«Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան: Զոհագործե՛ սեղանիդ վրա՝ ուր դարե՜ր, Փեթակներուս մեղրամոմերը դեղձան Լույս ու արցունք են հոսեր»:
Հատված՝ Դ. Վարուժանի՝ «Հացին երգը» շարքից՝ «Խաչբուռից»
Հնագույն շրջանից, մեր նախնիներից մեզ հասած հիանալի մի տոն է Անդաստանը՝ հանդերի, արտերի, այգիների և, առհասարակ, ցանքսերի, պարտեզների օրհնության ծեսը՝ միշտ բազմամարդ ու կենսախինդ Անդաստանօրհնեքը:
Տարվա ընթացքում մի քանի անգամ, տարբեր տոների կապակցությամբ տրվող «Անդաստանի» արարողությամբ օրհնվում են Աշխարհի, մասնավորապես, Հայոց Աշխարհի չորս կողմերը, Հայրենիքի քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, սրբավայրերը, արտերն ու պտղաբերությունը, «անդաստանների ու բուրաստանների բեղմնավորությունը», որպեսզի բերրիություն լինի՝
«Ամէն աստղէ ցօղ կայլակի, Ու ամէն հասկ ձուլէ ոսկի»…
Արտահայտված ցանկությունը՝ նրա իրագործման համար կատարված խորհրդանշական հմայական արարողությունից հետո, ակնկալվող գոհացուցիչ արդյունքն էր տալիս, անկասկած…
Վաղնջական ժամանակներից ի վեր առաջին բերքը, պտուղը՝ բույսերի, անասունների, աշխատանքի, նվիրաբերվում-ընծայվում էր Դիցերին՝ որպես Երախայրիք՝ «Նախընծայ»:
Նորատունկ ծառի առաջին պտուղը՝ Բարունակը՝ խաղողի պտղաբեր ոստը՝ որթի երկայն ուռը (մատը), որ բերք է տալիս և հատվում մյուս տարին, կամ այլ տնկիների ոստերը՝ ևս. «Երկայնատարած ուռն որթոյ և ոստք այլոց տնկոց. որպէս բարւոյ ունակ կամ բերունակ» (մարդկանց համար՝ «բարեբեր շառավիղ»՝ ժառանգների համար):
Անդրանիկ զավակը՝ նույնպես (ինչպես Խորենացու հիշատակած՝ Անուշավան Սոսանվերը):
Ծիսական խորհուրդով՝ Ծառի ճյուղերի՝ ոստերի կապոցը՝ Բարսմունքը ձեռքին է Քուրմն աղոթքի պահին՝ Սրբազան Կրակի՝ Ատրուշանի առաջ… Եվ ոստերն ընտրվում էին տոնին համապատասխան՝ ուռենի, հասկ, սոսենի, մայրի…
Կոմիտասյան՝ «Նոճիներն ու Մայրիներ» հայտնի երգին համահունչ.
«Մուգ նոճիներ միգապար՝ Ճամբի վերեւ սիգապար՝ Դէպի երկինք հըրազայր, Կանաչ յուսով սըրածայր, Ճիւղերն ի վեր կոնաւոր՝ Կարծես լինին տօնաւոր։
Սահմի ամսվա Աստղիկ օրը՝ օգոստոսի 24-ին տոնվող Խաղողօրհնեքին և Սահմի ամսվա Անահիտ օրը՝ սեպտեմբերի 5-ին՝ Հացօրհնեքին Մայր Հողի բարիքները Մայր Դիցուհիներին էին ընծայվում՝ Աստղիկին և Ոսկեհատ Ոսկեմօրը՝ Անահիտին՝ «Սնուցող Մորը»…
«Արքան Առաջին Ցորենի հասկերն ու հատիկները, ի նշան Կյանքի Սերմի, նվիրաբերում էր նախնյաց Խորանին՝ Նախնիների հիշատակի և ազգի շարունակականության իմաստով:
Փառաբանվում էր Անահիտ Դիցամայրը՝ իր շնորհած բարիքների և հովանավորության համար:
Ցորենի բերքից ստացված Հացով և Խաղողօրհնեքի դեռ «կույս» գինով (մաճառով), մրգերով ու քաղցրավենիքով տոնական հանդիսավոր խրախճանքն էր:
Տոնի ընթացքում շուրջպար էին բռնում ցորենի՝ արդեն հնձված դաշտերում և պարերի մոգական զորությամբ Հողը «պատրաստում էին» աշնանացանի շրջանին:
Տոնակատարության ժամանակ արտերում Քրմերը ներկաներին բաժանում էին Խորանի վրա դրված և ծեսի ընթացքում օրհնված Ցորենի Հասկերը, որոնք կախվում էին տան տարբեր մասերում՝ օջախի մոտ (հացատանը)՝ ի նշան բերքառատության և օրհնության:
Նաև՝ օրհնված Ցորենի հատիկներ էին բաժանվում ժողովրդին, որոնք դրվում էին սերմնացու ցորենի պարկերում և աշնանացանին ցանվում դաշտում» (ինչպես Ծառզարդարին»՝ ուռենու օրհնված ոստերն են բաժանվում՝ Անդաստանի կարգից հետո և պահվում մինչև հաջորդ Ծառզարդար):
Որպես հազարամյակների հեռվից հնչող «Օրհնութիւն»՝ Դ. Վարուժանի խորախորհուրդ գրչով՝
«Ափ մը ցորյան ափերուդ մեջ Թո՛ղ լեցնեմ, կտրի՛ճ Որդիս, Կտրի՛ճ Որդիս, գոտի՛ն մեջքիս. Թո՛ղ մաճակալ բազուկներեդ Քսան ցուլի արյուն անցնի, Եվ եղևնի քո հասակեդ Քսան տունի սյունը կանգնի. Ու երբ թիվովը մատերուդ Սերմանես քու սերմնըցուն՝ Հնձես թիվո՜վն աստղերուն»…
Կրկին Դանիէլ Վարուժանից՝
ԱՆԴԱՍՏԱՆ
Արեւելեան կողմն աշխարհի Խաղաղութի՜ւն թող ըլլայ… Ո՜չ արիւններ, քրտինք հոսին Լայն երակին մէջ ակօսին. Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՝ Օրհներգութ՜իւն թող ըլլայ։
Արեւմտեան կողմն աշխարհի Բերրիութի՜ւն թող ըլլայ… Ամէն աստղէ ցօղ կայլակի, Ու ամէն հասկ ձուլէ ոսկի. Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛ Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։
Հիւսիսային կողն աշխարհի Առատութի՜ւն թող ըլլայ… Ոսկի ծովուն մէջ ցորեանին Յաւէտ լողայ թող գերանդին. Ու լայն ամբարն աղուներուն երբ բացուի՛ Բերկրութիւն թող ըլլայ։
Հարաւային կողմն աշխարհի Պըտղաբերում թող ըլլայ… Ծաղկի՜ մեղրը փեթակներուն, Յորդի՜ գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛ Սիրերգութի՜ւն թող ըլլայ։
Հայկական Լեռնաշխարհում ու նրա շուրջ սփռված տարածքներում հնագիտական պեղումներից հայտնաբերվել են բազմաթիվ գլանաձև կնիքներ:
Աշխարհի տարբեր թանգարաններում պահվող՝ հազարամյակների «կնիքը» կրող այդ զանազան գտածոները, խոնավ կավի վրա դրոշմելով, իրենց թողած հետքով «կնքում»՝ հավաստում էին պատասխանատու անձի ինքնությունը կամ մի որևէ գործարք՝ սեփականության իրավունքի հաստատում, առևտրական հաշվարկի, մի գործողության համաձայնություն (ներկայումս նույն դերն ունեն ստորագրությունն ու կնիքը)…
Ն.թ.ա 4-րդ հազարամյակի վերջից արդեն, միջագետքյան «քաղաք-պետությունների» ի հայտ գալուն զուգընթաց, գրի ստեղծման անհրաժեշտության հետ մեկտեղ, լայնորեն գործածվում են հիշյալ կնիքները՝ փակված կարասների, դռների, սեպագիր սալիկների «կնքման» նպատակով նաև …
Հայաստանի տարբեր շրջաններից (Կարմիր Բլուրի հնավայրից, Դվինից…) հայտնաբերված՝ անձի ինքնությունը հաստատող կավե «վկայական-գրավականները» պատրաստվում էին հատուկ կավատեսակներից՝ հաճախ այլ նյութերի խառնուրդով:
«Միտանիի» ժամանակաշրջանի գլանաձև կնիքներ են հայտնաբերվել Լոռի Բերդի՝ շուրջ 44 տարիների (1969-2013թթ.) պեղումների արդյունքում (ցեղապետների, Քրմական դասի ներկայացուցիչների, ռազմական առաջնորդների, իշխանների մոտ 11 դամբարաններ են պեղվել), Մեծամորում՝ կարմիր ագաթե կնիք, Թագավորանիստի պեղումներից՝ ամբողջական պահպանված անոթի, իլիկի, ուլունգների կողքին՝ մոտ 3 սանտիմետրանոց քարե եղևնազարդ գլանաձև կնիք (բիայնական՝ ուրարտական շրջանից):
Հայկական Լեռնաշխարհում նմանատիպ կնիք-ուլունգներ կիրառվել են ն.թ.ա 3-րդ հազարամյակի առաջին կեսից մինչև ն.թ.ա. 2-րդ հազարամյակ (նմուշներ կան Արթիկից, Հառիճրից, Նորատուսից, Ներքին Գետաշենի դամբարաններից…):
Կնիքների մի մասը ներսում ուներ դատարկ՝ խողովակաձև խոռոչ, որի միջով անցկացված թելով կապվում էին վզին՝ միշտ կրելով իրենց հետ (նաև՝ որպես զարդարանք ու հմայիլ էին):
Ռազմի տեսարաններով, տարբեր կենդանիների պատկերներով, այլազան զարդամոտիվներով ձևավորված կնքաքարերից բացի, «կնիքի» դեր ուներ և մատանին, որը կրելու իրավունքը վերապահվում էր թագավորին, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներին, բարձր ու միջին իշխանական դասին, խոշոր առևտրականներին:
Փաստաթուղթը վավերական էր միայն գրավոր տեքստի ու «Կավի»՝ Կնիքի առկայության դեպքում…
Ցարդ որոշ կարևոր փաստաթղթերի վրա ևս իսկությունը հաստատող զմռսված կնիքներ են գործածվում (հավաստագրման կնիքը), նամակները կնքելու համար վերևից մոմապատվում էին և մատանիով կնքվում (սոսենու խեժից էին պատրաստում նաև):
Անձի հետ նույնականացվող կնիքի դերի վերաբերյալ հետաքրքիր դրվագ է շարադրել 10-րդ դարի պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսին՝ Շապուհ Բ-ի’ հռոմեական գերությունից փախուստի պատմության առիթով:
«Արքայից-արքան (Շապուհ Բ-ն) այգեպանից խնդրում է փափուկ մի կավագունդ, կնքում անձնական’ արքայական մատանիով և խնդրում այգեպանին այն ուղարկել Պարսից Մոգպետաց Մոգպետին: Վերջինս, տեսնելով կնքադրոշմը, ուրախանում է և ժողովրդին հայտնում, թե արքայից-արքան ողջ է»:
Օմար Խայամի խոսքերով՝ «Արքայազնի մատն առանց մատանու նույնն է, ինչ բանակն առանց դրոշի, նույնն է, ինչ մեջքն՝ առանց գոտու» ( գոտին մեծ խորհուրդ ունի՝ որպես բարձր իշխանության ցուցիչ, միաժամանակ՝ պահպանիչ, չարխափան հուռութք՝ հմայիլ):
«Արքայազնի նամակն առանց կնիքի’ նշան է մտքի թուլության և ոչ լավ մտադրությունների, իսկ գանձարանն առանց կնիքի’ նշան է անզգուշության և վատ պահպանվածության: Բոլոր զարդերը, որ ունեն մարդիկ, կարող են կրել կամ չկրել. միայն մատանին է, որ միշտ պետք է կրել»: (Մեջբերումները՝ Նյուռա Հակոբյանի և Աղավնի Ժամկոչյանի հեղինակությամբ՝ «Հայ-սասանյան մշակութային հարաբերությունների պատմությունից (խաչադրոշմ կնիքներ և կնքադրոշմներ)» ուսումնասիրությունից):
Առանց պաշտոնական կնիքի ուղարկված գրությունը՝ նամակ կամ փաստաթուղթ, դիտվում էր որպես «անվավեր»:
Ահավասիկ մի վկայություն՝ պատմիչներից, ընտրված վերոհիշյալ ուսումնասիրությունից:
«Մի անգամ մարգարեն արքայից-արքային (Խոսրով Բ. Փարվեզին) հղած նամակը չէր կնքել անձնական պաշտոնական կնիք-մատանիով, և արքայից-արքան առանց այն բանալու պատռել էր’ ասելով, թե նամակն առանց կնիքի նույնն է, ինչ գլուխն՝ առանց խույրի, և նրա տերն իրավունք չունի մասնակցելու արքայական խորհրդաժողովներին»:
Համարվելով հոգևոր և բարձրագույն իշխանության, գերակա իրավունքի խորհրդանիշ՝ կնիքները պատրաստվում էին գույնզգույն, տարբեր երանգների թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից (նռնաքար, սարդիոն (եղնգնաքար), լաջվարդ, հակինթ, հասպիս…):
Արքայական «լուսաշող հակինթե և լազուր փիրուզե մատանին» նրա հաղթանակի գրավականն էր ու չարից պահպանող հմայիլը նաև:
Միջագետքում կիսաթանկարժեք քարերի բացակայության պատճառով՝ հեռավոր երկրներից էին ներկրվում կնիքների պատրաստման համար փորագրվող քարերը (ստորև՝ մի քարտեզ՝ նրանց երկար ձգվող ճանապարհներով)…
« ժ . դարի արաբ պատմիչ Տահշիյարին հաղորդում է, որ Սասանյան հարստության հիմնադիր Արդաշիրն ունեցել է չորս կնիք, որոնց վրա փորագրված է եղել. զինվորականների համար’ «Տոկունություն», հարկերի, ֆինանսների և շինարարության գծով’ «Հաստատում եմ», փոստի’ «Աճապարանք», իսկ դատական գործերի համար’ «Արդարություն» » (մեջբերումը՝ Ն. Հակոբյանի և Ա. Ժամկոչյանի՝ նշված ուսումնասիրությունից):
Արքայական հրովարտակները, վճիռներն ու բոլոր պաշտոնական փաստաթղթերը կնքվում էին իրենց նմանը չունեցող մատանի-կնիքներով:
«Եւ կնքեալ թագաւորն արքունի մատանեաւ»,- գրում է 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին: Վերջինս հիշատակում է և «վարազգիր մատանիներով կնքված թղթերը»:
Հայաստանի Պատմության Պետական Թանգարանի հավաքածուի նմուշների թվում Դվինի պեղումներից գտնված «վարազգիր» կնիք-մատանի կա:
«Եւ հանեալ զնոսա անտի’ տայ զմատանի ի ձեռս Աշոտոյ եւ տիրեցուցանէ սեփական ժառանգութեանն», («Թովմայի վրդ. Արծրունւոյ Պատմութիւն տանն Արծրունեաց», Թիֆլիս, 1887, էջ 445):
Անձնական լինելով հանդերձ, կնիքը կարող էր փոխվել տիրոջ կյանքի ընթացքում (հատկապես՝ մասնագիտական փոփոխության դեպքում):
Երբեմն կիրառվել են նաև նախնիների կնիքը՝ որպես ընտանիքի, գերդաստանի խորհրդանիշ…
Կնիքը նաև մեծ խորհուրդ ուներ՝ այլաբանական իմաստով …
ԿՆՔԵԼ, ԴՐՈՇՄԵԼ, ՏՊԵԼ …
Առօրյայում կիրառվող բազմաթիվ բառեր՝ արտաքուստ պարզ ու հասարակ, իրականում՝ զարմանալիորեն խորիմաստ, հնագույն իմաստության մի ուրույն շտեմարան են, ուր մի ողջ աշխարհայացք է ամբարված…
«Տպագիր» այս տողերի «տպավորիչ» ու «գեղեցկատիպ» շարադրանքն ըմբռնելու նպատակով ծանոթանանք հայերենի տարբեր բառարաններում հանդիպող՝ «Տիպ» բառի բացատրություններին…
«Տիպ»-ը, ինչպես մեկնաբանվում է «Բացատրական բառարանում»՝ կարծր նյութի վրա փորագրված պատկերը կամ նշանն է, որը, խփելով մի կակուղ նյութի վրա, ստացվում է փորագրված պատկերի դրոշմը:
«Արմատական բառարանում» գտնում ենք հետևյալ մեկնաբանությունները.
«Տիպ»՝ «Կնքի նշան, օրինակ, դրոշմուածք, նմանութիւն, կերպարանք, ձև», նաև՝ «Նշան, դրամի կնիք, հետք, շավիղ, պատկեր, գաղափար, օրինակ, նախատիպ, տիպար, խորհրդավոր նշան, այլաբանություն»…
Արարչության, ընդհանրապես, Կյանքի գոյության իմաստի շուրջ մարդը մտորել է վաղնջական ժամանակներից ի վեր:
Տիեզերքում Մարդու դերը, գիտակցական աշխարհի սահմանները և նմանատիպ այլ հարցերն իմաստասերների քննարկումների հիմնախնդիրներից են երկար ժամանակ: Հավերժական ու բացարձակ ճշմարտությունների որոնման և հայտնագործման ուղիները շարունակվում են այսօր նույնպես…
Ինքն իրեն ճանաչելով ողջ Տիեզերքի խորհուրդը հայտնաբերելու հորդորն էր հնագույն շրջանից մեր նախնիներին քաջ հայտնի՝ «Ծանի՛ր զքեզ» պատվիրանը:
Հին Աշխարհից եկող՝ հոգևոր մշակույթի, մարդկանց աշխարհայացքի ձևավորմանը նպաստող իմաստասիրական երկերը ցարդ արդիական են և ուսանելի:
5-6-րդ դարերում ապրած Հայ նշանավոր մտածող Դավիթ Անհաղթը համարում էր, որ «Իմաստասիրությունը (փիլիսոփայությունը) Մարդու բոլոր գործերից ամենագեղեցիկն ու պատվաբերն է», քանզի նրա կոչումը Մարդու՝ կատարելության հասնելու ձևերին ու մեթոդներին նպաստելն է…
Թեև քրիստոնեության տարածումից հետո իմաստասիրական հարցերի քննարկումները քրիստոնեության բարոյականության համածիրում էին դիտարկվում՝ մեկնաբանությունները շղարշելով համապատասխան մտածողությամբ, այնուամենայնիվ, հնագույն շրջանից ժառանգված հիմքը զգալիորեն պահպանվել է Հայ իմաստասերների երկերում:
Դ. Անհաղթի խոսքերով՝ «Մտաց և հանճարոյ ընդունակ»՝ «Մտածելու և գիտության ընդունակ մահկանացուներին» կրթող մեր մտածողները մարդու հոգու և մարմնի խնամքի, կրթության, առաքինությունների ձեռքբերման հարցերի շուրջ բարոյախրատական զրույցներ էին ծավալում, որոնք արդիական են հնչում և այսօր:
Ի տարբերություն մյուս արարածների՝ «բարին ու չարը» զանազանող և նրանց միջև ընտրություն կատարող բանական մարդու կամքի դրսևորումները՝ արարքներն ուղղորդելու նպատակով մանկու՛ց սկսված դաստիարակությունն էր կարևորվում (ինչպես գործում էին Իմաստուն Քրմերը՝ գիտելիքների փոխանցման համար վաղ հասակից կրթելով)…
Անդրադառնալով գիտելիքը պատանի հոգու՝ մոմի պես փխրուն զգայարանների մեջ ավելի հեշտությամբ, խորը դաջվելուն, Գրիգոր Տաթևացին գրում է. «Վասն է՞ր տղայն առաւել ուսանի, քան զմեծն… Նախ, զի զգայարանքն նոցա՝ որպէս զկակուղ մոմ, առաւել ընդունի զտիպն» ( Գրիգոր Տաթևացի, «Գիրք Հարցմանց», էջ 251):
Ի տարբերություն ամուր, արդեն ձևավորված զգայարաններ ունեցող մեծահասակների, դեռևս անփորձ, «տպավորվող» հոգիներն առավել դյուրին են ենթակա ուսուցման, բացի այդ՝ այստեղ, ինչպես դատարկ գրատախտակի վրա, գիտելիքների «գծագրությունները» դրոշմվում են ճշգրիտ՝ չաղճատվելով արդեն եղածներից…
Հնագույն ժամանակներից եկող՝ Հոգու անաղարտության գաղափարն արծարծել է Պլատոնը՝ «մաշված-հնացած, խորդուբորդ ու աղտոտված մոմի վրա» պատկերներն այլակերպված կլինեն:
Նախկին իրադարձություններից մնացած հետքերը վերացնելու կարևոր միջոցներից էր երաժշտությունը՝ լսողությանը հաճելի երգերով միտքն ու հոգին մաքրելու նպատակով («…Երգեալ՝ մաքրեն ի մտաց նոցա զմարմնական տիպս»):
Մոմի հետ համեմատվող հոգիներում «Դրոշմելու»՝ հետք թողնելու, «Կնիք» դնելու գաղափարը, «Կնիքի» խորհրդանշական իմաստը բազմաթիվ դրսևորումներով է պահպանվել:
Մոգական Խորանի վրա՝ Դիցի Խորհրդանիշ-Կնիքն է դրվում, Մոգական Կնիքում Մոգի կամքն է խտացված՝ «գծված-նկարված»՝ Քուրմ Յարութ Առաքելեանի մեկնաբանությամբ, ի նշանավորումն հոգևոր բարձր աստիճանի՝ Քրմի գլուխը Յուղով է օծվում՝ (դրոշմվում), ի վերջո, մինչ օրս՝ «կնունքի արարողությունն» է շարունակվում…
Եվս մի քանի րոպե՝ Դրոշմի «առեղծվածային» ընթացքով հիանալու հնարավորությամբ՝ սեղմելով ստորև ներկայացված հասցեին.
Նաև՝ Հին Աշխարհից եկած՝ գլանաձև «Կնիքների Պարը»՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուից (L.Delaporte-ի՝ 1910 թվականին հրապարակած կատալոգից, եթե դեռ ազատ ժամանակ ունեք)…
Հ.գ. Նախապես շնորհակալություն՝ գրառումներս ձեր հավանումների պայմանական նշաններով ու մեկնաբանություններով յուրատեսակ ձևով «կնքելու» համար…
Գլանաձև կնիքի մի նմուշ՝ Փարիզի՝ Լուվրի թանգարանի հավաքածուից
Միտանիից՝ Մայր Տունի թագավորությունից՝ Նաիրիից մնացած, ն.թ.ա 15-13-րդ դարերով թվագրվող հազվագյուտ մի գլանաձև կնիք՝ պատրաստված «Եգիպտական կապույտով»…
Բրիտանական թանգարանում պահպանվող՝ «Կնքված սեպագիր սալիկ»՝ Միտանիի՝ Նաիրիի արքա Շոշտատարին (կամ՝ Սոստատար, Shaushtatar) ներկայացված իրավական մի հարցին վերաբերող տեքստով… Հայտնաբերվել է Ալալախում (ներկայիս՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանագծին)
Կնիքների համար գործածված տարատեսակ քարերից…
Կնքաքարերի և դաջվածքների չափերի համեմատությունը (ժամանակակից դրոշմվածքով)
Մեծամորից հայտնաբերված կնիքի դաջվածքը
Սեպագիր սալիկներ՝ որպես ստորագրություն թողնված կնիքով…
Փարիզում՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանում պահվող խաղաքարտերի հավաքածուն՝ Հայկական մետաղադրամների ճշգրիտ պատկերմամբ… Լուսանկարը հետևյալ կայքից՝ https://antiquitebnf.hypotheses.org/10692
Զանազան առիթներով հաճախ է հիշատակվում Հայերի ներկայությունն ու գործունեությունն Իտալիայում՝ հեռավոր ժամանակներից ի վեր:
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյանների Միաբանությունից մինչև Հերակլիոս կայսեր Հայ զորավար Իսահակը (639թ.), Հայ փոխարքա Պատրիկ Ներսես Հայկազը կամ Սբ. Մարկոս հրապարակի համանուն տաճարի մուտքի վերնամասը հարդարող քառաձի արձանախումբը՝ Հռոմում իր թագադրության առիթով 66 թվականին Տրդատ թագավորի կողմից Ներոնին ընծայված բարակ, մաքուր ոսկեշերտով պատված պղնձե քանդակները (ըստ 1980 թվականին արված քննության), որոնց հեղինակությունը վերագրվում է ն.թ.ա 4-րդ դարի հույն քանդակագործ Լիսիպոսին (Lysippe de Sicyone). (արտաքին անբարենպաստ ազդեցությունից զերծ պահելու նպատակով ներկայումս բնօրինակը պահպանվում է բազիլիկի ներսում՝ դրսում ցուցադրելով ընդօրինակումը):
Օտար աղբյուրներում Հայերի ու Հայաստանի մասին հիշատակվում է նաև Իտալիայում խաղաքարտերի ծագման պատմության առնչությամբ:
Հարցն ուսումնասիրողները բացառել են Եվրոպական երկրներում միջնադարում արաբների կողմից խաղաքարտերի տարածումը՝ հաշվի առնելով Ղուրանի գլխավոր պատվիրաններից երկուսը, որոնք արգելում են պատահական բախտախաղերով տարվելն ու մարդկանց պատկերելը (ի հակադրություն ճատրակի, ուր հաղթանակը ճշգրիտ հաշվարկված մարտավարությունն է ապահովում, խաղաքարտերում պատահականությունն է որոշիչը)…
Նաև՝ որևէ մուսուլման հեղինակի մոտ խաղաքարտերի մասին հիշատակություն չկա (նույնիսկ՝ «Հազար ու մի գիշերներում» չեն հիշվում):
«Նիկոլա դը Տուչիայի գրության մեջ, 1379 թվականին, պատմաբան G.van Rijnberk-ն արդեն ի հայտ է բերել մի զարմանալի զուգադիպություն «sarrasin» անվան, որը «Նաիբի» խաղն է բերել Վիտերբ, մի ոմն Հայիլ (Hayl) Հայկի հետ, անուն, որը Հայի է մատնանշում»:
Մի փոքր պարզաբանենք՝ Վիտերբն Իտալիայի քաղաքներից է, «sarrasin» (թարգմանաբար նշանակում է «հնդկացորեն») օտարազգիներին էին ասում, «Նաիբ»-ը խաղաքարտերի կերպարներից մեկն է՝ «փոխարքան», որից էլ՝ խաղի անվանումը Եվրոպայում՝ պարսկերեն «գանջիֆա» (թղթախաղ) բառի դժվար արտասանության պատճառով… Ֆրանսիայում թղթախաղերը հիշատակվում են 1393 թվականից:Շարունակենք վերոնշյալ հոդվածի թարգմանությունը.
«Բայց սա («Հայկ» անունը, Կ.Ա.) զուտ երկրորդական (անկարևոր) ցուցում չէ, եթե ուսումնասիրենք Հայաստանի պատմությունը 14-րդ դարի վերջին շրջանում, երբ վճռորոշ մի փուլ էր (Հայաստանի համար, Կ.Ա.) և որ Հայոց պատմությունն սկսվում է Ազգի Հայր համարվող Հայկ Նահապետի հետ կապվող ավանդապատումով, որը, համաձայն Մովսես Խորենացու՝ Բաբելոնի դեմ ապստամբողներից առաջինն էր:
14-րդ դարում Ռուբենյանների արքայական տոհմը, այլևս արու ժառանգ չունենալով, հրավիրել էին ֆրանսիական Լուսինյան ընտանիքի իշխաններից՝ իրենց հաջորդելու համար: Մերժվելով Լուսինյաններից, Հայկական փոքրիկ թագավորությունը, քրիստոնյա Եվրոպայի կողմից լքվելով, փլուզվում էր մամլուքների կրկնվող հարձակումներից, որոնց հերոսաբար պայքարով դիմակայում էր 200 տարվա ընթացքում: Այսպիսով, դարի վերջում Հայ ազնվականությունը գերադասեց (նախընտրեց) արտագաղթել:
Նրանց նշանավոր ռազմիկները զինվորագրվեցին, օրինակ, Լեհերի կողքին, Լադիսլաս Յագելոնի հետ, նպաստելով Գրյունվալդի հաղթանակին:
Այլ Հայեր, մասնավորապես առևտրականները, հաստատվում են Իտալիայում, ինչպես օրինակ, Վենետիկում, ուր 1253 թվականից ի վեր, կոմս Մարկո Ջիանին հիմնել էր «Հայաստանի Տունը»:
Նրանցից ոմանք, և, հիմնականում, դրամատների տերերը (բանկիրները), համագործակցեցին Լոմբարդների հետ, որոնց բերեցին Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ երկար գործունեության իրենց փորձն ու գործիմացությունը:
Առանց որևէ արգելքի,, մոտ 1379 -ին Վիտերբում է հաստատվում մի Հայ ընտանիք, որին, իր իսկական անվան չիմացության պատճառով, իր ազգությամբ էին կոչում: Հավանաբար Հայ երեխաներն են առաջինը սովորեցրել իտալացի երեխաներին «նաիբի» խաղը:
Հնարավոր է, որ արևելյան տարօրինակ այդ պատկերները նաև չափահասների ուշադրությունն են գրավել, և նրանք քաղաքից-քաղաք վաճառել-տարածել են Հայ առևտրականները»:
Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում գտնվող Հայաստանից մինչև Եվրոպա, Հնդկաստան ու Հեռավոր Արևելք՝ Չինաստան ձգվող «Մետաքսի» երկար ճանապարհների հետքերով՝ խաղաթղթերը տարածվում են դարեդար:
10 -15-րդ դարերում Եվրոպայում խաղաքարտերի և նրանցով գուշակությունների պատմությանը նվիրված մի հոդվածում կարդում ենք.
«Ըստ որոշ վավերագրերի, «Նաիբի» (Naïbi) կոչվող այդ խաղաքարտերն, ի սկզբանէ, խաղի հետ միաժամանակ, նույնքան ուսուցողական բնույթ ունեին, քանզի խաղը Հայ երեխաներին սովորեցնում էր հաշվել, ինչպես նաև՝ պահպանել արտագաղթած իրենց ազգի պատմության հիշողությունը:
Այդ ժամանակահատվածում, իրենց տարածաշրջանում տարածքային հարձակումներ և արյունահեղ կատաղի պատերազմներ էին և, թեև հազարավորներն արդեն գաղթել էին դեպի Պարսկաստան (ներկայիս՝ Իրան) 224-642 թվականների ընթացքում, մենք տեսնում ենք նաև Հնդկաստանի Հյուսիս-արևմուտքից 850-1000 թվականների ընթացքում դեպի Բյուզանդական կայսրություն (ներկայիս՝ Հունաստան, Թուրքիա, Բալկաններ) և դեպի Արևմտյան աշխարհ բնակչության զանգվածային գաղթեր. «Ցիգան» անվանվող այս մարդկանց ներկայությունը տարբեր վավերագրերում է փաստվում» («Histoire de la Cartomancie et des Cartes à Jouer en Occident, du Xe au XVe siècle», «Unicorne. com» կայքից):
Նշենք, որ Հնդկաստանից եկածներն իրենց գուշակությունների համար ձեռքի ափն էին կիրառում, ոչ թե՝ խաղաքարտերը (ուստի՝ նրանք ևս բացառվում են որպես խաղի տարածողներ)…
Վենետիկի Սուրբ Ղազարի տպարանում լույս տեսած «Բազմավէպ» հանդեսի 5-րդ համարում (1847թ.) հնուց հայտնի գուշակությունների թվում հիշատակվում է և «թղթահմահությունը»՝ թուղթ քաշելով գուշակություններ անելը…
Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝ «Նախկինում եղած հատիկներով (գարի, սիսեռ, լոբի…) և զանազան այլ միջոցներով գուշակություններին խորհրդանիշ-նկարներով թղթահմայությունը փոխարինեց հետագայում:
Խաղաթղթերի նմանությամբ հատուկ «քարտերը» նաև ուսուցողական նպատակով են կիրառվել Հայոց մեջ, և այդ ավանդույթը շարունակվում է մեր օրերում նույնպես՝ հատկապես օտար լեզուների ուսուցման ժամանակ՝ ի թիվս Քրմական այլ հնարքների»…
«Նամակ, հրովարտակ» իմաստից բացի, հնում «Քարտ, քարտէն, քարտէս (քարտեզ)» բառն ուներ «թուղթ կամ մագաղաթ, որի վրա գրում են» նշանակությունը (Հայերենի տարբեր՝ «Բացատրական», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարաններում հիշատակվում են):
Փարիզում գտնվող՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանն ունի 14-րդ դարից մինչև մեր օրերում ստեղծված՝ խաղաքարտերի մոտ 120 խաղի հիանալի հավաքածու: Նրանցից մեկն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ՝ Հայերիս համար, քանզի «Դրամի» խորհրդանիշ քարտերի վրա Հայաստանի պատմության տարբեր ժամանակաշրջանների դրամներն են պատկերված:
«Ֆրանսիայի Ազգային գրադարանում պահպանվում է Վենետիկյան խաղաքարտերի մի զարմանալի հավաքածու՝ նկարված Վենետիկում՝ գուաշով, ոմն Մարկոլոնգոյի կողմից:
Այս՝ «Լատինատիպ տարոյի խաղը» պարունակում է մետաղադրամների պատկերներով 13 խաղաքարտի մի տրցակ, որոնց վրա վերարտադրված են ն.թ.ա 3-րդ դարից սկսած մինչև 18-րդ դարը՝ մեկ ու կես հազարամյակ ընդգրկող ժամանակաշրջանի հին մետաղադրամները:
Եթե ավելի ուշ դարաշրջանի մետաղադրամները բոլորը վենետիկյան են, առավել բազմաթիվ նմուշները կապված են Հայաստանի՝ Անտիկ շրջանից մինչև Միջնադար ընկած ժամանակաշրջանի պատմության հետ:
Նաև, ճանաչելի են բազմաթիվ Տիրակալների մետաղադրամները, որոնցից են Տիգրան Մեծը, Էրատո թագուհին, ինչպես և Լևոն Ա-ն. այսինքն Հայկական մեծ տոհմերի հիմնական ներկայացուցիչները՝ Արտաշեսյան, Պարթև, Ռուբենյան և այլն…
Հայկականությունը մեկ անգամ ևս հաստատվում է Գավաթի 4-ի խաղաքարտի վրա գրված 1253՝ հայկական օրացույցի ամսաթվով, որը համապատասխանում է գրիգորյան օրացույցի 1803 թվականի վերջին և 1804 թվականին:
Այս խաղի ներկայացրած բազմաթիվ հետաքրքրություններից մեկն էլ այն է, որ ճշգրիտ վերարտադրված են մետաղադրամները, որոնք կարող են այսօր էլ նույնականացվել:
9 դրամի խաղաքարտի վրա ճանաչելի են Սամոսի որդի Արշամեսի բրոնզե մետաղադրամի նմուշը, որը Մարկոլոնգոն, անկասկած, ընդօրինակել է 1762, հետո 1770 -ին (լուսանկարը՝ ստորև), Ժոզեֆ Պելրինի (Joseph Pellerin) հրապարակումից:
Նույնը վերաբերում է և Տիգրան Դ-ի ու Էրատոյի բրոնզե դիմապատկերներին:
Ուստի ակներև է, որ յուրօրինակ խաղաքարտերի ստեղծողը ոչ թե պատահականորեն է ընտրել ներկայացվող մետաղադրամները, այլ՝ ճշգրիտ ընտրված՝ համախմբված, գրականագիտական սկզբնաղբյուրների մանրակրկիտ ուսումնասիրությամբ:
Հիշյալ երկու մետաղադրամներն այսօր Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուի մասն են կազմում» (մեջբերումը՝ հետևյալ էջից. https://antiquitebnf.hypotheses.org/10692, հիշեցնենք, որ Տիգրան Դ-ն և Էրատոն, եղբայր ու քույր՝ միաժամանակ են իշխել Մեծ Հայքում, Կ.Ա.):
«Հայկ» անունով Հայի կողմից իտալական Վիտերբ քաղաքում ներմուծված, պատմության մեջ «Նաիբի» անվամբ մնացած խաղի և ուսուցողական տարբեր քարտերի հիման վրա ողջ աշխարհում հետագայում զանազան թղթախաղեր ստեղծվեցին…
Հիմնական 4 տեսակի քարտերով (Գավաթ, Գավազան, Վարձք (Դրամ), Սուր) «Նաիբի» խաղի կանոնները չեն պահպանվել, սակայն նմանատիպ՝ թղթերի վրա նկարված՝ 4 կերպարների խորհրդանիշով, մեր մանկության մի խաղից հնչում է հեռավոր մի հրաման՝ «ԻՄԱՍՏՈՒ՛Ն, ԳՏԻ՛Ր ԳՈՂԻՆ» (Արքայի հրամանով իմաստունը պարտավոր էր կռահել, թե խաղացողներից որի՛ մոտ էր «գողին» խորհրդանշող քարտը՝ «դահիճի» կողմից իրականացվող պատիժը կրելու համար. սխալ գուշակման դեպքում ինքը՝ «իմաստունն» էր կրում կամայականորեն որոշված «պատիժը»)…
Ստորև լուսանկարներում՝ որոշ նմուշներ նաև հետագայում Եվրոպայում ուսուցողական նպատակով կիրառվող քարտերից, որոնց վրա նշված են երկրներ, դիցաբանական, պատմական կերպարներ՝ հակիրճ բացատրությամբ…
Ուսուցողական քարտերի նմուշներ՝ պատմական կերպարների համառոտ ներկայացմամբ
«Հայաստանի» անունով ուսուցողական մի խաղաքարտ՝ աշխարհագրական հակիրճ ներկայացմամբ (լուսանկարը՝ Սուքիաս Թորոսյանի էջից՝ շնորհակալությամբ)…
Ուսուցողական քարտերից
Ուսուցողական քարտերից
Պատմական անձերով՝ ուսուցողական քարտերի նմուշներ
Հայկական պատմական դրամների պատկերով խաղաքարտ՝ Փարիզում՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանում պահվող խաղաքարտերի տրցակից… Լուսանկարը նշված կայքից՝ https://antiquitebnf.hypotheses.org/10692
Տիգրան Դ-ի և Էրատոյի դիմապատկերներով բրոնզե մետաղադրամները՝ Ֆրանսիայի Ազգային Գրադարանի հավաքածուից
Վենետիկի Սուրբ Մարկոս եկեղեցու մուտքի քանդակազարդ վերնամասը…
Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակի համանուն տաճարի քանդակախումբը, որը հիշվում է որպես Տրդատի ընծա Ներոնին (Տրդատի թագադրության առիթով)…
«Նաիբի» խաղի չորս քարտերի խորհրդանիշները՝ «Սուր», «Գավաթ», «Վարձք» (Դրամներ), «Գավազան»
Հազարամյակներ ի վեր Աշխարհիս մտածողներն իրենց ներշնչանքն են գտնում բոլոր ժամանակների խոշորագույն իմաստասերներից մեկի՝ հույն փիլիսոփա Պլատոնի երկերում:
Շարունակելով իր ուսուցչից՝ Սոկրատեսից ժառանգած՝ մարդկանց ինքնաճանաչման հասցնելու սկզբունքը՝ «Ծանի՛ր զքեզ», նա իր դատողություններն ու միտքը փոխանցեց սերունդներին՝ ընդհուպ մինչև 20-րդ դարի եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն՝ կերտելով արևմտյան մտածողության ու մշակույթի ավանդույթները:
Հոգու անմահության, Տիեզերքի գաղտնիքների բացահայտման գործում նա կարևորում էր առասպելի դերը՝ իր խորհրդանշական իմաստով:
Հոգիների տիեզերական շրջապտույտի, նրանց տեղափոխության, անմահության շուրջ խորհրդածությունները՝ երկխոսության տեսքով, շարադրված են իր՝ ն.թ.ա 360 թվականին գրած՝ «Պետություն» վերնագրված աշխատության մեջ, ուր քննարկում է կատարյալ պետության կառուցվածքը՝ համարելով, որ «Պետությունն արդարության գաղափարի արտահայտությունն է»:
Հիշյալ ուսումնասիրության 10-րդ գրքում (614b -621b) նա անդրադառնում է «մոռացումից փրկված մի առասպելի», նշելով՝ «Այն կարող է մեզ պահպանել կորուստից (նրա շնորհիվ կործանումից կարող ենք փրկվել, Կ.Ա.), կանցնենք Լեթե գետն ու մեր Հոգին անաղարտ կպահենք ամեն աղտից»:
Պատերազմի դաշտում զոհված և 12 օր հետո, «Մահացածների Աշխարհից» վերադարձած քաջարի մի զինվորի՝ Էր (թերևս՝ Արա) անունով Հայի (Arménien) պատմությունն է դա՝ Կյանքի շարունակական շրջափուլի, Հոգու անմահության մասին:
Երկնային Արդարության դատավարության ընթացքին ականատես ԷՐ անունով Հայը Հանդերձյալ աշխարհից հոգիների դատավորների կամքով վերադարձած «Պատգամաբեր» էր, ուստի և «Սիրված մարդ» էր՝ ծագումով Պամփիլիայից, ու նրա՝ առասպելում հիշվող պատմածների հիման վրա է հույն փիլիսոփան իր ուսմունքը շարադրել:
«10 օր հետո, երբ իր հետ մարտում ընկածների կազմալուծվող (քայքայվող, Կ.Ա.) դիակներն էին հավաքում նրա մարմինն անփոփոխ, ամբողջական վիճակում պահպանված գտան: Տարան յուրայինների մոտ և, 12-րդ օրը, երբ իր թաղման համար խարույկի դեզի վրա դրեցին՝ վերակենդանացավ ու պատմեց մյուս կյանքում իր տեսածը»:
Նշելով, որ շատ երկար կլինի Հայի պատմածները մանրամասն ներկայացնելը, նրա ասածների ընդհանրացված պատմությունն է շարադրում (բավականին երկար նկարագրություններով, այնուամենայնիվ):
Մահվանից հետո Էրի հոգին լքել է իր մարմինն ու հայտնվել Երկնքի ու Երկրի միջև տեղակայված մի բաց տարածքում ու տեսել, որ յուրաքանչյուր մահացածի Հոգին ներկայանում է Դատավորի առաջ:
Վերջինս, ըստ մահկանացուի իր կյանքի ընթացքում գործած արարքների՝ ուղարկվում է Երկինք կամ Ստորգետնյա Աշխարհ՝ պատիժ կրելու նպատակով:
Հատուկ բացվածքով վերադառնալով մեկնակետ և մի քանի օրվա «ճամփորդությունից» հետո, Անանկե դիցուհու առջև են հայտնվում՝ իրենց հետագա «ճակատագրերի բաշխման» համար. Դիցուհու երեք դստրերն են մանածագործի նման հյուսում նրանց կյանքի թելերը՝ վերականգնում կամ անողոքաբար կտրում…
Ի գիտություն նշենք, որ Հայոց Դիցարանում Սանդարամետ Դիցուհին էր ճակատագրերի թելերը հյուսում. նա «Ժամանակի Տիրուհին՝ Իմաստության և Ճակատագրի Դիցուհին էր, «Ճանապարհի ավարտին կանչողն էր», «Ժամանակի հյուսողն ու Մանողը»: «Ես մանում եմ այն թելերը, որոնք մանուկներին տուն են բերում՝ ինձ մոտ» (մեջբերումներն ու բացատրությունը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից՝ շնորհակալությամբ )…
Անտիկ Աշխարհի իմաստասերների համար Երկնային Արդարությանն ականատես, հոգիների Դատավորների կամքով վերադարձած Էրը՝ Արմենիոսի որդին էր մարդկանց «այն աշխարհի անիմանալին» հաղորդողը…
«ԷՐ»-ը սերվում է հունարեն «ear»-ից որը «Գարնան, Վերստին սկսվող սկզբի» իմաստն ունի (նկատենք՝ Հայոց մոտ՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը՝ նույնն է՝ «մեռնող-հարություն առնող Բնության հետ է համադրվում, Կ.Ա.): Նա հիշեցնում է, որ Սոկրատեսի մոտ կա «Էրոս՝ Էրի մանրամասն պատումը»: Այսինքն, Էրը Էրոսի՝ Սիրո դիցի համարժեքն է: Նաև՝ Էրոսից է ստուգաբանվում «Հերոսը»՝ Դիցերի «աստիճանին» բարձրացված մարդը (որը հետագայում շատ այլ լեզուներում հայտնի «Հերոսն» է հենց):
«Ինչ վերաբերում է նրա արմատներին, մեր «Հերոսը» անվանվում է «Արմենիոսի որդի», ուր տեսնում ենք Հայերի նույնանուն Հերոսին (Արա Գեղեցիկին նկատի ունի հեղինակը, Կ.Ա.), Փոքր Ասիայի՝ Հայ ազգի, որը ծանոթ էր դեռևս Հերոդոտոսին:
Եվ, ուրեմն, հատկապես պետք է նշել, որ այս անվան արմատից է «Հարմոնիա» բառը. «Հարմոնիան» մեծ դեր ունի «Պետություն» աշխատության մեջ, ինչը և հիշյալ դիցաբանության մեջ ենք գտնում»:
«Ինչ վերաբերում է «Պամփիլիացի» անվանմանը՝ այն ստուգաբանվում է որպես «զանազան բնակչությամբ տարածք» և, հավանաբար, որպես իր Հերոսի հայրենիք կամայականորեն է նշվել Հերոդոտոսի կողմից»: Հիշենք, որ Կիլիկիայի մերձակա այդ տարածքները՝ մինչև Գամիրք՝ Մշակի Երկիրն էր հիշյալ ժամանակաշրջանից շատ առաջ):
Հ.գ. Ստորև՝ հակիրճ ու նկարազարդումներով ուղեկցված հատվածներ՝ «Այն Աշխարհի» մասին պատմող՝ «Արմենիոսի որդի Էրի առասպելից» (ֆրանսերենով, հարկ եղած դեպքում՝ թարգմանությունը նույնպես կարելի է կցել):
Նաև՝ Պամփիլիայի տեղակայմամբ մի քարտեզ, ուր Անահիտի տաճարն է նշված (մոտավորապես Համշենի կողմերում)…
Մի լուսանկար էլ՝ Պլատոնի մոտ հիշատակված՝ «Ճակատագրերի թելերը մանող- հյուսող» դիցուհիներից…
Բոլոր ժամանակներում մարդուն հետաքրքրել է Տիեզերքի, Կյանքի Արարումը, որոնց շուրջ բազմաթիվ պատմություններ են հյուսվել տարբեր ազգերի կողմից: Այլաբանական զանազան պատումներ, որոնք հաճախ համանմանություններ ունեն ու լրացնում են միմյանց:
Վաղնջական ժամանակներից սկսած, գրավոր առաջին տեքստերում արդեն իրենց կարևոր դերով հիշատակվում են ծառերը, արքաների կողմից, բնակատեղիներին զուգահեռ հիմնած անտառները, սրբազան նշանակության անտառակները…
Կենսական բազմազանությունն ապահովող ամբողջական համակարգ են Երկրին թթվածին պարգևող անտառները՝ հողը, ջուրը պաշտպանող, ինչպես և՝ ապրուստի կարևոր միջոց՝ փայտի, սննդի, դեղամիջոցների հումքի աղբյուր:
Զանազան ծառատեսակներով՝ կաղնի, խնկենի, գիհի, մշտադալար մայրի, նոճի, սօս ու տօսախով անտառածածկ հարուստ շրջաններ կան սփռված Հայկական Լեռնաշխարհում, Տավրոսի համակարգում…
Ծառ տնկելը, անտառ հիմնելը Սրբազան գործ էր, Նվիրաբերություն և ընծա՝ Դիցերին: Ուստի՝ նաև թագավորական պարտականություն էր Անտառի հիմնումը:
Հայոց արքաների նախաձեռնությամբ և հովանավորությամբ տնկված անտառները հիշատակվում են պատմիչների երկերում:
Խորենացին՝ Արմավիրի մոտ՝ Սոսեաց Անտառը (ն.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կես), Երվանդ Դ արքան (ն.թ.ա 3-րդ դարի վերջ)՝ Շիրակի Անտառ Ծննդոցը, Խոսրով Բ-ի (332-338) օրոք՝ Խոսրովակերտ և «Տաճար Մայրի» կոչվող անտառները, որոնք պարսպապատվել են ու բնակեցվել կենդանիներով, թռչուններով…
Բիայնիի և Նաիրիի Երկրից՝ Կենաց Ծառի շուրջ ծիսական արարողության պատկերներով մի Սիտղ
«Կենաց Ծառի» գաղափարը մարմնավորող խորհրդանիշներն առկա են հնագույն բազմաթիվ քաղաքակրթություններում:Հազարամյակների խորքից եկող Հայոց մշակութային ժառանգությունը հարուստ է զանազան զարդամոտիվներում ոճավորված ծառերի կամ բուսանախշերի տեսքով պատկերված մոտիվներով: Նրանք համադրվում էին աճի, պտղաբերության գաղափարի հետ, և սերմը, հատիկը ապագայի աճող պտուղի խորհուրդով էին ընկալվում…
Ծառերից բացի, վաղնջական ժամանակներից մինչ օրս Ծաղիկն էլ ի՛ր կարևորությունն ու խորհուրդն ունի:Վերոհիշյալ նույն իմաստով՝ ծաղկի վարսանդն ու առէջն էին համադրվում պտղաբերության գաղափարի հետ («Ջան գյուլումի» երգերում հարսները, աղջիկները «փունջ մանուշակի» հետ են համեմատվում)…
Հնագույն առասպելներում ու լեգենդներում՝ մարդկանց կյանքում կարևոր դերով, այսօր՝ «Ծաղիկների լեզուն» առավելապես մեկնաբանվում է լոկ զգացմունքային արտահայտչականությամբ:
Մեր հեռավոր նախնյաց համար Կյանքի Արարմանը նպաստող ամեն ինչն իր խորհրդանշական իմաստն ուներ՝ Տիեզերքը, Երկինքն ու Աստղերը, Կենսատու Արևը, Հողը, Ջուրը, Հուրը…
Ծառերը՝ որպես ուժի մարմնավորում (Կաղնին), ձիթենու ճյուղերը՝ խաղաղության գրավական, ցորենի հասկը՝ աշխատանքի պտուղը՝ բարօրության աղբյուր, դափնու տերևներից հյուսված պսակը՝ որպես փառաբանում (այսօր էլ կիրառում ենք «դափնեկիր», «դափնեպսակ» բառերը):
Հայերենում նաև «սարդի», «սարդենի» է կոչվում դափնին և սարդի, դափնու նման՝ տոսախի սաղարթաշատ ոստերով ևս պսակներ են հյուսվել:
Նարեկացու տաղերում հիշվում է «Փունջ սօսին սաղարթը», Խորենացին գրում՝ «Արու զաւակ զԱնուշաւանն, որ Սօս անուանիր (հին տպագրությամբ՝ «Սօսանուէր»), քանզի ձօնեալ էր ըստ պաշտմանց ի սօսիսն Արամենակայ՝ որ յԱրմաւիր»)…
Վանի թագավորության (Ուրարտական շրջանի) հնագիտական բազմաթիվ գտածոների վրա բուսական զարդամոտիվներ են, դիցուհու ձեռքին՝ ոստեր:
Միջնադարյան ձեռագիր մատյաններից՝ ծաղկի ոճավորված զարդամոտիվներ…
Սրբազան ծառերի մշտադալար ոստեր էին նվիրվում նաև Ոսկեմայր ու Ոսկեհատն Անահիտ Դիցուհուն:
Ոճավորված «Կենաց Ծառեր»
Ծաղիկը՝ Գարնան՝ Կյանքի Վերածնունդի ավետաբերն էր, հասունացող պտղի «ծնունդի» խորհրդանիշը: Այդ գաղափարն է արտահայտված Դավիթ Սալաձորցու՝ «Գովասանք ծաղկանց» քերթվածքի տողերում.
«Յորժամ Մարտին ամիսըն գայ՝ Տէրըն հրաման կուտայ հողոյն,Հողն ի քընոյն հետ կու զարթի, ճամբայ կու տայ բոյս եւ տընկոյն.Բուսնին գետնէն ու վեր կու տայ՝ որ կու թափէ զցօղն ի յամպոյն.Ցօղով զաշխաչհս ցընծացունէ, դաստուր լինի ծաղկըներուն.Ուրախանայ երկինք, գետին, բուրէ հոտըն անմահութիւն.Ծաղկունք բացուին հարիւր հազար, ցեղ ցեղ ներկած եւ գոյնըզգոյն.Կերպիւ կերպիւ հոտեր ունին, մինըն քան ըզմիւսըն սիրուն:(Դաւիթ Սալաձորեցի «Գովասանք ծաղկանց»)
Ամպերից թափված ցողի, վաղորդյան շաղի պարգևած Կյանքի, Բեղունության խորհուրդին անդրադարձել էինք նախկին գրառումներում:
Ծաղկանց նյութերի օրհնությունից հետո, շարականների երգի ներքո եռօրյա եփումով պատրաստվող Յուղի՝ «Սրբալույս մյուռոնի» Լույսի խորհուրդը ևս արծարծվել է նախորդ գրառումներում… («Կյանքի Վերածնունդն ազդարարողի» իմաստից բացի՝ «Լույս պարգևող» էին ծաղիկները, քանզի Յուղի բաղադրիչներից էին):
Զարդարվեստում բազմազան ձևերով ոճավորված բուսական մոտիվներում հատկապես ընդգծված են հատիկի (սերմի), ծաղկի, բողբոջի, վարսանդի գաղափարապատկերները՝ Կյանքի, Պտղաբերության իմաստով:
Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի նկարազարդումներում հանդիպում է ոճավորված ծառի պատկեր, ուր հիմքի խոշոր շրջագիծը հատիկն է՝ վերևում բացվող ծաղիկով, կամ՝ ծաղկաթերթերի մեջտեղում՝ հատիկի գաղափարն ընգծող օղակով (ստորև՝ լուսանկարները՝ Ա. Մնացականյանի՝ «Հայկական զարդավեստը» գրքից):
Հնագույն շրջանից ի վեր զանազան բնագավառներում խորհրդանշական իմաստով լայնորեն կիրառվող, «հույժ անուշահոտ» ծաղիկներից է Շուշանը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես վերքերը բուժող, ընդհանուր կենսական ուժերը բարձրացնող միջոց:
«Ծաղիկ գեղեցիկ՝ սպիտակափառ կանթեղաշար՝ անուշահոտ յոյժ… այլ է և ջրային Շուշան, կամ Շուշան ի գետեզր. որ և Հարսնամատն կամ Նունուֆար: Նմանութեամբ և զարդ՝ ի ձև շուշանի կամ ծաղկի»…(«նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):
Արևածագի հետ՝ երկնքում Արևի բարձրանալուն զուգընթաց՝ բացվում են Ջրային Շուշանի կապուտ ծաղկաթերթերը, արևամուտին, Արևի մայր մտնելուն զուգահեռ, աստիճանաբար փակվում ու ջրասույզ լինում, ընկղմվում ջրի տակ:
Աշխարհարարման ժամանակ Քաոսային ջրերից հառնող Կյանքի խորհրդանիշն էր եգիպտական դիցաբանության մեջ Ջրաշուշանը՝ Կապույտ լոտուսը, որը, բարձրանալով Ջրից, ծնունդ էր տվել Արևի հետ նույնացվող դիցերից մեկին՝ Նեֆերտումին (ըստ դիցաբանական տեքստի՝ Արեգակը ծնվել էր բացվող լոտուսից՝ մանկան տեսքով):
Եգիպտական դիցաբանությունից՝ Համաշխարհային Ջրերից հառնած Կապույտ լոտուսից ծնված՝ Արևին համադրվող դիցը՝ Նեֆերտում
Պատումը համանմանություններ ունի «Վահագնի ծնունդի» հետ, ուր «Արեգակունք» աչքերով «Պատանեկիկի» Ծնունդը երկնող Ծիրանի ծովից հառնող Կարմիր Եղեգնի՛ փողից ժայթքող բոցից է:
Որպես «անմահական ծաղիկ»՝ երիտասարդությունը, կենսատու ուժերը վերականգնող, բուժող դեր ուներ Շուշանը: Պտղաբերությունը խթանող ու կենսական ուժերը հզորացնող համբավ ուներ նաև շուշանազգիներից մի այլ բույս՝ Ծնեբեկը: Ըստ Պլինիոս Ավագի՝ այն խոյի՝ հողում թաղված եղջյուրներից էր առաջացել, ուստի և՝ մարդուն զորեղացնող հուժկու հատկություն ուներ:
Անհիշելի ժամանակներից ի վեր, զանազան նպատակներով, արվեստի տարբեր բնագավառներում, մարդը կիրառել է «զարդարվեստը»՝ ճարտարապետությունից, քարակոթողներից մինչև ձեռագրերի նկարազարդումներ: Եվ այսօր էլ շարունակվում է: Նույնիսկ նախնադարից եկող՝ մարմնի վրա «զարդեր» դաջելու սովորույթն է հարատևում (նաև՝ հարսանեկան արարողության ժամանակ ձեռքերի ծիսական նախշազարդումը հինայով)…
Ի վերջո, հիշենք նաև Հին Միջագետքում և այլ քաղաքակրթություններում հայտնի՝ «խորհրդավոր պայուսակներով» կերպարները (որոնց մասին արդեն խոսվել է նախորդ մի գրառման մեջ):
Կյանքի Արարումը խորհրդանշող՝ «Արհեստական փոշոտման» ծիսակատարության պահին պատկերված՝ ձեռքի՝ «վարսանդա-պտղային» զարդամոտիվներով Սիտղը (Դույլը) փաստում է արարողության վերոնշյալ բնույթը (Սրբազան Հեղուկի խորհրդանիշն է):
Միջնադարյան ձեռագիր մատյանների զարդամոտիվներից
Նման անոթներում «Կենաց հեղուկի» խորհրդանշական գոյությունն է ապացուցում Բեռլինի թանգարանում պահվող՝ Տիբեթի՝ 1779 թվականին մահացած Դալայ-Լամայի արձանը, որտեղ ձեռքի նմանատիպ անոթի մասին Վ.Ա.Գորոդցովը գրում է, որ «նրա պարունակությունը Սրբազան հեղուկն» է, թեև ենթադրում է նաև «լամպի» վարկածը: Այդ պայուսակների վրա պատկերված «վարսանդա-պտղային» զարդամոտիվները փաստում են ասվածը (դրվագի հիշատակումը՝ Ա. Մնացականյանի նշված աշխատությունից):
Հատիկի, Ցորենի և Ցորենի դեզի ձևը՝ Հուրան, Ցուրան անվանվող, մնացած անթիվ այլ խորհրդանիշներն էլ՝ կբացահայտենք այլ առիթներով…
100 տարի առաջ, 1920 թ. օգոստոսի 10-ին, ժամը 16-ին, Փարիզի մի արվարձանում՝ Սեվրում Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի) և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի 88-93-րդ հոդվածների համաձայն Հայաստանին էին անցնում Օսմանյան կայսրության կազմում հայտնված՝ պատմական Հայաստանի տարածքի մի մասը՝ Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներից, մոտ 90.000 քառակուսի կիլոմետր, դեպի Սև ծով ելքով:
Հայ-թուրքական սահմանն ըստ Սեվրի պայմանագրի
Սահմաններն՝ ըստ Վ.Վիլսոնի
Այդպիսով, Արևելյան Հայաստանի 70.000 քառակուսի կիլոմետր տարածքի հետ, ընդհանուր մոտ 160.000 քառակուսի կիլոմետր էր դառնում Հայաստանի տարածքը:
Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը՝ Վ.Վիլսոնը , որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։
«Կյանքիս երջանիկ օրն է այս: Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ: Թուրքական դաշնագիրն ստորագրվեց, և բոլոր դաշնակից պետությունների համաժողովն այսպիսով հռչակեց Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը Սեվրի սրահում», – գրել է Հայոց պատվիրակության կողմից պայմանագիրը ստորագրող՝ Հայ ականավոր գրող ու դիվանագետ՝ Ավետիս Ահարոնյանը:
Ավետիս Ահարոնյան
1866 թվականին Իգդիրի գավառի Իգդիրմավա գյուղի բնակիչ՝ դարբին Առաքելի ընտանիքում ծնված զավակը հետագայում իր գրչով ու մտքով «Ազատության Ճանապարհն» էր հարթում դարերով մաքառած ազգակիցների համար՝ նվիրվելով Ազգային Ազատագրության սրբազան գործին:
«Մեր մշակոյթի մէջ արեւը տարբեր է: Մեր բառերն արեւահամ են մեր ժողովրդի բերնում. Արեւը հոտ էլ ունի: Երբ Հայ տանտիկինը հագուստներ է փռում չորացնելու, ասում է՝ «Արեւի հոտ ունի» (Ա.Ահարոնյան):
1934 թվականի փետրվարին, Փարիզում ելույթի իր վերջին խոսքում հնչում էր.«Ի՞նչ է մշակոյթը գաղթաշխարհի համար, եւ ի՞նչ է մշակոյթը Հայրենիքի համար: Մշակոյթը անսահման մի բան է կապուած մի երկրի արեւին, հողին, ջրին, օդին, ցեղին եւ մարդկութեան: Առանց Հողի մշակոյթ չկա՛յ»:
Հայրենիքում դարերի տառապանքի «մառախուղից խարխափող» իր ազգակիցների պայծառ ապագայի հավատով, նա գրում էր. «Աշխատող ձեռները, մտածող գլուխները, զգացող ջերմ սրտերը, վերջ ի վերջոյ, հրաշքներ կը գործեն նաև մե՛ր Հայրենիքում: Հավատա՛նք, սիրելի՛ս, հավատա՛նք ու աշխատե՛նք»: «Հայրենի աւերակների միջից Հայաստանը պիտի բարձրանայ լուսաճաճանչ ճակատով եւ լոյսի՛ համար, ազատութեա՛ն համար, սիրո՛յ համար։Դէ՜, էլի մի անգամ եւ, այսուհետեւ յաւիտենապէս, թող հնչուի՛ մեր աշխարհում աշխատանքի մեծ երգը»։ «…Ես հաւատու՛մ եմ, Հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպէս հաւատում եմ, որ ամէն առաւօտ արշալոյսը կը բացուի։ Հաւատու՛մ եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդաւոր հայեացքի տակ մեր Հայրենիքը կայ, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքոյշ ձեռների մէջ եւ ակնդէտ ու խռովայոյզ՝ նայո՜ւմ, նայո՜ւմ է ճամբաներին։ «Եւ հեռու չէ այն օրը, երբ բազուկները տարածած, նա կընդունի հեռաւոր հորիզոնների տակ յածող ու հեծող իր զաւակների կարօտակէզ բազմութիւնները, եւ բիւրաւոր ձայներ կը թնդան Մայր Արաքսի ափերին։ «Արմենիա՜, Արմենիա՜, ո՜վ իմ հոգու յաւիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի՛ Հայրենիք»։ «Հաւատա՛, Հայրենի՛ք, վիրաւոր ու արիւնաքամ, Դուն դարձեա՛լ պիտի ապրիս, վասնզի անապատների՝ բոլո՛ր ոռնացող խուժաններն իսկ անզօր են սպաննել Լոյսը, որ մի բարի աստուած, մի գթոտ աստուած մի օր քո կարկառուն բազուկների մէջ դրեց, ո՜վ դու Յոյսի՛ Հայրենիք, Լոյսի՛ Հայրենիք…Եւ դու՛ք, ո՛վ մեր արիւնով ու վաստակով յղփացա՛ծ բարբարոսներ, ճամբա՛յ տուէք, հաւատացէ՛ք, որ ձեր իսկ ձեռքով նահատակուած Հայ ցեղի ճիգերով է, որ մի օր Լոյս պիտի տեսնէ։Հաւատացէ՛ք ու ճամբա՛յ տուէք»։ Հ.գ. Հայաստանին առնչվող՝ ստորագրված հոդվածների տեքստերը՝ ահավասիկ. https://www.aniarc.am/2017/08/10/sevre-treaty-armenian-part-armenian-text/
Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը Փարիզի հաշտության համաժողովում, 1919 թվական: Կենտրոնում նստածը՝ պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանն է, կենտրոնում կանգնածը՝ վարչապետ Համո Օհանջանյանը, ձախից նստած վերջինը՝ մեծանուն գրող և խորհրդարանի պատգամավոր Լևոն Շանթ, աջից կողաշրջված կանգնածը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան և ուրիշներ:
Լուսանկարը՝ պատմաբան Ռուբեն Շուխյանի հրապարակումից՝ շնորհակալությամբ…
1919 թվականին Փարիզում կայացած «Խաղաղության խորհրդաժողովում» Հայկական պատվիրակության ներկայացրած քարտեզը
Հնագույն շրջանից կենսական անհրաժեշտ աղբյուր էր ցորենը, որտեղից էլ՝ ալյուրի, հացի կարևոր դերը ծիսական արարողությունների ժամանակ, դիցերին ցորենի հատիկների նվիրաբերումը…
Հողին «պահ տրված» Հատիկը՝ Սերմը, որն այնուհետև ծլարձակում էր ու բազմանում-դառնում էր Հասկ՝ Արևի, Հողի, Ջրի, Օդի շնորհիվ, Բնության պարգևի ու Մարդու աշխատանքի արդյունքում այլ Հատիկեր «ծնելով» — բազմապատկվելով, Կյանքի հավիտենական շրջապտույտն ու արգասավոր պտղաբերությունն էր խորհրդանշում (հողում «մեռնելով»-վերածնվելով-բազմանալով):
Հնագույն շրջանում հատիկների, սերմերերի կարևորությունը բացահայտող մի պատմություն կա՝ ն.թ.ա 6-5-րդ դարերում ապրած՝ չինացի փիլիսոփա Կոնֆուցիուսի հետ առնչվող, համաձայն որի, թագավորական ճաշի ժամանակ նա սկզբում հատիկները (կորիզներն) է ուտում՝ դեղձը թողնելով վերջում, ինչը որ տարօրինակ էր ներկաների համար:
Թագավորի հարցին, թե ինչո՞ւ է ընդունված կարգը խախտում, նա պատասխանում է, որ ոչ թե խախտում է, այլ՝ վերականգնում հաջորդականության հին կարգը: Քանզի մարդու նախնական սնունդը հատիկներն էին, որոնք Սկզբնավորման խորհուրդն ունեն: Եվ Սրբազան նվիրատվությունների ժամանակ հատիկներն էին մատուցվում՝ համարվելով պտուղի ազնվագույն մասը:
Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է: Հայկական Լեռնաշխարհի՝ որպես Հացի ու Հացահատիկի, գարու բնօրրաններից մեկը լինելու վկայությունն է «Էրեբունի» պետական արգելոցը:
Տարածքի պատմական նշանակալի դերը բացահայտվել է դեռևս 1925-28 թվականներին՝ Վավիլովի ուսումնասիրությունների արդյունքում, որով փաստվեց, որ այստեղ պահպանվում են ցորենի բնիկ, տեղական վայրի հնագույն տեսակները (օրինակ՝ այն նույն՝ «ուրարտական» տեսակը, որի ածխացած հատիկներից հայտնաբերվել են Կարմիր Բլուրի հնավայրի՝ 1939-41 թվականների պեղումների ընթացքում):
Տոնական տրամադրությամբ, հորովելներով, տարբեր ծեսերով ու տոնախմբություններով էին ուղեկցվում հերկը, ցանքը, հունձքն ու կալը (վերջինս հատիկները հարդից զատելը, բաժանելն է, հիշենք Կոմիտասի հանճարով մշակված՝ «Կալի երգը»):
…«Ամբողջ գիւղը միասնաբար կ՝որոշէ հունձքի առաջին օրը, բոլորը կ՝իմանան, դուրս կը հանեն իրենց գործիքները ու կը պատրաստուին այդ օրուան։ Կը պատահի նաեւ որ գիւղին գիզիրը հունձքի նախօրէին երեկոյեան բարձր տանիքի մը վրայ կանգնած բարձրաձայն յայտարարէ.
«Վաղը մանկա՜ղը, մանկա՜ղ հա՜…, հազըր եղէք օր դաշտ էրթա՜ք… չըսէք օր չի լսեցինք հա՜…» («Բալուի երկրագործության մասին»՝ «Հուշամատյանի» էջից):
Տոների և ծիսակատարությունների ժամանակ դիցի խորհրդանիշի կնիքով առանց աղի ու թթխմորի հաց էր կիրառվում…
Հայոց տոնական սեղաններին հազարամյակներ շարունակ ցորենից, ալյուրից պատրաստված հնագույն կերակրատեսակներն էին՝ փոխինձը, խաշիլը, խավիծը (որոնք նկարագրված են նաև խեթական՝ մոտ 3.500 տարվա վաղեմության տեքստերում): Աղանձը՝ բոված (խանձած), խոշոր աղացած (կամ՝ չաղացած) ցորենի հատիկներով՝ կանեփի սերմի հետ խառնած՝ մեր սիրված տոնական աղանդներն են ցարդ…
Երկնքի ու Հողի միասնությունից պտղաբերված Պտուղի՝ Կյանքի խորհրդանիշն է Ցորենը, և Ցորենի «Պտուղը» Հատիկն է, որում ամբարված է Կյանքի Խորհուրդը:
Հնուց ի վեր զանազան ծիսակատարությունների ժամանակ կիրառվել են Հատիկները՝ որպես բեղունության, առատության, լիության խորհրդանիշ:
Մեր օրերում շարունակվում է մանկան «Ատամհատիկի»՝ հնուց եկող արարողությունը՝ ի նշանավորումն առաջին ատամի դուրս գալուն, սեղանի վրա նստած մանկան գլխավերևում պահված կտորի վրա խաշած ցորենի, գարու, սիսեռի և այլ հատիկներ լցնելով (ի դեպ, ավանդաբար երեք իր է դրվել՝ սանր (ատամների հավասարության), հայելի (առատության բազմապատկման) և դանակ (ուժեղ լինելու) մաղթանքի իմաստով)…
Հարսանեկան տոնախմբություններին՝ տարբեր առիթներով՝ ինչպես, օրինակ, հարսին իր հոր տնից դուրս հանելիս երգերի, բարեմաղթանքների պահին «դեղին մուճակներուն» մեջ կորեկի հատիկներ էր լցնում հարսնաքույրը՝ որպեսզի հարսը «կորեկի նման արգասավոր, պտղաբեր՝ լիներ» (Ռ. Նահապետյանի՝ «Աղձնիքահայերի ամուսնահարսանեկան սովորույթներին ու ծեսերին առնչվող հավատալիքները» ուսումնասիրությունից): Մինչ օրս էլ նորապսակների գլխին ցորեն, ընկույզ, չիր ու չամիչ շաղ տալիս մաղթում են՝ «Համո՛վ ապրեք ու Պտղաբերե՛ք»…
«Հատիկավոր» ականջօղեր՝ Կարմիր Բլուրի պեղումներից…
Ծեսերի խորհուրդը Կյանքի փառաբանումն էր, նրա հարատևության ապահովումը, տոհմի, ընտանիքի շարունակումը:Ուստի և՝ ծնելիության՝ պտղաբերության, բերքի առատության մտահոգությունը մշտապես կարևորվել է ընդհանրապես՝ անհիշելի ժամանակներից ի վեր, Հայոց մեջ՝ մասնավորապես:
Այդ նպատակով տարբեր միջոցներ են կիրառվել՝ «չար ուժերին վանելու», «չար աչքը խափանելու» համար, քանզի չարքերը ձգտում էին խաթարել սերնդագործման ունակությունը՝ մարդկանց դատապարտելով ամլության, ինչպես բնությանը՝ երաշտի (այստեղից էլ՝ բազմազան ծիսական արարողություններն ու ավանդույթները)…
Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝ «Հացը մեծ նշանակություն ունի Հայկյան Ազգային հավատամքում՝ որպես բեղմնավորման, բարգավաճման և բերքատվության խորհրդանիշ: Մոգական խորանի անբաժան մասնիկներից է ցորենի ծլից բաղկացած Մասը, որը չջերմամշակված եղանակով պատրաստված ծիսական Հացն է: Սովորաբար տնական խորանների վրա դրվում է հենց Արևհացը, իսկ յուրաքանչյուր տոնին՝ Խորանի վրա դրվում է տոնին համապատասխան հաց կամ թխվածք»:
«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «Հատ»-ը բացատրվում է որպես «Ունդ, սերմն արմտաց, և որ ինչ նման է նոցա. մանավանդ ցորեան, յորմէ հաց. հատ, հատիկ, «Հատն ցորենոյ»:
Եվ՝ շարունակվում, որպես օրհնանքի խնդրանք՝ «Օրհնեա՛ զսեղանս զայս, և առաջիկայ հատս և զգինիս»: Նույնը պատկերված է Իվրիզի ժայռաքանդակին՝ ստորև՝ լուսանկարը՝ Ցորենի հասկերով ու խաղողի վազերով, հայտնի որպես Թարքուի՝ հովանավոր գլխավոր Դիցի պատկեր (թեև Հողագործության հովանավորը Մշակն էր, Թարքուն Փայլակն ու Շանթն էր):
Հետաքրքիր մի դրվագ՝ բառերի ստուգաբանությունից՝ ալյուրի ու ջրի շաղախված, չխմորված զանգվածը «Հայս» է կոչվում, որը «Հաց»-ի արմատն է (ըստ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի): «Ի Հայսէ խմորոյն ասէ զառաջին Հացն» (Հայկական Լեռնաշխարհի հնագույն՝ «Հատի Երկիրը»՝ «Հացի, Հասկի, Հատիկի (Հացահատիկի) Երկիրը» հիշենք՝ եգիպտական սկզբնաղբյուրներից, չմոռանալով, որ հնում արտահանվող ապրանքը տվյալ երկրի անունով էր կոչվում) …
Ցորենը, Ցորենի Հասկը, Հատիկը պտղաբերության, առատության, նաև՝ Կյանքի Վերածնունդի խորհրդանիշն է. Հողին վերադարձած Հատիկը նոր Հասկի Ծնունդն է…
Ահավասիկ Ն. Շնորհալու հայրեն — հանելուկներից, ուր Հատիկը Կյանքի հավերժական Վերածնունդն է խորհրդանշում, նաև՝ Սերմն ու Սնունդը:
«Մեռանիմ և մահանամ,Դարձեալ յառնեմ, կենդանանամ,Ջաչս ի յերկինըս համբառնամ,Բազմաստեղօք պայծառանամ»:
Ցորեան
Կենսատու, Ոսկեշող Արևի ու Մայր Հողի արգասիքի խորհրդանիշն էր Ոսկեգույն Հասկը (Ոսկե Կռութը), Ոսկե Ծիլը… Ոսկեծին, Ոսկեմայր Անահիտ Դիցամայրը բնորոշվում էր և «Ոսկեհատ» մակդիրով:
Հայոց ազգային տոնին՝ Վիճակի ծիսերգերում Համբարձման վիճակ հանող Հարսին նույնպես, բարեմաղթանքի ու առատության ակնկալիքով, «Ոսկեհատ» էին անվանում.
«Ոսկեհա՛տ, հա՛ն վիճակն ի բարին,Մտնես տուն ու մառան՝Ձեռդ պարզես օսկու աման»…
Հնագույն շրջանից ի վեր, որպես Կյանքի, Արգասավորության խորհրդանիշ, ոճավորված Հատիկի պատկերը կիրառվում է կանանց հարդարանքում, զարդեղենում (ականջօղեր, մանյակ, կրծքազարդ, թասակ, գոտի, ճարմանդ…), բարձրաքանդակներում և, ընդհանրապես, զարդարվեստում (կանդրադառնանք, թերևս, մի այլ գրառմամբ)…
Բարձրաքանդակ Իվրիզում
Դ. Վարուժանի խոսքերով ու առատ հունձքի մաղթանքով՝
Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու:
Լիբանանում տեղի ունեցած արհավիրքը մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց ու խեղեց անթիվ ճակատագրեր…
Մեծ ու աղմկոտ արևելյան քաղաքի նավահանգստի մերձակա՝ այսօր ավերակված թաղամասերից է և Հայաշունչ Բուրջ Համուդը (Պուրճ Համուտ), որը հիմնվել է 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ մեր ազգակիցների կողմից:
Գերակշիռ մեծամասնությամբ Հայերով բնակեցված այս շրջանն հետագայում շենացել ու բարգավաճել է՝ ի հեճուկս տասնամյակներ շարունակ տևած պատերազմական քաոսային կյանքի (1975 — 1990 թվականների քաղաքացիական երկարատև պատերազմը, 2006 թվականի լիբանանաիսրայելական հակամարտությունը)…
Մինչև 1970-ականների կեսերը մոտ 250-300 հազար էր Հայկական համայնքի թիվը: Ձգձգվող պատերազմի ու նրա անբարենպաստ հետևանքների պատճառով նվազեց՝ հասնելով մոտ 140-150 հազարի (ներկայումս՝ ավելի քիչ են):
Մեծ մասամբ Կիլիկիայից Լիբանան եկած մեր ազգակիցներն իրենց նախահայրերի հայրենի քաղաքների անուններով են կոչել Բուրջ Համուդի բազմաթիվ թաղեր՝ Մարաշ, Սիս, Ադանա, նաև՝ Արագած, Երևան, Արաքս…
Մեր զորակցությունն ենք հայտնում Լիբանանի ողջ ժողովրդին և, մասնավորապես, այնտեղ ապրող մեր ազգակիցներին՝ կիսելով աղետի պատճառած վիշտը:
Մաղթենք, որ հնագույն շրջանից հայտնի՝ իր իսկ մոխիրներից վեր հառնող Փյունիկ Թռչունի երկրի՝ հինավուրց Փյունիկիայի հողում մղձավանջային այս օրերից հետո կրկին պայծառ գույներով կվերընձյուղվի Կյանքը …
Իր «Շիրակ» աշխատության մեջ Ղ. Ալիշանը, որի ծննդյան 200 -ամյակն է այս տարի, որպես «Գեղաշուք ու երջանիկ մի դրախտ» հիշվող՝ Հայոց Անի մայրաքաղաքին նվիրված մի քերթվածք է ներկայացրել, ուր երբեմնի «Պարտեզ ծաղկախիտ Շիրակայ դաշտին» հետագայում դարձել է «որջ աւազակաց»:
Վեհաշուք դրախտավայրից «ավազակների որջի» վերածված քաղաքի որոշ տարիների պատմության մասին է գրել Թ. Հակոբյանն իր՝ «Անին բյուզանդական կարճատև տիրապետության տարիներին (1045-1064 թթ.)» ուսումնասիրության մեջ:
Ահավասիկ հատվածներ վերոնշյալից, որոնք այսօր էլ՝ վերջին տասնամյակների Հայաստանյան իրականության համար, արդիական են հնչում (այդ իսկ պատճառով գրավեցին ուշադրությունս. պատմությունից դասեր քաղենք՝ ներկան հասկանալու և բարելավելու նպատակով)…
…«Անի-Շիրակի թագավորությունը գրավելով՝ բյուզանդացիները ձեռնամուխ եղան հայերին հալածելու իրենց վաղեմի քաղաքականությանը, որն առժամանակ բացահայտ չէր արտահայտվում, քանի դեռ հիմնական հակառակորդ արաբական խալիֆայությունը մեծ ուժ էր ներկայացնում և դրա դեմ պայքարելու համար Հայաստանի դաշնակցությունն ու բարեկամությունը կայսրությանն անհրաժեշտ էին:
Կայսրության հայահալած քաղաքականությունը բացահայտ էր և արտահայտվում էր կրոնական-դավանաբանական խտրականությամբ, ծանր հարկային քաղաքականությամբ, երկրի սեփական ռազմական ուժերի վերացմամբ, բնիկ բնակիչներին տեղահան անելով»:
«Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցավ նրա բուն բնակիչներին իրենց հայրենի երկրից տեղահան անելու և ավելի արևմուտք բնակեցնելու կայսրության քաղաքականությունը:
Սամվել Անեցու մի վկայությունից ակնհայտ է դառնում, որ բյուզանդացիները Անիի բնակիչներին լարում էին իրար դեմ, ամենուրեք զբաղվում բանսարկություններով և ահաբեկելով սելջուկների հարձակումներով՝ նրանց տեղահան էին անում իրենց բուն բնակության շրջաններից, իսկ տեղում մնացածները սարսափի մեջ էին բյուզանդական տիրապետության 21 տարիների ընթացքում»:
«Բյուզանդական տիրապետության տարիների գնահատականը դիպուկ տվել է նաև Մատթեոս Ուռհայեցին: Նա գրում է, որ հունաց թագավորներն իրենց դավանակից քրիստոնյաներին ոչ միայն ոչնչով չփրկեցին, այլև նրանց գավառների ու քաղաքների գրավմամբ պատճառ դարձան հայերի արտագաղթի համար.
«Քանզի յառաջ ժամանակաց գիտեմք և ի ժամանակաւ գիր պատմագրաց, որ Յունաց թագաւորքն ոչինչ փրկութիւն են գործեալ քրիստոնէից, այլ մանաւանդ խլումն ու առումն քաղաքաց և գաւառաց. և նոցա շնորհիւն եկան Հայք յերկրէն իւրեանց. և այլազգիքն զօրացան և եկեալ տիրեցին ամենայնի…»,- գրում է նա բյուզանդական տիրապետության հետևանքների մասին:
Կրոնական հալածանքներից ու դավանափոխության վտանգից, հույն աստիճանավորների ու հոգևորականների բանսարկություններից, ծանր հարկային քաղաքականությունից, հայկական բանակի ցրումից և հայ իշխաններին պաշտոնազրկումից բացի բյուզանդացիների տիրապետության շրջանում հայ բնակչության արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշված է նաև վկայակոչված պատմագիրների մոտ, եղել է երկրի անհանգիստ վիճակը՝ 1047 թ. Դվինի էմիրի հետ տեղի ունեցած պատերազմը և սելջուկյան արշավանքները, որ պարբերաբար կրկնվում էին սկսած 1048 թվականից:
Արտագաղթի էին դիմում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ իշխաններն ու նրանց զորքերը: Բյուզանդական կայսրերը անբավականություններից, ապստամբություններից ու ազատագրական շարժումներից խուսափելու նպատակով բոլոր միջոցները ձեռնարկում էին նոր նվաճած երկիրը սեփական զինվորական ուժերից զրելու համար:
Սակայն բուն երկրից հեռացողները միայն իշխաններն ու նրանց զինվորները չէին, որոնց արտագաղթն ուղղակի հարկադրական էր:
Նրանց հետ միասին զանգվածներով դեպի արևմուտք էին դիմում նաև հասարակության ցածր խավի ներկայացուցիչները:
Վասպուրականի և Անիի թագավորությունների գրավումից հետո դեպի արևմուտք տեղի ունեցած այդ արտագաղթի հետևանքով Ասորիքում, Կիլիկիայում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, պատմական Փոքր Հայքում ժամանակի ընթացքում առաջանում են հայկական նշանակալի օջախներ, որոնցից շատերը դառնում են բյուզանդական տիրապետության դեմ ուղղված հուժկու ազատագրական շարժման կենտրոններ:
Արտագաղթող բնակիչների փոխարեն աստիճանաբար գալիս ու Հայաստանի տարբեր գավառներում հաստատվում են օտար տարրերը, ինչպես նշված է Մատթեոս Ուռհայեցու՝ վերը մեջբերված վկայության մեջ»:
Այլազգի հրոսակների կառավարման շրջանում անկում ապրած և, հատկապես, 1319 թվականի երկրաշարժից հետո Անիից Վասպուրական, Կիլիկիա, Համշեն, Ղրիմ, Կոստանդնուպոլիս, Լեհաստան, Հունգարիա և այլուր գաղթածների հետքերով կգնանք այլ առիթներով:
Հավելենք միայն, որ հույսով ու լավատեսությամբ են ավարտվում մեր ազգակիցների՝ դարեր առաջ արտահայտած ցասումն ու ողբը՝ Ալիշանի վերոհիշյալ մեջբերած քերթվածքում…
Փառաբանվում են իրենց Հայրենիքի հերոս-պաշտպանները, երբ «Շահաստանաց շահաստան» քաղաքի «Նոր Արծաթաղեղն Նահիտ» (Անահիտ) դարձած Այծեմնիկի նման՝ «Ամեն բնակիչ՝ բերդապահ,Ամեն բնակիչ՝ զինաւոր» էր:
Քիչ շեղվելով նշենք, որ Այծեմնիկը Անիի քաջակորով պաշտպաններից էր, որի սխրագործությունները հիշվել են դարեդար:
Նրա մասին ոգեշունչ խոսում է նաև Արտաշես Վրույրը՝ Անիում անցկացրած իր մանկության տարիների հուշերում, մի նորածնի անվան ընտրության առիթով (որպես շարունակություն՝ նախորդ գրառմամբ արծարծված հուշերի)…
«Ի՞նչ դնել երեխայի անունը: Մայրս առաջարկեց նորածնին կապել պատմական քաղաքի անցյալի հետ և անունը դնել Այծեմնիկ: Զմոն սկզբում առարկեց, սակայն, երբ մայրս պատմեց հերոսուհի Այծեմնիկի սխրագործությունների մասին, թե ինչպես մի օր Անին շրջապատվեց թշնամիներով…
Հնչում էին ռազմաշունչ փողերը և թմբուկների զարկերի ու վայրենամռունչ աղաղակների ներքո վայրագ ցեղերի ահռելի հորդաները հարձակման դիմեցին: Գործում էին բաբանները տենդային թափով: Անվեհեր անեցիները խիզախորեն ետ էին շպրտում անողոք թշնամու գրոհնները: Թշնամուն հաջողվեց գտնել քաղաքի թույլ պաշտպանված կետը և վայրենի աղաղակներով, ուժեղ հորձանքով հարձակման դիմեց: Նրանք պարիսպներն ի վեր մագլցում էին ելարաններով… Այդ պահին երևաց Անիի անձնվեր հերոսուհին՝ Այծեմնիկը: Նա մարտնչում էր կատաղի վագրի նման, խրախուսելով ու ոգեշնչելով զինվորներին և լայնալիճ աղեղը ձեռքին, շեշտակի հարվածներով մահ էր սփռում թշնամու շարքերում:
Անեցիները ոգևորված, ուժեղ թափով ետ շպրտեցին թշնամու կատաղի գրոհը: Մարտը գնալով սաստկանում էր: Թշնամու մի հմուտ նետաձգի աչքից չվրիպեց խիզախ հայ օրիորդը: Նա զայրացած լարեց աղեղը և անողոք նետը ուժեղ թափով խրեց հերոսուհու լանջի մեջ: Այծեմնիկը չկորցրեց իրեն: Նա ջղաձգորեն դուրս քաշեց կրծքից նետը և առանց հավասարակշռությունը կորցնելու՝ լարեց լայնալիճը և միևնույն նետը ետ ուղարկեց անարգ թշնամուն… Նետը մահագույժ սուլոցով ճեղքեց օդը և մխրճվեց նույն նետաձգի կոկորդը: Նետի սլաքը թափ առնելով դուրս ելավ հակառակորդի ծոծրակից, տապալեց նրան և գամեց գետնին:
Հերոս օրիորդը արյունաքամ էր լինում: Հարվածը մահացու էր: Զինվորները վրեժխնդրությամբ լցված, որպես քաջասլաց արծիվներ, սուսերամերկ դուրս նետվեցին քաղաքի պարիսպներից և մխրճվեցին թշնամու խիտ շարքերի մեջ: Նրանք անխնա հոշոտում էին թշնամուն… Այդ հատվածում թշնամին ահաբեկված, խուճապահար փախուստի դիմեց:
Վիրավոր Այծեմնիկը մարտնչում էր մինչ իր վերջին կաթիլ արյունը… Նա ընկավ պատնեշի վրա՝ Պատմությունից խլելով Հերոսի Դափնին»:
Հայոց Մայրաքաղաքին նվիրված՝ Ալիշանի հիշատակած տողերը ոգեշնչող վերջաբան ունեն:
Քերթվածն ավարտվում է Հայկաշունչ Անիի՝ վերստին երկնասլաց գմբեթներ տեսնելու հավատով՝ շուշանը նորից կծաղկի, ու Հայը կողջունի ՆՈ՛Ր ԱՆԻՆ.
«Դի՛ք ձեռն ի լանջ Հայկաշունչ…
Ահա՛ գմբէթք վերյարեան.
Ահա՛ շուշանըն կանգնի.
Ողջո՛յն տամ քեզ, ՆՈ՛Ր ԱՆԻ»:
Հ.գ. Ստորև՝ Անիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու մի լուսանկար՝ Հայկական ճարտարապետական (հուշարձանային) լուսանկարչության բնագավառում առաջին հետազոտության նախագծի հեղինակ՝ Հովհաննես Քյուրքչյանցի՝ «Ավերք Հայաստանի» ստերեոսկոպիկ 40 լուսանկարներից բաղկացած շարքից, որը վերջերս ներկայացրել էր Ռուբեն Շուխյանը:
Լինելով 1877-78 թվականներին ռուսական բանակի պաշտոնական լուսանկարիչներից մեկը՝ ռուս֊թուրքական պատերազմի ժամանակ, Հ. Քյուրքչյանցը հնարավորություն է ունեցել 1879 թվականին այցելել ու մոտ հինգ ամիս լուսանկարել Անիի ավերակները, հետազոտել ու վավերագրել պահպանվածը (հնում կիրառվող՝ ստերեոզույգ մեթոդով նույն օբյեկտի երկու լուսանկար էր արվում միաժամանակ)…
Ի դեպ, «Սուրբ Փրկչի» հատակագիծն, ըստ իս, հնագույն «Երազամույն Տաճարների» արձագանքն է (եթե ոչ՝ հենց վերափոխված տաճարը, մանրամասները՝ պատեհ առիթով)…
Ուղևորություն դեպի «Սրբազան, սքանչելի ու շքեղ Անի»՝ Հայաստանի «հավերժորեն պերճախոս հուշարձանը»՝ դարձած մի «ըղձալի ուրվական»՝ իր ընդհատակյա խորհրդավոր քաղաքով, «զմայլելի ու արտասովոր վիթխարի պարիսպներով», որոնք պարփակում են հոյակերտ մի պատմություն՝ «ինչ որ եղել ու անցել է»…(Խ.Աբովյանի խոսքերով, «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»):
«Նախնյաց սրբություններին երկրպագելու» համար Անիում ճամփորդել են Հայազգի բազմաթիվ մտավորականներ՝ Խ.Աբովյանը, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Սիրանույշը, հնագիտական արշավախմբին մասնակցել՝ Թորոս Թորամանյանը, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, Հովսեփ Օրբելին, Աշխարհաբեկ Լոռու-Մելիք Քալանթարը, նկարիչ Պոլտորացկին, նաև՝ Ղափանցյանը, Լևոն Քալանթարը, ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը, Տարագրոսը, Գ. Չուբինովը, ճարտարապետ Ն. Տոկարսկին և ուրիշներ:
Arshak Fetvadjian (vu dans l’ambrasure) avec Nikolai Marr au monastère Horomos près de Ani
Ավելի քան 2.000 Հայկական հնագույն հուշարձանների ջրաներկ ու մատիտանկար աշխատանքների հեղինակ՝ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը (վերևում՝ խորշի մեջ կանգնած)՝ Մառի և արշավախմբի մյուս մասնակիցների հետ՝ Հոռոմոսի վանքի դիմաց
Պատմական հուշարձանների լուսանկարչությամբ՝ լուսագրմամբ զբաղվել է Հայ բեմի նշանավոր կատակերգակ Արամ Վրույրը, որին 1917 թվականին՝ Անիի պեղումների վերջին՝ 16-րդ գիտարշավին փոխարինել է իր որդին՝ Արտաշես Վրույրը:
Դեռևս 5-րդ դարի Հայ մատենագիրների հիշատակումներից որպես «անմատույց ամրոց» հայտնի Անին՝ հետագայում հռչակված որպես «Հազար ու մի եկեղեցիների և Քառասուն դարպասների քաղաք», միջնադարյան առևտրային ճանապարհների կարևոր հանգույցներից էր, ժամանակի ամենազարգացած, խոշոր քաղաքներից մեկը:
1319 թվականի երկրաշարժից հետո «Շարայի նահանգում շինված»՝ երբեմնի «արքայանիստ», «թագավորաբնակ» շքեղ այս քաղաքի Հայ բնակչությունը հեռացավ՝ գաղթավայրեր հիմնելով Հայրենիքի սահմաններից հեռու՝ Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, որտեղից էլ այնուհետև՝ Գալիցիա ու Լեհաստան, նաև՝ Դոն գետի ափերը՝ հիմնելով Նոր Նախիջևան քաղաքը (Դոնի Նախիջևանը)…
Լենկթեմուրի արշավանքներից ավերված, օտար նվաճողներին անցած՝ անցյալի ծաղկուն այս քաղաքի փլատակները նույնիսկ իրենց վեհությամբ առինքնող են ցայսօր (դեռևս 13-րդ դարից ի վեր օտարերկրյա ճանապարհորդների բուռն հետաքրքրությանն է արժանացել Անին)…
Անիի ընդհանուր տեսքի վերակազմություն
Հնագույն շրջանի Հայոց հոգևոր կենտրոնի՝ Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից՝ գլխավոր Դիցի՝ Արամազդի մեհենատեղի՝ Անի-Կամախից իր անունն ստացած այս բնակավայրը, Մատթեոս պատմիչի խոսքերով՝ «որ կոչէ «Մեծ Տուն Շիրակայ» (Ղ.Ինճիճեան, «Ստորագրութիւն Հին Հահաստանեաց»), պատմիչ Վարդան Բարձրբերդցին հիշատակում է «զքաղքն Անի, որ կոչի Խնամք» ձևով («Պատմություն տիեզերական», 1861թ., էջ 117-118):
Միջնադարյան Հայաստանի վեհաշուք այս մայրաքաղաքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոններից էր՝ զարգացած գիտությամբ, կրթությամբ ու ճարտարապետությամբ:
Նաև՝ հարուստ՝ բնական ու արհեստական հարյուրավոր քարանձավներով, կրկնահարկ ու եռահարկ բնակարաններով, ընդարձակ սրահներով, պահեստներով ու գաղտնարաններով, որոնք հատկապես պաշտպանական նշանակություն ունեին:
Քարանձավային Անիում
Խորհրդավոր ու հարմարավետ քարայրներ Անիում
Ստորգետնյա գաղտնուղիներն ու գետնուղիները կարևոր դեր ունեին պաշտպանական կառույցների ընդհանուր համակարգում՝ հնագույն շրջանից ի վեր:
Դեռևս խեթական շրջանից հայտնի բազմաթիվ քաղաքներ կան՝ գետնափոր բազմահարկ շինություններով (նախորդ որոշ գրառումներում անդրադարձել ենք):
Նույն ավանդույթները շարունակելով՝ Հայոց միջնադարյան գրեթե բոլոր քաղաքներն ու քաղաքային միջնաբերդերը (Կարին, Անի, Կարս, Լոռե, Բաբերդ, Խարբերդ, Բայազետ, Ամբերդ, Բջնի…) ունեին գաղտնուղիներ՝ պաշարման ընթացքում դրսի հետ կապ պահպանելու կամ ջրի մատակարարումն ապահովելու համար (ստորերկրյա երկար թունելներով Անին կապվում էր Կարսի ու կարևոր այլ քաղաքների հետ, ըստ «լուրերի»)…
Միջնադարյան ծաղկուն մայրաքաղաք Անիի տարածքը երեք կողմերից շրջափակող ձորերի զառիվեր կողերին առկա են հարյուրավոր քարանձավներ, ուր, բնակարաններից բացի, կային հոգևոր ու աշխարհիկ նշանակության կառույցներ (վանականների խցեր, ձիթհանք, եկեղեցի)…
Ընդարձակ տարածքի վրա ձգվող մոտ 823 ստորգետնյա կառույցների մի մասը (թունելների ցանց, ալրաղաց, ջրամբար, վանականների խցեր…) չափագրվել ու քարտեզագրվել է:
1893 թվականից ի վեր տարբեր տարիներին (1903-ին, շարունակվելով մինչև 1915-16 թվականները), Ն.Մառի և իր հնագիտական արշավախմբի կողմից (մասնակիցներից էին՝ Հ. Օրբելին, Թորամանյանը, Բունիաթյանը, Վրույրը, Տոկարսկին, Գ. Չուբինովը և ուրիշներ), մեծ հետաքրքրություն առաջացրեցին՝ ազգաբնակչության ու գիտական շրջանների ուշադրությունը բևեռելով այս հռչակավոր հնավայրի հետազոտության վրա:
Ն. Մառի հնագիտական արշավախումբն Անիում՝ 1912 թվականին Լուսանկարել է Ա.Վրույրը
Իր մանկության օրերի հուշերի շարադրանքում, լուսանկարիչ Արտաշես Վրույրը գրում է.
«Անիում եղել եմ համարյա ամեն ամառ՝ սկսած 1901 թվականից մինչև 1917-ը, մանկական հասակից մինչև պատանեկություն:
Երբ առիթ է լինում հիշել կամ խոսել Անի քաղաքի մասին, մեկիկ-մեկիկ արթնանում են հիշողությանս մեջ մանկական ու պատանեկան այն քաղցր օրերը, որոնք կապված են եղել ավերակների քաղաքի հետ, որը սնուցել է իմ մեջ ճաշակ, գեղեցիկի զգացողություն:
Անիի գիտարշավի աշխատակիցներն ու մշտաբնակները, որոնք այսպես թե այնպես կապված էին Անիի աշխատանքներին, համարվում էին անեցիներ: Ինձ ևս վիճակվեց կրել կրտսեր անեցու պատվավոր անունը: Եվ ահա կյանքի վերջին տարիներին կրտսեր անեցին գրում է իր վտիտ հուշերը ավերակների քաղաքի մասին, որը նվիրական է ամեն մի Հայի համար:
Ապրեցի ավերակների քաղաքում, տեսա մեր անցյալի մեծ վարպետների ու հմուտ քարագործների կերտած հազարամյա կյանք ունեցող ծանրանիստ պարիսպներն՝ իրենց խրոխտ բուրգերով ու հզոր դարպասներով, կիսակործան տաճարներն ու պալատները, իջևաններն ու կամուրջները և խորհրդավոր այրերը: Տեսա մեր նախնիների մամռապատ գերեզմանները, գոռ ճակատամարտերի դաշտերն ու խոր ձորերը: Անցա ստորերկրյա Անիի հավիտենական մթության մեջ խորասուզված նեղ ու լայն անցքերով, տեսա խորախորհուրդ վիշապակիր բուրգերը: Տեսա բոլորը, բոլորը, որոնք դարերի խորքից եկել, հասել են մեզ իրենց բազմալեզու և բազմագիր հիշատակներով, որոնք ինչե՜ր տեսան ու լսեցին, ինչե՜ր ապրեցին խաղաղ մթնոլորտի, փոթորիկների և բռնությունների ներքո:
Անիում՝ ճարտարապետ, հնագետ, ճարտարապետության տեսաբան Թորոս Թորամանյանը՝ ծնված Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (որը նաև Զորավար Անդրանիկի ծննդավայրն էր)
Տեսա գիտուն մարդկանց, որոնք բազմահմուտ գիտնականի ղեկավարությամբ, արևի կիզիչ ճառագայթների տակ, պրպտում ու պեղում էին պատմական քաղաքի հողաթմբերն ու փլատակների շրջակայքը և դարավոր հողի շերտերի տակից դուրս հանում մեր նյութական մշակույթի մնացորդները. վերծանում հիշատակարանների արձանագրություններն ու պատմության էջերին հանձնում իրենց աշխատանքի արդյունքները:
Տեսա մեծ ճարտարապետին իր խորթափանց ու զննող աչքերով. նա չափագրում, գծագրում էր իր հմուտ ձեռքերով և պրպտումների ու որոնումների աշխարհն ընկած իր սուր մտքով վերլուծումներ անում և եզրակացություններ հանում հայ ճարտարապետության հոյակապ հուշարձանների մասին:
Տեսա ավերակների մեջ օրնիբուն քայլող խանդավառ արվեստագետին իր լուսանկարչական գործիքով և անխոնջ նկարչին՝ իր ներկերով ու վրձիններով: Տեսա արևակեզ դեմքերով բանվորների, որոնք բահերով ու բրիչներով զինված՝ զգուշորեն աշխատում էին պեղումների վայրերում:
Տարիների ընթացքում ապրեցի այս գեղեցիկ շրջափակում, որն իբրև մի մեծ դպրոց պատվաստեց իմ մեջ ազնիվ զգացումներ ու վսեմ գաղափարներ»:
«Անիի սակավաթիվ բնակիչները խաղաղ ու համերաշխ կյանք էին վարում: Ամեն ոք լծված էր իր առօրյա աշխատանքին, սկսած մեծ գիտնականից մինչև Իգաձորի այրերի բնակիչները: Միայն փոքրահասակների մեջ մենք՝ Վոլոդյա, Վահրիճ, Արա և Արտաշես, թափառում էինք Անիի ավերակներում, ձորերում ու այրերում՝ զբաղմունք ընտրելով զանազան մանկական խաղեր:
Երբեմն խաղում էինք հնարված մի խաղ, որ իբրև թե «պեղում» ենք կատարում: Վոլոդյան «պեղման» ղեկավարն էր լինում, իսկ մենք երեքս՝ բանվորները: Վոլոդյան իր հորից թույլտվություն էր խնդրում և նա նշում էր, թե Անիի որ վայրում կարող ենք զբաղվել «պեղումով»: Մենք սկսում էինք թափված քարերից մաքրել այդ վայրը և երբ գտնում էինք քանդակազարդ որևէ բեկոր կամ կարնիզի կտոր, անմիջապես ցույց էինք տալիս «փոքրիկ գիտնականին», որն իր հերթին որևէ «եզրակացություն կամ դիտողություն» անելուց հետո՝ կարգադրում էր զգուշությամբ տեղավորել մի ապահով տեղ, թղթի կտորի վրա նշելով այդ քարը: Երբեմն վրդովվում էր և նկատողություն անում անզգույշ «բանվորին»:
Հաճախ կազմակերպում էինք շրջագայություններ՝ Ծաղկոցաձոր, Հոնենցի տոհմային դամբարան-այրերը, Միջնաբերդ, Գլիձոր, Ախուրյանի ձորը, Հովվի եկեղեցին, նույնիսկ ստորերկրյա Անին (գեդան-գյալմազ), Աղվեսի ձորը, որը Անի-Խոշավանք տանող ճանապարհի վրա էր և որտեղ կանգնած էր մի փոքրիկ խաչքար»:
Մեջբերումները՝ «Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի» ներկայացրած՝ Արտաշես Վրույրի՝ «Անիում» աշխատությունից, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979):
Անիի «Հազար ու մի եկեղեցիների» մասին շատ է գրվել…Առանձնահատուկ ուշադրության են արժանի հաճախ աննկատ մնացած՝ ստորգետնյա Անիի բնակելի տները, սրահները, ժայռափոր բազմաթիվ կառույցները, որոնց ստեղծման ժամանակը ցարդ ճշգրտված չէ:
Ստորգետնյա ուղիների վտանգավորության պատճառով 1915 թվականին հնարավոր է եղել մինչև 83 մետր խորությամբ կատարել որոշ ուսումնասիրություններ, 2004 թվականին՝ մինչև 93 մետր: Կարսի Մշակութային կազմակերպության նախագահ Կ.Աքչայոզի հավաստմամբ, իրեն հաջողվել է սողոսկել մինչև 130 մետր, համարելով, որ գրեթե 1500 -ի հասնող ստորգետնյա կառույցներից մոտ 830 անձավի և 19 աղավնատան ծանոթ է ինքը (խորությունը մինչև 500 մետր է նշվում):
Ծաղկոցաձորի կողմի Քարանձավային Անիի երկհարկ ու եռահարկ՝ հարմարավետ ու շքեղ բնակելի ժայռափոր տարածքներից մեկն «Ապարանք» է անվանել Լեոն՝ իր բարձրադիր, սովորական այցելուների համար անմատչելի մուտքի, որմնանկարներով զարդարված պատերի, դարակների ու պատուհանների շնորհիվ…
Տպավորությունների ամբողջականացման համար հարկ է «գիշերել» նաև Անիի ժայռափոր՝ «բնության ու մարդու կերտած» հարմարավետ սենյակներում… Լեոյի տպավորիչ նկարագրությամբ՝
«Բավական է, որ գյուղացիներն իրենց հետ շոր ու անկողին վերցնեն, և մի կարճ միջոցով, մի քանի շարաթների ընթացքում կենդանանում է Իգաձորը, որ մի ժամանակ եռուն ու աղմկալից է եղել իբրև առևտրական շուկա:
Իսկ թե այստել շուկա է եղել՝ ցույց են տալիս այրերը, որոնցից շատերը խանութներ են հին: Այժմ էլ մի հայացքով կարելի է ճանաչել այդ խանութները, նրանք փորված են մոխրագույն կակուղ ժայռերի մեջ, ունեն դարակներ՝ ապրանքների համար:
Մարդ մտքով մի րոպե տեղափոխվում է այն հին ժամանակները: Երևակայում է հենց այսպիսի մի պայծառ ու գեղեցիկ առավոտ՝ մեծ քաղաքի պատերի տակ ընկած այս ձորում: Գյուղացի կանանց և երեխաների խմբերը կատարյալ են դարձնում իլյուզիան, և դու մի րոպե զգում ես քեզ առևտրական շուկայի մեծ ժխորի մեջ, տեսնում ես այս ձորը լցված ամեն դիրքի և կարողության մարդկանցով, որոնք առնում են, տալիս են կամ պարզապես նայում են։ Որքա՜ն խոսք ու զրույց, ի՜նչ շարժում, իրարանցում»…(Մեջբերումը Լեոյի՝ «Անհետացածների քաղաք»-ից):
2014 թվականին Կարսի՝ Կովկասի համալսարանում անցկացված միջազգային գիտաժողովում պատմաբան ու հնագետ Ս.Յազըչին ներկայացրել է «5.000-ամյա պատմություն ունեցող Հայկական քաղաքի՝ «Անիի ստորգետնյա գաղտնիքները» » ուսումնասիրությունը, նշելով, որ «հայտնաբերվել են ստորգետնյա ջրամատակարարման գաղտնի խողովակաշարեր, լայն միջանցքներ, խճճվող թունելներ, վանականների խցեր, աղոթասրահներ»:
Նա անդրադարձել է նաև Գ.Գյուրջիևին և նրա ընկեր Պողոսյանին, որոնք, 1880 թվականին, փորելով ստորգետնյա թունելը, քանդել են պատն ու հայտնվել կահույքի կտորներով, կոտրված սափորներով ու կենցաղային իրերի մնացորդներով լի մի սենյակում, ուր հայտնաբերել են մագաղաթի մի բեկոր, որի վերծանումից հայտնի է դառնում 6-7-րդ դարերում այստեղ գործած՝ Հին Միջագետքյան գաղտնի դպրոցի՝ «Սարմունգի եղբայրության» մասին (դա մի վանականի՝ մի ուրիշ վանականին ուղղված նամակն էր, որը փաստում էր այս վայրում հիշյալ դպրոցի գոյությունը):
«Մենք հատկապես հետաքրքրված էինք մի նամակով, որի հեղինակը հիշատակում էր իր ունեցած խորհրդավոր տեղեկությունների մասին: Նամակի վերջին պարբերություններից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը.
«Մեր թանկագին Հայր Թավլենտը հաջողել է Սարմունգի եղբայրության մասին իր հետազոտություններում: Նրանց կազմակերպությունը իրականում գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում և հիսուն տարի առաջ, ժողովրդի գաղթից հետո, նրանք նույնպես գաղթել են և տեղավորվել Իզրումին գյուղի մոտակայքում, Նիվիսսի մոտից երեք օրվա ճամփորդության հեռավորության վրա»:
Ապա նամակը շարունակվում է այլ թեմաներով:
Ինչը մեզ ցնցեց ամենաշատը՝ «Սարմունգ» բառն էր, ինչին մի քանի անգամ հանդիպել էինք «Մերկհավատ» կոչվող գրքում:
Սարմունգը մոգերի հանրահայտ դպրոցի անունն է, որն, ավանդույթի համաձայն, հիմնադրվել է ն.թ.ա. 2500-ական թվականներին՝ Բաբելոնում: Համարվում է, որ այն գոյություն է ունեցել մինչև 7-րդ դարը՝ ինչ-որ տեղ Միջագետքում:
Բայց նրա հետագա գոյության մասին որևէ մեկը որևէ տեղից որևէ տեղեկատվություն չուներ:
Ընդունված է կարծել, որ այս դպրոցը տիրապետում էր հսկայական գիտելիքների և ուներ բազմաթիվ առեղծվածների բանալիները»,- հետագայում պատմել է Գյուրջիևն իր հայտնագործության մասին մի ամսագրում:
Իր գործունեության ընթացքում Գյուրջիևն անդրադարձել է Սարմունգյան ուսմունքում՝ մարդու կատարելագործման համար գործածվող, հոգևոր Զարթոնքին նպաստելուն միտված՝ մարդկանց ինը տարբեր տեսակներին (առանձնահատուկ տիպերին) բնորոշող «Իննապատկերին» (Ennéagramme), ինչպես և՝ Սարմունգի դպրոցից նաև Սուֆիների «Նախշբանդներին» անցած՝ մարդու ինը «գաղտնի կարողությունների արթնացման բանալուն», որոնց կիրառումն, այնուամենայնիվ, արգելված է…
Մարդկանց ինը տարբեր անհատականությունները (Աստղաբանական ինը տիպերը) բնութագրող «Իննապատկերը» վերջին հինգ տասնամյակներում տարբեր հոգեբանների կողմից լայնորեն կիրառվում է մարդու հոգեբանական առանձնահատկությունների, յուրաքանչյուր անհատի հնարավորությունների բացահայտման և մյուսներին ավելի լավ ճանաչելու համար:
Գյուրջիևի ներկայացրած «Իննապատկերը» տարբերվում է Հայկեան Սրբազան ուսմունքի՝ Արամագի դպրոցում (հայտնի նաև «Սարմունգ» անվամբ) կիրառվող ձևից:
Ստորև՝ Քուրմ Յարութ Առաքելեանի տրամադրած պատկերները, հիշեցնելով, որ Իննաթև Աստղը Սանդարամետ Դիցուհու խորհրդանիշն է և, Հայկյան ուսմունքի համաձայն՝ «ԴԱՐԱՐԴ» է կոչվում:
Հավելենք, որ սերնդեսերունդ որպես «անգին ժառանգություն» փոխանցված «Սարմունգյան ուսմունքի» հազվագյուտ կրողների կողմից Գյուրջիևի գործունեությունը բարյացկամ վերաբերմունքի չի արժանացել՝ հնագույն ուսմունքն իր հայեցողությամբ հրապարակման պատճառով:
Նշենք, որ Անիի մերձակա Սիրանուշ քաղաքի Սարմունգյան դպրոցին, ինչպես նաև Թավրիզում, նրան նույնիսկ ծանոթության հնարավորություն չի ընձեռնվել Դպրոցի կողմից (հիշյալ մանրամասների, Հայկյան ուսմունքում կիրառվող Իննաթև Աստղի, լուսանկարի և մյուս տեղեկությունների տրամադրման համար՝ առանձնահատուկ շնորհակալություն՝ Քուրմ Յարութ Առաքելեանին) …
Խորախորհուրդ Անցյալից եկող անսպառ Իմաստության որոնումները շարունակվում են…
Ժայռափոր Անիում
Ծաղկոցաձորի ժայռափոր այրերը
Անիի քարայրներից մեկի մուտքը
Վերջին տարիների հետազոտություններից
Անիի պարիսպներից մի հատված
Անիի քարայրներից
Քարանձավային Անի
Ժայռափոր, ուստի և՝ ապահով, հարմարավետ
Իգաձորի հյուսիսային կողմը՝ դեպի Ծաղկոցաձոր իջնող հատվածը՝ քարայրներով
Քարանձավային Անիի տեսարաններից
«Աշոտաշեն», «Սմբատաշեն» պարիսպներով Անի
Անիի քարայրներից մի տեսարան
Խորհրդավոր Անի
ՍԻՐԱՆՈՒՅՇԸ՝ Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև…
«1904 թվականին Անիին այցի եկավ հայ բեմի ոգին՝ տիկին Սիրանույշը:
Նա եկավ զվարթ և վերադարձավ դառնացած: Թե ինչո՞ւ էր դառնացած, չգիտեի, ես այն ժամանակ յոթ տարեկան էի միայն:
Իմ մանկական հոգու վրա նա թողոց մի անջնջելի հետք. ես լսեցի նրա սրտաճմլիկ ձայնը, որը հորդում էր նրա զգայուն սրտի խորքից. նա խոսում էր մորս հետ և տեսա մի զույգ արտասուքի դառը կաթիլ՝ քամված նրա բոցաշունչ աչքերից:
Տարիներ հետո, երբ ես հաճախ նայում էի Սիրանույշի նկարին, մտախոհ ու թախծոտ նստած, որպես սգակիր մի մայր, Անիի Առաքելոց եկեղեցու գավթի առջև (լուսանակարված 1904 թ.), իմ առջև, ինչպես մի տապանագիր, միշտ արձանանում էին մեծ գիտնականի հետևյալ տողերը:
«Արձանագրության վիճակը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես շենքի փլուզման հետևանքով փշրված ու այլանդակված են արձանագրությունները՝ …մշակութային կյանքի թանկարժեք փաստերը, նմանապես և այն, թե ինչպես կործանիչ ուժերի շնորհիվ փշրված ու այլանդակված է Հին Հայաստանի պատմական իրականությունը»:
…Նա հրաժեշտ տվեց սգավոր քաղաքին տխուր ու վշտակիր»…
Արտաշես Վրույրի՝ «Անիում» աշխատությունից
Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանն Անիում՝ 1901 թվականի պեղումների ժամանակ, լուսանկարել է իրենց ուղեկցող՝ Հովհաննես Կոստանյանը:
«Հովհ. Կոստանյանը նկարում է Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ ու ձախ կողմերում կանգնած: Անին իր հոյակապ ճարտարապետությամբ մեծ տպավորություն է թողնում. «Օհաննեսը հիացմունքով և ուշով դիտում էր ամեն մի բեկոր` արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ թափառում էր` անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում և ականջները լարում, կարծես մի երաժշտություն էր լսում ո՛չ սովորական, ո՛չ այս աշխարհից»,– վկայում է Ավ. Իսա- հակյանը (ԹԺՀ, 14): Մյուս ականատեսը` Հովհ. Կոստանյանը, ավելացնում է. «Թումանյանը հաճախ այդ հուշարձանների առաջ կանգնած բացականչում էր. «Ի՜նչ հոյակապ ճարտարապետություն, որքա՜ն բարձր մշակույթ է եղել, որքան ճաշակ, եռանդ և աշխատանք, և դարերից հետո նայում են էնպես, կարծես երեկ են շինվել» (ԹԺՀ, 463)»:
Ստորգետնյա Անիի հնագույն՝ «Սարմունգյան Եղբայրության» (հայտնի նաև «Արամագի» անունով) ուսմունքից վերցված Ինը թևանի Աստղը՝ Դարարդը, Սանդարամետ Դիցուհու խորհրդանիշը, որը, ձևափոխելով, գործածել է Գյուրջիևը՝ որպես «Իննապատկեր»…