Արցախ Աշխարհիս խախտված անդորրի խռովքն է մեր մորմոքված սրտերում, ու մեր Անմահ Քաջազունների խրոխտ ու վեհ հայացքներն են մեզ ուղեկից…
Մեծ Հայքի արևելյան հատվածում սփռված՝ սաղարթախիտ անտառներով ու սառնորակ աղբյուրներով հարուստ վսեմաշուք Արցախն իր ռազմական ամրության շնորհիվ դարերի ընթացքում բազմիցս է դիմակայել օտարազգի հրոսակներին՝ պատերազմի ժամանակ բնության զանազան անկյուններում՝ անձավներում ապաստանվելով և երբեմն էլ որպես ռազմական կետեր ծառայեցնելով բնական քարայրները:
Այստեղ սուրբ են Լեռն ու Քարը, Աղբյուրն ու Ծառը՝ իրենց շուրջ հյուսված զանազան ավանդապատումներով…
Լեռներին սրբազան բնույթ վերագրելը (որպես դիցերի բնակավայր), հնագույն շրջանից ի վեր՝ առկա է բազմաթիվ մշակույթներում:
Լեռը նաև հենց Դիցի խորհրդանիշն էր, նրա մի Մասը՝ Մասիքը կամ Մասունքը…
«Վարանդացին հեռու անցեալում և մեծ մասամբ այժմս էլ աստուածացրել է ամբողջ բնութիւնը և ծունր դրել նրա առաջ:
Քիրս լեռը իւր սպիտակափառ գագաթով նուիրական է եղել նրա համար. շատերը ծունր չոքած աղօթել են նրա առաջ:
Դեռ մինչև այժմս էլ Քիրսի աստուածացման վերաբերեալ աւանդութիւններ շրջում են ժողովրդի մէջ և լերան վերայ գտնուող բազմաթիւ ուխտատեղիները խլել են նրանից նրա աստուածացումը»:
Այսպես է սկսել Հայոց մեջ գոյատևած հավատալիքների հետքերը քննող ազգագրագետ, բանահավաք ու հնագետ Երվանդ Լալայանն իր՝ Լեռների պաշտամունքին նվիրված ուսունասիրությունը («Վարանդա», Երկրորդ տարի, Բ գիրք, 1897թ.)՝ շարադրելով տարբեր պատճառներով Լեռանը դիմելով իրենց քարի փոխակերպած կանանց ավանդույթները…
Վարանդան Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկն էր, որը համապատասխանում է ներկայիս Շուշիի և Ասկերանի (մինչև 1930-ակաները՝ Խաչեն) շրջանների տարածքին:
Վարանդա անունն է կրում նաև Քիրս լեռան արևելյան լանջից սկիզբ առնող գետը, նաև՝ Արցախի Մարտունու շրջանի Մարտունի գյուղի երբեմնի անունն էր …
Քիրս անունով գյուղեր կան Բիթլիսի, Սյունիքի շրջաններում…
Հայկական Լեռնաշխարհում՝ Արցախում Քիրսի լեռներով էին նախկինում բաժանվում Վարանդայի և Դիզափայտի մելիքությունները:
Դիզափայտ (Արցախ)
Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր մասը միջին հատվածն է՝ Շուշիի մոտ, Մեծ Քիրս լեռնագագաթը՝ Շուշիից 12 կիլոմետր հարավում՝ 2725 մետր բարձրությամբ, անտառներով շրջապատված…
Մեծ Քիրս լեռն Արցախում
«Վարանդայում կան քարեր ու ժայռեր, որ պաշտւում են. ժողովուրդը ուխտի է գնում նրանց, մոմ վառում, աղօթում և մատաղներ կտրում» (Ազգագրություն, Բ գլուխ, էջ 188):
…«Մի մեծ ժայռ քար էլ Սխտորաշէնի մօտ կայ, որ կարծես մանհիր լինի:
Սրա առաջ չորս սրբազան ծառեր էլ կան, ծածկուած շորի կտորներով:
Բացի սովորական ուխտ անելուց եւ մոմեր վառելուց, ամէն մի անցորդ պարտաւոր է սուրբ քարի մօտից մի փոքրիկ քար վերցնել, դնել սուրբ քարի վրայ եւ մի ուրիշը վայր ձգել:
Մի այսպիսի քար էլ Քարին-տակը գիւղում կայ»:
«Վարանդայում դեռ եւս մնացել է ջրի պաշտամունքը:
Մեղք են համարում ջրի վրայ թքել եւ կամ նախատինքով վերաբերուիլ:
Նորահարսը առաջին անգամ աղբիւրի մօտ գալով, զոհ է բերում նրան ցորեն:
Կիրակի օրերը մոմեր են վառում սուրբ համարուած աղբիւրների առաջ:
Առողջութիւն հայցող հիւանդը մոմեր է վառում, աքաղաղներ զոհում, երկրպագում եւ աղօթում աղբիւրների:
Աղբիւրներից մի քանիսը ամենայն տեսակ, իսկ միւսները մի մի որոշ հիւանդութիւնների բուժիչ սրբատեղիներ են համարւում:
Առաջիններից նշանաւոր են Շօշու գիւղում, ձորակի մէջ գտնուողը, Վերին Սզնէքում «Կանաչ խաչ» անուն աղբիւրը, Հղորդի գիւղում «Մոշ-աղբիւրը», որ իւր անունը ստացել է մօտի մոշի թփերից եւ որի մօտ մի մեծ, պաշտուող կաղնի ծառ կայ. Չանախչի գիւղում` «Մեծ աղբիւրը», որի վրայ մի քանի անգամ լոյս է իջել:
Ներքին Թաղավարդում երկու թքեռնի ծառերի տակ պաղպաչող «Կարմիր աղբիւրը», որի մօտով անցնողը պարտաւորուած մի բան է դնում աղբիւրի քարի վրայ եւ այնտեղից մի ուրիշ բան վերցնում»:
Հայոց կյանքում ծեսերի, տոների, սրբավայրերի նշանակությունը, նրանց դերն ու խորհուրդն ըմբռնելուն մեծապես նպաստում են հնագույն սկզբնաղբյուրները, նաև՝ մեզ հասած զանազան ավանդապատումները (շարունակությունն՝ այլ առիթներով)…
Քաջարի Հայկազունների բոցավառ հայացքի ներքո՝ կառուցենք նրանց սխրանքին արժանի մի Նոր Հայրենիք…
Հայրենիքի ու իր ազգի խնդիրներով մտահոգ մեծ Մտածողներից մեկը՝ Երևանի մոտ, Քանաքեռ գյուղում 1809 թվականին ծնված հայտնի Հայորդին՝ Խաչատուր Աբովյանն իր խորաթափանց մտքով ու հեռատեսությամբ պատգամներ է թողել սերունդներին…
Բնագետ, լեռնագնաց Ֆ.Պարրոտի բնութագրմամբ՝ «Հայոց «լեռների պես վեհ և ձորերի պես խորը անհատականությունը» այլաբանորեն նկարագրում է անտառում՝ «Կացնի» պատճառած ավերներից խիստ զզված-հուսահատված Ծառերի խորհրդակցությունը՝ իրենց կյանքը փրկելու, բարելավելու նպատակով մի ճար գտնելու համար…
Ծառերն, որ մեշումն խիստ շատ զվիրն եկան Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան, Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն, Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի», Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։ «Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞ Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա, Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։ Թե չէ սկիզբը իրան կկտրի, Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։
Պատերազմի քողի ներքո կրկին «կացնահարված» Հայ Ազգն իր ցասմամբ, ի վերջո, «բոլոր կոթերին» պիտի բացառի՝ ճանապարհ հարթելով խրոխտ քայլերով իր Հաղթական առաջընթացին…
«ԲՅՈՒՐ ԱՆԳԱՄՎԱ ԴՈՒ ՓՈ՛ՐՁ ՈՒՆԵՍ ԸՆՁՅՈՒՂՎԵԼՈՒ», Ա՛ԶԳ ԻՄ ՓԱՌԱՊԱՆԾ …
Հայոց հնագույն ավանդույթների ու տոների շարքում բոլորիս հոգեհարազատ՝ Նախնիների հիշատակի օրն է այսօր՝ «Քաղոց ամսվա Վարագ օրը՝ Անմեռաց Տոնը՝ Տոհմի, Տան ու Օջախի Տոնը», ինչպես հիշեցնում է Քուրմ Յարութ Առաքելյանը:
Անմահացած Նախնիների և, միաժամանակ, իրենց զավակների՛ մեջ Անմահություն գտած Նախնիների տոնն է:
Վաղնջական ժամանակներից ի վեր, Ծառը Կյանքի ու նաև՝ Մարդո՛ւ խորհրդանիշն է՝ իր Արմատներով (Մարդն՝ իր նախնիներով) ու Ճյուղերով՝ Ընձյուղներով (Զավակներով), ինչպես և՝ իր Պտուղներով (գործերով)…
Յուրաքանչյուրն իր արմատներո՛վ է սնվում, հզորանում:
Արմատներով Հողի ընդերքից իր սնունդն ու ջուրն է ստանում Ծառը և Երկնքից՝ Արևից, իր կյանքի, գոյության համար անհրաժեշտ լույսը, ջերմությունն ու ցողը…
Իր բազմահազարամյա պատմության ընթացքում, Ծառից բացի Կացնի խորհրդանիշն է նաև կիրառել մեր ազգը:
Հնագույն շրջանում՝ որպես «Երկինքը Երկրից «հատող-բաժանող» խորհրդանշական գործիք»՝ Դիցի ձեռքին («Կումարբիի շարքը»), հետագայում՝ իբրև յուրայինի (մերձավորի) կողմից հասցված վնաս՝ «Կացինին կոթը մեզմէ է»՝ ինչպես գրում էր Լևոն Շանթը…
Ազգի ցավով մորմոքված բանաստեղծուհին՝ Սիլվա Կապուտիկյանն իմաստուն տողերով հիշեցնում էր նաև «կացնի հարվածներից» ինքնապաշտպանության անհրաժեշտությունն ու միջոցը…
ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ
Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն, Ծառն զգում է կացնի շունչը մահատարած, Ծառն զգում է, ինչպես մա՛րդն է ահը զգում:
Ծառն զգում է… Եվ օրհասի իր բնազդով Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից՝ Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ Ու մղում վար, արմատնե՛րն է մղում տենդով:
Զո՜ւր են սրում կացինները, զո՜ւր են սրում, Կարծում են, թե ա՛յդ ես, որ կաս՝ թույլ ու հլու: Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում, Բյուր անգամվա դու փո՛րձ ունես ընձյուղելու…
Արցախի Հողի ամեն անկյունում Հայոց Սրբավայրերն ու Ուխտատեղիներն են՝ մեր հազարամյակների պատմության վկաները…
Ստորև լուսանկարում՝ Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի երկհազարամյա հսկա Սոսին է (Չինարին, Տնջրին), որին անդրադարձել ենք ամիսներ առաջ, առանձին գրառմամբ՝
Հարյուր տարի առաջ, Առաջին Համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի արվարձաններից մեկում՝ Սեվր քաղաքում, Հաղթանակած դաշնակից պետությունների և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության պայմանագիր՝ համաձայն որի Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես Ազատ ու Անկախ պետություն՝ Հայոց պատմական նահանգներով (հատուկ հանձնաժողովի կողմից հստակեցված սահմանագծերով)…
Թե ի՞նչ եղավ օրինական ընթացակարգով և մեծ հանդիսավորությամբ (ընդհանուր համաձայնությամբ) ստորագրված այս կարևոր փաստաթղթի ճակատագիրը՝ քաջ հայտնի է մեզ՝ Հայերիս…
Եթե պաշտոնական արարողակարգով և օրինական գործընթացով բոլոր իրավասու անձանց կողմից ստորագրված այս հույժ կարևոր համաձայնագիրն ընթացք չստացավ, չվավերացվեց, ինչու՞ պիտի այսօր Հայաստանն ընդունի և վավերացնի անօրինական ճանապարհով (նույնիսկ սեփական պետության նախագահի անգիտությամբ) ստորագրված մի թուղթ, որն իրավական ուժ չունի (զինադադարից հետո՝ հակամարտության կարգավորումը բանակցություններով՝ ազգերի ինքնորոշմանը վերաբերող միջազգային օրենքների հարգմամբ):
Հատկապես, որ դեռևս մեկ ամիս առաջ, «Բրիտանացի հայտնի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը հոդված է հրապարակել The Australian թերթում՝ կոշտ քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ըստ Ռոբերտսոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դիմի Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վերջինս սկսի ագրեսիայի հանցագործության հետաքննությունը, «որն Ալիևն իրագործել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»:
Նաև՝ «Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մեկ այլ առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով» (մեջբերումները՝ https://www.shantnews.am/news/view/775872.html):
Հզոր ու Անպարտ Հայկազունների դեմ մարտի ելած թշնամին՝ հանցավոր ահաբեկիչների հրոսակախմբերով համալրված իր բանակով, իր անփառունակ գործունեությամբ կհիշվի՝ որպես բարբարոս ու անքաղաքակիրթ…
Իսկ «անկենդան որոշումը» կյանքի կոչելու ոչ մի առիթ (կամ՝ պատճառ) չունենք:
Դա էլ թող մնա պատմության արխիվներում՝ որպես չվավերացված որոշում…
Միջազգային օրենքների խախտմամբ՝ վարձկան-ահաբեկիչներով ու օրինազանց միջոցներով, մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելով տարածքներ զավթողները համապատասխան օրենքներով պատժվում են, ոչ թե «հաղթանակով» պարգևատրվում («Էս սարն ի՛մն է, էս ծառն ի՛մն է» ասող խաբեբայի վերջն է վաղուց):
Օրեր առաջ ռմբակոծվող, արգելված զենքերից վնասված խաղաղ ազգաբնակչությանն իրենց պապենական Հողից տեղահանելու իրավունք ոչ ոք չունի…
Ընդհակառակը, նրանց կրած վնասների, ընդհատված ու հաշմված կյանքերի համար առավելագույնս պիտի հատուցվի…
Ուրեմն, կեցցե՛ հավերժ վեհաշուք Արցախն իր խրոխտ Հայորդիներով…
Հայաստանի Հանրապետության վարչապետն իր ելույթում նշում է, որ Արցախի բնակչությանը ցեղասպանությունի՛ց փրկելու համար զոհվեցին մեր զինվորները:
Ցեղասպանության հանցանքի և նրա կանխարգելման մասին Միավորված Ազգերի Կազմակերպության հայտնի համաձայնագիրը ստորագրած Հայաստանը պետք է պահանջի մարդկության դեմ հանցանք գործած, օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների միջոցով պատերազմած, արգելված զենքեր կիրառած, պատերազմական ոճիր գործած հանցավորների պատիժ և փոխհատուցում, ոչ թե հայրենազրկի իր տուժած զավակներին…
Ոսոխի ցեղասպան բնույթը փաստող ապացույցներն անթիվ են՝ տարբեր ժամանակահատվածներում և զանազան վայրերում…
Ուստի՝ որպես ոճիրին հաջորդող պատիժ՝ հանցագործությունների հեղինակների՛ն է հարկավոր վերջնագիր ներկայացնել՝ նույն տարբերակով, սեղանին դրված թղթի ստորագրմամբ …
Քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված միջազգային իրավունքները պաշտպանող՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ-ի) Արդարադատության Միջազգային դատարանը՝ տեղակայված Հաագայում (Նիդերլանդներ), արդարության վերահաստատմանը կնպաստի, հուսանք…
Հ.գ. Երկրորդ Համաշխարհային պատերազմի սարսափներն ու դաժանությունները հետագայում կանխելու նպատակով 1959 թվականին ստեղծված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ-ի) տեղն ու իրավասությունը քաջ հայտնի է Հայաստանում…
Մեր սրտերն Արցախում են՝ մեր Քաջարի Հայկազունների Հողում, մեր բոլոր ճանապարհները դեպի Արցախ են ձգվում…
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Միացյալ Ազգերի Կազմակերպության՝ 1948 թվականին ընդունված համաձայնագիրը (կոնվենցիան), ընդունվել է Հայաստանի կողմից և մեր պետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 23-ից (ամբողջական տեքստը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75835):
Հիշյալ համաձայնագրի Հոդված 2-րդ-ում կարդում ենք.
«Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի՝ որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
Ա. Այդ խմբի անդամների սպանությունը
Բ. Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
Գ. Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
Դ. Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
Ե. Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։
Հայաստանի ներկայիս ղեկավարի մասնակցությամբ հայտնի «որոշման» հետևանքով Արցախի տարածքի Հայ բնակչության համար ստեղծվում են իրենց «կյանքի ֆիզիկական ոչնչացման վտանգներ» (Գ. կետ)՝ հաշվի առնելով վերջին հարյուրամյակում Ադրբեջանի տարածքում Հայերի հանդեպ իրականացված կոտորածները (Նախիջևանում այսօր տեղանքի բնիկների՝ Հայ բնակչության իսպառ բացակայությունն ու մշակութային հուշարձանների ոչնչացումը՝ որպես ապացույց) …
Հիշյալ համաձայնագրի 8-րդ Հոդվածի թելադրանքով՝
«Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու և ճնշելու համար»։
Սույն բանաձևի 12-րդ հոդվածի համաձայն՝
«Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այն բոլոր տարածքների կամ ցանկացած տարածքի նկատմամբ, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է»։
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Հայաստանը պարտավոր է ահազանգել համապատասխան կառույցներին՝ հանցավոր լռությամբ հանցակից չլինելու ապագայի հնարավոր ցեղասպանությանը, կանխարգելելով այն՝ հնարավորություն ու բարենպաստ պայմաններ ստեղծել իր նախնիների Հողում, իր Հայրենիքում ապրող Հայորդիների կյանքի ու բարգավաճման համար…
Հ.գ. Նման վտանգի առկայության դեպքում ընդհանրապես չպիտի քննարկվեին Արցախի տարածքները թշնամի պետության իրավասությանը հանձնելու հարցը (հատկապես, երբ Հայաստանի վարչապետը բազմիցս է հնչեցրել ու պնդել, որ Արցախի հարցն ունի լուծման միայն մեկ տարբերակ՝ «Անջատում հանուն փրկության» ( https://www.azatutyun.am/a/30898111.html ):
Նույն կազմով և նույն արագությամբ հարկավոր է անհապաղ ուղղել սխալը…
Ֆրանսիայի Ազգային Գրադարանում պահվում է բացառիկ նշանակության մի Ատլաս, ներկայացված 1920 թվականին, Փարիզում՝ Հայկական Ազգային Պատվիրակության կողմից:
Զ. Խանզադյանի կազմած հիշյալ Ատլասի նպատակն էր հնագույն շրջանից ի վեր գոյություն ունեցող անհերքելի փաստաթղթերի հիման վրա փաստել Հայաստանի Աշխարհագրական Ամբողջականությունը (Հայաստանը որպես աշխարհագրական միավոր):
Անտիկ շրջանի, միջնադարի և հետագայի 25 քարտեզներից բաղկացած այդ Ատլասն ի ցույց են դրել Հայ դիվանագետները՝ Փարիզում կայացած Խաղաղության համաժողովին (Rapport sur l’unité géographique de l’Arménie : atlas historique, fac-similé héliographique des 25 cartes de l’antiquité, du moyen âge, des temps modernes et contemporains (par Z. Khanzadian) ):
Համաձայն խնդրո առարկա Ատլասի՝ ն.թ.ա. 1000 թվականից՝ Հոմերոսի, Հեսիոդոսի շրջանից մինչև Ստրաբոնի, Պտղոմեոսի նկարագրած՝ Հայաստանի սահմանները, նրա Պատմական Աշխարհագրությունը չեն փոփոխվել այդ հեռավոր ժամանակներրց ի վեր, քանզի Բնությունն ինքն է սահմանագծել այդ տարածքը:
Հայաստանը՝ որպես աշխարհագրական միավոր (ամբողջականություն), այսինքն՝ աշխարհագրական դիրքն իր սահմաններով, մի ընդհանուր միասնականություն են՝ բնականորեն տեղանքով ներդաշնակորեն սահմանազատված:
Հայաստանի Աշխարհագրական միասնության վերաբերյալ՝ 100 տարի առաջ կազմված Ատլասում կարդում ենք.
«Հիմնվելով անտիկ շրջանի, միջնադարի և ներկա ժամանակաշրջանի անհերքելի փաստաթղթերի վրա, պետք էր «հստակեցնել Հայաստանի բնական և ազգային սահմանները»՝ հիմնավորելով, հռչակելով Ազատություն և Անկախություն այս ամբողջական Հայաստանի համար, որը, ի հեճուկս իր պատմության շրջադարձերին, բազում դարեր անձեռնմխելի է մնացել:
Ահա ի՛նչ էր պահանջվում և ի՛նչ ենք արել հիանալիորեն»:
«Ստրաբոնի և Պտղոմեոսի հեռավոր ժամանակներից ի վեր, բոլոր աշխարհագրագետները, ճանապարհորդները, բոլոր պատմաբանները հաստատել են Անտիտավրոսի, Տավրոսի, Սև Ծովի և Պարսկաստանի միջև ձգվող երկհարկ ընդարձակ Բարձրավանդակի աշխարհագրական և ցեղային (էթնիկ) միասնականությունը:
Միջնադարի սարսափելի դարերին Հայաստանի Անկախությունն աստիճանաբար կորսվեց. Կիլիկյան Հայաստանի թագավորությունում հաղթականորեն պահպանվեցին Հայրենիքի ավանդույթներն ու հիշողությունները: Օսմանյան տիրապետության օրոք և հետագա ժամանակներում երբեմն փորձեցին ջնջել Հայաստանի անունը, ճնշել նրա բնակչությունը, քծնել (շողոքորթել), սարսափելի կոտորածներով բնաջնջել:
Հայ ժողովրդի Անկախության ոգին մշտապես հակազդեց թշնամիների ճնշումներին:
17-րդ դարում, ճանապարհորդ Տավերնիեն (Tavernier) երկրում հաշվում էր «50 Հայ՝ մեկ մահմեդականի համեմատությամբ»…
19-րդ դարում Հայաստանում առկա Վերազարթոնքը լավագույնս է փաստում այս ազգի անպարտելի (չկործանվող) կենսականությունը»:
«Հայաստան ասելիս՝ թևերս բացվում են»… (Հ.Սահյան)
Ու շարունակվում է Հազարամյակների Ճախրանքը…
Հ.գ. Միջազգային դիվանագիտական հարթակներում և այլուր Հայաստանի տարածքներից խոսելուց առաջ՝ հարկ է ծանոթանալ որոշ քարտեզների…
Աշխարհի զանազան վայրերում պահպանվող հավաքածուներից նշենք Երևանի՝ Հին ձեռագրերի պահոցը՝ Մատենադարանը և Ֆրանսիայի Ազգային Գրադարանը, ուր 1828 թվականից սկսած հավաքվում ու պահվում են հին ու նոր ժամանակների հարյուր հազարավոր բազմաբնույթ քարտեզներ:
Հայոց մեջ քարտեզագրության պատմությանն անդրադարձել է Հայ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, որի հիանալի աշխատությունը՝ «Հայկական քարտեզագրության պատմությունը (մինչև 1918 թ.)» անգլերենով և հայերենով լույս է տեսել 2017 թվականին և ամփոփում է հայերենով գրված կամ հրատարակված՝ այսօր աշխարհի տարբեր երկրներում պահպանվող մոտ 140 քարտեզ:
Ստորև ներկայացված կայքում 2012 թվականին Լոնդոնում հրատարակված՝ «Հայաստանը և Եվրոպան» վերնագրված ուսումնասիրությունն է՝ Հայաստանը՝ զանազան քարտեզներում՝ հնագույն շրջանից ի վեր…
…«Ու կըրակ առա Հայոց հրդեհի կարմիր բոցերից,Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորիցՄասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,Հայոց Աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,Սուրբ Արագածի Կանթեղն էլ, ինչպես հեռավոր Արև,Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև»…
1915 թվականին իր ազգի օրհասական օրերին վշտաբեկ սրտով գրված Թումանյանական հայտնի տողերն են՝ օսմանյան կայսրության ղեկավարների կողմից Հայերի դեմ գործած ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված՝ «Հոգեհանգիստ» բանաստեղծությունից:
Հայոց պատմության դժնդակ ժամանակաշրջաններից մեկում ապրած բանաստեղծը, գրչով պայքարելուց բացի, նաև ազգային, հասարակական բազմաշերտ ու բազմաբնույթ գործունեություն է ծավալել, որի խոսուն վկայություններն են նրա ժամանակակիցների հուշերը, արխիվային զանազան նյութերը…
Իր ազգի հանդեպ նախապատրաստվող ճակատագրական վճռորոշ, ողբերգական դեպքերի, կազմակերպերպվող ցեղասպանության կանխազգացմամբ՝ զենքով ու գրչով պայքարող հանճարեղ մտավորականն ու ազգանվեր գործիչը, իր իմաստուն կեցվածքով ու դիրքորոշմամբ ուղղորդում էր իր ազգակիցներին…
«…Ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակի՛ց է տաճկական գազանություններին ու Հայկական սարսափներին։ Նա պատասխանատու՛ է Հայ ժողովրդի ծով արյան ու Մարդկությա՛ն պատմության առաջ։ Եվ տեղ չկա խուսափելու»։
Դեռևս 1913 թվականին «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածում արտահայտած՝ հանճարեղ Հ. Թումանյանի այս միտքն այսօր էլ արդիական է…
Միանալով աշխարհի տարբեր մասերում բարձրագոչ բողոքող ձայներին ու շարունակելով օրերս Եվրախորհրդարանում հնչած ելույթները, դատապարտու՛մ ենք ցայսօր Արցախում իրականացվող՝ Մարդկության դեմ գործվող հանցագործությունը և կոչ անում ողջ Աշխարհին՝ համախմբված ուժերով անել հնարավորինս՝ ժամ առաջ կասեցնելու այս խոշորամասշտաբ, աննախադեպ ահաբեկչությունը ողջ Հայության հանդեպ, Արցախահայությանն ընձեռելով խաղաղ Կյանքի հնարավորություն՝ իրենց բազմահազարամյա Հայրենիքում…
Եվրախորհրդարանում Թուրքիայի ու Ադրբեջանի՝ համատեղ իրականացնող հանցանքի դեմ հնչած ելույթներից որոշ հատվածներ՝ ստորև տեսանյութում՝ հիշեցնելով ու պահանջելով, որ բոլո՛ր մեղսակիցները պիտի խստագույնս պատժվեն՝ առավելագույն փոխհատուցմամբ՝ ի տես Աշխարհի …
Հավե՜րժ Փառք մեր Ազատության Քաջարի Մարտիկներին, Աննկուն Հայկազուններին…
«ԹԵ ԿԱՐԴԱՍ՝ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՍ» ԿԱՄ՝ «ԽԻՍՏ ՀԵՇՏ Է՝ ԹԵ ՇԱՏ ՈՐՈՆԵՍ»…
Ժամանակակից գիտությունները ծնվել, զարգացել են անհիշելի ժամանակներում:
Նրանց ծագումն՝ այլաբանական ձևով, արտացոլվել է Տիեզերքի, Աշխարհի, Կյանքի ու Մարդու արարման առեղծվածների վերաբերյալ դիցաբանական պատումներում:
Առասպելների այլաբանության մասին նշում են դեռևս պատմիչները, որոնցից է և Խորենացին, ու ներկայիս իմաստասերներն առանձնահատուկ ուշադրությամբ են վերլուծում հազարամյակներ ի վեր «երգվող երգերը»…
Խորհրդավոր մշուշով պարուրված քիմիայի՝ նախագիտական անվամբ՝ ալքիմիայի հնագույն արմատների շուրջ զանազան պատմություններ են հյուսվել:
10-րդ դարի բառագետ Ժան Անտիոքցին (lexicographe Jean d’Antioche) իր «Suidas» -ում գրել է, որ «Ոսկե Գեղմը» այն չէ, ինչ ներկայացվում է առասպելում, այլ՝ մագաղաթի վրա գրված մի մատյան, ուր բացատրվում էր ալքիմիայի միջոցով ոսկի ստանալու եղանակը:
Այդ իսկ պատճառով էլ հնում այն անվանվում էր «Ոսկու Գեղմ»՝ ինչը որ հնարավոր էր իրագործել նրա միջոցով (ոսկի ստանալու գեղմ)… Գեղմը մշակելու, մագաղաթը «ծաղկեցնելու»՝ ձեռագիրը զարդարելու հինավուրց արվեստը քաջ ծանոթ էր մեր նախնիներին:
Հայ անվանի լեզվաբան Աշոտ Աբրահամյանն իր՝ «Հայ գրի ու գրչության պատմություն» աշխատության մեջ նշում է, որ մատաղ անելիս մատաղացու անասունի մորթին հանձնվում էր վանքին՝ մագաղաթ պատրաստելու համար (հնագույն շրջանում՝ մորթին Քրմին էր հանձնվում)…
Վաղնջական ժամանակներից՝ քիմիական առաջին փորձարկումների հետքերը Հայկական Լեռնաշխարհում են՝ մետաղաձուլման հայրենիքում, որտեղից արտահանվելով՝ տարածվել են Միջագետքում, Եգիպտոսում և այլուր, դեռևս ն.թ.ա 4-րդ հազարամյակում:
Ալքիմիական հետազոտությունների արդյունքում ստեղծվեցին ապակյա, ճենապակե և խեցեգործական առարկաներ, բարձրորակ, երփներանգ ներկեր, ավելի ուշ՝ հրավառության խառնուրդներ…
Նախորդելով հետագայում ծաղկած ապակեգործությանը, բնական հրաբխային ապակին՝ վանակատը (օբսիդիանը), անհիշելի ժամանակներից ի վեր կիրառվել է Հայկական Լեռնաշխարհում՝ հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ: Ն.թ.ա 3-1 հազարամյակներում Վանա լճի շրջանից այն տարվել է Պարսից ծոցի և Միջերկրական ավազանի երկրներ… Ն.թ.ա 2-1 հազարամյակների սկզբին վերագրվող, շաղախով պատրաստված ապակե ուլունգներ են հայտնաբերվել Հայաստանում պեղված դամբարաններից:
Ալքիմիայի նախնական գիտելիքների լավագույն գիտակներն էին մեր Քրմերը, որոնք այդ «արվեստը» հմտորեն կիրառում էին զանազան բույսերից բուժամիջոցների և անուշաբույր յուղերի ձեռքբերման, գարեջրի ու գինու խմորմամբ ըմպելիքների պատրաստման, հանքաքարերից մետաղներ կորզելու, համաձուլվածքներ ստանալու ժամանակ…
Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններից՝ Մեծամորից, Վանից, Արմավիրից, Կարմիր Բլուրից, Արտաշատից հայտնաբերված հնագույն մետաղյա իրերը, ջնարակված գունավոր խեցեղենը, սադափափայլ ապակե բարձրարվեստ գտածոները հավաստում են, որ «Որդան կարմիրն» ու «Հայկավն» արտահանող Երկիրը քաջատեղյակ էր «Հերմես Եռամեծի» անվան հետ առնչվող գիտությանը…
Միջնադարյան բազմաթիվ տեքստերից հայտնի է, որ խորհրդանշական ձևով «Փիլիսոփայական Քար» կոչվող նյութի որոնողների՝ ալքիմիկոսների՝ «քիմիարարների» (ըստ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի), գլխավոր նպատակը տարբեր մետաղները (երկաթ, պղինձ, կապար, սնդիկ…) արծաթի և ոսկու փոխակերպելն էր: Վերափոխման այդ արվեստին (գիտությանը) հազվագյուտները տիրապետում էին, հավանաբար: Նշենք, որ ժամանակակից գիտությունը հնարավոր է համարում ատոմի կառուցվածքի նման փոխարկումները…
Ալքիմիկոսներից շատերը միաժամանակ նաև բժիշկներ էին, որոնք զբաղվում էին բույսերից ու այլ նյութերից դեղանյութեր, աղեր, ներկեր պատրաստելով: Եվ, հատկապես, նրանք փնտրում էին նաև հատուկ բաղադրիչների միախառնումով ստացված մի «համադարման»՝ բոլոր հիվանդությունները բուժող «հեղուկ-խառնուրդ» (էլիքսիր), որը կնպաստեր մարդու երիտասարդության պահպանմանն ու կյանքի երկարացմանը…
Փորձանոթներում՝ տարբեր չափաբաժիններով խառնուրդներով, տաքացվող վառարաններում, թորման կաթսաներում իրականացվող ուսումնասիրությունները հետագայում նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության առաջացմանը, նոր նյութերի ստացմանը, մետաղաձուլության, ապակեգործության, խեցեգործության զարգացմանը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների, ապաքինող նյութերի արտադրությանը…
Սաքսի Օգյուստ Առաջինի ալքիմիական վառարանը (1575 թ.)
Համբերատար ու երկար փորձարկումներից հետո ստացված արդյունքների, ձեռքբերումների գաղտնիության ապահովման նպատակով կիրառվել են խորհրդանիշների լեզուն՝ գործածելով զանազան ծածկագրեր, որոնցից շատերը ցարդ վերծանված չեն:
«Մասնագիտական գաղտնիքներն» այլոց չբացահայտելու համար՝ «Ծածուկ արվեստների շարքին» դասվող Ալքիմիայում՝ հասարակ մետաղներն ազնիվ մետաղների փոխակերպմանն առնչվող ուսումնասիրությունները խիստ գաղտնի էին պահվում՝ ժառանգաբար փոխանցելով սերնդեսերունդ՝ հորից՝ որդուն կամ ազգականից՝ ամենամոտ ազգականին:
Բնության գաղտնիքները բացահայտող սևեռուն փորձագետները գտնում էին, որ «գաղտնիքի բացահայտմամբ նրա հզորությունը նվազում է: Ավելին՝ ժողովուրդը ոչինչ չի հասկանա և սխալ գործածության դեպքում այն կարժեզրկվի, նաև՝ չարակամ մարդու ձեռքին աշխարհի համար վնասակար կլինի»…
Ալքիմիական մի ձեռագրում ոչ բացահայտ՝ «մթին ու տարակուսանօք խոսելը»՝ գաղտնապահությունը, հեղինակն այսպես է պատճառաբանում նաև.
«Վարդապետք և երգողք արուեստիս այս մթին և տարակուսանօք խոսեալ են, զի եթէ յայտնի և պարզ խօսեալ էին՝ ամենեքեան իմանային և ուսանէին, և արուեստս այս անարժան լինէր: Եւ կամ պատճառ մի այլ կա. զի մի ոք զկնի իմաստասիրացն ընթեռնոյր և իմանայր և ուսանէր, և վասն նախանձու այրէր կամ կորուսանէր և զինքն իմաստուն ցուցանէր»:
«Այս արվեստիս վարդապետներն ու երգողները մութ և հստակ չեն խոսում, քանզի եթե հայտնի և պարզ խոսեն՝ ամենքը կիմանան և կուսանեն, և արվեստս անարժան կլինի: Եվ կամ մի պատճառ ևս կա. մեկը կընթերցի իմաստասիրությունն ու կիմանա և կուսանի, և նախանձելով՝ կայրի կամ կորստյան կմատնի և իրեն իբրև իմաստուն կներկայացնի»:
Ալքիմիայից բացի, ծածկագրերը կիրառվել են քաղաքական, ռազմական, բժշկական և այլ գաղտնի տեղեկություններ գաղտնագրելու համար:
Ալքիմիական ծածկագրված ձեռագրերում, այլաբանական լեզվով, երկնային յոթ լուսատուների՝ մոլորակների նշանագրերը յոթ մետաղների պայմանական գաղտնագրերն էին (Ոսկին նույնացվում էր Արևի հետ, Արծաթը՝ Լուսնի, Երկաթը՝ Հրատի, Սնդիկը՝ Փայլածուի, Պղինձը՝ Արուսեակի, Անագը՝ Լուսնթագի, Արճիճը՝ Երևակի հետ):
Ալքիմիայում, աստղագիտության և աստղաբանության մեջ Արևի խորհրդանիշ-պատկերագիրը նույնն է՝ շրջանակի մեջ՝ կետ (ամբողջը՝ կենտրոնի շուրջ պտտվող)…
Քրիստոնեության տարածմամբ արգելվեց Հայոց մեհենագրությունը, սակայն մեհենանշանների կիրառումը շարունակվեց՝ տարբեր դրսևորումներով՝ հմայագրեր, մոգական դաջվածքներ, վարպետների նշաններ, եկեղեցիների պատերին՝ մեհենական (Դիցերի) նշաններ, «Նշանագիրք իմաստնոց» ցանկեր…
Միջնադարյան Հայ վիմագրության մեջ և մատենագրությունում գործածվեցին ծածկագրության զանազան ձևեր՝ փակագրությունը՝ երկու կամ ավելի տառերից կազմված՝ հայտնի նաև «կապգիր», «կցագիր» անունով, «կարճաբանութիւնը»՝ սղագրությունը՝ համառոտագրությունը, որը նշանագրության մի ձև է:
Ծածկագրության առանձին «բանալիներ» հրատարակել են որոշ Հայ հետազոտողներ: Նրանցից հիշատակենք բազմավաստակ Կարո Ղաֆադարյանին՝ իր հիանալի՝ «Ալքիմիան պատմական Հայաստանում» (Երևան, 1940 թ.) աշխատությամբ…
Անդրադառնալով ալքիմիական ձեռագրերին, որոնք կոչվել են «Վկայական գիրք», «Աքսիրի գիրք», «Քիմիական գիրք», քննելով-ներկայացնելով նրանցում եղած՝ նյութերի դասակարգման փորձերը, կիրառվող բույսերի, քարերի տեսակների նկարագրությունը, հեղինակը գրում է.
«Ալքիմիայի հարուստ փորձերը ժառանգություն մնացին արդի քիմիային և տնայնագործական արհեստներին» (ակնարկելով «շալ» ներկելու, դաբաղելու, մետաղները տնայնագործական եղանակով հալելու և բազմաթիվ այլ փորձերը…):
Միջնադարյան Ձեռագրաց ցուցակներում՝ հիշատակարանների հետ միասին, ծածկագիր տեքստեր կան, որոնց անդրադարձել է պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանն իր՝ «Հայ գրի և գրչության պատմություն» աշխատության մեջ, ուր հիշատակվում են Մատենադարանի ձեռագրերից վերծանված որոշ ծածկագրեր.
«Թե կարդաս՝ իմաստուն ես» կամ՝ «Խիստ հեշտ է՝ թե շատ որոնես»…
Նյութերի փոխակերպման մասին հնագույն իմացությունն արձագանքվել է 13-րդ դարի Հայ մատենագիր Հովհաննես Երզնկացու՝ «Վասն նյութի ու տեսակի» (1283թ.) աշխատության մեջ, ուր տեղեկություններ կան աղերի, հիմքերի, թթուների, գազերի միացմամբ կամ տարազատմամբ նոր նյութերի առաջացման մասին: Հեղինակը հավատում է Բնության մշտաշարժ ու հարափոփոխ բնույթին, և որ Բնության հիմքում ընկած Նյութը հավիտենական է՝ փոփոխվում է, բայց չի անհետանում…
«Ոսկերչական իրերի, գորգերի, ներկերի, աղերի և ալքիմիական սարքերի ու հարմարանքների արտահանման հետ միասին Հայաստանից արևելյան և արևմտյան երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։
Այդ մասին են վկայում բազմաթիվ այլալեզու և հայերեն ձեռագրեր, որտեղ «փիլիսոփայական քար», «փիլիսոփայական ձու» արտահայտությունների կողքին հանդիպում ենք նաև «հայկական քար», «հայկական ձու» արտահայտություններին։
Ջաբիրի, Վ. Վալենտինիուսի, Ի. Հոլանդի և այլոց աշխատություններում և հայկական ձեռագրերում կա «հայկական աղ» արտահայտությունը, որը համարվում էր «փիլիսոփաների արևը», այն նուրբ ոգին, առանց որի անհնար է «էլիքսիր» պատրաստել։ «Հայկական աղ» ասելով հաճախ հասկանում էին նաև որևէ իրական նյութ։
Տարբեր հեղինակներ այդպես են անվանել մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, անուշադրը և այլն, որոնք հավանորեն արտահանվում էին Հայաստանից։ Հայկական ալքիմիական ձեռագրերը դեռևս վատ են ուսումնասիրված։ Այդ է պատճառը, որ մեծաթիվ չեն մեզ հայտնի հայ ալքիմիկոսների անունները։ Չի վերծանված նրանց թողած դեղագրերի մեծ մասը։
Միայն մասամբ են ուսումնասիրված Ստեփանոս Իմաստասերի, Դանել Աբեղայի, Օհան Թոխաթցու, Ղազար Եպիսկոպոսի, Տեր–Հարություն Էրզրումցու և այլոց գործերը։ Հայկական Ալքիմիայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական աշխատությունները»,- կարդում ենք Երևանում 1974 թվականին հրատարակված՝ «Հայկական Սովետական Հանրագիտարանում» (հ.1, էջ 194):
Հնագիտական հայտնագործությունների շնորհիվ նոր լույս է սփռվում երկաթի ու պողպատի, մետաղամշակության, մետալուրգիակական տեխնիկայի ի հայտ գալու տեղի ու ժամանակի ուսումնասիրությանը վերաբերող հարցերի վրա:
Ն. Ա. Ֆիգուրովսկու՝ մետաղամշակության հայրենիքի որոնումներին նվիրված՝ «Հին Հայաստանը՝ մետալուրգիակական տեխնիկայի բնօրրան» ուսումնասիրության մեջ կարդում ենք.
«Պ. Չանդրա Ռայի աշխատության մեջ նշվում է, որ ոսկին, արծաթը, պղինձը և կապարը, անագային բրոնզը Միջագետքում ավելի շուտ է հայտնի եղել, քան Եգիպտոսում. Կիշում և Ուրում գտնված իրերը թվագրվում են մ.թ.ա. 4.000 թվականով: Փոքր-ինչ ավելի ուշ այդ նույն վայրերում ստացել են անտիմոնային բրոնզ, երբ դեռ Եգիպտոսում այն չկար»:
«Մարտին Լևեյը Հին Միջագետքի քիմիական տեխնոլոգիային նվիրված իր գրքում, որ լույս է տեսել համեմատաբար վերջերս, մասնավորապես նշում է, որ մ.թ.ա 3-րդ հազարամյակում պղինձը Միջագետք է ներմուծվել Անատոլիայից, ավելի կոնկրետ՝ Տիղմուրնից և Դուրկամիտից: Այստեղ զտել — ձուլել են պղինձ և պատրաստել բրոնզ: Այդ քաղաքները գտնվում էին Բողազքյոյից և Քյուլթեփեից արևելք, Վան և Ուրմիա լճերից հյուսիս ընկած շրջանում, այլ խոսքով՝ Հին Հայաստանի տարածքում:
Երկաթի մետալուրգիայի սկզբնավորման մասին ուշագրավ տեղեկություններ կան Բերնար Նեյմանի գրքում, որը հրատարակել է Ֆրայբերգի (Սաքսոնիա) լեռնային ակադեմիան՝ հեղինակի մահից անմիջապես հետո: Բերված տվյալները ցույց են տալիս, որ երկաթե առարկաները (եթե չհաշվենք մետեորիտային երկաթից պատրաստված շատ հին իրերը և այնպիսի կասկածելի գտածոներ, ինչպես, ասենք, Քեոպսի բուրգի որմածքում հայտնաբերված դուրը), առաջին անգամ երևացել են «սեպագիր մշակույթի» ժողովուրդների մոտ, այսինքն՝ Միջագետքում և Ուրարտուում՝ գրեթե նույն շրջաններում, ուր երևան են եկել անագի, կապարի, ծարրի և մկնդեղի բրոնզը (Ի. Լ. Սելիմխանով)»:
«Հնագիտական նոր տվյալների ի հայտ գալուն և մետալուրգիակական տեխնիկայի թանգարանային նմուշների ուսումնասիրմանն ու համադրմանը զուգընթաց, ավելի ու ավելի ակներև է դառնում, որ Հայաստանի ու Փոքր Ասիայի՝ նրան հարող շրջանները հնում եղել են մետալուրգիակական տեխնիկայի՝ պղնձի, բրոնզի, երկաթի, ինչպես նաև պողպատի ձուլման կարևոր օջախներ: Այս եզրահանգմանն է գալիս, մասնավորապես, «Մետաղների պատմությունը» գրքի ճանաչված հեղինակ Լ. Էտչիսոնը, որն իր աշխատության մեջ քանիցս նշում է մետալուրգիակական որոշ եղանակների առանձնահատուկ հնությունը»:
Զանազան միջոցներով ու գործողություններով մետաղներն ու քարերն ազնվացնող գիտությունը՝ ալքիմիան, այլաբանորեն նաև մարդու հոգևոր փոխակերպման խորհուրդն ուներ՝ հոգու մաքրությամբ, զարգացմամբ վերափոխումն առավել կատարյալ ոլորտում…
«Հոգևոր ալքիմիան»՝ հոգեպես կատարելագործումը, «ոսկու» նման ազնվացումն ու Մարդու մեջ Բացարձակ հատկությունների բացահայտումը՝ «անկատար ձևից՝ Կատարյալին անցումը», մի այլ առիթով…
Թե հասկացաք՝ ԻՄԱՍՏՈՒՆ եք…
Ալքիմիայի արհեստանոց (լաբորատորիա), Ֆիլիպ Գալեի փորագրանկարը (մոտ 1575 թ., Հոլանդիա, մասնավոր հավաքածուից)՝ ըստ Յոհան Ստրադանուսի կտավի
«Գյուղական հարսանիք» Լուսանկարը՝ «Հայոց հարսանիքի համայնապատկեր» էջից՝ շնորհակալությամբ
Հայոց ազգային զանազան ծեսերից, տոնախմբություններից՝ «Հարսանեկանն» ամենից ուրախն ու երջանիկն է, թերևս:
Նոր Ընտանիքի, նոր «Պտղաբերության» սկիզբն ազդարարող այս ծեսը մեր ազգային հնագույն հավատալիքների, արարողությունների հարուստ շտեմարան է՝ խտացված բազմաշերտ իր ծիսակարգով:
Վենետիկում, Մխիթարյան միաբանության անդամներին Հայ երաժշտությանը նվիրված իր ուսումնասիրություններին ծանոթացնելիս, Կոմիտասն ասել է.
«Հայ գյուղացու հարսանեկան ծեսը մի ամբողջական օպերա է». (մեջբերումը՝ Մարիաննա Տիգրանյանի՝ «Հայոց ավանդական հարսանեկան գովերգերը հնագույն ծեսի համատեքստում» հիանալի աշխատությունից, ուր մանրամասն ներկայացված են «Ծիսական գովերգերը», բուսական ու կենդանական խորհրդանիշների դերն ու նշանակությունը, «Հինադրեքը»՝ որպես ծիսական հնագույն արարողակարգ… պսակված՝ «Լորկե» Հայկական ավանդական հարսանեկան շուրջպարով):
Ազգագրական ուսումնասիրություններում Հարսանեկան ծեսի նկարագրությունները կան՝ իր տարբեր փուլերով՝ նախապատրաստումից մինչև Հայրական տնից դուրս գալն ու առանցքային իրադարձությունը՝ Հարսի մուտքը փեսայի տուն: Եվ ողջ ընթացքում տոնախմբությունն ուղեկցվում է ծիսական գովերգերով, համեմվում երգիծական կատակախաղերով, կատակերգերով ու բարեմաղթանքներով՝ դրոշմված ազգային հավատալիքների կնիքով…
Կոմիտասագետ, խազագետ ու երգահան Արթուր Շահնազարյանն իր՝ «Կոմիտաս» աշխատության մեջ գրում է.
«Յուրահատուկ էին հարսանյաց երգերը. դրանց ելևէջները, Կոմիտասի համոզմամբ, գալիս էին հնագույն ժամանակներից: Դրանք խորհրդավոր մեղեդիներ էին, որովհետև, ըստ ծեսի, պատկերում էր Արևի (փեսա) և Լուսնի (հարս) ամուսնությունը:
Յոթնօրյա ծեսի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ լուսատուի:
Առաջին օրը Լուսնի օրն էր: Այդ օրը եզը տանում էին հարսի տուն և այնտեղ զոհաբերում: (Հետագայում, Հարսանիքի կարևորագույն ծիսակատարություններից մեկը՝ «Եզմորթեքը», սովորաբար տեղի էր ունենում փեսայի տանը «Տաշտադրեքի»՝ Հաց թխելու ծեսի հաջորդ օրը՝ ուրբաթ առավոտյան՝ զուռնա-դհոլի նվագակցությամբ ու պարերի ուղեկցությամբ՝ մի բաց հրապարակում, ուր հավաքվում էր ողջ գյուղը…Կ.Ա.):
Հաջորդ` Երևակի օրը, հարսի ձեռքերին հինայով նկարում էին նախշ-խորհրդանիշներ, իսկ հարսի ընկերուհիները երգում էին հարսի համար:
Երրորդ` Փայլածուի օրը, գալիս էին՝ հարսին հայրական տանից տանելու. Հարսնառն էր:
Չորրորդ` կենտրոնական օրը, Լուսնթագի օրն էր, և կատարվում էր բուն պսակը եկեղեցում (հնագույն շրջանում՝ Քրմական արարողությամբ, Կ.Ա.), իսկ տանը շարունակվում էր ժողովրդական ծեսը:
Հաջորդ` Լուսաստղի օրը, առավոտից կերուխում էր, երգ ու պար, և անպայման պարում էին հարսն ու փեսան: Այդ պահին փեսան տան մեջ ցորեն էր շաղ տալիս` ստանալով ցանքսի իրավունք, քանի որ չամուսնացածները դրա իրավունքը չունեին:
Հրատի օրը (օր վեցերորդ) հարսն ու փեսան մտնում էին ամուսնական առագաստ:
Վերջին` յոթերորդ օրը, նվիրված էր Արևին: Առավոտյան երիտասարդները հարսի ու փեսայի հետ բարձրանում էին տան կտուրը և Արևին ձոնված երգերով դիմավորում արևածագը: Եվ ամեն օրն ու պահը ուներ իր հատուկ երգը:
Դա տիեզերական ծես էր, և ուրախությունը մարդու հոգում էր: Այդ հարսանիքին չկար հանդիսատես. բոլորը մասնակից էին:
Կոմիտասը զարմացել էր և ափսոսել, թե այսքան դարեր ինչո՞ւ որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել այդ ծեսին, ոչ ոք չէր գրանցել տարաշխարհիկ երգերը:
Ծեսի գլխավոր մասն է կազմում «Թագվորի ծառը»՝ Կենաց ծառի խորհրդանիշը: Փեսային կոչում էին թագվոր, հարսին` թագուհի: Ահա զարդարում են Կենաց ծառը և գովերգում: Ծառի գովքի երգում Կոմիտասը լսում է նախնյաց գողթան երգիչների հեռավոր արձագանքը.
Երկնից, գետնից սուրբ զորությունով, Այն ծառն ծաղիկ էր, Ծառ ծաղկեցավ, Ծառ բազմեցավ` Կանաչ ու կարմիր»:
Հազարամյակների խորքը ձգվող «արմատներով» «Թագվորածառը»՝ «Ուռքը», «Ուրցը», «Նուռքը», շուրջ մեկուկես մետր բարձրությամբ, մոտ 15-20 կիլոգրամ քաշով, յուրօրինակ «Կենաց ծառի» խորհուրդն ուներ՝ անցյալի, ներկայի ու ապագայի իմաստով. արմատները՝ «նախնիք», բունը՝ «Թագվորը՝ Փեսան», ճյուղերը, սաղարթները՝ «ժառանգները»:
Այն պատրաստվում էր հատուկ վարպետների կողմից, պտուղները շարում էին աղջիկներն ու կանայք, դասավորում-հարդարում էին «ազապները»: «Փեսայի ծառի» պատրաստումն ուղեկցվում էր նրա տոհմի, գերդաստանի մեծարմամբ ու գովերգով…
«Ուրցը» շարելիս մրգերի առատությունը պարտադիր էր, հատիկը՝ լիության, միրգը՝ պտղաբերության խորհրդանիշն էր (հատուկ նշանակություն ունեին խնձորն ու նուռը)…
Հարսանեկան գովքերում հաճախ են հիշատակվում նաև ծաղիկները՝ Խունկի ծաղիկը, Անթառամը (Անմեռը, Արևոսկին), Շուշանը, Բալասանը (Հինածաղիկը)…
«Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քե նըման, Քո կանաչ Արևն ի նման, Անթառամ ծաղիկ, որ կուբացվեր, Բացվեր Արևն ի նըման»…
Նաև՝ լուսատուները.
«Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քեզ նման, Քո կանաչ Արևի նման: Էն Արուսեակը, որ ծագէ, Ծագել է Արևի նման»…
Անդրադառնալով Հայրական տնից Հարսին հանելու պահին, երբ խմբակային «Ելի՛ր, ելի՛ր» երգի ուղեկցությամբ ու արցունքոտ աչքերով աղջիկը ոտքի է ելնում՝ շարժվելու դեպի իր «առաքելությունը»՝ ստանձնելու ցեղը շարունակողի դերը, Ա. Շահնազարյանը գրում է.
«Հենց որ ոտքի ելնի, կսկսվի սրբազան խորհուրդը տիեզերական. նա է կրողը կյանքի, ինքը կյանքն է. նա կյանք կտա ու կծնի մի Արևամանուկ և նրա համար կերգի նախնիներից իրեն փոխանցված Արևամոր օրորը, և օրորոցից քիչ հեռու՝ օջախում, կբոցկլտա այն Կրակը, որ վառել են նախնիք հազարամյակներ առաջ քարանձավում ու պարել են շրջանաձև շորորը` դանդաղ ու վեհապանծ…
Նա ոտքի կելնի և կգնա արարելու մի նոր Կյանք, ոտքի կելնի ու կգնա շարունակելու Ցեղը ու փոխանցելու Ցեղի ոգին»:
«Շեմի ծիսերգերից» մեկում երգիծանքով ակնարկվում էր փեսայի տանը հարսի ապագա դերը՝ որպես օջախը երջանկացնող, շենացնող կամ, հակառակ դեպքում՝ դժբախտացնող…
Հարսին դիմավորելու նպատակով Փեսայի մորը տնից դուրս կանչող զվարթ ու կատակային խմբերգը՝ Կոմիտասի հանճարեղ գրառմամբ, հնչում էր համընդհանուր ուրախությամբ.
«Թագվորի՛ մեր, դու՛րս արի, Տե՛ս՝ քեզ ինչե՜ր ենք բերել… Թագվորի՛ մեր, դու՛րս արի, Քեզ ջուր բերող ենք բերել:
Թագվորի՛ մեր, դու՛րս արի, Քեզ թաղդ ավլող ենք բերել: Թագվորի՛ մեր, դու՛րս արի, Քեզ կով կթող ենք բերել:
Թագվորի՛ մեր, դու՛րս արի, Քեզ ճաշ էփող ենք բերել: Թագվորի՛ մեր, դու՛րս արի, Քեզ գլուխ դըմբող ենք բերել»:
Կոմիտասյան գրառումներից մեկում հարսանքավորները՝ երկու խմբի բաժանված, հարց ու պատասխանի ձևով երգում-գովերգում-փառաբանում են Արևն ու Լուսինը խորհրդանշող Փեսային ու Հարսին…
«-Էն Արև, Երկնուց Արև, տեսե՛ք` էն ո՞րն է: -Էն Արև, Երկնուց Արև, մեր Թագավորն է: -Էն Լուսին ամպերի մեջ, տեսե՛ք` էն ո՞րն է: -Էն Լուսին ամպերի մեջ մեր Թագուհին է»:
Տարիներ անց, ամբողջացնելով ծեսը, Կոմիտասն այն դիտարկում էր որպես վաղնջական առասպելի մի մասը՝ Արևի ամուսնությունը Լուսնի հետ…
«Ծեսը դարձել է կանաչ-կարմիր արև, ծիածանաթև շողշողուն երկինք, ճանապարհ դեպի հայրենի Կենաց ծառ, դարձել է հայրենի անդաստանների վրա թևածող ոգու երգ ու կանչ, ամուսնություն Երկնքի ու Երկրի, Արևի և Լուսնի, որից ծնվելու է Գողթան երգիչների երգած Վահագնը` արևաչ ու հրեղեն…»,- գրում է Արթուր Շահնազարյանը՝ Կոմիտասին նվիրված իր աշխատության մեջ:
Հարսանեկան ծեսի արարողակարգում, որպես հնագույն հավատալիքների վերապրուկ, թատերականացված կատակ-պար — ներկայացումներ են եղել, որոնք պահպանվել են ընդհուպ մինչև 20-րդ դարի 2-րդ կեսը՝ Տավուշի, Շիրակի, Ջավախքի գյուղերում…
Ահավասիկ Հ. Պիկիչյանի հիշատակումը՝ հարսանեկան խնջույքի թեժ պահին ներկայացվող «Այծապարի» առիթով, մեջբերված Մ. Տիգրանյանի վերոնշյալ ուսումնասիրությունից.
«Ականատեսների վկայությամբ, այծի փոստի վրա ամրացված պոզերով ու զանգակներով հատուկ վերնազգեստով ծպտված՝ «Այծի պար» պարողը հանկարծ հայտնվում էր՝ բոլորին վախեցնում ու ծիծաղեցնում, ապա գոտուց կախած թարմ ու չոր մրգերով լի զամբյուղի պարունակությունը բաժանում կանանց ու երիտասարդներին: Ապա, կանանց ու տղամարդկանց քաշքշելով, հավաքվածների հրմշտոցից «սատկած» էր ձևանում, հետո վերակենդանանում, նվերներ ստանում և հեռանում»:
Չմոռանանք Հարսանեկան ծիսակարգի գեղեցիկ արարողություններից ևս մեկը՝ հնագույն ժամանակներից եկող «Հինադրեքն»՝ իր խորհուրդով ու հինագովերքի երգերով՝
«Ոսկի թասի մեջ Հինան ենք շաղում, Արծաթե սանրով Ծամերն ենք սանրում»…
Ի վերջո, հիշենք նաև հնուց եկող՝ Հարսանեկան ծեսի խմբակային մի հրաշալի պար՝ հզոր ուժ ճառագող, «Գյովնդ»՝ «Գունդ» անունով, որի տարբերակներից է և «Թագվորի (Փեսայի) Գյովնդը»:
Այս շուրջպարը, որը միաժամանակ պարել են մի քանի հարյուր մասնակիցներով՝ ձեռքներին ճրագակալ-ջահերով, հետագայում՝ ձեռքները կրծքավանդակի բարձրությամբ ճկույթներով բռնած, չափազանց դանդաղ քայլերով են պարում (ըստ իս՝ Արևի շրջապտույտի, Կյանքի խորհուրդն է պարփակում)…
Յուրաքանչյուր գավառ իր հատուկ հարսանեկան տարազն ուներ, որի համար ընդհանուր, կարևոր բաղադրիչներից էին գոտին ու քողը: Հարսանեկան զգեստի կարմիր, կանաչ գույները՝ ոսկեգույն ժապավենաթելերով, Կրակն ու Պտղաբերությունն էին խորհրդանշում, կրվող զարդեղենի նախշազարդերը, մոտիվները՝ բեղունությունը, պտղաբերությունն ու արգասավորությունը…
Հարսանեկան, ինչպես և ընդհանրապես՝ Հայ կնոջ տարազում գոտին, նրա ճարմանդը, զանազան կախազարդերը՝ կախիկ-բոժոժները, քունքազարդերը, քունքերի մոտի մարգարտաշարերը, ապարանջանը, թանկարժեք քարերով ու արծաթե, ոսկի մետաղադրամներով զարդարված ճակատազարդերը … չարը վանող հմայիլ-պահպանակների դերն ունեին:
Ճարմանդ
«Տեղ ոսկի տեղայր Ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ Ի հարսնութեանն Սաթենկանն»։
Գողթան Երգերից մեզ հասած հիշյալ պատառիկն աշխարհաբարով՝
«Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ, Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության ժամանակ»…
Գանձակեցի նորահարս
Հարսանեկան հագուստ (20-րդ դարի սկիզբ)
Հարսանեկան տարազ, Բարձր Հայք, 19-րդ դար Նկ. Ֆ. Գրիգորյան Լուսանկարը՝ «Հայոց հարսանիքի համայնապատկեր» էջից՝ շնորհակալությամբ