Year: 2021

  • «ՄՈՌԱՑՎԱԾ ԴԻՑ»

    «ՄՈՌԱՑՎԱԾ ԴԻՑ»

    (Իրանական լեգենդ)

    Անհիշելի ժամանակներից հնչող առակների, խրատների, հեքիաթների այլաբանության հոգեպարար խորհրդի թևերով՝ վստահ, որ հեռու ու մոտ, ծանոթ ու անծանոթ ընկեր-բարեկամներիս հոգեհարազատ շնչով է…

    Իրանական այս լեգենդում բազմաթիվ հրաշալի խորհրդանիշներ կան, որոնց կանդրադառնանք հետագայում (միայն հիշենք, որ Բաղեղը Դիցերին ձոնված բույսերից է՝ վաղնջական ժամանակներից ի վեր, Հայոց մեջ, ինչպես և Պարսկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում…):

    ՄՈՌԱՑՎԱԾ ԴԻՑ

    (Իրանական լեգենդ)
    Վ. Վենդտի

    Հինդու-Քուշի լեռներից դանդաղ շարժվում էր քարավանը՝ դիմելով դեպի հյուսիս-արևելք:
    Նա անցավ Իրանի բարձունքներից, ուր օդը ջինջ է և մաքուր, ուր լույսն ու ստվերը նրբությամբ որոշում են տեսարանի ամեն մի մասը, ուր երկինքն այնպե՜ս պայծառ է և թափանցիկ, որ կարծես երևում է անհուն եթերքը…


    Նա անցավ անապատների միջով, ուր փոթորիկը բուռն ուժգնությամբ, կատաղի պտույտներով բարձրացնում էր ավազի կույտերը, ցրում, պտտեցնում և ահեղ աղմուկով այս ու այն կողմ ձգում, ասես ուզում էր ցրել, հավասարել ամեն բան իր ճանապարհին, կարծես ճգնում էր անսահման ավազների մեջ շպրտել ուղտերի միակերպ տատանվող քարավանը, որ հլու՝ անմռունչ տոկունությամբ կտրում էր իր ճանապարհը:
    Նա անցավ և՛ ճահիճների միջով, և՛ անբնակ վայրերով, և՛ ծաղկազարդ դաշտերով, որոնք լի էին աշխարհիս ամենաթարմ վարդերի բուրմունքով, որ երգել են Պարսկաստանի, Արաբիայի և Հնդկաստանի բանաստեղծները:
    Քարավանը շարժվում էր Շատ-էլ-Արաբի ափերով դեպի Կոկանդ-նախնի վերգանի վայրերը, որոնք ընկնում են Պամիրի Բելուրդաղի և Ղարաթեջինի միջև, այնտեղ, ուր Ամուդարիայի վտակն է և հոսում է Բադախչանի միջով՝ սկիզբն առնելով Պարոպինազի շղթայից:


    Հովիտը հարուստ է ճոխ բուսականությամբ, և գետակներն ու առվակները ցանցի պես ծածկել են նրան:
    Այս դալարագեղ վայրը լի է մի խենթացնող բուրմունքով, իսկ պտղատու ծառերը, պատուտակները և խիտ թփերը ծածկում են նրա բոլոր թմբերն ու բլուրները:
    Այստեղ հնչում է սոխակի անդադար դայլայլը, որին ներդաշնակ է տերևների ու ծաղիկների շրշյունը, թռչունների ճռվողյունը և օդում վխտացող անթիվ, խայտաբղետ բզեզների բզզոցը:

    Քարվան-բաշիի նշանով ճանապարհորդներն այստեղ կանգ առան՝ գիշերելու:
    Քարավանը տեղավորվեց մի բլրի մոտ, որի վրայից կրկչալով հովիտն էր իջնում մի առվակ՝ շուրջը խիտ թփերով:

    Վրա հասավ գիշերը:
    Ընթրելուց ու աղոթելուց հետո բոլորը տեղավորվեցին քնելու: Միայն պատանի Պալվարտեսը, չնայած, որ հոգնած էր, չէր կարողանում քնել:
    Նրան չէին թողնում քնել և՛ ոսկեշող աստղերը, և՛ փայլուն լուսինը, որի պայծառ եղջյուրը պսպղում էր երկնակամարում, և՛ սոխակների անվերջ զիլ դայլայլը:
    Պատանին վեր կացավ ու գնաց թափառելու:
    Նա գնաց առվի ուղղությամբ և, սայթաքելով, ձեռքը մացառներին գցելով, սկսեց բարձրանալ բլուրը:
    Այստեղ, դժվարությամբ անցնելով վայրի, խիտ մացառների միջով, նա հանկարծ կանգ առավ…

    Նա իր առաջ տեսավ մի քարայր, որը պատված էր փշատերև բաղեղով և ծածկված սպիտակ ծաղիկներով սփռված ծառերի հետևը: Մուտքի մոտ ժանգոտած շղթայով կախված էին խնկամաններ:
    Այստեղ ամեն ինչ վայրի էր. ամեն ինչ ծածկված էր բույսերով, և ամեն ինչ հաստատում էր, որ վաղուց է, ինչ այստեղ մարդ ոտք չի դրել:
    Շուրջը բուսած ծառերի ճյուղերի արանքով թափանցեց լուսնի ճառագայթը և ընկավ մի քարե արձանի վրա, որ բարձրանում էր քարայրի վերևը:
    Պատանին վեր բարձրացրեց աչքերը…
    Նրան հանկած պաշարեց երկյուղի ու շփոթմունքի մի ակամա զգացմունք, և նա ծնրադրեց:
    Երբ վեր կացավ, սնոտի բարեպաշտությունից դրդված՝ կրակ արեց և կուռքի առաջ վառեց նրա՝ վաղուց հանգած կանթեղները:

    Հանկարծ նրան թվաց, թե նա լսում է մի տարօրինակ, անորոշ շշնջյուն, որից նա ցնցվեց…
    Եվ պատանուն թվաց, որ քարե արձանը գլուխը դարձրեց դեպի իրեն:

    «Ես կվարձատրեմ քեզ, ո՛վ մահկանացու, — հնչեց որոշ, միևնույն ժամանակ խուլ, ասես՝ խորքից դուրս եկող ձայնը,- Ես քեզ առատ կվարձատրեմ քո նվիրաբերության՝ այդ վառվող խնկամանների համար, որոնք նորից դեպի ինձ են ծխում կնդրուկի բուրավետ ծուխը:
    Վաղուց է, որ նրանք հանգած էին և չէին վառվում»:

    Պալվարտեսը ցնցվեց.

    -Ասա՛ ինձ, Դի՛ց,- աչքերը դող ի դող արձանին ուղղելով,- ասա՛ ինձ, ի՞նչ տարերքի Զորությունն ես և ինչու՞ այստեղ՝ քո շուրջն ամեն ինչ ծածկված է վայրի բույսերով:
    Ինչու՞ է ամեն ինչ մոռացված և չկա նույնիսկ մի շավիղ, որ առաջնորդեր դեպի քո Գահույքը: Փշատերև մացառներն ամեն կողմից փակել են ճանապարհը»:

    Հնչեց արձանի խուլ, միակերպ ձայնը.

    «Ես Սրտի Մաքրության և Բանաստեղծական Անհոգ Ստեղծագործության Դիցն եմ…
    Վաղուց է, շա՜տ վաղուց, որ ոչ ոք ինձ մոտ չի գալիս, չի ծնրադրում իմ առջև՝ հոգևոր ջերմեռանդ հիացմունքով համակված:
    Ես այլևս չեմ լսում ո՛չ ջերմ խնդրանք, ո՛չ գոհաբանական մաղթանք:
    Վաղուց է, ես չեմ տեսել մարդկային հայացք՝ լի դողդոջուն հույսով, որ, դիմելով ինձ, հայցեր սրբազան հովանավորություն, որոներ իմ գթությունը:
    Դարեր անցան այն օրերից, երբ վաղեմի սովորության համաձայն՝ ինձ նվեր էին բերում գարնան առաջին ծաղիկները, որոնցով մանուկները՝ խումբ-խումբ դեպի ինձ վազելով, սփռում էին պատվանդանս և սրբավայրիս մուտքը:


    Վաղուց անցել է այն ժամանակը, երբ ամեն ամսավերջին, հենց որ երկնակամարում շողում էր առաջին աստղը, քարայրիս շուրջը խմբվում էին բանաստեղծներն ու երաժիշտները:
    Այստեղ երգում էին օրհներգ ու տաղեր, լսվում էր լարերի ու սրինգների ձայնը:

    Այստեղ, այս բաղեղների ներքո ժողովրդական ավանդություններից հյուսում էին հանգավոր բանաստեղծական երգեր: Իսկ երբ գիշերն էր իջնում, ջահել աղջիկները գալիս էին իմ կանթեղները վառելու:
    Այստեղ, ինչպես պահանջում էր շատ սերունդներ ու դարեր տեսած վաղեմի սովորությունը, ինձ մոտ էին գալիս սիրահարներն իրենց առաջին համբույրից հետո և ինձ էին նվիրաբերում սպիտակ ծաղիկներից հյուսված պսակ…


    Իսկ այժմ…
    Երգի ձայնն արդեն լռեց շատ վաղուց՝ անցյալի մթին հեռավորության մեջ…
    Եվ շուրջս չկա ո՛չ ծաղիկ, ո՛չ կայտառ մանուկներ, ո՛չ ժպիտ, որին ծնում է սիրո առաջին երջանկությունը, — այնպե՜ս վաղուց է, որ չեմ տեսնում…
    Իմ Քուրմերն ինձ երեսի վրա թողին, իմ խնկամանները հանգան:
    Ինձ մոռացան…
    Ես մնացի մեն-մենակ…

    Դու եղար առաջինը, որ դարձյալ վառեցիր այդ կանթեղները, և ես կվարձատրեմ քեզ…
    Մի տերևիկ պոկի՛ր այդ ծակող բաղեղից, որ բարձրանալով այրի ժայռերի վրայով, պատում է իմ պատվանդանը. ես նրան կօժտեմ հրաշալի մի հատկությամբ:
    Պահի՛ր այն միշտ քեզ մոտ. կախի՛ր քո պարանոցից ոսկե շղթայով և դի՛ր ագաթ քարից շինված մեդալիոնի մեջ:
    Այդ թալիսմանն իմ ներշնչած դյութական զորությամբ կվառի, կբորբոքի քո սրտում անարատ սիրո զգացմունք և երգեր հորինելու հրաշալի ձիրք, որ քո ամեն մի անկեղծ ու սուրբ զգացմունքին և ամեն մի կենդանի տպավորությանը կտա ներշնչված բանաստեղծական ձև ու արտահայտություն:

    Իսկ դու, երբ նորից ծաղկի գարունը, բե՛ր ինձ համար նրա անդրանիկ ծաղիկները, եթե կուզես երախտահատույց լինել»:

    Պալվարտեսը, բաղեղի մի տերև փրցնելով, դրեց կրծքի վրա:
    Նա ծունկ չոգեց՝ շշնջալով գոհացողական մաղթանքի խոսքերը:
    Եվ, երբ հեռանում էր, նրան թվաց, որ Դիցի արձանն իր քարե գլխի շարժումով հրաժեշտ էր տալիս իրեն:
    Հենց որ Արևը ծագեց, Պալվարտեսը կրկին բարձրացավ բլուրը և, տապարով թփերի մեջ շավիղ բանալով դեպի կուռքի կացարանը, սփռեց նրան հովտից ժողոված ամենալավ ծաղիկներով:
    Հետևյալ օրը քարավանը շարունակեց իր ճանապարհը դեպի հյուսիս-արևելք:
    2
    Անցավ մի տարուց ավելի:
    Պամիրի սարահարթի վրայով նորից անցավ քարավանը…
    Նա անցավ Ամու-Դարիայի ջրառատ ու եղեգնուտ հովտի մոտով:
    Նա անցավ այն վայրերով, ուր երբեմն պատերազմել էր Շամիրամը, որտեղից երբեմն անցել էր իր աշխարհակալ բանակով հռչակավոր Ալեքսանդր Մակեդոնացին, և որտեղ հի՜ն-հի՜ն ավանդությունների համեմատ, արիական ցեղի առաջին թագավորն եղել էր Զրադաշտը, որն ստեղծեց այստեղ «Զենդ Ավեստան»՝ «Կենդանի Խոսքը»…

    Եվ ահա, ճանապարհորդների առաջ նորից տարածվում է Բադախշանն իր մարգագետիններով ու փարթամ բուսականությամբ և հորիզոնի վրա արդեն օձի պես գալարվում է արծաթափայլ, արագահոս Շառուդը:
    Գարունը նոր էր բացվել:
    Քարավանը տեղավորվեց բլրի մոտ՝ առաջվա տեղում:
    Պալվարտեսը՝ հավատարիմ իր ուխտին, հովտից բերեց գարնան առաջին ծաղիկները, զարդարեց քարե արձանի պատվանդանը և կրկին վառեց խնկամանները՝ լցնելով նրանց մեջ արևելքի լավագույն, անուշաբույր խնկերը:


    Այստեղ, այրի մամռապատ պատերը ծածկող բաղեղի մեջ, երբ երկնակամարի վրա հանգավ վերջալույսը, իր կիթառի ներդաշնակությամբ նա երգեց հաղթական, գոհացողական օրհներգ Անմեղության և Բանաստեղծության Դիցին:

    3

    Անցավ էլի մի քանի տարի…
    Շառուդի հովտում ՝ բլրի մոտ դարձյալ կանգ առավ հոգնած քարավանը:
    Վրա հասավ գիշերը, և երկնակամարի վրա փայլեցին առկայծող աստղերը…

    Պալվարտեսը՝ չհամարձակվելով աչքերը վեր բարձրացնել, ահը սրտում շշնջում էր.
    -Մեծազո՛ր Դից, քո հրաշալի թալիսմանը ես հե՛տ բերի քեզ:
    Ա՛ռ և հանի՛ր իմ սրտից այն ձիրքը, որ ինձ ներշնչեց քո վսեմ զորությունը…

    Հոգիս լի էր անձնվեր սիրով. ես անսահման հավատ ունեի մարդկանց ու երջանկության հանդեպ: Սակայն ես խաբված էի իմ ամենանվիրական ձգտումների ու հույսերի մեջ…
    Եվ այդ տարիների ընթացքում կյանքս լի էր հոգեկան դառն տանջանքներով:

    Ես երգեր հյուսեցի՝ լի բանաստեղծական ավյունով ու երգում էի կիթառիս ներդաշնակությամբ:
    Սակայն ո՛չ ոք չըմբռնեց իմ տաղերը, որ բղխում էին քեզանով ներշնչված սրտիցս. ո՛չ ոք չըմբռնեց ո՛չ նրանց իմաստը և ո՛չ զգացմունքի խորությունը:
    Կյանքի ձախորդությունների ու հիասթափության մեջ ինձ երկար մխիթարում ու սիրտ էր տալիս ստեղծագործության հզոր երջանկությունը, որ մի հմայիչ ուժ ունի հաշտեցնելու մարդուս՝ առօրյա մանր հուզմունքների ու անպտուղ կորած ջանքերի վշտի հետ:

    Բայց ես օտար էի շրջապատողներիս համար, և ինքս էլ սկսեցի աստիճանաբար խույս տալ մարդկանցից, ինքս սկսեցի հոգով ավելի հեռանալ այն մարդկանցից, որոնց մի ժամանակ համարում էի մերձավոր, սակայն որոնց շրջանում արձագանք չէր գտնում իմ վերածնված սիրտը:
    Տարեցտարի ես զգում էի՝ ինձ նմանների խմբում ես միայնակ եմ:

    Եվ երբ ես սիրում էի հոգուս ողջ զորությամբ, միաժամանակ տեսնում էի, որ իմ բուռն սերը չի արթնացնում արձագանք, ինձ թվում էր, թե ես այլևս սիրե՛լ անգամ չէի կարող, որովհետև իմ ու իմ սիրո առարկայի՝ ինչպես նաև ամենքի մեջ անդունդ կար:

    Եվ հենց այդ ժամանակվանից անտանելի հուսահատությունը պաշարում էր իմ սիրտը, քանզի հենց ա՛յդ ժամից ես զգում էի իմ միայնության դառը կսկիծը…

    Ես այն ժամանակ ցանկանում էի դարձյալ լինել այնպես, ինչպես էի երբեմնի՝ այս կանթեղներն առաջին անգամ վառելուց առաջ…
    Իմ մեջ հանգչում է ապրելու տենչանքը…
    Ինձ համար անտանելի ծանր է իմ վսեմ միայնությունը:

    Ե՛վ երգերս, և՛ ստեղծագործող հանճարս, և՛ անձնազոհ սիրո ունայն զգացումս կորցնում էին ինձ համար իրենց իսկական իմաստն այն րոպեին, երբ ես զգում էի իմ անել միայնությունը:
    Ու՞մ համար երգեմ իմ երգերը:

    Այս բանաստեղծությունը, որ դու դրիր իմ սրտում, չափազանց Սուրբ է ու Վեհ, որ մերձենա այն կյանքին, որով ապրում են ինձ շրջապատողները:

    Ա՛ռ, ա՛ռ ինձնից, ո՛վ Դից, քո հրաշալի շնորհը, հանի՛ր նրան մենավոր սրտից…
    Իսկ ես կփշրեմ կիթառս՝ իմ սքանչելի ցնորքների ու վառ երազների ընկերը, այս ամրակուռ պատվանդանի վրա:

    Պալվարտեսը լռեց…
    Կարճատև ծանր մտածմունքից հետո վեր բարձրացրեց տենդային փայլով վառված աչքերն ու ասաց.

    -Ես գիտեմ, թե ինչո՛ւ քեզ թողին-հեռացան քո Քուրմերը, ինչու՛ հանգան կանթեղներդ ու ինչու՛ վայրի բույսերը ծածկեցին երբեմնի նվիրական Սրբավայրը…

    Ես հասկացա՛, ո՜վ հզոր Դից, ինչու՛ մարդիկ քեզ մոռացան:
    Դու այլևս հարկավոր չէիր…
    Չէ՞որ մահկանացուների աստվածներն էլ մահացու են:

    Պալվարտեսն իր հանդուգն խոսքերից սարսափած, դողեդող աչքերը վեր բարձրացրեց՝ այնտեղից ցասումն սպասելով:

    Քարե արձանի բարձրությունից նրան նայում էին երկու կենդանի վառ աչքեր, որոնք ցնցեցին նրան:
    Բայց նրանց հայացքն ահեղ չէր, ավելի հեզ էր ու թախծալի…

    -Խաղաղությո՛ւն ընդ քեզ, ո՛վ մահկանացու, գնա՛, ես առնում եմ քեզնից քեզ տրված շնորհը:
    Ջարդի՛ր կիթառդ,- լսվեց մոռացված Դիցի ձայնը:

    Պալվարտեսը կիթառը խփեց պատվանդանին, և այն փշուր-փշուր եղավ:
    Գիշերվա մթության մեջ լսվեց նրա՝ վերջին անգամ տատանվող լարերի աղիողորմ հեծեծանքն ու… լռեց…

    Ընդմի՛շտ լռեց…

    Պատանին դողդոջուն ձեռքերով բռնեց իր այրվող գլուխը.
    -Թու՛յլ տուր, ո՜վ Դից, քո խղճալի ստրուկին՝ վերջին անգամ վառելու այս կանթեղներն ու խնկամանները:
    Թու՛յլ տուր ծաղիկներով սփռեմ քո Սրբավայրը,- բացականչեց նա նորից ծունկ չոգելով:

    -Հարկավո՛ր չէ,- լսվեց վերևից շշուկը, և նրան թվաց, թե քամին կրկնեց այդ շշուկն ու քշե՜ց-տարա՜վ դեպի ցած՝ բարձր խոտի ալեծածան մակերևույթին ու գետափին բուսած եղեգնի վրայով՝ հասցնելով պատահած թփին ու դալարագեղ հովտի բոլոր ծաղիկներին…

    Տժգույն լուսինը՝ սահող ամպի տակից դուրս գալով, կրկին փայլեց բարձր երկնակամարի վրա ու լուսավորեց քնաթաթախ քարավանը, որ ներքևում խաղաղ հանգստանում էր հովտի մառախուղի մեջ:
    Երբ Պալվարտեսը շրջվեց, որ վերջին հայացքը ձգի մոռացված Դիցի քարե արձանին, նրա տեղում տեսավ միայն քարերի մի կույտ:
    Իսկ բլրի վրայից վեր էր ամբառնում լուսապայծառ մի ամպ, որն հետզհետէ ցրվելով՝ ցնդե՜ց-կորա՜վ եթերային հեռաստանում…

    Պալվարտեսը դեռ երկա՜ր կանգնած էր բլրի զառիվայրի վրա՝ հայացքն ուղղած աստղազարդ երկնքի խորքը…
    Սակայն նրա աչքերում հանգած էր առաջվա Կայծը, և՝ սառած էր հայացքը…

  • «ԵԹԷ ԿԱՄԻՑԻՍ ԳԻՏԵԼ՝ ԵԹԷ ԼՈՒՍԻՆՆ ՔԱՆԻ՞ԺԱՄ ԼՈՅՍ ՏԱՅ Ի ԳԻՇԵՐԻ»…

    «ԵԹԷ ԿԱՄԻՑԻՍ ԳԻՏԵԼ՝ ԵԹԷ ԼՈՒՍԻՆՆ ՔԱՆԻ՞ԺԱՄ ԼՈՅՍ ՏԱՅ Ի ԳԻՇԵՐԻ»…

    «ԵԹԷ ԿԱՄԻՑԻՍ ԳԻՏԵԼ՝ ԵԹԷ ԼՈՒՍԻՆՆ ՔԱՆԻ՞ԺԱՄ ԼՈՅՍ ՏԱՅ Ի ԳԻՇԵՐԻ»…

    «Եթե կուզես իմանալ, թե Լուսինը քանի՞ ժամ լույս կտա գիշերը»
    Կամ՝ «Եթէ կամիցիս գիտել՝ եթէ արեգակ յորում կենդանակերպի է»…

    Այսպիսի և նմանատիպ այլ հարցեր էին պարունակում գործնական աստղագիտության «դասագրքերը»՝ «Պատճենները»՝ «Պատճէն տումարի», որոնցով հնարավոր էր ցանկացած տարվա, ամսվա, օրվա ու ժամի ճշտությամբ իմանալ Արեգակի, Լուսնի տեղը Երկնքում՝ կենդանակերպերի մեջ, Լուսնի խավարման ժամանակը կամ նրա՝ գիշերը լուսավորելու ժամերի քանակը…
    Աստղագիտության ու մաթեմատիկայի վրա հիմնված տոմարագիտությունը կարևոր էր հատկապես երկրագործության համար:

    Հնագույն տոների ու ծիսակատարությունների մեծ մասը Արեգակի տարեկան շարժման չորս հիմնական կետերի՝ գիշերահավասարների և արևադարձի հետ են կապված:

    Մեզ են հասել «Պատճէն տումարի Հայոց» բազմաթիվ խմբագրություններ, որոնցում Երկնքում լուսատուների շարժման հետագիծն ուսումնասիրելու, նրանց ծագման ու անհետանալու ժամանակի որոշման հաշվարկներն են տրված՝
    «Վասն ընթացից Արեգական», «Վասն ընթացից Լուսնին» (Արեգակի, Լուսնի ընթացքի մասին),
    «Եթէ կամիցիս գիտել՝ եթէ Արեգակն քանի՞ աստիճան բարձրացեալ է», կամ՝
    «Եթէ կամիցիս գիտել՝ եթէ Արեգակ յորում կենդանակերպի է» (Եթե կուզես իմանալ, թե Արեգակը ո՛ր աստեղատան մեջ է)…

    Հնագույն շրջանից սերնդեսերունդ փոխանցված, նաև՝ միջնադարից պահպանված՝ տոմարագիտական գիտելիքներով, հաշվարկներով ու մեկնություններով հարուստ բազմաթիվ մատյաններից է և 7-րդ դարի Հայ գիտնական՝ Անանիա Շիրակացուն վերագրվող՝ «Պատճէն տումարի» աշխատությունը:

    Տոմարական ժողովածուներում կիրառված եզրույթների՝ տոների, ամսանունների, աստղերի կամ կենդանակերպերի՝ աստեղատների անունների մեկնաբանությունների շուրջ որոշ «երկչոտ» ուսումնասիրություններ են արվել:
    Սակայն հաճախ՝ տարբեր բացատրություններով:

    Քննության ոլորտից աչքաթող արված երկու հասկացություններ կան՝ Անկաստղ և Ելաստղ, որոնք բնորոշում են Աստղի՝ Շնկան աստղի (Սիրիուսի) կամ՝ Աստեղատան արեգակնային Անկումը կամ Ամբարձումը՝ Ծագումը, Ելքը՝ «Շնկան բարձրանալն ու ցածնալը, կամ՝ երևալն ու աներևութանալը»:

    Տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշվելու նպատակով՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, կարգավորման համար, ծովագնացության մեջ և այլուր, վաղնջական ժամանակներից ի վեր Երկնքի պայծառ լուսատուների ընթացքով են կողմնորոշվել տարբեր ազգեր:

    Հույն բանաստեղծի խոսքերով՝
    «Հնձի՛ր, երբ երևում է Բազումքը և ցանի՛ր, երբ մայր են մտնում» (մայիս-նոյեմբեր ամիսներին)…

    Տիեզերագիտությունն ու տոմարագիտությունը դպրոցներում ուսուցանվող առարկաների ցանկում էին հազարամյակներ ի վեր:
    Աշակերտները սովորում էին հաշվել հայկական տոմարով, գրում մեկնություններ այդ տոմարի շուրջ՝ կիրառելով «Տոմարի Հայոց Պատճենը»:

    Մեկնիչը միայն պարզեցված բացատրում էր բնագրի բովանդակությունը, իսկ հաշվարկների համար՝ «ինչպես հրամայէ Պատճէնն» կամ՝ «ինչպէս խրատէ Պատճէնն»:

    Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝

    «Տոմարն ու տոնացույցը վաղնջական շրջաններից մինչև այսօր եղել է ժամանակների չափման հիմնական միջոցը:
    Քրմերը, Արքաներն ու Թագավորներն անգամ, երբ օծվում էին, երդվում էին, որ կպահպանեն տոնացույցի հաշվարկները և իրենց կամայականությամբ չեն փոփոխի ու չեն խախտի տոմարները:

    Հայոց Քրմական Դասը վաղնջական շրջաններից պահել ու մինչ օրս պահպանել է չորս տոմարները.

    Ա. Շարժական տոմարը
    Բ. Արեգակնային տոմարը
    Գ. Լուսնային տոմարը
    Դ. Աստղային տոմարը

    Հաճախ հարց են տալիս, թե ի՛նչ թվական է այսօր ըստ Հայկյան հավատամքի և ե՛րբ է համարվում տոմարի սկիզբը:

    Մենք հայտարարում ենք, որ Հայկյան հավատամքի համաձայն, հայկական բոլոր չորս տոմարները միաժամանակ սկիզբ են առել Տիեզերական Մեծ Շարից, այսինքն՝ այն շրջանը, երբ բոլոր մոլորակները մեկ շարով շարված են եղել ու դա համարում ենք մեր և այլ բոլոր հին հավատամքների՝ Եգիպտականի, Պարսկականի, Բաբելականի, Հնդկականի ու Ասորականի տոմարների սկիզբը, անկախ այն բանից, թե նրանք ո՛ր տոմարային համակարգից են օգտվում:

    Ըստ Հայկյան հավատամքի, այդ ժամանակաթիվը ն.թ.ա. 11.542 թվականն է, որն այսօրվա՝ 2021-ին գումարելով ստանում ենք 13.563 Հայոց թվականը»:

    Երկնակամարի առավել պայծառ, անզեն աչքով տեսանելի աստղերի զննման կարևորությունն ու նրանց շուրջ հյուսված զանազան՝ մեր Նախնիներին այնքա՜ն հարազատ առասպելները հարատևեցին մինչև մեր օրերը:

    Ի հավաստումն ասվածի՝ ահավասիկ մի հատված՝ Խ.Դաշտենցի՝ «Ռանչպարների կանչից».

    «Այնքան հափշտակված էի Ծծմակից դեպի Մեղրի քարերը և Ալվառինջ ու Տերգեվանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն:
    Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով:

    Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում:

    Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը:
    Կաթնագույն Հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին Լուծքն ու Կշեռքը:
    Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը՝ Մանազկերտի բերդի:

    Լուծքի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից:
    Դրանք «Յոթ Սանամոր աստղերն» են՝ Մեծ Արջը: Յոթից առաջինը Մաճկալն է՝ մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած:
    Վեցերորդը՝ Հոտաղն է Լուծքին նստած, իսկ յոթերորդը՝ Զատվորն է, որ Մաճկալի և Հոտաղի համար հաց է բերել դաշտ:

    Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ Զատվորի Շնիկն է:
    Շուտով կերևա Բույլքը:

    Ուղիղ իմ դիմաց՝ կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք:

    Դու նրան մի՛ շփոթիր Լուսաստղի հետ:
    Դա Քարվան-Կորուսն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին:

    Ցուլի պարանոցի վրա վառվեցին Բույլքի աստղերը:
    Լուսինն ու Լուսաստղը ելան:
    Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես Լուծքն ու Կշեռքը, Լուսաստղն ու Քարվան-Կորուսը փայլփլելով դանդաղորեն շարժվում են Մշո դաշտի վրայով:

    Մի աստղիկ դեմ է առել Մեղրի քարերին և շունչը պահած նայում է Սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի:
    Ուշ գիշեր է:
    Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին:
    Երևի Ալվառինջի շինականներից է:
    Այնպե՜ս պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ:
    Եզները հոգնած շարժվում են լեռան կողերով:
    Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ:

    Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի:
    Բույլքը այնպե՜ս պայծառորեն շողում է երկնքում:
    Այդ այն ժամն է, երբ ուղևորները ասում են իրար.
    «Վե՛ր կացեք, Բույլքը ելել է, ճանապարհ ընկնելու ժամանակ է»:

    Բայց ես ու՞ր պիտի երթամ և ո՞րն է իմ ժամը ճանապարհ ընկնելու:

    Երբ վերջին անգամ նայեցի դեպի երկինք, Մաճկալն անհետացել էր՝ իր հետ տանելով Զույգ լծկանին, Հոտաղին և Զատվորին:
    Շնիկն էլ չկար:
    Կշեռքն ու Լուսինն էլ չէին երևում:
    Մնացել էր միայն Լուսաստղը:
    Ես Ալվառինջի շինականին թողեցի իր կարճ եղջյուրներով եզների հետ և Լուսաստղի լույսով շարժվեցի Ծծմակն ի վեր»…

    Հ.գ. Փոքրիկ թռիչք՝ դեպի Հայկի համաստեղություն՝ ցանկացողների համար…😊

  • «ՀՐՈ՛Վ ՄԿՐՏՎԱԾ ՆԱԻՐՅԱՆ ՀՈԳԻՆ»…

    «ՀՐՈ՛Վ ՄԿՐՏՎԱԾ ՆԱԻՐՅԱՆ ՀՈԳԻՆ»…

    «ՀՐՈ՛Վ ՄԿՐՏՎԱԾ ՆԱԻՐՅԱՆ ՀՈԳԻՆ»…

    «Մեր կյանքի միակ խարիսխը մեր երկիրն է»,- տասնամյակներ առաջ գրել է Ռոդոսթոյից Փարիզ հասած՝ ֆրանսահայ գրող ու հասարակական գործիչ՝ Վազգեն Շուշանյանը (1903-1941թթ.):

    «Աչքերս հառել եմ Անցյալին՝ Ապագայի նժույգը նստած»,- Չարենցի խոսքերն են («Գիրք ճանապարհի»):

    «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս ու դեպի ու՛ր ենք գնում»…

    Հարցնում է Անցյալից «Հրե երգեր բերած» երգիչը՝ Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպի առաջաբանում՝ շարունակելով ազգային արժանապատվության գիտակցումը կարևորող՝ մեր ազգի բազմաթիվ Մեծերի խորհրդածությունները:
    Քանզի Գալիքի արմատներն Անցյալում են, Նախնիների խորհուրդն ու պատգամը, նրանց կերտած մշակույթն է ներկայի ու ապագայի հիմքում:

    …«Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես՝ Նաիրին:
    Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի՛ ընթերցող:
    Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես, նաիրցիներս:
    Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում:
    Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը»:

    Այս հարցադրումն է հնչում նաև Թումանյանի՝ դեռևս 1909 թվականին գրած՝ մտահոգ տողերում.

    «Երկիր ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք իմանում:
    Մտածում ենք՝ ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք:
    Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքա՜ն բան չգիտենք:

    Չէ՞ որ երկի՛րն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և՛ պատմություն, և՛ գրականություն, և՛ գեղարվեստ, և՛ տնտեսական վիճակ, և՛ մարդկային հայտնի տիպ ու հոգի:
    Նա՛ է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ո՛չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո՛չ ներկադ հասկանալ, ո՛չ ապագադ տնօրինել» (Հ. Թումանյան, «Մեծ ցավը»):

    «Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից» (Դերենիկ Դեմիրճյան)…

    Եվ յուրաքանչյուր սերունդ յուրովի է իմաստավորում Անցյալը:
    Յուրաքանչյուրն՝ իր ժամանակաշրջանի թելադրանքով, հաճախ՝ պատմական հանգամանքների բերումով, «քողարկված խորհուրդով», զանազան միջոցներով «ծածկագրված», մեզ է փոխանցել Նախնյաց Իմաստությունը…

    Ազգային գոյության հիմքն ու ապավենն են Նախնիների Ոգին ու Միտքը. սերունդներին կտակած հոգևոր ժառանգությունն է ոգեշնչում ու մղում պայքարի:

    …«Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
    Նա Հուր ձի ուներ, Կայծակե սուր,
    Բայց ուժը նրա, որ չէր կասում,
    Ժողովու՛րդն էր իր բազմաբազում:

    Եվ անպարտ էր նա իր սրո՛վ սուր
    Եվ ժողովրդո՛վ ռամիկ ու սուրբ»…

    «Զարմով՝ Արևազուն» Մեծ Մհերի մասին՝ Չարենցյան բնորոշմամբ…

    Հայոց հնագույն հավատալիքներին, Հրո Երկրին, Արևի ու Արևագալի՝ Արևածագի, Արևի Շողի ու Ցոլքի, Հուրի խորհրդանիշներին ու նրանց կարևորությանն անդրադարձել ենք նախորդ բազմաթիվ գրառումներում:

    1918 թվականին Հայաստանի Հանրապետության հիմնական խորհրդանիշներից մեկի՝ Ազգային Դրոշի ստեղծումը, բնականաբար, իր խորին խորհուրդն ուներ՝ խտացնելով բազմահազարամյա մեր պատմությունն ու Էությունը…

    Լույսի, Արևի, Հրո Երկրի՝ Լուսաճաճանչ Հայաստանի Արփիափայլ գույների երգիչը՝ Մարտիրոս Սարյանն իր մասնակցությունն է բերել նորաստեղծ պետության խորհրդանիշների ստեղծման գործին:

    Երևանում 2002 թվականին հրատարակված՝ «Մ. Սարյանի նամակները» գրքի առաջին հատորում Ա. Խատիսյանին ուղղված նամակում նկարիչն իր՝ «Սարյանական՝ ծիածանի երանգներով» դրոշի տարբերակն է հիշատակում՝ կից ուղարկելով ջրաներկ երեք պատկերներ:

    Առաջարկված վեց գույների փոխարեն, ի վերջո, դրոշի համար երեք հիմնական՝ կարմիր, կապույտ ու դեղձան գույներն են ընտրվում (նշենք, որ ծիածանը սպիտակ Լույսի ճառագայթների համադրությունն է՝ տեսանելի ու անտեսանելի ճառագայթներով)…

    Արևի միջոցով Կյանքն ու Արարումը՝ Լույսը փառաբանող Հայորդիք Լույսի՛ գույներն են ընտրել, որոնք, ավելի պարզեցված տարբերակով՝ դարձել են Հուրի գույները…

    Ջերմության զանազան աստիճաններում Կրակի գույնը տարբեր է՝ Կապույտ՝ ~2.000° C, Դեղձան և Կարմիր՝ մոտ 1.000°C -ում («Դեղձանը» «ոսկեգույն՝ կարմրին զարնող», խարտյաշ երանգով դեղինն է):

    Հավելենք, որ 1922 թվականին հաստատված՝ ՀԽՍՀ զինանշանի վրա Արևի ճառագայթների առկայությունը ևս նույն խորհուրդն ունի (զինանշանի՝ գերբի հեղինակներն են Մ. Սարյանն ու Հ. Կոջոյանը)…

    «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
    Դեպի՛ դարերը նորից, դեպի՜ վառվող Ապագան»…(Չարենց)

    Այսօրվա բախտորոշ իրադարձությունների պարտադրանքով՝ Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող՝ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր Հայորդիներին ուղղենք միշտ արդիական հնչող՝ Տերյանական Հրաբորբ կոչը՝

    «Ժամն է, ե՛լ նորից, ի՛մ Ծիրանավառ,

    Զրահավորվի՛ր խանդով խնդագին,

    Վառի՛ր երկունքի գիշերում խավար

    ՀՐՈ՛Վ ՄԿՐՏՎԱԾ ՆԱԻՐՅԱՆ ՀՈԳԻՆ»…🔥

    Բառերով աննկարագրելի՝ Արևածագի մի քանի դրվագ՝ ի հիշեցումն մեր Նախնիների՝ այնքա՜ն իմաստուն ձևով կարևորած՝ Լույսի խորհուրդի…
  • «ԾԱՂԿԵՑԱՒ ԾԱՌՆ ԿԵՆԱՑ , ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ»…

    «ԾԱՂԿԵՑԱՒ ԾԱՌՆ ԿԵՆԱՑ , ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ»…

    «ԾԱՂԿԵՑԱՒ ԾԱՌՆ ԿԵՆԱՑ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ»…

    Վաղնջական ժամանակներից ի վեր սերնդեսերունդ բանավոր փոխանցված, նաև՝ պատմիչների միջոցով մեզ հասած՝ Հայոց հնագույն բանահյուսության նմուշների պատառիկները (Գողթան երգեր, «Վիպասանք»…), հայերեն խոսքի, լեզվամտածողության բարձր մակարդակի ապացույցներն են…

    Գրաբարն իր հարուստ հոմանիշներով (միևնույն հասկացությունն արտահայտող բառերով), հիացնում է արտահայտչաձևերի ճոխությամբ ու առատությամբ:

    Գարնան գալուստը՝ Բնության Վերազարթոնքն է ազդարարվում Հայոց Հայկյան տոմարով՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ (մարտի 21-ին)՝ Գարնան Զուգօրությամբ՝ (Զուգաւորությամբ, Հասարակօրությամբ)՝ Գիշերահավասարով (երբ գիշերն ու ցերեկը հավասար տևողությամբ են)՝ Նոր Տարվա ծեսով ու տոնակատարությամբ:

    «Զուգօրեայ՝ Որոյ օրն է զոյգ, այսինքն՝ հաւասար ընդ տիւ և ընդ գիշեր. այն է՝ հասարակածն»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:

    «Զուգօրյա՝ որի օրը զույգ է, այսինքն՝ ցերեկն ու գիշերը հավասար են, հասարակածը»: «Հասարակած» նշանակում է «Կէսն», «Կէս բաժինն», նաև՝ «Ծիրն երկնից միջին, ընդ հարաւ և ընդ հիւսիս, և անցք արևու ընդ այն ծիր, որով լինին տիւ և գիշեր հաւասար. զուգօրութիւն»:

    «Հասարակել» նշանակում է՝ «Հավասար բաշխել»:

    «Հասարակած» իմաստն ունի նաև «Հասարակածիր» բառը:
    «Ծիր հասարակածի, յորում լինի զուգօրութիւն. և նոյն ինքն՝ զուգօրութիւն:
    Գարնանային հասարակածիրն, և աշնանային հասարակածն» (Տօնակ.):
    «Գարնանային հասարակածն, որ է մարտի Ի. և աշնանային հասարակածն, որ է սեպտեմբերի ԺԸ» (Հայկազեան բառարանից):

    Այստեղ մի հետաքրքիր դրվագ կա՝ նշված է՝ «Ի» օրը, այսինքն՝ մարտի 20-ը (12-րդ դարի սկզբի տեքստից է՝ Մեծ Հայքի Արցախ Աշխարհի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Փառիսոսից՝ Հովհան վարդապետից):
    Տոմարական ճշգրիտ հաշվարկով՝ 365 օր, 5 ժամ և 48 րոպե է տարին և ոչ՝ 365 կամ՝ 366 օր:
    Նման հաշվարկով՝ Գարնան վերադարձը 2044 թվականին կլինի մարտի 19 -ին և միայն 2102 թվականին կրկին մարտի 21-ին կտոնվի Զուգօրությունը:

    Բնության Վերազարթոնքի տոնական Բարի լուրը՝ Ավետիսը, հնչում էր ու փոխանցվում տնետուն, քաղաքից՝ քաղաք, սարերում ու լեռներում տարածելով Նորափթիթ բուրմունքն ու Կյանքի հերթական շրջափուլի մեկնարկի ավետումը…

    «Աւետի՜ս ծառոց ծաղկանց՝
    Բողբոջախիտ, խիտասաղարթ,
    Գոյն գեղեցիկ, պտղինաւէտ,
    Ակնահաճոյ, համ քաղցրունակ,
    Հոտ բուրազուարթ, փունջ խուռներամ,
    Ծայրից վարդից փթթինազարդ
    Թերթ տարածեալ ոսկեճաճանչ,
    Տերեւախիտ կանաչացեալ»…

    (Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղի՝ 10-րդ դարի հայտնի բանաստեղծ ու փիլիսոփա՝ Գ. Նարեկացու «Տաղ Հարության» քերթվածից):

    Բնության Նոր Վերածննդի՝ Նոր Տարվա սկիզբը նշանավորվում էր նաև Տիեզերքի, Կյանքի Արարման՝ Զատեքի խորհրդանշական կրկնության տոնով:

    Նոր Տարվա, Նոր ամսվա Նոր օրը Վերանորոգվում էր այն, ինչը ժամանակի հետ «մաշվել» էր…

    «ԶԱՏԻԿԸ»՝ ԶԱՏԵՔԸ, Տիեզերքի, Կյանքի Արարման Սկիզբն է՝ ԶԱՏՈՒՄԸ՝ Տիեզերական իմաստով (ինչպես Լույսը՝ Մթից՝ Խավարից Զատվեց (Ցերեկը՝ Գիշերից) և Կյանքի Արարման Սկիզբն ազդարարվեց…


    Այդ իմաստով՝ Զատիկին ծլեցված Ծիլերը Կյանքի Ծիլերի խորհրդանիշն են (Առատ Ծիլերը նաև եկող ողջ տարվա հարուստ բերք ու բարիքի գրավականն էին):
    Եվ յուրաքանչյուր Նոր Տարվա առաջին օրը՝ Գարնանամուտին՝ Ծառ ու Ծաղկի փթթումով, ձմռանը հաջորդող՝ Գարնան գալուստով՝ Կյանքի Վերազարթոնքն ազդարարող՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին վերստին հիշատակվում էր Հինը՝ Սկիզբը՝ Տիեզերական Զատումը:

    Ասվածի հավաստումն ենք գտնում 10-11-րդ դարերում ապրած պարսիկ փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ Ալ-Բիրունիի գրվածքներում:
    Նա նշում է, որ Նոր Տարվա արարողության ժամանակ՝ «Արարչության վերանորոգման ծեսի» առիթով, թագավորը հայտարարում էր՝
    «Ահա՛ մի Նո՛ր Տարվա, Նո՛ր ամսվա Նո՛ր օրը:
    Հարկավոր է վերանորոգել այն, ինչը ժամանակը մաշել է»…

    Հայոց հնագույն ավանդույթների համաձայն՝ Նոր Տարվա, Զատիկի (Զատեքի), Նոր Լույսի ու Նոր Կյանքի բարեմաղթանքներով՝

    «ԾԱՂԿԵՑԱՒ ԾԱՌՆ ԿԵՆԱՑ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ԼՈՒՍԵՂԷՆ ՊՏՈՒՂ ԵԲԵՐ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ՃԵՒՂ ԱՄԵՆԱՅՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ՏԵՐԵՒՆ ԱՄԷՆ ԱՐՓԻԱՓԱՅԼ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ԵԼ ՀՈՏ ԱՆՈՅՇ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ԱՂԲԵՒՐ ԲԽԵԱԼ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ԴԱՇՏ ԲՈՎԱՆԴԱԿ ԾԱՂԿԱՄԲՔ ԼՑԵԱԼ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ.
    ԼԵԱՌՆ ԱՄԵՆԱՅՆ ՎԱՐԴԻՒՔ ՓԹԹԵԱԼ ,
    ԵՒ ԱՆՆՄԱՆ ԷՐ»:

    ԲԱՆՔ ՔՐՄԱՑ (Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ):

    Հիշյալ «Աննման» նկարագրությունը հանդիպում է նաև այս տարբերակով՝

    Ծաղկեցաւ Ծառն Կենաց՝

    Եւ աննման էր.

    Լուսեղէն պտուղ եբեր՝

    Եւ աննման էր.

    Ճղերն ամէն արքայական՝

    Եւ աննման էր.

    Տերեւ ամէն արփիափայլ՝

    Եւ աննման էր.

    Գարնանային հոտն որ ելաւ՝

    Եւ աննման էր.

    Անմահութեան աղբիւր բխեալ՝

    Եւ աննման էր.

    Դաշտերդ ամէն ծաղկով ի լի՝

    Եւ աննման էր.

    Լերունքդ ամէն վարդ փթթեալ՝

    Եւ աննման էր:

    Հաջողությունների, իղձերի իրականացման գալիք անվերջ տարիների հաղթարշավ Ազգիս Հայոց…

    Հ.գ. Ի լրումն ասվածի՝

    ՁՈՒ… ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՈՒ ԵՎ՝ ԶԱՏԻԿ…

    Լուսանկարը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից՝ շնորհակալությամբ

  • ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ԱՆՎԱՎԵՐ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

    ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ԱՆՎԱՎԵՐ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

    ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ԱՆՎԱՎԵՐ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

    Միանալով Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող Հայության պայքարին՝ մեր բողոքն ենք արտահայտում՝ դատապարտելով ու մերժելով 100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16 -ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական՝ «եղբայրության և բարեկամության» պայմանագիրը, որի պատճառած աղետալի ճակատագրական հետևանքները Հայ ժողովրդի համար շարունակվում են մինչ օրս:
    Միջազգային իրավունքի տեսանկյունից անվավավեր համարվող այս պայմանագրով Թուրքիային անցավ Հայաստանի Հանրապետության մի մասը՝ Կարսի նահանգը, որը, Ադրբեջանի խնամակալության ներքո որպես ինքնավար տարածք դրված Նախիջևանի մարզի պես, այսօր զրկված է հազարամյակների ընթացքում իր հայրենիքում բնակված բնիկներից՝ Հայերից ու նրանց ստեղծած մշակութային ժառանգությունից՝ հետևողականորեն Հայ ազգաբնակչության դեմ իրականացված ոճրագործ քաղաքականության հետևանքով:

    Հ.գ. Որոշ մանրամասներ՝ ներքոնշյալ հղումներում…

    Իսկ գիտե՞ք, որ 1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի ընդհանրապես արդեն գոյություն չի ունեցել

    Հայկական հուշարձանների մի խումբ ջարդարարներ Ջուղայում

    Մոսկուայի պայմանագիրը պոլսահայ մամուլի էջերում (1921 թ.)

  • «Ի՜մ քաղցրանուն,         Իմ բարձրանո՛ւն,                  Ի՜մ տառապած,              Իմ փառապա՛նծ»…

    «Ի՜մ քաղցրանուն, Իմ բարձրանո՛ւն, Ի՜մ տառապած, Իմ փառապա՛նծ»…

    Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

    «Ի՜մ քաղցրանուն,
    Իմ բարձրանո՛ւն,
    Ի՜մ տառապած,
    Իմ փառապա՛նծ»…

    Մեր բազմահազարամյա պատմության ընթացքում Աննկուն Հայորդիք պայքարի ու ոգորումի՝ քաջաբար դիմադրության ու մաքառման բազմաթիվ էջեր են կերտել…

    Վաղնջական ժամանակներից ի վեր Հայկական Լեռնաշխարհում ձևավորված իր Լուսավոր աշխարհայացքով Հայն իր էությամբ կապված է իր Բնօրրանին՝ մոլորակի ո՛ր անկյունում էլ որ բնակվի…
    Աշխարհագրական Հայրենիքից հեռու՝ Հոգևո՛ր Հայրենիքն է իր արժեքներով ապրեցնում Հային:

    Ուստի՝ երիցս կարևորվում են ինքնաճանաչումը, սեփական պատմության ու մշակույթի իմացությունն ու յուրաքանչյուրիս հանապազօրյա մասնակցությունը Հայոց պատմության մերօրյա էջերի կերտման գործին:
    Հակառակ դեպքում՝ օտարամոլությունն ու թերարժեքության բարդույթն են բույն դնում…

    Ինչպես ռազմի դաշտում՝ թշնամո՛ւ դեմ են համախմբվում Հայկազուններն անհողդողդ կամքով ու ոգու խիզախումով, այնպես էլ այսօր՝ «հավաքական սիրտ» դարձած, միասնական պայքար ունենք մղելու՝ հատկապես վերջին երեք տասնամյակներին մեր Երկիրը բզկտած՝ արտաքին ու ներքին թշնամու դեմ:

    Ո՞վ է Հայի թշնամին…

    Այս հարցին անդրադառնալով՝ դեռևս 1889 թվականին հակիրճ ձևակերպել է Ռաֆայել Պատկանյանը («Վարդապետարան Հայաստանի ազատության»).

    «Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից և սուտ արհավիրքներով վհատեցնում է նրան` իր ազգաշեն գործում:
    Իսկ Հայի բարեկամը նա է, որ դյուրացնում է այդ գործը կամ իրենց աշխարհը վերադառնալը, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալու:
    Հայը երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի՛ մեջ»…

    Հիշենք վերջին երեք տասնամյակներում Հայաստանի թալանված տնտեսությունից, կողոպտված ընդերքից ու բնական հարստություններից կորզված միջոցներով ահռելի հարստության կուտակումը ոմանց կողմից ու բնակչության զգալի մասի՝ չապահովված կենսապայմանները, զանազան դրդապատճառների հետևանքով Հայաստանից հեռանալու մղված Հայորդիների թիվը…

    Մեր ազգի անցյալի փորձություններին, «պատմության դասերին» անդրադառնալով, ապագայում ճիշտ գործելու նպատակով, բազմաթիվ Հայորդիների նման, իրավիճակը բարելավելու համար ուղիներ է առաջադրել և Ռ. Պատկանյանը, համարելով, որ՝
    «Իսկական հայը նա է, որ անկեղծ ցանկանում ու նպաստում է Հայաստանի անկախությանը»:

    Վերջին տասնամյակներում Հայաստանի ու Հայության դեմ, մեր բազմահազարամյա պատմության ու մշակույթի դեմ նաև տեղեկատվական ակնհայտ պատերազմ է մղվում՝ զանգվածային հնարավոր տարբեր լրատվամիջոցներով՝ համացանցում, հեռուստատեսությամբ, հատուկ «գրականությամբ» ու բանավոր խոսքով կեղծելով պատմությունը՝ սպառնալով մեր ազգային անվտանգության պահպանմանը:

    Պետականորեն հավուր պատշաճի չգործելու (եթե չասենք՝ նպատակաուղղված գործունեության բացակայության) արդյունքում օրըստօրէ ավելի խեղաթյուրված իրականության առաջ ենք կանգնում…

    Մեր նախնիների՝ Հայկյան Սրբազան Իմաստության «ՅԱՒԻՏԵԱՆ ԽՐԱՏ» կոչվող Մատյանից մի փոքրիկ հիշեցում՝

    «Խոտորի գիտությունը լեզվի՛ վրա է, ուղիղինը (շիտակինը՝ Հայկազուններինը)՝ նրա գործերո՛ւմ»…

    (Հիշյալ Մատյանի իմաստնությունը մեզ փոխանցելու համար՝ շնորհակալություն Քուրմ Հարութ Առաքելյանին):

    Միանալով մեր ազգի համար օրհասական այս օրերին Հայաստանի Հզոր ու Ճաճանչափայլ ապագայի կերտման պայքարին, կրկնենք Հայ գրող, հրապարակախոս ու քաղաքական գործիչ՝ Սևրի պայմանագիրը ստորագրած Հայորդու՝ Ավետիս Ահարոնյանի Պայծառ լավատեսությամբ լի տողերը.

    «Ես հավատո՛ւմ եմ, Հա՛յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատո՛ւմ եմ, որ ամեն առավոտ Արշալու՛յսը կբացվի»…

    Սևակյան հանճարեղ բնորոշմամբ՝

    «Արդարութեան ահե՛ղ ատեան,
    Սրի՛ պատեան,
    Սիրո՛ մատեան՝
    Միշտ հին ու նոր՝ ի՛մ Հայաստան»…

    Մենք հավատում ենք մեր Հաղթանակի՛ն ու Հայոց Արևաշո՛ղ Ապագային…🇦🇲🇦🇲🇦🇲

    Հ.գ. Հայ անվանի արձակագիր և հասարակական գործիչ Ռ. Պատկանյանի (1830-1892)՝ «Վարդապետարան Հայաստանի ազատության» հորդորներն ամբողջությամբ՝ ստորև նշված կայքում՝

    https://yerkir.am/news/view/58634.html

  • «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ»…

    «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ»…

    «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ»…

    «Պատմությունը լավագույն միջոց է ժողովրդի ինքնագիտակցությունը արթնացնելու համար, այն դաստիարակում է սերունդներին հայրերի սխրանքով, ներշնչում անհրաժեշտ ոգի:

    Հենց այդ դիտումով էլ շարադրվեցին մեր պատմիչների երկերը»,- գրում է Հայ հին մատենագրության քաջ գիտակ, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Արտաշես Մարտիրոսյանն իր՝ «Գրերի գյուտի հարցի շարժառիթների շուրջ» ուսումնասիրության մեջ ու շարունակում.

    «Խորենացին հրճվանքով է ընդունում Սահակ Բագրատունու պատվերը:
    Նա խոսք չի գտնում մեծարելու մի մարդու, որը քաղաքական բարձր գիտակցություն է ունեցել առաջարկելու հայոց պատմությունը շարադրել, որ անմահ հիշատակ է թողնելու նրան և նրանից հետո եկող սերունդներին:
    Իսկ «Պատմության» մեջ երևում է Խորենացու ամբողջ միտումն ու ուղղվածությունը՝
    Նա շարադրում է իր պատմությունը, որպեսզի մարդիկ «ստեպ-ստեպ և անյագ առնիցեն զընթերցումն պատմութեանց մերոց հայրենեաց», որտեղ արձանագրված են «բազում գործք արութեան»:
    Եվ ահա, արության բազում գործոց այս հանճարեղ մատյանը սկսվում է Հայկի ժողովրդական, ազգային ավանդությամբ: Այդ երկի մեջ փառաբանվում են հայ պետական և ազգային մեծ գործիչները:
    Այդտեղ հանդես են գալիս դիցական կերպար ստացած պատմական դեմքեր, կամ պատմականացած դիցական կերպարներ:
    Նա իր ժողովրդի պատմությունը քաղել, հանել է ազգային ավանդույթներից, նա տուրք է տվել, հաճախ՝ ակամա, աշխարհիկ իշխանի աշխարհամիտ ցանկություններին»…

    Իրենց ապրած ժամանակաշրջանի թելադրանքով գրված հնագույն պատմությունների քննությունը շարունակելով, իր՝ «Մաշտոց» կոթողային աշխատության մեջ Ա. Մարտիրոսյանը համակողմանիորեն քննարկում է Հայոց գրերի կիրառման անհրաժեշտությունն ու Մաշտոցի առաքելությունը…

    «Թերթենք» հիշյալ ուսումնասիրության որոշ էջեր՝ հատվածաբար…

    «Քրիստոնեության հաստատման մեջ դեր խաղաց հելլենիզմը, բայց հելլենիզմը Հայաստանում ոչ թե ծնեց քրիստոնեություն, այլ՝ ճանապարհ բացեց նրան:
    Այդ հանգամանքը կարևոր է:
    Ինչ էլ որ լինի, քրիստոնեությունը եկամուտ էր (դրսից բերված, ներմուծված էր, Կ.Ա.) և դեռ խորթ:
    Փոքր Ասիայից և Միջագետքից քարոզիչներ էին շրջում Հայաստանում:

    Նրանցից մեկն էլ Գրիգորն էր (Գրիգոր Լուսավորիչը, Կ.Ա.), որ կարողացավ մոտենալ գահին:

    …Նա իր հետ (այլազգի, Կ.Ա.) կրոնավորներ բերեց՝ եղբայրներ:

    Նա բերում է նաև Հովհաննես Մկրտչի և սուրբ Աթանագինեսի նշխարները և թաղում Իննակնյան կոչվող վայրում, որ հեթանոսական պաշտամունքի կենտրոն էր, և նրանց վրա կառուցում առաջին եկեղեցին՝ «նախ անտի սկիզբն արար շինելոյ զեկեղեցիս»:

    Այդպես, հայ եկեղեցին բարձրացավ ազգային սյուների վրա (դրանք Տրդատը իր ուսերով բերեց Մասիսից), որոնց տակ օտար աճյուններ կային, և օտար ձեռքով նրա դուռը բացվեց վաղորդյան աղոթքի համար:

    Նորաստեղծ եկեղեցու կազմը միատարր չէր. «Ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ»,- գրում է պատմիչը («Պատմութիւն Տարօնոյ զօր թարգմանեաց Զենոբ Ասորի», Վենետիկ, 1832, էջ 13) (այսինքն՝ տարբեր տեղերից, տարբեր ազգություններից էին քարոզի տարածողները, Կ.Ա.):

    Նրանց բոլորին միացնում էր դավանանքը:
    Առաջին քրիստոնյաների համար դա էր որոշող և ոչ՝ սոցիալական կամ ազգային պատկանելությունը:
    Քրիստոնեության համար ոչինչ չարժեին արիք և անարիք, հույն և բարբարոս, հրեա և բաբելացի, կային միայն հավատացյալ և հեթանոս, ուղղափառ և հերձվածող:
    Հայաստանում քրիստոնեությունը բարձրանում էր հեթանոսությա՛ն դեմ պայքարով և ոչ՝ հերձվածների:
    Դա քրիստոնեության երթ էր ընդհանրապես և կապ չուներ ազգային պետական խնդիրների հետ:
    Դա նրան չէր հետաքրքրում:

    Գրիգորը արքունիք մտավ իբրև Արևմուտքի, ավելի ճիշտ՝ Փոքր Ասիայի քրիստոնեական պատվիրակ…

    Ագաթանգեղոսի՝ մեզ հասած հայերեն խմբագրության մեջ Գրիգոր Լուսավորիչը պարթև Անակի որդին է:
    Անակը դավադրաբար սպանեց Տրդատի հորը՝ Խոսրովին, որի պատճառով նրա գերդաստանը կոտորվեց, իսկ որդուն փախցրին Կեսարիա:
    Հետագայում Գրիգորը վերադարձավ Հայաստան՝ իր հոր մեղքը քավելու:
    Այդպես է ընդունում հայ պատմական ավանդույթը»…

    Անդրադառնալով տարբեր սկզբնաղբյուրներում Գրիգորի ազգության մասին տեղեկություններին, հեղինակը շարունակում է՝ մեջբերելով Տրդատին Գրիգորի մասին տեղեկացնելու դրվագի նկարագրությունը.

    «Ագաթանգեղոսի արաբական խմբագրության մեջ կարդում ենք.

    «Թագավորը (Տրդատը, Կ.Ա.) ասաց նրան (Գրիգորին, Կ.Ա).
    «Դու մի օտարական ես և այս երկրում ժառանգություն չունես, եկար մեզ մոտ և հարգեցինք ու հյուրասիրեցինք քեզ ոչ թե քիչ, այլ՝ շատ:
    Ինչպե՞ս համարձակվեցիր պաշտել մի աստծո, որին ես չեմ պաշտում»:

    Գևորգ Ասորու մոտ՝
    «Թագավորը կանչեց նրանց և ասաց.

    «Որպես օտարական և անաշխարհիկ եկար մեզ մոտ և մեզնից շատ պատիվների ու փառքի արժանացար, այժմ ինչպե՞ս ես համարձակվում պաշտել մի աստծո, որին ես չեմ պաշտում» (էջ 102):

    Գրիգորը քրիստոնյա գործիչ էր և ոչ՝ ազգային, ինչպիսի ծագում էլ որ նա ունենար» (էջ103)…

    Հայոց համար բախտորոշ ժամանակաշրջանում, երբ 387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) միջև, Ղ. Փարպեցու հաղորդմամբ, Հայաստանում քրիստոնեական պաշտամունքի և Սբ.Գրքի մեկնաբանություններն ասորերեն լեզվով էին կատարվում:

    «Եկեղեցու լեզուն դարձավ կենդանի ասորերենն ու հունարենը, իսկ պետության և արքունի լեզուն մնում էր հունարենը:

    Այն ժառանգվել էր հելլենիզմի ավանդույթով»,- կարդում ենք Ա. Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքում (էջ 120):

    «…Բայց օտար լեզվով նույնքան օտար վարդապետությունը չէր կարող համակել:
    Պետք էր ազգային լեզվով ազգային քրիստոնեական գրականություն, որ կարող էր հարազատորեն խոսել ժողովրդի հետ, և հասկանալի դառնար աստծո պատգամը:

    Այդպիսով, ոչ թե ազգային լեզվով քրիստոնեական գրականություն ունենալու պահանջը ծնեց այբուբենի գյուտ, այլ ազգային ինքնագիտակցության արթնացման և դիմադրություն կազմակերպելու քաղաքական միտումները ծնեցին ազգային գիր և ազգային-քրիստոնեական գրականություն»,- եզրակացնում է Արտաշես Մարտիրոսյանը (նույն տեղում, էջ 127):

    Հայերեն նշանագրերի ստեղծումից անմիջապես հետո, առաջին երկը, որը գրվեց անձամբ Մաշտոցի ու նրա երկու աշակերտների կողմից, Սողոմոնին վերագրվող առակների թարգմանությունն էր (Հին Կտակարանից):
    Այս մասին հաղորդում է Կորյունը:
    Եվ առաջին նախադասությունը, որն ավանդվեց սերունդներին, հնչում է ցայսօր՝

    «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»…

    Իսկ թե ինչու՞ է Մաշտոցն սկսել հատկապես ա՛յս նախադասությամբ, հետագայում հետաքրքրել է բազմաթիվ ուսումնասիրողների՝ հարուցելով նրանց զարմանքը (քանզի առավել տրամաբանական էր թարգմանվող երկն սկսել սկզբից)…

    Հնագույն շրջանից ի վեր մանկուց դաստիարակության գործում մեծ տեղ ունեին խրատներն ու առակները:
    Եվ պատանիներին ու երիտասարդներին հասցեագրված այս ուղերձն առավել խորիմաստ է մեզ համար, քան թվում է առաջին հայացքից…

    Իմաստնություն ուսանելու, ծնողների ու զավակների փոխհարաբերության, օտարամոլությունից հեռու մնալու, հայրենասիրությունը փառաբանելու, ջանասիրությունն ու արդարությունը սերմանելու նպատակով էին մեր Նախնիք խրատում, ուսանում ու դաստիարակում մատաղ սերնդին…

    Սերնդեսերունդ ամբարված ու փոխանցված իմաստությունը՝ առածների ձևով իմաստալից խոսքը՝ խրատաբանությունը՝ խրատներով՝ խորհուրդներով ու հորդորներով կրթության հիանալի միջոց էին…

    Եվ Հայկազունների Սրբազան Ուսմունքը՝ ամբարված «Յաւիտեան Խրատ» կոչվող մատյանում, հավերժ սերունդներին է պատգամում նաև Մաշտոցը՝ ակնարկելով «Խրատն ու Իմաստությունը» ճանաչելու անհրաժեշտությունը…

    Ուստի՝ առանձնահատուկ կարևորվող այս խրատը, որն այնքա՜ն խորագիտությամբ ընտրել էր հանճարեղ Հայորդին, մեր Նախնիների՛ Հանճարի իմացությանն էր կոչում՝ գալիքին ավանդելով մեր ազգային Իմաստնությունը՝ «ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՐԱՏԸ, ԻՄԱՆԱԼ ՀԱՆՃԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ»…🔥

    Հ.գ. Որոշ Խրատներ՝ վերցված «Յաւիտեան Խրատ. Հայկեան Սրբազան Իմաստութիւն» էջից (խորին շնորհակալություն՝ Քուրմ Յարութ Առաքելեանին)…🔥

  • «ԵՐԿԱԹԱԳԻՐ ԳՐԵՐԸ ՄԵՐ»   ԿԱՄ՝                    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ»՝ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ…

    «ԵՐԿԱԹԱԳԻՐ ԳՐԵՐԸ ՄԵՐ» ԿԱՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ»՝ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ…

    «ԵՐԿԱԹԱԳԻՐ ԳՐԵՐԸ ՄԵՐ»
    ԿԱՄ՝
    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ»՝ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ…

    Դարերի խորքից մեզ հասած ձեռագիր մատյաններն իրենց «մեծ ու փոքր պատմություններով», տվյալ ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների նկարագրություններով, սերունդներին են փոխանցում ազգային հիշողությունը:

    Նախնիների պատմություններով՝ «Յիշատակարաններով», նրանց քաջագործությունների հիշատակմամբ կրթում-քաջալերում-ոգեշնչում էին նույնքան անվեհեր ու քաջակորով երիտասարդ Հայորդիներին՝ որպես բարձրագույն արժեք դիտելով պետականությանը ծառայելն ու այն հզորացնելը (հիշենք Խորենացու՝ Արամի փառահեղ գործունեությունը փառաբանող տողերում կիրառվող որակումները՝ «աշխատասէր եւ հայրենասէր»)…

    «Եւ ըստ պատերազմական կարգին՝ զքաջ արանց զյիշատակարանս հանապազ երկրորդէր առաջի նոցա» («պատերազմի ժամանակ քաջ այրերի (տղամարդկանց) պատմությունները շարունակ կրկնում էր նրանց (զինվորների, Կ.Ա.) առաջ»), կամ՝ «…ընթերցան զգիր պաղատանաց Հայոց աշխարհին զյիշատակարանս նախնեաց»,- գրել է 5-րդ դարի պատմիչ Եղիշեն:

    Եվ այդ «Հիշատակարանները»՝ «Յիշատակաց մատեանները», ինչպես կոչում էին իրենց գրքերը պատմիչները, այնքան էին կարևորվում, որ նույնիսկ իրենց՝ տվյալ ձեռագրի՛ «հիշատակարանն» էր գրվում, շարադրելով այդ մատյանի «ծնունդը»՝ գրչության պատմությունը՝ նպատակը, պատվիրատուն, փառաբանելով վերջինիս, նաև՝ գրողին, փրկողին, պահպանողին (հետագայում ձեռագիրն արտագրողն էլ՝ ընդօրինակողը, իր իսկ հիշատակարանն էր հավելում)…

    Բազմաթիվ դարեր թևակոխած, թշնամիների ավերից ու ոչնչացումից փրկված, որոշ փոփոխություններ կրած, նորոգված ու վերանորոգված Հայոց մատյանները տարբեր գրատեսակներով են գրվել՝ Երկաթագիր, Բոլոր գիր, Շղագիր, Նօտր գիր…

    Հայոց ներկայիս Այբուբենի տառերի՝ ցարդ հայտնի ամենավաղ կիրառման օրինակներում՝ 5-րդ դարի մագաղաթներում, «Երկաթագիր» տառատեսակներն են:
    Հայերեն տառերի այս հին ձևն այժմ կիրառվող տպագրական գլխագրերին են նման:
    Անունը երկաթի գրիչով գրելու հետ է կապված՝ «յերակաթագիր մատեանս»՝ «Գրեալ գրչաւ երկաթեաւ»…

    Ըստ գրելաձևի՝ տարբերակում են խոշոր, տողի վրա միահավասար, առանց փոքրատառերի «Բոլորձև երկաթագիրը», երբ ուղղահայաց և հորիզոնական մասնիկները միմյանց միանում են կորավուն, կամարաձև գծիկներով («բոլոր»՝ նաև «կլոր» է նշանակում), և՝ «Ուղղանկյուն երկաթագիրը»՝ անկյունավոր միացումներով…

    Բոլորձև երկաթագրում բացակայում են «և, օ, ֆ» տառերը, նրանց փոխարեն կիրառվում են՝ համապատասխանաբար՝ «եւ, աւ, փ»:

    12-րդ դարից, աստիճանաբար, Ուղղանկյուն երկաթագրին փոխարինում է Բոլորգիրը՝ «Բոլոր՝ որպէս Բոլոր գիր, հնարեալ յէտ Երկաթագրի՝ նախ քան զՆօտրն», որի կատարելության նմուշներից են Կիլիկիայի հոյակապ մատյանները…

    17-րդ դարից Հայ գրչության ասպարեզում լայնորեն կիրառվում է «Նօտրը»՝ «Նօտրգիրը»՝ արդեն նախորդ դարերից հայտնի, ավելի մանր տառերով գիրը՝ գրավոր նյութի առավել մեծ պահանջարկով պայմանավորված. այն հարմար էր ավելի արագ գրելու համար…

    «Նօտարը» «նշանագիր, գրիչ, դպիր արքունի կամ եկեղեցական, գրագիր» իմաստն ունի:

    «Նօտր»՝ «մանր՝ իբր նօսր կամ՝ սեպհական նօտարաց, և երագագիր դպրաց («երագագիր»՝ արագագիր, արագ գրող, Կ.Ա.). որ ի յետին դարս հնարեցաւ»…
    «Նօտրել»՝ «Նօտր գրով գրել»…

    «Ես՝ Ղազար աբեղայս, բոլո՛ր գրեցի մինչև ի հոս. նօտր (այնուհետև) ուսայ, նօտր գրեցի» (Յիշատ. պատ. Վրդն., Վարդանի պատմության «Հիշատակարանից»՝ «Ես՝ Ղազար աբեղաս, մինչև այստեղ բոլոր (բոլորգրով) գրեցի, այնուհետև նօտր սովորեցի, նօտր գրեցի», «Նօտրել, Նօտարել»՝ Նօտր գրով գրել, արագ գրչությամբ օրինակել»… Մեջբերումները՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

    «Շղագիրը» շեղ գիրն է՝ տառերը գրելու ձևի իմաստով (ինչպես ներկայումս ենք գրում)…

    Աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում այսօր պահվում են Հայկական հնագույն՝ տարբեր բնույթի ու բովանդակության բազմաթիվ մատյաններ:

    Նշանակալից է Ֆրանսիայի Ազգային Գրադարանի՝ մոտ 350 ձեռագրերի հավաքածուն:
    Դեռևս 1679 թվականին, արևելագետ Անտուան Գալանը (Antoine Galland) դեպի Արևելք իր 3-րդ ճամփորդության ընթացքում նպատակ ուներ գտնել — ձեռք բերել Հայկական հնագույն գրքերը, «հատկապես՝ այդ լեզվով գրված՝ Մովսես անունով մի ոմն հեղինակի գիրքը և Աստվածաշնչի Հայերեն թարգմանությունը» (Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» հետքերով է գնացել, ինչպես վկայում են ժամանակի սկզբնաղբյուրները):

    Փարիզում, Ֆրանսիայի Ազգային Գրադարանում է պահվում ցարդ հայտնի՝ Հայկական գրերով միակ պապիրուսը, որը վերագրվում է 5-6-րդ դարերին:

    Հիշյալ գտածոյի տեքստը հունարեն է՝ կարճ խոսակցական նախադասություններով, փիլիսոփա Դիոգենեսին վերագրվող պատմություններով ու ասույթներով (հունարեն սովորելու նպատակով, թերևս)…

    Այն հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին՝ Եգիպտոսում (հավանաբար՝ Ֆայումում), հետազոտվել 1897-ից՝ Փարիզի Արևելյան Լեզուների Դպրոցի (հեղինակավոր Ինստիտուտի անունն է) հայտնի ներկայացուցիչ Օգյուստ Կարիերի կողմից (Auguste Carrière):

    Տասնամյակներ շարունակ կորած էր համարվում, քանզի դասվել էր Ֆրանսիայի Ազգային Գրադարանի՝ հունարեն և ղպտիերեն ձեռագրերի շարքում:
    Այն վերագտնվեց 1993 թվականին՝ ամերիկահայ գիտնական Տիգրան Կույմջյանի ջանքերի շնորհիվ՝ նշված «փաթեթում»:

    Խնդրո առարկա տեքստում հանդիպում են Հայոց հին տարբեր տառատեսակները՝ միաժամանակ:
    Դա հիմք է հանդիսանում ենթադրելու, որ նրանք գոյություն են ունեցել միաժամանակ:
    Մանրամասները՝ ստորև կայքում՝

    https://hy.m.wikipedia.org/wiki/Հունա-հայկական_պապիրուս

    Հավելենք, որ Հայ միջնադարյան շրջանից պահպանվել են նաև խազագրություններով մոտ 2.000 ձեռագիր (որոնցից ավելի քան 1.000-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում են):

    Հնագույն արմատներով ու դեռևս 5-րդ դարից երգվող բազմաթիվ շարականների, տաղերի երաժշտության գրության (նոտագրման) այդ ձևում կիրառվել են նաև մեր՝ ցարդ գործածվող, խոսքի ելևէջն արտահայտող՝ առոգանության ու տրոհման նշանները:

    Խազերի ուսումնասիրությամբ զբաղվել են եվրոպացի բազմաթիվ մասնագետներ:
    «Խազաբանության տարրերը» հանճարեղորեն ամփոփել է Կոմիտասը…

    Ահավասիկ Հայոց հնագույն որոշ հավատալիքների խտացումն արտահայտող՝ Նարեկացու կողմից քրիստոնեության շղարշով վերաձևած՝ «Վարդավառի Տաղի» խազագրված որոշ տողերի երկու նմուշ՝ Մատենադարանի տարբեր ձեռագրերից (վերցված՝ Արուսյակ Թամրազյանի՝ «Խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ…» ուսումնասիրությունից):

    https://hy.m.wikipedia.org/wiki/Հայկական_հնագրություն

  • «ՎԻՊԱՍԱՆՔ» ԿԱՄ՝ «ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԳԵՐԸ…  ՆՐԱՆՑ ՄԵՋ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»…

    «ՎԻՊԱՍԱՆՔ» ԿԱՄ՝ «ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԳԵՐԸ… ՆՐԱՆՑ ՄԵՋ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»…

    «ՎԻՊԱՍԱՆՔ»
    ԿԱՄ՝
    «ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԳԵՐԸ…
    ՆՐԱՆՑ ՄԵՋ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»…

    Երաժիշտներ Կիլիկիայում՝ Ադանայի հյուսիս-արևմուտքում գտնվող, խեթական շրջանի՝ ն.թ.ա. 9-8-րդ դարերին վերագրվող՝ Կարաթեփե հնավայրից (հետագայում հայտնի՝ Առյուծ Բերդ անունով)

    Մ. Խորենացու հայտնի մատյանի՝ «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել ու մեզ են հասել Հայոց հնագույն դիցավեպից որոշ պատառիկներ…

    Հայկի ու նրա սերունդների՝ Հայկազունների մասին պատմող ազգածնական պատումների կցկտուր բեկորներից փոխանցվել են նաև Մար Աբաս Կատինայի երկից:
    Արամին վերաբերող ավանդույթները հիշատակելիս պատմիչը նշում է.
    «Որպէս Մար Աբաս Կատինայ պատմէ’ ի փոքունց ոմանց եւ յաննշանից արանց, ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց»:
    Այսինքն՝ Մծբինի Արքունական դիվանի մատյաններում Արամի քաջագործությունների մասին պատմող գրավոր հիշատակումներն էին՝ քաղված գուսանական երգերից, որից հետագայում օգտվել է Մար Աբաս Կատինան:
    Մ. Աբեղյանի կարծիքով, Հայկից մինչև Արամ բոլոր Նահապետների սխրանքներն էին գուսանական երգերում…

    «Վիպասանքի» զանազան դրվագները պատմվում ու երգվում էին ժողովրդի կողմից՝ տոների և ծիսակատարությունների ժամանակ՝ բարձրաբարբառ փանդռահարների, մակասացօղների (ասվածը կրկնողներն էին), բախողարարների (քնարահարների), բամբռասացների ուղեկցությամբ…

    Վիպասանական բնույթ ունեցող քերթվածները «հագներգություն» են կոչվում:
    Հագներգություն հորինողը կամ հագներգություն երգողը՝ ժողովրդական երգիչը՝ գուսանը՝ «հագներգու» կամ՝ «հագներգող»:

    Նախնիների հերոսացմամբ ու նրանց պաշտամունքով պայմանավորված՝ Նահապետների, Քաջազուն արքաների հիշատակումն, անկասկած, կարևորվում էր հնագույն շրջանից ի վեր. այստեղից էլ՝ ըստ իս, «Թվելեաց երգերը»՝ նրանց թվարկումը (որը նաև ծեսերի ժամանակ էր արվում՝ ինչպես այսօրվա եկեղեցական արարողությունների ընթացքում սրբերի թվարկումը):

    «Յայտնեն զայս ճշմարտապէս եւ Թուելեացն երգք, զոր պահեցին ախորժելով, որպէս լսեմ, մարդիկ
    կողմանն Գինեւէտ գաւառին Գողթան» (Խորենացի):

    Հիշատակելով «հների»՝ Նախնիների կողմից փանդիռների նվագակցությամբ պատմվող-երգվող ավանդազրույցները, որոնք «ախորժելով պահել էին Գինեվետ Գողթան գավառի կողմի մարդիկ», Խորենացին գրում է, օրինակ, որ Տիգրանի որդու’ Վահագնի մասին ինքն է լսել իր ականջով փանդիռներով գովերգվող հերոսապատումները՝ «Զայս երգելով ոմանց փանդռամբ, լուաք մերովք իսկ ականջօք: Յետ որոյ եւ ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա եւ յաղթել, եւ կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնսն նմա երգէին»:

    «Այսինքն’ Խորենացին փանդիռների նվագակցությամբ լսել է ոչ միայն «Վահագնի հիմնը», այլեւ վիշապների դեմ նրա պայքարի մասին պատմող առասպելական երգերը եւ Հերակլեսի սխրագործությունները հիշեցնող այլ երգվող հատվածներ, որոնք, ցավոք սրտի, չի հաղորդել իր Պատմության մեջ, քանի որ, ըստ երեւույթին, դրանք համարել է զուտ առասպելաբանություն եւ ուստի’ պատմագրության համար անպիտան»,- գրել է Տորք Դալալյանն իր՝ « «Վիպասանք» ժողովրդական դիցավեպի ավանդման եղանակները» ուսումնասիրության մեջ, ուր կարդում ենք.

    «Վիպասանք» դիցավեպի առաջին կերպարների’ Տիգրանի եւ նրա հակառակորդի’ Աժդահակի մասին առասպելական պատմությունը Խորենացին վերցրել է մի գրավոր աղբյուրից, որը կոչվում էր «Հիւսումն պիտոյից» կամ «Չորս հագներգութիւնք»:

    Նմանապես, Երվանդի եւ Երվազի ու Արտաշեսի հետ նրանց հակամարտության մասին պատմող ավանդազրույցները Խորենացին քաղել է մեկ այլ գրավոր աղբյուրից’ Հանիի Ողյումպ (=Olympe) քրմի մեհենական պատմություններից, սակայն Պատմահայրը հավելում է, որ այդ զրույցների մասին վկայում են նաեւ հայոց վիպասանների, այն է’ գուսանների երգերը. «Եւ զայս մեզ ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմ Հանւոյ, գրող մեհենական պատմութեանց, եւ զայլ բազում գործս’ զոր ասել կայ մեզ առաջի, որում եւ Պարսից մատեանքն վկայ են եւ Հայոց երգք վիպասանաց»:

    Քրիստոնեության տարածմամբ արմատական փոփոխություններ պարտադրվեցին մարդկանց մտածողության, հնագույն տոների ու ծեսերի մեջ, հետևաբար նաև՝ վիպերգության բնագավառում:

    Հրաշալի ու գերբնական ուժով օժտված ազգային հերոսներին փոխարինելու եկան օտարազգի «սրբերի, քրիստոնեության հավատքի մարտիրոսների» վարքաբանությունը՝ խնամքով հորինված կյանքն ու նահատակությունը պատմող ծիսամատյաններով, և օտար լեզվով՝ ասորերենով ու հունարենով ուսուցանվող սաղմոսներն ու աղոթքները, որոնց, սակայն, անհաղորդ էին մնում Հայերը…

    Ազգային հնագույն մշակույթի դեմ պայքարի ելած նոր կրոնն արգելեց հինը, թեև հենց հնի՛ ձևափոխմամբ այն կառուցվեց…

    Քրիստոնեական ծեսի և արարողության իմաստը մատչելի դարձնելու նպատակով «հայկականացման» արդյունքում խեղաթյուրվեցին (ու նաև՝ արգելվեցին) նախկին տոներն ու ծեսերը՝ նրանց հետ միասին՝ որոշ նվագարանները ևս, պատճառաբանելով նրանց «անպիտանիությունը»…

    5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդը, անդրադառնալով քրիստոնեության քարոզին օտար մնացած, նոր կրոնին անհաղորդ Հայերին, գրում է.

    «Որովհետև վաղուց ի վեր, երբ նրանք քրիստոնյա անունն ստացան՝ այդ (կրոնը) հանձն առան հարկադրաբար՝ իբրև մի մարդկային մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի։

    (Կրոնն ընդունեցին) ոչ գիտակցաբար, հույսով ու հավատով, ինչպես որ հարկն էր։
    Միայն քչերը, որոնք փոքր ի շատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության, մասամբ հասկանում էին այդ (կրոնը)։
    Իսկ որոնք գրագիտության արվեստից զուրկ էին, այսինքն ժողովրդի, նախարարների ու շինականների խառնիճաղանճ բազմությունը, ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՆՍՏԵԼՈՎ ԳԻՇԵՐ- ՑԵՐԵԿ, ԱՄՊԵՐԻ ՆՄԱՆ ՈՒՍՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՀՈՐԴ ԱՆՁՐԵՎ, ՆՐԱՆՑ ՎՐԱ ՀՈՍԵՑՆԵԻՆ, ՆՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ, ՈՉ ԿԵՍ ԽՈՍՔ, ՈՉ ՄԻ ԲԱՆ, ՈՉ ՄԻ ՆՇՈՒՅԼ ԻՐԵՆՑ ԼՍԱԾՆԵՐԻՑ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՄՏՔՈՒՄ ՊԱՀԵԼ ԿԱՄ ՀԱՍԿԱՆԱԼ:

    Որովհետև նրանց մտքերն զբաղված էին անպիտան, անօգուտ բաներով, ինչպես փոքր երեխաները, որոնք մանկական հասակում տարվում են իրենց տղայական խաղալիքներով, պիտանի ու կարևոր բաների վերաբերյալ հոգ չեն տանում, նրանք էլ սրանց նման տհաս մտքերով խարխափում էին պարսավելի գործերի, հին հեթանոսական սովորությունների մեջ՝ խուժադուժ բարբարոսական միտք ունենալով։
    ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԳԵՐԸ, ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ, ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՓՈՒԹԵՌԱՆԴ ԷԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ, ՆՐԱՆՑ ՄԵՋ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»… (Փ. Բուզանդ, «Հայոց պատմություն», Գլ. ԺԳ):

    Հ.գ. Հնագույն նվագարաններից մեկի՝ քնարի տեսակներից՝ Բարբուտի մի քանի հնչյուններ՝ ստորև տեսանյութում…

  • «ԱՆՆԿՈՒՆ ՄՆԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՎՇՏԱՀԱՐ»…

    «ԱՆՆԿՈՒՆ ՄՆԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՎՇՏԱՀԱՐ»…

    «ԱՆՆԿՈՒՆ ՄՆԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՎՇՏԱՀԱՐ»…

    Կյանքի զանազան իրավիճակներում մարմնական ու հոգեկան տոկունության ամրապնդման նպատակով հնուց ի վեր տարբեր միջոցներ են կիրառվել՝ հոգով ու մարմնով առողջ սերունդների դաստիարակման նպատակով:
    Դիմակայելու՝ «դիմակաց լինելու», ընդդիմանալու՝ դժվարության հանդիպելիս չվհատվելու, խոչընդոտները հաղթահարելու են կոչել մեր բանաստեղծներն ու գրողները…

    «Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը»,- խրատում էր Հրանտ Մաթևոսյանը՝ ասես շարունակելով Պ. Սևակի՝ տոկունության հորդորը՝ «Ցա՜վն է հաճախ առաջ մղում»… Կամ՝

    «Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
    Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
    Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
    Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
    Այլ մագլցել ես կատարից-կատար,
    Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
    Քո ահեղ դարից առնելով թևեր»…

    Բազմաթիվ դժվարին էջերով լի պատմություն ունեցող մեր ազգի համար, հատկապես՝ օտար նվաճողների՝ Լենկթեմուրի, թաթար-մոնղոլների ավերմունքի պայմաններում, դիմակայելուց, դիմադրելուց բացի առաջադիմել ու կատարելագործվել էր պետք՝ ազգի դիմադրողական ուժը պահպանելու, ընդհանուր հուսահատությունից խուսափելու համար:

    Միայն 15-րդ դարում գրված որոշ ձեռագրերի համառոտ, բայց սրտառուչ հիշատակարաններում «անգութ ու անագորույն, անողորմ» «բազում անասելի ավերածություններ» են հիշատակվում «ի վերայ Աշխարհիս Հայոց»…

    «Ո՛վ դառն ժամանակիս․ զի զօրք բազում պաշարեալ են զքաղաքն Եզնկայ»…

    Երզնկայի ավերումից հետո հիշատակվում են այլ քաղաքները՝ Անի Կամախը՝ Հայոց հնագույն գլխավոր մեհենատեղին՝ «զԿամխայ աստուածաշէն երկիրն», որտեղից գերվեցին ԺՌ․ (10,000) այր և կին, «զՆերքին Դերջանն և զՎերին Դերջանն, զԲաբերդ, զԿեղի, զԿոճակն, և զԳայլ գետն, զՇիռեան, զՍատաղ», հետագայում շարունակվող տխուր տարեգրությամբ՝ Վան (1459-ին)…

    Առակների, այլաբանության լեզվով դարեդար հյուսված պատմություններից մեկում փայտի, գազարի, ձվի ու սուրճի օրինակով դժվարություններին ընդդիմանալու ձևերն են՝ տարբեր հետևանքներով…

    Առանձին կաթսաներում եռացող ջրի մեջ որոշ ժամանակ եփվելուց հետո փայտն անփոփոխ է, արտաքուստ կարծր գազարը՝ փխրուն, փուխր ու հեղուկ ձուն՝ պնդացած-կարծրացած, սուրճը՝ լուծվելով՝ ջուրը վերափոխած…

    Նույն՝ եռացող ջրին (կյանքում հանդիպող դժվարություններին) դիմակայելուն յուրաքանչյուրն իր ձևով արձագանքեց՝ փայտը մնաց անհողդողդ, անսասան, աննկուն, ամուր գազարը՝ հեշտությամբ խոցելի, ընկճելի, բարակ ու նուրբ կեղևով հեղուկ ձուն՝ ամրացած ու դժվարությամբ կոտրվող, սուրճը՝ տարրալուծվելով՝ անբարենպաստ շրջապատը բարեփոխած (խորաթափանց հնարամտությամբ)…

    Կյանքում երբեմն պարտադրված անբարենպաստ պայմանների թելադրանքով մարդիկ փոխվում են…
    Սակայն շատերն են, բարեբախտաբար, հետագայում կրկնում՝ «Հաղթահարեցինք»՝ «Հաղթությամբ տապալեցինք»…

    Հայ անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի (1864-1929թթ.) խոսքերով՝

    «…ԱՆՆԿՈՒՆ ՄՆԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՎՇՏԱՀԱՐ»…🔥

    Վերհիշելով Իսահակյանի խրոխտ տողերը՝

    Կենսական ծովի հույզերի միջին

    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.

    Կայծակն է զարկում իմ վես ճակատին,

    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

    Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,

    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

    Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,

    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

    Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,

    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,

    Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,

    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

    29.V.1894թ.