«Մի խոհեմ մարդ հարցրեց Ծառերին. — Ի՞նչն է պատճառը, որ՝ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չե՛նք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնու՞մ ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ»։
12-րդ դարում Գանձակում ծնված՝ «այր իմաստուն ու հեզ», հայտնի առակագիր ու օրենսդիր՝ Մխիթար Գոշի հիշյալ առակը՝ «Խոհեմ մարդը և Ծառերը», Արմատներից ստացած Ուժն ու Զորությունն է կարևորում: Ծառի նման, Ազգն էլ ի՛ր Արմատներով է Զորեղ ու Անպարտելի…
Մեր Նախնիների աշխարհայացքի ձևավորման մեջ էական էր Բնության հետ Մարդու փոխհարաբերությունը, որը հետագայում փոփոխվեց (եթե չասենք՝ կորսվեց)՝ քրիստոնեության տարածումից հետո (թեև արձագանքները՝ փոքր-ինչ ձևափոխված, պահպանվեցին մեր կենսախինդ տոներում, զանազան ավանդույթներում): Բնության հետ ներդաշնակ կապով էր պայմանավորված զանազան երևույթների խորհրդանշական իմաստավորումը. Ամպրոպն ու Կայծակը, Գետն ու Ժայռը, Բույսերն ու Կենդանիները այլ ուժով ու խորհրդով էին ընկալվում:
ԻՄ ՍԻՐՏՆ ԱՅՆՏԵ՛Ղ Է…
Իմ սիրտն այնտե՛ղ է – Հայրենի հզոր Լեռների գըլխին, արծիվների մոտ, Որ ամպերի հետ` խրոխտ, ահավոր Նետում է, շնչում Կայծակ ու Որոտ:
Դո՛ւք, ըմբո՛ստ Քաջեր, Ռազմիկնե՛ր վսեմ, Անհա՛ղթ իշխողներ՝ մահին ու կյանքին, Ձեզ հե՛տ է հոգիս, և ներբողում եմ, Եվ երկրպագում ձեր Լուսե ուղին:
Դո՛ւք Հայրենիքի խիզա՛խ ոգիներ, Ձեր սպառազեն կուռ բռունցքներում Սուրբ Իրավունքի և Ազատության Անշիջանելի Հու՛րն է բռընկվում:
Իջե՛ք, Մրրիկնե՛ր, դա՛շտն ի վար իջե՛ք, Մարդկության մրուր – նողկանքը սրբե՛ք, Փշրե՛ք շղթաներ, լծերը ամեն, Որ կաշկանդել են Ազնիվ մեր Հոգին. Անմահ մեր Մտքի Թևերը բացե՛ք, — Պայթե՛ք, Կայծակնե՛ր, պայթե՛ք խստագին:
Երբ վերջին երեք տասնամյակներին մեր Երկիրը տգիտության ու խավարի մեջ մղածների պատճառով այսօր ողջ Հայ Ազգը բախտորոշ ժամանակաշրջանում ընտրության առջև է կանգնած՝ մեր Իմաստուն Մեծերը մեզ հուշում են տասնամյակների, հարյուրամյակների, հազարամյակների խորքից՝ հիշեցնելով կարևորագույն արժեքը՝ Գիտության Լույսը…
«Ամենապիտանի բանը»
(Ավետիք Իսահակյանի հեքիաթներից, գրված՝ 1904թ.)
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի: Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց. -Սիրելի՛ որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ո՛վ որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը: -Ապրա՛ծ կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը: Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին: -Ահա՛, տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի՛ բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի՛ լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքա՜ն որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև: -Բարո՛վ եք եկել, անգի՛ն որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում: -Այո՛, գտել ենք, սիրելի՛ հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն. -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի՛ որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ Հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց. -Հացո՛վ կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագի՛ն հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան Հացը, ո՞վ կարող է առանց Հացի ապրել: Շա՛տ թափառեցի, շա՛տ բան տեսա,- բայց Հացից անհրաժեշտ՝ ոչի՛նչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն. -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի՛ որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ Հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց. -Հողո՛վ կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագի՛ն հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան Հողը: Առանց Հողի՝ Հաց չկա, առանց Հողի ո՞վ կարող է ապրել: Շա՜տ թափառեցի, շա՜տ բան տեսա, բայց Հողից անհրաժեշտ՝ ոչի՛նչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն. -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, Կայծ հանեց, վառեց աբեթը, հետո՝ մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է Լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը: -Դե՛հ, ասա՛, որդի՛, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսո՛վ կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստու՛ն հայր, Լույսո՛վ միայն: Շա՜տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց Լույսից անհրաժեշտ՝ ո՛չ մի բան չգտա: Լու՛յսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց Լույսի՝ Հողը Հաց չի՛ ծնի, առանց Լույսի՝ Հողի վրա Կյանք չէ՛ր լինի: Շա՜տ թափառեցի, շա՜տ աշխարհներ տեսա և գտա, որ Գիտության Լու՛յսն է ամենապիտանի բանը, և միայն Գիտության Լույսո՛վ կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քե՛զ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ Լույսո՛վ ու Գիտությա՛մբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց Հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ Լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:🔥
Մ. Սարյանի վրձնած՝ Ավետիք Իսահակյանի դիմանկարը (1940թ.) Կտավ, յուղաներկ, Հայաստանի Ազգային Պատկերասրահի մշտական ցուցադրությունից
Մարդկության հիմնական ու հնագույն արհեստներից է ոստայնանկությունը՝ ոստայն գործելը՝ ջուլհակությունը՝ թելերից կտորեղեն պատրաստելը, այլ խոսքով՝ կտավագործությունը, կտավամանությունը:
Ոստայնը՝ ջուլհակի բանվածքը, կտավեղենը, նաև՝ գործվածք ստանալու գործընթացը՝ իր նախապատրաստական փուլով, մշակման զանազան եղանակներով, վաղնջական ժամանակներից ի վեր, առանձնահատուկ կարևորություն ունեին:
Ոստայնանկելը՝ կտավ մանելը (գործելը)՝ ոստայնագործությունը բազմիցս հիշատակվում է տարբեր ժամանակների գրավոր աղբյուրներում, բանաստեղծություններում, հեքիաթներում, Ժողովրդական երգերում…
«Ջուլհակ մարդու տուր զիս. Թալէ մագուգ, պագնէ զիս»…
Մագուգը՝ մակույկը (մագոգը, մաքոքը)՝ ոստայնանկի մակուկաձև փոքրիկ սարածն է՝ սարքը, որի մեջ զետեղում են թելով մասուրան, և որը հենքի միջով աջ ու ձախ շրջեցնելով գործում են կտավը: «Մասուրան» բարակ եղեգի փողանման կտոր է, որի վրա փաթաթում են թելը և հագցնում մագոգի մեջ: Մասուրան անցկացնում են իլիկի վրա ու վրան թել փաթաթում…
Բնական՝ բուսական ու կենդանական մանրաթելերից ստացվող թելից կամ մանվածքից (կտավից՝ վուշից, նաև՝ մորթուց, բրդից…) մշակման եղանակով պատրաստվում էին զանազան հանդերձներ:
Կտավատի դաշտ
Ցողունային հարուստ մանրաթելերով կտավի (վուշի) ցողունն արմատով հավաքվում էր դաշտերից, մշակվում՝ թրջվում, փխրեցվում, ճմլվում, չորացվում, «ցողունը ծեծելով թել-թել սարքվում» (ի տարբերություն բրդի, բամբակի՝ վուշը փոքր-ինչ կոշտ է ու սառը)… Կտավատը՝ «կտաւահատը»՝ կտավի հատն է, ունդը, որից յուղ է քամվում…
Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից՝ շնորհակալությամբ
«Երբ խօսք կ՝ըլլայ Բալուի գիւղերուն մէջ հայերու հագուստ-կապուստին մասին, տեղական առած մը լաւագոյնս կը բացատրէ զայն. «մօր մանած, հօր գործած»։ Այլ խօսքով՝ գիւղացիին վրայի զգեստներն ու արդուզարդը ամբողջութեամբ տնայագործութիւններ են, շինականը ոտքէն գլուխ տունի գործեր կը հագուի»:
«Տնայագործութեան մաս կազմող ամէնէն կարեւոր աշխատանքներէն մէկը, անկասկած որ, ոստայնանկութիւնն է։ Գիւղական գրեթէ ամէն տուն իր հորը (տէզկեահ) ունի, որ կը ծառայէ հիւսուածքներ գործելու»։
Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից՝ շնորհակալությամբ
«Խարբերդի գիւղերուն մէջ այս արհեստը տնայնագործութիւն մըն է, այնպէս որ գրեթէ ամէն տուն իր հորը ունի։ Կարգ մը գիւղեր կը յատկանշուին վարպետ ոստայնանկներու արտադրած հիւսուածքներու գեղեցկութեամբ ու բարձր որակով»։
«Յուշամատեան»-ից մեջբերված վերոհիշյալ հատվածները, ինչպես և մեր գրողների ստեղծագործությունները, ժողովրդական երգերը, վկայում են մինչև 20-րդ դարը մարդկանց կենցաղում անչափ էական այս արհեստի դերը:
Վաղնջական ժամանակներից չափազանց կարևորվող ծիսական արարողությունների անբաժան մասնակիցն էր կտավը՝ մանածագործությունը («Պատմուճան կտաւի», շապիկ, գոտի, խույր, ձորձ, նույնիսկ՝ «Խորան կտաւեայ՝ ի ձև եկեղեցւոյ շրջեցուցանէին»՝ ինչպես այսօր էլ շարունակվում են հատուկ պատկերով պաստառի մի կտոր բռնած ծիսական երթերը)…
Վուշը՝ բեհեզը, «ազնիվ ու բարակ կտավը», նաև արքունական գավիթը կամ պաշտամունքարանն էր զարդարում («հանդերձս բեհեզեայ», «գահույք և անկողինք բեհեզեայ», «Քահանայք բեհեզազգեստ», «Բեհեզ և ծիրանի», «Խույր բեհեզեայ»,- վկայում են պատմիչները)…
Թելը, կծիկը կարևոր դեր ու խորհուրդ ուներ նաև Հին Աշխարհի դիցաբանական զանազան պատումներում: Այսօր տարբեր լեզուներում խոսակցության մեջ կիրառվող «Արիադնեի թել», «Արիադնեի կծիկ» արտահայտությունը՝ որպես «խնդրի լուծման ուղի», առնչվում է հունական դիցաբանության մի դրվագին՝ Աթենացիների կողմից Կրետե կղզու ցլագլուխ հսկային՝ Մինոտավրոսին ինը տարին մեկ 7 երիտասարդների ու 7 օրիորդների նվիրաբերման ավանդույթին վերջ դնելու նպատակով Լաբիրինթոս մտած Թեսևսի պատմությանը:
Նա հաջողեց սպանել Մինոտավրոսին ու Լաբիրինթոսից ելքը՝ վերադարձի ճանապարհը գտավ նրա մուտքի դռանն իր ամրացրած թելի հետագծով ուղղորդվելով՝ շնորհիվ Արիադնեի տված կծիկի…
Մարդու Կյանքն ու Ճակատագիրը նույնպես «Թելից էին կախված»… Համաձայն հունական դիցաբանության՝ երեք դիցուհիներից՝ «մոյրաներից» առաջինը մանում էր Կյանքի Թելը, երկրորդն ընտրում էր Կյանքի Ուղին՝ Հետագիծը, երրորդն՝ անողոքաբար ընդհատում այն: Մինչ օրս կիրառվում է «Կյանքի թելն ընդհատվեց» արտահայտությունը՝ մարդու վախճանի իմաստով («Ճակատագրի պտտվող անիվը»՝ նույնպես)…
Հայոց դիցաբանության մեջ «Ժամանակի Մանողն ու Հյուսողը, Առեղծվածների Ուսուցիչը», «Ճանապարհորդության վերջին իր մոտ կանչողը», «Բոլոր վերքերը բուժողը» Սանդարամետ Դիցուհին է: «Ես մանում եմ այն թելերը, որոնք իմ մանուկներին տուն են բերում՝ ինձ մոտ», «Օրն ավարտվելուց հետո իմ մանուկները կգտնեն իրենց օրհնված հանգիստն իմ գրկում», «Ես արգանդն եմ, որից ծնվում են բոլորը», — կարդում ենք «Արամագի» («Սարմագ») Մոգաց Միաբանության՝ 1770 թվականի ծիսական Մայր մատյանից մեջբերված դրվագում, որը հրապարակել է Քուրմ Յարութ Առաքելեանն իր էջում:
Նշված և թվարկվող այլ բնորոշումները լույս են սփռում պեղումներից հայտնաբերված բազմաթիվ իրերի իմաստի, պատկերագրության վրա:
Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջանների՝ քարեդարյան ու վաղբրոնզեդարյան գրեթե բոլոր բնակավայրերի ու դամբարանների պեղումներից (Շենգավիթ, Մոխրաբլուր, Լճաշեն, Ագարակ, Ծաղկահովիտ, Արևիկ, Գառնի, Շիրակի մարզում՝ Մեծ Սեպասար, Արթիկ և այլն, ն.թ.ա 3-րդ հազարամյակից սկսած՝ ն.թ.ա 29-26-րդ դարերից), հայտնաբերվել են մեծաթիվ իլիկներ՝ ոսկրից ու քարից պատրաստված՝ հատկապես՝ ծիսական նշանակության:
Խոշոր եղջերավոր անասունի ծնկոսկրից պատրաստված՝ տարբեր չափերի իլիկների՝ տափակ, մի կողմը փոքր-ինչ ուռուցիկ գլուխները մշակված են, հարթեցված, միջանցիկ անցքով:
Շենգավիթի հնավայրից 1936 թվականին հայտնաբերված Իլիկի գլխիկ (ն.թ.ա 4-րդ հազարամյակի վերջ — 3-րդ հազարամյակի սկիզբ) Պահպանվում է Հայաստանի Պատմության թանգարանում
«Մայր Հողի» գաղափարը մարմնավորող Դիցուհու՝ «Մեծ Մոր» խորհրդանիշի առկայությունը դամբարաններում նրա հովանավորության գրավականն էր (հնագույն շրջանից ի վեր Դիցի խորհրդանիշն է հաճախ կիրառվել՝ որպես նրա ներկայության փոխարինող: Իսկ «Մայր Հողի» «գիրկը գնալու» գաղափարը համանման է մինչ օրս Արևի ու Լուսնի համար կիրառվող՝ «հերթով «Մոր գիրկը» գնալուն ու այնտեղից կրկին ծագելուն»):
Իլիկը, որպես պահպանակ, չարխափան այլ իրերի՝ դաշույնի, սուսերի կամ սուր պողպատե այլ առարկաների հետ, երկունքի ժամանակ ևս դրվում էր ծննդկանի բարձի տակ (ինչպես նկարագրվում է Ստեփան Լիսիցյանի՝ Արցախահայությանը նվիրված ուսումնասիրության մեջ. Ստ. Լիսիցյան՝ «Լեռնային Ղարաբաղի Հայերը. (Ազգագրական ակնարկ)», Երևան, էջ 50, 1981թ.):
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ մալանչներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։ Ձեթ եմ ածել ականջներըդ, Նոր շինել եմ շրտըվիկ, Դե՜հ, շու՛տ շարժիր լայն թևերդ, Ոստեր շինիր սըրուլիկ։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Լիսեռնիկդ պտըտիր, Մանիր թելեր հաստ ու բարակ, Իլիկիդ վըրա փաթաթիր։ Ղ. Աղայան
Սևանի ավազանում, Լանջաղբյուր գյուղի մոտ եղել է Իլիկի վանք՝ Իլկավանք գյուղ, որը հիշատակում է Սիմեոն Երևանցին (18-րդ դար), ավելի վաղ շրջանից՝ 1415 թվականի մի Հայսմավուրք է պահպանվել՝ գրված Իլկավանքում (Իլկեվանից անապատ, Իլովանք, Պառավի վանք. բարձրադիր սարալանջի վրա հնագույն գմբեթավոր շինությունը նշված է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում»):
Հավելենք նաև, որ Հայ մշակույթի ականավոր գործիչ՝ Արշակ Ֆեթվաճյանի հեղինակությամբ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության՝ 1919 թվականին ստեղծված՝ թղթադրամների շարքում առանձնահատուկ է 250 ռուբլի արժողության դրամը, որի վրա Թել մանող Հայուհին է՝ իր մեծ խորհրդով…
Խորհրդանշական ձևով՝ որպես ոստայնանկության կատարելագույն դրսևորում էր դիտվում նաև սարդը՝ իր հյուսած սարդոստայնով, որի մասին՝ այլ առիթով…
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե, Ճախրակի ոտ փըշատ էր, Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե, Ճախրակ մանող շիմշատ էր:
(«Շիշմատ» նշանակում է՝ «Սլացիկ ու ճկուն»)
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե, Ճախրակի ոտ բարդի էր, Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե, Մանողի հոտ վարդի էր:
Մարդկության հնագույն հիշատակարաններն ու մշակութային վաղնջական դրսևորումները զանազան հավատալիքների հետքերն են կրում:
Տիեզերքի Արարման ու Կյանքի Ծագման հարցադրումներից ու նրանցից բխող պատասխանների որոնումներից փիլիսոփայական առաջին խորհրդածություններն են ծնվում:
Մեր Նախնիների աշխարհայացքը ձևավորվել է Տիեզերածին ուժերի՝ Բնության Տարերքների փառաբանմամբ ու պաշտամունքով, ուր գերագույն տեղն ուներ Հուրը՝ Շանթը, Պայծառ ու Լուսավոր Արեգակը, նաև՝ Մարդու կեցությունն ապահովող՝ բերք ու բարիք պարգևող Հողը, Հողը սնուցող Ջուրը, Մայր Բնությունն՝ իր տեսանելի ու աներևույթ ուժերով…
Հատուկ առանձնացված Սրբազան տարածքներից՝ պաշտամունքարաններից՝ մեհյաններից, տաճարներից բացի, ծեսերն իրականացվում էին նաև Բնության գրկում, բարձրադիր վայրերում, Աղբյուրերի, գետերի ափին կամ՝ անտառակներում (Մայրիների պուրակում)…
Մեհյանների, Բագինների, Հաշտից տեղերի, Սեղանների՝ Խորանների, նվիրաբերությունների, ձոների (ընծաների), զոհաբերությունների, պաշտամունքային արարողությունների՝ օրհնանք, աղոթք-մաղթանքների մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել պատմիչների երկերում:
«Եւ այսպէս մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագինս կանգնեալ՝ զոհս ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»,- գրում է Խորենացին՝ Հայոց Տիգրան Աշխարհակալ արքայի մասին: Աշխարհաբարով՝ «Եվ այսպես մեհյաններ շինելով և մեհյանների առաջ բագիններ կանգնեցնելով՝ բոլոր նախարարներին հրամայում է զոհեր մատուցանել և երկրպագություն անել» (Խորենացի, «Պատմություն», Բ գիրք, գլ. ԺԴ): Գերմարդկային Զորություններից (Տիեզերքը, Երկինքն իր Լուսատուներով) բացի, հնագույն դիցաբանությանն անքակտելիորեն կապված է Դյուցազներգությունը՝ Քաջ ու անվանի Նախնիների «աստվածացումը», Դիցերից սերված Դյուցազունների փառաբանումը:
Գեղասքանչ հրաշքներով Հավերժ Բնության ու այդ Բնության մի մասնիկի՝ Հայրենիքի սիրո Երգիչը՝ Ավետիք Իսահակյանը գրել է՝
«Հայաստանը ես միշտ և հանապազ կրել եմ իմ հոգում. ուր որ եղել եմ՝ Հայաստանը տարել եմ ինձ հետ: Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առաջ, բայց զգացել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը: Լսել եմ Նեապոլի ժողովրդական երգերը, բայց հուզվել եմ մեր ժողովրդի երգով» («Երկերի ժողովածու», հ. 4, էջ 169): Ու, մեր Նախնիների ոգով, բարձրաձայնել է իր Աղոթքը.
Իմ աղոթքը
Սիրտըս՝ ահա՛ — դատարկ անոթ, Լցրո՛ւ նրան, ո՛վ Բնություն, Քո Ուժերո՛վ, քո Զորությա՛մբ, Իմաստությա՛մբ ստեղծագործ:
Սրտիս խորքով հավատու՛մ եմ Քո գերասքանչ Հրաշքներին, Անհունությա՛ն, Հավերժությա՛ն, Իմաստությա՛ն քո անսահման, Ո՛վ Բնությո՛ւն Աստվածային:
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում՝ ն.թ.ա 2-1-ին հազարամյակներին վերագրվող հնավայրից մի դրվագ
«Պատահում է, որ մի երկրի պատմության մեջ նրա ներկայացուցիչները մերժում են հետաքրքրությունների (շահի, Կ.Ա.) և ուժի տրամաբանությունը՝ պատվի ու արդարության ուղին վերագտնելու համար:
Այդպիսիններից է Ժորեսը, երբ 1896 թվականի նոյեմբերի 3-ին ամբիոն է բարձրանում՝ «Հայաստանի իրադարձությունների շուրջ» խոսելու նպատակով»:
«Մենք հասել ենք այնպիսի ժամանակների, երբ մարդկությունն այլևս չի կարող ապրել իր նկուղում գտնվող խողխողված ժողովրդի դիակով» (Ժ. Ժորես, 1897թ., «Nous en sommes venus au temps où l’humanité ne peut plus vivre avec, dans sa cave, le cadavre d’un peuple assassiné»):
Այս նախադասությունն ամենևին չի կորցրել իր հրատապությունը»: Մեջբերումները՝ Վենսան Դյուկլեր «Ժան Ժորեսը և Հայերի պաշտպանությունը: 1896 թվականի նոյեմբերի 3-ի ճառի շրջադարձը», Vincent Duclert «Jean Jaurès et la défense des Arméniens: Le tournant du discours du 3 novembre 1896», տպագրված՝ «Cahiers Jaurès», 2015 թ., հ. 3 (217):
1896 թվականին Ֆրանսիայի Պատգամավորների Պալատի՝ նոյեմբերի 3-ին գումարված նիստում երիտասարդ մի պատգամավորի՝ 37-ամյա Ժան Ժորեսի հայտնի մեղադրական ճառը պատմական նշանակություն ունի (ելույթի տեքստը տպագրվել է 1896 թվականի նոյեմբերի 4-ի «Պաշտոնական թերթում»՝ «Journal officiel»-ում):
Մեկ ու կես ժամվա իր ելույթում նա դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Վանում, Տիգրանակերտում, Բաղեշում և կայսրության մյուս տարածքներում Հայ ազգաբնակչության դեմ գործած պետական ոճիրը՝ կանխամտածված ու մանրամասն ծրագրած համիդյան արյունալի ջարդերը, կիրառված ծայրահեղ վայրագությունները, նաև՝ ժխտողական քաղաքականությամբ՝ մեղքը Հայերի վրա բարդելու նրանց հանցավոր սկզբունքը:
Թուրքական կանոնավոր զորքի ու քրդական անկանոն հրոսակախմբերի դեմ ազատատենչ ու քաջազուն Հայորդիների խիզախ դիմադրության՝ 1894 թվականի Սասունի ապստամբության բարբարոսաբար ճնշումը համընդհանուր հասարակական բողոքի ալիք էր բարձրացրել որոշ երկրների առաջադեմ մտավորականության շրջանում:
Մեղադրելով «ոչ այնքան տեղեկացված կամ անտարբեր մնացած Եվրոպային՝ իր լռությամբ կատարվածին հանցակից լինելու մեջ», Ժան Ժորեսն իր գործունեությամբ, բազմաթիվ ելույթներով փորձում էր համախմբել առաջադեմ մտավորականությանը՝ ահազանգելով օսմանյան կայսրության կողմից իրականացվող ոճրագործությունները:
Անդրադառնալով Սասունի առաջին ջարդերի վերաբերյալ հետաքննության նպատակով էրզրում գործուղված եվրոպական հանձնաժողովի գործունեությանը, Ժ. Ժորեսն ընդգծում է նրա անարդյունավետությունը, հիշեցնելով, որ նշված հանձնաժողովի անդամների արձանագրություններում իսկ շեշտվում է, որ թուրքական կողմը մերժել է ու արգելել նրանց մուտքը կատարված հրեշավոր գործողությունների վայրեր՝ տեղում վկայություններ հավաքագրելու նպատակով…
Դեռևս 1896 թվականին, մեղադրելով Եվրոպային՝ իր դռան մոտ, իր աչքի առջև, իր հանցակից թողտվությամբ Հայկական կոտորածները, սպասվող արհավիրքները չկանխարգելելու մեջ, նա ընդգծում էր Հայերի կրած ողբերգության համամարդկային բնույթը:
Այդ հեղված արյան, մարդկանց իրավունքների խախտման դեմ իր ցասումն ուղղում էր նաև մյուս պետությունների՝ Անգլիայի, Ռուսաստանի դեմ: Շեշտելով, որ զոհերի՝ պաշտոնապես ներկայացված թիվը՝ 30.000, իրականում ընդամենը կոտորվածների մեկ երրորդն է (հայկական աղբյուրների տվյալներով՝ մոտ 200.000 է նշվում, Կ.Ա), Ժան Ժորեսը, մեղադրելով Ռուսաստանին՝ հիշեցնում է իշխան Լոբանովի պատասխանը՝
«Ես չեմ ուզում, որ Հայաստանը դառնա մի նոր Բուլղարիա, և որ Ռուսաստանահպատակ Հայերը մեզնից պահանջեն նույն հաստատությունները, որոնք Հայաստանին կտրամադրվեին թուրքական գերիշխանության ներքո»…
1903 թվականի փետրվարին, Փարիզում արտասանած ճառում, Ժորեսը քննադատել է 1894-96-ի համիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. նրա «լռելյայն ու պասիվ կարեկցանքը մեծ հանցագործություն» որակելով…
«Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից… Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և՛ մենք, և՛ Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի, դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը»…
Առաջին աշխարհամարտի նախօրեին, վերահաս պատերազմի աղետը կանխելու իր գործունեության օրերին, 1914 թվականի հուլիսի 31-ին Ժ.Ժորեսը սպանվում է Փարիզյան «Café du croissant» սրճարանում՝ երեկոյան ընթրիքի պահին…
19-րդ դարի վերջին քաղաքական պայքարում գաղափարների քարոզչության մեջ մեծ դեր ուներ մամուլը: Զանազան թերթերը, շաբաթաթերթերն ու պարբերականները գաղափարակիցների համախմբման յուրօրինակ հարթակ էին, նաև՝ միջազգային-քաղաքական կյանքը, ժամանակի խնդիրները բարձրաձայնելու, հասարակությանը ներկայացնելու միջոց…
Հայաստանի սահմաններից հեռու հրատարակվող բազմաթիվ պարբերականներից ու լրագրերից էր Փարիզում լույս տեսնող՝ «Pro Armenia» երկշաբաթաթերթը (1900-1914թթ.), որի խմբագրակազմում էին ժամանակի հայտնի մի խումբ քաղաքական գործիչներ՝ Ժան Ժորեսը, Անատոլ Ֆրանսը, Ժորժ Կլեմանսոն…
Դարավոր պայքարի ներկայիս փուլում գրեթե նույն իրավիճակն է: Առաջադեմ մարտիկները շարունակում են կերտել մի նոր Աշխարհ՝ առավել Արդար ու Պայծառ…
Մեր Ազգային պայքարն այս վճռորոշ օրերին յուրաքանչյուրիս Կյանքի՛ պայքարն է: Անմասն չմնա՛նք ու անձեռնմխելի՛ պահենք մեր Սրբազան Հայրենիքը…🇦🇲🇦🇲🇦🇲
«Արարատի ծեր կատարին Դա՛ր է եկել, վայրկյանի պես, Ու՝ անցել:
Անհուն թվով կայծակների Սու՛րն է բեկվել ադամանդին, Ու՝ անցել»…
«ԳՈՒԹԱՆ» ԿԱՄ՝ «ՄԸՇԱԿՆԵ՛ՐՆ ԵՆ ԻՄ ԳՅՈՒՂԻՍ, ԴԱՇՏԻ ՀԶՈՕ՛Ր ԶԱՎԱԿՆԵՐ»…
Մշակույթն Ազգի ոգին ու մտածողությունն է, Ազգին սնուցողն ու զորացնողը: Եվ, փոխադարձաբար, որքան հզոր է Ազգը, այնքան զորեղ է նրա կերտած մշակույթը:
Կոմիտասի հանճարով մոռացումից փրկվեց ու ջինջ աղբյուրի անաղարտությամբ մեզ վերադարձվեց Հայոց հինավուրց Երգը, որում Ազգի ոգին՝ միտքն ու հույզերն են արտացոլված:
Ուրույն նկարագրով ու առանձնահատուկ ոգեղենությամբ են հնչում հատկապես Հորովելները՝ Գութանի երգերը, որոնցով ուղեկցվում էին դաշտային աշխատանքները:
«Կ՚երգե՜ն տղաներ՝ խթանելով միշտ Կողը եզերուն»…(Դ. Վարուժան)
«Գյուղակներից մինչև հորիզոնները տարածված Հողի Մայրության» գովերգն ու փառաբանումն է նաև Դանիլ Վարուժանի «Հացին Երգը» շարքում.
…«Մըշակնե՛րն են իմ գիւղիս, դաշտի հըզօ՛ր զաւակներ, Քրտինքներով մարգարտեայ՝ բընութեան թա՛գն են հիւսեր: Կը բաբախէ սիրտն Հողին՝ իրենց բըրդոտ կուրծքին տակ, Ու իրենց լայն երակին մէջ կը յորդի Արեգակ»:
Աշխատասեր ու բանիմաց Մշակի յուրօրինակ գովքն է դեռևս ն.թ.ա 8-րդ դարում ապրած հույն պոետ Հեսիոդոսի՝ «Աշխատանք և օրեր» ստեղծագործության մեջ, ուր խրատական ոճով, կարևորվում են գյուղատնտեսական աշխատանքները, հողագործական գործիքների, անասունների խնամքը, հորդորվում են բարոյական բարձր հատկանիշները՝ արդարության, ճշմարտության, աշխատանքի գաղափարներով՝ մեծարելով Արդարության Դիցին՝ Թեմիսին և Բերքատվության Դիցին՝ Դեմետրին՝ որպես Մայր Բնության խորհրդանիշ:
Արծարծելով այն գաղափարը, համաձայն որի՝ «Հողի ընդերքում թաքնված բարիքներից մարդը կարող է օգտվել իր խելքի ու աշխատասիրության շնորհիվ», Հեսիոդոսը հիշեցնում է, որ հարկավոր է ստացված բարիքից բարեպաշտորեն նվիրաբերել ոչ միայն պետությանը, այլ նաև՝ Դիցերին, քանզի վերջիններիս նախախնամությամբ է բաշխվում ամենը:
Հողի Մշակն իր՝ Հոգու և Մտքի Մշակի տաղանդով էր արարում, աշխատանքը Հայերի համար նաև ծես էր, սրբազան արարողություն, որի պարգևած պտուղից նվիրաբերվում էր և Դիցերին՝ որպես երախտագիտություն՝ նրանց հովանավորության ու բարեսիրության համար («Երախայրիքը»):
Հողը հերկելու, վարելու գործիքը՝ Արորը, Գութանը, բնականաբար, կարևորագույն նշանակություն ու խորհուրդ ուներ հողագործությամբ իրենց ապրուստը հոգացող, առատ բերք ու բարիք ստեղծող մարդկանց կյանքում:
Սասունի Ախպի (Աղբի) գիւղին մէջ հողամշակութեան տեսարան մը (Աղբիւր՝ ՀՅԴ արխիւ, Ուոթըրթաուն, Մասաչուսէց)։ Լուսանկարը՝ «Յուշամատեան. Քարտէսներ/Պիթլիսի/Բաղեշի վիլայէթ/ Սասուն»-ից՝ շնորհակալությամբ: Ախպին Ծովասարից մոտ 8-10 կմ հեռավորության վրա է: 1915 թվականին բնակչության մեծ մասը ցեղասպանվեց, հազվագյուտ փրկվածներն ապաստանվեցին տարբեր երկրներում…
Ասվածի հավաստումն ենք գտնում վաղնջական ժամանակներից ի վեր հայտնի՝ նյութական ու հոգևոր մշակույթի էջերում՝ ժայռապատկերներից մինչև գրավոր տեքստերն ու պեղումներից հայտնաբերված զանազան գտածոները, մեր լեզվում պահպանված հարուստ արտահայտություններն ու բազմաթիվ բանաստեղծությունները, երկնքում՝ նրա անվամբ աստեղատունը՝ «Գութանի»՝ «Արորի»՝ «Սայլի»՝ «Սայլքի» («Մեծ Արջի», «Փոքր Արջի» համաստեղությունն այդպես էր կոչվում Հայոց մեջ, նաև՝ «Վեցկի»՝ Վեց լուծ եզներով վարող գութան):
«Սայլակերպ Աստեղք, որ և ասին՝ «Արջ Մեծ և Փոքր» («Նոր բառգիրք Հայկազեան լեզվի»): Հյուսիսային այս 7 աստղերը՝ հայտնի նաև «Երկրագործաց Սայլ և Նաւավարաց Բազմոյթ» անուններով, չափազանց կարևորվում էին նավագնացության ժամանակ՝ «Առաւել Սայլքդ զեկուցանեն ճանապարհս այնոցիկ՝ որ նաւու գնան»)…
Գութանի թեմայով՝ Ա. Իսահակյանից խորիմաստ մի պատմություն՝ մերօրյա թրթիռներով, ահավասիկ՝
«ՀՈՐՍ ԳՈՒԹԱՆԸ» (Մի Վասպուրականցու պատմած)
Խոսքն այն օրերի մասին է, երբ Սուլթան Համիդը զինեց ու բաց թողեց քրդերին, որ կողոպտեն ու սօանեն Հայ շինականին: Մեր գյուղի և հարևան Հայ գյուղերի լեռները լցվել էին այդ արյունարբու խմբերով: Մի բուռ Հայ անձնվեր կտրիճներ, ճակատ-ճակատի կռվում էին նրանց դեմ. քրդերը մեր քաջերի դիակների վրայով միայն պիտի կարողանային մոտենալ Հայ գյուղերին: Կռիվը օրեր տևեց: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո անընդատ լսում էինք հրացանների ճարճատյունը. ե՞րբ պիտի վերջանար այս կռիվը. ո՞վ գիտե: Քրդերի վրա ավելանում էին նոր խմբեր. թեև մեր կտրիճների թիվն էլ էր աճում, բայց, թշնամու հետ համեմատած, շա՜տ չնչին էր: Գյուղերում մնացել էին միայն ծերերը, պառավները և երեխաները: Երիտասարդ կիները, թեև չէին կռվում, բայց օր ու գիշեր՝ անքուն, ոտքի վրա՝ հաց էին տանում կռվողներին, վիրավորներին խնամում , զենքերը սրբում:
Խեղճ ծերունիները, եկեղեցու պատի տակ նստած՝ աղոթք էին մրմնջում, և գլուխները կախ՝ խորհում, խորհում, իսկ պառավները, ցամաքած աչքերը քամելով՝ տան հոգսը քաշում: Երեխաներս էլ՝ շա՜տ տխուր էինք, ասենք, լավ չէինք հասկանում, թե ի՞նչ է սպասում մեզ: Սակայն գյուղի խորին տխրությունը մեզ էլ էր համակել: Մենք, երդիկների վրա լուռ նստած՝ դիտում էինք կռիվը, և կամ՝ կռիվ էինք խաղում, բաժանվելով երկու խմբի՝ Հայ և քուրդ. Հայ խումբը միշտ հաղթող էր դուրս գալիս:
Ինձ մի բան միայն շատ զարմանք էր պատճառում: Եղբայրներս կռվի վայրում էին, մայրս ամբողջ օրը արցունք էր թափում, իսկ հայրս մեր հին գութանը հանել էր դուրս և մի անվերջանալի, միօրինակ երգ շրթունքից կախ՝ սուր ուրագով տաշում-տաշտշում էր գութանը, հին փայտերը հանում, նորը դնում, միայն երբեմն-երբեմն, երբ ավելի էր ուժեղանում հրացանների ճարճատյունը, գլուխը վեր էր բարձրացնում, ափը աչքերին հովանի արած՝ նայում էր լեռը, կռվի վայրերը, և ապա քրտինքը սրբելով և նույն երգը կցելով, շարունակում էր աշխատանքը:
Մի անգամ մայրս՝ սրտնեղած, ասաց հորս. -Ա՛յ մարդ, ի՜նչ քար սիրտ ունիս, տղերքդ լեռը՝ մահի բերան, ողջ գյուղը՝ սգի մեջ, ընկերներդ հավաքվել՝ գյուղի մասին են մտածում, — դու ելել՝ գութանն ես շինում ու դեռ սիրտ էլ ունես՝ երգում ես: Ու՞մ համար ես շինում, հարցնող լինի: Վաղը վայրենի քուրդը կուգա, քեզ էլ կսպանի, մեզ էլ, ու գութանը կտանի:
-Է՜հ, կնիկ, ի՞նչ ես ասում, մեզ կսպանեն, հո՛ գութանն էլ չե՞ն սպանի: Ես կշինեմ, հո չե՞մ քանդում. աշխարհը գութանի վրա է հիմնված. ողջ մնացինք՝ գութանը մեզ հարկավոր է ու հարկավոր, մեռանք՝ ով որ տանի՝ կարելի է արդար աշխատանքի սեր զարթնի մեջը, ինձ էլ ողորմիս տա. ի՞նչ իմանաս աշխարհիս բանը… Մայրս գլուխը շարժեց և հեռացավ: 1912 թ.
Գարնան ու Մայր Բնության Հավերժական Վերածննդի, Ծառ ու Ծաղկունքի փթթումի հետ կապված ուրախության ու զվարճանքի արտացոլումն է Ծաղկազարդի տոնը՝ երբ բնությունն արդեն իսկ կանաչապատ է ու ծաղկած: Կյանք ու կենդանություն պարգևող Մայր Բնության տոնին՝ նրա հովանավոր Անահիտ Դիցամոր , նաև՝ Աստղիկ դիցուհու տաճարների շուրջ շքեղ տոնախմբությամբ փառաբանվում ու մեծարվում էին Դիցերը, նրանց հովանավորության ու պարգևած կենսատու բարիքների համար նվիրաբերություններ էին կատարվում՝ զանազան արարողություններով ու ծեսերով:
Արմտիքից՝ հացահատիկի զանազան տեսակներից (ցորեն, գարի…) բացի, նվիրաբերվում էին նաև ծաղիկներ ու գեղեցիկ տերևներով՝ թավ ոստերով հյուսված պսակներ, ինչպես հիշատակվում է Ագաթանգեղոսի «Պատմության» էջերում՝ Տրդատ թագավորի՝ Գրիգորին տված հրամանի առիթով, որպեսզի վերջինս թավ ոստեր նվիրաբերի Անահտական բագնի պատկերին («…հրաման ետ թագաւորն Գրիգորի, զի պսակս եւ թաւ ոստս ծառոց նուէրս տարցի բագնին Անհատական պատկերին»):
Հին Աշխարհում Սրբավայրերում, նաև՝ որպես Հաղթության խորհրդանիշ՝ Հաղթանակողների գլուխը զարդարող պսակները (դափնեպսակը, ծաղկեպսակը…), զանազան տոների ժամանակ Ծառ ու Ծաղկի, տարբեր ծառերի ճյուղերի ու տերևների կիրառման սովորույթը գոյատևել է մինչև մեր օրերը:
«Խարբերդ քաղաքին մէջ մարդիկ ուռիի ճիւղերէն սուլիչներ կը շինեն եւ այդ կիրակին փողոցներն ու տուները սուլոցի եւ ուրախութեան աղմուկով կը լեցնեն։ Հաւատացեալները եկեղեցիէն տուն կը դառնան կանաչ տերեւներով : Դատեմ գիւղին մէջ, Ծաղկազարդի օրը, առտուայ ժամերէն իսկ, եկեղեցւոյ սեղանը զարդարուած կ՝ըլլայ այգիներէն ու պարտէզներէն բերուած նուշի, ծիրանի, բալի եւ սալորի ծաղկած ճիւղերով։ Իսկ այս ամէնը շրջապատուած կ՝ըլլան վառ մոմերով» (մեջբերումը՝ «Յուշամատեան. Քարտէսներ, Խարբերդի տօները»):
Ծաղկազարդի հրաշալի տոնին նաև Համբարձման ծեսն էր՝ Վիճակը՝ Վիճակահանությամբ գուշակությունները, որոնց քանիցս անդրադարձել ենք տարբեր առիթներով:
Արևմտյան Հայաստանի զանազան գավառների կյանքից հիանալի դրվագներ ներկայացնող «Յուշամատեան»-ից՝ ևս մի հատված՝ Զեյթունի տոների փոքրիկ նկարագրությամբ՝ ահավասիկ՝
«Բաղդըջրակ (Բախտի ջուր, Վիճակ, Համբարձում)
Չորեքշաբթի իրիկուն աղջիկները ձեռքերնին սափոր վերցնելով կ’այցելեն եօթ աբիւր եւ ջուր կը հաւաքեն: Հինգշաբթի առտու կ’երթան դաշտերէն փաթաթիա (երիցուկ) եւ այլ ծաղիկներ ու տերեւներ կը հաւաքեն եւ կը լեցնեն սափորի մէջ: Յետոյ դրացի կանայք եւ աղջիկներ մէկական առարկայ՝ մկրատ, դանակ, մատանի, եւ այլն… կը նետեն սափորին մէջ: Երբ վիճակ հանելու ժամանակը գայ, կանայք սափորի մօտ շրջան կը կազմեն. այն աղջնակը, որ կը նստի սափորին առջեւ, գլուխը կը ծածկեն թաշկինակով, որպէսզի առարկաները ջուրէն հանելու ժամանակ չտեսնէ ինչ կամ որու ըլլալը. առարկան հանելու միջոցին երգասաց բախտագուշակ կիներէն մէկը կ’երգէ կամ կ’արտասանէ քառեակ մը, որու շնորհիւ կը ճշդուի առարկայի տիրոջ բախտը:
Ահա վիճակի քանի մը քառեակ՝
Հայլի դըրի մարգերուն, Ցոլքը զարկաւ սարերուն, Ով կ’ուզէ ինչ թող խօսի, Գործըս դարձաւ ի բարի:
Քուրմ Հարութ Առաքելյանի ձևակերպմամբ՝ «Հայկեան Սրբազան տոմարի Նոր Տարվա՝ Ամանոր-Զատկի՝ Արեգ ամսվա Արեգ օրվանից (մարտի 21-ից) 54 օր անց՝ Ահեկան ամսվա Լուսնակ օրը (մայիսի 13-ին)՝ Հայոց մեջ տոնվում է տարվա առաջին սատար տոնը՝ Ծաղկազարդը՝ Անահիտ Դիցամոր հովանավորությամբ:
…Այս դժվարին ու բարդ օրերին՝ վաղեմի Հայկական տոները մեզ հիշեցնում են մեր Հայկականությունը, համախմբում Հայկազուններին և Արդարության, Արարման ու Միասնական Պայքարի կոչում»…🇦🇲🇦🇲🇦🇲
«Ո՞վ ես դու, Ճամփո՛րդ»,- իր հնչեցրած՝ խորհրդանշական այս հարցին Գևորգ Էմինը պատասխանում էր. «Ես նա՛ եմ, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում, իսկ կյանքը՝ տասնյակ տարիներով միայն… Նա՛, ով դարեր շարունակ տառապել է պատերազմներից ու նախճիրներից և նոր է միայն զգում խաղաղ կյանքի քաղցրությունն ու հմայքը։ Այն արդար ցորենի ա՛րտն եմ ես, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է գալիքի ցանքին և շռայլ բերք է տալիս… Խաղողի այն համա՛ռ ու տոկու՛ն որթն եմ ես, որի արմատները հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում-հասունանում վաղվա Արևի շողից… Ես՝ ինքը՝ Կյա՛նքն եմ, Հարատևումը, Անմահությունը… Ես նա՛ եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի… Ի՜նչ կարող էին ինձ անել իմ անհամար դահիճները, երբ նրանք ընդամենը… սպանել գիտեին, իսկ ես գիտեի ապրելո՛ւ և հարատևելո՛ւ աստվածային գաղտնիքը… Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ իմը՝ մուրճն ու գրիչը… իսկ ի՜նչ կարող է անել ամենից զորեղ տեգը՝ մուրճի առաջ, և ամենասուր յաթաղանը՝ գրչի դեմ… Իմ դահիճները,— որքան էլ բազմաթիվ,— հոգնո՜ւմ էին սպանելուց ու ավերելուց, իսկ իմ՝ կառուցելու և ստեղծելու տենչը զորանում էր օրեցօր ու ժամ առ ժամ…»։
«Նաիրի՛ Երկրից եմ ես գալիս, անսանձ գետերի ինքնիշխան երկրից, և Բիայնա՛ Երկրից, որտեղ բերդեր էի կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը»…(Գ. Էմինի՝ «Հավերժի ճամփորդը» ստեղծագործությունից մի հատված):
Հայկական Լեռնաշխարհն ու Հայաստանն՝ իր բացառիկ կարևոր նշանակության աշխարհագրական դիրքով ու բարձր քաղաքակրթությամբ՝ հիշատակվում են հազարամյակների ընթացքում, հնագույն շրջանից ի վեր, տարբեր ազգերի թագավորների թողած արձանագրություններում, աշխարհագրագետների ուսումնասիրություններում, ճամփորդների ուղեգրություններում…
Պատմաբանի ու արվեստաբանի՝ արվեստի պատմաբանի համար չափազանց արժեքավոր են այս սկզբնաղբյուրներն իրենց գրավոր նկարագրություններով, որոնք երբեմն ուղեկցվում են նաև տեղանքի, մշակութային զանազան հուշարձանների ու կոթողների գծանկարներով, գրաֆիկական պատկերներով, վերջին ժամանակներում նաև՝ լուսանկարներով:
Ժամանակաշրջանի ընդհանուր պատկերը համալրող այս հարուստ շտեմարանը մասնագետների հետազոտության հիմնական աղբյուրները հավելում է բնապատկերների, ճարտարապետության, տարազի, ազգագրության, բուսական աշխարհի, ավանդույթների շուրջ մանրակրկիտ տեղեկություններով… Հին Աշխարհի՝ Ասորեստանի թագավորների տարեգրությունների, հույն պատմիչների (Ստրաբոն, Հ. Փլավիոս, Դիոն Կասիոս…), միջնադարի՝ բյուզանդական ու արաբական աղբյուրների հիշատակությունների թարգմանությանն ու ուսումնասիրությանը նվիրված բազմահատոր աշխատություններ կան՝ Հայ գիտնականների ջանքերով տասնամյակների ընթացքում ամբարված:
Հույն պատմիչ, փիլիսոփա ու զորավար Քսենոփոնի (մոտ ն.թ.ա 430-355թթ.) «Կյուրոպեդիա»-ի և «Անաբասիս»-ի էջերում եզակի տեղեկություններ կան Հայաստանի՝ ն.թ.ա 6-4-րդ դարերի պատմությանը վերաբերող: 10.000 հույների մասնակցությամբ Կյուրոս Կրտսերի արշավանքի և Հայաստանի վրայով նահանջի նկարագրության առիթով՝ «Անաբասիս»-ում նա զարմանքով հիշատակել է Հայերի՝ գարու հատիկներով փրփրուն գինու տակառների մասին.
«Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե մեծ սափորների, Կ.Ա.) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր» ( Քսենոփոն, «Անաբասիս»):
Շ.Տեքսիե «Նկարագրություններ Հայաստանից, Պարսկաստանից և Միջագետքից», 1842, Փարիզ։
19-րդ դարում Հայաստանում շրջագայած ու իրենց ուղեգրությունները մանրամասն շարադրած օտարերկրյա ճանապարհորդներից են շվեյցարացի հնագետ, պատմաբան, բուսաբան Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերյոն (Frédéric Dubois de Montpereux), ֆրանսիացի ճարտարապետ ու հնագետ Շարլ Տեքսիեն (Charles Félix Marie Texier), իռլանդացի հայտնի տոհմի ներկայացուցիչներից՝ Հենրի Ֆինիս Բլոս Լինչը, որի ազգականների մեջ հիշատակվում են իր՝ մորական կողմից՝ Հայուհի տատը, մյուս Հայ ազգականները՝ իրենց տան մոտ բնակվող՝ տատի քույրը՝ Խաթունը, վերջինիս որդին՝ Ղազարը…
Երկու անգամ՝ 1893 թվականի օգոստոսից մինչև 1894 թվականի մարտ և 1858 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում իր ճամփորդության մանրակրկիտ, արժեքավոր նկարագրությունները՝ աշխարհագրության, ազգագրության, բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրական որոշ տվյալներ, լուսանկարներով ուղեկցված, հրատարակվեցին 2 հատորով, 1901 թվականին՝ Լոնդոնում՝ վերնագրված՝ 1.«Հայաստան. ճամփորդություններ և ուսումնասիրություններ. Ռուսական նահանգներ» (Armenia, travels and studies. Volume I: The Russian Provinces) և 2.«Հայաստան. ճամփորդություններ և ուսումնասիրություններ. Թուրքական նահանգներ» (Armenia, travels and studies. Volume II: The Turkish Provinces):
Խաչատուր Դադայանի՝ «Մանրալուրք հայ համայնքներից» հոդվածում կարդում ենք՝
«Հեղինակը խիստ ունևոր մարդ էր՝ «Լինչ» առևտրային բանկի սեփականատեր, Պարսկաստանի հարավային ճանապարհների նորակառույց երկաթուղու, Պարսից ծոցի, Տիգրիս ու Եփրատ գետերի նավագնացության արտոնատեր: Տեղեկանալով Լինչի մահվան մասին, Կ.Պոլսո Զավեն պատրարքը հայտնել է հետևյալը.
«Լինչի հայրը՝ անգլիացի, շոգենաւային ընկերութեան մը հիմնադիր, Պաղտատ եղած միջոցին ամուսնացած է տեղւոյն անգլիական հիւպատոս, հնդկաստանցի Հայազգի աղա Խաչիկի Օվսաննա անուն դստեր հետ: Հետևաբար, Լինչին մայրը հարազատ՝ Հայ մըն է: Աղա Խաչիկի զաւակն ալ Պաղտատի անգղիական հիւպատոս եղած է. հայր ու որդի թաղուած են Պաղտատի Ս. Երրորդութիւն եկեղեցիին բակը: Լինչի մայրը՝ տիկին Օվսաննա ամէն տարի նպաստ կը ղրկէ այդ եկեղեցիին, ի յիշատակ իր հօրն ու եղբօրը»:
Հայաստանի ու Հայերի մասին տեղեկություններ են թողել նաև ժամանակի օտարերկրյա պաշտոնյաները, որոնցից է 1915 թվականին Վանում գործող՝ վենեսուելացի զինվորական՝ Ռաֆայել դե Նոգալեսը: Նաիրա Պողոսյանն իր՝ «Ռաֆայել դե Նոգալեսի հուշերը իբրև պատմական սկզբնաղբյուր» ուշագրավ ուսումնասիրության մեջ, գրում է.
«Վենեսուելացի զինվորականը շեշտում է, որ Վանի նահանգապետ Ջևդեթ բեյի նպատակը մեկն էր՝ ստիպել հայերին հեռանալ և նրանց կոտորել ճանապարհին։ Ուստի մինչ հայերը դիմադրում էին, թուրքերը յուրաքանչյուր հարմար առիթ օգտագործում էին՝ նրանց սպանելու համար։ Վանի ինքնապաշտպանության յուրօրինակ քրոնիկոն կազմելով՝ Նոգալեսը օր առ օր ներկայացնում է իր իսկ խոսքերով «մարտական գործողությունները», որոնք իրականում պարզապես կոտորածի դեմ Հայերի անհավասար, բայց խիզախ պայքարն են։ Նոգալեսը նշում է. «Արամ փաշան իր հայերի հետ, որոնք, ըստ միսս. Քնափի և պարոն Ռուշմոնդիի տվյալների, շուրջ 30.000 են կազմում, զբաղեցնում էին գրեթե ամբողջ քաղաքը ամրոցի պատերից ներս ու Այգեստանում: Իսկ մենք պահում էինք ամրոցն ու արվարձանները՝ ամեն հաջող հարձակումից հետո ավելի ու ավելի սեղմելով շրջապատման երկաթե օղակը» (էջ 61)։
Նոգալեսն ընդգծում է, որ հայերը հնարամտորեն օգտագործել էին ձեռքի տակ եղած միջոցները` հնարավորինս ուժեղ պաշտպանության գիծ ստեղծելու համար, և ոչ մեծ քանակի զենքով կարողանում էին բավական վնաս հասցնել թուրքական բանակին։ Նոգալեսն այսպես է նկարագրում հայերի դիմադրությունը. «Ես հազվադեպ եմ տեսել, որ մարդիկ այնպես կատաղի կռվեն, ինչպես Վանի պաշարման ժամանակ: Դա անվերջանալի մարտ էր, որ երբեմն վերածվում էր ձեռնամարտի: Այստեղ ոչ ոք գթություն չէր խնդրում, և ոչ ոք ուրիշին չէր գթում: Ո՛չ քրիստոնյան և ո՛չ մուսուլմանը գերությունից չէին վերադառնում: …Այսպես վառված մազերով, վառոդից ու ծխից կեղտոտ դեմքերով, հրետանու արկերի պայթյուններից ու անդադար կրակոցներից կիսախլացած՝ մենք կարող էինք չլսված զոհերի գնով դանդաղ առաջանալ այս համառ քաղաքի կենտրոն, որտեղ հայերը շարունակում էին իրենց տների վառվող ավերակների վրա պաշտպանվել՝ մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի ու քրիստոնյա հավատքի հաղթանակի համար: Իսկ ես անիծում էի այն ժամը, որ չար ճակատագիրն ինձ դարձրեց իմ հավատակիցների դահիճ» (էջ 61)։ Դե Նոգալեսը հիանում է Հայերի համարձակությամբ ու անձնազոհությամբ՝ ապրիլի 24-ին նշելով. «Հայերը հուսահատաբար դիմադրում են, նրանց խիզախությունն ամենաբարձր գովեստի է արժանի: Յուրաքանչյուր տուն վերածվում է ամրոցի, որը պետք է առանձին գրավել: Հայերը վայրկենական հայտնվում էին այն շինության մոտ, որը ես ուզում էի գրավել: …Ես նույնիսկ սկսեցի կարծել, թե նրանք կարդում են իմ մտքերը» (էջ 67, 68)։
Միևնույն ժամանակ պարզ է, որ թուրքական ու քրդական ավազակախմբերի դեմ Հայերի դիմադրությունն ուշ թե շուտ դատապարտված է պարտության։ Մինչ հայերը պաշտպանվում են, թուրքերն օգտագործում են ցանկացած հնարավորություն անզեն կանանց ու երեխաներին, Վանի շրջակայքի գյուղերում դեռևս մնացող Հայերին կոտորելու համար։ Ապրիլի 25-ի գրառման մեջ Նոգալեսը նկարագրում է Լազիստան գումարտակի 300 ձիավոր քրդերի հարձակումը Շաբաղ գյուղի վրա և 400-500 Հայերի սպանությունը, իսկ ապրիլի 28-ի գրառումից տեղեկանում ենք, որ Ջևդեթի հրամանով այդ օրը Չերքեզ Ահմեդը հարձակվել է մոտակա հայկական գյուղերում դեռևս գտնվող կանանց ու երեխաների վրա: «Ավելորդ է ասել, թե ինչ արեց Ահմեդը նրանց հետ,– գրում է Նոգալեսը,– եթե նույնիսկ Ջևդեթն էր նրան մեղադրում դաժանության մեջ։ Նույնիսկ քրդերն էին ցնցված նրա գործողություններից» (էջ 71)։
Վանի ինքնապաշտպանության մասին գրառումներում անդրադարձ կա նաև պատմական հուշարձանների ոչնչացմանը։ Օրինակ, հեղինակը մանրամասն նկարագրում է Վանի Պողոս-Պետրոս եկեղեցու, Յեդի Քիլիսեի, ինչպես նաև քաղաքի գլխավոր մզկիթի ավիրումը։ Վենեսուելացին նշում է, որ երբ Ջևդեթ բեյի հրամանով Վանի Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը, որից Հայերը կրակ էին բացում, ավերվեց, ու Հայերն ամրացան մզկիթի մինարեթում, ինքը, գեներալ-նահանգապետի բողոքներին հակառակ, հրամայեց ոչնչացնել այն. «Պատերազմը պատերազմ է» (էջ 69)»։
Նույն օրերի իրադարձությունների մասին ականատեսի իր հուշերն է շարադրել նաև Վանի Այգեստան թաղամասում 1865 թվականին ծնված, հետագայում հայտնի գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը: «Կյանքիս հուշերը» վերնագրված գրքում «Վանի դյուցազնամարտի» և այլ դրվագների շուրջ՝ այլ առիթով…
…«Ո՞վ ես դու, Ճամփո՛րդ»… «Հավերժի Ճամփորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած՝ դեպի դարե՛րն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի»…
Հայն ու Հայաստանը՝ Գևորգ Էմինի՝ «Հավերժի Ճամփորդը»…🇦🇲🇦🇲🇦🇲
Հայկական Լեռնաշխարհի բնական սահմաններն ըստ Lynch-ի (1901թ.)
Հայրենիքը Նախնիների Հո՛ղն է ու նրան կառչա՛ծ, նրանով զորացո՛ղ Հայորդին:
Տնտեսական զանազան խնդիրների լուծման տարբեր եղանակներ կան, Հայրենիքը առևտրական ճանապարհներ կամ օտարազգիների զբոսավայր չէ:
Բախտորոշ իրավիճակում գտնվող այսօրվա Հայաստանում կրկի՛ն վճռականություն ու կամքի դրսևորում է հարկավոր՝ Ազգովի՛ հարթելու մեր առջև ծառացած խնդիրները…
Իր բազմահազարամյա պատմության ընթացքում Հայ ազգը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել:
Ահավասիկ 1919 թվականի հունվարին Հ. Քաջազնունու՝ իր կնոջը գրած նամակից որոշ դրվագներ, որոնք պատկերացում են տալիս Հայոց նորաստեղծ պետության ու նրա նվիրյալների՝ այդ օրերի վիճակի մասին:
«Լինում են ժամեր, երբ հուսահատությունը կլանում է ինձ ամբողջովին: Լինում են ժամեր, երբ ուզում եմ բղավել՝ այլևս չեմ կարող… բայց՝ իսկույն սթափվում եմ»:
«Չգիտեմ, արդյոք երբևիցե, որևէ ժողովուրդ եղե՞լ է այն օրհասական, այն անելանելի կացության մեջ, որ ապրում է այսօր Հայ ժողովուրդը, տեղեկություն չունեմ, թե ի՞նչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեյջանում, բայց մեր հանրապետության սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է»…
«Այդ է մեր կացությունը: Միայն Հայի անսահման տոկունությու՛նն է, որ կարող է դեռևս դիմանալ»:
«Մեծ սիմվոլը արդեն իրականացել է, դարավոր անեծքը վերացել, մնացածը կգա իր կարգին: Երկու-երեք ամիս առաջ հաղթանակող Տաճկաստանը չոքել էր մեր կրծքին ու խեղդում էր: Մեր երկրի մեծ մասը տաճկի ոտի տակն էր: Ամբողջ Ախալքալակը, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի ու Երևանի գավառների մի մասը, ամբողջ Սուրմալուն, Ղարսը, Կաղզվանը, Կողբը թուրքական էին: Թուրքը նստած էր Լոռի, Ջալալօղլի և Ղարաքիլիսա, ծածանվում էր տաճկական նզովյալ դրոշակը: Երեւանից 6 -7 վերստ հեռավորության վրա կանգնած էր տաճկական բանակը իր թնդանոթներով:
Ո՞ւր է այժմ տաճիկը: Չքացա՛վ, ինչպես չքանում է ջուրը՝ անապատի ավազների մեջ: Արագությամբ եկան ու հեղեղեցին մեր երկիրը, այսօր ավելի մեծ արագությամբ քաշվում են իրենց բնական սահմանները»…
Վերջին ամիսներին Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ օրերս իր գնահատականն է հնչեցրել Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր՝ փիլիսոփայության դասախոս, էսսեիստ՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամին (François-Xavier Bellamy): Նրա հարցազրույցը՝ հայերենով (իմ մոտավոր թարգմանությամբ)՝ ստորև՝
«Նախ և առաջ կարծում եմ, որ դա պատերազմ չէր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ՝ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից զինված հարձակում՝ ագրեսիա Հայաստանի դեմ:
Ուստի և՝ այդ հարձակումը տարածքների վերանվաճման նպատակով չէր, այլ՝ ազգային զտում էր հետապնդում, և, մանրամասն փաստված՝ Հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացումն Արցախում ակներև է դարձնում այդ նպատակը՝ տվյալ տարածքում հայկական ներկայության հերքումը: Ոչ թե նոր տարածքներն իրենց բնակչությամբ վերանվաճելու ցանկությունն է, այլ՝ այդտեղից բնակչության դուրս մղումը:
Եվ, ի միջի այլոց, Բաքվում Ալիևի ծրագրած հրեշավոր ցուցադրությունը պարզորոշ է դարձնում, թե ի՛նչ աստիճանի է նա բորբոքում ատելությունը Հայ ժողովրդի հանդեպ:
Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, մենք հավաստում ենք, որ ոչ միայն հարկ է հիշատակել պատմության այդ ողբերգական դրվագը, այլ, որ՝ անհրաժե՛շտ է այդ ցեղասպանության ճանաչումը, որպեսզի հաղթահարվի այդ ատելությունը, ներառյալ Ադրբեջանի ու Թուրքիայի ողջ բնակչության մեջ եղած այդ ատելությունը դուրս մղվի, որպեսզի ըմբռնեն, թե ի՛նչ հրեշավորություն է կատարվել մեկ դար առաջ, որպեսզի այդ տրամաբանությունն արմատախիլ արվի՝ կասեցվի, այլևս նման բնույթի ոճիր չիրագործվելու նպատակով:
Այսօր չափազանց հրատապ է Ադրբեջանի կողմից պահվող՝ տասնյակ, գուցե հարյուրավոր Հայ գերիների հարցը, հակառակ միջազգային բոլոր օրենքներին ու պայմանագրերին, հակառակ Ադրբեջանի ընդունած պարտավորությանը՝ բոլոր գերիների ազատագրման վերաբերյալ, մինչդեռ Հայաստանն ազատել է իր մոտ գտնվող բոլոր գերիներին:
Եվրոպան պետք է միահամուռ բարձրաձայնի -դատապարտի այս աղետալի իրավիճակը: Մտքով ու հոգով՝ իրենց հարազատներին, զավակներին սպասող ընտանիքների հետ եմ, նրանց առաջ՝ իրավունք չունենք լռելու այս՝ դեռևս անպատիժ մնացած հանցանքի վերաբերյալ:
Այն իսկական պատերազմական ոճիր է՝ անպատիժ մնացած: Ժամանակն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ առավելագույն ճնշման կիրառմամբ գերիների ազատագրման հարցն, ի վերջո, լուծվի»:
Բույսերի ուժն ու զորությունը հայտնի է դեռևս վաղնջական ժամանակների դիցաբանական առաջին պատումներից: Բուժիչ, կազդուրիչ հատկություններից բացի, բույսերին վերագրվում էր իղձերն իրականացնող, սեր ու հարստություն պարգևող դեր: Բույսերը նվիրաբերվում էին Դիցերին, կիրառվում ծիսական արարողությունների ժամանակ, զանազան տոներին…
Հունական դիցաբանության մեջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ում, «Ոսկեմական» Հերմեսը Ոդիսևսին է հանձնում «Մոլոշ» (Մոլու) կոչվող դեղաբույսը՝ «Կյանքի բույսը»՝ բացատրելով նրա հատկությունը, Կիրկեի կախարդանքից նրան զերծ պահելու նպատակով («Բազմաբուժ»՝ բազմաթիվ բուժիչ ու թունավոր դեղաբույսեր ունեցող կախարդուհի Կիրկեն՝ խնջույքի հրավիրելով, թունավոր ըմպելիք խմեցնելով խոզերի էր վերածել Ոդիսևսի զինակից-ընկերներին, և, նույն ճակատագրից խուսափելու նպատակով, Հերմեսը Ոդիսևսին տալիս է «հակաթույնը»՝ «Մոլոշ» («Մոլի») կոչվող ծաղիկը, որն, ըստ ժամանակակից ուսումնասիրողների, նույնացվում է ճերմակ ձնծաղիկի հետ («մոլոշ»-ը նաև «փիփերթի» անվանումներից է Հայերենում). նկատենք, որ հետագայում «կերպարանափոխության» համանման մի պատմություն է հյուսվում Տրդատի՝ «խոզագլուխ դառնալու առիթով»):
«Երբ ես անցա սուրբ հովիտը ու դժվարին ճանապարհով Հասնում էի արդեն ես այն ապարանքին կախարդուհի վեհ Կիրկեի, Անդ իմ առաջ հանկարծակի կանգնեց Հերմեսն ոսկեմական՝ Նմանվելով մի նորատի, երիտասարդ, առույգ մարդու՝ Մորուքը դեռ նոր-աղվամազ, կերպարանքը՝ հույժ հաճելի։
Եվ նա իսկույն ձեռքս բռնեց, անվամբ կոչեց և այս ասաց. «Ո՞ւր ես այդպես, դժբախտ, մենակ լեռների մեջ դու թափառում, Երբ անծանոթ ես այս վայրին։ Մինչդեռ ահա, ընկերներդ Կիրկեի մոտ Նեղվում են անդ խոզանոցում, որպես խոզեր ու փակված են շենքում ամուր։ Միգուցե դու եկար այստեղ, որ ազատե՞ս նրանց հիմա. Կարծեմ, և դո՛ւ ետ չես դաոնա, այլ նրանց պես ու նրանց հետ անդ կմնաս։ Բայց ե՛կ, ես քեզ կօգնեմ սրտանց և կփրկեմ այդ փորձանքից։
Վերցրո՛ւ, ահա՛, և ունեցի՛ր քեզ հետ դեղն այս, իբրև միջոց գերահրաշ, Եվ Կիրկեի տունը գնա. դա քո գլխից կվանի ժանտ մահ ու օրհաս։ Լսի՛ր, պատմեմ քեզ Կիրկեի միտումները նենգապատիր.
Կպատրաստի նա քեզ խմիչք և կխառնի ըմպելիքին նա դեղաբույս, Բայց չի կարող նույնիսկ այդպես կախարդել քեզ. թույլ չի տա այդ գերազոր դեղն, որ տալիս եմ: Արդ, պատմեմ քեզ ես ամեն բան»…
«Այդպես ասաց Արգոսասպանն և ինձ հանձնեց դեղաբույսը, Որը գետնից քաղեց իսկույն, ապա մեկնեց նա ինձ դրա հատկությունը։ Ծաղիկ էր դա, արմատը սև, ինքն սպիտակ, կաթի նման, Աստվածները անվանում են դրան Մոլոշ։ Մահկանացու մարդկանց համար Վտանգավոր է քաղել դա, մինչ ամեն ինչ մատչելի է աստվածներին»։ (Հատվածներ՝ «Ոդիսական»-ից):
Հին Աշխարհի Քրմերի փորձով ու գիտությամբ ձևավորված և հազարամյակներ ի վեր սերնդեսերունդ փոխանցված հնագույն գիտելիքներից որոշ փշրանքներ՝ տարբեր բույսերից, ծաղիկներից, նրանց տերևներից ու արմատներից զանազան թուրմեր, սպեղանիներ պատրաստելու բնագավառից, միջնադարյան բժշկության ձեռագիր մատյանների շնորհիվ հասել են մեր օրերը:
Բուսաբանի, երկրաբանի (հանքային նյութերի), կենդանաբանի, քիմիկոսի բազմազան գիտելիքների տիրապետման շնորհիվ՝ Քրմերի ստացած խառնուրդները, եթերային յուղերը, թուրմերն ու խեժերը, կենդանաբանական ակտիվ նյութերի առկայությամբ բարերար ազդեցություն էին գործում՝ բարելավելով մարդկանց առողջությունն ու կյանքը…
Հին ձեռագրերի տարբեր հավաքածուներում՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության Մատենադարանում, Երևանի Մատենադարանում պահվող հնագույն մատյանների շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն միջնադարյան բժշկությանն ու դեղագործությանը վերաբերող ձեռագրերը, որոնցից է և Ամիրդովլաթ Ամասիացու՝ 1482 թվականին Կոնստանդնուպոլսում գրված՝ «Անգիտաց՝ անպէտը» («Անգետների համար՝ ոչ պիտանի»):
«Անգիտաց՝ անպէտի» էջերից
«Քերական չգիտցողների համար» մատչելի լինելու նպատակով ժամանակի խոսակցական հայերենով շարադրած իր՝ «Անգիտաց անպէտ կամ բառարան բժշկական նիւթոց» ուսումնասիրության սկզբում Ա.Ամասիացին կարևորում է բժշկի մասնագիտությունն ընտրողի մասնագիտական ու բարոյական հատկությունները…
Ներածության մեջ հիշեցնում է Արարչի ստեղծածի երեք տեսակները՝ «կա՛մ կերակուր է, կա՛մ դեղ է, որ մարմնին օգտակար է և կամ՝ վնասակար, որ մարդու «բնությունը կփոխէ և կսպանէ» (գարեջուրը «մարդու բնությունը» փոխելով՝ «այլ բնություն» է դարձնում, ուստի, միաժամանակ, «դեղ և կերակուր ասեն»):
Գրքում տրված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի գրեթե բոլոր բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող՝ 3754 անուն դեղանյութերի նկարագիրը, նրանց տարբեր զուգորդումների, բուժման միջոցների պատրաստման եղանակներն ու օգտագործման ձևերը, նաև՝ հանքային ջրերով բուժման, նույնիսկ՝ տեղային անզգայնացման հարցերը։
«Գիտությունը Լույս է, անգիտությունը՝ խավար, և ո՛վ որ ուսումն ունի՝ Լույսն ունի, և բժշկության արհեստը գիտության մի մասն է» (…«ո՛վ որ զուսումն ունի, զլոյսն ունի. եւ այս բժշկութեան արհեստ ի գիտնականութենէն եւ յուսմանէն մաս մըն է. եւ հանապազ զմարդոյն կենդանութիւնն առողջ կուզէ)»,- բոլոր մարդկանց քաջառողջության նպատակով կիրառվող իր գիտությունն այսպես է ներկայացնում Ամիրդովլաթ Ամասիացին:
Միջնադարում Հայ բժշկագիտության հիմքում հնագույն շրջանի հանրահայտ չորս տարրերի (հող, ջուր, կրակ, օդ) և դրանց համապատասխանող չորս հիմնական հեղուկների (արյուն, լորձ, դեղին ու սև մաղձ) անտիկ տեսությունն էր, որը հիշատակում է 5-րդ դարում Եզնիկ Կողբացին՝ իր «Եղծ աղանդոց» երկում։ Հիշյալ ուսմունքի համաձայն՝ «Բոլոր արարածների հիմքը և «սերմը» չորս տարրերն են, ամեն ինչ սրանց խառնուրդից է գոյանում’ «ուժովն և գործովն և զօրութեամբ»: Եվ այս չորս տարրերը’ ունենալով որակական հակառակ հատկանիշներ, խառնվելով միմյանց, ներդաշնակություն են ստեղծում թե՜ բնության և թե՜ մարդու մարմնում»: Այդ հարաբերակցության խախտումից են առաջանում հիվանդությունները…
Կազդուրիչ, պաշտպանող, հանդարտություն, հաջողություն ու կարողություն պարգևող, հետագայում նաև ոմանց կողմից չար նպատակներով կիրառվող բույսերն իրենց զարմանահրաշ ու մոգական հատկություններով՝ կարևոր դեր ունեն մարդկության պատմության բոլոր ժամանակներում…
Այսօր էլ Հայկական խոհանոցի անբաժան համեմունքները, ինչպես օրինակ, Դաղձը, Արքայիկը՝ Ռեհանը, չափազանց գնահատված էին հոգևոր ոլորտում՝ իրենց բազմաթիվ հրաշագործ հատկությունների շնորհիվ (երջանկություն, սեր ու առողջություն պարգևող)…
«Առ վարդ՝ Գ(3) դրամ և մատուտակ՝ Ե(5) դրամ, ծոր՝ Ա (1) դրամ, ըռևանդ և մազտաքէ… աղա և մաղէ»… Այսպիսի բաղադրիչներով բազմաթիվ բուժանյութերի կազմություններն են թվարկված միջնադարյան շատ ձեռագրերում (մեջբերվածն Ամիրդովլաթ Ամասիացու՝ «Ուսումն բժշկութեան» գրքից է՝ մի դեղատոմսի մի փոքրիկ հատված. «դրամը»՝ փողի իմաստից բացի, ծավալի կշռաչափ է նաև):
Բուժիչ դեղամիջոցներից բացի, բույսերը նաև պատահական կամ մտացածին թունավորման պատճառ կարող են լինել: Նման նպատակով՝ դիտավորյալ կիրառման օրինակներից է 16-րդ դարի անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Շեքսպիրի «Համլետը», ուր Համլետի հորը թունավորել էին «բանգի» կոչվող բույսից քամած հեղուկը՝ քամուքը, քնած ժամանակ նրա ականջը լցնելով:
«Արդ լսի՛ր, Համլե՛տ, լուր են տարածել, թե պարտեզիս մեջ քնած միջոցիս օձ է ինձ խայթել։ Ամբողջ Դանիայի ականջն այս կերպով մահվանս ձևի շինծու պատմությամբ մոլորեցված է։ Բայց դու իմացի՛ր, ազնի՛վ պատանի, ինձ խայթող օձը նա՛ է, որ հիմա իմ թագն է կրում»:
«Բայց կա՛ց, զգում եմ վաղորդյան սյուքը. Կարճ պետք է խոսեմ։ Այնինչ պարտեզում կեսօրից հետո, Ըստ ամենօրյա իմ սովորության քնած էի ես Ապահով ժամիս՝ հորեղբայրդ գալիս, մոտենում է ինձ՝ Անիծյալ բանգի քամուքը լցրած մի սրվակի մեջ, Եվ բորոտաբեր հյութը թափում է իմ ականջներում. Եվ այն աստիճան թշնամի է դա մարդու արյան հետ, Որ այնպես արագ, ինչպես սնդիկը, Վազում է մարմնի բնական անցքերով ու բավիղներով, Եվ րոպեական իր ներգործությամբ թանձրացնում է Մարդկային առողջ և նոսր արյունը: Նույնը պատահեց և իմ արյան հետ: Եվ հանկարծահաս մի բորոտություն թափ տվեց դրսից. Եվ գարշ ու զազիր կեղևով պատեց ողորկ մարմինս՝ Ղազարոսի պես։ Այսպես քնի մեջ մի եղբոր ձեռքով զրկվեցի կյանքից, թագից, թագուհուց»… (Շեքսպիր, «Համլետ», Տեսարան հինգերորդ, Ուրվականը և Համլետը):