«ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»… (ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Ա
Հազարամյակների պատմության ընթացքում Հայոց աշխարհի դիմագրաված քաղաքական և տնտեսական փոթորիկների արդյունքում Հայ ազգի մի ստվար հատված ստիպված բաժանվել է Հայրենիքից՝ բնակություն հաստատելով զանազան երկրներում: Այդ նոր գաղթավայրերում սփռված Հայությունն իր ազգային նկարագիրը չկորցնելու մտահոգությամբ՝ ձգտել է իրենց ձևավորած համայնքներում հնարավորինս պահպանել հայրենի ավանդույթները: Եվ «մայր ծառից» հեռացած, օտար ափերում ցրված «ճղակտոր» այդ բեկորները՝ գաղթականության կորստաբեր հետևանքները դիմագրավելու նպատակով, կազմակերպել են իրենց ներհամայնքային կյանքը: Բազմաբնույթ միություններից են հնագույն ժամանակներից եկող՝ «Միհրականության եղբայրության» սկզբունքով գործած «Կտրիճվորաց եղբայրությունները», որոնց գործունեությանն առնչվող տարբեր նյութեր են պահպանվել զանազան դարերից, իհարկէ, ժամանակի թելադրանքով՝ քրիստոնեությանը հարմարեցված:
Անիում, Կարինում, Վանում, Երզնկայում և այլուր գործող «Կտրիճների եղբայրությունների» օրինակով հետագայում նման կազմակերպություններ ձևավորեցին և Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Հունգարիա հասած Հայորդիք։
1280 թվականին Երզնկայում ստեղծված «Եղբարց միաբանութեան» համար Հովհաննես Երզնկացու կողմից գրված «Սահման և կանոնք»-ը, որը պահպանվել է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2329, 652 ձեռագրերում, ուսումնասիրել և 1951 թվականին հրապարակել է պատմաբան Լ. Խաչիկյանը: Փոխօգնության և օժանդակության հիմունքներով միավորված երիտասարդներին ղեկավարում էր «Մանկտավագը» («մանկտի»՝ «պատանի, երիտասարդ, զինվոր» իմաստով և «ավագ»՝ «ղեկավար անձ»): Հիշյալ բառը հանդիպում է նաև Ուկրաինայի պետական արխիվում պահվող նյութերում՝ ապացուցելով «Կտրիճների եղբայրության» գործունեությունն այդ շրջանում ևս:
Ըստ 16-17-րդ դարերում Կամենեց — Պոդոլսկ, Յազլովեց քաղաքների «Կտրիճվորաց եղբայրությունների» կանոնադրությունների՝ ամուրի երիտասարդների մասնակցությամբ նրանք կազմակերպում էին հասարակական կյանքն ու կենցաղը՝ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ հարևան ժողովուրդների հետ, անհրաժեշտության դեպքում զինված պայքարով պաշտպանում էին նաև իրենց բնակության քաղաքը:
«Կամենիցից բացի «Կտրիճվորաց եղբայրություններ» են եղել նաև ուկրաինական մի քանի այլ քաղաքների հայկական գաղութներում։ Լվովում հայերեն գրված եկեղեցական մի ժամանակագրությունից տեղեկանում ենք, որ 1690 թ. նոյեմբերի 10-ին Լեհաստանի Հայերի Վարդան արքեպիսկոպոսը հատուկ կոնդակով հաստատել է Ստանիսլավի «Կտրիճվորաց եղբայրություն»-ը, որը հիմնադրել էր Նիկոլ Թորոսովիչ տխրահռչակ արքեպիսկոպոսը»,- գրում է Վ. Ռ. Գրիգորյանը:
…«Աշխարհը ծով է, և մարդիկ ալեկոծվում են նրա մեջ, ամեն փորձանք հնարավոր է,- ասվում է Երզնկայի կանոններից մեկում,- և եթե «եղբայրներից» որևէ մեկն ընկնի դժբախտության մեջ, մյուսների պարտքն է օգնության շտապել նրան՝ թե՛ նյութապես և թե՛ բարոյապես»։ Նույն այս միտքը տարբեր բառերով կրկնվում է և մյուս կանոնադրությունների մեջ։ (՛Եւ թէ ոք ի տկարութիւն և ի ցաւ հիւանդութեան մարմնոյ անկանիցի,- կարդում ենք Երզնկայի կանոններում,- յամենայն աւր եղբայրութենէն ի տեսութիւն գնասցեն և զհիւանդացեալն մխիթարեսցեն, և դեղով և բժշկով ձեռնտու լիցին»):
«Աւագ եղբայրն քաղցրութեամբ խրատեսցէ և կրտսերն հնազանդութեամբ լուիցէ», — կարդում ենք Երզնկայի կանոնադրության մեջ: Նույնն է կրկնվում նաև Յազլովեցի կանոններում, բայց այլ բառերով… Բնականաբար, պատմական տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծված այդ կանոնադրությունները, որոնք նկատելի կերպով հարմարեցված են տեղական պայմաններին, միմյանց և Երզնկայի կանոնադրության հետ համեմատած ունեն առանձին տարբերություններ»…
«Յազլովեցի Հայ «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը, որը հրատարակվում է առաջին անգամ, արժեքավոր սկզբնաղբյուր է ոչ միայն այդ ուշագրավ կազմակերպության, նրա կառուցվածքի, այլև ողջ գաղութի ղեկավար մարմինների ու առանձին գործիչների վերաբերյալ։ Ինչպես Լվովում, այնպես էլ Յազլովեցում երիտասարդների կազմակերպությունը ենթարկված է եղել գաղութի ավագների խորհրդին: Նրա կանոնների մշակմանն ու հաստատմանը մասնակցել են գաղութի ղեկավարներն ու հոգևոր գործիչները»…(Վ. Ռ. Գրիգորյան, «Յազլովեց քաղաքի Հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը»):
«ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՅԿԱԶԵԱՆՔ ԵՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԱՒ ԱՐԵՒԱՊԱՇՏՔ ԵՒ ԿՈՉԻՆ ԱՐԵՒՈՐԴԻՔ»… («ԱՐԵՒՈՐԴՈՑ ԽՆԴԻՐԸ») — ՄԱՍ Բ
Շարունակենք նախորդ հրապարակման մեջ արծարծված «Արևորդիների խնդիրը»՝ ծանոթանալով իրական Արևորդիների ուսմունքին՝ Հայկազունիների հնագույն Արևային մշակույթը կրող Հայկեան Միաբանութեան Քրմերի մեկնաբանությամբ:
Ղևոնդ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» ուսումնասիրության մեջ կարդում ենք. «Ավելի դյուրին և զարմանալին այն է, որ արևպաշտությունը առավել, քան այլ հավատքներ, ինչ֊որ ձևով տևական ու խորն է արմատավորվել մեր ազգակիցների մեջ։ Եվ այլևայլ ժամանակներում երևացել են Արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան, թեկուզև չորոշվի, թե ո՛ր ազգի մնացորդն են։ 11-րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է զանդիկ մոգերից առաջացած. «Ոմքն ի նոցանէ դեղեալք՝ Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն․ և ահա են յայդմ գաւառի (Միջագետաց) բազումք, և քրիստոնեայս զինքեանս յայտնապէս կոչեն»…
«…Մեզ ավելի մոտ դարերի գրողների գրվածքներում էլ կան Արևորդիներին վերաբերող հիշատակումներ։ Մինչև հիմա Միջագետքի կողմերում «շեմսի» (ասել է թե՝ «արևային») կոչված աղանդավորները ունեն հեթանոսության, քրիստոնեության և իսլամի խառնուրդով մի կրոն։ Նրանց ազգի ծագումը հայտնի չէ, և խոսում են տեղացիների լեզվով։ Իսկ բուն Հայոց երկրում՝ Կաղզվանի կողմերում, դեռ լսվում են Երասխի և Արածանիի անջրպետ «Արևորդի» կամ «Արծվորդի» կոչված լեռների անուններ, որտեղ մեր օրերում իսկ հայտնվել են եզիդիներ ու արևապաշտներ, գոնե Արևորդիներ, որ հիշատակված են տեղագիրների կողմից, որոնցից է Տեսիեն (Texier, Asie Mineure, I, 105, 123)»։
17-րդ դարի սկզբներին՝ ճամփորդության ընթացքում Մարդինով անցնող Սիմէոն Լեհացին վկայում է, որ «շեմսիները» Մարդինում իրենց հավաքատեղին («աղօթատեղին») ունեին, խոսում էին հայերեն և կրոնափոխության սպառնիլիքի ներքո այդտեղից ցիրուցան են եղել՝ ոմանք գնացել են Պարսկաստան, մի մասը՝ Ասորիք, Թոխաթ ու Մարզվան (Սիմէոն դպրի Լեհացւոյ «Ուղեգրութիւն», էջ 208, Վիեննա, 1936թ.):
1895 թվականի գիտարշավի ուղեգրություններում ֆրանսիացի հնագետ և մարդաբան Էռնեստ Շանտրը (Ernest Chantre, 1843-1924) գրում է եզդիների կրոնի առանձնահատկությունների, այլ ազգերի հավատալիքներից կրած ազդեցության և առավոտյան արևին երկրպագելու նրանց ծեսի մասին, եզրակացնելով, որ նրանց մոտ անգիտակցաբար պահպանվել են Զրադաշտական տարրեր (էջ 94): Որոշ քաղվածքներ (իմ թարգմանությամբ) հավաստում են միջնադարյան մատենագիրների տողերը: «Ոմանք նրանց համարում են մահմեդական, ոմանք՝ նեստորական կամ Զրադաշտի ուսմունքի կողմնակից: …Պաշտում են արևը՝ որպես Աստծո արդարության պատկեր, մարդկության կենսատու սկզբունք»… «Ինչպես հին Արևորդիք, նրանք պաշտում են բարդին, բայց, ծայրահեղ հակասականությամբ, համարում են, որ այդպիսով պաշտում են այն ծառը, որի փայտից Հիսուսի խաչափայտն էր կառուցված»… «Երբ մի եզդու հարցնում ենք, թե ո՞րն է իր կրոնը, պատասխանում է, որ ինքն «իսավի» է, այսինքն՝ պատկանում է Հիսուսին, մի խոսքով՝ քրիստոնյա է: Եվ քանի որ նրանք առաջնակարգ կողոպտող ու գող են, որպես արդարացում ասում են, որ Հիսուսն իրենց թույլատրել է գողանալ՝ ի հիշատակ իր աջ կողմում խաչված գողի»:
Անդրադառնալով Ներսես Շնորհալու հիշատակած Արևորդիներին, որոնք քրիստոնեության տարածման ժամանակ մերժեցին ընդունել նոր կրոնը և պահպանեցին իրենց ուսմունքը, Շանտրը տարակուսանքով է նշում Եղիազարովի դիտարկումը, համաձայն որի՝ հավանաբար եզդիներն էին հիշյալ աղանդի ներկայացուցիչները: Շանտրը հիշեցնում է «եզդի» բառի՝ Պորտուգալյանի տված ստուգաբանությունը՝ ըստ Պարսկաստանի Յազդ քաղաքի, ուր մինչ օրս հարատևում է զրադաշտականությունը:
«Արևորդիները, որոնք Հայկազունիների սերունդների շնորհիվ մինչ օրս հարատևում են, հատուկ ծիսակարգով «Արևկնունք» ստացած Հայորդիներն են՝ Հայկեան ուսմունքի կրողները»՝ Քուրմ Միհր Հայկազունու բացատրությամբ:
Վերոնշյալ հեղինակների մոտ շփոթի և անորոշության պատճառն այն է, որ, քրիստոնեության տարածումից հետո, հնում բնապաշտական տարրեր պարունակող հավատալիքներով ազգերին ընդհանրացրած ձևով «արևապաշտությանն» էին առնչում: Միջնադարյան մատյաններում որպես «Արևորդիներ» հիշվողների ազգության մասին պատկերացում են տալիս դարերի ընթացքում Միջագետքի բնակչությանը վերաբերող վկայությունները:
Նկարագրելով բարձր ապառաժոտ լեռան վրա կառուցված բերդավոր քաղաք Մերտինը՝ Մարդինը և բազմատեսակ պտուղներով առատ նրա շրջակայքը, Ղուկաս Ինճիճյանը թվում է նաև տեղի բնակիչներին: «Բնակիչք նորա տունք իբր 1000. որք են տաճիկք, քուրդք, արաբացիք, հայք, ասորիք կամ յակոբեանք, քէլտանիք, նաև Շէմսիք որ ‘ի լեզու արաբացւոց նշանակէ «Արևայինք», զորս նախնիք մեր կոչեցին Արևորդիք» (Ղ. Ինճիճեան, «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, Ասիոյ. Եւրոպիոյ. Ափրիկոյ. եւ Ամէրիկոյ»: Աշխատասիրութեամբ Տեառն Հ. Ղուկաս Վրդ. Ինճիճեան Կոստանդնուպօլսեցւոյ. Ի Վանս Ս. Ղազարու, Ի Վէնէտիկ, Յամի Տեառն 1806, Մասն Ա, Ասիա, հտ. Ա, էջ 353): «Արևայինք, որոնց մեր նախնիք կոչեցին Արևորդիք»…
«Արևապաշտությունը Կենաց Լույսի զորության մշակույթն է, Իմաստության, ինքնակատարելագործման ձգտումը: Արևորդիներն այդ մշակույթի կրողներն են և այդ Լույսի տարածողները՝ Գիտության, Իմաստնության, ու Բարու սերմնացանները: Արևորդին Հայկազունների աշխարհայացքով, Հայկազունների աշխարհընկալմամբ կրթված Հայորդին է և իր Նախնիների մշակած գիտության ժառանգորդը: Լուսնային տոմարով ապրող ցեղերը, բնականաբար, չէին կարող «Արևորդիք» լինել»,- նշում է Քուրմ Միհր Հայկազունին:
Հայկազուն Արևորդիների հնագույն ավանդույթների, Արևապաշտության և Հայկեան ուսմունքի մասին այսօր ճշգրիտ գիտելիքներ են տալիս Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ լույս սփռելով դարերի ընթացքում անորոշ մնացած բազմաթիվ հարցերի վրա:
Որոշ հակիրճ բացատրություններով մի հարցազրույց Քուրմ Միհր Հայկազունու հետ՝ ստորև:
«ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՅԿԱԶԵԱՆՔ ԵՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԱՒ ԱՐԵՒԱՊԱՇՏՔ ԵՒ ԿՈՉԻՆ ԱՐԵՒՈՐԴԻՔ»… («ԱՐԵՒՈՐԴՈՑ ԽՆԴԻՐԸ») — ՄԱՍ Ա
Միջնադարյան մատենագրության մեջ և հետագայում՝ օտարերկրացի ճանապարհորդների ուղեգրություններում կամ Հայ գրողների հիշատակություններում զանազան առիթներով հիշվում են Արևորդիները: Նրանց ազգային պատկանելության շուրջ կարծիքները տարբերվում են: Քննելով միջնադարից մնացած աղբյուրներում հանդիպող կցկտուր, հակիրճ անդրադարձները՝ 1895 թվականի նոյեմբերին Բեռլինում գրած իր հոդվածում Գրիգոր Վանցյանը եզրակացնում է, որ նրանք Հայ չէին՝ չնայած միջնադարյան որոշ մատյաններում առկա տողերին: Թե ինչպե՛ս է Արևորդիների մասին ձևավորվել այս համոզումը և ովքե՛ր են իրական Արևորդիք՝ կտեսնենք սույն գրառման երկրորդ մասի վերջում:
Նշենք, որ Հյուսիսային Միջագետքում, Մարդինում և շրջակայքում բնակություն հաստատած՝ անորոշ ծագմամբ և գաղտնի ծեսերով փոքրաթիվ համայնքներին՝ «շեմսիներին» (թարգմանաբար՝ «արևային»), տարբեր աղբյուրներում «Արևորդիներ» են անվանել սխալմամբ, քանզի նրանք ո՛չ քրիստոնյա էին, ո՛չ էլ մահմեդական և առավոտյան արևին էին երկրպագում (ոմանք նրանց համարում են ասորի, ոմանք՝ եզդի…):
«Մարդաշատ է այս նահանգ բնակեալ ի զանազան ազգաց, որք են հայք, քէլտանի, նաստուրի, եագուպի, որէ և կոչին սուրիանի, եէզիտի, չայ իւսլի»,- Տիգրանակերտի՝ Դիարբեքիրի նահանգի մասին տեղեկություններում նշում է Ղ. Ինճիճեանը («Տեղագիր Հայոց Մեծաց», էջ 203, Վենետիկ, 1855):
1896 թվականի «Հանդէս ամսօրեայ»-ի հունվար ամսվա (թիւ 1) համարում լույս տեսած՝ Գ. Վանցյանի «Արեւորդոց խնդիրը» հոդվածից քաղված որոշ հատվածներ՝ ստորև:
«Ժ-ԺԲ (10-12-րդ, Կ.Ա.) դարերի մի երկու համարեա պատահական հատուածներում մեր մատենագիրների մէջ յիշւում է մի ժողովուրդ «Արևորդիք» անունով, որ յետոյ Շնորհալին դասում է հին Հայոց կարգը՝ իբրև նոցա հեթանոս մնացորդներ:
Ի՞նչպէս նոքա հեթանոս մնացին, ի՛նչպէս յանկարծակի երևան եկաւ Հայ ազգի այդ մնացորդը «Արևորդի» անունով, պատմութիւնը մեզ ոչինչ չի ասում: Ի՛նչ աղբիւրներ հիմք եղան Շնորհալուն նոցա Հայ անուանելու, որպիսի՞ պայմաններ նպաստեցին նոցա այնքան երկար ժամանակ հեթանոս մնալու և մի միայն ԺԲ դարում քրիստոնէութեան դիմելու. այդ ևս մնում է մթին ու խաւար»…
Արևորդոց մասին մեզ առաջին պատմական տեղեկութիւն տուողը Մագիստրոսն է Ժ-ԺԱ դարում: «Եթէ բաց ի Մագիստրոսի այս թղթից մեզ որևէ ուրիշ տեղեկութիւն չհասնէր Արևորդոց մասին, ինչ կարծիք, որ մենք նոցա բոլորովին իրաւունք չէինք ունենայ Հայ անուանելու, ինչպէս որ դա այժմ սովորաբար ընդունուած է իբրև հետևանք Շնորհալու թղթի, մինչ Մագիստրոսը պարզապէս խօսում է մի ժողովրդի մասին, որին «Արևորդի» են անուանում՝ առանց յիշելու նոցա ծագումը, ազգութիւնը կամ առաջուց ինչ կրօնի պատկանիլը:
Մի բան միայն խիստ բացորոշ է. Արևորդիք ո’չ Պայլիկեան աղանդաւորներին են պատկանում և ո’չ էլ Թոնդրակեան — Կաշեցիներին: Սոքա քրիստոնեայ հերձուածողներ են. սոցա վէճը վերաբերում է քրիստոնէութեան այս կամ այն դաւանաբանութեանը: Մինչ Արևորդոց կրօնը հիմնովին տարբեր է. նոցա չի կարելի աղանդաւոր կամ հերձուածող անուանել — նոքա արևապաշտնե՛ր են: Միակ կապն ու նմանութիւնը, որ կայ Արևորդոց և քրիստոնեայ աղանդաւորների մէջ, դա նա է, որ Արևորդիք ևս երևի արտաքուստ միմիայն «իրանց անուանում են քրիստոնեայ»: Թէ որքան ստոյգ է Արևորդոց՝ զրադաշտեան մոգերից դեղուիլը, այդ ա՛յլ խնդիր է, միայն նոցա կրօնը, անշուշտ, շատ նման էր Զրադաշտականութեան՝ պաշտաման առաջին առարկայ արևն ունենալով:
Նոյն իսկ խիստ տարակուսելի է Մագիստրոսի «եւ այժմ ի նոցունց (ի մոգուց) դեղեալ» խօսքերը. մի՞թէ մինչն ԺԱ (11-րդ, Կ. Ա.) դարը գոյութիւն ունէր Զրադաշտականութիւնը և ա’յն ուժով ու ծաւալով, որ ազդել կարողանար ուրիշ ժողովրդների վերայ… Այս «այժմ» խօսքը եթէ պատահական չէ, առիթ է տալիս մտածելու, որ Արևորդիք դորանից առաջ մի այլ կրօն ևս պիտի ունեցած լինէին, որ անշուշտ քիչ թէ շատ տարբերում էր Զրադաշտականից. անտարակոյս դա բոյսերի կուլտն էր, որ ինչպէս յետոյ կը տեսնենք, նոքա շարունակում էին մինչն ԺԴ դարը: Այսքանը պէտք է Մագիստրոսի հետ ընդունել, որ Արևորդոց կրօնը շատ նման էր հին Պարսից դենին, բայց զարմանալին այն է, որ Արևորդոց նա չի՛ նոյնացնում նաև Պարսից հետ: Նա նոցա չի անուանում նաև զրադաշտեան, այլ պարզ՝ «Արեգակնապաշտք»: Թէ՛ իբրև արևապաշտ և թէ՛ իբրն քրիստոնեայ Արևորդիք մնում են Մագիստրոսի որոշմամբ՝ ինքնագոյ, ինքնուրոյն մի ժողովուրդ. այդ չենք տեսնում յաջորդ մատենագիրների մէջ»…
Մագիստրոսից անմիջապէս յետոյ երկրորդ վկայութիւնը պատկանում է Ալաւկայ որդի Դաւթին, որ Շնորհալուց քիչ մի առաջ (ԺԲ դար) յայտնապէս կ’ըսէ, թէ «Պայլիկեանք կամ Մծղնեայք Արուիորդոց ազգն է»:
Վերևը մենք դրինք Մագիստրոսի բանիբուն բացատրութիւնը Պայլիկեանց մասին և այն տարբերութիւնը, որ կար նոցա և Արևորդոց մէջ. Դաւիթ վարդապետը ո’չ մի խտիր չի տեսնում այդ երկուսի մէջ, և պարզապէս նոյնացնում է նոցա: Անշուշտ նա Մագիստրոսի գրածը կից և միաժամանակ Պայլիկեանների և Արևորդոց մասին կարդացել և շփոթել է մոռացմամբ: Եթէ Արևորդիք յար և նման էին Պայլիկեանց, հապա ի՞նչ պատճառով գոյութիւն ունէր երկու տարբեր անուն. անշուշտ, դա ծագում էր Պայլիկեանց և Արևորդոց էական զանազանութիւնից, որ շփոթել է Դաւիթ վարդապետը. ըստ Մագիստրոսի՝ Պայլիկեանք դեղուած էին Պօղոս Սամոստացուց, իսկ Արևորդիք զրադաշտեան մոգերից, այդ մոռանում Է Դաւիթը:
Սխալի և շփոթութեան առաջին քայլը պատկանում է Դաւիթ վարդապետին, երկրորդ և աւելի մեծը՝ Շնորհալուն, որ ժամանակի կարգով երրորդ յիշատակողն է Արևորդոց: Հետաքրքրական է, որ դեռ ևս Մագիստրոսի ժամանակ իրանց քրիստոնեայ կոչող Արևորդիք մի դար յետոյ գալիս են Շնորհալու մօտ Հայոց եկեղեցին ընդունելու, որոնց մկրտութեան և բարոյական կրթութեան մասին նա գեղեցիկ պատուէրներ է տալիս Սամոսատի քորեպիսկոպոսին իւր «յաղագս Արեւորդեացն դարձի» թղթին մէջ»…
«…Այստեղ Արևորդիք երևում են մի բոլորովին նոր դերի մէջ. Շնորհալին նոցա «ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց» է անուանում, որոնք Լուսաւորչի ժամանակ որպէս թէ խուսափել էին մկրտութիւնից և մինչն Շնորհալու օրերը մնացել հեթանոս»:
…«Եթէ խնդրին նայենք մի այլ կողմից, կը տեսնենք որ ո՛չ մի հաւանականութիւն չկար մինչև Շնորհալու օրերը հայ-հեթանոս մնալու: Հայ հեթանոսութեանը մենք վերջին անգամ պատահում ենք Ե (5-րդ, Կ.Ա.) դարում, Մեսրոպի ժամանակ, որը և նա խեղդեց՝ տալով նորան մահուան վերջին հարուածը: Իսկ Վարդանանց պատերազմը քրիստոնէութեան յաղթանակի կատարեալ արտայայտութիւնն էր քաղաքական և կրօնական տեսակէտից: Գրիգորների, Ներսէսների, Սահակ-Մեսրոպների ջանքերից յետոյ ի՛նչպէս կարող էին Հայ-արևապաշտներ մնացած լինել մինչև ԺԲ դարը. միանգամայն երկմտելի և տարակուսական է:
Չմոռանանք, որ հայ-հեթանոսութիւնը ունէր զօրեղ և կազմակերպած հոգևորականութիւն, մինչդեռ Արևորդի-հայերի մէջ նորա հետքն անգամ չի երևում»…
…«(Շնորհալին) մանրամասն հրահանգներ է տալիս նոցա բարոյական դաստիարակութեան համար, տղամարդոց, կանանց և երեխայից ջոկ-ջոկ, բայց ոչ մի խօսք չի ասում քուրմերի կամ մոգերի մասին, որ Արևորդիք չէին կարող չունենալ՝ եթէ Հայեր էին: Ընդհակառակն, մենք ԺԴ դարուց վկայութիւն ունինք, որ նոքա քրմութիւն չունէին, այլ «աւանդութեամբ ուսուցանեն. հարքն զորդիսն իւրեանց, զոր նախնիք նոցա ուսեալք էին ի Զրադաշտ մոգէ»…
…«Չորրորդ վկայութիւնը պատկանում է Մխիթար կաթողիկոսին, որ գրում է Պապին, թէ «այն ատեն (ԺԴ-ի կիսում) Մանազկերտում Արեւորդիք կային»… Նոյն ԺԴ (14-րդ, Կ.Ա.) դարում Մխիթար Ապարանեցին գրում է. «Են ոմանք Հայկազեանք եւ Հայ լեզուաւ Արեւապաշտք եւ կոչին Արեւորդիք. սոքա չունին ոչ գիր եւ դպրութիւն (եթէ Հայ են՝ ինչո՞ւ չունին). այլ աւանդութեամբ ուսուցանեն հարքն զորդիսն իւրեանց, զոր նախնիք նոցա ուսեալք էին ի Զրադաշտ մոգէ անդրուշանին պետէ, եւ ընդ որ ( կողմն) երթայ արեգակն՝ ընդ այնմ երկրպագեն, եւ պատուեն զծառն Բարտի եւ զՇուշան ծաղիկն եւ զԲամբակին եւ զայլսն, որ զդէմսն իւրեանց շրջեցուցաբեն ընդդէմ արեգականն, եւ նմանեցուցանեն զինքեանս նոցա (ծաղկանց)՝ հաւատով եւ գործով բարձր եւ անուշահոտ եւ առնեն մատաղ ննջեցելոց եւ տան զամենայն հասս Հայ երիցու: Սոցա առաջնորդն կոչի «Հազրպետ» և իւրաքանչիւր ամի երկու անգամ կամ աւելի ամենեքեան այր եւ կին ուստր եւ դուստր, ժողովին ի գուբ մի յոյժ խաւարին եւ…»:
«Արևորդոց մասին մեզ հասած տեղեկութիւններից ամենաթանկագինը պատկանում է այս անձնաւորութեանը, որ վերին աստիճանի կարևոր մանրամասնութիւններ է հաղորդում նոցա կրօնի և սովորութիւնների մասին: Ինչպէս երևում է պատմուածքի ոճից՝ նա ի մօտոյ ծանօթ պիտի լինի Արևորդոց, որով ևս առաւել բարձրանում է նորա արժէքը, սակայն ոչ ամէն հաղորդածի վերաբերեալ: Այն ամէնը, իհարկէ, որ նա կարող էր աչքով տեսած լինել և գրած, անշուշտ չեն կարող ենթարկուիլ ո՛չ մի կասկածանքի, որոնք մանաւանդ հաստատւում են և այլ աղբիւրներից. բայց ինչ որ չի կարող դիմանալ քննադատութեան, դա այն է, որ նա չի բաւականանում տեսածը պատմելով, այլ մտնում է պատմական բացատրութիւնների մէջ ևս: Այսպէս՝ նորա ասելով գոյութիւն են ունեցել Հայեր-Արևորդիք, որոնց նախնիքը ուսած են եղել իրանց կրօնը բուն Զրադաշտից «ի Զրադաշտ մոգէ անդրուշանին պետէ…
Վերևը դրած ծանօթութիւնից երևում է, որ Ապարանեցին ծանօթ է եղել թէ՛ Շնորհալու և թէ՛ Մագիստրոսի թղթերին և ամենաբարեխիղճ կերպով միացնում, ամբողջացնում է նոցա հաղորդածը. Շնորհալու հետ նա ընդունում է, որ Արևորդիք Հայ են, իսկ Մագիստրոսի հետ՝ թէ նոքա Զրադաշտական են: Միայն նա մոռանում է, որ ըստ Մագիստրոսի՝ Արևորդիք դեղուած են ո’չ Զրադաշտից իրանից, այլ նորա յաջորդ մոգերից, մինչ Ապարանեցին վերագրում է դորան բուն Զրադաշտին»…
«…Այսպէս տեսնում ենք, որ քանի գնում Արևորդոց ծագման խնդիրը առաւել կնճռւում է և բարդւում, թէև բոլոր սխալ կամ ստոյգ տեղեկութիւնները բղխում են միևնոյն աղբիւրից, Մագիստրոսից կամ Շնորհալուց, թէև ինչպէս կը տեսնենք, մեծամասնութիւնը Արևորդոց Հայ լինելը չի պնդում՝ ճանաչելով նորան մի ուրոյն ժողովուրդ: Բայց հէնց այդ «Հայ» անունը, որ գտնում ենք միմիայն Շնորհալու և Ապարանեցու վկայութիւնների մէջ՝ կից «Արևորդի» կոչման հետ, ցոյց է տալիս, որ այդտեղ մի ինչ կայ, մի կասկածելի կէտ, որ հարկաւոր է պարզել»…
«…Եւ անհասկանալի է մնում թէ ինչո՞ւ իսկական Հայը պիտի «Արևորդի» կոչէր իրան. միթէ այն պատճառով որ նա արևապա՞շտ էր. հապա ինչո՞ւ նախնի արևապաշտ Հայերն ևս այդպէս չէին կոչւում քրիստոնէութիւնից առաջ, մինչ նոցա կարծեցեալ յաջորդները ԺԲ դարուց յայտնւում են այդ նորատարազ անունով: «Արևորդի» անունը, ինչպէս երևում է, յատուկ ազգութեան անուն է և ոչ կրօնի, որովհետն այդ անուան հետ միասին մենք համարեա՛ բոլոր վկայութիւնների մէջ պատահում ենք և նոցա կրօնի անուանը, որ նշան է, թէ «Արևորդի» բառը չէր կարող և նոցա կրօնը նշանակել: Այդ կոչումը եթէ նոցա կրօնի անունն էր, քրիստոնէութիւն ընդունելուց յետոյ պիտի կորչէր վերանար, մինչ Արևորդոց քրիստոնեայ դառնալուց մի քանի դար յետոյ մատենագիրները նոցա յիշում են այդ անունով միայն իբրև ուրոյն ժողովուրդ և համեմատում են թուրքի, Հայի հետ.
«Կինն՝ ոչ պժգայ յԱրեւորդւոյ, Ոչ ի թուրքէ, ոչ ի Հայէ, Զով որ սիրէ` հաւատն այն է»,- ասում է «Թըլկուրանցի Յովհաննէս պոէտն ու հայրապետը» (ԺԴ դար): Այս տողերի մէջ Հայը, թուրքը և Արևորդին դրուած են իբրև վերին աստիճանի տարբեր առանձնայատուկ ազգութիւններ, իբրև համեմատական ամենախոշոր կոնտրաստ:
Նոյն ԺԴ դարու վերջերը Թոմաս Մեծոփեցին հետևեալն է գրում Լէնկ-Թէմուրի մասին. «Եկն ի Մէրտին (Միջագետք) աւերեաց զքաղաքն եւ չորս գեղ Արևորդի կռապաշտ զՇօլն, զՇըմըղախ, զՍաֆարի, զՄարաղի ի սպառ կործանեաց: Եւ յետոյ դարձեալ սատանայի հնարիւք բազմացան ի Մէրտին և յԱմիթ»: «Յորոց գտանին մինչեւ ցայժմ ի սահմանս երկուց գաւառացս, որք են ի Միջագետս» աւելացնում է հայր Ինճիճեանը իրանից (Հնախօսութիւն, հտր. Գ, 161 եր.):
Ապարանեցու վկայութիւնը Արևորդոց պաշտած բոյսերի մասին՝ լրացնում է «ծաղկաբան երգիչ». Դաւիթ Սալաձորցին հետևեալ հետաքրքրական տողերով. «Սինձն, Իրիցուկն ու Եղըրդակն կու սպասեն Արեւորդուն. Նոցա երամն ուրիշ է, կու շրջին զօրն հետ արեւուն»:
Արևորդոց մասին մեզ հասած տեղեկութիւնները ահա այս հատուկտոր հատուածներն են միմիայն, որոնք, ի մի ամփոփելով, աշխատենք պարզել նոցա ազգութեան խնդիրը»…
…«Մագիստրոսը միևնոյն թղթի մէջ մինչ խօսում է Արևորդոց մասին, սառն է և անտարբեր, բայց երբ գալիս է Թոնդրակեցոց, իսկոյն փոխում է արտայայտութեան ոճը՝ անուանելով նոցա անիծեալ, չարութեան արմատ և այլն (տես վերևի հատուածը): Շնորհալու վերաբերմունքը մինչև անգամ հասնում է անտարբերութեան. «իսկ եթէ ստութեամբ լինիցի դարձ նոցա (Արևորդոց ի քրիստոնէութիւն)… եւ դարձեալ անդրէն ի փսխածն իւրեանց դառնան, մեզ եւ ոչ մի ինչ վնասէ»: Այս հանգամանքը, ըստ իս, ամէնից պարզ ցոյց է տալիս, որ Արևորդիք Հայ չէին, և իբրև օտարական, վարակիչ կամ վտանգաւոր չէին կարող լինել բնիկ Հայերի համար, չնայելով որ նոքա բաւական էլ բազմաթիւ էին: Մէրտին, նորա մօտի չորս գիւղերը, Սամոսատ, մինչն անգամ Մանազկերտ Արևորդիք կային. բայց իբրև քրիստոնէութեան և ազգային ամբողջութեան անվտանգ օտարականներ՝ ապրում էին առանց հալածուելու, մինչ բնիկ հայ աղանդաւորները, հայ- կաթոլիկները, վերջերս նաև հայ-բողոքականները զերծ չեն մնացել խիստ հալածանքից: Հէնց այդ պատժառով էլ Դաւիթ Ալաւկայ որդու վկայութիւնը՝ թէ «Պայլիկեանքն կամ Մծղնեայք Արուիորդոց ազգն է»՝ լիովին անհիմն պէտք է համարել: Ի վերջոյ, ութ անձանց վկայութիւնները ԺԱ-ԺԴ դարերից՝ մեզ հետևեալ եզրակացութեանն են բերում:
ա. Նոցանից վեցը Արևորդոց մասին խօսում են՝ իբրև ինքնուրոյն ժողովրդի մասին. բ. Միայն Շնորհալին է նոցա Հայ անուանում առանց որևէ հիմունքի՝ պատճառ դառնալով և Ապարանեցու սխալին. գ. Արևորդոց վարքուբարքի, կրօնի և սովորութիւնների նկարագրից երևում է, որ նոքա Հայ չէին և չէին կարող մինչև ԺԴ դարը հայ-հեթանոսներ գոյութիւն ունենալ:
Ուսումնասիրելով մեզ հասած տեղեկութիւնները Արևորդոց մասին, այն եզրակացութեան ենք գալիս, որ նոքա մի օտար նորամուտ ժողովուրդ են: Նոցա «Արևորդի» անունը, որ խորին արևելեան կնիք է կրում, այն հանգամանքը, որ մատենագիրները նոցա դեղուած են համարում Զրադաշտականներից, ցոյց է տալիս, որ Արևորդիք Միջագետք և Հայաստան գաղթել են արևելքից — Պարսկաստանից: Նոքա ունեցել են «առաջնորդ», որ կոչւում էր «Հազըրպետ»: Դա անշուշտ նոցա ցեղապետն է եղել. այսինքն՝ ունեցել են ցեղական կազմակերպութիւն:
Զարմանալի են նոցա կրօնի մանրամասնութիւնները. հոգևորականութիւն չեն ունեցել. պաշտում են արևը և այն ծաղիկները որոնք «զդէմս իւրեանց շրջեցուցանեն ընդդէմ արեգականն». ուրեմն ամէնից առաջ արևածաղիկը, արևահատը. նաև՝ ինչպէս վկայութիւն ունինք՝ շուշանը, բամբակը, սինձն, եղրդակն, իրիցուկը, նաև՝ բարտի ծառը:
Դորա հետ միասին նոքա իրենց անուանում են քրիստոնեայ, տալիս են Հայ քահանայի հասոյթը: Յամենայն դէպս երևում է, որ խիստ ճաշակով ժողովուրդ են եղել Արևորդիք՝ պաշտելով արևն ու լիշեալ ծաղիկները, ինչպէս վկայում է Ապարանեցին. նոքա «նմանեցուցանեն զինքեանս նոցա (ծաղկանց) հաւատով եւ գործով բարձր եւ անուշահոտ»:
…«Ամփոփելով այս ամէնը, հետևում է, որ. ա. Արևորդիք Հայ չեն, բ. Նոքա քրիստոնեայ աղանդաւոր ևս չեն. գ. Նոցա կրօնը զրադաշտականութեան հետ ևս նոյնացնել չէ կարելի. դ. Որ մեր ունեցած ներկայ նիւթերով առ այժմ դժուար է պարզել նոցա ծագումը»:
«ԲԱՆԱՍԵՐԸ ՆՄԱՆ Է ԵՐԿՐԱԲԱՆԻ, ՈՐ ՔՆՆԵԼՈՎ ՈՐԵՎԷ ԱՊԱՐ, ՈՐՈՇՈՒՄ Է ՆՐԱ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ»…
«Բանասերը նման է երկրաբանի, որ քննելով որևէ ապար, որոշում է նրա գոյացությունը, նստվածքներն ու շերտերը, չե՞ն հողմնահարվել արդյոք ժամանակի մեջ…
Ոչ մի բնագավառ թերևս այնքան հրապուրիչ չէ և չի կլանում մարդկային հետաքրքրության ավելցուկը, որքան հնագիտությունը և գիրը, որ հնագիտություն է»,- գրում է միջնադարյան ձեռագիր մատյանների հմուտ գիտակ, Բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանը:
Շեշտելով Հայոց երկրի դիրքի և աշխարհագրական պայմանների ունեցած մեծ դերը Հայքի քաղաքական պատմության մեջ, նա անդրադառնում է «քաղաքական նվաճումներին ուղեկցող կրոնական արշավին» և համեմատում «մոգերին գերադաս և հարգելի դարձրած» Շապուհին վերաբերող պարսկական արձանագրությունն ու Խորենացու նկարագրությունը՝ բացահայտելով նրանց նմանությունը:
Այդպիսով մեկ անգամ ևս փաստվում է, որ հին զրույցներն ու առասպելները հաճախ «նոր զգեստավորում» են ստացել ժամանակի հետ:
«…Խորենացին պատմելով, թե ինչ ներքին կարգադրություններ արեց Արտաշիրն Հայաստանում, գրում է. «Եւ զմեհենից պաշտամունս առաւել ևս յորդորէ, այլ և զհուրն որմզդական, որ ի վերայ Բագնին, որ ի Բագաւան անշէջ հրամայէ լուցանել: Բայց զոր արար Վաղարշակ պատկեր իւրոց նախնեացն հանդերձ արեգակամբք և լուսնիւ յԱրմաւիր, և փոխեցան յԱրմաւրայ ի Բագարան և դարձեալ յԱրտաշատ՝ զայնոսիկ փշրէ Արտաշիր»:
Դա այնպես ճշմարտացի է, թվում է՝ պատմիչը քաղել է Կարտիրի արձանագրությունից»…
…«Մենք այդ դարձերի մեջ նկատեցինք ինչ-որ նմանություն: Երկուստեք մերժվում են աստվածներ և երկուստեք կործանվում մերժված աստվածների բնակատեղիները, և նրանց հիմքերի վրա կրակարաններ կամ խորաններ բարձրանում:
Կարտիրի արձանագրության մեջ և Ագաթանգեղոսի էջերում զարմանալիորեն միատեսակ արտահայտություններ կան. «Դևերը նահանջեցին երկրից և վտարվեցին: Դևերի համար մեծ խայտառակություն եղավ»,- ասված է Կարտիրի մոտ: «Կերպակերպ նմանութեամբք դիւացն փախստական լինելով անկանէին ի կողմանա Խաղտեաց», «իսկ սևագունդ դիւացն աներևոյթք եղեալ, չքոտեալք ի տեղւոյն իբրև զծուխ պակասեցան»,- ասված է Ագաթանգեղոսի բնագրում: Այստեղ էլ դևերի համար մեծ խայտառակություն եղավ: Այստեղ էլ դևերը մեծ հարված և տառապանք կրեցին: «Նրանց աստվածների պատկերները փշրվեցին»,- գրում է Կարտիրը: «Զպատկեր նորին փշրէին», «Փշրէին զոսկի պատկերն Անահտական կանացի դիցն»,- գրում է Ագաթանգեղոսը:
Կարտիրը Շապուհի հրամանով մոգերին մեծ արտոնություն է տալիս, և ամենուր կանգնում են Ահուրա Մազդայի տաճարներ ու կրակարաններ: Գրիգորը նույնպես «թագավորի ինքնիշխան հրամանաւ և ամենեցուն հաւանութեամբ» խաչեր և աստծո տներ է կանգնեցնում: «Եւ յամենայն քաղաքս Հայոց և ի գեօղս և յաւանս և յագարակս երևեցուցանէր զտեղիս տան աստուծոյ»:
Այս նմանությունները պատահական չեն: Դրանք նույն բնույթից են գալիս, որ ժխտեն միմյանց»… «…Զրադաշտականությունը այստեղ (Հայաստանում, Կ.Ա.) որոշ հող ուներ և ավանդույթ: Արտաշիրը «զհուրն Որմզդական անշէջ հրամայէ լուցանել», ուրեմն՝ այն կա՛ր: Զրադաշտականությունը Հայոց կրոնի հետ վաղուց շփման մեջ էր»…(մեջբերումները՝ Ա. Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքից, էջ 94-95):
Հետագայում միջնադարյան մատենագիրները զանազան առիթներով հիշատակում են Հայոց մեջ օտարի կողմից պարտադրված կրոնը չընդունած Արեգակնապաշտներին՝ «Արևորդիներին»՝ նրանց ներկայացնելով որպես «ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց»՝ «ազգով և լեզվով Հայոց տոհմից», որոնք խուսափել են քրիստոնեությունից կամ՝ նրանց համարելով «Զրադաշտ մոգի» հետևորդներ։
«…Եւ անհասկանալի է մնում, թէ ինչո՞ւ իսկական Հայը պիտի «Արևորդի» կոչէր իրան. միթէ այն պատճառով, որ նա արևապա՞շտ էր. հապա ինչու՞ նախնի արևապաշտ Հայերն ևս այդպէս չէին կոչւում քրիստոնէութիւնից առաջ, մինչ նոցա կարծեցեալ յաջորդները ԺԲ (12-րդ, Կ.Ա.) դարուց յայտնւում են այդ նորատարազ անունով»,- հին ձեռագրերից մնացած փոքրիկ պատառիկները պեղելով նշում է Հայ լեզվաբան և գրաքննադատ Գրիգոր Վանցյանը՝ «Արևորդոց խնդիրը» քննող իր ուսումնասիրության մեջ:
Որոշ մանրամասներ Արևորդիների վերաբերյալ՝ հիշյալ հոդվածից՝ հաջորդիվ…
Հնագույն ժամանակներից ի վեր ազգերը փառաբանել են իրենց Նախնիներին՝ Հայրերին, Նախահայրերին և նրանց գործերը, սխրանքները հավերժացրել սերնդեսերունդ փոխանցվող զանազան զրույցներով, առասպելներով…
Բերնեբերան անցնելով՝ վիպական այդ պատումներից շատերը ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրել, սակայն միշտ պահպանել են իրենց ոգին ու շունչը՝ ոգևորելով սերունդներին:
«Մեծ մարդկանց հիշատակը մեզ համար ոչ նվազ նշանակություն ունի, քան նրանց կենդանի ներկայությունը»,- հավաստում էին Հին աշխարհի իմաստունները:
Հայկեան տոնացույցում Արեգնափայլի տոնին՝ Նավասարդ ամսվա Արամ օրը, մեծարվում են Հայոց հզոր, խոհեմ ու հոգատար Հայրերը, Տրէ ամսվա Մազդեզ օրը (սեպտեմբերի 22-ին)՝ Իմաստուն Նահապետաց տոնն է, Արաց ամսվա Արամ օրը (նոյեմբերի 18-ին)՝ երկիրը շենացնող, բարեպաշտ ու արդարադատ Արքաների օրը…
Հայ ազգի նվիրյալ առաջնորդներին անդրադառնալով, Խորենացին պերճախոս նկարագրությամբ վկայում է փառապանծ Նախնիների հանդեպ Հայկազունների տածած համընդհանուր սիրո մասին:
…«Սա այր (Հայկեան Արամ) աշխատասէր եւ հայրենասէր եղեալ, որպէս ցուցանէ նոյն պատմագիր, լաւ համարէր զմեռանելն ի վերայ հայրենեացն, քան թէ տեսանել զորդիս օտարածնաց կոխելով զսահմանս հայրենից, և հարազատից արեան նորա տիրել արանց օտարաց»…
«Սա (Հայկյան Արամը) աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները, և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա»։
«Այս Արամը Նինոսի ասորեստանցիներին և Նինվեին տիրելուց քիչ տարիներ առաջ, շրջակա ազգերից նեղվելով` ժողովում է հարազատ, քաջ և աղեղնավոր մարդկանց մի բազմություն, մոտ հինգ բյուր մարդ, վարժ նիզակավոր շատ ուժեղ երիտասարդներ, հաջողակ ձեռքերով, սրտոտ ու պատերազմելու հմուտ։ Նա պատահում է Հայոց սահմաններին մոտ մեդացիների քաջերին, որոնց առաջնորդում էր մի ոմն Նյուքար Մադես, մի հպարտ և պատերազմասեր մարդ, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը։ Դրանք մի անգամ քուշանների նման ասպատակելով սմբակներով ոտնակոխ արին Հայաստանի սահմանները, և Մադեսը երկու տարի իրեն ենթարկեց Հայաստանը։
Արամը հանկարծորեն նրա վրա հարձակվելով արևը ծագելուց առաջ՝ կոտորեց նրա բազմաթիվ ամբոխը և իրեն՝ Նյուքարին էլ, որ Մադես էր կոչվում, ձերբակալ անելով բերեց Արմավիր և այնտեղ պարսպի աշտարակի ծայրին հրամայեց պատին գամել, երկաթե ցից մխելով ճակատի մեջ՝ ի ցույց դնելով անցորդներին և բոլոր այնտեղ եկվորներին, իսկ նրա երկիրը մինչև Զարասպ կոչված լեռը իրեն ծառայեցնելով՝ հարկատու դարձրեց մինչև Նինոսի թագավորելն Ասորեստանի և Նինվեի վրա»։
Տիգրան Երվանդեանի մասին նույն պատմիչը՝ Խորենացին գրում է. «Բայց անցնենք այսուհետ գրելու Տիգրանի և նրա գործերի մասին, որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմանները ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը: Բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: …Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և, ցույց տալով քաջություն, մեր ազգը բարձրացրեց, մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջեր:
Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ, մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ՝ պարկեշտ, ուրախությունների մեջ՝ օրինավոր… մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր հատկություններով, որ պիտանի են մարդուն»…
Գրաբարով՝ «Զայս և որ այլ այսպիսիք բազումք, եբեր մերոյ աշխարհիս խարտեաշս այս և աղեբեկ ծայրիւ հերաց Երուանդեանս Տիգրան, երեսօք գունեան և մեղուակն, անձնեայն և թիկնաւէտն, առոգաբարձն և գեղեցկոտն, պարկեշտն ՚ի կերակուրս և յըմպելիս, և ՚ի խրախճանութիւնս օրինաւոր․ զորմէ ասէին ՚ի հինսն մեր, որք փանդռամբն երգէին, լինել սմա և ՚ի ցանկութիւնս մարմնոյ չափաւոր, մեծիմաստ և պերճաբան, և յամենայն որ ինչ մարդկութեան պիտանի»…
«Վասն որոյ սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան՝ Հայկ, Արամ, Տիգրան. քանզի ըստ քաջացն՝ ազգք քաջք. իսկ միջոցքն՝ որպէս դէպ ումեք թուիցի կոչել։ Բայց ըստ դիցաբանութեանն կարծեաց՝ ճշմարիտ է և ասելս մեր»: (Խորենացի, Գիրք առաջին, ԼԱ)
Աշխարհաբարով՝ «Ուստի ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ, Արամ, Տիգրան. որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես ուզում է՝ թող կոչի։ Բայց դիցաբանական տեսակետից ևս ճշմարիտ է մեր ասածը»…
«Արժեքներն հաճախ փրկում են նրանք, ովքեր ավելի մեծ կրքով ոչնչացնում են: Դա այն չէ, որ մարդիկ գիտակցում են ոճիրը և ետ կանգնում: Դիեգո դե Լանդան այրեց մայա գրքերը և զղջաց, բայց արդեն ուշ էր: Թերևս ավելի ստեղծարար է անզեղջ չարությունը…
Թոնդրակյանների մասին տեղեկությունները պահպանեցին եկեղեցու հայրերը, որ հրամայում էին խարանել նրանց աղվեսադրոշմով: Արիստակես Լաստիվերցին իր «Պատմության» մեջ դառնությամբ է խոսում նրանց մասին և մերժում «ճարակող վարակը»: Նա տալիս է Սմբատ Զարեհավանցու անունը՝ իբրև չարագործ, իսկ այսօր մեր պոեզիայում նրան հուշարձան կանգնեցրին: Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» գրեց, որ եղծի աղանդները, բայց հենց դրանով նրանք պատմության մեջ անեղծ մնացին: Հովհան Մայրիվանեցին իր քարոզներում մերժում էր հին Հայոց թատրոնը՝ իբրև «սատանայի արվեստ», և դրանով հաստատեց նրա վաղեմի գոյությունը:
Պատմության այս ոճիրների մեջ ինչ-որ մասնագիտական անկատարություն կա: Գրեթե միշտ կարելի է վերականգնել զոհի ինքնությունը: Լուսավորիչն էլ ավերեց Հայ հեթանոս տաճարները, ոչնչացրեց մի ամբողջ պաշտամունք, փշրեց աստվածների պատկերները և հրամայեց նրանց անունները անհիշատակ առնել, բայց հենց դրանով նա պահպանեց նրանց անունները: Ագաթանգեղոսը ուզեց ցույց տալ Լուսավորչի «մեծագործությունը» և այդ առթիվ Հայ դիցարանի մասին չափազանց կարևոր տվյալներ թողեց»… (հատված՝ Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքից):
Միջնադարյան մատենագրության մեջ հիշվում են Արևորդիք, որոնք, Ներսես Շնորհալու բառերով, «ազգով և լեզվով Հայոց տոհմէն են»՝ «զի որպէս ազգաւ և լեզուաւ ի տոհմէ Հայոց են», («Թուղթք Ընդհանրական»):
Մանազկերտի (Միջագետքի) շրջանում գտնվող «Թոնդրակեցի աղանդավորների» դեմ պայքարող Գրիգոր Մագիստրոսն այսպես է բնութագրում նրանց. «Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն»… Ն. Շնորհալին հրահանգում էր՝ «Թուղթ ի Սամոստիա, յաղագս Արեւորդացն դարձին». «Արեգակը, զոր պաշտելուն համար սույն աղանդավորները կկոչվին «Արևորդի» (արևի որդի, արևի զավակ)՝ ավելի բան չհամարիլ, քան ճրագ աշխարհի, զոր Աստված կստեղծե լուսինի և աստղերու պես՝ իբր լուսատու միայն: … Բարդին ավելի չպատվել, քան ուռին, կաղամախին և մյուս ծառերը»…
«Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի Արևորդիների մասին, որոնք տեղավորված էին Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա: Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք: Բարձր չինարներ կային Արևորդիների աշխարհում, և ամեն առավոտ արևածագին չինարների տակ Արևին ծունր էին դնում»: (Ա. Բակունց, «Մթնաձոր»):
Արևորդիների մասին հիշատակություններ ենք գտնում զանազան գրվածքներում՝ միշտ՝ առեղծվածային, առանց նրանց ուսմունքի մասին որևէ բացատրության:
«Նա ասաց, որ տիկինը պատվիրեց, որ սուրհանդակը գնա ամենից առաջ Արևորդիների քրմապետ Վարազդատի մոտ»… «Տարոնում մինչև այդ ժամանակ դեռ գոյություն ուներ հին Արևապաշտությունը: Նրա հետևողներին նոր անունով կոչում էին «Արևորդիք»: Նրանք ազգով Հայ էին, բայց քրիստոնյա Հայերի հալածանքից վախենալով, թեև առերես իրանց քրիստոնյա էին ձևացնում, բայց գաղտնի կերպով պաշտում էին հին կրոնը, և որպես նեղված ու հալածված մի հասարակություն, միշտ մի հարմար առիթի էին սպասում՝ ապստամբվելու»… «… Իսկ Արևորդիների թիվը Տարոնում, մանավանդ Միջագետի սահմաններում, փոքր չէր»: (Րաֆֆի, «Սամվել»)
17-րդ դարի Հայ տաղասաց Դավիթ Սալաձորեցին Բնության զարթոնքը գովերգող «Գովասանք ծաղկանց» տաղում հիշում է և Արևորդիներին:
Շըրվան ծաղիկն է սպիտակ, մարգն բուսնի հետ մըրուանուն. Խոլորձն ջահառի թըփին, պայծառանայ առաւօտուն. Սինձն, երիցուկն ու եղերդակն կու սպասեն Արեւորդւոյն. Նոցա երամըն ուրիշ է, որ կը շրջին հետ Արեւուն…
«…Պավլի բեյի օրագրերից հայտնի է անում և այն, որ նա մասամբ ծանոթ էր հին Սյունիքի պատմության: Վարարակնի կառուցումը նա մանրամասն է գրել, ըստ երևույթին նյութեր քաղելով տոհմական ինչ-որ ձեռագրերից: Պավլի բեյը հետաքրքիր բացատրություններ է տալիս Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի Արևորդիների մնացորդներ: Տաթևի շարժական սյունի մասին նա մի մեկնություն ունի, որ վերջանում է այսպես. «Փիլիպպե Տեր Սյունյաց, դու՛, որ քո սուրն խրեցիր հայրենի հողն և քարե սյուն դարձավ քո սուրն, այժմ մինչի ե՞րբ պիտի ճոճես այն և ե՞րբ պիտի հասանի այն օրն, երբ Սյունյաց ազատանին նորի՛ց տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին՝ մինչև Փայտակարան…»: (Ակսել Բակունց, Վեպեր, վիպակներ)
Արևորդիների ծագումը, ազգությունը որոշելու փորձ է կատարել ծնունդով Ախալքալաքցի՝ Հայ լեզվաբան, գրաքննադատ Գրիգոր Վանցյանը (1870 -1907): Իր ունեցած սակավաթիվ աղբյուրները քննելով՝ նա ենթադրում է, որ նրանք Հայ կամ քրիստոնյա աղանդավոր չէին, քանզի քրիստոնեության տարածումից հետո իրենց Նախնիների ուսմունքին հավատարիմ մնացող Հայերի դեմ բիրտ և վայրագ միջոցներով անողոք պայքարից հետո անհնարին էր գոյատևել:
«Ժ-ԺԲ (10-12-րդ, Կ, Ա.) դարերի մի երկու համարեա պատահական հատուածներում մեր մատենագիրների մէջ յիշւում է մի ժողովուրդ՝ «Արևորդիք» անունով, որ յետոյ Շնորհալին դասում է հին Հայոց կարգը՝ իբրև նոցա հեթանոս մնացորդներ»,- գրում է նա:
«Ի՞նչպէս նոքա հեթանոս մնացին, ի՛նչպէս յանկարծակի երևան եկաւ Հայ ազգի այդ մնացորդը «Արևորդի» անունով, պատմութիւնը մեզ ոչինչ չի ասում: Ի՛նչ աղբիւրներ հիմք եղան Շնորհալուն նոցա Հայ անուանելու, որպիսի՞ պայմաններ նպաստեցին նոցա այնքան երկար ժամանակ հեթանոս մնալու և մի միայն ԺԲ դարում քրիստոնէութեան դիմելու. այդ ևս մնում է մթին ու խաւար»:
«Եթէ խնդրին նայենք մի այլ կողմից, կը տեսնենք որ ո՛չ մի հաւանականութիւն չկար մինչն Շնորհալու օրերը Հայ-հեթանոս մնալու: Հայ հեթանոսութեանը մենք վերջին անգամ պատահում ենք Ե (5-րդ, Կ.Ա.) դարում, Մեսրոպի ժամանակ, որը և նա խեղդեց՝ տալով նորան մահուան վերջին հարուածը: Իսկ Վարդանանց պատերազմը քրիստոնէութեան յաղթանակի կատարեալ արտայայտութիւնն էր՝ քաղաքական և կրօնական տեսակէտից:
Գրիգորների, Ներսէսների, Սահակ-Մեսրոպների ջանքերից յետոյ ի՛նչպէս կարող էին Հայ — արևապաշտներ մնացած լինել մինչն ԺԲ դարը. միանգամայն երկմտելի և տարակուսական է:
Չմոռանանք, որ հայ-հեթանոսութիւնը ունէր զօրեղ և կազմակերպած հոգևորականութիւն, մինչդեռ Արևորդի — Հայերի մէջ նորա հետքն անգամ չի երևում: Շնորհալին իւր մանրազնին, հեռատես և կարևոր թղթին մէջ այդ տարրը չէր կարող մոռացութեան տալ, որ ամենից զօրեղ հակառակորդը պիտի լինէր նոր կրօնին»:
«…Այսքանը պէտք է Մագիստրոսի հետ ընդունել, որ Արևորդոց կրօնը շատ նման էր հին Պարսից դենին. բայց զարմանալին այն է, որ Արևորդոց նա չի նոյնացնում նաև Պարսից հետ. նա նոցա չի անուանում նաև զրադաշտեան, այլ պարզ «Արեգակնապաշտք»: Թէ՛ իբրև արևապաշտ և թէ՛ իբրև քրիստոնեայ՝ Արևորդիք մնում են Մագիստրոսի որոշմամբ՝ ինքնագոյ, ինքնուրոյն մի ժողովուրդ. այդ չենք տեսնում յաջորդ մատենագիրների մէջ:
Մագիստրոսից անմիջապէս յետոյ երկրորդ վկայութիւնը պատկանում է Ալաւկայ որդի Դաւթին, որ Շնորհալուց քիչ մի առաջ (ԺԲ դար) յայտնապէս կ’ըսէ, թէ «Պայլիկեանք կամ Մծղնեայք Արուիորդոց ազգն է» (Գ. Վանցեան, «Արեւորդոց խնդիրը»):
Արևորդիների մասին, այնուամենայնիվ, հիշատակություններ կան և հետագայում…
1915-ի մայիս-հունիս ամիսներից սկսվող՝ Մարզվանի Հայության աքսորի և ցեղասպանության պատմությանն առնչվող դեպքերը նկարագրող ականատեսը՝ Մարիցա Մետաքսեանն իր հուշերում նշում է, որ տեղահանությունը սկսեցին «զուտ հայկական թաղից», որն «Արևորդի» էր կոչվում: «Ինչպէս ըսի արդէն, առաջին կարաւանը զուտ հայկական թաղն էր, Արեւորդին»…
«Ամեն մի իսկական Հայ ստեղծագործող՝ լինի բանաստեղծ, նկարիչ, ճարտարապետ, երաժիշտ, փիլիսոփա, պատմիչ, հերոս, Արևորդի՛ է իր էությամբ» (Մ. Սարյան)…
Արևորդիների, նրանց ուսմունքի հիմունքների շուրջ մանրամասն տեղեկություններ են այսօր մեզ փոխանցում Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ հազարամյակների խորքից եկող Հայկեան իմաստության Լույսը սփռելով իրենց Նախնիների թողած ժառանգությամբ զորացող Հայկազունների սրտերում…
«Նոր եմ հասկանում, ի՛մ միամորիկ, Թե բնությունը ինչո՞ւ աշխարհում Քեզ է պարգևել Վահագնի՛ն հուրհեր, Որ ճառագայթեց Արևորդիներ…
…Նոր եմ հասկանում, ի՛մ միամորիկ, Ինչո՞ւ է այսքան երկինքդ բարձրիկ, Ինչո՞ւ հավերժող Արևդ դարձել Կյանքի պաշտամունք՝ Խավա՛րն է ցրում ժամանակների»…
«ԴԵ ԵՐԳԵ՛ՆՔ ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐԻ ԵՐԳԵՐԸ: ԱՐԵՎՈՐԴԻՆԵ՛ՐԸ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ ՍՏԵՂԾԵԼ»… (Մ. ՍԱՐՅԱՆ)
Հայաստանում և այլ երկրներում քրիստոնեական համայնքների ձևավորման վաղ փուլին անդրադարձող ուսումնասիրություններում ժամանակաշրջանի պատկերն է ուրվագծվում:
«Արևելյան Միջերկրածովքի մի հին ավանդություն, որ հետո դարձավ ուսմունք, պատմում է Քրիստոս-աստծո մասին, որ մարդեղացավ, տառապեց ու խաչվեց մարդու փրկության համար: Այդ ուսմունքի մեջ կար հուսադրող ու սփոփող մի բան: Բայց երբ ձկնորս առաքյալներին եկան փոխարինելու պապերն ու պատրիարքները, որոնք իրենց խաչանիշ գավազանը զուգորդեցին արքայական գայիսոնի հետ, հավատը դարձավ մղձավանջ: Եվ հենց այդ առաջին քրիստոնյաներն էլ բարբարոս էին: Նրանք իրենց մարգարեին նախ տանջեցին, խաչեցին, իսկ հետո ծունկի եկան նրա բզկտված դիակի առաջ: Այդ հավատը որդեգրեցին անանուն մարդիկ, սփյուռքի հրեաներն ու ասորիները: Նրանք անտուն էին և անհայրենիք: Նրանք ապրում էին նավահանգիստներում, բեռնաթափված հակերի տակ, Հռոմի հետնախորշերում: Նրանք, կեղտոտ ու ցնցոտիապատ, լցնում էին շուկաներն ու հրապարակները, նրանք ուտում էին նեխած բանան ու նարինջ և անցորդներին առաջարկում իրենց ծառայությունը: Մարիամի վարքը կասկածելի է, Պողոսը ոճրագործ էր, Մագթաղինացին՝ պոռնիկ, իսկ Հուդան աստծու որդու հետ միևնույն սեղանն է նստել: Եվ հարց է, ով էր ավելի բարբարոս՝ քրիստոնյա Ալարի՞կը, թե՞ Աթիլլան, որ դեռ հավատ չուներ, բայց երկուսով կործանեցին Հռոմը:
Քրիստոնեությունը նման է Եգիպտոսի սրբազան գետին, որ տիղմ է ափ հանում: Այն հորդացավ և իր հետ բերած տիղմի տակ ծածկեց մի ամբողջ քաղաքակրթություն, որ դարձավ արգավանդ՝ նոր հունդի համար»…
…«Սկսվեց դարձը, և դարձի ճանապարհին ոտքի տակ տրվեց մի ամբողջ քաղաքակրթություն: Գրիգոր Պարթևը դրդում է թագավորին քանդել, կործանել, ոչնչացնել ինչ հեթանոսական է, վերացնել մեջտեղից գայթակղությունը, որ այլևս ոտքի տակ խեթ ու խութ չմնա…
…Վասն խաղաղության հասարակաց: Այդ հոգածությամբ են ծնվել բոլոր ջարդերն ու բարդուղիմեոսյան գիշերները: Եվ թագավորը համաձայնում է կեսարացի առաքյալին: Նա հրամայում է, որ իր նախնիների և իր պաշտած հին ու հարազատ աստվածներին չաստվածներ համարեն և անհիշատակ առնեն»…
…«Երբ հավատը զուգորդվում է իշխանության, ծնվում է ոճիր: Եվ ծնվեց: Արտաշատում և ապա՝ Երիզայում տապալվում ու հրդեհի են տրվում Մայր Անահիտի տաճարները»… …«Եվ գալիս է խաչով զինված առաքյալը. «…չոգաւ հարթեաց, տապալեաց, ընկեց զամենայն շինուածսն բագնացն»…
…«Պատմիչն այնուհետև ավելացնում է գոհությամբ. «Այս ամենայն գործեցաւ կամօք մարդասիրին Աստուծոյ ի ձեռն Գրիգորի»… Իսկ Գրիգոր Պարթևին, որ հին Հայոց քաղաքակրթությունը հրով այրեց, կոչեցին Լուսավորիչ»…
Հայ վաստակաշատ բանասեր, պատմաբան, Բանասիրական գիտությունների դոկտոր Արտաշես Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքից քաղված վերոնշյալ հատվածներից հետո մեջբերենք Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Մելքոնյանի՝ «Ասորական աղբյուրները Հայ եկեղեցու մասին» հոդվածից որոշ դրվագներ:
«Հայտնի է, որ քրիստոնեական այդ համայնքներում սկզբնական շրջանում հավաքվել էին տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ և, բնականաբար, այդ կազմակերպությունները ազգային դեմք չունեին, և նրանց միավորողը այն առաջադեմ գաղափարախոսությունն էր, որը կոչ էր անում հասարակության ներսում ճնշվածներին, արհամարհվածներին, լքվածներին ու դժգոհներին»…
…«Մինչ այդ ավանդություններին (ավելի ուշ շրջանում հյուսված զրույցներին, զանազան «վարք»-երին, Կ.Ա.) անդրադառնալը արժե տեղեկանալ մ.թ. Ա դարի հրեա պատմիչներից Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնություններ» աշխատությանը, որի մեջ հետաքրքրական փաստեր կան առաջին հրեա քարոզիչների մասին: Այս պատմիչի վկայությամբ՝ մեր թվականության առաջին դարի կեսերին հրեա քարոզիչներ Անանիան ու գալիլիացի Եղիազարը Խարակս-Սպասինիում ու Ադիաբենում հրեական կրոնն էին քարոզում»…
…«Եվ երբ Իզատեսի (Ադիաբենի Մոնոբազոս թագավորի որդու, Կ.Ա.) թլփատության հարցն է առաջանում, Անանիան գտնում է, որ նման ծիսակատարությունը անհրաժեշտ չէ նոր կրոնի հետևորդ դառնալու համար»… …«Մենք համոզված ենք, որ Հովսեպոսի այս վկայությունը քրիստոնեությանն է վերաբերում, նկատի ունենալով այն փաստը, որ սկզբնական շրջանում Հրեաստանից դուրս նոր այս վարդապետությունը ճանաչված պիտի լիներ «Հրեական կրոն» անունով: Բացի այդ, բոլորին հայտնի է, որ մովսիսականությունը հրեական նեղ ազգային կրոն էր և իր սկզբունքներով ձգտում էր միայն հրեական ժողովրդի փրկության և, հասկանալի է, որ նման սկզբունքներով զինված մի կրոն չքարոզվեր ոչ հրեաների շրջանակներում»…
Օտարամուտ կրոնի տարածման համար Հայքում հիմնված հատուկ դպրոցներում դասավանդում էին երեք լեզուներով՝ հունարեն, ասորերեն և պարսկերեն, աշակերտներն ընտրվում էին յուրաքանչյուր նահանգից ու գավառից: Ագաթանգեղոսի վկայությամբ՝ հայրենի բնակավայրերից բռնի օտարմամբ հավաքում էին մանուկների բազմություն՝ ուսուցման համար: Այդ դպրոցների առաջին ուսուցիչները հույն և ասորի քարոզիչներն էին, որոնք Գ. Լուսավորչի հետ Հայք էին ժամանել: «Գտավ բազմաթիվ եղբայրներ, որոնց համաձայնեցրեց գալու իր հետ, որպեսզի կարգի նրանց քահանայության իր երկրում, գումարելով բազմաթիվ խումբեր՝ վերցրեց նրանց իր հետ»,- հաղորդում է Ագաթանգեղոսը: «Հետագայում Լուսավորչի հաջորդները հետևեցին իրենց նախահոր օրինակին: Հայաստանը լցվեց օտարազգի քարոզիչներով, որոնք օգուտից ավելի՝ բեռ էին դառնում»,- գրում է Վահան Եպիսկոպոս Տերյանը:
Հայկազունների բազմաթիվ սերունդներ՝ որպես ազնիվ ու վսեմ Արևորդիք, ի հեճուկս օտարազգիների պարտադրանքին ու անասելի հալածանքներին, հավատարիմ մնացին իրենց Նախնիներին՝ շարունակելով և սերնդեսերունդ փոխանցելով Հայկյան ուսմունքը, ազգային ավանդույթներն ու Հայոց արժեհամակարգը:
Տարբեր դարերի գրվածքներում, միջնադարյան մատենագրության մեջ Արևորդիներին վերաբերող հիշատակումներ կան, որոնք աղավաղված են ներկայացնում նրանց՝ ժամանակի թելադրանքով, նաև՝ չիմացության հետևանքով:
«Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի Արևորդիների մասին, որոնք տեղավորված էին Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա: Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք»… (Ա. Բակունց)
«…Ե՛ս էլ կուզենայի Արևորդի կոչվել: Այսինքն՝ հենց Արևորդի՛ եմ»… (Մ. Սարյան)
ՎԵՆԵՏԻԿԻ «ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՁԻԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ»…
Հնագույն ժամանակների ճարտարապետության, քանդակի մասին տեղեկություններ ենք ստանում հնագիտական պեղումներից, պատմիչների վկայություններից…
Հայոց աշխարհում քրիստոնեության տարածման ժամանակ բազմահարուստ, մեծագանձ և մեծաշուք պաշտամունքավայրերի, նրանց «բարձրաբերձ պարիսպների» կործանման խրախուսիչ նկարագրությունները կան Հայ մատենագրության էջերում:
Հռոմեացի գրող — բնագետ, զորավար Պլինիոս Ավագը (մոտ 23 թ. — 79 թ,), որը հեղինակն է 37 գրքից բաղկացած՝ հանրագիտարանային բնույթի «Բնագիտություն» ուսումնասիրության, կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև Հայքի պատմական աշխարհագրության, ինչպես և Հայոց մեջ Անահիտ Դիցամոր բացառիկ պաշտամունքի վերաբերյալ:
Բարձր Հայք աշխարհի Անահտական գավառում (Երեզ, Երզնկայի շրջանում) գտնվող Անահիտ Դիցուհու մեհյանում տեղադրված Ոսկեմոր քանդակը նա ներկայացնում է որպես առաջին ոսկե «բոլորաձույլ»՝ ամբողջությամբ ոսկեձույլ արձանը:
«XXIV. Առաջին պինդ ոսկյա արձանն առանց որևէ խոռոչի, նույնիսկ մինչև «հոլոսփյուրատոն» (holosphyrates) կոչվող բրոնզե կուռ արձանները (ամբողջովին կռված մուրճով), կանգնեցվել է, ասում են, Անահիտիս Դիցուհու տաճարում (մենք արդեն ասացինք (V, 20), թե ո՛ր շրջանին է այս անունը պատկանում): Արձանը մեծապես պաշտվում էր տարածաշրջանի բնակիչների կողմից»:
«Երիզայի Անահիտին յիշատակութիւնը կ՝ընեն նաև Կիկերոն և Պլինիոս: Ասոնց նկարագրութիւնէն կը գուշակուի, որ ժողովուրդը շատ մեծ կարևորութիւն տուած է իր դիցուհւոյն: Երբ Լուկուլլոս Հայաստան կը մտնէ, Հայ ժողովուրդը զարհուրելի կերպով կը յուզուի. ամէն բանէ աւելի կը մտածուի Անահիտի մեհեանը, ուր դիցուհին կը պաշտուէր «ամենաճոխ և մեծասպաս պաշտամունքով»՝ Կիկերոնին բացատրութեամբ»,- գրում է «Բազմավէպը»՝ 1914 թվականին:
Հայոց մեջ քանդակագործության հնագույն ավանդույթների հարցին անդրադարձել է վաստակաշատ Գարեգին Լևոնյանը, որի հոդվածներից մեկը՝ տպագրված «Գեղարուեստ» պատկերազարդ հանդէսի 1913 թվականի 5 -րդ համարում, (արտասահմանյան բացառիկ թիւ, էջ 153 — 159, Վենետիկ, Մխիթարեան տպարան), ներկայացնում ենք ստորև՝ որոշ կրճատումներով:
«…Մանաւանդ զի առեալ տանէր ընդ իւր և զոմանս ի մոգուց»… Թագադրության նպատակով՝ մոգերի ուղեկցությամբ Հայքից Հռոմ հասած Տրդատի՝ 9 ամիս տևած ճամփորդությանն էր նվիրված մեր նախորդ հրապարակումը: Ահավասիկ այդ այցի առիթով Ներոնին որպես ընծա ներկայացվող ձիերի քանդակախմբին առնչվող ուշագրավ ուսումնասիրությունը:
ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՁԻԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԸ
Այս բաւականին տարօրինակ վերնագրի տակ մեր ընթերցողները գտնելու են մի հետաքրքրաշարժ պատմութիւն, որ աւանդական կապ ունի մեր նախաքրիստոնէական արուեստի հետ: Վենետիկում, Ս. Մարկոսի անուան հռչակաւոր և իր տեսակի մէջ անզուգական մայր եկեղեցու գլխաւոր ֆասադին աւելի ևս փառահեղ և գեղազանցօրէն յաղթական տեսք են տալիս աւագ դռան ճակատին, առանձին պատուանդանների վրայ կանգնած չորս գեղեցիկ պղնձաձոյլ ոսկեզօծ նժոյգները: Դեռ Վենետիկ չեկած՝ մենք լսել էինք այդ չքնաղ ձիերի մասին. աղօտ կերպով լսել էինք նոյնպէս, որ այդ գեղարուեստական հրաշալիքների հետ ինչ-որ կապ ունին Հայերը:
Մեզ համար, բնականօրէն, չէր կարող անուշադիր մնալ մի այդպիսի հետաքրքրական հարցը և ահա՝ թէ՛ մեր անձնական տպաւորութիւնների արդիւնքը և թէ՛ քանի մի աղբիւրներից ստացած տեղեկութիւնները կարող ենք հաղորդել «Գեղարուեստի» ընթերցողներին, վերջում աւելացնելով մեր բաւական համարձակ կարծիքը:
Առաջին անգամ Վենետիկ մտնողի առաջին իսկ գործն է լինում դուրս գալ Ս. Մարկոսի հրապարակը (Piazza di San Marco), որ իր չորս կողմով պարփակուած շքեղ սիւնազարդ պալատների ու մայր — տաճարի միջև աւելի զուտ մի մեծ դահլիճի, սալոնի է նման, քան հրապարակի: Տպաւորութիւնը այնքան ուժեղ է լինում առաջին վայրկեանին, որ գեղարուեստը սիրող մարդը չի իմանում ո՛ր կողմը դարձնէ իր հայեացքը՝ պալատների՞, հսկայ աշտարակ-զանգակատա՞նը, արտասովոր ժամացոյցի՞ն, թէ՞ այդ ամենքի թագ ու պսակ կազմող սքանչելի մոզայիքների (խճանկարների, Կ. Ա.) մէջ վառվող տաճարին՝ Ս. Մարկոսին՝ իր չորս սիգապանծ երիվարներով:
Սիգապա՜նծ երիվարներ… Փառքի, ամբարտաւան յաջողութիւնների և զեխութեան մէջ յղփացած տիեզերահռչակ Ներոնի յաղթական կամարի (arca triumphale) զարդերն են եղել քսան դար առաջ այս պղնձաձոյլ երիվարները: Չորս հարիւր տարուց աւելի փառահեղ ու հոյակապ Հռոմում հիւր լինելուց յետոյ, Կոստանդիանոս Մեծի կայսերական հրամանով բերւում են Բիւզանդիա, Բոսֆորի ափերում հանդիսադիր լինելու նոր մայրաքաղաքի բացումին (4-րդ դար): 13-րդ դարի սկզբներում (1206 թ.) վենետիկեան անուանի դօժերից մեկը (Մառինօ Ծէնօ) բերում է իր հետ Վենետիկ՝ զարդարելու իր առանց այդ էլ նորահարսի պէս զարդարուն քաղաքը:
Ներոնի պէս ինքնակալական փառքի գագաթնակէտին հասած Նապոլէօն Բոնապարտ, երբ Վենետիկում տեսնում է այդ ձիերը՝ «Թող ի՛մս լինին» — բացականչելով այդ վտարանդի նժոյգները տեղափոխում է Պարիս (1797), որտեղից և 1815 -ին նորից բերւում է Վենետիկ, ուր և մնում են մինչեւ այսօր:
Ահա Ս. Մարկոսի ձիերի համառօտ պատմութիւնը:
Ի՜նչ գեղեցիկ է նկարագրում այդ ճանապարհորդութիւնը իտալական բանաստեղծ՝ Հայուհի Վիկտորիա Աղանուրը իր «Յաւիտենական զրոյցի» մէջ. …Ահա՛, հասեր են Վոսփոր Փառահեղներն. կայմերուն վրայ կ’որորուին Նորաբողբոջ դափնիով Պսակուած կարմիր ոսկեճամուկ դրօշակներն… Պղնձի ձիեր, որքան յաղթ Նաւեր տեսաք, ցըռկանաւեր երագ, գոռ…
Հիանալի, հրաշալի են այդ ձիերը և հետաքրքրակա՛ն՝ նրանց պատմութիւնը… Բայց ու՞ր է ապա նրանց և Հայերի միջև եղած կապը — երևի կը հարցնի ընթերցողը: Այժմ այդ հարցով է, որ զբաղելու ենք:
Որտեղի՞ց էին Ներոնին այդ ձիերը: Հռոմեական գործ չեն նրանք, քննել են հմուտ մասնագէտները, մանաւանդ՝ հռոմեական հին պատմիչները գրում են արդէն, որ բերուած են ընծայ՝ «Հայոց Տրդատ թագաւորի» կողմից:
Այժմ երկու վերսիա (տեսակետ, Կ.Ա.) կայ՝ մէկը՝ որ բերել է Տիրիթ կամ Տրդատը (Արշակունին) Ներոնին, և միւսը՝ բերել է Տրդատ Մեծը՝ Կոստանդիանոսին: «Մի յառաջնոց յիշողաց պղնձեայ երիվարացս՝ յանուն Տրդատայ է Վիկտոր Պոբլիոս, ի տեղագրութեան Է թաղին Հռովմայ: Միւս ոմն անանուն՝ ժամանակակից Ոնորիոսի կայսեր կամ Գ. Վաղենդիանու, որ է ի կէս Ե դարու, նոյնպէս յանուն Տրդատայ՝ ի նմին թաղի յիշէ. Equum Tiridatis Regis Armeniorum: Բայց գիտելի է զի ոչ միայն Վենետիկեան երիվարքս այլ և որք ցարդ ի Հռովմ կան, մնան նոցին նմանիք յանուանեալն Ձիական լերին (Monte Cavallo) Տրդատայ տուրք համարին»,- գրում է Հ. Ղ. Ալիշան՝ իր «Այրարատ» հոյակապ երկասիրութեան մէջ:
«Զկայսերականսն յիշելով զտուրս՝ միտք մերազնեից անժոյժ ընթանան և ի թագաւորականսն,- շարունակում է Այրարատի հեղինակը,- ոչ շատացեալ լոկ վայելուչ համարել զՏրդատայ ընծայաբերութիւն, այլ գիտել ինչ և զորպէսն, զորմէ լռեն պատմիչք: Բայց յաւանդութէնէ ունին իտալացիք, և առանձինն պատմաբանք քաղաքին՝ Վենետկոյ, յորում գրեմս, եթէ Տրդատ թագաւոր Հայոց (զոր համարին զՊարթևն առ Ներոնիւ), տարեալ իցէ ընծայ առ կայսր զչորեսին գերահռչակ պղնձաձոյլ ոսկիազօծ երիվարս, զոր նկատեմք յաճախ ‘ի բարձրավանդակ ճակատու աննման տաճարի Սրբոյ Մարկոսի՝ յաննման հրապարակի Ադրիական մայրաքաղաքիս…»:
Մեզ համար այստեղ էական նշանակութիւն չունի, թէ երկու Տրդատներից ո՛րն է եղել այդ ձիերը Հռոմ տանողը՝ Տիրիթ կոչւող Տրդատը, թէ՞ Մեծն Տրդատը, այլ այն, որ նրանք տարուած են Հայաստանի՛ց: Եթէ իրօք վերջին Տրդատը լինէր, մեր պատմիչները չէին կարող չը յիշատակել այս ընծայաբերութիւնը, երբ Ագաթանգեղոսից առնելով գրում են նրա և Լուսաւորչի Հռոմ գնալու ամէն մանրամասնութիւն: Իսկ յայտնի է, որ Ագաթանգեղոսը վերջին ժամանակներիս մի շարք լուրջ քննադատութիւնների ծանրութեան տակ (Լանգլուա, Գուտշմիդ, Տաշեան, Սարգիսեան) խախտեց իր դարաւոր դիրքը և նոյնիսկ դուրս եկաւ իր «Տրդատայ քարտուղարութեան» պաշտօնից: Ուրեմն, մեծ հաւանականութիւնը մնում է Արշակունի Տրդատի՝ Տիրիթի կողմը, որ և եղել է Հռոմում ու Ներոնին ներկայացել: Մեր պատմիչները չեն յիշատակում Տիրիթին առհասարակ, դրա համար էլ չէինք կարող որևէ յիշատակութիւն սպասել և նրա ընծայաբերութեան մասին: Մինչդեռ հռոմայեցի նշանաւոր պատմիչներ՝ Պլինիոս, Տակիտոս Կուռնելիոս և ուրիշներ նկարագրում են Տիրիթի փառաւոր մուտքը Հռոմ և Ներոնից մեծ պատուով ու մեծարանքով ընդունուիլը: Ահա այդ աղբիւրներից քաղելով իր «Պատմութեան» Ա. հատորում (էջ 324) Մ. Վ. Չամչեան հիւսել է մի գեղեցիկ հատուած, որ և մենք առաջ ենք բերում փոքր կրճատումներով:
«Չուեալ Տիրիթայ յարևելից բազմութեամբ ծառայից՝ և երեք հազար սպառազէն հեծելոց ‘ի Հայոց և ի պարսից, ուղեկից ունելով ընդ իւր զբազումս ի հռոմայեցւոց, ճանապարհ արար ընդ ցամաք. և ոչ կամեցաւ նաւու ընդ ծով անցանել. զի, ասէ Պլինիոս, թէ չէ՛ր օրէն ըստ մոգուցն կրօնից ապականել զծով իւիք անմաքրութեամբ, և ոչ իսկ թեւք արկանելով ի նոյն. մանաւանդ զի առեալ տանէր ընդ իւր և զոմանս ի մոգուց: Ընդ ցամաք երթալով Տիրիթայ՝ երկարեաց ուղեւորութիւն նորա ամիսս իբր ինն. որով բազում ծախք եղեն՝ ոչ միայն ի կողմանէ նորին Տիրիթայ, այլ և ի հռովմեացւոց, քանզի պատուէր արձակեալ էր Ներոն ինքնակալ յամենայն քաղաքս ընդ որս ունէր անցանել Տիրիթ, բազում մեծաշուք հանդիսիւ ընդունիլ և յուղարկել զնա. որոյ վասն յամենայն տեղս զարդարէին զփողոցս և զհրապարակս. և ընդառաջ ելեալ բազում շքով ընդունէին զնա ի ձայն երգեցիկ արուեստականաց. և զամենայն պէտս նորա և զծառայիցն առւելեօք լնուին:
Իբրև մօտ եղև Տիրիթ ի սահմանս Իտալիոյ լուեալ զայն Ներոնի կայսեր՝ պատրաստեաց վասն նորա հանդերձանս մեծարանաց. և առաքեաց ընդառաջ նորա կառս, քանզի մինչև Իտալիա երիվարաւ էր եկեալ: Եւ ունէր Տիրիթ ի գլուխ իւր սաղաւարտ ոսկեայ, և անձամբ շքեղ զարդարեալ, մանաւանդ զի փառացի ևս էր և բարգաւաճեալ հասակաւ՝ ըստ գրելոյ Դիովնի, և ահեղ տեսլամբ, միանգամայն և խորհրդամիտ և զգօն, որով յամենայն տեղիս՝ ընդ որ էանց, սիրելի եղև հռովմայեցւոց:
Յորժամ եհաս Տիրիթ ի Նեապօլիս, եկն ընդառաջ նորա ինքն իսկ ինքնակալն Ներոն, և իբրև յանդիման եղև Տիրիթ Ներոնի, ազդ արարին նմա՝ ի բաց դնել զսուրն, զոր կրէր յազդեր իւրում, զի չէր օրէն այնպէս երևիլ առաջի կայսեր: Այլ նա ոչ կամեցաւ, քանզի, որպէս աւանդէ Տակիտոս, պատուէր առեալ էր ի Դարեհէ՝ մի ցուցանել զցածութիւն առ հռովմայեցիս, այլ հայրենի տարազու և ահեղութեամբ արշակունեաց վարել: Բայց զի մի՛ դաւ ինչ կարծեսցի հռովմայեցւոց, պնդեաց Տիրիթ զսուրն բևեռօք ընդ պատենին, որպէս գրէ Դիովն, և այնպէս մատուցեալ ծնրադրութեամբ ողջոյն ետ կայսեր:
Ընդ այս գործ նորա զարմացեալ Ներոնի՝ մեծաւ մարդասիրութեամբ և խանդաղատական յարգանօք ընկալաւ զնա և յետ բազում իրաց՝ հրաման ետ առեալ խաղ ըմբշամարտութեան և գազանամարտութեան առաջի նորա՝ ի քաղաքն Պատիղոս: Եւ գլուխ խաղուն ի զննին նստեալ էր Տիրիթ ընդ կայսեր՝ կամենալով զուարճալի առնել զխաղ նոցա, ի շնորհս երեսաց Պատրորեայ, խնդրեաց աղեղն լայնալիճ, և ձգեաց ի բարձրավանդակէ անտի զնետն ի վերայ գազանաց, և զերկուս ցուլս յաղթանդամս ի մի հարուած փքնի շամփրաց յանդիման ամենեցուն, մինչև զարմանալ նոցա յոյժ:
Յետ այսորիկ առեալ տարաւ զնա Ներոն ի կայսերական քաղաքն ի Հռովմ, զոր ըստ մասին նորոգեալ էր կամելով անդ թագ կապել նմա. ուր և, ըստ գրելոյ Տակիտոսի, ամենայն քաղաքն զեղեալ ընդառաջ լինէին յընդունելութիւն կայսեր և Տիրիթայ: Եւ զկնի սակաւուց կամեցեալ Ներոնի կարգել զհանդէս թագաւորութեանն Տիրիթայ, հրաման ետ և զարդարեցին գիշերային զմեծ հրապարակն ջահիւք և ղամբարօք, ծաղկօք և պսակօք, ուր ժողովեալ էր բազմութիւն քաղաքին: Եւ մասն ժողովրդեան ազնուականաց անտի սպիտակազգեստ և դափնեօք պսակեալ՝ ուրոյն կացին կարգաւ ի մէջ հրապարակին և յերկուսին կողմանս զօրք զրահաւորեալ ի զարդ շքեղ, որոց զէնք և դրօշք ‘ի լուսոյն շողալոյ փայլակնացայտ ճաճանչէին:
Եւ ի պատրաստել այսր ամենայնի ի գիշերի, մօտ յարշալոյսն եկն Ներոն փառօք՝ հանդերձ ռինկղիտոսիւ և անձնապահ զօրօք: Էր զգեցեալ ինքն Ներոն պատմուճան ոսկեհուռն, զոր յաւուրս յաղթանակի արկանէր զանձամբ, եկեալ յատեան նստաւ յառաջին գահոյս: Եկն և Տիրիթ զկնի նորա հանդիսիւ՝ իւրայովքն հանդերձ, և էանց ընդ կարգս զինւորաց, որք կազմ կային յաջմէ և յահեկէ: Եւ մատուցեալ յատեան՝ խոնարհեցաւ և ետ ողջոյն յարգութեան ինքնակալին, զնոյն արարին և արքն՝ որք ընդ նմա: Յայնժամ համօրէն բազմութիւն հրապարակին գոչեցին իբրև ի միոջէ բերանոյ՝ ի ձայն ցնծութեան, մինչև ապշել Տիրիթայ ընդ այնպիսի աղաղակ նոցա: Ապա խօսեցաւ Տիրիթ առ Ներոն և ասէ.»…
…«Յայնժամ ասէ ցնա Ներոն. «Դու բարւոք արարեր որ եկիր, այսր՝ դէմ յանդիման վայելել յիմում առատաձեռն լիութեան… ահաւասիկ ես կացուցանեմ զքեզ թագաւոր (վերին) Հայաստանի»: …Զայս ասացեալ Ներոնի՝ հրաման ետ նմա նստել առաջի իւր, ի յաթոռն յայն, որ յատենի անդ վասն այսր իսկ պատրաստեալ էր: Եւ ի նստել Տիրիթայ ի վերայ նորա, և եղեն ի մեծը հանդիսի անդ միւսանգամ բարձրագոչ ձայնք ցնծութեան և հրճուանաց ժողովրդեան»:
Ապա պատմագիրը առաջ է բերում «հրամանաւ Ներոնի և բոլոր ծերակուտին ի պատիւ Տիրիթայ» Պոմպէի թատրոնում հանդիսաւոր ներկայացման նկարագիրը, որտեղ «ինքն Ներոն անցանէր հեծեալ ի կառս՝ ասեղնագործ պատմուճանաւ և կանաչազգեստ, և անձամբ յառաջ վարէր զկառսն, և շրջէր շքալից փառօք հանդերձ քնարահարութեամբ և երգովք արուեստականօք»:
«Յետ կատարման հանդիսին՝ շնորհս կալաւ Տիրիթ արքայ երախտեաց ինքնակալըն Ներոնի… և ընկալեալ ի նմանէ պարգևս մեծամեծս և ԻՆՔՆ ԸՍՏ ԱՐԺԱՆԵԱՑ ՓՈԽԱՐԻՆԵԱԼ ՆՄԱ, արձակեցաւ պատուով դառնալ ի տէրութիւն իւր ի Վերին Հայս»:
Հռոմայեցի պատմիչներից գրի առած ու Չամչեանի գրչով նկարագրուած վերոգրեալ հատուածի մէջ՝ որ ինքնին արդէն խիստ հետաքրքրական է մեզ համար ու կարող է պատմական թատերագրութեան գեղեցիկ նիւթ լինել մեր ժամանակակից հեղինակներին, ներկայ յօդուածին նիւթ եղող հարցի լուսաբանութեան համար ամենից կարեւորը վերջին պարբերութիւնն էր, որ Տիրիթ ինքը պարգևներ ստանալով Ներոնից, ինքն էլ ըստ արժանւոյն փոխարինել է նրանց ընծայաբերութեամբ: Այստեղ հարցը վերջանում է…, քանի որ մենք վերևում արդէն առաջ բերինք նոյն հռոմէական աղբիւրից, որ Ներոնի պղնձաձոյլ երիվարները յիշատակ են Հայոց Տիրիդատ թագաւորի — «Equum Tiridatis Regis Armeniorum.»:
Այս նիւթին վերաբերեալ Տակիտոս պատմագրի բնագիրը լոյս ընծայեց Հ. Յ. Աւգեր «Բազմավէպի» այս տարւոյ Ա. տետրակում:
Ասացինք, որ մեր ներկայ յօդուածի համար էականն այն չէ, թէ երկու Տրդատներից ո՛րն է բերել այս ձիերը, այլ ա՛յն, որ բերուած են Հայաստանից: Այժմ մի նոր հարց է ծագում, թէ Հայաստանում ո՞րտեղից էին նրանք. եկամու՞տ են Յունաստանից, թէ՞ Հայ արուեստի գործ են: Ոչ ոք սիրտ չէ անում, իհարկէ, Հայ գեղարուեստի արդիւնք համարել քանդակագործութեան այդ հիանալիքները, այլ կարծում են «առբերեալս մնացուած աւարոյ քաջաց նախնեաց (մերոց) յարշաւանին Ելլադայ՝ յԱրտաշիսէ կամ ի Տիգրանայ, զձեռագործս գերագոյն ճարտարացն Յունաց զՊրակսիտելեայ և Լիւսիպպոսի» (Ալիշան):
Անշուշտ, շատ հաւանական է մեծանուն բանասէրի այս կարծիքը, բայց ո՛չ Լիսսիպի, ո՛չ Պրակսիտէլի ստեղծագործութիւնների թւում և ո՛չ առհասարակ Հելլէն քանդակագործութեան պատմութեան մէջ, մենք չենք պատահել ձիերի առանձնակի արձանների: Իսկ Խորենացին թէ՛ Արտաշէսի և թէ՛ Տիգրանի՝ Յունաստանից ինչ արձաններ բերել կամ նրանց ինչպէս կարգաւորելը անուն — անուն յիշատակում է՝ որ դից արձաններ էին:
«Բայց և Ելլադա առեալ (Արտաշէս) պատկերս Դիոսի (Զևս) զԱրտեմիդայ (Դիանայ) և զԱթենայ (Աթենաս Պալլաս) զԵփեստուն (Ապպօլլոն) և զԱփրոդիդեայ (Վեներա), տայ բերել ի Հայս…» (Խորենացի, Բ. 12): «Եւ ժողովեալ զզօրս Հայոց ընդդէմ երթայ (Տիգրան) զօրացն Յունաց… Առաջին գործ զմեհեանա շինեալ կամեցաւ… կանգնեաց զոլիմպիական պատկերն Դիոսի յամուրն Անի, և զԱթենաս ի Թիլ, և զԱրտեմիդայ զմիւս պատկերն յԵրիզա. և զԵփեստուն ի Բագայառինջ…» (Խորենացի, Բ. 14):
Յամառօրէն չը հակառակելով այս կարծիքին, մենք էլ թոյլ ենք տալիս մի նոր համարձակ կարծիք յայտնել, որ այս պղնձաձոյլ ձիերը կարող էին լինել և Հայ արուեստի գործ՝ Հայաստանի սահմաններում կերտուած ու ձուլուած:
Այժմ առաջ բերենք այն նպաստաւոր տուեալները, որոնց վրայ կառուցում ենք մեր հիպօտէզը (վարկածը, Կ. Ա.):
Ա. Արձանագործութիւն Հայաստանում. Կրկին ենք ափսոսում, որ մեր «Հայոց գեղարուեստի պատմութեան ներածութիւնը» յօդուածից (տես էջ 32) դուրս մնաց քանդակագործութիւնը, և մենք այստեղ պարտաւոր ենք քանի մի խօսք ասելու այդ արուեստի մասին:
Քանդակագործութիւնը մեր մէջ միւս արուեստների համեմատութեամբ ամենից անբախտն է եղել: «Անբախտ» ենք ասում ո՛չ նրա համար, որ խեղճ ու աղքատ է եղել, այլ նրա համար, որ նա ամենից աւելի ուժեղ հալածանքի է ենթարկուել քրիստոնեութեան արշալոյսին ու չի կարողացել իր հնադարեան գեղեցիկ արդիւնքները յետագայ դարերը հասցնել:
Անբախտ է մնացել նա մինչև մեր ժամանակը և այն տեսակետից, որ մեր միւս արուեստներից ամենից քիչ է խօսւում կամ համարեա չէ խօսւում նրա մասին՝ մի անգամ արդէն մեր մէջ ամրացած լինելով այն համոզումը, թէ «արձանագրութիւն չենք ունեցել», իսկ եթէ մի բան չենք ունեցել, իհարկէ, նրա մասին չեն լինիլ և ուսումնասիրութիւններ: Մեր մանրազնին հետազօտութեան արդիւնքն այս մասին առաջ բերելը թողնելով «Գեղարուեստի» յաջորդ գրքին՝ նոյն յօդուածի շարունակութեան մէջ, կարճառօտ ասենք այստեղ հետևեալը.— Հայ դիցաբանութեան կամ հեթանոս կրօնի պատմութիւնից յայտնի է (Էմին, Ալիշան, Կոստանեան, Չերազ, Գելցեր, Հ. Բ. Սարգիսեան), որ եկամուտ աստուածների հետ հեթանոս Հայաստանն ունեցել է և բուն՝ Հայկական աստուածներ՝ դիք, և որոնց մասին խօսք անգամ չկայ հին ազգերի դիցաբանութեանց մէջ: Ահա մենք տեսնում ենք այդ հայրենի դից կամ դիւցազունների արձանները կանգնեցրած Հայաստանի զանազան վայրերում: Հարց է ծագում՝ ո՞րտեղ էին շինւում ու ձուլւում այդ մետաղեայ արձանները՝ եթէ ոչ Հայաստանում: Ո՞րտեղ էին կտրւում Հայ դրամները իրենց ռելիեֆ պատկերներով, իհարկէ, բուն երկրու՛մ, ո՛չ արտասահմանում: «Եւ դրամ առանձին զիւր պատկերն հարկանէր»,- Արտաշէս Ա-ի համար ասում է Խորենացին (Բ. 11):
Իսկ եթէ ընդունինք, որ արձանագործութեան արուեստը չի բացակայել նախաքրիստոնէական Հայաստանում, ինչու՞ չենք կարող ընդունել նաև, որ այդ չորս երիվարների բուն հայրենիքը Հայաստանն է:
Բ. Նիւթ արձանագործութեան համար. Արձանագործութեան, քանդակի համար անհրաժեշտ նիւթերը՝ կաւ, մետաղներ կային հին Հայաստանում և արդիւնագործւում էին: Այս հարցերին մենք գտնում ենք դրական պատասխաններ: Կաւը եղել է այնքան նշանաւոր, որ օտար ազգերից էլ ճանչուել է որպէս «կաւ Հայկական»: «Յիշատակի առ մեզ ‘ի բժշկարանս ինչ որ առ Գաղենոսի կոչի «հող Հայկեան», առ բնաբանս կոչի «կաւ» կամ «հող», կոչեն և «հող կնքեալ Հայկեան» հռչակաւոր՝ սակս մատնելոյ ‘ի բաղադրութեան թիւրակէսի, որ է կարմիր աղօտագոյն, և է նոյն որ տաճկերէն կոչի «քիլ էրմենի»… (Ինճիճեան, «Հնախօսութիւն, Ա., 181):
Հանքերի շահագործումը երեւում է մեր պատմիչների այն կարճ վկայութիւններից, որ ասում են. «Տօն ցնծութեան հրամայեաց կատարել թագաւորն (Տրդատ) ազատեաց զորս ի բանտի և մետաղս էին (Զենոբ): Կամ՝ «Գայր հասանէր ի լեառն երկաթահատացն և կապարահատացն» (Բիւզանդ):
Անուն — անուն յիշւում են Հայ և օտար մատենագիրների կողմից արծաթի, ոսկու և պղնձա — հանքերի մասին:
Գ. Ձիերը Հայաստանում Հին Հայաստանի ձիերը մեծ հռչակ են ունեցել ոչ միայն հայրենի երկրում, այլ և նրա սահմաններից շատ աւելի հեռուներ: «Այնչափ բազմութիւն ձիոց բերէ այս աշխարհ (Հայաստան), ոչինչ ընդհատ ‘ի Մարաց յայսմ մասին»,- յիշատակում է Ստրաբոն:
Ձիերի առատութիւնն Հայաստանում երեւում է և պատմական այս տեղեկութիւնից, որ Հայ թագաւորները պարսից արքունիքին յաճախ ձիերով էին հարկ վճարում: Քսենոֆոն Եփրատի աւազանի մի դաշտը կոչում է «Ձիարօտ», որ ցոյց է տալիս ձիերի առատ ներկայութիւնը: Մեր պատմիչները յաճախ են գովաբանում Հայոց ձիաւոր զօրքը՝ «կաւալերիան», կամ, ինչպէս իրենք են ասում՝ այրուձին: Յիշատակում են նաև օտար մատենագիրները: «Բայց յայլոց հեծելազօրաց եցոյց (Արտաւազդ) Անտոնիոսի նաև գունդ ինչ վեց հազար հեծելոց՝ համակ սպառազինելոց և կրթելոց, յորժամ միանգամայն ընդ նմա խաղայր ի վերայ Մարաց»,- ասում է Ստրաբոն (Ինճիճեան):
Յիշենք նոյնպէս Արտաշատից մինչև Հռոմ ինն ամիս ճանապարհ գնացող Տիրիթի և նրա «երեք հազար սպառազինաց» ձիերը: Առանձնապէս յիշւում են ընտիր ցեղի նժոյգները կամ «ձիք հրաշալիք»,- որոնք պատկանել են մեր թագաւորներին և զօրապետներին: «Իսկ Երուանդ ձիովն իւրով բովանդակ ասպարէզս անցեալ, ելանէ, ի խանս կարգեալս ‘ի բանակէն իւրմէ ի քաղաքն իւր» (Խորենացի, Բ., 46):
«Նրա (Տիրան Բ-ի) ձիոց երկուց լեալ թեթև առաւել քան զպիգասոսս երագութեամբ անբաւ, զոր ոչ երկրակոխս, այլ օդագնաց համարէին» (Խորենացի, Բ., 62):
«Եւ էր ի ժամանակին յայնմիկ երիվարն Մուշեղի (Մամիկոնեան) ձի մի. իսկ թագաւորն պարսից Շապուհ յորժամ առնոյր գինի ‘ի մատունսն ըմպել… ասէր, ճերմակաձին գինի արբցէ» (Բիւզանդ, Ե, 2): Մուշեղ իր ճերմակ ձիով այնքան է յայտնի եղել, որ նրա մահից յետոյ քանդակել են նրա պատկերը՝ իր ձիու վրայ նստած: «Ճարտարաց ասորւոց պողովատիկ գրչաւ նկարել զՄուշեղ ճերմակ երիվարաւն յարձանի առ գետեզերաւն, և զՀոնն յոտս նորա, որ բնակիչք գաւառի «Հոնի դուռն» ասեն զտեղիս մինչև ցայսօր: (Մեսր. Եր. 20), (Ինճիճեան):
Գուսանական երգերից յայտնի են նոյնպէս Արտաշէս Բ-ի «Սեաւն գեղեցիկը» և նրա որդու՝ Արտաւազդի որսի նժոյգը:
Եւ այսպէս, Հայաստանի սրավար, սրաթռիչ, օդապարիկ, օդաթռիչ ձիերի մասին շատ ու շատ վկայութիւնների ներկայութիւնը անհերքելի ապացոյց կարող է լինել մեր անցեալում այդ խելօք կենդանու կուլտի բարձր դրութեան, նրա ցեղերի ազնւացման համար: (Նոյնիսկ գոյութիւն է ունեցել մեր մէջ պատմական դարերում ձիաբուծութեան ձեռնարկ՝ «Վասն ձիոց ազգաց և ցեղից մատակաց և քուռակներաց խրատ և բժշկութիւն»: Տես «Բազմավէպ», 1867, էջ 353): Որպէս երկրի ամենաազնիւ և արժէքաւոր կենդանի բերք, ձիերը Հայաստանում համարուել են ամենայարմարը ընծայաբերութեան համար՝ թէ՛ օտար արքունիքներին և թէ՛ Հայ նախարարներին, զօրավարներին և բարձրաստիճան անձանց: Նոյնիսկ հեթանոսական դարերում աստուածներին զոհ են մատուցել սպիտակ ձիեր:
«Տրդատայ հայրը՝ Խոսրով, Պարսից դէմ շահած յաղթութեան փոխան՝ «սպիտակ ցլուք և սպիտակ նոխազօք, սպիտակ ձիովք և սպիտակ ջորովք… զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր»,- Ագաթանգեղոսից առնելով՝ վկայում է Հ. Վ. Հացունի՝ իր «Ճաշեր» գրքի մէջ մատաղի բաժնում: Փաւստոս Բիւզանդ վկայում է, որ Արշակ Բ տուեց Խաղ եպիսկոպոսին «բազում նժոյգս զարքունական ձիոց՝ արքունի օճառավք, ոսկիվարաւանդ ապրդըմովն»:
Ահա այս նպաստաւոր պարագաներն են, որ մենք այստեղ աչքի առջև ունենալով՝ համարձակում ենք կարծելու, որ Սբ. Մարկոսի ձիերը Ներոնին ընծայաբերուած կը լինեն Տիրիթի կողմից որպէս ամենայարգի նուէրը Հայաստանից՝ թէ՛ օդապարիկ ձիերի, և թէ՛ գոռոզ Արշակունիների հարստութիւնը ցոյց տըւող պղնձի ձուլուածներ ցուցաբերելու համար:
Գուցէ շա՛տ է յանդուգն մեր կարծիքը, գուցէ ոգևորւում ենք, բայց թող ասուած լինի մեր հիպօտեզը, մինչեւ որ ապագայում հմուտ բանասէրները նորանոր փաստեր հիմք բերելով կարողանան փաստական դարձնել մեր խօսքը: Մի տասնեակ տարի Հայ ճարտարապետութեան մասին էլ բոլորովին այլ կարծիք էր տիրում. այժմ ընդհակառակը, արևելքն են համարում Լոյսի աղբիւրը: Ինքնավախութեամբ շատ առաջ չենք գնայ»:
Գարեգին Լևոնեան Վենետիկ
Աշուղ Ջիվանու որդու՝ Հայ արվեստի անխոնջ մշակ՝ Գարեգին Լևոնյանի դիմանկարը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան, 1912 թ., Հայաստանի Ազգային պատկերասրահ)
«ՀԱՅՔԻՑ՝ ՀՌՈՄ. ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՏԱԿԻՏՈՍԻ»…
Հայոց պատմության հնագույն շրջանից որոշ դրվագների, մյուս տերությունների հետ ունեցած հարաբերությունների մասին հաճախ փոքր-ինչ պատկերացում ենք կազմում օտար աղբյուրների կցկտուր հիշատակումներով, երբեմն էլ՝ հանգամանալից տեղեկություններով:
Փոթորկալից դարերի ընթացքում Հայոց աշխարհի քաղաքական իրավիճակի բեկումնային փոփոխություններն իրենց ազդեցությունն ու անխուսափելի հետևանքներն էին թողնում երկրի պատմության վրա:
Հռոմեացի պատմիչ Տակիտոսի (մոտ 58 -120 թ.թ.) նկարագրություններում ուրվագծվում են հակամարտություններով լի մի շրջանի՝ 2000 տարի առաջվա դեպքերը, որոնք վերջին տարիներին հիշեցին եվրոպական որոշ երկրներում՝ Միհրականությանն ու Միհրական ծեսերի առեղծվածներին նվիրված ցուցադրությունների առիթով՝ նշելով Հայոց թագավոր Տրդատ Ա-ի այցը Հռոմ և նրա հանդիպումը Ներոնի հետ (վերջինս գահակալել է 54 — 68 թվականներին):
Հայքն իր աշխարհագրական դիրքով՝ տարբեր դարաշրջաններում միմյանց հետ մրցող տերությունների ռազմական գործողությունների հանգույցում էր, ուր ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ:
Վենետիկում 1913 թվականի հունվարին լույս տեսած «ԲԱԶՄԱՎԷՊ» ամսագրի թիվ 1-ից (էջ 10 -12) ներկայացնենք ուշագրավ մի հոդված՝ մոգերի և Մանավազի որդիների ուղեկցությամբ Տրդատի՝ դեպի Հռոմ կատարած ճամփորդության, հանդիսավոր ժամանման և կազմակերպված հանդիսությունների նկարագրություններով:
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՇԽԱՐՔ Սոյն վերնագրի տակ պիտի ընծայենք պարբերաբար ազգային պատմութեան վերաբերեալ էջեր, որոնք օտարազգի հին և նոր մատենագրաց քով ցրուած կը գտնուին, և որոնք կրնան օգտակար ըլլալ ոչ թէ միայն պատմական բանասիրութեան համար, այլ թերեւս աւելի՝ ծանօթացնելու համար հայկական յարաբերութիւնքն օտար ազգաց հետ, և մեր գեղարուեստասէր երիտասարդաց ընծայելու համար նիւթեր՝ ներշնչուելու ազգային ոգւով իրենց բանաստեղծական, նկարչական, թատերական, երաժշտական և այլն արտադրութեանց համար:
Առաջիկայ պատառիկը կը կազմէ Տակիտոսի «Տարեգրութեանց» էջ մը, Տակիտոս իր վերջին՝ ԺԶ. Գիրքը կը թողու գրեթէ կիսատ և անցնի իւր Պատմութեան: Այս պակասը լրացուցած են պատմիչք այլ և այլ հին աղբիւրներէ քաղելով: Մեզի այս էջը կ՝ընծայէ Brotier, գեղեցիկ նկարագրելով Տրդատ-Տիրիթի Ներոնէն Հայաստանի թագաւորութեան թագն ընդունիլը: (Հ. Աւգեր)
Տրդատի հանդիսաւոր ժամանումը ժողովրդեան համար տեսարան մ՝եղաւ, որ քօղարկեց իշխանին և ծերակոյտին խայտառակութիւնը, բայց կայսերութեան համար ալ եղաւ ծանրաբեռնութիւն ; Երբեք Հռովմ այսքան թագեր տեսած չէր: Երկար, լի սնապաշտութեամբք և փառայեղ յաղթանակի մը նման ճանապարհորդութենէ վերջ, Տրդատ և իւր կինը հասան Վոլոգէսի (Վաղարշի, Կ.Ա.), Պախորոսի (Բակուրի, Կ.Ա.) և Մանաւազի որդւոց հետ: Մտածելով որ շարժուածքն աւելի ազդեցիկ են քան թէ խօսքերը, Տրդատ ծունր դրաւ Ներոնին առջև, բայց չյանձնեց անոր իր սուրը. այսպիսի gոյց մը չափազանց ծառայական կ՝երևէր իրեն և անարժան՝ Արշակունեաց վսեմութեան: Մինչև հոս պատշաճութեանց հակառակող բան մը չկար, բայց շուտով ամէն ինչ սին ցուցանքի մը փոխուեցաւ:
Ներոն, որ աւելի զարմանալ գիտէր քան թէ նմանիլ Բարբարոսի մը սիգութեան, Նաբոլիէն Բոցցուոլէ տարաւ իւր հիւրերը և իր կայսերական մեծվայելչութիւնը ցուցուց սուսերամարտիկներու մրցանքի մը մէջ: Բադրոպիուս ազատագրեալը տուաւ այս խաղերը: Ծախքին վրայ գաղափար մը կարելի է ունենալ, եթէ դիտենք որ ամբողջ օրն ամփիթատրոնին մէջ մի միայն եթովպացի մարտիկներ մտան երկու սեռէ: Տրդատ հանդէսը պատուելու և իրեն ճարտարութիւնը ցուցնելու համար, կեցած տեղէն սլաք մ՝արձակեց, որով խոցեց, ինչպէս կաւանդեն, երկու ցուլեր:
Հանդէսը Հռովմայ մէջ աւելի շքեղ եղաւ, երբ Տրդատ հոն երևցաւ Հայաստանի թագաւորութիւնը խնդրելով: Օրը յապաղած էին գեղեցիկ օդի մը սպասելու համար: Նախընթաց երեկոյ քաղաքն ամբողջ լուսաւորուեցաւ, փողոցներու մէջ ամբոխը կը վխտար, հանդիսատեսներ տուներու պատշգամներու վրայ խռնուած էին. ժողովուրդը՝ սպիտակ զգեստներով և դափնեայ պսակներով զարդարուած, լեցուած էին հրապարակին մէջ. զինուորներ՝ իրենց զէնքերու և իրենց արծիւներու փայլին վրայ սիգալով, ցանկապատ մը կը կազմէին: Առաւօտուն կանուխ, Ներոն, յաղթանակի զգեստներով, գնաց հրապարակը ծերակոյտներու և պրետորական անձնապահ գունդերու հետ, և հոն գահու մը վրայ ելլալով՝ ատենախօսներու բեմին քով, նստաւ փղոսկրէ թիկնաթոռի մը վրայ զինուորական արծիւներէ ու դրօշներէ շրջապատուած: Այն ատեն Տրդատ և թագաւորներու որդիքը, իրենց բազմաթիւ պատուադիրներով հասան զինուորաց խումբերով, և իշխանին յարգութիւն մատուցին:
Ժողովրդեան աղաղակը, որ այս այնքան նոր տեսարանը տեսնելով և իւր հին յաղթանակները յիշելով ուրախութենէն կը խայտար, ի սկզբան երկիւղ մ’ ազդեցին Տրդատայ վրայ, որ պապանձած մնաց, և իւր արիութիւնը չկրցաւ գտնել, նոյն իսկ երբ ամենուն լռութիւն հրամայուեցաւ: Թերևս նաև այսպիսի կեղծուած երկչոտութեամբ մը ուզեց նա ժողովուրդը շողոքորթել, և այնու հեռացունել ամէն վտանգ և իրեն ապահովել թագաւորութիւն մը. որովհետև բարձր ձայնով ըսաւ որ, թէպէտ Արշակներու արիւնէ սերած է և եղբայր է Վոլոգէս (Վաղարշ, Կ.Ա.) և Պախուրոս (Բակուր, Կ.Ա.) թագաւորաց, այնու հանդերձ ծառայն է Ներոնի, զոր իբրև աստուած մը կը պատուէր. և թէ իր ամէն իրաւունքը յառաջ կու գան անոր պաշտպանութենէն, որովհետև այս իշխանն է իրեն համար Ճակատագիրն ու Բաղդը:
Ներոնի պատասխանն այնքան աւելի հպարտ եղաւ՝ որքան խոնարհ էր այս ատենաբանութիւնը: «Լաւ ըրիր,- ըսաւ նա,- հոս գալդ իմ ներկայութիւնս վայելելու: Այն իրաւունքները զորս քու հայրդ չկրցաւ քեզի փոխանցել, և քու եղբայրներդ պիտի չկարենային քեզ պահպանել, ընդունէ՛ զանոնք միայն ինծմէ: Ես կու տամ քեզի Հայաստանը: Լաւ գիտցիր, և դուք ալ ամէնքնիդ յիշեցէք, որ ես միայն կրնամ տալ և վերցնել թագաւորութիւններ»: Տրդատ իսկոյն գահոյից աստիճաններուն մերձենալով, ծունր դրաւ Ներոնի առջև, որ զինքը վեր վերցուց և գրկեց, և անոր գլուխը դրաւ պսակը զոր կը խնդրէր, ժողովրդեան բազմադղորդ աղաղակներու մէջ, որոնց համար նախկին պրետոր մը թագաւորին խոնարհ աղերսանքը կը թարգմանէր:
Այն տեղէն գնացին Պոմպէոսի թատրոնը: Երբեք ոսկին աւելի հասարակ և աւելի անարգ երևցած չէր: Տեսարանի բեմը և բոլոր շրջակայքը կը շողշողային ոսկիով: Ամբողջութիւնը ծածկուած էր ծիրանիէ անհուն վարագուրով մը, որուն մէջտեղ ոսկեճամուկ հիւսուածք մը կը ներկայացնէր զՆերոն կառք քշելով և շրջապատուած ոսկի աստղներէ: Բազմելէն առաջ, Տրդատ դարձեալ խոր յարգութիւն մը մատոյց Ներոնի, յետոյ նստաւ անոր աջակողմը դիտելու համար այս տեսարանը, ուր ոսկին կը խաղար հազար զանազան ձևերու ներքև: Այս շքեղութեան, որ աչքեր կը շլացնէր, յաջորդեց խնջոյք մը շատ աւելի փառայեղ: Յետոյ թատրոն եկան վերստին, ուր Ներոն չպատկառեցաւ դերասանի մը պէս երգելէ և քնար հարկանելէ, և կառք մը քշելու համար՝ կանաչներու խումբէն կառավարի մը պէս հագուելէ:
Այս խայտառակութեանց մէջ, զոր դեռ աւելի կը ծանրացնէին ժողովրդեան վատ ծափահարութիւնքը, Տրդատ՝ յիշելով Կորբուղոնի զինուորական առաքինութիւնները, չկրցաւ զսպել իր զայրոյթը և ըսաւ իշխանին, որ շատ երջանիկ էր նա յանձին Կորբուղոնի այնքան բարի գերի ունենալուն համար: Ներոն՝ իւր ուրախութեան արբեցութեան մէջ, ուշ չդրաւ Բարբարոսի մը այսպիսի համարձակախօսութեան: Կարծէք մրցում մը կար անամօթութեան՝ իշխանին և ժողովրդեան միջև: Իբրև թէ այս յիմար արարողութիւնները Հայաստանի պատերազմը վերջացուցած ըլլային, Ներոն, ողջունուելով իբրև կայսր, իրեն դափնիէ պսակը կը տանի Կապիտոլիոն, կը փակէ Յանոսի դուռը, և շատ աւելի ծաղրական կ՝ըլլայ իր այս երևակայական յաղթութեամբ, քան թէ տեսարանի բեմին վրայ խաղալովը:
Ապահովցուցած իր թագը, Տրդատ գիտցաւ օգուտ քաղել ժողովրդեան և իշխանին համակրութենէն: Երկար ժամանակէ ի վեր Հռովմ արբեցած իր երջանկութեամբ, միայն դէպ ի զարմանալիք կը ձգտէր: Եւ գտաւ զայն Տրդատայ արքունեաց մէջ, որ, ինչպէս ամէն արեւելեայք, կը պարծէր աստեղագիտութեան գաղտնեաց խորաթափանց գիտութեանը վրայ: Ինչ որ հաւատալի կ՝ընէր այս իւր գիտութիւնը, մոգերու բազմութիւնն էր որ կ՝ընկերէին թագաւորին: Իսկոյն ահա հռովմայեցիք ուզեցին հարցնել՝ իրենց բաղդը երկնքի վրայ և դժոխքի վրայ: Ամենէն զուարճալին ինքն Ներոնն էր. որովհետև այսպիսի գաղտնիք հրապոյր մ՝ունին աւելի չար իշխաններու վրայ, որոնք միանգամայն անհանգիստ են ապագային համար, և այնպէս շռայլ ներկային, իբրև թէ իրենց ձեռքն ըլլար տրամադրել այն ապագայն որմէ կը կասկածին, Ներոն արդէն խանդավառ է դասեր առնելու: Տրդատ, հպարտ այսպիսի աշակերտ մ’ ունենալուն վրայ, կը սկսի անոր վարդապետել: Կայսրութեան բաղդին ինքնակալը, ի նախատինս Հռովմայ, անձնատուր կը մատնուի քաղդէական ցնորքներու, կը հրահանգուի իրենց մոգական արարողութեանց մէջ և կը յառաջադիմէ թունաւորելու արուեստին մէջ, որ մոգութեան գլխաւոր ճիւղն է: Այս ամօթալի աշակերտութիւնը ցուսցուց բոլոր ստութիւնն և ունայնութիւնն արուեստի մը, զոր չկրցաւ սորվեցնել վարժապետ մը, որ դեռ նոր թագ մը ստացեր էր, և զոր չկրցաւ սորվիլ աշակերտ մը, որ տիեզերաց կը հրամայէր:
Ներոն յուսախաբ, այնու հանդերձ նուազ առատաձեռն չեղաւ. իշխաններն այնքան աւելի շռայլ են որքան աւելի խաբուին: Տրդատ, որ արդէն օրական ութսուն հազար ոսկի դրամի ռոճիկ մ’ ունէր, ընդունեցաւ դեռ մէկ միլիոն արծաթ դահեկանի նուէր մը: Ներոն թոյլ տուաւ իրեն նաև վերստին կանգնել Արտաշատը, որ հիմնայատակ եղած էր, ինչպէս պատմեցինք: Իրեն տրուեցան նաև բազմաթիւ արուեստաւորներ, որոնց աւելցուց նա ուրիշ շատեր ալ, զոր ինքը վարձեց: Այսու աւելի ծանրագնի եղաւ այս թագաւորը վերստին բազմեցնելն իր գահուն վրայ, քան որքան չէր արժեր ժամանակաւ ուրիշները գահազուրկ ընելը:
Տրդատ հարստացած այս նուէրներով, քիչ խղճամիտ իր երկրին սնոտիապաշտութեանց, նաւարկեց Բրունդիսիոնէ դէպի Տիւրագիոն: Յետոյ անցաւ մեր Ասիոյ քաղաքներէն, ամէն կողմ զարմացմամբ դիտելով կայսրութեան եկամուտի աղբիւրները և Ներոնի յիմարական ձեռնարկները: Դեռ Տրդատ Հայաստան չէր մտած, երբ Կորբուղոն իրեն ընդ առաջ գալով, թողուց որ անցնին իրեն տրուած արուեստաւորները, բայց զանոնք որ ինքը վարձած էր՝ ետ դարձուց ի Հռովմ: Հռովմէական անուան արժանապատուութեան համար այս նախանձայուզութիւնը աճեցուց Կորբուղոնի համբաւը, նուազեցնելով իշխանինը: Այնու հանդերձ Տրդատ երախտագիտութեան համար «Ներոնէա» անուանեց Արտաշատ քաղաքը, զայն նորոգելէն վերջ»:
Հիշյալ ճամփորդության հետ առնչվող մի ընծայաբերության պատմությունն էլ՝ հաջորդիվ…
Ներկայացնելով ընծայաբերության ծիսական ավանդույթների ակունքներն ու հետագա դրսևորումները՝ Հայ բազմավաստակ ազգագրագետ Երվանդ Լալայանն իր՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ» հոդվածում մեջբերում է Մովսես Խորենացու վկայությունը՝ Երվանդ թագավորի մասին. «Իսկ Երուանդը առաւել ևս առատ պարգևներ էր տալիս և նորանից ամեն մինին փողեր էր բաժանում… Եւ այնչափ սիրելի չէր դարձնում նոցա, որոնց շատ էր տալիս, որքան թշնամի էր շինում նոցա, որոնց նոյնչափ առատութեամբ չէր տալիս» (Մովսէս Խորենացի, Բ, ԽԵ գլուխ):
Նախորդ գրառումներում հիշյալ հոդվածից ներկայացված քաղվածքները համալրենք մի քանի այլ հատվածներով:
«Մինչև այժմ մենք խոսում էինք այն ընծաների մասին, որ մատուցանում էին հասարակական ստորին դիրք ունեցող անձերը՝ գրաւելու իրենց մեծերի շնորհը: Բայց ոչինչ չենք ասել այն պարգևների մասին, որ անում են բարձրաստիճան անձեր՝ իրենց ստորադրեալներին: Այս երկու տեսակի ընծաների նշանակութեան տարբերութիւնը բացայայտ կերպով երևան է գալիս այն երկրներում, ուր ընծաներ մատուցանելու սովորութիւնը բաւական բարդ է, ինչպէս, օրինակ, Չինաստանում: «Այցելութիւնների ժամանակ, որ անում են միմեանց կառավարիչները և սրանց ստորադրեալները կամ այս այցելութիւններից յետոյ, տեղի է ունենում և ընծաների փոխանակութիւն: Սակայն կառավարչի արածները կոչւում են «պարգև», իսկ ստորադրուածինը՝ «ընծայ»: Այսպիսի բառերով են արտայայտում չինացիները և այն ընծաները, որ փոխանակում է իրենց կայսրը օտար պետութիւնների հետ»: Պէտք է մի քանի խօսք էլ ասել այս ընծաների մասին, թէպէտ դրանք ծիսական կարգերի բնոյթ չունին: Ժամանակի ընթացքում քաղաքական պետի իշխանութիւնն աւելի ու աւելի զօրեղանալով, տիրապետում է ամբողջ հասարակական գոյքին, սակայն հասնում է մի ժամանակ, երբ նա ստիպուած է զգում իրեն այդ մենաշնորհուած գոյքի մի մասը զիջել իւր ծառաներին ու հպատակներին: Ծառաներն ու հպատակները, որ սկզբում հպատակւում էին ընծաներ տալու պարտականութեամբ, այժմ հպատակւում են մասամբ նրանից ստացած պարգևների ուժով»…
…«Այստեղից պարզ է, որ այն միջոցին, երբ ստորադրուած մարդկանց ընծաներից հետզհետէ առաջ է գալիս հարկ, տուրք և մաքս, կառավարիչների տուած պարգևներից էլ յառաջանում է ռոճիկ:
Հայոց մէջ թագաւորներն ու նախարարները սովորութիւն են ունեցել իրենց իշխանների ծառայութիւնը վարձատրելու նպատակով պարգևել նրանց գիւղեր, աւաններ և նոյնիսկ գաւառներ, որոնք կոչուել են «պարգևականք», տարբերելու համար «հայրենիք» կոչուող հողերից, որոնք կազմել են ժառանգական սեպհականութիւն, մինչդեռ «պարգևականքը» հարկերից ցմահ օգտուելու արտօնութիւն է միայն ունեցել:
Զինուորական ծառայութեան համար ո՛չ զինուորները և ո՛չ էլ զօրապետները ռոճիկ չեն ստացել, այլ միայն աւարից պարգևատրուել են: Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» «ըստ սովորութեան» որոշուած է, որ աւարի կէսը զօրքին պիտի տրուի և եթէ «զօրական ի պատերազմի զոք ըմբռնեալ զգեստն և երիվարն և զէնքն ամենայն նորա լիցին, այլ զրահ տեառնն լիցի, պղինձ և երկաթ և նմանք նոցա՝ զօրացն: Ոսկի, ակունք և դիպակ ամենայն օրինակաւ թագաւորի լիցի, և ասրեղէն պատուական և կտաւ՝ իշխանաց, և անարգ ասրեղէն և կտաւեղէն՝ զօրացն» (Մխիթար Գոշի «Դատաստանագիրք», Մասն Բ., Ա):
Հայ մելիքների տիրապետութեան ժամանակ ևս, ո՛չ զօրքը և ո՛չ էլ նրանց հարիւրապետները (իւզբաշի) ռոճիկ չեն ստացել, և մելիքը հարկադրուած է եղել բաժանել նրանց աւարի մի մասը և տօներին զանազան «խալաթներ», գլխաւորապէս՝ հանդերձ, ձի, զէնք նուիրել:
Թէ՛ թագաւորների, թէ՛ նախարարների և թէ՛ մելիքների սեղանը միշտ բաց է եղել եկող-գնացողի, ծառայողների առաջ: Փաւստոս Բիւզանդն ասում է. «Եւ այլ յայսմ ազգաց և ի խոնարհ՝ որ գործակալս անուն բարձիւք առաջի արքային պատիւ ի գլուխ բազմէին, թող զնահապետս մեծամեծս և զտանուտերս որք գործակալք միայն էին ինն հարիւր բարձ, որ մտանէր ի ժամ տաճարին ուրախութեանն բազմակալացն կարգելոց, թող զոտնկայս գործակալութեանն սպասու»:
Այժմեան հասարակական մի քանի հիմնարկութիւնների ծառայողներ էլ, ինչպէս՝ գզիրը, հասարակաց կշիռի կշռարարները, բաղանիսների նաթրները, ժամհարը, ռոճիկ չեն ստանում, այլ միայն շատանում են պարգևներով. այսպէս՝ գզիրին պարգևում են Նոր տարուն մի քանի կոպէկ և Զատկին՝ մի քանի ձու: Նաև կալոցին՝ կես — մի փութ ցորեն. այս վերջինս արդէն պարտադիր է դարձել:
Թէ՛ Կարնում և թէ՛ այստեղից գաղթած Աղէքսանդրապոլցիների, Ախալցխացիների և Ախալքալաքցիների մէջ սովորութիւն է, որ բաղնիսում ծառայող կանայք, նաթրները Նոր տարուն շրջում են իրենց բաղանիսը այցելողների տները, հիւրասիրւում և մի — մի ափսէ չոր միրգ և 10-50 -ական կոպէկ դրամ նուէր են ստանում: Երբ նորահարսը առաջին անգամ գնում է բաղանիս՝ նաթրները լողացնելուց յետոյ բաղանիսի թասերը միմեանց խփելով՝ հանդիսաւոր կերպով հանում են բաղանիսից՝ և մինը մի թասով ջուր է մատուցանում: Նորահարսը պարտաւոր է ջրից մի քիչ խմել և թասի մէջ դրամ ձգել՝ իբր պարգև նաթրներին:
Հասարակաց կշռի կշռարարները իրենց կշռած մրգերից, ուտելեղէններից մի — մի քիչ վերցնում են:
Մի քանի խօսք էլ պէտք է ասել այն նուէրների մասին, որ անում են այն անձերը, որ միմեանց վերաբերմամբ իշխանաւորի և ստորադրեալի դրութեան մէջ չեն գտնւում»…
…«Հայերիս մէջ ևս շատ ընդունուած է հաւասարների միջև տեղի ունեցող նուիրաբերութիւնը: Համարեա բոլոր նշանաւոր տօներին միմեանց ընծաներ են տալիս, մանաւանդ նոր խնամացող գերդաստանները, և այս ընծաներից մի քանիսը այնքան պարտադիր են համարւում, որ երբեմն, նոյնիսկ խստիւ պահանջւում են: Մեզ մօտ ևս ընդհանրացած սովորութիւն է, որ Նոր տարուն ծնողները զաւակներին, զաւակները՝ ծնողներին և բարեկամները միմեանց պէտք է մի որևէ բանով «կաղանդեն»: Զատկին ևս կարմիր ձու միմեանց նուիրելը շատ ընդհանրացած է. նշանուած երիտասարդները յաճախ նշխում են ձուն և նուիրում իրենց նշանածին: Վարդևորին վարդի փնջեր միմեանց նուիրելը շատ տեղերում կայ, նաև՝ նշխած խնձոր հարսնացուներին նուիրելը: (Խնձորը այսպէս են ներկում. Դեռ չհասած, չկարմրած ժամանակ առանց ծառից քաղելու կպցնում են վերան զանազան նաշխերով կամ անուան սկզբնատառով կարուած տերևներ: Սրանց պատած տեղերը մնում են սպիտակ, իսկ մնացած մասը կարմրում է):
Աւելի ուշագրավ են նոր խնամիների միջև փոխանակուող ընծաները, որ «փայ» կամ «խոնչա» են կոչւում և միանգամայն պարտադիր են համարւում: Այնպէս որ, եթէ պսակը վաղ է կատարւում, այնուամենայնիւ, այդ «փայերից» մի քանի գլխաւորները պահանջւում են: «Փայերը» կամ «խոնչաները» փեսայացուի տնից ուղարկւում են հարսնացուի տունը Բարեկենդանին, Մեծ պասի առաջին օրը, Միջինքին, Ծաղկազարդին, Զատկին, Վարդավառին, Նաւասարդին: «Փայերը» բաղկանում են ուտելեղէններից, խմիչքներից և զանազան զարդերից: «Փայի» փոխարեն հարսնացուի տնից ևս զանազան ուտելեղէններ և խմիչք է ուղարկւում տղայի տունը, որ «դարձուածք» է կոչւում: Հարսնացուի տանից ուղարկուած ընծաների մէջ գրեթէ միշտ անպակաս է լինում գուլպան, որ ոչ միայն այս, այլև ուրիշ շատ դէպքերում ընծայաբերութեան ամենայարմար առարկան է կազմում:
Վ. Խոջաբեկյան «Փեսացուի հարսանեկան նվերները» (Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածու)
Ընտանեկան կեանքի մէջ ևս որոշ ընծաներ արդէն պարտադիր տուրքի ձև են ստացել: Այսպէս, մէկի ծննդաբերութեան միջոցին մօտիկ ազգականները պարտաւոր են «ծննդգաւաթ» ուղարկել, որ գլխաւորապէս բաղկանում է զանազան կերակրներից և խմորեղէններից: Փեսայացուի ազգականները՝ հարսնացուին և հարսնացուի ազգականները՝ փեսայացուին դրամական նուէր են տալիս, որ կոչւում է «երեստեսնուկ», հարսանիքի ժամանակ սաչուին նոյնպէս դրամական նուէր են տալիս: Ննջեցեալների տունը կերակրներ են ուղարկում, Սուրբ խաչին՝ ուլ և սև եազմա նուիրում: Պանդխտութեան գնացողին թխուածք են ուղարկում, վերջինս էլ վերադառնալիս՝ մի որևէ ընծայ է բերում»…
…«Այսպէս ուրեմն, ընծաները, որ նախնական մարդը կամաւոր կերպով մատուցել է նրան, որի բարեհաճութիւնը կամեցել է գրաւել, ժամանակի ընթացքում, հասարակութեան զարգացմամբ՝ շատ սովորութիւնների աղբիւր են դարձել: Քաղաքական պետին՝ սրա իշխանութեան զարգացման համեմատ, ընծաներ մատուցանելու շարժառիթը կազմում է նրա ազդած երկիւղը և մասամբ՝ նրա օգնութեան դիմելու ցանկութիւնը: Այս ընծաները, որ սկզբում բարիհաճութիւն են գրաւել իրենց ներքին արժէքի շնորհիւ, յետոյ նոյնն անում են՝ դառնալով հաւատարմութեան և անձնուիրութեան արտայայտիչներ:
Վերջին տեսակի ընծաներից յառաջանում է ընծայաբերութեան ծէս, իսկ առաջին տեսակից՝ սկզբում ծագում է ընծայաբերութիւն՝ իբր հարկ և ապա՝ իբր տուրք: Սրա հետ միաժամանակ ննջեցեալի գերեզմանի վրայ, նրա ոգու բարեհաճութիւնը հայցելու յուսով, զանազան կերակրներ դնելու սովորութիւնը հետզհետէ զարգանալով, աւելի առատ և յաճախ կրկնւում է նշանաւոր անձերի գերեզմանների վրայ և, ի վերջոյ, դառնում զոհաբերութիւն՝ տաճարների սեղանների վրայ՝ աստուածներին: Միս, խմիչք կամ հանդերձ ընծայաբերելը, որ սկզբում գթարար են համարւում այն պատճառով, որ իսկապէս օգուտ են բերում ոգուն կամ աստծուն, յետոյ ծառայում են իբրև հպատակութիւն արտայայտողներ: Այստեղից՝ ընծայաբերութիւնը դառնում է յարգանք արտայայտող գործողութիւն, միանգամայն անկախ ընծայի ներքին արժէքից, մինչդեռ այս արժեքը՝ ապրուստի միջոց հայթայթելով քահանաներին, կարելի է դարձնում միջնորդների գոյութիւնը, որոնց միջոցով կատարւում է աստուածութեան պաշտամունքը. զոհաբերութիւնները սկիզբն են տալիս եկեղեցական եկամուտներին»… Այսպէս ուրեմն, մենք մի նոր ապացոյց ևս ունեցանք, որ ծիսական կարգերը նախընթաց են քաղաքական և եկեղեցական կարգերին, որովհետեւ վերոյիշեալից երևում է, որ առաջին՝ ծիսական կարգից ծագող գործողություններից կազմակերպւում են հիմունքներ, որոնց շնորհիւ պահպանւում են միւսները»…