Category: Culture

  • «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ Է, ԵՎ ՈՉ՝ Ի ԾՆԷ»…

    «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ Է, ԵՎ ՈՉ՝ Ի ԾՆԷ»…

    «ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑՔ Է, ԵՎ ՈՉ՝ Ի ԾՆԷ»…

    Ինչպես ծառն իր արմատներով է զորանում, այնպես էլ ազգն է իր Նախնիների կռած ուսմունքով, արժեհամակարգով ու սեփական աշխարհայացքով ձևավորում, կոփում իր ուրույն դեմքը, իմաստնանում՝ դիմակայելու համար կյանքի պարտադրած զանազան «ավերիչ փոթորիկներին», դառնալով այն ժայռը, որին բախվող ալիքները կորցնում են իրենց հուժկու թափն ու չքանում…

    Դժվարությունները վստահորեն հաղթահարելու այդ կամքն ու ունակությունն էլ որոշում են մարդու իմացության, քաղաքակրթության աստիճանը:

    Բնությանը համահունչ ու ներդաշնակ զարգացման հիմունքներով՝ առողջ ոգով ու առողջ մարմնով առաքինի սերունդների դաստիարակությունն էին կարևորում Հայկազունները՝ փառաբանելով Իմաստնությունը, Արդարությունը, Քաջությունը, Գեղեցկությունը, յուրաքանչյուր անհատի մեջ նրա լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը…

    «Կատարելությունն ընթացք է և ոչ՝ ի ծնէ:
    Եթե հրաժարվում ես ընթացքն ապրել՝ կատարելությունն էլ երբեք չի լինելու»…
    Հայկյան Սրբազան Իմաստության հնագույն մատյանից՝ «Յաւիտեան Խրատ»-ից հիշեցնում են մեզ Հայկյան Միաբանության Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը:

    «Կատարելությունն ընթացք է»…

    Հայոց Նախահայրերի՝ Հայկյան Սրբազան ուսմունքի հիմունքներին, հիմնական գաղափարներին ծանոթացնելով՝ հազարամյակների խորքից եկող ճշմարտությունն են ուսուցանում Հայկազուն Քրմերը, դաստիարակելով բարձր առաքինությամբ, ազնվաբարո սերունդներ, նրանց զինելով անհրաժեշտ իմացությամբ ու կարողություններով՝ դժվարին իրավիճակները հնարավորինս հեշտությամբ, անխուճապ ու ինքնավստահ, անխռով իմաստությամբ ճշգրիտ կողմնորոշմամբ հաղթահարելու նպատակով:
    Քանզի դժվարությունները կոփում են Ոգին, ինչպես աշխատանքն է ամրացնում մարմինը:

    Հնագույն իմաստությունը հիշեցնում է.
    «Միայն քամու հարձակումը դիմագրաված ծառն է իրապես կենսառույգ, քանզի հենց այդ պայքարու՛մ են փորձության ենթարկված նրա արմատներն ամրապնդվում»:

    «Մենք գրքերի նման ենք:
    Մարդկանց մեծ մասը տեսնում է միայն կազմը, մի փոքր մասը կարդում է միայն նախաբանը, շատերը հավատում են քննադատությանը:
    Քչերն են միայն ծանոթանում բովանդակությանը»:

    Էմիլ Զոլայի հիշյալ տողերն ենք մտաբերում՝ զանազան առիթներով Հայոց ազգային մշակույթը ոչ լիարժեք, հաճախ՝ խեղաթյուրված ներկայացնող հրապարակումները տեսնելով:

    Հայկյան Սրբազան ուսմունքի, Արևապաշտության խորհրդի շուրջ մի փոքրիկ հարցազրույց՝ Քուրմ Միհր Հայկազունու հակիրճ մեկնաբանություններով՝ ստորև…

  • «ԱՆՀՆԱՐԻՆ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼ. ՆԱ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՎԵՐՆԵՐԻ, ՓՈՇԻՆԵՐԻ, ԼՔՈՒՄԻ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԻ ՄԵՋ»…

    «ԱՆՀՆԱՐԻՆ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼ. ՆԱ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՎԵՐՆԵՐԻ, ՓՈՇԻՆԵՐԻ, ԼՔՈՒՄԻ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԻ ՄԵՋ»…

    «ԱՆՀՆԱՐԻՆ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼ. ՆԱ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՎԵՐՆԵՐԻ, ՓՈՇԻՆԵՐԻ, ԼՔՈՒՄԻ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԻ ՄԵՋ»…

    Քրիստոնեության տարածումից հետո Հայաստանում ու այլ երկրներում հնագույն բազմաթիվ պաշտամունքավայրեր ոչնչացվեցին, որոշներն էլ՝ ձևափոխվեցին, անվանափոխվեցին՝ ծառայեցնելու համար նոր կրոնին:

    «Արհեստականորեն շաղկապված» հեթանոսականն ու քրիստոնեականը, ինչպես դիպուկ ու հանճարեղորեն ի ցույց է դնում Ավետիս Ահարոնյանը՝ Իտալիայում իր շրջագայության արդյունքում, միմյանց «հակոտնյա ու անհարիր» են՝ «հակառակ կրոնական այս պատվաստի վարպետների ամբողջ եռանդին»:
    Ու նա ցավով նկարագրում է գեղեցկության բարձր ըմբռնմամբ «հեթանոս ու դասական ոգու» խաթարումը, «հինավուրց հիշատակարանների եղծանումը» «նոր կրոնի հավելվածներով»՝ անդրադառնալով Իտալիայում ստեղծված գեղարվեստի արժեքներին (ճարտարապետական կառույցներին, կոթողներին, քանդակներին, որմնանկարչությանն ու գեղանկար կտավներին)…

    Ավետիս Ահարոնյանի «Իտալական էսքիզներ»-ից մի հատված՝ ստորև…

    IX
    ՀԵԹԱՆՈՍ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀՌՈՄ

    Հռոմի հրապարակներում եւ փողոցներում թափառելիս այցելուն, որ որոնում է հին հին յիշատակարանները, մերթ զարմանքով եւ մերթ տհաճութեամբ, գրեթէ ամէն քայլափոխում գտնում է հեթանոսութիւնն եւ քրիստոնէութիւնը բաղեղի պէս իրար փարած: Այս երկու՝ բարոյական եւ կրօնական ըմբռնումների խճողումը այնքան մեծ է, որ չգիտես, թէ ու՞ր է վերջանում հեթանոսութիւնը եւ ու՞ր է սկսւում քրիստոնէութիւնը:

    Իր յաղթանակի առաջին տարիներին քրիստոնէական խաչը՝ կատագոմբներից դուրս գալով, իր կրած դարաւոր մարտիրոսութիւնից յետոյ մի տեսակ ժպտուն վրէժխնդրութեամբ թափանցել է ամէն տեղ, ուր մի օր իշխում էր հեթանոսութեան գեղեցկութիւնն ու փառքը:
    Նա բարձրացել է նոյն իսկ հեթանոս կայսրերի յաղթական սիւների վրայ եւ Եգիպտոսից փոխադրուած կոթողների կատարին, որոնք տակաւին զարդարում են Հռոմի հրապարակները:

    Մարկոս Ավրելիոսի սյունը Հռոմում

    Մարկոս Աւրելիոսի սիւնի կատարից ցած է բերուած առաքինի կայսեր արձանը, եւ դրա փոխարէն այսօր կանգնած է Ս. Պետրոսը, ինչպէս Տրոյանոսի սիւնի վրայ՝ Ս. Պօղոսը: Եւ երկու առաքեալների ոտների տակ, սիւների իրանների վրայ, երկու հզօր կայսրերի յաղթութեանց տեսարաններն են գալարւում բարէլիէֆների անվերջ շարաններով:
    Հակադրութիւնը՝ կատարի խաղաղասէր մարդոց եւ այս արիւնահեղ տեսարանների մէջ, չափազանց խիստ է: Եւ ամբողջ պատկերը դառնում է աններդաշնակ ու գրեթէ անիմաստ:

    Խաչը մտել է եւ արիւնազանգ Կօլիզէն:
    Աստուածացած Օգոստոսի տաճարն եւս, որ իր կինը՝ Լէվին, կառուցել է ամուսնու մահից յետոյ, վերածուած է քրիստոնէական եկեղեցու:
    Անտոնինի եւ Ֆօսթինի տաճարը՝ սրբազան ճամբու վրայ, որ հիմնուած է 141 թվականին, նոյնպէս քրիստոնէական եկեղեցի է:
    Նոյնը, ինչպէս տեսանք, կատարուած է եւ Պանթէոնի գլխին:
    Այդ տեսակէտից ամենէն բնորոշը Սէնթ-Անժ կոչուած քաջածանօթ դղեակի պատմութիւնն է: Գուցէ Հռոմի ո՛չ մի յիշատակարանը այնպէս չի պատկերացնում գաղափարների, կրոնական ու բարոյական հասկացողութիւնների եւ դարերի շփոթը, ինչպէս այս դղեակը:

    Նա եղել է փոխ առ փոխ հեթանոսական դամբարան, բերդ, բանտ եւ, վերջապէս, նուիրուել է հրեշտակապետին, եւ որի մէջ հեթանոսական մնացորդների հետ կանգուն են քրիստոնէական մատուռները:

    Տիբեր գետի ափին բարձրանում է Հռոմի հնագոյն հեթանոսական մէկ տաճարը, դասական ճարտարապետութեամբ կառուցուած, քառակուսի մի շէնք՝ չորս կողմից զարդարուած իօնիական սքանչելի սիւներով, որ կոչւում է «Tempio Della Fortuna Virile», կառուցուած Քրիստոսից մէկ դար առաջ:

    Հռոմ «Tempio Della Fortuna Virile»,

    Միջին դարում հեթանոսական այդ տաճարը վերածեցին քրիստոնէական եկեղեցու՝ անուանելով «Եգիպտոսի Սուրբ Աստուածածին»:
    Յետագային Պիոս Ե պապը այն նուիրեց Հայերին:
    Անծանօթ է, թէ ի՛նչ պարագաներում վերջին ժամանակներում կառավարութիւնը վերցրեց Հայերից այդ շէնքը եւ վերածեց վերստին իր հեթանոսական վիճակին:

    Շատ երկար կը լինի մի առ մի թուել բոլոր այն պատմական յիշատակարանները՝ հեթանոս օրերից հասած, որոնք զանազան առթիւ եւ զանազան դարերում քրիստոնէական պաշտամունքին են յատկացուել:
    Ճշմարիտ է, շատ յաճախ գեղասէր եւ գիտակից քահանայապետներ՝ փրկելու համար հեթանոսական յիշատակարանները, նրանց առել են խաչի հովանու տակ, ինչպէս, օրինակ, Կօլիզէն, որ երկար ժամանակ ծառայում էր որպէս քարահանք եւ նրանից այսօր ոչինչ չէր մնայ, եթէ այն նուիրուած չլինէր Քրիստոսի չարչարանքներին:

    Հռոմի Կոլիզեումը

    Միմիայն շնորհիւ խաչի նշանին դադարեց այս պատմական յիշատակարանի աւերածն ու կողոպուտը: Սակայն բազմաթիւ են եւ այն դէպքերը, երբ յաղթանակող քրիստոնէութեան եռանդուն պաշտօնեաները ճգնել են նոր կրօնի փառքին եւ զօրութեանը ծառայեցնել հեթանոսական յիշատակարանները: Եղած են եւ այնպիսիները, որոնք գուցէ եւ հետամտած են աւերն ու փոշիացումը այս կոթողների:

    Այսպէս թէ այնպէս, հեթանոս յիշատակարանների այս քրիստոնէացումը բախւում է այցելուի գեղասիրական զգացմունքին: Հռոմի փողոցներն ու հրապարակները զարդարող այս յիշատակարաններն իրենց քրիստոնէական տարազով յաճախ խռովել են երկու դրութիւնները՝ հեթանոս ու քրիստոնեայ արուեստականօրէն իրար շաղկապուած, մնում են հակոտնեայ ու անյարիր, հակառակ կրօնական այս պատուաստի վարպետների ամբողջ եռանդին: Եւ միայն երեւակայութիւնն է չարչրկւում ներդաշնակութիւն փնտռելու իր ճիգերի մէջ եւ պատրանքը, որ արուեստի վայելքի լաւագոյն աղբիւրն է՝ պղտորւում է:

    Այսպէս, Կեսարների յաղթական սիւների կատարներին կանգնած առաքեալների դիրքը, որքան եւ հրապուրիչ լինի հաւատացեալներին, երգիծանքի մի բան ունի իր մէջ, որ վիրաւորիչ է ե՛ւ հեթանոսի, ե՛ւ քրիստոնէի համար:

    Հռոմի ազգային միւզէում (Museo nazionale) մարմարէ մի արձան տեսայ Հերմօֆրօդիտ, որ քանդակագործութեան արուեստի մի կատարելութիւն է: Երեսն ի վար, կիսաթեք քնած մի կին է՝ ձախ երեսը ձախ բազուկին դրած: Սիրուն խոպոպներով զարդարուն իր գլուխը, բարձր, կանացի պարանոցը, ձուաձեւ ու գրաւիչ դէմքը, նուրբ, բարեձեւ ու դալար իրանը, փարթամ ստինքները, հարուստ ու թրթռուն զիստերը, ոտքերի գեղանկար, աստիճանական էջքը, նուրբ ծնկների թեթեւ կորութիւնը, ամբողջ այդ նազանքով ու գեղով հարուստ մատաղ մարմինը կին է, անդիմադրելի հրապոյրներով, որ արուեստագէտը հասցրել է կախարդիչ կատարելութեան:

    Եւ այս հզօր ու հրապուրիչ պատրանքը վայրկենապէս չքանում է, երբ նիրհող գեղեցկուհուն նայում ես արձանի հակառակ կողմից՝ այստեղ յստակօրէն աչքի է ընկնում իր առնականութեան լիակատար նշանը: Մատաղ ու փարթամ ստինքները եւ այս առնական օրգանը միեւնոյն կանացի մարմնի վրայ պարզապէս վանիչ է, նայում ես, ու հայեացքդ վիրաւորւում է, ներդաշնակութիւն ու սինթէզ փնտռող մեր հոգին ծառանում է այս գեղեցկութեան մէջ հիւսուած այլանդակութեան դէմ ու լուռ տառապում:
    Ու ուզէիր, որ այս երկու բնութիւններից մէկն ու մէկը չքանա՛ր, միւսի լիակատար պատկերը հանգստացնէր զգացմունքը ու երեւակայութեանը խռովքը. ակամայ դառնում ես արձանի շուրջը, աչքդ ես գոցում տեսածիդ որոշ մասերի վրայ. փնտռում ես սինթէզը, ներդաշնակութիւնը եւ թռչունի պէս, որ իր բոյնն աւեր է գտնում, ձգում ես — հեռանում անախորժ զգացմունքով՝ այդ գեղանի եւ միաժամանակ վանիչ պատկերից:

    Չգիտեմ, ա՞յս է հետամտել արուեստագէտը այս արտառոց տեսարանը, այս գեղարուեստական շփոթը կերտելով:

    Այսպէս է այն տպաւորութիւնը, որ մարդ ստանում է Հռոմի այն յիշատակարաններից, որոնց հեթանոս եւ դասական ոգին ու ճարտարապետութիւնը փորձել են խաթարել նոր ժամանակների եւ նոր կրօնի յաւելուածներով:

    Հռոմի Պանթեոնը

    Այս տեսակէտից մասնաւոր հետաքրքրութիւն ունի Պանթէոնը, որ, ինչպէս տեսանք, նոյնպէս վերածուած է քրիստոնէական եկեղեցու:
    Այս հեթանոսական յիշատակարանը ամենից աւելի յամառօրէն դիմադրել է քրիստոնէական բոլոր եղծանող ճիգերին ու անաղարտ պահպանել իր դասական ոգին, պատկերը եւ բնութիւնը: Նրա ճակատին տնկուած խաչը եւ փորագրուած «Santa — Maria -ad — Martyres» բառերը ոչինչ չեն խլում նրա դասական գեղեցկութիւնից ու հպարտութիւնից: Թւում է, թէ հեթանոս աստուածները, որպէս յետին միջնաբերդ, այս տաճարի մէջ են տակաւին եւ վճռել են պայքարիլ մինչեւ վերջը:

    Պանթէոնի մէջ խաչը պարտուած է եւ ընկճւած:
    Քրիստոնէական դամբարաններն ու մատուռներն իսկ, որոնք շուրջանակի բռնում են նրա պատերը, միանգամայն անզօր են հեթանոս աստուածներին հալածել իրենց տաճարից: Եւ ցաւ ես զգում, որ Պանթէոնի դէմ շարունակւում է նոր օրերի եւ ոգու պայքարը:
    Ցաւ ես զգում եւ խաչի համար:
    Խաչը յաւիտենական խորհրդանիշն է բարձրագոյն առաքինութեան, այստեղ դարձել է գաղափարական հակառակորդ գեղեցկի: Եւ, սակայն, գեղեցիկը միաժամանակ եւ բարին է, ինչպէս սքանչելի կերպով սահմանել է Պլատոն: Հեթանոս թէ քրիստոնեայ դարերի արուեստ՝ միշտ էլ իր աստուածն ունի իր մէջ:

    Անօգուտ է փորձել այնտեղ մի նոր գահ դնել:
    Ամէն մի գեղեցկութիւն, իւրաքանչիւր ներդաշնակութիւն ձեւերի, գոյների, ռիթմի ինքնին մի կրօն է, արդիւնք հոգու սքանչելի տքնութեան, որ գալիս է մաքրելու ու բարձրացնելու մեր ախտաւոր բնութիւնը:
    Խաչն այդ դէպքում միանգամայն աւելորդ բեռ է:
    Խաչի յաղթանա՞կն է այս:
    Բնաւ ոչ:
    Անհնարի՛ն է գեղեցկութեան վրայ յաղթանակ տանել. նա անպարտելի է անգամ աւերների, փոշիների, լքումի ու կործանումի մէջ:

    Անհնարի՛ն է եղծանել միտքը, որ մի անգամ դրոշմուել է քարերի վրայ:
    Եւ յետոյ՝ անիրաւութիւն է եւ իմաստուն չէ մարդկային հոգու ալեծուփ ու անդադրում խռովքին չարչարանքներին ենթարկել հինաւուրց յիշատակարանները:
    Անիրաւութի՛ւն է դէպ անցած սերունդները:
    Մարդիկ էին, բանական ու հզօր, իրենց բարոյական, քաղաքական, հասարակական եւ, մանաւանդ, գեղեցկի ըմբռնումներով մեզանից տարբեր իրենց զգալու եւ խորհելու կարողութեամբ գուցէ եւ մեզնից խորը եւ անկեղծ, եւ ճաշակով՝ աւելի նուրբ ու հարուստ:

    Եւ այդ մարդիկ եկան ու անցան իրենց հանճարի ու հոգու հետքը թողնելով քարերի վրայ՝ դարերին հաւատացած կտակի պէս: Խաչը սրանց վրայ բարձրացնելով ո՛չ հեթանոսը շահ ունի, ո՛չ քրիստոնեան եւ ո՛չ, մանաւանդ, յետնորդ սերունդները: Ազգային միւզէի Հերմոֆրոդիտի օրինակը կայ:
    Չգիտեմ ի՞նչ չափով է յաջողուել հեթանոս յիչատակարանները քրիստոնէացնել, բայց չափազանցութիւն չի լինի ասել, որ Հռոմը աշխարհի միակ քաղաքն է, ուր հակառակ տիեզերական եկեղեցու աթոռակալի ներկայութեան շնորհիւ վերածնութեան, քրիստոնէութիւնը հեթանոսացել է արուեստի մէջ եւ հեթանոսութիւնը՝ քրիստոնէացել: Եւ այս հրաշքը կատարել է ոչ թէ եկեղեցու մոլեռանդ պաշտօնեաների քրիստոնէական եռանդն ու կամքը, այլ սոսկ գեղեցկի սէ՛րը եւ բարձր արուեստի պաշտամու՛նքը:

    Քրիստոնէութեան ու հեթանոսութեան պայքարը դադարում է այն օրից, երբ երկու նշանաւոր քահանայապետներ՝ Յուլիոս 2-րդ եւ Լեւոն, մի գեղասիրական եռանդով, որ նրանց դնում է Վերածնութեան խոշոր վարպետների կողքին, հեթանոսութիւնը եւ իր արուեստը բարձրացնում են փոշիների միջից եւ տաճարներու՛մ բազմեցնում: Այս երկու պապերի կատարածը դասական արուեստի յաղթանակի համար այնքա՜ն ապշեցուցիչ է, որ յաճախ չգիտես, թէ յանուն ինչի՞ են գործել նրանք, քրիստոնէութեա՞ն, թէ՞ հեթանոսութեան: Իրօք, ո՛չ մէկի եւ ո՛չ միւսի. այլ յանուն արուեստի՛, յանուն գեղեցկի՛, որի խորունկ պաշտամունքն ունին:

    Երբ այցելում ես Հռոմի եկեղեցիներն ու միւզէները, հասկանում ես, որ Վերածնութիւնը արել է հեթանոս եւ քրիստոնեայ ըմբռնումների հաշտութիւնն ու ներդաշնակութիւնը արուեստի մէջ: Մի կողմից յունօ-հռոմէական դիցաբանութիւնն է, որ նիւթ է ծառայել քրիստոնեայ լաւագոյն վարպետներին մինչեւ մեր օրերը, եւ միւս կողմից՝ Աստուածաշնչից ու «Վարք սրբոցներից» քաղած արուեստի սիւժէները մշակուել են միանգամայն հեթանոս ոգով, յաճախ նոյն իսկ հեթանոս բացութեամբ: Նահատակ սրբուհիներ կան, որոնց մերկութիւնը ու մարմնի հրապոյրները շատ հեռու են հաւատի եւ ջերմեռանդութեան զգացումին ծառայելուց եւ աւելի յիշեցնում են դիցուհիների եւ յաւերժահարսերի պատկերները:

    Հռոմ. Սիքստինի տաճարը

    Այսպէս Սիքստինի տաճարի որմանկարների մէջ Միքէլ Անջէլօ բնականապէս զգուշացել է Վեներայի մերկութիւնը փռել աղօթքի տան պատերի վրայ. բայց իր Եւան ոչնչով տարբեր չէ ամենայանդուգն Վեներայից: Իհարկէ, աստուածաչնչեան դեկօրը պահպանուած: Չարի եւ բարւոյ գիտութեան ծառի վրայ փաթաթուած է նենգաւոր օձը, որ մարդկային գլուխ ունի եւ մեկնում է ճակատագրական պտուղը առաջին մարդուն.
    Բայց նայեւ, գուցէ, այդ մերկ կնոջը, որ թեք է ընկած մի կանաչ թփի, մէկ արմուկը իր մարմնի տակ ծալած երկուտակ եւ ազատ բազուկը երկարած դէպի մարդացած պտուղը: Երկրային ու փոթորկոտ սիրոյ, չեմ վարանի ասել եւ ստեղծագործիչ, պոռթկացող կրքի կատաղի զարթօնքն է այս տեսարանը:

    Կինը արդէն իսկ թրթռացող մարմնի մերկութիւնն ու նազանքն ունի, մեղաւոր պտուղը քաղելու համար նա ոտքի ելնելու ոյժ չունի. կանաչների մէջ, այդ սքանչելի ծառի տակ կանգուն տղամարդի ոտքերի առջեւ փռել է իր մերկ մարմնի հրապոյրները այնպիսի բացերես փարթամութեամբ, որ
    մեր նախահայրը «բարին ու չարը» հասկանալու եւ մանաւանդ՝ զգալու համար, բնաւ պէտք չունի իր հերթին ձեռքը մեկնել դէպի ծառը եւ յաւիտենական երջանկութեան ու տառապանքի պտուղը քաղելու, ինչպէս պատկերացուած է որմանկարի վրայ. բաւական է, որ այդ հուժկու, ջլուտ, կեանքով ու արշալոյսներով լեցուն այդ սքանչելի տղամարդը իր ոտքերի առջեւ նայի, ուր պառկած է ամենէն սիրաբորբոք ու հեշտագրգիռ մերկութիւնը, որ երբ եւ իցէ կարող էր բացուել մի արուի առջեւ: Կնոջ դէմքի վրայ ասես խաղում է մի անհուն ժպիտ, եւ նա պտուղն ընդունում է վերից մի հանդարտութեամբ, որ ասես նա յաւիտենից գիտէր, որ այսպէս է լինելու եւ իրն է այդ կանգնած հսկան: Փարթամ ու մատաղ ստինքները եռում են վեր բարձրացած բազկի շարժումից, իրանը գալարուել է մեղմիւ. ոտքերը ծալած են իրար վրայ եւ հեշտանքի իր ձեւերը ճերմակ փրփուրի պէս ալիք առ ալիք ծփծփում են կանաչի վրայ՝ սպասելով խորհրդին:

    Սիքստինի տաճարի որմնանկարներից

    Կինը չի շտապում. նա իր հրապոյրների իմաստն ու զօրութիւնը գիտէ. նայեցէք սակայն ոտի դժբախտ Ադամին, հսկայ երեխան, որ ճիշդ երեխայի պէս է կախուել ծառի ճիւղից պտուղը քաղելու համար եւ քիչ է մնում իր ձախլիկ շարժումով ճիւղը կոտրի: Շտապում է…

    Կրկնում եմ, ամբողջ այս պատկերը, որքան եւ բիբլիական լինի, դարձեալ համակ հեթանոսութիւն է, հին դիցաբանական սիրոյ մի տեսարան:

    Հապա «Մարդու ստեղծագործութիւնը»՝ միշտ նոյն Սիքստինի տաճարում եւ Միքել Անջէլօի առնական գեղեցկութիւնը առաջին մարդու:

    Միքելանջելոյի՝ «Մարդու արարումը»

    Նոր-նոր աստուածային մտքի ծայրը դիպաւ քնած Ադամի ձախ ձեռի ցուցամատին, եւ երկնային մի զօրութեամբ ցնցուած, նա աչքերը բացեց, եւ ողջ մարմինը ձգձգուեց կեանքի ու ստեղծազործութեան համար: Իր հայեացքը շեշտակի ուղղուած իր արարիչ Աստծուն, տրտմութիւն ունի եւ կարծես լռելեայն հարցնում է՝ «Յետո՞յ…»:

    Եւ այդ «յետոն» մենք տեսանք քիչ վերը, նախնական մեղքի տեսարանի մէջ: Այդ մեղքը, սակայն, հենց այստե՛ղ է, այս թեք ընկած տղամարդի մերկ մարմնի մէջ, որ համակ ջիլ է ու զօրութիւն: Նայելով այս շքեղ մարմնակազմին, այս առնական կուռ ու յորդահեղ ձեւերին, որոնց վրայ որդեծնութեան կնիքը կայ յստակօրէն, ակամայ խորհում ես, որ Աստուած կա՛մ կատակ է արել, կա՛մ միամիտ պատրանքի զոհ գնացել՝ հաւատալով, թէ այս պերճ տղամարդը յաւիտենական կուսութեան համար է ստեղծւում Եւայի յուռթի մերկութեան կողքին:

    Միքէլ Անջէլօն իր հեթանոս հանճարով քրիստոնէական տաճարի մէջ սքանչելի կերպով հեգնել է աստուածային այս առարկելի միամտութիւնը: Թողնում եմ «Վերջին Դատաստանը»:
    Սիքստինի տաճարը հեթանոս ոգու եւ արուեստի մի խորան է, մարդկային անարգուած մարմնի սրբագործումն ու բարձրացումն քրիստոնէական պատուանդանի վրայ:
    Յիշատակեմ այս առթիւ եւ Միքէլ Անջէլօի մի ուրիշ գործը՝ Քրիստոսի արձանը, որ գտնւում է Միներւայի Ս. Մարիամ եկեղեցում (Chicsa Della Minerva):

    Միքելանջելոյի՝ 1519-1520 թվականներին քանդակած՝ Քրիստոսի արձանը՝ Միներվայի եկեղեցում (Chicsa Della Minerva)

    Տակաւին երբեք աստուածամարդը չէ ներկայացուած այդ աստիճան յանդուգն ձեւով մարդեղօրէն, որպէս այս արձանը: Խաչափայտը գրկած այդ տղամարդը գրեթէ ոչինչ ունի աստուածային՝ բացի իր աչքերը, ուր յաւիտենական ու անհուն մի բարութիւն է իշխում. մնացածը մարդ է եւ իսպառ մերկ. անգամ խաչուած Քրիստոսը միշտ մի քօղ ունի ծածկելու համար իր առնականութիւնը: Միքէլ Անջէլօ մարմնի ձեւերի իր յանդուգն պաշտամունքով դէն է շպրտել ամօթի այդ ծածկոյթը եւ Աստուծոյ որդին կանգնած է իր ամբողջ հասակով, ինչպէս լոգարանից նոր դուրս ելած մի բարեկազմ տղամարդ. եւ այս արձանը կանգնեցրած է մի եկեղեցում:
    Երբեք մի հեթանոս վարպետ աւելի համարձակ ու աւելի անկեղծ լինել չէր կարող:

    Նոյնն է Ռաֆայէլը, որ Յուլիոս 2-րդ Պապի հրամանով ձեռնարկեց զարդարելու Վատիկանի սրահները, եւ որոնք յայտնի են այսօր «Stanza» անունով: Գեղեցիկ մարմինների հեթանոսօրէն գալարումները, նրանց ձեւերի անհուն հրապոյրները իր վրձինի գաղտնիքն է: Տաճար եւ խորան զարդարելիս նա չի փնտռում երկիւղածն ու սրբազանը. մի հատիկ սրբութիւն ունի արուեստը , որ հեթանոսօրէ՛ն փռում է ամենանուիրական վայրերում:

    Ռաֆայել. «Բորգոյի հրդեհը» (1514-1517)

    «Բօրգօի հրդեհը» Ռաֆայէլ երեւակայել է ասես սոսկ մարմինների բոլոր շքեղ գալարումները ցուցադրելու համար: Նայեցէ՛ք այս սարսափահար ու ծնկաչոք կանանց, իրենց գեղանի մարմնի հարուստ ձեւերին. այս շքեղ պատանին՝ 17-18 տարեկան մի Ապոլլոն, որ իսպառ մերկ քաշ է ընկած մի պատից վար ցատկելու համար. յունական կրկէսների խաղերին մասնակցող մի դասական տիպարը: Մի խումբ ուրիշ կանայք, որոնք ջուր են բերում հրդեհը մարելու համար, ամէնքը դուրս են քաշուած հին յունական յիչողութիւններից, դասական շարժուձեւ եւ պարզութիւն ունին. անգամ իրենց ջրամանները յունական են:

    Ռաֆայէլի միւս որմանկարը՝ «Պառնասը», ինչպէս արդէն իր անունը ցոյց է տալիս, ամբողջապէս հեթանոսական ներշնչումի արդիւնք է:

    Ռաֆայելի «Պառնասը» (1509-1511)

    Ապոլլոն շրջապատուած մուսաներով, ապա բոլոր հին ու նոր բանաստեղծներ՝ Հոմերոսից սկսեայ մինչեւ Դանտէ , եւ Պետրարք: Մուսաների կեցուածքը, նրանց հանդարտ ու երազուն նազանքը Հելլադայի կապոյտ ու անուշ երկնքի տակ աստուածուհիներին պատչաճ վայելչութիւն եւ ներդաշնակութիւն ունի աստուածային լերան սրբութեան հետ:
    Եւ ճիշդը չգիտես՝ ինչ ժպտուն ու խոհուն վերյուշ, որ համակ հեթանոս է:
    Նոյնն է եւ «Աթէնքի Դպրոցը». հեթանոս մտածումի ոգու, ճաշակի մի պարարիչ հով, այնքան զուարթ ու կենդանարար:
    Վերածնութեան հեթանոսական արուեստը չի բաւականացել դիցաբանութեան սիւժէներով եւ այլաբանական պատկերներով. նա այնքան աւելի հեռու է գնացել, որ յաճախ քրիստոնէական տաճարներն այլեւս աղօթատան նման չեն՝ այլ պարզ միւզէների: Շատ վարպետների մադօննաներ, որոնցով մենք այսօր հիանում ենք, մեծ մասամբ արքաների, իշխանների եւ կամ նոյն իսկ պապերի հոմանիներ են եղած:

    Ջուլիա Ֆարնեզ

    Յայտնի է Ժիւլի Ֆարնէզ-ի գայթակղութիւնը. Ալեքսանդր Բորչիա Պապի հոմանին էր այս շիկահեր գեղեցկուհին, որին եւ նկարիչ Պինտուրիչչիօ իր մադօննայի համար իբր մօդէլ ընտրեց: Աւելի հետաքրքիրն այն է, որ այս կիսաշխարհիկ մադօնայի առջեւ նկարուած է եւ ինքը՝ պապը՝ ծնկաչոք աղօթելիս:

    Պինտուրիչչին մինակ չէ. Ռաֆայէլի «Պառնասի» մէջ Սաֆոն ներկայացնող կինը յայտնի Կուրտիզան է. Լէօնարդօ-դա-Վինչին գրեթէ միշտ իր մադօննաների համար վերարտադրում էր թեթեւաբարոյ մի պարուհու՝ Սիսիլիա Գալլերանիի դիմագծերը: Կան բազմաթիւ ուրիշ օրինակներ:
    Տարիներ առաջ երկար թափառել եմ Ս. Պետրոսի տաճարի վիթխարի կամարների տակ. յիշում եմ, պատկերներն այնքան հարուստ, տպաւորութիւններն այնպէս բազմազան, որ նկարագրութիւնը դառնում է անհնարին: Ս. Պետրոսը արուեստի եւ պերճութեան մի ալեկոծ ծով է, որի իւրաքանչիւր ծփանքը իր խորհուրդն ու գործունէութիւնն ունի: Հաւատացեալ մարդկութիւնը դարեր շարունակ թաղել է այստեղ իր գանձերը, որպէսզի յաղթանակող ու տիեզերական եկեղեցու շուքն ու փառքը անգերազանցելի լինի:

    Եւ ի՜նչ, քրիստոնէութեան այս կենտրունում այսօր իշխում է հեթանոս արուեստը, հեթանոս գեղեցկութիւնը:
    Կինը իր յաւիտենական կախարդանքը փռել է եւ այս սրբազան կամարների տակ: Մեծ պապերի շիրիմների վրայ այլաբանօրէն առաքինութիւններ ներկայացնող արձանները մեծ մասամբ կանացի են:
    Այսպէս, Պօլ 3-րդ Պապի սարկոֆագի ստորոտում երկու կանացի արձաններ ներկայացնում են «Զգուշաւորութիւն» եւ «Արդարադատութիւն»:

    Կան այնպիսիները նոյնիսկ, որ պատմութեան մէջ ծանօթ կանացի դէմքերին իրենց արտաքոյ կարգի գեղեցկութեամբ ու շուայտ կենցաղով, եւ յամենայն դէպս հեռու պիտի մնային որեւէ սրբավայրից, եւ սակայն վարպետները սրա՛նց են ընտրել՝ խորհրդանշանելու համար մարդկային բարձրագոյն առաքինութիւնները, որովհետեւ գեղեցի՛կ են:
    Յանցա՞նք է այս, սրբապղծութի՞ւն է…

    Այսպէս խորհողներ շատ կան:
    Ըստ իս, սակայն, արուեստի միակ սահմանը եւ խորհուրդը գեղեցկութիւ՛նն է:
    Եւ նրա գաղտնիքն ու կախարդանքը շատ լաւ գիտէր Հելլադան, որի ծեր դատաւորներն իսկ շշմեցին մի օր Ֆրինայի աստուածային մերկութեան հրապոյրներից եւ խստասիրտ ու կոյր արդարադատութիւնը ստիպուած եղաւ աչքերը բանալ եւ իր ծանր սուսերը պատեանը դնել՝ շրթունքները կծոտելով:

    Բարոյազուրկ, բայց գեղեցիկ կնոջ դիմագծերը Մադոննային տալով՝ արուեստագէտն իր հզօր վրձինով շորթում է բնութիւնից աստուածայինը եւ ստեղծում է կատարելատիպը իր երեւակայած աստուածամօր: Նա պէտք չունի հարցնելու, թէ իր փնտռած գեղեցկի ձեւերը հասնելուց առաջ ու՞ր են եղած եւ ինչի՞ ծառայած:
    Բրուտի համար միեւնոյն է, թէ իր կերտելիք ամանների կաւը ու՛մ ախտաւոր ոտների տակ է տրորուել. բաւական է, որ շաղախը պիտանի՛ լինի:
    Րընանի կարծիքով՝ կանացի գեղեցկութիւնը աստուածային պարգեւ է մեր մարդկային խեղճութիւնն սփոփելու համար, եւ այս պատճառով գեղեցիկ կինը պէտք չէ, որ իր բարձր, ազնուական հրապոյրները թագցնի աշխարհից:

    Սակայն չշեղուենք մեր նիւթից:
    Ասացի, որ հեթանոս ու քրիստոնեայ Հռոմը իրար չեն փարած ինչպէս երկուորեակներ:
    Եթէ խաչը առաջին դարերի հաւատացեալների ջերմեռանդ կամքով հեթանոս տաճարները մտաւ, ապա վերածնութեան ժամանակ քրիստոնեայ աշխարհն ի՛նքը փնտռեց ու գտաւ հեթանոս միտքը ու արուեստը. կռացաւ ու երկիւղածութեամբ, որպէս մոռացուած ու անիրաւուած սրբութիւն, բարձրացրե՛ց փոշիների ու աւերակների միջից, իր տաճարները տարաւ եւ պաշտամունքի առարկա՛յ դարձրեց ու ծունկի եկաւ նրա առաջ:

    Հեթանոսութեան այս յաղթանակը դադարած չէ. նա շարունակւում է մինչեւ մեր օրերը. նա իշխում է մեր բարքերին, մեր մտածումներին, մեր ճաշակին, մեր զգացմունքներին:
    Այսօր իսկ, երբ մենք յոգնում ենք մեր ժամանակների կրքոտ ու տենդոտ եռուզեռից, երբ մեքենաների խլացուցիչ որոտի տակ մեր հոգին է դալկանում, երբ գարշելի նիւթի զօրութիւնից մենք անապատում մոլորուածների պէս ծարաւում ենք յստակ ու վճիտ արուեստին, մենք վերստին, որպէս մի ատաւիկ ու առողջ վերյուշ, որպէս հեռաւոր իդէալ դառնում ենք հեթանո՛ս արուեստին:

    Նրա գծերի խաղաղութիւնն ու հրաշք ներդաշնակութիւնը (harmonie) երկնային մեղեդու պէս մեր չարացած ու ձգուած զիլերն է օրօրում եւ մեր խռովայոյզ ու տագնապալի հոգու վրայ տարածւում դիւթական բուրմունքի պէս:

    Ով որ երբ եւ իցէ այցելած կը լինի Հռոմի միւզէները (թանգարանները, Կ.Ա), նա, անշուշտ, նկատած կը լինի, թէ ինչպէս այս կամ այն նշանաւոր արձանի շուրջը նստարանների վրայ շարուած են ամեն ազգի եւ հաւատի այցելուներ, եւ լուռ երկիւղած դիտում են Ֆիդիասի, Պրաքսիտելի, կամ Միքէլ-Անջէլօի եւ նորերից՝ Կանօվայի գործերը:

    Հռոմի ազգային միւզէում (Museo Nazionale), մի արձանախումբ կայ, որ ներկայացնում է Վեներայի ծնունդը. բարձրանում է մատաղ ու գեղանի աստուածուհին ծովի ալիքների միջից դիցաբանութեան mystere-ի խորհրդից՝ ինչպէս ուրախութեան ու հրճուալի կեանքի ժայթքումն, ինչպէս մի երգ, որ աշխարհ պիտի դիւթի, ու նա գիտէ, որ սպասում են իրեն հեւիհեւ, եւ տիեզերքը իր առջեւ պիտի ծունկի գայ գերագոյն երանութիւնը վայելելով նրա ոտների տակ:


    Չքնաղ գլուխը յետ ձըգած, վարսերը ուսերին ծփծփուն, թւում է, թէ նա անհուն բերկրանքով նայում է հեռուն, ուր իր ծննդեան լուրը խռնուած ամբոխներն է ալեկոծել ծովի պէս:
    Բազուկները տարածած՝ ասես աշխարհ գրկելու համար պոռթկացող սիրոյ մի հզօր թափով, փռել է արեւի առաջ իր դիւթիչ կուրծքը, ուր զոյգ ստինքները իրենց կուսական թարմութեան եւ ձեւերի վայելչութեան թագցնում են անհատնում ու խորունկ գաղտնիքը կեանքի: Աջից ու ձախից մատաղ դիցուհու վրայ կռացած են երկու նաժիշտներ եւ վարից վեր նրա թաց մերկութիւնը ծածկում են քօղով:

    «Վեներայի ծնունդը»

    Նաժիշտների գլուխները չկան, մարմարի վերի մասը ջարդուած է. բայց այն ինչ մնում է՝ նրանց կորացած իրանները, մերկ բազուկները, զիստերի եւ ծնկների ձեւերը, իրենց լայնածուփ ու բազմածալ, ալիքանման զգեստների տակից համակ շնորհք (grace) է: Դիցուհու եւ նաժիշտների շարժումների, կեցուածքի ներդաշնակութիւնը (harmonie) մի ընդհանուր գաղափարի մէջ այս գործի վարպետի մեծագոյն արժանիքն է:

    Արձանախումբը սրանով չի սպառւում:
    Մարմարի երկու միւս երեսներից մէկի վրայ բարելիէֆը (հարթաքանդակը, Կ.Ա.) ներկայացնում է մի երիտասարդ նորապսակ կին, որ նստած մի փափուկ բարձի վրայ՝ ձախ ձեռքով բռնած է անուշահոտութեան ամանը եւ աջով հանդարտօրէն փռում է կրակարանի վրայ: Գլխից մինչեւ ոտները նրա ճկուն ու բարեձեւ մարմինը ծածկուած է յունական դասական զգեստով. դէմքը մի խոհունութիւն ունի՝ որ ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ երազուն:

    Թւում է, թէ երիտասարդ կինը անուշահոտութեան ամէն մի պտղուցի հետ, որ նա ցանում է կրակի վրայ, մի ուխտ է անում մտովի, կամ բուրալի ծուխի ոլորտները համարում, ամուսնական կեանքի շեմքին, նոր ճամբայի ծայրին, հարցումն ունի իր աստուածներին:

    Այս աննման արձանախումբի հինգերորդ պատկերն է նորէն մի կանացի բարելիէֆ. մատաղահաս մի աղջիկ՝ իսպառ մերկ, որ նստած է, ոտքը ոտքին ձգած եւ մի զոյգ սրինգ դրած շրթունքներին՝ նուագում է:

    Անշուշտ, յոյն վարպետի գործ է այս, կանգնած է այս արձանախումբը մի փոքրիկ սենեակի կենտրոնում եւ շուրջ դրուած են նստարաններ՝ այցելուների համար: Այցելութեան ժամերին միշտ կարելի է տեսնել բազմաթիւ օտարականներ՝ շարուած նստարանների վրայ, երկիւղած լռութեամբ դիտում են Վեներայի ծնունդը: Աշխարհի չորս կողմերից Հռոմ հասած մարդիկ են. իրար անծանօթ ու խորթ. եւ սակայն ապրում են այստեղ նոյն զգացմունքները եւ ունին նոյն մտածումները. ոչ մէկը միւսին խօսք չի ուղղում. եւ ամէնքը լռելեայն իրար հասկանում են: Հանգստացուցիչ ու անուշ մի բան ունի այս արձանախումբը. կեանքի չար ու բարուց, յոգնեցուցիչ ժխորից յետոյ Վեներայի ծննդեան այս տեսարանը շոգից ու տապից տառապած ճամբորդի համար զովացուցիչ ու հանգստաւէտ ովասիս (օազիս, Կ. Ա.) լինի ասես:

    Չկայ միւզէ, որ իր այսպիսի հրապուրիչ ու սրտապարար ովասիսները չունենայ: Այսպէս, «Մեռնող Գալլը» եւ «Ոտքից փուշ հանող պատանին» Կապիտոլի միւզէում. ինչպէս եւ «Ամուր եւ Պսիխէա» եւ «Վեներան». «Բելվիդերի Ապոլլոնը» եւ «Լաօկօօնը» եւ «Վեներան»՝ Վատիկանի միւզէում: Եւ Միքէլ Անջէլօի, Բերնինիի, Կանովայի գործերը՝ սփռուած եկեղեցիներում եւ միւզէներում…

    Ավետիս Ահարոնյանի լուսանկարը
  • ԱՆԻ — «ՆԱԽՈՐԴԸ ԱՎԱՆԴՈՒՄ Է ՀԵՏՆՈՐԴԻՆ. ԱՀԱ՛ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»…

    ԱՆԻ — «ՆԱԽՈՐԴԸ ԱՎԱՆԴՈՒՄ Է ՀԵՏՆՈՐԴԻՆ. ԱՀԱ՛ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»…

    ԱՆԻ — «ՆԱԽՈՐԴԸ ԱՎԱՆԴՈՒՄ Է ՀԵՏՆՈՐԴԻՆ. ԱՀԱ՛ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»…

    Խորունկ կիրճերի եզրերը զարդարող բնական ու արհեստական քարայրներով ու անձավներով, ճարտարապետական հոյակերտ կառույցներով, հուժկու պարիսպներով ու ստորգետնյա խորհրդավոր ցանցով Անի քաղաքն իր ճոխությամբ ու հմայքով գերել է ականատեսներին դարեր շարունակ…
    Անին մեծ անակնկալ էր նաև 20-րդ դարի առաջին տարիներին այնտեղ այցելած մի խումբ Հայ մտավորականների համար:

    Նրանցից մեկը՝ 1864 թվականին Շապին Գարահիսարում ծնված, իր կյանքի 30 տարիներն անխոնջ նվիրումով հայրենի երկրի ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրած բազմավաստակ ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր՝ «Զվարթնոց եկեղեցին» հոդվածում գրել է.
    «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»…

    «…Անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը:
    Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը` հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ:
    1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը՝ ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից՝ դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը» (Հովիկ Չարխչյան):

    Արտաշես Վրույրն իր «Անիում» հուշագրությունն ավարտում է հետևյալ պատկերով:

    …«1932 թվականին «Բանվորական թատրոնը» հյուրախաղային ներկայացումներով գտնվում էր Անի-Պեմզայում: Մի օր թատրոնի բրիգադան ցերեկային բացօթյա ելույթ ունեցավ Խարկով գյուղում:
    Ելույթից հետո սահմանապահների ուղեկցությամբ մոտեցանք Ախուրյանի ձորի շուրթին, Անիի դիմաց:
    Ես կարկամել էի ու արձանացած դիտում էի: Իմ դիմաց Ավերակների քաղաքն էր: Երկար տարիներից հետո կրկին տեսնում էի երազանքիս առարկան: Սգավոր քաղաքը, ծանր խորհուրդների մեջ թաղված, իր կանգուն ու կիսականգուն գեղակերտ կառույցներով փռված էր իմ առջև: Գանգիս մեջ պտտվում էին իմ օրերի Անին, իր նոր բնակիչներով, իր նոր շնչով… Մանկական ու պատանեկան կյանքիս քաղցր օրերով…
    Հուզմունքը խեղդում էր ինձ:

    Խարկով գյուղից դեպի Անի բացվող մի տեսարան

    Վերադարձին ես Խարկովում հանդիպեցի Ագոյին. դա մեծ ուրախություն պատճառեց մեզ երկուսիս: Մեր հանդիպումը ջերմ էր: Ինչպես երկու պանդուխտներ, երկար ու ձիգ տարիներից հետո պատահմամբ հանդիպում են իրար և իրենց երկրի կարոտը առնում միմյանցից, ահա այդպես էր մեր հանդիպումը, բայց ավելի քան սրտառուչ էր, երբ ես Ագոյի խրճիթի շեմից ներս մտա:

    Ագոն՝ այդ առնակազմ ալաշկերտցին, ժամանակից շուտ ծերացել էր արդեն, կոտրվել էր և իր կողակիցը՝ Զմոն: Երբ վերջինս իմացավ իմ գալուստը, մի կողմ նետելով Հայ գեղջկուհու նահապետական ամոթխածությունը, վազեց և փարվեց վզովս, ասես մայրը գտած լիներ իր կորած զավակին:
    -Լա՛ո, Արտաշե՛ս,- բացականչեց նա, և ուրախության հուզմունքը խեղդեց նրան, նա լռեց: Բայց լուռ արտահայտվեց ավելին, քան կարող էր լեզվով ասել:

    Եվ հորդում էին Զմոյի բարի աչքերից բերկրանքի ու դառնության արցունքներ, ասես Անիի անցյալ կյանքի քաղցր կարոտն էր առնում ինձանից:

    Ագոն տեղում քարացած, հենված իր գավազանին, լուռ նայում էր մեզ. նրա սիրտը փոթորկում էր նույն ջերմ զգացմունքներով, ինչ համակել էր Զմոյին: Մենք երեքս էլ արտասվում էինք:

    Ագո և Զմո… Ահա՛ նվիրական անուններ, որոնք վերստին մարմնացնում են հիշողությանս մեջ նվիրական Անին իր շրջապատով ու իր առօրյա քաղցր կյանքով:

    Պատմական կյանքի հորձանուտի մեջ ընկած՝ ալիքները բերել, շպրտել էին Ալաշկերտի հովիտներից հեռու, ուրիշ տարագիրների հետ և դրանց՝ այդ երկու Հայ շինականներին:

    Եվ բնավեր ու տնավեր տարագիրներին գորովագութ մոր նման իր գիրկն էր առել իրենց բախտակից Ավերակների քաղաքը – նրանք ծվարել էին Անիի Իգաձորի ժայռափորերում՝ որպես վերջին հանգրվան: Սակայն դարձյալ իրենց վերջին թվացած բույնն էլ քանդվեց:
    Եվ նորից պանդխտության ցուպը ձեռներին, ահաբեկ ու տրտում լքեցին Իգաձորի այրերը և բույն դրին Խարկով գյուղում: Նրանց դեմքերը ակոսել էին տառապանքն ու վիշտը և անջնջելի հետքեր թողել Ագոյի ու Զմոյի տանջված դեմքերին: Տարաբախտ շինականների վրա կյանքը դրոշմել էր իր դաժան կնիքը:

    Կարոտի, ուրախության ու վշտի արցունքները՝ դառն ու քաղցր ի մի շաղախված, հորդում էին մեր փոթորկող սրտերից: Անպատմելի, աննկարագրելի վայրկյաններ էին դրանք, կյանքի մեջ հազվադեպ, ուր Ավերակների քաղաքի պապակ կարոտը ու իր գեղեցիկ՝ մեր փոքրիկ կյանքով, իր ջերմ շնչով, մագնիսական հոսանքների նման գալիս, անցնում էին մեր մարմինների միջով ու դուրեկան զգացողությամբ համակում մեր ամբողջ էությունը: Այդ անապատում վերապրումները զգում էինք մենք իր ամբողջ մեծությամբ ու քաղցրությամբ:

    Որքան որ անբաժանելի ու դուրեկան վայրկյաններ էին, բայց, այնուամենայնիվ, ստիպված էի հրաժեշտ տալ Անեցի հարազատներիս:

    Զմոն, որ զբաղված էր լավաշ թխելով և, տեսնելով ինձ՝ ձգել էր իր աշխատանքը, իր պատրաստած լավաշներից տվավ ինձ ճանապարհի համար, ես չմերժեցի:

    Որքան որ ջերմ ու քաղցր էր մեր հանդիպումը, այնքան էլ ծանր ու դառն էր մեր բաժանումը…

    Իմ արվեստակից ընկերները վաղուց արդեն հեռացել էին, ես պետք է հասնեի նրանց:

    Զմոն՝ ձեռները ծալած կրծքին, դռան շեմին կանգնած, թաց աչքերով ճանապարհ էր դնում ինձ, ասես ես այդ ընտանիքի հարազատ զավակն էի և հարկադրված գնում էի պանդխտության, ու մայրը վշտաբեկ սրտով ճանապարհում է նրան:

    Ագոն, զրուցելով ինձ հետ՝ քայլեց բավական երկար:

    Անիի պեղումներում փորձված խարկովցի բանվորներին՝ Տիգրանին, Գաբրիելին, Մուքայելին և ուրիշներին չկարողացա տեսնել. ոմանք բացակայում էին, ոմանք էլ արդեն չկային: Լսեցի, որ Տիգրանի տղան Անի-Պեմզա կապի բաժանմունքի պետն է…

    Անի — չորս ձորերով պարփակված դյութական մի աշխարհ՝ արգասիք Հայ հանճարեղ մտքի:

    Անի — ուսուցիչ՝ ուսուցանելու համար:

    Անի — արվեստի վարդպետ՝ վարդպետելու համար:

    Եվ Անին պատմական Հայ արվեստի զարգացման ուղիներում բարգավաճած իր աննախընթաց արվեստով գալիս է ուսուցանելու, վարդապետելու իր հետագա սերունդներին:

    Անիի բեղմնավոր արգանդը ծնում է, եռանդ ու ավյուն է տալիս շատերին:

    Հետագա սերունդները սկսեցին ուսումնասիրել նրան, սովորել նրանից, ներշնչվել նրանով, վերցնելով նրանից այն լավն ու օրինակելին, որոնք հետագայում հիմք ծառայեցին Հայկական նոր ճարտարապետական ոճին ու կառուցման եղանակներին և տվին ժամանակի շունչը խտացրած ուրույն, գեղեցիկ մի արվեստ:

    Եվ սկսում է խոյանալ «Նոր-Անին»՝ երիտասարդ մայրաքաղաքի տարածության վրա, հիացմունք պատճառելով աշխարհի տարբեր ծայրերից մեր երկիրը այցելած ամեն մի մարդու:

    Պատմական Հայ ճարտարապետական արվեստի ուսումնասիրության հիմնաքարը դրեց գիտնական ճարտարապետ Թորոս Թորամանյանը:
    Անեցի՛ էր նա, նա շնչում էր կախարդական քաղաքի շնչով, նրան հմայել էր Անին իր դյութական ներդաշնակությամբ:

    Ճարտարապետ Թորոս Թորամանյանը՝ Անիում

    Սակայն որքան էլ ջերմությամբ կապված էր Թորամանյանը իր սկսած դժվարին գործին, այնուամենայիվ, շատ լավ գիտեր, որ իր ջանքերն ու տքնությունները երբեք ու երբեք չեն կարող ամբողջացնել այն սուրբ գործը, որին նվիրաբերել է նա իր կյանքն ու էությունը:
    Դա սերունդների՛ գործ է. այդ միտքը կրծում էր գիտնականի հոգին:

    Ամայի տարածության մեջ, մեկուսացված ձորերով, նստած է կախարդական քաղաքը իր հմայող տեսքով ու իր բեղմնավոր արգանդից ծնունդ է տալիս Հայ սերնդի զավակներին, ներարկելով նրանց մեջ շնորհքի, տաղանդի և հանճարի սաղմեր:

    Եվ երկնեց նորից դյութական քաղաքն ու ծնունդ տվեց մի անհանգիստ պատանու՝ դա Միքայել Մազմանյանն էր:

    Նա դեռ պատանի հասակից անկաշառ սիրով կապվեց Անի քաղաքի հետ, որը սերմանեց նրա հոգու մեջ անդրանիկ սաղմերը գեղեցիկի, վսեմ ճաշակի ու բարձր արվեստի ըմբռնման:

    Անցան տարիներ, և մենք տեսնում ենք Անիի ծնունդը՝ հասակ առած, զինված ճարտարապետական արվեստի գիտելիքներով՝ Միքայել ճարտարապետին:

    Միքայելն ըմբռնեց գիտնական-ճարտարապետի սուրբ գործի մեծությունն ու կարևորությունը: Նա դեռ պատանի հասակից տածելով դեպի մեծ Հայը՝ Թորամանյանը, խորին հարգանք, մոտեցավ իր ավագագույն արվեստակցին և ամեն կերպ ջանաց օգտակար լինել նրան:

    Միքայել ճարտարապետի հետ հաճախ այցի էինք գնում մեր պատմական հուշարձաններին. նա չափագրում էր և ուսումնասիրում, իսկ ես նկարահանում էի — Երերույքը, Ավանը, Արամուսը, Պտղնին և այլն. շուրջ մի երկու տասնյակ հուշարձան: Ինձ վիճակված էր Անիի կարոտը առնել մեր նորածին Հայաստանի սահմանների մեջ գտնված պատմական հուշարձաններից:

    Մի օր, 1932 թվականի ամառը, Միքայելի հետ այցի գնացինք Թորամանյանին:
    Մեզ տեսնելով ուրախացավ: Նա բավականություն էր զգում՝ տեսնելով երիտասարդ Միքայելին՝ սերտ կապված Հայ պատմական ճարտարապետությանն ու արվեստին: Թորամանյանի և Մազմանյանի զրույցները միշտ պտտվում էին պատմական հուշարձանների և նրանց վերաբերյալ հարակից խնդիրների շուրջը:

    Նախորդը ավանդում է հետնորդին. ահա՛ կյանքի օրինաչափությունը…

    Ջերմ զրույցի ժամանակ մի պահ պայծառացավ Թորամանյանի դուրեկան դեմքը և արտահայտեց իր սրտում երկար ժամանակ պտտվող ու իրեն անհանգստացնող մի միտք – նա որոնում էր իր սկսած գործը շարունակողին…

    –Իմ գործը շարունակողը դու՛ն պիտի ըլլաս,- ասաց նա Միքայել ճարտարապետին:
    Ասես մի ծանր բեռ վայր ընկավ ծերունազարդ գիտնականի ուսերից. նա գտե՛լ էր իր հետևորդին:

    Եվ կրկին ու կրկին բեղմնավորվում է դյութական քաղաքի արգանդը Հայ հանճարեղ ժողովրդի շնչով»…

    Անիի պարիսպներից մի հատված

    «Ամեն Հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում:
    Ամեն Հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է:
    Ոչինչ չի կորչում՝ քանի դեռ ժողովուրդը կա:
    Պատմություն դառնալով՝ ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն՝ քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի Հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ՝ ապրո՛ղ, այս օրին մասնակցո՛ղ կյանքով»…

    Հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տողերն են՝ գրված 1964 թվականին (մեջբերումը՝ Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանի կայքից):

  • «ԱՆԻ ԿՈՉՎՈՂ ՎԻԹԽԱՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՆՐԱ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԸ»…

    «ԱՆԻ ԿՈՉՎՈՂ ՎԻԹԽԱՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՆՐԱ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԸ»…

    «ԱՆԻ ԿՈՉՎՈՂ ՎԻԹԽԱՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՆՐԱ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԸ»…

    Հայ մշակույթի ու պատմության ուսումնասիրման գործի նվիրյալների շարքում ուրույն տեղ ունեն հայր և որդի՝ Արամ ու Արտաշես Վրույրները, որոնք, որպես ազգի արժանավոր զավակներ, բացահայտում, վերակենդանացնում էին անցյալի էջերից պոկված պատառիկները՝ նրանց պահպանման ու սերունդներին փոխանցելու մտահոգությամբ…

    Անիի ճարտարապետական ավերակված կոթողների ու բազմաթիվ այլ հնավայրերի հուշարձանների, ժայռափոր կառույցների լուսանկարների հարուստ հավաքածուն տասնամյակների նրանց անխոնջ աշխատանքի արդյունքն է:

    Արտաշես Վրույրի՝ «Անիում» վերնագրված հուշագրությունը, որը լույս է տեսել 1964 թվականին և որոշ հավելումներով վերահրատարակվել 1979-ին, բացառիկ արժեքավոր մի աղբյուր է՝ երախտավոր Հայորդիների մասին ուշագրավ դրվագներով:

    Հիշյալ գրքից մի հատված՝ Ստորգետնյա Անիի պատկերներով՝ ահավասիկ…

    «Անցյալում Անին ծառայել է շրջակա գյուղերի և ավանների համար որպես քարհանք, նույնիսկ Կարսից եկել և տարել են շինարարության համար քարեր:
    Եթե Անիից քար կրող համբակները միայն տանեին թափված քարերը, դա կլինի նվազագույն չարիքը: Սակայն տանողները անխնա և վայրագ կերպով ծվատել են ծանրանիստ կոթողների իրանները: Այդ են ապացուցում հուշարձանների վիճակը: Ամենուր դուք կարող եք տեսնել պարիսպների և մյուս հոյակապ շենքերի ներքին շարքերի սրբատաշ քարերի բացակայությունը, ուր մնացել է միայն շաղախը՝ իր վրա վսեմ համառությամբ պահելով հուշարձանների ծանր ու հսկա պատերը:

    Միայն Մառի «տիրապետության» ժամանակ խստիվ արգելված էր Անիից մի հասարակ քար անգամ տանել: Խնամքն ու ուշադրությունը այնտեղ էր հասել, որ Անիում նույնիսկ արգելված էր հրազեն արձակել, որպեսզի օդի ուժեղ տատանումները չվնասեն հուշարձաններին:

    Միքայելի ուշադրությունը խլել էր եկեղեցու պարզ ու գեղեցիկ մուտքը, նա սկսեց մատիտով գծագրել այն:

    Չգիտեմ ինչու, մի ներքին ուժեղ պահանջ ստիպում էր ընկերոջս անպայման գնալ և տեսնել Անիի երկրորդ ստորերկրյա անցքը: Մենք հետևյալ օրը գնացինք:

    Տիգրան Հոնենցի եկեղեցուց մի փոքր դեպի արևելք, Ախուրյան ձորի աջ փեշի վերին լանջին, բաց-մոխրագույն պեմզայի զանգվածների մեջ, բացվում է երախը երկրորդ ստորերկրյա Անիի:

    Անիի երկու ստորերկրյա անցքերն էլ ժողովուրդը անվանում է «գեդան-գյալմազ»՝ «գնացողը չի վերադառնա»… Այդ զարհուրանք ազդող անունը միայն բավական է, որ մարդու ներաշխարհը բռնկի սարսափի զգացումով, մանավանդ այն պահին, երբ մոմն ու լուցկին ձեռքիդ պատրաստվում ես խորախորհուրդ կախարդական մուտքից ներս մտնել, ուր ուղիները սոսկում ազդող խավարի մեջ ձգվում են անորոշ ու անհայտ ընթացքներով:

    Այո, «գնացողը չի վերադառնա»՝ «գեդան-գյալմազ»… ահա բնորոշ դրոշմ, որ ժողովրդի երևակայությունը կնքել է այդ մռայլ անցքերին:

    Մեկական մոմ ու լուցկու տուփը ձեռներիս մտնում ենք ներս: Մի փոքր քայլելուց հետո այստեղ ևս ճանապարհը ճյուղավորվում է: Մենք թողնում ենք աջ կողմի անցքը և քայլում ուղիղ, դեպի հյուսիս, մեր դեմը ձգվող ուղիով: Ստորերկրյա ճանապարհը բարձր և լայն է, այնպես որ կարողանում ենք կանգնած քայլել: Տեղ-տեղ հանդիպում ենք փոքրիկ փոսերի, որոնք արհեստական են և բռնում են ճանապարհի եզրերը միայն: Որոշ տեղեր անցքի պատերի մեջ վերից վար պահարաններ են փորված, թե ի՞նչ նպատակով՝ անհայտ է մեզ: Թերևս թաքստո՞ց է կամ պաշտպանության կետ, ո՞վ գիտե:


    Ճանապարհը որոշ տարածություններից հետո ճյուղավորվում է: Չմոլորվելու համար նշաններ ենք թողնում պատերին կամ հատակին ու շարունակում մեզ անհայտ ուղիով: Գնալով օդը ծանրանում է, մոմերը դժվարությամբ են վառվում: Բավական քայլելուց հետո հանդիպում ենք փակուղու: Այդտեղ ոչ թե փլուզում է տեղի ունեցել, այլ պարզապես փակուղի է: Հավանական է, որ պատահական կամ նենգ դիտավորությամբ ներս թափանցած մարդկանց մոլորեցնելու համար շինված, որպեսզի անվերջ դեգերեն այդ գաղտնի անցքերում: Մենք որոշեցինք վերադառնալ: Քայլում ենք… ճյուղավորման հանգույցներում ուշադիր խուզարկում ենք պատերն ու հատակը, մեր թողած նշանները գտնելու և վստահ շարունակելու մեր ճանապարհը: Դիմացը նկատում ենք աղոտ լույս: Քանի առաջ ենք շարժվում, լույսը ուժեղանում է՝ նշանակում է մոտենում ենք ելքին:

    Ելքի մոտակայքում՝ առաջին ճյուղավորման հանգույցում, մենք մտնում ենք դեպի արևելք ձգվող անցքը և այդ հանելուկային ուղին մի փոքր կիսապտույտ գործելով մեզ կանգնեցնում է կախարդական մի վիհի առջև:

    Մոմի տատանվող աղոտ լույսով մենք տեսանք այդ խորխորատի հատակը, որը այնքան էլ խորը չէր: Ես ցույց տվի Միքայելին վիհի պատերին աջից և ձախից խոռոչներ՝ դրանք այդ դաժան ճանապարհի աստիճաններն են, որոնց օգնությամբ միայն կարելի է վայր իջնել:

    Վիհը որքան էլ դաժան է ու խիստ, սական մագնիսի զորությամբ ձգում է մեզ դեպի իրեն: Հետաքրքրությունը կրծում է մարդու հոգին և մոռացության գիրկն ընկած ուզում է մխրճվել այդ սոսկում ազդող, պաղ լռության ու խավարի մեջ կորած, մինչև օրս առեղծվածների մեջ թաղված այդ նենգ ուղիներում:

    Այստեղ արդեն կատակի տեղ չէ, պետք է ծայր աստիճան զգուշություն: Միքայելը մոմով լուսավորեց հորը: Ես մարեցի իմ մոմը, որովհետև իջնելու համար պետք է երկու ձեռները պատին հենելով և փոսիկ-աստիճանների օգնությամբ զգուշորեն վայր իջնել: Երկու ձեռքս ու ոտներս աշխատանքի դրի: Հորի աջ և ձախ պատերին ձեռներս հենելով և փոսիկ աստիճանների օգնությամբ հասա վիհի հատակը: Այժմ ես վառեցի մոմը և ընկերս սկսեց իջնել. բարեհաջող հասավ հատակին: Այդտեղ մի փոքր շունչ առնելուց հետո՝ շարունակեցինք մեր խելագար արշավը: Հորի ստորին մասից մի փոքր թեք շարունակվում է ճանապարհը, որը մի քիչ հետո կանգնեցնում է մեզ մի նոր վիհի առջև: Այստեղ արդեն օդը խոնավ է ու գարշահոտ: Այս անգամ ես լուսավորեցի հորի բերանը: Միքայելը մարեց իր մոմը և դարձյալ փոսիկ-աստիճաններով զգուշությամբ սկսեց վայր իջնել: Տակավին չէր հասել հորի հատակին, երբ ես, չգիտեմ ինչու, մտաբերեցի շարականներից մի դարձվածք ու ասացի բարձրաձայն.

    – «Սանդարամետ անդնդոց» որ ասում են՝ սա՛ է եղել:

    Ընկերս չկարողացավ իր ծիծաղը զսպել, թևերը թուլացան ու վայր ընկավ: Չնայած ես էլ էի ծիծաղում, բայց ընկերոջս վայր ընկնելը դանակի նման կտրեց իմ ծիծաղը:

    – Հը, ի՞նչ պատահեց,- մտահոգված ձայն տվի ես:

    – Կենդանի՜ եմ,- լսվեց հորի հատակից: Այստեղ արդեն անկարող էի ծիծաղս զսպել: Հիշեցի Մսրա Մելիքի հորի միջից բացականչելը. «Կենդանի՜ եմ, մե՛կ էլ արի…»:

    Միքայելը լուսավորեց հորը: Ես մարեցի մոմս և վայր իջա «Սանդարամետ անդնդոցով»:

    Այդ «խորը վիրապի» վարի մասից դարձյալ մի փոքր թեք շարունակվում է ուղին, որն անշուշտ մի նոր վիհի առջև պիտի կանգնեցնի մեզ:

    Նստած հորի հատակին նայում ենք շարունակվող անցքի ուղղությամբ: Հետաքրքրությունը ձգում է մեզ դեպի անհայտ խորքերը:

    Իսկապես որ «Սանդարամետ անդնդոց»… Ասես մթության մեջ երրորդ հորի շրթունքին, մի քարի կտորի վրա, նստած է եղջյուրավոր ժպիտը դեմքին, քծնող շարժուձևով, ասես հրավիրում է մեզ դեպի «Սանդարամետ անդնդոցը». «Եկե՛ք, եկե՛ք, հարգելի՛ բարեկամներ…»

    Սակայն այդ երկու վիհերը այցելելուց հետո, հոգնած՝ հրաժարվում ենք այդ նենգավորի սիրալիր հրավերից և որոշում «Սանդարամետից» ետ վերադառնալ դեպի «Ավետյաց երկիր»:

    – Հայ մարդու անհողդողդ կամքի ու՛ժն է կերտել այս ստորերկրյա գաղտնի ճանապարհը,- ասաց ընկերս, և մենք հրաժեշտ տալով «Սանդարամետի» խավարի մեջ թաղված «որջերին» վերադարձանք:

    Դուրսը արևը ժպտում էր մեզ:

    Այդ ստորերկրյա դժնդակ ուղիների մասին շրջակա գյուղերի շինականները շատ բաներ են պատմում և նկարագրում կախարդական անուրջների և վառ երևակայությունների ներքո զանազան տարբերակերով: Չնայած այդ պատմիչներից ոչ մեկը հանդգնություն չի ունեցել մտնել այդ կախարդական ուղիների խորքերը կամ մինչև վերջավորությունը, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով ճշմարտություն կա նրանց պատմածների մեջ:

    Մեկը պատմում է, որ Տիգրան Հոնենցի մոտակայքում գտնվող ստորերկրյա ուղին կամ, ինչպես իրենք են անվանում, «գեդան-գյալմազ», մխրճվելով երկրի խոր ընդերքը, Ախուրյան գետի տակով անցնում է գետի մյուս ափը և աստիճանաբար ձգվելով դեպի վեր, դուրս է գալիս Անիի դիմացը գտնվող փոքրիկ լեռան գագաթը, որը շրջակա բոլոր բլուրներից վեր, տիրապետող դիրք է գրավում:

    Այդ սարսափելի ստորերկրյա ուղին մերթ ընդ մերթ ճյուղավորվում է: Այնտեղ, երկրի ներքին շերտերի մեջ, փորված են խորհրդավոր սրահներ տարբեր չափերի: Ախուրյան գետի հունի տակով անցնելիս գետնափոր ճանապարհի առաստաղից կաթկթում են ջրերը:

    Մի ուրիշը՝ երևակայական վառ գույներով նկարագրում է ցանցապատված անցքերով այդ ստորերկրյա մթի ճանապարհը և տանում, դուրս է բերում ելքի ծայրը մինչև Կարս:

    Սակայն կասկած չկա, որ այդ ստորերկրյա գաղտնի ուղիները ռազմական նշանակութիւն ունեցող կառույցներ են եղել Անիի համար»…

  • ԵՎ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԴԱՐԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԿՅԱՆԻ ՊԵՍ՝ ԻՐԵՆՑ ՀԵՏՔԵՐԸ ԹՈՂՆԵԼՈՎ…

    ԵՎ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԴԱՐԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԿՅԱՆԻ ՊԵՍ՝ ԻՐԵՆՑ ՀԵՏՔԵՐԸ ԹՈՂՆԵԼՈՎ…

    ԵՎ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԴԱՐԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՅՐԿՅԱՆԻ ՊԵՍ՝ ԻՐԵՆՑ ՀԵՏՔԵՐԸ ԹՈՂՆԵԼՈՎ…

    Արարատի ծեր կատարին
    Դա՛ր է եկել, վայրկյանի պես,
    Ու՝ անցել:
    Անհուն թվով կայծակների
    Սու՛րն է բեկվել ադամանդին,
    Ու՝ անցել:
    Մահախուճապ սերունդների
    Ա՛չքն է դիպել լույս գագաթին,
    Ու՝ անցել:
    Հերթը հիմա քո՛նն է մի պահ.
    Դու՛ էլ նայիր սեգ ճակատին,
    Ու անցիր…

    Ավետիք Իսահակյանի հիշյալ տողերն են հիշեցնում նաև Արարատի շուրջը սփռված հնավայրերը՝ անցած հազարամյակների խոսուն վկաները…

    Դեռևս 1970 թվականի սեպտեմբերի 4 -ի «Գրական թերթ»-ում տպված «Մեծամոր» հոդվածում վաստակաշատ երկրաբան Սուրեն Այվազյանն անդրադառնում է նրանցից մեկի՝ Մեծամորի պեղումներին՝ ընդգծելով այս հնավայրի հսկայական դերն ու նշանակությունը՝ որպես Հայաստանի հնագույն պատմության, «նրա քաղաքական — տնտեսական և մշակութային կյանքի աներկբա վկայություն», «հանքահարստացուցիչ կառույցների եզակիությունը՝ հորանման զտարանների համակարգով», շեշտելով գլխավորապես Մեծամորի Փոքր բլուրում կենտրոնացած գաղափարագիր արձանագրությունների բացառիկ կարևորությունը…

    «Եթե անցնելու լինեք Արարատյան դաշտով հարավ — արևելքից հյուսիս —արևմուտք, ապա Արաքս գետի արծաթափայլ ժապավենով քմահաճորեն ակոսված, անկրկնելիորեն գեղեցիկ հովտի հարթության վրա հեշտությամբ կնկատեք բլուրների երեք խումբ:
    Առաջին բլրախումբը նշանավոր Խոր Վիրապն է՝ Գրիգոր Լուսավորչի կալանատեղին, Հայոց Արտաշատ հինավուրց մայրաքաղաքի ծայրամասում:
    Այստեղից՝ մռայլ ու խավար գետնափորից, ելավ քրիստոնեական քարոզը, հասավ Տրդատ թագավորի պալատական ապարանքներն ու առմիշտ հանգցրեց հեթանոս բագինների հուրը:

    Հյուսիսային բլրախումբը Արմավիր անունն է կրում. այստեղ էր գտնվում Հայաստանի հնագույն ոստաններից մեկը՝ Արմավիրը, քաղաքական և մշակութային խոշորագույն մի կենտրոն, հարավից հյուսիս և արևմուտքից արևելք տանող ռազմա-ստրատեգիական մայրուղիների հանգուցակետը, որ մետաղներ՝ անագ, ոսկի, ծարիր, երկաթ էր մատակարարում Սկյութիային, Միջագետքին, Հունաստանին ու Հնդկաստանին:

    Էջմիածնի մոտ, Այղր լճից երկու կիլոմետր հեռու ընկած երրորդ բլրախմբի մասին մինչև վերջին ժամանակներս ոչինչ հայտնի չէր, բացառությամբ, թերևս այն բանի, որ Էջմիածնից Արմավիր տանող քարավանային ճամփան ուղիղ գնալու փոխարեն, այս բլուրների մոտ ոլորվում էր:

    1963 թվականի աշնանը այստեղ՝ երկու՝ Մեծ և Փոքր բլուրների վրա, մի խումբ երկրաբանների՝ Ա. Հարությունյանի, Զ. Հովհաննիսյանի և Կ. Մկրտչյանի հետ մենք հայտնաբերեցինք մ.թ.ա. 3 -1-ին հազարամյակների լեռնամետալուրգիական խոշոր մի համալիր, որը հանքահարստացման և ձուլման չափերով հավասարը չունի ողջ Հին Արևելքում:

    Սուրեն Այվազյանը՝ Մեծամորի պեղումների օրերին

    Հնագիտական այս եզակի օբյեկտը, որը մենք Խորենացու ժամանակներում (5-րդ դար) բլուրների ստորոտով հոսած գետի անվամբ «Մեծամոր» կոչեցինք, անմիջապես իր վրա բևեռեց համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը:
    Մինչև վերջին ժամանակներս Մերձավոր Արևելքում հնագույն էին համարվում Պաղեստինի մետաղաձուլական վառարանները (մ.թ.ա 13-րդ դար), որ նկարագրել է անգլիացի հետազոտող Ֆլինդերս Պետրին: Մեծամորում հայտնաբերված մեծ և փոքր հալոցները, որոնցից 30 -ը պեղվեցին և ուսումնասիրվեցին 1965 -1966 թվականներին, թվագրվում են՝ մ.թ.ա 3 -1-ին հազարամյակ:

    Մեծամորի հնագույն և լեռնամետալուրգիական կառույցը Արարատյան հարթավայրում պղնձաբրոնզային զարգացած արտադրության ժամանակաշրջանի եզակի հուշարձան է:
    1963 -1966 թվականների պեղումներն անմիջականորեն կատարել է երիտասարդ, տաղանդավոր հնագետ Էմմա Խանզադյանը» (մեջբերումը՝ «Գրական թերթ»-ից, 1970թ., սեպտեմբերի 4):

    Մեծամորի գտածոներից

    Վերջին տասնամյակում՝ 2013 թվականից ի վեր Հայ — լեհական արշավախմբի իրականացրած պեղումների ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերին մեկնարկված աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ն.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով թվագրվող մի դամբարան, ուր փայտե դիապատգարակին կծկված, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված՝ մոտ 30 — 40 տարեկան տղամարդու և կնոջ կմախքներ են (նրանք ապրել են մոտավորապես այն ժամանակաշրջանում, երբ Եգիպտոսում Ռամզես Բ-ն էր իշխում):

    Արշավախմբի հաղորդմամբ՝ «Նրանց պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ: Կմախքներից մեկի ձեռնաթաթի հատվածում եղել է անագե բարակ լարից մատանի:

    … Բացվել են նաև 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ»…

    Վերսկսված հնագիտական հիշյալ պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ ալյուր՝ հրդեհից կործանված սյուներով կառույցի մնացորդներում:

    Հազարամյակների կնիքով՝ պաշտամունքային կառույցներով, հնագույն մետաղաձուլարանով, հետագայում կառուցված միջնադարյան շինություններով՝ քարակերտ, բարձրադիր աշտարակների մնացորդներով այս բնակատեղին իր երբեմնի պերճանքն ու փառքն է հիշեցնում՝ պահելով փորագիր պատկերագրերի գաղտնիքը…

  • ՏՈՆՆ ԱՐԵԳՆԱՓԱՅԼԻ, ՏՈՆԸ՝ ՀԱՅՐԵՐԻ…

    ՏՈՆՆ ԱՐԵԳՆԱՓԱՅԼԻ, ՏՈՆԸ՝ ՀԱՅՐԵՐԻ…

    ՏՈՆՆ ԱՐԵԳՆԱՓԱՅԼԻ, ՏՈՆԸ՝ ՀԱՅՐԵՐԻ…

    «Այսօր տոն է Արեգնափայլ, օ՜շ ականց (երանի՜ աչքերին)
    Մեր Նահապետ Հայրերի, օ՜շ ականց»…

    Տիեզերքում, մարդկանց տեսանելի երկնքում կատարվող փոփոխություններով է պայմանավորված Երկրի վրա եղանակների հերթափոխը:

    Բնականաբար, անհիշելի ժամանակներից ի վեր մարդն իր գոյատևման համար հետևել է աստղերի այդ «պարին»՝ հատուկ ծեսերով ու տոներով նշանավորելով շրջադարձային փուլերը:

    Տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը, երբ Արևը գտնվում է երկնքում իր ամենահյուսիսային կամ ամենահարավային դիրքում, նշվում է Արևադարձը (solstice), երբ Արևը դանդաղեցնում է իր ընթացքը դեպի հյուսիս կամ հարավ, մինչև, ի վերջո, հասնում է իր ծայրահեղ թեքմանը:
    Այնուհետև նա կարծես կանգ է առնում՝ նախքան աստիճանաբար մյուս ուղղությամբ գնալը:
    Այստեղից՝ «արևադարձ» բառի ծագումը. լատիներենով ստուգաբանությունը՝ «solstitium, sol» (արև) և «sistere» (դադարեցնել, տեղավորվել, դիրքավորվել) բառերից:

    Արևադարձի ժամանակ ցերեկվա տևողությունը (արևածագի և մայրամուտի միջև ընկած ժամանակը), ամենաերկարն է (հունիսին՝ հյուսիսային կիսագնդում) կամ ամենակարճը (դեկտեմբերին):

    Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, Օրահավասարն է, (գարնանային և աշնանային օրահավասար (գիշերահավասար)՝ զուգօրություն՝ «équinoxe»), երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի հասարակածը պարունակող հարթության վրա:
    Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են արևի կենտրոնին, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
    Օրահավասարը տեղի է ունենում երկու արևադարձների միջև, երբ Արևը հատում է երկնային հասարակածը, այսինքն՝ երբ այն անցնում է երկրային հասարակածից ուղղահայաց։

    «Օրահավասար»՝ «զուգօրություն»՝ «գիշերահավասար»՝ «équinoxe» անվան ստուգաբանությունը լատիներենով նույն իմաստն ունի՝ «æquinoctium æquus» (հավասար) և «nox noctis» (գիշեր), այսինքն՝ «գիշերը՝ հավասար ցերեկին»:

    Այդ պահին, փաստորեն, ցերեկային և գիշերային սահմանազատման գիծն անցնում է երկու բևեռներով՝ սկզբունքորեն հավասարապես լուսավորելով երկու կիսագնդերը։
    Այդ դեպքում ցերեկն ու գիշերը հավասար տևողությունն ունեն Երկրի վրա ամենուր:

    Հայոց հնագույն ուսմունքը՝ Հայկյան Սրբազան ուսմունքը գիտություն է, ի տարբերություն հորինված պատմություններով կրոնների ու զանազան հավատալիքների:

    Հայկյան Միաբանության Քրմերի՝ Քուրմ Հարութ Առաքելյանի և Քուրմ Միհր Հայկազունու բացատրությամբ՝
    «Նավասարդ ամսվա Արամ օրը՝ հունիսի 21-ը, Հայկեան Սրբազան տոմարի համաձայն, Արեգնափայլի տոնն է:
    Արեգնափայլի տոնը հիմնական տոներից է, որը տոնվում է ամառնամուտին, երբ Արեգակն իր ամենափառավոր բարձր կետում է և տարվա ամենաերկար օրն է:

    Հայկեան Սրբազան Ուսմունքի համաձայն, Արեգնափայլի տոնը Հայրերի տոնն է՝ ՀԱՅԿ Հավատար Նահապետի գլխավորությամբ:
    Արեգնափայլ տոնին նաև տեղի է ունենում Հայոց Կենաց Ծառի՝ Ծիրանենու պտուղ ծիրանի՝ Արևի պտղի օրհնություն, որը կոչվում է Ծիրանօրհնեք»:

    Արեգնափայլի տոնական բարեմաղթանքներով…😊☀️☀️☀️

  • «ՀՐԱՓԹԻԹ ԾԱՂԿՈՒ՛ՄԸ ՔՈ ՀՐԱՇՈՒՇԱՆ»…

    «ՀՐԱՓԹԻԹ ԾԱՂԿՈՒ՛ՄԸ ՔՈ ՀՐԱՇՈՒՇԱՆ»…

    «ՀՐԱՓԹԻԹ ԾԱՂԿՈՒ՛ՄԸ ՔՈ ՀՐԱՇՈՒՇԱՆ»…

    «Այս  աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր
                                  միայն մի ժամ,
    Հրա՛շք էր, սի՛րտ, հրափթիթ ծաղկու՛մը քո
                                      հրաշուշան»…

    Չարենցի տողերն են, որ հիշեցնում են Հրաշուշանի հրաշք ծաղկումը, որի մասին պատմվում է և ստորև փոքրիկ տեսանյութում: Ֆրանսերեն տեքստի թարգմանությունն՝ ահավասիկ:

    «Հրաշուշանն ի հայտ է գալիս հրդեհից չորս օր անց:
    Հողում քնած՝ նրան արթնացնում է մոխիրը…

    Նա վերածնվու՛մ է իր մոխիրներից և, տասնհինգ տարուց ի վեր,  առաջին անգամ ծաղկում:
    Նրա փոքրիկ ու համեստ ծաղիկները բավական են՝ մի քանի թռչունների գրավելու համար:

    Ճնճղուկները սև անտառում  հեռվից նկատում են նրա կարմիր ծաղիկները:
    Արհավիրքից հետո այս շուշանները նեկտարի միակ աղբյուրն են՝ 10 կիլոմետր շառավղով:

    Որքան ծաղիկները գրավում են այցելուներին՝ այնքան մեծանում է նրանց փոշոտման հնարավորությունը:
    Թվում է, թե Բնությունը հիանալիորեն ընտրել է պահը՝ Կրակը մի իսկական Վերածնունդ է առաջացնում…
    Մի քանի ամսվա ընթացքում բուսականությունն իր իրավունքներին է վերատիրանում, և կրկին շքեղությամբ  փթթում է ամեն ինչ…

    Հրաշուշաններն իրենց տեղը զիջում են:
    Նրանք իրենց առաքելությունն ավարտեցին:
    Ու վերագտնում են իրենց ստորգետնյա կյանքը:

    Այնտեղ՝ սոխուկի տեսքով,  նրանք սպասում են,  որ մի այլ հրդեհ իրենց դուրս բերի նիրհից»…

    Մոտ երկու հազարամյակի «նիրհից» հետո Հայկյան Սրբազան ուսմունքի կրողներն, ինչպես Հրաշուշան,  այսօր վերստին Հայոց Նախահայրերի գիտությունն են մեզ մատուցում:

    Դարերի բերած արհավիրքների ու մշուշի քողը ցրելով՝ Հայկազունների Արքայական տոհմերի ժառանգները, դարեդար պայքարելով ու ժառանգաբար գաղտնի փոխանցելով Նախնյաց իմաստությունը, մեզ այսօր վերստին  հաղորդակցում են մեր Արմատներին՝ մեզ զորացնելով  Ոգով ու մարմնով:

    Ուրախությամբ տեղեկացնում ենք,  որ Հայկազունների համայնքն օրեցօր ընդլայնվում է՝ իր գիրկն առնելով նորանոր Հայորդիների:

    Ցանկացողներին՝ Բարի գալուստ…☀️☀️☀️

    Հ.գ. Ստորև մի քանի տող՝ Քուրմ Միհր Հայկազունու էջի հրապարակումից…

    ՀԱՅԿԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՔՐՄԱԿԱՆ ԴԱՍԸ,
    ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ԵՒ ՄԻԱՒՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    ՀԱՄԱՅՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՐԵՒՈՐԴԻՆԵՐՈՒՆ,
    ԿՍԿՍԻ ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ։

    Միաբանութիւնը կունենայ դասարան նոր անդամներուն համար։

    Այստեղ նշեմ դասերուն մէկ մասը
    *Արեւապաշտութիւն՝ իր խորհուրդներով
    *Թաքնագիտութիւն
    *Դիցաբանութիւն՝ իր խոկման համակարգով
    *Խոկում, կենդրոնացում
    *Գրաբար
    *Դասական ուղղագրութիւն
    *Ազգային պարեր
    *Աստղագիտութիւն
    *Տոմարագիտութիւն
    *Ազգային տօներ
    *Ծէսեր

    ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ  ԴԻՄԵԼ…

  • «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…       («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Բ)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»… («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Բ)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Բ)

    Քրիստոնեության տարածումից հետո օտա՛ր կերպարի ներքո Հայոց Նախնիների՝ Քաջության ու Արիության Ոգու մարմնավորմամբ՝ Հայ Լարախաղացները շարունակեցին հնագույն ժամանակներից եկող ավանդույթները՝ ազգային տոնախմբություններից անբաժան մնալով…

    Մշեցի Լարախաղացն ու խեղկատակը, նրանց խաղով զվարճացող Հայ մանուկներն ու մեծերը՝ 1915-ից առաջ և հետո՝ Ն. Աստուածատուրեանի հուշերում…

    «Տարօնի Արծիւ» ամսաթերթից (1938 թ.) «ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ» հոդվածի շարունակությունից հատվածներ՝ ստորև:
    Սկիզբը՝ նախորդող երկու հրապարակումներում…

    …«Լսէ՛, ա՛յ տղայ, Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ — հազար անգամ մեռնիմ իր սուրբ զօրութեան — մեր աշխարհի հրաշք ասպետն է: Ան քրիստոնեայ է և հեթանոս, բարի է և անողոք:
    Անոր ճամբան լուսաւոր է: Արի՛ և զօրաւո՛ր մարդոց ճամբան է…
    Երանի՜ թէ դու՛ն ալ այդ ճամբէն կարենայիր քալել:
    Երանի՜ թէ իր հրեղէն շունչը քու՛ ալ հոգիդ ողողէր, անսասանելի հաւատք ունենայիր դուն և հաւատարմօրէն նուիրուէիր անոր…
    Սուրբ Կարապետը թող քու մուրատը տայ…

    «Է՜յ, մըռնիմ քըզի, եօթն անուան տէր Մշու Սուլթան Սուրբ Կարապետ»…
    Փէհլիվանը լարին վրայ է, առաջ ու ետ կը պարէ՝ սրունքները փոխն ի փոխ ճօճելէն:
    Կուրծքի խաչերն ու զանազան յուռութքները ներդաշնակ զնգոց մը յառաջ կը բերեն՝ քանի մարմինը դողդղացնէ պարի միջոցին:
    Երբեմն ոստումներ կ’ընէ կամ յանկարծ լարին վրայ կիյնայ՝ ձի նստելու պէս: Առաձգական լարը կրկին կը նետէ զինքը… Երբեմն այսպէս յաջորդաբար բազմաթիւ անգամներ «չաթմա կը թալէ»…

    Լարախաղացները՝ Մուշի Սուրբ Կարապետ վանքի բակում (Աղբյուր՝ «Գեղունի», թիւ 1-10, 1903, Բ. տարի, Վենետիկ, Ս. Ղազար)

    Այդ առաձգականութիւնը, որ շատ կարեւոր դեր մը ունի, Փէհլիվա՛նն է, որ կը պահէ և կը կանոնաւորէ իր ամեն մէկ շարժումովը, որ ինքնայատուկ չափականութիւնը պէտք է ունենայ:
    Վարը՝ դաշտին վրայ, խեղկատակ անձնաւորութիւն մը, խաղին սկիզբէն ի վեր իր գոյութիւնը զգացնել տուած է:
    Եալանճի Ղարտա՛շն է ան:
    Երեսները՝ ալիւրոտած, գլխուն՝ ծիծաղելի գտակ մը, կռնակը՝ արջի կամ ոչխարի փոստ մը, ձեռքին՝ գաւազան մը, որ երբեմն լարախաղացին երկար ձողը կապկելու կը ծառայէ, երբեմն ալ՝ մեզի պէս դարդիման տղաքը լարէն հեռու պահելու…
    Չէ մոռցած նաեւ կուրծքը զարդարել քանի մը սուտ խաչերով և ուլունքներով…
    Իր դերը, որ ամենէն խեղկատակայինն է, ըստ երեւոյթին, շատ լուրջ ու կենսական է:
    Ան խաղավայրի ոստիկա՛նն է, թոյլ չի՛ տար, որ բազմութիւնը լարին տակ հաւաքուի, ձախողութեան մը պարագային բարդութիւններ չստեղծելու համար:
    Յետոյ, մինչ Փէհլիվանը շնորհի արժանացած ընտրեալի իր հանգամանքին թոյլ չի տար, մինչ նուագածուները զբաղած են անընդհատ, ծիծաղ ու ժպիտ սփռելով՝ Եալանճի Ղարտաշը կը վազէ, կը ցատկէ, կը գլորի, աքլափուստ կուտայ և աջէն — ձախէն դրամական նուերնէր կը հաւաքէ:

    Եալանճի Ղարտաշի այս պաշտօնը յատուկ ձեւակերպութիւն մ’ալ ունի:

    • Եա՜, փէհլիվա՛ն Ղարտաշ,- ձայն կուտայ վարէն Եալանճին:
    • Լապէ ճան Ղարտաշ,- կ’ըլլայ վերէն պատասխանը:
    • Հիւնա՛րը, հիւնա՛րը ի՞նչ է:
    • Հիւնարը Աստուա՛ծ է, հիւնարը Չանկլի Դիւան Սըբ Կարապե՛տն է…
    • Հիւնարը որու՞ համար է:
    • Հիւնարը մեծաւորի՛ն, փոքրաւորի՛ն, մելիքի՛ն, գզիրի՛ն, մշակի՛ն, երախայի՛ն և ալամ աշխարհի՛ն համար է…

    Ու յանկարծ արջի խուլ ոռնոց մը կը լսես, յետոյ՝ աքաղաղի կամ այծի զիլ ձայն մը…
    Եալանճին է, որ, արշաւի ձեռնարկելէ առաջ՝ իր «պատերազմական կանչերը» կ’արձակէ:
    Ահա՛, կը նետուի առաջ, բազմութիւնը կը ճեղքէ, կը գտնէ իր «ընտրեալը», որուն համար փէհլիվանն իր հիւնարը ցոյց կուտայ. «ակլափուստ» կուտայ ու բարեւի կեցած է կրկին:

    Լաւ խեղկատակ Եալանճի Ղարտաշ մը, ինչպէս եւրոպական սիռքերու քլաուները (կրկեսի ծաղրածուները, Կ. Ա.), թանկագին յաւելում մըն է փէհլիվաններու խումբի մը վրայ:
    Եալանճի Ղարտա՜շը…
    Ի՛ր մօտ փնտռեցէք մեր գեղջուկ սրամտութիւնը, գեղջուկ երգի յանգը:
    Ի՛նքն է, որ ծիծաղիլ ու խնդալ կը պահանջէ տրտմելու և փիլիսոփայելու հակամէտ Հայոց ազգէն:

    Փէհլիվանը յաջորդաբար իր հիւնարը ցոյց կուտայ ժողովուրդին՝ պարզէն աւելի բարդը երթալով, մինչեւ վտանգաւոր ու մասնաւոր նշանակութիւն ունեցող խաղերը:
    Անգամ մը՝ ոտքերը կապած՝ ոստոստելէն զանազան խաղեր կը կատարէ:

    Լարախաղացը՝ ոտքերից կախված երեխաներով (Հայկական ժողովրդական խաղերի» նկարազարդումներից)

    Յետոյ՝ ոտքին տակ օճառի քառակուսի մեծ կտորներ կապած կամ պղնձէ կաթսայի մը մէջ դրած իր ոտքերը և կամ ետ-ետ քալելով՝ լարը կը բարձրանայ ու կ’իջնէ:
    Ուրիշ անգամ մ’ալ՝ երախայ մը առած շալակը՝ իր և տղուն աչքերը կապուած կը պարէ…

    Լարախաղացը՝ սկուտեղի վրա («Հայկական ժողովրդական խաղերի» նկարազարդումներից)

    Բազմութիւնը իր ամէն մէկ շարժումին գերին կը դառնայ:
    Սխալ մը՝ բաւական է…
    Ինք, սակայն, չի՛ զբաղիր բազմութեան մտահոգութիւններով: Սբ. Կարապետի զօրութիւնը չե՛ն ճանչնար անոնք՝ վախցողները:
    Փէհլիվանը լարին վրայ սու՛րճ ալ կ’եփէ, խորովա՛ծ ալ կը պատրաստէ՝ համով-հոտով ուտելու համար Եալանճի Ղարտաշին հետ, որ մի՛շտ ալ քաղցած կ’ըլլայ այդ պահուն. բաւ է, որ վարէն կրակարանը ու ինչ որ պէտք է՝ տան իրեն:
    Լարին նստիլը կամ նոյնիսկ աթոռի մը վրայ բազմիլը սովորական խա՛ղ մըն է:
    Փէհլիվանի շնորհները շատ են ու տեսակ — տեսակ…

    Լարախաղաց («Դանակներով պարը»)
    Վանո Խոջաբեկյան (1875-1922)
    (Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու)

    Դանակներու պարը, օրինակ. ոտքերուն տակը մէկ-մէկ ղանջալ կապած, սուր ծայրերը դէպի ներս և իրարու դէմ, մէկ-մէկ զոյգ ալ՝ սրունքներուն վրայ, խաչաձեւ, սուր ծայրերը դէպի վար՝ լարը կը բարձրանայ:
    Կամ՝ կաթսայի մը մէջ նստած՝ մէկ կողմէն կը բարձրանայ ու միւս կողմէն կ’ իջնէ:

    Լարին մէջտեղը՝ գլխուն վրայ կենալ ու ոտքերը վեր բարձրացնելը կամ այդ դիրքով՝ ձեռքերուն վրայ՝ յաճախ կը կրկնուի, ինչպէս նաեւ՝ աչքերը կապած պարելը:
    Խաղի ընթացքին, օգնական փէհլիվաններէն մին կամ երկուքը՝ փայտէ երկար տոտիկներով, կը շրջին ժողովուրդին մէջ ու զանազան խաղեր կ’ընեն:
    Օր առաջ Եալանճի Ղարտաշը քանիցս յայտարարած է արդէն՝ ձեռքէն եկած լրջութիւնը դնելով իր խօսքերուն մէջ:
    Խեղճ Եալանճին՝ քանի փորձէ խաղին կարեւորութիւնը արժեցնել, այնքան աւելի՛ կը ծիծաղին մարդիկ:

    Ընդհանրապէս, այս խաղը քանի մը անգամ կը յետաձգուի՝ հանրութեան հետաքրքրութիւնը լարելու նպատակով:
    Վերջապէս, կիրակի օր մը, երբ բազմութիւնն աւելի շատ է, քանի մը սովորական խաղերէ վերջ, փէհլիվանը վար կ’իջնէ իր խաղացանկին ամենէ՛ն կարեւոր թիւը կատարելու, որ, միեւնոյն ատեն, տեսակ մը արարողութիւն է Սբ. Կարապետի այդ սպասարկուներու աշխարհին մէջ:

    Փէհլիվանը շալկած է ոչխարը. լավ մը կը կապեն զայն կռնակին ու դանդաղ, բայց հանդիսաւոր քայլերով կը բարձրանայ:
    Կը պարէ դհոլ — զուռնէի դարձդարձիկ եղանակով, որուն կ’ընկերանայ իր անգիտակ մայիւնով՝ նոյն ինքն՝ ոչխարը, մատաղացուն:
    Ծիծաղ և գութ կը շարժէ այդ մայիւնը բազմութեան մէջ»…

    Լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից

    …«Դհոլն ու զուռնէն չի լսուիր ալ…
    Բայց Հայաստանցի ճամպազները երկար ատեն կը մնան տղոց երեւակայութեան մէջ, ուր հրաշալի հէքէաթ մը անվերջ իր ծալքերը կը բանայ…

    Գիշերները շարունակ՝ Մշոյ հրաշագործ Սուլթանը կուգայ անոնց քունը խռովել…
    Անցե՛ք թաղերու մէջէն, մօտեցէ՛ք տղոց խումբերուն ու ձեր ականջին պիտի հասնի Մշեցի փէհլիվաններու նո՛յն այդ տպաւորիչ ոգեկոչումը՝ տղու հաւատքով ու վստահութեամբ արտասանուած՝ խաղի մը ամենէն տաք միջոցին:

    Լարախաղաց (թուղթ, օֆորտ, 1958, Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց)
    Նկարիչ՝ Գրիգոր Աղասյան
    (1926 — 2009)

    Եա՜, Մշու Սուլթան Սբ. Կարապետ… Հեռու Տարօնէն՝ ջերմ ճառագայթ մըն է ցաթած. Ոյժի, Կորովի նոր աղբիւ՛ր է Սբ. Կարապետի համբաւը ու իր հրաշագործ զօրութեան հաւատքը…
    Հայաստանցի ճամպազնե՛ր են եկեր ու անցեր…

    Հայրենի աշխարհի համատարած աւերումը մարդկային մտքի տարողութենէն վեր է:
    Ուղեղը կ’ընդվզի՛, կը մերժէ՛ հաւատալ, որ իսկապէս քար — քարի վրայ չէ մնացած ու Հայ շու՛նչն այնտեղ մարած է յաւէտ…
    Ապա, անգամ մը որ հարկադրուի իրականութեան հետ ընտելանայ ու քիչ առ քիչ ահաւոր եղեռնը ըմբռնելի դառնայ՝ դժուար թէ մարդ հաւատայ վերապրողներու կարելիութեան:

    Այս էր տպաւորութիւնը, երբ օր մը՝ Զինադադարի յաջորդ տարին, դհոլն ու զուռնէն անհաւատալիօրէն ձայն տուին Փոստայի ճամբու դաշտէն:

    Հայաստանցի ճամպազնե՜ր…
    Նո՛յն Փէհլիվանը, որուն համար խենթ կ’ըլլայինք, որուն շուրջը կը դառնայինք օրն ի բուն և հետը խօսելու համար հոգի կուտայինք:
    Չգիտեմ, մեր թաղի փոքրիկները վազեցին — գացի՞ն «Հայաստանցի ճամպազը» դիտելու:
    Շա՛տ բան էր փոխուած սակայն…

    Երեկոյ մը ականջ տուի հեռուէն…
    Դհոլը բռնազբօսիկ ճիգեր կ’ըներ՝ իր երբեմնի թեթեւութիւնն ու շեշտը գտնելու յոյսով:
    Չուանէն փախած խելագարի մը երգին զիլ նօթերն առած՝ դաշտ իջած էր ու քանի ստիպէին, որ զուարթ պարե՛րգ մը թող տայ, այնքան աւելի՛ կը խելագարէր…
    Սկիւտարցիին յայտնի խանդաղատանքը Հայաստանցի ճամպազներու հանդէպ՝ սգաւորի քօ՛ղն էր ձգեր գլխէն վար ու այնպէս եկեր՝ կը դիտէր:

    Փէհլիվանը օտար կը զգար ինքզինքը…
    Խաղը ի՛րը չէր…
    Սուրբ Կարապետի շնորհը չարչարա՛նք էր, ծանր խաչ մը՝ ուսերուն վրայ: Ի՞նչպէս պարեր…

    Փոխուած էր Փէհլիվանի հոգին:
    Ոգեկոչելու ատեն ձայնը չէ՛ր ելլեր. «Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ»-ը կը ստիպուէր ցած ձայնով մը ըսել, գրեթէ՝ իւրովի: Կարծես կը խուսափէր յստակօրէն արտասանել «հրաշագործ ու ամենազօր» սուրբին անունը և մակդիրները….
    Կը վախնար, որ մի գուցէ բազմութեան մէջէն մէկն ընդվզումով մը պոռար երեսն ի վեր.

    • Ու՞ր է քու սուրբդ, քու Չանկլի Դիւան Սուրբ Կարապետդ:
      Ու՞ր է դարերու կուրծք տուող՝ անոր տաճարը, որուն զանգերը մղոններ հեռուէն կը լսէինք:
      Կա՛նգ առ, մի՛ պարեր, մի՛ տար մեզի հին օրերու պատրանքը…
      Չգիտե՞ս դուն աւերը Հայրենիքիդ…
      Չգիտե՞ս, որ ալ պիտի չ’երթա՛ս Վարդավառին՝ վանքի դաշտը լար կապելու…
      Մի՛ խաբեր մեզ, իջի՛ր…

    Երբեմն լարին վրայ եղած միջոցին իրեն այնպէս կուգար, որ բազմութիւն մը՝ խոշտանգուած ու սպառնալից, կմա՛խք բազմութիւն մը կը ցցուի իր առջեւ:
    Երբեմն ալ անծայրածիր ու ամայացած դաշտի մը մէջէն է, որ կ’անցնի Փէհլիվանի գունագեղ հագուստը հագած… Ամեն մէկ քայլափոխին վե՛րք մը կը բացուի գետնի վրայ, իբր թէ մարդկային մարմին մը ըլլար:
    Այդ վերքերուն ցաւը ինք կը զգար սակայն իր բովանդակ էութեան խորէն…
    Ո՛չ, չէ՛ր կրնար շարունակել…
    Շա՛տ բան կար փոխուած իր մէջ ու իր շուրջ…

    Լսեցինք միայն, որ մեր Մշեցի Փէհլիվանը Փոքր Ասիոյ յունական ճակատը մեկներ է ու անկէ վերջ՝ ահա՛ նահանջի իր առեղծուած պատմութիւնը…

    Մտքիս մէջ Խաչակիրը, կռուի փոթորիկ ու զէնքերու աղմուկ…
    Մտքիս մէջ՝ դարձեալ մենաւոր ասպե՛տը, փրփրող ալիքներ, օձերու բազմութիւնը, որոնց դէմ կ’երթայ ճակատիլ՝ ամենազօր սուրբ մը միայն իրեն ապաւէն:
    Կ’երթայ ու ալ չի՛ դառնար…
    Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ, ու՞ր ես, ու՞ր ես դուն տակաւին»…

    Պլովդիւ

    Ն. ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐԵԱՆ

    Լարախաղացը՝ Վանում
  • «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»… («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Ա)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»… («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Ա)

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    («ՄՇԵՑԻ ՀԱՅ ԼԱՐԱԽԱՂԱՑՆԵՐԸ՝ Կ. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ», Մաս Ա)

    Կարմիր կամ ծիրանագույն ատլասե արխալուղով Լարախաղացը (հայտնի նաև՝ ճամբազ, փահլևան, պարանագնաց, պարանախաղաց, քանդրբազ, ձողագնաց անուններով), Հայոց հնագույն տոնախմբություններում իր առանձնահատուկ տեղն ու դերն ուներ:
    Եռանկյունաձև կամ ծաղիկների նման հուռութքների ժապավեններով զարդարված, զուռնա-դհոլի նվագածությամբ, ձողափայտը ձեռքին՝ բարձր լարի վրա իր համարձակ ու վարպետորեն իրականացվող թռիչքներով հիացնող ճկուն Լարախաղացի ու ներքևում՝ կարճ ճիպոտը ձեռքին խեղկատակի մասնակցությամբ ծիսական խաղ-ներկայացումներն ուղեկցում էին համաժողովրդական տոները՝ Հայոց Աշխարհի տարբեր ուխտավայրերում, ճանապարհների եզրին կամ գյուղամեջերում…

    «…Մի զվարթ ձայն նրանց սթափեցրեց: Աջ կողմի վրա լարախաղացի պարան է ձգված օդի մեջ: Երկու գերանի միացման կետում՝ գույնզգույն շորեր հագած, հանգստանում է պատանի լարախաղացը:
    Նրա կուրծքը զարդարված է հմայիլներով, խաչերով ու բոժոժներով:
    Ներքևում թռչկոտում ու ծամածռություններ է անում ծաղրածուն»… (Զարզանդ Դարյան «Սայաթ-Նովա»):

    …«Ծաղրածուն լարի տակ մանր-մունր ձեռնածություն էր անում: Զուռնաչին և թմբկահարը «ձեն բռնողի» հետ ճոպանից քիչ հեռու լարել էին ողջ ուժերը և շարունակում էին նվագել՝ հաճախ և աննկատելի փոփոխելով եղանակը:
    Նախապատրաստական փուլն էր: Բուն ներկայացումը դեռ չէր սկսվել, թեև երեխաներիս համար լարախաղացի գյուղ մտնելու և գյուղից դուրս գալու ամբողջ ընթացքը ինքնին մի շքեղ ու կախարդական ներկայացում էր, որից մենք ո՛չ հագենում էինք, ո՛չ հոգնում, ո՛չ ձանձրանում:

    Նահապետները նստել էին ճոպանից քիչ հեռու, շրջանաձև՝ մեջտեղը ազատ-ընդարձակ հրապարակ թողնելով, որտեղ նվագածուներն էին, ծաղրածուն, որ իր շնորհները պիտի ցուցադրեր՝ մարդկանց «փորխոց անելով»:
    Նահապետների թիկունքում շարվել էին «լուծ քաշող, աշխատավոր տղամարդիկ»: Պատկառելի հեռավորության վրա առանձին խմբվել էին կանայք, հարսներն ու աղջիկները, տատիկները»…(Սասուն Վարդանյան, «Հեռու՜ — հեռավո՜ր այն օրերին»)…

    Հատվածներ՝ Ն. Աստուածատուրեանի՝ «Մշեցի Հայ լարախաղացները՝ Կ. Պոլսոյ մէջ» հոդվածից («Տարօնի Արծիւ», թիւ 3-4, 1938 թ. էջ 39-51)

    «Փէհլիվա՜նը…
    Իր անունը չէինք գիտեր մենք մեր տղայութեան տարիներուն, երբ խենթի պէս կը վազէինք՝ դիտելու համար զինքը բարձր լարին վրայ:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ան… Թերեւս՝ վերջին ներկայացուցիչը Մշոյ համբաւաւոր լարախաղացներուն, որոնք երբեմն Պոլիս կուգային, երբ օրուայ իշխանութիւնը թոյլատու ըլլար:

    Մեզի համար ուրիշ անուն չունէր ան. պէտք ալ չկար զինքը մասնաւորելու սովորական անունով մը:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ու՝ այդքա՛ն…
    Տղու մեր այդ յորջորջումին մէջ իմաստ կար՝ ներշնչման աղբիւր, Հայրենիքի ու պատմութեան ձայն…
    Որովհետեւ Պոլսոյ Հայութեան ծանոթ սովորական լարախաղացներէ՛ն չէր ան, ո՛չ ալ լարախաղաց մը՝ անհատ — մահկանացու:

    Բարոյակա՛ն անձնաւորութիւն էր Հայաստանցի ճամպազը:
    Դարերու խորէն մնացած աւանդ՝ դարերուն փոխանցուելու նախախնամական կարգադրութեամբ:
    Հայաստանցի՛ ճամպազն էր ան. փա՜ռք իրեն:
    Ու տղայ մեր հոգին կը խանդավառուէր, երեւակայութիւնը կը բռնկէր, կուրծքը կ’ուռենար:
    Որովհետեւ ան Հայաստանցի պանդուխտն ու տարագիրը չէր՝ ջարդի իրիկուան մը սարսափը տակաւին հոգիին մէջ, հալածական ու նուաստացած տարագիրը՝ ցուպ մը ձեռքին, մուրացիկի պայուսակը ուսէն վար, աղտոտ, խռիւ մօրուք մը սեւ, ու աւելի սեւ ու աւելի մութ աչքեր, խեղճուկ թաւ ձայն մը, որ փողոցներ հեռուէն կը լսուի, քանի կը շրջի Հայոց թաղերը, Հայրենի աւերտ ողբերգելու, պատառ մը հացի աղերսը շրթունքներուն.
    «Մնացի՜, մնացի՜,
    Օտա՜ր աշխարհ մնացի»…
    Մենք կը տխրէինք ու կ’ամչնայինք անկէ…

    Բայց Փէհլիվանը ճամպա՛զն էր. Հայաստանցի՛ ճամպազը, Տարօնի հպարտությու՛նը, Մշոյ դաշտի խրո՛խտ զաւակներէն մին, ամենէն երիտասա՛րդը փէհլիվաններուն, գրեթէ պատանի մը:
    Կայտառ, լեցուն, կարմիր այտեր, կրակոտ ու թափանցող նայուածք, արագ ու թեթեւ քայլուածք ու շարժուձեւեր… Բայց, մանաւանդ, «հո՛վ» մը, որ իրեն հետ կը պտտցնէ և ուր հպարտութիւ՛նը կայ, բայց արհամարհանք չկա՛յ: Ուր ոյժին ինքնավստահութիւ՛նը կը զգաս և միանգամայն հաւատք մը՝ ապաւէն սուրբի մը շնորհներուն ու զօրութեան: Ուր փէհլիվանի ցուցադրութիւ՛ն կայ և աբեղայի համեստութիւն:
    Ուր կայ շու՛նչ մը՝ Հայրենի երկրէ՛ն, աղուոր, արեւոտ շու՛նչ մը, որ կ’առողջացնէ՛…

    Փէհլիվաններու երեւումն, ընդհանրապէս, առանց յառաջաբանի տեղի կ’ունենար:
    Կը տեսնես՝ երեկոյ մը, Սկիւտար՝ Թէփէի շուրջի դաշտերէն զուռնէի զիլ ու զուարթ ձայն մը կը հասնի ականջիդ, և դհոլը կ’ արձագանքէ մինչեւ հանդիպակաց բլուրները՝ ուրախ իրարանցում մը ձգելով տղոց մէջ, որոնք թաղերը հոս — հոն կը խաղան:

    Է՛հ, ի՜նչ խանդավառ հետաքրքրութեան առարկայ էր Փէհլիվանը մեր՝ տղոցս կողմէ, և ո՛վ կարող էր սանձել մեզ, երբ դհոլն ու զուռնէն լսէինք…

    Պարզունակ, բայց դիւրահաղորդ նուագ մը՝ փէհլիվաններու նուագը, որ ցատկռտել կուտայ քեզ՝ ջիղերուդ մէջէն զուարթութեան թել մը հիւսելով, քայլուածքիդ ու մտքերուդ ազդելու չափ…

    Ու կը լսես ամէն կողմէ.
    «Հայաստանցի ճամպազնե՜ր եկեր են, տեսա՞ք»…
    Կամ՝ չես գիտեր ի՛նչպէս, ու՛րկէ քաղուած մանրամասնութիւններ իրարու կը յաջորդեն ու շրջան կ’ընեն…

    Դհոլն ու զուռնեն ուժգին թափով կը շարունակեն, մինչեւ որ հետաքրքիր բազմութիւն մը լարին շուրջ հաւաքուի:
    Լարը բաւականին հաստ է, մօտաւորապէս՝ 25-30 ա/ա տրամագծով և պրկուած զոյգ մը հսկայ տոտիկներու վրայ, նման X-երու, որոնց վերեւի թեւերը աւելի կարճ են:
    Չորս հաստատուն գերաններու պէտք կայ այդ տոտիկները շինելու համար:
    Այդ գերանները երկերկու իրարու պէտք է կապել՝ իրենց վերեւի ծայրերեէն. յետոյ մէկ զոյգը միւսէն 12-15 մէթր հեռաւորութեամբ՝ իրարու զուգահեռաբար և գետինը ձգուած լարին ուղղահայեաց՝ կը պառկեցնեն այնպէս, որ լարը, որուն երկու ծայրերը նախապէս ամրացուցած են գետնին, անցնի գերաններու կապերուն վրայէն:
    Չորս հոգի գերաններու կապուած ծայրերը օդին մէջ կը բարձրացնեն: Հետզհետէ լարն ալ միասին կը բարձրանայ ու կը պրկուի՝ քանի գերաններու վարի ծայրերը իրարու մօտեցուին:
    Երբ բարձրութիւնը բաւական համարուի՝ գերաններու վարի ծայրերը փոքրիկ փոսերու մէջ կ’ամրացուին:

    Լարախաղացը (Կոտայքի մարզ, 1982 թվական, լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի կայքից)

    Փէհլիվանի բեմը պատրաստ է այլեւս:
    Ըսեք զառիվեր մը, որուն կը յաջորդէ հարթավայր մը ու ապա զառիվայր մը, կամ, եթէ կ’ուզէք՝ առեք հսկայ վեցանկիւնիի մը ճիշդ կէսը և կ’ունենաք լարը քովէն դիտուած: Բարձրութիւնը 7-էն 8-10 մետր կարելի է հաշուել:

    Բովանդակ կազմածը կը տարբերի եւրոպացի լարախաղացներու ունեցածէն:
    Մերիններունը շատ ավելի պարզ է ու դիւրաւ հաստատելի և, ինչո՛ւ չըսել բուն բառը՝ գեղջուկ երեւոյթ մը ունի:
    Այդ գեղջուկ երեւոյթը, սակայն, սիրելի՛ է դիտողին, որ կը պահանջէ կարծէս կատարեալ ներդաշնակութիւն մը՝ դհոլ զուռնէի, լարին ու լարախաղացին միջեւ:

    Ինքը՝ փէհլիվանը, ահա՛, կը մօտենայ լարին՝ ծանր ու հանդիսաւոր քայլերով:
    Բազմութիւնը մեծ հետաքրքրութեամբ կը դիտէ զինքը:
    Եթէ դհոլին ձայնը ականջիդ դուռները չբախէ կամ՝ զուռնէի մեղեդին՝ չես գիտեր ու՛րկէ, բայց հինէն ի վէր ծանօթ պարերգի մը տպաւորութեան տակ եթէ չպահէ քեզ, պիտի խորհիս անպայման. «Աբեղան դէպի մատուռը կ’ուղղուի»… Բարեբախտաբար, իր գունագեղ հագուստը ուշադրութիւնդ կը գրաւէ ու աբեղան կը մոռնաս…

    Գունաւոր բանուածքներով ճերմակ շապիկն է հագած, վարի մասերը գօտիին տակէն դուրս ելած են՝ շուրջանակի ծոպերու պատրանքը տալով: Իսկ կռնակին՝ գեղեցիկ արխալուխ մը:
    Ուսերէն վար՝ խաչաձեւ անցւած ուլունքներ և խաչեր կուրծքը կը զարդարեն:
    Նւազ հետաքրքրութիւն չեն ստեղծեր նաեւ այդ «քրիստոնէական յուռութքները», որոնք անպակաս են բոլոր Մշեցի լարախաղացներու վրայէն:

    Գլխուն երբեմն դրած կ’ըլլայ Մշոյ ցածլիկ արախջին, երբեմն ալ՝ բոլորովին գլխաբաց է: Կապոյտ տափատին վերի մասը լայն է, իսկ վարը՝ սեղմ և ոտքերը՝ բոպիկ:
    Օգնականները կը բերեն իր երկար ձողը, որուն մէկ ծայրը կեռ մը կայ երկաթէ:
    Ինքը՝ լարին մէկ ծայրը կեցած, ձեռնամած, աչքերը փակ կ’աղօթէ: Երկիւղած ու աստուածանուէր աբեղան դարձեալ ձեր աչքերուն առջեւն է. դհոլն ու զուռնէն լռած են յանկարծ:
    Փէհլիվանը չկայ, չկայ լարը, չկան գունագեղ հագուստները: Կայ վերացած աբեղայ մը միայն, որ աներեւոյթ խորանի մը առջեւ աղօթք մը կը մրմնջէ հոգեւին:
    Բարեպաշտութիւն կը կարդաս իր դէմքին վրայ ու այնքա՜ն անկեղծութիւն՝ իր հաւատքին մէջ…

    Աղօթքը աւարտած է: Աշխոյժով կ’ընդունի ձողը, կը համբուրէ զայն ու ճակտին կը տանի: Կը համբուրէ նաեւ լարը. կը խաչակնքէ ու յետոյ հաւասարակշռուած ձողը՝ երկու ձեռքերուն մէջ, կը բարձրանայ լարին վրայ, նախ՝ քանի մը արագ քայլերով, ապա՝ դանդաղ ու հանդիսաւոր:
    Այդ պահուն, օգնականները՝ վարէն լարին կառչած, աւելի կը պրկեն, մինչեւ որ Փէհլիվանը կատարը հասնի:

    Դհոլն ու զուռնէն սկսած են նո՛ր թափով մը: Այս անգամ՝ հանդիսաւորութիւն մը կը զգաս նուագի՛ն մէջ ալ, որ Փէհլիվանի շարժուձեւերը կը դաշնաւորէ:
    Եղանակի չափին հետ՝ ան՝ մէկ ոտքին վրայ կեցած, միւսը կը ճօճէ օդին մէջ ու այսպէս՝ փոխն ի փոխ և քայլ առ քայլ իր վերելքը շարունակելով:

    Մերթ ընդ մերթ կը լսուի փեհլիվանի ձայնը, որ դհոլին ու զուռնէին կը տիրապետէ:
    Ոգեկոչում մըն է կարծես, ուրկէ հազիւ կարելի կ’ըլլայ որոշել «Սուլթան Սբ. Կարապետ» բառերը: Մնացեալը կը տպաւորէ, բայց անհասկանալի կը մնայ առաջին առթիւ: Հետզհետէ ուշադիր ականջ տալով ու զիրար հարցուփորձելով՝ կը լուծուի գաղտնիքն այդ հոգեբուխ ոգեկոչումին, ուր այնքա՜ն միամիտ ու մաքուր հաւատք մըն է խտացած, այնքա՜ն անսեթեւեթ բարեպաշտութիւն, որ տակաւ կը վարակէ հանդիսատես քրիստոնեայ բազմութիւնը:

    Եա՜ Մշո՛յ Սուլթան
    Չանկլի Դիւան
    Սուրբ Կարապետ,
    Դու իմ տատ կանգնես…

    Ու կը պատմեն քեզի հրաշալի հէքէաթը Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետի:

    Տեսե՞ր ես դուն, ա՛յ տղայ, Տարօն Աշխարհը, Մշոյ դաշտը անծայրածիր, ուր նայուածքդ կը կորսուի…
    Ականջ տուե՞ր ես արդեօք Արածանիի ջուրերուն, կամ՝ լսե՞ր ես դուն զանգերը — իր զօրութեանը մեռնիմ — Սուրբ Կարապետի զանգակատան, հոգ չէ, թէ քառասուն մղոն հեռուէն…

    Մե՜ղք քեզի, հազա՜ր մեղք քեզի պէս Հայուն, որ իր Հայրենի աշխարհը չէ տեսեր, Բիւրակն ու Իննակը չի գիտեր…
    Ի՞նչպէս պատմել քեզի, ա՛յ տղայ, գեղեցկութիւնը Իննակնեան սարերուն, զով պուրակներն ու աղբիւրները՝ սառն ու զուլալ ջուրերով…

    Պատմելն ի՞նչ օգուտ…
    Ահա՛, այդ Իննակնեան սարերուն Քարկէի բարձունքին վրայ է կառուցուած դարաւոր տաճարը Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետի»:…
    …«Աշուղներու, փէհլիվաններու, նալղրաններու շնորհ բաժնողը ինքն է՝ Յովհաննու Սուրբ Կարապետը:
    Առանց անոր շնորհին, ի՞նչպէս մեր փէհլիվանը այս բարձր լարին վրայ պիտի կարենար պարել ու այսքան հիւնար ցոյց տար ժողովուրդին:
    Սուրբ Կարապետն է, որ դժուարին վայրկեաններուն Փէհլիվանին ձեռքէն կը բռնէ, ու անոր համար է, որ Փէհլիվանը միշտ իր անունը կուտայ ու օգնութիւն կը խնդրէ:
    Ու Սուրբ Կարապետը կը հսկէ անոր վրայ ո՛չ միայն լարը բարձրացած ատեն, այլ՝ ամէն տեղ, փորձանքն ու վտանգը կը հեռացնէ անկէ, զայն հզոր ու անխոցելի կը դարձնէ:
    Կը բավէ, որ հաստատ հաւա՛տք ունենայ միայն:
    Մարդ չի՛ համարձակիր Սուրբ Կարապետի պաշտպանեալին ձեռք վերցնել: Աւազակ քիւրտերն անգամ կը սարսափին Սուրբի վրէժխնդրութենէն, որովհետեւ անողոք է ան ու խստօրէն կը պատժէ:

    Քանի՜ քանիներ կան անոր վրէժխնդիր բազուկին տակ ջախջախուած»…

    Մուշ, Սբ. Կարապետ վանքը

    «…Ի՛նք կ’ընտրէ իր շնորհներուն արժանի եղողները ու գիշերը տեսիլքի մէջ կ’երեւայ անոնց: Երբեմն՝ ասպետի մը կերպարանքը առած, զէն ու զրահով, կարմիր նժոյգ մը հեծած, որուն բաշերն ու պոչը կը բոցավառին:
    Երբեմն ալ հսկայ ծերունի մը կը դառնայ, հանդարտ, վստահելի, բայց՝ անխախտ ու զօրեղ նայուածքով, լուսաւոր աղբիւրի մը պէս՝ ընտրեալին հոգիին մէջ իր հրաշագործ զօրութեան գիտակցութիւնը և հաւատքը կը հոսեցնէ:
    Ու կը հրամայէ սուրբը, որ իր ընտրեալը լարին վրայ բարձրանայ ու պարէ:
    Կարելի չէ՛ ընդդիմանալ իր կամքին կամ տարակուսիլ ու չհաւատալ շնորհուած կարողութեան:
    Սուրբը իր երեւումները կը կրկնէ ընտրեալին ու անոր պարագաներուն, ու մինչեւ իսկ կը սպառնայ սերունդով վրէժխնդիր ըլլալ՝ եթէ իր կամքը չկատարեն:

    Ընտրեալը, որ իր ստացած շնորհին պատճառով «տուածուրիկ» կը կոչուի ժողովուրդին կողմէ, ընդհանրապէս 8-10 տարեկան տղայ մըն է: Եղած են նոյնիսկ աղջիկներ ալ, որ անուն և համբաւ շինած են իբր ճարպիկ լարախաղացներ:

    Տուածուրիկը ու իր ծնողքը միջոց մը կը գտնեն՝ կազմածն ու փէհլիվանական հագուստները ճարելու: Ու մէկ-երկու տարի վէրջ՝ ան կ’իյնայ գիւղէ-գիւղ, աշխարհէ-աշխարհ՝ իր հիւնարը ցոյց տալու, Սուրբ Կարապետի փառքը ներբողելու:
    Վարդավառի տօնին բոլոր փէհլիվանները կերթան Քարկէի տաճարը՝ շնորհատու սուրբին երկրպագելու:

    Մուշ, Սբ. Կարապետ վանքի բակում

    Ու վանքի դարպասին մօտ բազմաթիւ լարեր կը լարուին, մրցումներ տեղի կունենան:
    Հոն են նաև աշուղները՝ իրենց նոր երգերով, ու նալ-դրանները, որոնք ոյժի ապշեցուցիչ ապացոյցներ կուտան:
    Հայրենի երկրի ամէն մէկ անկիւնէն բազմահազար ժողովուրդ կը դիտէ փէհլիվաններն ու նալ-դրանները, կը լսէ աշուղներու երգերը ու փառք կուտայ Սուրբ Կարապետի հրաշագործ զօրութեան:

    Կըսեն, որ շատ դարեր առաջ, Սբ. Կարապետի տաճարին նո՛յն այդ գետնին վրայ, Քարկէ լերան բարձունքը կառուցուած են եղեր հսկայ մեհեանները մեր հեթանոս պապերու աստուածներուն:
    Այնտե՛ղ է եղեր մեհեանը ա՛յն հզօր աստուծոյն, որուն բոցեղէն ծնունդը երգած են անծանօթ աշուղներ:
    Հին Հայոց Ոյժի և պատերազմի աստուածը, որուն մօրուքը և մազերը բոց էին և աչքերը՝ մէկ-մէկ արեգակ:
    Քրիստոնեայ եպիսկոպոս մը քանդեր է այդ մեհեաններն ու անոնց տեղ կանգներ է տաճարը Սբ. Յովաննու Կարապետի:
    Բայց կըսեն, թէ այդ աստուածը, որ նաեւ «Աստուածահայր զօրութեան» կը կոչէին, մեհեաններու քանդումէն վէրջ չէ՛ հեռացած Քարկէի բարձունքէն:
    Շատեր կը հաւատան, որ այդ հսկայ աստուածը կը մնայ այնտեղ և մի՛շտ էլ պիտի մնայ…

    Թերեւս ատոր համար է, որ մեր Մշոյ Սբ. Կարապետը շատ աւելի ասպետական է ու հեթանոս՝ մինչեւ իսկ Քարկէ լեռան վրայ, քան իրեն ձօնուած հարիւրաւոր տաճարներու ու վանքերու մէջ:
    Ան ոյժի և քաջութեան վարդապետն է և յաղթանակներու հրաշագործ գործակիցը և աւելին՝ ան վրէժխնդիր է ու հարուածել գիտէ…
    Ա՛հ, մեր Յովհաննու Սբ. Կարապետը սուրբ Կարապետ չէ՛, անոր հոգիին մէջ հեթանոս հրեղէ՛ն աստուածը կ’որոտայ տակաւին:
    Վարդավառն ի՛ր տօնը չէ, այլ՝ «Հի՛ն աստուածներէ» փոխանցուած փառաւոր ժառանգութիւն մը»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Մուշ, Սուրբ Կարապետ վանք. լարախաղացներ, երաժիշտներ և հանդիսատեսներ (Աղբյուր՝ «Հայրենիք» ամսագիր, Պոսթոն, Ը տարի, թիւ 7 (91), Մայիս 1930, էջ 122)։
  • «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՃԱՄՊԱԶԸ՝ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ»…

    Շարժումը խոսք է: Եվ շարժումներով հյուսված պատմությունները՝ ծիսական իմաստով ու նշանակությամբ՝ ազգային պար ու խաղ են դառնում՝ ուղեկցելով հնագույն ժամանակներից եկող տոներն ու ծեսերը, դառնալով դաստիարակչության միջոց՝ սերնդեսերունդ փոխացելով Նախնիների մշակույթը, աշխարհայացը…

    Հայոց Դիցերի հովանավորության ներքո ընթացող հանդիսությունների ժամանակ Հայորդիք իրենց ձիրքերն էին ցուցադրում՝ արվեստով, արհեստով, ֆիզիկական ուժով ու հմտություններով և առանձնահատուկ փայլ հաղորդում տոնախմբությանը՝ մարմնական ուժի, ճկունության մրցախաղերով, անվախ ու համարձակ լարախաղացների բարդ ու վտանգավոր ներկայացումներով…

    Քրիստոնեության տարածումից հետո արգելվեցին Հայոց ազգային տոներն ու ծեսերը, նրանց հետ նաև՝ ազգային նվագարանները, երգերը, պարերը…

    Ոչ օգտաբեր, անօգտակար հայտարարվեցին նաև ազգային տոնախմբությունների անբաժան մաս կազմող խաղերը, ինչպես, օրինակ, դեպի բարձունքները ձգտող լարախաղացությունն ու ձողախաղացությունը:
    «Լարախաղացութիւն՝ խաղալն ի վերայ լարի՝ ձկտելոյ ի բարձունս:
    Ընդ ունայն արհեստ է լարախաղացութիւն, ձողախաղացութիւն, որ ոչ օգտեցուցանէ զկենցաղս»,- Դավիթ Անհաղթին վերագրվող «Գիրք Սահմանացից», (ԺԲ) մեջբերում է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանը:

    Մուշ, Սուրբ Կարապետ վանք. (լարախաղացներ, երաժիշտներ, հանդիսատեսներ) («Հայրենիք» ամսագիր, Պոսթոն, Ը տարի, թիւ 7 (91), Մայիս 1930, էջ 122)։

    Այնուամենայնիվ, իր քաջությամբ ու ճարպկությամբ աչքի ընկնող Լարախաղացը շարունակեց իր խաղը՝ որպես իր «շնորհատու» դարձնելով Սուրբ Կարապետին (հինը չհանդուրժող քրիստոնեությունը ստիպված էր հարատևող ազգային ավանդույթները ձևափոխելով՝ իրեն հարմարեցնել)…
    Եվ մեր ժամանակներում անգամ հիացմունքով, ոգևորությամբ ու ակնածանքով են դիմավորում ճկուն ու անվախ լարախաղացին…

    «Լարախաղացները բազմաթիւ էին Մուշի շրջանին մէջ։ Անոնք կ՚երեւէին մանաւանդ Սուրբ Կարապետ կամ Սուրբ Առաքելոց վանքերու շուրջ կատարուող զանազան ուխտագնացութիւններու ընթացքին։
    Նշանաւոր լարախաղաց մըն էր Հաճին, որ Մշոյ դաշտի Առախ գիւղէն էր։ Անոր նախասիրած վայրը Առաքելոց վանքն էր, ուր կ՚երեւէր տարին անգամ մը։
    Կը պատմուի որ ան կը նստէր լարին վրայ, կրնար հոս գառնուկ մը մորթել, զայն կտորներու վերածել, ապա իրեն կու տային կրակարան մը, զոր նոյնպէս կը դնէր լարին վրայ եւ շամփուրներով խորոված կը պատրաստէր։ Հաճին նաեւ վարպետ էր փայտէ ոտքերով քալելու մէջ։ Այս ոտքերուն երկարութիւնը 4-էն 5 մեթր էր, անոնց հետ կը պարէր տաւուլ-զուռնայի եղանակին տակ» («Յուշամատեան»):

    Լարախաղացը՝ Մշո Սբ. Կարապետ վանքի առջև (լուսանկարը՝ «Գեղունի», 1903, Վենետիկ, Սբ. Ղազար)

    «Փայլիվանները (փեհլիվան, այս պարագային՝ լարախաղաց) Խարբերդի դաշտ կու գան ընդհանրապէս Մուշէն, կալերու աշխատանքէն ետք։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ գիւղացին տարուայ իր ամէնէն ծանր աշխատանքները նոր աւարտած՝ հրճուանքի ու զբօսանքի պէտքը ունի։ Անոնք կ՚ըլլան խումբով՝ 4-5 հոգի, կու գան էշերով, որոնց վրայ բարձած կ՚ըլլան իրենց զանազան իրերը եւ փոքրիկ թմբուկները։
    Փեհլիվանները միաժամանակ նուագածուներ են եւ անոնց վիզերէն միշտ կախուած կ՚ըլլայ քամանչան։
    Խաղադաշտին վրայ կը հաստատեն իրենց պարանը, ապա քամանչայով ու տաւուլով կը պտտին գիւղին փողոցներուն մէջ՝ ժողովուրդը հրաւիրելով լարախաղացութիւնը դիտելու։ Ամբողջ գիւղը կը հաւաքուի ու խաղը կը սկսի։
    Առաջին փեհլիվանը պարանին վրայ կը ցատկէ՝ «Եա՜, Սուրբ Կարապետ» ձայնելով։
    Ան բոպիկ է ու երկու ձեռքերուն՝ երկար եւ բարակ ձող մը։ Պարանին վրայ ոստումներ կ՚ընէ, միոտանի կը քալէ, կը կախուի, կը վազէ՝ ամէն կարեւոր շարժումի մը միշտ պոռալով՝ «Եա՜, Սուրբ Կարապետ»։
    Երբեմն ալ պարանին վրայ կը դնէ տաշտ մը, կը յաջողի անոր մէջ նստիլ ու դանդաղօրէն պարանին վրայէն սահելով յառաջանալ։
    Մինչ մէկ փեհլիվանը պարանին վրայ իր ելոյթը կ՚ունենայ, միւսները տաւուլով ու քամանչայով կը խանդավառեն մթնոլորտը։ Մուտքի դրամ չի պահանջուիր, բայց խաղի աւարտին անոնք կը մօտենան հանդիսատեսներուն ու կը ժողվեն իրենց վարձատրութիւնը։
    Բացի դրամէն, գիւղացիները անոնց կու տան նաեւ թարմ հաց, ցորեն, պլղուր, ծեծած, էշերուն համար ալ՝ գարի: (Մեջբերումները՝ «Յուշամատեան»-ից):

    «Ամպերը քաշվեցին դեպի Արարատյան դաշտը, և արևի ճառագայթները երկար ստվերներ գցեցին լեռների վրա:
    Գյուղն աղմկեց: Կեսօրին Սաղմոսավանք եկան նաև Կարբի գյուղի զուռնաչիները: Շտապեցին հանդիսատեսները մյուս հարևան գյուղերից, և նույնիսկ Ալիքուչակ մեկնող և այնտեղից եկող անցորդները կանգ առան Սաղմոսավանքում՝ լարախաղացին նայելու համար:
    Արևը բարձրացավ, թաց հողը տաքացավ: Առաջինը երևացին գյուղի բոբիկ երեխաները, նրանք աղմուկ-աղաղակով բակը լցրեցին:
    Ծաղրածուն նշան արեց, տղաները վազեցին նրա մոտ»…

    …«Ձորերն ու լեռները թնդացին:
    Դհոլն արձագանքեց Արայի լեռան լանջերում, նրա ձայնը հասավ Օհանավանք, և մարդիկ լսեցին Իլանչալանում:
    Զուռնի ուրախ աղմուկը դադարեց, երբ շիկամորուս ծաղրածուն իշի մորթի հագած, երկար պոչը շարժելով, վազեց թոկի տակ և զռռոցով դիմավորեց լարախաղացին:
    Լարախաղացը շտապ քայլերով մոտեցավ թոկին, վազելով բարձրացավ դիք հարթության վրայով ու կանգնեց թոկը պահող հենափայտերի խաչավորման տեղում:
    Ամբոխն աղմկեց:
    Գեղեցիկ էր լարախաղացը, խարտյաշ մազեր ուներ և երկնքի նման պարզ, անհուն աչքեր: Նա ձեռքն առավ հավասարակշռության փայտն ու վազեց պարանի վրայով:
    Դհոլը լռեց: Կարբեցին զուռնեն պահեց, հանեց շվին, դրեց շուրթերին, և դատարկ եղեգնը մեղմ ու թախծոտ ձայնով սկսեց մրմնջալ:

    Նա այնպես էր երգում, ասես չէր ուզում խանգարել լարախաղացին, կարծես աղոթում, աղերսում էր. «Պահպանի՛, տե՛ր աստված, այս հրաշք պատանուն»:

    Լարախաղացը եկավ պարանի մեջտեղը, կանգնեց մի պահ անշարժ ու մտախոհ, ապա թափ տվեց իրեն և սկսեց թռչել ու ցատկել այնպես, որ շատ մարդիկ գետնի՛ն անգամ չէին կարող այդ անել:
    Քար էին կտրել հանդիսատեսները…
    Իսկ պարանի տակ, էշի մորթին հագին շրջում էր ծաղրածուն և ինչ-որ բան էր դնում մարդկանց բուռը: Երեկոյան դեմ Սաղմոսավանքի ժամհարը նորից քաշեց զանգակատան թոկերը, և զանգերը տխուր, մելամաղձոտ ձայնով մրմնջացին իրենց երեկոյի աղոթքը…» (քաղվածքները՝ Վալտեր Արամյանի՝ «Վերադարձ»-ից):

    «Մեր թաղում մի բացատ տեղ կա:
    Տարին մեկ կամ երկու անգամ գալիս է լարախաղացը, երկու հարկի բարձրությամբ ձգում իր լարն ու սկսում:
    Այդ օրը գետնաքարշ ժողովուրդը գլուխը բարձրացնում է վեր և երկնքի կապույտ ֆոնին տեսնում իր նմանին՝ թռիչքի ու ճախրանքի, սլացքի ու վայրէջքի մեջ:
    Մեծերը նայում են այդ ամենին առանց ս. Կարապետի զորությանը մեռնելու, իսկ երեխաները բռնվում են անիմանալի սարսուռներով և գերբնականին ու անդրաշխարհայինին են հաղորդակցվում: Եվ դա համարյա հրաշքի է նման»… (Սասունիկ Թորոսյանի պատմվածքներից):

    «- Քամին մտավ շալվարս,- գլխկոնծի տալով՝ շտկվեց ծաղրածուն և տաբատի լայն, ուռած փողքերի միջից փորձեց քամին դուրս հանել՝ ձեռքերի, մատների ճարպիկ շարժումներով:
    Մարդկանց վախն ու լարվածությունը անցավ, աշխուժացան: Ծափն ու ծիծաղը թնդաց հրապարակով մեկ:
    Լարախաղացն առանց թիկնակի աթոռ խնդրեց, որ նրան մատուցեց ծաղրածուն:
    Աթոռը դրեց լարի վրա, նստեց, բաժակը ջրով լցրած դրեց գլխին և աթոռը նավակ դարձրած, ձողը՝ թիեր, թիավարեց օդի մեջ:
    Ոչ մի կաթիլ ջուր չթափվեց բաժակից: «Շայիս-Մայիլ» սիրավեպի հերոսի հայտնի համարներից էր»… (Սասուն Վարդանյանի՝ «Հեռու՜ — հեռավո՜ր օրերին»):

    «…Մայիսյան վարդեվառին գյուղն այդպես գնում էր միայն լարախաղացի և ծաղրածուի ետևից, և քիչ հետո արևոտ դաշտի մեջ որոտում-խրոխտում էր հայագոչ զուռնան: Ներկած երեսով ծաղրածուն խնդուքով լցնում էր շրջապատը և ստեպ-ստեպ կատակչի-ճիպոտով կլորակում ուրախացողներին»…(Ռ. Կարայան, «Արևը գեղեցիկ է մայրամուտին»):

    Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»-ից՝
    «…Ծաղրածուն մերթ կանգնում էր գլխի վրա ու թաթերը պարզած պտտվում տեղը, մերթ խելառ ուլի պես տրճկի տալիս, մկկում, մլավում, հաչում:
    Պատի տակ նստած զուռնաչիների այտերն ուռել էին լարված նվագելուց: Ահագին թմբուկն ականջ էր ծակում:
    Լարախաղացը պարում էր նվագի տակ: Ծաղրածուն եզան պոչը պտտում էր իր գլխին ու նետվում հավաքվածների վրա: Մեկի մորուքն էր համբուրում, մյուսի ուսերին ցատկում, երրորդի ոտքերի արանքով անցնում ու բարձրանում մեջքը: Ապա նվերներ էր հավաքում ու գոռում…»:

    Մի հատված էլ՝ Ն. Աստուածատուրեանի՝ «Մշեցի Հայ լարախաղացները՝ Կ. Պոլսոյ մէջ» հոդվածից՝ տպագրված՝ «Տարօնի Արծիւ», թիւ 3-4, 1938 թ., էջ 39-51 (որոշ դրվագներ էլ՝ հաջորդիվ)…

    «Փէհլիվա՜նը…
    Իր անունը չէինք գիտեր մենք մեր տղայութեան տարիներուն, երբ խենթի պէս կը վազէինք՝ դիտելու համար զինքը բարձր լարին վրայ:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ան… Թերեւս՝ վերջին ներկայացուցիչը Մշոյ համբաւաւոր լարախաղացներուն, որոնք երբեմն Պոլիս կուգային, երբ օրուայ իշխանութիւնը թոյլատու ըլլար:

    Մեզի համար ուրիշ անուն չունէր ան. պէտք ալ չկար զինքը մասնաւորելու սովորական անունով մը:
    Հայաստանցի ճամպա՛զն էր ու՝ այդքա՛ն…
    Տղու մեր այդ յորջորջումին մէջ իմաստ կար՝ ներշնչման աղբիւր, Հայրենիքի ու պատմութեան ձայն…
    Որովհետեւ Պոլսոյ Հայութեան ծանոթ սովորական լարախաղացներէ՛ն չէր ան, ո՛չ ալ լարախաղաց մը՝ անհատ — մահկանացու:

    Բարոյակա՛ն անձնաւորութիւն էր Հայաստանցի ճամպազը:
    Դարերու խորէն մնացած աւանդ՝ դարերուն փոխանցուելու նախախնամական կարգադրութեամբ:
    Հայաստանցի՛ ճամպազն էր ան. փա՜ռք իրեն:
    Ու տղայ մեր հոգին կը խանդավառուէ՛ր, երեւակայութիւնը կը բռնկէ՛ր, կուրծքը կ’ուռենա՜ր»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…