Year: 2024

  • «ԱՐԵԳԱԿՆ — Երևեցուցիչ ամենայնի»

    «ԱՐԵԳԱԿՆ — Երևեցուցիչ ամենայնի»

    «ԱՐԵԳԱԿՆ — Երևեցուցիչ ամենայնի»

    Բնական երևույթների իմացության հանդեպ հետաքրքրությունը վաղնջական ժամանակներից ի վեր սնել է Մարդու երևակայությունը:
    Բնության և մարդկային էության ճանաչման պահանջը մղել է նրան սեփական զգայությունների և բանականության միջոցով նորանոր ուսումնասիրությունների, որոնց արդյունքում ապագայի հայտնագործություններն էին սերմանվում, ձևավորվում, զարգանում էին աշխարհայեցողական սկզբունքներն ու աշխարհընկալման համակարգերը:

    Նյութական գոյի (գոյացության) նախասկզբի, ճանաչելի և անճանաչելի էությունների, «ճշմարիտ Արարչության պատճառների» ծագումը, տիեզերական երևույթների կապերը և նրանց փոխհարաբերություններն ըմբռնելու ձգտումը դարերի ընթացքում ծնել է զանազան հայացքները, տեսություններն ամփոփող իմաստասիրական դպրոցները, որոնք իրենց ուսումնասիրությունների հիմքում դնում էին աշխարհի չորս տարրերի մասին ուսմունքը:
    Կրակը, Օդը, Ջուրը, Հողը… Նրանց փոխներգործությամբ, փոխկապակցվածությամբ է պայմանավորվում աշխարհը, տիեզերքն իր ամբողջությամբ, իրերի մշտնջենական պտույտը՝ առաջացումը և կործանումը…

    Հնագույն շրջանից հարատևող համընդհանուր խորհրդանիշ է Արևը՝ հարուստ մեկնաբանություններով:

    Տվնջյան լուսատուն Կենաց աղբյուրն է՝ կյանք պարգևողը, Արարիչ ուժն է այն, որը նույնացվում է հուրի հետ: Արդարը և ճշմարիտն է այն խորհրդանշում՝ առավոտյան իր լույսով խավարն է «ծածկում» և տեսնելու հնարավորություն ընձեռում…
    Կեսօրվա իր բարձունքին հասնելուց հետո Արևը թեքվում է դեպի մայրամուտ՝ արևածագին կրկին իր լուսափառ ու լուսափայլ շողերը սփռելով՝ մութը ցրում: Այդպիսով՝ կյանքի հավերժական շրջապտույտը և Վերազարթոնքը՝ Վերածնունդն է այն խորհրդանշում:

    Արեգակի նույն շրջապտույտը տարեկան փուլով է կատարվում՝ իր օրահավասարներով և արևադարձերով: Բնականաբար, այդ օրերը նշվում են առանձնահատուկ ծեսերով, տոներով:

    «Արեւ — նոյն ընդ Արեգ, այսինքն՝ Արեգակն, որ կոչի Արևու ակն. և Լոյսն կամ շողն արեգական, իբր Երևեցուցիչ ամենայնի»:
    «Արեւակն — նոյն ընդ Արեգակն, որ և Ակն արևու. ակն լուսոյ»:

    «Արեւ — նմանութեամբ Կեանք, կամ կենդանութիւն»:

    «Արեւահարք — Ժամն յորում արևն հարկանէ կամ հարկանի, այսինքն ծագէ. արևագալ. արևածայրք: «Արդ ցերեկ է և արևահարք» (Տօնակ.)»:

    «Արեւացայթ կամ Արեւցայթ — ժամ ցայտելոյ կամ ծագելոյ՝ կամ ծագումն արևուն. արևագալ»:

    «Արեւափառ — Լուսափառ, արեգակնային»:

    «Արեւշատութիւն- Երկարութիւն կենաց»:

    «Արեւադէմ — արևածաղիկ: Ծաղիկ՝ արևանման դիմօք, կամ որ զդէմս իւր շրջէ յարևն կոյս»…

    «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի բառարանից» քաղված խոսուն բացատրությունները երկար կարելի է շարունակել:

    Հայոց Արևապաշտ Նախահայրերը՝ լուսազարմ՝ Արևորդի Հայկազունիները, Հայկեան ուսմունքը հիմնել են Լույսի՝ Իմաստնության փառաբանման վրա:

    Իրավամբ, Արևն է իր ջերմությամբ Բնությանը կենդանություն պարգևում, մյուս տարրերի հետ միախառնված՝ սնում, բեղմնավորում…
    Արևի լույսն է մթությունը ցրում և անտեսանելին տեսանելի դարձնում, հնարավորություն է ընձեռում տեսնելու իրականությունը՝ ճշմարիտ գիտությամբ զինում, գիտակցությունը զարգացնում, իմաստնացնում և քաոսային վիճակից պարզեցնում, պայծառացնում է միտքը:
    Ուստի՝ ճանաչողության միջոցով այն մղում է ինքնակատարելագործման:

    Արեգակը, նրա Լույսը այն անաղարտ և կատարյալ աղբյուրն է, որից բխում է իմացությունը: Եվ Արևի ճառագայթն է այն կապը, որը միավորում է Մարդուն՝ Արարչության մի մասնիկին Ամբողջի՝ Տիեզերականի հետ:

    «Ճառագայթ՝ Շառաւիղ լուսոյ. Լոյս շրջասփիւռ, Ճաճանչ, ցոլք, շող, փայլիւն, շողիւն»:

    Ճաճանչի՝ ճառագայթի՝ Միհրականությունից վերցրած խորհուրդը, մյուս բազմաթիվ դրվագների հետ, ակնբախ է քրիստոնեության մեջ:
    «Ճառագայթ փառաց հօր՝ որդիդ միածին» (Շար.):
    «(Որդին ’ի հօրէ) որպէս յարեգակնէ առաքեալ ճառագայթ՝ գայ յառաջ ’ի նմանէ. և այլ ոմն է քան զնա՝ մի ըստ բնութեան գոլով. ոմն արեգակն, և ոմն ճառագայթ» (Կիւրեղ, գիրք Գանձուց)» (մեջբերված «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

    Գիշերվա մթության մեջ Արևի լույսը Երկիր հասցնողը՝ «Ճառագայթաբերը», Լուսինն է, որի միջոցով (ոչ անմիջականորեն) արտացոլվում է ճառագայթի շողը:

    «Ճառագայթաբեր — որ բերէ յինքեան զճառագայթս. Ճառագայթաւոր. (ըստ հեթանոսաց՝ մակդիր Անահտայ, որոյ ’ի գլուխն նկարի լուսին):
    «Երդնում ’ի ճառագայթաբերն Արտեմիս». (Վրդ. կալիստր. ի Ճ.Գ.):
    Ճառագայթալոյս — Ունող զլոյս ճառագայթից. Լուսաճաճանչ»…

    Իմաստության, Ճշմարտության որոնման ուղիները շաղկապված են Բնության, Տիեզերքի ներդաշնակ օրենքների, գործող օրինաչափությունների բացահայտմանը:

    Արևագալի տոնի առիթով Հայկազուն Արևորդիները կրկին հնչեցնում են «Ծանի՜ր զքեզ» պատվիրանը՝ փառաբանելով «Երկրի վրա Արդարություն հաստատող Միհրին՝ աջ ձեռքում՝ դաշույն, և ձախ ձեռքում՝ Ջահ՝ Արարչական Լույսը՝ Իմաստությունը սփռելու համար»:

    Լուսանկարը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի էջից՝ շնորհակալությամբ…

  • ԱՐԵՎԱԳԱԼ

    ԱՐԵՎԱԳԱԼ

    ԱՐԵՎԱԳԱԼ

    Մարդու կենսական պայմանները թելադրում, պարտադրում են ժամանակը չափելու անհրաժեշտությունը: Եվ վաղնջական ժամանակներից ի վեր՝ ինքնապաշտպանական բնազդը, կյանքի հարատևումն ապահովելու և ընդհանուր կենսամակարդակի բարձրացման ձգտումը մարդուն մղել են երկնային տեսանելի լուսատուների շարժման ուսումնասիրմանը, աստղագիտական գիտելիքների կուտակմանը, օրացուցային՝ տոմարական համակարգի ստեղծմանը:

    Իր առանցքի շուրջ երկրի պտույտն առաջացնում է ցերեկվա և գիշերվա շարունակական հաջորդականությունը:
    Արեգակի դիրքով պայմանավորված՝ եղանակների պարբերական փոփոխությունը, և այդ փուլերի կրկնությունը որոշակի ժամանակահատվածի գիտակցումն է ձևավորում:

    Հողագործությամբ, որսորդությամբ զբաղվող մարդու համար տարածության և ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը կար, և դա պահանջում էր աստղագիտական որոշակի գիտելիքներ:

    Հեռավոր անցյալում իմացության այդ ոլորտը Քրմերի մենաշնորհն էր:
    Երկրի տնտեսական, քաղաքական և տոնա-ծիսական կյանքը կազմակերպելու համար նրանք էին իրենց ուսումնասիրություններով ամբարում անհրաժեշտ պաշարները՝ բաղդատում, կանոնակարգում ձեռքբերվածը և աստղագիտության հիմքը դնում՝ որպես գործիք հաճախ ունենալով միայն իրենց աչքերը, աստղազարդ երկինքն ու հորիզոնը:

    Արեգակի շուրջը պտտվելու ընթացքում՝ երկրի դիրքով պայմանավորված՝ արևածագի և մայրամուտի պահերը հորիզոնի նկատմամբ տարբեր հատվածներում են դիտարկվում:
    Գարնանային և աշնանային օրահավասարները (մարտի 20-21 և սեպտեմբերի 22-23), ամառային և ձմեռային արևադարձերը (հունիսի 21-22 և դեկտեմբերի 22-23), որոնք ազդարարում են գիշերվա և ցերեկվա տևողությունների փոփոխությունը (կարճացում կամ երկարացում), Արեգակի «տարեկան պտույտի» «բեկումնային» կետերն են: Եվ, բնականաբար, դրանք նշվել են առանձնահատուկ արարողություններով՝ տոներով և ծեսերով:

    Երկրի վրա կյանքը կարգավորող երկնային լուսատուների կանոնակարգված, ներդաշնակ շարժման հետևողական ուսումնասիրության արդյունքում ձևավորվում են ժամանակի չափման միավորները՝ ժամը, օրը, տարին, հետևաբար նաև՝ օրացույցը, տոմարը: Որպես այդ պարբերական կրկնվող շրջափուլերի սկիզբ զանազան ազգեր ընտրել են «հաշվարկի մեկնարկի» տարբեր պահեր:
    Բնության մեջ, մարդու կյանքում (երկրագործական աշխատանքների, ճանապարհորդության համար…) կենսական իր դերն ունի նաև գիշերային լուսատուն՝ Լուսինը:


    Վերջինիս «ծնունդի», «աճի», այնուհետև «նվազման», «մահվան» պարբերականության իմացությունը ևս կարևոր էր, քանզի այդ փուլերից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ուներ երկրի վրա (մակընթացությունները, տեղատվություններն ասվածի ցայտուն դրսևորումներից են)…

    Զանազան ժողովուրդներ հազարամյակներ ի վեր կիրառել են լուսնային կամ արեգակնային օրացուցային համակարգը՝ տարբեր տարեսկզբով՝ հարմարեցնելով սեփական բնակլիմայական պայմաններին կամ քաղաքական պահանջներին:

    Հին Եգիպտոսում հուլիսի 19-ից սկսվող հորդառատ անձրևների հետևանքով Նեղոսի վարարումն էր ազդարարում Նոր տարվա սկիզբը:
    Հին Հռոմում գարնանամուտն էր տարեգլուխը՝ մարտին, որը հետագայում տեղափոխվեց հունվարին՝ զինվորական գործի թելադրանքով՝ գարնանը՝ մարտին սկսվող ռազմարշավներից առաջ զորքերը կոնսուլների միջև բաժանելու և ռազմական անհրաժեշտ զորավարժանքի պատրաստվելու նպատակով:

    Հայկական Լեռնաշխարհի բնիկները՝ Հայոց Արևապաշտ Նախահայրերն իրենց գիտական-փորձնական ուսումնասիրությունները զարգացնելով ձևավորել են Հայկեան ուսմունքը:
    Նրանք նշանավորել են երկնքում Կենսատու Լույսի՝ Արևի շարժման շրջանային իրադարձությունները՝ Արևագալի տոնը՝ Արեգակի ամենամյա «Ծնունդը» ձմեռային արևադարձին՝ Արաց ամսվա Գիշերավարի օրվան հաջորդող Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկտեմբերի 22-ին)՝ Արեգ — Միհրի ծնունդը փառաբանելով, իսկ որպես Նոր տարվա սկիզբ համարել են Բնության Վերափոխումը և Վերազարթոնքը՝ գարնանային օրահավասարը՝ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21):

    Արևադարձը, որ տեղի է ունենում տարին երկու անգամ՝ ձմեռայինը՝ դեկտեմբերի 21-22-ին (երբ տարվա ամենակարճ ցերեկն է և ամենաերկար գիշերը՝ հյուսիսային կիսագնդում հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է) և ամառայինը՝ հունիսի 20-21-ին (երբ ամենաերկար ցերեկն է և ամենակարճ գիշերը, Արևը երկնքում իր առավելագույն բարձրության վրա է): Նշենք, որ նահանջ տարիների արդյունքում ամսաթվերի մեկօրյա տարբերություն է լինում տարիների ընթացքում:

    Միհրի ծնունդի՝ Արևագալի տոնը Հայոց հիմնական տոներից է:
    Այս և մյուս տոների, ծեսերի իմաստը մեկնաբանում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ հստակեցնելով և պարզաբանելով Հայոց ազգային ավանդույթների ակունքները և նպաստում Հայկազուն Արևորդիների կենարար ուսմունքի հարատևմանը…

    «ԲԱՐԵՓԱՌ ՄԻՀՐ ՊԱՐԳԵՒԷ ԶՓԱՌՍ ԵՒ ԶՊԱՏԻՒ,
    ՇՆՈՐՀԷ ԶԲԱՐԱՒՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԼԻՈՒԹԻՒՆ,
    ԽՐԱԽՃԱՆԱՒՔ ԵՒ ԽՐԱԽՈՒԹԵԱՄԲ ԼՆՈՒ ԶՏՈՒՆ
    ԵՒ ԶԸՆՏԱՆԻՍ, ՄԻՆՉ ԵՂԾԱՆԷ ԶՏՈՒՆ ԵՒ ԶՏԵՂԻ
    ԹՇՆԱՄԵԱՑ ՄԵՐՈՑ ԵՒ ՆՈՑԱ, ՈՐՔ ԴՐԺԵՆ ԶՈՒԽՏ ՄԻՀՐԱՅ,
    ՇՆՈՐՀՈՂՆ Է ԱՐԵՒՈՐԴԵԱՑ ԲԱՐԵՊԱՇՏԻՑ
    ԵՒ ՊԱՏՈՒՀԱՍՈՂՆ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԱՑ»։

    ԲԱՆՔ ՔՐՄԱՑ

    ՁԱՒՆՄԱՄԲ
    ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ

    Հ.գ. Բարեփառ Միհրի ձոնը՝ Քուրմ Միհր Հայկազունու հրապարակումից՝ շնորհակալությամբ…

  • «ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)

    «ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)

    «ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)

    Հայկական լեռնաշխարհի զանազան շրջանների պեղումներից (Անիից, Դվինից, Ամբերդից, Գառնիից, Աղցքից, Լոռեբերդից…) հայտնաբերված գտածոները փաստում են միջնադարում արհեստագործության տարբեր ճյուղերի զարգացան մակարդակը:
    Մետաղագործության մեջ պղնձագործ, արծաթագործ և ոսկերիչ վարպետները տեխնիկական նոր միջոցներով, ոսկեգույն և արծաթագույն համաձուլվածքներով իրեղեն և զարդեղեն էին պատրաստում: Խեցեղենի, ջնարակված կամ հախճապակյա անոթների զարդարման նոր եղանակներ էին ի հայտ գալիս:

    «…10-րդ դարում շատ են հիշատակվում հայկական ոսկեթել և ոսկեճամուկ դիպակները, իսկ 12-13-րդ դարերում, ինչպես ցույց են տալիս Մատենադարանի ձեռագրերի կազմերի տակ փակցրած նյութերը, ոսկեթել և արծաթաթել դիպակների կողքին արտադրվում են ոսկեգույն և արծաթագույն ներկած մետաքսի թելերով գործված դիպակներ»…
    …«Գործվածքների ներկման մեջ մշակվում ու լայն չափերով կիրառվում է դրոշմազարդումը, որը կատարվում էր փայտյա դրոշմերի (դաճերի, Կ.Ա.) օգնությամբ»,- գրում է Բաբկեն Առաքելյանն իր՝ «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» (Երևան, 1964թ.) ուսումնասիրության մեջ և շարունակում. «Զննելով միջին դարերից մեզ հասած դրոշմազարդ գործվածքները, որոնցից բազմաթիվ նմուշներ պահպանվել են հին ձեռագրերի կազմերի տակ, դժվար չէ նկատել, որ դրոշմները լինում էին երկու տեսակ՝ այնպիսիներ, որոնք ներկում էին նկարը՝ սպիտակ թողնելով ֆոնը, և այնպիսիները, որոնք ներկում էին ֆոնը՝ գործվածքի բուն գույնը պահպանելով նկարների համար»:
    …«Զգալի չափերով շուկայական արտադրություն էին դարձել նաև կաշվի մշակումը, մորթեգործությունը, կոշկակարությունը, թամբագործությունը, լկամարությունը (ձիերի սանձեր, փոկեր պատրաստելը), լարարարությունը (աղեղների և այլ գործիքների համար աղելարեր պատրաստելը) և կաշեգործության հետ կապված մյուս արհեստները:
    Քաղաքներում առաջացել էին կաշեգործների, թամբագործների, կոշկակարների փողոցներ կամ շարքեր, որտեղ այդ ապրանքները և՜ արտադրվում, և՜ վաճառվում էին»…

    …«Հայաստանը գտնվում էր միջազգային առևտրի առավել կարևոր հանգուցակետում և խոշոր դեր էր խաղում այդ առևտրի մեջ:
    Հայաստանը միջազգային տարանցիկ առևտրին մասնակցում էր իր սեփակա՜ն արտադրանքով…
    Միջազգային առևտրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշ տեղեկություններ պահպանվել են արաբական աղբյուրներում: Թեև այդ տեղեկությունները միակողմանի են, վերաբերում են մի քանի տեսակի ապրանքների, այնուամենայնիվ, որոշ պատկերացում տալիս են, այսպես կոչված՝ «հայկական արտադրանքի» մասին:
    Ալ-Իսթահրին բարձր է գնահատում Դվինում արտադրված բրդե գործվածքներն ու զգեստները, գորգերը, մութաքաները, բազմոցները, ժանյակները և «հայկական արտադրության այլ իրեր», որոնք արտահանվում էին»…
    …«Մակրիզին վկայում է, որ ֆաթիմյանների գանձարանում Կահիրեում իբրև մեծարժեք իր պահվում էր Մութավաքել խալիֆի (847-861) վրանը, որը պատրաստված էր որդան կար­միրով ներկված և ոսկեթել հայկական գործվածքից:
    Հարևան, անգամ հեռավոր երկրների շուկաներում հռչակված էին նաև հայկական գորգերը և «տապաստակ» կոչված փոքրիկ գորգ-օթոցները»:

    «…Հայկական գորգերը հարկի ձևով տարվել են Բաղդադ:
    Հայկական գորգերը, ծածկոցները, գործվածքները և պղնձե անոթները դեռևս 714 թվականին հիշատակված են Թրակիայում բուլղարների վերցրած ավարի մեջ: Հայկական գորգերը նվեր են ուղարկվել Խորասան և Կաշգար:
    Հայաստանում արտադրվող գորգերը առևտրական կարավանների միջոցով հասնում էին հյուսիսային երկրները: Իբն-Ֆադլանը հայկական գորգեր տեսել էր Վոլգայի և Կամայի բուլղարների թագավորների վրանում:

    Այսպիսով, մատենագրական տեղեկությունները ցույց են տալիս, որ հայկական գորգերը տարածման մեծ շառավիղ ունեին: Դեպի արևմուտք նրանք տարվել են մինչև Բյուզանդական կայսրության արևմտյան մարզերը, արևելքում հասել են մինչև Խորասան և Միջին Ասիա՝ Կաշգար: Հարավում նրանք հայտնի էին Արաբական խալիֆաթի կենտրոններում, իսկ հյուսիսում հասնում էին մինչև միջին Վոլգայի, Կամայի Բուլղարների երկիրը, հավանաբար նաև Կիևյան Ռուսիա:
    Ավելի լայն տարածում ունեին հայկական գործվածքները:

    Հայաստանից արտահանվում էին նաև մետաղ և մետաղյա իրեր, խեցեղեն, ներկեր, դեղանյութ, զանազան հանքանյութեր, անտառանյութ, ցորեն, գինի, չորացրած մրգեր, ձկնեղեն, անասուններ, մասնավորապես ձիեր և ջորիներ և այլ նյութեր»:

    Հայ անվանի գեղանկարիչ և հասարակական գործիչ, 1915-ին Վանի հերոսական ինքնապաշտպանության մասնակից Փանոս Թերլեմեզյանի «Կյանքի հուշերում» կարդում ենք.
    «Այն ժամանակները եվրոպական ապրանք շատ քիչ էր գալիս Վան։
    Բամբակը ուղտերի կարավաններով գալիս էր Պարսկաստանից:
    Տեղացիները նրանից կտավ էին գործում: Ամբողջ ժողովրդի ճերմակեղենը այդ կտավից էր կարվում: Հետո կտավները ներկում էին տորոնով (garance): Տորոնը մի բույսի արմատ էր, որ բոլոր այգիներում մեծ առատությամբ էր գտնվում:
    Այդ գույնը չփոխող կարմիր կտավը «շիլա» էր կոչվում: (Շիլայից կարում էին երկար շապիկ, որը կանայք հագնում էին զգեստի վրա՝ «շիլա շապիկ», Կ. Ա.):

    Շմշիր փայտի վրա («շիմշիր փայտը» տոսախն է, Կ.Ա.) ոճավորված ծաղիկներ էին փորագրում, որը կոչվում էր «դաջ» և դրանով դաջում էին շիլան սև ու կապույտ գույներով՝ արտաքին հագուստների համար, որ «չիթ» էր կոչվում:

    Մեծ պատերազմից հետո Լենինգրադից եկած մի խումբ ռուսներ երեք հարյուրի մոտ այդ դաջերից հավաքեցին տարան իրենց հետ:

    Բույսերից ու քարերից գույներ պատրաստելու մեծ կուլտուրա կար Վասպուրականում: Այդ գույները պատրաստելու գիտությունը, սքանչելի ժողովրդական երգերը, լավագույն թանգարանների զարդ լինելիք աննման ձեռագործները, բարձրորակ մագաղաթյա ձեռագիրները, ճարտարապետական ինքնուրույն կառուցվածքները կորսվեցին և այրվեցին՝ անտեղի ոչնչացված Հայության հետ:

    Իմ մանկության տարիներից մի քանի հատուկտոր տեղեկություններս գույների մասին բերում եմ: Սև գույնը շինում էին ընկույզի և նուռի տերևներից ու կեղևներից, որոնց մեջ ձգում էին փտած երկաթի կտորներ: 1870-73 թվականների մոտեր կոտորել էին Դհերի քրդախոս Հայերին (Դհերը գտնվում էր Տիգրանակերտի կուսակալության սահմանի վրա): Նրանցից ճողոպրածները Վան էին թափվել ու քաղաքի շատ տները մի դհերցի ընտանիք հյուրընկալելու պարտ էին զգացել, որով մեր խղճուկ տանն էլ տեղավորվել էր մի ընտանիք: Նրանք երկու եղբայրներ էին, անմիջապես հորեր զարկին և շալ ու շալվար գործելու դազգահ պատրաստեցին։
    Շուտով մքուքների դուրեկան չխչխկոցը սկսեց լսվել: Նրանք գործում էին ամենագեղեցիկ նախշերով ու գույներով շալվարներ, շալեր այծերի ջուռ մազից, ինչպես Վանի նահանգի շատախցիները:
    Այդ դհերցիները մի աման ունեին, ինձ ստիպեցին, որ սրանից հետո միայն այդ ամանի մեջ միզեմ: Վերջը ես իմացա, որ մեզը գործ էր ածվում կապույտ գույնը ամրացնելու համար:
    Արքայական կարմիրը ստանում էին մի տեսակ միջատներից, որ գլխավորապես Սիրիայի կողմից էին բերվում: Այն ժամանակները մեր կողմերում եվրոպական ալիզարի գույները մուտք չէին գործել։ Երկրի արդյունաբերության գլխավոր արտադրությունն էր կտավ, շիլա, չիթ, շալ, շալվար, աբա, ջեջիմ, ջուլ և գորգեր։

    Հին դարերում մեր գորգերը նշանավոր են եղել։
    Արաբական պատմիչներից իմանում ենք, որ հաճախ Հայերը արաբներին տուրք էին վճարում գորգերով։ Որոնցից չորս նշանավոր նմուշներ կան Կոստանդնուպոլսի Եֆկաֆի (կրոնական) թանգարանում: Նրանց վրա կան հայերեն բառեր և խաչեր գործված: Բայց երկրի գլխավոր հասույթը ոչխարի և ձիերի արտահանությունն էր, որոնք տարվում էին մինչև Եգիպտոս և Պոլիս»…

    Լուսանկարում՝ Հայ գեղանկարիչներ Եղիշե Թադևոսյանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը և Փանոս Թերլեմեզյանը՝ 1916 թվականին:

  • «…ՊԵՏՔ ԷՐ ՆՐԱՆԻՑ ՎԵՐՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԱՎՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»…

    «…ՊԵՏՔ ԷՐ ՆՐԱՆԻՑ ՎԵՐՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԱՎՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»…

    «…ՊԵՏՔ ԷՐ ՆՐԱՆԻՑ ՎԵՐՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԱՎՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»…

    Վաղ միջնադարյան հայկական քանդակագործությանն առնչվող հարցերի պարզաբանմանն է նվիրված Հայ հնագետ, պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Առաքելյանի՝
    «Հայկական պատկերաքանդակները 4-7-րդ դարերում», (Երևան, 1949թ.) ուսումնասիրությունը: Հեղինակը պատմական քննությամբ ներկայացնում է մշակութային ընդհանուր պատկերը հիշյալ ժամանակահատվածում՝ հնագույն շրջանից փոխանցված շերտերը, Հայոց քանդակագործական արվեստի ակունքները…
    Անդրադառնալով կրոնական պատկերաքանդակների դերին ու նշանակությանը, նա գրում է.
    …«Կրոնական քանդակագործությունը կոչված էր ամրապնդելու քրիստոնեական հավատը ժողովրդի լայն շերտերի մեջ: Այդ քանդակագործությունը ակնառու քրիստոնեական քարոզ էր բանավոր և գրավոր խոսքի հետ մեկտեղ: Պատասխանելով իրենց հակառակորդներին՝ պատկերահարգներն ասում էին. «Մեր արուեստս լոյս է, զի ծերք և տղայք առհասարակ վերծանեն. իսկ զգիրս սուրբս սակաւք ընթեռնուն» (Կաղանկատուացի, էջ 303):
    Այստեղ աներկմիտ է ասված քանդակների նշանակության մասին, ով չի կարող սուրբ գիրքը կարդալ, թող ակնառու կերպով տեսնի նրա ամենակարևոր առասպելներն արտահայտող պատկերները, որոնք ավելի մեծ ներգործող ուժ ունեն, առավել արտահայտիչ են և անմիջական: Այդ էր պատճառը, որ քրիստոնեության առաջին դարերում ողջ քրիստոնեական աշխարհը ողողվեց հին կտակարանի և ավետարանի զանազան պատմվածքներն արտահայտող պատկերներով:
    Կրոնական պատկերները կոչված էին ամրապնդելու քրիստոնեության տակավին խախուտ դիրքերը:
    Հարկավ, Հայաստանում դեռ մեծ էր հեթանոսների թիվը»: (Քրիստոնյաները «հեթանոս» էին անվանում իր ազգայինին՝ «էթնոսին» հավատարիմ մնացողին, որը չէր ընդունում օտարի կողմից պարտադրված կրոնը՝ քրիստոնեությունը և ապրում էր իր Նախնիներին փառաբանելով, իր Նախահայրերի ուսմունքը շարունակելով: Կ. Ա.):

    «Պապ թագավորի ժամանակ (369-374թ.թ.) Ներսես կաթողիկոսի մահից հետո, նույնիսկ շատ քրիստոնյաներ հեթանոսության վերադարձան:
    Պատմիչը գրում է.
    «Յետ նորա (Ներսեսի) ելիցն յաշխարհէս բազում գաւառք Հայոց և բազում մարդիկ ի հնութիւն դիւապաշտութեան դարձան և ընդ բազում տեղիս Հայոց կուռս կանգնեցին ի համարձակութենէ թագաւորին Պապայ… բազում պատկերս կանգնեալ երկիր պագանէին»… (Փաւստոս, էջ 344-345):
    Իսկ քիչ հետո՝ 5-րդ դարում, թեև կուռքերը ոչնչացված էին, բայց «կռապաշտությունը» շարունակում էր մնալ և բավական տարածված էր: Ժողովուրդը գերադասում էր հետևել իր հնամենի հեթանոսական սովորույթներին (երգ, պար, թատերական խաղեր, բնապաշտական ծեսեր, գուսաններ և այլն), քան կրոնավորների քարոզներին:
    Ժամանակի Հովհան Մանդակունի (478-490) կաթողիկոսը կշտամբում էր ժողովրդին, որ նրանք թատերական խաղերին, պարերին, գուսանական երգերին ավելի են ունկնդիր լինում, քան եկեղեցուն, որ «թատերք սատանայականք ցնծան խայտալով և եկեղեցիք Քրիստոսի միշտ ողբան դառնապէս» (Յովհաննու Մանդակունւոյ Ճառք, «Վասն անօրէն թատերաց դիւականաց», էջ 131):
    Պետք էր հեթանոսներին քրիստոնեական դավանանքի բերել նաև հեթանոսությունի՜ց վերցրած միջոցներով:
    Եկեղեցական արարողությունները թատերականացվում են, եկեղեցին յուրացնում է մի շարք հեթանոսական տոներ, իսկ կռապաշտական քանդակների տեղ բռնում են քրիստոնեական քանդակները:
    Քանի դեռ հեթանոսությունը ժողովրդի մեջ բավականին զորեղ էր մնում, պետք էր նրանից վերցնել այն, ինչ գրավում էր ժողովրդին:

    Այսպիսով, քրիստոնեությունը հեթանոսությունից շատ բան է յուրացրել:
    Բաց թողնելով այդ հարցի քննությունը, որ մեր թեմայից դուրս է, անհրաժեշտ ենք համարում մեջբերել պատմիչների մի քանի վկայությունները քրիստոնեության և հեթանոսության հարաբերությունների վերաբերյալ, որով և մասամբ բացատրվում է մահարձանների և նրանց վրա հանդիպող զարդաքանդակների երևան գալը:
    Ամենից առաջ քրիստոնեական եկեղեցին յուրացրեց հեթանոսական տաճարների կալվածքները, դրանով իսկ ապահովեց իր՝ որպես ֆեոդալական կազմակերպության տնտեսական բազան:

    Քրմերն այնքան կալվածքներ էին ձեռք բերել և այնքան հարստություններ կուտակել, որ Փավստոսը նրանց անվանում է «տոհմք և ազգք աշխարհաւերք աշխարհակերք», իսկ Ագաթանգեղոսը վկայում է, թե Աշտիշատի մեհյաններն ավերելուց հետո նրանց կալվածքները, բազմաթիվ դաստակերտները «նոցին գետնովքն և սահմանօքն ի ծառայութիւն նուիրեցին եկեղեցւոյ սպասաւորութեան» (Ագաթանգեղոս, էջ 406: Նույնը վկայում է և Զենոբ Գլակը, էջ 35):
    Ինքը՝ Աշտիշատն էլ դարձավ եկեղեցական կենտրոն:
    Նույն հեղինակը վկայում է, թե «յեկեղեցի գրաւէին և զԹորդան» (էջ 408): Երեզի Անահիտի հռչակավոր տաճարի, Թիլի Նանեական մեհյանի և Բագահառիճի Բարշամինի մեհյանի մեծ գանձերը և կալվածքները նույնպես գրավվեցին հօգուտ եկեղեցու
    (նույն տեղում, էջ 410-412):
    Կալվածներ գրավելը դեռ բավական չէր, ժողովրդի աչքին մեծ հմայք ունեին հեթանոսական սրբավայրերը. պետք էր նրանք ևս յուրացնել:

    Փավստոսն ուղղակի վկայում է, թե «Որ յառաջ էին տեղիք պատկերաց կռոցն… եղեն տուն աղօթից և տեղի ուխտից ամենայն ումէք» (Փաւստոս, էջ 12):
    Հիրավի, հայկական հին եկեղեցիների հնագիտական ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ Դիրաքլարի (Կառնուտի, Կ.Ա.), Երերուքի, Տեկորի, Մրենի, Գառնիի, Զվարթնոցի և այլ շատ եկեղեցիներ կառուցված են հենց այն տեղերում, ուր առաջ եղել են հեթանոսական մեհյաններ:
    Երբեմն նույնիսկ քրիստոնեական եկեղեցին կառուցված է հեթանոսական տաճարի հիմքի վրա կամ եկեղեցի կառուցելու համար օգտագործել են կռատան տաշած քարերը: (Զենոբ Գլակ, էջ 33):
    Թորդանը, որտեղ մի ժամանակ կանգնած էր Անահիտի մեհյանը և բագինը, դարձավ Լուսավորչի տան տոհմական գերեզմանոց (Փաւստոս, էջ 10):
    Եղիշեն վկայում է, թե եկեղեցու մեջ օգտագործելու համար գրավեցին նույնիսկ զրադաշտական մեհյանների-ատրուշանների կահկարասին և նվիրեցին «ի սպաս տերունական սեղանին» (Եղիշէ, էջ 99):

    Քրիստոնեությունը յուրացրեց նաև հեթանոսական տոները:
    Նավասարդի, Ամանորի տոները կարգվեցին քրիստոնեական տոներ՝ ի հիշատակ Հովհաննեսի և Աթանագինեսի, իսկ նրանց վայրը մնաց Բագավանը:

    Նույնը կարելի է ասել Ջրօրհնեքի տոնի վերաբերյալ, թո՜ղ տասնյակ այն սովորություններն ու սնոտիապաշտական հասկացությունները, գուշակությունները, որոնք հեթանոսական շրջանում սկիզբ առնելով, որոշ չափերով պահպանվել են նույնիսկ մեր օրերը:

    «…Վերջապես քրիստոնեության մեջ մտան նույնիսկ պաշտամունքի նախկին պաշտոնյաները՝ քրմերը, նրանց որդիները: Պատմիչը վկայում է. «Զդաստակերտսն և զսպասաւորսն քրմօքն հանդերձ և նոցին գետնովքն և սահմանօքն ի ծառայութիւն նուիրեցին եկեղեցւոյ սպասաւորութեան» (Ագաթանգեղոս, էջ 406), կամ՝ «Ժողովել տայր սուրբն Գրիգոր զմանկունս քրմացն և զպաշտօնեայս կռօցն և աղաչէր զնոսա՝ դառնալ ի տէր աստուած» (Զենոբ Գլակ, էջ 35)»:
    …«Գրագիտությունը գերազանցապես քրմերի և նրանց որդիների սեփականությունն էր կազմում: Այդ էր պատճառը, որ երբ պետք էր պատանիներ հավաքել կրթության ուղարկելու համար, ապա առաջին հերթին քրմերի՜ որդիներին հավաքեցին: (Ագաթանգեղոս, էջ 438-441)»: (Հայկեան Միաբանութեան Քրմերի հաղորդմամբ՝ Հայկազունի Քրմերից ոչ ոք օտար կրոնի պաշտոնյա չի դարձել՝ մնալով հավատարիմ ազգային ուսմունքին: Կ.Ա.):

    «Քրիստոնեությունը շատ բան վերցրեց հեթանոսությունից և իրեն հարմարեցրեց: Ի թիվս դրանց վերցրեց նաև պատկերների, քանդակների միջոցով մարդկանց մտքերի և զգացմունքների վրա ներգործելու չափազանց կարևոր արվեստը:

    Քրիստոնեական կրոնական մոլեռանդությունը առավելապես հաստատվեց հենց այդ պատկերների միջոցով, բայց այդ անհնարին կլիներ առանց այն մոլեռանդության, որը տածվում էր դեպի նոր կրոնը և կրոնական տեսարանները»…

    «…Հավատացյալ մարդուն հարկավոր էր տեսնել իր հավատալիքն արտահայտող պատկերները, և նրա ներքին վախը, ակնածանքն ու հավատը դեպի այդ պատկերները, որ մոլեռանդության էին հասնում, այնքան մեծ էին, որ այդ պատկերների արվեստին, կարելի է ասել, նշանակություն չէր վերագրվում:
    Կարևորը պատկերն էր և ո՜չ նրա արվեստը:
    Մասամբ և դրանով պետք է բացատրել հին քրիստոնեական քանդակների պրիմիտվիզմը, անարվեստ լինելը, անգամ հնում՝ հելլենիստական բարձր մշակույթ ունեցող երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում, ուր քանդակագործական փորձի պակաս չկար, և հաճախ հեթանոսական շրջանից եկող քանդակները՝ բարի հովվի քանդակը, սարկոֆագների վրա հանդիպող քանդակները աշխարհիկ թեմայով և այլն, կատարվում էին բարձր արվեստով, մինչդեռ քրիստոնեական սյուժեները արվեստով շատ հետամնաց էին:

    Հայաստանում ևս կարևորությունը տրվում էր սյուժեին, որը բավական է լիներ այնպիսին, որպեսզի «ծերք և տղայք առհասարակ վերծանէին»…

    Հայկական բարձրավանդակի տարբեր շրջաններից գտնված քանդակազարդ հնագույն քարակոթողներին 10-րդ դարից սկսած փոխարինեցին խաչքարերը, որոնք, ինչպես նախկինում եղած կոթողները, զանազան նպատակներով էին կանգնեցվում և որոնցում, ինչպես այլուր, շարունակվեցին կիրառվել հնագույն խորհրդանիշները՝ քրիստոնեականի հետ համադրվելով…

  • «ՔԱՋ Է ՆԱ, ՈՎ ՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ»…

    «ՔԱՋ Է ՆԱ, ՈՎ ՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ»…

    «ՔԱՋ Է ՆԱ, ՈՎ ՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ»…

    Հայքը’ սովորաբար բնական սահմաններով’ լեռների և գետերի ավազաններով միմյանցից զատված իր գավառներով, ողջ Հայկական Բարձրավանդակն իր աշխարհագրական դիրքով, պատմական ընթացքով ձևավորել են Հայ ազգի դիմագիծը։ Ազգային աշխարհայացքի հիմքով հյուսված Հայոց մշակույթի վրա հաճախ ազդել են քաղաքական իրադարձությունները, օտարամուտ բարքերը…
    «Հայ ժողովրդի հոգևոր կյանքը մեծ բեկումներ է ունեցել և այնպիսի անակնկալների է ենթարկվել, որ երբեմն ուղղակի ընդհատվել է՝ ամբողջովին կորցնելով կապը նախկինի հետ։
    Քաղաքական տագնապալից հեղաշրջումները այնպես էին փշրում պատմական հաջորդականության շղթան, որ երբեմն հաջորդ սերունդը ոչ հեռավոր անցյալի նկատմամբ այնքան անտեղյակ և այնպիսի անօգնական վիճակի մեջ էր ընկնում, ինչպես մենք՝ այսօր։ Երկրի մասնատված վիճակը և կյանքի բնականոն ընթացքի հաճախակի ընդհատումները խանգարում էին միասնական ավանդույթների մշակմանն ու պահպանմանը։
    Հենց որ հանդարտվում էին քաղաքական փոթորիկները, ետևում էին մնում ձախորդությունների սուր շրջանները, և կյանքը սովորական հունի մեջ էր մտնում, արթնանում էր հետաքրքրությունն անցյալի նկատմամբ, սկսվում էր տագնապալից ժամանակներից փրկված հուշարձանների ուսումնասիրությունը՝ հին ժամանակների հետ եղած կապը հասկանալու, ներկան անցյալի հետ որևէ կերպ շաղկապելու նպատակով»։ (Նիկողայոս Ադոնց):

    6-րդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու «Պատերազմների մասին» գրքի էջերում հեռավոր դարերում մղված արյունահեղ մարտերի պատկերներն են, երկաթե զրահներով, սաղավարտներով զինված բազմահազար զինվորների տեղատարափ նիզակների և զենքերի շառաչյունը, հակառակորդի պարիսպները գրոհող զորքերի, «խոյերի» վրա շպրտվող «ծծմբով ու կուպրով լի» կավե բոցավառ անոթներով կրակի ճարակ դարձած տեսարանները…

    Նա հիշեցնում է նաև հնուց եկող ճշմարտությունները՝
    «Քաջ է նա, ով տանում է ամենամեծ փորձությունները՝ հաջողության ակնկալությամբ»։
    «Խիզախության անվան տակ մահվան ձգտելը գիտակից մարդիկ անխոհեմություն են համարում»
    Ականատեսի իր պատմությունների շարադրանքից բացի՝ Պրոկոպիոսն օգտվել է նաև հունալեզու, լատինալեզու և այլ ժողովուրդների լեզուներով գրված աղբյուրներից և իր օգտագործած աշխատությունների շարքում քանիցս նշում է «Հայոց պատմությունը»:

    Նա հիշատակում է նաև Փավստոս Բուզանդի (Դ, 54) մոտ հանդիպող հայտնի դրվագը, ուր պատմվում է Պարսից թագավոր Շապուհի և Հայոց Արշակ Բ արքայի մասին, Պարսից տիրակալին «Պակուր» անվամբ նշելով։
    «Պարսիկների և Հայերի միջև պարսից Պակուր արքայի և Հայոց Արշակ Արշակունու ժամանակ երեսուներկու տարի չհայտարարված պատերազմ էր գնում։ Այս պատերազմի երկարատևության պատճառով երկու կողմերն էլ անչափ վնաս կրեցին, մասնավորապես Հայերը։ Երկուսի միջև անվստահությունն այնքան խորացավ, որ ոչ ոք չէր կարողանում բանակցությունների մեջ մտնել մյուս կողմի հետ։ Այդ միջոցին պատերազմ ծագեց պարսիկների և Հայերից ոչ հեռու բնակվող այլ բարբարոսների միջև։ Հայերը, ցանկանալով պարսիկներին ցույց տալ դեպի նրանց ունեցած իրենց բարյացակամությունը և հաշտություն կնքելու պատրաստակամությունը, անսպասելիորեն հարձակվեցին այդ բարբարոսների երկրի վրա (նախօրոք տեղյակ պահելով պարսիկներին) և թշնամիների գրեթե բոլոր տղամարդկանց կոտորեցին։

    Պակուրը կատարվածից անչափ գոհ մնալով, Արշակի մոտ ուղարկեց մեծամեծներից ոմանց, հավատարմության նշանակներ տվեց և հրավիրեց իր մոտ: Երբ վերջինս հասավ (Պակուրի) մոտ, արքան նրան հյուրընկալեց և եղբոր նման հավասար համարեց։ Այնտեղ երկուսն էլ մեծ երդում տվեցին, որ պարսիկները և Հայերը միմյանց բարեկամ են և դաշնակից, որից հետո Պակուրը թողեց, որ Արշակը գնա իր հայրենիքը։
    Քիչ ժամանակ անց, ոմանք զրպարտեցին Արշակին, իբր նա ուզում է ապստամբություն բարձրացնել: Այդ բանին Պակուրը հավատաց և անմիջապես Արշակին իր մոտ կանչեց, ասելով, որ լավ կլիներ բոլոր հարցերի շուրջը նրա հետ խորհրդակցեր:
    (Արշակն) իսկույն գնաց նրա մոտ՝ իր հետ տանելով ամենառազմունակ Հայերից ոմանց, ինչպես նաև Վասիկիոսին (թարգմանչի ծանոթագրությամբ’ խոսքը Վասակ Մամիկոնյանի մասին է, Կ. Ա. ), որը նրա զորավարն էր և խորհրդականը՝ շատ քաջ և խելացի։ Պակուրը և՛ Արշակին և՛ Վասիկիոսին սկսեց բացեիբաց պախարակել և ամբաստանել, որ նրանք դրժել են երդումը և ուզում են շուտով ապստամբություն բարձրացնել. մի բան, որ նրանք մերժեցին՝ անվերջ երդվելով, որ իրենք երբեք նման մտադրություն չեն ունեցել։

    Պակուրն սկզբում նրանց կալանավորեց, ապա հարցրեց մոգերին՝ ինչպե՞ս վարվել նրանց հետ։ Մոգերը արդար չէին համարում դատապարտել, քանի որ նրանք չէին ընդունում մեղադրանքը և բացեիբաց չէին խոստովանում և խորհուրդ տվեցին այնպես անել, որ Արշակը ստիպվի ինքն իրեն մեղադրել։

    Մոգերը առաջարկեցին արքայական վրանի հատակը ծածկել գոմաղբով՝ կեսը պարսից երկրի, իսկ մյուս կեսը՝ Հայոց։ Արքան այդպես էլ արեց։
    Այն ժամանակ մոգերը վրանի շուրջը մոգություններ կատարելուց հետո առաջարկեցին արքային, որ նա Արշակի հետ պտույտ կատարի և մեղադրի Արշակին դաշինքը խախտելու և երդմնազանցության մեջ։
    Մոգերը ևս պետք է ներկա լինեին այդ խոսակցությանը՝ որպես զրույցի վկաներ։

    Պակուրը հրավիրեց Արշակին, նրա հետ շրջեց վրանում, ուր ներկա էին մոգերը, և հարցրեց՝ թե ինչո՞ւ է նա, դրժելով երդումը, պատճառ դառնում պարսիկների և Հայերի մեծ դժբախտության։
    Քանի դեռ խոսակցությունը տեղի էր ունենում այն մասում, ուր պարսկական հողն էր փռված, Արշակը չէր ընդունում մեղադրանքը, ամենասարսափելի երդումներով հաստատում էր և վստահեցնում, որ ինքը Պակուրին հավատարիմ է։ Բայց երբ խոսակցության ընթացքում հասնում էին վրանի կենտրոնը, ապա անցնում Հայոց երկրի գոմաղբով ծածկված վայրը, ահա այստեղ Արշակը անսպասելի կերպով, չգիտեմ ինչից դրդված, ոչ միայն փոխում էր խոսակցության շեշտը դեպի ավելի հանդուգնը՝ սպառնալով Պակուրին և պարսիկներին, այլև հայտարարում էր, որ վրեժ կլուծի նման անպատվության համար, երբ ինքը շուտով իր անձի տերը դառնա։ Համարձակությամբ այդ ասելով նա ճեմում էր. մինչև որ շրջելով հասավ պարսից երկրի գոմաղբը։
    Այստեղ նա նորից նույն երգն էր երգում, որ ինքը Պակուրի ծառան է և այլ ողորմագին խոսքեր ասում։
    Երբ նորից հասավ Հայոց հողի վրա, նա անցավ սպառնալիքներին:
    Եվ այսպես բազմիցս մի հողի վրայից մյուսն անցնելով, ոչ մի գաղտնի բան չթողեց։
    Ահա դրանից հետո մոգերը մեղադրեցին նրան դաշինքը խախտելու և երդմնազանցության մեջ:
    Պակուրը Վասիկիոսին մորթազերծ արեց, մորթին լցրեց ծղոտով և կախեց շատ բարձր ծառից։ Իսկ Արշակին (քանի որ չէր կարող սպանել արքայական արյուն ունեցող մարդուն), բանտարկեց Անհուշ բերդում»։
    (Թարգմանության ծանոթագրության հիշեցմամբ’ Վասակի մահապատժի մասին վկայություն ունի Փավստոս Բուզանդը. «Ապա ետ հրաման թագաւորն Պարսից մորթել զզօրավարն Հայոց Վասակ, և զմորթն հանել և լնուլ խոտով, և տանել ընդ նոյն բերդ յԱնդմըշն՝ որ Անյուշն կոչեն, ուր արգիլին իսկ թագաւորն Արշակ»։ Այսպիսի մահապատիժը տարածված էր Պարսկաստանում և գալիս է դեռ Աքեմենյան ժամանակներից, և այն կոչվում էր «պարսկական» մահապատիժ։ Հայկական աղբյուրները ևս այս անվանում են «պարսկական մահապատիժ». «ըստ պարսկի օրինակին հրամայէր (Ներսես արքան) զմորթն ի բաց հանել (Վարազի), և խոտով լնուլ», Փավստոս Բուզանդ, Գ, 21, հմմտ. Խորենացի, Գ, 50)։

    «Որոշ ժամանակ անց, Արշակին պարսից երկիրը ուղեկցող ամենամերձավոր
    մարդկանցից մի Հայ մասնակցեց պարսիկների արշավանքին՝ բարբարոս մի ժողովրդի դեմ։ Պակուրը, տեսնելով այդ մարդու՝ պատերազմում ցուցաբերած քաջագործությունները և այն, որ նա պարսիկների հաղթության պատճառ դարձավ, պահանջեց նրանից ուզածը խնդրել, խոստանալով բավարարել նրա ամեն մի ցանկությունը։
    Սա միայն մի բան խնդրեց, որ իրեն թույլատրվի մեկ օր ծառայել Արշակին։ Դա (արքային) շատ դժվար դրության մեջ գցեց, որովհետև նա ստիպված էր խախտել վաղեմի օրենքը, սակայն ցույց տալու համար, որ իր խոսքի տերն է, թույլ տվեց, որ խնդիրքը կատարվի:
    Արքայի թույլտվությամբ նա մտավ Անհուշ բերդը, համբուրեց Արշակին, և երկուսը գրկախառնված ողբացին իրենց ճակատագիրը և հազիվհազ իրարից բաժանվեցին: Ողբից հետո, Հայը լողացրեց Արշակին և արեց ինչ որ ընդունված էր. հագցրեց նրան արքայական հանդերձանքը ու բազմեցրեց բազմոցի վրա:
    Այնտեղ Արշակը արքայավայել, ըստ նախկին սովորության, հյուրասիրեց ներկա եղողներին։
    Ճաշկերույթի ժամանակ բազմաթիվ կենացներ խմվեցին և այլ խոսքեր ասվեցին, որոնք շատ դուր եկան Արշակին։ Գինարբուքը երկարեց մինչև գիշեր և խոսակցությամբ շատ ուրախացան և անչափ բավարարություն ստացած հազիվ բաժանվեցին իրարից։
    Պատմում են, որ այն ժամանակ Արշակն ասել է, թե լավագույն օրն է անցկացրել, հանդիպել է իր ամենասիրած մարդուն, և որ այլևս ի վիճակի չէ տանել կյանքի տառապանքները։ Այդ ասելուց հետո ինքնասպանություն է գործել այն դանակով, որ ճաշկերույթի ժամանակ դիտմամբ թաքցրել էր, և ահա այդ ձևով վախճանվել»…(«Պատերազմների մասին», Գիրք առաջին, գլուխ 5):

    Նվաճողական քաղաքականություն վարող Բյուզանդական կայսրության և Պարսկաստանի միջև դարեր շարունակ Հայ ժողովուրդն իր հերոսական պայքարն էր մղում՝ հանուն ինքնիշխանության, ազգային դեմքի ու մշակույթի պահպանման:
    Օտարազգիների հարձակումները, բռնությունները դիմակայելու դարավոր ճիգերը հաղթահարվեցին՝ ճակատագրական կորուստներով, սակայն միշտ՝ Հայքի երբեմնի փառքը վերականգնելու, խորտակված ազգային ավանդույթները վերածնելու իղձով ու բաղձանքով…

  • «ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»…(ՊՐՈԿՈՊԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ)

    «ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»…(ՊՐՈԿՈՊԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ)

    «ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»…
    (ՊՐՈԿՈՊԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ)

    4-րդ դարում Հայոց աշխարհը համառ պայքար էր մղում հանուն անկախության պահպանման: Սակայն քրիստոնեության տարածմանը հաջորդող տասնամյակներին՝ 387 թվականին Հայքը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայքի արևմտյան փոքր հատվածը (1/5-րդը)՝ Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքի մի մասն անցան արևելյան հռոմեական կայսրությանը՝ Բյուզանդիային, իսկ մեծ մասը սասանյան պետության մի մարզը դարձավ և կառավարվում էր մարզպաններով:
    Մարզպանական շրջանում Հայքն իր ներքին ինքնուրույնությունը պահպանեց, նախարարական կարգը նույնիսկ ամրապնդվեց, և Հայքի անկախությանն ու վերամիավորմանն էին ձգտում Հայոց նախարարները, որոնք փոքրիկ իշխանություններ էին, և իրենց ձեռքում էր ողջ այրուձին:
    Եղիշեի հաղորդմամբ՝ Արշակունյաց թագավորության անկումից հետո «ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն. զի թէպէտ և գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմիս» (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Տփղիս, 1904 թ., էջ 12):

    Մյուս կողմից՝ հռոմեական կայսրության երբեմնի փառքի վերականգնման նպատակով Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսը (482թ.-565թ.) հետագայում ձեռնարկեց օրենսդրական և վարչական փոփոխություններ՝ իր երկրի ռազմական հզորության ապահովման համար։ Նրա ժամանակակից՝ Զ (6-րդ) դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին Հուստնիանոսին ներկայացնում է որպես «խորամանկ, նենգ, կեղծավոր, ծածկաﬕտ, երկերեսանի ﬕ անձնավորություն», որն իր «անմիտ փառասիրության», «անսահման արծաթասիրության պատճառով կեղեքում էր ողջ երկիրը»:

    «… Ահա նա այդպես տնօրինեց Մեծ Հայք կոչված (երկրի) գործերը։ Ինչ վերաբերում է մյուս Հայքին, որը գտնվում է Եփրատ գետից այն կողմ և տարածվում է մինչև Ամիդ քաղաքը, այնտեղ իշխում էին հինգ Հայ սատրապներ, որոնց իշխանությունը ժառանգական էր և ցմահ։ Նրանք հռոմեացիների կայսրից ստանում էին միայն նշանակներ (տարբերանշաններ, Կ. Ա.):
    Այդ նշանակների մասին արժե խոսել, քանի որ դրանք ոչ ոք չի տեսնելու այլևս։
    Դա բրդյա քղամիդ էր, սակայն ոչ թե ոչխարի բրդից, այլ ծովից հավաքված։ Այդ բուրդը բուսնում է պիննոս կոչված ծովային կենդանիների վրա։ Ծիրանիի այն մասը, որի վրա սովորաբար գցվում էր բեհեզը՝ ոսկուց էր։ Քղամիդի վրա ամրացված էր լինում ոսկե ճարմանդ՝ մեջտեղում պատվական քար։ Այդ ճարմանդից ոսկե լայն շղթաներով կախված էին երեք հակինթ։ (Քղամիդից բացի) կար նաև մետաքսյա պատմուճան, ամենուրեք պաճուճված ոսկեհուռ զարդերով, որոնց «պլումիա» (փետուր, Կ. Ա.) են անվանում, և մինչև ծունկը հասնող կարմիր կոշիկներ (սռնապաններ, Կ.Ա.), որոնք սովորաբար հագնում են միայն հռոմայեցիների և պարսից թագավորները։
    (Մեծ Ծոփաց Թեոդորոս սատրապն այս զգեստով ներկայացավ Նփրկերտ քաղաքը Պարսից Կավատ արքային)։
    Հռոմեական զորքը երբևիցե օգնություն չի ցուցաբերել ո՛չ Հայոց թագավորին, ո՛չ էլ սատրապներին։ Պատերազմական գործերում նրանք ինքնուրույն էին»։ («Կառուցումների մասին», Գիրք Գ, գլուխ 2, էջ 190-191):

    «Հայկական զինված ուժերը, որոնք այնքան անհրաժեշտ էին հայրենիքի պաշտպանության համար, պաշտպանում էին կայսրության շահերը Աֆրիկայում, Իտալիայում, Թրակիայում, Լազիկայում և այլուր։
    Պրոկոպիոսը հանվանէ հիշատակում է 17-ից ոչ պակաս Հայ զորահրամանատարներ բյուզանդական բանակում՝ Հուստինիանոսի ժամանակաշրջանում, անխտիր ընդգծելով յուրաքանչյուրի ռազմական մեծ ընդունակությունները և քաջությունը։ Նշանավոր Արտավան և Արշակ Արշակունիներ, Ամենակարող Նարսես զորավար, Սիտտաս, Հրահատ, Սահակ և Նարսես Կամսարականներ, Ակակիոս, Ադոլիոս, Արտավազդ, Հովհաննես Գուզես, Համազասպ, Գիլակիոս-Գլակ, Անզալաս-Ընջուղ, Ֆազաս և շատ ու շատ ուրիշներ… Ահա այն փայլուն զորավարների անունները, որոնք բոլորն էլ ընկան ռազմի դաշտում՝ պաշտպանելով, իհարկե, ոչ թե Հայ ժողովրդի շահերը, հաճախ նույնիսկ գործելով ընդդեմ Հայ ժողովրդի։
    Հուստինիանոսը հարկերի հսկայական բեռ դրեց իրեն ենթակա Հայաստանի վրա։ Այդ բոլորը չէր կարող չլցնել Հայերի համբերության բաժակը, չէր կարող չգրգռել Հայերի ատելությունը ընդդեմ կայսեր և չնայած Բյուզանդիայի բոլոր ժողովուրդներն էին հեծում Հուստինիանոսի լծի տակ, բայց միայն Հայերն էին, որոնք փորձեցին վերջ տալ այդ բանին, ճիշտ է՝ անհաջող, մահափորձ կատարելով Հուստինիանոսի դեմ։
    Ահա այսպիսի ժամանակաշրջանում էր ապրում Պրոկոպիոս Կեսարացին և այդ շրջանի պատմությունն է շարադրել իր բազմաթիվ գործերում։
    Առանց նրա աշխատությունների մենք լրիվ պատկերացում չէինք ունենա Հայաստանի, հատկապես V դարի վերջի և VI դարի առաջին կեսի Բյուզանդական Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի, այնտեղ կատարված քաղաքաշինության, բերդաշինության և այլ հարցերի մասին։
    Պրոկոպիոս Կեսարացու երկերը և Հուստինիանոս կայսեր՝ Հայաստանին վերաբերող մի քանի օրենսդրական փաստաթղթերն են մեր հիմնական աղբյուրները դեպքերով լի այդ կարևոր ժամանակաշրջանի ուսումնասիրության համար» (Հ. Բարթիկյան):

    Պրոկոպիոսի՝ «Պատերազմների մասին» գրքի էջերում կարդում ենք.
    «… Զորքերը մարտի էին դասավորվել հետևյալ կերպ. երկու կողմն էլ շարվել էին դեմ առ դեմ, հնարավորին չափ խոր ու լայն ճակատ կազմած: Հռոմեական զորքի ձախ թևը՝ բլրի մոտ գլխավորում էին Նարսեսն ու Հովհաննեսը՝ ունենալով հռոմեական զորքի լավագույն մարտիկներին… Աջ թևում էին գտնվում Վալերիանոսը, Հովհաննես Ֆագասը և Դագիսթայոսը՝ մնացած բոլոր հռոմեական զորքով։
    …Ճակատի կենտրոնում Նարսեսը տեղադրեց լանգոբարդներին, էրուլներին և մնացած բոլոր բարբարոսներին։ Նա նրանց հրամայեց ձիերից իջնել, կազմել հետևակ, որպեսզի եթե հանկարծ մարտի ընթացքում վախկոտություն ցուցաբերեն կամ էլ դավաճանություն, չկարողանան անմիջապես փախուստի դիմել։
    … Որոշ ժամանակ ոչ ոք չէր սկսում մարտը, այլ հանգիստ մնում էին՝ սպասելով հակառակորդի հարձակմանը։
    Այնուհետև գոթերի զորքից Կոկկաս անունով մեկը, որը քաջ մարդու մեծ հռչակ ուներ, ասպատակեց իր ձին, եկավ կանգնեց հռոմեական զորքի դիմաց և հրավիրեց ցանկացողին իր հետ մենամարտի դուրս գալ։ Այդ Կոկկասն անցյալում հռոմեական զինվոր էր և դասալիք էր եղել Տուտիլասի մոտ։
    Իսկույն նրա դեմ դուրս եկավ Նարսեսի դորիֆորներից մեկը, ծագումով Հայ, անունը Անզալաս, նա ևս ձի էր հեծած։
    Կոկկասը նախահարձակ եղավ թշնամուն նիզակահար անելու մտադրությամբ՝ նշան բռնելով նրա փորին։ Բայց Անզալասը հանկարծակի մի կողմ քաշեց իր ձին և (հակառակորդի) թափը օգուտ չունեցավ։ Այդ ձևով (Անզալասը) հայտնվեց թշնամու կողքին և իր նիզակը խրեց նրա ձախ կողքին։
    Նա անշնչացած, ձիուց գետին գլորվեց։ Հռոմայեցիների զորքի մեջ մեծ աղաղակ բարձրացավ…» (Պրոկոպիոս, «Պատերազմների մասին», գիրք 8, գլուխ 31)։

    «…Հետախույզների մասին կասեմ հետևյալը։
    Պետությունը դեռ վաղուց բազմաթիվ մարդկանց էր պահում, որոնք գնալով
    թշնամիների մոտ, լինելով պարսից արքունիքում, կամ առևտրի, կամ էլ այլ պատրվակով, ճշգրիտ կերպով ամեն ինչ հետախուզում էին, վերադառնում հռոմայեցիների երկիրը և թշնամիների բոլոր գաղտնիքները հաղորդում իշխանություններին։ Վերջիններս նախօրոք տեղյակ լինելով, ապահով էին և ոչ մի անակնկալի չէին հանդիպում։
    Այս սովորությունը դեռ վաղուց գոյություն ուներ նաև մարերի մոտ: Խոսրովը, ինչպես պատմում են, ավելի բարձր ռոճիկ տալով հետախույզներին, մեծ օգուտներ քաղեց նրանցից:
    Նա իմանում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում հռոմայեցիների մոտ։ Իսկ Հուստինիանոսը նրանց վրա ոչ մի դրամ չծախսելով, հոոմայեցիների երկրից վերացրեց հետախույզների անունն անգամ, որի պատճառով շատ սխալներ թույլ տրվեցին, և Լազիկան գրավվեց թշնամիների կողմից, որովհետև հռոմայեցիներն ամենևին չգիտեին, թե պարսից արքան իր զորքով երկրի որ մասում է գտնվում… (Պրոկոպիոս Կեսարացի, «Գաղտնի պատմություն», գլուխ 30):

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ…

    ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ…

    ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ…

    Դարերի ընթացքում թշնամական զանազան գրոհները դեպի Հայք արմատական փոփոխությունների պատճառ դարձան՝ բեկելով Հայոց հզոր Աշխարհի քաղաքական իրադրությունը, սասանելով Հայքի գերակշիռ դերը և Հայ նախարարական տների զորությունը:
    387 թվականին կնքված հռոմեա-պարսկական պայմանագրի արդյունքում Մեծ Հայքի թագավորության սահմանները փոփոխվեցին:

    «Պրոկոպիոս Կեսարացին բյուզանդական խոշորագույն պատմագիրն է. ծնվել է 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում’ Պաղեստինի Կեսարիա քաղաքում»։
    … «Կեսարացին ապրել է Հուստինիանոս կայսեր ժամանակաշրջանում, որը Բյուզանդիայի պատմության ամենափայլուն, բայց միաժամանակ ամենամռայլ էջերից մեկն է։ Հուստինիանոսը 527 թվականին տիրանալով բյուզանդական գահին, նպատակ է դնում վերականգնել հռոմեական կայսրության վաղեմի սահմանները, նրա անցյալի փառքը: Այդ է պատճառը, որ նրա երկարամյա թագավորության ընթացքում չէին դադարում պատերազմները պարսիկների դեմ Արևելքում, գոթերի դեմ Արևմուտքում, վանդալների դեմ Լիբիայում», — գրում է Հրաչ Բարթիկյանը, որը թարգմանել և հրապարակել է Պրոկոպիոսի գրվածքները Հայաստանի և Հայերի վերաբերյալ («Օտար աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին, հ. 5, Երևան, 1967 թ.):
    Հիշյալ աշխատությունից որոշ հատվածներ՝ ստորև…

    «… Հսկայական չափերի հասավ կաշառակերությունը։ Կաշառքով կարելի էր տիրանալ քաղաքական և ռազմական ամենաբարձր պաշտոններին, կարելի էր գնել նաև հոգևոր ամենաբարձր պաշտոնները»…
    «…Կաշառակերությունը մուտք էր գործել նույնիսկ արդարադատության մեջ, մի հիմնարկություն, որը կոչված էր պաշտպանել օրենքները։ Կաշառքով կարելի էր մուտք գործել նույնիսկ արքունական գվարդիայի մեջ։
    Պրոկոպիոս Կեսարացին իր «Գաղտնի պատմության» մեջ մեծ դառնությամբ է գրում, որ արքունական գվարդիան, որն անցյալում կազմվում էր ելնելով հավաքագրվողների բացառապես ռազմական և ֆիզիկական կարողություններից ու ընդունակություններից, գվարդիա, ուր մուտք էին գործում միայն Հայերը, Հուստինիանոսի ժամանակ մատչելի դարձավ ամեն մի վճարողի համար, գվարդիայի անդամ կարող էր դառնալ նույնիսկ ստրուկը, եթե դրամ ուներ։ Բյուզանդական պետության վերոհիշյալ ախտերը տարածված էին նաև Բյուզանդական Հայաստանում։
    Մենք ունենք փաստաթուղթ, որը վկայում է կաշառակերության լայն տարածման մասին նաև Առաջին Հայքում, Երկրորդ Հայքում և Մեծ Հայքում։ Աշխատավոր ժողովրդի ընդվզումը Հուստինիանոսի ռեժիմի դեմ հանդես էր գալիս զանազան աղանդների քողի տակ, աղանդներ, որոնք տվյալ ժամանակաշրջանում տարածվել էին ամբողջ կայսրության մեջ»։

    «… Հուստինիանոսի թագավորությունը մի աղետ էր Հայ ժողովրդի գլխին։ Նա վերջնական հարված հասցրեց Հայկական ինքնուրույն պետականության պահպանված նշույլներին, այն է հարավային Հայաստանի նախարարություններ-սատրապություններին, փորձեց սասանել Հայոց ժառանգական դարավոր իրավունքը»:

    «Հռոմեական այս բանակում ծագումով պարսկահայ մի զորավար կար, Արտավան անունով, նա շատ վաղուց դասալիք էր եղել և կամավոր անցել հռոմայեցիներին ենթակա Հայաստան, բայց ոչ սովորական ձևով, այլ կոտորելով հարյուր քսան ռազմունակ պարսիկների։ Այդ արարքը մի տեսակ երաշխիք էր իր հավատարմության՝ դեպի հռոմայեցիները: Նա այն ժամանակ եկել էր Հայաստանի զորավար Վալերիանոսի մոտ և խնդրել հռոմեական զորքից հիսուն (զինվոր)։ Նրա խնդիրքը բավարարվեց, և նա շարժվեց դեպի Պերսարմենիայում (Պարսկահայքում, Կ. Ա.) գտնվող ինչ-որ ամրոց:
    Նրան իր զինվորներով ընդունեց ամրոցի մեջ հարյուր քսան հոգուց բաղկացած պարսկական կայազորը, որովհետև դեռ հայտնի չէր, որ նա հավատարիմ չէ (պարսկական) պետությանը և որ ուզում է ապստամբություն բարձրացնել։ (Արտավանը) սպանում է այդ հարյուր քսան հոգուն և հափշտակելով ամրոցում եղած հսկայական հարստությունը, գալիս է Վալերիանոսի և հռոմեական զորքի մոտ:
    Նա այդ արարքով ապացուցեց, որ ինքը վստահելի է հռոմայեցիներին և այսուհետև մասնակցեց նրանց արշավանքներին: Նշված մարտի ժամանակ այս Արտավանը հռոմայեցի երկու զինվորներով գնաց թշնամի բանակների մեջտեղը։ Այնտեղ եկան նաև թշնամիներից մի քանիսը, որոնց վրա հարձակվեց Արտավանը և նիզակի հարվածով տեղն ու տեղը սպանեց հոգով ու մարմնով անչափ քաջ ու հզոր պարսիկներից մեկին՝ ձիուց ցած գլորելով խողխողեց։ Սպանվողի մոտ գտնվող բարբարոսներից մեկը թրով հարվածեց Արտավանի գլխին, բայց հասցրած վերքը մահացու չէր։ Արտավանի զինվորներից մեկին՝ ծագումով գոթ, այն ժամանակ, երբ (պարսիկը) ձեռքը Արտավանի գլխի վրա էր բարձրացրել, հաջողվում է հարվածել նրա ձախ կողին և սպանել։ Ահա մնացած հազար հոգին, կատարվածից սարսափահար, նահանջեց և սպասում էր Խորիանեսին, որը պարսից ու ալանների մյուս զորքով (մոտենում էր) և շուտով միացավ նրանց»…

    Հայազգի Ներսեսը՝ բյուզանդական զորավար

    Պրոկոպիոսից մի հատված ևս («Պատերազմների մասին», գիրք 8, գլուխ 31):
    «… Զորքերը մարտի էին դասավորվել հետևյալ կերպ. երկու կողմն էլ շարվել էին դեմ առ դեմ, հնարավորին չափ խոր ու լայն ճակատ կազմած: Հռոմեական զորքի ձախ թևը’ բլրի մոտ գլխավորում էին Նարսես ու Հովհաննեսը, ունենալով հռոմեական զորքի լավագույն մարտիկներին… Աջ թևում էին գտնվում Վալերիանոսը, Հովհաննես Ֆագասը և Դագիսթայոսը’ մնացած բոլոր հռոմեական զորքով… Ճակատի կենտրոնում Նարսեսը տեղադրեց լանգոբարդներին, էրուլներին և մնացած բոլոր բարբարոսներին։ Նա նրանց հրամայեց ձիերից իջնել, կազմել հետևակ, որպեսզի, եթե հանկարծ մարտի ընթացքում վախկոտություն ցուցաբերեն, կամ էլ դավաճանություն, չկարողանան անմիջապես փախուստի դիմել։
    … Որոշ ժամանակ ոչ ոք չէր սկսում մարտը, այլ հանգիստ մնում էին՝ սպասելով հակառակորդի հարձակմանը։
    Այնուհետև գոթերի զորքից Կոկկաս անունով մեկը, որը քաջ մարդու մեծ հռչակ ուներ, ասպատակեց իր ձին, եկավ կանգնեց հռոմեական զորքի դիմաց և հրավիրեց ցանկացողին իր հետ մենամարտի դուրս գալ։ Այդ Կոկկասն անցյալում հռոմեական զինվոր էր և դասալիք էր եղել Տուտիլասի մոտ։
    Իսկույն նրա դեմ դուրս եկավ Նարսեսի դորիֆորներից մեկը, ծագումով Հայ, անունը Անզալաս, նա ևս ձի էր հեծած։
    Կոկկասը նախահարձակ եղավ թշնամուն նիզակահար անելու մտադրությամբ, նշան բռնելով նրա փորին։ Բայց Անզալասը հանկարծակի մի կողմ քաշեց իր ձին և (հակառակորդի) թափը օգուտ չունեցավ։ Այդ ձևով (Անզալասը) հայտնվեց թշնամու կողքին և իր նիզակը խրեց նրա ձախ կողքին։
    Նա անշնչացած, ձիուց գետին գլորվեց։ Հռոմայեցիների զորքի մեջ մեծ աղաղակ բարձրացավ…»:

    Շարունակությունը՝ հաջորդիվ:

  • «ԴԱՎՈՆ»

    «ԴԱՎՈՆ»

    «ԴԱՎՈՆ»

    Հայրենի Հողի պես ամուր, Ջրի պես վճիտ են Մուշեղ Գալշոյանի կերտած կերպարները՝ Էրգրի հարազատ զավակներն իրենց աննկուն պայքարով, ճակատագրով, Հայրենիքի անհուն կարոտով, սրտերում կորստի մորմոքով…

    «Կարոտ զորե՛ղ-զորե՛ղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա՜:
    Կարոտի հետ տխրություն կմեծանա, գա՛ռ… կարոտ տխրություն է, անո՛ւշ-անո՛ւշ տխրություն է:
    Ու էդ տխրություն…
    Էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս»:

    «Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա:
    Մարդու ուժ հողի՛ մեջ է…
    Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, խլեցին՝ գերի է…
    Աշխարհք ամենամեծ կորուստ մարդու կորուստն է:
    Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի՜ ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛ ու օրերից մի օր կհանդիպին»… (Մուշեղ Գալշոյան, «Ձորի Միրոն»):

    Մուշեղ Գալշոյանի հանճարեղ գրչով պատկերված «Դավոն»՝ Զորավար Անդրանիկի լավագույն զինակիցներից մեկը, կյանքի վերջին րոպեներին մտովի Սասունում է, իր մղած հերոսական կռիվներն է վերհիշում՝ վրեժխնդրությամբ լի:

    «…Հող իր տիրոջ հետ արնակից է, ու իր արնակցին կսպասե՛, կսպասե՛ ու օրերից մի օր կհանդիպին»…
    «Դավոն»՝ իր սրտում անթեղված կարոտի, վրեժի կրակով՝ ստորև:

    ԴԱՎՈՆ

    «Հողե հատակին բացված անկողնում պառկած է Դավոն։ Խնամքով սափրված է, հագել է բոլորովին նոր սպիտակեղեն — դեռ անցյալ տարվանից էր գնել՝ հատուկ այսօրվա համար և, օրն է՝ հագել է ու մաքուր անկողնում մեկնվել թիկունքն ի վար։ Աչքերը կիսախուփ են, թևերը՝ ծաղկավոր վերմակին ձգած, շապիկի փողպատը բաց է, և կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են։

    Պատուհանից ներս փրթած լուսե մի թել եկել է Դավոյին երկինք տանելու։ Արևի փունջը շուլալվել է նրան, խաղում է կրծքի ճերմակ մազերի, կոտրված ճերմակ բեղի հետ, կարմիր ու կապույտ կայծկլտում կիսախուփ աչքերի դիմաց, խուտուտ տալիս կոպերը։

    Դավոն լուռ է։ Միայն կոպերն են շողիկի հետ հարց ու փորձի մեջ։ Ճակատն ու աչքերը խուտուտ տվող լույսի շողը, կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը ինչ-որ բան են հուշում՝ անցած մի օր, մի դեպք, ցանկալի մի բան…
    Եվ Դավոյի խլվլացող կոպերը, ճակատի առնական կնճիռները լարված որոնում են…

    Համերկրացի ծերունիները շրջապատել են նրան։

    Առավոտյան, երբ Դավոն պատվիրեց, որ նոր սպիտակեղենը հագցնեն, ապա և՝ անկողինը թախտից վար առնեն — բացեն գետնին և որդուն ուղարկեց Պչուկին կանչելու՝ իր համերկրացուն, անցած կռիվների զենքի իր ընկերոջը, բոլորը հասկացան, որ Դավոն ճամփորդ է…
    Եվ համերկրացի ծերունիները եկան — հավաքվեցին։
    Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ Խըբլջոզա Մանուկը, եկավ Խութա Միրոն, եկավ Տիգրանը, Հիթենքցի Մոսեն…
    Բոլորը եկան. Դավոն էր գնում։
    Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած Տալվորցի Դավոն գնում էր։ Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվորիկի երկնքում։
    Համզե Պչուկը ոտքը շեմից ներս դնելու հետ կանչեց.

    — Դավո՜ո, ավեր տուն, կերթա՞ս… Կերթա՞ս։
    Կրկնեց Համզե Պչուկը և ծունկ ծալեց ընկերոջ մահճի մոտ։
    — Զիս մենա՞կ է կթողիս, Դավո՜։

    Դավոն գտավ, սեղմեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը զարմացավ.

    — Մեջ քու երակներուն էդքան ուժ կա, Դավո՜, դու ու՞ր է կերթաս։

    «Կռիվ է կերթամ, Պչու՜կ»:
    Դավոն մտքում պատասխան տվեց և հանկարծ… հիշեց…
    Այն, ինչ այդպես լարված որոնում էր՝ գտավ, անցած-գնացած այն պատմությունը, որը աչքերին ընկած շողքն էր հուշում, կոպերի դիմաց թռվռացող կարմիր ու կանաչ պեծերի պարսը, Դավոն հիշեց…
    Ցից- քարի կռիվն էր…
    Հիշեց ու ավելի ամուր սեղմեց ընկերոջ ձեռքը։

    «Կհիշի՞ս, Պչու՜կ, Ցիցքարի կռիվ քու մի՞տքն է», — կնճիռները ողողվեցին ժպիտով։

    — Քու ճակտին ուրախություն կա, Դավո՜,- նկատեց Համզե Պչուկը,- դու էրգի՞ր է կերթաս։
    — Կռիվ է կերթամ, Պչու՜կ, կգա՞ս։
    Նրան թվում էր, թե կարող է բարձրաձայնել, բայց չէր հասկանում, թե ինչու բերան չէր բացում։

    — Քու սիրտն ի՛նչ կուզե, Դավո՜,- հիթենքցի Մոսեն անժամանակ հարց տվեց։

    Դավոն դժգոհ տնքաց։
    — Իմ սիրտ կուզե…,- հետո ուզեց շուրթ շարժել, որ Մոսեն լսի և նրան թվաց, թե, իրոք, ձայնարկու ասաց,- Զիս չխանգարի՜ս, Մոսե՜, թող որ…,- և սեղմեց ընկերոջ ձեռքը,- կռի՜վ է կերթամ, Պչու՜կ, կգա՛ս… Ով զարկվեց՝ դավաճա՜ն է… Ցիցքարի կռիվ քու մի՛տքն է… կհիշի՞ս»…

    2
    Թշնամին բազմաթիվ էր։ Նեղում էր։
    Նեղում էր հատկապես ձախ թևից։ Այդ կողմ, թշնամու ձախակողմյան ճակատի թիկունքին, գյուղ կար։ Բնակիչները հավաքվել էին գյուղեզրին, պարզ երևում էր, մեծ ու փոքրով, կին, տղամարդ հավաքվել՝ աղմուկ-կանչվռտուքով խրախուսում էին ցեղակից զինվորներին։ Մետաղե իրերի շխկշխկոց, հրավառություն, ոռնոց, գյուղեզրի տան կտուրին կանգնած մեկը երգում էր՝ զիլ ու անընդմեջ… Թալանչի ամբոխի ոռնոցը հեչ, բայց ռազմադաշտի գլխին ծորացող այդ գանգուր ու արնաթաթախ երգը խենթացնում էր։ Եվ իրեն այնպես էր թվում, թե հենց այդ երգն է պատճառը, որ իրենց ձախ թևը թուլացել է, ձախակողմյան տղերքը այդ երգից փախչել են ուզում…
    Եվ ու՞ր է զորավար Անդրանիկը. աջի կամ կենտրոնի հաշվին, թեկուզ մի դասակով, ինչու՛ չի ամրապնդում ձախ թևը…

    Ձախակողմից ճապաղ մի բլրակ էր զատում ճակատները, և ով առաջինը գրավեց բլրակին ցցված ժայռաբեկորը, հաղթանակը նրանն էր։ Կռվի ելքը որոշելու էր հարմար դիրքով այդ Ցիցքարը. զորավար լինել պետք չէր այդքանը հասկանալու համար… Պչուկին ուսնկից կռվում էր, բայց ուշքն ու միտքը Ցիցքարն էր…
    Ուր է, թե ինքն ու Պչուկը հաջողացնեին դիրք բռնել այդ քարե թիկունքին։
    Լիներ ու դառնային ճնճղուկ, լիներ ու դառնային օձ, լիներ ու դառնային…
    Եվ քաշեց Պչուկի թևից…

    «Ուրիշ ելք չկա»,- համաձայնեց Պչուկը։

    «Ու զարկվել չկա՜»,- գոռաց ինքը ու նայեց Պչուկի աչքերի մեջ։ — Ով զարկվեց՝ դավաճան է»։

    Հետո… Քարի թիկունքից իր ու Պչուկի հրացանները որոտում էին անընդմեջ:
    «Ով զարկվեց՝ դավաճան է»,- փոխնիփոխ գոռում էին ինքն ու Պչուկը, և նշան բռնելու ժամանակ չկար։ Եվ հարկ չկար, սրտներում գալարվող վրեժը հրացանների փողերից պոռթկում-պարպվում էր թշնամու նամարդ ճակատին, շանթում ռազմադաշտին ծորացող երգը։

    Իրիկնապահին թշնամին նահանջեց, և մտան գյուղ։ Բնակիչները գյուղը չէին լքել, նույնիսկ չէին թաքնվել, գիտեին, որ գյուղ մտնողը Անդրանիկ փաշի բանակն է՝ ոչ ոքի մատով չի դիպչի։ Նրանք աղ ու հացով դիմավորեցին գյուղեզրին, հենց այնտեղ, ուր առավոտից հավաքված ոռնոցով ոգևորում էին ցեղակից զինվորներին։ Դիմավորողները ծերունիներ էին, կանայք, երեխաներ և մի երիտասարդ՝ բարձրահասակ, գեղեցիկ աչքունքով ու ինքնահավան կեցվածքով։ Նա, ամբոխով շրջապատված, բոլորից մի գլուխ բարձր, քաղցր-մեղցր ժպտում էր զորավար Անդրանիկին։
    «Դու ինչու՞ զենք չես վերցրել,- փորձեց զորավարը,- և ինչու՞ չես կռվում»:
    «Ես զենքի մարդ չեմ, փաշա՜,- երիտասարդի շուրթերից ծորում էր ժպիտը,- ես միայն երգել գիտեմ»:

    Սա՞… ուրեմն սա՞ էր… սա՞… կատաղությունից լալկվեց ինքը, աչքերի դիմաց թռվռացին կարմիր ու կանաչ պեծերը, խենթացած քաշեց սուրը և լսեց Անդրանիկի սաստող ձայնը՝ «Դավո՜»։

    «Փաշա՜, զիմ թև մի՜ բռնե»,- գժված դարձավ զորավարին և դեմքը հազիվ նկատեց: Անդրանիկի դեմքը նշմարվեց՝ պարուրված թռվռացող կարմիր ու կանաչ պեծերով։ « — Իրավու՜նք տուր, փաշա՜»։
    « — Դավո՜, փեզեվանկը գեղեցիկ է և երգել գիտե. պետք է ապրի»։
    «Իմ տոհմի էգն ու որձը գեղեցիկ չէ՞ր, փաշա՜։ Ու՞ր են։ Իմ տոհմ երգ չունե՞ր, փաշա՜, ու՛ր է իմ տոհմի երգ… Իրավունք տաս—չտաս՝ կսպանի՜մ…»։

    3
    — Կսպանի՜մ, փաշա՜,- լսվեց Դավոյի կռվարար ձայնը։
    Ներկաները անհանգիստ նայեցին Դավոյին, և Բջե Ավեն կանչեց.
    — Ելի՛, ելի՜, Դավո՜, Տալվորիկ կռի՜վ է, տնավե՜ր, ինչի՛ ես պառկե։
    Դավոյի հոնքերը դժգոհ զարկվել էին իրար, և նա ծանր շնչում էր…

    4
    «Կսպանի՜մ»,- գժվել էր ինքը և նույնիսկ չզգաց, թե ինչպես թռցրեց երիտասարդի գլուխը և… տեղն ու տեղը ականջն ընկավ զորավարի հրամանը՝ «Մա՜հ Դավոյին»։

    — «Փաշա՜,- Պչուկը կանգնեց Անդրանիկիկ դիմաց,- Դավո՜ն է»։
    — «Մա՜հ Դավոյին»։

    Սասունցի զինվորներից էլի միջամտողներ եղան. Մանուկը, Իսրոն, Չոլոն, Ախոն… Բայց զորավարը իր որոշման տերն էր։

    «Դու քաջ զինվոր ես, Դավո՜,- ասաց զորավարը,- Ես քեզ չե՜մ մոռանա։ Բայց դու ստիպեցիր…,- և աչքերը լցվեցին։
    — Ընդունի՜ր վճիռը, Դավո՜»։
    — Չե՜մ ընդունի, Փաշա՜, քու վճիռը սխա՜լ է»։
    — Զինաթա՜փ անել,- կատաղեց զորավարը,- կապկպե՜լ՝գցե՜լ գետը»։
    Եվ ընտրեց չորս զինվոր։

    Իրիկնապահ էր։ Պատժիչ զինվորների առաջն ընկած քայլում էր դեպի գետը՝ Արածանին։ Գնում էր լուռ, գլխահակ։ Եվ այնքան փափուկ ու դուրալի էր գարնան իրիկնապահը, փորփոշտ գետինը…
    Արեգակի իրիկնապահի շողերը կոպերին ու ճակատի վրա գնում էր. իրիկնապահի շողերը ձգում տանում էին դեպի արևմուտք…
    Լիներ ու այդպես գլուխկախ քայլեր, այդպես լուռ ու անշեղ գնար հասներ Մուշ ու բարձրանար Կեպին, ելներ Ծիրնկատարի գագաթը ու բերան բացեր.
    — էհեհեե՜եեե, Տալվորի՜կ, ես եկա՜…

    5
    — էհեհեե՜եե, Տալվորի՜կ, ես եկա՜…
    Դավոն նորից շուրթերը շարժեց. հուշերը ձայն առան։
    Դավոյի ձայնը լսվեց հեռվից, բեկբեկուն, երգի արձագանքի պես։ Համերկրացիները նայեցին միմյանց. Դավոն արդեն գնում է…
    Գնում է և իր վերջին խոսքն ասաց։

    — Էհեհեե՜եե, Տալվորի՜կ, Դավոն եկա՜վ,- լցված ու երգեցիկ կանչեց մքթենցի Գրիգորը և սկսեց երգել։

    «Գլգլալեն ջուրն էր իջնում
    Մշո վերին սարերեն»…

    Երգը Դավոյի սրտին դուր եկավ. կնճիռները ժպտացին…
    Ուրեմն Դավոն չի գնացել, կա՜…

    — Դավո՜ո,- կանչեց Համզե Պչուկը,- թե էրգիր է կերթաս, հետ իրար էրթանք, մինակ ու՞ր է կերթաս, տնավե՜ր։

    «Մեջ ելման գետի քցվելու կերթամ, Պչու՜կ, փաշի հրամանն է։ Կհիշի՞ս…»։
    Դավոյի կնճիռներն ու կիսախուփ կոպերը խլվլոցով շոշափեցին արևի շողքը…

    6
    Այդպես իրիկնապահի արևը ճակատին ու աչքերի մեջ՝ քայլում էր դեպի արևմուտք։ Լիներ ու այդպես լուռ ու անշեղ քայլեր ու հասներ Մուշ ու ելներ Կեպին ու…

    Բայց Արածանիի ափին կանգ առան։ Պատժիչ զինվորները խուսափուկ նայեցին իրեն։ Նրանք խուսափում էին նաև միմյանց աչքերին նայել, և զինվորներից մեկը վռազ ծխատուփը հանեց, ու նստեցին գետափին։

    Գետը ելման գնում էր։ Առանց կապկպելու էլ այդ կատաղի ալիքներից չէր պրծնի. կքշվեր-կմիանար նրանց, որ, ասում են, հավաքվել — խցանել են գետի հունը, և գետը ափերից դուրս է եկել, հեղեղել Արաբստանի անապատը…

    Եվ մահապատժի հրամանի տակ նստած, ահ ու դողով նայում էր գետի պղտոր ու հուզված ալիքներին։ Չէ՜, ահուդողը մահապատժի հետ կապ չուներ։ Դավոն մեռնելուց չէ՜ր վախենում. Դավոյի ահն ու մահը վաղուց էր անցել. այն օրը, երբ Անդոկի գլխին, զինվորական խորհրդի ժամանակ, Փեթարա Ախոն առաջարկեց. «Եթե կա ու չկա՝ պարտություն է, նահանջ է, լավ է Անդոկի գլխին խարույկ սարքել, մեծ ու փոքրով լցվել խարույկի մեջ, մեծ ու փոքրով այրվել, Անդոկի գլխին ծուխ դառնալ»…
    Եվ ինքը Ախոյի հետ համաձայն էր… Ա՜յ, էդ օրից Տալվորիկցի Դավոյի ահն ու մահը անցել էր …

    Բայց Արածանիի ափին վախից փշմտել էր, գետի ալիքներին սարսուռով էր նայում — ուր որ է Հայոց Արածանին չանչ արած մի ձեռք ցույց կտար իրեն, Տալվորիկցի Դավոյին, սահմռկած մի աչք ցույց կտար իրեն, շեկլիկ մազերով մի աղջնակ կշպրտեր Տալվորիկցի Դավոյի գիրկը…

    Եվ խայթված վեր թռավ։

    «Ինչի՞ եք նստե,- գոռաց, և պատժիչ զինվորները խառնված ոտքի ելան։
    — Բանակն հիմի կերթա, ինչի՞ կուշանաք»։
    Զինվորները շփոթված նայեցին միմյանց, և մեկը արձակեց գոտին։

    — «Դավո՜, ներո՜ղ կլնես, բայց… փաշի հրամա՜նն է»։

    — «Փաշի հրամանը սխա՜լ է,- պատասխանեց զինվորին,- ու թե էդ հրամանը կատարել կուզեք, չուրի ձեզնից մեկ — երկուս չտանիմ իմ հետ, չե՜մ էրթա»։
    Եվ քշեց զինվորների վրա, գիրկն առավ երկուսին ու քաշեց դեպի գետը։

    Հետո այնպես եղավ, որ խճճված մեկնվել էին գետափին շատ մոտիկ, ելման ալիքների զարհուրելի շնչի տակ։

    — «Դավո՜,- հանքակտուր խոսեց զինվորներից մեկը,- էսպես պայման կապենք. զորավարին կզեկուցենք, թե՝ հրամանը կատարված է, իսկ դու զորավարի աչքին չերևաս»:

    Եվ ոտքի ելան։ Զինվորները գնացին, իսկ ինքը մնաց գետափին, երեսն ի վար մեկնված՝ դեմքը հպած գարնանաբույր հողին, աչքերը փակ։
    Արևը արդեն քաշվել էր, մթնշաղը դաշտ ու սարերին փափուկ թախիծ էր հյուսում, Արածանին գնալով մթնդում էր — ինքը պառկած էր աչքերը փակ, ոտքերը դեպի գետը, բայց զգում էր, որ գետը մթնդում է — և ալիքները ավելի հուզված էին, ավելի սարսռազդու: Գետի ահալի շունչը սողում էր ողնաշարն ի վեր, դեպի ծոծրակը, գետի շունչը թունջուրկվել էր ոտքերին ու ձգում էր…
    Ծառս ելավ և նայեց զինվորների ետևից։
    Նրանք արագ քայլերով հեռանում էին, քիչ հետո կհասնեն բանակին… կմիանան բանակին և կշարժվեն դեպի արևմուտք… դեպի արևմուտք…

    «Ով զարկվի՝ դավաճա՜ն է»,- գոռաց զինվորներին։
    Էլի գոռաց…

    7
    — Ով զարկվի՝ դավաճա՜ն է։
    Դավոն բերան բացեց. ձայնը լսվեց քարանձավից։ Համզե Պչուկը, որ ծնկած էր ընկերոջ մահճի մոտ, մի պահ շփոթվեց.
    նայեց շուրջբոլորը, հետո՝ Դավոյին։ Դավոյի ճակատին կնճիռները խառնվել էին
    իրար։
    8
    «Ով զարկվի՝ դավաճա՜ն է»,- գետափին կանգնած գոռում էր, խոսքը որպես
    հայհոյանք շպրտում զինվորների ետևից և ուրիշ ասելիք չէր գտնում։
    Հետո երկու օր ու գիշեր թափառեց բանակի հետքով։ Հովվից մերժված —
    վտարված շուն էր՝ քարշ էր գալիս հոտի ետևից և շան պես հսկում բանակի թիկունքը։
    Բանակը դանդաղ, բայց առաջ էր խաղում, շարժվում էր դեպի արևմուտք, դեպի
    հարավ-արևմուտք։ Եվ ինքը, արևածագից արևմարք, լարված հետևում էր զորքի
    դասավորությանը, փորձում հասկանալ զորավարի հրահանգներն ու հրամանները, գուշակել կռվի ելքը։ Իրեն թվում էր, եթե ուշքն ու միտքը շեղի ուրիշ բաների վրա, բանակը, որի պահապան շունն ինքն էր, կարող էր հանկարծ նահանջել։
    Իսկ երրորդ օրվա առավոտյան ճակատների դասավորությունը իրեն դուր չեկավ. թշնամին գիշերը ետ էր քաշվել — ամրացել աղեղնաձև մի բլրակի վրա։
    Բավականին հարմար դիրք։ Այդպիսի դեպքում Անդրանիկը փորձում էր պարզել՝ թշնամու թիկունքը լի՞քն է, թե՞ դատարկ…
    Եվ գնաց կատարելու զորավար Անդրանիկի հրամանը։
    Սողաց թշնամու թիկուքը և վերադարձավ իրիկնապահին։ Վերադարձավ թանկ ավարով՝ թուր ու թվանքով և սանձակտոր մի ձիով։ Հիմա արդեն լքված շուն չէր, այլ ծանր հետախուզությունից հաջողակ վերադարձած զինվոր:

    Իրիկնապահին ճակատների դիրքն ու դասավորությունը կարծես թե նույնն էր,
    ինչ առավոտյան, սակայն ինքը կրակոցներից հասկացավ յուրայինների թուլությունը. կրակում էին ընդհատ։ Դա նշան էր, որ զորավարը փամփուշտները խնայելու հրաման է տվել։
    «Թե էդպես է՝ սրամա՜րտ է պետք, փաշա՜»։
    Եվ թռավ դեպի բանակը։
    Թուրը մերկացրած՝ սուրաց։ Քշեց զորքի մեջ, անցավ զորավար Անդրանիկի
    կշտով և ընթացքում գոռաց.
    «Թշնամու թիկունքը դատա՜րկ է, փաշա՜… Դատա՜րկ է»։
    «Դավո՜ն է»,- ականջն ընկավ զորավարի խնդուն ձայնը։
    — Դավո՜ո,- կանչեց զորավարը, և դա հնչեց հրահանգի պես. զորավարը, կարծես սրամարտի հրաման տվեց։ Ընթացքում աչք դիպցրեց ուսն ի ետ…
    Օ՜, Մարաթուկի Տիրամայր… արևի տակ վառվռում էին սրերը… Գալիս էին…
    «Ով զարկվի՝ դավաճա՜ն է»,- գոռաց ուսն ի ետ և նորից մտավ ձիու ականջը։
    Գնդակները վժժում էին գլխավերևում, ականջի տակ, բայց ինքը համոզված էր, որ չի՜ զարկվելու: Դավոն այդպիսի դավաճանություն չի՜ անի, Տալվորիկցի Դավոն դեռ վրե՜ժ ունի լուծելու։ Եվ թուրը ճակատին պահած՝ սուրում էր դեպի թշնամին, դեպի արևմուտք, դեպի հեռու լեռներին փշրված արևը։
    9
    Դավոն քամեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը նորից զարմացավ.
    — Դավո՜, մեջ քու երակներուն էդքան ուժ կա, տղա՜, ու՞ր է կերթաս։
    «Կռի՜վ է կերթամ, Պչու՜կ, կհիշի՞ս…»։
    — Ըբը քու սիրտն ի՞նչ կուզե, Դավո՜,- Հիթենքցի Մոսեն էլի իրենն ասաց։
    — Ըբը քու սիրտն ի՞նչ կուզե, Դավո՜,- նեղսրտած հեգնեց Խըբլջոզա Մանուկը։
    — Դավոյի սիրտ տանձ ու խնձոր կուզե, Դավոյի սիրտ, մեղր ու կարագ կուզե, Դավոյի սիրտ շարբաթ է կուզե, Բաղդադու խուրմա է կուզե, Դավոյի սիրտ հնդու նարինջ է կուզե, Մոսե՜, Դավոյի սիրտ քանց քու գլուխ ջոջ ձմերուկ է կուզե…
    — Հըիիի՜ի, ձմերուկ,- երգեցիկ կանչեց Հիթենքցի Մոսեն։ — Անտեր էրեվան,
    անտեր շուկա, ձմերու՛կ…
    Դավոն տնքաց։ Թեքեց գլուխը, ուզեց թողնել Պչուկի ձեռքը, բայց ավելի ամուր
    կառչեց, ապա դեմքը նորից շտկեց և արևի շողքն առավ աչքերի վրա։
    — Անտեր ձմերուկ,- հոգոց հանեց Հիթենքցի Մոսեն և հուզվեց։
    — Իմ աչքերն ելնեն, Դավո՜, ու էն օր քեզ էդպես չտեսնեն։

    10
    Ամռան միջօրեի արևի տակ փոշու մեջ թավալվում էր շուկան՝ գզգզված մի
    աղբարկղ, շուրջբոլորը վխտացող որբերով։ Որբերը՝ թափառիկ շների նման լմկված, գողունի ու վախվորուկ հայացքներով, բայց միմյանց դեմ ատամ կրճտացնող ու անողոք։ Ձմերուկի կլեպ էին խլխլում իրարից, խաղողի չանչ, դեպի իրենց շպրտվող մի հատիկ կորիզի համար թափվում գլուխ-գլխի, գզվռտվում, թավալվում փոշու մեջ և փոշու մեջ կորած կորիզի համար սուր եղունգներով բզկտում իրար ու, փոշեթաթախ, արնլվիկ դեմք ու կրծքով, դառնում-նայում էին շուկայի կողմ։

    Եվ այս բզկտված, անգույն ու անդեմք որբերի մեջ Դավոն որոնում էր տոհմակից, բարեկամ, ծանոթ… Անհույս էր, բայց փնտրում էր։ Եվ որբերը, այդ թափառիկ, վախվորուկ լակոտները, չգիտես ինչպես հասկացան, թե մազ ու մուզի մեջ կորած այդ մարդուց պետք չէ վախենալ — չնայած սա իրենց տեսած մարդկանցից ամենավայրենի, ամենաահարկու դեմքն ուներ — և հավաքվեցին նրա շուրջբոլորը։ Ի՞նչ էին ուզում նրանից, չէին իմանում, բայց ճանճերի պես պարս կապեցին և սկսեցին դզդզալ շուրջբոլորը։

    Եվ Դավոն քշեց շուկայի վրա…
    Դավոն քշեց շուկայի վրա, ետևից որբերի գզգզված թափորը։ Շուկան ահից դողաց ու քար կտրեց։ Շուկայում ով կար ահով ու շնչահատ Դավոյին էր նայում — ո՞վ է, ո՛ր աշխարհից հայտնվեց՝ այծի մազից գործած շալվարով, գոտին մազե երկար փաթթոցով պընդած, մերկ թիկունքին քաշած այծենիով, բաց կրծքից ժայթքած մազերով, այտ ու երես մազի մեջ կորած, ո՞վ է, ո՞ր աշխարհից հայտնվեց արնմխած աչքերով, կատաղի հայացքով այդ վայրենին։

    Իսկ Դավոն ոչ մեկի չէր նայում, ոչինչ չէր տեսնում, շուկան տրորելով գնում էր՝ շուլալված սովալլուկ որբերով։ «Գերեք… գերեք… գերեք»,- վայրենին տնքում էր, թե խոսում, ոչ մեկը չէր հասկանում և ոչ էլ՝ որբերը, նրանք գիտեին միայն, որ դա շուկայի վրա հարձակվելու խրախույս է։ Եվ աջ ու ձախ ալիք էին տալիս, չանթում ինչ պատահի՝ կըլլում, լցնում ծոցները, գրկում և շտապ խույս տալիս, շուլալվում շուկայի տերերի հերն անիծած մարդուն։
    «Գերե՛ք… գերե՛ք… գերե՛ք», տնքում էր Դավոն և տրորում շուկան։ Եվ մեկ էլ թիկունքից վնգստոց լսեց ու շուռ եկավ։ Ինն-տասը տարեկան մի աղջիկ, ձմերուկը ամուր սեղմած կրծքին, շան լակոտի պես վնգստում ու թավալվում էր, բայց ձմերուկը բաց չէր թողնում։ Երբ Դավոն շուռ եկավ, ձմերուկի տերը ծլկեց, նա փախչում էր ձայնը գլուխը գցած՝ օգնություն աղաղակելով։ Դավոն չգնաց նրա ետևից. մոտեցավ, ծունկ ծալեց ձմերուկով լցված ջվալի տակ, և շուկայի չռված աչքի դիմաց ջվալը խլվլաց ու շարժվեց տեղից։ Քիչ առաջ, յոթը-ութը տղամարդով, ջվալը սայլից հազիվ-հազ վար բերեցին — դեռ բերանն էլ չեն բացել — հիմա՝ այդ վայրենին շալակն առած տանում էր։

    Բեռի տակից Դավոն չէր երևում. ո՛չ նախամարդու այծենին կար, ո՛չ խռնված բաշն էր երևում, ո՛չ մազակալած դեմքը, ո՛չ զարզանդուն աչք ու հայացք… Մնում էր միայն մի ուժեղ բեռնակիր։ Ձմերուկի շարժվող ջվալը, որ, տես, շուկայից դուրս եկավ ու գնում է, և մի ուժեղ բեռնակիր։

    Եվ ամբոխը վրա տվեց ու տեղն ու տեղը տապալեց բեռնակրին, իր բեռի հետ։

    Եվ սարսափի կախարդանքից ազատված ամբոխը տրորում էր Դավոյին։ Դավոն ոչ դիմադրում էր, ոչ շարժվում, երեսի վրա փռված էր փոշոտ փողոցում, իսկ խենթացած ամբոխը տրորում էր նրան։ Շուկայի գժված տերերը ոտքի տակ էին առել սեփական վախը, որ սպանեն, ետ դառնան՝ շուկայից քշեն թափառող շներին։

    Որբերը այս ու այն կողմերից ծիկրակում էին, ծղրտում, որբերը, — լի բերաններով, շուկայի բարիքներից խեղդվող կոկորդներով — վնգստում էին, ու Դավոն միայն նրանց ձայնն էր լսում և, հարձագանք քունքերը զարկում էին.

    «Գերե՛ք… գերե՛ք… գերե՛ք…»։

    Շուկայի տերերը, իրար հրմշտելով, Դավոյին ոտքի տակ էին առել՝ տրորում էին, տրորում էին… Իսկ Դավոն անշարժ ու լուռ էր։

    Հետո մեկը ուշքի եկավ, «Հերի՜ք է,- ասավ»,- և քիչ առաջվա իրենց ահն ու սարսափը փողոց շպրտած, թեթևացած վերադարձան շուկա, իրենց բանին։

    Փողոցում մնաց միայն Դավոն, երեսի վրա փռված։ Անցորդները ուշք չէին դարձնում նրան, ավելի ճիշտ՝ չէին նկատում — այդ օր ու ժամանակի, փոշու մեջ թպրտացող գավառական այդ քաղաքի սովորական պատկերը և Դավոյին չէին նկատում։ Իսկ որբերը խառնվել էին իրար, միայն նրանք գիտեին, թե ով է փողոցում ընկած՝ քիչ առաջվա իրենց ազատությունը, իրենց համարձակությունը, ծոցերն ու կոկորդները հաճելիորեն խուտուտ տվող ամենաանուշ բանը… այնտեղ՝ փոշու մեջ ընկած։
    Եվ այս ու այն կողմից ձեն-ձենոց ողբում էին։ Հետո, չգիտես ինչպես, հասկացան, որ իրենց՝ որբերի լացն ու կոծը վտանգավոր է, իրենց աղմկել չի կարելի ու սսկվեցին, մեկեն ու միանգամից հասկացան, որ շուկային այդ օրը մոտենալը վտանգավոր է, և շաղ եկան քաղաքում։

    Իսկ Դավոն շարժվելու, ելնելու փորձ չէր անում. չէր ուզում։ Հողը ծծում էր ոսկորների տնքոցը, բարկ արևը սպեղանի էր մաղում ջնջխված թիկունքին, և այդպես հաճելի էր։ Ինչու՞ աչք բացել, ու՛մ տեսնել, ի՛նչ տեսնել, ելնել ու՛ր գնալ… ավելի լավ է մեռնել այդ տաք, սիրտ ու ոսկորների ցավը ներշնչող փոշու մեջ… Եթե վերջը այսպես պետք է լիներ. արած բոլոր կռիվների վերջը՝ պարտություն, ճիշտն այն կլիներ, որ Դավոն վերջին գնդակը մեխեր իր կրծքում և ընկներ այնտեղ՝ Անդոկի վրա, Սև սարում, Ծովասարի փեշին, Կաբլորաքարում, Տալվորիկ գետի անուշ ջրերի մեջ…

    Հենց՝ այդպես։ Եվ այդպես էր պետք՝ վերջին գնդակը մեխեր կրծքում կամ ճակատը դեմ աներ թշնամու գնդակին և ընկներ այնտեղ։ Անցավ… Ու մեղավորը ինքն է, Տալվորիկցի Դավոն է, որ սեփական կամք ու ձեռքով կորցրեց մեռնելու ամենաճիշտ պահն ու տեղը։ Եվ արժե, որ հիմա շանսատակ լինի, այս փոշոտ փողոցում։ Եվ նա շարժվելու, ելնելու փորձ չէր անում։ Չէր ուզում։
    Հետո հեռվից, կարծես երազում, լսեց իր անունը՝ «Դավո՜»…

    11
    — Իմ աչքերն ելնեն, Դավո՜, որ էն օր քեզ էդպես չտեսնեին,- հուզվեց Հիթենքցի Մոսեն։

    Դավոյի շուրջբոլորը հավաքված համերկրացի ծերունիները գիտեին այս պատմությունը, բայց Մոսեն փորձեց պատմել, սակայն Համզե Պչուկը հերսոտեց։

    — Բա՜վ է էվել-պակաս խոսիս, Դավոն էդ մա՞րդն է ու դու է՞դ հիշեցիր։ Դավոյի վերջին շունչը մի՜ հարամե,- նեղացավ Համզե Պչուկը և դարձավ Մքթենքցի Գրիգորին։
    — Դավոյի համար երգ մի երգե՜։

    Դավոյի կնճիռների մեջ նորից թրթռաց ժպիտը։ Հետո Պչուկը զգաց, որ Դավոն ձգում է իր ձեռքը և հակվեց նրա կրծքին։

    — Պչու՜կ…

    Ձայնը քարանձավից էր գալիս։ Պչուկին թվաց, թե Կաբլորաքարի քարանձավից լսեց Դավոյի ձայնը։
    — Զիմ ձեռքեր… չխաչի՜ք,- ասաց Դավոն։ — Զիմ ձեռքեր թողեք… թող բա՜ց մնան…

    Դավոն գնում էր արդեն…
    Պչուկը հազիվ-հազ զգաց, որ Դավոն իր ձեռքը սեղմում է։ Բայց կոպերը դեռ շոշափում էին արևը։ Պատուհանից ներս ընկած լուսե թելը դեպի երկինք էր ձգում Դավոյին։

    Եվ Դավոն գնում էր։ Ձիու ականջը մտած, մերկացած սուրը ճակատին, Դավոն սուրում էր դեպի բլրակը՝ թշնամու դիրքերը… Իրիկնապահի արևը բոցկլտում էր մերկ սրին, համբուրում ճակատը, և աչքերի դիմաց կայծկլտացող կարմիր ու կանաչ պեծեր, Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լեռների վրա փշրված արևը…

    ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ

    https://www.shutterstock.com/fr/video/clip-1110481663-batman-sason-mereto-mountain-peak

  • «ՃԵՏՕ — ՊԵՏՕՆ», «ԿԱՃԵԹԱՅ ԿՆԿՏԻՔ», «ԿԱՃԵԹԱՅ ՊԱՏԻԺ»…

    «ՃԵՏՕ — ՊԵՏՕՆ», «ԿԱՃԵԹԱՅ ԿՆԿՏԻՔ», «ԿԱՃԵԹԱՅ ՊԱՏԻԺ»…

    «ՃԵՏՕ — ՊԵՏՕՆ», «ԿԱՃԵԹԱՅ ԿՆԿՏԻՔ», «ԿԱՃԵԹԱՅ ՊԱՏԻԺ»…

    Մշակույթը, մասնավորապես բանահյուսությունը, յուրաքանչյուր ազգի աշխարհայացքի, արժեհամակարգի լավագույն թարգմանն է։ Հովհաննես Թումանյանի ձևակերպմամբ՝ նրանով սնվում են գրեթե բոլոր արվեստները, հատկապես գեղարվեստական գրականությունը։
    Հայ ժողովրդական հարուստ, բազմաժանր և բազմաբովանդակ բանահյուսության հիանալի նմուշներ են պահպանվել բանահավաքների տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Վիպական, քնարական բանահյուսության էջերը համալրվում են հաճախ հումորով և զվարճախոսությամբ համեմված պատառիկներով, որոնք Հայոց մշակույթի գանձարան են բերում հեռավոր ժամանակների շունչն ու զվարթ կենսախնդությունը։

    Վանի նահանգի Շատախի գավառի Հայերը 1915-ի ինքնապաշտպանական մարտերի քաջարի մասնակիցներից էին, որոնք, առանց ընկճվելու, անձնուրաց մարտնչեցին 42 օր՝ կանանց և երեխաների մասնակցությամբ:

    «Երկրի մարդիկ» «ծենով ու խաղով» հին ժամանակների պատմություններ էին պատմում: Նրանցից որոշ հեքիաթներ ու երգեր էլ սովորել էր «Կաճետայ ծռներից» մեկը՝ Ռաշոն, որը երբեմն՝ դանդաղ, երբեմն՝ ոգևորությամբ և բարձրաձայն, «շեշտերն ուժեղացնելով և զարմանալի արագությամբ մի երկու տասնյակ տողեր էր արտասանում» իր դուրեկան, հանդիսավոր ձայնով (ինչպես գրում է Կ. Մելիք-Օհանջանյանը):

    Ազնիվ ու առատ ջրերով հարուստ Շատախի գավառակի Կաճետ գյուղի աղբյուրի ջուրն, ըստ ավանդության, «խենթացնելու» հատկություն ուներ։ Եվ նրա բնակիչների մասին բազմաթիվ երգիծական, զվարճալի մանրապատումներ էին հյուսվել:
    Նրանցից մի քանիսը՝ Անուշավան Դևկանցի հրապարակումներից՝ ստորև…

    ՃԵՏՕ — ՊԵՏՕՆ

    Ռէս Ակօն պատրաստւում էր իր աւագ որդուն պսակելու: Հարսանիքի համար ամէն ինչ տեղը-տեղին էր, մնում էր ազգական-բարեկամ մարդկանց պատւով-յարգանքով կանչել-հրաւիրել, ինչպէս կարգ էր ամենայն տեղ Հայոց աշխարհում և նույնիսկ ծռերի գեղ՝ Կաճեթում:
    Ռէսը փեսացու որդուն կանչեց ասաց.

    • Կ’երթաս գեղամէջ, կը տեսնես մեր բարեկամ-ազգականներից ով կայ ով չկայ, կը կանչես, թող գան:
      Կ’ ասես՝ պիտի ուտենք-խմենք, աղէկ մի քէֆ պիտի անենք, Կաճեթը թնդայ:
      Ռէսի տղան սկսեց չարուխները պնդել, որ գնայ, հայրը նորէն որդուն դարձաւ, ասաց՝
    • Հա՜, տես, թէ խնամի Ճետօ-Պետօն էլ գեղամէջ եղաւ, մի կէս-բերան էլ նրան ասա։ Թէ եկաւ՝աղէկ, թէ չեկաւ’ դհա աղէկ:
      Ռէսի տղան գնաց եւ տեսաւ, որ Ճետօ-Պետօն ահա բազմել է գեղամէջի ամենաբարձր քարին, Կաճեթի թէ՛ ալևոր, թէ՛ թուխմօրուս ազգական-բարեկամ ջոջերի հետ բնուշ-բարուշ զրոյց է անում: Կարգ ու պատշաճով բոլոր ներկաներին մէկիկ-մէկիկ, անունները տալով, հօր անունից հարսանիքի կանչեց-հրաւիրեց: Վերջապէս դարձաւ Ճետօ-Պետօին.
    • Քեռի Պետօ,- ասաց,- հրամմէ մեր տուն… իմ հէրը քեզ էլ է կանչում:
      Քեռի Պետօն աչքով արեց հաւաքւածներին, դարձաւ Ռէսի որդուն, ասաց.
    • Քու հէրը կանչում է, հասկացանք… բերնիդ կէսն ինչի՞ էս ձեռքովդ ծածկել, չհասկացանք:
      Եւ Ռէսի տղայ-փեսացուն ասաց.
    • Իմ հէրն ասաց Ճետօ-Պետօին կէս բերան կը կանչես, ես էլ կէս բերանով ասեցի…

    ԿԱՃԵԹԱՅ ԿՆԿՏԻՔ

    Մի անգամ սանամէր Շուշօն ժամերգութիւնից ուշացաւ: Մանր-մանր ոտքը փոխելով, քիթ-բերանը գլխաշորի ճոթով ծածկած, եկեղեցի մտաւ, գնաց կամաց կանգնեց Քաւորքուր Խանդութի մօտ:
    Քաւորքուր խանդութը շշունջով հարցրեց.

    • Քա՜, սանամէր Շուշօ, էս ընչի՞ ուշացար:
    • Քաւորքուր Խանգութ,- պատասխանեց սանամէր Շուշօն,- գոմի մսուրն էր փլել, ըշտը, մեր մարդուն կ՝օգնէի, մսուրը կը շինէր:
      Քաւորքուր Խանդութը դարձաւ Քաւորկին Իսկուհուն, շշնջաց.
    • Մսուրն է փլել, դրա համար է ուշացել:
      Քաւորկին Իսկուհին դարձաւ քաւորմամ Դեղձունին, շշնջաց.
    • Կ՝ասեն՝ Մսըրն է փլեր:
      Երբ ժամերգութիւնն աւարտւեց, եւ Կաճեթայ կնկտիք քիթ-քթի տւած, եկեղեցուց ելան, մանր-մանր քայլով իրենց տները ցրւեցին, մի երկու ժամ անց գիւղով մէկ տարածւեց, թէ, «Բա չէք ասի, Մսրայ քաղաքը երկրաշարժից քարուքանդ է եղել»:
      ԿաՃեթայ կնկտիք և նրանց հետ սանամէր Շուշօն ու քաւորքուր Խանդութը, ծունկ ծեծեցին, վաշ-վիշ արեցին.
    • Քա՜յ քոռանա՜մ, ափսո՜ս, ափսո՜ս, Մսրայ շէն քաղաքն ինչի՞ է փլել…

    ԿԱՃԵԹԱՅ ՊԱՏԻԺ

    Կաճեթում, հարկահաւաքներից բացի, ագռաւներ էլ կային: Կաճեթցիք սարսափելի չէին սիրում ագռաւներին: Գալիս էին, պտտւում գիւղի գլխին, կռռում-կըռկըռում եւ միշտ մի դժրախտութիւն, մի աղէտ բերում գիւղի բնակիչներին: Մէկի ցուլն էր ընկնում շաղգամի հորը, միւսի ձեռքն էր մնում կճուճի մէջ, մի երրորդը ուժեղ հազալուց ճողւում էր, մի մի քանիսն էլ կարմիր սօլեր էին առնում քաղաքում, ճանապարհին ոտքերն իրար խառնում, մի երկուսն էլ չգիտութեամբ պղպեղն ուտում էին խնձորի տեղ…
    Մի խօսքով՝ օրհասն եւ աղէտը անպակաս էին Կաճեթի գլխից, ինչպէս էն սեւ ղառղառ ագռաւները: Եւ դեռ ոմանք էլ պնդում էին, թէ ամեն ինչ հէնց նրա՜նց պատճառով է լինում:
    Ահա թէ ինչու մի գեղեցիկ օր Կաճեթցիների համբերութեան բաժակը լցւեց. հաւաքւեցին ու գեղովի որոշեցին էն բիւրաւոր ագռաւներից գոնէ մէկին բռնեն՝ հէրն անիծեն:
    Որոշեցին ու գործի անցան:
    Որը կացին առաւ ձեռքը, որը բահ, որը մուրճ, որը փոցխ կամ եղան, որը գերանդի կամ մանգաղ, աղմուկ-աղաղակով, հարայ-հրոցով ընկան ագռաւների մի մեծ երամի ետեւից, որպէսզի… յոգնեցնեն ու գոնէ մէկին բռնեն:
    Մի սպլպոչ լաճ կար Կաճեթում, սա էլ իր պարսատիկն էր առել: Սպլպոչը պարսատիկի մէջ մի կլոր քար դրեց ու, տրա՜ք, կրակեց ագռաւների երամի վրայ:
    Ագռաւներից մէկը տեղնուտեղը ուշագնաց թրմփաց ցած:
    Ուրախութեան ճիչ — գոռոցով վրայ հասան, բռնեցին:
    Ի՞նչ անեն, ի՞նչ չանեն…
    Տարան եկեղեցի: Տէրտէրը պատարագ արեց, ծէս ու կարգով նզովքի աղօթք կարդաց գերւած ագռաւի ու նաև նրա ողջ ցեղի գլխին:
    Ուրիշ ի՞նչ անեն, ի՞նչ չանեն…
    Մէկն ասաց.

    • Իդոր վիզ պոկէք, թալէք դէն…
      Միւսը գոռաց.
    • Իդոր ոտնե՜ր կոտրէք, ոտնե՜ր…
      Մինչ այս, մինչ այն՝ ագռաւի ուշքը ետ եկաւ, «կը՜ռռ» կռաւեց, «ղա՜ռռ» թևին տւեց, ուզում էր թռչի գնա, ազատւի գերութիւնից… Բայց Կաճեթցիք ծուռ հօ չե՞ն, հազիւ են բռնել, իսկի բաց կը թողնե՞ն:
      Այստեղ մէկը բացականչեց.
    • Փիտրէ՜ք իդոր, փիտրէ՜ք…
      Միւսը ճչաց.
    • Ռէսի մարագում բանտէ՜ք…
      Իսկ մի ուրիշը աղաղակեց.
    • Ճի՜շտ է, ճի՜շտ է… Մարագն էլ կրա՜կ տւէք…
      Վերջապէս այստեղ խօսք առաւ ինքը՝ ռէս Ակօն, բոլորը լռեցին, Ակօն ասաց.
    • Հնոց աւանդոյթով, եւ ըստ կարգի օրինած՝ ագռաւին ժեռ քարից ցած պիտի գլորել:
      -Ճիշտ է, ճի՜շտ է,— աղմկեցին մեծ ու փոքր Կաճեթցիք:
      Բերին մի ահագին խնոցու մէջ կոխեցին ագռաւին, մի ահագին շաղգամի գլուխ էլ բերին, խնոցու բերանը խցանեցին: Մեծ հանդիսաւորութեամբ, խաչ ու բուրվառով, զուռնա-պարկա-պզուկով հասցրին ժեռ քարի գլուխը, քարափի գլխից խնոցին գլորեցին ցած:
    • Դը՛մբ-դը՜մբ… դը՜մբ-գը՜մբ…
      Գլորւեց խնոցին՝ քար ու ժայռի զարնւելով, եւ Կաճեթայ լեռները թնդացին ցնծագին ճիչ-գոռոցից:
    • Կըը՜ռ… ղաա՜ռռ…
      Լսւեցաւ յանկարծ ագռաւի կռաւոցը, և մեծ ու փոքր Կաճեթցիք լռեցին զարմացած:
      Էն ահագին խնոցին բերանը շաղգամի ահագին գլխով խցանւած, փշուր-փշուր էր եղել… Իսկ ագռաւը, էն սև չար կռաւանը, թևին տալով, թռչում էր իր համար.
      -Կըը՜ռռ… ղաա՜ռռ…
      Բայց Կաճեթայ ծռերը հեշտութեամբ յուսահատւողներից չէին.
    • Չո՜ռ ու ցաա՜ւ,- անիծեց պատարագիչ քահանան,- չմեռար՝ չմեռար, հo՜ վախեցար…

    ԿԱՃԵԹ

  • «ՄԵՆՔ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԿԵՆՍՈՒՐԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»…

    «ՄԵՆՔ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԿԵՆՍՈՒՐԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»…

    «ՄԵՆՔ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԿԵՆՍՈՒՐԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»…

    «Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք, և ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել Հայ ազգի՝ հավերժ Լույսին ձգտող հզոր ոգին» (Հ. Թումանյան):

    Հայոց ազգագրական գանձարանի գոհարներից է երգիծական կերպարներով հարուստ ժողովրդական բանահյուսությունը, որի ճյուղերից մեկն էլ զվարճախոսությունն է։

    Հայքի յուրաքանչյուր գավառում հազարամյակներ ի վեր ազգային, ավանդական տոնախմբություններն ուղեկցվել են ժողովրդական զվարճաբանություններով, սրախոսություններով, կատակ-երգերով, որոնք հարազատ են Հայի կենսախինդ ոգուն ու աշխարհայացքին։
    «Ամենահայտնի զվարճախոսն արցախցի Պըլ (խենթ, ծուռ) մականունով Պուղին է, որի բանահյուսական կրկնակները՝ Պոլոզ-Մուկուչը՝ Շիրակում, Հոբոսը՝ Լոռիում, քեռի Գինոսը՝ Ղափանում, ներկայացնում են տարբեր շրջանների բնակչության հավաքական նկարագիրը:
    Ընդհանրապես ժողովուրդը ծուռ, գիժ մականվամբ մկրտում է այն մարդկանց, որոնց արարքները դուրս են գալիս սովորական, հասարակության կողմից սրբագործված չափանիշների, ըմբռնումների շրջանակից»։

    Համագյուղացիների կամ հարևան գյուղերի բնակիչների մասին կատակներն ու զավեշտական պատմությունները՝ երբեմն համանման բովանդակությամբ, հանդիպում են գրեթե ամենուր։
    «Հոբոսի Ցուցրուկի գադուկի արտը հինգ վեց այծ են մտնում, որոնցից ամենափոքրը սպիտակ է լինում: Հոբոսը սաստիկ բարկացած գնում, բռնում է այս սպիտակ այծին և մի լավ թակում, ասելով. «Տօ, անտէ՛ր, ասենք թէ սրանք ջահել իծան են, խելքներուն հասնում չի, բա դու պռաւած, որ էդ ա մազդ Բերօի բիձա Վարոսի միրքի պէս սիպտակել ա, դու ի՞նչ ես ասում, որ էդ արտը ըրածում ես, քու հէ՞րն ա ըշխատել, թէ՞ դու» :
    Նկատենք, որ հանրահայտ այս թափառող սյուժեն հայտնի է նաև Հայաստանի այլ պատմաազգագրական շրջաններում:
    Այսպես. Սյունիքում պատմվող առակներից մեկում «Այծերը մտնում են Փարսու բանջարանոցը: Մահակով սկսում է ծեծել սպիտակ այծին:
    – Փարսի՛, ինչո՞ւ ես դրան ծեծում:
    – Մյուսներն անխելք ջահել են, ներելի է, իսկ սա սպիտակ միրուքավոր, չի հասկանո՞ւմ, որ չի կարելի ուրիշի բոստան մտնել»։ (Մեջբերումները՝ Սուրեն Հոբոսյանի «Լոռեցի առակախոս Հոբոսը» հոդվածից)։

    Արցախի՝ Վարանդայի մելիքության իշխան Մելիք-Շահնազարի առակախոս-խորհրդատու Պըլ Պուղու զվարճապատումները պատմվում էին նաև մյուս շրջաններում՝ Սյունիքում, Իջևանում, Արարատյան դաշտում…

    «Քաղաքական կարևոր հարցերի քննարկման նպատակով Պարսկաստան ուղարկված ծաղրածու Պըլ Պուղու արտաքին տեսքը, հագուստ-կապուստը վստահություն չի ներշնչում մեր հարևաններին, և երբ նրանք տարակուսած հարցնում են, թե Ղարաբաղում մի կարգին մարդ չկա՞ր, որ Պարսկաստան ուղարկեին, Պըլ Պուղին սառնասրտորեն պատասխանում է, թե՝ «Կա՛, խի չի կա: Բայց Ղարաբաղում կարգին մարդուն կարգին մարդկանց մոտ են ուղարկում (Թ. Հայրապետյան, անձնական գրառում, Արցախ, տետր № 1, 1999 թ., մեջբերումը՝ Թ. Հայրապետյանի՝ «Ղարաբաղի առակախոս Պըլ Պուղու սոցիալ-քաղաքական երգիծանքը» հոդվածից):

    «Պըլըպուղի՜, մեր մելիքությունում ինչքան հիմար մարդ կա՝ ցուցակը գրի, բեր,- պատվիրում է մելիք Շահնազարը:
    Ասում է՝ «Աչքի՜ս վրա»:
    Մի քիչ հետո ցուցակը բերում է՝ առաջինը մելիք Շահնազարի անունը գրած:

    • Պըլըպուղի՛, շաշվե՞լ ես, էս ի՞նչ ես գրել, բա ես հիմա՞ր եմ:
    • Որ հիմար չլինես, Պարսկաստանի շահին մի իշաբեռ ոսկի կտա՞ս:
    • Դե, դա վերադարձնելու ա:
    • Որ վերադարձնի՝ քո անունը ջնջելու եմ, իրանը գրեմ»։

    «Այն երանելի օրերին, երբ Պուղին էշ ուներ, մի մարդ է գալիս նրա մոտ:

    • Էշը էսօր տուր ինձ, տանեմ անտառից մի քիչ փայտ բերեմ, Պուղի:
    • Կտայի, բայց էշը տանը չի,- պատասխանում է Պուղին:
      Հենց այդ պահին նրա էշը գոմում զռում է: Հարևանը դառնում է թե՝
    • Բա ասում ես տանը չի՞:
    • Տա՛նը չի,- գոռում է Պուղին,- ի՜նչ աներես մարդ ես դու, էշին հավատում ես, ինձ՝ ոչ»:

    ․ «…Պըլը-Պուղին մնաց իմ հոգում, իմ էության մեջ, գահ դրեց իմ անձնաշխարհի ամենանվիրական տեղում։ Ես սկսեցի շատ հաճախ վերհիշել Պըլը-Պուղու առակները, զվարճաբանությունները, որ լսել էի գրեթե օրորոցից ու հիմա՝ այս պահին էլ լսում եմ։ Մի քանի անգամ գնացի նրա ծննդավայր Հայոց Ղարաբաղ աշխարհը, համբուրեցի մեր նախնիների այն հողը, որ մեզ, շատ թանկ բաների հետ, պարգևել է նաև հայկական Եզոպոս՝ Պըլը-Պուղի» (Սերո Խանզադյան)։

    Հազարամյակների խորքից եկող ժողովրդական երգիծանքը նաև խրատական բնույթ ուներ: Վասպուրական աշխարհի Արճակ գավառից, Շատախից, Կաճեթցիներից և շատ այլ վայրերից բազմաթիվ զվարճալի պատմություններ, երգիծապատումներ են գրառել բանահավաքները:
    Զավեշտալի վերջաբաններով այդ ծիծաղելի մանրապատում-զրույցներում արտացոլված է տվյալ շրջանի բնակչության յուրահատուկ մտածելակերպը:

    «Պատմում են, որ Կաճեթի բնակիչները ծուռ են, որովհետև նրանց «ախպրի ճուր ծուռ էր, վով խմեր կծռեր: Էտոր խամար էլ Կաճեթա մարթեր հըմեն ծուռ են»։
    Մի անգամ մի կաճեթցի խուրջինը լիքը լցնում է, բարձում էշին, տանում քաղաք վաճառքի: Ճապարհի մի հատվածը ցեխ է լինում, և ինչքան տերը էշին քշում է, որ ցեխի միջով անցնի, միևնույնն է, էշը չի մտնում ցեխը, այլ ճանապարհը փոխում է, չոր տեղով է անցնում: Կաճեթցին զարմանքով ասում է.

    • Ոլա՜հ, իմ էշ ձզնե խելոք ի, էլ ես ընչի՞ խետ կէրթամ քաղաք, իմ ոտներ կցավցուցեմ: Թող ինքյ է հա ծախի, ինչ որ պետք ի, առնի կգա տուն:
      Ասելն ու անելը մեկ է լինում:
      Կաճեթցին էշին ճանապարհին թողնում է, ինքը վերադառնում տուն: Երեկոյան տեսնում է էշը չեկավ, սկսում է փնտրել, սրան հարցնել, նրան հարցնել:
      Մի մարդ ծիծաղում է այս խենթ կաճեթցու վրա ու ձեռ է առնում.
    • Վա՜յ, աստված քյո տուն շինի, քյո էշ կնացի Կյավաշ քաղաքյ, իրե փաշա։
      Ծուռ կաճեթցին հավատում է, գնում է Գավաշի փաշայի ապարանքի մոտ և ցանկանում է ներս մտնել, բայց ծառաները չեն թողնում։
    • Ի՞նչ կուզես, քեզ ի՞նչ պետկ ի։
    • Կուզեմ էհամ մոտ փաշին տեսնամ, պան տասեմ։
      Ծառաները թույլ չեն տալիս, աղմուկի վրա փաշան դուրս է գալիս։
      Ծառաներն ասում են.
    • Ահա՜, կո փաշեն էկավ։
      Ծուռ կաճեթցին վազում է, փաշայի ականջից բռնում ու ասում.
    • Տո՜, իմ էշն իր, անտե՜ր, ես քյե օրոխկեցի էհաս քաղաք, առտուր անե՞ս, թե՞ կյաս տառնաս փաշա»…