Month: Հունվարի 2021

  • «ԹՈՂ ՍԱՍՈՒՆՆ ԻՐ ՊԱ՛ՐԸ ՊԱՐԻ»…

    «ԹՈՂ ՍԱՍՈՒՆՆ ԻՐ ՊԱ՛ՐԸ ՊԱՐԻ»…

    «ԹՈՂ ՍԱՍՈՒՆՆ ԻՐ ՊԱ՛ՐԸ ՊԱՐԻ»…

    …«Թող Սասունն իր պարը պարի,
    Իսկ դու դեռ մի՛ ծափահարի.
    Այլ հասկացի՛ր, թե այս պարով՝
    Մերթ՝ Անդոկից գրոհ տալով,
    Մերթ՝ գաղթելով սար ու քարով,
    Մեկ խնդալով ու տաս լալով,
    Սասունը քեզ ի՛նչ է ասում…

    Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
    Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն»…

    Հնագույն ծեսերում իրենց կարևոր տեղն ու դերն ունեին երաժշտությունն ու պարը, որոնք համարվում էին Տիեզերքի, Դիցերի հետ հաղորդակցության միջոց:

    Քարանձավների ու զանազան շինությունների պատերին պահպանված՝ հազարամյակների վաղեմություն ունեցող որմնանկարներն ասվածի հավաստումներից են (մոգական նպատակով, ինչպես օրինակ՝ որսից առաջ, որպես հաջողության գրավական, նախօրոք որսվող գազանի պատկերն էին «խոցում»):

    Մոգա-հմայական նպատակներով ծիսական պարեր էին պարում տաճարներում՝ հատուկ արարողությունների ընթացքում, նաև՝ հարսանեկան, թաղման և այլ ծեսերի ժամանակ (Եգիպտոսում Հաթոր Դիցուհին բնորոշվում էր որպես «Պարի Տիրուհի»)…
    Հիշենք, որ Մարդու մարմինը «գործիք» էր Հոգու համար:

    Երկրայինի և Երկնայինի միջև եղած կապի միջոց էր Ձայնը՝ հնչյունը, երաժշտությունը, նաև՝ շարժումը՝ Պարը (չմոռանանք, որ «Եօթնագրեանքը» Յոթ ձայնավորների արվեստն էր, որոնցով բացվում են Արարչության խորհուրդները, Մարդու կազմության և նրա Հոգևոր փուլերի Դռները):

    Կոմիտասի բնորոշմամբ՝ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

    Հայկազունների՝ մարտից առաջ ոգևորիչ ռազմական պարերը, փառաբանող ու գովերգող ցնծալի ռիթմերը՝ հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ փոխանցվելով, մեզ են հասել՝ հնարավորինս անխաթար պահպանելով վաղնջական ժամանակների ծիսական երանգները:

    Մեր Նախնիների բազմաբնույթ ծեսերն ու տոնակատարությունները (Նավասարդ, Ջրօրհնեք, Բարեկենդան, հարսանիք, Նախնիների հիշատակի տոն…), ուղեկցվել են պարերով՝ յուրաքանչյուրն իր խորհրդին բնորոշ կատարողականությամբ (և՝ կանոնների խստագույն պահպանմամբ), հաճախ՝ կլոր ու փակ շրջանով, ինչպես Խաղողօրհնեքի տոնին Մայրության, Պտղաբերության, Արգասավորության հետ առնչվող՝ Դիցամայր Անահիտի փառաբանմանը նվիրված պարը, որը, քրիստոնեության ազդեցությամբ, մեզ է հասել «Աստվածածնի պար» անունով, սակայն ոչ մի աղերս չունի այդ բառի ներկայիս կրոնական ըմբռնման հետ):

    Ուխտագնացությունների, բազմամարդ տոնախմբությունների, խնջույքների ժամանակ Հայոց Ձորի, Շատախի, Պարսկահայաստանի Հայ կտրիճներն «Իշխանաց պար» էին բռնում՝ մեհենական պարերի շարքի խրոխտ ռազմապարերով ոգեշնչում ներկաներին՝ փառաբանելով Նախնիներին…

    «Պար» բառը նաև «Աստղերի հույլքի»՝ աստղերի բույլի (խմբի) շրջաբերության (շրջանի) իմաստով է կիրառվել՝ ինչպես հիշեցնում է Հայկազեան բառարանը՝ «Ծանոթ էին Մոգքն ամենայն պարուց աստեղանց» (Մոգերը ծանոթ էին բոլոր աստղերի շրջանին (շարժմանը)՝ աստեղաց պարին):
    «Պար արկանել»՝ նշանակում է շրջապատել:
    «Պար առնել»՝ պարել, նաև՝ «շուրջ փակել ի մէջ յուր»:

    Ծիսական պարերի հարատևման հետ շարունակվեց նաև որոշ մոգական նվագարանների գործածումը՝ նույնիսկ քրիստոնեության տարածումից հետո:

    Ձայնի միջոցով չարը վանելու մոգության դրսևորումներից էր տարբեր չափերի ծնծղաների կիրառումը (ծնծղայի ձայնին վերագրվում էր խավարը ցրելու հատկություն)…

    «Ծնծղայք կգործածվեին ի տաճարին և հասարակաց զվարճությանց մեջ…, ինչպես սովորություն է զարդիս առ Հայս» (Հ.Պիկիչյանի՝ «Ծնծղա. նվագարան և մոգական գործիք» ուսումնասիրությունից):

    Տոնական ու ծիսական պարերի ժամանակ մատների փոքր չափերի ծնծղաները շեշտել են ընդհանուր երաժշտական հնչողությունը՝ միաժամանակ ունենալով չարխափան նշանակություն: Հետագայում եկեղեցում այն կիրառվեց որպես ցնծության նշանակ և ժողովրդի կողմից եկեղեցուն մատուցված ամենահարգի ու ամենից արժեքավոր նվերներից էր…

    Ինչպես որոշ ծիսական պարերում Շրջանը, շարժումներն իրենց խորիմաստ նշանակությունն ունեին՝ իրենց խորհրդով, այնպես էլ պարերն ուղեկցող նվագարանների զարդամոտիվներն էին կարևորվում, իմաստավորվում:

    «Ծնծղաների զարդանախշերի (խաչեր, ոճավորված բուսանախշեր, թեք գծանախշեր, շրջագծեր) ժողովրդական մեկնաբանությունները ևս նվագարանը կապում են չար ու բարի ուժերի պայքարի, կյանքի փակ շղթայի շրջանի, կյանքի հարատևության, անձրևի ու կայծակի գաղափարների
    հետ:
    Օրինակ, ծնծղաների ամենատարածված զարդանախշը՝ շրջանաձև եզրագոտին, համարվում է մոգական շրջան, որն անձեռնմխելի է ու անհասանելի չար ուժերին և միայն կոտրված կամ ճաքած ծնծղան կարող է կորցնել մոգական ուժն ու վնասվել չարից։

    Ճաքած ու կոտրված ծնծղաները համարվում են չարի դեմ պայքարում վնասված, հավատում էին, որ ծնծղան իր վրա է վերցրել վտանգը և տիրոջը՝ եկեղեցուն, տունը կամ մարդուն զերծ պահել կամ փրկել չարից:
    Այսպիսի ծնծղաներին արժանի պատիվ էին տալիս, սրբացնում ու պահում Էին մասունքների շարքում» (մեջբերումը՝ Հ. Պիկիչյանի՝ նշված ուսումնասիրությունից):

    Հայոց հնագույն ծիսական պարերի, մասնավորապես՝ նրանց գլխավոր 20 տարատեսակների ծագումնաբանությունն ու շարժումների արտահայտչական խորհրդի մեկնությանը վերաբերող կոթողային ուսումնասիրություն է հրապարակել վաստակաշատ ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանը (1893-1979)՝ հիմնելով Հայ պարագիտության ավանդույթը…

    Գևորգ Էմինի «Սասունցիների Պար»-ից մեջբերված նախաբանի շնչով, որպես վերջաբան՝

    «Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
    Որ երբ նազո՜ւմ են աղջիկներն ու կռանում՝
    Սասնա ձորից ջո՜ւր են բերում, ա՛րտ քաղհանում.
    Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
    Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
    Երբ խռնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
    Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
    Երբ միանում՝ բե՛րդ են դառնում շինված քարից՝
    Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
    Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
    Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս…

    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
    Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
    Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
    Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
    Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
    Որ այս ջանքո՛վ
    Ու այս կամքո՛վ
    Պարե՜լ գիտի…
    Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
    -Հալա՜լ է քեզ,
    Սասո՛ւն, պարի՜…

    Պարի՜,
    Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
    Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
    Պարի՜,
    Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
    Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

    Պարի՜,
    Մինչև ո՜ղջ Հայերին դու ամբարե՛ս,
    Եվ այս պարը
    Մասիս լեռան լանջի՜ն պարես»…

    Մի իմաստուն ասույթի համաձայն՝ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան՝ հարյուր անգամ լսել»…😊
    Ահավասիկ մեր Նախնյաց մեհենական՝ տաճարային և ծիսական պարերի՝ մերօրյա որոշ հիանալի կատարումներ…

    Դիցամոր պար (Աստվածածնապար)
    Դաշույնով ծիսական պար
    Քոչարի
  • ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ

    ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ

    ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ
    («ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ» ԵՎ «ՀՈԳՒՈՑ ՎԱՆՔ»)

    Կանգվարի լեռներից մի հատված

    Վաղնջական ժամանակներից եկող՝ Հայոց հնագույն ավանդույթները, սովորույթները, տոներն ու ծիսակատարությունները շարունակվեցին քրիստոնեության տարածումից հետո ևս՝ անվանափոխվելով ու իմաստափոխվելով՝ հարատևելով մինչ օրս:

    Նրանց ակունքների ուսումնասիրությանն անդրադարձել են բազմաթիվ Հայ ազգագրագետներ, գրողներ ու այլ հետազոտողներ (Րաֆֆի, Գ. Սրվանձտյան, Ս. Լալայան…):

    Հայոց Աշխարհում քրիստոնեությունից առաջ եղած սրբավայրերում ու մեհենատեղիներում հետագայում էլ երբեմնի բազմամարդ ուխտավորներով տոնախմբությունները չդադարեցին, փոխվեց զուտ սրբավայրի ու տոնի անունը՝ հարմարեցվելով նոր գաղափարախոսությանը…

    Րաֆֆու «Կայծեր» վեպի հերոսներից մեկի՝ Ֆարհադի խոսքերով՝

    «Ոչ մի նոր վարդապետություն բոլորովին չէ կարողանում ջնջել, անհետացնել ժողովրդի սրտից այն, որ թողել է անցյալը: Հեթանոսական ծեսերը, արարողությունները, պաշտամունքը դարերով արմատացել էին հայ հոգու մեջ, նրանք միացել էին նրա բնավորության հետ։

    Քրիստոնեությունը միանգամով սրբել Հայաստանը հին նախապաշարմունքներից կարող չէր, մինչև ժամանակը և կրթությունը չտար մի նոր ձև և կերպարանք» (մեջբերումը՝ Րաֆֆի «Երկերի ժողովածու» հ. 10, էջ 90):

    Մշո Սբ.Կարապետի վանքի շուրջ՝ տոնական օրերից մի պահ

    Րաֆֆու երկերի հատորյակների էջերում վանքերի շուրջ տոնախմբության հանդեսների զանազան նկարագրությունները կան: Նաև՝ Հայր Գ. Սրվանձտյանից մեջբերված որոշ հատվածներ՝ Տիրամոր վանքի տոնախմբության պատկերի առիթով («Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» հոդվածից)…

    «Խոսելով այն բանի վրա, թե վանքերից շատերը սկզբում մեհյանների տեղեր լինելով, մինչև այսօր մնացել են նրանց մեջ կռապաշտական սովորություններ, հայր Սրվանձտյանցը շարունակում է.

    «Իբրև օրինակ խոսենք Խաթուն Տիրամոր վրայոք.
    Վանեն դեպի հյուսիս իբր ութն ժամու չափ հեռավորությամբ, Բզնունյաց ծովուն ափը, բարձրադիտակ դիրք մը ունի այս վանքը և քանի մը տուն հայ գյուղացիք կը բնակին անոր շուրջ. ծովն իր երկայնությամբ կը տարածի ասոր առջևը, և իր եղջերաձև սպառվածքը սույն դարևանդին ոտներուն ներքևն է, ուստի կընդունի իր մեջ Բանդիմահույի գետը, որ է ձկանց առուն, իր առջև կերևի Արճեշ քաղաքը, տակավին շեն իր պարիսպներով, դռներով, շուկաներով, եկեղեցիով և մինարայով մը, զոր շրջապատած է ծովուն ջուրը և դարձուցած է կղզի մը, բայց անբնակ…

    Այս վանքը գերեզման մը ունի իր տաճարին մեջը և կսեն թե աստվածածնի հագուստներեն մաս մը զետեղված է հոն։ Այս գերեզմանն է, որ կերդնուն «Խաթուն Տիրամոր» անունով, այն անունով օրհնություն և անեծք կուտան և շատ հրաշալի է. հոն կուգան ոչ միայն Վանա բոլոր գավառաց կողմերեն, այլև Պարսկաստանի և Երևանի ու Նախիջևանա գավառներեն ամեն տարի բազմաթիվ ուխտավորները։
    Ուրուկներու («ուրուկ»-ը «բորոտ, հաշմանդամ» նշանակությունն ունի, Կ.Ա) ժողով մը կա անպակաս այստեղ, որ զանազան աշխարհներե կուգան և քանի մը տարի կը ծառայեն, կաղոթեն ու գյուղացիներեն կը ղրկվեն այս և այն գավառների ժողովք ընելու, բերելու զիրենք ղրկողին, վասնզի գյուղացիք բաժին ըրած են իրենց վրա, մեկը՝ Վան քաղաք և անոր շրջապատի գյուղորայք, մեկը՝ Բաշգալան, մեկը՝ Պարսկաստան, մեկը՝ Մուշ, մեկը՝ Տիգրանակերտ, մեկը՝ Պայազիտ, մյուսը Երևան, մինչև Կարնո և Ախալցխայի կողմերը և այլն։
    Ամեն տարի իրենց մարդ կերթա շրջելու և հանուն տիրամոր եղած խոստումները թե մոմ, թե խունկ, շուշփա, խաչ, դրամ, կանանց խամրած արծաթի զարդերը, մատաղցու կենդանիք, մանավանդ «տիրամոր նշան» ունեցող կով և եզ, որոնց ճակատին վրա ճերմակ նշան մը կլինի, կը բերեն և այդ գյուղացիք կը տիրեն։
    Ուրուկները հետզհետե կառողջանան և կերթան, ոմանք այն նույն կը մնան և հոն կը մնան։
    Այսպիսիք կանվանին «տիրամոր խեղճ» և իրենց ախտի անունն է «տիրամոր յարա»» («Տիրամոր յարա» նշանակում է՝ տիրամոր վերք, խոց, բորոտություն):

    …«Եվ մի՞թե Մշո սուրբ Կարապետի վանքը իր Վարդավառի տոնովը Զենովբի գրածին համեմատ նախնի Գիսանյանց և Վահանյանց տոնը չե՞ն հիշեցներ. ինչպես նաև հոն մինչև ցայսօր Աշտիշատ ուխտի երթալը նույն օրը…
    Սույնպես և Անձևացյաց գավառի մեջ Հոգվոց վանից Դարբնաքարերուն ականջ դնել, կռանի ձայնը լսելու և անկե փոշիներ առնուլ ի պահպանություն անձյանց» և այլն»։

    Այնուհետև, մեկնաբանելով հավելում, որ դեռևս 5-րդ դարից Խորենացու թողած նկարագրությանը համապատասխան արարողությունները շարունակվում են իրենց ժամանակներում:

    Հիշենք, որ, ըստ ավանդության, Քրիստոսի 12 առաքյալներից՝ Բարդուղիմեոսը՝ (Կանա քաղաքից մի եբրայեցի, որը նույնացվում է Հովհաննեսի Ավետարանում հիշատակվող Նաթանայելի հետ), Արաբիայում, Պարթևական Աշխարհում քարոզչական գործունեությունից հետո, 60-66 թվականներին անցնում է Հայաստան՝ Գողթան գավառ, Սյունյաց Աշխարհ, հասնում Այրարատյան, հետո՝ Վասպուրական նահանգ, որտեղ Անձևաց գավառի «Դարբնաց Քար» կոչված վայրն էր՝ Անահիտ Դիցամոր մեհյանով՝ «Աթոռ Անահտայ» սրբավայրը, ուր սիրով հավաքվում էր մոտակա բնակչությունը՝ հեռվից Դարբինների աշխատանքով զմայլվելու, «կռանի ձայնը լսելու»…

    Դարբնի քուրայի հրապուրիչ կայծերի նկարագրությունը՝ Րաֆֆու «Կայծեր»-ից՝

    «Մյուս որդիների բացակայության ժամանակ մեծ քեռուս մոտ մնում էր միայն կրտսեր որդին: Ես, կարծես, հենց այս րոպեիս տեսնում եմ իմ աչքի առջև ծերունի արհեստավորին, նստած զնդանի առջև, կաշյա գոգնոցով, անդադար ուղղում էր քթի վրա դրած ահագին ակնոցները, և երկաթի կտորը ունելիքով բռնած, կամ խառտում է, կամ հղկում է և կամ փոքրիկ մուրճով ծեծում է: Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները. փուքսերը գոռում են, շիկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են – յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ: Չգիտեմ թե ինչո՞ւ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող: Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան: Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում. հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր… Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում
    նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի՝ միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, — այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ»…

    Հոգեաց վանք

    Հայտնի բերդից՝ Կանգուար ամրոցից ոչ հեռու գտնվող այս տաճարը քանդվում է Բարդուղիմեոսի կարգադրությամբ ու հիմնվում «Հոգյաց վանքը» և կուսանոցը (այստեղ էր նրա միջոցով քրիստոնեություն ընդունել Սանատրուկ թագավորի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին), այդ պատճառով էլ՝ մահվան դատապարտվել Սանատրուկի կողմից):

    Խորենացու հիշատակման համաձայն, առաքյալը Մարիամի «կենդանագիր պատկերով» էր եկել: Հիշենք, որ պաշտոնապես միայն 431 թվականին՝ Եփեսոսի Երրորդ (Գ) տիեզերաժողովին է Մարիամը ճանաչվել որպես «Աստվածամայր»՝ փոխարինելու համար վաղնջական ժամանակներից ի վեր գոյություն ունեցող Մեծ Մոր՝ Դիցամոր պաշտամունքը:

    «Հոգվոց վանքի Դարբնաց Քարի մասին ընդարձակ գրում է Խորենացին ս. Տիրամոր պատկերի պատմության մեջ և հիշում միևնույն կախարդական արարողությունները, որ այնտեղ կատարվում են և մեր օրերում:

    «Եւ եկեալ (Բարթողիմեոս առաքեալ) յաշխարհն Անձավացեաց՝ ի համբաւ քարի միջոց՝ քանզի դևք բազումք բնակեալ էին անդ, և պատրէին զմարդիկ տեղվոյն՝ ստանալ յայնմ տեղվո է դեղս ախտական առ ի կատարել զպղծութիւնս ախտից, կռանա ձայնս դարբնից ահավոր հրաշիվք արհավիրս գործեին, յորս մարդիկ աշխարհեն սովորեալք՝ անդ առ քրային դեգերէին, առեալ ի չաստվածոցն ծրարս թարախածոր ի պատիրախտիցն… և անուանէին զանուն տեղվոյն այնորիկ Դարբնաց Քար:
    Հասեալ սուրբ առաքեալն Աստուծոյ անդ՝ հալածեաց զդարբինսն և զկռանս փշրեաց, որ հանուն Անահտայ էր… Անդ հիմնարկեալ սուր առաքեալն զհիմն տաճարի Սրբուհոյն յուրովք, իսկ ձեռոքն՝ շինեա եկեղեցի և անվանեաց զնա Սուրբ Աստուածածին… և անուանե զտեղին Հոգեաց վանս»:

    ՀՈԳԵԱՑ ՎԱՆՔ (Հոգվոց վանք, Հոգոց վանք), հայկական ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։ Մ. Խորենացու հիշատակած ավանդույթի համաձայն՝ Բարդուղիմեոս առաքյալը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից ոչ հեռու՝ Դարբնացքար (կամ Ագռավաքար) վայրում՝ Արևելյան Տիգրիսի ափից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, որտեղ հետագայում կառուցվել է Աստվածածին եկեղեցին (Հոգեաց վանքը):
    Լուսանկարում՝ Հոգեաց վանքը 1900-ականներին (Շատախ գավառ)։

    Պ. Թոխմախյանի ճանապարհորդության մեջ կարդում ենք, որ հիշյալ Հոգվոց վանքում մշտապես պահվում է մի նվիրական աքաղաղ, որի ձայնին կամ ազդարարությանը թե՛ միաբանները, և թե՛ ուխտավորները ամենայն հնազանդությամբ խոնարհվում են (Այգաբացի՝ Արևագալի Ողջույնի մի ծես, Կ.Ա.)։ Ծան. հեղինակի» (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10, էջ 98-100):

    «Կանգուառ» կոչվող ամուր բերդի մոտ, «լեռնամէջն վիմաց», Տիրուհու տաճարի հիմքերի մոտ լեռներից արագ հոսող՝ գարնանային ջրերի (գետերի) մերձավորությամբ էր «Դարբնաց Քարը»՝ «Ագռավաց Քարը»՝ «Հոգեաց վանս», ինչպես նկարագրում է Ղ. Ինճիճյանն իր՝ «Ստորագրութիւն Հին Հայաստանեաց» աշխատության մեջ…

    1886 թվականին Մանուկ Աբեղյանն ստեղծել է մի քանի քառյակներից բաղկացած՝ իսկական բանաստեղծական մի գոհար, ուր հիանալիորեն հաջորդում են մեր հեռավոր Նախնիների կյանքից պատկերներ՝ քրիստոնեությունից առաջ և հետո՝ ներկայացնելով նոր կրոնի տարածումը՝ հնի ձևափոխմամբ…

    ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ
    (ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ ԵՎ ՀՈԳՒՈՑ ՎԱՆՔ)

    Անձևացի Անձևացիք
    Թողնում Պաղատն ու պինդ Կանգուար,
    Հայր Արամազդն ու սէր-Աստղիկ,
    Թողնում գալիս են Դարբնաց — Քար:

    Դարբնաց — Քարին բարձր կանգուն
    Կայ Անահտայ ոսկի պատկեր…
    Գիշեր-ցերեկ դիմաց ոսկուն
    Շարժվում են հոն հզոր ձեռքեր:

    Շարժվում են միշտ, ածում կռան,
    Եւ շիկավառ երկաթ ծեծում
    Ահագնագոռ սալի վրան
    Եւ ծեծելիս չորս դին հեծում:

    Հեծեծում է, դողում՝ քարը,
    Եւ արձագանք բերում-տանում,
    Դղորդն ընկնում ողջ աշխարհը,
    Եւ խուռն ամբոխ ոտքի հանում:

    Եւ խուռն ամբոխ Անձևացիք
    Թողնում Պաղատն ու պինդ Կանգուար,
    Հայր Արամազդն ու սէր Աստղիկ,
    Թողնում գալիս են Դարբնաց — Քար:

    Դարբնաց — Քարին պսակ հիւսում
    Մեծ բարերար Ոսկեմօրը,
    Եւ նրանից կյանք են ուզում
    Ու բոլորում շուրջ բոլորը:

    Ու բոլորում՝ բռնում են պար
    Ոսկեծնի կռքի չորս դին…
    Սալը թնդում է անդադար
    Ու չափ տալիս ժողովրդին…

    Եւ ժողովուրդը կաքաւում՝
    Ու կյանք հայցում Ոսկեմօրից…
    Եւ Դարբնոցի քուրան վառում,
    Մաքրում ախտերն ախտավորից…

    Եւ մինչ ամբոխն անում է պար,
    Եւ մինչ թնդում է գոռ սայլը,
    Ահա գալիս է Դարբնաց — Քար
    Բարդուղիմէ առաքյալը:

    Նա գալիս է բռնած ձեռին
    Փայտե պատկերը Տիրամօր.
    Եւ հէնց հասնում է պատկերին
    Աստուածանոյշ մեծ Ոսկեմօր,

    Ոսկի պատկերն ընկնու՜մ է վար,
    Լռու՜մ յանկարծ զնդանը գոռ,
    Դադրու՜մ ձեռքերը կռանահար,
    Եւ շուրջ ամբոխն ապշու՜մ բոլոր…

    Եւ մութ այրից ահա դևեր,
    Հսկաները կռանահար…
    Սարն ի վեր են ելնում դևեր
    Եւ կատաղած նայում խոնարհ:

    Եւ գոռում են, գոչում՝ «Վրե՛ժ»…
    Խառնաղանճին հանում սարսափ.
    Եւ խիստ լինում են քարավէժ,
    Ժայռեր ձգում թանձրատարափ:

    Խառնաղանճը անցնում իրար…
    Իսկ առաքեալը անխռով
    Ելնում է վերը Դարբնաց — Քար,
    Խաչակնքում սուրբ պատկերով:

    Խաչակնքում է բոլոր դին,
    Խաչի նշանն ամբառնում վեր,
    Ցույց է տալիս ժողովրդին,
    Ու չքանում են սև — դևեր…

    Դարբնաց — Քարին բարձր կանգնած
    Կայ սուրբ պատկերը Տիրամօր,
    Գիշեր — ցերեկ նրա դիմաց
    Հաւաքւում են շատ ուխտաւոր:

    Շատ ուխտաւոր Հոգւոց վանում,
    Ու կեանք ուզում Տիրամօրից,
    Եւ Տիրամայրը հոգ տանում,
    Ցաւը սրբում է բոլորից…

    Մ. ԱԲԵՂՅԱՆ
    1886թ., Նոյեմբեր 29

  • ՀԱՅՈՑ ՁՈՐ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿՆ ԶԳԵՏՆԵՑ ԲԵԼԻՆ …

    ՀԱՅՈՑ ՁՈՐ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿՆ ԶԳԵՏՆԵՑ ԲԵԼԻՆ …

    ՀԱՅՈՑ ՁՈՐ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿՆ ԶԳԵՏՆԵՑ ԲԵԼԻՆ …

    «Իսկ Աշխարհս մեր կոչի յանուն Նախնոյն մերոյ Հայկայ՝ Հայք» (Խորենացի)…

    Հայ ազգի անվանադիր Նախնու՝ Դյուցազուն Հայկ Նահապետի Դյուցազնամարտին անդրադառնալով, Հայ անվանի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանն իր՝ «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեաց Աշխարհի» (Վենետիկ, Սբ.Ղազար, 1835 թ.) ուսումնասիրության մեջ, վերհիշելով Խորենացու միջոցով մեզ հասած՝ Մար Աբաս Կատինա անվամբ պատմիչի նկարագրությունը, հիշատակում է, որ, իր թոռ Կադմոսի հայտնած՝ Բելի զորքերի մոտեցման լուրն առնելուն պես Հայկն աճապարանքով հասնում է Հարքից ոչ հեռու՝ «Աղի Ծովի»՝ «Բզնունյաց Ծովի» (Վանա լճի) մոտ, «…Ուր և եղև ճակատիլն նոցա, և անկումն Բելայ ի տեղւոջն Հայոց Ձոր, և Գերեզմանք կոչեցեալ, որք են յԵրուանդունի գաւառ Վասպուրականի» (նշված աշխատություն, էջ 8):
    Նրանց առճակատման և Բելի անկման վայրը՝ Հայոց Ձորը, հետագայում՝ Վասպուրականի Երվանդունյաց գավառն էր՝ Երվանդունիքը, ուր ն.թ.ա 6 — 4-րդ դարերում Երվանդունի արքայական տունն իր գործունեությունն էր սկսել…

    Այստեղ է, որ «երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ Երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով», և Աղեղնավոր Հայկն իր լայնալիճ աղեղը մինչև վերջ քաշելով՝ երեքթևյան նետի շեշտակի սլացքով տապալեց Բելին, ինչպես նկարագրում է 5 -րդ դարի պատմիչ Խորենացին ու շարունակում.

    «Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին (Հայկը, Կ.Ա.) շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։
    Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։
    Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը՝ քաջամարտիկներով, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։

    Բայց Բելի դիակը՝ դեղերով զմռսելով, Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների։
    Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»։

    «Իսկ զբլուրն, ուր քաջամարտկօքն անկաւ Բէլ՝ անուանեաց Հայկ Գերեզմանս. ուր այժմ ասին Գերեզմանք»: (Ղ. Ինճիճյանը Գերեզմանքը տեղադրում է Նեմրութ լեռան մոտ):

    Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Հայոց Ձոր գավառում, Վան քաղաքից հարավ-արևելք, Խեք (Հայկ) գյուղն է, որից գրեթե 8-9 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մոտ 2250 մետր բարձրության մի ժայռաբլուրի վրա, գտնվում է Հայկա (Խեքա) բերդը՝ «Հայկաբերդը», ուր Խորենացին հիշատակում է Հայկաշեն անունով գյուղը:

    Վերջինս նույնացվում է հետագայի՝ Սարդուրիխարդա ամրոցի հետ:
    Այստեղ՝ Հայկաբերդում է հայտնաբերվել Սարդուր Բ-ի (ն.թ.ա 764-735 թթ.)՝ 764 թվականին վերագրվող սեպագիր արձանագրությունը:

    Մինչև 1915-ի ցեղասպանությունը Հայոց Ձորի (Խավուձորի) բնակչության 85 տոկոսից ավելին Հայերն էին:

    Աստվածաշեն, Խեք (Հայք), Խորգոմ (Հորգոմ), Անգղ, Կղզի, Տորքաշեն, Իշխանագոմ, Քերծ, Նորգեղ, Մժնկերտ և մյուս գյուղերից գավառի զանազան սրբավայրերում հավաքվելով՝ բազմամարդ ուխտավորներով Համբարձման և այլ ծեսեր ու կենսախինդ տոնախմբություններ էին նշում վաղնջական ժամանակներից հայտնի՝ հռչակավոր «Մենուայի ջրանցքի» մերձավորությամբ (հայտնի «Շամիրամի ջուր», «Շամիրամի առու» անուններով, սկիզբ էր առնում Մժնկերտ գյուղի մոտակայքից)…

    Հիշենք նաև, որ Նորգեղից հարավ-արևմուտքում է գտնվում «Դից քաղաք»՝ «Տիս քաղաք» հնավայրը:

    Հայոց Ձորի գյուղերից՝ հիշյալ Աստվածաշենում՝ Հայկաշենում, պահպանվել են և առանձնահատուկ կարևորության՝ բլրի վրա վերին ու ներքին շերտերով կառուցված՝ ամրոցի զանազան շինությունների հետքերը, նաև՝ գլխավոր Դիցի՝ Խալդի տաճարի ավերակները…

    Բիայնական (Ուրարտական) շրջանի ճարտարապետական ու հնագիտական հարուստ ու բարձրարժեք նյութերով հայտնի՝ Սարդուրխինիլիում (Հայկաբերդը, ներկայիս՝ Չավուշթեփեն), ուր վիմափոր հորեր, հացահատիկային տարբեր բույսերի ամբարման նպատակով քառաշար դասավորված կարասներ, պաշտամունքային կառույցների փլատակներ են, վերջին տարիներին հայտնաբերվեց նաև իր զանազան զարդերով թաղված՝ բարձրաշխարհիկ կնոջ դամբարան՝ դաստակներին՝ վիշապազարդ ապարանջաններով, կրծքազարդով, ձախ ձեռքի մատին՝ մատանիով, ականջօղերով (բիայնական շրջանից)…

    Ի փառաբանումն Հին Աշխարհի հայտնի Աղեղնաձիգի՝ Հայկի, նրա անունը ոչ միայն Երկրի վրա են հավերժացրել՝ տեղանուններով, այլ նաև՝ Երկնքում՝ Աղեղնավորով, Հայկի Աստեղատնով, «Շամփուրք Հայկի, Քար ու Կշեռք» աստղերով՝ «Խեքերով» (աստղերն են, որոնց համար ժողովրդական լեզվում կիրառվում են՝ «Խեքեր ելան», «Խեքեր մտան» արտահայտությունները):

    Հայոց Ձորի գավառի պատմությունն ու մշակույթը ներկայացնող գրքով՝ 2015-ին սկսվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ջանքերով կերտված փառահեղ բազմահատորյակը՝ պատմամշակութային հուշարձանների լուսանկարներով հարուստ՝ 36 գիրք՝ նվիրված մեր Նախնիների թողած ժառանգության ուսումնասիրմանը:

    Ահավասիկ տեսանյութը՝ հեղինակի ներկայացմամբ՝ վայելքի մի քանի րոպեներով.

  • «ԷՆ Ի՞ՆՉՆ Է՝ ԻՆՉ»…

    «ԷՆ Ի՞ՆՉՆ Է՝ ԻՆՉ»…

    «ԷՆ Ի՞ՆՉՆ Է՝ ԻՆՉ»…

    Անհիշելի ժամանակներից ի վեր Մարդը կիրառել է այլաբանությունը՝ պատկերներով ու խոսքով, որպես որևէ թաքնված գաղափարի արտահայտման ձև:

    Եվ ասելիքի ծածուկ ու խորին իմաստի մեկնաբանության ճշգրիտ վերհանումը խելքի ու բանիմացության վկայությունն էր:

    Մինչև մեր օրերը հասած՝ հնագույն զանազան ծիսակատարությունների ու տոնախմբությունների ընթացքում հնչող առակները, աշուղների կամ մասնակիցների կողմից ասվող հանելուկների մրցահանդեսները վաղնջական ժամանակներից պահպանված ավանդույթներից են (Խորենացին մատնանշել է Գողթան Երգերի այլաբանական բնույթը՝ նրանցում թաքնված ներքին այլ ճշմարտություններն ակնարկելով):

    Դժվար ու անելանելի իրավիճակներում ծառացած խնդիրների լուծման համար տարբեր Դիցերի հովանավորությունն ու օգնությունը հայցելու վաղեմի սովորույթը քրիստոնեության շրջանում վերափոխվեց՝ զանազան սրբերին դիմելով…

    Սուր միտքը, հնարամտությունը Դիցերի պարգևն ու շնորհն էր համարվում, քանզի խելացիությունն ու իմաստուն լինելը հակառակորդին հաղթելու և բարդ պայմաններում բարենպաստ ելք գտնելու գրավականն էր (հին իրանական սրբազան տեքստերում՝ «Ավեստայում», բարի ու առաքինի Յոիշտան խնդրում է Արդվի Սուրա Անահիտա Դիցուհուն իրեն շնորհել չար ու նսեմ Ախտիայի նենգ ու բարդ հարցերի պատասխանները գտնելու կարողությունը):

    Հեքիաթներում, ու նաև՝ կյանքում, անձի մտավոր կարողությունները փորձելու միջոցներից էին հանելուկները…

    Զանազան տոնակատարություններին, խնջույքներին հանելուկների գուշակությունների արմատները մոգական հետքեր ունեն:

    Հնագույն ծիսական որոշ արարողությունների ընթացքում կիրառվող՝ խորհրդանշական հարց ու պատասխանի համանմանությամբ, փեսացուների ընտրության ժամանակ հանելուկների առաջադրմամբ փեսացուի մտքի ճկունությունն էր փորձվում՝ նրա ֆիզիկական կարողություններից բացի:

    Հանելուկների խմբակային գուշակման ժամանցային սովորույթներից են մեր ազգային որոշ տոնախմբությունների ընթացքում մեկի կողմից առաջարկվող՝ դյուրըմբռնելի ու խոսուն պատկերներով հանելուկի գուշակումը մյուսների կողմից (մտավոր յուրօրինակ մրցախաղ էին հանելուկները):

    Բառի թաքնված իմաստը «հանող» հանելուկները՝ մի պատասխանի համար հնարավոր զանազան տեքստերով ու Հայերենի տարբեր բարբառներով, հավաքվել ու հրատարակվել են Ա. Մնացականյանի կողմից՝ «Հայ միջնադարյան հանելուկներ, 5-18-րդ դդ.», Երևան, 1980 թ.):

    «Էրկեն միրուս՝
    Հերթիկեն՝ դուս»:
    (Երկար մորուք՝ երդիկից դուրս):

    Կամ՝

    «Էն ի՞նչն է, ինչ՝
    Ոտները՝ կըրակումը,
    Գըլուխը՝ երկնքումը»:

     Երկուսի պատասխանն էլ՝ «Ծուխն» է...

    Իմացության զարգացմանը նպաստող, հակիրճ ու սրամիտ խոսքով ներկայացվող բազմաբնույթ հանելուկները շրջապատող աշխարհը՝ իրերն ու երևույթները ճանաչելու լավագույն միջոց էին՝ ուսուցանելու այլ ձևերի շարքում (ի տարբերություն հայտնի Տեր-Թոդիկյան մեթոդի, որի նկարագրության որոշ դրվագներ կան Րաֆֆու «Կայծեր» վեպում):

    «Էն ի՞նչն ա՝ ինչ.
    Դըվորը (որտեղ) գնաս՝ կգնա,
    Որ շվաքը մտնես՝ կը կորչի»:

    Կամ՝

    «Կրակն ընկնի՝ էրվիլ չի,
    Ջուրն ընկնի՝ խեղդվիլ չի»:

    Նույնը՝ Նոյեմբերյանի տարբերակով՝

    «Ջուրն ա ընգնում՝ թաց չի ըլըմ,
    Մահակով ծեծըմ ես՝ լաց չի ըլըմ»:

    Երկուսն էլ՝ «Ստվերը»:

    Գիտության տարբեր բնագավառների ուսուցման մեջ ևս կիրառվում էին ծածկագրությունն ու թվերով, գծերով, երկրաչափական անհայտներով հարց-հանելուկային լուծումներով խնդիրները:

    Բազմաթիվ հանելուկներ կան նաև միջնադարյան Հայաստանում շատ սիրված ու տարածված՝ «Խրատք և իմաստութիւն Խիկարայ» զրույցներում, որոնք հիշատակելու առիթներ ունեցել ենք նախորդ որոշ գրառումներում:

    7-րդ դարից՝ Անանիա Շիրակացուն վերագրվող «Խրախճանականք»-ում թվաբանական խնդիր-հանելուկներ են՝ զվարճալի ժամանցների նպատակով:

    Որպես վերջաբան, արժե վերհիշել մոտ երկուս ու կես հազարամյակ երկար ուղի անցած հնագույն զրույցներից մեկը՝ հանելուկի նման օգտակար ու իր իմաստուն խրատական բնույթով՝ ցարդ խիստ արդիական…

    «Որդեա՛կ, լավ է իմաստուն մարդուն հետ քար կրելն, քան՝ զանգետին հետ ուտել և խմելն» (մեջբերումը՝ Արտաշես Մարտիրոսյանի՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» աշխատությունից, Գիրք Ա, էջ 22, Երևան, 1969 թ.):

  • ԴՅՈՒՑԱԶՈՒՆ ԵՎ ԴԻՑԱՊԱՇՏ…

    ԴՅՈՒՑԱԶՈՒՆ ԵՎ ԴԻՑԱՊԱՇՏ…

    ԴՅՈՒՑԱԶՈՒՆ ԵՎ ԴԻՑԱՊԱՇՏ…

    Հայոց դյուցազնական անցյալի քաջ ու առաքինի Նահապետների, նաև՝ մեր Լեռների մասին խոսելիս հաճախ ենք կիրառում «Դյուցազուն»՝ «Դիցերից ծնունդ առած» բառը (ինչպես «Դյուցազուն Լեռների լանջերին թիկնած» Սևանը գովերգելիս. հիշենք, որ հնում Լեռը Դիցի մի «մասն» էր համարվում):

    «Դիւցազն՝ Դի՛ց ազն համարեալ»՝ «քաջաց ազգից»՝ «կիսաստված, որպէս անմահ և սրբազան»,- բացատրվում է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:
    «Դի» (Տիւ), «Դիք»՝ «Դից»-ը Լույսն է, Հուրը, Արարիչ Ուժը՝ իր զանազան դրսևորումներով:

    Լույսն ու Արարումը պաշտող մեր Նախնիք ԴԻՑԱՊԱՇՏ էին:

    Դարեր ի վեր, քրիստոնեության տարածումից հետո, Դիցապաշտ Հայերին նաև «հեթանոս» են կոչել:

    «Հեթանոս»՝ ինչպես մեկնվում է Հ. Աճառյանի «Արմատական բառարանում», նշանակում է՝ «այլազգի, օտարազգի, այս անունը տալիս էին եբրայեցիք ոչ հրէաներին»:

    «Հունարենով՝ «էթնոս», («etnos»), ասորերենով՝ «հեթնոս»՝ ժողովուրդ, ցեղ իմաստով, Ասվածաշնչյան մեկնություններում՝ «այլացեղ ժողովուրդ, ոչ հրեա, այլազգի (ինչը որ Հույների համար «բարբարոսն» էր»,- կարդում ենք «Հայրերէն բացատրական բառարանում»:

    Կրկին Հայկազեան բառարանից՝ «Հեթանոս» բառի բացատրությունը.
    «Որ ոչն էր երբեմն յազգէ հրէից, կամ այժմ՝ չէ յազգէ քրիստոնէից. օտարազգի և այլակրօն, անհավատ, բարբարոս» (Հեթանոսը՝ «առաջ՝ ով հրէից ազգից չէր, այժմ՝ ով քրիստոնյաների ազգից չի»)…

    Աստվածաշնչում այլ ազգերի համար կիրառվող տերմիններին (եբրայերենում՝ «գոյ», հունարենում՝ «էթնոս»), անդրադառնալով՝ Ֆրանսիայի Տուլուզ քաղաքի Համալսարանի պատվավոր դասախոս, աստվածաբան Ալեքսանդր Վեստֆալը՝ Աստվածաշնչյան «Վեստֆալ» (Westphal) բառարան-հանրագիտարանում (1932թ.) գրում է.

    «Նախ և առաջ՝ Իսրայելի և մյուս ազգերի միջև տարբերությունը զուտ ազգային (էթնիկ) և աշխարհագրական էր. Յահվեն Իսրայելի աստվածն էր, իր գործունեության ոլորտը համարվում էր սահմանափակ՝ իր ժողովրդի ներսում միայն:
    Այդ ժամանակաշրջանում բնական էր համարվում, որ յուրաքանչյուր ազգ իր սեփական աստվածներն ունենար (Սամուել, 26;19 և այլ հատվածներ)»:

    Հնում Նախնիների պաշտամունքն էր, յուրաքանչյուր ազգ իր «հիմնադիր նահապետներին» էր պաշտում (Եգիպտոսում դեռևս կենդանության օրոք էին աստվածացվում-պաշտվում փարավոննրը):

    Նախնիների կարևորությունը փաստում են նաև Հին ու Նոր Կտակարաններում՝ սերնդեսերունդ ներկայացված ծննդաբանության երկար ցանկերը:

    Զանազան գլուխներում բազմիցս շեշտվում է, թե ու՛մ աստվածն է, ու՛մ հոր աստվածն է (Ելից, Գլ.ԺԵ; 2, «Նա իմ հօր աստուածն է»…), միաժամանակ արգելելով այլ աստվածներին երկրպագումը (Ելից, Գլ.Ի ; 3, «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս»…):

    Բազմաթիվ օրինակներից մեջբերենք միայն մի հատված ևս՝ Հին Կտակարանից՝

    «Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ պիտի չմտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մեջ են» (Եզեկիէլ, Գլ. ԽԴ (44); 9)…

    …Մեր Պատմական Հայրենիքի ընդարձակ տարածքի զանազան շրջաններում Արևահայաց լեռները, Արևափայլ գետերը, Այգաբացի Շողերով ողողված Արևահամ գյուղերը, Արփիահրատ ամրոցներն ու բերդերն իրենց՝ Արեգ, Արեգունի, Արեգին, Արևածագ, Արևաբույր, Արեգի անուններով՝ Կենսատու Լույսն ու Մշտավառ Հուրը փառաբանող Դյուցազուն Հայկազուններին են հիշեցնում, և Արփիափայլ մեր հնագույն մշակույթն այսօր էլ Ճառագում է՝ հազարամյակների խորքից…

    Հ.գ. Հայոց հնագույն հավատալիքներին վերաբերող հարցերի հակիրճ պատասխանների մի տեսաշարք է սկսել օրերս Քուրմ Յարութ Առաքելեանը. ահավասիկ՝ առաջին տեսանյութը…

    https://m.facebook.com/story.php?story_fbid=1058282247995411&id=100014409376218

  • «ՍԻՐՈՒՆ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՄԵՏԻ ԽՆՁՈՐԸ»…

    «ՍԻՐՈՒՆ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՄԵՏԻ ԽՆՁՈՐԸ»…

    «ՍԻՐՈՒՆ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՄԵՏԻ ԽՆՁՈՐԸ»…

    Գեղատեսիլ Վանն իր շրջակայքի առասպելաշունչ բնաշխարհով առանձնահատուկ տեղ ու դեր ունի Հայոց բազմահազարամյա պատմության մեջ՝ իր նյութական ու հոգևոր մշակութային՝ աննկարագրելիորեն հարուստ շերտով՝ Փոքր Մհերի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի շուրջ հյուսված պատմություններից մինչև 1915-ի Ինքնապաշտպանության հերոսական էջերով…

    Վանի ժայռափոր արձանագրություններից, «Մհերի Դռնից» ոչ հեռու նաև Լեզք գյուղն է՝ իր հնագույն տաճարով, ուր, համաձայն վաղեմի ավանդության, գերբնական ուժերով օժտված «Յարալեզ» շներն Արայի դին էին վերակենդանացրել լիզելով:

    Հետագայում այս տաճարի տեղում «Ամենափրկիչ» եկեղեցին է կառուցվել:

    Եվ, ինչպես Վանեցիներն իրենց հուշերում են պատմում, Զատիկից երկու շաբաթ հետո Վանում Լեզքի փառատոնն էր տոնվում, որի ընթացքում կատարվող վիճակահանությունը Համբարձման տոնի սովորույթներին էին նման:

    Առասպելական պատումներով պարուրված ժայռերից, սրբազան ծառերից բացի՝
    «Այստեղ կար ծառ մը, որուն տակէն կը ժայթքէր հրաշագործ աղբիւր մը։ Եղիշեանի վկայութեամբ, աղբիւրին ջուրը դարմանած էր եղբօր երեսի վէրքը:
    Հոս դարմանուելու կու գային մինչեւ իսկ հեռաւոր Խարբերդէն, թաց լաթով մը սրբելով իրենց երեսի վէրքը»։ (Մեջբերումը և որոշ լուսանկարներ՝ «Հուշամատյանի»՝ «Քարտէսներ, Վանի վիլայեթ» կայքից):

    Վանի մոտ է և իր անուշաբույր, «անմահական» խնձորով հռչակված Արտամետը՝ ամբողջովին մրգատու, հատկապես՝ խնձորենիների այգիներով՝ Անահիտ Դիցուհու հնագույն մեհենատեղին, հետագայում, թերևս Աստղիկ Դիցուհու՝ հունարեն համարժեք Արտեմիդի անվամբ հնչյունափոխված:

    Ավանդույթի համաձայն՝ Արտամետում է մեղրամիսն անցկացրել Արտաշես Ա արքան (ն.թ.ա 2-րդ դար), իր կնոջ՝ Սաթենիկի հետ:

    Սիրո Դիցուհու խորհրդանիշ-խնձորը նաև Սիրո խորհրդանիշն էր՝ հազարամյակներ ի վեր՝ ազգային պատկերացումներում…

    Գրիգոր Մագիստրոսի խոսքերով՝ «Խնձորս երբեմն յԱստղկայ շնորհեալ»…

    Արտամետի խնձորները հարսանեկան սնդուկներում էին դրվում՝ զգեստները բուրումնավետ դարձնելու նպատակով…

    Եվ, ինչպես Քուչակի Հայրեններում է՝ «Սերը խնձորով պիտի»…

    «Արծկեն հայտնի էր իր համով և խոշոր ընկույզներով և անգերազանցելի ցորենով: Մեր գյուղի սպիտակահաց ցորենից թխում էին մեկ մետրանոց սպիտակ, համեղ ու բուրավետ լավաշ հացեր, որոնք քանի-քանի կուռ ու կուշտ մարդկանց ախորժակ էին գրգռում: Ալջավազի ցորենը դեպի իրեն էր գրավում տասնյակ հազար գնորդների:
    Ամեն տարի Վանից և Արծկենից մեր գյուղն էին բերում Արտամետի բուրավետ կարմիր խնձորները, թոփերով կտորներ և արկղներով ընկույզներ, ու փոխանակում էին մեր ցորենի հետ:
    Արտամետի խնձորների կարմիր գույնն ու անուշ հոտը դեպի իրեն էր ձգում հեռավոր թաղերի և փողոցների հարս-աղջիկներին, որոնք գնած խնձորներից մի-մի հատ դնում էին սնդուկներում դարսված իրենց տոնական հագուստների ծալքերում՝ նրանց անուշաբույր դարձնելու համար: Ներկայիս ամենաընտիր օծանելիքներն իրենց բույրով կնսեմանային Արտամետի խնձորի քաղցրաբույր հոտի առջև» (հատված՝ Մարո Ալազանի՝ «Իմ կյանքի ողբերգությունը» վերնագրված հուշերից):

    Արտամետյան անմոռաց բույրերով շաղախված՝ մանկության հուզումնալից մի դրվագ ևս՝ Զարզանդ Դարյանի «Արծիվ Վասպուրականի» վեպից՝ ստորև:

    «Մի երեկո, ընկերոջս տանը, խնջույքի նստելուց առաջ, ահա թե ինչ տխուր պատմություն լսեցի.

    Վանեցի Սաթենիկ դուդուն, պատմողի հեռավոր ազգականուհին, հիվանդանում անկողին է ընկնում։ Բժիշկները գալիս նայում են, պարտականության հարկադիր կանոնով շուռումուռ են տալիս խեղճ կնոջը և, գլուխներն օրորելով, նստում դեղատոմս գրելու։
    Այսինքն ՝ պարտք է, կատարում ենք , թեև լավ գիտենք, որ ծնվողը պիտի մեռնի…
    Յոթանասունն անց կին է լինում դուդուն, լավ-վատ ապրած աղջկա ու փեսայի խնամքին, հարմար պահի ետ չդարձնելով դեպի կոկորդ եկած հայտնի խոսքը՝ «փեսի հով, փշի հով մեկ ի…», աչքը՝ Վանա ճանապարհին ու ականջը՝ ձենի։
    Հիմա վերջապես աչքն ու ականջը հանգստանալու էին և այլևս հովի կարիք չէր ունենա։

    Հարազատներն էլ հաշտված են լինում այդ մտքի հետ. բնության կարգ է, ի՞նչ կարող ես անել, մեռնողը մեռնում է, ապրողը՝ ապրում։

    Եվ ահա այն օրը, երբ հիվանդը պետք է հրաժեշտ տար աշխարհին, առավոտյան Մոսկվայից հեռագիր է ստացվում, թե գալիս է նրա կորած որդին՝ Մուշեն։
    Սկզբում ոչ ոք չի հավատում դրան։
    Ծանոթ-բարեկամներից մեկը՝ պառավին ուրախացնելու համար արած կլինի, որ խեղճը խռով չգնա մարդկանցից։
    Մուշեն կորել էր տասնութ թվականի գաղթի ճանապարհին, Բանդի-Մահու գետն անցնելիս։
    Մինչև անգամ նրան տեսնողներ էին եղել գետի ահարկու ալիքների մեջ թպրտալիս ։
    Թեև ինքը՝ Սաթենիկ դուդուն չէր հավատում այդ խոսքերին, սպասում էր, որ մի օր որդին կվերադառնա, բայց ո՞ր մայրն այդպես չէ։
    Կարճ ասած՝ հեռագիրը հավատ չէր ներշնչել։
    Երեկոյան կողմ երկրորդ հեռագիրն էր ստացվել։
    Կարծես Մուշեն կանխազգացել էր, որ առաջինին կարող էին չհավատալ. նշել էր ժամը, գնացքի ու վագոնի համարները։
    Սաթենիկ դուդուի աղջիկն ու փեսան պատրաստվում են դիմավորել։ Ու՝ միշտ կասկածը սրտներում։ Հիվանդին ոչինչ չէին ասում, կարող էր սուտ լիներ լուրը։
    Եվ ապա՝ պառավը չէր դիմանա ուրախությանը։
    Մի խոսքով, աշխատում են ամեն ինչ ընդունված կարգով անել։

    Երեկոյան աղջիկը, փեսան ու մի քանի մոտիկ բարեկամներ գնում են կայարան։
    Նրանցից ոչ մեկն էլ Մուշեին տեսած չի լինում փոքրուց։ Քույրը՝ Մանիշակը, մի տարեկան էր եղել, երբ եղբայրը անհայտացել էր։ Ու, թեև մորից շատ բան էր լսել նրա «բոյ-բուսաթի, թուխ-թուխ մազերաց ու խաժ աչքերաց» մասին, բայց ոչ մի կերպ չէր պատկերացնում եղբորը։
    Իսկ կայարանում գնացքը դեռ կանգ չառած՝ նա տեսել էր վագոնի լուսամուտից դուրս նայող եղբոր դեմքն ու ճիչ արձակել։
    Եվրոպական տարազն ու հիսուն տարին անզոր էին եղել ծածկելու հայրական դիմագծերը։

    Ճանապարհին Մուշեն մի երկու խոսքով պատմում է գլխովն անցածը։
    Բադի-Մահուից նրան կիսախեղդ հանել էր գետափին լվացք անող պառավ քրդուհին, տարել մեծացրել էր նրան հարազատ զավակի պես ու, երբ պառավը մահվան անկողին է ընկնում, Մուշեին կանչում, նստացնում է կողքն ու հայտնում, որ ինքը ծվստանցի է, նրա մոր ու տատի թխած հացն է կերել և նրանց ամագը չի կորցնի։

    «Դու հայ քրիստոնյա ես, Մուշե՛,- ասել էր նա,- քո հեր ու մեր Հայաստան են գաղթել, գնա՛, գտի՛ր նրանց… էստեղ մի մնա»…

    Իր բարերարի մահից հետո Մուշեն փախել էր Հունաստան, այնտեղից էլ՝ Ֆրանսիա։
    Բախտի քմահաճ հովանավորությամբ շատ փորձանքներից էր անցել, Փարիզում տուն-տեղ էր դրել, կին-երեխաներ, բայց մորն ու քրոջը չէր մոռացել։
    Հարմար առիթի էր սպասել՝ Հայաստան գալու։
    Իսկ սրանից մի ամիս առաջ եղել էր ՎԱՆում։
    Ֆրանսիացի տուրիստի անվան տակ գնացել էր Թուրքիա, շրջել էր մանկության վայրերը, կարոտն առել։
    Եվ այժմ եկել էր Հայաստան։

    Տուն հասնելով՝ քույրն ու փեսան մտահոգվում են հիվանդին նախապատրաստելու։
    Մուշեին հազիվ են զսպում, որ չնետվի մոր սենյակը։ Մանիշակն ու մի երկու պառավ մտնում են հիվանդի ննջարանը, իսկ Մուշեն ինչ-որ հիշելով՝ հետը բերած ճամպրուկն է բաց անում։

    Ներկաները ենթադրում են, թե երևի շատ թանկագին նվերներ է բերել մորն ու քրոջը և ուզում է րոպե առաջ ցույց տալ։
    Բայց տեսնում են՝ ճամպրուկը խնձորով է լցված։
    Հին սովորությու՞ն էր հիշել, որ հիվանդի մոտ անպայման խնձորով պիտի գնալ, թե՞ ուրիշ բան կար մտքում։
    Բարեկամները հիասթափ նայում են իրար։
    Աշխարհե-աշխարհ է անցել եկել ու ի՛նչ է բերել հետը…
    Կարծես Երևանում խնձոր չկա…

    Այդ միջոցին ննջարանում եղած կանանցից մեկը խոնարհվում է հիվանդի վրա.

    -Սաթե՛ն դուդու, աստծո խեր խաբար եմ պիրե…,- սկսում է նա։
    Խոսքը կիսատ է մնում։
    Հանկարծ մահամերձ տեղից շարժվում է, ծանրությամբ նստում, հայացքն ուղղում դռանը ու ծորուն, երգեցիկ ձայնով ասում. —Արտամետա խնձորի խոտ կառնեմ, Մանիշա՛կ…

    Կանայք գլուխներն օրորում են ու տխուր հառաչում՝
    «Տեսիլք կտիսնա», «հրեշտակնիրաց խետ ի»,- շշնջում են իրար։

    -Քյե կասեմ՝ Արտամետա խնձորի խոտ կուգյա, Մանիշա՛կ,- կրկնում է հիվանդը,- Վարագա քամին ի պիրե, քա՜…

    Կիսաբաց դռնից մոր ձայնը լսելով Մուշեն չի համբերում , երկու խնձոր վերցրած ներս է ընկնում, խոնարհվում է հիվանդի առաջ , համբուրում ոսկրացած ձեռքերը և խնձորները դնում ափի մեջ…

    -Մարե՜ ջան…

    Սաթենիկ դուդուի ձեռքերը ցնցվում են խնձորի շփումից։
    -Օխա՜յ, Վանա խամ ու խոտն ի … Լագլագու բաղի խնձորն ի…,- այս անգամ գրեթե բացականչում է նա:

    -Մարե՜, ե՛ս եմ, քո Մուշե՜ն։ Արտամետա խնձոր եմ բերել քեզ, հո՛տ քաշե, անո՛ւշ արա… Հիվանդի աչքերը լայն բացվում են, տենդագին նայում է նորեկին, մի պահ քարանում, ապա ջղաձգաբար ցնցվելով՝ ճչում. -Մուշե՜…

    Եվ ափերի մեջ խնձորներն ամուր սեղմած՝ որդու թևերի վրա հոգին ավանդում է։
    -Մանկության բույրերը չե՛ն մոռացվում հավիտյան,- խոսքը եզրափակեց պատմողը։

    Ես որոշեցի տեսնել Սաթենիկ դուդուի աղջկան ու փեսային, զրուցել հետները, թեև, ինչպես տեսնում եք, այս պատմության մեջ չավարտված կամ խորհրդավոր որևէ բան չի երևում։
    Գնացի, գտա նրանց, երկար զրուցեցինք, և…
    (Շարունակությունը՝ Զարզանդ Դարյանի՝ «Արծիվ Վասպուրականի» վեպում)…

    «Մանկության բույրերը չեն մոռացվում հավիտյան»… (Զ. ԴԱՐՅԱՆ)

  • «ԽՈՐԱԳԷՏՔ ԶՕՐԱՆԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ»…

    «ԽՈՐԱԳԷՏՔ ԶՕՐԱՆԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ»…

    «ԽՈՐԱԳԷՏՔ ԶՕՐԱՆԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ»…

    7-րդ դարի Հայ գիտնական և իմաստասեր Անանիա Շիրակացու քանդակից մի հատված

    Իմաստությունը, գիտությունն ու բարի խորհուրդը չափազանց կարևորվում էին վաղնջական ժամանակներից ի վեր:

    Խորախորհուրդ և խորախոս՝ խորին ու թաքուն խորհուրդն իմացող խորիմաց խորագետներն իրենց իմաստությամբ ու խելամտությամբ Իմաստության Լույսն են սփռել դարեդար՝ հետևելով՝ «Որդի խրատեալ՝ իմաստուն լիցի» պատգամին («Խորագետք զօրանան իմաստութեամբ»):

    Իմաստուն ու կշռադատված խոսքն ու խորհուրդն այնքան էին կարևորվում, որ Խիկար Իմաստունը՝ դեռևս հազարամյակներ առաջ, խրատում էր խոսքը, միտքը բազում անգամ սրտում, մտքում խորհելուց հետո միայն բարձրաձայնել, որպեսզի հետագայում «դատարկ խոսքը» փոխելու դեպքում ծաղրի չարժանանան, քանզի լավ է (գերադասելի է) մարմնով հանցանք գործել, քան՝ խոսքով…

    «Որդեա՛կ, խորհեա զբանս ի սրտի քում և ապա ի վեր հանցես, զի թէ փոխես զբանս, ծաղր լինիս:
    Եւ մի՛ հաներ բան դատարկ ի բերանոյ քումմէ, մինչև բազում անգամ խորհեսցիս ի սրտի քում, զի լաւ է յանցանք մարմնոյ, քան զյանցանս լեզուի» (խրատը գրաբարով՝ Արտաշես Մարտիրոսյանի՝ «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ Իմաստնոյ» գրքից, Երևան, 1972թ.):

  • «ԱՆԱՀՏԱԿԱՆ ԳԱՎԱՌ», «ԱՆԱՀՏԻ ԵՐԿԻՐ»՝ «ԵԿԵՂԵԱՑ» ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԳԱՎԱՌ՝ ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ…

    «ԱՆԱՀՏԱԿԱՆ ԳԱՎԱՌ», «ԱՆԱՀՏԻ ԵՐԿԻՐ»՝ «ԵԿԵՂԵԱՑ» ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԳԱՎԱՌ՝ ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ…

    «ԱՆԱՀՏԱԿԱՆ ԳԱՎԱՌ», «ԱՆԱՀՏԻ ԵՐԿԻՐ»՝ «ԵԿԵՂԵԱՑ» ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ԳԱՎԱՌ՝ ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ…

    Մեր հեռավոր նախնիների պանծալի Սրբավայրերից մեկն էր Բարձր Հայքի Եկեղեաց գավառը՝ մինչև 1915-ի ցեղասպանությունը՝ Հայաշատ գյուղերով, որտեղից դեպի Մարսել գաղթածներն իրենց հայրենակցական միությունն էին ստեղծում՝ անվանելով «Եկեղեաց Վերաշինութեան միություն» (կորցրածը Վերաշինելու հույսով)…

    Հազարամյակների հարուստ պատմություն ունեցող այս գավառում (համապատասխանում է ներկայիս Երզնկայի (Էրզինճան) տարածքին, Էրզրումի նահանգ)՝ Երիզայում, Անահիտ Դիցամոր գլխավոր տաճարն էր՝ իր ընդարձակ կալվածքներով, հսկայական թվով կենդանիներով, բազում գանձերով ու թանկարժեք իրերով:

    Հայտնի նաև ն.թ.ա 30 թվականին հռոմեացի Անտոնիոս զորավարի կողոպտած գանձերով, որոնցից միայն Անահիտ Դիցուհու ոսկեձույլ քանդակի մի աննշան բեկորով կազմակերպել էր հսկայական խնջույք…

    Եկեղեաց գավառ՝ Երիզա՝ Անահիտի մեհյան էր ուղարկվել Աբեղյանների տոհմից ոմն Աբեղ՝ հիվանդ Արտաշես արքայի համար Դիցերից, մասնավորապես՝ Անահիտ Դիցուհուց բժշկություն խնդրելու նպատակով՝ համաձայն Մ. Խորենացու հիշատակության («Պատմություն Հայոց», էջ 123):

    Ագաթանգեղոսի բնութագրմամբ՝ «Մեր ազգի Փառք ու Կենսատու Մեծ Անահիտ Տիկնոջ» կերպարում մարմնավորված էր վաղնջական ժամանակներից եկող՝ Մեծ Մոր պաշտամունքը:

    Պերճափայլ ու դյուցապանծ՝ «Քաջապերճ պարծանքներով Անահիտ Տիկնոջ» Բագնին պսակներ ու ծառերի թավ ոստեր էին նվիրաբերվում՝ ի փառաբանումն Ոսկեմայր, Ոսկեհատ ու Ոսկեծին Դիցուհու:

    Հայ և օտար աղբյուրներում բազմաթիվ տեղեկություններ կան Անահիտի հռչակավոր սրբավայրերի, մեհյանների, արձանների, Դիցուհուն նվիրված տոնակատարությունների, նրան նվիրաբերվող՝ ճակատին ջահաձև (ճրագաձև) դրոշմով երինջների մասին:

    Նրա սրբավայրերը սփռված էին մեր երբեմնի հսկայածավալ Հայրենիքի զանազան վայրերում՝ Հայկական Լեռնաշխարհի տարբեր բարձունքներում:

    Եկեղյաց Գավառը՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում (այս նահանգն ունեցել է և՝ Առաջին Հայք, Կարնո Աշխարհ, Վերին Հայք, «Կատար Երկիր» և այլ անվանումներ), Ստրաբոնի, Պլինիոս Ավագի («Բնական պատմություն», ն.թ 1-ին դար) և այլոց երկերում «Անահտական Գավառ» էր կոչվում (Աքիլիսեն, Aciliscène), «Անահտի Երկիր» (Anaetica regio), ուր Նավասարդյան բազմամարդ տոնախմբություններն էին անցկացվում ու բազմահազար ուխտավորներով այլ տոնակատարություններն էին նշվում:

    Պատմիչների բնութագրմամբ՝ Արգասավորության,Պտղաբերության ու Մայրության հովանավոր՝ Անբիծ ու Անարատ Անահիտ Դիցուհին բնորոշվել է՝ «Մեծ Տիկին», «Մայր ամենայն զգաստութեանց», «Բարերար ամենայն մարդկային բնութեան», «Ազգի և մարդկանց խնամակալ», «Ոսկեմայր», «Ոսկեծին», «Ոսկեհատ» մակդիրներով:

    Հունաց կողմերից իր զորքով վերադարձող Տրդատ Գ-ի (298-330թթ.) առիթով՝ Ագաթանգեղոսը գրում է.
    «Մեծ Հայքի արքա Տրդատի առաջին տարում շարժվեցին եկան, հասան Եկեղյաց գավառը, Երիզա գյուղը, Անահիտի մեհյանը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն»:

    «Այնուհետև պատմագիրը (Ագաթանգեղոսը, Կ.Ա.) շարունակում է, թե «(Տրդատ արքան) բանտ ու կապանք և մահ է խոստանում նրան, եթե հանձն չառնի աստվածներին (հեթանոսական) պաշտամունք մատուցել, մանավանդ այս Մեծ Անահիտ Տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ Հունաց թագավորը:
    Նա է բոլոր զգաստությունների Մայրը, Բարերարը ամբողջ մարդկային բնության, որով ապրում և կենդանություն է ստանում Հայոց երկիրը, և դուստրը Մեծ, Քաջ Արամազդի» (գլ. Ե. 53, էջ 41, մեջբերումը՝ Ռաֆիկ Նահապետյանի՝ «Ագաթանգեղոսի Պատմությունը՝ Հայոց հեթանոսական դիցարանի ուսումնասիրության սկզբնաղբյուր» աշխատությունից:

    Ճորոխի և Եփրատի միջև ձգվող Լեռնաշղթան ևս «Անահտական» էր անվանվում:

    Պլուտարքոսը հիշատակում է, որ ձմռանը Լուկուլոսն իր զորախմբով Կապադովկիայից Եփրատի ուղղությամբ շարժվելու ճանապարհին լեռնային արոտավայրերում ազատորեն արածող երինջների է հանդիպել, որոնցից մեկը, որը բարձրացել էր մի ծերպի՝ զոհաբերվել է զորավարի կողմից: Այնուհետև, մեկօրյա հանգստից հետո, «Թագավորական ճանապարհով» նա շարունակել է իր ճանապարհը Ծոփքով դեպի Տիգրանակերտ…
    «Այդ երինջներն ազատորեն շրջում էին Երկրում՝ որպես տարբերանշան ունենալով Դիցուհու ջահը (ճրագը)», (Plut., Vit. Lucull., 24.):

    Երզնկայից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելք՝ «Անահտա Աթոռ» կոչվող Լեռն է՝ 3557 մետր բարձրությամբ, որը հիշատակում է Փ. Բուզանդը՝ «Աթոռն Անահտայ»՝ Բարձր Հայքի Առյուծ գավառում…

    «Տրդատ յառաջին ամի ետ նուէրս Անախտայ Կապուտակ երինջ ի գեղն Երիզայ»:

    Ագաթանգեղոսի երկում հիշատակվում են «Ոսկեմայր» Դիցուհու չորս մեհյանները՝ Եկեղյաց գավառի Երեզավանում (գլ. Ե. 48, էջ 39), Արտաշատում (գլ. ՃԸ. 778, էջ 437), Աշտիշատում ( գլ. ՃԺԴ. 809, էջ 453) և Անձևացյաց գավառի Դարբնաց Քար կոչված վայրում:

    «Երեզը համարվում էր Հայոց թագավորների բուն ու մեծ մեհյանների, Անահիտի պաշտամունքի և մեհյանի վայրը, որտեղ դրված էր դիցուհու ոսկե արձանը, իսկ Եփրատ գետի ձախ ափին փռված էին այդ հարուստ մեհյանի տիրույթները, որտեղ արածում էին զոհաբերության սպիտակ երինջները:

    Անահիտի պաշտամունքի սրբարաններ են եղել նաև Արմավիրում, Բագարանում:
    XIX-XX դդ. գիտնականները մի շարք մեհյանների տեղեր փորձել են վերականգնել՝ մեծ մասամբ հարատևող սովորությունների ու ծիսակատարությունների հիման վրա» (մեջբերումը՝ Ռ. Նահապետյանի՝ նշված ուսումնասիրությունից):

    Ստեփանոս Օրբելյանի՝ Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ հիշվում է «Անատայ Ձոր» կոչված վայրը Սյունիքում, հավանաբար՝ այնտեղ եղած՝ Անահիտի երբեմնի մեհյանի (սրբավայրի) գոյությամբ պայմանավորված:

    Ամիսներ առաջ՝ Սահմի ամսվա Անահիտ օրը՝ Սեպտեմբերի 5-ին, Անահիտ Դիցամոր հնագույն պաշտամունքային վայրերից մեկում՝ Արա լեռան ծաղկավետ ստորոտում՝ Երնջատափում, Հայկազուն Արևորդիների համայնքի մի խումբ անդամների մասնակցությամբ Հայկյան Սրբազան տոներից՝ Հացօրհնեքի տոնը նշվեց՝ Անդաստանի արարողությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու և Քուրմ Յարութ Առաքելեանի մատուցմամբ (ստորև լուսանկարը՝ Հայկազուն Արևորդիների էջից՝ շնորհակալությամբ)…

    Հույսով, որ հազարամյակների խորքից հառնող տոներն ու ծիսակատարություններն այսուհետ վերստին իրենց կենսախինդ բերկրանքով կլցնեն Հայոց հնավանդ Երկիրը…🌞🌿

    Ոսկեմայր Անահիտը Երկրին Կենդանություն պարգևողն էր՝ «Փառքն էր մեր ազգի և Կեցուցիչ Մայր ամենայն զգաստության», Տրդատ արքայի հրովարտակի «Ողջույնին» համահունչ՝ Շինություն, Խնամակալություն և Քաջություն մաղթենք Աշխարհիս Հայոց…

    «Ողջոյն հասեալ և շինութիւն Դիցն օգնականութեամբ, Լիութիւն Պարարտութեան յԱրոյն Արամազդայ, Խնամակալութիւն յԱնահիտ Տիկնոջէ, և Քաջութիւն հասցէ ձեզ և Քաջէն Վահագնէ Ամենայն Հայոց Աշխարհիս»…

    Հ.գ. Բարձր Հայք Աշխարհի Եկեղեաց գավառում,Գայլ գետի վերին հոսանքում, լեռնային վայրում՝ ռազմական ու առևտրական կարևոր ուղիների հանգուցակետում գտնվող Սատաղ քաղաքում է հայտնաբերվել Անահիտ Դիցամոր՝ հայտնի անդրին, որի պղնձյա պատճենը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

    Բարձր Հայքի Եկեղեաց գավառը՝ Երզնկա կենտրոնով, իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը պահպանեց հետագայում ևս՝ քրիստոնեության տարածումից հետո, տեղի իմաստասիրական դպրոցի հայտնի գործիչների աշխատություններով հարստացնելով միջնադարյան գրականությունը:

    Դրոշմակիր Երինջի պատկերով գավաթ՝ հայտնաբերված Շիրակի մարզից՝ Բենիամինի հնավայրից
  • ՀԱԶԱՐԱՇԵՆ               ԿԱՄ՝                           «ՇՈՂՆ ԸՆԴ ԵՐԴ ՄՏԱՆԻՑԷ»…

    ՀԱԶԱՐԱՇԵՆ ԿԱՄ՝ «ՇՈՂՆ ԸՆԴ ԵՐԴ ՄՏԱՆԻՑԷ»…

    ՀԱԶԱՐԱՇԵՆ
    ԿԱՄ՝
    «ՇՈՂՆ ԸՆԴ ԵՐԴ ՄՏԱՆԻՑԷ»…

    Արարչագործության հնագույն պատումներում Խավարի դեմ Լույսի Հաղթանակն է կարևորվում:

    Տիեզերքի, Կյանքի Արարման տեսությունների քննարկման առիթով Եզնիկ Կողբացին (5-րդ դար) իր «Եղծ աղանդոց»-ում, անդրադառնալով «Անեղ ու Ինքնագոյ՝ Ինքնակաց Աշխարհի»՝ էպիկուրյանների տեսությանը, նկարագրում է Մանրամաղ փոշու՝ Հողամաղքի մեջ «Երդ»-ից (երդիկից՝ բացվածքից) մտած Շողով Խավարը Լուսավորելով Արարչության սկզբնավորումը:

    «(338) Իսկ եպիկուրայքն բնաւ ինքնակաց իսկ համարին զաշխարհս, որպէս թե նախ հողամաղք ընթանային՝ որպէս յորժամ շողն ընդ երդ մտանիցէ, եւ հողամաղք իմն երեւին ի շողն. այնպիսի՝ ասեն՝ մարմինք անհատք եւ անբաժինք էին զառաջինն, եւ անտի թանձրացեալ յաւդեցաւ ինքն աշխարհս եւ եւ թե ոչ Աստուած եւ ոչ խնամակալութիւն ինչ, որ վարիցէ զաշխարհս»։

    Հազարաշեն (Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի)

    Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում հնագույն շրջանից ի վեր բնակելի ու պաշտամունքային կառույցներն իրենց բնական լուսավորման աղբյուրները՝ «Լոյսիջոյց»-ները՝ «Լուսանցույցներն» ունեին՝ երդիկները (ըստ եղանակի՝ դրսից անջրանցիկ ծածկով՝ բուսական և հողի շերտով, մեհյաններում՝ ներսից երկար ձողով կարգավորվող հատուկ փակիչով):

    Նրանցից հատկապես նշանակալից է բազմակողմանի ու բազմանկյուն՝ աստիճանաբար դեպի երդիկը փոքրացող կարճ հեծանների կամ գերանների շրջանակներից բաղկացած՝ հազարավոր փայտի կտորներով շինված Հազարաշենը:

    Լույսի մուտքն ու օդափոխությունն ապահովելուց բացի՝ երդիկը նաև «տունը, տան անձինք, ընտանիքը, օջախն ու ծուխն» էր խորհրդանշում:

    Մեր պատմիչները (Եզնիկը, Ագաթանգեղոսը, Բուզանդը…) ու նաև հետագայում, բնակչության հաշվարկը երդահամարով՝ երդիկները հաշվելով՝ ծխահաշվարկով էին ներկայացնում («Երդս քսան հազար Հայ», ինչպես գրել է Բուզանդը):

    «Հայաստանի ժորղովրդական բնակելի տների գմբեթաձև ծածկերը, որոնք գալիս են հնագույն դարերից, կառուցվել են երկու հիմնական տարբերակներով շինված փայտյա կմախքի վրա։

    Առաջին տարբերակը, առավել հասարակ ու պարզ ձևի, կազմվել է տան պատերին զուգահեռ դրված և աստիճանաբար դեպի երդիկը փոքրացող գերանների շրջանակներից և նրանց միջտարածությունը ծածկող ճեղքված փայտի անտաշ կտորներից:
    Այս ձևը մասսայական տարածում է ունեցել, շինարարական փայտով համեմատաբար հարուստ, հյուսիս-արևելյան շրջանների և Ճորոխի հովտի ու Ղարաբաղի գյուղերում։
    Այն ճանաչվում է մի քանի անուններով՝ կոնդածածկ, սողոմածածկ, սողոմաշեն, ավելի հաճախ ղառնավուշ, ղառնաղուշի և համահնչուն այլ անուններով։

    Գմբեթածածկի փայտյա կմախքի երկրորդ տարբերակը իրականացվել է բազմակողմանի և բազմանկյունանի՝ աստիճանաբար դեպի երդիկը փոքրացող կարճ հեծանների կամ գերանների շրջանակներից:

    Այս տարբերակով ծածկերը տարածված են եղել փայտազուրկ, ձյունառատ ու անձրևոտ շրջաններում և, ամենից շատ՝ Բարձր Հայքում. այն ճանաչվում է Հազարաշեն կամ Հազարաշենք անունով։
    Ամենից շատ այս անունը գործածել են Կարնո, Բայազետի, Բուլանխի, Բասենի, Մուշի, Ալաշկերտի, Սեբաստիայի, Բայբուրտի, Դերջանի, Սասունի, Լենինականի, Ախալքալաքի, Ախալցխայի և սրանց հետ առավել կամ նվազ չափով հաղորդակցության մեջ գտնված շրջանների բնակիչները։

    Բացի այս, հազարաշենին դաստածածկ են ասում Ղուկասյանի, Լենինականի մի քանի գյուղերում, սողոմաքաշ՝ Եղեգնաձորի, Լոռու, Շապին-Գարահիսարի շրջաններում, Ալավերդում՝ Սողոմաքաղ, մի քանի այլ վայրերում՝ սյուրմաքաշ և շուշածածկ և այլն։

    Այս անունները հաճախ խառնաշփոթ կերպով վերագրվում են մերթ այս, մերթ այն ծածկին։
    Այդ աղավաղումները առաջացել են բնակչության մեջ շարունակ տեղի ունեցած տեղաշարժերի և վերաբնակման հետևանքով։


    Այնուամենայնիվ, նրանց մեջ ամենից ժողովրդականը և անաղարտը մնացել է Հազարաշեն անունը, որը առաջացել է ծածկը «հազարավոր» փայտի կտորներով շինված լինելու պատճառով»: (մեջբերումը՝ Ս. Վ. Վարդանյանի՝ «Հազարաշենը և նրա նշանակությունը Հայկական ճարտարապետության մեջ» ուսումնասիրությունից):

    Հայոց հնագույն մեհյաններում Արևի Ճառագայթներով Դիցի քանդակի լուսավորման կարևորությունից, վաղնջական ժամանակներից հայտնի Գլխատներից՝ առաստաղին՝ երդիկով և օջախ-կրակատեղիներով կացարաններից մինչև միջնադարյան պալատներն ու ներկայիս զանազան կառույցներում նրա արձագանքը՝ Հազարաշենը հազարամյակների ընթացքում վեհացրել ու մեր հայացքն ուղղել է միշտ դեպի վեր, դեպի Լույսն Անապական…

    Ազգագրական թանգարանի ցուցասրահի ծածկը, “հազարաշենի” տեսքով, Լուսանկարը՝ Ն. Չիլինգարյանի

    Սարդարապատի Ազգագրական թանգարանում