Year: 2024

  • «ԿԱՆՉԸ»

    «ԿԱՆՉԸ»

    «ԿԱՆՉԸ»

    «Յա՜, Մարաթուկ» կանչով էր երկնում Մուշեղ Գալշոյանն իր յուրաքանչյուր ստեղծագործությունը: Սասունցիների նման՝ նվիրական սարից ոգեշնչվում, ուժ ու կորով էր նրանից հայցում՝ սկսած գործը գեղարվեստական կատարելությամբ ավարտելու համար:
    Հայրենի երկրի մասին ականատեսների հուշերն ու պատմությունները՝ անցյալի մասունքներն ու բնաշխարհին, իրենց գաղափարներին հարազատ մնացած վեհ Հայորդիներին է նա հավերժացրել իր գրչով:
    Մուշեղ Գալշոյանի պատմվածքների հերոսների ճակատագիրը միահյուսված է հարազատ Հայրենիքին ու Բնությանը: Նույնիսկ հեռվում՝ նրանք «Ծովասարի փեշի արտերում», Մարաթուկի լանջերին կամ «գյուղահայաց լեռան ձյուների մեջ» են՝ «հին ու նոր օրերի, մամռոտ օրերի» վառ հիշողություններով, Էրգրի հարազատ խոսք ու զրույցով, հարենիքի անշեջ կարոտով…
    Եվ կտակում են նորելուկ սերնդին.
    «Էղնի ու ձկու՜կ, հետ դառնաս իմ եկած ճամփով… էն ճամփեն, սար ու ձորի մեջ քանց թել խճճված կռվի ու կոտորումի իմ մոլոր ճամփեն, դու կծկիս ու ե՜տ դառնաս, ձկու՜կ»…

    Անանց կարոտի արտահայտություններից է լեռնցի Զորոյի երիտասարդ տարիների սիրո կանչը, որը Հայոց հանդեպ իրականացված ցեղասպանության հետևանքով ողբերգականորեն ընդհատվել էր ու վերստին առկայծում է տասնամյակներ անց: «Մետաքսաքող Մարութա սարի» ծաղկած քարերի մեջ «ծաղկեպսակը գլխին քարից քար թռչկոտող իր պստլիկ Ալեին» նա պատահաբար հանդիպում է 55 տարի հետո, երբ կրտսեր որդու հարսանիքի համար գինի էր փնտրում…

    ԿԱՆՉԸ

    Ալեեե՜.. Ալե՜, իմ հոգին, Ալեեե՜…
    Ծերունին, մահակին հենված, կանչում էր երգեցիկ: Գառները շաղ էին եկել լեռնալանջին, իսկ Զորոն… իսկ ծերունի Զորոն գառնարած չէր. գյուղը ընդհանրապես գառնարած չուներ, օրը մեկն էր քշում հոտը, և այդ օրը Զորոյի հերթն էր, իսկ Զորոն՝ խոշորկեկ ու թավամազ, հենվել էր մահակին ու երգեցիկ կանչում էր:
    -Ալեեե՜.. Ալե՜, իմ հոգին, Ալեեե՜…
    Արևածագից մահակին հենված կանչում էր ու կանչում:

    Է՜, ե՞րբ էր, էլի՝ գարուն, այսպիսի կապույտ ու փափուկ մի առավոտ կար, կապույտ աշխարհ, Մարութա սարը կապույտ քողն ի դեմքին, ձորերն ու կիրճերը կապույտ երկնքով լցված, ծերպերին ու ձորաբերաններին թառած գյուղերի շունչը կապույտ էր, սանձը կտրած Տալվորիկի հևքից ձորը լցված կապույտը քլթքլթում էր… Մարութա սարի փեշին փռված գառներն ու ուլերը խլշկոտած ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ: Մատղաշները դունչ ու լեզվով, վախվորած հայացքներով շոշափում էին քարերը, քարերի նախշուն մամուռները, հոտոտում էին հողի բույրը, սեզերից ու չոր փշերից խրտնում, ճնճղուկների ֆռռոցի վրա ծփում քարեքար… Մատղաշները ծանոթանում էին աշխարհի ու գարնան հետ, իսկ Զորոն՝ տասը-տասնմեկ տարեկան մի տղա կար՝ Զորոն, կանգնած կապտաժեռ վեմին՝ պարսատիկը թափով պտտում էր, վը՜ժժ-վը՜ժժ, և քարեր էր շպրտում դեպի ձորը:

    Հետաքրքիրը հենց այդ էր: Քարը սույլ ու թափով հասնում էր մինչև ձորը, իսկ ձորի վրա ուղեծիրը մեկեն կոտրվում էր, և քարը՝ քանց զարկված ագռավ, թպրտալով ընկնում էր ձորը:
    Բանջար հավաքող աղջիկների նախշուն բույլքը վետվետում էր լանջն ի վեր: Նրանցից մեկը՝ յոթ-ութ տարեկան պստլիկ Ալեն, սև պլստան աչքերով ու ջուխտակ բարակ ծամով Ալեն, բոբիկ ու նախշուն գոգնոցով ու կրակի կտոր Ալեն: Ամիկի պես՝ հենց իրենց թանիկ ուլի, հենց Զորոյի խլրտուն մատղաշներից էն ճերմակ ականջներով ուլի պես, քարեքար էր թռչկոտում…
    Ալեն… Ծաղկեպսակ էր գործել-դրել գլխին… Ալեն… հովից տարուբեր գույնզգույն
    ծաղիկների մի փունջ…
    Պստլիկ Ալեն… Եվ Զորոն անակնկալ հասկացավ, զգաց, որ նա ի՜ր Ալեն է, ուրիշ ոչ մեկինը, իր Ալեն է ու կա:
    Այս կապույտ աշխարհը իրենն է, այս դաշտն առավոտը, մետաքսաքող Մարութա սարը իրենն է, Տիրամոր վանքի գլխին որպես լույս իջած ճերմակ ամպի պատառն իրենն է, Տալվորիկ ծուռ գետի գոչգոչունը, գյուղի գլխին բզկտված ծուխը, այս խլրտուն ու խլուշտ-մլուշտ ուլերն ու գառները իրենն են, արևը, երկինքը, այս ծաղկած քարերը, ժայռը, որին կանգնած թափով պտտում է պարսատիկը, վը՜ժժ-վը՜ժժ-վը՜ժժ, այս խելառ պարսատիկը իրենն է, Ալեն… ծաղկեպսակը գլխին քարից քար թռչկոտող պստլիկ Ալեն իրենն է, ուրիշ ոչ մեկինը չէ, իրենն է ու իրենը:
    2
    -Ալեեե՜.. Ալե՜, իմ հոգին, Ալեեե՜… Ծերունին մահակին հենված՝ կանչում էր երգեցիկ:
    Գարնան է՜ն առավոտը նրա համար էր այնքան լուրթ ու գեղեցիկ, որովհետև արևի խավարում պետք է լիներ…
    Դալար վարոցով գառնարածը էն առավոտ նրա համար նկատեց, նրա համար գտավ իր պստլիկ Ալեն, որովհետև պետք է կորցներ…


    Եվ հանդիպեց մեկ էլ հիսունհինգ տարի հետո…
    Երբ ամուսնացնում էր իր կրտսեր որդուն, Զորոն որոշեց հարսանիքի խմիչքը անձամբ և անպայման Արարատյան դաշտից բերել… Մյուս որդիներին ամուսնացնելիս նեղն էր և փոքրիկ հավաք արեց, հարսանքանման մի բան: Իսկ, ահա փառք, կարող է ողջ գյուղի, հեռու ու մոտիկ բարեկամների համար լի ու բոլ սեղան բացել, անարատ ու ընտիր գինիով և անպայման՝ Արարատյան դաշտի և կա ու չկա՝ տնական: Որքան էլ ավագ որդին, որ առանձին ծուխ էր, միջնակ որդին, որ արդեն առանձին ծուխ էր, որքան էլ համոզեցին խմիչքը բերել գինու գործարանից (գործարանի գինուն գինի չի հասնի), Զորոն չհամոզվեց, Արարատյան դաշտից, կա ու չկա՝ Արարատյան դաշտից, և ընտրողը ինքը՝ Զորոն պետք է լինի:

    Եվ առավոտյան նստեց մեքենա, միջնակ որդին սեփական ավտո ուներ, նստեց որդու կողքն ու իջավ դաշտ:
    Գյուղեր մտան՝ դուրս եկան, մտան, դուրս եկան, ամեն գյուղում Զորոն, է՜, քանի կարասի գինի փորձեց, բայց ոչ մեկը սրտովը չէր:
    Իրիկնապահ էր արդեն, խիտ ծառաշարերով երիզված մայրուղով որդին սրդողած թռցնում էր մեքենան, ծառերի արանքից հանկարծ մի ճանապարհ հայտնվեց, և Զորոն, չգիտես ինչու, խառնվեց իրար,-անցանք,- և ձեռքը գցեց ղեկին: Մեքենան թռավ ճանապարհից և խճճվեց թփուտների մեջ: Առանձնապես վթար չէր: Դռան մի փոքր քերծվածք, մի քանի խազ ու մազ, բայց որդին փրփրել էր:
    -Քու սիրտ լեն պահե, լա՜ո,- հանգստացրեց Զորոն,- կպատահի՝ բարին էս էր:
    -Էս գեղ իմ սրտին դուր եկավ:- Հետո, գյուղի կենտրոնում, մեքենան կանգնեցնել տվեց,- լավ-վատ՝ էստեղից կառնինք:
    Եվ մոտեցան հավաքվածներին:
    Բոլորն էլ գինի ունեին և պատրաստ՝ մառան առաջնորդելու: Միայն մեկը՝ լողլող մի մարդ, սուս էր, և Զորոն հենց նրան դիմեց:
    -Ինչո՞ւ չունեմ,- պատասխանեց մարդը,- այգի ունեցողը գինի էլ կունենա:
    -Աստված վկա, իմ տղի հարսանիք քու գինով կանիմ,- հայտարարեց Զորոն,- էրթանք ձեր տուն:
    Որթատունկի թառման ճակատին առած գինեբույր տուն էր: Տնամերձ ծիրանենու բունն ի կախ տաքդեղի կարմիր շարուկներ կային, և պստլիկ ու ժիր մի պառավ վար էր առնում շարուկները:
    -Լավ տուն ու տեղ ունիս, ախպեր:
    Տունն ու այգին իրոք, Զորոյին շատ դուր եկան:
    -Ուրախ վայելում:
    Խոսքի վրա պառավը կտրուկ շուռ եկավ: Մեկ ուզեց տաքդեղը գցել մաղի մեջ և մոտենալ, բայց այդպես՝ կարմիր շարուկը թևին, շարունակեց հետաքրքիր նայել անծանոթին:
    -Քու նշանա՞ծն է:
    -Հա: Քո երկրացին է:
    -Իմ էրգրացի՞ն… Հը՜մ, արի, հը՜մ, արի, իմ քուր,- խնդացավ Զորոն:- Հը՜մ, արի ծանոթանանք:
    Պառավը մանրիկ ու չափուկ մոտեցավ, ժպտերես ձեռք տվեց: Թևն ի կախ շարուկները խշխշացին, և նա մեղավոր նայեց, որ տաքդեղով է դիմավորում երկրացի հյուրին:
    -Էրգրի ձեր գեղ ո՞ր մեկն է, քուրիկ:
    Եվ պատասխանի վրա Զորոն կուչ եկավ, ինչպես կծկվում են շպրտված քարից:
    -Սարեկա՞ն,- դժվարությամբ մեկնվեց Զորոն,- Սարեկա՞ն,- և չնայած պառավը շատ մոտ էր, Զորոն դեմքը մոտեցրեց և կկոցած նայեց աչքերի մեջ…
    Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային: Զորոն կախեց գլուխը, ապա մտմտուն ու շեղակի նայեց կնոջ թևն ի կախ տաքդեղի շարուկին, հետո հեռո՜ւ- հեռվից, շատ հեռվից եկող մի ժպիտ՝ կոտոր, մեղք ու կրակ, սարդոստայնի պես խճճվեց բեղին, և նա շշնջաց՝ Ալե՜ն: Նույնիսկ պառավը չլսեց իր անունը:
    -Ալե՜ն,- շշնջաց Զորոն ու ծանր շտկվեց:
    Շտվեց, ձգվեց, ձգվեց (վերջին տարիներին որդին հորը այդպես շիտակ ու ձիգ չէր տեսել), արտասովոր ձգվեց և դիմացը կանգնած պստլիկ կնոջ գլուխն ի վեր նայեց հեռու, տների ու ծառերի արանքից գտավ լեռնապարը, և որքան շունչը հերիքում էր կանչեց.- Հըըիիի՜, Ալեե՜ն… Ալե՜ն,- հայացքը հեռու լեռներին՝ հա՜ կրկնեց,- Ալեե՜ն…

    Պառավը ծգլվզած տնտղում էր Զորոյին, որ կիսախուփ, մշուշոտ հայացքը հեռու, վերացած իր անունն էր կրկնում և ի պատասխան նրան, հարձագանք այդ հեռագնա ու տաք շշնջոցի՝ լացել էր ուզում:
    Հետո Զորոն շաղված հայացքը դարձրեց պառավին և էլի շշնջաց.
    -Ես Զորոն եմ… Ալե՜:
    Եվ ձեռքերն առավ ափերի մեջ, քամեց, կպցրեց խոնարհված ճակատին, հետո մոտեցրեց շուրթերին:

    Պառավը շփոթվեց: Էրգրի օրենքով կինը պետք է տղամարդու ձեռքը գնար, և շտապեց համբուրել Զորոյի ձեռքը: Արցունքներն արդեն թափվում էին, է՜, երբվանի՞ց մոռացված-մոլորված արցունքները ելք էին գտել, և հանգրվանը Զորոյի ձեռքերն էին:
    Հետո այնպես եղավ, որ միմյանց ձեռքերն էին թռցնում համբուրելու համար, և տաքդեղի շարուկը, որ կախված էր պառավի թևից, զորացած տաքդեղի կարմիր շարուկը, խշրվեց նրանց դեմք ու աչքերի մոտ, Ալեն, փռշտաց, նա, որ հանդարտիկ թափում էր աչքերից, և լացը այնքան դուր էր գալիս, տրորեց աչքերը, և ջերմ ու մաքուր արցունքները պղտորվեցին, կծվացան կոպերի տակ…

    Եվ դեմ-դիմաց կանգնած երկու երեխա բռունցքներով տրորում էին կծկծացող աչքերը ու շաղված հայացքներով նայում էին իրար:
    -Բաբո, ուշացանք,- հարկ համարեց որդին:
    Զորոն սթափվեց: Աչք դիպցրեց որդուն, ապա տնտղեց տանտիրոջը, դարձավ նայեց Ալեին և գլուխը տմտմբացրեց:
    -Ալեն… կմկմաց: Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էլի դարձավ տանտիրոջը. «Ուրեմն… քու նշանածն է… Բարի վայելում:- Եվ վռազ ավելացրեց: — Գինին ո՞ւր է:
    Մառանում տանտերը պղնձե չափով գինի լցրեց, գավաթի հետ մեկնեց Զորոյին, որ փորձի, իսկ Զորոն հենց չափով խմեց, մի շնչով դատարկեց ու փառավորվեց:
    -Օխաա՜շ,- ափով սրբեց բեղերը:-Իմ սիրտն հովցավ… էսպես անուշ գինի իմ շրթին չէր դիպե, Ալե: Անուշ գինի էր: — Եվ գլխահակ և շեղ ու մի տեսակ իրենից զատվող հայացքը մառանի անկյունում կանգնած պառավի սոլերին՝ դիմեց որդուն:-Իմացա՞ր, լաո, թե արև ծագից չուրի հիմա ինչի համար կմտնինք գեղերն ու կելնինք, կմտնինք ու ձեռնադատարկ կելնինք դուրս…
    Իմացա՞ր… Իմ ուզած գինին էս էր ու էս… Լցրե՜ք:
    -Ինչքա՞ն, քանիսո՞վ,- հետաքրքրվեց տանտերը:
    -Կարասը լրիվ իմն է:-Զորոյի ձայնի մեջ կռիվ կար:-Լցրեք ու առանց հախ ու հաշվի… Գինին անգին է,- բողոքեց Զորոն,- գին ու արժեքն էլի գինին է, Ալե… Լցրե՜ք:

    Տանտերը մոտեցավ չափը վերցնելու, բայց Զորոն չտվեց:
    -Ուրիշ բանով լցեք, էս իմ բաժակն է:
    Որքան էլ որ տանտերը համոզեց, որ ոտքի վրա խմել պետք չէ, տուն կա, սեղան կա, քիչ հետո մարդավայել սեղան կնստեն, կարգին կծանոթանան, մանավանդ որ համերկրացի-համագյուղացիներ են հանդիպել, Զորոն չլսեց: Որդին բշտեց, միջամտեց նաև Ալեն, բայց Զորոն տեղն ու տեղն էր ուզում խմել, հենց՝ պղնձե ամանով, հենց կարասից:
    Ստիպված պառավը հաց ու մաց բերեց՝ հարմարեցրեց, սակայն Զորոն ձեռք չտվեց հացին, կարասին մոտիկ հենվեց պատին՝ լցրեց ու խմեց, լցրեց ու տակետակ խմեց… Եվ սրբում էր բեղերը ու բռի մեջ տնքում ՝ Ալե՜…
    Պառավը նստել էր իր հարմարեցրած սեղանի մոտ և մտամոլոր նայում էր: Քիչ առաջ, երբ Զորոն նոր մտավ բակ, նա ժիր ու կայտառ էր, հիմա կուչ էր եկել, իրոք՝ մի բուտ պառավ, թմբիրի մեջ, աչքերը դեռ կծկծում էին, բայց զգում էր, որ ընդհատված անուշ լացը ալիք-ալիք բարձրանում է:
    -Քու էրիկին տեսանք, Ալե՜, ուրիշ ի՞նչ ունիս:
    -Փառք Աստծու, տղեք ունեմ, ախպեր Զորո,- և որոշեց զսպել լացը,- հարսներ ունեմ, ամուսնացած աղջիկներ ունեմ, թոռներ ունեմ: Դո՞ւ ինչ ունես, ախպեր Զորո:
    -Փառք Աստծու, տղեք ունիմ, Ալե՜, հարսներ ունիմ, կարգված աղջիկներ ունիմ, Ալե, բոլ թոռներ ունիմ, էս գինին էլ,- Զորոն էլի լցրեց ամանը,- էս անուշ գինին էլ իմ փոքր տղի ուրախության համար է, հարսանիքի համար է, Ալե… Հըիիի՜, Ալե, իմ հո՜գին:
    Եվ սկսեց երգել:
    Տանտերը, կարասի վրա խոնարհված, անթատակով բբեց Զորոյին և տակետակ ժպտաց՝ գնահատեց իր գինու ուժը:
    -Էս ի՜նչ անուշ գինի էր, Ալե,- երգի միջից ու երգահանգ կանչեց Զորոն: -Էսքան ժամանակ էսքան անուշ գինի էղնի հոս, ու ես անտեղյակ: Հըիի՜ի, Ալե:
    Եվ կցեց կտրված երգը:
    Տանտերն ու որդին ավարտեցին գինու չափն ու հաշիվը: Զորոն երգում էր: Տանտերը ծխախոտ վառեց ու նստեց կնոջ կողքին, Զորոն երգում էր, որդին գինով լի տիկ ու տակառիկները տարավ՝ տեղավորեց, դարձավ կանգնեց մառանի կենտրոնում, Զորոն ինքնամոռաց երգում էր: Պղնձե ամանը դատարկ էր արդեն: Վերջին չափ գինին երգելիս շաղ էր տվել, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, ոտից-գլուխ օծել իրեն:

    -Հըիի՜ի, Ալեե՜:
    Ինչպես սկսել էր, այնպես էլ ավարտեց երգը, աչքերը բացեց, սակայն ոչ մեկին
    չտեսավ՝ ոչ մոլորիկ Ալեին, ոչ խնդմնդացող տանտիրոջը, ոչ կողքին կանգնած որդուն, որ պղնձե ամանը առավ ձեռքից և մտավ թևը:
    -Գնացինք, բա՜բո:
    Զորոն թևը փոխցրեց և պինդ սեղմվեց պատին:
    -Մարաթու՜կ վկա, իմ ոտքն էստեղից դուրս չի՜ էլնի: Ալե՜ե…
    Տանտերն առաջարկեց, որ գնան տուն, Զորոն պառկի, մի քիչ հանգստանա:
    -Հայ-հաա՜յ, էլ իմ աչաց քո՞ւն կգա:
    Եվ բռունցքներով տրորեց աչքերը:
    -Ալե՜ե,- կանչեց Զորոն,- դու ո՞ւր կորար:
    Հետո որդին նորից քաշեց, և Զորոն հրեց ու հայհոյեց, վրավորեց նաև տանտիրոջը: Երեխայի պես կառչել էր պատից և չէր ուզում պոկվել և մեջ-մեջ կանչում էր.
    -Ալե՜ե…
    Եվ տանտերը տեղին դիտողություն արեց:
    -Դու զիս կվռնդի՞ս, հա՜յ:
    Զորոն ձայնի վրա չքշեց միայն նրա համար, որ կառչած տեղից չպոկվի, չհեռանա: -Հացն ու գինի, Տեր կենդանին, կզարկիմ ու քու կարասներ կանիմ ջարդուխուրդ: Զի՞ս կվռնդիս… Ալեե՜ե:
    Ստիպված՝ որդին ու տանտերը քաշքշելով տարան, և Զորոն, կանչը շուրթերին, աջ ու ձախ որոնում էր Ալեին և չէր նկատում, և քաշքշվելով ելավ մառանից:
    Պառավը, որ հուզված կուչուռել էր, փլվեց ծնկներին և հոնգուր-հոնգուր լաց եղավ: Դրսից լսվում էր կանչը՝ Ալե՜ե, ոչ ոք իրեն այդպես չէր կանչել՝ այդպես ջերմ, այդքան սրտանց, այդպես կարոտիկ, աղոթքի նման, երգի պես, հեռու լեռներից եկող արձագանքի պես… Ալե՜ե,- գնալով հեռվից էր լսվում կանչը:

    Զորոն մութ փողոցում կանչում էր, գյուղից դուրս ելան՝ նույնը, և մինչև քնելը:
    Եվ քնած, շուրթերը խլվլում էին,- Ալե՜ե…
    3
    -Ալե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեե՜ե…
    Ծերունին մահակին հենված՝ երգեցիկ կանչում էր ու կանչում: Լանջն ի վեր մի մանչ ու մի աղջիկ էին բարձրանում: Զորոյի թոռնիկներն էին, կրստեր որդու երեխաները, նրա, որի հարսանիքի գինին Ալեենց տնից բերեց:
    Հարսանիքից հետո էլի մի երկու անգամ իջավ դաշտ՝ ի տես Ալեին, հետո ձմեռը վրա տվեց, հետո գարուն՝ Զորոն բան ու գործի, առօրյա հոգսերի հետ, երբեմն հիշեց՝ միտք դրեց իջնել դաշտ, և ամեն անգամ մի բան խանգարում էր… Եվ այդպես տարիներ անցան:
    Վեց տարի:
    Իսկ այսօր… Իսկ այս առավոտ Զորոյի հոգին տակն ու վրա էր:
    Մահան էր արել գառները, իր տեղը, որ գյուղի թիկունքի սարն էր, իր գոյությունը… Դիմացը երկնագույնով լցված ձորերն ու կիրճերն էին, Արարատյան դաշտը՝ ծավե շղարշի տակ և այդ ծովածուփ շղարշի վրա՝ արծաթ գոտի՝ ելման Արաքսը, դենը՝ տակը փոթորիկ մտած վրանների ելևէջ շարուկը՝ Հայոց լեռնապարը, բայց նրա համար գարնան մի ուրիշ առավոտ կար, աչքերի առջև գարնան հետ պսակադիր, է՜, մի ուրիշ առավոտ կար, աչքերի առջև գարնան հետ պսակադիր, է՜, մի ուրիշ աշխարհ՝ կապույտի հետ ծանոթացող գառ և ուլերի մի ուրիշ հոտ կար, դալար վարոցով գառնարած մի տղա և բանջարահավաք աղջնակների մի նախշուն բույլ, և ծաղկեպսակով պստլիկ մի աղջիկ՝ քարեքար թռչկոտող…
    -Ալե՜ե,- հայացքը հորիզոնին՝ կանչում էր ծերունին,- Ալե՜, իմ հո՜գին, Ալեեե՜ե…
    Եվ թոռներին նկատեց այն ժամանակ, երբ կողքին էին, և աղջնակը փիսոյի պես քսմսվում էր սրունքներին:
    -Բա գառներն ո՞ւր են, պա՜պ:
    -Գառնե՞ր,- ծերունին ուշ հասկացավ թոռան հարցը,- գառնե՞ր,- հեռու հեռվից վերադարձած հայացքը պտտեց շուրջբոլորը:- Գառներին ի՞նչ կպատահի, գառնո՜ւկ:

    Ծնկները նվում էին, գետինը քաշում էր, տնքալով նստեց, բայց հորիզոնը ձգում էր հայացքը, իսկ միտքը անընդմեջ նույնն էր կրկնում:
    -Ուտե՜նք,- աղջնակը շտապ բացեց կապոցը,- բոլո՜րը կուտենք, պա՜պ:
    «Գավաթ մը գինի կպիտեր,- մտածեց Զորոն և տեղն ու տեղը որոշեց՝ «Էլնիմ ու էրթամ Ալեի մոտ»:
    -Գառներն ո՞ւր են, պապ:
    -Չկա՞ն,- Զորոն մահակին հենված՝ ոտքի ելավ. «Էրթամ Ալեին ի տես»:
    -Գառներն է՜, էնտեղ են,- անորոշ մեկնեց փայտը: — Գնա ժողվե-բեր, քու քրոջ հետ՝ հաց կերեք, ես հասնիմ գեղն ու դառնամ:
    Ճանապարհին, մինչև տուն հասնելը, Զորոն հա՜ մեղադրեց իրեն, որ այսքան ժամանակ Ալեին տեսության չի գնացել: Եվ զարմացավ, ինչո՞ւ չի գնացել, ժամանա՞կ չկա, աչք ու ոտքի՞ց է տկար, կարողությո՞ւն չունի, ճամփա ու ավտո՞ չկա… Ախր ինչո՞ւ չի գնացել, միտք բերած օրը ինչո՞ւ է հետաձգել այցելությունը:
    Եվ, չգիտես ինչու, մեղավորը դուրս եկավ կինը: Ու երբ տուն մտավ, կնոջ վրա զայրացած էր արդեն:

    • Քու ձեռքի հացն հարամ է:
      Ոտքը շեմից ներս դնելն ու կռիվը մեկ եղավ:
    • Հարամ է,- կրկնեց Զորոն,- դու քու աջ ձեռքով հաց ես տվե, ձախով իմ հոգին առե,- ասաց Զորոն: — Դու իմ հոգին իմ բերանն ես հասցրե: Կպիտի էս փետ քու գլխին ջարդիմ:
      Եվ փայտը բռունցքի հետ խփեց իր գլխին: Խփեց ու նոր միտք ունեցավ.
      «Աստվածն իմ խելքի տունն ավրե. Ալեին էլ ի՞նչ տեսություն… էլ ի՞նչ տեսություն… էրթամ զինք առնիմ ու գամ»:
      Պառավը շվոթ ու շիվար կանգնել էր:
    • Իմ խանգարիչ դո՜ւ ես,- վերաձայնեց Զորոն:
      «Մարդկանց խոսք ճշմարիտ է հայի վերջին խելքն էղներ իմ գլուխ… էն օր, էն գինու օր
      հարկ էր Ալեին առնեյ ու գայ»:
    • Իմ խանգարիչ քու երեխեքն են: Քու աղջիկներն ու քու տղեք:
      «Հենց էն օր հարկ էր Ալեին նստեցնեյ ավտոն ու բերեյ»: Եվ մտքով անցավ,
      որ տղան դեմ կկանգներ, թույլ չէր տա:
    • Իմ խանգարիչ քու միջնակ տղեն է էղե, քու փոքր տղեն է, ու ես իր ձեռքի տակ կապրիմ…
      էս տուն բանտ է, իմ շունչ մեջ էս տան չի էլնի… Ես կբաժնվիմ: Մեկեն ու հաստատ որոշեց Զորոն:
      «էսօր էն քողտիկ կարգի բերեմ, լուսուն էրթամ Ալեին առնիմ ու գամ»:
    • Երկինք դիպնի երկրին՝ կբաժնվիմ ու կբաժնվիմ,- պնդեց Զորոն:
      «Խաթրով չեղավ՝ կփախցնիմ ու կբերիմ»:
    • Բա՜վ է, խաթրով էղնի՝ կբաժանվիմ, զոռով մնաց՝ կբաժանվիմ:
      Եվ պառավի զարմացած, շփոթված հայացքի տակ Զորոն փնչալով քշեց դուրս:
      Նոր տան թիկունքին քողտիկ կար. հին տունն էր, դուռը մետաղալարով կապկպված: Հին իրեր էին լցված քողտիկում: Ծերացած օրորոց, այրված վառարան, խոփ, գերանդի, եղան…
      Տանելի մի վառարան ընտրեց, երկու աթոռ, մնացածը կրեց-դասավորեց քողտիկի թիկունքին, մաքրեց պատ ու առիք, դուռը ամրապնդեց… կարգի գցեց հին տունը:
      Իսկ երեկոյան, երբ տղաները հավաքվեցին-եկան, հայրը տեղադրել էր արդեն իր մահճակալը, անկողինը աման-չաման էր բերել, մի պարկ ալյուր… Հայրը առանձին տուն էր ու դռանը նստած՝ հանգիստ ծխում էր: Տղաները իրար անցան, ո՞վ է վիրավորել բաբոյին, միմյանցից հաշիվ էին պահանջում, մորն էին հարցու- փորձում, հենց իրենից՝ բաբոյից էին ուզում պատճառը իմանալ՝ ո՞վ է վիրավորել, իսկ Զորոն կարճ էր կապում.
    • Աշխարհքն է վիրավորե Զորոյին… Մեջ աշխարհքին ինչքան մարդ կա՝ Զորոյին վիրավորանք է հասցրե: Ու Զորոն աշխարհքի հետ խռով է ու… «մենակ Ալեն… մեջ աշխարքին՝ մենակ Ալեն», ու կբաժանվիմ:
      Ինչ արին-չարին, տուն չգնաց և ոչ էլ՝ առանձին ծխատեր զույգ որդիներից մեկն ու մեկի հարկի տակ:
      Բաժանումը հաստատ էր ու հաստատ:
      4
      Հաջորդ օրը կեսօրին Զորոն արդեն դաշտի գյուղում էր: Մի քանի անգամ գնաց-եկավ Ալեի տան դիմաց՝ փողոցում էր ուզում հանդիպել, գնաց-դարձավ, կանգ տվեց ճյուղերը տան պատուհանին քսող թթենու տակ, թխկթխկացրեց պատուհանը և, թթենու բնի ետևը պահ մտած, սպասեց արձագանքի՝ Ալեն չի՞ երևա պատուհանի մոտ… Թե երևաց՝ ձեռքով նշան կանի-կկանչի: Գնաց-եկավ՝ թխկթխկացրեց, պահ մտավ, բայց Ալեն չկար ու չկար: Փողոցում երեխաներից բացի ոչ ոք չէր երևում, գարուն էր, ամեն մեկն իր բան ու գործին:
      Եվ Զորոն ստիպված էր մտնել բակ: Բակ մտնելն ու Ալեին տեսնելը մեկ եղավ՝ նույն ծիրանենու մոտ էր, որ գինի տանելու օրը տեսավ (տաքդեղի կարմիր շարուկն էր հավաքում): Հիմա ծիրանենու շուրջբոլորը բանջարեղեն էր ցանված, և Ալեն փխրեցում էր անում: Շատ պստիկ էր: Նստած էր թմբին, ուս ու պարանոցով թեքվել էր կողքի և իմիջիայլոց, Զորոյին այդպես թվաց, իմիջիայլոց փխրեցնում էր ու դնդնում, Զորոյին այդպես թվաց, ոչ խոսք լսեց, ոչ դնդնոց լսեց, բայց նրան թվաց, թե Ալեն, իրոք, խաղ էր ասում, է՜, էրգրի հին խաղերից, գինին տանելու օրը ասած իր խաղերից մեկը Ալեն դնդնում էր:
      Զորոյի ձայնի վրա պառավը տարիքին անսովոր կտրուկ նայեց:
    • Իմ հոգի՜ն, Ալե՜:
      Զորոն փայտը հենեց ծիրանենու բնին և պառավի ձեռքերն առավ ափերի մեջ: -Բարով տեսանք… Փոքրացե՜-դարձե բուռ մի… է՜ ն Ալեի չափ:
      Եվ գլխով արեց լեռների կողմ:
    • է՜ն պստիկ Ալեի չափ: Կհիշի՞ս… Քանց էսօր՝ իմ աչաց դեմն է: Դու կհիշի՞ս…
      Քու գլխին ծաղկեպսակ կար, ու դու քանց ուլիկ՝ էս քարեն՝ էն քար, էս քարեն՝ էն քար:
      Կհիշի՞ս… Օր է՜ն նշանավոր օրն իմ սիրտ ճղփաց…
      Եվ ստացվեց այնպես, ինչպես առաջին հանդիպման ժամանակ. Զորոն ձգված, մշուշոտ հայացքը հեռու լեռներին, իսկ դիմացը կանգնած պստլիկ պառավը՝ ծգլվզան, աչքը՝ էրգրացու կիսաքուփ աչքերին:
    • էրթանք տուն, ախպեր Զորո:
    • Չէ՜, տուն չէ, տուն չէ՜, իմ հոգին,- աշխուժով վրա բերեց Զորոն,- այ, այգու խորքում ջահել խնձորենի կար, էն ծառի տակ:
      Հետո պղնձե ամանով գինի խնդրեց և փայտն առավ, գնաց-նստեց խնձորենու տակ:
      Գլխարկը հագցրեց ծնկին և նայեց լեռների կողը: «Իմ գործն արդար է, ու Մարաթուկն ինձ օգնական»:
    • Իմ գործն արդար է, Ալե՜,- գինին առավ պառավի ձեռքից,- ու Մարաթուկն ինձ օգնական:
      Խմեց գինին և գործնական շտկվեց տեղում:
    • Դե հիմա հարց տուր, թե ինչի համար է էկե Զորոն:
    • Ծանոթ բարեկամ մարդ ենք, ախպե՛ր Զորո, էրգրացի, գնալ-գալն աշխարհի օրենքն է:
    • Հըմը էդքա՞ն, Ալե’… Նոր,- Զորոն ձեռքը մեկնեց ծիրանենու կողմ,- նոր քեզ բան ասի… Օր էսօրվա պես անուշ օր էր, ու իմ սիրտ ճղփաց քու վրա, Ալե՛:
      Զորոն սպասեց պատասխանի, իսկ պառավը հարցական նայում էր:
    • Հաց բերե՞մ, ախպե՛ր Զորո:
    • Հաց չէ, գինի կպիտի:
      «Յա՜ Մարաթուկ,- մտքում օգնություն խնդրեց Զորոն,- քու սուրբ ձեռքով բորբոքած կրակ, քու սուրբ ձեռքով թող հով ու զով դառնա»:
    • էդ օր,- հենց պառավը հայտնվեց, Զորոն շարունակեց խոսքը,- էդ գարնան օր, որ Մարութա բարձրիկ վանք քու սերն ճիրեց մեջ իմ սրտին, Ալե՛, քու բոյ, ա՜յ, էսքան էր,- մի թիզ կտրեց գետնից:- Իմացա՞ր: էն օր ես ուշքի եկա, որ Ալեն՝ բոբիկ ու շաղոտ ոտքերով Ալեն, ծաղկեպսակով Ալեն, իմ Ալեն է: Իմ Ալեն է ու իմ Ալեն է: Իմացա՞ր… էն օր Մարաթուկ սեր տվեց, հըմը մեկել օր անօրենները խլեցին… Բորենին ընկավ մեջ մատղաշներին, ավեր ու կոտորում, առ ու փախ ու ալան-թալան էղավ ու արևի խավարում էղավ… արևի խավարում էղավ, Ալե՛, ու ես ու դու կորցրինք զիրար… Իմ խոսք ճշմարի՞տ է, իմ հոգին:
    • Քու խոսքը կոտորումի մասին չէ՞, ախպե՛ր Զորո:
    • Կոտորումի մասին է ու… սիրո մասին է, Ալե՛:
      Ծերունին գինի խմեց, նոր ծխախոտ վառեց և սպասեց արձագանքի: Պառավը լուռ էր, ուս ու պարանոցով կողքի թեքված, և մաշված մատները խաղում էին կանաչների հետ:
    • Նորեն դու իմ Ալեն ես,- շշնջաց ծերունին:- էն օրը չի կորե, Ալե՛, էն օրը կա, գարնան էն օր քանց իմ աչաց դեմն է… Ուլերն ու գառներ կխաղեն Մարութա փեշին, դու…
      Նախորդ առավոտի հետ հայտնված, է՜, անցած-գնացած գարնան օրը, որ թավիշ ու գունեղ պարուրել էր ու պոկ չէր գալիս, Զորոն նորից պատմեց:
    • Ըբը՜… Մարաթուկ կնքեց իմ սերն ու էն օրից չուրի էսօր էդ սուրբ մեղք մեջ իմ
      հոգուն է, Ալե՛… Ելի՛ ու քու գոտին ժրե ու էրթանք, իմ հոգին:
    • Ո՞ւր,- զարմացած նայեց պառավը:
    • Կհարցնե՝ ո՞ւր… Ըբը էսքան հեքիաթ ո՞ւմ համար էր, Ալե՛, ելի ու հետ իրար էրթանք մեր գեղ: Իմ քոչից բաժանվեցի ու բաժանվեցի, քանի մի տարվա կյանք է մնացե՝ հետ իրար ապրինք ու թող Մարաթուկի սրտով էղնի:
    • Խելա՞ռ է,- ափն ի շուրթ՝ մեկուսի ասավ պառավը և ակամա փորձեց գինին վերցնել Զորոյի դիմացից:
    • Չէ՜, գինին չէ՜ … Գինին էստեղ ի՞նչ մեղք ունի, գինին չէ, Ալե՛, է՛ս է,- ափը դրեց սրտին,- էս է, իմ հոգին, էս է… էն խորոտ հեքիաթն ո՞ւմ համար էր, Ալե: էլ ինչի՞ էն լուս-առավոտ ծնվեց-եկավ աշխարհք, թե ես ու դու մեր գլուխ հետ իրար չդնինք մեկ բարձի…
      Թե՝ չպիտի լինի… թե՝ չպիտի լիներ, էն կապույտ առավոտը ինչո՞ւ ծնվեց, թե Զորոն էդ առավոտ իր պստիկ, նախշուն Ալեին պետք է գտներ ու իրիկուն չեկած՝ կորցներ, էդ լույս-առավոտը ինչո՞ւ եղավ, Ալե՜ … Եղավ, որ գար էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եղավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, ասեր ու էրթա՞ր, Ալե… Երա՞զ էր… Խորոտիկ հեքիա՞թ էր… Չէ՜, էն լույս-առավոտը եղել է ու կա:
    • Ելի՛ ու քո գոտին ժրե՛, ու երթանք,- պահանջեց Զորոն:
    • Ախպե՛ր Զորո, երկինք վկա, դու քո խելքը թռցրել ես,- նեղսրտեց պառավը:
    • Կփախցնիմ,- Զորոն բռունցքը խփեց գետին:
      Պառավը ափի մեջ խնդմնդաց:
    • Ինչպե՞ս կփախցնես, ախպե՛ր Զորո:
    • Պստլի՜կ, բուռ մի բան ես, կգցիմ մեջ պարկին ու…Դժվար չուրի գեղից դուրս գալն է:
      Հետո աշխարհք թափի-գա՝ Ալեն իմ Ալեն է: Կփախցնիմ,- պինդ կրկնեց Զորոն:
      Բակից տղամարդու ձայն լսվեց. Ալեին էր կանչում: Եվ ձայնը Զորոյի ականջին հնչեց որպես հեռախոսականչ՝ ալո՜ո…
    • Իմ մարդն է.,- պառավը շտապեց ելնել:
    • Քու էրիկ լավ մարդ է, հըմը՝ կփախցնիմ: Գիշեր է մնացե՝ կփախցնիմ,- և քաշեց փեշից ու շշնջաց:- Քու բերան գոց կպահիս ու ձեն-ձուն չես հանի:
      Պառավը էլի խնդմնդաց և գոգնոցի ծայրով սրբեց բերանը:
    • Ե՜լ, ախպե՛ր Զորո, ել էրթանք տուն:
    • Տունն ես ի՞նչ գործ ունիմ… Զիս կգցիմ գեղից դուրս, մութն ընկավ՝ էլի կդառնամ հոս ու իմ աչք քու ճամփին: Խոսք մեկ ու Աստված մեկ:
      Տանտերը նորից ձայն տվեց:
    • էստեղ եմ,- պատասխանեց Ալեն,- ախպեր Զորոն է եկել:
      Զորոն քաշեց պառավի փեշը, տղամարդավարի կրճտացրեց ու բռունցք ցույց տվեց:
    • Կփախցնիմ, Ալե՛,- շշնջաց,- կամիս-չկամիս՝ կփախցնիմ:
    • Հաա՜,- տանտերը հայտնվեց,- դո՞ւ ես: Բարով ես եկել: Գինի՞ ես ուզում,- ծիծաղեց տանտերը:
    • Շատ կուզիմ, ախպեր:- Կոտրված խոստովանեց Զորոն,- քու գինու պես գինի մեջ աշխարհքին չկա ու չի պատահի: Մեծ բրդելու ու իմ գլուխը ջարդելու իրավունք ունիս:
      Մինչ այս, մինչ այն, գերդաստանը հավաքվեց՝ զույգ տղա, զույգ հարս, թոռներ, հավաքվեցին և նստեցին սեղան:
      «Շեն տան սեղան է,- մտքում գնահատեց Զորոն:- Քանց հարսանիքի սեղան… Մարաթուկ վկա, իմ ու Ալեի հարսանիքն է»:
      Գերդաստանն, իրոք, ուրախ էր, իսկ Ալեի որդիները՝ ոգևորված: Գինին տանելու օրը տանը չէին: Մի մարդ է եկել, իրենց մոր համերկրացի հետաքրքիր մի ծերունի, պղնձի չափով չգիտեմ քանի գինի է խմել, երգել է ու խմել, երգել է ու խմել, և դժվարությամբ են մառանից հանել դուրս: Դրանից հետո՝ էլի է հայտնվել, բայց, ափսոս, որ դարձյալ չեն տեսել: Եվ, տես, այդ հետաքրքիր ծերունին իրենց հյուրն է. ճերմակ, թավ բեղեր ունի, պինդ կնճիռներ, խոսում է բարձրաձայն, հաճույքով մինչև տակ խմում է և անմիջապես լցնում բաժակը:
    • Դու մեր մորեղբայրն ես:
      Կրտսերը ավելի խանդավառ էր:
    • Մոր կողմից մենք ոչ մի ազգական-բարեկամ չունենք, դու, իսկապես, մեր մորեղբայրն ես:
      «Օտար կհաշվիս զիս, թե քեռի, քու գործն է,- Զորոն մտքում պատասխան տվեց,- հըմը էս գիշեր քու մոր կփախցնիմ… Կփախցնիմ, լա՜ո»:
      Կրտսեր որդին մորը շատ էր նման:
      «Ալեն է ու կա»,- մտածեց Զորոն և հարց տվեց.
    • Քո նշանածն ո՞րն Է, գա՛ռ:
      Եվ տղայի կինը, որ հենց իր ուսնկիցն էր, շատ դուր եկավ:
    • Ձեր կենաց:
      Վրա-վրա երկու բաժակ գինի խմեց ու ավելի ուշադիր նայեց տղային:
      Տղայի բիբերը ուրախ առկայծում էին, և աչքերի մեջ երգ կար: Հա՛, երգ կար. Զորոն որքան նկատել է՝ այդպիսի աչքունքով երիտասարդները բոլորը ձայնեղ են լինում:
    • Դու խաղ ասել գիտե՞ս:
    • Գիտեմ,- ուրախ պատասխանեց տղան:
    • Թե էդպես է, քու քեռու բաժակին մի խաղ ասա:
      Տղայի երգի ընթացքում էլի խմեց ու զգաց, որ աչքերը մշուշվում են… Այդպես շո՞ւտ… փոքրիկ գավաթներով դեռ մի քանի գավաթ է խմել… Ուրեմն էլ խմել պետք չէ… Զորոն կերուխումի համար չի եկել… Տանտերը թող խմի… թող տանտերը խմի ու հարբի, որդիները թող խմեն… իսկ Զորոն նպատակ ունի… Ո՞ւր է Ալեն:
      Պառավը մանրիկ ու չափուկ դուրս ու ներս էր անում և շուրթերին գողտուկ ժպիտ կար:
    • Ապրի՜ս, լա՜ո:
      Զորոն բաժակը մոտեցրեց շուրթերին և երկմտեց՝ խմի՞, չխմի՞, բայց խմեց:
    • Ավելի շնորհք ունենաս… Հիմա դու ականջ դիր, ես ասիմ մի խաղ:
      Եվ մինչև սկսելը Զորոն փակեց աչքերը և գլխահակ ուս ու իրանով տարուբերվեց, օրորվեց, օրորվեց, հետո ձայն տվեց իր երգին՝ հըիիիի՜- աա՜խ, և կանչի հետ ձեռքը բարձրացրեց գլուխն ի վեր ու սկսեց երգել… Երգում էր խռպոտ, ծերունական բեկբեկուն ձայնով, աչքերը գոց, ինքնամոռաց ու քանդվելով:
      Երգը բնության մասին էր. նախշուն քարերով ու գույնզգույն ծաղիկներով սարերի և սարն ի վեր ելվերող սայլուղու ու սայլի, և դեպի երկինք ճախրող բոց լծկանների, սարի կրծքին՝ դեմ արեգական փռված կորեկի կլոր արտի… Զորոն ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու վար բերեց, մի շիշ տապալվեց, ուսնկից հարսը քաշվեց մի կողմ՝ ծերունու երգող ձեռքին ասպարեզ տալու. երգը կանաչ վարոցներով հոտաղների մասին էր և բանջարի ելած նախշուն գոգնոցներով աղջիկների…
      Երգը բնության ու սիրո մասին էր…
      Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ՝ տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին և այդպես ու հակված կանչեց՝ Ալեեեե՜….
      Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ:
      Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա
      կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում:
    • Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր:
      -Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜…
    • Մա՛, քեզ հետ է:
      Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:
    • Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ:
      Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել:
      Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու:
      -Յա՜, Մարաթուկ:
      Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ:
      Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում.
      -Ալեե՜ե… Ալե՜, իմ հո՜գին, Ալեեեե՜…
  • «ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՏՈՆԸ»՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻ ՕՐԸ

    «ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՏՈՆԸ»՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻ ՕՐԸ

    «ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՏՈՆԸ»՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻ ՕՐԸ

    Տիեզերքի, Բնության գաղտնիքները, օրինաչափությունները բացահայտելու, ըմբռնելու և այդ ոլորտում գիտելիքները զարգացնելու ճանապարհը մարդկությունն սկսել է իր գիտակից կյանքի արշալույսին: Եվ դա բնական է, քանզի մարդու համար կենսական անհրաժեշտություն էր դիմակայել, հարմարվել միջավայրի թելադրած զանազան պայմաններին՝ հանուն իր տեսակի գոյապահպանման:

    Առաջին իմաստուններն իրենց դիտողականությամբ՝ շարունակական դիտումներով, փորձերով, հետևողական ուսումնասիրություններով, եզրահանգումներով զարգացնում էին սեփական միտքը, ձգտում էին հարափոփոխ աշխարհում գտնել գոյության սկզբնական տարրերը, որի վրա հիմնված է ողջ տիեզերքը, մեկնաբանել կյանքի իմաստը և իրականության, երևույթների բազմազան դրսևորումները:

    Տքնաջան փորձերից ամբարված գիտելիքները՝ գիտական առաջին քայլերից ստացված պտուղները, ժամանակի գիտնականները՝ Մոգերը և Քրմերը, պահում էին գաղտնի՝ որպես սրբազան իմաստնություն՝ այն փոխանցելով սերնդէսերունդ՝ իբրև անգին պարգև՝ հասու միայն ընտրյալ գիտակներին:
    Նրանց ցանած իմացության սերմերը ծլարձակեցին հետագայում՝ հիմք հանդիսանալով գիտության առաջընթացին և զարգացմանը:

    Հնագիտությունը լույս է սփռում անցյալի, հնագույն ժամանակների կենցաղի, գիտության վրա:
    Ճարտարագիտական երբեմնի մեծարժեք կոթողների, շինարարական բարձր նվաճումներով կառույցների փլատակներից բացի հայտնաբերված մետաղագործության նմուշները, բժշկական գործիքները, դեղագործական սարքավորումները վկայում են գիտության տարբեր ճյուղերի բազմահազարամյա ավանդույթների մասին:

    Հայկեան Միաբանութեան Քրմերի՝ Քուրմ Հարութ Առաքելյանի և Քուրմ Միհր Հայկազունու հիշեցմամբ, ըստ Հայկյան տոմարի՝ այսօր՝ Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին) Մոգաց հիշատակման օրն է, մեր իմաստուն Նախնիների և նրանց հաջորդող գիտնականների մեծարման, փառաբանման տոնը:

    «Դարերի ընթացքում Հայկազուն Արևորդիները հավատարիմ մնացին իրենց Նահապետների հորդորներին՝ կենտրոնացնելով Մոգաց դպրոցները, ստեղծելով այսօր հայտնի «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց դպրոցը՝ այդպիսով նպաստելով Նախնյաց իմաստնության պահպանմանն ու հարատևմանը:
    Շնորհավորում ենք Մոգաց հիշատակման օրը, հատկապես «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց դպրոցի ներկայիս հարյուրավոր ուսանողներին, որոնք վառ են պահում իրենց Նախահայրերի գիտությունը»,- գրում է Քուրմ Հարութ Առաքելյանը՝ Հայոց Ազգային հավատամքը ներկայացնող, մեկնաբանող իր հերթական գրառման մեջ
    :

    Գիտությունն է Հայոց ինքնության, ինքնաճանաչման հիմքը, որը զորացնում է ազգին, նպաստում Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը, և Իմաստնությունն է աղբյուրն ամենայն բարիքի:

    Շնորհավորում ենք Իմաստնության, Գիտության բոլոր սերմնացաններին՝ փառաբանելով Հայոց Նախնիներին…

  • «ԱՆԹԱՌԱՄ ԴԱՓՆԻՆ»

    «ԱՆԹԱՌԱՄ ԴԱՓՆԻՆ»

    «ԱՆԹԱՌԱՄ ԴԱՓՆԻՆ»

    «Հաստատում եմ Կամավորների հարցի կապակցությամբ հոկտեմբերի 6-ի նամակս, որից հետո պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ Դաշնակիցների հաղթանակից հետո մեր ազգային բաղձանքները պիտի գոհացվեն»,- 1916 թվականի հոկտեմբերի 27-ին իր որդուն՝ Առաքել Նուբարին գրում էր Պողոս Նուբարը։

    Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայ կամավորականներով Հայկական Լեգիոնի կազմավորման նպատակներն էին’ մասնակցել Կիլիկիայի ազատագրմանը և Հայոց անկախ պետականությունը վերականգնել Հայոց պատմական այդ տարածքում’ դառնալով ապագա Հայկական բանակի միջուկը։

    Կահիրեում առաջին օրերին արդեն շուրջ 600 Մուսալեռցիներ և Եգիպտոսում բնակվող 300 Հայեր էին զինվորագրվել:

    1916 թվականի վերջերին նրանք մեկնեցին Կիպրոսի Մոնարկա բնակավայր՝ հարյուրավոր այլ Հայ կամավորականների հետ զինավարժությունների:

    1917 թվականի սկզբներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Հայերից ավելի քան 5000 երիտասարդներ ցուցակագրվեցին մի քանի օրում: Ամիսներ անց մոտ 10.000 էին արդեն կամավորները:
    Փոխադրամիջոցների պակասության պատճառով՝ հունիսից մինչև նոյեմբեր, նրանցից միայն 1200-ն անցան Ատլանտյան օվկիանոսը՝ հասնելով Ֆրանսիա, հիմնականում ապրանքատար նավերով՝ ահավոր անբարենպաստ պայմաններում, յուրաքանչյուրում շուրջ 70-90 մարդ: Մարսելից դեպի Պորտ-Սայիդ՝ ֆրանսիական փոխադրանավում գտնվող Հայորդիք գերմանական սուզանավի հարձակման հետևանքով խորտակված նավից լաստանավերով հաջողությամբ տեղափոխվեցին մի այլ նավի վրա, ի վերջո, 16-օրյա վտանգավոր՝ նեղ ու կեղտոտ նավախցիկներում ճամփորդությունից հետո հասնելով Եգիպտոս, այնտեղից էլ՝ Կիպրոս:

    Լեգեոնական Հովհաննես Կարապետյանն իր ինքնակենսագրության մեջ վերհիշում է. «Սեպտեմբերի 18-ին մենք իջանք մեր ամրացված խրամատներն ու սպասեցինք գիշերվան: Առավոտյան ժամը 3:30-ին սկսվեց գրոհը»…
    «…Կրակահերթի սարսափելի բախման ձայն էր գալիս, ասես երկինքն ու երկիրն ընդհարվել էին գիշերվա մթության մեջ: Բայց մեզ (Հայ լեգեոնականների) համար սա ասես հարսանեկան խրախճանք լիներ:
    Թուրքերի դեմ վրեժխնդրության խոր զգացումներով լի՝ մեզնից յուրաքանչյուրը դարձել էր զոհին փնտրող վայրի առյուծ: Կատարյալ զինված, սվինները հրացաններին ամրացված՝ մեզ համար ասես վախ չկար:
    Մեր առաջնային նպատակը Հայերի ցեղասպանության համար թշնամու հետ հաշիվ մաքրելն էր և, որքան հնարավոր է, շատ թուրքերի նկատմամբ արդարադատություն իրականացնելը:
    Մինչ թշնամու գնդացրային կրակը թափվում էր մեզ վրա գարնանային կարկուտի պես, մենք անվարան և անվախ առաջ շարժվեցինք:
    Ծայրահեղ դժվար պայմաններում, հաճախ կյանքի ու մահվան միջև առկախ, վերջապես հասանք սարի գագաթը, և վերջնական «բլիցկրիգով» գրավեցինք թշնամու ամրությունները՝ անթիվ սպանվածներ թողնելով և 28.000 ռազմագերի վերցնելով:
    Երեսուն ժամ տևած գլխավոր ճակատամարտում մենք ունեցանք 24 զոհ և 75 վիրավոր»…

    …«Հաջորդ առավոտյան կրկին բարձրացանք սարը և զննեցինք թշնամու խրամատները. դրանք լի էին դիակներով: Նրանք, ովքեր դեռ մահացած չէին, ամենադժբախտներն էին: Երեկվա Ցեղասպանության հիշողությունը (մեր ծնողների, երեխաների, քույրերի, եղբայրների կորուստը) այնքան թարմ էր մեր գլխում, վրեժի ծարավն այնքան խորն էր Հայ լեգեոնականների սրտերում, որ վիրավոր թուրքերը ողորմություն չտեսան:
    Նրանց վերջ տվեցինք իրենց խրամատներում:
    Այսպիսով, թուրքական կատաղի դիմադրությունն ամբողջովին ջախջախված էր, և թշնամին խառնաշփոթ հետ քաշվեց դեպի երկրի խորքը»…

    «Հպարտ եմ, որ իմ հրամանատարության ներքո ունեի Հայկական զորամաս:
    Նրանք փայլուն կռվեցին և մեծ դեր խաղացին հաղթանակում»,- հոկտեմբերի 12 -ին գեներալ Ալենբին շնորհավորում էր Պողոս Նուբարին: (Մեջբերումները և լուսանկարները’ Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականները» գրքից):

    «Համաշխարհային պատերազմի միջոցին Հայ կտրիճներու բոյլին ցոյց տուած դիւցազնական զոհաբերութեան ոգին ամենէն պանծալի դրուագներէն մինն է մեր ցեղին դարաւոր պատմութեան,- գրում է Արշակ Չօպանեանը՝ «Անթառամ դափնին» հոդվածում:
    «Փոքր ժողովուրդ մը, հարիւրաւոր տարիներէ ի վեր ծանր լուծերու ենթարկուած, հալածանքով ու ջարդերով կոտորակուած, իրարմէ անջատ ու հեռու բազմաթիւ հատուածներու բաժնուած կրցաւ իր մէջ վերզարթեցնել իր Նախահայրերուն արիութեան խիզախ կորովը և իր տուած հազարաւոր կամաւորներուն սխրալի քաջագործութիւններով իր պատուոյ բաժինն ունեցաւ Ազատութեան և Իրաւունքի անունով մղուած մեծ պայքարի մը մէջ:
    Շնորհիւ այդ քաջերու կատարած շքեղ դերին, մեր փոքրիկ ժողովուրդը ցոյց տուաւ անգամ մը ևս, թէ մեծ ազգի մը հոգին ունէր: Ան իր զինւորական կարևոր ճիգով, զոր յամառօրէն շարունակեց մինչև պատերազմին վախճանը, իրմէ թիւով և ուժով անհունապէս աւելի մեծ եղող ազգերու, որ պատերազմը վարող գլխաւոր զօրութիւններն էին՝ կրցաւ նշանակելի ծառայութիւններ մատուցանել և ատիկա խոստովանեցան ու դրուատիքներով հաստատեցին այդ հզօր պետութեանց մեծագոյն ներկայացուցիչները:

    Արարայի Հայ կամաւորներուն առիւծասիրտ քաջագործութիւնը այդ Հայկական դիւցազներգութեան ամենէն գեղեցիկ էջերէն մին է: Վճռական յաղթանակին մէջ, զոր դաշնակիցները թուրք բանակին վրայ տարին Պաղեստինի այլևս պատմական դարձած այդ բլուրին շուրջ և որով ջարդարար ցեղին մռայլ ուժը զգետնեցին, մեր քաջերը փայլուն բաժին մը ունեցան իրենց սահմանուած յանդուգն ու դժուարին դերը հոյակապօրէն կատարելով:
    Անոնց վերապրող ընկերները իրաւունք ունին ընդ միշտ հպարտութեամբ ու խանդաղատանքով տօնել դիւցազնաբար ինկած այդ աղեւոր երիտասարդներուն լուսեղէն յիշատակը, որուն առջև ամբողջ Հայ ժողովուրդը կը խոնարհի երկիւղած յարգանքով:

    Արարայի և բոլոր միւս ճակատներու մեր զինւորներուն ցոյց տուած քաջութիւնը անթառամ դափնի մըն է, որ մեր ազգին անունը անջնջելի փառքով մը կը պսակէ: Շնորհիւ մեր կտրիճներու նուիրական հոյլին՝ մեր ժողովուրդն ալ մասնակցած եղաւ Սուրիոյ, Պաղեստինի, Միջագետքի, Արաբիոյ, ինչպէս և Լեհաստանի, Չեխօսլովաքիայի, Ալզաս-Լօրէնի ազատման արդար գործին և ասիկա ազնիւ հպարտութեան յաւիտենական սրտապնդիչ աղբիւր մը պէտք է ըլլայ մեզի համար:

    Ճիշդ է, որ մեծ պատերազմին վախճանէն յետոյ, Արդարութեան պահանջներուն իրականացման պահուն, մեր ժողովուրդը՝ զանազան դժբաղդ ներհակ հանգամանքներու բերմամբ, լքուեցաւ ու անիրաւուեցաւ իր յաղթական մեծ դաշնակիցներուն կողմէն, և ատիկա սև քող մը կը ձգէ փառքի դափնիին վրայ:

    Բայց պատմութիւնը փակուած չէ. օրը պիտի գայ, ուր այդ սև քօղը պիտի հալի ու անհետանայ. ամբարիշտ պիտի ըլլար մտածել, թէ մեր քաջերուն զոհաբերութիւնը մեր ժողովրդին համար բացարձակապէս ամուլ մնացած է և կարծել, թէ ան իր լիալիր պտուղը օր մը պիտի չտայ»… (Հատված՝ Արշակ Չօպանեանի «Անթառամ դափնին» հոդվածից):

  • «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…

    «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…

    «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…

    Տարիների բերած իմաստնությամբ հասունացած — հարստացած յուրաքանչյուր անհատ խորհրդավոր մի բնազդով ձգվում է դեպի իր արմատները, դեպի իր ազգի ակունքները… Այն աշխարհը, որտեղ ձևավորվել է իր էությունը, իր անհատականությունը՝ գիտակցական և ենթագիտակցական շերտերով:
    Ինքնաճանաչման մղումն է դեպի Լույ­սը տանող ճանապարհը:

    Ազգային ինքնագիտակցության խնդիրը կարևորել են Հայ մշակույթի բազմաթիվ մշակներ՝ տարբեր ժամանակներում:
    «Ամեն ինչ վերադառնում է իր նախնական ծագումին, որպեսզի նոր սկսվի»,- գրում է Սերո Խանզադյանը՝ շեշտելով, որ «Ամեն մարդ իր երգը պի­տի ունենա»…

    «Նզովքը, արտաքսումը եկեղեցուց, յոթնամյա ապաշխարհությունը և սահմանված այլ պատիժներն անգամ անզոր են եղել արմատախիլ անել հազարամյա հնությունից եկող հեթանոսական հավատալիքներն ու պատկերացումները ժողովրդի գիտակցությունից, և դրանք հարատևել են մինչև վերջին տասնամյակներն ու գրանցվել Հայաստանի մի շարք շրջաններում 19-20-րդ դարերի Հայ ազգագրագետների կողմից» (Լ. Խաչիկյան, Աշխատություններ, հ. Ա, Երևան, 2012, էջ 19)։

    «­Մոխ­րա­ցած ժա­մա­նակ­նե­րի հե­ռա­վո­րութ­յու­նից ա­հա տես­նում եմ Ձագեձորի՝ Բա­բե­լո­նի տա­րի­քի ա­վե­րակ բեր­դի մեջ խո­րա­ցած մեր տոհմատունը:
    Նաև սկսել եմ նշմա­րել կյան­քիս ճա­նա­պար­հի մշու­շոտ վեր­ջը:
    Ան­ցած-գնա­ցած­նե­րը դար­ձել են ա­ռաս­պել­ներ:
    Նրանց հի­շա­տակ­ներն օր ու գի­շեր կան­չում են ինձ:
    Ես շտա­պում եմ վեր­ջաց­նել իմ այս գոր­ծը, որ ինձ­նից հե­տո ե­կած իմ տոհ­մակիցնե­րը ճա­նա­չեն ի­րենց դյու­ցազն Նախ­նի­նե­րի ո­գին:
    Մարդ չպի­տի՜ կորց­նի իր ար­մա­տը:
    Լույ­սը չգո­յից չի ծա­գում»…

    Եվ ինչպես «Թռ­չում է նժույ­գը սև կայ­ծա­կի պես՝ դե­պի իր սկիզ­բը, ինքն ի­րեն գտնե­լու…» (Ս. Խանզադյան), պարտադրված երկարատև թմբիրից արթնացածի նման՝ ա՜զգն է որոնում իր ակունքները՝ վերստին զորանալու իր Նախահայրերի ժառանգած՝ Հայկեան ուսմունքով, ճշմարիտ, ազգային արժեհամակարգով:

    «Մեր ազգի փրկությունը մարտականության մեջ է միայն»,- պնդում է Ս. Խանզադյանը:
    «Ով չարին դիմադրել գիտի, նա կապրի»,- կարդում ենք նրա՝ «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում (էջ 310), ուր հեղինակը «եղելությունների թելերով» հյուսում է իր «կյան­քի ա­ռաս­պե­լը», որ սկիզբ է առել այն գյուղում, ուր «քարն ա­վե­լի պիտանի է, քան Քրիստոսի նշխա­րը»:

    Այստեղ՝ Գլ­խա­տան քա­րայ­րում գի­շեր-ցե­րեկ վառ է Քուրմ Ան­ձավ նախ­նու ա­րած կրա­կը: Մեծ տա­տը ե­րե­կո­յան խաչ է քաշում կրա­կի վրա, մի փշուր խունկ գցում մե­ջը, ան­թե­ղում՝ առավոտը բոր­բո­քե­լու:

    «Կուզեմ իմանաք, որ այս ձեր բերդավանը, որի մեջ ապրում եք, տունն էր Ձագ նահապետի» (էջ 8):
    «Հայրս ինձ համար հետզհետե դառնում էր առասպել: Երբեմն երեկոները
    նա մեզ հետ մնացած ազգատոհմի փոքր ու մեծ տղաներիս հավաքում էր Ատյան քարի մոտ ու երգում… Հայրս քաղցր ձայն ուներ, որ գնում մեղմացնում էր
    նաև մեր ժայռեղեն տիրույթի քարեղեն բնույթը» (էջ 32):
    «Մի էն տեսակ կանաչ-կտրիճ է եղել Ջառահ Սարգիս տոհմավագը, որ, ասում են, հավքը երկնքից վեր ա գցել» (էջ 22):
    «Մեր տոհմը, ինչպես ասում էր մայրս, ծագել է Սիսակ նահապետի թոռ Ձագից: Սրանից էլ մեր տոհմի բնակատեղի անունն է՝ Ձագեձոր»…

    «Մեր բուխարի — օջախի մեջ եռում է մեր տոհմատան երկու հազար տարվա կրակը» (էջ 231)…

    Սերո Խանզադյանի հարցազրույցը՝ ստորև…

  • «ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ՄՆԱՑԱԾ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»…

    «ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ՄՆԱՑԱԾ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»…

    1916 թվականի հոկտեմբերի 27-ին Լոնդոնի ֆրանսիական դեսպանատանը գումարված խորհրդակցության արդյունքում Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի (Անգլիայի ներկայացուցիչ), Ժորժ Պիկոյի (ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև կնքված համաձայնագրի հիման վրա 1916 թվականին կազմավորվեց «Հայկական լեգեոնը» (1916-1920)՝ Հայկական կամավորական զորամասը’ ֆրանսիական բանակի կազմում:
    Հայ լեգեոնականները՝ ավելի քան 4500 զինվոր, ֆրանսիական զորքերի հրամանատարության ներքո պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, այնուհետև՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր դաշնակից պետությունների հաղթանակից հետո Կիլիկիայի Հայերին ինքնավարություն տալ՝ համաձայն Պողոս Նուբարին տրված «կայուն երաշխիքների»…

    Հայկական լեգեոնն առաջին անգամ պատերազմական գործողություններին մասնակցեց 1918 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Պաղեստինում՝ Արարայի բարձունքներում’ փառահեղորեն հաղթանակելով։

    «Տղա՛ք, գիտէ՛ք, վաղը առտու մեր հարսանիքի օրն է, այն օրը, որուն բոլորս կը սպասենք։
    Ամէն զինուոր կազմ ու պատրաստ պէտք է ըլլայ առաւօտեան ժամը 4-ին։
    Այս ժամը վրէժխնդրութեան եւ արդար հատուցման վսեմ ժամն է. Հայրենքի ազատութեա՛ն համար է, որ պիտի մղենք նուիրական պատերազմը։
    Ատիկա միակ ծառայութիւնն է, որ մենք պիտի կատարենք հանդէպ մեր դժբախտ ազգին ու զայն երջանկացնենք մեր արեան գնով։

    Չե՛մ գիտեր, թէ վաղուան վարագոյրը երբ իջնէ, մեզմէ քանի՞ն պիտի իյնան ճակատամարտին մէջ, սակայն վստահ եմ, որ Հայուն հպարտ ճակատը ամօթի մրուրը պիտի չտեսնէ՛, մեր անցեալը մեզի խթան եւ ապագան թող հաւատք ներշնչէ բոլորիս»։

    1918 թվականի Սեպտեմբեր 18-ի ուշ գիշերը հնչեցրած այս պատգամով ֆրանսիական զինված ուժերի կազմում գործող Հայ սպա Ջոն (Հակոբ) Շիշմանյանը Պաղեստինի Արարա լեռան լանջին բանակած «Արևելյան Լեգեոն»-ի Հայ կամավորականներին դիմեց՝ ազդարարելով «թուրք և գերման զորքի դիրքերի» վրա գրոհի անցումը։

    1927 թվականի Ապրիլի 24-ին, Երուսաղում՝ Հայ Կամավորականներին նվիրված հուշարձանի բացման օրն իր ելույթում հիշում է Ամերիկայի և Կահիրեի «Լէգէոնական Միութեան պատուիրակ»՝ նախկին «լեգեոնական» Հակոբ Արևյանը (հատված իր ճառից՝ վերցված 1928 թվականին Կահիրեում «Հայ լէգէոնական միութեան» կողմից հրատարակված «Կամաւորը. Արարայի յաղթանակի 10-րդ տարեդարձի առթիւ» գրքից):

    Արարայի ճակատամարտում զոհված Հայ զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը Երուսաղեմում (լուսանկարը՝ Հայաստանի Ազգային արխիվից)

    «1918 սեպտեմբեր 18-ին իրիկունն էր, երբ լուրը տարածուեցաւ լէգէոնականներու մէջ, թէ երկրորդ օրը առաւօտեան պէտք էին յարձակիլ թշնամի բանակին վրայ:
    Ամենքն ալ ուրախ զուարթ պատրաստութիւններ կը տեսնէին՝ իբրև հարսնևորներ: Անոնց հրճուանքը չափ ու սահման չունէր: Վերջապէս երկու երկար տարիներու անվերջ մարզանքներէ յետոյ էր, որ անոնք ցոյց պիտի տային թշնամւոյն իրենց զինւորական արժանիքը:

    Սեպտեմբեր 19-ի առաւօտն էր, հրաման տրուեցաւ յարձակման կայծակի նման:
    Արհամարհելով ամէն վտանգ և նոյնիսկ մահը, անոնք խոյացան թշնամի դիրքերուն վրայ և մէկ ժամ չանցած՝ արդէն իրենց համար նշանակուած դիրքերը գրաւուած էին, և թշնամիին հետքը յիշեցնող միայն դիակներ կային:
    Դժբախտաբար ամենուն չէր ժպտած բախտը, և հերոսի նման ինկած էին միայն հարիւրի չափ ընկերներ ու հակառակ իրենց ստացած ծանր վէրքերուն, անոնք երբէք բարոյալքուած չէին և կը պոռային ամէն անոնց, որոնք առաջ կ’անցնէին, այնպիսի ձայնով մը, որուն մէջ անհուն վրէժը ծրարուած էր. «Յակո՛բ, զիս մի՛ մոռնար» կամ «Գալու՛ստ, իմ վրէժս ալ լուծէ»:
    Այստեղ կը տեսնէք յուշարձանը անոնցմէ 23-ին աճիւններուն, որոնք ուրախութեամբ, բայց վրէժը սրտներուն մէջ իրենց աչքերը գոցեցին յաւիտեան:

    Յարգա՛նք իրենց անմահ յիշատակին:
    Կռիւը մօտաւորապէս քսան ժամ տեւեց, որու ընթացքին թշնամին կատաղի կերպով ռմբակոծեց կորսնցուցած դիրքերը և փորձեց հակայարձակումով մը ետ խլել:
    Բայց Հայ զինուորը փակուած մնացած էր իր դիրքերուն վրայ և իր արագահարուած հրացաններով ու գնդացիրներով անյաջողութեան մատնեց թշնամի զօրասիւներու առջև գտնուող թրքական «Եըլտըրիմ» («Կայծակ», Կ.Ա.) բանակը: Անոնք այդ անուան արժանի էին միայն նահանջի պարագային:

    Ինչպէս կը տեսնէք, զինադադարի նախօրեակին էր, որ լէգէոնականները ստացան իրենց կրակի մկրտութիւնը, բայց և այնպէս ուշ ալ լրացուցին իրենց զինւորական պարտականութիւնները:
    Անոնք երկու տարի ևս մնացին իրենց պաշտօնին վրայ և այդ միջոցին անոնք ունեցան շատ մը ուրիշ Արարաներ ու անոնց զոհերու թիւը ոչ թէ միայն քսան երեք է, այլ 123-ն ալ կ’անցնի: Բայց վերջինները առանց գերեզմանի մնացած են անծանօթ դաշտերու ամայի մէկ անկիւնը: Անոնք ունեցան շատ մը անհամեմատ կռիւներ, երբեմն ի գին մեծ զոհողութեանց, բայց միշտ յաղթող:
    Բան մը, որ իրենց ֆրանսացի պետերուն աչքէն ալ չէր վրիպած. բոլոր ինկածները իրենց վէրքերը ստացած էին կա՛մ իրենց ճակատէն և կա՛մ կուրծքէն:

    Ամէն անգամ, որ վտանգաւոր պաշտօն մը ըլլար կատարելիք, «Յակոբները» և «Գալուստները» դուրս ելլելով իրենց շարքերէն, կուգային փսփսալու իրենց պետերուն ականջներուն, թէ չէին մոռցած «Մարտիրոսներու» և «Ճինկիրեաններու» ձայնը, որոնք ընկած էին Արարայի բլուրին վրայ և ըսած էին՝ «Իմ վրէ՛ժս ալ լուծեցէք», բայց եկան այն օրերը, որ «Յակոբները» և «Գալուստներն» ալ հերոսաբար ինկան ազգային մեծ ուխտի ճամբուն վրայ:
    Գալուստ’ իր ձախ թևը կորսնցուցած ըլլալով՝ ճակատը համբուրեցի և ուզեցի քանի մը քաջալերական խօսքեր ըսել, բայց սխալած էի, որովհետև ինքը քաջալերուելու պէտքը չունէր:
    Իրեն պատասխանը եղաւ. «Թևիս համար չէ, որ կը ցաւիմ, դուն գիտես, որ ես քանի մը հոգիի տեղ պէտք էր կռուէի, դեռ վրէժս չեմ յագեցուցած»:

    Ինչպէս կը տեսնէք, ամենավերջին ինկողները իսկ իրենց վրէժները առած չէին տակաւին:
    Ուրեմն, նոր սերունդին կը մնայ իբրև եղբայրական ժառանգ անոնց վրէժը լուծել, և եթէ առիթը ներկայանայ, վերստի՛ն անխնայ վարուիլ թշնամիին հետ»…

    Հակոբ Արևյանի լուսանկարը՝ Ամերիկայի Հայկական թանգարանից՝ հրապարակված Սյուզան Փոլ Փաթիի «Հայ լեգեոնականները» գրքում

  • «ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

    «ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

    «ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

    Հայկական բարձրավանդակի ողջ տարածքում սփռված են հնագույն բազմաթիվ ուխտավայրեր, ուր վաղնջական ժամանակներից ի վեր հավաքվող Հայերը՝ շարունակելով Նախնիների ավանդույթները, ազգային տոներն ու ծեսերն էին նշում առանձնահատուկ տոնախմբություններով:

    Ամենասիրվածը Վարդավառի տոնակատարությունն էր, որի համար ամառվա տապին զանազան վայրերից ուխտավորները խմբերով, ընտանիքներով, գերդաստաններով ձգվում էին դեպի իրենց ուխտատեղին՝ լիներ դա հինավուրց մեհենատեղի, լեռնագագաթ, քարանձավային համալիր, գետ, աղբյուր կամ վսեմ կանգնած մի ծառ՝ գովերգելու Բնության պարգևած Ջուրը՝ սնուցիչ, զովացուցիչ Անձրևը, նաև՝ սերը և նրա հովանավորներին՝ Սիրառատ, Վարդեհեր Աստղկան և Սիրասուն, Քաջակորով Վահագնին (ինչպես նշում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը):

    Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած այդ սրբավայրերն այլևս կանգուն չեն:
    Փլատակված այդ նվիրական վայրերում Հայոց ցեղասպանությունից հետո դադարել են երբեմնի մարդաշատ ուխտագնացությունները: Սակայն Վարդավառյան և մյուս տոնախմբությունները հավերժացել են տարբեր ժամանակներում ապրած գրողների էջերում, մասնակիցների հուշերում և փոքր-ինչ ձևափոխված շարունակվում են ցայսօր՝ Հայաստանի ներկայիս մի բուռ հողակտորի վրա…

    Վարդավառի տոնը՝ Խուստուփի լանջին՝ 1919 թվականին

    Որպես «Նոր բերքի», «Նոր պտղի»՝ Պտղոց տոնի շարունակում, այդ բերքը հասունացնող Հողը և Կենսատու Ջուրը ևս փառաբանվում էին:
    Ջու՜րը…
    Բեղմնավորումն ու աճը, Կյանքն ու գոյությունը պայմանավորող Ջու՛րը, առանց որի չկա աճ, բողբոջում, զարգացում, բարգավաճում…

    «…Հեռացրու՛ ջուրը, բաժանի՛ր խոնավությունը ամեն մի կենդանությունից, նա իսկույն կչորանա:
    Իսկ չորանալը մահվան և ջնջման հետևանք է»:

    «Առանց ջրի՝ աշխարհի երեսին չի կարող բեղմնավորվել ո՛չ մի սերմ»,- գրում է Ատրպետը և շարունակում.

    …«Գուսաններն երգերով պանծացնում էին Աստղկան սերն ու գորովը, պատկերն ու տեսքը, եռանդն ու աշխույժը, որոնցով մարդիկ ոգի ու զգացում ստացած ուրախ կյանք էին վարում: Այս զգացման շնորհիվ մարդիկ երկիրը դրախտի էին վերածել, սիրո բոցերով իրար գրկել ու գգվել, երջանկության վարդաստան էին թևակոխել հրճվալի ու բերկրալի օրեր անցնելու:

    Առանց Աստղկան առատաբար բաշխված սիրո և զգացումների, կյանքը տխուր և անտանելի էին գտնում, առանց նորա շնորհած վայելքների մռայլ ու խավար պիտի դառնային բնության բոլոր տեսարանները:
    Ինչպես Աստղիկն էր բաշխում կենդանի ու վառ աչքերը, նույնպես Աստղկան շնորհն էին համարում վարդագույն այտերը, փղոսկրյա կզակները, շամամ կրծքերը, նոճանման հասակը, կամար ունքերը, փայլուն ճակատը, բաբախող սրտերը և դողդողացող մկանները: Երգչուհիների մյուս մասը, իրենց գուսաններով և կաքավիչներով իրենց հերթին սկսեցին երգել Անահիտի հանճարը, նրա հնարագիտությունները, մարդկության տված շնորհները, գեղեցիկ արվեստները, որոնցով մարդը դրախտի է վերածել անապատը, զարդարել է բյուր բարիքով և գույնզգույն ծաղիկներով ձորերն ու լեռնալանջերը, նույնիսկ ապառաժի քարքարոտ կողերը:

    Ո՛րը գովում էր մուրճն ու կռանը, ո՛րը ներբողում կացինն ու սղոցը, ո՛րը ուշք էր դարձնել տալիս կառքին ու սայլին, ո՛րը գովաբանում արորն ու խոփը, ձիու սանձն ու պայտը, նետն ու աղեղը, սանդերքն ու մաքուքը, նկարն ու արձանը, տավիղն ու շվին, մի խոսքով՝ այն բոլոր արվեստներն ու գործիքները, որոնք մարդը ձեռք էր բերել Անահիտի շնորհած հնարամիտ իմաստությունով:

    Ամեն անգամ գուսանները մի տուն երգելուց հետո նույնը կրկնում էին պարուհիները և ոգևորված ետ ու առաջ տարուբերվում, ծածանվում էին իրար թևանցուկ, ոգևորությամբ զեղված: Մեղմ զեփյուռը շոյում, ոգևորում էր երիտասարդության ալ ու վարդավառ դեմքերը, մազերն ու կրծքերը, արևի պայծառ ճառագայթների տակ ցոլացնում էր նրանց հրացայտ աչքերը, ոսկեփայլ մազերը և ողորկ մորթերը»…

    …«Դեռ մատաղը չվերջացրած՝ Վարդեհեր Աստղկան նվիրված քառասուն ծիրանազգեստ կույսեր, ուսերին սփռած իրենց սաթանման մազերը, գլուխները վարդերով պսակած, մերկ վզերն ու դաստակները ուլունքների շարաններով գարդարած, նազաճեմ իջան բարձունքից, մոտեցան նվագածուներին և սկսեցին իրենց երգն ու պարը:
    Գուսանները սրանց բոլորած կրկնեցին Վարդեհերին նվիրված բազմաթիվ տաղեր: Երբ ոգևորված փոխընդփոխ շարունակում էին պարը, կաքավը, արևն արդեն երկնակամարի ամենից բարձունքում էր տեղ բռնած, և օդը աստիճանաբար այնքան էր խստացել, որ մարգարտափայլ քրտնաշարով ծածկել էր գուսանների և կաքավիչների ճակատները:

    Այս միջոցին խումբ-խումբ կույսեր ու պատանիներ մի-մի սափոր ու փարչ վերցրին ու սկսեցին սրսկել իրենց սիրելիների վրա ու նրանց զովացնել, հովացնել:
    Անվերջ ջուր էին սրսկում իրար վրա, աղաղակում, աղմկում, փախչում, բայց ջրվելուց ոչ ոք չէր կարողանում գլուխն ազատել։

    «Վարդեհե՜րն է», — գոռում էին ու անխնա սրսկում զով ջուրը ոտքից գլուխ:
    Երգիչները, կաքավիչները, նվագածուները և ժողովուրդը առանց դիրքերը փոխելու շարունակեցին իրենց ուրախությունը մինչև հագուստների արևի ճառագայթների տակ չչորանալը: Դեռատիներն ու պատանիները անվերջ ջուր էին կրում ու ածում ուխտավորների գլխին, որոնք թուլացել կամ մտքերի մեջ սուզվել, մի կողմ էին քաշվել:

    — Այսօր Վարդեհերի տոնն է, խնդալու և պարելու օր է, — գոռում էին ջուր սրսկողները, թռչկոտում և ցատկում:
    — Այսօր մեր հովանավորի տոնն է, Վարդավառ է, պետք է միայն երգել, պարել ու ծիծաղել, ոչ թե թմրել ու նիրհել:
    — Երանի՜ թե այդ ջուրը երկնքից մաղվեր, — հառաչելով պատասխանում էին ծերերն ու հասակավորները, — մենք էլ հոգո՛վ հրճվեինք:

    Դեռահասներն այնքան ջրեցին ու թրջեցին ուխտավորին, որ թրջվելուց ազատվելու համար բոլորն էլ գնացին մտան պարողների շրջանն ու սկսեցին նրանց հետ երգել ու ցատկոտել:

    Պարը տևեց մինչև արևի մայր մտնելը: Թեև հետինքին ուխտավորները բազմեցան դալարի վրա ճաշելու, բայց չդադարեցին երգն ու նվագը, պարն ու կաքավը:
    Արևմտի ողբը նվագելուց հետո մեծամեծ կրակներ ջեռուցին ուխտավորները իրենց վրանների մոտ, որոնց բոլորած մինչև կեսգիշեր երգեցին, նվագեցին և լսեցին գուսանների պատմությունները, որոնք պապերից լսածները ավանդում էին թոռներին»…

    Լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ…

  • «ԿԱՄԱՒՈՐԸ»

    «ԿԱՄԱՒՈՐԸ»

    «ԿԱՄԱՒՈՐԸ»

    «ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆՏԻՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԸՆԿԱՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ»…

    Համաշխարհային առաջին պատերազմին աշխարհի տարբեր ծագերից համախմբված բազմահազար Հայ Կամավորականներ մասնակցեցին՝ խիզախորեն կռվելով բոլոր ճակատներում:
    Նրանց սխրանքին նվիրված որոշ հրապարակումներ դեռևս անծանոթ են շատերին:

    1919 թվականի փետրվարի 12-ին Փարիզում՝ Խաղաղության Վեհաժողովին Ավետիս Ահարոնյանի ու Պողոս Նուբարի ստորագրությամբ ներկայացվեց Հայկական պահանջների համատեղ Հուշագիրը՝ շեշտելով Հայ ազգի դերը՝ որպես «Պատերազմող կողմ», հիմնավորելով Հայոց Անկախ պետության վերստեղծման անհրաժեշտությունը, ճշտելով նրա տարածքը՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (Տրապիզոնը ներառյալ՝ հաշվի առնելով, որ այն ամբողջ Բարձր Հայքի միակ կարևոր ելքն է դեպի Սև Ծով), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:

    «Հայաստանը նվաճել է Անկախության իր իրավունքը՝ պատերազմին երեք ճակատներում՝՝ Կովկասում, Սիրիայում և Ֆրանսիայում իր անմիջական ու կամավոր մասնակցությամբ»,- շեշտվում էր վերոնշյալ հուշագրում:

    «ԿԱՄԱՒՈՐԸ» (ԱՎՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ)

    ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆՏԻՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԸՆԿԱՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ…

    1.
    Ո՞վ է կամաւորը:
    Նա սոսկ զինւոր չէ. նա աւելի՛ է, քան զինւորը:
    Կեանքի նզովքի դէմ իր հզոր ակռաները իրար սղմած կա՛մքն է երկաթի:
    Նա ո՛չ ծնւում է, և ո՛չ մեռնում:
    Նա յաւիտենական է՝ ինչպէս տառապանքը, անանց է՝ ինչպէս բանականութեան բարկ քուրայից ժայթքող բո՛ցը հրդեհի:

    Պրոմէթէո՛սն է առաջին կամաւորը:
    Նա, որ խաւարի ու ցրտի մէջ խարխափող թշւառ մարդկային ցեղին կարեկցելով՝ դաժան աստուածների ցասումը խիզախեց և երկնային հուրը շորթեց աշխարհի հոգին լուսով ու հրով օծելու համար:
    Եւ յետոյ՝ աստուածների կատաղութիւնով ժայռին գամւած՝ իր լերդը տւեց արծիւներին բզկտելու՝ առանց հառաչանքի:
    Կամաւորը տնքալ չը գիտէ, վասնզի իր կամքը ինքնաոչնչացումի անդադրում ճիգն է՝ անպարփակ և անխորտակելի:

    Մի՛ վիրաւորէք մայր հողը զուլումով:
    Վա՜յ ձեզ, թէ իր ցաւը իր քրտինքի հետ անդունդներից բարձրանայ և արևի արդար շողքերը պղտորին:
    Ինչու՞ կանգ առաւ այն սէգ մաճկալը մտածկոտ ու խոհուն:
    Ու հեռուն է նայում անծայրածիր դաշտերին, և հովն է մտրակում իր ճակատը մռայլ:
    Հորովէլը լռեց. ամոլի եզն է փնչացնում ակօսի մէջ:
    Վարուցանքը ու՞մ համար…
    Կանաչ կածանին թեք ընկած այն շէկ հոտաղը ինչու՞յանկարծ ցնցւեց ու նստեց:
    Հօտը մոռացած, թաւ յօնքերի տակից երազուն հայեացքը լեռնալանջի մշուշն է պրպտում:
    Ականջը ձայնի է. ու՞մ է սպասում:
    Երէկ իր հօտից երեք գառ պակսեց:
    Մաքին է բառաչում:
    Մենաւոր ճամբորդն է անցնում տրտում ու սև ձորերով:
    Հոգին է բացել հովերի առջև՝ ինչպէս լուսաբացին կոկոնը ծաղկի, ու մեղմիւ խօսում է իր երիվարին.
    «Հանդա՛րտ, իմ հոգի, դոփիւնդ մեղմի՛ր, ձորն է դաւադիր»:
    Կորաքամակ ամբոխների մեղկ ու հնազանդ լռութեան ծոցում միշտ մի խորհրդաւոր զանգ է զրնգում դաշն ու հզօր ռիթմով:
    Ճամփորդ ու հօտաղ, մաճկալ ու արեւ ականջ են դնում:
    Մի՛ պղծէք մայր հողը զուլումով:
    Վա՜յ ձեզ, իր արգանդներում ահա իր մայրութեան երկունքն է գալարւում:
    Ահազա՛նգ է ուրագանի:
    Հոգիները կրակ են խմել:

    Լռութեան ծոցում զանգ է ղողանջում և հեռու խրճիթի տակ առաստաղից կախւած խնոցին է գնում — գալիս. և պառաւ մայրը մեղմիւ հեծկլտաց:
    Երազ է տեսել անցած գիշերին:
    Ո՞վ է սպառնում իր անուշ զաւակին:
    Արցունքն է գլորւում խնոցու վրայ կայլակ առ կայլակ:
    Արծիւն է պտտւում մաճկալի գլխին:
    Հօտաղը երկնքին բռունցք է պարզել:
    Մենաւոր ճամբորդը ձորն է պրպտում, ձորը դաւադիր:
    Դուն միայն լաց, մայր, ա՜հ, քո արցունքն աշխարհի համար:
    Գառները տարան, դաշտերում անզաւակ մաքին է բառաչում:
    Խնոցին գնում է — գալիս և հեռու խրճիթի մէջ մի մայր է լալիս:
    Գէշ երազ է տեսել անցած գիշերին:

    Աշխարհակալ բանակը՝ սառն օրէնքի մտրակի տակ մարզւած մարդկային գորշ զանգւածը, անէծքն է պատմութեան:
    Կամաւո՛րն է ազգերի խիղճը:
    Նա՛ է սփռում ճակատամարտի վայրագութեան վրայ ասւածային կրակի քողը, վիրաւոր դաշտերի սէրը, հայրենի լեռների ոգին:
    Բռնութեան դէմ ծառացած՝ նա սուսերամերկ, հրեշտակի պէս մահու գաղտնիքն է շորթում դարերի խոյանքի մէջ շպրտելու համար:
    Ազատութեան դարբնոցի միակ վարպետն է նա, և իր գործը մէկ հատիկ է՝ շղթաները փշրել իր կռանի յաղթ հարւածների տակ, բոլո՛ր շղթաները:
    Հազար սերունդների կեանքն է կերտում իր սեփական կեանքը ողջակիզելով տիեզերական ամենակալ կրակին:
    Ազգերի խի՛ղճն է կամաւորը:

    Միակ արդար պատերազմը հայրենիքի և առհասարակ մարդկային ազատութեան համար մղւած պատերազմն է:
    Ազգերի բոլոր մեծ յեղաշրջումները կամաւորների գործն է:
    Բոլոր շքեղ լեգենդները, որոնցով ապրում է մարդկութիւնը կախւած իդէալին, կամաւորների կերտածն է: Լեռներն աւերող գարնանային հեղեղի պէս նրանք են, որ խորը ակոս են բացում պատմութեան էջերում:

    Գարիբալդին իր հազարեակով յաւիտենական երգ է, փոթորկի մի հևք, որ դարերի մէջ պիտի թնդայ ամեն անգամ, երբ բռնութիւնն ու չարիքը ծանրանան աշխարհի վրայ:
    Պրոմէթէոսը երկնքից կրա՛կ է շորթել…

    2.
    Մօտ քառասուն տարի առաջ էր՝ ես տեսայ նրան, առաջին Հայ կամաւորը — թուխ տղայ էր, հարուստ մարմնակազմով, յօնքերը՝ սև ամպ, աչքերը՝ վառ ածուխ:
    Եկաւ, դուռս բացեց, «բարև» ասաց, մի գիշեր հանգիստ առաւ բոյն փնտրող թռչունի պէս, ու լուսաբացին դէպ Բարդողեան մթին լեռները դիմեց անխօս՝ ինչպէս եկել էր:
    Կամաւորները չեն սիրում խօսել:
    Նրանք միշտ լուռ են, ինչպէս գունատ Նեմեզիդան:
    Գնաց ու էլ յետ չեկաւ:
    Նրանք երբեք յետ չեն գալիս, կամաւորները:
    Եթէ գան՝ նորէ՛ն կ’երթան մինչև… մինչև որ ընկնին մի քարի տակ…
    Ու գնաց թուխ տղան:
    Գօլօշեանն էր…
    Չուխուր գեադուկի մէջ ընկաւ:

    Յետո՞յ…
    …Յետոյ տառապող ցեղի ցաւոտած խիղճը թանձրացաւ ու պայթեց փոթորկի պէս:
    Լեռներից անդին իշխող զուլումի վրայ խորհրդաւոր զանգն էր ղօղանջում ահաւոր ու հմայիչ:
    Եւ երեսուն տարուց ի վեր սահմանից անդին ու ասդին մեր վիրաւոր հողն ու քրտինքը հսկաներ ժայթքեց իր արդար ծոցից, ջլապինդ, խիզախ տղաներ, որոնք մեր լեռներում բուն դրած վիշապի վրայ քալեցին իրար յետևից:
    Մեր մայրերի դարդոտ օրօրը զաւակների հոգին էր մրրկել:
    Լալկան օրրանը ռազմի հզօրագոյն երգն է:
    Խանձարուրի վրայ զուլումի ձեռքից լսւող հեծկլտանքը կամաւորի զրա՛հն է դարբնում:
    Հազարներ գնացին վիթխարիների յետևից, գնացին ու էլ յետ չեկան:
    Ո՞ր քարի տակ, ո՞ր ձորի մէջ հայրենի աշխարհի երազն են տեսնում…

    Ու երեսուն տարի կուտակւող ըմբոստացումի արիութիւնը Ղարաքիլիսայի ձորերում, Սարդարաբադի դաշտում և Արարայի ճակատամարտերում ընդվզած՝ վիշապի պէս ծառացաւ ու մռնչաց.
    «Չե՛ս անցնի. այստեղ մեր ոգին պարիսպ է գրանիտի»:
    Ի՜նչ գրոհ, ի՜նչ խիզախութիւն… Ղարաքիլիսայում չորս հազար ընտիրներ իրենց մահով թիւրք հորդաների գոռոզութիւնը փշրեցին:
    Եւ Սարդարապատում, ուր Արաքսի կոհակների միջից հազար ու հազար դարեր էին նայում, Հայ կամաւորը հինաւուրց ոսոխին ծունկի բերեց:
    Եւ Արարայում մի բուռ Հայ անձնուրացներ օտար ու երախտամոռ ազգերի զարմանքը շարժեցին:
    Ղարաքիլիսա, Սարդարաբադ ու Արարա կը մնան որպէս անխորտակելի կոթողներ, ուր վիրաւոր ու անգիտւած Հայ ցեղը տիեզերական պատմութեան մեծ գրքի մէջ իր ռազմական հինաւուրց առաքինութեան անջնջելի դրոշմը դրեց վերստին:

    Պառաւ մայրը վաղուց է մեռել: Էլ երազ չի տեսնում:
    Դատարկ խնոցին գնում է- գալիս հողմերի շնչով:
    Մանկամարդ հարսը խելայեղ վշտի ցասումով իր առագաստը ծւէն-ծւէն հովերին տւեց, արցունքը սրբեց ու հոգին փռեց իր յուռթի արգանդի վրայ, ուր զաւակն է թրթռում:

    Վիթխարի կաղնիների անտառն է խորտակւած աւերիչ մրրկով, ծիլերն են բարձրանում արևի առաջ:
    Եւ Հայոց աշխարհի մէկ ծայրից միւսը, բոլոր լեռներում, բոլոր ձորերում, շէն ու աւեր բոլոր խրճիթներում ապրում է հզոր լեգենդը՝ անհուն զրոյցը նրանց, որ անցան և նրանց, որ գալիս են…

    Ո՞վ կարող է շորթել մեր հոգուց մեր ոսկեզօծ Լեգենդը՝ մեր Հայրենի՛քը ազատ…

  • «ԴԱՐՁԻ՛Ր ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՂԸ»…

    «ԴԱՐՁԻ՛Ր ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՂԸ»…

    «ԴԱՐՁԻ՛Ր ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՂԸ»…

    Հին աշխարհի իմաստունների «Ծանի՛ր զքեզ» պատվիրանն ինքնաճանաչողության է կոչում և կրկնվում մինչ օրս՝ հորդորելով զննել, զարգացնել մարդու մտավոր և ֆիզիկական ներուժի չբացահայտված շերտերը, թափանցել Բնության գաղտնիքների աշխարհը…

    Միհրականությունը՝ գաղտնուսույց իմաստասիրությամբ և բազմախորհուրդ ծեսերով, իր ուսմունքի հետևորդներին ուղեկցում է դեպի Ճշմարտության բացահայտում՝ ինքնակատարելագործմամբ, տոկունությամբ, ուշիմ հետևողականությամբ և բնական օրենքների ուսումնասիրությամբ…

    Անվեհեր ընթանալով դեպի կատարելություն տանող հստակ, համակարգված իր ուղիով՝ խստականոն Միհրականը՝ որպես Հայրենիքի պաշտպան, անհաղթ զինվորական և խաղաղության հովանավոր, օրըստօրէ հավասարապես կոփում է իր միտքը և մարմինը՝ առաջնորդվելով «Առողջ մարմին և առողջ միտք» սկզբունքով, նաև՝ «Երրեակ խորհրդով»՝ «Բարի միտք, Բարի խոսք և Բարի գործ»:

    Կարևորելով մտքի խաղաղությունը և պայծառությունը՝ լրջախոհ Միհրականն աննկուն կամքով շարունակաբար ամբարում է իր հմտությունները՝ դառնալով Լույսի, Իմաստնության ջահակիր մյուսների համար՝ իր պարարտ, բեղուն մտքով՝ համամարդկային արժեքավոր գաղափարներով և առաքինությամբ՝ ազնիվ գործով բարելավելով աշխարհը:

    Հին իմաստության համաձայն՝ «Երբ աշակերտը պատրաստ է՝ հայտնվում է ուսուցիչը»…

    Եվ Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը հիշեցնում են Հայկեան Իմաստության մատյանից որոշ տողեր.
    «Կատարելությունն ընթացք է և ոչ՝ ի ծնէ:
    Եթե հրաժարվում ես ընթացքն ապրել՝ կատարելությունն էլ երբեք չի լինելու»…

    Հայոց ազգային մշակույթի վսեմ պաշտպանները և աննկուն պահապանները՝ Հայկազուն Արևորդիները, ցայսօր շարունակում են ապրել սեփական Նախնիներից ժառանգված արժեհամակարգով, տոներն ու ծեսերը նշելով իրենց իրական իմաստով և ճշգրիտ տոմարով՝ Բնության շրջափուլերին համահունչ, կարևորելով նաև հատուկ սննդակարգը և խոկումը՝ մարմինն ու միտքը հնարավորինս անաղարտ պահելով:

    Վեհ գաղափարների վրա հիմնված գաղտնի եղբայրությունը՝ Միհրականությունն իր խորհրդավոր, միայն եղբայրության անդամներին իրենց խորունկ իմաստը բացահայտող, պարզաբանող արարողակարգով ուղեկցում է Միհրականին դեպի Ճշմարտության Լույսը՝ Իմացության նորանոր ոլորտների աստիճանական բացահայտմամբ:

    «Վաղնջական ժամանակներից գիտելիքն իմաստնաբար փոխանցելու արդիւնավէտ միջոցներ են մշակուել՝ խորագէտի հմտութեամբ կիրառելով զանազան գաղտնի գաղափարներ՝ սքօղուած իմաստակիր խորհրդանիշներով:

    Դէպի Իմացութեան Լոյսն ուղղորդող ճանապարհը Միհրականը միանգամից չի բացայայտում:

    Անհրաժեշտ է յաջողութեամբ յաղթահարել մի շարք փորձութիւններ՝ համբերութեամբ և աննկուն կամքով հերթականութեամբ մագլցելով գիտութեան, առաքինութեան նուաճման աստիճանները:
    Պատասխանատւութեան բարձր գիտակցութեամբ նա զարգացնում է իր բարոյեական յատկանիշները՝ դժուարին իրավիճակներում անվրդով ոգով հաւասարակշռուած լուծումներ գտնելով ցանկացած խնդրի համար:

    Միհրականն իր ուսուցման ընթացքում որոշակի փուլերով է անցնում՝ արժանանալով համապատասխան աստիճանակարգի, որոնցից իւրաքանչիւրն իր խորհուրդն ու խորհրդանշանն ունի»,- գրում է Քուրմ Միհր Հայկազունին։

    Վերափոխված, Միհրական Գիտակցության հասած Հայորդիք՝ Արևորդիք, Հայկեան հզոր ոգու կրողներն են, Հայոց Նախահայրերի՝ փառապանծ Արքաների և Քրմերի իրական ժառանգները, որոնք այսօր էլ վառ են պահում հազարամյակների խորքից եկող Իմաստության անշեջ Ջահը:

    «Մարդկությանն ազնվացնողը և լուսավորողն է Միհրականը, որն անհողդողդ կամքով և գործունեությամբ նախանշում, կռում է իր անշեղ ուղին՝ առաջնորդելով իր համախոհներին,- Միհրականության սկզբունքներն է հիշեցնում Քուրմ Միհր Հայկազունին և հավելում.
    «Ազնվությունը, արդարությունը, ուղղամտությունը և խստապահությունն է Միհրականի առաքինության հիմքը:
    Ժամանակդ մի՛ վատնիր անկարևոր հարցերի վրա:
    Եղի՛ր նպատակասլաց և միշտ պատրաստ՝ դժվարին մարտահրավերներն իմաստնությամբ և տոկունությամբ դիմակայելու համար»:

    «Հարահոս և վաղանցիկ ժամանակը, որ տրվում է յուրաքանչյուրին իր կարճատև կյանքի ընթացքում, հարկ է իմաստավորել ինքնակատարելագործմամբ՝ հանուն բեղուն, օգտակար գործունեության և ի նպաստ հասարակության բարօրության:
    Ուստի՝ դարձի՛ր վեհ գաղափարների մարմնավորողը՝ հմտանալով, կոփվելով կյանքի մատուցած փորձությունները խիզախությամբ դիմագրավելով, և դարձի՛ր այն բարձրագույն արժեքը, որը Միհրականի առաքինության հիմքն է՝ ազնիվ, միշտ դեպի Ճշմարտությունը և Լույսը ձգտող»,- հորդորում է Քուրմ Միհր Հայկազունին՝ ողջունելով Միհրական եղբայրության նոր անդամներին, որոնք գիտակցաբար՝ մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ, ընտրել են Իմացության և Ինքնաճանաչման լուսավոր ուղին՝ հազարամյակների խորքից եկող ծեսերն ու ավանդույթները շարունակելով…

    Միհրականությունը բացահայտող սկսնակը՝ եղբայրության մեջ ընդգրկվելուց առաջ, ուղեկցվում է «Խոկման սենյակ», ուր կան զուտ մի քանի խորհրդանշական առարկաներ:
    Միայն մոմի լույսով ողողված քարայրի կիսամթում նա միայնակ պետք է հաղթահարի իր առաջին փորձությունը՝ կանգնելով վերափոխման շեմին:

    Լուսանկարները՝ մեկնաբանություններով՝ Քուրմ Միհր Հայկազունու…

  • ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Գ

    ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Գ

    ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…
    (ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Գ

    Երիտասարդությունն է այն «թարմ ուժը», որը նպաստում է ազգի առաջընթացին՝ կերտելով ապագան:
    Նախնիների կուտակած կենսափորձը, ազգային հիշողությունը գալիք սերունդներին փոխանցումը, միջսերնդային փոխազդեցությունները միշտ էլ կարևորել են Հայկազունները:

    Անհատի ազգային ինքնագիտակցության ձևավորման, ինքնակատարելագործման, ինչպես և կյանքի անխուսափելի խոչընդոտները դիմակայելու համար անհրաժեշտ դաստիարակության գործում Միհրականությունը հստակ մշակված իր ուղին ունի, որով ուղղորդվում են երիտասարդները՝ պատանեկան տարիներից սկսած:

    Միհրական եղբայրության սկզբունքով ձևավորված «Կտրիճվորաց եղբայրությունները» միջնադարյան Հայաստանում և հետագայում ևս իրենց կարևոր դերն ունեին Հայ երիտասարդների կյանքում, թեև զինվորական կառույց հիշեցնող նրանց բնույթը փոփոխվել էր որոշ վայրերում՝ եկեղեցու ազդեցությամբ՝ ազգայինի փոխարեն քրիստոնեականը շեշտելով:

    Հայ պատմաբան Վարդան Գրիգորյանը՝ «Յազլովեց քաղաքի Հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությանը» նվիրված իր ուսումնասիրության մեջ գրում է.
    «Ինչպես տեսնում ենք, Յազլովեցում եղել է «Քառասուն եղբայրների» խորհուրդ, որը գլխավորել են «մարշալեքն» ու «վոյեվոդան»։ Այդ խորհրդի թվարկված անդամները «պաներ» ու «պարոններ» են, այսինքն՝ պատկանել են գաղութի ունևոր խավին, հետևապես՝ գաղութի, ինչպես և «եղբայրության» ղեկավարությունը գտնվել է հարուստների ձեռքին, որոնք, բնականաբար, թե՛ խորհրդի և թե՛ եղբայրության հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործել են իրենց շահերի օգտին։

    Կանոնադրության սկզբում տեր Հակոբը ներկայացված է որպես հոգևոր և աշխարհիկ դատաստանների ատենադպիր։ Որ Յազլովեցի Հայ գաղութն ուներ իր աշխարհիկ դատարանը, դա վաղուց հայտնի էր դատարանի 1669 — 1670 և 1672 թթ. կազմված արձանագրություններից, որոնք հայտնաբերել և քաղվածաբար հրատարակել է Ս. Բարոնչը, բայց մեզ անհայտ էր այդ քաղաքում Հայ հոգևոր դատարանի գոյության փաստը, դրա միակ աղբյուրը սույն կանոնադրության ներածությունն է։

    Երզնկայի, Անիի, Վանի, Սուլթանիայի և Կաֆայի եղբայրությունների պահպանված նյութերից հայտնի է, որ դրանք գլխավորել են «մանկտավագները»:
    Այդպես են կոչվել նաև եղբայրության ղեկավարները Կամենեց-Պոդոլսկում:
    Բոտոշանում, Յաշում և Ռոմանում նրանք կոչվել են «վատահներ», իսկ 1790 թվականից հետո, երբ կանոնադրությունը կրկին հաստատվել է և բավականին խմբագրվել, «վատահի» փոխարեն մտցվել է հայկական «պատանեկապետ» կոչումը:
    Գեռլայում այն անվանվում էր «պրեֆեկտ», Ռաշկովում՝ «ստարեսդա»։
    Յազլովեցում, ինչպես ցույց է տալիս կանոնադրությունը, «եղբայրների» առաջնորդությունը ստանձնած են եղել «սթարշըյները»:
    Դրանցից բացի եղել են նաև տարբեր պարտականություն ունեցող բազմաթիվ պաշտոնյաներ։

    Հայտնի է, որ Երզնկայի կտրիճները ժամանակի ընթացքում աստիճանաբար երկրորդական պլան են մղել եկեղեցին ու կրոնական հարցերը։ Այնտեղ «Եղբայրության» մեջ միավորվելու նպատակն է եղել նաև պայքարը բռնակալության դեմ, բայց Յազլովեցում հիմնական շեշտը դրվում է եկեղեցուն հովանավորություն ցույց տալու վրա։
    Այստեղ «Կտրիճվորաց եղբայրությունն» ավելի մոտ էր կանգնած եկեղեցուն, և նրա ղեկավարությունը գտնվում էր գաղութի ազդեցիկ մարդկանց և, առաջին հերթին, «վոյթի» ձեռքում։

    Ինչպե՞ս է պատահել, որ մայր երկրում եկեղեցուց և կրոնից բավականին հեռացած Հայ կտրիճները հայրենիքից դուրս կրկին համախմբվել են եկեղեցու շուրջը:
    Կարծում ենք, որ հայկական «Կտրիճվորաց» կազմակերպությունների մեջ տեղի ունեցած այս էական փոփոխությունը կապված է տեղական պայմանների հետ: Երբ արտագաղթի հետևանքով ազգային շատ ավանդույթների հետ միասին այդ կազմակերպությունները տարվեցին հեռավոր երկրներ, ապա տեղական պայմանների ազդեցության ներքո որոշ չափով փոխվեց և նրանց բնույթը»…

    …«Կանոնադրությամբ կարգավորված է նաև հարսանիքները կազմակերպելու հարցը։
    Ամուսնացող կտրիճներին գանձանակից օգնություն էր ցույց տրվում։ Նրանք իրենց հերթին պարտավոր էին համապատասխան մուծում կատարել գանձանակ, գումարի չափը կախված էր ամուսնացողի նյութական հնարավորություններից։ Եթե վերջինս աղքատ էր, նրա հարսանիքի ծախսն արվում էր գանձարկղի կամ էլ հենց կտրիճների հաշվին, սակայն դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե այդ կտրիճը «աղեկ զասլուժիթսա» եղեր է» (բավականաչափ արժանացել է, Կ.Ա.), (№ 26)։
    Կտրիճները կարող էին իրենց չունևոր ընկերներին ազատել հարսանիքի համար որոշված գումարը մուծելու պարտականությունից (№ 7)։
    Հատուկ հոդված կա այն մասին, որ ամուսնացողները նվերներ են տալու ավագ կտրիճներին (№ 8), իսկ «վոյթին» իրավունք է վերապահված կտրիճների հաշվին հյուրասիրություն կազմակերպել գաղութի ղեկավարների՝ «աղաների» համար (№ 31)»։

    «…Երբ պահանջվում էր «վոյթի» հետ միասին ձիով արշավի գնալ քաղաքից դուրս, ավագների հրամանի համաձայն՝ կտրիճները պարտավոր էին անմիջապես իրենց ձիերով և, անտարակույս, զինված կատարելու կարգադրությունը»։

    …«Մոլդավահայ գաղութների երիտասարդների, ինչպես և մեծահասակների եղբայրությունների կանոնադրությունները մշակել է լեհահայ հայտնի գիտնական Ստեփանոս Ռոշքան, որը ձեռքի տակ ունեցել է լեհահայ համանման կազմակերպությունների կանոնադրությունները և օգտվել դրանցից։ Հետևապես, լեհահայ գաղութներում գոյություն ունեցած կանոնադրությունների վերաբերյալ տեղեկություններ կարելի է քաղել նաև այդ կանոնադրություններից։
    Բայց պետք է հաշվի առնել, որ Վատիկանում դաստիարակություն ստացած, Պոդոլյեում հոգևոր բարձր պաշտոններ վարած Ս. Ռոշքան իր կազմած կանոնադրություններում գլխավոր շեշտը դրել է երիտասարդության հոգևոր դաստիարակության վրա, և նրա կազմած կանոնների մեծ մասը վերաբերում է կրոնական հարցերին»։

    «Մոլդավիո Հայ պատանեկաց կանոնադրությունը,- կարդում ենք խմբագրության կցած առաջաբանում,- հիշեցնում է մեզ հին սպարտացվոց կանոնները, որոց պատանիները որոշյալ հասակն առնելուց հետո պատկանում էին հասարակության և դաստիարակվում էին հասարակական հաստատությանց մեջ, բոլորովին ազատ ծնողաց իշխանությունից և ազդեցությունից: Նույնը մասամբ երևում է և Մոլդավիո Հայ պատանեկաց կանոնների մեջ, ըստ որում՝ Մոլդավիո Հայ պատանյակը ժողովի մեջ մտնելուց հետո, բոլորովին ենթարկվում է ժողովի որոշումներին, որոնց դեմ ո՛չ ծնողքն և ո՛չ ազգականք նրան պաշտպանելու իրավունք ունեն։

    Զանազանությունը նրանումն է, որ սպարտացին ստանում էր զինվորական դաստիարակություն և դառնում էր հայրենյաց քաջ զինվոր, իսկ Մոլդավիայի Հայ պատանյակը կրոնական — հասարակական դաստիարակություն էր ստանում, հասարակության ապագա անդամ և լավ քրիստոնյա լինելու համար:
    Այդ զանազանությունը ավելի պակաս է թվում, երբ ծանոթանում ենք յազլովեցյան կտրիճների կանոններին։
    Այստեղ արդեն գործ ունենք կիսառազմականացված կազմակերպության հետ, որի խնդիրների մեջ երիտասարդության կրոնական — հասարակական դաստիարակությունն ապահովելուց ոչ պակաս կարևոր էր նրանց կարգ ու կանոնին վարժեցնելու, հրամանատար-ավագների կարգադրություններին անվերապահորեն ենթարկվելու, անհրաժեշտության դեպքում՝ թշնամու դեմ դուրս գալու գործը։

    Հայտնի է, որ Յազլովեցի Հայերը եռանդուն մասնակցություն են ունեցել քաղաքի պաշտպանությանը։ Նրանք ոչ միայն մասնակցել են կռիվներին, այլև իրենց միջոցներով կառուցել պաշտպանական ամրություններ, որոնց մի մասը պահպանվել է մինչև այսօր:
    XVII դարի կեսերին քաղաքի պաշտպանությունը վստահված էր Հայ «վոյթին»։ Հատկապես աչքի է ընկել վոյթ Բոգդան Շեֆերովիչը, որը բազմաթիվ հաղթանակներ է տարել քաղաքի վրա հարձակված թուրք — թաթարական հրոսակների նկատմամբ և արժանացել «Լեհաստանի ասպետի» պատվավոր կոչման:

    Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկին 1685 թ. հունիսի 6-ին Հայ արհեստավորներին մի շարք արտոնություններ շնորհելու վերաբերյալ տված իր հրովարտակում հատուկ շեշտել է Հայերի քաջագործությունները նաև Յազլովեցի պաշտպանության ժամանակ:
    Կռվող ուժը հիմնականում երիտասարդներն էին և կարելի է չկասկածել, որ «Կտրիճվորաց եղբայրությունը» կարևոր դեր է խաղացել նրանց մարտական ոգու դաստիարակության գործում»:

    …«Յազլովեցյան «Կտրիճների» կանոնադրությունը՝ շարադրված լինելով տեղի Հայերի առօրյա խոսակցական լեզվով, օգտակար սկզբնաղբյուր է նաև լեզվաբանական հետազոտությունների համար»…

  • «ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Բ

    «ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Բ

    «ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…
    (ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Բ

    Դարեր շարունակ այլազգի հրոսակների ասպատակությունների հետևանքով հայրենի եզերքներից բռնագաղթված Հայերը հաստատվում էին օտար ափերում՝ կարճ ժամանակում կորցնելով իրենց լեզուն և ազգային մշակույթը:
    13-14-րդ դարերում ևս՝ մոնղոլական արշավանքների պատճառով Հայ ազգի հսկայական հատվածներ ստիպված հեռացան հայրենիքից՝ ստվարացնելով Անիի անկումից հետո՝ 11-րդ դարի կեսերից Ղրիմի թերակղզում և այլուր տեղափոխվածների համայնքները:
    Կյանքի համեմատաբար ավելի ապահով պայմանների փնտրտուքը հետագայում նույնպես Ղրիմից ու Բալկաններից բազմաքանակ Հայերի հասցրեց Կիև, Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, Ֆրանսիա…
    1475 -ից՝ Ղրիմում տիրող իրավիճակով պայմանավորված՝ իրենց բարգավաճ բնակավայրերը ստիպված կրկին լքեցին տեղի Հայերը՝ մեծ խմբերով գաղթելով Լվով, Կամենեց-Պոդոլսկ, Յազլովեց, Ռաշկով և այլուր՝ նոսրացնելով և կազմալուծելով Ղրիմի Հայկական համայնքը:

    Հայ պատմաբան Վարդան Գրիգորյանը (1929 -2019) «Յազլովեց քաղաքի Հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը» հոդվածում գրում է.
    «1895 թ. լեհահայոց արքեպիսկոպոս Սահակ Սահակյանը (Իսակ Իսակովիչը) հայերեն տասնյակ ձեռագիր հատորներից բաղկացած մի արժեքավոր հավաքածու նվիրեց Վիեննայի Մխիթարյանների մատենադարանին։ Նվիրաբերված գրչագրերի մեջ էր նաև կաշեկազմ մի փոքրիկ գրքույկ, որը գրանցվեց 453 համարի տակ։ Դա ուկրաինական Յազլովեց քաղաքի հայկական գաղութի երիտասարդական կազմակերպության՝ «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունն էր, որը կազմվել էր 1646 թվականին։
    Հենց նույն՝ 1895 թվականին, այդ ձեռագրի մանրամասն նկարագրությունը լույս ընծայվեց Հ. Տաշյանի ձեռագրացուցակում։ Փոքրիկ կրճատումով այնտեղ հրապարակվեց նաև կանոնադրության ներածական մասը և վերջում զետեղված հաստատագիրը»: Դա առաջին տեղեկությունն էր Յազլովեցում գոյություն ունեցած Հայ երիտասարդական կազմակերպության վերաբերյալ»…

    «Այդ «եղբայրությունները» յուրօրինակ քաղաքային կազմակերպություններ էին, որոնց նպատակն էր փոխադարձ օգնության և օժանդակության հիման վրա համախմբել Հայ երիտասարդությանը, նպաստել նրանց հոգևոր և աշխարհիկ դաստիարակությանը։ Նման կազմակերպություններ Հայաստանում գոյություն ունեին շատ վաղ ժամանակներում և, հայրենի այլ սովորությունների ու ավանդույթների հետ միասին, Հայ գաղթականների միջոցով տարվել էին գաղթաշխարհի կենտրոնները»:

    …«Յազլովեցում հաստատված Հայերը զբաղվում էին առևտրով ու արհեստներով:
    Հայերի գաղթը դեպի Յազլովեց խրախուսելու համար քաղաքի տերերը նրանց բազմաթիվ արտոնություններ են շնորհել։ Հայերը ստացել են սեփական օրենքներով ղեկավարվելու իրավունք և ստեղծել իրենց քաղաքային վարչությունը, Յազլովեցում Հայերն ունեին դպրոց, եկեղեցիներ և դատարան:
    Հայ արհեստավորները համախմբված էին իրենց համքարություններում, դրանցից զատ կային նաև եղբայրություններ, որոնցից մեկն էլ խնդրո առարկա «Կտրիճվորաց եղբայրությունն» էր»:
    «…Ըստ երևույթին, Կաֆայից Յազլովեց տեղափոխված Հայերը ևս նոր վայրում պահպանել կամ վերականգնել են իրենց արհեստավորական կազմակերպություններն ու հոգևոր եղբայրությունները:
    Այսպիսով, Ղրիմ գաղթած և ապա պատմական դեպքերի հարկադրմամբ այնտեղից Պոդոլյե ու այլ վայրեր ցրված Հայերը, ի թիվս հայրենի այլ ավանդույթների, իրենց հետ տարել են նաև առօրյա կյանքի դժվարություններին դիմագրավելու գործում շատ պիտանի իրենց կազմակերպությունները, որոնք, բնականաբար, հարմարվելով նոր պայմաններին, պետք է ենթարկվեին համապատասխան փոփոխությունների։


    Յազլովեցի Հայ «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը, որը հրատարակվում է առաջին անգամ, արժեքավոր սկզբնաղբյուր է ոչ միայն այդ ուշագրավ կազմակերպության, նրա կառուցվածքի, այլև ողջ գաղութի ղեկավար մարմինների ու առանձին գործիչների վերաբերյալ։
    Ինչպես Լվովում, այնպես էլ Յազլովեցում երիտասարդների կազմակերպությունը ենթարկված է եղել գաղութի ավագների խորհրդին: Նրա կանոնների մշակմանն ու հաստատմանը մասնակցել են գաղութի ղեկավարներն ու հոգևոր գործիչները»…

    «Յազլովեցի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը բաղկացած է 32 հոդվածներից (արթիքուլներից), որոնցում հանգամանորեն պարզաբանված են կազմակերպության մեջ ընդգրկված երիտասարդների իրավունքներն ու պարտականությունները։
    Եղբայրության անդամ կարող էին լինել դեռևս չամուսնացած երիտասարդները, որոնք ամուսնանալուց հետո մեկ տարի կարող էին մնալ կազմակերպության մեջ, իսկ ապա եղբայրությունից հեռանալն արդեն կախված էր տվյալ անձի ցանկությունից։ Եղբայրությունը, ինչպես Երզնկայում և այլուր, կապված չի եղել արհեստի ու առևտրի որևէ մասնաճյուղի հետ և, հետևապես, այն չի կարելի նույնացնել համքարական կազմակերպության հետ։ Այն ունեցել է հատուկ գանձանակ, որը գոյացել է «կտրիճների» պարբերական դրամական մուծումներից և զանցանքների դիմաց գանձվող տուգանքներից: Այդ գանձանակը փաստորեն փոխօգնության դրամարկղ էր, որից առաջին հերթին օգտվել են նյութապես ոչ ապահովված երիտասարդները։ Գանձանակի հետ կապված հարցերը որոշվել են կտրիճների ընդհանուր ժողովներում։

    Կանոնադրության № 3 հոդվածի համաձայն՝ կտրիճներն ամեն տարի ընտրել են «տէբութադներ» (դեպուտատներ, Կ. Ա.), (4 հոգի): Հետագա շարադրանքից պարզ չէ սրանց պարտականությունները, ըստ երևույթին սրանցից առանձնացվել կամ ընտրվել են ավագները՝ «սթարշըյները», որոնք իրականացրել են կազմակերպության առանձին օղակների ղեկավարությունը։ Իսկ ընդհանուր ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, վերապահված է եղել «վոյթին», որը № 19 հոդվածի համաձայն կարող էր կտրիճներին իր հետ արշավի հանել, անհնազանդներին պատժել բանտարկությամբ (№ 28) կամ վտարել եղբայրությունից (№ 27)։

    Երզնկայի «Եղբայրության» նման Յազլովեցինն էլ զինվորական կազմակերպության տեսք ուներ: Կտրիճները պետք է լինեին վերին աստիճանի կարգապահ, անվերապահորեն ենթարկվեին իրենց ավագներին։ Առանց հարգելի պատճառի նրանք իրավունք չունեին բացակայելու հավաքներից ու ժողովներից»:

    …«Երզնկայի կտրիճների նման՝ Յազլովեցի Հայ պատանիներն էլ սիրել են իրենց ժամանակը խնճույքներում կարճել, ուստի և նրանց կանոնադրության մեջ հանգամանորեն պարզաբանված է այդ հարցը։ Այնտեղ բազմաթիվ կանոններ կան քեֆերն ու հարսանիքները կազմակերպված և հաճելի ձևով անցկացնելու մասին։ Ուշագրավ է, որ կանոններից մեկում սահմանված է «խոսակցության ժամանակ իրար խոսք չկտրել» կամ «քեֆի ժամանակ սեղանի շուրջ չնստել թրով կամ ատրճանակով»։
    Այստեղից հետևություն. իրենց հեռավոր նախնիների՝ վանեցիների ու երզնկացիների նման Յազլովեցի կտրիճների համար զինված լինելը սովորական բան էր, ուստի և կանոն է սահմանված այդ մասին։

    Հայաստանի կտրիճները պատերազմների ժամանակ մասնակցում էին իրենց քաղաքների պաշտպանության գործին, կասկածից վեր է, որ թրով ու թվանքով ման եկող այս յազլովցիները և կամ կամենիցացի կտրիճներն էլ մասնակից են եղել պաշտպանական այն բազմաթիվ կռիվներին, որ այն ժամանակ Ուկրաինայի քաղաքացիները ստիպված էին մղել հատկապես թուրքական ու թաթարական հրոսակների դեմ։
    Հայտնի է, որ լեհական Յան Սոբեսկի թագավորը Հայ արհեստավորներին մի շարք արտոնություններ շնորհելու վերաբերյալ 1685 թվականի հունիսի 6֊ին տված իր հրովարտակի մեջ նշել է Հայերի կտրիճությունն ու քաջագործությունը Կամենիցի, Յազլովեցի ու Լվովի, ինչպես և մյուս սահմանային բերդերի պաշտպանության գործում։

    Արևմտյան Ուկրաինայում եղած հայկական «եղբայրություններն» ունեցել են դրամարկղներ, որոնց մեջ պահել են իրենց կարևոր փաստաթղթերն ու դրամական միջոցները»…

    …«Մեզ հասած սկզբնաղբյուրներից երևում է, որ Երզնկայի կտրիճները ժամանակի ընթացքում աստիճանաբար երկրորդական պլան են մղել եկեղեցին, կրոնական հարցերը, կերուխումի և զվարճությունների տալով իրենց»…

    …«Արդ, ինչպե՞ս է պատահել, որ մայր երկրում եկեղեցուց և կրոնական կյանքից բավականին հեռացած Հայ կտրիճները Հայրենիքից դուրս կրկին համախմբվել են եկեղեցիների շուրջը: Երզնկայում, ինչպես սկզբում նշեցինք, «եղբայրության» մեջ միավորվելու նպատակն է եղել նաև պայքարը բռնակալության դեմ. կտրիճները օգնելու էին միմյանց՝ «եթէ ոք յեղբարութենէս ի փորձութիւն մարդկան անկանիցի և ի բռնաւորաց նեղիցի», այս պատճառով այդ «եղբայրությունը» որոշ առումով նաև զինվորական կազմակերպություն է հիշեցնում, կանոնադրության համաձայն այն բաժանված է տասնյակների, որոնց գլուխ են անցած տասնապետները, չորս տասնյակները կազմել են քառասնյակներ՝ իրենց գլխավորով։ Բայց Ուկրաինայում հիմնական շեշտը դրվում է եկեղեցուն հովանավորություն ցույց տալու վրա:
    Ի՞նչն է սրա պատճառը։ Կարծում ենք, որ հայկական «Կտրիճվորաց» կազմակերպությունների էության մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը կապված է շրջապատի պայմանների հետ»…(մեջբերումները՝ Վ. Ռ. Գրիգորյանի՝ «Արևմտյան Ուկրաինայի հայկական գաղութների «Կտրիճվորաց եղբայրությունների» մասին» հոդվածից):
    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Յազլովեցում ցայսօր պահպանված հայերեն արձանագրություններից (լուսանկարը՝ Սամվել Ազիզյանի)