Year: 2023

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Ղ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ղ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ղ)

    …«Դե՜, բերա՛ն բեր, որ չթքի,

    Եվ քարե սիրտ, որ չճաքի»:

    Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» «Ղողանջներից» դրվագներ են մտաբերվում՝ ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ ականատեսների վկայություններն ընթերցելիս…

    …«Կյանքում կան բաներ, որոնք չե՛ն քերվում,

    Ինչպես չի՛ քերվում արյունը՝ սրտից

    Կամ գույնը՝ վարդից:

    Կյանքում կան բաներ, որոնք չե՛ն ներվում

    Ինչպես դրացուն,

    Այնպես էլ համա՛յն մի ժողովրդի:

    Չի ներվում և այն,

    Ինչը կոչվում է՝ Առավելություն»…

    1921 թվականի ամռանը Մարզվանում Հայերի հանդեպ իրականացված կոտորածների ականատես Նշան Զորայանի հուշերից ևս մի հատված՝ ստորև…

    Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

    «Սանիկս՝ Երուանդը, իրավ ալ, սպանված էր իր անխորհուրդ արարքին հետևանքով, իսկ մօրեղբա՞յրս, իրականին՝ մօ՛րս մօրեղբայրը…
    Ան ողջ մնացած էր հրաշքով և այսօր ալ տակաւին ողջ է ու կբնակի Փարիզի Իսի լե Մուլինօյի արվարձանին մէջ և փոքրիկ անձնական տուն մ’ալ ունի…
    Առաջին կինը և զավակները՝ Ընդհանուր պատերազմին տեղահան ելած և բոլորն ալ կոտորված՝ Ֆրանսա գալով մօրեղբայրս կրկին ամուսնացած՝ երկու աղջիկ ու մեկ ալ զավակ ունի:

    Նշան Զօրաեանի մոր մորեղբայրը՝ Հակոբ Քելլեճեանն իր ընտանիքով

    Վերհիշեմ, թե մօրեղբայրս ուրիշ երեք ընկերներու հետ բռնված և սպաննելու տարած էին հինգշաբթիէն ուրբաթ լուսնալու գիշերը՝ այն պահուն, որ ես թաքստոցէս իջնալով՝ գօմիսէրին տունը գացած էի:
    Երկուշաբթի, երբ մենք ճարահատ փախուստի դիմել ստիպուեցանք, մօրեղբայրս նախընտրեց մեզի դրացի Կարապետ աղային տունը երթալ ու անոնց հետ պահվիլ: Իրավ թե՝ տեղեակ էր, որ Կարապետ աղան զօրաւոր թուրք պաշտպաններ ունի, քանի որ 1915 -ի տեղահանութեանը իր այդ պաշտպան թուրքերուն միջոցով էր, որ զերծ մնացած էր ամբողջ ընտանիքով…

    …Յակոբ Քելլեճեան՝ յուսալով, որ անոնց միջոցով կրնայ թերևս ազատվիլ, գացած էր Կարապետ աղայի տունը:
    Բայց այս անգամ իր պաշտպան ու բարեկամ ճանչցած վստահելի թուրքե՛րն էին, որ փորձած էին առաջին հարվածը իրենք տալու. դեպքին սկզբնավորութեան օրն իսկ եկած ու ահագին դրամ պահանջած էին որպէս փրկագին: Ճարահատ մարդը կուտայ դրամները և կ’աղաչէ, որ գոնե պաշտպանեն զիրենք:
    Բայց, ի վերջոյ, այդ իբրև թէ բարեկամ կարծած թուրքերու մատնանշումով, այս ընտանիքն ալ՝ միւս բոլոր Հայ ընտանիքներուն նման, յարձակումներու ենթարկուած ըլլալով, Կարապետ աղան, իր երկու զավակները և մօրեղբայրս՝ Յակոբ Քելլէճեան, կը ստիպուին իրենց ձեղնայարկը պահուիլ, որտեղ շատ տառապանքներ քաշած էին մինչև հինգշաբթի իրիկնադեմ, որոնք զանց կ’առնեմ այստեղ կրկնել:

    Հինգշաբթի կէսօրէ վերջ, այս չորս հոգին՝ հետապնդուելով միևնույն բարեկամ ճանչված թուրքերէն, իրենց թաքստոցէն երևան կը հանվին, անոնց ձեռքերը ետևնին կապելով դուրս կը հանեն ու դիմացի կողմը՝ մեր տունը կից պարապ տան մէջ կը բանտարկէն:
    Հոն ոտքերնին ալ չուանով պինդ մը կապկպելէ վերջ՝ դուռն ալ ամուր մը կը գոցեն, կ’երթան՝ գիշերը տանելու և քաղաքէն դուրս սպանելու դիտաւորութեամբ:
    Թերևս լսած ըլլալով ազատումի հրամանի մը ժամանումը, իրկունը ուշ ատեն կուգան ու ոտքերնուն կապերը քոկելով՝ առջևնին կը խառնեն և գիշերուան մութին քաղաքէն դուրս կը տանին, ուրտեղ կը հոսեր պզտիկ գետակ մը:
    Հոնտեղ հասնելէ յետոյ կը վերցնեն ու, իրենց ահագին սուրերը մերկացնելով՝ առաջին անգամ Կարապետ աղային 35 տարեկան տղուն առաջ կը քաշեն ու վրայի հագուստները հանել կուտան ու, գետին տապալելով, կսկսին դանակի հարուածներով ջախջախել գլուխը:
    Հայրը և եղբայր՝ այս տեսարանէն սահմռկած, կը սկսին վայնասուններ հանել:
    Սակայն թուրքերը նույն պահուն առաջ կը քաշեն մյուս եղբորը, որ հազիվ քսան և հինգ տարեկան մը կ’ըլլար: Անիկա ալ՝ միւսին նման, կը մերկացնեն ու հօրը աչքին առջեւ անոր ալ գլուխը կտոր — կտոր կ’ընեն:
    Կարգը կուգայ տարիքաւոր ու ծէր հօրներնուն, որ արդեն նվաղած և գետին ինկած էր:
    Մօրեղբայրս կը պատմեր, որ այս անգամ՝ հագուստները մերկացնելով, շատ լուտանքներ թափեցին հեգ մարդուն հասցեին՝ «Անհավա՛տ շուն, — կ’ըսէին, — կը կարծէիր, թէ թուրք անունին տակ ծածկվելով պիտի կրնայիր օձիքդ ազատե՞լ մեր ձեռքէն: Մենք քեզ և քեզի նմանները շուտունց ճանչցած ենք, ձեր պատեանին տակ ծածկված օձեր էք և ձեր գլուխները պետք է այսպես ջախջախել, ինչու որ՝ երբ առիթը ունենաք՝ սովոր եք թունավոր ակռաներով խայթել մեզ, ինչպէս որ տեսանք Անգլիացիներուն հօս գտնուած ժամանակը: Հիմա ձեր այդ Անգլիայի բարեկամները թող գան ու ձեզ ազատեն մեր վրիժառու ձեռքէն»…
    Ի՜նչ քստմնելի հայհոյութիւններ կ’ ելլէին իրենց գարշահոտ բերաններէն… Հայհոյութիւններ, որոնք թրքական լեզուին միայն յատուկ ջարդ մըն է, ո՛չ կրօնքի կը խնայէն և ո՛չ ալ ընտանեկան պատիվ: Իրենց սրտերու ամբողջ մաղձը կը թափէին մեր վրայ:
    Խեղճ մարդը այս ամենու պատասխան բաներ մը կը մտմտէր, բայց՝ բոլորովին անհասկանալի:
    Լեզուն բռնուած էր ու անհնար էր որոշ բան հասկցնէր:
    Դահիճները՝ «Հերի՛ք մռլտաս, անհավա՛տ շուն» ըսին ու կուրծքին բռունցքի հարուածներով զայն ալ գետին տապալեցին՝ երկու տղոցը անշնչացած դիակներուն քով, սկսան հարուածներ տեղալով անոր ալ գլուխը ջարդ ու փշուր ընել…
    «Այլևս,- կ’ըսէ,- կարգը եկած էր ինծի: Տեսնելով՝ ո՛չ աղերսանք օգուտ մը պիտի ունենայ և ո՛չ ալ՝ ազատուելու ճար մը մնացած, երբ ինծի մօտեցան, որևէ փորձ մը չ’ըրի այս անգութ շուներէն գութ հայցելու, և ինքնիրենս պառկեցայ գետին ու գլուխս երկարեցի, որ վայրկեան մը առաջ լրացնեն իրենց դիվային նախճիրը:

    Իմ միակ վերջին խօսքս իրենց եղավ՝
    «Մէկ հօգիի մը համար ձեզի որևէ աղաչանք մը չունիմ»…
    Ասկէ անդին այլևս ոչինչ կը հիշեմ…

    Թուրքերը սկսեր են իրենց դանակի հարուածները… Բայց, փոխանակ իմ ալ գլուխս ջախջախելու՝ նման միւսներուն, իրենց հարուածները չորս անգամ իջեցուցեր են վզիս երկու կողմերուն: Հարվածներուն հետևանքով առաջ եկած արիւնահոսութենէն ու թեթեւ մութէն էր և որ ալ հարուածները ծոծոսկրիս հասած էին՝ այլեւս մեռած կարծելով՝ մի քանի սուրի ծայրի հարուածներ տուէր էին մարմնիս զանազան կողմերը, շորերս ժողվելով, ինծի ձգած, գացած էին…

    Երկար ժամեր անզգայ, երեք դիակներու մէջտեղ արյունլվայ ինկած մնացեր եմ:
    Դեռ առաւօտը լուսացած չէր, երբ առաջին անգամ զգացի, որ դեռ մեռած չեմ:

    Սոսկալի դող մը պատեց զիս. ունեցած արիւնահոսութենէն սոսկալի կը մըրսէի և ակռաներս, իրոք, կը կափկափէին…
    Գլուխս վերցուցի, ձեռքերով շոշափեցի վէրքերս և հասկցայ, որ ահագին բացուածքներ կան վիզիս երկու կողմերը: Դեռ մարմնիս վրայ միւս վերքերը չէի զգար:
    Ձեռքերս երկու կողմերս երկարելով հասկցայ, որ միւս ընկերներուս դիակները տակաւին տաք են:
    Ուստի ջանացի օգտվիլ դիակներու տաքութիւնէն ու մոտեցուցի դիակները իմ ինկած տեղս՝ այսպէս քիչ մը օգտվելու անոնց տաքութենէն:

    Շուները մեզմէ քիչ մը հեռու դիրք բռնած կը կաղկանձէին, բայց մեզի չէին մօտենար: Կ’երեւի զգացեր էին մեզմէ մեկուն ողջ ըլլալը, այլապէս, իհարկէ, պիտի փորձէին մեր դիակները փորոտել…
    Այսպէս մնացի ես դիակներուն մէջ՝ մինչեւ արշալոյսը ծայր տուաւ…

    Խելքս քիչ մը վրան գալէն ի վեր, ամբողջ երկու ժամու չափ մնացի այդ դիրքին մէջ:
    Մեռնողներն այլևս պաղած էին, ու ես ալ կը դողայի ցուրտէն…
    Լույսը բացուած էր և բոլորտիքս սկսայ տխրութեամբ տեսնել, սակայն, դեմքս և աչքերս արիւնի պաղած լերթերէն բոլորովին ծածկված՝ կ’արգիլէին թէ՛ հստակ տեսողութեանս և թէ՛ ազատ շնչառութեանս:

    Վրաս մնացած շապիկին վարի մասովը աշխատեցայ քիչ մը մաքրել դեմքս, սակայն, փոխանակ քիչ մը կարենալ մաքրելու, ավելի գէշ նեղութիւն զգացի. չէի նկատեր, որ շապիկիս կամ շապընկերիս վրայ ճերմակ ու մաքուր տեղ մը չէր մնացեր:
    Տանջանքից աչքերս գոցված էին ու չէի կրնար բանալ:
    Հանկարծ մտաբերեցի, որ մեզ բերած վայրը պզտիկ հոսող ջուրի առվակի մը մօտն էր, և իմ կեցած տեղէս քիչ մը վարը կը գտնվեր:
    Կարծէս լույս մը ծագեց վրաս… Արդեն սաստիկ ծարավ մը ալ կ’զգայի:
    Երբ հոսող ջուրը միտքս եկավ՝ կարծէս վրաս արտակարգ ույժ մը զգացի, ու ինքզինքս քաշկռտուելով՝ դեպի ցած սողացի, մինչև որ ջուրին հասայ:

    Մէկ ձեռքով գլուխս բռնած՝ սկսայ միւս ձեռքովս աչքերս ու դեմքս լուալ:
    Աչքերս բացուեցան, բերանս ալ աղվոր մը լվալէս վերջ մեկ ձեռքիս ափովը խմեցի այդ պաղուկ ջուրը և պապակս հագեցուցի:
    Հոգս չէր, թէ այդ վազող ջուրը քաղաքին աղտոտութիւնները քշող ջուրն եղած ըլլար…
    Զգացի, որ վրաս բավականին մը ույժ եկավ և ուզեցի ոտքի կանգնել՝ չորս կողմս դիտելու համար:
    Բայց, հազիվ ոտքի ելած, տեսայ, որ գլուխս սոսկալի կը դառնար՝ ջրաղացին քարին նման: Ստիպված նորէն նստեցայ:
    Մեռելները հազիվ հինգ մեթր հեռավորութեան վրայ կը գտնվէին:
    Քիչ յետոյ նկատեցի, որ սպանված տղոցը մեկուն մեջքի գոտին դիակի քովն է, և չէին տարած:

    Հակոբ Քելլեճեանը՝ նկարագրվող դեպքերից տարիներ անց՝ Ֆրանսիայում

    Դարձեալ գետինները ճանկըռթելով վեր ելայ ու յաջողեցայ վերջապէս գոտին ազատել մեռելին մեջքէն: Այս գոտին ինծի շատ պետքական եղավ, ինչու որ՝ զայն ազատ մը փաթթելիս վիզս, որ տակաւին կ’արիւնէր, այսպէսով կարծես թէ գլուխս ալ քիչ մը հաստատակամ եղավ իրանիս վրան և գլխի պտույտս ալ զգալի չափով մը հանդարտեցավ:
    Արևը ծագած էր:
    Մի քանի թուրքեր մէջտեղ ելան, որոնք այգիները կ’երթային՝ աշխատելու համար՝ իրենց գործիքներով: Զիս նստած տեսան՝ երեք մեռելներուն քով և անմիջապէս ինծի մօտենալ սկսան: Մեջերնուն մեկը՝ տեսնելով, որ ես ողջ եմ մնացէր, կուզէր զիս սպաննել տեղն ու տեղը, ըսելով թէ՝ «Անհավատ շունը դեռ ողջ է մնացէր»: Սակայն մեջերնուն մեկը, որ ավելի տարիքոտ կ’ երևար, արգիլեց իր ընկերները՝ ըսելով. «Ձգեցե՛ք այլևս այդ խեղճը: «Աստծոյ ողջ ձգել կամեցածը» կրկին սպաննելը շատ մեծ մեղք է», որուն վրայ միւսներն այլեւս չի համարձակվեցան իրենց չար դիտաւորութիւնը գործադրել:
    Աղաչեցի այդ մարդուն, որ ինծի մօտակայ ծառէն գավազան մը կտրեն՝ ձեռքիս նեցուկ բռնելու համար: Խնդրանքս կատարեցին ու ծառէն գաւազան մը կտրելով՝ իմ մօտս նետեցին՝ առանց քօվս մօտենալու, և իրենք հեռացան գացին իրենց գործին:
    Այլևս հոն մնալ չէր ըլլար. ոտքի ելայ՝ մեկ ձեռքս գաւազանը բռնած ու միւս ձեռքովս ալ՝ գլուխս ու քաղաքին ճամբան բռնեցի՝ առանց գիտնալու, թէ ջարդը վերջանալու հրամանը յայտարարուած է:

    Միայն շապիկ մը և անդրավարտիք մը ունէի, որոնք բոլորովին արնակարմիր էին:
    Ճամփին վրայ դարձեալ քանի մը անգամ թուրքերու հանդիպեցայ:
    Եղավ, որ ուզեցին զիս մեռցնել, բայց այս անգամ ալ քիչ մը խորամանկութեան դիմեցի՝ ըսելով.
    «Բարեկամնե՛ր, ես անհաւատ մը չեմ, ես ալ ձեզի պէս թուրք մըն եմ. զիս Հայ կարծելով բռնեցին և այս վիճակին ենթարկեցին: Գթացե՛ք ինծի և օգնեցե՛ք ինծի կառավարութիւն տանելու, ես ալ ձեզ նման թլփատուած մըն եմ, եթէ չեք հավատայ խոսքերուս», (Առաջին մեծ պատերազմին բռնի թրքացուցած և թլփատած էին զինքը):
    Այս խոսքերուս հավատացին ու ձեռք չի զարկին, ըսելով՝ «Ինչ որ ալ եղած ըլլայ՝ արդեն կիսամեռ է, ձգենք զինքը՝ թող իր գլխուն ճարը նայի»:

    Այս կերպով մինչև քաղաք հասայ, ուր ոստիկան մը զիս տեսնելով՝ մօտեցավ ու թևէս բռնելով ըսավ, թէ՝ «Ո՞ր աշխարհքէն կուգաս»: Ըսի՝ «Արդեն կը տեսնես, պատասխանելու պէտք չի կայ»:
    Ոստիկանը խնդաց ու ըսավ. «Այս կը հասկնամ, զէվվա՛լը (անբախտ) մարդ, եկուր հետս՝ քեզ նախ մօտիկ դեղատուն մը տանիմ, որպեսզի վերքերուդ նայի»:

    Այսպէս ոստիկանը մեկ թևս մտած, միւս ձեռքով ալ գաւազանին օգնութեամբ կամաց-կամաց հասանք դեղարան:
    Ճամբան հետաքրքիր թուրքեր իմ անձիս կը դիտէին՝ զարմանալով, թէ ինչպէ՛ս ողջ մնացած էի:

    Դեղագործը, երբ զիս այդ վիճակին մէջ տեսավ, ինքնիրենը կարող չի զգալով նման վերքերու անձամբ դիպչելու, ըսավ, որ քիչ մը նստիմ դռան քով՝ «մինչև որ բժիշկը կանչել տամ և միասին քննենք վերքերդ ու համապատասխան դեղեր տանք»:
    Աթոռ մը դուրս բերավ և դռան քով նստեցուց:
    Մինչև ես երեսս դէպի արևը նստած, քիչ մը արևուն տաքուկ ճառագայթներէն կ’օգտվէի, մեյ մ’ալ կուրծքիս խոշորկէկ քարի հարուած մը ստացայ, որը նստած տեղէս զիս սաստիկ ցնցեց ու պոռալ սկսայ:
    Թաղին թուրք լակոտները՝ հավաքված էին շուրջս ու քարերով կ’ուզէին զիս սպաննել՝ միշտ միևնույն հանգերը կրկնելով, թէ՝ «Գեավուրը («անհավատը») ողջ է մնացեր տակաւին, պէտք է մեռցուցենք»:

    Երբ ես ուժգին պոռացի՝ դեղագործը անմիջապէս դուրս եկավ և հարցուց, թէ ի՞նչ եղավ:
    Ըսի իրեն, թէ՝ «Չե՞ս տեսներ, սա լակոտները կուզեն զիս քարերով սպանել»:
    Դեղագործը խստիվ հանդիմանեց թուրք լաճերը ու հրամայեց, որ հեռանան ու զիս ալ՝ տեղէս հանելով, ներս տարավ, որպէսզի զերծ մնամ անպատեհութիւնէն:

    Վերջապէս եկավ բժիշկը, որ մեզի ծանօթ տօքթօր Ռեմետ էֆենտին էր ու, ինծի տեսնելով ճանչցավ:
    «Ա՜հ,- ըսավ,- արքայութիւնէն ետ վերադարձողը դու՞ն ես, Մեծ աղա, ի՞նչ կայ — չի կայ միւս աշխարհը»…
    Կարեկցական ժպիտով մը դեղագործին դառնալով՝ ըսավ, որ քոկէ վիզս փաթթված գօտին:
    Վերքերս լուռ մը քննեց ու, լվալ տալէ վերջը, զարմանքով յայտնեց դեղագործըին, թէ՝ թեև ծանր են վերքերը, բայց վտանգավոր տեղերու հանդիպած չեն հարվածները: Լավ փանսման (վիրակապ, Կ. Ա.) մը լցավ ու կապեց վերքերս և ըսավ, որ եթէ լավ դարմանում մը ըլլայ՝ կրնայ բժշկվիլ: Յանձնարարեց, որ հիվանդանոց փոխադրեն զիս ու գնաց:
    Ես նորեն նստայ աթոռի մը վրայ ու կը յուսայի, որ զիս հիվանդանոց պիտի փոխադրեն:
    Բայց մի՞թէ գոյութիւն ուներ նմանօրինակ հաստատութիւն մը Մարզուանի նման յետամնաց գիւղաքաղաքին մէջ:
    Կուսակալանիստ քաղաքներու մէջ անգամ նմանօրինակ թուրք բարեգործական հաստատութիւն մը չէր գտնվէր և, եթէ կային ալ, անոնք Հայերէ բռնագրաված հաստատութիւններ էին Ընդհանուր պատերազմի ժամանակ:

    Մարզուանի մէջ Ամերիկեան գօլէճին հիվանդանոցն ալ ամերիկացիներուն, իրենց սաներուն ու պաշտօնեայ հիվանդներու համար էր միայն:

    Մարզվանի Ամերիկյան կոլեջը

    Դեղագործը լուր ղրկած էր ոստիկանութեան, որ գան զիս հիվանդանոց փոխադրեն:

    Բավական սպասելէն յետոյ փօլիս մը եկավ ու ըսավ ինծի, որ ընկերանամ իրեն՝ հիվանդանոց երթալու: Թեւս մտավ ու զիս տարավ Հայու պարապ տուն մը, որ իբրև թէ հիվանդանոցի պիտի ծառայէ:
    Տախտակէ բազմոցի մը վրայ քուրջ մը փռեց ու զիս վրան պառկեցուց: Ըսավ, որ վերջը ինծի նայող պիտի գար ու, դուռը վրայէս գոցելով, ինք ելավ գնաց: Դռան վրայ կավիճով գրված էր՝ «Հիլալը Ահմետ խասթահանէսի» — «Թուրք Կարմիր մահիկի հիվանդանոց»:
    Ահա՛, այս էր թրքական տիպար հիվանդանոցը, ուր զիս տարած էին:

    Նույն օրը, ըլլայ կառավարութեան, ըլլայ առողջապահական հիմնարկութենէ մեկը չէկավ, բացի թուրք դրացի կնօջմէ մը, որ տեսեր էր զիս այդ տունը բերելնին: Ըլլայ հետաքրքրութենէն թէ խղճահարութենէն՝ այդ բարի կինը եկավ մօտս ու վիճակս հարցունելով՝ խղճահարեցավ ինծի:
    Աղաչեցի այդ կնօջ, որ ինծի աման մը ջուր բերէ, ինչու որ շատ կը տանջվէի ծարավէս:
    Կինը՝ մեկնելէն քիչ յետոյ ամանով մը ջուր, աման մը թարմ մածուն և գդալ մը բերավ ու ըսավ. «Ա՛ռ, այդ մածունը կե՛ր ու ծարավդ կտրէ՛, ես երեկոյին աման մը ևս կը բերեմ»:

    Ինծի կարծես աշխարհի ամբողջ հարստութիւնը արժեց այդ աման մը մածունը և անհագօրեն կերայ մինչև հատնիլը, վրայեն ալ ջուր խմեցի և նոր աշխարհ եկածի պէս, սկսավ քիչ-քիչ ուժ գալ վրաս:
    Երեկոյեան, իրավ ալ, նույն դրացի կինը աման մը մածուն ևս բերավ, որուն կեսը երեկոյին կերայ ու մնացեալը պահեցի շաբաթ առավօտեան:

    Շաբաթ կէսօրը անցած էր, երբ զիս հոս բերող փօլիսը կրկին երևացավ և ինծի ասեց, թէ Հայերու կին մարդիկը և մի քանի ալ էրիկ մարդիկ՝ Հայոց եկեղեցի բերված են, ուրկիս ալ՝ իրենց տուները վերադարձած: Ինծի հարցուց, թէ մեկը չունէ՞ի ջարդէն առաջ, ըսի, որ Քելլիճեան Մայրենի անունով քույր մը և ազգականներ ունէի, բայց ինչ ըլլալնին չե՛մ գիտէր:
    Աղաչեցի, որ երթայ և փնտռէ ու, եթէ անոնցմէ ողջ մնացող կայ՝ լուր մը տայ իմ մասին, ու քովս բերէ:
    Բնակած տուներնուս հասցեն ալ տվի, որ մեր տունը երթայ և եղելութիւնը իրենց տեղեկացնէ:
    Փօլիսը մեկնեցավ ու ես անհամբեր լուրի մը կը սպասէի…
    Վայրկեանները կարծես ժամերու չափ կ’երկարէին, մինչև որ վերջապէս փօլիսը՝ ընկերացած քրօջս և զարմիկիս հետ, որ այս հուշերը գրողն է, եկան ու զիս գտան կիսամեռ վիճակիս մէջ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Ձ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ձ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ձ)

    19-րդ դարի վերջերից օսմանյան կայսրության տարածքում Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեց երիտթուրքերի ու նրանց հաջորդած քեմալականների կողմից (հետագայում՝ նույնպես):
    Ու մինչ օրս միջազգային իրավունքի տեսակետից ըստ արժանվույն չեն գնահատվել ու պատժվել ցեղասպաններն իրենց հետնորդներով (անցյալի ու մեր ժամանակների իրենց իրավահաջորդներով)…

    Շարունակելով 1921 թվականի հուլիսի 23-ից Մարզվանում սկսված կոտորածների մասին ականատեսի՝ Նշան Զորայանի հուշերը՝ մի հատված ևս՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «ՇԱԲԱԹ…
    Շաբաթ առաւօտ բանտին մէջ թիվով հինգ հոգի Հայ հավաքուած էինք, որ մնացորդն էինք ութ հարիւրի հասնող այր ու կին բնակչութեան:
    Բոլորը սպաննած էին զանազան տեսակ խժդժութիւններով, շատերն ալ ոչխարի նման մորթած էին տան մը գետնափոր հարկին մէջ, ոմանք՝ հրդեհներու կրակին մէջ նետած ու ողջ-ողջ այրած էին:
    Մի քանի հատ փախչիլ փորձողները միայն գնդակով սպանուած էին, ինչու որ կը նախընտրէին փամփուշտ մը չը ծախսել:
    Չվանով խեղդամահ եղող կիներու թիվն ալ քիչ չէր, որոնք խաբուած էին, թէ դրամ տալով պիտի ազատուէին: Ատոնց մէկ հոգի մենք ականատես եղանք:
    Ողջ մնացող մէկ հոգի մը միայն շաբաթ կէսօրէ վերջ գտանք, որ թեև իր ընկերներուն հետ մորթուած, բայց մեռած չէր:

    Մարզվանում «մորթված, բայց չմեռած Հայը»

    Այս մարդուն պատմութիւնն ալ առանձին պիտի հիշեմ իր կարգին:
    Ուրեմն, այս անօրինակ ջարդէն, որ մեկ շաբաթ տևեց, միայն վեց հոգի ազատուած էինք՝ ամեն մեկս՝ հրաշքով…

    Մեր գտնված բանտը կը գտնվեր կառավարութեան շենքին ետևը, որ բաժնված էր ընդարձակ պարտեզով մը: Մենք կարող էինք բանտի բակէն տեսնել՝ ինչ որ տեղի կ’ունենար պարտեզին մէջ, նոյնիսկ կարելի էր կառավարական շենքը մտնող-ելլողներն ալ մասամբ տեսնել:
    Շաբաթ առաւօտը կառավարութեան շենքին մէջ եռուզեռ մը կար, ու սպասավորները հապճեպով պարտեզին մէջ պատրաստութիւններ կը տեսնէին: Աթոռներ ու նստարաններ շարեցան ու առջևներն ալ՝ սեղաններ, որոնց վրայ գավաթներ և զովացուցիչ ըմպելիքներ ու շիշեր ալ դրուեցան:
    Մենք անանկ հասկցանք, որ, անպատճառ, Մարզուան հանդիպող հյուրերու ընդունելութեան համար պատրաստութիւն մը կը տեսնեն:
    Քիչ վերջ տեղեկացանք, որ Անգարա հրամայած է եղեր Ամասիայի մխթասարըֆին, որ քննութիւն բանայ Մարզուանի մէջ գործուած ոճիրներուն ու խաղաղութիւնը վերահաստատել այս քաղաքին մէջ:
    Մխթասարըֆին այդ հրամանին համաձայն՝ Ամասիայէն կը ղըրկէ բարձրաստիճան մի քանի անձնաւորութիւններ, որոնք կը բաղկանային քաղաքային, կրօնական ու զինվորական անձերէ:
    Ասոնց պաշտոնն է եղեր քննել դեպքերը ու պատասխանատուները, և կարգը վերահաստատելով՝ վերջ դնել սանձարձակ խժդժութեանց:
    Հյուրերը եկան և աթոռները գրավեցին:
    Տեղւոյն կառավարութեան պաշտօնեաները, ժանդարմա կոմանդանին և կոմիսէր Հաճի էֆենտին սեղաններուն միւս կողմի նստարաններուն վրայ նստեցան: Հիսունի չափ ոստիկան զինվորներ՝ պաշտօնապէս զինված, պարտէզին մէկ կողմը շարված երկու կարգի վրայ՝ կը սպասէին:

    Սովորական ձևակերպութիւններն ընելէ վերջ՝ հյուրերուն սուրճ հրամցուցեցան, ուրկէ վերջ միայն հարց ու փորձերը տեղի ունեցան, որոնք մէկ ու կէս ժամ տևեցին:
    Մենք կը տեսնէինք, որ քարտուղարներ կ’արձանագրէին բոլոր եղած հարց ու պատասխանները:

    Այլևս որոշ էր մեզ համար, որ եկողները քննիչ հանձնախումբ մըն էին:
    Ինչե՞ր հարցուցեցան ու ի՞նչ պատասխաններ ստացան՝ այդ մենք չէինք գիտեր և հետագային ալ չի կրցինք գիտնալ, բացի այն իրականութենէն, որ խաղաղութիւնը վերահաստատվեցավ, Հայերու գրավված տուները վերստին պարպվելով տէրերուն հանձնվեցան ու այս գործված անգութ ոճիրներուն իբրև պատիժ՝ միայն տեղւոյն գայմագամը պաշտօնանկ եղավ:
    Միւս գլխաւոր պատասխանատուները երբե՛ք ալ չի պատժուեցան, ինչպէս Հայկական մեծ սպանդի ոճրագործները…

    Երբ իրենց ժողովը վերջացավ, գօմիսէրը՝ մի տասնեակ զինված ոստիկաններ հետը առած, բանտը եկան և մեզ՝ հինգ Հայերս կանչելով, պարտէզ առաջնորդեցին:
    Ամասիայէն եկած բարձր պաշտօնատարներ ոտքի մեզի կը սպասէին:


    Երբ դուրս ելանք՝ մեզի զեկուցում մը չ’ըրին, այլ մեզ երկու կողմերնիս զինուած տասնեակ ոստիկան զինվորներ շրջապատեցին, գօմիսէրն ալ միասին ու մեզի հրամայեցին, որ քալենք…
    Չէինք գիտէր, թէ մեզ ու՞ր պիտի տանին. մեր ետեւէն ալ բարձր պաշտօնատարները կը հետեւէին:
    Մեր խորհուրդները հազար ու մէկ եզրակացութիւններու կը մղէին մեզ՝ դեպի ազատութիւ՞ն, թէ՞ դեպի մահ կ’երթայինք…

    Այսպէս անտեղեակ մեզի վիճակուած բախտին՝ կը քայլէինք քաղաքին մէջին երկարող և դեպի զօրանոց տանող ճամբայէն, որուն վրայ խճողուած էր թուրք հետաքրքիր ժողովուրդը, որոնց ուշադրութեան առարկան մենք էինք՝ թէ քանի՞ հոգի ենք ողջ մնացածներս և ովքե՞ր ենք…
    Մեկը չէր մօտենար մեզ և որևէ խոսք մը կամ արտահայտութիւն մը չէր ընէր մեր ճամբու ընթացքին:
    Իսկ մենք՝ գլուխներս կախած ու մեղապարտ ոճրագործներու նման, պաշարված երկու կողմէն զինուած ոստիկաններով, կը քայլէինք մինչև որ քաղաքէն դուրս ելլելով վերջապէս հասանք զորանոցներուն առջև:
    Զորանոցներն ալ շրջապատված էին կանգնած պահակ զինվորներով:

    Հ. Մանիսաճեանի տպագրած՝ 1906 թվականի մի բացիկ՝ Մարզվանի զորանոցի բացման օրվան նվիրված

    Հոն մեզ հինգս կեցուցին:
    Ամասիայէն եկած քաղաքային պաշտօնեաներէն մեկը՝ առաջ գալով, մոտեցավ մեզի և հրամայեց ոստիկաններուն, որ բացվին ու հեռանան մեր մօտէն:

    Երբ բաւական մը հեռու գացին ու կեցան զինվորները՝ խոսքը մեզի ուղղելով ըսավ.
    «Զավակնե՛ր, ինչպէս բոլոր պատերազմի պարագայներուն կը պատահի, այս անգամ ալ անարդարօրէն և առանց կենտրոնի կառավարութեան գիտութեան՝ կամաւորներէ կազմված չէթաներու խումբեր կամայականօրեն ոճիրներ գործած են ձեզ՝ Հայերուդ հանդէպ: Իհարկէ, պատասխանատուները խստիվ պիտի հետապնդվին:
    Մեր բարեխնամ կառավարութիւնը Հայերու համար եղած այս զուլումին համար շատ ցավ զգացած է, սակայն երբէք չէր նկատած, որ այս տեսակ անպատեհութիւն մը կրնար տեղի ունենալ, որով ձեռք առնված ըլլար պէտք եղած նախազգուշութիւնները՝ արգելելու այդ կամավոր և օրէնքներ չի գիտցող արարքները:
    Բնական է, այդ մասին կառավարութիւնը քննութիւն մը բացած է և, վստահաբար, պիտի պատժվին արված անկարգութիւնը տեղի ւվող հանձնապարտները:
    Ասկէ վերջ՝ ձեզ՝ Հայերուդ համար այլևս որևէ վտանգ գոյութիւն չունի: Ձեր և ձեր ընտանիքներու ապահովութիւնը երաշխավորված է և դուք խաղաղ սրտով պէտք է վերադառնաք ձեր տուները՝ ձեր սովորական խաղաղ կեանքը շարունակելու: Թուրքերու կողմանէ գրաված Հայ տուները անհապաղ պարպվելու և իրենց տէրերուն հանձնելու հրամանը տրվեցավ:
    Մենք ձեզ հոս բերինք, որպէսզի հոս հավաքած Հայ կիներն ու մանուկները ձեր հոգածութեան հանձնենք, և դուք պէտք է ասոնք առաջնորդեք ուղղակի ձեր եկեղեցին, որտեղ արդեն հավաքված է թալանված գույքերէն մաս մը:
    Այդ գույքերն իրենց տէրերուն պէտք է հանձնվին արդարութեամբ՝ ձեր միջոցով, ու դուք զանոնք պիտի առաջնորդիք իրենց տուները: Ի հարկին՝ ամբողջ ոստիկանութիւնը ձեզ պիտի տրամադրվի՝ եթէ արգելքի մը առջեւ գտնվիք:
    Ուրեմն, աղօթեցե՛ք Աստծոյ մեր արդարադատ կառավարութեան համար և այս վայրկեանէն սկսեալ՝ ազա՛տ եք»:

    Քար ինկավ մեր սիրտներուս վրայէ, շնորհակալութիւն յայտնեցինք, մեր օրհնութիւնը մաղթեցինք Քեմալի «բարեշնորհ կառավարութեանը»:
    Այս ձևակերպութիւնները լրանալէ վերջ՝ քննիչները հեռացան, գացին և միայն ոստիկանութիւնը մնաց մեր մօտ:

    Հայ կիները գտնված զորանոցին կողմի պահակներն ալ իրենց պետին կողմանէ հրաման ստացան հավաքվելու և զորանոցին դուռը բացվեցավ…

    Տեսնել պէտք էր կիներու և մանուկներու դուրս խուժումը…
    Հազարավորներու հասնող այս բազմութիւնը, որոնց յուրաքանչյուրը զոհի տված էին իրենց սիրելիներէն, սրտահատորներէն, ամուսին, զավակ կամ մօտիկ ազգական՝ աղեխարշ վայնասունով կը վազէին դեպի մեզ, թէ՝ արդեօք մեր մէջ պիտի գտնէի՞ն իրենց սիրելիներէն մին…

    Եթէ ոստիկանութիւնը ներկայ չի գտնուէր ու արգելք չի հանդիսանար մեզ մօտենալու՝ թերևս այդ տարաբախտ կիները մեզ կոխօտէին՝ հակառակ իրենց կամքին:
    Ոստիկանապետը հրաման արձակեց կիներուն, որ կենան հաստատուն իրենց տեղերը և հորդորեց, որ խառնիճաղանճութեանց տեղի չի տան:
    «Այլապէս ստիպուած պիտի ըլլամ,- ըսավ,- ոստիկաններու՛ միջոցով հանդարտեցնել ձեզ»:

    Շարք մը ոստիկան մեր և կիներուն մէջտեղը տեղավորեցան ու այսպէս արգելք եղան, որ առայժմ մեզի չի մոտենան՝ մինչև որ քիչ մը հանդարտին:
    Հետո մեր հինգերնուս անուններ զատ-զատ կարդալով՝ հրամայեց, որ մեր ընտանիքները զատվին մէկ կողմ՝ իրենց պարագաներով:

    Չորս ընտանիքներ զատվեցան մեջներուն և եկան միացան մեզի:
    Մեր և մեր սիրեցեալներուն գիրկընդխառնումը շատ հուզիչ եղավ, անշուշտ:
    Մեր արցունքները հեղեղի պես հոսեցան…
    Մեր ձայներուն խառնվեցան այրիացած կիներու, որբացած մանուկներու աղեկտուր լաց ու կոծը…

    Ոչ մէկ մարդ արարածի սիրտ կարելի էր դիմանալ այդ պատկերին…
    Այս ժխորը մոտ քառորդ ժամ մը տևեց…

    Գօմիսէրը դարձեալ յորդորեց, որ հանդարտին և, խոսքը կիներուն ուղղելով, յորդորեց բոլորովին չը յուսահատուին, քանի որ տակաւին ուրիշ շատ այրեր ալ կրնան պահուած ըլլալ և երևան ելլել, թեև ինքն ալ չէր հաստատ իր ըսածներուն:
    «Ու հիմա,- ըսավ,- դուք ասոնց առաջնորդութեամբ պիտի երթաք ձեր եկեղեցին, որտեղ գույքեր հավաքուած կան, որոնց մէջէն ձեզի պատկանածները պիտի զատվին ու ձեզի պիտի վերադարձվին: Անկէ յետոյ իւրաքանչիւր ընտանիք իրենց տուները պիտի վերադառնան, իսկ անոնց տուները, որոնք գրավված են կամ հրդեհէն իրենց տուները այրուած թուրքերու կողմէ՝ առ այժմ եկեղեցին պետք է մնան, մինչև որ մենք շուտով պարպել տալով, զանոնք ալ վերադարձնենք իրենց տուները:
    Ուրեմն, կը յորդորեմ ձեզի, որ հանդարտութիւնը չի վրդովէք և մեզի ալ աւելորդ յոգնութիւններ չի պատճառէք. վերադարձնիդ արտօնուած է, հիմա կրնաք խաղաղութեամբ հետևիլ մեզ և ձեր մարդոց ընկերակցութեամբ դեպի ձեր եկեղեցին ու անկէ ալ՝ ձեր տուները»:

    Այս յայտարարութեան վրայ ժողովուրդը շարժվեցավ և ճամբայ ելանք դեպի քաղաք, ուր ժողովուրդը առաջնորդվեցավ Հայոց եկեղեցին»:

    Վերջին տարիներին մշակույթի տան վերածված Հայկական եկեղեցին՝ Մարզվանում

    Իրերի բաշխման համար առաջարկվում է իրենցից մի քանիսի ընտրությամբ «հանձնաժողով» կազմել: «Տեղացի» չլինելով ու, հատկապես, ճանապարհին որոշ կանանցից լսելով, որ՝ «Սա մէկ քանի հատին արիւնը կարմիր է, որ ողջ մնացէր են: Անշուշտ, պէտք է խոշոր դրամի ուժով պաշտպան մը գտած ըլլան զիրենք պահող, այլապէս ինչպէ՞ս կարող եղած կ’ըլլան ինքզինքնին զատել», վիրավորված՝ Նշան Զորայանը մերժում է իրեն ուղղված առաջարկն ու իրենց տանը բնակվող չորս ընտանիքների կանանց հետ տուն առաջնորդվում:

    «… Երբ տուն հասանք՝ զարմանքով տեսայ, որ տուները ամբողջութեամբ պարպված և դուռները բոլորն ալ կռնակի վրայ բաց էին…
    Արդէն մեր գալէն առաջ այդ թուրքն արդէն տունը պարպած և հեռացած էր:
    Մի քանի օր վերջ էր, որ գօմիսէրը ինձ ըսավ, թէ ուրբաթ կէսօրէն վերջ, երբ եկած էր զիս պահված տեղէս տանելու, այդ ժամուն իսկ հրամայած է, որ տունը անմիջապէս պարպվի:
    Ինչ որ է…
    Մտանք մեր բոլորովին պարապ ու թալանված տան մէջ, ուր առկայ փորելիք շիւղ մը անգամ ձգած չէին:
    Ու՞ր էին, սակայն, մեր տան մէջի այր մարդիկը…
    Սանիկս՝ Երուանդին կինը և մօրեղբօրս քույրը՝ Մայրենին, կուլային…
    Սանիկս՝ Երուանդը, իրավ ալ, սպանված էր իր անխորհուրդ արարքին հետևանքով, իսկ մօրեղբա՞յրս, իրականին՝ մօ՛րս մօրեղբայրը…
    Ան ողջ մնացած էր հրաշքով և այսօր ալ տակաւին ողջ է ու կբնակի Փարիզի Իսի լե Մուլինօյի արվարձանին մէջ և փոքրիկ անձնական տուն մ’ալ ունի»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Հ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Հ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Հ)

    …«Ահա կը տարածի մեր առջեւը Մարզուանու դաշտը՝ իր ընդարձակութեամբ և գեղեցկութեամբ. հեռուանց կ’երեւի մեզ Մարզուան քաղաքն իր այգեստաններով. դաշտի արտորայք մշակեալ են և կանանչներով գեղեցկացեալ:
    Այգեստանեայց միջէն անցնելով՝ բուն քաղաքը կամ թաղերը հասանք, որ բացակայ շինուած են այգիներէն. դիրքը յենած է լեռան մը և քիչ մը բարձր դաշտէն. օդը խիստ առողջարար, ջրերն առատ ու պաղորակ»:

    …«Մարզուանցիք շատ առատ գինի կը հանեն, և աղեկ տեսակէն, բայց վաճառելու սովորութիւնը չունին. ամեն տուն իր յատուկ գինետունն ունի ներքնայարկ, ուր զետեղուած են մեծամեծ կարասներ, և անպակաս մը կը մատակարարեն տարուան ամեն օրերը՝ սեղանի բաժակներ ու սափորներով, ուր խորովածն աժան է և անուանի իր համով, արդէն օդն ու ջուրն ալ ընտիր, ուստի՝ Մարզուանցիք առհասարակ կարմիր երես, կայտառ ու զուարթ անձինք են»: (Գ. Սրուանձտեանց, «Թորոս Աղբար», Կ Պօլիս, 1879):

    1895 -ի համիդյան ջարդերին ու 1915 -ի ցեղասպանությանը զոհ գնացած՝ Մարզվանի բազմահազար կենսախինդ Հայության վերջին բեկորները նույն արհավիրքն ապրեցին նաև 1921-ի հուլիսի 23-ից սկսված ու մի քանի օր շարունակվող կոտորածների ժամանակ:
    Հիշյալ դեպքերի ականատես՝ Նշան Զորայանի հուշերի շարունակությունը՝ ստորև:
    Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

    «Այդ պահուն ուրիշ դրվագ մը պատրաստուած էր եղեր դուրսը, որ իմ անձիս հետ կապ ունէր:
    Խուժանին մեր տունը կոխելէն քիչ յետոյ, գօմիսէր Հաճի էֆենտին՝ երկու ոստիկան հետը առած, եկեր է մեր տունը ՝ զիս պահուած տեղէս հանելու և պահականոց տանելու դիտաւորութեամբ:
    Երբ կը տեսնէ այդ խառնիճաղանջ բազմութիւնը, նախ կը վախնայ, թէ ես բռնուած ու սպանուած եմ և կ ‘ըսէ թէ՝ «Չէ՞ք գիտէր, որ այլեւս սպանութիւն և թալան խստիվ արգիլուած են, այս ու յետոյս ան ոճիր համարուելով պիտի պատժուին անոնք, որ կ’անտեսէն կառավարութեան հրամանը:
    Քանի մը անձեր կանչելով իր մօտ՝ կը սկսի հարցապնդել, թէ ինչու՞ հավաքուած են այդտեղ և մանրամասն կը տեղեկանայ աղջկան գլուխը եկած փորձանքին:
    Նոյնպէս կը հարցունէ, թէ այդ աղջկան հետ ուրիշ էրիկմարդ չե՞ն գտած:
    Խուժանը բացասական պատասխան կուտայ, իհարկէ:
    Աղջիկը հետապնդող գազանները փախեր էին, իսկ գօմիսէրի ըսած չէի, թէ հետս պահուած աղջիկ մ’ալ կար:
    Ասոր վրա գօմիսէրը հրաման կ’ընէ իր երկու ոստիկաններուն և հավաքուած ամբոխին, որ զիս անպատճառ գտնեն. պայմանով, որ իմ մէ՛կ մազիս անգամ վնաս չի հասցունեն:
    Ամբոխը այս հրամանին վրայ կը թափին իմ տունիս մէջ ու ձեղնայարկը կ’ելլեն, տանը մէջ, թէ ձեղնայարկը՝ զիս կը փնտրէին, բայց չէին կրնար գտնել թաքստոցս:
    Այս փնտրտուքի ընթացքին հետաքրքիրվածներու բազմութիւնը կրկնապատկուած ու եռապատկուած էր:
    Սկսան թաղին մէջի մօտակայ տուներն ալ խուզարկել՝ զիս գտնելու նպատակով: Իմ գտնուած տունիս սենեակն ալ լեցուեցան բաւականին թիւով ամբոխ մը: Թեև կը հուսայի, որ ասոնք ալ չի պիտի կրնային թերևս գտնել իմ ապաստանած թաքստոցը, սակայն այլևս սկսած էի ֆիզիկապես բոլորովին տկարանալ: Վեց օրէ ի վեր մէկ ու կէս ժամ միայն քնացեր էի, և սնունդ ըլլալով՝ մի քանի գդալ մածուն և քիչ մ’ալ ջուր:
    Օրիորդ Նուարդին պատահարն ալ ջլատեց ֆիզիկականիս հետ՝ բարոյակա՛ն ուժս ալ և, չհանդուրժելով այլևս այս ցավատանջ ու հուսահատ վիճակին, որոշեցի անձնատուր ըլլալ, վստահ ըլլալով, որ պիտի սպաննեն իմ անձը…

    Թաքստոցէս ելլելով՝ դարակին մէջ անցայ և դարակին դուռը ամբողջովին ետ հրեցի ուժգնութեամբ:
    Ամբոխին պոռացի, որ՝ «Ահա՛, հո՛ս եմ և կ’ուզեմ հանձնվիլ…

    Իմ այս անակնկալ յայտնութիւնս ամբոխին մէջ վախ մը առաջացրեց, ու անոնք սկսան իրար կոխոտելով սենեակէն դուրս խուժել ու սանդուխներէն ինքզինքնին վար իջնել՝ հակառակ, որ շատերն իրենցմէ զինված էին…
    Այդ վայրկեանին կրկին վերհիշեցի իմ սիրական զենքս, որմէ բաժնուած էի անխորհրդաբար՝ զիջելով զայն վտանգուած ընկերօջս:

    Աստուա՜ծ իմ… Յիսունի մօտ անձիք սարսափահար կը փախչէին մէկ մարդու մը հայտնութենէ, որ անզեն էր…
    Իմ այս անսպասելի ինքնաբերաբար հայտնումէս կարծեցին, թէ զինուած եմ…
    Թուրքի քաջութիւնը միայն անզե՛ն ու կապվա՛ծ մարդկանց առաջ կը երեւի…
    Իրապէս որ՝ արգահատելի էր տեսարանը:
    Ի՞նչ պիտի ըսէին և ի՞նչ գաղափար պիտի կազմէին արդեօք այն Եվրոպայի կամ Ամերիկայի՝ Թուրքիոյ ներկայիս պաշտպան ու դաշնակից պետությունները, եթէ այստեղ ներկայացուցիչ մը ունենային՝ իրենց աչքերով դիտելու այս խայտառակ փախուստը…
    Բայց ո՛չ թուրքը ամչնալ գիտէ, և ո՛չ ալ դրամատեր ու աշխարհակալ պետություններ նկատի առնել գիտեն միայն բռնության տակ ճնշված, բայց ազնիվ ու քաղաքակիրթ պզտիկ ժողովուրդի մը ապրելու իրավունքը…

    Ես իրապես հավատացած եմ, որ Հայը զոհը դարձավ ոչ թէ թուրքին, այլ մեր քաղաքակիրթ ճանչցած քրիստոնեայ պետութեանց զզվելի շահերուն ու խաբեութեանց, որոնք շահագործեցին Հայուն արիւնը՝ իրենց անկուշտ շահերուն հագուրդ տալու միակ փափագով…

    Երբ տեսայ այսպէս խայտառակաբար փախուստնին՝ ետեւնուն պոռացի թէ.
    «Է՜հ բարեկամներ, ինչու՞ կը վախնաք ինծի պես բոլորովին անվնաս մէկէ մը, որ որևէ չար դիտաւորութիւն մը չունի ձեզ հանդէպ, այլ հակառակը՝ ապավինած է ձեր գթասրտութեան»…

    Այս ըսելով՝ վար ցատկեցի պարապ սենեակին մէջ:
    Թուրքերը լսեցին իմ հայտարարութիւնս ու մեջերնուն քիչ — շատ ընող մեկ — երկու հոգի սկսան սանդուխտներէն վեր ելլել՝ զենք ի ձեռին, բայց միշտ՝ զգուշութեամբ, թէ չ’ըլլայ, որ խաբէի զիրենք ու վտանգ մը պատահի իրենց:

    Կրկին ու կրկին զիրենք ապահովցնելէս վերջ միայն սիրտ ըրին մոտենալ ինձ և ձերբակալել զիս:
    Ձերբակալմանս լուրը շուտով հասեր էր գօմիսէրին: Իր հետի երկու ոստիկաններով հասավ իմ բռնուած վայրս, առավ զիս անոնց ձեռքէն՝ ոստիկանատուն տանելու համար:
    Դառնալով ինծի՝ հանդիմանեց զիս՝ ըսելով. «Ասո՛ր նայեցեք, մենք զինքը որտե՞ղ կը փնտրենք, իսկ ինքը որտեղե՜ն մէջտեղ կ’ելլէ… Տղա՛ս, ինչու՞ մեզի այսքան հոգնութիւն պատճառեցիր»:
    Ըսի իրեն. «Հաճի՛ էֆենտի, անշուշտ, կը ներեք ինծի, ինչպէ՞ս կրնայի գիտնալ, թէ եկողները դուք ու ձեր մարդիկն են»:

    Պատմեցի իրեն, թէ ինչպէ՜ս այդ մարդիկը առաջին անգամ վեր ելլելուն քօվս գտնվող օրիորդը բռնած էին, ատոր համար ալ ստիպուեցայ փախուստ տալ: Բայց, տեսնելով, այլևս չ’ արժիր այս պայմաններուն տակ ապրիլ, ես ի՛նքս հանձնուեցայ՝ սպասելով ինծի վիճակուած ճակատագրին: Ու ահա, բարեբախտաբար, ինկայ Ձեր ձեռքը:
    Գօմիսէրը, տեսնելով, որ իրավացի եմ, «Վա՜խ, վա՜խ» ըսավ և դառնալով ոստիկաններուն հանձնարարեց, որ զիս ոստիկանատուն տանին՝ խստիվ պատվիրելով ճամբան զիս լավ պաշտպանեն:
    Ճամբու ընթացքին քաղաքին թուրքերը հետաքրքիր ու խոժոռ դեմքերով ինձ կը նայէին ու նոյնիսկ կ’ըսէին, թէ՝ «Ինչպէ՞ս կ’ըլլայ, որ այս կեավուրը ողջ է մնացեր»: Բայց տեսնելով, որ երկու ոստիկանները երկու կողմերս թևերս մտած են՝ ինծի չարիք ընելէ զգուշացան:

    Մարզվանից մի անկյուն

    Երբ շուկայէն կ’ անցնէինք՝ մեր խանութին մօտերը գտնվող թուրք հացագործին մօտեցայ և խնդրեցի, որ ինձ հաց մը տայ, դրամ չ’ունէի վճարելու և ըսի, որ վերջը կը վճարիմ:
    Անգութ փռապանը մերժեց ինծի մէկ հացը, որ հինգ ղրոշ թղթադրամ արժեր:
    Այս մերժումը քօվս ոստիկանին գէշ ազդեց ու անմիջապես իր գրպանէն հանելով՝ հինգ ղրոշը նետեց երեսին ու ըսավ. «Ամօ՛թ, ամօ՛թ, չե՞ս ամչնար, դուն Աստուծոյ վա՞խն ալ չունիս ներսիդ, որ կը մերժէս մէկ հացը, որուն այս մարդը կարօտ էր մնացէր այսօր: Դեռ քանի մը օր առաջ ու թերևս երէկ տակաւին կը թալանէիք այս մարդուն հարուստ վաճառատունը»:

    Այս չկամութիւնէն չէի ուզէր այդ հացը ունենալ, բայց ոստիկանը պնդեց, որ ի՛ր վճարածն է և պէտք էր, որ առնէի…

    Երբ ոստիկանատուն հասանք, ինծի ընկերացող երկու ոստիկանները զիս հանձնեցին հոն գտնվող անծանոթ փոլիսի մը, և գօմիսէր Հաճի էֆենտիին պատվերը կրկնեցին ու մեկնեցան:
    Այս փոլիսը՝ փոխանակ զիս ոստիկանատունը վար դնելու՝ մինչև գօմիսէրին գալը, ուրիշ երկու ոստիկան կանչելով զիս անոնց հանձնեց ու ըսավ, որ՝ «Այս մարդը բա՛նտը տարեք ու բատապետի՛ն հանձնեցեք»:
    Երբ իր սենեակէն դուրս ելանք, ոստիկաններէն մին նշմարեց մեջքս կապած կաշիէ գոտիս և հրամայեց, որ քակեմ ու իրեն տամ, պատրուակելով, թէ ինք՝ ոստիկան ըլլալով, պետք ունէր այդ գոտիին, որը զինուորութենէս մնացած էր:
    Ստիպված քակեցի ու անոր տվի:
    Բանտապետը, իհարկէ, գէշ նկարագիր ունեցող այն թուրքերէն մէկն էր, որ սովորաբար կ’ըլլան այդ տեսակ պաշտօնի կոչվողները. խոժոռադէմ կիսավայրենիի մը տպավորութիւնը զգացի իրեն հանդէպ առաջին իսկ վայրկեանէն՝ երբ իր երեսը տեսի:

    Կը մտածէի, թէ ինչու՞ բանտ կ’առաջնորդէն, քանի որ կը հավաստէին, թէ այլևս խժդժութիւնները վերջացած են. ես ո՛չ գող մըն էի և ո՛չ ալ մարդասպան մը:
    Չէի գիտէր տակաւին, թէ ջարդէն ազատուած ու կենդանի մնացածները բանտին մէջ կը հավաքեն եղեր. ես ատոնցմէ չորրորդն էի:
    Բանտապետը, զիս ընդունելուն պէս, կոպտօրէն հրամայեց, որ դռան մոտը գտնված ավելներէն հատ մը առնեմ ու բանտին բակի աղտեղութիւնները մաքրեմ: Հույներու բոլոր կին մարդիկը և երեխաները՝ առաջին անգամ երբ հավքէր են տուներէն, բերեր լեցուցեր են այս բանտին բակը, ուր մնացեր են մինչև հինգշաբթի կէսօրէ վերջ ու անկէ յետոյ փոխադրեր են քաղաքէն դուրս գտնուող զինվորական պարապ զորանոցները:
    Մեր Հայ կիները անոնցմէ երկու ժամ առաջ հրդեհին մէջէն հանուած ու հոն փոխադրուած են եղեր:
    Այս հույն կիներուն ու աղջիկներուն թողուցած աղտոտութիւններն էր, որ բանտապետը հրամայեց ինծի մաքրելու գործն սկսիլ, կարծէս թէ ներսը գողեր ու ոճրագործներ կը պակսէին աշխատցնելու և կամ անոնց վայել չ’ըլլար այդ գարշելի աշխատանքը կատարել տար»…

    Մոտ տասը րոպե անց կոմիսարը գալիս է բանտ՝ Նշան Զորայանին ոստիկանատանը չգտնելուց հետո:
    «…Այս փութկոտութիւնը պէտք է վերագրիլ, թերևս, ինձմէն դարձեալ նիւթական օգուտ մը քաղելու ակնկալիքով:
    Երբ ներս մտավ ու զիս բակին մէջ տեսավ, որ աղտոտութիւնը կ’ավլեմ, կրակ կտրեցավ բարկութենէն: Անմիջապէս բանտապետը իրեն կանչեց ու այնպես խիստ հանդիմանեց, որ, շիտակը, ես ալ գոհ մնացի: Պոռաց երեսին, թէ որքա՛ն անգթութիւն ու անխղճութիւն էր բանտապետին ըրածը:
    «Աստուծմէ՛ վախցիր,- ըսավ,- մեյ մը երե՛սը նայէ սա խեղճին. երեսը մարդկութեան գույն անգամ չէ մնացած, դուն ի՞նչ քարսիրտ հոգի ունիս, որ, առանց խղճահարութեան, այս տեսակ աղտոտ աշխատանքի մը կը լծես զինքը: Գիտցի՛ր, որ այս տղան իմ հայրենակիցն է և կուզեմ, որ ոչ միայն բանտարկեալներուն քով չը տանիս, այլ քու անձնական սենեակդ պահես, մինչև որ հարկ եղած կարգադրութիւնները կատարվին»:
    Բանտապետը հարիւր անգամ ներողութիւն խնդրեց իր գործած սխալին և խոստացավ հարկ եղած պաշտպանութիւնն ու հոգածութիւնը չը զլանալ ինծի համար: Ու ավելը ձգել տալով ձեռքէս՝ զիս առաջնորդեց իր անձնական սենեակը, ուր նախապէս եկած էր ինձմէ առաջ Մարզուանի ծանօթ Հայերէն՝ Վահան էֆենտի Աբելեան:

    Իրար տեսնելով՝ ողջագուրվեցանք ու իրարու հարցումներ ուղղեցինք:
    Իրմէ տեղեկացայ, որ բանտին մէջ կը գտնուին ուրիշ երկու Հայեր ևս, որոնցմէ մին Եօզղատցի Պարգև դային՝ արհեստով կառապան, իսկ միւսը՝ ըսավ թէ՝ «Սեբաստացի մըն է, որը ես չեմ ճանչնար, «Տելի Թաթօս» (խենթ) կըսեն և իրական ալ խենթի ձևեր մը ունի»:
    Ես անմիջապէս հասկցայ, որ իմ նախկին ընկերս է, որ այդ օրերուն զինվորութենէ փախած և Մարզուան եկած ու ապաստանած էր իր բարեկամ Արամ և Նշան անուն եղբայրներուն տունը, ուրկէ փախչելով՝ այգիներու մէջ պահվեր է, և այդ առաւօտը բռնվելով՝ բանտ առաջնորդվեր էր»…

    …«Իրիկվան դէմ բանտապետին քով գործով եկող ոստիկան զինվորներէ իմացանք, որ կիները ամբողջ հավաքած ու լեցուցած են քաղաքէն դուրս գտնվող զորանոցին մէջ: Այդ զինվորներէն մէկը քովերնիս կանչեցինք և հարցուցինք, թէ արդեօք մերինները կրնա՞ր գտնել ու անոնցմէ մեզի լուր մը բերել:
    Աբելեան Վահան էֆենտին, որ քաղաքին ճանչցված հարուստներէն էր, խոստացավ ոստիկանին լավ վարձատրութիւն մը տալ՝ եթէ հաջողէր մեզի լուր մը բերել:
    Ոստիկանը խոսք տվավ, որ անմիջապէս պիտի երթար մեր փափագին գոհացում տալու:
    Մենք ընտանիքներու անունները թուղթի մը վրայ գրեցինք և հանձնեցինք իրեն:
    Այդ օրը ոստիկանը մեջտեղ չ’ելավ. չի հասկցանք, թէ օրը ուշ ըլլալու՞ն համար էր, որ չէկավ…
    Այսպէս ուրբաթը երեկոյ եղավ:
    Մեզի բանտապետը քիչ մը ճաշ բերավ, ու մենք՝ երկար ատեն անօթի ըլլալով, քիչ թէ շատ բաներ մը կերանք:
    Քնանալէ առաջ մէկ-երկու ժամ ալ խոսակցեցանք՝ մինչև որ հոգնած երկուքս ալ քուն մտանք քով-քովի:
    Կէսգիշերը հազիվ էր անցած՝ մեյ մ’ալ մեր սենեակին դուռը բացուելէն երկուքս ալ արթնցանք. բանտապետը ներս բերավ ուրիշ Հայ մը ևս, որ հաճի Սենեքերիմ կը կոչուէր ու նոյնպէս ամէնէն ծանօթ անձնաւորութիւն մըն էր Մարզուանի Հայերէն: Այս մարդն ալ պահուած տեղէն ուզեր էր փախչիլ՝ գիշերուան մթութենէն օգտուելով, սակայն գիշերվան շրջան պահնորդները բռնած էին զինք ու ոստիկանատուն առաջնորդած, անկէ ալ ղրկած էին մեր մօտ»…

    Մարզվանցի մի այլ օրիորդ Նվարդ՝ իր զարմուհու հետ, Դիլդիլյանների ընտանիքից, 1912 թ.

    (լուսանկարը՝ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հոդվածից)

    …«Անդրադառնանք մեր տանտիրօջ աղջկան՝ Նուարտին, որը, ինչպէս տեսայ, ընկեր էր թուրքի մը տան պարտեզին մէջ, ոտքին ցավէն սուր ճիչ մը արձակեր էր ու ինկած մնացեր:
    Բավական վերջ, երբ տեսեր է, որ ամեն ինչ հանդարտած է, և զինքը հետապնդող մը չի կայ, ոտքի էր ելել, սակայն, ոտքին սաստիկ ցավէն անկարող ըլլալով շարժվելու, մինչև երեկոյ պարտէզին մէջ կը մնայ: Ու երեկոյեան տան տերերը կուգան՝ կը գտնեն զինքը պարտեզին մէջ և որովհետեւ օրիորդ Նուարտ իրենց դրացի էր՝ կը ճանչնան զինքը ու թևերէն բռնած ներս կը տանին ու բազկաթոռի մը վրայ կը հանգստացնեն:

    Այդ երեկոյին արդեն ամեն թուրք գիտեր, թէ սպանութիւն և թալան արգելուած են այլևս ու վերջացած են: Թերևս ատոր համար՝ դրացիութեան սիրույն, որևէ գէշութիւն մը չէին ըրած անոր ու լուր տված էին ոստիկանութիւն, թէ ոտքէն վիրավոր աղջիկ մը գտած էին իրենց պարտէզին մէջ:
    Փոլիս և ոստիկան մը կուգան զինքը տանելու, բայց երբ կը տեսնեն, որ խեղճը չի կրնար ոտքին վրայ կոխել և ժամանակն ալ արդեն գիշեր է, տանտիրօջ հրաման կուտան, որ այդ գիշերը իրենց մոտ պահեն զինքը:
    Շաբաթ առավոտին կառքով մը կը տանին ու բժշկին դարմանուելէ յետոյ տուն եկավ:

    ՇԱԲԱԹ

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Մարզվանի «Անատոլիա» քոլեջի դասախոսների մի խումբ, որոնցից՝ 7 Հայ և 2 Հույն (1914-1915 թթ.)
    1915 և 1921 թվականներին սպանվածները նշված են «X»-ով:
    Դիլդիլյանների արխիվում ներկայացված են սպանվածներից միայն մի քանիսի անունները.
    Յովհաննէս Յակոբեան. (թուրքերենի, արաբերենի ու պարսկերենի ուսուցիչ, լեզվաբանության մասին գրքի հեղինակ, օսմանյան թուրքերենի քերականության և «Հայերեն-անգլերեն բառարանի» հեղինակ)
    Ա.Գ. Սիվասլեան (մաթեմատիկայի և աստղագիտության պրոֆեսոր)
    Դ. Թեոխարիդես (հունարենի պրոֆեսոր)
    Լուսանկարն ու նրա բացատրությունը՝ Արմեն Ցոլակ Դիլդիլյանի հոդվածից
  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Կ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Կ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Կ)

    Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում՝ Մարզվանի գավառակի կենտրոնում՝ Մարզվանում՝ 1921 թվականի հուլիսյան մղձավանջային օրերին՝ կոտորածների ականատեսների հետ՝ ստորև…

    Նշան Զորայանի «Հուշերի» սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

    «Գօմիսէրին տունէն երբ վերադարձայ, նույն դռան առջև հասայ, տեսայ, որ դուռը գոցված էր և բանալու ամեն ջանքս ապարդիւն ելավ:
    Մնացի փողոց. վեր ելլելու ուրիշ ճամբայ մը չի կրցի գտնել. կը մնար ուղղակի մեր տան մէջի ճամբան՝ այն ալ կը վախնայի օգտագործել, քանի որ ցերեկէն թուրք մը կահ-կարասի բերած լեցուցած էր տունին մէջ:
    Կը մտածէի, թէ գույքերուն տերը մեջը պառկած ըլլալու է և կրնայ պզտիկ շշնջույնով մը ներկայութիւնս իմանալ ու վտանգել զիս…
    Բայց թէ ինչո՛ւ գոցված էր այն դուռը, ուրկէ դուրս եկած էի, արդէն վերջն է, որ տեղեկացայ մօրեղբորմէս, որ ինք և իր երեք հետի ընկերները հինգշաբթի օրը երեկոյան դեմ բռնուէր են պահված (տեղէն) ու այդ տան ներքին սենեակի մը մէջ բանտարկէր ու ուժով կապեր են, որ տեղերնուն շարժելու ամեն փորձ ապարդիւն է դարձեր:
    Ես երբ վար իջայ նույն տան տանիքէն՝ տակաւին սենեակին մէջն են եղեր: Բայց ո՛չ անոնք իմ անցնելէս լուր ունեցեր են, և ո՛չ ալ ես՝ իրենց այնտեղ ըլլալը…
    Ես երեկոյին՝ մութը կոխելէն մէկ ու կէս ժամ վերջ վար իջայ, ի հարկէ, անձայն ու անշշուկ. փողոցի դուռը բաց ըլլալով՝ ես քացի:
    Մորեղբայրիս ըսածին նայելով՝ քիչ վերջն ալ թուրքերը եկեր են իրենց կալանավորները տանելու այն տունէն ու փողոցին դռան խոշոր կողպանք մը շարքերով գոցէր էին:
    Այսպես փակեր էին միևնույն ատեն իմ ալ վերադարձիս ճամբան:

    Թէ ի՞նչ ըրած էին այդ կալանավորները՝ պիտի անդրադառնամ հետագային:
    Ուրիշ ճար չունէի, պետք էր ամեն գնով ջանայի մեր տան մէջի միակ ճամբան օգտագործել:
    Մեր ալ փողոցի դուռը գոց էր, սակայն բակը շրջապատող պատը հազիվ երկու մեթր բարձրութիւն ունէր, որը մեծ դժվարութիւն մը չէր ինձ համար միւս կողմը անցնիլ, բայց ես կը շարունակէի մտածել, որ հոն կահ-կարասին բերող թուրքը հանդիպելով՝ կրնար ինձ վնասիլ:
    Ինչ որ ալ ըլլար, պետք էր միջոց մը գտնէի վերջապես՝ բակը չի մնալու համար:

    Փողոցում սրածայր քար մը գտնելով՝ սկսայ գետնէն ութսուն սանտիմեթր բարձրութեամբ դռան քովէ պզտիկ փոս մը բանալ՝ պատին ծեփէն և տակի հողէ թափուած աղիւսէն քերելով: Երբ ոտքիս հենարան ծառայելու չափ եղավ, մէկ ձեռքով կառչելով դռան թակը («թօքմաֆ»), մէկ ոտքս ալ բարձրացուցի բացված փոսին մեջ և (սկսայ) ինքզինքս վեր բարձրացնիլ, միւս ձեռքովս ալ պատին բարձրութեանը ամուր մը բռնվելես՝ դիւրութեամբ բարձրացայ պատին վրայ…
    Իջնելն այլևս շատ հեշտ էր:
    Երբ բակը իջայ, գողի պես ականջներս լարեցի ու մտիկ ըրի, թէ որևէ ձայն մը կամ շարժում կա՞ր մեր չորս ընտանիքներէն պարպված տուներուն մեջ: Կատարեալ լռութիւն կը տիրեր:

    Մենք մեր թաքստոցէն տեսած էինք միայն տիրօջնուս բնակուած տունը կահ-կարասի փոխադրելնին, սակայն մեր բնակած կողմը չէի գիտէր, թէ նույնպես բռնվա՞ծ էր, թէ՞ տակաւին պարապ:
    Եթէ պարապ եղած ըլլար, անշուշտ, դժվարութիւն մը շատ չի պիտի քաշէի վեր բարձրանալու, քանի որ գիտէի ամեն ծակ ու ծուկ և նույնիսկ մութին մեջ առանց դժվարութեան կրնայի տեղս հասնիլ: Ուստի, գօմիսէրին տված ոտնամանն ալ հանելով, բոբիկ, ոտքիս ծայրերուն կոխելով՝ բակի սանդուղքէն անշշուկ վեր ելայ մինչև մուտքի դուռը:

    Դժբախտաբար, երբ դուռը կուզէի կամաց մը բանալ ու ներս մտնել, նկատեցի, որ դուռը ետեւէն փակված է ու կարելի չէր բանալ:
    Ուրեմն, եզրակացուցի, թէ ամբողջ տունը գրավված է և, անտարակույս, մեջն ալ մարդ կենալու է:

    Ի՞նչ ընէի…
    Նորէն փողո՞ց ելլայի: Եթէ ելլայի՝ իսկ ու՞ր կրնայի երթալ…
    Շվարած կը մտածէի:
    Որոշեցի տան տիրօջնուս կողմն ալ անգամ մը փորձել, թեև հույս մը չունէի հաջողելու, քանզի տեսած էի այդ կողմը գրավված ըլլալ ու եթե ելք մը գտնել չի կարենայի՝ ստիպված դարձեալ փողոց պիտի ելլայի ու առավոտ չեղած՝ քաղաքէն դուրս ելլել մտադրեցի:
    Կա՛մ պիտի բռնվէի, կա՛մ Ամասիայի ճամբան ձեռք առնելով, թերևս հաջողվէի ազատիլ…

    Քայլերս զգուշութեամբ ուղղեցի տան տիրօջնուս կողմը և նկատեցի, որ դուռը կողպված չէր:
    Երբ հրեցի՝ դուռը սկսավ բացվիլ:
    Զարմանքս գրավեց, թէ ինչպէ՞ս կ’ըլլայ, որ տունը գրավելով, կահ-կարասի լեցնելէ վերջ, տունը ետեւէն գոցված չէր:
    Մտածեցի, որ, անշուշտ, տերը մեջն ըլլալու է՝ առ ի ապահովութիւն իր գույքերուն:
    Սակայն, եթե նույնիսկ մարդ ալ կենար տանը մեջ, կը մտածէի, թէ այդ մարդը ինչպէ՞ս կարող էր հանդգնութիւնը ունենալ՝ առանց դուռը գոցելու պառկիլ տան մը մեջ, որը իրենը չէր նախապէս և առաջին գիշերն էր, որ պիտի անցուցէր այդ տան մեջ: Արդեօ՞ք անհոգութեամբ պառկելէ առաջ մոռցած էր դուռը ետեւէն գոցելու:

    Տունին այդ կողմը՝ չի համարձակեցայ մէկէն ներս մտնել, վտանգի մը դէմ հանդիման չ’էլլելու վախով: Աւելորդ ժամավաճառութեան ատենը չէր, սակայն պէտք էր վերջապէս ստուգել, որ մէջը պահապան կա՞յ, թէ՞ ոչ:
    Եթէ տունը մարդ չի կար՝ պիտի փորձէի բարձրանալ առաստաղի բացուածքէն:
    Ձայն տվի օրիորդ Նուարդին, որպէսզի անկողնի կտավ մը կախէ վար ու օգնէ ինծի՝ վեր ելլելու: Այս դիտաւորութեամբ կամացուկ մը դուռը հրելով մուտքէն ներս մտայ՝ առանց դույզն շշուկի մը առաջացնելու: Լույս չէի կրնար վառել՝ զգուշութեան համար:
    Մութին մէջ զգուշութեամբ մօտեցայ սենեակներէն մէկուն դռան, կամաց մը հրեցի՝ պզտիկ անցք մը բանալով մտիկ ըրի՝ շնչառութեան ձայն առնելու վախով:
    Կատարեալ լռութիւն կը տիրեր:
    Համոզվեցայ, որ սենեակին մէջ մարդ չի կար. մտա ներս:
    Խառնիճաղանջ գույքեր կային միայն հոս ու հոն: Այսպէս շարունակեցի խուզարկութիւններս միւս բոլոր սենեակները. տան այդ մասին մէջ շնչաւոր ոչ մէկ բան կար:

    Գիտէի, որ առաստաղին վրայ ձեղնայարկը ելլելու բացուածք մը կար, որն առնուազն երկուք ու կէս մեթր բարձրութիւն մը ունէր: Սանդուխ չի կար, որ օգտագործէի վեր ելլելու, սակայն մութին մէջ նշմարած էի սեղան մը: Կամաց մը տեղափոխեցի և բերի բացուածքին տակը, վրան ելլելով՝ ձեռքս երկարեցի բացուածքի կափարիչին: Մատներուս ծայրը հազիվ հասավ, փորձեցի վերցնել կափարիչը, սակայն նկատեցի, որ բնավ տեղէն չի շարժիր, կարծէս զմռսած էր:
    Կամաց ձայնով մը՝ «Նուա՛րդ, Նուա՛րդ» ձայնեցի, բայց պատասխան մը չի ստացայ. ավելի բարձր ձայն չէի կրնար անել:
    Սեղանէն վար իջայ և հոս-հոն ձգուած առարկաներուն մէջէն ավել մը գտայ: Կրկին ելայ սեղանին վրայ և անոր կոթովը սկսայ վեր վերցնելու ջանալ կափարիչը, որ կը համառէր վեր վերնալ:
    Զգացի, որ գամուած չէր. խորհեցա, որ վրան ծանր բան մը դրված էր օրիորդին կողմէ՝ առ ի զգուշութիւն և կրկին անգամ մը ևս ուժգին մը վեր հրեցի կափարիչը՝ միանգամայն միշտ կամաց ձայնով «Նուա՛րդ, Նուա՛րդ» ձայն տալով:
    Այս անգամ զգացի, որ կափարիչին վրայ շարժում մը տեղի ունեցավ:
    Այլևս վստահ էի, որ ի՛նքն է, բայց քունէն նոր արթնցած՝ մէկէն վախցեր էր իմ ըրած շարժումէս, որուն չէր սպասէր, գիտնալով, թէ ես իմ գացա՛ծ ճամբովս ետ պիտի վերադառնամ: Բնավ չէր սպասէր, որ ե՛ս ըլլայի այդ շարժումը կատարողը:
    Թէեւ արթնցեր էր, սակայն ձայնս չի լսելուն՝ վախցեր էր, թէ զինքը հետապնդող մեկը կրնամ ըլլալ ու այսպէս չէր ուզեր կափարիչը բանալ:

    Այս անգամ նեղվեցայ. արշալոյսը շատ հեռու չէր, պէտք էր վերջապէս ամեն գինով բանալ տայի ու վեր ելլայի:
    Ուստի, ամեն վտանգի աչք առնելով, անգամ մը ևս ուժգին մը ցնցեցի կափարիչը ու բաւական ուժեղ ձայնով մը՝ «Նուա՛րդ,- ըսի,- չե՞ս լսեր իմ ձայնս, ինչու՞ չես բանար կափարիչը: Եթէ այս անգամ ալ չի բանաս, ուշ պիտի ըլլայ ու թերևս զիս չի տեսնես ուրիշ անգամ»:
    Այս անգամ վերջապէս լսեր էր, թէ ես եմ, որ կը ցնցեմ կափարիչը:
    «Ա՜հ,- ըսավ,- դու՞ն ես, որքան հիմար եմ եղեր, որ վախէս մինչև հիմա քեզ սպասցուցի: Ես ալ թշնամի կարծելով՝ վախէս կը դողայի»:

    Ըսի, որ՝ «Խօսելու ժամը չէ, բա՛ց կափարիչը, վերջը կը խօսէնք ու իրար կը հասկնանք»:
    Անմիջապէս բացուեցավ, ձեռքը երկարեց, որ զիս վեր քաշէ, բայց այդ կերպով խեղճի ուժը չէր բավեր ինձ վեր հանելու: Ըսի՝ «Գնա՛, ծրարին մէջէն սավան մը հանէ՛ և կախէ՛ ու ոտքի՛ վրայ կանգնէ: Միայն թէ սավանին մէկ ծայրէն ամու՛ր բռնէ՝ բոլոր ուժովդ, ես կրնա՛մ ինքզինքս վեր հանել»:

    Ըսածիս պես ալ ըրինք և այդ սավանին միջոցով վեր ելայ ու կափարիչը դարձեալ գոցեցինք:
    Սոսկալի քրտնած էի և վրայիս շորերը՝ թրջած: Իսկույն ծրարին մէջէն չոր ճերմակեղէններ հանեցի ու մինչև որ փոխուեցայ, այդ գիշերուան անցքերը համառոտակի հասկցուցի իրեն:
    Նկատելով, որ վերջին ծայր հոգնած ու քնատ եմ, ըսի իրեն, որ արթուն մնայ ինքը և, եթէ շշուկ մը լսէ՝ ինծի ձայն տա:
    Պառկեցայ չոր տախտակին վրայ…

    Մարզվանից մի անկյուն

    ՈՒՐԲԱԹ
    Մինչեւ ուրբաթ օրուայ լույսին բացվիլը մէկ ու կէս ժամու չափ լավ մը քնացեր էի:
    Առաւօտ էր եղեր ու, արևը ծագած, դուրսը՝ փողոցին մեջ շարժումը ծայր էր տվեր, երբ այլեւս Նուարդ հարկ տեսած էր ինձի ձայն տալու: Անմիջապէս ելայ ու ինքզինքս շտկեցի, հարցուցի, թէ բան մը լսա՞ծ էր:
    «Մտի՛կ ըրէ…»,- ըսավ:
    Իրավ ալ, մեզմէ բաւականին հեռու գտնվող տուներէն մեկուն ձեղնայարկերը խլրտում մը կար, բայց չէինք կրնար զանազանել, թէ թուրքե՞ր են, որ փնտրտուքի ելած են, թէ՞ ալ մեզ նման անբախտներ, որոնց ներկայութիւնը մինչեւ հիմա մենք չէինք գիտեր:

    Այդ օրը՝ մինչեւ կէսօրէ վերջ, աչքի զարնվելիք բան մը չի պատահեցաւ, թեև փողոցին մէջ թուրքերու լաճեր կողոպուտի համար բաց դռները կը մտնէին ու իրենց ավերիչ գործունեութիւնը կը շարունակէին: Սակայն մեր տան դուռը գոց ըլլալուն մեջ անհանգիստ ընողներ չէղան:
    Տուներնիս գոց էր, այո՛, բայց ես զարմանքով կը քննէի բակը, ուր կենդանութեան նշան մը չէի տեսներ: Այն մարդիկը, որոնք մեր բնակարանը գրաված էին, ցերեկին մէջտեղ ելումուտք չէին գործեր: Արդեօ՞ք իրավ՝ մէկը չի կար մեր տուներուն մէջ…

    Կէսօրէ քիչ առաջ միայն մարդ մը եկավ, դուռը բացավ ու ներս մտավ մեր տանը կողմը. քառորդ ժամ վերջը նորեն գոցեց ու հեռացավ:
    Կէսօրէ վերջ փողոցէն աղմուկը փրթավ արդեն. ականջ դրինք և տեսանք, որ մեր փողոցի դուռը բացվեցավ ու խուժանը մեր բակը մտավ: Որոշապէս լսեցինք, որ՝ «Հոս պահված գեավուր կայ եղեր» կըսէին:
    Հասկցանք անմիջապէս, որ մեզի համար են եկողները…

    Կ’երեւի՝ կէսօրէն առաջ եկող մարդն, անշուշտ, մէջէրնին ըլլալու էր:
    Որ գոցված դուռները բացվեցան և մարդիկ վեր ելլել սկսան՝ խորհեցայ, որ այդ մարդն անպայման գիշերուան իմ պտույտէս հետք մը նշմարած ու կասկածած ըլլալով՝ հետը մարդիկ ժողված ու եկած էր զիս երևան հանելու:
    Սխալած ալ չէի…
    Նուարդին ըսի, որ անմիջապէս հեռանայ ուրիշ ձեղնայարկեր ապաստան մը գտնելու և պահվելու, իսկ ես այլևս չսպասեցի ու աճապարանքով հեռացայ ուրիշ կողմ մը…

    Պատահաբար գտայ այնպիսի թաքստոց մը մեր թաղի հույներէ մէկուն տանը ձեղնայարկին մէջ, որ հինգ օրէ ի վեր այդ կողմերը հաճախելով՝ չէի նկատեր:
    Երբ ես գտայ այդ տեղը՝ թաքստոցին բերանը բաց էր, և կափարիչը՝ քովը: Տերն, անշուշտ, չէր կրցած օգտագործել զայն, ո՞վ գիտէ՝ ի՞նչ պատճառով:
    Ես իջայ մեջը և ներսէն գոցեցի զայն:
    Նկատեցի, որ թաքստոցիս առջեւի մասը սենեակի մը մեր բարձրէն շինուած պահարան մըն է, որը առանձին դուռն ունի՝ մէկ մեթր երկարութեամբ, քառասուն սանթիմեթր լայնքով:

    Երբ ես Նուարդէն բաժնվեցայ, խեղճ աղջիկը լարումէն ճիշտ ժամանակին չէր կրցած փախչիլ ու թաքնվիլ:
    Խուժանէն երկու հոգի տեսեր են զինքը և սկսեր են հետապնդել, իսկ ինքը, տեսնելով, որ այլևս պիտի բռնվի, անմիջապէս ձեղնայարկէն կղմինդրներուն վրայ կը բարձրանայ ու կը սկսի տանիքներուն վրայ փախչիլ զինքը հետապնդողներէն…
    Այդ վայրենիներուն կանչերը կը լսէի իմ թաքստոցէն ու սիրտս կ’ արիւնէր, որ ան ալ վերջապէս բռնվեցավ և կամ պիտի բռնվէր:
    Աչքերս լեցուեցան… Ավա՜ղ, որ ձեռքէս բան մը չէր գար այլևս անոր օգնելու…

    Նուարդ, երբ կտեսնէ, որ զինք հետապնդող հրէշները մոտեցած են իրեն ու պիտի բռնեն զինքը, այլևս ճարահատ ինքզինքը վար կը նետէ երեք հարկանոց տան մը բարձրութենէն՝ ողջ ձեռքերնին չ’իյնալու մտադրութեամբ…

    Այստեղ Աստվածային հրաշք մը զինքը ստույգ մահէ մը կը փրկէ:
    Տակաւին գետին չինկած, գետնէն մարդահասակի մը չափ բարձրութեան վրայ՝ պատին զարնված ու գլուխը դուրս խոշոր գամի մը կը պլլվի, օրիորդին հագուստը կը պատռվի ու ինքը վար կ’իյնայ գետին շատ թեթև, սակայն այդ բարձրութենէն իյնալու թափին ուժը կը տկարանայ ու միայն ձախ ոտքին պճեղ ոսկորը կը վնասվի…
    Թուրքի մը տան պարտեզին մէջն էր ինկեր, որուն տերը նույն օրը դուռը գոցած ու այցի գացած է եղեր:

    Զինք հետապնդողները ձեռնունայն կը մնան ու ստիպված ետ կը դառնան դեպի մեր տան ձեղնայարկը:
    Հոն երևան կը հանեն մեր քովի ծրարը՝ կտանին»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Հայ ընտանիքներից մեկի՝ Դիլդիլյանների տունը Մարզվանում
  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Ծ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ծ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ծ)

    Ժամանակակիցների զանազան վկայությունները՝ արտացոլված մամուլում, տարբեր հաղորդագրություններում, հրաշքով վերապրածների հուշագրություններում, վավերագրում են Հայ ազգի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը, որը սաստկացավ 19-րդ դարի վերջերից՝ տարբեր շրջաններում:
    Եվ ամենուր արձանագրված՝ նույն ձեռագրով ու աննկարագրելի դաժանությամբ իրականացված ոճիրներն են՝ Հայերի զանգվածային կոտորածով ու ողջակիզմամբ, նրանց հարստության կողոպտմամբ ու տների հրկիզմամբ…

    1915-ից հրաշքով փրկվածները 1920-1921 թվականներին նույն զարհուրելի ջարդերի ու վայրագությունների զոհն էին դարձել Հայոց տարբեր քաղաքներում ու գյուղերում՜

    Մարզվանում 1921 թվականի ամռանն իրագործված ոճրագործություններից դրվագներ՝ ականատես Նշան Զորայանի հուշերից՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «…Գիշերվան ժամը տասնի ատեններն էր, երբ Կոմիսէրին դուռը կամաց մը զարկի: Դուռը բացավ Ալի էֆենդի կոչված տղան, որը քսան և հինգ տարեկան մը կար: Մութին մէջ չի ճանչցավ զիս և կարծելով, որ թուրք մըն եմ, այդ ժամուն ինչ ուզելս հարցուց: Ըսի՝ «Ալի՛, չի ճանչցա՞ր զիս, ես շաքարագործ Նշանն եմ Սեբաստացի և հայրդ կ’ուզեմ տեսնել, կարևոր խնդրի մը համար, տու՞նն է արդեօք Գօմիսար էֆենտին»:
    Տղան զարմացած՝ ապուշ կըտրած էր իմ յայտնութենէս, որուն երբեք չէր սպասէր:
    Երբ կրկնեցի հարցումս, այս անգամ խելաբերելով կմկմաց, թե՝ «Այո՛, տանն է, սակայն խիստ հօգնած ըլլալուն արդեն պառկած է»:
    Ըսի՝ «Խնդրեմ՝ ինձի առժամեայ նե՛րս առ փողոցէն և գնա՛ իմաց տուր հայրիկիդ, թէ եկած եմ զինքը տեսնելու: Գիտեմ, թէ անհանգիստ պիտի ընեմ զինքը, սակայն գիտէմ, թէ հաճի էֆենտին չի նեղանար ինձ հանդէպ»…

    «Ալի՜»,- պօռաց իր ննջասենեակէն գօմիսերը՝ դռան զարնվիլը լսած և տղան իրեն լուր մը բերելու ուշացումէն սրտնեղած ըլլալով:
    Զիս դռան ետևը ձգելով՝ տղան բարձրացավ հօրը ննջասենեակը:
    Եթէ միայն տղուն ձեռքը ինկած ըլլայի՝ շատ հաւանական է, որ կը սպաննէր զիս, բայց կ’երևի՝ հայրը արգիլած էր այդ արարքը ու միայն ինձմէ բան մը կորզել պիտի ջանար իր ստահակ տղան:
    Սպաննութեանց դադարման հրամանը եկած է եղեր նույն օրը՝ կէսօրէն վերջ, սակայն եթե գօմիսերը իմ անձիս հանդեպ չարիք մը գործելու միտքը հղանար, ո՞վ կամ ի՞նչ բան արգելք կ’ըլլար զիս սպաննել, այն էլ՝ իր տան մեջ. ոտքո՛վս գացէր էի…

    Գօմիսէրի որդին վերադարձավ վերջապես ու հայտնեց ինծի, որ հայրը կը սպասէր ինծի:
    Միասին վեր ելանք:
    Բարևեցի զինքը և որպիսութիւնը հարցուցի: Մարդը աթոռ մը ցույց տալով ըսավ, որ նստիմ, սկսավ զիս հարցուփորձել, թէ որտե՞ղ և ինչպե՞ս կրցէր էի պահվիլ և ձեռք չ’իյնալ մինչև հիմա և ի՞նչ պատճառով գիշերվան այս պահուս համարձակէր էի փողոց ելլելով մինչև իր տունը գալ առանց վախի…

    Առանց երկար — բարակ խոսակցութեամբ ժամավաճառ ըլլալու՝ բացատրեցի.
    «Հաճի՛ էֆենտի, գիտես, որ այս աշխարհի վրայ ես որևէ մեկը չունիմ բացի ընտանիքէս, որը այս պահուս չեմ գիտէր ու՞ր է՝ ո՞ղջ է, թէ՞, հաւանաբար, մեռած:
    Երբ այս դժբախտութիւնները ծայր առան՝ առաջին մտածումս եղավ Ձեր պաշտպանութեան ապաւինիլ, սակայն, դժբախտաբար մեզի՝ հնարաւորութիւնը չ’եղավ և միջոց մը չի կրցայ գտնել Ձեր հայրական հոգածութեան ապավինելու, որով իմ հայրս կը նկատվիք և ահա այդ գաղափարով իսկ կը ներկայանամ Ձեզ՝ վստահ ըլլալով, որ միայն դուք կարող եք Ձեր բարձր պաշտպանութեամբ փրկել զիս այս սարսափելի փորձանքէն. իմ կեանքս Ձեզի միայն է, որ կ’ապավինեմ:
    Վստահեցայ ու եկայ Ձեր սրտի գթութեան դուռը զարնելու, իմ կեանքս կամ մահս ձեր ձեռքը կը հանձնեմ այս վայրկեանիս ու կսպասեմ ձեր հայրական տնօրինութեան՝ ո՛ր տեսակն ալ որ կամենաք»:

    Ո՛չ պահված տեղիս և ո՛չ ալ հետս պահված օրիորդին մասին ոչ մի բառ արտասանեցի՝ առ ի զգուշութեան:
    Այս խոսքերը արտասանած պահուս հուզված էի, զղջացած սա ձեռնարկիս համար, ի տես մանաւանդ իր դժոխադեմ որդուն, որ ներկայ էր ու իր դիմագծերէ կը գուշակէի իր սատանայական գաղափարը ու վախ մը պատած էր սիրտս, թէ այդ հրէշը կրնայ ինծի ամեն չարիք հասցունել:

    Մինչև հազար ու մեկ սև կասկածներ իրարու ետևէ կ’անցնէին իմ էութեանս մեջէն՝ գօմիսարն ըսավ ինծի. «Մի՛ վախնար, զաւա՛կս, հանդա՛րտ բռնէ սիրտդ, քեզի համար մտահոգվելու պետքը չունիս, քանի որ մինչև հիմա փորձանքի մը չես հանդիպէր՝ ասկէ վերջն ալ կ’ազատվիս այս փորձանքներէն»:
    Տղային դառնալով՝ «Ալի՜,- ըսավ,- պարոնը վար իջեցուր և ուտելիք բան մը ճարէ, անշուշտ, անօթի ըլլալու է, թող փորը կշտացնէ և քիչ մ’ալ սիրտը հանդարտի, յետոյ բան մը կը խորհիմ»:

    Իր խոսքերուն մեջ հուսադրիչ բան մը չէի տեսնէր ու ներսէս աւելի կը փոթորկէի…
    «Շնորհակալ եմ, Հաճի՛ էֆենտի,- ըսի,- աւելորդ ձանձրութիւն մի՛ պատճառէք ձեր զավակին այս անպատեհ ժամուն. բնավ ախորժակ չունիմ»:
    «Ո՛չ, ո՛չ, Ալի՜,- ձայնեց,- շու՛տ վար գացեք ու ուտելի՛ք տուր, որ քիչ մը կազդուրվի»:
    Կամքին հակառակելը անհեթեթ պիտի ըլլար, ստիպված էի հնազանդելու, ու տղուն հետ վարի գետնայարկ սենեակը իջանք:
    Ալի գնաց ինծի ուտելիք բերելու, քիչ յետոյ վերադարձավ՝ շերտ մը հաց և պնակ մը մածունով: Ըսավ, որ գիշերվան այս ժամուն ասկէ ավելի բան մը չէր գտած:
    «Շնորհակալ եմ,- ըսի,- արդեն ձեզ հայտնած էի, որ ախորժակ չունիմ, այս մածունը ինձ ամեն բան կ’արժէ»:
    Ալին նորէն դուրս ելավ՝ զիս մինակս ձգելով: Խորհեցայ, որ անշուշտ հօրը քով վերադարձավ՝ իմ մասին ընելիք կարգադրութեան մասին խորհրդակցելու:
    Սիրտս կը տրոփէր, միտս կը բերէի խեղճ օրիորդը, որ անօգնական ու առանձին ձգած՝ եկած էի ինքզինքս վտանգելու…
    Ինձմէ վերջ ի՞նչ պիտի ըլլար անոր տարաբախտ վիճակը…
    Այս մասին էր, որ առաւելապէս կը մտահոգվեի, քան իմ անձիս կորուստով, որուն համար շատոնց արդէն պատրաստէր էի ինքզինքս…

    Բաւական սպասումէ յետոյ Ալին եկավ ու իբրև թէ մտերմաբար սկսավ խօսակցութեան բռնել զիս: Զարմանք ու հիացում կը յայտնէր ինծի. ինչպէ՜ս կրցեր էի ինքզինքս պաշտպանել ու ձեռք չ’իյնալ այսքան ատեն: «Անշուշտ,- կ’ըսեր,- լավ թաքստոց մը ունեցած ըլլալու ես», և կ’ուզէր իմանալ պահուած տեղս: Յետոյ, անդրադառնալով բուն իր դիտաւորութեան, ըսավ թէ՝ «Անշուշտ, դրամներդ ալ միասին ազատած ըլլալու ես, կ’ուզէ՞ս միասին հետդ երթանք և հոս բերենք, այսպէսով ունեցածդ չի կորսվիր՝ կողոպտողներու ձեռքը անցնելով»:

    «Ալի՛,- ըսի,- ես պահված դրամ չունի՛մ, ինչ որ ունիմ՝ վրաս է: Չե՛մ պահեր քեզմէ, իմ վիճակս ինչ որ էր, անշուշտ, քիչ — շատ նկատելի դրամագլուխ մը ունէի, և դուն լավ գիտես, որ ասկէ մեկ ամիս առաջ ունեցած նախկին շաքարագործութեան խանութէս դուրս մեծաքանակ նպարեղէնի մը վաճառատունը բացի: Վաճառատուն մը, որը կարևոր դրամագլուխ կը պահանջէր, չէ՛իկրնար երևակայել, թէ ասանկ աղէտ մը կրնար պատահիլ…
    Երանի թէ բացած չ’ըլլամ եղեր, ի՜նչ գիտնայի, թէ ասանկ անսպասելի փորձանքի մը պիտի հանդիպէինք այդ լազերու հօս ժամանումով:
    Հիմա եթէ այդ դրամները ձեռքս գտնվէր, թէ՛ ինծի կրնար օգտակար ըլլալ և թէ՛ ձեզի: Շաքարագործ խանութս՝ գիտմ, որ վառվեցավ, բայց չէ՛մ գիտէր, թէ ի՛նչ եղավ միւս նոր բացած վաճառատունս: Եթէ անվնաս մնացած ըլլայ, Ալի՛, կրնամ ձեզի շատ օգտակար ըլլալ»:

    Միամտաբար կը կեղծէի, իբրև թէ չէի գիտեր կատարուած կողոպուտները:
    Խնդաց վրաս ու երեսիս զարկավ կեղծիքս, թէ՝ այդքան միամտութիւն չէր սպասէր ինձմէ: «Իհարկէ, — ըսավ,- վաճառատուներէն շյուղ մը անգամ մնացած ըլլալու չէ, քանի որ բոլոր գեավուրներու ստացուածքները վարի տրվեցան: Եթէ քովդ և կամ պահված բան մը ունիս՝ անիկա նայէ, այլապէս ուրիշ բան մի՛ յուսար»:

    «Ալի՛ էֆենտի,- ըսի,- առանց վերապահութեան ձեզի հայտնէցի եղելութիւնը: Հաճի էֆենտին իբրև հայրս և քեզ ալ իբրև եղբայրս դաւանելով է, որ եկայ ձեզ մօտ, կեանքս ձեզի վստահելէ յէտոյ կը հուսա՞ք ինձմէ, որ ձեզմէ բան պահեմ՝ եթէ ունենամ, կամ թէ՝ ինչի՞ կրնայ ծառայել, եթէ զիս ուղղակի ձեր հովանավորութեան տակ չ’առնիք: Ալի՛, անշուշտ, նիւթական կորուստը բնավ հօգս չէ, եթէ առանց վտանգի զիս ազատէք այս աղետէն:
    Ես իմ արհեստովս և փորձառութեամբս քու հետ ընկերակցաբար իբրև եղբայրս և ազատարար՝ գործի ընկեր ըլլալով կ’երաշխավորեմ ձեզի լավ ապագայ մը:
    Ներկայիս քովս հարիւր ոսկի թղթադրամի չափ գումար մը կայ, ա՛ռ ու քո՛վդ պահէ, աւելի ապահով է»,- ըսի և գրպանէս թղթապանակս հանելով՝ իրեն երկարեցի:

    Առանց մերժելու և նույնիսկ բան մը արտասանելու առավ ու գրպանը տեղավորեց:
    Լուռ էր ու չէր խօսէր այլեւս: Արդեօք դեպի լա՞վը դարձած էր իմ սնօտի խոստումից յետոյ իր տրամադրութիւնը, թէ ոչ: Քովս գտնված դրամը կորզելէ յետոյ չարութիւ՞նն էր, որ կը խորհէր ինձ հանդէպ…
    Քիչ յետոյ Ալի կրկին մեկնավ իր հօր մօտ:
    Օրհասական տագնապի վայրկեաններ կ’ անցնէի այդ պահուն՝ թէ ի՞նչ վճիռ պիտի արձակեն ինձ համար…
    Քառորդ ժամ մը առանձին մնացի սենեակին մէջ: Այդ միջօցին միտքէս անցավ փախուստ տալ տունէն, թեև փողոցի դուռը ներսի կողմէն բանալիով կողպուած էր, բայց գետնայարկի սենեակի պատուհանէն կարելի էր փախուստ տալ: Սակայն մտածեցի, որ այդ ալ գէշ արարք մը եղած պիտի ըլլար. առանց անոնց՝ ինծի հայտնելիք վերջի միտքերնին իմանալու տունէն անյայտանալու այս կերպով թէ՛ գօմիսէրին և թէ՛ տղային զայրույթը պիտի հրաւիրած ըլլայի վրաս, որոնք իմ ողջ մնալս գիտնալէ վերջ ամեն միջօց պիտի գործադրէին զիս գտնելու: Այդ պարագային այլևս որևէ հույս կորսված պիտի ըլլար մեզ համար…

    Վերջապէս տղան եկավ ինձ հայտնելու, թէ հայրը զիս կը կանչէ. ելայ ու հետեւեցայ իրենը:
    Գօմիսէրը մահճակալին մեջ նստած կը ծխէր:
    «Փորդ կշտացուցի՞ր, տղա՛ս»,- ըսավ առաջին անգամ:
    Ըսի՝ «Շատ շնորհակալ եմ, Հաճի էֆենտի, Ձեր զաւակը շիտակը անանկ բան մը ընտրէր էր, որ եթէ մասնավոր խնջույքի ներկայ եղած ըլլայի, այսքան գոհ չէի կրնար մնալ: Ալի էֆենտին բժշկի ձիրքով օժտված երիտասարդ մը ըլլալու է, շատ երախտապարտ եմ իրեն, որ խորհած էր, թէ՛ անօթութեանս և թէ՛, մանաւանդ, սոսկալի ծարավիս հագուրդ տալու, այդ մասին հանգիստ եղեք»:
    Այս խոսքերով կ ‘ուզէի շոյել տղուն ալ անձնասիրութիւնի. նշմարեցի աչքիս տակէն, որ տղան գոհունակութեան ժեստ մը ունեցավ դեմքին վրայ՝ իմ շռայլած գովասանական խոսքերէն:
    «Լավ,- ըսավ, յետոյ դառնալով իմ մասին՝ ավելցուց,- գիշերվան այս պահուս բան մը չէմ կրնար ընել, տունիս մէջ պահել անկարելի է ինձ համար, կառավարական պաշտօնեայ մը ըլլալով՝ իմ կացութիւնս չեմ կրնար վտանգել»:
    Իսկույն հասկցայ, թէ ի՛նչ էր իմաստը «վտանգել» բառին, զոր նախորդ գիշերը ինձ հայտնած էր մեր դրացի թուրքը:
    «Յետոյ, քանի օրէ ի վեր այսքան հոգնած եմ, որ ոտքիս վրայ կենալու կարողութիւն չունիմ, պետք ունիմ այս գիշեր անպայման հանգստանալու, որպեսզի կարող ըլլամ գոնէ վաղը ժամանակին բան մը կարգադրելու:
    Այլևս մի՛ վախնար, -ըսավ,- Կենտրոնի կառավարութենէն հրաման եկած է՝ վերջ դնել խժդժութեանց, բայց ամբոխը՝ տակաւին չի գիտնալով և կամ ավելին՝ չի գիտնալ ձևացնելով, դարձեալ գէշութիւններ կրնայ ընիլ: Ուստի, կը թելադրեմ քեզի, որ երթաս հօսկէ և առանց մարդու աչքին երևալու՝ պահվիս դարձեալ՝ ուր որ ես:
    Վաղը ցերեկին ես կը կարգադրեմ ամեն ինչ՝ քեզ պետք եղած ապահովութեան տակ պահելու, մինչև որ ամեն ինչ խաղաղի ու բնականոն կեանքը վերահաստատվի»:

    Հարցուց որտե՛ղ պահված ըլլալս: Ես դարձեալ, առ ի զգուշութեան, իմ գտնված տեղս չի հայտնեցի:
    «Գնա՛, զաւա՛կս, վերադարձի՛ր տեղդ ու մարդու չ’էրևնաս՝ մինչեւ որ ես հարկ եղած կարգադրութիւնը ընեմ» ըսելով՝ զիս ճամբեց:
    Հրաժեշտ առի իրմէ և տղուն ընկերակցութեամբ դեպի դուրսի դուռը յառաջացանք:

    Դուռը բանավ ու ինծի ճամբու դնելէ առաջ սրիկա տղան՝ ոտքիս նոր կոշիկին աչք տնկած ըլլալով, ինծի ըսավ, թէ՝ «Խոհեմութիւն է, որ ոտքիդ կոշիկները հանէս ու հոս ձգէս՝ քալած ատենդ նոր կոշիկդ կրնայ աղմուկ ընիլ: Ահա՛ քեզի զույգ մը քաշուէ լաթիկ, անոնք ձայն չեն հանէր, հագի՛ր ասոնք ու գնա՛»:
    Այս ըսելով՝ բերավ զույգ մը քաշիէ ոտնաման, նետեց առջեւս…
    Այնքա՜ն հին, որ գրեթէ տակ անգամ չունէր:
    Իհարկե, իմ խորին շնորհակալութիւնս յայտնեցի ու նոր կոշիկներս հոն ձգելով՝ հրաժեշտ առի իրմէն ալ և ինքզինքս փողոց նետեցի…

    Միշտ ետևս կը դառնայի՝ նայելու, թէ արդեօ՞ք գօմիսէրին սրիկա որդին կը հետապնդէ՞:
    Բարեբախտաբար, ետեւէս եկող մը չի կար ու ես փառք կուտայի աստուածիս, որ այս անգամ ալ մորթս վրայ պրծայ այս ապործինին ձեռքէն:

    Գօմիսէրին տունէն երբ վերադարձայ, նույն դռան առջև հասայ, տեսայ, որ դուռը գոցված էր և բանալու ամեն ջանքս ապարդիւն ելավ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Տեսարան Մարզվանից
  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Խ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Խ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Խ)

    «…Այս բոլոր անցուդարձերու միջոցին անդադար կը տեսնէինք տեղահան եղած ժողովուրդին անվերջ շարքը ճամբաներուն վրայ։
    Անցան Սամսոնի, Մարզուանի, Թոգատի, Կեսարիոյ, Կերասոնի Հայերը. ո՛չ գրելով, ո՛չ խօսքով կարելի է նկարագրել խեղճ ժողովուրդին կրած չարչարանքները»…

    Զաբել Եսայանի հիշյալ տողերից տարիներ անց՝ 1921-ին, Մարզվանի Հայությունը կրկին աննկարագրելի վայրագությունների ենթարկվեց:

    Այդ օրերից մի դրվագ ևս՝ Նշան Զորայանի հուշերից՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «…Դառնանք քանի մը ողջ մնացողներուս, քանի որ լուր չունէինք Անգարայէն եկած հրամանին և նախորդ օրերու սարսափները կ’ապրէինք:
    Հինգշաբթի երեկոյեան մութը վրայ հասած էր: Դուրսը անցած — դարձածներէն անտեղէակ՝ անօթութիւնէ, ծարաւէ, քնհատութիւնէ այնքա՜ն ուժասպառ եղած էինք և այնքա՜ն հուսահատ, որ այլեւս մեր բերանները կարծէս կապուէր էին և նախորդ երեկոյներու նման այլեւս իրարու հետ ո՛չ խոսքի և ո՛չ ալ գաղափարի փոխանակութիւն մը ընել կը փորձէինք…

    Այսպես տևեց մեկ-երկու ժամ: Ես կ’ուզէի ձերբազատուիլ այն տխուր պատկերներէ, որ կ’ յէտապնդէին զիս ու սկսայ դարձեալ խորհիլ, թէ ի՞նչ պիտի ըլլար մեր վերջաւորութիւնը, թէ մեզի ի՞նչ տեսակ մահ մը կ’վիճակուէ, մինչև ե՞րբ պիտի տևէ այս անտանելի վիճակը և ասօր նման շատ մը հարցեր սկսան ման գալ ուղեղիս մեջ:
    Կ’եզրակացնէի, թէ այլեւս անկարելի է տոկալ այս կեանքին:
    Կա՛մ պէտք էր մեռնէինք և կա՛մ էլ պէտք էր ճար մը գտնէինք՝ այս անել դրութեանը վերջ տալու:

    Այս խորհուրդներուն մէջ խորասուզված էի, երբ մտքիս ներկայացավ պարագայ մը, որ մինչև այդ երբեք չէի խորհած: Հույսի աղոտ նշույլ մը իջավ վրաս, սկսայ ինքնիրենս խորհրդածել, թէ արդեօք կրնայի՞ այդ միջոցին դիմելով յաջողութիւն մը ձեռք բերել: Շատ ալ չէի հաւատար, թէ կրնամ հաջողիլ, քանի որ նախորդ գիշերը անգամ մը փորձած էի նման ձեռնարկ մը:

    Սակայն, ժողովրդական առածին համաձայն՝ «Ծովն իջնողն ալիքներուն կը փաթթվի»…
    Ստիպված էի ե՛ս ալ նույն միջոցին դիմելու, քանի որ ազատութեան ուրիշ հույս կորսված կը համարէի մեզի համար:

    Ձայն տվի օրիօրդ Նուարդին և հայտնեցի իմ ընելիք նոր ձեռնարկս:
    Լուռ մը լսելէ վերջ իմ նպատակս, շատ աղաչեց, որ ետ կենամ այդ դիտաւորութենէս: Շատ վտանգաւոր կը գտնէր և կը պնդէր, որ՝ «Դուն քեզ բացարձակապէս մատնելու կը դիմես անխորհուրդ կերպով, քանի որ կառավարութեան պաշտոնեայ մըն է դիմելիք անձը և դուն երէկ գիշեր քու ականջովդ իմացար մեր բարի դրացիի ըսածները»…
    Կը զգայի իր տրամաբանութեան ճշմարտութիւնը, սակայն դարձեալ յուսահատութիւնը զիս կը մղէր նպատակիս գործադրութեան:

    «Նուա՛րդ,- ըսի,- մէկ կողմէն իրաւունք կուտամ Ձեզ այդպէս խորհելու և կը խոստովանիմ, թէ ձեռնարկս վտանգաւոր է: Բայց ի՞նչ ընել ներկայ կացութիւնէն փրկվելու: Չորս — հինգ օր է՝ դժոխային կեանք մը կ’ ապրինք ու եթէ այս կերպով մէկ — երկու օր ալ նույնիսկ կարողանանք ծածկել մեզ, վերջ ի վերջոյ ստիպուած ձեռք պիտի անցնինք:
    Շատ մտածեցի ու եզրակացուցի, թէ երկու ճամբայ կայ մեր առջևը:
    Գիտեմ, թէ մէկը միւսէն վտանգավոր է, սակայն ուրիշ ելք չեմ տեսնար: Մանաւանդ, ցերեկվա մեր տեսածները շատ գէշ ազդեց իմ վրայ:
    Կը նախընտրեմ մեռնիլ՝ երթալ միանալու մեր անհամար նահատակներուն, եթէ ճակատագիրս այդպէս է տնօրինած: Իմ արիւնս աւելի յարգի չէ, քան անոնցինը:
    Բայց քանի որ դեռ ողջ եմ՝ իմ պարտականութիւնս է փնտրել ելք՝ մեռնելէս առաջ:
    Մանաւանդ՝ քե՛զ համար, որ անկարող ես առանձին ճար մը խորհելու»:

    Պատասխանեց, թէ շատ շնորհակալ է իմ հոգածութեանս, բայց դարձեալ պնդեց, որ ետ կենամ այդ դիտաւորութիւնէս:
    «Եթէ հարկ ըլլայ, — ըսավ,- միասին կը մեռնինք և այն ատեն մեռնելէն չեմ ալ վախնար: Սակայն եթէ ինձ այսպէս մինակ ձգես՝ այլեւս ինծի ուրիշ ելք չի մնար, այլ միայն անձնասպան ըլլալ ու վայրենիներու ձեռք չ’իյնալ»:

    Կրկին հուսադրեցի զինք՝ կարելի եղածին չափ քաջալերելով:
    «Մի՛ վախնար ինծի համար, — ըսի: Եթէ Աստուած ուզէ զիս պաշտպանել՝ ինչքա՛ն ալ վտանգաւոր ըլլայ ընելիք ձեռնարկս, դարձեալ կերպով մը պիտի ազատիմ զիս:
    Ես պէտք է այս գիշեր անպատճառ երթամ տեսնեմ ոստիկանապետ Հաճի Հիւսէյին էֆենտիին: Սեբաստիայէն կը ճանչնանք զիրար. հոս ալ իր գնումները միշտ մեր խանութէն կը կատարէր, թեև հիսուն — վաթսուն ոսկիի պարտք մը ունի ինձմէ:
    Կը կարծիմ, թէ կարելի է միջոց մը գործ կուտայ իբրև վաղեմի ծանօթի…

    …Ինչու՞ պիտի վտանգէ այդ մարդը զիս, քանի որ զիս կը ճանչնայ տասնեակ մը տարիներէ ի վէր, ես իրեն միշտ ալ օգտակար եղած եմ ու կրնայ խորհիլ, որ եթէ ողջ մնամ, միշտ ալ կրնամ օգտակար ըլլալ. այս տեսակ մարդիկ երբեք իրենց շահը չեն ոտնակոխէր»:

    Ըսի իրեն. «Քաջասի՛րտ մնայ իմ բացակայութեանս և սպասէ՛ իմ վերադարձիս, եթէ կարելի է՝ արթու՛ն կեցիր, որպէսզի անակնկալ բան մը չի պատահի,- (թեեւ քիչ մը վստահ էի, որ գիշերը աւելի անվտանգ էր, քան՝ ցերեկը),- եթէ կարելի ըլլայ, պիտի աշխատիմ շուտ վերադառնալ քո մօտ:
    Բայց, ամէն պարագայի տակ, առաւօտէն առաջ պէտք է վերադառնամ:
    Ներէ՛ ինձի իմ արած սխալ քայլին և մի՛ դատապարտէր զիս, որ խոսքդ մտիկ չ’ընելով մինակ ինքզինքդ պաշտպանելու (կձգեմ), աշխատէ՛, որ այդ բորենիներուն ձեռքը չ’իյնաս, նույնիսկ՝ կեանքդ զոհելու գինով»…

    Այլևս արգելք չելավ զիս համոզելու:
    Մութին մէջ զգացի, որ դառնօրեն կուլար ու կը հեկեկար:
    Իմ ալ սիրտս փղձկեցավ և աչքերս լեցուեցան…
    Պահ մը խորհեցայ ետ կենալ մտադրութենէս՝ խեղճ աղջկայ լացէն խղճահարուած, սակայն և այնպէս , պէտք էր քիչ մը ամրացնել սիրտս՝ ի խնդիր մեր երկուքին ազատութեան:
    Բաժնվեցայ և տան բակը իջնալով՝ փողոցի դուռէն դուրս ելայ փողոց՝ քայլերս ուղղելով դէպի կոմիսար Հաճի Հիւսէյին էֆենտիի բնակարանը:

    Փողոցները ամայի էին, և շուներն անգամ քաշված էին իրենց որջերը:
    Գիշերվան ժամը տասնի ատեններն էր, երբ կոմիսէրին դուռը կամաց մը զարկի»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»…  (Մաս Լ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Լ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Լ)

    1921 թվական, Մարզվան…
    Հուլիսյան մի հինգշաբթի օրվա դեպքերից որոշ դրվագներ՝ ականատեսի՝ Նշան Զորայանի հուշերից, ստորև:

    Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում…

    «ՀԻՆԳՇԱԲԹԻ…
    Հինգշաբթի առաւօտ թուրք ամբոխը դարձեալ ոտքի վրայ էր՝ իր շահադատական գործերը շարունակելու առաջադրութեամբ:
    Իրենց մէջ չէթաներ չի կային այլևս: Մեր տունը տակաւին պարապ ըլլալով՝ հարիւրաւոր կողոպուտ փնտրողներ կ’այցելէին և, կարեւոր բան մը չի գտնելով, կը հեռանային: Բայց կային այնպիսիններն ալ, որոնք բակը դիզուած մեր կովերու չորցած աղբերը անգամ կրելու կը ստորանային…

    Այս այցելութեանց հետևանքով մինչև կէս օր քանի՜-քանի՜ անգամներ ստիպուեցանք տեղերնիս փոխիլ՝ մինչեւ որ կէսօրէն վէրջ թուրք մը սկսավ գույքեր բերել ու տեղավորել մեր տան տիրոջ բնակած կողմը, ու այս կերպով վէրջ տրուեցաւ խուժանի մուտքը մեր բակէն:
    Այս անգամ ալ թուրքին մեր տան մէջ ներկայութիւնը կը մտահոգէր մեզ:
    Կը վախնայինք, որ մարդը իր ապահովութեան համար կրնայ մանրակրկիտ հետախուզութիւն մը ձեռնարկիլ ու վտանգիլ մեր դիրքը: Բայց կը թվար, թէ մարդը համոզուած էր, որ այլեւս կարելի չէր թաքնված մէկը գտնվիլ կամ ալ՝ ավելին, մարդը ժամանակ չունէր կորսնցունելիք, քանի որ ինք մինակը միայն կը փոխադրէր իր գույքերը:

    Այդ օրը ականատես եղանք եղեռնագործութեան այնպիսի՜ սօսկալի դրվագի մը, որ իր տեսակին մէջ կը գերազանցէր մինչ այդ գործադրվածներուն…

    Նախապէս ըսինք, որ Հայ կիները ու անչափահասները ժողվելով իրենց տուներէն՝ լեցուցէր էին տեղւոյն ֆրանսիական աղջկանց վարժարանը:

    Ասոնց ալ ճակատագիրը որոշուած է եղեր ահռելի բնաջնջումով մը: Այդ բնաջնջումէն ազատուեցան մերինները միայն վէրջին վայրկեաններուն՝ հրաշքով մը միայն:

    Այս մարդակերպ շնագայլերը դիվային մէթօդ մը մտածէր էին. անոնց մոտ պահուած դրամներ մէջտեղ հանելուն համար կը մտնէին այս դժբախտ կիներուն մէջ և առաջարկ կ’ընէին, թէ՝ այն, որ դրամ ունի պահուած և կ՛ուզէ իր կամքով յանձնել իրենց՝ պիտի ազատեն զիրենք իրենց տուները տանելով, խնայելով իրենց և թէ իրենցմէ տակաւին ողջ մնացածներուն:
    Բայց անոնք, որոնք չեն անսար իրենց խորհուրդներուն, ստիպուած են հոս մնալ ու անկէ վէրջ սպանդանոց առաջնորդվիլ:

    Ափսո՜ս, որ կարգ մը միամիտ կիներ հավատացէր էին այս մարդակերպ գազաններուն տված խոստումներուն… Ինչու՞ չէ, Մարզուանցի ընտանիքներէն շատեր, 1915-ի Հայկական տեղահանութեանց ընթացքին, իրենց դրամի ուժով հաջողէր էին տեղահանութենէն ազատվիլ ու մնալ իրենց քաղաքին մէջ: Այդ կարգին պատկանողներէն շատեր այս անգամ ալ հուսացէր ու խաբվէր էին, թէ պիտի կրնային իրենց դրամները յանձնելով փրկվիլ այս անգամուան աղէտէն ալ:

    Առաւօտեան ժամը իննի ատեններն էր: Մենք սկսած էինք արդէն ձեղնայարկէ ձեղնայարկ փոխուիլ, երբ տեսանք մեր դրացիներէն ծանօթ կին մը, որուն ընկերացած երեք թուրքեր եկան մտան իրենց տունը:
    Երկուշաբթիէն ի վէր առաջին անգամն էր, որ կը տեսնէինք այդ Հայ կինը:
    Այժմ ենթադրեցինք, թէ կիները ամբողջութեամբ սպաննուած չէին: Ուրեմն՝ հույս մը ծնուավ մեր ներսը, թէ թերևս մեր ընտանիքներն ալ ողջ մնացած ըլլան:
    Բայց ինչու՞ այս կինը թուրքերու ընկերակցած եկած էր իր տունը…
    Սակայն ավելի թե լավ հետեւանք մը չէր կարելի երեւակայել, ու ինքնիրենս կը մտածէի, որ խեղճ կինը բռնի բերած են տուն՝ թերեւս իրենց գազանային կիրքերուն գոհացում տալու դիտաւորութեամբ:
    Սակայն ես չարիքին մէկ երեսը միայն նախատեսէր էի…

    Կնօջը հետ ներս մտնելով՝ այս հրէշները, նախ նկատեցինք, որ շողոքորթելու ձևեր մը կ’ընէին: Ու մենք, թեեւ չէինք լսէր իրենց խոսածները, բայց դռներն ու պատուհանները գոց ըլլալով, շատ դիւրին էր մեր տեղէն տեսնել ամէն ինչ:
    Այո՛, կը շողոքորթէին խեղճ կինը, որ ցույց տայ դրամին պահած տեղը՝ յետաձգելով իրենց մտադրութիւնները:
    Քիչ յետոյ նկատեցինք, որ կինը ցույց տվավ տախտակամածին վրայ տեղ մը, որտեղ պահած է եղեր իր դրամները:
    Նախ փորձ մը ըրին իրենց մեջքի սուրերով քանդել տախտակը:
    Երևի չ’ կրցին հաջողիլ: Իրենցմէ մէկը դուրս ելավ՝ փնտրտուքի ու հարմար գործիք մը փնտրելու:
    Տասը վայրկեան վէրջ մարդը վերադարձավ՝ իր հետ բերելով փետ մը և բավական խոշոր չուանի տրցակ մը:
    Փետը, իհարկէ, տախտակները քանդելու համար էր: Բայց ինչի՞ համար պիտի գօրծածէին այդ երկար չուանը: Չէինք կրնար ենթադրիլ, թէ այդ տախտակներուն տակ կրնայ գտնվիլ այդքան խորունկ իջնող գետնափոր մը:
    Նուարդը լավ տեղեակ էր իրենց դրացիին տան ամէն ծակ ու ծուկին և կը պնդէր, թէ այդ սենեակին տակը գետնափոր գոյութիւն չունի:

    Փետովն անմիջապէս քանդեցին տախտակամածին այդ մասը, ուրկէ մէջտեղ հանեցին կնօջը պահած դրամները և դիվային քրքիջներ արձակելով սկսան մէկիկ-մէկիկ համրելով երեքի բաժնել իրենց կողոպուտը ու գրպանեցին:
    Բայց ատով չը գոհանալով՝ սկսան նեղել կինը, որ եթէ ուրիշ տեղեր ալ պահուած բան մը ունի՝ ցույց տա իրենց:

    Կինը սկսավ լալ ու պաղատիլ, թէ այլևս ուրիշ ոչինչ չունէր պահուած:
    Շատ նեղեցին, բայց կ’երեւի իրապէս որ այլեւս չունէր: Խեղճ կինը աղաչանքներ կընէր, որ հավատան իր խոսքին ու պարապ տեղը զինք չի չարչարեն:
    Հրեշները, թեեւ համոզուէր էին կնօջը խօսքերին, բայց կը պնդէին, թէ կը ստէր և դիվային կատաղութեամբ յարձակեցան խեղճ կնօջ վրայ ու մազերէն քարշ տալով պառկեցուցին տախտակէ բազմոցին վրայ…
    Կատարուած խժդժութիւնը այստեղ գրիչով նկարագրել անկարելի է…
    Քովս գտնվող օրիօրդ Նուարդը աչքերը գոցելով մէկ կողմ քաշվեցավ ու նվաղած գետին ինկավ: Օգնութեան փութալով՝ քովս մնացած քիչ մը ջուրով սկսայ զովացնել իր այրվող ճակատը:
    Երբ ապաքինվեցավ, հեռացուցի զինքը այդ տեղէն, որպէսզի չի կրնայ տեսնել կատարվող բարբարոսութիւնը:

    Ես վերադարձա նույն վայրը, բայց չէի կրնար որևէ կերպով օգնութեան փութալ այդ խեղճ մարտիրոսուհիին: Կ’անիծէի հազար անգամ ինքզինքս՝ ափսոսալով, որ ինչու՞ զէնքս յանձնէր էի ընկերօջս նախորդ կիրակին:
    Հիմա կը զգայի, թէ որքա՛ն պիտանի պիտի ըլլար ինձ գործածել զայն՝ շանսատակ ընելու այս հրէշները, թէկուզ ես ալ սպանվելով վրայ տայի իմ կեանքս:

    Ակռաներս կը կրծոտէի, պահ մը նույնիսկ նօպայէ բռնուած քիչ մնաց պիտի յարձակվէի վրանին՝ եղունգներովս կռվելու այդ վայրի գազաններուն դեմ:
    Բայց շուտով զգաստացայ, քանի որ անզօր էի այդ երեքին դէմ պայքարելու: Իմ արարքովս ոչ միայն պիտի չը կրնայի ազատել այդ անմեղ զոհը, այլ պիտի վտանգէի թե՛ ինքզինքս և թե՛ քովս՝ իմ տկար պաշտպանութեան ապավինած օրիորդը:

    Խեղճ կինը՝ անասելի կերպով լլկված, արյունլված կը գալարվեր անտանելի ցավերով:
    Բորենիները հղփացած էին՝ իրենց անասնական կիրքերուն հագուրդ տված, բայց փոխանակ ձգելու իրենց զոհը, որ դիակ մըն էր այլևս, բռնի ոտքի կանգնեցուցին, քաշքշելով տարին իր տան պարտեզը ու կեցուցին իրարմէ հինգ մետրի չափ հեռու գտնվող ծառերի մէջտեղը և, Աստուա՜ծ իմ…

    Գոյութիւն ունե՞ր արդեօք այդ Աստուածը, որը լուռ հանդիսատեսը պիտի ըլլար երկնքի բարձունքէն դիտելու կատարվելիք այսպիսի բարբարոսութիւն մը…
    Իզու՜ր, մեր Աստուածը բացակայ էր…
    Միայն թուրքերու սաթայէլ ալլահն էր, որ կը հրամայէր ու կը ներշնչէր նմանը չի տեսնուած ոճիրներ…

    Քաշքշելով կանգնացրին կինը և չվանը անցուցին վիզը, ու պարանին երկու ծայրերը երկու ծառերուն փաթթելով, սկսան քաշել երկու կողմերէն և խեղդամահ ըրին խեղճ կինը…

    Այսպե՛ս ըրած էին շա՜տ-շա՜տ մը նման կիներու, որոնց ազատումը երդումով խոստացէր էին՝ փոխան իրենց դրամին:
    Մնացած կիներն ու անչափահաս անմեղ մանուկներն ու երեխաները ի՞նչ պիտի ընէին…
    Անոնց համար ալ, անշուշտ, դժոխային ծրագիր մը մշակած էին, որ պիտի ըլլար գլուխ-գործոց մը՝ ի շարք այն վայրագութեանց, որոնց մասնագետները դարձէր էին Համաշխարհային պատերազմի շրջանին՝ Հայոց տեղահանութեան ընթացքին և գործադրեր էին քսաներորդ դարու նոր Լենկթեմուր, Չինգիզխան, տխրահռչակ Թալէաթ, Ջեմալ, Մուհամետ և տակաւին ո՛ր մեկը հիշեմ ասոնց նման ճիվաղներու դիվային ծրագիրներով ու հրահանգներով:

    Բարեբախտաբար ըսինք, որ չիրականացավ այդ վատթարագույն ծրագիրը և վերջին վայրկեանին միայն փրկվեցան մեր զոհերը այդ սոսկալի աղետէն:
    Մինչդեռ երեք օրէ ի վեր Մարզուանի Հայութեան էրիկմարդ դասակարգը բոլորովին կոտորված ու մաքրված էր՝ բացի հրաշքով ազատված հինգ հոգիէ:

    Մնացեալ կին դասակարգը՝ աղջիկ, տղայ ու մանուկներ, հավաքած ու լեցուցած էին ֆրանսիական աղջկանց դպրոցի պարպված շենքին մեջ, ինչպես հիշեցինք քիչ վերը:
    Հինգշաբթի կէսօրէն վէրջ, երբ սպանվածներու դիակները վերցված էին, կարգը եկեր էր կիներու ու երեխոց հաշիվը մաքրելու: Եվ որպէսզի ավելորդ տաղտուկներէ խուսափին, նախընտրեր էին դպրոցի շենքը կրակի տալ և ողջ-ողջ այրել մեջը գտնվողները…

    Այս կերպով՝ թէ՛ իրենց ավելորդ հոգնութենէ խուսափած կ’ըլլային և թէ՛ ֆրանսիացիներու պատկանած շենք դպրոցը փճացուցած կ’ըլլային:
    Այդ իսկ դիտավորութեամբ՝ թիթեղներով քարինջ բերելով, շէնքը կրակի տվէր էին ու չորս կողմը խուժանով պաշարէր, որպէսզի կրակին մեջէն փախուստ տվողներն ալ իրենք սպաննեն:
    Շենքը սկսեր է վառվիլ, որուն բոցերուն տաքութիւնէն ու մուխէն մէջինները սկսեր էին նեղվիլ ու շնչահեղձ ըլլալ:
    Հինգ — տասը վայրկեան ավելի՝ ամէն ինչ կատարեալ պիտի ըլլար, և մէկ հոգի իսկ չի պիտի ազատվէր, եթէ վէրջին պահուն ազատման հրամանագիրը չի հասնէր՝ վէրջ տալու այդ սրտակեղէք տեսարանին, որուն ի տես քարսիրտ խուժանէն շատեր հեռացեր էին՝ չի դիմանալով շենքի մէջէն բարձրացող վայնասունին:
    Մարզուանի դօքթօր Ահմետ պեյն է, որ, իրեն հետ միացուցած տեղւոյն կառավարական պաշտօնեաներն ու ոստիկանութիւնը, վազն ի վազն կը հասնին ու, խուժանը ցրուելու հրամանը արձակելով, բացեր էին դպրոցին դուռները ու կը հրամայէր շուտով դուրս լեցուիլ շէնքէն, ու ամեն կողմէն կրակ առած՝ կը վառվեր և քիչ մնաց ուշանային…

    Հազիվ հեռացել էին աղետի վայրէն, երբ շենքը ահագին խարույկի մը վերածեց ամբողջ կողմը:
    Աղետեալները քաղաքէն դուրս հանվելով՝ կը տարվին քաղաքին խըլլաները, որտեղ կը պատսպարվին մինչև շաբաթ օրը ցորեկին:
    Դօկթօր Ահմետ պեյ, Թօփալ Օսմանի եկած օրն իսկ, Մարզուանի թուրք էշրաֆներու գումարած ժողովին ու դիտավորութեանց վերահաս եղած էր ու երբ կիրակի գիշերէն սկսեալ գործադրված արհավիրքները տեսեր էր, ինքը՝ զարգացած, չէր կրցած մնալ պարզապես հանդիսատեսի դերին մէջ ու ձեռները լվալ Պիղատոսի նման՝ պատասխանատվութեան մեղքը փաթթելով տգէտ ժողովուրդին և զանոնք վարող վրիժառու էշրաֆներու վզին:
    Երկուշաբթի առաւօտեան իսկ դիմեր է հեռագրատուն ու Անքարայի կառավարութեան տեղեկագրեր է Թօփալ Օսմանի ժամանումով և տեղացի թուրքերու դրդումով ու մասնակցութեամբ կատարված ու կատարվելիք խժդժութիւնները:

    Ափսո՜ս, սակայն, որ այդ հեռագրին պատասխանը հազիվ հասած էր հինգշաբթի կէսօրէն վէրջ…
    Կենտրոնի կառավարութիւնը հրամանագրեր էր որևէ քրիստոնեայի ո՛չ կեանքին վնասել և ո՛չ ալ ավարառութիւն ընել»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ի)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ի)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ի)

    Շարունակելով 1921 թվականի ամռանը Մարզվանի Հայության կոտորածների ականատես Նշան Զորայանի հուշերը՝ մի հատված ևս՝ ստորև:

    Հիշեցնենք, որ 1915 թվականին 11 հոգանոց ընտանիքից միակ վերապրածն էր նա ու փոթորկալից կյանքի վերջին օրերին գրեց իր «Կարապի երգը»՝ շարադրելով մղձավանջային իրադարձություններով ու ապրումներով լի այս «Հուշերը» (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    …«Մարդը, ձայնս առնելով, գլուխը պատուհանէն դուրս հանեց և հարցուց, թէ ո՞վ եմ և ի՞նչ կուզեմ:
    Հայտնեցի իրեն, թէ իրենց դիմացի դրացին եմ և կուզիմ կարճ խոսակցութիւն մը ունենալ իրեն հետ:
    Մարդը «Ալլա՜հ, Ալլա՜հ» ըսելով մեկ մը աղօթքի խոսքեր ալ արտասանեց ու յետոյ տեղէն ելլելով վար իջավ, փողոցի դուռը բացավ, զիս ներս ընդունեց ու կրկին դուռը գոցեց՝ փողոցը լավ մը խուզարկելու աչքերով դիտելէ վէրջ:
    Առաջին հարցումը այս եղավ, թէ եկած ատենս որևէ մեկը տեսա՞վ և կամ որևէ մեկը գիտի՞ իմ գալը:
    Ժխտական պատասխանիս վրայ մարդը հանգստանալով՝ առաջնորդեց անձնական իր սենեակը և, պատուհանը գոցելով, վարագույրն ալ քաշեց՝ դուրսի մէկը մեզ չի տեսնելու կանխազգուշութեամբ:

    Մինչ ինք այդ գործով զբաղուած էր, բազմոցին վրայ տեսայ Ղուրանի աղօթագիրքը՝ կանաչ ծածկոցին վրայ ու համոզուեցայ, որ վտանգ մը չի կրնար գալ ինծի այս մարդէն: Թէ մինչ ուրիշ թուրքեր, ո՞վ գիտի ի՛նչ ոճիրներ կը ծրագրեն գիշերուան այս լռութեան մէջ՝ հաջորդ օրը գործադրելու, այս ազնիվ անձը հավատալիքի գրքի ընթերցումով մը կը պարապէր:

    Պատուհանը գոցելէ վէրջ մարդը նստավ բազմոցին վրայ և զիս քովը նստեցնելով՝ ծխատուփը հրամցուց ինծի: Երեք օրէ ի վէր բնավ չէի ծխէր, շնորհակալութեամբ ընդունեցայ և գլանակ մը փաթթեցի: Հետոյ, ինքնութիւնս ճշտելէ վէրջ, ինծի հարցուց, թէ ինչպէ՞ս գիտէի, թէ ինքը անվնաս մէկը կրնար ըլլայ, քանի որ իր ցեղակիցները մեր ոչնչացումը կը փնտրէին:

    Մարդը կարծէս հանկարծակիի էր եկած, թէ ես, Հայ մը ըլլալով, ինչպէ՞ս վստահեր էի ինքզինքս ներկայացնել մեկու մը, որ հազիվ ծանոթութիւն ունէինք իրարու հետ: Ըսավ թէ՝
    «Զավա՜կս, ինչպէ՞ս չի վախցար մինչև տուն գալ և ինծի ներկայանալ, քանի որ ես ալ թուրք մըն եմ, որ միայն ձեր ցեղը բնաջնջելու ծրագիրը կը հետապնդէ տարիներէ ի վէր, և սրան վէրջին զոհերն եղան Մարզուանի Հայութիւնը»:

    Նշան Զորայանը պատասխանում է, որ «թուրք չարագործների ու խուժանի հասցեին ուղղված նրա հանդիմանությունները տեսնելով է վստահել նրան ու այդ վարմունքից համոզվել է, որ ազնիվ սիրտ ունի ու կարող է պաշտպան լինել»:
    «Մարդը խիստ զգացվեցավ իմ արտասանած խօսքերէս ու աչքերը լեցուեցան, գլուխը երերցնելով «ա՜խ» մը քաշեց ու արտասանեց.
    «Եթէ Արդարութեան ձեռք մը գոյութիւն ունի այս աշխարհի վրայ, գործուած չարութիւնք անպատիժ չեն մնար: Եթէ աշխարհին վրայ չի ալ պատժուին՝ միւս աշխարհին՝ գեհենի կրակին ստիպուած են վճարելու: Սակայն կը վախնամ, թէ այս աշխարհի վրայ մեր ազգը պիտի խեղդվի իրեն իսկ կազմած ալէկօծ ծովուն մէջ, որ անմեղ մարդկանց արիւնով լեցուած է: Հակառակ մեր մարգարէէն մեզ պարտադրած և Ղուրանի Սուրբ օրենքներով մէզի սորվեցուցած կանոնների, այս բարբարոսութիւնները իսլամական դավանանքին բոլորովին հակառակ են, և մեր տգետ ժողովուրդը չի գիտէր գործուած անարդարութեանց ծանր հետեւանքները»:

    Էջեր Նշան Զորայանի ձեռագիր «Հուշերից»

    Այլեւս բոլոր կասկածներս փարատեցան այս խօսքերէն յետոյ և զգացի, որ իսկապէս այս մարդը բարիք միայն գործող մէկն է ու որոշեցի հայտնել իրեն ընելիքս և սպասել, թէ ի՛նչ ընթացք պիտի տար իմ առաջարկին…
    …Անվերապահորէն իրեն հայտնեցի, որ ես մենակս չէի ու իմ հետս կը գտնվեր մեր տան տիրոջ երիտասարդ աղջիկը, որը ավելի կարօտ է պաշտպանութեան:

    «Եթէ ես մենակս ըլլայի,- ըսի,- թերեւս չէի ուզէր Ձեզ անհանգիստ ընել՝ առանձին փնտրելով փրկութեան միջոց մը, բայց փախուստի միջոց չեմ կրնար գտնիլ այս տկար արարածին հետ, և իմ խիղճս ալ թույլ չի տար, որ առանձին ձգեմ զինքը:
    Ահավասիկ, ինկեր եմ Ձեր դուռը, Ձեր խղճի դատը, մեր երկուքին փրկութիւնը կամ մահը Ձեր ձեռքը հանձնելու:
    Անշուշտ, Ձեր ընելիք բարէգօրծութեան վարձատրութիւնը պիտի ստանաք օր մը բարէգօրծութեանց վարձատրիչ Ամէնակարող Աստուծմէն»:

    Խեղճ մարդը մեծ մտածմունքի մէջ ինկած էր, և ես կզգայի, որ հոգին կը տառապէր, լուռ էր, չէր խօսէր…
    Քանի մը տագնապալի վայրկեաններ սահեցան այսպէս, ու ես բերանէն կախուած կսպասէի, թէ արդեօք ի՞նչ ընթացք պիտի տար իմ առաջարկիս:
    Մերժում չէի սպասէր նմանօրինակ մէկու մը, բայց ինչո՞ւ անմիջապէս պատասխան մը չէր տար՝ այո՛ կամ՝ ո՛չ:
    Վէրջապէս մարդը լռութիւնը խզեց ու դառնալով ինծի՝ ըսավ.
    «Անբա՛խտ մարդ, ո՞ր տեղէն եկար ու ինծի գտար՝ առանց քեզի ալ իմ տառապող էութիւնս վրդովելու: Եթէ այս աշխարհին վրայ մինակս ըլլայի ու չունենայի կինս ու անչափահաս որբ թոռնիկս, թերեւս ինծի գալիք բոլոր վտանգները աչքս առնէի՝ ձեզ պաշտպանելով փրկելու ձեր կեանքերը, (կինն ու թոռնիկը տանը չէին, որպէսզի կատարուած սպանութիւնները չի տեսնէին՝ մարդը գտնում էր կինն ու թոռնիկը հեռացնել զուտ թրքական թաղ մը բնակվող իրենց ազգականներէն մէկուն տունը):
    Բայց ափսո՜ս, որ Ձեր առաջարկը ընդունիլ այս տարիքիս մէջ կարողութենէս դուրս է:
    Գիտցի՛ր, որ կառավարութիւնը հրաման արձակած է և մունետիկով ծանուցած է, որ՝ «Եթէ երբևէ թուրք մը յանդգնի Հայ կամ հույն մը թաքցնել, երբե՛ք չի պիտի խնայուի, և անոնց առանց դատավարութեան պիտի կախուի իր տան դռանն իսկ»:
    Իրավ թէ կը սիրեմ բարեգօրծութիւնը, բայց չեմ ալ կրնար վտանգիլ դրութիւնը կնօջս ու թոռնիկիս՝ իմ անձիս պատահելիք վտանգովը»:
    «Ինձ համար,- ըսավ,- ոչինչ, թէ մեռեր եմ երկու հոգի փրկելու համար: Բայց ի՞նչ պիտի ըլլան իմ կորստից յետոյ կինս ու թոռնիկս: Կը ներես, որ չի պիտի կրնամ նման վտանգի ենթարկել կինս ու թոռնիկս: Հրամանը շատ խիստ է, և այս շուն կառավարութիւնը գիտէ գործադրել իր արձակած հրամանը՝ առանց խղճահարութեան:
    Գնա՛, զավակս, ու Աստծոյ ապավինէ ու վերադարձի՛ր քո թաքստոցդ: Հարկավ, այսպէս չի պիտի մնայ ու վէրջապէս վէրջ մը պիտի տրուի այս խժդժութեանց: Նայեցե՛ք, որ լավ պահուիք ու ձեռք չ’իյնաք կարելի եղածին չափ»:

    Էջեր Նշան Զորայանի ձեռագիր «Հուշերից»

    Այս վերջին խօսքերէն՝ մէկ վայրկեանին մէջ հույսերս ի դերև ելան:
    Իր հայտնած եղելութիւնը նույնիսկ սահմռկեցուց զիս:
    Ուրեմն՝ կատարած եղեռնագործութիւնները, որը մինչեւ այդ վայրկեանը կկարծէինք, թէ միայն Թօփալ Օսմանի ու իր չէթաներուն գործն էր, սխալ էինք ըմբռնած…
    Այդ ատեն հասկցայ, որ թուրք կառավարութիւնը ուղղակի գործակից էր չէթաներուն ու սիստեմատիկ կերպով կը վարէին ամէն գործ:

    Այլեւս կը պատրաստուէի շնորհակալութիւնս հայտնելով մեկնիլ, երբ միտք մը ևս հղացայ միտքիս մէջ. գեթ քովս գտնուած արժէքաւոր ծրարը ավանդ ձգել այս մարդուն քով: Վստահութիւն գոյացուցի, թէ եթէ մենք ողջ ազատվենք, անշուշտ, կը վերադարձնէր մեզի:
    Այս մասին օրիորդին հավանութիւնը չունէի, սակայն կը մտածէի, որ ըրածիս մասին առարկութիւն մը չի ըներ, նույնիսկ քանիցս անգամ կրկնած էր, որ այդ գանձը իր համար վտանգ մը կը ներկայացնէր ու կ’ափսոսար, որ փոխանակ տեղ մը պահելու, աճապարանքէն շտապած հետն էր վերցուցէր: Չէ՞որ, իրմէ բաժանուած պահէն ալ ինձի հանձնարարած էր, որ եթէ հարկը պահանջէր՝ կրնամ հանձնել իրեն պայմանով, որ մեզի ազատեր:
    Կը խորհէի, որ, իրավ թէ, մարդը՝ հակառակ իր բարեացկամութեան, չէր կրցած մեր փափագին գոհացում տալ, սակայն առանց որևէ դժվարութեան կարող էր գէթ մեր ձգելիք ավանդը պաշտպանել:
    Վստահ էի նաև, որ օրիորդը ինձ եղբոր պէս կը սիրէ և բնավ չի տարակուսեր իմ մասիս, թէ ի վնաս իրեն որևէ ձեռնարկ մը կարող եմ ընել:

    Այս խորհդածութեամբ՝ գրպանէս հանեցի ծրարը ու բազմոցին վրայ իր քով դնելով, ըսի.
    «Պե՛յ պապա, շատ շնորհակալ եմ ձեր անկեղծ զգացումներէն ու մեզ չի կրնալ պաշտպանելու անկարողութեանդ, երբէք առարկութիւն մը չունիմ և չեմ ալ ուզէր, որ մեր պատճառով քո դիրքդ վտանգվի: Միայն կը խորհիմ, թէ կրնաք ուրիշ բարիք մը ընել մեզի»:
    «Ի՞նչ է այդ ծրարը, զավա՛կս»,- ըսավ խեղճ մարդը՝ ետ-ետ քաշվելով:
    Հայտնեցի իրեն եղելութիւնը և խնդրեցի, որ գէթ իր քով պահէ այս ավանդը: Ըսի, որ՝ «Եթէ մեր երկուքէն մեկս ողջ ազատուինք, մեզի կը վերադարձնէ զայն: Հակառակ պարագային՝ մեր մոր կաթին նման հալալ է, կրնաք դատողութեանդ համաձայն գործածել՝ ըլլայ ձեր պէտքերուն, ըլլայ բարեգօրծական ձեռնարկի մը հատկացնելով»:

    Երբ այսպէս հայտնեցի, այս երկրորդ առաջարկս, առանց նույնիսկ խորհրդակցելու առաջարկի վրայ, պատասխանը եղավ՝ «Ո՛չ, զավակս, — ըսավ,- երբէք չեմ կրնար ընդունիլ այդ ավանդը, քանի որ չեմ կրնալ գիտնալ, թէ ի՞նչ կ’սպասէ ձեզի, ես սրտանց կը մաղթեմ ու կ’աղօթեմ, որ ազատուիք ողջ-առողջ այս պատուհասէն: Սակայն եթէ հակառակը պատահի, ձեր ձգած ավանդը ինծի՞ վերապահել, այդ անկարելի է ինձ համար»…

    Լինելով ջերմեռանդ հավատացյալ՝ «ուրիշի դրամով բարեսերի տիտղոս չշահելու նպատակով» մերժում է ավանդը պահել, պատճառաբանելով, որ «նույնիսկ եթե իր ձեռագրով ստացագիր էլ ունենա՝ դարձյալ կդատապարտեն իրեն՝ կառավարության հրահանգին հակառակ շարժվելու համար»:
    Ապշած, որ նման հազվագյուտ մարդիկ էլ կարող են գտնվել, վերջին հուսահատ ու կտրուկ շեշտով Նշան Զորայանն ասում է, որ եթե չպահի գանձը՝ ստիպված պետք է փողոցում այն թողնի: Այդ որոշումից ազդված՝ հարևանը խոստանում է, որ անձեռնմխելի կպահի, հարկ եղած դեպքում՝ նրանց կողմից կհանձնի Հայ ազգին՝ եկեղեցական կամ բարեսիրական որևէ հաստատությանը:

    «Գրպանէն տետրակն ու գրիչը հանելով՝ իմ և օրիորդ Նուարդին անունները արձանագրեց մէջը և ըսավ. «Զավա՛կս, ա՛ռ այդ ծրարը ու քո ձեռքովդ տեղավորէ՛ սա դիմացի դարակին մէկ անկիւնը:
    Շնորհից Աստուծոյ, ողջ մը մնաք և կուգաք ձեր ձեռքով վերցնեք այդ ավանդը:
    Ձեռքովս իսկ տեղավորեցի ծրարը դարակին մէկ անկիւնը, որմէ յետոյ ինքը կղպեց դարակը ու բանալին առնելով՝ զետեղեց գրպանին մէջ:
    Կարծէս ծանր հոգէ մը ազատուած էի, ուստի, չուզելով աւելորդ ձանձրույթ պատճառել, իմ խորին շնորհակալութիւնս յայտնեցի ու հրաժեշտ առի:
    Մարդը հետս մինչև փողոցի դուռը ընկերացավ ու դուրս ելավ՝ ստուգելու համար, թէ այդ կարճ հեռաւորութիւնը կտրելու համար վտանգաւոր բան մը կա՞ր արդեօք:
    Բաժանուեցայ ծերուկէն:

    Առանց միջադեպի վերադարձա մեր թաքստոցը:
    Օրիորդ Նուարտը անձկութեամբ կ’սպասէր վերադարձիս:
    Երբ իր քով հասայ՝ «Փա՛ռք քեզ, Աստուա՛ծ» մը թռավ բերնէն: Ես սկսայ մեր տեսակցութեան արդիւնքը մէկիկ-մէկիկ պատմել իրեն, քիչ մը վախնալով յայտնեցի իրեն ծրարը հանձնելուս պարագան, քանի որ ինք միայն հաճոյութիւն տուած էր ծրարը յանձնել միայն այն պարագային, երբ մարդը ուղղակի իր պաշտպանութեան տակ առնել կամենար մեր անձերը:
    Երբ ամէն ինչ բացատրեցի, ինծի ըսավ, որ՝ «Շատ լավ է կարգախօսութիւնդ, բոլորովին համամիտ եմ: Եթէ քո տեղը ըլլայի, ե՛ս ալ միեւնոյն բանը կ’ընէի»:

    Այդ գիշերն ալ լուսացուցինք՝ մինչեւ առաւօտ խոսելով ու խորհրդածելով անցնող անցքերուն վրայ և սպասելիք բաներու վրայ:
    Նույնիսկ այդ գիշեր քաղաքէն ելլելով փախչիլ մտածեցինք: Սակայն վախնալով, որ քաղաքին չորս կողմը պաշարուած կրնայ ըլլալ փախչողները բռնելու, ետ կեցանք այդ մտածումէն:

    Հինգշաբթի»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Ժ)

    Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում՝ լեռների ստորոտում սփռված գեղատեսիլ ու այգեվետ հարթավայրում է Մարզվանը, ուր 1921 թվականին ժամանակավորապես հանգրվանել էր բնիկ Սեբաստացի Նշան Զորայանն իր կնոջ ու նորածին զավակի հետ:
    1915 թվականին 11 հոգանոց ընտանիքից միակ վերապրածն էր նա ու, ճակատագրի հեգնանքով, 1921 թվականի հուլիսին կրկին հայտնվեց կոտորածների բովում:

    Հայերի (նաև՝ Հույների) հանդեպ աննախադեպ վայրագություններով ուղեկցվող այդ մի քանի օրերի իր հուշերից ևս մի հատված՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

    «…Ճիշտ և ճիշտ դիմացնին կը գտնվէի՝ հազիվ երեսուն քայլ հեռաւորութեան մը վրայ և եթէ դիմացնին նայած ըլլային, անկասկած, ինծի կրնային տեսնել, ինչու որ մօտերս ծածկվելու որևէ տեղ մը չի կար:

    Բարեբախտաբար, երբ մարդիկ ներս կը մտնէին, իրարու ականջի բաներ մը կը փսփսային, խնդալով ու առանց դիմացնին ուշադրութիւն դարձնելու ուղղակի մտան տունին մէջի սենեակներէն մէկը: Ես, ամէն վտանգ աչքս առնելով, կայծակի արագութեամբ խոյացա դէպի ջուրին ակը, որ հազիվ քանի մը քայլ հեռու էր ինձմէ և ամանս ընկղմելով մէջը՝ լեցուցի ան ու արագութեամբ ետ վերադարձայ թաքստոցս, ուր օրիորդը անձկութեամբ կսպասէր ինծի և տեսէր էր անցուցած փորձանքս:
    Հինգ վայրկեան անցած չէր, երբ լսեցինք մարդոց փաթեթներու ձայները, որոնք կը քանդէին տախտակները՝ ինչ-որ գույքերու թաքստոց մը, որ չէինք գիտէր՝ ինչպէ՛ս գուշակէր էին նման թաքստոցի մը գոյութիւնը այդ տան մէջ: Տունին գլխաւոր աչքի զարնվելիք առարկաները պահած են եղեր անոր մէջ: Թաքստոց մը, ուրկէ հանեցին պղնձեղէն, ամաններ, գորգ ու կարպետներ, անկողիններու մետաքսեղէն երեսներով վերմակներ և թռչունի փետուրներով լեցված բարձեր ու ասոնց կարգին շատ մը առարկաներ, որոնք երևան հանելով՝ սկսան կրել ու տանիլ մեր աչքերուն դիմաց:
    Այդ բաներն արդէն մէզի սովորական երևույթ մըն էր դարձած 3 օրէ ի վէր:
    Չորեքշաբթի մինչեւ կէսօր դուրսի հրդեհը շարունակվէր էր և այլեւս՝ մինչեւ քաղաքին մէկ ծայրամասը:
    Կէսօրվա վէրջ, ժամը երեքի-չորսի ատէնները մէյ մ’ալ տեսանք, որ մեր տանտիրօջ տունը գույքեր սկսան բերվիլ թուրքի մը կողմանէ, որուն տունն ալ կերևի հրդեհին այրած ըլլալու էր: Այս պատճառով ալ թեև ամէն ժամու այցելութենէն կազատուէինք իբրեւ այլեւս թուրքի բնակարան, սակայն կը վախնայինք դարձեալ, թէ կրնայ ըլլալ, որ այդ տեղափոխող թուրքն իսկ ելլի և խուզարկութիւն մը ձեռնարկէ ու մեզ նշմարելով՝ օձիքնիս ձեռք տայ:
    Բարեբախտաբար, այդ բանը չէղավ. կերեւի՝ մարդը ժամանակ չունէր»…

    Այնուհետև Նշան Զորայանը նկարագրում է, որ «այդ օրը տեղահանել էին հույն կանանց՝ հավաքելով Մարզվանից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող Կիամիշ հաճի գյուղում, ու Թոփալ Օսմանն իր չէթաներով՝ իրենց հղփացած ու լպիրշ արարքներից ու կողոպուտից հետո հեռացել էին, քանզի այլևս կողոպտելիք թանկագին բան չէր մնացել, իրենց ճամբու վրա կողոպտելու ու սպանելու ճիվաղային մտադրությամբ շարժվում էին դեպի պատերազմի դաշտը», իսկ քաղաքի թուրքերն իրենց «սխրագործություններից» հոգնած՝ հանգստանում էին տներում…

    «Դուրսը կատարեալ մեռելային լռութիւն պատած էր ամէն կողմ:
    Ես ու օրիորդ Նուարդը մութին մէջ նստած կ’անդրադառնայինք այդ զարհուրելի օրվան անցքերը վերյիշելով: Պէտք էր վէրջապէս ճար մը խորհիլ այս անել դրութենէն ազատուելու:
    Միասին դուրս ելլելով փախչիլ կը մնար մեզի:
    Կա՛մ կը բռնվէինք ու կ’սպաննվէինք, և կա՛մ փախչելով Ամասիա հասնէինք՝ կը հուսայինք այնտեղի Հայերը վտանգված չէին, և մենք ապաստան մը կը գտնէինք:
    Օրիորդ Նուարդը յանկարծ միտք մը հղացեր էր, որ՝ «թերևս ուրիշ միջոց մը գտայ, որը թերևս ավելի օգտակար ու գործնական ըլլայ, եթէ յաջողէինք»:

    Եվ առաջարկում է դիմել այն դրացի բարի մարդուն՝ իր պաշտպանությանն ապավինելով, մինչև «փոթորկի անհետանալը» ու մինչև փախուստը փորձեն գտնել իրենց ընտանիքի անդամներին, եթե ինչ-որ կերպ ողջ են մնացել…

    «Միևնույն ատեն հայտնեց ինձի, թէ իր մօտ կը գտնվի ահագին գումարի մը հասնող իրենց տան հարստութենէն՝ ըլլայ թղթադրամ, թէ հնչուն ոսկի, ըլլայ զարդեղեն, ոսկիներ, մատանիներ ու ականջի օղեր և այլն, որը կը ներկայացնէր 8000 կարմիր թրքական ոսկի:
    Իհարկե, փախուստի պարագային կողոպտվելու վտանգէն ալ կը վախնար, թեև այդ մասին ինծի չի արտահայտվեցավ:
    Ես այդ մասին նախապէս տեղեկութիւն մը չունէի. ինչ որ իմիս էր՝ ուղիղ 130-ի չափ թղթադրամ կար և մտքէս անգամ չէր անցնէր անոր կորուստը:

    Ես իր առաջարկը թեև գործնական կը գտնէի, սակայն շատ ալ հույս չէի դնէր նման ձեռնարկի մը յաջողութեան. կը մտածէի, որ մարդը, որքան ալ բարի եղած ըլլար, ո՞վ գիտէ, թե ի՛նչ ընթացք կուտար մեր փափագած առաջարկին և առանց վարձատրութեան պիտի հաճէ՞ր մեզ նման վտանգվածներ մը իր պաշտպանութեան տակ առնիլ:
    Օրիորդը, երբ տեսավ, որ պատասխան մը չստացավ ինձնէ, ինքնաբերաբար կարծես զգաց իմ խորհուրդներս և իր հագած շորի ծալքերէն հանեց ճերմակ տոպրակ մը և ինծի երկարելով ըսավ.
    «Ա՛ռ ասիկա և գնա՛ այդ մարդուն ներկայացիր: Ես հույս ունիմ, չի պիտի մերժեր ու պիտի ընդունի մեր խնդրանքը՝ եթէ նիւթական վարձատրութիւն մը ակնկալէ: Այդ ամէնը իրէն հանձնիր՝ եթէ հարկը պահանջէ. թերևս այս գանձը մեր կեանքը փրկէ»:

    Հապա՞, եթէ այս հարստութիւնը մարդուն աչքը շլացունէր ու զիս մատնէր, որպէսզի անձայն ու անշշուկ տէրը դառնար այդ գանձին… Ո՞վ պիտի համարձակէր բողոքել և ո՞վ պիտի գիտցած ըլլայ, թէ այդ մարդը այս տեսակ արարք մը գործած էր:
    Սակայն ստիպուած պահեցի մտքիս այս մտածումը, և ես ալ տրամաբանելով մտածեցի, որ այս մարդը պէտք չէր դասել ուրիշ թուրքերու դասին, քանի որ անոնց մէջն ալ պատահէր էի պատերազմի ընթացքին, որոնք կեանքս փրկած էին:
    Վերցուցի ծրարը և հանձնարարեցի իրեն ալ աչալուրջ սպասէ վերադարձիս, բացակայութեանս ընթացքին չքնանայ ու եթէ իմ անձիս վտանգ մը պատահի ու չի վերադառնամ, բնավ չը հուսահատվի և աշխատի քաջաբար պաշտպանել իր պատիվը՝ շուներու ձեռք չ’իյնալով:
    Իր պատասխանը եղավ՝ «Աստուած հետդ ըլլայ»:
    Զգացի, որ կուլար հետեւէս…

    Տարբեր ճամբաներով և զգուշութեամբ վար իջայ թաքստոցէս ու փողոց ելայ:
    Ամէն կողմ լռութիւն էր, և շրջագայութիւնը բոլորովին կանգ առած. նույնիսկ գիշերապահ անգամ չի կար մէջտեղ:
    Անձայն ու զգուշութեամբ առաջացայ դէպի մեր թուրք դրացիին տունը:
    Նշմարեցի, որ դեռ լույսը կը վառվի, և մարդը պատուհանին քով նստած է, իսկ պատուհանը բաց ձգած էր:
    Մի քանի վայրկեան ալ վարանեցայ, բայց վէրջապէս սրտապնդվեցայ ու պատուհանին տակը երթալով՝ կամաց ձայնով մը «պե՛յ պապա, պե՛յ պապա» ձայնեցի:
    Մարդը, ձայնս առնելով, գլուխը պատուհանէն դուրս հանեց և հարցուց, թէ ո՞վ եմ և ի՞նչ կուզեմ:
    Հայտնեցի իրեն, թէ իրենց դիմացի դրացին եմ և կուզիմ կարճ խոսակցութիւն մը ունենալ իրեն հետ»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

    «… ԾՈՎԱՑԱԾ ՈՒ ԱԼԻՔՎՈՂ ԱՅԴ ՀՈՒՇԵՐԸ»… (Մաս Թ)

    Իր այգիներով ու առողջարար օդ ու ջրով հայտնի Մարզվանը՝ Փոքր Հայքի Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառում, Մարզվանի գավառակում, վերջինիս կենտրոնն էր, ուր ավելի քան 500 Հայ պղնձագործներ կային, որոնց ձեռքի աշխատանքներն արտահանվում էին հեռավոր վայրեր: Այստեղ տարածված էր նաև բամբակեղեն գործվածքների առևտուրը:
    Մարզվանում գործում էին Հայոց կրթական բազմաթիվ հաստատություններ՝ Ազգային ճեմարանը, Սահակյան ու Հռիփսիմյան դպրոցները, «Կրթասիրաց միություն» մշակութային ընկերությունը, լույս էին տեսնում մի քանի պարբերականներ («Զեփյուռ», «Արուսյակ», «Հայկունի», «Բողբոջ», «Նոր այգ»):

    Մարզվանի Հայությունն էլ նույն ճակատագիրն ունեցավ, ինչ Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում բնակվողները՝ 1894-96 թվականների համիդյան կոտորածների ժամանակ, 1915-ի ցեղասպանության տարիներին:
    1921 թվականի հուլիսին ևս այստեղ սարսափելի վայրագությունների մի փոթորիկ պայթեց, որի ականատեսն էր ծնունդով Սեբաստիայից Նշան Զորայանը:
    Շարունակելով նախորդ հրապարակումներում ներկայացված պատմությունը, նրա հուշերից քաղված մի հատված ևս՝ ստորև…

    «Հուսահատ այլևս ծայրի ձողիկի վրայ կռնակս պատին տված՝ անշարժ մնալու դատապարտված էի և վայրկեանէ – վայրկեան սրտատրոփ ձերբակալումս կ’սպասէի:
    Հակառակ այդ բազմաթիվ խուժանին ներկայութեան, որ այդ պարապ սենեակը լեցուած կը խուզարկէր բան մը գտնելու՝ կարծէս բոլորին աչքերը կուրացած ու կապուած էին և չէի հասկնար, թէ ինչու՞ իրենցմէ և ոչ մին դէպի ձեղունները չէր նայէր՝ ձեռքերնին միայն վեր երկարելով զիս վար քաշելու…
    Շունչս բռնուած կը սպասէի, իսկ անոնք կ’երևի բնավ չէին երևակայէր, որ այդ վրան բաց ձեղունին վրայ կանգնած՝ հոգեվարքի վայրկեաններ կանցնեն իրենց վերև (պէտք է ըսեմ, որ փախուստի պարագային միշտ ես և օրիորդ Նուարդը իրարմէ զատ տեղեր կ’էրթայինք, որպէսզի թէ փախնիլը դյուրին ըլլայ և բռնուելիք պարագայուն գէթ մեկ անձ ողջ մնայ):

    Այո՛, կընդունիմ, որ Հրաշքին մեծագույնը կատարուեցավ:

    Խուժանը, տեսնելով, որ իրենց մտած սենեակը տակաւին շինութիւնը չի վէրջացած, կիսավարտ, դատարկ սենեակ մըն է, նույնիսկ՝ առանց առաստաղի, միայն հարևանցի ակնարկ մը նետեցին իրենց չորս կողմը և քանի մը վայրկեան վէրջ հեռացան:

    Երկար շունչ մը քաշելով՝ անմիջապէս հեռացայ այդ վտանգաւոր դիրքէն ու տեղս վերադարձայ. քիչ հետոյ Նուարդն ալ եկավ ու գտանք զիրար:
    Մինչ դուրսը այս զարհուրելի գործողութիւնները տեղի կ’ունենային՝ զարմանքով տեսայ և մտիկ կընէի՝ մեր թուրք դրացին կը կշտամբէր՝ հանդէպ թուրք խուժանին ու չէթաներուն ուղղված: Բացէիբաց երեսնուն կը զարնէր ու կը պօռար, թէ իրենց գործած արարքնին սուրբ Ղուրանին հակառակ է»…

    Ու զարմացած «խղճամիտ հարևանի» արարքից՝ նշում է, որ նա 1914-1918 թվականների պատերազմի ժամանակ ռուսների կողմից Էրզրումը (Կարինը) գրավելուց հետո այնտեղից տեղափոխված ու Մարզվանում հաստատված «առաջացած տարիքով քաղաքապահ աղայ» էր, որն ապրում էր իր կնոջ ու 7-8 տարեկան թոռնիկի հետ»:

    «… Թաքստոցիս մէջ փակված՝ դուրսի անցած սահմռկեցուցիչ դրվագներէն բոլորովին անտեղեակ էի: Միայն թէ կզգայի, որ գործառած նախճիրը աննախընթաց է, և թերևս միայն մենք երկուքս տակաւին ողջ մնացած ենք և մէզի ալ ուշ կամ կանուխ միևնույն բախտը վիճակված է՝ երթալ խառնվելու մեր անհամար նահատակներուն…

    Մարզվան, 1909 թ., «Անատոլիա քոլեջի» Հայ ուսանողները։ (Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

    Ահա այդ օրվան կատարված գործողութեանց մի քանի կարևոր անցքերը՝ հարևանցի ակնարկով մը:
    Անցեալ կիրակի գիշերին և երկուշաբթի օրվա ցերեկվան ձերբակալված բոլոր Հայ էրիկ-մարդիկ «Կարմիր խօնախ» կոչված շենքին մէջ ու պարտեզը լեցուցէր են՝ բոլորին թևերը կապված:
    Անոնց թիվը 1400 -1500 կը հասնէր գտնված էրիկմարդ Հայոց 1800 -ի վրայ և կրակներու մէջ նետված ու նահատակված էին:

    Մարզվանի Հայկական վարժարանի աշակերտուհիները՝ իրենց դաստիարակի հետ (Նուբարյան գրադարանի հավաքածուից վերցված լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

    Հայ իգական սեռը՝ կնիկմարդ աղջիկ ու անչափահաս պզտիկներ, հավաքված ու ամենը լցված էին Մարզուանի ֆրանսիական աղջկանց դպրոցի մեծ շենքը, որը թափուր էր, ինչու որ ֆրանսիացի միսիօնէրները ձգած հեռացած էին:

    Երկուշաբթի ցերեկին «Կարմիր խօնախին» մէջ հավաքվածները մէկիկ-մէկիկ կապված դուրս հաներ և կանուխէն իսկ անմարդաբնակ տան մը ընդարձակ գետնափորը իջեցնելով՝ փայտէ կոճղի մը վրայ գլխատեր էին՝ սպանդանոց տարված ոչխարներու նման»:

    Մարզվանից աքսորված ու մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող ճահճի մեջ սպանված 50-ից ոչ ավելի հույն տղամարդկանց մասին նշելուց հետո, Նշան Զորայանը շարունակում է.
    «Նույն օրը Հայոց թաղը կրակի տրված էր, որը ժամանակ մը կսպառնար մեր թաքնված տունին ալ մոտենալ, բայց իրիկվան դեմ հովին ուղղութիւնը փոխվելով Հայոց թաղէն՝ թուրքերուն թաղերը սկսան հրոյ ճարակ դառնալ:
    Հայոց թաղէն տրուած կրակը հազիվ 30-էն 40-ի չափ տուներ այրած էր:
    Մինչդեռ երբ կրակը թուրքերու թաղերը դարձավ՝ հովին սաստկանալէն աստիճանաբար իրարու ետևէ սկսան բռնկիլ թուրքական թաղերը:
    Գիշերվան այդ հրդեհին հետևանքով իրարանցումը աննկարագրելի էր:
    Քաղաքին ամբողջ թուրքերը ոտքի էին, մեծամասնութիւնը իր տուներուն սպառնացող վտանգէն մղված՝ տուներու կահկարասիները կը փախցնէին, և ամէն թուրք տէր կը կանգնէր արդէն պարպված Հայի կամ հույնի մը տան՝ հոն փոխադրելով իրենց կրցած ազատած գույքերը՝ ի վէրջոյ այդ տանը տիրանալու հավանականութեամբ: Աղետէն հեռու թուրքեր կօգնէին անոնց փոխադրութեան գործին»…

    Չորեքշաբթի

    Այս հանգամանքներով բացվեցավ առավոտը: Այս ցերեկը, բաղդատաբար նախորդ երկու օրերուն, մեզ համար ավելի թեթև անցավ, ինչու որ թուրքերն այլևս ո՛չ թալանելիք կարևոր բան ձգած էին և ո՛չ ալ կը կարծէին, թէ տակաւին ողջ մնացած մարդիկ մնացած ըլլան: Սակայն գաղթական թուրքերու լաճեր դարձեալ ել ու մուտք կը գործէին ամէն տան մէջ՝ հուսալով վէրջապէս բաներ մը կրնային գտնել թալանելիք: Ու եթէ բան մ’ալ չի գտնէին՝ ապակիներով պատուհաններու փեղկերը կը պոկէին և ապակիներով միասին կը տանէին:
    Կառավարութեան կողմէ կառքեր տրամադրած էին՝ փողոցներու մէջ սպանվածներու դիակները ժողվելու ու լցնելու խոշոր ու միակ փոսի մը մէջ, որը ամէնուն հասարակաց գերեզմանը պիտի դառնար:
    Գալով մեր երկուքին՝ մեր թաքստոցին մէջ մենք ծարաւէն կը տառապէինք, թեև քովերնիս կտոր մը ուտելիք և պզտիկ աման ջուր ունեցած էինք, բայց նախորդ երկու օրերու ընթացքին ջուրը բոլորովին սպառած էր հունիս այդ տօթակէզ օրերուն, որուն միացած էր հրդեհին պատճառած տաքութիւնն ալ, մեր կոկորդները չորցած, լէզունիս քիմքերնուս կը փակէր, անկարելի էր տոկալ ծարավի տառապանքին:
    Երեք օրեր առանց աչքերնիս փակելու և բերաննիս պատառ մը սննդեղեն դնելու դիմացէր էինք, բայց պէտք էր ճար մը խօրհէինք՝ այդ անդիմադրելի պէտքին գոհացում տալու:
    Ուստի օրիորդին հայտնեցի միտքս, թէ վար պէտք է իջնեմ և ամէն գնով ջուր ճարեմ՝ մեր պապակին հագուրդ տալու:

    Օրիորդը ուզեց զիս համոզել, որ այդ մտադրութենէս ետ կենամ՝ վախնալով, որ փորձանք մը կրնար ըլլալ և այդ պարագային այլևս ինքն ալ չպիտի ունենար ինքզինքը պաշտպանելու քաջութիւնը:
    Կը տեսնէի՝ ծարավէն մարելու նշաններ ցույց կուտար, ինչ որ վտանգավոր կրնար ըլլալ տեղէ-տեղ փախուստի պարագային: Մանաւանդ, սիրտս ալ չէր դիմանար այդ աղջկան կրած տառապանքին, քանի որ առաջին անգամն էր, որ այս տեսակ վտանգի մը մէջ կը գտնվէր իր կեանքին ընթացքին: (Մեծ պատերազմի ընթացքին իրենց ընտանիքը տեղահանված չէր՝ շնորհիվ իրենց կերուցած մեծագումար կաշառքին, ինչպէս ուրիշ շատ մը հարուստ Մարզուանցի Հայ ընտանիքներ նույն միջոցով մնացած էին):

    Ապսպրեցի իրեն, որ եթէ իմ բացակայության պարագային վտանգ մը նշմարէ, անմիջապէս հեռանայ և ուրիշ կողմ մը պահվի՝ ըստ սովորութեան:
    Ես պարապ ջուրի ամանը առի և մեր դրացիի բակը իջայ: Այդ բակին մէջ վազող անուշ ջրի ակ մը կար և ավելի դյուրին էր հոն իջնալը, քան թէ մեր բակը իջնալ ու ջրհորին ջուրը ունենալը:
    Հազիւ թէ թաքստոցէն վար իջայ և ամանը ձեռքս պիտի մօտենայի ակին՝ մեյ մ’ալ փողոցի դուռը բացվեցավ, ու երկու մարդիկ՝ ուսերնին մէկ-մէկ փաթեթ, ներս ինկան:
    Ես սարսափահար պատին մնացի՝ ամանը՝ ձեռքիս, կռնակս պատին տված: Չէի կրնար ետ փախչիլ, վախնալով, որ շշուկ մը հանած պարագայիս ես ինքզինքս կրնամ մատնել:

    Ճիշտ և ճիշտ դիմացնին կը գտնվէի՝ հազիվ երեսուն քայլ հեռաւորութեան մը վրայ և եթէ դիմացնին նայած ըլլային, անկասկած, ինծի կրնային տեսնել, ինչու որ մօտերս ծածկվելու որևէ տեղ մը չի կար»…