: Մեր Անի քաղաքը իշխանների և ազնվականների բնակության տեղ էր և չենք կարող սահմանի մեջ գցել ու պատմել այն անսահման և անհուն հարստությունները, որ ուներ ժողովուրդը՝ ազնվական իշխաններից սկսած մինչև գռեհիկները: Բացի յուրաքանչյուրիս ոսկեզօծ զանազան պալատներից, ունեինք նրա մեջ և «հազար ու մի եկեղեցի» »:
Դարերի ընթացքում Անեցի գաղթականը ամեն ինչ մոռացավ Եվրոպայի հողի վրա՝ և՛ իր լեզուն, և՛ իր ազգային ավանդույթները, բայց երբեք չմոռացավ և նույնիսկ այժմ էլ չի մոռացել մի բան՝ որ նա Անի քաղաքից է»…
«…Անին մեր նախնիքների ռազմագիտական տաղանդի մի աննման թանգարան է ներկայացնում: Ահա մի փաստ էլ, գուցե՝ ամենահիանալին բոլոր այստեղ հավաքված փաստերից: Ինչպե՜ս լավ են իմացել օգտվել բնության ահավոր խաղերից: Ինչպե՜ս կարողանում էին նվաճել անմատչելի վայրենություններն անգամ հպատակեցնելով նրանց իրենց բահերին, թիերին, բրիչներին: Պարիսպն իր վերևի մասերում է քիչ ավերված: Մնացած մասը կարմիր միապաղաղ մի զանգվածի է նմանում: Թվում է, թե դա Միջնաբերդից դուրս մի ամեհի գազան է, որ համարձակ ցած է վազել և, հասնելով խորխորատին, կանգնել, ծառացել է նրա վրա…
Միայն ռազմական պետքերի կարող էր ծառայել այդ մեծ, ահարկու տպավորություն թողնող պարիսպը: Նա վերջանում է քառակուսի սպառվածքով, որ ցցված է ձորի ահագին խորության վրա և իր մի հատ մեծ պատուհանով խոժոռ սպառնական հայացք է բևեռել ոչ միայն ձորի, այլև նրա ափով անցնող ճանապարհի վրա: Այստեղից չի երևում այդ աչքը, բայց այստեղից նայողն էլ զգում է, որ այնտեղ պատի բարձր քառակուսի ծայրը պլշած նայում է դարձյալ սպառնալից, դարձյալ ահարկու՝ ինչպես իր կառուցման առաջին օրից…
Փոքրիկ, անանուն եկեղեցուց մենք դանդաղ շրջագայում ենք Միջնաբերդի հարավային ստորոտով՝ ուղղվելով դեպի արևելք: Բայց աչքից չգցենք մեզանից ցած ընկած ժայռերի տարածությունը: Ծաղկոցաձորը գնալով նրա արևմտյան կողմով նեղանում, կուչ է գալիս, և այստեղից նա հազիվ նկատվում է իբրև մի սև, անհատակ պատռվածք: Միշտ այդ նեղված ձորը ձգտում ունի դեպի արևելք գալու, ժայռերը հաղթահարելու: Ինչու՞, ի՞նչ կա արևելքի մեջ ձգողական: Ախուրյա՛նն է այդ կողմում, և Ծաղկոցաձորի ջուրը շտապում է ժամ առաջ միանալ նրա հետ: Սև ապառաժ բարձրությունն է ընկած նրա և Ախուրյանի մեջ. չէ թողնում միանալ, բաժանում է, բայց ժա՛յռն էլ վերջ ունի, ժա՛յռն էլ հոգնում է: Հրե՜ն, հեռու հարավում Ախուրյանի լայն պատռվածքը ժայռերի միջով շրջան տվեց, թեքվեց դեպի արևմուտք: Իրան է սպասում Ծաղկոցաձորի երկար ու նեղ շարունակությունը և իսկույն ընկնում է Ախուրյանի գիրկը: Եվ ստացվում է այսպիսի տեսարան:
Միջնաբերդի հարավային մասը՝ ցածրանալով, տեղի է տալիս այն բարձր ժայռերին, որոնք անջատում են Ախուրյանը Ծաղկոցաձորի ջրից: Այսպիսով, Անիի թերակղզին ստանում է սեպի նման վերջավորություն, որ իր սուր անկյունով խրվում է երեք կողմից շրջապատող ձորերի մեջ: Սուր անկյուն կազմող ժայռոտ բարձրությունը՝ երկու ջրերն իրարից անջատողը, այժմ անվանվում է «Գըզըլ գալե» կամ «Գըզ-գալե»: Մի բերդ, ուրեմն: Եվ իրավ, բնության շինած մի անմատչելի ամրություն է դա, ուր, ինչպես ցույց են տալիս այնտեղ երևացող ավերակները, մարդիկ են ապրել, պաշտպանվել:
Շատ քչերին է աջողվում գնալ, տեսնել Աղջկա բերդը: Ճանապարհը սաստիկ վտանգավոր է, նա քերում է այդ ժայռերի կուրծքը, և անցնողն առանձին ճարպիկություն և դյուրաթեքություն պիտի ունենա՝ խոր ձորի մեջ գլորվելու անխուսափելի վտանգից ազատված լինելու համար: Այդ հանգամանքը արգելք է դնում մեր առջև: Եվ ես կասեմ այստեղ այն, ինչ տեսնողներն են ասում:
Ժայռոտ բարձրության գլուխը չափազանց փոքր ու անձուկ է, որպեսզի այնտեղ մի աչքի ընկնող բերդ տեղավորվեր:
Բայց ինքնապաշտպանության հոգսով պաշարված հին մարդու համար անձկությունն այնքան նշանակություն չուներ, որքան՝ ամրությունը, ուստի՝ նա փոքրիկ բերդերն էլ չէր արհամարհում: Երեք կողմից ջրերով շրջապատված, իսկ չորրորդ կողմից մի պարսպանման սպառվածքով անմատչելի ժայռը դեռ հին ժամանակներում պաշտպանության մի գեղեցիկ վայր է դառնում: Ենթադրում են, որ դա՛ է եղել հին Անի բերդը: Այդտե՛ղ էր, ինչպես կարծում են, Հայոց ամենագլխավոր և ամենաժողովրդական աստվածուհու՝ Անահիտի տաճարը:
Երբ քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դարձավ, Գրիգոր Լուսավորիչը, ինչպես հայտնի է, սկսեց կործանել հեթանոսական մեհյանները և նրանց տեղ եկեղեցիներ կառուցանել: Այստեղից մի ուրիշ ենթադրություն էլ — այս ժայռի վրա էլ, ուրեմն, Լուսավորիչը կառուցած պիտի լինի եկեղեցի: Այժմ էլ այնտեղ երևում է կարմիր քարերից շինված մի գեղեցիկ եկեղեցի՝ շրջապատված մատուռներով: Ավերանքը այդ անմատչելի տեղն էլ է հասել: Նրա համար արգելք չէ եղել վտանգավոր նեղ ճանապարհը, որ քարերի՛ մեջ փորած աստիճաններով է դեպի վեր գնում և նրա քայքայող շունչից այդ եկեղեցուց էլ մի քանի պատեր ու բեկորներ են միայն մնացել»…
…«Բացի այս եկեղեցուց, նկատվում են ժայռի գլխին և մի քանի ուրիշ ավերակներ, որոնք աշտարակների ձև են ցույց տալիս: Դրանք էլ մի կողմից են ուժ տալիս այն կարծիքին, թե Գըզ գալեն է եղել նախնական Անին, որ դեռ հինգերորդ դարից հայտնի էր «ամուր» տիտղոսով:
Այդտե՛ղ է ծնվել բերդը, այդտե՛ղ է մկրտվել՝ իր գեղեցիկ անունը ստացել: Եվ ապա տարածվել է դեպի հյուսիս, անցել է ձորը, բարձրացել մեր այս Միջնաբերդի լանջերով ու առաջ գնացել ո՛չ միայն աշխարհագրական սահմանների, այլև՝ անմահ փառքի ու հռչակի մեջ…
…«Ծաղկոցաձորին նայող ծայրի կամարազարդ ավերակների մոտից մենք նայում ենք դեպի հեռուն:
Ուղիղ գծով մեր դիմաց Ալաջայի փեշերն են, իսկ նրանց տակ՝ ստորոտում, մի տեղ կա, որ Անիի հետ կապված է բազմաթիվ հիշատակներով: Այժմ այդ տեղը կոչվում է Ղոզլիջա՝ մի թուրքական փոքրիկ գյուղ, որի մոտ, սակայն, մի փառավոր եկեղեցի է մնացել: Թուրքերը անասունների գոմ են շինել եկեղեցին, բայց նրա պատերի բազմաթիվ արձանագրությունները մի ամբողջ պատմություն են պարունակում իրանց մեջ:
Նրանք ասում են, որ դա Բգներ կամ Բագնայր ավանն է: Իր անունով այդ ավանը հիշեցնում է մի հին, հեթանոսական հիմնարկություն լինելը: Եվ, երևի, քրիստոնեության մուտքը բոլորովին չէ ոչնչացրել տեղի կրոնական նշանակությունը, այլ, ինչպես և ուրիշ տեղերում, ծառայեցրել է նրան իր նպատակներին: Գոնե 10-րդ դարից, երբ այդ եկեղեցին շինվել է, ինչպես կարծում են՝ Պահլավունի իշխանների ձեռքով, Բագնայրը նշանավոր ուխտատեղի է եղել և Անիի արևմտյան կողմում համարյա նույն պաշտոնն է կատարել, ինչ Հոռոմոսը՝ արևելյան կողմում»:
…«Ավերակների թագուհի Անին» տեսնելով, շքեղ շինությունների փլատակների մեջ Լեոն վերհիշում է պատմիչների գրածները՝ Ասողիկի տողերը երբեմնի ծաղկուն, բարգավաճ ու բարեզարդ այս մայրաքաղաքի մասին, ուր «Ժողովրդի հարստությունն ա՛յն աստիճանի էր հասել, որ մինչև իսկ հովիվներն ու նախարարները մետաքսե շորեր էին հագնում»… Նաև՝ Լաստիվերտցու հայտնածը՝ «Անին չորս հարյուր իննսուն և չորս թվականին (1045 թ.) առնվեց ո՛չ թե պատերազմի օրենքով, այլ՝ խաբեությամբ»…
…«Զգացմունքների մի ահագին բեռ էի տանում հետս Էջմիածնից: Երբ գնացքը մոտենում էր Անի կայարանին՝ մենք կանգնեցինք պատուհանի առաջ: Հեռվում՝ արեգակի պայծառ լույսերի մեջ, նորից վերջին անգամ երևացին այժմ ինձ այնքա՜ն ծանոթ, այնքա՜ն սիրելի ավերակները: Եվ ես զգացի, որ ամենից ուժեղը, ամենից տպավորիչը, ամենից անմոռանալին դրա՛նք են, այդ սգավոր պատերն ու շենքերը»…
Հազարամյակներ ի վեր իմաստասերներն իրենց մտորումները, համոզմունքներն ու տեսություններն են շարադրել մարդկությանը հուզող հարցերից կարևորագույնի՝ Մարդու էության բացահայտման շուրջ՝ իրենց ճշմարտությունները հաճախ ձևակերպելով զանազան այլաբանական պատմություններով: Նման մի պատմությամբ է սկսվում գերմանացի իմաստասեր, մշակութային քննադատ, բանասեր Ֆ. Նիցշեի (1844-1900)՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» հայտնի իմաստասիրական ստեղծագործությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 1883 թվականին: Լեռներում 10 տարվա առանձնությունից հետո Զրադաշտը վերադառնում է մարդկանց մոտ՝ իր իմաստնությունը կիսելու, «գերմարդու» գաղափարները տարածելու համար: Եվ նա սկսում է երեք փոխակերպումների մասին այլաբանությամբ: «Վասն երեք կերպարանափոխությունների» պատմությունն այլաբանորեն նկարագրում է մարդու գիտակցության երեք փուլերը: Իր և հասարակության բեռի տակ կքած Մարդուն խորհրդանշող Ուղտի պես հնազանդորեն պարտականությունները կատարողից՝ Առյուծի նման՝ ազատատենչ տիրակալի փոխակերպմանը հաջորդում է նոր արժեք ստեղծողը՝ Երեխան:
Ուղտի կերպարը խորհրդանշում է ինքնուրույնությունից զուրկ՝ իր վիճակն ընդունողն ու հլու — հնազանդվողը՝ «Ես պարտավոր եմ» ասելով լուռ համակերպվողը: Ուսերին դրված բեռից ազատվելու համար Ուղտը պետք է փոխակերպվի Ազատաբաղձ Առյուծի, որն իր կամքով է շարժվում՝ «Ես ուզում եմ» սկզբունքին հետամուտ, մերժելով այլոց կողմից պարտադրվածը: Նրան հաջորդող՝ Երեխայի կերպարը նոր կյանքի, նոր արժեքների Արարո՛ղն է՝ «Ես կարո՛ղ եմ»… Նա ուզում է և գիտակցաբար, կամովի փոխում է իր կենսապայմանները…
«Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև, լար՝ անդունդի վրա։ Վտանգավոր է առաջ գնալը, վտանգավոր է ճանապարհին կենալը, վտանգավոր է ետ նայելը, վտանգավոր է սոսկալը և կանգնած մնալը»…
Անհատի ինքնաճանաչումն անքակտելիորեն կապված է իրեն ծնող հավաքականության՝ ցեղի, ազգի ճանաչման հետ, քանզի յուրաքանչյուրն իր Նախնիների կերտած արժեհամակարգի կրողն է, ցեղի՝ ազգի Ոգու, բարոյական որակների թարգմանը:
Ազգի՝ ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների իմացությամբ սկզբնավորվում է Ցեղակրոնությունը:
Մարդու և, հատկապես՝ Հայ մարդու կատարելագործմամբ մտահոգ՝ Նժդեհն իր մտքերն է շարադրել՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ՝ «Եթե ծաղիկը չի ծաղկում՝ ծաղկի միջավա՛յրն է անհրաժեշտ պարարտացնել»…
«Ցեղային կարողութիւնների եւ առաքինութիւնների զարգացումն ու արտայայտութիւնը պահանջում են որոշ հոգեբանական մթնոլորտ: Ցեղակրօնութիւնը ձգտում է հէնց ա՛յդ մթնոլորտը ստեղծել: Նա ճգնում է աշխարհ բերել Ցեղամարդը – ամբողջական Հայ մարդը – որի մէջ եւ միջոցով պիտի արտայայտւեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու յատկութիւնները: Անցեղահաղորդը քարշ է տալիս իր մանր եւ պաղ գոյութիւնը: Նա չի՛ ճանաչում աւելի բարձր եւ ընդարձակահորիզոն կեանք: Նմանը տկար է եւ դժբախտ, քանզի դեռ չի՛ զգացել իր միութիւնը Ցեղի հետ: Նաեւ երկչոտ է անցեղապաշտը, որովհետեւ չգիտէ՛ օգտուել իր էութեան մէջ մթերուած կենսաբանական եւ հոգեւոր ուժի ակնաղբիւրից, նրա շտեմարանից – իր Ցեղի ուժից:
Երկար այն ճամբան, որ մեր ցեղն է կտրել, անցել, իրաւունք է տալիս ցեղակրօնին հաւատալու, որ դա հիւթասպառ եղած չէ, որ, ընդհակառակը, նրա հողը անախտ է, մաքուր, իսկ հունտը՝ ազնիւ, զօրաւոր: Ցեղակրօնը լաւատե՛ս է խորապէս եւ հաւատու՛մ է իր գործին: Նա սովորելու կամք – աւելի՛ն գիտնալու եւ կարենալու ծարաւ ունի:
Նրա պրոպագանդը առաւելապէս անձնական օրինակի պրոպագանդ է: Նոր ուխտակից գտնել – ահա՛ մի գործ, որի մէջ ցեղակրօնը յոգնել չգիտէ: Նա համոզուած է իր դաւանանքի փրկարար ճշմարտութեան: Նա տառապում է՝ տեսնելով Ցեղի ստինքից կտրուած Հայ մանուկը, պատանին, երիտասարդը: Ոգեկոչական է ցեղակրօնի խօսքը՝ խռովիչ, հոգեփոխող եւ՝ նոր ապրումի ու հոգեւոր լիութեան սնուցիչ: Չէ՞ որ Ցե՛ղն է նրա հոգեւոր կեանքի աղբիւրը: Ցեղաշունչ է իր խօսքը. դա խորհել է ստիպում: Նա չի սիրում պայքարի մտնել հին սերունդի – իր նախորդների թողած զէնքերով միայն, նա գիտակցում է թէ՝ անարդիական զէնք, ասել է՝ անզինութիւն, անզէն բազուկ: Նա աշխատում է գիտութեա՛ն զինարանէն առնել իր կռւի զէնքերը: Այսպէս վարուելով հանդերձ, նա չի մոռանում, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զէնքը»:
Յաղթել՝ ասել է՝ գերազանցել: Գերազանցելու ճիգ է Ցեղակրօնութիւնը: Պէ՛տք է գերազանցել իր ցեղի արտաքին թշնամիներին, իսկ այդ բանում յաջողելու համար՝ պէտք է գերազանցե՛լ իր նախորդ սերունդին: Այդպիսո՛վ միայն ճշմարտօրէն յարգած կը լինենք մեր նախորդներին: Բաւական չէ հիացիկ վերաբերմունք, անգա՛մ պաշտամունք ունենալ դէպի անցեալ սերունդը: Պէտք է գերազանցե՛լ նրան:
Հէնց սա՛ է կեանքի առաջադիմութեան օրէնքը, եւ յարգանքի այն պսակը, որ իւրաքանչիւր յետնորդ պարտաւոր է դնել Նախնեաց յիշատակների կոթողին: Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգեւոր խզումը սերունդների միջեւ: Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներէն – նա էապէս կտրւում է մինչ այդ գոյութիւն ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն: Հին սերունդէն կտրուողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցութի՛ւնն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները փոխանցում են Ցեղի յաւիտենական բոցը, ինչպէս մոմը բոց է առնում մոմէն:
Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կեանքում՝ հին եւ նոր սերունդի միջեւ, որովհետեւ մի՛ է, միեւնոյն է, օրգանապէս իրար կապուած աւանդութեանց, բարոյական եւ արժէքների խախտման հոգեբանական հիմքը»: