Category: Culture

  • «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ա) (Հ. ԱՃԱՌՅԱՆ)

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ա) (Հ. ԱՃԱՌՅԱՆ)

    «ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ա) (Հ. ԱՃԱՌՅԱՆ)

    Անձնանուններում, ազգանուններում, տեղանուններում արտացոլված են տվյալ ազգի պատմությունն ու մշակույթը։
    Հազարամյակների ընթացքում քաղաքական իրավիճակի թելադրմամբ տարբեր ազգերի հետ որոշ «ճանապարհ անցած» Հայերի անունների, ազգանունների ծագման ուսումնասիրությունը, լուսաբանումը ծագումնաբանական բազմաթիվ էջեր են բացահայտում՝ կրած ազդեցությունների շերտերով:

    Հրաչյա Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածից մի հատված՝ ստորև (Մաս Ա, շարունակությունը՝ հաջորդ հրապարակմամբ)…

    «Անձնանունը այն գլխաւոր միջոցներից մէկն է, որով համայնքը կամ հասարակութիւնը զանազանում է իր անդամներից այս կամ այն անհատին՝ միւս անհատներից: Այդ միջոցը աւելի է բնորոշւում կամ զարգանում, երբ անձնանուան վրայ աւելանում է մի մականուն, կամ հայրանունը, կամ ազգանունը — և կամ այդ բոլորը միասին: Կարող ենք ասել պարզապէս Վահան, աւելի ճշտած՝ Գայլ Վահան, կամ Վահան որդի Հմայեակի և կամ Վահան Մամիկոնեան և այլն:
    Մարդկային հասարակութեան մէջ չկայ թէկուզ ամենավայրենի մի ցեղ,
    որի անդամները անձնանուն չունենան:
    Անձնանունը համաշխարհային մի երեւոյթ է:
    Շատերը կարծում են և կամ այնպէս են հաւատացած, թէ անձնանունները ծագում չունեն, այսինքն աննշանակ ձայներ են, և կամ աւելի գիտական ձեւով արտայայտուելով՝ արմատական բառեր են: Այս կարծիքը առաջացել է նրանց մէջ հասարակ անունների համեմատութեամբ: Ինչպէս որ՝ սեղան, ջուր, արեւ, փայտ, ծառ բառերը արմատ են և մենք միջոց չունենք վերածելու նրանք իրենց մասերին, նոյնպէս են համարւում նաեւ անձնանունները՝ Միքայէլ, Տիգրան, Երուանդ, Թադէոս, Յովսէփ և այլն:

    Այս կարծիքը ճիշտ չէ: Հասարակ անունների մէջ կան և պէտք է որ լինեն արմատներ կամ արմատական բառեր, բայց անունների մէջ չկայ արմատական բառ: Բոլոր յատուկ անունները, լինեն նրանք մարդու, թէ տեղի (լերան, ծովի, լճի, գետի, քաղաքի, գիւղի և այլն), կազմուած են հասարակ գոյականներից, և են բարդ կամ ածանց բառեր: Ուրիշ խօսքով՝ ամէն յատուկ անուն մի բառ է, նշանակութեամբ տուած հասարակ անուն:
    Մեր հասարակութեան մէջ այս սխալ կարծիքը առաջացած է յատկապէս ա՜յն պատճառով, որ մեր ամբողջ շրջապատը լցուած լինելով անթիւ, անհամար օտար անուններով, որոնց իմաստը անծանօթ է մեզ, ենթադրում ենք, թէ անունները առհասարակ անիմաստ ձայներ են:

    Թէ ինչպէ՞ս կարելի է իմանալ, թէ այսինչ անունը հայկակա՞ն է, թէ օտար, պէտք է դիմել ստուգաբանութեան: Եթէ մի որեւէ անուն մեզ համար և մեր լեզուով որեւէ իմաստ տալիս է, ուրեմն հայկական է. իսկ եթէ ոչինչ չի նշանակում, ուրեմն օտար է: Այսպէս օրինակ՝ Աստուածատուր, Խաչատուր, Տիրատուր, Հրաչեայ, Վարդգէս, Նորայր, Ժիրայր, Հրայր, Մարգար՝ և այլն հայկական անուններ են, որովհետեւ հայերէն են և հայերէնով մի բան նշանակում են: Աստուածատուր նշանակում է Աստուծոյ տուածը, Խաչատուր՝ խաչի տուածը, Տիրատուր՝ Տիրոջ տուածը, Հրաչեայ՝ հրային աչքեր ունեցող, Վարդգէս՝ որի գէսը, այսինքն մազերը վարդի նման են, Նորայրը՝ նոր այր, նոր մարդ է, Ժիրայրը՝ ժիր այր, ժիր մարդ է, Հրայրը՝ հուր այր, այսինքն կրակէ մարդ է, Հրանդ՝ հուր է անդ, այնտեղ՝ սրտում կրակ կայ վառուած, Մարգարը — մի մարգարէ է, ապագայի գուշակ, և այլն:


    Իսկ Պետրոս, Պօղոս, Լեւոն, Գուրգէն, Գրիգոր, Փիլիպոս, Արզուման, Ռուբէն, Ալավերդի, Սենեքերիմ և այլն հայերէնի մէջ ո՛չ մի իմաստ չունեն, հետեւաբար՝ հայկական անուն չեն:
    Նրանք օտար անուններ են և իւրաքանչիւրը պատկանում է այն ազգին, որի լեզուով ստուգաբանւում է կամ որից որ առնուած է: Պետրոս յունարէն է և յունարէնում Petros նշանակում է «քար»… Պօղոս լատիներէն է և լատիներէն paulus կամ paullus նշանակում է «փոքրիկ», Լեւոն յունարէն և լատիներէն է. այս երկու լեզուով Leo, Leon նշանակում է «առիւծ»: Գուրգէն պահլաւերէն կամ պարսկերէն է և պարսկերէն կամ պահլավերէն gurg, gurgen նշանակում է «գայլ, փոքրիկ գայլ», Գրիգոր յունարէն է և յունարէն Grigorios նշանակում է «արթուն», Փիլիպոս յունարէն է, որովհետեւ ծագում է յունարէն ֆիլօ «սիրել» և իպպոս «ձի» բառերից և նշանակում է «ձիասէր, ձի սիրող»:
    Արզուման պարսկերէն յատուկ անուն է, որովհետեւ ծագում է պարսկերէն արզումենդ «փափագող, ցանկացող» բառից, Ալավերդի տաճկական անուն է, որովհետեւ ծագում է Ալլահ «Աստուած» և վերդի «տուեց» բառերից, Ռուբէն ben եբրայեցերէն է և եբրայեցերէն rau նշանակում է «տես, որդի»… Սենեքերիմ ասորեստաներէն է և այս լեզուով sin ahhe eriba նշանակում է «Աստուած եղբայրներս շատացրեց»:

    Իգական անունները արականներից այն առաւելութիւնն ունեն, որ նրանց մէջ հայկականները համեմատաբար աւելի շատ են: Այսպէս, օրինակ՝ հայկական ծագում ունեն Սիրանոյշ, Մաքրուհի, Տիրուհի, Թագուհի, Սրբուհի, Իսկուհի, Յասմիկ, Մանիշակ, Վարդուհի, Լուսնթագ, Մայրանոյշ, Համասփիւռ, Երջանիկ, Արմէնուհի, Արշալոյս, Արեւհատ, Արեգնազան, Նազենիկ, Վարսենիկ և այլն, և այլն:
    Իգական անունների այս դրական կողմը, սակայն, մի բացասական երեւոյթի արդիւնք է — հին Հայոց մէջ կնոջ անունը տալը ամօթ էր համարւում, և փոխանակ կնոջ իր սեփական անունով կոչելու, ասում էին «այսինչի աղջիկը»: Սրանից են առաջացել Տիգրանուհի, Խոսրովիդուխտ, Սահականոյշ, Սմբատուհի, Սմբատանոյշ և այլն, որոնք ո՛չ թէ իրապէս անուն են, ինչպէս կարծում ենք սխալմամը, այլ նշանակում են «Տիգրանի աղջիկը, Խոսրովի աղջիկը, Սահակի աղջիկը» և այլն:
    Տրդատի քոյրը կոչւում էր Խոսրովիդուխտ, որովհետեւ Մեծն Խոսրովի աղջիկն էր, Սմբատ Բագրատունու երկու աղջիկները կոչւում էին Սմբատանոյշ և Սմբատուհի: Մինչեւ այժմ էլ Ղարաբաղի կամ Զանգեզուրի գիւղերում կանայք և օրիորդները կոչւում են նոյն ձեւով. «Բալասանի աղջիկ», փոխանակ ասելու Արուսեակ և այլն:

    Երեւոյթը շատ տարբեր չէ եւրոպական երկրների այն սովորութիւնից, որով ամէն մի օրիորդ իր հօր ազգանունով և ամէն մի կին իր ամուսնու ազգանունով է կոչւում, առանց իր ծննդական անուան յիշատակութեան: Ֆրանսիացոց մէջ կնոջ բուն անունը տալը ամենամեծ անարգանքն է. այդպէս են կոչւում միայն փողոցային կանայք: Այս պատճառով է ահա, որ մեր հին մատենագրութիւնն էլ չափազանց ժլատ է իգական անունների վերաբերմամբ:
    Հայոց պատմութեան մէջ իգական անուն չկայ: Այս բացասական երեւոյթի դրական արդիւնքն այն եղաւ, որ երբ անցեալ դարի կէսին սկսեց հայկական ինքնագիտակցութեան զարթնումը, հայկական իգական անուններ չունենալու պատճառով ազատ ասպարէզ բացուեց բառակերտութեան և սկսեցին յօրինել ամէն տեսակի իգական նորանոր անուններ:
    Հայոց մէջ բուն հայկական անունների զգալի մասը օտար է: Համարեայ նոյն դրութեան են նաեւ մեր շրջակայ ազգերը. այսպէս, ռուսների մէջ զուտ ռուսական կամ սլավական ծագում ունեցող Վսեվոլոդ, Վլադիմիր, Սվեատոսլավ, Եարոսլավ, Լուդմիլա և այլ անունների կողքին կան՝ Իվան, Սերգեյ, Նիկոլա, Դմիտրի, Ալեքսանդր, Պեոտր, Պավել, Սերաֆիմ, Եակով, Խրիստաֆոր և այլ օտար անունները:

    Պարսիկների մէջ բնիկ իրանական անուններ այժմ շատ քիչ են, այսպէս՝ Խուսրեւ, Գուրգէն և այլն, իսկ Ահմէդ, Ալի, Հասան, Հիւսէին, Սուլէյման, Աբբաս և այլն օտար են: Այսպէս է նաեւ տաճիկների, վրացոց, քրդերի մէջ:
    Այսպէս չեն սակայն արաբները, հնդիկները, չինացիք, եբրայեցիք, չէին նաեւ հին յոյները, լատինները և այլն:
    Արաբական բոլոր անունները՝ Ալի, Օսման, Օմար, Հասան, Հիւսէին, Աբբաս և այլն զուտ արաբական են և արաբերէն լեզուով ունեն իրենց իմաստը. Ալի նշանակում է «բարձր«, Հասան նշանակում է «գեղեցիկ», Հիւսէին՝ «սիրունիկ» և այլն:
    Հնդիկների բոլոր անունները հնդկերէն են, և նրանց մէջ օտար անուն չկայ:
    Չինական անունները միշտ եռավանկ են, ինչպէս, օրինակ՝ Կոն Ֆու-Ցի, Լի Հունկ-Չանկ, Սուն Եան-Ցեն և այլն. սրանց մէջ առաջին վանկը ազգանունն է, միւս երկուսը անուն և հայրանուն:

    Սեփական կամ օտար անուններ ունենալու երեւոյթը կապուած է սեփական կրօն ունենալու փաստի հետ: Եբրայեցին ունի իր սեփական կրօնը, որ է Մովսիսականութիւնը և պահում է իր սեփական անունները՝ Մովսէս, Աբրահամ, Իսահակ, Դաւիթ, Սողոմոն և այլն:
    Արաբը ունի իր սեփական կրօնը, որ է մահմեդականութիւնը և պահում է իր արաբական անունները: Հնդիկը, չինացին ունեն իրենց սեփական կրօնները՝ բրահմանականութիւն, բուդդայականութիւն, կոնֆուցիականութիւն, լաոցեականութիւն և այլն, ուստի և պահում են իրենց սեփական անունները:
    Իսկ այն ազգերը, որոնք ընդունել են մի ուրիշ ժողովրդի կրօնը, ընդունել են նաեւ նրանց անունները:
    Տաճիկները, քրդերը, աֆղանները ընդունել են մահմեդականութիւնը, որ արաբների կրօնն է, ուստի սեփական անուն չունեն. նրանց անունները բոլոր արաբերէն են:

    Պարսիկները, հին ժամանակ, երբ հետեւում էին իրենց սեփական զրադաշտական կամ մազդեզական կրօնին, ունէին զուտ պարսկական (իրանական) անուններ, իսկ այն օրից, երբ ընդունեցին մահմեդական կրօնը և մինչեւ այժմ, գործ են ածում միայն արաբական անուններ:
    Այս կողմից հետաքրքիր օրինակ են տալիս փարսիները, այն է՝ Պարսկաստանի և Հնդկաստանի արդի կրակապաշտ պարսիկները, որ մինչեւ այսօր պահում են անաղարտ հին պարսկական (իրանեան) անունները:

    Եւրոպան հնապէս երկու բաժին ունէր. հիւսիսը և արեւելքը բարբարոս էին, իսկ հարաւը և արեւմուտքը բռնում էին յոյներն ու հռոմէացիք, որոնք շատ հին և շատ առաջադէմ մշակոյթ էին ստեղծել: Այս երկուսն էլ ունէին իրենց սեփական անունները, յոյները՝ զուտ յունարէն և հռոմայեցիք՝ զուտ լատիներէն:
    Մեզանից 1900 տարի առաջ, այս երկու աշխարհներում սկսեց քարոզուել քրիստոնէութիւնը, որ վերջապէս ընդհանուր կրօն դարձաւ ու տիրապետեց ամբողջ Եւրոպայում և Ասիայի արեւմտեան մասում, Սպանիայից մինչեւ Հայաստանի արեւելեան սահմանը:
    Երբ յոյները և լատինները ընդունեցին քրիստոնէութիւնը, Աւետարանի հետ պիտի ընդունէին նաեւ Հին Կտակարանը, որ քրիստոնէութեան պատւանդանն էր կազմում և հրեաների սրբազան մատեանն էր: Այս պատճառով էլ հրէական այն անունները, որոնք սովորական էին Հին Կտակարանի մէջ, գործածական դարձան նաեւ յոյների և լատինների մէջ: Բայց յոյները և լատինները, ունենալով նաեւ սեփական մեծ քաղաքակրթութիւն, հարուստ լեզու և մեծահարուստ հին գրականութիւն, չկարողացան հրաժարուել այս բոլորից և նորի հետ պահեցին նաեւ հինը:

    Այսպիսով, քրիստոնէութեան մէջ ընդունւեցին, մի կողմից՝ հրէական (եբրայական) և, միւս կողմից յունական ու լատինական անունները: Եւ այն բոլոր ազգերը (հայ, վրացի, ռուս, գերմանացի, հունգարացի, անգլիացի և այլն), որոնք ընդունեցին յունա-լատինական քրիստոնէութիւնը, ընդունեցին նաեւ հրէական, յունական և լատինական անունները: Ուր որ կային հին կեանքին սեփական անուններ, մեծագոյն չափով ջնջուեցին՝ իբրեւ կռապաշտութեան
    մնացորդ, տեղի տալով նոր կրօնի՝ քրիստոնէութեան բերած յոյն լատին և եբրայական անուններին:

    Այժմ մասնաւորենք մեր խօսքը Հայոց գործածած անունների մասին:
    Ո՛չ մի բան այնքան հաւատարիմ կերպով չի ներկայացնում մեր պատմական կեանքի զանազան ելեւէջները, մեր կրած ազդեցութիւնները օտար ժողովուրդներից, ինչպէս և մեր ներքին ձգտումները, որչափ յատուկ անունները:

    Մենք գիտենք, որ յատուկ անունները երկու տեսակ են՝ տեղանուններ և
    անձնանուններ: Տեղանունները աւելի յարատեւ, հաստատուն և տեւական բնոյթ ունեն, քան անձնանունները:

    Որեւէ լեռ, լիճ, ծով ու գետ մշտնջենական կեանք ունի. որեւէ քաղաք կամ գիւղ հարիւրաւոր ու հազարաւոր տարիների կեանք ունի. հետեւաբար և նրանց անունը ընդհանրապէս մնայուն և տեւական է: Բայց անձերի կեանքը առ առաւելն մի դարի տեւողութիւն ունի:

    Անցնում է սերունդը, փոխւում են գաղափարները, փոխւում են ազդեցութիւնները և անուններն էլ նրանց հետ միասին անհետանում են՝ տեղի տալով նորանոր ձեւերի»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

  • «ՔԱՋՈՒԹԻՒՆ ՀԱՍՑԷ ՁԵԶ Ի ՔԱՋԷՆ ՎԱՀԱԳՆԷ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՍ»…

    «ՔԱՋՈՒԹԻՒՆ ՀԱՍՑԷ ՁԵԶ Ի ՔԱՋԷՆ ՎԱՀԱԳՆԷ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՍ»…

    «ՔԱՋՈՒԹԻՒՆ ՀԱՍՑԷ ՁԵԶ Ի ՔԱՋԷՆ ՎԱՀԱԳՆԷ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՍ»…

    Տիեզերքի, Բնության օրենքներով հիմնավորված բազմահազարամյա Հայկեան ուսմունքն է ձևավորում Հայկազունիների ավանդներին հավատարիմ Հայորդիների աշխարհայացքը։
    Արեգ ամսվա Արեգ օրը սկսվող Նոր տարին — Նոր գարնանամուտը տոնելուն հաջորդում է Արեգ ամսվա Հրանդ օրը, երբ, Հայկեան Միաբանութեան Քրմերի բացատրությամբ, «ցերեկը մեկ աստիճանով գերազանցում է գիշերին, և մեր Նախնիք դա տոնել են որպես Վահագն Դիցի ծնունդը։
    Քաջ, զորեղ բազկով Վահագն Դիցը նաև Հայ մարդու խորհրդանիշն է»…

    Ազատության ոգով և հայրենասիրությամբ տոգորված բազմաթիվ Հայորդիք տարբեր ժամանակներում իրենց գրչով՝ արձակով կամ բանաստեղծական տարբեր տաղաչափերով և գունեղ բառապաշարով ձգտել են քաջալերել ազգին՝ վերստին արթնացնելով Հայության պայքարի աննկուն ոգին՝ իրենց արմատներից հեռացած ազգակիցներին հիշեցնելով սեփական ակունքները՝ «ցեղին ոսկեզօծ անցեալը», հնագույն հարուստ ազգային մշակույթը, որը «հեթանոսական» էր հորջորջվել օտար կրոնը տարածողների կողմից («հեթանոս» բառը ստուգաբանվում է «ethnos» բառից՝ «ցեղ», «ազգային» իմաստով)…

    «Հեթանոս կեանքը օրէօր զիս կը գրաւէ:
    Եթէ այսօր կարելի ըլլար, կրօնքս կը փոխէի եւ սիրով կ՚ընդգրկէի բանաստեղծական հեթանոսութիւնը»,- գրել է Դանիել Վարուժանը 1908 թվականին՝ Հայության պատմության փոթորկահույզ շրջանում, երբ ազգի գոյատևման, մաքառման տարիներն էին:

    «…Յիշեցնեմ, 20-րդ դարի սկիզբն էր, Հայութիւնը դեռ թուրքի տիրապետութեան տակ ապրում էր մշտական անապահով վիճակում, կեանքի միակ նպատակը հացի կռիւն էր, գլուխը իր ուսերին պահելը, օր ու գիշեր իր աշխատանքին լծուած, հալածուած,- գրում է Մարի Ռոզ Աբուսեֆեանը՝ անդրադառնալով Դ. Վարուժանի ստեղծագործությանը և շարունակում. «Հայութեան հաւաքական կեանքը առաջնորդում էր բացարձակապէս եկեղեցին, իր բարոյական սկզբունքերով:
    Հայի կրօնքը եւ, մասնաւորապէս, կրօնաւորները, Հայութեան համոզում էին խոնարհութեամբ ընդունելու թուրքի բռնութիւնը: Ըմբոստութիւնն ու պայքարը վտանգ էին համարում: Կրօնքը համոզել էր նաեւ, որ սիրելու, սիրուելու, հաճոյքի, ըմբոշխնումի մարդկային բնական զգացումները անբարոյ մտածումներ են, եւ դրանք ընդհանրապէս ժողովրդի մտածումներից դուրս էին մնում»…

    «…Ազատ գաղափարներով լեցուած Վարուժանն անկասկած խեղդւում էր այս միջավայրում:
    Մինչ «Հեթանոս Երգեր»-ը նա Հայութեան ցաւերի, հայրենիքի ազատագրման, յուսալքուած ժողովրդին ուղղորդելու մասին էր մտածում եւ այդ ուղղութեամբ նրան առաջնորդում:
    «Հեթանոս երգեր» ժողովածուում բոլորովին այլ էր իր մօտեցումը: Այս ժողովածուն մի տեսակ բացայայտ բողոք էր ընդդէմ այն բարքերի, կաշկանդումների, որի մէջ ապրում էր Հայութիւնը:
    Հիմնական իր խնդիրը ժողովրդին արթնացնելն էր, եւ տեսնում էր, որ այդ պայմաններում անկարելի է նրա արթնացումը: Եւ նա դիմում է աւելի համարձակ քայլի:
    Բնականաբար, ժողովածուն մեծ աղմուկ էր հանելու իր շուրջ: Բոլորին թուաց, թէ «Ջարդ»-ի հեղինակը գովերգում է միայն հեթանոսութիւնը:
    Այնինչ, այս ժողովածուն աւելին էր, քան հեթանոսութեան գովերգումը:
    Վարուժանի տաղանդը հոյակապ լուծում էր գտել, ներկայացնելով քրիստոնէութիւնից առաջ Հայերի պաշտամունքի՝ հեթանոսութեան առաւելութիւնները, շեշտում, ժողովրդի ուշադրութիւնը կենտրոնացնում էր այն փաստի վրայ, որ Հայը նախքան քրիստոնէութիւնը անկախ ու ազատ է ապրել իր հողերում:
    Հայը որպէս անհատ եւ որպէս ժողովուրդ ազա՛տ է եղել բոլոր կաշկանդումներց, հզօ՛ր է եղել, տիրո՛ղ է եղել, պաշտել է գեղեցկութիւնը, տարփանքի, ըմբոշխումի զգացումները ընդունուել են բնականօրէն, ինչպէս այն պարգեւել է բնութիւնը, գովերգուել եւ գնահատուել է կանացի մարմնի գեղեցկութիւնը իր բոլոր մանրամասներով:

    Վարուժանը այս ժողովածուի մէջ էլ ընդգրկում է երկու տարբեր խորագրեր՝ «Հեթանոս երգեր» եւ «Գողգոթայի ծաղիկներ», որով ընդգծում էր Հայ կեանքի երկու հակադիր կողմերը:
    «Հեթանոս երգեր» բաժնում՝ իր ազգի 20 դար առաջ ընդարձակ ու ինքնուրոյն ապրած ազատ կեանքն էր յիշեցնում իր ժողովրդին, երբ Հայը, ինչպէս նշեցի, մեծ էր ու հզօր, տարածուն ու անյաղթելի, իր տաճարներով, հզօր աստուածներով, անկաշկանդ հաճոյքներով, կինը, հեշտանքը, գինին, արուեստը, գեղեցկութեան պաշտամունքը, ազատ մարդը»…

    «…Նա ողջունում էր հեթանոսութեան տուած առաւելութիւնները, որն ազատագրել էր մարդկային միտքը կաշկանդումներից, «Ուր պաշտուեցաւ Գեղեցիկն ու Զօրութիւնը արբուն»…
    «…Գովերգում է մի դարաշրջան, ուր Հայն ապրել է տարբեր հասկացողութիւններով ու բարքերով, չի՛ խեղճացել, մարդը ազա՛տ է եղել կաշկանդումներից, փառաբանուել են գեղեցիկը, մեծը, հզօրը, բնական գրգիռները»…

    «Ով դու՛, Վահա՛գն, ով աստուա՛ծն իմ հայրերուս,
    Կ՚աղօթե՜մ ես… կ՚աղօթե՜մ
    Ուժի՜ն համար, կրօնքի՜ն համար բազուկիդ»…

    Եւ որոնց հեռացումով՝ «մարդն է ինկած գարշապարին տակ հըսկայ, խուլ Աստուծոյ մը հրեայ», որի արդիւնքում մարդը դարձել է հնազանդ մտքով ու հոգով, ստրուկ, ճղճիմ ու խաբեբայ: Որ հին աստուածների հզօրութեան կործանումով անհետացան.
    «Տեսէ՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
    Աղբերակներն ու երդիկները խաղաղ
    Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն»,
    որ նրանց ոսկեհուռ մարմարակերտ գեղեցկութեան փոխարէն
    «Միայն սնարէս կախուեր է Խաչ մ՚յաղթական՝
    Ուր կայ լոկ փառքը Մահուան»…»:

    «Հայրենասէր քնար մ’էր Վարուժանինը, քրմական նուիրումով կապուած իր ցեղի սրտին»,- գրել է Ե. Մէլէքեանը («Փիւնիկ» ամսաթերթ, 1920, մայիս):
    «Մեր սովորական լալկան գրականութիւնը չէ Վարուժանինը:
    Ըմբո՛ստ, հպա՛րտ, ազնուակա՛ն ոգի մը կը մրրկի իր մէջ, վերջին երեք տասնեակ տարիներու ազատամարտի՛ ոգին, գուցէ, իր մէջ բիւրեղացած, հրաշագործուած անցեալի նուիրական աւանդութիւններու օծութեամբ: Ասոր համար է, որ երբ աղօթել կը փորձուի, իր աստուածը Գողգոթայի Յիսու՛սը չէ, այլ մեր Նախահայրերու արեւաչուի Վահա՛գնը՝ բոցեղէն պատանեկիկը «ընդ եղեգան», որու առջեւ քերթողը ծնրադիր կ’աղերսէ.-
    Ուժի՛ն համար, կրօնքին համար բազուկի՛դ,
    Որով դու օր մը պատռեցիր բերաններ
    Վիշապներու, երկնքին մէջ սփռեցիր
    Զերդ արեւի հունտեր, աստղերն Յարդգողին.
    Ուժի՛ն համար, որ թըռիչն է եւ հոգին
    Արարչութեան անվախճան,
    Որուն անհուն համբոյրին տակ կը ծընի
    Աշխարհներէն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,
    Կ’ապրի սկզբունքն Անմահութեան հիւլին մէջ,
    Եւ ըղեղին եւ կամքին,
    Որուն հզօր մատին տակ
    Կը ճեղքըւին սերմերն, աւիշն երգելով
    Կաղնիներուն մինչեւ գագաթը կ’ելլէ,
    Ուժի՛ն համար՝ որ կը լեցնէ ըստինքներ,
    Կ’օրօրէ մեր օրրանն ու մեզ, մահէն վերջ
    Մինչեւ աստղերը կը տանի, ու մինչեւ
    Երկրորդ կեանքի մ’արարչագործ պատճառին,
    Որ կը կանգնէ Ազգ մ’ինչպէս խումբ մ’առիւծի,
    Բազուկդ անոր բազուկին մէջ կը հեղու,
    Եւ զերդ հրեղէն վարազահաւ՝ իր լուսեղ
    Թռիչներուն ամփոփման տակ կը թխսէ
    Մեր մայրերուն ծոցին մէջ
    Դիւցազուննե՛ր, հանճարնե՛ր:
    Այդ սուրբ Ուժի՛ն համար կ’ըսեմ, որուն դու
    Իմացական աղբերա՛կն ես յորդահոս,
    Ո՜վ դու, Վահա՛գն, — ահա քեզի կարկառած
    Բազուկնե՛րս իմ արիւնոտ,
    Կ’աղոթե՜մ ես… կ’աղօթե՜մ»…

    Հայի ոգին կենդանացնող փրկարար մեղեդին Նախնիների կանչն է, պայքարի և վրեժի նրանց շառաչը…
    Մերօրյա Վահագններին իր պատգամն է հղել նաև Պարույր Սևակը:


    «…Վահա՛գն,
    Դու թո՛ռ Վիշապաքաղ Վահագնի,
    Մի՞թե պապիդ արյունը ջուր է դարձել
    Քո այն բանուկ երակներում, որոնց մեջ
    Արյան փոխվեց ճերմակ կաթը Աստղիկի:
    Մի՞թե ամեն հարկի ներքո հայկական
    Լուսադեմին էլ սիրո մեջ չեն երկնում
    Երկիր, երկին, ապա թե ծով ծիրանի,
    Որ դուք կարմրիկ եղեգնիկի ծոց-բոցից
    Վազեք հուրհեր, ու բոցմորուք, ու բոցբեղ,
    Վազեք դեպի ա՛յն վիշապը, որ միայն
    Ձև՛ն է փոխում, իսկ էությունը՝ երբե՛ք:

    Ա՛յն վիշապը, որ իր մարմնով ճաքճաքուն
    Բոլորակ է քաշել հողիդ հայրական՝
    Պոչի վրա դրած գլուխն իր արնոտ,
    Եվ ուր որ է պիտի իր պոչն իսկ խածի:
    Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
    Չընդդիմանաս, չդիմանաս ու կորչես:
    Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
    Ջազի միջով Գողթան փանդիռ չըորսաս:
    Եվ չի՛ խածի իր պոչը նա, եթե դու՝
    Ինքըդ գուցե արդեն մի Ժակ կամ Ժուլետ,
    Զավակներիդ վաղը անսուտ զղջումով
    Չմըկրտես նորից Վահա՛գն ու Աստղի՛կ»…

    «Գալիս է մի պահ, երբ բողոքելն այլևս բավարար չէ, գործե՛լ է հարկավոր»…

  • ՈՐՊԵՍ ՄՇՏԱՎԱՌ ԼՈՒՅՍ

    ՈՐՊԵՍ ՄՇՏԱՎԱՌ ԼՈՒՅՍ

    ՈՐՊԵՍ ՄՇՏԱՎԱՌ ԼՈՒՅՍ

    Հայկեան ուսմունքն անգին մի գանձարան է՝ մշտավառ մի Լույս, որով հազարամյակներ շարունակ դաստիարակվել են Հայկազունիները՝ իրենց Նախահայրերի կերտած արժեհամակարգով:
    Ձգտելով կատարելության՝ որպես օրինակ ունենալով մարդկային բարձրագույն առաքինությունները խորհրդանշող Դիցերին, վսեմախոհ ու քաջ Հայորդիք հետևում էին և ցարդ հետևում են իրենց Նախնիների Իմաստնությանը՝ ամեն ինչում և ամենուր պահելով «կանոնական չափը», «զգաստությունը»:
    Ոգուն՝ բերկրանք, մարմնին՝ առողջություն պարգևող աղբյուրն է անձի հավասարակշռությունը, որը ծնում, սնում է մշտարթուն և հանդարտ միտքը, ողջախոհությունը, զգոնությունն ու արդարամտությունը:

    Մարդու առողջ կյանքի և կենսագործունեության համար անհրաժեշտ սննդին, բնականաբար, հատուկ ուշադրություն է դարձվել վաղնջական ժամանակներից ի վեր:
    Հայկեան ուսմունքը կարևորում է ճիշտ սննդակարգը՝ հիմնված բուսական սննդի վրա: Արևի ջերմությամբ հասունացած բույսերը, հատիկները, մրգերն ու բանջարեղենն իրենց բարերար ազդեցությամբ նպաստում են մարդու մարմնի և մտքի կանոնավոր գործունեությանը:
    Հայկազուն Քրմերն Արևորդիներին հորդորել են սնվել Արևի ճառագայթների կենարար լույսը կլանած բուսականությամբ: Եվ այսօր էլ նրանց սերունդները մեզ հիշեցնում են այդ պատգամը՝ շեշտելով պահեցողությամբ մարմինը մաքրելու, ինչպես և խոկմամբ միտքը պարզելու, ոգու անդորրն անխռով պահելու կարևորությունը:

    Հայկեան տոմարով Հրոտից ամսվա Հրանտ օրը նշվող Տրնդեզի տոնին հաջորդող Պահքի շրջանին անդրադառնալով՝ Հայկեան Միաբանութեան Քրմական դասի ներկայացուցիչ Քուրմ Հարութ Առաքելյանը շեշտում է սննդամթերքի խիստ սահմանափակման անհրաժեշտությունը, կենդանական սննդից հրաժարումը՝
    Հայոց Ամանոր-Զատիկը գարնանային օրահավասարին՝ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) մաքրված, նորացված ոգով և մարմնով դիմավորելու նպատակով։

    Ներկայացնելով «Լուսավորյալ Հայկազուն՝ Իրանում ծնված Արշավիր Տեր-Հովհաննիսյանի» «Հումակերություն» (Բուսակերություն) գիրքը, ուր հեղինակն անդրադառնում է հնագույն իմաստությանը, նա գրում է.
    «Եվ թող լինի, որ մեր Արարչի Կենարար Լույսը կյանքի աղբյուր դառնա բոլոր Բարեպաշտ Հայկազունների սրտում»…

    «Հին իմաստունները հոգևոր կենսոլորտի հետ հաղորդվելու համար ունեին մշակված համակարգ, որը զարգացնում, բացահայտում էր մարդու մտքի զգայարանը» (ԱՏԵՐՀՈՎ — Արշավիր Տեր-Հովհաննիսյան, 1898-1990):

  • «… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

    «… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

    «… ԸՍՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕՐԻՆԱՑՆ ԱՐՔՈՒՆԻ ԱՐԿԱՆԷՐ ԶՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁՆ»…

    Հնագույն ժամանակներից ի վեր՝ «ի փառս և ի պատիւ»՝ արքունական նշաններ՝ հագուստի, զարդի բազում տարբերանշաններ են կիրառվել՝ որպես ցուցիչ այն կրող անձի «բարձի և աստիճանի» կարգի:
    «Իբրև զմարգարիտն կամ զականք պատուական», որ վայելչագեղ զարդարում են թագավորների՝ փողփողացող վերջավորությամբ արտախույրը և շքեղաշուք թագը՝ «ինչպէս ճաճանչ լուսոյ»…

    Բաբկեն Առաքելյանն իր՝ «Հայկական պատկերաքանդակները 4-7-րդ դարերում», (Երևան, 1949թ.) արժեքավոր ուսումնասիրության մեջ գրում է.

    «4-7-րդ դարերի կիրառական արվեստներից մեզ համարյա ոչինչ չի հասել, թեև նրանց վերաբերյալ պահպանվել են բավական ընդարձակ մատենագրական վկայություններ ժամանակակից և հետագա հեղինակների մոտ:
    Իշխանական ոսկեհուռ, ոսկեճամուկ զգեստներ, թագեր, ու խույրեր, զարդեր, զարդարուն զենքեր, զինանշաններ, եկեղեցական սպասներ, սեղանի գործածության իրեր — գավաթներ, թասեր, ափսեներ, տնային գործածության մանր իրեր, տան և եկեղեցու գեղեցիկ դրվագավոր կահկարասի, ջահեր, կանթեղներ, գրքերի փղոսկրյա և մետաղե կազմեր. այս ամենի պատրաստումը կիրառական արվեստների ճյուղին է պատկանում:
    Հայկական արքայական և իշխանական թագերն ու խույրերը պատրաստվում էին ազնիվ մետաղներից և ընդելուզվում էին մարգարիտներով և այլ ակներով: Ագաթանգեղոսը վկայում է, թե բազմաթիվ «մեծագնաց թանգարք»՝ կտրելով ծով և ցամաք, իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ վաճառականությամբ էին պարապում և անգամ Հնդկաստանից բերում էին մարգարիտներ և զանազան պատվական ակներ, գույնզգույն կերպասներ, որոնցով զարդարում էին թագավորներին, նրանց խույրերը. «ականք պատուականք ի Հնդկային աշխարհէն, որ ի վայելչութիւն զարդու ի խոյր պսակի զարդարիցեն զթագաւորս» (Ագաթանգեղայ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1909, էջ 6): Կամ թագերը զարդարող ականց լուսո ճաճանչը «զթագաւորս շքեղացուցանէ ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ» (Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Տփղիս, էջ 7):

    Տիգրանի դրամների վրա մեզ հասած հայկական թագը, որը պահպանված է եղել նաև հետագայում, զարդարված է մարգարիտներով և խույրի վերին ճառագայթների ծայրերին հագցված են խոշոր գոհարներ:
    Դրանով հասկանալի է դառնում «արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ» արտահայտությունը:

    Ղազար Փարպեցին մեծ համակրանքով է խոսում քարերի և մետաղների հանույթով, նրանց մշակմամբ պարապող և գեղարվեստական իրեր պատրաստող արվեստավորների աշխատանքի մասին:
    «Որք (արուեստաւորք) ոչ միայն երևելութեամբն ցուցանեն, վերաբերեալ զշահաւորութիւն օգտից մարդկան, այլ առաւել հորդախոյզ աշխատողացն՝ զառ ընդ երկրաւ ծածկեալ օգուտս ուսուցանեն, գանձել անձանց շահս և զվայելս այսր աշխարհիս ի մեծութիւն թագաւորաց և ի հարստութիւն հարկահանաց, զոսկի և զպղինձ և զերկաթ և զպատուական քարինս. զոր ընկալեալ արուեստող ձեռաց՝ զարդարեն զթագաւորս մեծատեսիլ զարդեօքն յորինուածովքն, զոր ի խոյրսն և ի թագսն և ի հանդերձսն յոսկեհուռս պաճուճեալս ընդելուզանեն» (Ղազարայ Փարպեցւոյ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1904 թ., էջ 10):

    Այս վկայության մեջ մեծ արժեք է ներկայացնում այն, որ արհեստները թագավորների շքեղության ու վայելքի և հարկահանների հարստացման աղբյուր էին հանդիսանում:

    Ըստ հայկական սովորության՝ թագավորը՝ իշխաններին գործակալական պաշտոնների նշանակելիս կամ նախարարական տան ավագ տանուտեր հաստատելիս նրանց տալիս էր «պատիվներ», որոնք դիադեմայի ձև ունեին, և այդ «պատիվները» իշխանները կրում էին իրենց գլխին:
    Դրանցից հնագույնը, որ մեզ հայտնի է գրականությունից՝ Բագարատ թագակապ ասպետի պատիվն է, որը կազմված էր երեք շարք մանր մարգարիտներից, առանց ոսկու և այլ ակների, որ Բագարատը կրում էր արքունիքում շրջելիս: (Մովսիսի Խորենացւոյ «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913 թ., էջ 110):

    Հետագայում իշխաններն էլ երբեմն ճառագայթավոր խույրեր էին ունենում ոսկուց և պատվական քարերով ընդելուզված, ինչպիսին էր Վասակ Սյունու խույրը, որ դնում էր գլխին պատիվը կապելուց հետո: (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Թիֆլիս, 1904, էջ 197-198):

    Պատմիչները երբեմն նկարագրում են արքունական էթիկետի համապատասխան արքայական կամ իշխանական զգեստներն ու զարդերը, որոնք «ոսկեհուռ էին պաճուճեալ, ընդելուզեալ»՝ արվեստող ձեռքերի շնորհիվ:
    Պարթևական Արշակ թագավորն իր որդի փոքր Արշակին նշանակում է Հայոց թագավոր, որին թագադրում է Բագարատ ասպետը:
    Պատմիչը նկարագրում է թագադրվողի մի քանի զարդերը:
    Երբ Արշակը Հայաստան է գալիս, ապա «սմա ընդ առաջ ելանէ,- ասում է Սեբեոսը,- Բագարատն Փառազեան յորդոցն Արամենակայ, նախարար մեծ հանդերձ զաւրու: Մատուցանէ նմա պատարագ ոսկի և արծաթ. և զարդարէ զնա ի սնդր («սնդր» նշանակում է սաղավարտ, վակաս՝ սաղավարտի ետևից ուսերի վրա կախվող մասը, հեղինակի ծանոթագրությամբ), և ի վակաս. պսակէ զնա ի վերայ ոսկիապատ ականակուռ գահոյիցն. և տայ նմա զդուստր իւր ի կնութեան» (Սեբէոսի եպիսկոպոսի «Պատմութիւն», 1939թ., Երևան, էջ 9):

    Պալատական էթիկետի համապատասխան զարդերի և զգեստների առավել լրիվ նկարագրություն գտնում ենք Եղիշեի մոտ:

    451 թվին Հայերն ապստամբում են սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ, ապստամբության ճնշումից հետո շատ նախարարներ գերի են տարվում, իսկ Վասակ Սյունին՝ ժամանակի մարզպանը, թագավոր դառնալու ակնկալությամբ պարսից արքունիքն է մտնում՝ կրելով զգեստներ ու արդուզարդ, որ նա ստացել էր նույն պարսկական արքունիքից:
    Բերում ենք այդ հետաքրքրական նկարագիրը.

    «Եւ նա (Վասակը), ըստ առաջին կարգի օրինացն արքունի արկանէր զպատուական հանդերձն զոր ուներ ի թագաւորէն, կապէր և զպատիւ վարսին և զխոյրն ոսկեղէն դնէր ի վերայ, և կռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտով և ակամբք պատուականօք ընդ մէջ իւր ածէր, և զգինդսն յականջսն, և զգումարտակն ի պարանոցին, զսամոյրսն զթիկամբն, և զամենայն օրէնս պատւոյն զանձամբ արկեալ՝ երթայր յարքունիս, շքեղ և երևելի քան զամենեսեան երևէր բազմութեանն» (Եղիշէի «Պատմութիւն Վարդանանց», Տփղիս, 1904, էջ 197-198)»:
    (Աշխարհաբարով՝ «Եվ նա (Վասակը)՝ արքունի նախկին կարգերի համաձայն՝ հագավ թագավորից ստացած պատվական հագուստը, կապեց նաև վարսակալը և գլխին դրեց ոսկեղեն խույրը և մարգարտով ու թանկագին ակներով հյուսված կռանակուռ ոսկեձույլ կամարը կապեց մեջքին, գինդերը կախեց ականջներից, և մանեակը՝ պարանոցից, սամույրի մուշտակը գցեց ուսերին և գնաց արքունիք։ Նա բոլորից ավելի շքեղ և երանելի էր երևում բազմության աչքին», Կ. Ա.)։

    «Այստեղ մենք գտնում ենք արքունական էթիկետի առաջին կարգի զգեստների և արդուզարդի նկարագիրը, որ ընդունված էր Սասանյան արքունիքում:
    Նույնպիսի առաջին կարգի պատիվների արժանացել են նաև Սմբատ Բագրատունի իշխանը, որը 6-րդ դարի վերջերին և 7-րդ դարի սկզբներին Խոսրով Անուշիրվանի մոտ պետական խոշոր պաշտոնյա էր և մեծամեծ քաջություններ ու պետական խոշոր գործչի շնորհքներ էր ցույց տվել, ինչպես և աղվանից նշանավոր իշխան Ջեվանշիրը, որը նույն Խոսրովի ժամանակ Աղվանից աշխարհի կառավարիչն էր:

    Խոսրով Անուշիրվանը Սմբատ Բագրատունուն տալիս է ոսկի, թագավորական հանդերձներ, ոսկեզօծ արտախուրակ և զանգապանակ՝ զարդարված ակներով և մարգարիտներով:
    Երկրորդ անգամ ևս պատիվներ է շնորհում նրան, որի առթիվ Սեբեոսը գրում է. «… տայ նմա (Սմբատայ) արքայ զտանուտէրութիւնն՝ որ անուանեալ կոչէր Խոսրով Շում, զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճան բեհեզեայս ոսկւոյ աւծեալ, մեծացուցանէ ահագին պատուաւք, ի ճամբար ականակապ ի գումարտակ, և ի գահս արծաթիս»: (Սեբէոսի «Պատմութիւն», Երևան, 1939թ., էջ 66):

    «…Պատմիչները վկայություններ են պահպանել նաև տեղական գեղարվեստական իրերի և զգեստների վերաբերյալ. Հայ իշխանները հագնում էին կերպասյա ոսկեհուռ հանդերձներ։ Իր կերպասների արտադրությամբ նշանավոր և ոսկու, արծաթի հանքեր ունեցող Հայաստանը, որն իր կերպասները արտահանում էր հարևան երկրները, գեղարվեստական զգեստներ և արդուզարդ արտադրում էր տեղում»…

    «… Գահավորակներ (դեսպակ, պատգարակ) և մանավանդ գահերն ու գահույքները Հայկական արքունիքում մեծապես հարգի էին, որքանով բարձր դասի տիկիններին և տիկնանց տիկիններին դեսպակներով փոխադրելը սահմանված էթիկետի մեջ էր մտնում:
    Ինչ վերաբերում է գահերին և գահույքներին, ապա նրանց նշանակությունը հայտնի է Հայկական Գահնամակից: Նրանք լինում էին ավելի կամ նվազ բարձր ու շքեղ, ազնիվ մետաղներից պատրաստված և ակնեղենով ընդելուզված, արքայի գահին ավելի մոտ կամ նրանից հեռու՝ ըստ պաշտոնապես սահմանված կարգի և պետության գործակալների ու իշխանների դիրքին ու աստիճանին համապատասխան:
    Անգամ պատերազմի երթի մեջ էլ այդ էթիկետը խիստ պահպանվում էր»…

    Լուսանկարը՝ Գիյոմ Արալի էջից՝ շնորհակալությամբ:

    Տիգրան Մեծի դիմաքանդակով մի բարձրարժեք նմուշ՝ Guillaume Aral-ի անձնական հավաքածուից:

  • «ԱՐԵԳԱԿՆ — Երևեցուցիչ ամենայնի»

    «ԱՐԵԳԱԿՆ — Երևեցուցիչ ամենայնի»

    «ԱՐԵԳԱԿՆ — Երևեցուցիչ ամենայնի»

    Բնական երևույթների իմացության հանդեպ հետաքրքրությունը վաղնջական ժամանակներից ի վեր սնել է Մարդու երևակայությունը:
    Բնության և մարդկային էության ճանաչման պահանջը մղել է նրան սեփական զգայությունների և բանականության միջոցով նորանոր ուսումնասիրությունների, որոնց արդյունքում ապագայի հայտնագործություններն էին սերմանվում, ձևավորվում, զարգանում էին աշխարհայեցողական սկզբունքներն ու աշխարհընկալման համակարգերը:

    Նյութական գոյի (գոյացության) նախասկզբի, ճանաչելի և անճանաչելի էությունների, «ճշմարիտ Արարչության պատճառների» ծագումը, տիեզերական երևույթների կապերը և նրանց փոխհարաբերություններն ըմբռնելու ձգտումը դարերի ընթացքում ծնել է զանազան հայացքները, տեսություններն ամփոփող իմաստասիրական դպրոցները, որոնք իրենց ուսումնասիրությունների հիմքում դնում էին աշխարհի չորս տարրերի մասին ուսմունքը:
    Կրակը, Օդը, Ջուրը, Հողը… Նրանց փոխներգործությամբ, փոխկապակցվածությամբ է պայմանավորվում աշխարհը, տիեզերքն իր ամբողջությամբ, իրերի մշտնջենական պտույտը՝ առաջացումը և կործանումը…

    Հնագույն շրջանից հարատևող համընդհանուր խորհրդանիշ է Արևը՝ հարուստ մեկնաբանություններով:

    Տվնջյան լուսատուն Կենաց աղբյուրն է՝ կյանք պարգևողը, Արարիչ ուժն է այն, որը նույնացվում է հուրի հետ: Արդարը և ճշմարիտն է այն խորհրդանշում՝ առավոտյան իր լույսով խավարն է «ծածկում» և տեսնելու հնարավորություն ընձեռում…
    Կեսօրվա իր բարձունքին հասնելուց հետո Արևը թեքվում է դեպի մայրամուտ՝ արևածագին կրկին իր լուսափառ ու լուսափայլ շողերը սփռելով՝ մութը ցրում: Այդպիսով՝ կյանքի հավերժական շրջապտույտը և Վերազարթոնքը՝ Վերածնունդն է այն խորհրդանշում:

    Արեգակի նույն շրջապտույտը տարեկան փուլով է կատարվում՝ իր օրահավասարներով և արևադարձերով: Բնականաբար, այդ օրերը նշվում են առանձնահատուկ ծեսերով, տոներով:

    «Արեւ — նոյն ընդ Արեգ, այսինքն՝ Արեգակն, որ կոչի Արևու ակն. և Լոյսն կամ շողն արեգական, իբր Երևեցուցիչ ամենայնի»:
    «Արեւակն — նոյն ընդ Արեգակն, որ և Ակն արևու. ակն լուսոյ»:

    «Արեւ — նմանութեամբ Կեանք, կամ կենդանութիւն»:

    «Արեւահարք — Ժամն յորում արևն հարկանէ կամ հարկանի, այսինքն ծագէ. արևագալ. արևածայրք: «Արդ ցերեկ է և արևահարք» (Տօնակ.)»:

    «Արեւացայթ կամ Արեւցայթ — ժամ ցայտելոյ կամ ծագելոյ՝ կամ ծագումն արևուն. արևագալ»:

    «Արեւափառ — Լուսափառ, արեգակնային»:

    «Արեւշատութիւն- Երկարութիւն կենաց»:

    «Արեւադէմ — արևածաղիկ: Ծաղիկ՝ արևանման դիմօք, կամ որ զդէմս իւր շրջէ յարևն կոյս»…

    «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի բառարանից» քաղված խոսուն բացատրությունները երկար կարելի է շարունակել:

    Հայոց Արևապաշտ Նախահայրերը՝ լուսազարմ՝ Արևորդի Հայկազունիները, Հայկեան ուսմունքը հիմնել են Լույսի՝ Իմաստնության փառաբանման վրա:

    Իրավամբ, Արևն է իր ջերմությամբ Բնությանը կենդանություն պարգևում, մյուս տարրերի հետ միախառնված՝ սնում, բեղմնավորում…
    Արևի լույսն է մթությունը ցրում և անտեսանելին տեսանելի դարձնում, հնարավորություն է ընձեռում տեսնելու իրականությունը՝ ճշմարիտ գիտությամբ զինում, գիտակցությունը զարգացնում, իմաստնացնում և քաոսային վիճակից պարզեցնում, պայծառացնում է միտքը:
    Ուստի՝ ճանաչողության միջոցով այն մղում է ինքնակատարելագործման:

    Արեգակը, նրա Լույսը այն անաղարտ և կատարյալ աղբյուրն է, որից բխում է իմացությունը: Եվ Արևի ճառագայթն է այն կապը, որը միավորում է Մարդուն՝ Արարչության մի մասնիկին Ամբողջի՝ Տիեզերականի հետ:

    «Ճառագայթ՝ Շառաւիղ լուսոյ. Լոյս շրջասփիւռ, Ճաճանչ, ցոլք, շող, փայլիւն, շողիւն»:

    Ճաճանչի՝ ճառագայթի՝ Միհրականությունից վերցրած խորհուրդը, մյուս բազմաթիվ դրվագների հետ, ակնբախ է քրիստոնեության մեջ:
    «Ճառագայթ փառաց հօր՝ որդիդ միածին» (Շար.):
    «(Որդին ’ի հօրէ) որպէս յարեգակնէ առաքեալ ճառագայթ՝ գայ յառաջ ’ի նմանէ. և այլ ոմն է քան զնա՝ մի ըստ բնութեան գոլով. ոմն արեգակն, և ոմն ճառագայթ» (Կիւրեղ, գիրք Գանձուց)» (մեջբերված «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

    Գիշերվա մթության մեջ Արևի լույսը Երկիր հասցնողը՝ «Ճառագայթաբերը», Լուսինն է, որի միջոցով (ոչ անմիջականորեն) արտացոլվում է ճառագայթի շողը:

    «Ճառագայթաբեր — որ բերէ յինքեան զճառագայթս. Ճառագայթաւոր. (ըստ հեթանոսաց՝ մակդիր Անահտայ, որոյ ’ի գլուխն նկարի լուսին):
    «Երդնում ’ի ճառագայթաբերն Արտեմիս». (Վրդ. կալիստր. ի Ճ.Գ.):
    Ճառագայթալոյս — Ունող զլոյս ճառագայթից. Լուսաճաճանչ»…

    Իմաստության, Ճշմարտության որոնման ուղիները շաղկապված են Բնության, Տիեզերքի ներդաշնակ օրենքների, գործող օրինաչափությունների բացահայտմանը:

    Արևագալի տոնի առիթով Հայկազուն Արևորդիները կրկին հնչեցնում են «Ծանի՜ր զքեզ» պատվիրանը՝ փառաբանելով «Երկրի վրա Արդարություն հաստատող Միհրին՝ աջ ձեռքում՝ դաշույն, և ձախ ձեռքում՝ Ջահ՝ Արարչական Լույսը՝ Իմաստությունը սփռելու համար»:

    Լուսանկարը՝ Քուրմ Հարութ Առաքելյանի էջից՝ շնորհակալությամբ…

  • «ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)

    «ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)

    «ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)

    Հայկական լեռնաշխարհի զանազան շրջանների պեղումներից (Անիից, Դվինից, Ամբերդից, Գառնիից, Աղցքից, Լոռեբերդից…) հայտնաբերված գտածոները փաստում են միջնադարում արհեստագործության տարբեր ճյուղերի զարգացան մակարդակը:
    Մետաղագործության մեջ պղնձագործ, արծաթագործ և ոսկերիչ վարպետները տեխնիկական նոր միջոցներով, ոսկեգույն և արծաթագույն համաձուլվածքներով իրեղեն և զարդեղեն էին պատրաստում: Խեցեղենի, ջնարակված կամ հախճապակյա անոթների զարդարման նոր եղանակներ էին ի հայտ գալիս:

    «…10-րդ դարում շատ են հիշատակվում հայկական ոսկեթել և ոսկեճամուկ դիպակները, իսկ 12-13-րդ դարերում, ինչպես ցույց են տալիս Մատենադարանի ձեռագրերի կազմերի տակ փակցրած նյութերը, ոսկեթել և արծաթաթել դիպակների կողքին արտադրվում են ոսկեգույն և արծաթագույն ներկած մետաքսի թելերով գործված դիպակներ»…
    …«Գործվածքների ներկման մեջ մշակվում ու լայն չափերով կիրառվում է դրոշմազարդումը, որը կատարվում էր փայտյա դրոշմերի (դաճերի, Կ.Ա.) օգնությամբ»,- գրում է Բաբկեն Առաքելյանն իր՝ «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» (Երևան, 1964թ.) ուսումնասիրության մեջ և շարունակում. «Զննելով միջին դարերից մեզ հասած դրոշմազարդ գործվածքները, որոնցից բազմաթիվ նմուշներ պահպանվել են հին ձեռագրերի կազմերի տակ, դժվար չէ նկատել, որ դրոշմները լինում էին երկու տեսակ՝ այնպիսիներ, որոնք ներկում էին նկարը՝ սպիտակ թողնելով ֆոնը, և այնպիսիները, որոնք ներկում էին ֆոնը՝ գործվածքի բուն գույնը պահպանելով նկարների համար»:
    …«Զգալի չափերով շուկայական արտադրություն էին դարձել նաև կաշվի մշակումը, մորթեգործությունը, կոշկակարությունը, թամբագործությունը, լկամարությունը (ձիերի սանձեր, փոկեր պատրաստելը), լարարարությունը (աղեղների և այլ գործիքների համար աղելարեր պատրաստելը) և կաշեգործության հետ կապված մյուս արհեստները:
    Քաղաքներում առաջացել էին կաշեգործների, թամբագործների, կոշկակարների փողոցներ կամ շարքեր, որտեղ այդ ապրանքները և՜ արտադրվում, և՜ վաճառվում էին»…

    …«Հայաստանը գտնվում էր միջազգային առևտրի առավել կարևոր հանգուցակետում և խոշոր դեր էր խաղում այդ առևտրի մեջ:
    Հայաստանը միջազգային տարանցիկ առևտրին մասնակցում էր իր սեփակա՜ն արտադրանքով…
    Միջազգային առևտրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշ տեղեկություններ պահպանվել են արաբական աղբյուրներում: Թեև այդ տեղեկությունները միակողմանի են, վերաբերում են մի քանի տեսակի ապրանքների, այնուամենայնիվ, որոշ պատկերացում տալիս են, այսպես կոչված՝ «հայկական արտադրանքի» մասին:
    Ալ-Իսթահրին բարձր է գնահատում Դվինում արտադրված բրդե գործվածքներն ու զգեստները, գորգերը, մութաքաները, բազմոցները, ժանյակները և «հայկական արտադրության այլ իրեր», որոնք արտահանվում էին»…
    …«Մակրիզին վկայում է, որ ֆաթիմյանների գանձարանում Կահիրեում իբրև մեծարժեք իր պահվում էր Մութավաքել խալիֆի (847-861) վրանը, որը պատրաստված էր որդան կար­միրով ներկված և ոսկեթել հայկական գործվածքից:
    Հարևան, անգամ հեռավոր երկրների շուկաներում հռչակված էին նաև հայկական գորգերը և «տապաստակ» կոչված փոքրիկ գորգ-օթոցները»:

    «…Հայկական գորգերը հարկի ձևով տարվել են Բաղդադ:
    Հայկական գորգերը, ծածկոցները, գործվածքները և պղնձե անոթները դեռևս 714 թվականին հիշատակված են Թրակիայում բուլղարների վերցրած ավարի մեջ: Հայկական գորգերը նվեր են ուղարկվել Խորասան և Կաշգար:
    Հայաստանում արտադրվող գորգերը առևտրական կարավանների միջոցով հասնում էին հյուսիսային երկրները: Իբն-Ֆադլանը հայկական գորգեր տեսել էր Վոլգայի և Կամայի բուլղարների թագավորների վրանում:

    Այսպիսով, մատենագրական տեղեկությունները ցույց են տալիս, որ հայկական գորգերը տարածման մեծ շառավիղ ունեին: Դեպի արևմուտք նրանք տարվել են մինչև Բյուզանդական կայսրության արևմտյան մարզերը, արևելքում հասել են մինչև Խորասան և Միջին Ասիա՝ Կաշգար: Հարավում նրանք հայտնի էին Արաբական խալիֆաթի կենտրոններում, իսկ հյուսիսում հասնում էին մինչև միջին Վոլգայի, Կամայի Բուլղարների երկիրը, հավանաբար նաև Կիևյան Ռուսիա:
    Ավելի լայն տարածում ունեին հայկական գործվածքները:

    Հայաստանից արտահանվում էին նաև մետաղ և մետաղյա իրեր, խեցեղեն, ներկեր, դեղանյութ, զանազան հանքանյութեր, անտառանյութ, ցորեն, գինի, չորացրած մրգեր, ձկնեղեն, անասուններ, մասնավորապես ձիեր և ջորիներ և այլ նյութեր»:

    Հայ անվանի գեղանկարիչ և հասարակական գործիչ, 1915-ին Վանի հերոսական ինքնապաշտպանության մասնակից Փանոս Թերլեմեզյանի «Կյանքի հուշերում» կարդում ենք.
    «Այն ժամանակները եվրոպական ապրանք շատ քիչ էր գալիս Վան։
    Բամբակը ուղտերի կարավաններով գալիս էր Պարսկաստանից:
    Տեղացիները նրանից կտավ էին գործում: Ամբողջ ժողովրդի ճերմակեղենը այդ կտավից էր կարվում: Հետո կտավները ներկում էին տորոնով (garance): Տորոնը մի բույսի արմատ էր, որ բոլոր այգիներում մեծ առատությամբ էր գտնվում:
    Այդ գույնը չփոխող կարմիր կտավը «շիլա» էր կոչվում: (Շիլայից կարում էին երկար շապիկ, որը կանայք հագնում էին զգեստի վրա՝ «շիլա շապիկ», Կ. Ա.):

    Շմշիր փայտի վրա («շիմշիր փայտը» տոսախն է, Կ.Ա.) ոճավորված ծաղիկներ էին փորագրում, որը կոչվում էր «դաջ» և դրանով դաջում էին շիլան սև ու կապույտ գույներով՝ արտաքին հագուստների համար, որ «չիթ» էր կոչվում:

    Մեծ պատերազմից հետո Լենինգրադից եկած մի խումբ ռուսներ երեք հարյուրի մոտ այդ դաջերից հավաքեցին տարան իրենց հետ:

    Բույսերից ու քարերից գույներ պատրաստելու մեծ կուլտուրա կար Վասպուրականում: Այդ գույները պատրաստելու գիտությունը, սքանչելի ժողովրդական երգերը, լավագույն թանգարանների զարդ լինելիք աննման ձեռագործները, բարձրորակ մագաղաթյա ձեռագիրները, ճարտարապետական ինքնուրույն կառուցվածքները կորսվեցին և այրվեցին՝ անտեղի ոչնչացված Հայության հետ:

    Իմ մանկության տարիներից մի քանի հատուկտոր տեղեկություններս գույների մասին բերում եմ: Սև գույնը շինում էին ընկույզի և նուռի տերևներից ու կեղևներից, որոնց մեջ ձգում էին փտած երկաթի կտորներ: 1870-73 թվականների մոտեր կոտորել էին Դհերի քրդախոս Հայերին (Դհերը գտնվում էր Տիգրանակերտի կուսակալության սահմանի վրա): Նրանցից ճողոպրածները Վան էին թափվել ու քաղաքի շատ տները մի դհերցի ընտանիք հյուրընկալելու պարտ էին զգացել, որով մեր խղճուկ տանն էլ տեղավորվել էր մի ընտանիք: Նրանք երկու եղբայրներ էին, անմիջապես հորեր զարկին և շալ ու շալվար գործելու դազգահ պատրաստեցին։
    Շուտով մքուքների դուրեկան չխչխկոցը սկսեց լսվել: Նրանք գործում էին ամենագեղեցիկ նախշերով ու գույներով շալվարներ, շալեր այծերի ջուռ մազից, ինչպես Վանի նահանգի շատախցիները:
    Այդ դհերցիները մի աման ունեին, ինձ ստիպեցին, որ սրանից հետո միայն այդ ամանի մեջ միզեմ: Վերջը ես իմացա, որ մեզը գործ էր ածվում կապույտ գույնը ամրացնելու համար:
    Արքայական կարմիրը ստանում էին մի տեսակ միջատներից, որ գլխավորապես Սիրիայի կողմից էին բերվում: Այն ժամանակները մեր կողմերում եվրոպական ալիզարի գույները մուտք չէին գործել։ Երկրի արդյունաբերության գլխավոր արտադրությունն էր կտավ, շիլա, չիթ, շալ, շալվար, աբա, ջեջիմ, ջուլ և գորգեր։

    Հին դարերում մեր գորգերը նշանավոր են եղել։
    Արաբական պատմիչներից իմանում ենք, որ հաճախ Հայերը արաբներին տուրք էին վճարում գորգերով։ Որոնցից չորս նշանավոր նմուշներ կան Կոստանդնուպոլսի Եֆկաֆի (կրոնական) թանգարանում: Նրանց վրա կան հայերեն բառեր և խաչեր գործված: Բայց երկրի գլխավոր հասույթը ոչխարի և ձիերի արտահանությունն էր, որոնք տարվում էին մինչև Եգիպտոս և Պոլիս»…

    Լուսանկարում՝ Հայ գեղանկարիչներ Եղիշե Թադևոսյանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը և Փանոս Թերլեմեզյանը՝ 1916 թվականին:

  • «…ՊԵՏՔ ԷՐ ՆՐԱՆԻՑ ՎԵՐՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԱՎՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»…

    «…ՊԵՏՔ ԷՐ ՆՐԱՆԻՑ ՎԵՐՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԱՎՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»…

    «…ՊԵՏՔ ԷՐ ՆՐԱՆԻՑ ՎԵՐՑՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՐԱՎՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»…

    Վաղ միջնադարյան հայկական քանդակագործությանն առնչվող հարցերի պարզաբանմանն է նվիրված Հայ հնագետ, պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Առաքելյանի՝
    «Հայկական պատկերաքանդակները 4-7-րդ դարերում», (Երևան, 1949թ.) ուսումնասիրությունը: Հեղինակը պատմական քննությամբ ներկայացնում է մշակութային ընդհանուր պատկերը հիշյալ ժամանակահատվածում՝ հնագույն շրջանից փոխանցված շերտերը, Հայոց քանդակագործական արվեստի ակունքները…
    Անդրադառնալով կրոնական պատկերաքանդակների դերին ու նշանակությանը, նա գրում է.
    …«Կրոնական քանդակագործությունը կոչված էր ամրապնդելու քրիստոնեական հավատը ժողովրդի լայն շերտերի մեջ: Այդ քանդակագործությունը ակնառու քրիստոնեական քարոզ էր բանավոր և գրավոր խոսքի հետ մեկտեղ: Պատասխանելով իրենց հակառակորդներին՝ պատկերահարգներն ասում էին. «Մեր արուեստս լոյս է, զի ծերք և տղայք առհասարակ վերծանեն. իսկ զգիրս սուրբս սակաւք ընթեռնուն» (Կաղանկատուացի, էջ 303):
    Այստեղ աներկմիտ է ասված քանդակների նշանակության մասին, ով չի կարող սուրբ գիրքը կարդալ, թող ակնառու կերպով տեսնի նրա ամենակարևոր առասպելներն արտահայտող պատկերները, որոնք ավելի մեծ ներգործող ուժ ունեն, առավել արտահայտիչ են և անմիջական: Այդ էր պատճառը, որ քրիստոնեության առաջին դարերում ողջ քրիստոնեական աշխարհը ողողվեց հին կտակարանի և ավետարանի զանազան պատմվածքներն արտահայտող պատկերներով:
    Կրոնական պատկերները կոչված էին ամրապնդելու քրիստոնեության տակավին խախուտ դիրքերը:
    Հարկավ, Հայաստանում դեռ մեծ էր հեթանոսների թիվը»: (Քրիստոնյաները «հեթանոս» էին անվանում իր ազգայինին՝ «էթնոսին» հավատարիմ մնացողին, որը չէր ընդունում օտարի կողմից պարտադրված կրոնը՝ քրիստոնեությունը և ապրում էր իր Նախնիներին փառաբանելով, իր Նախահայրերի ուսմունքը շարունակելով: Կ. Ա.):

    «Պապ թագավորի ժամանակ (369-374թ.թ.) Ներսես կաթողիկոսի մահից հետո, նույնիսկ շատ քրիստոնյաներ հեթանոսության վերադարձան:
    Պատմիչը գրում է.
    «Յետ նորա (Ներսեսի) ելիցն յաշխարհէս բազում գաւառք Հայոց և բազում մարդիկ ի հնութիւն դիւապաշտութեան դարձան և ընդ բազում տեղիս Հայոց կուռս կանգնեցին ի համարձակութենէ թագաւորին Պապայ… բազում պատկերս կանգնեալ երկիր պագանէին»… (Փաւստոս, էջ 344-345):
    Իսկ քիչ հետո՝ 5-րդ դարում, թեև կուռքերը ոչնչացված էին, բայց «կռապաշտությունը» շարունակում էր մնալ և բավական տարածված էր: Ժողովուրդը գերադասում էր հետևել իր հնամենի հեթանոսական սովորույթներին (երգ, պար, թատերական խաղեր, բնապաշտական ծեսեր, գուսաններ և այլն), քան կրոնավորների քարոզներին:
    Ժամանակի Հովհան Մանդակունի (478-490) կաթողիկոսը կշտամբում էր ժողովրդին, որ նրանք թատերական խաղերին, պարերին, գուսանական երգերին ավելի են ունկնդիր լինում, քան եկեղեցուն, որ «թատերք սատանայականք ցնծան խայտալով և եկեղեցիք Քրիստոսի միշտ ողբան դառնապէս» (Յովհաննու Մանդակունւոյ Ճառք, «Վասն անօրէն թատերաց դիւականաց», էջ 131):
    Պետք էր հեթանոսներին քրիստոնեական դավանանքի բերել նաև հեթանոսությունի՜ց վերցրած միջոցներով:
    Եկեղեցական արարողությունները թատերականացվում են, եկեղեցին յուրացնում է մի շարք հեթանոսական տոներ, իսկ կռապաշտական քանդակների տեղ բռնում են քրիստոնեական քանդակները:
    Քանի դեռ հեթանոսությունը ժողովրդի մեջ բավականին զորեղ էր մնում, պետք էր նրանից վերցնել այն, ինչ գրավում էր ժողովրդին:

    Այսպիսով, քրիստոնեությունը հեթանոսությունից շատ բան է յուրացրել:
    Բաց թողնելով այդ հարցի քննությունը, որ մեր թեմայից դուրս է, անհրաժեշտ ենք համարում մեջբերել պատմիչների մի քանի վկայությունները քրիստոնեության և հեթանոսության հարաբերությունների վերաբերյալ, որով և մասամբ բացատրվում է մահարձանների և նրանց վրա հանդիպող զարդաքանդակների երևան գալը:
    Ամենից առաջ քրիստոնեական եկեղեցին յուրացրեց հեթանոսական տաճարների կալվածքները, դրանով իսկ ապահովեց իր՝ որպես ֆեոդալական կազմակերպության տնտեսական բազան:

    Քրմերն այնքան կալվածքներ էին ձեռք բերել և այնքան հարստություններ կուտակել, որ Փավստոսը նրանց անվանում է «տոհմք և ազգք աշխարհաւերք աշխարհակերք», իսկ Ագաթանգեղոսը վկայում է, թե Աշտիշատի մեհյաններն ավերելուց հետո նրանց կալվածքները, բազմաթիվ դաստակերտները «նոցին գետնովքն և սահմանօքն ի ծառայութիւն նուիրեցին եկեղեցւոյ սպասաւորութեան» (Ագաթանգեղոս, էջ 406: Նույնը վկայում է և Զենոբ Գլակը, էջ 35):
    Ինքը՝ Աշտիշատն էլ դարձավ եկեղեցական կենտրոն:
    Նույն հեղինակը վկայում է, թե «յեկեղեցի գրաւէին և զԹորդան» (էջ 408): Երեզի Անահիտի հռչակավոր տաճարի, Թիլի Նանեական մեհյանի և Բագահառիճի Բարշամինի մեհյանի մեծ գանձերը և կալվածքները նույնպես գրավվեցին հօգուտ եկեղեցու
    (նույն տեղում, էջ 410-412):
    Կալվածներ գրավելը դեռ բավական չէր, ժողովրդի աչքին մեծ հմայք ունեին հեթանոսական սրբավայրերը. պետք էր նրանք ևս յուրացնել:

    Փավստոսն ուղղակի վկայում է, թե «Որ յառաջ էին տեղիք պատկերաց կռոցն… եղեն տուն աղօթից և տեղի ուխտից ամենայն ումէք» (Փաւստոս, էջ 12):
    Հիրավի, հայկական հին եկեղեցիների հնագիտական ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ Դիրաքլարի (Կառնուտի, Կ.Ա.), Երերուքի, Տեկորի, Մրենի, Գառնիի, Զվարթնոցի և այլ շատ եկեղեցիներ կառուցված են հենց այն տեղերում, ուր առաջ եղել են հեթանոսական մեհյաններ:
    Երբեմն նույնիսկ քրիստոնեական եկեղեցին կառուցված է հեթանոսական տաճարի հիմքի վրա կամ եկեղեցի կառուցելու համար օգտագործել են կռատան տաշած քարերը: (Զենոբ Գլակ, էջ 33):
    Թորդանը, որտեղ մի ժամանակ կանգնած էր Անահիտի մեհյանը և բագինը, դարձավ Լուսավորչի տան տոհմական գերեզմանոց (Փաւստոս, էջ 10):
    Եղիշեն վկայում է, թե եկեղեցու մեջ օգտագործելու համար գրավեցին նույնիսկ զրադաշտական մեհյանների-ատրուշանների կահկարասին և նվիրեցին «ի սպաս տերունական սեղանին» (Եղիշէ, էջ 99):

    Քրիստոնեությունը յուրացրեց նաև հեթանոսական տոները:
    Նավասարդի, Ամանորի տոները կարգվեցին քրիստոնեական տոներ՝ ի հիշատակ Հովհաննեսի և Աթանագինեսի, իսկ նրանց վայրը մնաց Բագավանը:

    Նույնը կարելի է ասել Ջրօրհնեքի տոնի վերաբերյալ, թո՜ղ տասնյակ այն սովորություններն ու սնոտիապաշտական հասկացությունները, գուշակությունները, որոնք հեթանոսական շրջանում սկիզբ առնելով, որոշ չափերով պահպանվել են նույնիսկ մեր օրերը:

    «…Վերջապես քրիստոնեության մեջ մտան նույնիսկ պաշտամունքի նախկին պաշտոնյաները՝ քրմերը, նրանց որդիները: Պատմիչը վկայում է. «Զդաստակերտսն և զսպասաւորսն քրմօքն հանդերձ և նոցին գետնովքն և սահմանօքն ի ծառայութիւն նուիրեցին եկեղեցւոյ սպասաւորութեան» (Ագաթանգեղոս, էջ 406), կամ՝ «Ժողովել տայր սուրբն Գրիգոր զմանկունս քրմացն և զպաշտօնեայս կռօցն և աղաչէր զնոսա՝ դառնալ ի տէր աստուած» (Զենոբ Գլակ, էջ 35)»:
    …«Գրագիտությունը գերազանցապես քրմերի և նրանց որդիների սեփականությունն էր կազմում: Այդ էր պատճառը, որ երբ պետք էր պատանիներ հավաքել կրթության ուղարկելու համար, ապա առաջին հերթին քրմերի՜ որդիներին հավաքեցին: (Ագաթանգեղոս, էջ 438-441)»: (Հայկեան Միաբանութեան Քրմերի հաղորդմամբ՝ Հայկազունի Քրմերից ոչ ոք օտար կրոնի պաշտոնյա չի դարձել՝ մնալով հավատարիմ ազգային ուսմունքին: Կ.Ա.):

    «Քրիստոնեությունը շատ բան վերցրեց հեթանոսությունից և իրեն հարմարեցրեց: Ի թիվս դրանց վերցրեց նաև պատկերների, քանդակների միջոցով մարդկանց մտքերի և զգացմունքների վրա ներգործելու չափազանց կարևոր արվեստը:

    Քրիստոնեական կրոնական մոլեռանդությունը առավելապես հաստատվեց հենց այդ պատկերների միջոցով, բայց այդ անհնարին կլիներ առանց այն մոլեռանդության, որը տածվում էր դեպի նոր կրոնը և կրոնական տեսարանները»…

    «…Հավատացյալ մարդուն հարկավոր էր տեսնել իր հավատալիքն արտահայտող պատկերները, և նրա ներքին վախը, ակնածանքն ու հավատը դեպի այդ պատկերները, որ մոլեռանդության էին հասնում, այնքան մեծ էին, որ այդ պատկերների արվեստին, կարելի է ասել, նշանակություն չէր վերագրվում:
    Կարևորը պատկերն էր և ո՜չ նրա արվեստը:
    Մասամբ և դրանով պետք է բացատրել հին քրիստոնեական քանդակների պրիմիտվիզմը, անարվեստ լինելը, անգամ հնում՝ հելլենիստական բարձր մշակույթ ունեցող երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում, ուր քանդակագործական փորձի պակաս չկար, և հաճախ հեթանոսական շրջանից եկող քանդակները՝ բարի հովվի քանդակը, սարկոֆագների վրա հանդիպող քանդակները աշխարհիկ թեմայով և այլն, կատարվում էին բարձր արվեստով, մինչդեռ քրիստոնեական սյուժեները արվեստով շատ հետամնաց էին:

    Հայաստանում ևս կարևորությունը տրվում էր սյուժեին, որը բավական է լիներ այնպիսին, որպեսզի «ծերք և տղայք առհասարակ վերծանէին»…

    Հայկական բարձրավանդակի տարբեր շրջաններից գտնված քանդակազարդ հնագույն քարակոթողներին 10-րդ դարից սկսած փոխարինեցին խաչքարերը, որոնք, ինչպես նախկինում եղած կոթողները, զանազան նպատակներով էին կանգնեցվում և որոնցում, ինչպես այլուր, շարունակվեցին կիրառվել հնագույն խորհրդանիշները՝ քրիստոնեականի հետ համադրվելով…

  • «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…

    «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…

    «ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՍԿՍՎԻ»…

    Տարիների բերած իմաստնությամբ հասունացած — հարստացած յուրաքանչյուր անհատ խորհրդավոր մի բնազդով ձգվում է դեպի իր արմատները, դեպի իր ազգի ակունքները… Այն աշխարհը, որտեղ ձևավորվել է իր էությունը, իր անհատականությունը՝ գիտակցական և ենթագիտակցական շերտերով:
    Ինքնաճանաչման մղումն է դեպի Լույ­սը տանող ճանապարհը:

    Ազգային ինքնագիտակցության խնդիրը կարևորել են Հայ մշակույթի բազմաթիվ մշակներ՝ տարբեր ժամանակներում:
    «Ամեն ինչ վերադառնում է իր նախնական ծագումին, որպեսզի նոր սկսվի»,- գրում է Սերո Խանզադյանը՝ շեշտելով, որ «Ամեն մարդ իր երգը պի­տի ունենա»…

    «Նզովքը, արտաքսումը եկեղեցուց, յոթնամյա ապաշխարհությունը և սահմանված այլ պատիժներն անգամ անզոր են եղել արմատախիլ անել հազարամյա հնությունից եկող հեթանոսական հավատալիքներն ու պատկերացումները ժողովրդի գիտակցությունից, և դրանք հարատևել են մինչև վերջին տասնամյակներն ու գրանցվել Հայաստանի մի շարք շրջաններում 19-20-րդ դարերի Հայ ազգագրագետների կողմից» (Լ. Խաչիկյան, Աշխատություններ, հ. Ա, Երևան, 2012, էջ 19)։

    «­Մոխ­րա­ցած ժա­մա­նակ­նե­րի հե­ռա­վո­րութ­յու­նից ա­հա տես­նում եմ Ձագեձորի՝ Բա­բե­լո­նի տա­րի­քի ա­վե­րակ բեր­դի մեջ խո­րա­ցած մեր տոհմատունը:
    Նաև սկսել եմ նշմա­րել կյան­քիս ճա­նա­պար­հի մշու­շոտ վեր­ջը:
    Ան­ցած-գնա­ցած­նե­րը դար­ձել են ա­ռաս­պել­ներ:
    Նրանց հի­շա­տակ­ներն օր ու գի­շեր կան­չում են ինձ:
    Ես շտա­պում եմ վեր­ջաց­նել իմ այս գոր­ծը, որ ինձ­նից հե­տո ե­կած իմ տոհ­մակիցնե­րը ճա­նա­չեն ի­րենց դյու­ցազն Նախ­նի­նե­րի ո­գին:
    Մարդ չպի­տի՜ կորց­նի իր ար­մա­տը:
    Լույ­սը չգո­յից չի ծա­գում»…

    Եվ ինչպես «Թռ­չում է նժույ­գը սև կայ­ծա­կի պես՝ դե­պի իր սկիզ­բը, ինքն ի­րեն գտնե­լու…» (Ս. Խանզադյան), պարտադրված երկարատև թմբիրից արթնացածի նման՝ ա՜զգն է որոնում իր ակունքները՝ վերստին զորանալու իր Նախահայրերի ժառանգած՝ Հայկեան ուսմունքով, ճշմարիտ, ազգային արժեհամակարգով:

    «Մեր ազգի փրկությունը մարտականության մեջ է միայն»,- պնդում է Ս. Խանզադյանը:
    «Ով չարին դիմադրել գիտի, նա կապրի»,- կարդում ենք նրա՝ «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում (էջ 310), ուր հեղինակը «եղելությունների թելերով» հյուսում է իր «կյան­քի ա­ռաս­պե­լը», որ սկիզբ է առել այն գյուղում, ուր «քարն ա­վե­լի պիտանի է, քան Քրիստոսի նշխա­րը»:

    Այստեղ՝ Գլ­խա­տան քա­րայ­րում գի­շեր-ցե­րեկ վառ է Քուրմ Ան­ձավ նախ­նու ա­րած կրա­կը: Մեծ տա­տը ե­րե­կո­յան խաչ է քաշում կրա­կի վրա, մի փշուր խունկ գցում մե­ջը, ան­թե­ղում՝ առավոտը բոր­բո­քե­լու:

    «Կուզեմ իմանաք, որ այս ձեր բերդավանը, որի մեջ ապրում եք, տունն էր Ձագ նահապետի» (էջ 8):
    «Հայրս ինձ համար հետզհետե դառնում էր առասպել: Երբեմն երեկոները
    նա մեզ հետ մնացած ազգատոհմի փոքր ու մեծ տղաներիս հավաքում էր Ատյան քարի մոտ ու երգում… Հայրս քաղցր ձայն ուներ, որ գնում մեղմացնում էր
    նաև մեր ժայռեղեն տիրույթի քարեղեն բնույթը» (էջ 32):
    «Մի էն տեսակ կանաչ-կտրիճ է եղել Ջառահ Սարգիս տոհմավագը, որ, ասում են, հավքը երկնքից վեր ա գցել» (էջ 22):
    «Մեր տոհմը, ինչպես ասում էր մայրս, ծագել է Սիսակ նահապետի թոռ Ձագից: Սրանից էլ մեր տոհմի բնակատեղի անունն է՝ Ձագեձոր»…

    «Մեր բուխարի — օջախի մեջ եռում է մեր տոհմատան երկու հազար տարվա կրակը» (էջ 231)…

    Սերո Խանզադյանի հարցազրույցը՝ ստորև…

  • «ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

    «ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

    «ԱՌԱՆՑ ՋՐԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԵՂՄՆԱՎՈՐՎԵԼ ՈՉ ՄԻ ՍԵՐՄ»…

    Հայկական բարձրավանդակի ողջ տարածքում սփռված են հնագույն բազմաթիվ ուխտավայրեր, ուր վաղնջական ժամանակներից ի վեր հավաքվող Հայերը՝ շարունակելով Նախնիների ավանդույթները, ազգային տոներն ու ծեսերն էին նշում առանձնահատուկ տոնախմբություններով:

    Ամենասիրվածը Վարդավառի տոնակատարությունն էր, որի համար ամառվա տապին զանազան վայրերից ուխտավորները խմբերով, ընտանիքներով, գերդաստաններով ձգվում էին դեպի իրենց ուխտատեղին՝ լիներ դա հինավուրց մեհենատեղի, լեռնագագաթ, քարանձավային համալիր, գետ, աղբյուր կամ վսեմ կանգնած մի ծառ՝ գովերգելու Բնության պարգևած Ջուրը՝ սնուցիչ, զովացուցիչ Անձրևը, նաև՝ սերը և նրա հովանավորներին՝ Սիրառատ, Վարդեհեր Աստղկան և Սիրասուն, Քաջակորով Վահագնին (ինչպես նշում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը):

    Արևմտյան Հայաստանի տարածքում մնացած այդ սրբավայրերն այլևս կանգուն չեն:
    Փլատակված այդ նվիրական վայրերում Հայոց ցեղասպանությունից հետո դադարել են երբեմնի մարդաշատ ուխտագնացությունները: Սակայն Վարդավառյան և մյուս տոնախմբությունները հավերժացել են տարբեր ժամանակներում ապրած գրողների էջերում, մասնակիցների հուշերում և փոքր-ինչ ձևափոխված շարունակվում են ցայսօր՝ Հայաստանի ներկայիս մի բուռ հողակտորի վրա…

    Վարդավառի տոնը՝ Խուստուփի լանջին՝ 1919 թվականին

    Որպես «Նոր բերքի», «Նոր պտղի»՝ Պտղոց տոնի շարունակում, այդ բերքը հասունացնող Հողը և Կենսատու Ջուրը ևս փառաբանվում էին:
    Ջու՜րը…
    Բեղմնավորումն ու աճը, Կյանքն ու գոյությունը պայմանավորող Ջու՛րը, առանց որի չկա աճ, բողբոջում, զարգացում, բարգավաճում…

    «…Հեռացրու՛ ջուրը, բաժանի՛ր խոնավությունը ամեն մի կենդանությունից, նա իսկույն կչորանա:
    Իսկ չորանալը մահվան և ջնջման հետևանք է»:

    «Առանց ջրի՝ աշխարհի երեսին չի կարող բեղմնավորվել ո՛չ մի սերմ»,- գրում է Ատրպետը և շարունակում.

    …«Գուսաններն երգերով պանծացնում էին Աստղկան սերն ու գորովը, պատկերն ու տեսքը, եռանդն ու աշխույժը, որոնցով մարդիկ ոգի ու զգացում ստացած ուրախ կյանք էին վարում: Այս զգացման շնորհիվ մարդիկ երկիրը դրախտի էին վերածել, սիրո բոցերով իրար գրկել ու գգվել, երջանկության վարդաստան էին թևակոխել հրճվալի ու բերկրալի օրեր անցնելու:

    Առանց Աստղկան առատաբար բաշխված սիրո և զգացումների, կյանքը տխուր և անտանելի էին գտնում, առանց նորա շնորհած վայելքների մռայլ ու խավար պիտի դառնային բնության բոլոր տեսարանները:
    Ինչպես Աստղիկն էր բաշխում կենդանի ու վառ աչքերը, նույնպես Աստղկան շնորհն էին համարում վարդագույն այտերը, փղոսկրյա կզակները, շամամ կրծքերը, նոճանման հասակը, կամար ունքերը, փայլուն ճակատը, բաբախող սրտերը և դողդողացող մկանները: Երգչուհիների մյուս մասը, իրենց գուսաններով և կաքավիչներով իրենց հերթին սկսեցին երգել Անահիտի հանճարը, նրա հնարագիտությունները, մարդկության տված շնորհները, գեղեցիկ արվեստները, որոնցով մարդը դրախտի է վերածել անապատը, զարդարել է բյուր բարիքով և գույնզգույն ծաղիկներով ձորերն ու լեռնալանջերը, նույնիսկ ապառաժի քարքարոտ կողերը:

    Ո՛րը գովում էր մուրճն ու կռանը, ո՛րը ներբողում կացինն ու սղոցը, ո՛րը ուշք էր դարձնել տալիս կառքին ու սայլին, ո՛րը գովաբանում արորն ու խոփը, ձիու սանձն ու պայտը, նետն ու աղեղը, սանդերքն ու մաքուքը, նկարն ու արձանը, տավիղն ու շվին, մի խոսքով՝ այն բոլոր արվեստներն ու գործիքները, որոնք մարդը ձեռք էր բերել Անահիտի շնորհած հնարամիտ իմաստությունով:

    Ամեն անգամ գուսանները մի տուն երգելուց հետո նույնը կրկնում էին պարուհիները և ոգևորված ետ ու առաջ տարուբերվում, ծածանվում էին իրար թևանցուկ, ոգևորությամբ զեղված: Մեղմ զեփյուռը շոյում, ոգևորում էր երիտասարդության ալ ու վարդավառ դեմքերը, մազերն ու կրծքերը, արևի պայծառ ճառագայթների տակ ցոլացնում էր նրանց հրացայտ աչքերը, ոսկեփայլ մազերը և ողորկ մորթերը»…

    …«Դեռ մատաղը չվերջացրած՝ Վարդեհեր Աստղկան նվիրված քառասուն ծիրանազգեստ կույսեր, ուսերին սփռած իրենց սաթանման մազերը, գլուխները վարդերով պսակած, մերկ վզերն ու դաստակները ուլունքների շարաններով գարդարած, նազաճեմ իջան բարձունքից, մոտեցան նվագածուներին և սկսեցին իրենց երգն ու պարը:
    Գուսանները սրանց բոլորած կրկնեցին Վարդեհերին նվիրված բազմաթիվ տաղեր: Երբ ոգևորված փոխընդփոխ շարունակում էին պարը, կաքավը, արևն արդեն երկնակամարի ամենից բարձունքում էր տեղ բռնած, և օդը աստիճանաբար այնքան էր խստացել, որ մարգարտափայլ քրտնաշարով ծածկել էր գուսանների և կաքավիչների ճակատները:

    Այս միջոցին խումբ-խումբ կույսեր ու պատանիներ մի-մի սափոր ու փարչ վերցրին ու սկսեցին սրսկել իրենց սիրելիների վրա ու նրանց զովացնել, հովացնել:
    Անվերջ ջուր էին սրսկում իրար վրա, աղաղակում, աղմկում, փախչում, բայց ջրվելուց ոչ ոք չէր կարողանում գլուխն ազատել։

    «Վարդեհե՜րն է», — գոռում էին ու անխնա սրսկում զով ջուրը ոտքից գլուխ:
    Երգիչները, կաքավիչները, նվագածուները և ժողովուրդը առանց դիրքերը փոխելու շարունակեցին իրենց ուրախությունը մինչև հագուստների արևի ճառագայթների տակ չչորանալը: Դեռատիներն ու պատանիները անվերջ ջուր էին կրում ու ածում ուխտավորների գլխին, որոնք թուլացել կամ մտքերի մեջ սուզվել, մի կողմ էին քաշվել:

    — Այսօր Վարդեհերի տոնն է, խնդալու և պարելու օր է, — գոռում էին ջուր սրսկողները, թռչկոտում և ցատկում:
    — Այսօր մեր հովանավորի տոնն է, Վարդավառ է, պետք է միայն երգել, պարել ու ծիծաղել, ոչ թե թմրել ու նիրհել:
    — Երանի՜ թե այդ ջուրը երկնքից մաղվեր, — հառաչելով պատասխանում էին ծերերն ու հասակավորները, — մենք էլ հոգո՛վ հրճվեինք:

    Դեռահասներն այնքան ջրեցին ու թրջեցին ուխտավորին, որ թրջվելուց ազատվելու համար բոլորն էլ գնացին մտան պարողների շրջանն ու սկսեցին նրանց հետ երգել ու ցատկոտել:

    Պարը տևեց մինչև արևի մայր մտնելը: Թեև հետինքին ուխտավորները բազմեցան դալարի վրա ճաշելու, բայց չդադարեցին երգն ու նվագը, պարն ու կաքավը:
    Արևմտի ողբը նվագելուց հետո մեծամեծ կրակներ ջեռուցին ուխտավորները իրենց վրանների մոտ, որոնց բոլորած մինչև կեսգիշեր երգեցին, նվագեցին և լսեցին գուսանների պատմությունները, որոնք պապերից լսածները ավանդում էին թոռներին»…

    Լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ…

  • «ԴԱՐՁԻ՛Ր ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՂԸ»…

    «ԴԱՐՁԻ՛Ր ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՂԸ»…

    «ԴԱՐՁԻ՛Ր ՎԵՀ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՂԸ»…

    Հին աշխարհի իմաստունների «Ծանի՛ր զքեզ» պատվիրանն ինքնաճանաչողության է կոչում և կրկնվում մինչ օրս՝ հորդորելով զննել, զարգացնել մարդու մտավոր և ֆիզիկական ներուժի չբացահայտված շերտերը, թափանցել Բնության գաղտնիքների աշխարհը…

    Միհրականությունը՝ գաղտնուսույց իմաստասիրությամբ և բազմախորհուրդ ծեսերով, իր ուսմունքի հետևորդներին ուղեկցում է դեպի Ճշմարտության բացահայտում՝ ինքնակատարելագործմամբ, տոկունությամբ, ուշիմ հետևողականությամբ և բնական օրենքների ուսումնասիրությամբ…

    Անվեհեր ընթանալով դեպի կատարելություն տանող հստակ, համակարգված իր ուղիով՝ խստականոն Միհրականը՝ որպես Հայրենիքի պաշտպան, անհաղթ զինվորական և խաղաղության հովանավոր, օրըստօրէ հավասարապես կոփում է իր միտքը և մարմինը՝ առաջնորդվելով «Առողջ մարմին և առողջ միտք» սկզբունքով, նաև՝ «Երրեակ խորհրդով»՝ «Բարի միտք, Բարի խոսք և Բարի գործ»:

    Կարևորելով մտքի խաղաղությունը և պայծառությունը՝ լրջախոհ Միհրականն աննկուն կամքով շարունակաբար ամբարում է իր հմտությունները՝ դառնալով Լույսի, Իմաստնության ջահակիր մյուսների համար՝ իր պարարտ, բեղուն մտքով՝ համամարդկային արժեքավոր գաղափարներով և առաքինությամբ՝ ազնիվ գործով բարելավելով աշխարհը:

    Հին իմաստության համաձայն՝ «Երբ աշակերտը պատրաստ է՝ հայտնվում է ուսուցիչը»…

    Եվ Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը հիշեցնում են Հայկեան Իմաստության մատյանից որոշ տողեր.
    «Կատարելությունն ընթացք է և ոչ՝ ի ծնէ:
    Եթե հրաժարվում ես ընթացքն ապրել՝ կատարելությունն էլ երբեք չի լինելու»…

    Հայոց ազգային մշակույթի վսեմ պաշտպանները և աննկուն պահապանները՝ Հայկազուն Արևորդիները, ցայսօր շարունակում են ապրել սեփական Նախնիներից ժառանգված արժեհամակարգով, տոներն ու ծեսերը նշելով իրենց իրական իմաստով և ճշգրիտ տոմարով՝ Բնության շրջափուլերին համահունչ, կարևորելով նաև հատուկ սննդակարգը և խոկումը՝ մարմինն ու միտքը հնարավորինս անաղարտ պահելով:

    Վեհ գաղափարների վրա հիմնված գաղտնի եղբայրությունը՝ Միհրականությունն իր խորհրդավոր, միայն եղբայրության անդամներին իրենց խորունկ իմաստը բացահայտող, պարզաբանող արարողակարգով ուղեկցում է Միհրականին դեպի Ճշմարտության Լույսը՝ Իմացության նորանոր ոլորտների աստիճանական բացահայտմամբ:

    «Վաղնջական ժամանակներից գիտելիքն իմաստնաբար փոխանցելու արդիւնավէտ միջոցներ են մշակուել՝ խորագէտի հմտութեամբ կիրառելով զանազան գաղտնի գաղափարներ՝ սքօղուած իմաստակիր խորհրդանիշներով:

    Դէպի Իմացութեան Լոյսն ուղղորդող ճանապարհը Միհրականը միանգամից չի բացայայտում:

    Անհրաժեշտ է յաջողութեամբ յաղթահարել մի շարք փորձութիւններ՝ համբերութեամբ և աննկուն կամքով հերթականութեամբ մագլցելով գիտութեան, առաքինութեան նուաճման աստիճանները:
    Պատասխանատւութեան բարձր գիտակցութեամբ նա զարգացնում է իր բարոյեական յատկանիշները՝ դժուարին իրավիճակներում անվրդով ոգով հաւասարակշռուած լուծումներ գտնելով ցանկացած խնդրի համար:

    Միհրականն իր ուսուցման ընթացքում որոշակի փուլերով է անցնում՝ արժանանալով համապատասխան աստիճանակարգի, որոնցից իւրաքանչիւրն իր խորհուրդն ու խորհրդանշանն ունի»,- գրում է Քուրմ Միհր Հայկազունին։

    Վերափոխված, Միհրական Գիտակցության հասած Հայորդիք՝ Արևորդիք, Հայկեան հզոր ոգու կրողներն են, Հայոց Նախահայրերի՝ փառապանծ Արքաների և Քրմերի իրական ժառանգները, որոնք այսօր էլ վառ են պահում հազարամյակների խորքից եկող Իմաստության անշեջ Ջահը:

    «Մարդկությանն ազնվացնողը և լուսավորողն է Միհրականը, որն անհողդողդ կամքով և գործունեությամբ նախանշում, կռում է իր անշեղ ուղին՝ առաջնորդելով իր համախոհներին,- Միհրականության սկզբունքներն է հիշեցնում Քուրմ Միհր Հայկազունին և հավելում.
    «Ազնվությունը, արդարությունը, ուղղամտությունը և խստապահությունն է Միհրականի առաքինության հիմքը:
    Ժամանակդ մի՛ վատնիր անկարևոր հարցերի վրա:
    Եղի՛ր նպատակասլաց և միշտ պատրաստ՝ դժվարին մարտահրավերներն իմաստնությամբ և տոկունությամբ դիմակայելու համար»:

    «Հարահոս և վաղանցիկ ժամանակը, որ տրվում է յուրաքանչյուրին իր կարճատև կյանքի ընթացքում, հարկ է իմաստավորել ինքնակատարելագործմամբ՝ հանուն բեղուն, օգտակար գործունեության և ի նպաստ հասարակության բարօրության:
    Ուստի՝ դարձի՛ր վեհ գաղափարների մարմնավորողը՝ հմտանալով, կոփվելով կյանքի մատուցած փորձությունները խիզախությամբ դիմագրավելով, և դարձի՛ր այն բարձրագույն արժեքը, որը Միհրականի առաքինության հիմքն է՝ ազնիվ, միշտ դեպի Ճշմարտությունը և Լույսը ձգտող»,- հորդորում է Քուրմ Միհր Հայկազունին՝ ողջունելով Միհրական եղբայրության նոր անդամներին, որոնք գիտակցաբար՝ մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ, ընտրել են Իմացության և Ինքնաճանաչման լուսավոր ուղին՝ հազարամյակների խորքից եկող ծեսերն ու ավանդույթները շարունակելով…

    Միհրականությունը բացահայտող սկսնակը՝ եղբայրության մեջ ընդգրկվելուց առաջ, ուղեկցվում է «Խոկման սենյակ», ուր կան զուտ մի քանի խորհրդանշական առարկաներ:
    Միայն մոմի լույսով ողողված քարայրի կիսամթում նա միայնակ պետք է հաղթահարի իր առաջին փորձությունը՝ կանգնելով վերափոխման շեմին:

    Լուսանկարները՝ մեկնաբանություններով՝ Քուրմ Միհր Հայկազունու…