Category: Histoire

  • «ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍԻ ԶԱՎԱԿՆԵՐ»…

    «ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍԻ ԶԱՎԱԿՆԵՐ»…

    «ՈՐՊԵՍ ԼՈՒՅՍԻ ԶԱՎԱԿՆԵՐ»…

    Հայ ժողովրդի պատմության ահռելի հետևանքներով լի էջերից է 17-րդ դարի սկզբին շահ Աբասի իրականացրած մեծ բռնագաղթը, որը փոթորկի նման ամայացրեց Հայաստանի մի զգալի հատվածը:

    Անդրադառնալով ժամանակի իրադարձությունների հորձանուտում հայտնված Հայաստանի վիճակին՝ Հայ պատմագիր Առաքել Դավրիժեցին (մոտ 1590-ականներ, Թավրիզ, Իրան — 1670, Վաղարշապատ) վկայում է, որ Հայաստանի տարբեր գավառներից (իր խոսքերով՝ «ոչ թե մեկ կամ երկու գավառից, այլ՝ բազում»)՝ «ավարով ու գերությամբ բերեցին Երևան, որտեղից էլ քշեցին» Պարսկաստանի խորքերը՝ շուրջ 300.000 բնակիչ:
    «Վասն զի ի քշելն զերկիրս ոչ թէ զմի կամ զերկու գաւառս վարեաց ի Պարսկաստան, այլ՝ զբազումս: Եւ սկսեալ և սահմանացն Նախչուանու և անցեալ ընդ Եղեգաձոր, առ եզերբ Գեղամայ և Լոռւոյ և զՀամզաչիման գաւառն, զԱպարան, զՇարապխանէն, զՇիրակուան, զԶարիշատ և մասն ինչ ի գեղօրէիցն Կարսայ և զՁորն Կաղզվանու բնաւին և բովանդակ զերկիրն Ալաշկերտու և զգեղօրայսն Մակուայ և զերկիրն Աղբակու և զՍալմաստու և զԽոյայ և զՈրմի և որ ինչ պանդուխտք և ղարիպականք մնացեալք էին ի քաղաքն և ի գեղօրայսն Թավրիզու, զդաշտն Արարատու բովանդակ և զԵրևան քաղաք, զերկիրն Ղրխբուլաղայ, զԾաղկունուց ձոր, զԳառնու ձորն, զՈւրծայ ձորն, և յառաջ քան զայն զգաւառն Կարնոյ և զԲասենու և զԽնուսայ և Մանազկերտու և զԱրծկեոյ և զԱրճշոյ և զԲերկրու և զՎանայ աւարով և գերութեամբ բերեալ էին յԵրևան, և ընդ սոսա քշեցին և տարան»:

    Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ի՝ 1669 թ. հրատարակության շապիկը

    Նկարագրելով Հայ ազգին պարտադրված «նեղությունները»՝ Դավրիժեցին իր «Պատմության» մեջ («Գիրք պատմութեանց», «Պատմագիրք») հաղորդում է, որ Սպահանում հաստատված Հայերը՝ բացի Ջուղայեցիներից ու Երևանցիներից, չքավոր դարձան, քանզի ամեն ինչն այնտեղ թանկ էր և գոյատևելու համար ստիպված էին վաճառել իրենց ունեցածը՝ սնվելու նպատակով:
    «Եւ ազգն Հայոց՝ որք եկին ի Սպահան, զատ ի Ջուղայեցւոց եւ յԵրեւանցւոց ամենեքեան
    չքաւորեցան, վասն զի որպէս յայտ է ամենեցուն, զի ի Սպահան քաղաքն ամենայն ինչ՝ թէ ուտելի եւ թէ զգենլի եւ թէ այլ ինչ, ամենայն ծանրավաճառ եւ թանկագին է, եւ յայսմ պատճառէ այս եկեալ
    ժողովուրդքս չքաւորեցան՝ զի զոր ինչ ունէին վաճառեցին եւ կերան»:

    17-րդ դարում, ի հեճուկս անցած արհավիրքների, մեծ կամքի ու աշխատասիրության շնորհիվ զանազան ճանապարհներով՝ Ռուսաստանից մինչև Հնդկաստան ու բազմաթիվ այլ երկրներում (Բիրմա, Սիամ, Նեպալ, Տիբեթ, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալայան կղզիներ…), շեշտակի աճեց Հայ վաճառականների դերն ու կշիռը: Եվ, որպես հետևանք, առևտրի տարանցիկ ուղիների կարևոր հանգրվաններում Հայկական գաղթօջախներ հիմնվեցին՝ սփռված ամենուր, ազգային կյանքի պահպանմանն ու բարգավաճմանը նպաստող գործունեությամբ…

    Խոջա Ավետիք Վելիջանյանի մանեկենը Նոր Ջուղայի թանգարանից (ստեղծվել է 1970-ականներին, պահպանվում է Հայաստանի Պատմության թանգարանում, նվիրատու՝ Ավո Հովհաննիսյան)

    Գերմանացի իմաստասեր Իմանուել Կանտը՝ իր՝ «Մարդաբանության գործ­նա­կան տե­սան­կյու­նից» աշխատության մեջ (1798 թ.), մի շարք ժո­ղո­վուրդ­նե­րի ազգային նկարագիրը տալով, Հայերին բնութագրում է այսպես.
    «…Հայերի մոտ տիրապետում է մի յուրահատուկ վաճառականական ոգի: Նրանք զբաղվում են ապրանքափոխանակությամբ՝ հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվինեական ափի Կորսո հրվանդանը: Դա վկայում է այդ խելամիտ ու աշխատասեր ժողովրդի առանձնահատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք կտրում-անցնում է գրեթե ողջ Հին աշխարհը և սիրալիր ընդունելության արժանանում այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց այցելում է»:

    «Մեծահռչակ Հնդկաց երկրի» «հույժ պատվելի, թագավորների համար ցանկալի» Հայ վաճառականներից մեկի՝ Խոջա Հովսեփի տապանաքարին 1704 թվականին գրված՝ իր հիշատակը հավերժացնող տողերն ամփոփում են անդուլ աշխատանքով, առանց հանգստի «գանձի վրա գանձ բարդելով» ու իր դիզած հարստությունից չօգտվելով այս աշխարհից հեռացած վաճառականի ճակատագիրը:

    «Տապան խոջայ Յուսէփի
    Որդի աւագ շինէնց Մարգարի,
    Վաճառական յոյժ գովելի,
    Մեծահռչակ Հնդկաց երկրի,
    Պատուով պայծառ յամէն տեղի,
    Ի մեջ ծովու և ցամաքի,
    Նաւավար էր ուրոյն նաւի,
    Համագործ էր նաւապետի,
    Թագաւորաց էր ցանկալի
    Մեծամեծաց յոյժ պատուելի,
    Անձանձիր և աշխատալի,
    Երախտաւոր բազում մարդի.
    Սա աշխատեաց յիսուն գանձի,
    Բարդեաց գանձս ի վերայ գանձի,
    Զամենն եթող ի յաշխարհի,
    Ինքն հանգեաւ ի յայս տեղի,
    Սա ոչ հանգեաւ և ոչ օր մի
    Եւ ոչ խնդաց իւրոյ գանձի,
    Գնաց առ յոյսն քրիստոնէի,
    Առ հանգիստն մեր Քրիստոսի»:

    Դարեր անց՝ Նոր Ջուղայում՝ 1904 թվականի մայիսին «Նոր Ջուղայի լրաբեր» ամսաթերթն ահազանգում էր դարերի հալածանքներից «ընդարմացած»՝ զգայունությունն ու զգոնությունը կորցրած Հայ ազգի անընդունելի հոգեվիճակը, դժգոհելով, որ՝ «շատերը դեռ կրկին ծալած ձեռքերով, ստրկացած ոգւով, անպատուած ազգային կեանքով՝ մանանայ են խնդրում երկնքից»:

    Այսօր էլ արդիական հնչող՝ «Չսփոփուե՛նք անցեալով» վերնագրված այդ հոդվածը՝ ստորև…

    «Նոր էին գաղթել Ջուղայեցիները Հայաստանից. ողբում էին իրենց կորցրած Հայրենիքը:
    Քշուել էին հեռու, բայց ապրում էին թշուառացած Հայրենիքում, որտեղ չկար մխիթարական մի երևոյթ, չկար լուսոյ և ազատութեան մի նշոյլ, միայն արցունք և արիւն էր հոսում: Հայ ժողովուրդը՝ ստրկացած իր Հայրենիքում, կրում էր օտարի լուծը՝ «Աստուածային պատիժ» համարելով…
    Բայց կրկին քաղցր էր Ջուղայեցու համար իր դժբախտացած Հայրենիքը, որտեղ ամենայն քայլափոխում պատմական նուիրական յիշատակներ, սրտին մօտ սրբութիւններ, ողբացող աւերակներ էին ցրուած, որոնք, կարծես, Հայ ժողովրդի սրտի հետ խոսում էին, լալիս և երբեմն՝ ոյժ տալիս…
    Այո՛, անգիտակցական, բայց մի բնական սէր էր:

    Հալածանքի ալիքները ձգեցին Ջուցայեցուն Հնդկաստան և աւելի հեռու. Հայրենիքի սէրը չմարեց:
    Հայաստանի անկախութեան գաղափարն այնտեղ աւելի՛ զբաղեցրեց Ջուղայեցուն և արդէն՝ գիտակցաբա՛ր…

    Միայն, դժբախտաբար, կարճ էր տևողութիւնը. հազվագիւտ դաշն կապուեց — հարստութիւնը միացաւ Հայաստանի ազատութեան զորեղ տենչի հետ:
    Բայց Հայրենիքում ժողովուրդն անպատրաստ, թաղուած տգիտութեան մէջ, ձեռքերը ծալած՝ կարծես երկնքից մանանայ էր խնդրում:

    Անցան տարիներ, սերունդներ միմեանց յաջորդեցին…
    Ջուղայեցիներից, Հնդկահայերից շատերը վարակուեցին օտարասիրութեամբ, մոռացան իրենց պատուաւոր ազգային դերը, թաղուեցին անտարբերութեան մէջ, դարձրին Հայրենիքից իրենց երեսները:
    Իսկ Մայր Հայրենիքը, Հայ ազգի ստուար մասը՝ կրկին չարչարւում կեանքի, գոյքի և պատուի կատարեալ անապահովութեան մէջ, քաշ տալով իր ոչ պատուաբեր գոյութիւնը, օգնութիւն խնդրում, պահանջում իւր տարագրեալ որդիներից…

    Նորից հոսում են արցունքի և արեան գետեր, ոռոգւում է Մայր Հայրենիքը հազարաւոր անմեղ զոհերի արդար արիւնով, ոռոգւում է և ազատագրական գաղափարը:
    Վրէժխնդրութեան և ողբի աղաղակները միախառնուած են:

    Եւ ահա՛, անթափանց խաւարը փարատւում է, արշալոյսի ամօթխած շողերը լուսոյ ժպիտով ողջունում են Հայրենիքի խիզախ լեռները…
    Բայց, դժբախտաբար, շատերս դեռ կրկին ծալած ձեռքերով, ստրկացած ոգւով, անպատուած ազգային կեանքով՝ մանանայ ենք խնդրում երկնքից:

    Մինչեւ ե՞րբ պիտի սպանենք վեհ գաղափարը մեր անտարբերութեամբ…
    Սթափուե՛նք, դիմաւորե՛նք, մո՛տ է գարունը»…

    Նույն թվականի փետրվարին հիշյալ ամսաթերթը՝ մեր Նախնիների Ոգով՝ հիշեցնում էր ու հորդորում Պարսկաստանում վերաբնակեցված Հայորդիների սերունդներին՝ «Մենք պետք է առաջ գնանք որպէս Լույսի՛ զաւակներ»…

    «…Լո՛յսն է, որին ամեն ազգեր ու լեզուներ դիմել են, երբ որ ցանկացել են ունենալ մի որևէ փառաւոր և գերազանց բանի խորհրդանշան: Եւ, արդարեւ, եթէ որոնելու լինենք ամբողջ անկենդան բնութեան մէջ մաքուր և անբիծ խորհրդանշան՝ ի՞նչ կարող ենք գտնել մի այսպիսի խորհրդանշան՝ բացի Լոյսից, որը Տիեզերքի անհունութեան միջով սլանալիս աւելի արագ է, քան՝ մարդուս միտքը, և անընդունակ վնասի ու արատաւորութեան, ուր որ թափանցում է՝ սփռում է գեղեցկութիւն և ուրախութիւն: Որպեսզի մի որևէ կերպով կարողանանք ժամանակին այս պայծառ երանութեան լիութիւնը վայելել, պէտք է կրթե՛նք և յարմարեցնե՛նք մեզ դրա համար:

    Մենք պետք է առաջ գնանք որպէս Լույսի՛ զաւակներ:

    Մեր մտքերն ու զգացմունքները պէտք է կապակցուէն Լոյսի՛ հետ և նորա յատկութիւններն ունենան իրենց մէջ, և մեր գործերը պիտի համապատասխանեն նրան, նրա բոլոր զօրութիւններին և էութիւններին»…

    …«Լոյսի որդիք ժրաջան, կարգապահ և անխոնջ են իրենց պարտականութեան կատարման մէջ:
    Այս դէպքում ևս նոքա դաս են առնում Արեգակից, որն ընթանում է այն շաւղով, որ Աստուած նշանակել է նրա համար և թափում է ցերեկւայ Լույսն իւր ներքեւ գտնուող ամեն բանի վրայ՝ իւր մշտնջենաւոր անսպառ աղբիւրներից և առիթ է տալիս եղանակների փոփոխութեան, որով ամառն ու ձմեռը կատարում են իրենց տարևոր — շրջանները:
    Դանդաղկոտ չէ՛ եղել իւր գործի մէջ և բնաւ չէ՛ մեղմանում, թուլանում կամ կանգ առնում և ոչ էլ կառնի՝ մինչեւ որ նրան ստեղծող ձեռքը չկասեցնի նրա ընթացքը:
    Լոյսի զաւակները նմանապէս մաքուր են, որովհետև Լոյսն ամենամաքու՛րն է տեսանելի բաներից. այնքա՜ն մաքուր, որ ո՛չ մի բան չէ կարող արատաւորել նրան և որևիցէ աղտոտուած բան, որ Լոյսին է ենթարկւում, Լոյսը մաքրու՛մ է…

    Հայկական հարսանիք (Պարսկաստանում)

    …Զուարթութիւնն ևս մի յատկանիշն է նրանց, որոնք իսկապէ՛ս Լոյսի զաւակներ են:
    Մի՞թէ Լոյսը միանգամայն ամէնազուարթ բանը չէ ամբողջ կենդանի և անկենդան բնութեան մէջ, մի՞թէ թախծագին հոգսեր փարատողը և անհանգիստ տառապանքների հանգստացնողը նա չէ «որպէս փեսայ, չէ՞որ Արեգակը դուրս է գալիս իւր առագաստից և ցնծում որպէս մի հսկայ իւր ճանապարհն ընթանալիս»:

    Չէ՞որ ամբողջ Բնութիւնը պայծառանում է՝ հէնց որ նայում է նրա վրայ և ողջունում է նրան ժպիտով:
    Չէ՞որ բոլոր թռչունները դիմաւորում են նրան իրենց ամենաուրախ ճռուողիւններով:
    Չէ՞որ նոյնիսկ տխուր և արցունքոտ ամպերը շքեղազարդում են իրենց՝ ծիածանի հրավառ գոյների մէջ՝ երբ Արևը զիջում է փայլել նրանց վերայ:
    Եվ մի՞թէ Մարդս այս բոլորը տեսնելիս չպէտք է ուրախանայ յափշտակութեամբ Արդարութեան Արեգակի ներքոյ:
    Մի՞թէ նա չպէտք է ողջունի նրա ծագումը փառաբանական երգերով և գովաբանական սաղմոսներով, մի՞թէ նա չպէտք է զուարթանայ իւր ամենախորին տրտմութեան մէջ, երբ այդ Արեգակի ճառագայթներն ընկնում են իւր վրայ»…
    (Մեջբերումը՝ «Նոր Ջուղայի լրաբեր», փետրվար, 1904 թ.)

    «Նոր Ջուղայի Հայերի երաժշտական գանձարան»՝ թանգարան Նոր Ջուղայում՝ բացված 2021 թվականի մարտի 22-ին
    Տեսարաններ Նոր Ջուղայի՝ Հայ երաժշտության թանգարանից
  • «ՆՈՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՀԱՅԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ  17 -ՐԴ ԴԱՐՈՒՄ»…

    «ՆՈՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՀԱՅԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ 17 -ՐԴ ԴԱՐՈՒՄ»…

    «ՆՈՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՀԱՅԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ 17 -ՐԴ ԴԱՐՈՒՄ»…

    Նախիջևանում՝ Արաքս գետի ափին գտնվող Ջուղա գյուղաքաղաքը, որ բարգավաճում էր 15-րդ դարից ի վեր՝ իր ու հարակից տարածքների՝ համաշխարհային առևտրային ճանապարհների խաչմերուկում գտնվելու շնորհիվ, 1605-ին ամայացվեց ու, ինչպես Հայաստանի այլ շրջաններից, տեղի բնակչությունը ևս բռնագաղթվեց դեպի Պարսկաստան:

    Հարյուր հազարավոր բռնագաղթվածների գերակշիռ մեծամասնությունը մահացավ գաղթի ճանապարհին, այնուհետև՝ ձմռան ցրտից, հիվանդություններից, սովից…

    Պատմությունը հետագայում կհիշատակի Նոր Ջուղայի մեծահարուստ վաճառականներին՝ «Խոջաներին»՝ իրենց բարեգործություններով, կառուցած քարավանատներով, «դիվանագիտական գործունեությամբ»…
    Ժամանակակիցների պատմություններում, ժամանակագրություններում եղած բազմաթիվ մանրամասներն ու արժեքավոր հիշատակությունները զանազան տեղեկություններ ունեն հայտնի «Ջուղայեցիների» մասին, որոնց հակիրճ անդրադարձել ենք տարբեր առիթներով:

    19-րդ դարից սկսած՝ Հայաշատ տարբեր քաղաքների տպագիր մամուլի էջերում, զանազան հանդեսներում, ամսագրերում լույս էին տեսնում քաղաքական իրավիճակը լուսաբանող, նաև՝ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ:

    Ներկայացնենք Փարիզում՝ Արշակ Չոպանյանի խմբագրությամբ 1898-1911 թթ. և 1929-1949 թվականներին (ընդմիջումներով) հրատարակված «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսի՝ 1908 թվականի մի հոդվածից քաղված հատվածներ՝ Նոր Ջուղայի Հայ վաճառականների մասին, ուր նաև ակնարկվում է Նախիջևանից գաղթած Հայերի հիմնած՝ Երևանի Չարբախ թաղամասից ավելի վաղ կառուցված Չարբաղը՝ Սպահանից դեպի Նոր Ջուղա ձգվող՝ գրեթե 6 կիլոմետր երկարությամբ ծառազարդ պողոտան («Չար բաղ» կամ՝ «Չահար բաղ»՝ թարգմանաբար՝ «Չորս այգի»՝ պարսկերենով):

    Այս հոդվածը՝ «Անահիտ»-ում տպագրվելուց առաջ, ֆրանսերենով որպես բանախոսություն հրատարակվել է Նանսիի աշխարհագրական «Société de Géographie de l’Est» ընկերության հանդեսի էջերում:

    «Անահիտ» հանդեսի շապիկը

    «Նոր Ջուղայեցի Հայերուն առեւտուրը ԺԷ դարուն («Անահիտ», 1908 թ., էջ 31-36, հեղինակ՝ Դոկտ. Յովհ. Արթինեան)

    Ամենահին ժամանակներէ հետէ, Հայերն ունեցած են առեւտրական ընդարձակ յարաբերութիւններ. Ասորեստանցիներն ու Փիւնիկեցիներն անոնցմէ ապրանք կ’ընդունէին, ձի եւ ջորի կը յաթայթէր Հայաստան Տիւրոսի, իր գետերով՝ յարաբերութեան մէջ էր Կասպից ծովուն, Պարսից ծոցին եւ Եւքսինեան Պոնտոսին հետ:
    Բակտրիայէն Հայ վաճառականները կ’ երթային Հնդկաստան, Սոգդիանայի ճամբով մինչեւ Ճենաց երկիրը:
    Հայկազանց եւ Արշակունեաց ժամանակ, Հայաստանի վաճառաշահ քաղաքներն էին Վան, Արմաւիր, Արարատայ մայրաքաղաքը, որու մասին կը խօսի Պտղոմէոս. Արտաշատ, որ գրաւելով՝ Գերմանիկոս կոչուեցաւ Հայկական, Դուին, ուր կը կեցու էին Վրաց եւ Պարսից ապրանքը, Արծնի աւանը, որու վաճառականները նշանաւոր էին:
    Յետոյ, Միջին դարուն, Հայկական Կիլիկիան կարեւոր առեւտրական յարաբերութիւններ ունեցաւ Վենետիկի հանրապետութեան հետ:
    Սակայն պէտք է հասնիլ մինչեւ ԺԷ (17-րդ, Կ. Ա.) դարու սկիզբը՝ հանդիսատես ըլլալու համար Հայոց առեւտրական մեծ շարժման, երբ Շահ Աբբաս Հայ «հանցագործներէն» վաճառականներ շինեց. եւ այդ վաճառականներն եղան աշխարհի ամենէն նշանաւոր առեւտուրի մարդիկը:
    Շահ Աբբաս Ա նուաճեց Մեծ Հայքը, Արարատայ գաւառը, Երեւան, Նախիջեւան (1585), սակայն ստիպուած էր շարունակ կռուիլ Թուրքերուն հետ այդ երկիրներուն համար: Իմանալով, որ Սուլթան Սելիմ իրեն դէմ մեծ բանակ մը կ’ ուղարկէր, որոշեց բոլորովին աւերել երկիրը, որպէս զի թուրքերը չկարենան երկար ատեն մնալ իր սահմանագլուխներուն վրայ եւ շարունակել կռիւը: Նախիջեւանի, Երեւանի, Ջուղայի, Կարսի շրջանակներուն եւ Կարինի բնակիչներն առաւ ու այր, կին, տղայ, ծեր ամենքը տարաւ Պարսկաստան, իր ետեւ այրելով բոլոր գիւղերը եւ բան մը չձգելով Թուրքերուն:
    Շահ Աբբաս բնակեցուց Հայերը Պարսկաստանի զանազան մասերուն մէջ:
    27.000 ընտանիք հաստատուեցան Ղիլանի գաւառին մէջ, ուր շերամ կը մշակուի:
    Այս 27.000 ընտանիքէն հազիւ 3.000 կը մնար 1650-ին, այնքան Ղիլանի կլիման մահաբեր է (պարսկական առակը կ’ ըսէ. «Գողցա՞ւ, մա՞րդ ըսպաննեց, որ Ղիլան կ’ուղարկեն զինքը»):

    Շահ Աբբաս Ջուղայեցիները տարաւ Սպահանի մօտ դէպ ի հարաւ Ջենդերուն գետակին միւս կողմը. Հայք իրենց այս նոր բնակավայրը կոչեցին Նոր Ջուղայ՝ ի յիշատակ իրենց ծննդավայրին: Յետոյ Թաւրիզէն, Երեւանէն ուրիշ Հայեր ալ եկան, այնպէս որ, շատ չանցաւ՝ Նոր Ջուղայ ունեցաւ 3.000 բնակիչ:
    Երեւանցիները բնակեցան Սպահանի մէջ, ամրոցին մօտ, ուր շատ մշակելի հողեր կային:
    Ուրիշներ, այլեւայլ քաղաքներէ, հաստատուեցան քաղաքէն դուրս՝ Սերաբենա կոչուած մեծ արուարձանի մը մէջ:

    Պարսկաստան, թէեւ Ֆրանսիայէն չորս անգամ աւելի մեծ է, սակայն ունի տասը — տասներկու միլիոն բնակիչ միայն. իր կեդրոնական մասին մէջ ծածկուած է մեծ մասով անապատին աւազովներովն ու աղի լիճերով»…

    …«Պարսից ցեղը մեծ վաճառականութեան ընդունակ չէր, այս քանի մը անյաջող փորձերը բաւական էին ապացուցանելու. անոնք ամէն բան կը մոռնային Արեւմուտքի մէջ եւ կը մսխէին Շահին ինչքը. առեւտուրի համար ուրիշ յատկութիւններ հարկաւոր էին:
    Շահ Աբբաս աչքը դարձուց Ջուղայեցի Հայոց վրայ. զանոնք իրենց երկրէն խլած, զրկած էր այն հողերէն, զորս իրենց նախահարք դարերով մշակած էին, եւ անոնք, օտար հողին վրայ, սկսած էին նորէն աշխատիլ, տքնիլ, նոր օճախ մը կազմել իրենց խելքով, խնայողութեամբ եւ սակաւապէտութեամբ: Ասկէ զատ, Հայերը քրիստոնեայ էին եւ լաւագոյն եւս կրնային յաջողիլ Եւրոպացի քրիստոնեայ ժողովուրդներուն մէջ:

    Շահ Աբբաս Ջուղայի եւ Սերաբենայի (ըՍպահանէ դուրս արուարձան մը, ուր բնակեցուած էր նոյնպէս Հայեր), Հայերու մէջէն զատեց եւ տուաւ անոնց դրամ ու մետաքսի հակեր: Մետաքսը անոնց յանձնեց որոշ գնով մը, զոր պէտք էր, որ վճարէին դարձին՝ իրենց համար պահելով մնացեալ շահը:
    Այս Հայերը հողագործ կամ արհեստաւոր էին ամենքն ի սկզբան, բայց, շնորհիվ իրենց նախաձեռնարկ եւ դիտող ոգւոյն, «Քիչ ժամանակի մէջ եղան, կըսէ Տավեռնիէ, այնքան վարժ, որ չկայ առեւտուր մը, որ չընեն»:
    Շատ չանցած՝ ճիւղեր հաստատեցին Եւրոպայի բոլոր մեծ կեդրոններուն մէջ, ի մասնաւորի, Լիվորնոյ եւ Վենետիկ, ուր ունեցան իսկ գաղթականութիւն եւ եկեղեցի:

    Կ’երթային Պարիս (Փարիզ, Կ.Ա,), ուր կգնէին պերճանքի առարկաներ, Ամստերդամ եւ Անգղիա. Լոնտրա կը տանէին ոչ միայն արեւելեան ապրանք, այլ նոյնպէս վենետիկեան հայելիներ. 1647-ին Բաբա Խաչատուր Վենետիկէն Լոնտրա կը տանէր 3 սնտուկ հայելի, 7 սնտուկ ապակի եւ 14 սնտուկ կեղծ մարգարիտ:
    Պարսկաստան վերադարձին, դրամէ զատ, իրենց հետ կը բերեէին ամէն տեսակ ապրանք, որ կրնային օգտակար ըլլալ արեւելեան երկիրներու մէջ, Պարսկական, Հնդկաստան… ուր կ’երթային եւ մինչեւ ի Տոնկին, Ճաւա, Փիլիպեան կղզիները. ինչպէս Վենետիկի եւ Նիւրեմբերգի ապակեղէններ եւ ուրիշ ապրանք, կեղծ մարգարիտ, հայելի, ակնոց, համրիչ, բուստ, սաթ, ժամացոյց, մեծաքանակ հոլանտական եւ անգղիական ասուիներ, ոսկեթել եւ արծաթաթել դիպակներ»:

    «ԺԷ (17-րդ, Կ.Ա.) դարու ճանապարհորդները՝ Տուրնըֆոր, Տավերնիէ, հետաքրքրական տեղեկութիւններ կուտան Ջուղայեցի Հայերու ճանապարհորդելու եղանակին վրայ:
    Իրենց հեռաւոր ճանապարհորդութեան մեկնած ատեննին, հետերնին կ’առնէին անկողին, կերակուր եփելու ամաններ, ուտելիք, պաքսիմատ, ապուխտ, իւղ, ալիւր, գինի, օղի, չոր միրգ: Եւ իրենց պաշարները այնչափ լաւ գիտէին խնայել, որ վերադարձին կ’աւելնար յաճախ եւ ետ կը բերէին. մանաւանդ, որ իրենց գոյքին փոխադրութիւնը ձրի էր, որովհետեւ, եթէ վեց ուղտ վարձէին իրենց ապրանքին համար՝ եօթներորդ մը ձրի կը ստանային:

    Իրենց հետ կ’առնէին ուռկան եւ եթէ կարաւանը հանգրուան ընէր գետակի մը ափը, կը սկսէին ձուկ որսալ:
    Տուրնըֆոր կը պատմէ, որ յաճախ անոնց հէտ պատուական ձուկ կերած է»…

    …«Նոր Ջուղայ կէս ժամով հեռու էր Սպահանէն, մէջտեղը կար Զենդերուի գետակը, որու վրայ ձգուած էր Ալլահվէրտի Հայուն շինել տուած հոյակապ կամուրջը՝ 34 կամարներով (հիշյալ կամուրջը հայտնի է որպես «33 կամարներով կամուրջ», Ալլահվերդի խանի ազգությունն էլ այլ աղբյուրներում հիշվում է որպես վրացի, թեև, այդ ժամանակաշրջանում ֆրանսիացի ճանապարհորդ ու բուսաբան Տուրնըֆորը նշում էր, որ Թիֆլիսի մոտ 20.000 բնակչության թվում 14.000 -ը Հայ են, Կ.Ա.):


    Չարբաղի պողոտան կը միացունէր Սպահանը Ջուղային, ճամբուն երկու կողմը տնկուած էին դարաւոր սօսիներ, որոնց ոտքը վճիտ ջրի առուակներ կը հոսէին, աստ — անդ կազմելով անհունաւոր մանր առուակներ, կարկաչահոս ջրվէժներ ու շատրուաններ: Զենդերուի միւս կողմը Չարբաղի ծառուղին կը յանգէր Հեզարջերիդ (Հազար արտավար) արքայական պարտէզները, որմէ կողմնակի ճանապարհ մը կը տանէր Ջուղայ»:

    …«Երբ Հայերը յաջողեցան առեւտուրի մէջ, սկսան Ջուղայի մէջ շինել փառաւոր տուներ եւ ապարանք՝ ինչպէս տեսած էին Եւրոպայի մեծ քաղաքներուն մէջ: Ու ասիական այս հեռաւոր գիւղին մէջ մարդ զարմանքով կը լսէր աշխարհի գրեթէ բոլոր լեզուները. այս նախկին մշակներու կիները կը հագնէին Անգղիոյ եւ Հոլանտայի ամենէն ճոխ կերպասները, ոսկեթել եւ արծաթաթել դիպակներ, ու փողոցներուն մէջ տարօրինակ տեսարան մըն էր տեսնել մանուկները՝ հագնուած այլազան երկիրներու գոյնզգոյն տարազներով:
    Մեծին Շահ Աբասի եւ իր որդւոյն Շահ Սեֆի Ա-ի օրով Հայերը մեծամեծ հարստութեանց տիրացան:
    Խօճա Պետրոս, իր մահուանը 40.000 թուման (360.000 ֆր.) կանխիկ դրամ ձգեց ժառանգութիւն, ի բաց առեալ իր տուները, արտերը, այգիները, գոհարեղէնները, ոսկիէ եւ արծաթէ սպասները, կարասիները:

    Պարսից Շահը յաճախ կուգար Հայերու տունը. Ծննդեան տօնին օրը անպատճառ Շահը կ’ընթրէր Ջուղայի Հայ իշխանին՝ Կալենտէրին (Քալանթարի, Կ.Ա.) տունը. այդպիսի ընթրիքներուն կերակուրները Շահին կը մատուցուէին ոսկեղէն պնակներու մէջ եւ ճաշէն յետոյ անոր հինգ-վեց հազար ֆր. արժէքով ընծայ մը կ’ընէին»…

  • «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՎԻՃԱԿԸ  17-ՐԴ  ԴԱՐՈՒՄ»

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ»

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ 17-ՐԴ ԴԱՐՈՒՄ»

    Պատկերներ Նախիջևանից

    Փարիզում հրատարակված հնախոսական, պատմական, լեզվաբանական ու քննական «Բանասէր» հանդեսի 1899 թվականի Ա հատորի Գ համարում 19-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Մարի — Ֆելիսիտե Բրոսեի (Marie-Félicité Brosset, 1802-1880) անդրադարձն է՝ 17-րդ դարի Հայաստանի իրավիճակին (Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին)՝ «Հայաստանի վիճակը ԺԷ դարուն մէջ», որտեղից ներկայացնում ենք որոշ քաղվածքներ…

    Մարի Ֆելիսիտե Բրոսե

    «Հայաստանի վիճակը ԺԷ դարուն մէջ»

    …«Օսմանցիներու ապրուստի բոլոր միջոցներն ու ներքին նահանգներուն մէջ գտնուած ամէն տեսակ ապաւէնը տանելէ վերջը, Շահաբբաս ուզեց նոյն իսկ որ արդէն իր իշխանութեան տակն անցած բնակիչներն ալ Պարսկաստան տարուին, թէեւ 1605-ի ձմեռը մօտեցաւ. եւ այս անողոք հրամանը գործադրուեցաւ՝ ինչպէս կը կարծուի՝ ամենամեծ խստութեամբ, Պարսից թագաւորին կողմանէ այս վիճակներուն ընդհանուր կուսակալ Էմիրգունե’ի կամ Էմիրգունա’ի տնօրինութեան տակ:

    Բայց Հայերէն շատերը իրենց հալածողներէն ազատուելու համար անմատչելի տեղեր կ’ապաւինէին:

    Տեսարաններ Հավուց Թառից

    Հաւուց Թառի վանահայրն Մանուէլ եպիսկոպոս ու Գեղարդայ վանուց վանահայրն՝ որչափ պաշար որ կրցան հաւաքել՝ ժողովրդի բազմութեան մը հետ միասին ապաստանեցան գաւառին ամենաբարձր լեռներուն մէջտեղը գտնուած մեծ այրի մը մէջ:
    Էմիրգունա իր զորքերովն հասաւ անոնց ետեւէն. բայց Հայք կը մերժէին անձնատուր ըլլալ անոնց, եւ քարեր կը նետէին Պարսից վրայ:

    Քարայրներ՝ Գեղարդի՝ Այրիվանքի շուրջ

    Սակայն զինուոր մը յաջողեցաւ լերան գագաթն ելնել, եւ՝ հասնելով այրին բերանն՝ սկսաւ կանչել Մանուէլ եպիսկոպոսը, զոր կը ճանչնար անձնապէս: Մանուէլ այնքան ապշեցաւ, որ չի կրցաւ պատասխանել, եւ զինուորն անոր գլուխը կտրեց, տարաւ իր հրամանատարին:

    Անգամ մը ճամբան հարթուելէն վերջը՝ պարսիկ զինուորներն եկան մեծ բազմութեամբ եւ ջարդեցին-կոտորեցին այս անպաշտպան ժողովուրդը:
    Քորադարաի ու Եախրշխանի այրերն ալ լաւ չկրցան պաշտպանել իրենց մէջ ապաւինածներն:
    Հոն, Թիմուրի պատերազմներուն ժամանակն եղածին նման, զինուորները ժայռերուն կատարն հասած՝ հրացանով կը սպաննէին այդ խեղճերը, եւ, երկար պարաններու միջոցաւ վար իջնելով, ի հուր եւ ի սուր կը մատնէին զանոնք, այս հիւրընկալ լեռներու խորքերուն մէջ:

    Օսմանցիները Կարս հասնելուն պէս, Շահաբբաս հրամայեց իր զօրավարներուն եւ Հայոց երեւելիներուն՝ փութացնել գաղթականներու անցքն Երասխ գետէն: Այս նպատակաւ հաւաքեցին քանի մը փոքր նաւեր, նաւակներ ու լաստեր: Որովհետեւ ժողովուրդը պարսից բաղձանքին համեմատ չէր շարժիր եւ շտապիր երբեք, եւ նոյն իսկ շատերը կը դիմադրէին, պաշտօնեայք անոնցմէ ոմանց ականջներն ու քիթը կտրեցին, մնացածները վախցընելու համար, եւ անոնցմէ երկուքն ալ — որոնց մէկն էր հոգելոյս Առաքել հայրապետին եղբայրն Յովհանջան — սպաննեցին:
    Անոնց ցցի վրայ հանուած դիակներուն արհաւիրքն՝ ստիպեց խեղճ Հայերն համակերպիլ, եւ գետին անցքը (Արաքսի անցումը, Կ. Ա.) կատարուեցաւ ամենամեծ անկարգութեամբ, ինչպէս կը պատմեն զայն Հայ մատենագիրք:

    Իւրաքանչիւր ընթերցողի երեւակայութիւնն իրեն պիտի ներկայացընէ դիւրաւ այս տեսակ պատկերներ. եւ արդէն ճիշդ է, որ մեր գլխաւոր հեղինակը՝ Ֆրա Աւգոստինոս՝ այդ փառքն ունի (Ֆրա Օգոստինոսի մասին՝ մի քանի տող՝ ստորև, Կ. Ա.): Ի լրումն դժբաղդութեան՝ Շահաբբաս ներկայ էր անձամբ. բարկացայտ խոսքերով եռանդը կը դրդեր իր սպաներուն, որոնք իրենց չարաչար վարմունքովն ու բրտութեամբը հակահարուածը կուտային գերիներուն. եւ կը ստիպէին զանոնք անձերնին վտանգի ենթարկել գետին վրայ, ոչ մէկ տեսակ զգուշութեան հոգ տանելով եւ յայտնապէս վտանգելով անոնց կեանքը:

    Արաքս

    Գետին անցքը կատարելուն պէս՝ գաղթականներն առաջնորդուեցան Պարսկաստանի ներսերն, ամենասոսկալի ճամբաներով, լեռներու եւ ժայռերու վրայով, ուր ձմեռն անցունել տուին, որմէ ետքը՝ գարնան՝ ազգին գլխաւորները քաղաքները տարուեցան, ուր այսուհետեւ բաւական անուշութեամբ վարուեցան հետերնին:
    Ջուղայի Հայերն, ի մէջ այլոց, ընդունեցան իբրեւ բնակավայր Սպահանի թաղերէն մէկը, միւս կողմը Զէնդէ-րուդ գետին, որ կը թրջէ քաղաքը: Գալով հասարակ ժողովրդին, ցոյց տրուեցաւ անոնց շրջակայ աւանները՝ Լնջանի, Երնջակի, Գանդիմանի, Ջլակորի, Փառիաի եւ Փուլվարիաի վիճակներուն մէջ, եւ ազգը բնակեցաւ՝ հպատակ իշխանութեան մելիքներու, որոնք բնիկ երկրացիներէն ընտրուած տեսակ մը ինքնօրէն պաշտոնեաներ էին:
    Այն լաւ վարմունքը, զոր տեսան պարսից թագավորին կողմէ, հաստատեցին ընդմիշտ այն վիճակներուն մէջ այս հարուստ եւ քաջարուեստ ժողովրդին մեծագոյն մասը:

    Այս առաջին գաղթականութեան, որ տասներեք հազար ընտանիքէ բաղկացած էր, շուտով յաջորդեց երկրորդ մըն ալ, որ կը բարձրանար տասը հազարի, Դավրեժի (Թավրիզի, Կ.Ա.), Արդաւիլի, Երեւանի եւ Գանձակի շրջականերէն, որոնք հաստատուեցան վատառողջ երկիր մը՝ Գաւրաբադ, որուն կլիման ջնջեց — վերցուց՝ ինչ որ խնայած էր սուրը»…

    Արևելքի ու Արևմուտքի միջև տարանցիկ ճանապարհների խաչմերուկում՝ Նախիջևանի Հայ վաճառականները, նաև՝ որոշ Հայ կաթոլիկ «դոմինիկեաններ», մասնակցություն ունեցան ժամանակի քաղաքական հարաբերություններում: Նրանցից շատերը դիվանագիտական ծառայութիւններ էին մատուցում Պարսկաստանի շահերին, ռուսական ցարերին ու եվրոպական թագավորներին (հատկապէս հակաթուրքական կոալիցիայի ստեղծման գործում):

    Նրանցից մեկն է Ֆրա Աւգոստինոս քահանան՝ իր խոսքերով՝ «ի Աշխարէն Մեծ Հայաստանոյ, ի գաւառէն Երինջակոյ, ի գիուղէն Ապարաներոյ եւ ազգաւ Հայ», Նախիջևանի Հայ կաթողիկե (դոմինիկյանների) փոքրաթիվ համայնքից (վերջինս գոյատևեց մի քանի դար):

    Վիեննայի Մխիթարեան միաբանութեան կողմից հրատարակված՝ «Հանդէս ամսօրեայ» ամսագրի 1921 թվականի թիվ 11-12-ում զետեղված մի հոդված տեղեկացնում է, որ «Ֆրա Աւգոստինոս Աւետիք» անվամբ մի այլ Հայ է ապրել Վենետիկում «ԺԴ դարու (14-րդ դարի, Կ. Ա.), երկրորդ կեսին» և չպետք է նույնացնել Երնջակի Ապարաներ գյուղից՝ 17-րդ դարի՝ «ԺԷ դարու առաջին քառորդին ի Վենետիկ» ապրած» անձնավորության հետ:

    Փարիզում՝ Կարապետ Բասմաջեանի (1864 — 1942) տնօրինությամբ հրատարակվող «Բանասէր» հանդէսի Առաջին հատորի Գ գրքից (1899 թ.) մի հատված՝ ստորև (հեղինակ՝ Կարապետ Բասմաջյան), ուր վերոհիշյալ կրոնավորի «Վարք»-ն է՝ Պարսից շահի և ֆրանսիայի Լուի 14-րդ թագավորի միջև Հայերի «դեսպանության» դրվագով…

    Աւգոստինոս Բաջենց Հայալատին եպիսկոպոսին
    Յաւելուած՝ Անտոն Քահանայ Ապրակունեցի
    (Անտիպ ձեռագիրք) (էջ 218)

    Պարիսի (Փարիզի, Կ.Ա.) Ազգային Մատենադարանին հայերէն ձեռագիրներէն թիւ 3, Supplément Arménien, զոր մենք Թիւ 10 համարով նկարագրած ենք «Բանասէր»-ի ներկայ պրակին մէջ, կը պարունակէ, ի միջի այլոց, շատ կարեւոր եւ հետաքրքրական տեղեկութիւններ Շահաբբասի արշաւանքին վրայ, Հայր (կամ՝ ինչպէս գրիչն ինքզինքը կը կոչէ՝ Ֆրայ = Եղբայր) Աւգոստինոս Բաջենցի կատարած ուղեւորութեան վրայ եւ Հ. Անտոն Ապրակունեցւոն դեսպանութեան վրայ, զոր ստանձնած էր վերջինս Պարսից Շահէն՝ Ֆրանսայի Լուի ԺԴ (Լուի 14-րդ, Կ.Ա.) թագաւորին համար: Այս ձեռագրերն, որքան գիտենք, տակաւին անտիպ կը մնան, եւ միայն ֆրանսերէն թարգմանութեամբ մը հրատարակած է Բրոսէ, Պարիսի Ասիական ընկերութեան Օրագրին 1837 մարտի և մայիսի պրակներուն մէջ (Journal Asiatique, 1837 Mars, pp. 209-245 et Mai, pp, 401-421):

    … Նկատելի է, թէ հակառակ Հ. Ագոստինոսի լռութեան, Հ. Անտոն կը պատմէ, թէ Աւգոստինոս արքեպիսկոպոսութեան աստիճանին բարձրացած է եւ կարգուած վանահար Նախիջեւանի վանքի (1627-1653):
    Փափագողք աւելի տեղեկութիւններ կրնան գտնել Բաջենցի մասին Գեր. Հ. Ղեւոնդ Վ. Ալիշանի «Սիսական» պատուական գրոց մէջ, էջ 394-395): Իսկ ինքն՝ Հ. Անտոն՝ Ֆրանսայի թագաւորէն 1.000 ֆրանկ ստացած է իր ճանապարհի ծախուց համար, Արտաքին Գործոց նախարար Arnaud de Pomponne -ի ձեռքով, եւ պալատական կառքով առաջնորդուած է յարքունիս, ինչպէս կը նկարագրէ Scriptores ord. Pread. գրութիւնն, էջ 653»:

    Կարապետ Բասմաջյան
  • «ԱՌԱՏԱԲԵՐ ԵՎ ԳԻՆԵԲԵՐ ԱՅԳԻՆԵՐ»…

    «ԱՌԱՏԱԲԵՐ ԵՎ ԳԻՆԵԲԵՐ ԱՅԳԻՆԵՐ»…

    «ԱՌԱՏԱԲԵՐ ԵՎ ԳԻՆԵԲԵՐ ԱՅԳԻՆԵՐ»…

    Հազարամյակներ ի վեր Մայր Հողից բերք ու բարիք է ստանում Մարդը՝ փառաբանելով Կենսատու Բնությունը: Եվ այդ աշխատանքը ծես էր ու տոն, նրա արդյունքում ստեղծվածը՝ պարգև, առատության ու բարեկեցության գրավական…

    Բերքի՝ ծիրանի, խաղողի, հասկի օրհնության ծեսն այսօր էլ շարունակում են Հայկազունները՝ Հայոց Նախահայրերի ավանդույթներին հավատարիմ՝ յուրաքանչյուր տարվա բարիքը վայելելուց առաջ…

    Հնագույն շրջանից մեզ հասած զանազան արձանագրությունները, պատմիչների վկայությունները, հնագիտական նյութերը փաստում են, որ Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում զարգացած գյուղատնտեսության շնորհիվ հարուստ բերքահավաք է եղել և տոների, ծեսերի, խրախճանքների անբաժան ուղեկիցն էր գինին:

    Վան, Աղթամարի բարձրաքանդակներից

    Հողագործական աշխատանքն իր առօրյա եռուզեռով, ծիսական երգ ու պարով՝ Երկրի, բնակչության բարօրության ցուցիչն էր: Եվ, ընդհակառակը, Հողի, այգեգործական աշխատանքների բացակայությունն ամայի ու ավեր ժամանակների բնորոշիչն էր:
    «Ո՛չ լսի ձայն ուրախութեան ի կութս այգեաց, եւ ո՛չ բարեբանութիւն՝ առ կոխօղս հնձանի»,- գրում էր Հայ պատմիչ, հոգևորական գործիչ Արիստակես Լաստիվերցին 11-րդ դարում՝ նկարագրելով «բնակիչներից թափուր» մնացած երկրի ավերակ ու ամայի վիճակը…

    Հայոց տարբեր գավառների համար միջնադարում սահմանված հարկերի ցանկում հիշատակվում է, որ Նիգ գավառը ցորեն է տալիս որպես հարկ, Արագածոտնը՝ գինի, Վաղարշապատը՝ բամբակ (10-14-րդ դարերում Արագածոտնը գինու արտադրության կարևոր կենտրոններից էր):

    Բարձրաքանդակի մի հատված՝ Զվարթնոցից

    Առատաբեր այգի հիմնելու, հնձան կառուցելու մասին արձանագրություններից բացի Կարմիր Բլուրում, Զվարթնոցում, Գառնիում, Քանաքեռում, Էջմիածնում, Եղվարդում, Դվինում և այլուր հայտնաբերված հնձանների ավերակները բավականին պատկերացում են տալիս նրանց կառուցվածքի մասին (ըստ բազմավաստակ հնագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանի՝ հնձանատունը ծածկի ներքո էր, հնձանը՝ բացօթյա):

    Երկու, երբեմն երեք բաժանմունքից բաղկացած այդ կառույցները՝ խաղողը ճզմելու առագաստը, պատի վրա դրված կավե խողովակը, որով խաղողից նոր քամված քաղցր հյութը՝ քաղցուն ծորում էր երկրորդ՝ փոքր-ինչ ցածրադիր բաժանմունքում տեղադրված ամանի մեջ, հատակում փորված մեծ հորերը՝ գուբերը, մառանները, ուր խմորման հիմնական գործընթացն էր տեղի ունենում, բազմաշարք դասավորված կարասները՝ շուրթերին՝ նրանց տարողության նշումներով… խաղողի մշակման, գինեգործության առանձնահատուկ դերն են վկայում:
    Թեշեբաինի հնավայրի՝ Կարմիր Բլուրի 8 մառաններում միայն շուրջ 450 կարաս է հայտնաբերվել (մառանապետի, մատռվակի՝ գինեբաշխի (գինեմատույցի), գինեվաճառության ու գինեծախի (գինեվաճառի) մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել զանազան ժամանակաշրջաններից):

    Թեշեբաինի (Կարմիր Բլուր)

    Բժշկական նպատակներով գինու կիրառման վկայություններ կան զանազան բժշկարաններում (խաղողի՝ սպիտակ խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինիներն էլ, բնականաբար, տարբեր էին իրենց հատկություններով՝ «միջակ, վատուժ, սուր, նոսր, անուշ…», ինչպես Ամիրդովլաթն է հիշեցնում, նաև՝ «միսթար, որ է պիղծ գինին, որ աւերէ, եւ շուտ հարբեցնէ զմարդն խիստ» («Օգուտ բժշկութեան», էջ 362, Երևան, 1943 թ.):

    Ահավասիկ Վարդան Այգեկցուց (13-րդ դար) մի առակ՝ ի հիշեցումն գինու «լավ ու վատ» ուժի…

    Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե՝ «Ամեն օր ձեզնից մեկը թող տանի՛ իմ որդուն և պատվի՛»:
    Եվ տանում էին:
    Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:
    Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ:
    Թագավորը հրամայեց, թե՝ «Իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակե՛ք և կարասները կոտրատե՛ք»:
    Այդպես արին:
    Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:
    Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ «Եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չե՛մ պատժի»:
    Եկան այրի կինը և նրա որդին:
    Թագավորը նրան հարցրեց, թե՝ «Ինչպե՞ս սպանեցիր առյուծին»: Նա ասաց, թե՝ «Գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի»: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպե՛ս է գինով սնուցել:
    Թագավորը հրաման արձակեց, թե՝ «Այգի՛ տնկեք և գինին այնպե՛ս խմեք, որ առյու՛ծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք»:

    Որպես «վերջաբան» էլ՝ մեր օրերի իրադարձություններին համահունչ, Պարույր Սևակի հանճարով երկնված մի քանի տող…

    «Դու քո խաղողի նման ես եղել.
    Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել,
    Բայց երբ անցել են ցրտերը ձմռան,
    Հողի մեջ թաղված վազերիդ նման,
    Դու նո՛ր մի ուժով նորից ընձյուղել,
    Կորված ճյուղերդ ես վերստին ուղղել,
    Եվ եթե կրկին կորվել ես՝ արդեն
    Ողկույզների՛ տակ այն ադամանդե,
    Որ ճաքճըքել են քո քաղցրությունից,
    Մինչ դառնությունդ… դարձել է գինի»…

    Պարույր Սևակ, Երևան, 1950 թ.

    Խաղողօրհնեքի շնորհավորանքով…

    (լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)…

  • «ՄԵԾԱՄՈՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ»                   ԿԱՄ՝                                  «ՔՐՄԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ»…

    «ՄԵԾԱՄՈՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ» ԿԱՄ՝ «ՔՐՄԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ»…

    «ՄԵԾԱՄՈՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ»
    ԿԱՄ՝
    «ՔՐՄԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ»…

    Մեծամորի հնավայրից հայտնաբերված՝ բոժոժներով բուրվառը

    Հնագույն շրջանի պատմության ու մշակույթի համար համաշխարհային բացառիկ նշանակություն ունի Մեծամորի հնավայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում: Պաշտամունքային կոթողներով ու շինություններով հարուստ այս կարևոր կենտրոնում 1960-ական թվականներից ի վեր իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերված բազմահազար գտածոներից զատ բացառիկ կարևորություն ունի միջնաբերդի հյուսիս-արևելյան հատվածում պեղված տաճարային համալիրը՝ եզակի՝ իր կառուցվածքով:

    Յոթ սրբարան-զոհասեղաններն իրենց կից կավակերտ կառույցներով ու ժամանակի ծիսական սպասքով, շարժական կրակարանի բեկորներով, պահպանված մոխրով, սննդի, հացահատիկի մնացորդներով, ծիսական հացի նախշազարդման դաջվածքների համար կիրառվող դրոշմիչներով, հեղուկի պահպանման համար նախատեսված սափորներով՝ հազարամյակների հեռվից լույս են սփռում վաղնջական հավատալիքների վրա՝ հարստացնելով համամարդկային մշակույթի պատմությունը…

    Պատկերներ Մեծամորի հնավայրից

    Ժայռափոր քառանկյունաձև շինություններում պեղումներով ի հայտ եկած յոթ սրբարան-զոհասեղաններից հինգը չափագրումից հետո պահպանման նպատակով կրկին ծածկվել են, իսկ կենտրոնական բարձրադիր երկու սրբարանները՝ յուրօրինակ թանգարանի են վերածվել՝ հարմարեցվելով ցուցադրության:

    Մեծամորի պեղումների նվիրյալ հետազոտող՝ պատմական գիտությունների դոկտոր Էմմա Խանզադյանի (1922-2007)՝ «Քրմի դամբարան Մեծամորում» հոդվածից քաղված մի հատվածում նկարագրվում է ծիսական մի սպասք՝ բոժոժներով մի բուրվառ, որն իր նշանակությամբ կիրառվում է մինչ օրս (մի ապացույց ևս, որ քրիստոնեության տարածումից հետո հնագույն ծիսական արարողությունները, հանդերձն ու սպասքն են կիրառվել՝ ձևափոխվելով ու «քրիստոնեականացվելով»)…

    Նշենք, որ «Բոժոժ»՝ թրթուրների հյուսած մետաքսաթելի փաթույթից բացի նաև փոքրիկ մետաղյա սնամեջ գունդն է կոչվում, որը շարժելիս նրա մեջ տեղադրված մետաղե կտորը դիպչում է գնդի պատերին ու հնչեցնում՝ ղողանջում:
    Զանգակը, ինչպես ծնծղան, նրանց «մոգական ղողանջը»՝ հնագույն ժամանակներից ի վեր իրենց հարուցած թրթիռներով ծեսի անբաժան տարրերից էին, որոնք ցարդ կիրառվում են զանազան արարողությունների ընթացքում (որպես ծեսի սկիզբն ազդարարող կամ «չար ոգիներին վանող»)…
    Թաղման (հուղարկավորման) հնագույն ծեսի համաձայն՝ որոշ հատուկ նշանակության իրեր դրվում էին դամբարանում…

    Մեծամորից հայտնաբերված բուրվառի լուսանկարը՝ Էմմա Խանզադյանի ուսումնասիրությունից

    «Քրմի դամբարանաբլուրը հայտնաբերվել է 1968 թվականին՝ Մեծամորի դամբարանադաշտի հարավային եզրում, երկրորդ ցամաքուրդային առվից մոտ 50 մետր արևմուտք: Հողային աշխատանքների ժամանակ ցեխի հետ խառը գետնի մակերես էին նետվել դամբարանի պատերի բազալտե խոշոր սալերը, բրոնզե բուրվառը, պատվանդան-բուրանոթը, խեցեղենը և այլն:

    Ժամանակի ընթացքում վերացել էին դամբարանաբլուրի վերգետնյա հետքերը:
    Այսպիսով, մենք հնարավորություն չունեցանք ամբողջական պատկերացում կազմելու դամբարանաբլուրի կառուցվածքի, չափերի և թաղման ծեսի մասին:
    Մի բան պարզ է, որ դամբարանը կառուցված է եղել բազալտե սալերով:

    Մեծամոր

    Հայտնաբերված սակավաթիվ, սակայն բավականաչափ խոսուն նյութերը հուշում են, որ այն պատկանել է հասարակության մեջ դիրք գրավող անձնավորության, հատկապես՝ քրմական դասին պատկանող, գուցեև մի նշանավոր քրմի, որի հետ դամբարան են իջեցրել նրա պաշտոնին առնչվող, նրան անդրաշխարհ ուղեկցող իրեր, այդ թվում՝ բուրվառը, պաշտամունքային ուշագրավ բուրանոթ-պատվանդանը և, հավանաբար, արժեքավոր այլ իրեր, որոնք մեզ չեն հասել:
    Ելնելով վերոհիշյալից՝ մենք դամբարանն անվանում ենք՝ «Քրմի»:

    Բուրվառը գրեթե կիսագնդաձև է:
    Նրա հարթ շուրթերին արտաքինից գամիկներով ամրացված չորս արծվագլուխ կանթերին միանում են սկավառակաձև ճարմանդից կախված շղթաներ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է մեկական զանգակ՝ ներսում՝ քար:
    Նման զանգակների զուգահեռներին կարելի է հանդիպել ուշ բրոնզի դարաշրջանի մշակույթի զարգացման գրեթե բոլոր փուլերում:

    Տաճարում ծիսակատարության ժամանակ անուշահոտ խունկ կամ այլ բուրավետ նյութեր ծխելիս բուրվառը ճոճել են, որի ընթացքում ղողանջել են նրա շղթաներից կախված զանգակները. դա հնում արվում էր չարը քշելու, խափանելու համար:
    Գրեթե նույն դերը՝ չարը, փորձությունը վանելու են ծառայել տաճարներում արարողությանը մասնակից, նույնպես մեծ վաղեմություն ունեցող քշոցները՝ «բոժոժածածկ ճոճանակները», ինչպես նրանց որակում է Հայկազյան բառարանը:

    Մինչ այժմ էլ հեթանոսական կրոնից եկած այդ արարողությունը կատարվում է քրիստոնեական եկեղեցում:
    Ծիսակատարության ժամանակ օգտագործվում են բուրվառը և քշոցը:
    Ուշագրավն այն է, որ Անիի բոլորակ Ս. Գրիգոր-Գագկաշեն եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերված միջնադարյան բուրվառներից մեկի շղթայի վրա պահպանվել է նաև զանգակը:

    Ուշադրությունից չի կարող վրիպել նաև այն հանգամանքը, որ բուրվառի ունկերն արծվագլուխ են: Դա, անշուշտ, պատահականություն չէ:
    Հին Արևելքում արծիվը ճանաչվել է որպես Արևի խորհրդանիշ, առնչվել երկնքի, կրակի, լույսի հետ:
    Մեծամորում հայտնաբերվածը բուրվառի հավանաբար ամենավաղ օրինակներից մեկն է:

    Մոտավորապես նման մի բուրվառ, սակայն ավելի քան ոճավորված թռչնատիպ կանթերով, հայտնաբերվել է Լոռի բերդի թիվ 15 դամբարանում, ուշ բրոնզի դարաշրջանին բնորոշ բազմահարուստ նյութերի միջավայրում:

    Գտածո՝ Լոռի բերդից

    Արթիկի թիվ 410 կատակոմբում մի քանի հասարակ կավամանների հետ հայտնաբերվել է բրոնզի անոթ՝ օղակաձև ունկերով և դեպի ցած սրվող հատակով:
    Հավանաբար այն նույնպես բուրվառի դեր է կատարել: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա 12-11-րդ դարերով:
    Անշուշտ, ծիսական արարողություններին է ծառայել Մեծամորի Քրմի դամբարանում հայտնաբերված, ուշագրավ զարդապատկերներով կավակերտ պատվանդան-բուրանոթը»…

  • «…ԵՐԿՐԻ ՏԱԿ ԾԱԾԿՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ՝ ՈՍԿԻՆ ՈՒ ՊՂԻՆՁԸ, ԵՐԿԱԹՆ ՈՒ ՊԱՏՎԱԿԱՆ ՔԱՐԵՐԸ»…

    «…ԵՐԿՐԻ ՏԱԿ ԾԱԾԿՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ՝ ՈՍԿԻՆ ՈՒ ՊՂԻՆՁԸ, ԵՐԿԱԹՆ ՈՒ ՊԱՏՎԱԿԱՆ ՔԱՐԵՐԸ»…

    «…ԵՐԿՐԻ ՏԱԿ ԾԱԾԿՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ՝ ՈՍԿԻՆ ՈՒ ՊՂԻՆՁԸ, ԵՐԿԱԹՆ ՈՒ ՊԱՏՎԱԿԱՆ ՔԱՐԵՐԸ»…

    Գտածոներ Մեծամորից

    Վաղնջական ժամանակներից ի վեր Հայկական Լեռնաշխարհն իր հարուստ ընդերքով՝ օգտակար բնական հանածոների գրեթե բոլոր տեսակներով (պղինձ, անագ, ոսկի, արծաթ, երկաթ, կապար, ցինկ, ծարիր, սնդիկ, որձաքար, աղ…), կարևորագույն դեր է ունեցել համաշխարհային մետաղագործության արտադրության բնագավառում՝ նպաստելով հնագույն քաղաքակրթությունների զարգացմանը:

    Հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների ուսումնասիրություններում շեշտվում է Հայաստանի դերը՝ որպես հազարամյակների ընթացքում հանքարդյունաբերական կարևորագույն կենտրոն: Ասվածի հավաստումները կան դեռևս Հին Աշխարհից՝ ասորեստանյան արձանագրություններում, հույն հեղինակների (Հոմերոսի, Հեսիոդոսի և այլոց) վկայություններում…

    Իրենց ռազմական արշավանքների տարեգրություններում Ասորեստանի տիրակալները թողել են իրենց հափշտակած «անհամար քանակի» ավարի թվարկումը:
    Ասուրբանիպալ Բ թագավորը (ն.թ.ա 9-րդ դար) Տիգրանակերտի շրջանից հափշտակել է «2 տաղանդ արծաթ, 2 տաղանդ ոսկի, 100 տաղանդ կապար, 200 տաղանդ բրոնզ, 300 տաղանդ երկաթ, 1.000 բրոնզե անոթ, 2.000 բրոնզե գավաթ, փղոսկրից ու ոսկուց պատրաստված բազկաթոռներ (գահեր)»…
    Թգլաթպալասար Գ-ն միայն Փոքր Հայքին համապատասխանող տարածքից ն.թ.ա 8-րդ դարում կողոպտել է 300 կիլոգրամ ոսկի և 3 տոննա արծաթ…

    Հին Արևելքի ոսկու հանքավայրերին վերաբերող հնագիտական ու երկրաբանական ուսումնասիրությունները փաստում են, որ Հայկական Լեռնաշխարհից՝ Ճորոխի հովտից՝ Սպերից, Խարբերդի երկրագործական հարուստ կենտրոնից՝ «Ոսկեբեր» դաշտից (ուր Եփրատի վտակի՝ Արածանիի ջրերում մինչև վերջին տարիներին ցրոնային ոսկի էր հանդիպում), Սասունի լեռներից, Ծոփքից ու հարակից շրջաններից զանազան երկրներ են տարվել ոսկու մեծ պաշարներ (Խարբերդի նահանգում հռչակված էին նաև Կապան-Մադենի արծաթահանքերը)…

    Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջանների հնավայրերից, դամբարանային համալիրներից (Լոռի բերդ, Վանաձոր, Թռեղք, Քարաշամբ, Մեծամոր…) հայտնաբերված բազմաքանակ ոսկյա բացառիկ նմուշները Հայոց աշխարհում հազարամյակների ընթացքում գոյատևած ոսկու բարձրակարգ մշակույթի պերճախոս վկայություններն են (չմոռանանք, որ հետագայում Պլինիոս Ավագը որպես առաջին՝ ամբողջությամբ ոսկեկուռ՝ ոսկեձույլ քանդակ Երիզայի տաճարի Անահիտ Դիցամոր արձանն է հիշատակում):

    Ղազար Փարպեցին, նկարագրելով «երևելի գավառն Այրարարտյան» ու «ամեն ինչ բուսցնող», «ամեն ինչ տվող» Արարատյան դաշտի հարստությունները, հավելում է.
    …«Նրանք… ցույց են տալիս երկրի տակ ծածկված գանձերը, որպեսզի նրանք հավաքեն ի շահ իրենց, ի վայելումն այս աշխարհի թագավորական մեծությունների և ի հաստատություն հարկահանների:
    Եվ այդ գանձերն են ոսկին ու պղինձը, երկաթն ու պատվական քարերը, որոնք, ընկնելով արհեստավորների ձեռքը, թագավորներին զուգում են գեղեցկատեսիլ զարդերով ու բանվածքներով, ինչպիսին են խույրերի, թագերի ու հանդերձների վրա ընդելուզված ոսկեհուռ պաճուճանքները»…

    Մետաղագործության հնագույն օրրանների հարցին վերաբերող բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնցում շեշտվում է վաղնջական ժամանակներից ի վեր՝ Հայկական Լեռնաշխարհի ունեցած դերը:
    Կ. Հ. Մկրտչյանի և Է. Վ. Խանզադյանի՝ «Լեռնահանքային գործը և մետաղաձուլությունը Հին Հայաստանում» ուսումնասիրությունից մի անդրադարձ՝ ի լրումն ասվածի…

    «Հայկական Լեռնաշխարհի՝ որպես մետաղի արդյունահանման և, հատկապես, երկաթի մշակույթի հնագույն կենտրոնի մասին կարծիքը Հին Արևելքի պատմությունն ուսումնասիրողների մոտ ձևավորվել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսերին: Վերջին տարիներս այդ պատկերացումները հաստատում են գտնում և զարգացվում մեզ մոտ մի շարք մասնագետների կողմից, որոնց թվում հատկապես արժանահիշատակ են Ե. Ն. Չերնիխի աշխատանքները:
    Մինչև վերջերս նշված պատկերացումների հիմքում գերազանցապես ընկած էին հին աղբյուրներից, ինչպես նաև Հայաստանը շրջապատող երկրներում հայտնաբերված մետաղագործական հուշարձանների համեմատական ուսումնասիրություններից քաղվող կողմնակի տվյալները: Այս առթիվ կան բազմաթիվ ուշագրավ հիշատակություններ, որոնցից արժե նշել մի քանիսը:
    Այսպես՝ Հորդոն Չայլդը գտնում է, որ «Մետաղագործության սկզբնական օրրանը գտնվում էր Անդրկովկասում»:
    Համաձայն Գ. Ռ. Հոլլի՝ «Եգիպտացիները, անկասկած, պղնձի մշակման սովորույթները ձեռք են բերել Միջագետքից՝ Սիրիայի վրայով, ըստ երևույթին՝ «արմենոիդ» ցեղի ներկայացուցիչներից, որոնք Ներքին Եգիպտոսում, ըստ երևույթին, հայտնվել են մինչդինաստիական դարաշրջանի վերջից շատ առաջ…»: Միանգամայն հավանական է, որ «արմենոիդները», եթե իսկապես նրանք իրենց հետ բերել են պղինձ, այն սկզբնապես արդյունահանել են ավելի հյուսիս գտնվող որևէ վայրում, մասնավորապես, ժամանակակից Հայաստանի լեռներում, որտեղ, անկասկած, սկզբնապես արդյունահանում էին նաև Միջագետքցիք» (Дикшит С. К. «Введение в археологи», М., 1960, стр. 272):

    Լուսանկարը՝ «Հին Հայաստանի ոսկին, (մ.թ.ա 3-րդ հազարամյակ — մ.թ. 14-րդ դար)» գրքից

    Ս. Կ. Դիկտիշը իր աշխատությունում մեջբերում է Հ. Չայլդի այն կարծիքը, որ երկաթի ձուլման արդյունավետ եղանակի հայտնագործումը, որը եղել է շատ ավելի վաղ նրա տարածումից, պատկանում է Հայկական Լեռնաշխարհի ցեղերին: Բացի այդ, Ս. Կ. Դիկշիտը նշում է նաև, որ «Երկաթի դարի հետ կապված հեղաշրջումները տեղի են ունեցել, ըստ երևույթին, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին: Այդ հեղաշրջման ալիքը, այսպես ասած, հեղաշրջման էպիկենտրոնից, որ գտնվում էր Կովկասում՝ Հայկական լեռներում, հեռու ընկած շրջաններն է հասել ընդհանուր առմամբ ավելի ուշ:
    Եվ, «վերջապես, բոլոր տվյալները խոսում են այն բանի օգտին, որ երկաթի դարի քաղաքակրթության ստեղծման առաջնությունն ու պատիվը պատկանում է ինչ-որ հնդեվրոպական ցեղերի, որոնց մեջ ամենապատվավոր տեղն, անկասկած, զբաղեցնում են Հայաստանի խեթերը» (Նշվ. աշխ., էջ 422):
    Հայկական Լեռնաշխարհից մետաղի արտահանումը կատարվում էր ինչպես խաղաղ ճանապարհով՝ առևտրական փոխանակությունների, նվիրատվությունների, օժիտների ձևով, նույնպես և ուժի միջոցով՝ ռազմական բռնագրավումների ձևով: Հատկանշական է, որ առևտրական փոխանակությունները կատարվում էին մասնագիտացված համայնքների միջնորդությամբ (Նույն տեղում, էջ 425):

    Որպես մետաղի մատակարարման հիմնական շրջաններ, հին եգիպտական և ասուրա-բաբելական աղբյուրներում հաճախակի նշվում է Հայկական Տավրոսը, Ալշե (Հայկական Աղձնիք) երկիրը, Վանի և Ուրմիո լճերի ավազանները, իսկ հունական աղբյուրներում՝ Փոքր Հայքը:
    Այս շրջաններում, անկասկած, բարձր զարգացման էր հասած լեռնահանքային գործը և մետաղամշակությունը: Վերջին տարիներին կատարված ուսումնասիրություններից ձեռք բերված արդյունքները թույլ են տալիս շեշտելու, որ արտադրության նշված ճյուղերը բարձր զարգացման էին հասել նաև Հայկական Լեռնաշխարհի՝ ներկայիս Հայաստանի հանրապետության տարածքում, հետևաբար, ընդհանրապես Հայկական Լեռնաշխարհում…
    Մետաղի, հավանաբար նաև հանքանյութի, արտահանման մասին ամենահին տեղեկությունները ասորեստանյան աղբյուրներում վերագրվում են մ. թ. ա. 13-րդ դարին՝ Սալմանասար Ա-ի և Թուքուլտի Նինուրտի Ա-ի արձանագրություններում հանդիպող Նաիրի երկրից վերցվող «Լեռների ծանր տուրքեր», «Լեռների հարստություններ» արտահայտությունների ձևով: Մ. թ. ա. 11-7-րդ դարերին վերագրվող արձանագրություններում արդեն խոսվում է պղնձի, անագապղնձի, ոսկու, արծաթի, երկաթի և այլ հանքային հարստությունների կողոպուտի մասին:

    Արտահանման մասշտաբների մասին գաղափար է տալիս մ. թ. ա. 714 թվականին Սարգոն 2-րդի՝ դեպի Վանի թագավորությունը կատարած արշավանքի մանրամասն նկարագրությունը:
    Մուսասիր (Արդին, Կ.Ա.) քաղաքի թագավորական պալատից թալանված իրերի շարքում նշվում է 34 տաղանդ և 18 մին ոսկի (մոտավորապես՝ 1040 կիլոգրամ), 167 տաղանդ և կես մին արծաթ (5060 կիլոգրամ), մաքուր պղինձ, կապար, սերդոլիկ, լազուրիտ և մեծ քանակությամբ այլ թանկարժեք քարեր:
    Նույն տեղում, գերագույն դիցի տաճարից, բացի մեծ քանակությամբ ոսկուց (թիվը չի պահպանվել), տարվել է 162 տաղանդ և 20 մին արծաթ (5000 կիլոգրամ), 109 տոնն պղինձ, ոսկե 6 վահան՝ 156 կիլոգրամ ընդհանուր քաշով, դռան ոսկե հարմարանքներ և զարդեր՝ 126 կիլոգրամ, ոսկե թուր՝ 134 կիլոգրամ, արծաթե 33 մարտակառք, արծաթե 12 վահան, արծաթե 400 թաս, 25 հազարից ավելի պղնձե վահան, պղնձե 305 թուր, նիզակ, նետ, դիցերի 4 և թագավորների 3 արձան՝ պղնձից և անագապղնձից, յուրաքանչյուր արձանի կշիռը մոտ 1800 կիլոգրամ և այլ իրեր:
    Այսպիսով, Մուսասիրից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2 տոննից ավելի ոսկի, 10 տոնն արծաթ, հարյուրավոր տոնն պղինձ և այլն:

    Պատմական Հայաստանում լեռնահանքային գործի, մետաղամշակության բարձր մակարդակի և մեծ մասշտաբների մասին բազմաթիվ տեղեկություններ կան պահպանված նաև հին հունական և Հայկական աղբյուրներում, որոնց արժանահավատությունը ապացուցվում է Հայաստանի հանրապետության տարածքում վերջին տասնամյակներում հայտնաբերված հին հանքավայրերի շահագործման և մետաղաձուլության 600 -ից ավելի տեղավայրերից ստացված տվյալներով»:

  • «ՄԵՆՔ ՓԱՌՔԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԹԱՂՎԱԾ ՀՈՂԻ ՏԱԿ,    ՄԵՆՔ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ՊԱՀՎԱԾ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ»…

    «ՄԵՆՔ ՓԱՌՔԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԹԱՂՎԱԾ ՀՈՂԻ ՏԱԿ, ՄԵՆՔ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ՊԱՀՎԱԾ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ»…

    «ՄԵՆՔ ՓԱՌՔԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԹԱՂՎԱԾ ՀՈՂԻ ՏԱԿ,
    ՄԵՆՔ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ՊԱՀՎԱԾ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ»…

    Մեծամոր

    «Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
    Մենք հույսեր ունենք պահված մեր սրտում», — գրել է Հ. Թումանյանը՝ 1904 թվականին՝ իր կյանքով ու գործունեությամբ միշտ կարևորելով, արժեվորելով սեփական ազգային պատմության ու մշակույթի իմացությունը:

    «Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարևոր տեղ: Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով՝ ինչքան որ կարող է թափանցել մարդկային Միտքն ու գիտության Լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնագիտությունից, աշխարհագրական պայմաններից, և, այդպիսով, ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկություններով, այլև խնամքով հավաքում է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող էին ծածկվել, կորչել հեղհեղուկ ժամանակի ալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ:
    Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն է և ազգագրության տեսակետից հանդիսանում է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ուսումնասիրության, և մեր աշխարհքը, որ մի լիքը թանգարան է ամեն տեսակի կենցաղագիտական, պատմական, կրոնական, բանահյուսական և այլ մեծարժեք նյութերի, տակավին մնում են խավարի մեջ, իրենց փառքերը՝ ավերակների ու հողի տակ, իրենց պարծանքները՝ մոռացության ու անհայտության մեջ:
    Իրար ետևից, անընդհատ կորչում կամ փչանում են այդ ամենը նոր կյանքի հոսանքների տակ ու նորանոր աղետների մեջ» (Հ. Թումանյան «Ազգագրական գործը մեզանում»):

    Հիրավի, Հողն իր ընդերքում գանձեր ունի պահած:
    Հողի բազմահազարամյա շերտերում նաև անցյալի հետքերն են, դարերի «մշակութային շերտերը», որոնք իրենց առեղծվածային էջերը մասամբ բացահայտում են հնագիտական նյութերով…
    Հայկական Լեռնաշխարհի ամեն «անկյունում» Հայոց Նախնիների բնակության դրոշմն է պահպանվել՝ նրանց կերտած մշակույթի, երբեմնի հզոր բերդերի ու ամրոցների, զարգացած քաղաքների հիշատակներով…
    Մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից է Հայոց Աշխարհը: Եվ հնագիտական պեղումներն ապացուցում են տարբեր ժամանակաշրջանների պատմաբանների, ուսումնասիրողների հավաստումները:

    Ներկայիս Հայաստանի տարածքում միայն Լճաշենի, Մեծամորի, Շենգավիթի, Կարմիր Բլուրի, Էրեբունու, Արմավիրի, Գառնիի, Ագարակի, Դվինի և անթիվ այլ հնավայրերի հարուստ գտածոները վկայում են հազարամյակների ընթացքում կերտված բարձրարժեք մշակույթի մասին:

    Դեռևս 1960-ականներին մի խումբ երիտասարդ հնագետների ու երկրաբանների՝ Ս. Այվազյանի, Ա. Հարությունյանի, Զ. Հովհաննիսյանի և Կ. Մկրտչյանի հետազոտությունների արդյունքում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի շրջակայքում՝ Մեծամոր գետի ափին հայտնաբերվեց աշխարհում թերևս առաջին՝ լավ պահպանված պղնձաձուլարանը, որի կարևորությունն իր ուսումնասիրություններում շեշտում էր երկրաբան Սուրեն Այվազյանը:
    Ն.թ.ա. 3-րդ հազարամյակից աշխույժ բնակեցված այս տեղանքից պեղված բացառիկ իրերի՝ գործիքների, զարդեղենի, դամբարաններում և այլուր պահված կարասների՝ մոտ 27 հազար նմուշներով վաստակաշատ երկրաբան Կորյուն Մկրտչյանի ջանքերով 1970-1976 թվականներին հիմնվեց մի գողտրիկ թանգարան՝ եզակի նշանակության Մեծամորի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանը, ուր ցուցադրվում էր մոտ 1.000 գտածո (վերջինիս 80-ամյակի առիթով 2008-ին թանգարանի պատին է փակցվել նրա հուշաքարը):

    Երևանից մոտ 37 կիլոմետր հեռավորությամբ, Արմավիր քաղաքից 8 կիլոմետր դեպի հյուսիս-արևելքում գտնվող մետաղաձուլման ու մետաղամշակման այս հնագույն կենտրոնում պահպանվել է ձուլարանի ողջ համակարգը՝ հալոցը, ժայռափոր հնոցները, ինչպես նաև՝ հողի շերտերում հայտնաբերված հանքանյութերը (անագ, պղինձ, ցինկ, ֆոսֆոր, սնդիկ), մետաղների ձուլման նպատակով պատրաստված աղյուսները…
    Հետագայում շարունակված պեղումների շուրջ 28.000-ից ավելի գտածոները, որոնք թվագրվում են ն.թ.ա. 6-5 -րդ հազարամյակներից մինչև 17-18-րդ դարերը, Մեծամորի հնավայրի ու արգելոց-թանգարանի բացառիկ դերն են փաստում՝ ոսկուց, անագից, արծաթից ու սաթից պատրաստված հիանալի իրերով ու զարդերով…

    Հանքաքարից մետաղի կորզումն ու մետաղամշակությունը, մետաղների փոխակերպումը՝ խառնուրդներով նոր որակների ստացումը հնագույն շրջանից եկող ավանդույթներով հարուստ գիտություն է, որը նպաստում է հասարակության զարգացմանը:
    Հայկական Լեռնաշխարհն ու, մասնավորապես, Մեծամորի հնավայրը մետալուրգիայի հնագույն օջախներից են:
    Ն. Ա. Ֆիգուրկովսկին իր՝ «Հին Հայաստանը՝ մետալուրգիական տեխնիկայի բնօրրան» ուսումնասիրության մեջ գրում է.
    «…Մետաղի արդյունահանման ու մշակման տեխնիկայի վերաբերյալ հնագիտական տվյալների պարզ համադրումը ցույց է տալիս, որ Եգիպտոսից բացի մետալուրգիական տեխնիկայի ծննդավայր կարելի է համարել նաև մի քանի այլ երկրներ:
    Այսպես, Պրոֆուլա Չանդրա Ռայի աշխատության մեջ նշվում է, որ այն դեպքում, երբ Եգիպտոսում ու Միջագետքում վաղուց ի վեր հայտնի էին ոսկին, արծաթը, պղինձը և կապարը, անագային բրոնզը Միջագետքում ավելի շուտ է հայտնի եղել, քան Եգիպտոսում. Կիշում և Ուրում գտնված իրերը թվագրվում են մ.թ.ա 4.000 թվականով: Փոքր-ինչ ավելի ուշ այդ նույն վայրերում ստացել են անտիմոնային բրոնզ, երբ դեռ Եգիպտոսում այն չկար: Տարակարծություն կա երկաթի ու պողպատի մետալուրգիական տեխնիկայի և՛ ի հայտ գալու ժամանակի, և՛ տեղի վերաբերյալ:

    Համապատասխան գրականության մանրամասն տեսությունը մեզ շատ հեռուն կտանի:
    Ուստի ես կսահմանափակվեմ միայն մի քանի տվյալներով, որոնք մետալուրգիական տեխնիկայի առաջնությունը տալիս են Անդրկովկասի շրջաններին:
    Մարտին Լևեյը Հին Միջագետքի քիմիական տեխնոլոգիային նվիրված իր գրքում, որ լույս է տեսել համեմատաբար վերջերս, մասնավորապես նշում է, որ մ.թ.ա 3-րդ հազարամյակում պղինձը Միջագետք է ներմուծվել Անատոլիայից, ավելի կոնկրետ՝ Տիղնուրնից և Դուրկամիտից:
    Այստեղ զտել-ձուլել են պղինձ և պատրաստել բրոնզ: Այդ քաղաքները գտնվում էին Բողազքյոյից և Քյուլթեփեից արևելք, Վան և Ուրմիա լճերից հյուսիս ընկած շրջանում, այլ խոսքով՝ Հին Հայաստանի տարածքում:
    Երկաթի մետալուրգիայի սկզբնավորման մասին ուշագրավ տեղեկություններ կան Բերնարդ Նեյմանի գրքում, որը հրատարակել է Ֆրայբերգի (Սաքսոնիա) Լեռնային ակադեմիան՝ հեղինակի մահից անմիջապես հետո: Բերված տվյալները ցույց են տալիս, որ երկաթե առարկաները (եթե չհաշվենք մետեորիտային երկաթից պատրաստված շատ հին իրերը և այնպիսի կասկածելի գտածոներ, ինչպես, ասենք, Քեոփսի բուրգի որմածքում հայտնաբերված դուրը), առաջին անգամ երևացել են «սեպագիր մշակույթի» ժողովուրդների մոտ, այսինքն՝ Միջագետքում և Ուրարտուում՝ գրեթե նույն շրջաններում, ուր երևան են եկել անագի, կապարի, ծարիրի և մկնդեղի բրոնզը (Ի. Լ. Սելիմխանով):
    Այսպիսի տեղեկությունները, բնականաբար, նյութական մշակույթի պատմաբանների ուշադրությունը բևեռում են մետալուրգիական տեխնիկայի հայրենիքի հարցի վրա:

    Հնագիտական նոր տվյալների ի հայտ գալուն և մետալուրգիական տեխնիկայի թանգարանային նմուշների ուսումնասիրմանն ու համադրմանը զուգընթաց՝ ավելի ու ավելի ակներև է դառնում, որ Հին Հայաստանի և Փոքր Ասիայի՝ նրան հարող շրջանները հնում եղել են մետալուրգիական տեխնիկայի՝ պղնձի, բրոնզի, երկաթի, ինչպես նաև պողպատի ձուլման կարևոր օջախներ:
    Այս եզրահանգմանն է գալիս, մասնավորապես, «Մետաղների պատմությունը» գրքի ճանաչված հեղինակ Լ. Էտչիսոնը, որն իր աշխատության մեջ քանիցս նշում է մետալուրգիական որոշ եղանակների առանձնահատուկ հնությունը:
    Ասենք, երկաթի ու պողպատի հարցում մյուս հեղինակները նույնպես, այդ թվում Լիպմանը, Բեյմանը և այլք, որոնցից մեջբերումներ արեցինք, նշում են հարավային Հայաստանի տարածքը զբաղեցրած խալիբների, քաղդեացիների և մյուս ցեղերի ակնառու դերը երկաթի հանքաքարի վերականգնման տեխնոլոգիայի զարգացման գործում…

    … Ինձ թվում է, որ Հին Հայաստանի տարածքում մետալուրգիական տեխնիկայի պատմության ուսումնասիրությունը ոչ միայն կպարզաբանի ու կընդլայնի Հին Հայաստանի հարուստ նյութական մշակույթի վերաբերյալ եղած տեղեկությունները, այլև զգալի ներդրում կլինի հնադարում արտադրության կարևորագույն ճյուղերից մեկի առաջացման հարցի ուսումնասիրության մեջ, այն ճյուղի, որն ուղղակի և խորը ազդեցություն է ունեցել քիմիայի սկզբնավորման վրա»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Որոշ գտածոներ՝ Մեծամորից

  • «ՔԱՋԱՍԻՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ»…

    «ՔԱՋԱՍԻՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ»…

    «ՔԱՋԱՍԻՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ»…

    Հայոց պատմությունն ու մշակույթը՝ հոգևոր ու նյութական, ազգի կենսագրության ու ոգու թարգմանն են:
    Հայաստանի քաղաքական իրավիճակի պատճառով Հայրենիքից հեռու սփռվեցին Հայերը վերջին երկու հազարամյակների ընթացքում:
    Դարերով ծովային ու ցամաքային ճանապարհների դժվարությունները հաղթահարելով զանազան երկրներում հանգրվանած Հայորդիների բացարձակ մեծամասնությունը՝ հարուստ վաճառական թե միջին արհեստավոր, գրեթե նույն ճակատագրին արժանացան՝ բարգավաճեցին, սակայն ավելի շատ կորցրեցին, ուծացվեցին…

    «Պատմական Երնջակ գավառի Ջուղա քաղաքը հին Հայաստանի նշանավոր բնակատեղերից է և գոյատևել է անընդմեջ մինչև 1848 թվականը: Դեռևս վաղ միջնադարում ավանի հռչակ ձեռք բերած այս բնակատեղին 10-13-րդ դարերում վերածվել է քաղաքավանի, իսկ 15-17-րդ դարերում այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր։
    Ջուղան ականատես է եղել Նախիջևանի և Վասպուրականի տարածքներում տեղի ունեցած պատմական իրադարձություններին։ Բազմամարդ ու բարգավաճ այս քաղաքը միջնադարում բազմիցս ենթարկվել է օտարամուտ ու ավարառու բանակների ոտնձգություններին ու ավերումներին, կողոպուտներին ու հրկիզումներին և վերջապես 1605 թվականին ենթարկվել է հիմնահատակ ավերման, բնակչության հարկադրաբար և ամբողջական տեղահանման»,- գրում է վաստակաշատ պատմաբան Արգամ Այվազյանը՝ Նախիջևանում դարերի ընթացքում Հայոց կերտած ժառանգության՝ պատմա-ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրող ու ներկայացնող անխոնջ գիտնականը («Ջուղա», Երևան 1984 թ.):

    …«Պատմությունն ավանդում է, որ Հայոց լեռնաշխարհում դարեր շարունակ մոլեգնած ամեհի պտտահողմերի, բարկաճայթ փոթորիկների նման ավերող ու բնաջնջող ոսոխների, արյունռուշտ թշնամիների պատճառով դժվարին ու մաքառումներով լի է եղել ոչ միայն Հայ մարդու կյանքը, այլև նրա հայրենի երկրի բնակատեղիների պատմությունը։

    Հաճախ Հայոց երկրի բազմաթիվ մեծ ու փոքր, շենշող ու շեն բնակատեղիներն ու քաղաքները, թշնամիների ավերող կրունկների ներքո հրի ու սրի մատնվելով, մոխրակույտերի են վերածվել, անհայտության մշուշով ի պահ են մտել դարերի խորքում։
    Սակայն նորից ու նորից Հայը հայրենի օջախի մոխրակույտի մոտ կարկատել ու վերաշինել է Հայրենին։
    Եվ, այսպես շարունակ, Հայոց հար ու հարատև երկրում գոյատևել ու հզորացել է Հայրենին ու Հայի անդաստանը։
    Անդարմանելի անցյալում պատահել է նաև այնպես, որ բնական անասելի աղետներից ու պատահարներից (երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ, ջրհեղեղ) զատ, հազար ու մի փորձանքի ենթարկված Հայաստան երկրում բնակատեղիներն ամայացել են նաև հարկադրաբար, անասելի ուժի ու դաժանությունների գործադրումներով։
    Ահա այսպիսի դաժան հարկադրանքի ենթարկվեց նաև Ջուղան, որը 1605 թվականին կազմակերպեց և իրականացրեց Պարսկաստանի շահ Աբաս Առաջինը։

    17-րդ դարի տաղերգու բանաստեղծ Հովհաննես Մակվեցին Ջուղայի տեղահանման ականատեսն է և իր հայտնի «Ողբ Ջուղայու» տաղում Ջուղան համեմատում է Փարիզի հետ և մինչև իսկ «հանցման» (առավել) համարում։ Տաղերգուն մեծ վշտով պատկերում է.

    Ո՞վ կարէ պատմէլ գրով զայս կըսկիծս, որ մեզ հանդիպան,
    Որ մեք ի մեր սուրբ տեղացն զըրկեցաք, եղաք անպիտան։

    Աստհնւորս է բէբաֆայ. ձեզ վըկայ բերիմ ըզՋուղայ,
    Փոխան սաղմոսաց երգոց՝ բու աւերակի ձայն կու գայ։

    Աւաղ ըզՋուղայ ասեմ, ըզպարծանքըն Հայոց ազգիս,
    Որ հանցման էիր քան ըզՓարէզ Ֆռանգսիսի,

    Քանդեալ յոյժ աւերեցար, որ քան զնըմանն է այլ դըժար,
    Որ անդ որդիք չըմընաց, այլ ի քեզ և ոչ է մի հաւ։

    Ըզգեղեցիկ ճոխ պատկերք, որ խնամով դու զնոսա սընար,
    Տարան ըՍպահան քաղաքն, խառնեցին ի պիղծ թաթն որ կայր։

    Ես Յովհաննէս Մակուեցի, լալագին տաղիս երգողի,
    Ես էի ի մէջ նոցա և աչօք իմովք զայս տեսի»:
    (Մեջբերումը՝ Արգամ Այվազյանի վերոնշյալ ուսումնասիրությունից):

    Ջուղայից ու Հայոց մյուս բնակավայրերից տեղահանված Հայորդիք Մայր հայրենիքից հեռու եզերքներում ևս իրենց ջանասիրությամբ ու անխոնջ աշխատանքով պատմություն կերտեցին:
    Ու նրանց անունները կրող ավան ու փողոցներ ի հայտ եկան զանազան երկրներում…

    Նրանցից մեկը՝ Հովհաննես Ալթունյանը՝ ծնունդով՝ Ճահուկից (Նախիջևան), իր ձեռնափայտում թաքցնելով արտահանման համար արգելված ներկատու բույսի՝ տորոնի սերմերը (թուրքական օրենքով մահապատիժ էր սահմանված օրենքի խախտման դեպքում), 18-րդ դարում տորոնի մշակությունը ներմուծեց Ֆրանսիա և անհայտ մի փոքրիկ գյուղի համաշխարհային փառք պարգևեց՝ այն դարձնելով տորոնամշակության կարևորագույն կենտրոն, որը շուտով տվեց այդ բույսի համաշխարհային արտադրանքի կեսից ավելին:

    Հովհաննես Ալթունյանի դիմանկարը (1848 թվականի փորագրություն)

    Իր ապրած ժամանակաշրջանի քաղաքական անբարենպաստ պայմաններում իրեն վիճակված բազում դժվարությունները հաղթահարելով՝ նա խիզախությամբ իրականացրեց իր ծրագրերը՝ բամբակի մշակման որոշ փորձերից հետո հաջողելով տորոնի մշակույթը:

    Հովհաննես Ալթունյանի (Jean Althen) դիմանկարը (գծանկարի հեղինակ՝ J.- F. — X. de Seytres, marquis de Caumon (պահպանվում է Ավինյոնի Կալվե թանգարանում (Musée Calvet d’Avignon )

    Անդրադառնալով Հովհաննես Ալթունյանի՝ ֆրանսիական ձևափոխմամբ՝ Jean Althen-ի կենսագրությանը, Donato Pelayo-ն նշում է, որ նրա հայրը Սրբազան կայսրության Հովսեփ Առաջին կայսեր մոտ Պարսկաստանի դեսպանն էր և թուրքերի սպանությանն է ենթարկվել («Սրբազան Հռոմեական կայսրությունը» պետական կազմավորում էր, որը գոյատևել է 962-1806 թվականներին՝ միավորելով Եվրոպայի մի մասը, Հովսեփ Առաջինը (1678-1711) Հաբսբուրգների դինաստիայից էր):
    Շատ չանցած, նույն ճակատագրին են արժանացել նաև նրա եղբայրները՝ կոտորվելով թուրքերի կողմից:
    Գերեվարվելով՝ Կեսարիայում 12 տարի Հովհաննեսն աշխատում է տորոնի, բամբակի մշակության մեջ, այնուհետև վաճառվում, սակայն հաջողությամբ փախչելով, հասնում է Զմյուռնիա, որտեղից էլ, ի վերջո, Զմյուռնիայում Ֆրանսիայի հյուպատոս Gaspard de Péleran-ի և փոխծովակալ marquis d’Antin-ի հովանավորությամբ 1739-ին հասնում է Մարսել:

    Բամբակի ու տորոնի մշակույթի բնագավառում իր ունեցած գիտելիքները հմուտ ու փորձառու Հովհաննեսը ներկայացնում է թագավորին՝ Լուի 15-րդին:
    Երեք տարի անց՝ Լանգդոկի շրջանում մեկնարկում է բամբակի արտադրության իր ծրագիրը:
    Մի քանի տարիների անպտուղ փորձերից հետո, կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով այն դադարեցնում է ու սկսում հաջողությամբ հիմնել ու զարգացնել տորոնի մշակույթը՝ շահութաբեր՝ տորոնի արմատներից ստացվող ալիզարին նյութի՝ բնական ներկանյութի շնորհիվ:

    Հովհաննես Ալթունյանն իր մահից առաջ՝ 1774-ին տորոնի մշակության վեց ընդարձակ տիրույթներ ուներ:

    1763 թվականին Հովհաննես Ալթունյանը ներկայացնում է իր փորձերը՝ տորոնի՝ «Կարմիր ոսկու» տեղական արտադրության առավելությունները ցույց տալով:
    Մի էջ՝ նրա ուսումնասիրություններից…

    1860 թվականին բնական ներկի՝ տորոնի համաշխարհային արտադրության կեսից ավելին Հ. Ալթունյանի հիմնած մշակության շնորհիվ էր ստացվում:

    Ավաղ, նա մահացավ չքավորության մեջ՝ 1774 թվականի նոյեմբերին՝ չհասցնելով վայելել իր ստեղծած ահռելի հարստությունը:

    1845 թվականին՝ Լուի Ֆիլիպի թագավորական հրամանով, երախտապարտ ֆրանսիացիք իրենց բնակավայրը հարստացնող Հայ գյուղատնտեսի՝ Հովհաննես Ալթունյանի՝ Ժան Ալթենի անվամբ են ավանը կոչում (բնակիչներն էլ՝ «ալթենցիներ»)…

    1847-ին Ավինյոնում նրա բրոնզե արձանն է կանգնեցվում, որը, սակայն, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, գերմանական զավթման տարիներին հալեցվում ու զենքի է վերածվում:

    2005 թվականի նոյեմբերի 17-ին Ալթենի անունը կրող ավանում երախտապարտ բնակչության կողմից հանդիսավորությամբ բացվում է նրա հուշարձանը՝ ի հիշեցում և ի փառաբանում Հայ գյուղատնտեսի գործի:

    Բնութագրելով Ճահուկից Ֆրանսիա հասած Հայորդու խիզախումը, Donato Pelayo-ն հիշեցնում է հին ասացվածքը՝ «Քաջասիրտների համար անհնարին ոչինչ չկա»…

    1829-ից ի վեր մինչև Առաջին Համաշխարհային պատերազմի տարիները ֆրանսիացի զինվորների համազգեստում՝ տաբատը և որոշ հատվածներ՝ օձիքն ու գլխարկի վրա, տորոնով էին ներկված:
  • «ՄՆՈՒՄ ԷԻՆ՝  ՍԻՐՏԸ ԹՈՂՆԵԼՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ,  ԻՐԵՆՑ ՊԱՀԵԼՈՎ ԿԱՐՈՏԸ»…

    «ՄՆՈՒՄ ԷԻՆ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂՆԵԼՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ, ԻՐԵՆՑ ՊԱՀԵԼՈՎ ԿԱՐՈՏԸ»…

    «ՄՆՈՒՄ ԷԻՆ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂՆԵԼՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ, ԻՐԵՆՑ ՊԱՀԵԼՈՎ ԿԱՐՈՏԸ»…

    16-17-րդ դարերում Հայ վաճառականությունը շահաբեր, հարուստ գործունեություն էր ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ ընդհուպ մինչև Հնդկաստան ու Չինաստան:
    17-րդ դարում Նոր Ջուղայեցիները, որպես խոշոր վաճառականներ, Պարսկաստանի Բանդարաբաս նավահանգստից նավերով մուտք գործեցին Հնդկաստան՝ հասնելով Սուրաթ նավահանգիստ, որտեղից էլ մեկնեցին այլ քաղաքներ, մասնավորապես՝ Կալկաթա, Բենգալ, հյուսիսային Փենջաբ, հասնելով մինչև Ճավա (Ժավա) կղզի…

    17-րդ դարի ֆրանսիացի բուսաբան Ժոզեֆ Պիտոն դը Տուրնֆորը (Joseph Pitton de Tournefort, 1656-1708), որը Լուի 14-րդի՝ «Արև-արքայի» հանձնարարությամբ 1700-ի մայիսից մինչև 1702-ի հունիս ճանապարհորդում էր Միջին Արևելքում (Լևանտում, Արևմտյան ու Արևելյան Հայաստանում՝ Կարինով, Կարսով հասնելով Թիֆլիս, Երևան, Արարատ լեռ…), նկարագրում է վաճառականների՝ մոտ 200 հոգանոց մի քարավանի հետ անցկացրած իր օրերը՝ գիշեր ու զօր անցնող ճամփեքին՝ լի վտանգավոր միջադեպերով, (հատկապես՝ քրդերի ավազակային հարձակումների սպառնալիքի պայմաններում, նաև՝ երբ թուրք պաշտոնյաներն էին առավելագույնս խլում-յուրացնում՝ կողոպտում բեռները):
    Հայերի առևտրական քարավանների վրա հաճախակի ավազակային հարձակումների, տեղական իշխանությունների կողմից թալանի մասին վկայություններ են թողել նաև Զաքարիա Ագուլեցին՝ իր օրագրություններում՝ «Դավթար»-ում՝ 17-րդ դարի Հայոց կյանքից բազմաթիվ պատկերներով, ինչպես և՝ Առաքել Դավրիժեցին: Վերջինիս հիշատակմամբ՝ Էրզրումի Աբազա փաշան խաբեությամբ բազմաթիվ առևտրական քարավաններ է հավաքել քաղաքում ու թալանել…

    Նա պատմում է նաև պաշտոնազրկված Չոմար փաշայի մասին, որը Բուրսայի և Անգորայի կողմերում՝ ավազակախմբերով դարանակալում էր ճանապարհներին ու հարձակվում անցնող քարավանների վրա՝ կոտորելով ու կողոպտելով «ոսկին ու արծաթը և ինչ որ ցանկանում էր». «Դարանամուտ լինէր ի վերայ ճանապարհաց՝ երթևեկ կարաւանաց և ի վերայ բախեալ զորս կոտորէր, և զորս փախստական առնէր, և զոսկի և զարծաթ և այլ զոր ինչ և կամէր առեալ գնայր»…

    Տուրնֆորի դիմանկարն՝ իր գրքից որոշ էջերով (Կարինի ու Կարսի տեսարաններով)

    Կարինի՝ Էրզրումի կողմերով ու այլուր անցնելիս արված իր ճանապարհորդական նշումներում ֆրանսիացի բուսաբանը՝ Տուրնֆորն իր հավաքած բույսերի նկարագրությունից բացի, հիշատակում է տեղական կյանքի առանձնահատկությունները, մարդկանց: Նա անդրադառնում է նաև քարավանների անցման հետ կապված սովորույթներին՝ ինչպես են տեղացիները՝ քարավանների մոտենալու լուրն առնելով, նույնիսկ երկու օրվա ճանապարհ ընդառաջ գնում՝ նրանց դիմավորում՝ իրենց հետ վաճառականների համար զովարար ըմպելիքներ ու գինի բերելով՝ փոխարենը բեռներից զանազան գեղեցիկ ու անհրաժեշտ իրեր ստանալով:
    Ավելի ուշ շրջանում Հայաստանում եղած մի այլ ֆրանսիացի ճանապարհորդ՝ Շարդենը, հիշատակում է մեծամասնությամբ Հայերով բնակեցված Նախիջևանի խոշոր վաճառանոցները, կամարածածկ փողոցները՝ խանութների խիտ շարքերով, քաղաքի հինգ քարվանսարաներով…

    Վաճառականի բացառիկ հմտությունների, կարողությունների շնորհիվ՝ տաժանալից ու վտանգներով լի երկար ճանապարհներ կտրելով, քաղաքական փոթորիկների բովով անցած Հայորդիք իրենց հայրենիքից բռնագաղթվելուց հետո հեռավոր երկրներում ապաստանեցին՝ հիմնելով Հայ գաղթօջախներ զանազան երկրներում: Հնդկաստանում եռանդուն Ջուղայեցիք բարգավաճեցին՝ կարևոր գործունեություն ծավալելով այդ ընդարձակ երկրի տարբեր քաղաքներում, հասնելով մինչև Ճավա (ներկայիս՝ Ինդոնեզիա):
    Ու թեև օտար երկրում Հայի ազգային դեմքը պահելու խնդրով մտահոգ բազմաթիվ Հայորդիներ ջանքեր չխնայեցին Հայկական համայնքն ուծացումից զերծ պահելու համար, այնուամենայնիվ, կարճ ժամանակում «ձուլումով անհետացման» զոհ դարձան Հնդկահայոց ստվար մեծամասնությունը:
    Եվ անցյալի փառքերը պատմություն դարձան…

    Ծանոթանանք Հովսեփ Ամիրխանյանի «Խոհականք»-ին նվիրված՝ Խաչատուր Դադայանի ուշագրավ ուսումնասիրությունից քաղված որոշ հատվածների՝ վերցված «Իրատես.am» կայքից,

    «Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»…

    «13 տարեկան էի, երբ հայրս տուն գնեց Նոր Ջուղայում, և Բուրվարիից տեղափոխվեցինք քաղաք. հիմա եմ հասկանում՝ Աշուղ-Արքան դա՛ էլ արեց հանուն ինձ:
    Ջուղան դաժան էր, ի սկզբանէ մեզ չընդունեց, քանզի մենք քաղաքու՛մ չէինք ծնվել, եկվոր էինք: Առհասարակ ծանր բան է, երբ քաղաքդ քեզ չի սիրում: Ինքը քեզ համար խորթանում է, ու դու սկսում ես իրեն չսիրել: Չսիրել կարող ես, ատել՝ ոչ:
    Չսիրելու և ատելու միջև նուրբ թել է անցնում, որը պիտի չկտրես: Ես կարողացա չսիրելով չատել:

    Այստեղ իշխում էր վաճառականության աստվածը, ով հարուստ էր՝ տեր էր, ով աղքատ՝ հարուստի սպասարկող: Ես էլ դարձա սպասյակ, բայց ողջ կյանքում այդպիսին մնալ չէի ուզում, իսկ դրա համար հարկ էր իմանալ ու գիտակցել Ջուղայու էությունը:
    Հնդկաստանի կամ Եվրոպայի խոշոր բնակավայրերի համեմատ այդ ոչ մեծ Հայաքաղաքը, որի անունը թնդում էր աշխարհով մեկ, կառավարում էին մեծահարուստ խոջաները՝ քալանթար-քաղաքագլուխը, 11 տասնակների՝ թաղերի պետերը և արհեստավորաց ավագը՝ ուստաբաշին:
    Յուրաքանչյուրը պաշտոն էր զբաղեցնում իր հարստության, ունեցվածքի համապատասխան: Տասնակապետերը տերուտիրական էին իրենց թաղերում, առանց ուստաբաշու թույլտվության ոչ մի արհեստավոր որևէ գործ սկսելու ու վարելու անկարող էր, իսկ քալանթարն իրականացնում էր ընդհանուր ղեկավարումը:
    Այդ Մեծ խորհուրդներն էին, որ երկու դարից ավելի իրենց կանոնադրությամբ, վճիռներով ու կարգադրություններով պահպանում էին Հայաքաղաքի համեմատական անկախությունը Պարսկաստանից:
    Ամիսը մեկ անգամ քալանթարը՝ ձիակառք նստած, թումանների տոպրակները գիրկը հատում էր Զայանդերուդ գետի վրա գցված Ալլահվերդի խանի կամուրջը ու մայրաքաղաք Սպահանի շահական պալատին վճարում պայմանավորված հարկը: (Նշենք, որ «քալանթարը»՝ վաճառականական ավագը, առևտրականների միջև ծագած տարաձայնությունների հարթողն էր, նաև՝ հպատակների ճնշման, թալանի «միջոց»՝ պետական կառավարիչների ձեռքին, Կ.Ա.):
    Ջուղայու ինքնիշխանության աղբյուրը զուտ տնտեսական էր:

    Քաղաքն ապրում էր բացառապես վաճառականաց շնորհիվ. վաճառականներ, որոնց առևտրային բուռն գործունեությունը ծավալվում էր Պարսկաստանից շատ ու շա՜տ հեռու՝ Աֆրիկայի հյուսիսից մինչ Շվեդաց թագավորություն, յանկիների աշխարհ Ամերիկայից մինչ Նիդերլանդական Հնդկաստան:
    Պատանեկությանս տարիներին, երբ հաճախում էի Սբ. Ամենափրկիչ վանքի դպրանոց, հաճախակի ձեռքս էի առնում Կոստանդ Ջուղայեցու «Աշխարհաժողովը» և մեկ առ մեկ կարդում անվանումները աշխարհի հարյուրավոր քաղաքների, ուր ոտք էին դրել Ջուղայեցի վաճառականները: Նրանք կազմակերպված գաղթականներ էին, որոնք հետները տանում էին ապրանքներ, որոշ գումար, գործնական գիտելիքներ, քաղաքի դրվածքի ու միմյանց հանդեպ հարգանք:
    Հիմնականում գնում էին խումբ-խումբ, իսկ եթե որևիցէ մեկը մենակ էր, ապա ճանապարհվում էր այն երկիր, ուր կար մեկը, ով Ջուղայում ընդունված կարգի համաձայն սկզբնական շրջանում կօգներ, պարտավոր էր աջակցել:
    Պատմում էին, որ հին ժամանակներում Ջուղայեցիք մշտական բնակություն չէին հաստատում իրենց մեկնած երկրներում, վերադառնում էին, բայց Պարսկաստանի վիճակը որքան վատացավ, այնքան մնացողները շատացան:
    Մնում էին՝ սիրտը թողնելով քաղաքում, իրենց պահելով կարոտը»:

    Օտար ափերում բնակություն հաստատած՝ ժամանակի ընթացքում այլազգիների հետ ամուսնությամբ «ձուլված», «Հայ ազգի համար կորսված» իր տոհմի պատմությանն անդրադառնալով, Հ. Ամիրխանյանը գրում է.
    «Այս ճիւղագրական պատմութեամբս երկու նպատակների կուզեմ ծառայել:
    Նախ՝ Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի ներկայ զաւակներին իրենց նախնեացը ծանօթացնել եւ խրախուսել դէպի վեհանձն ազգասիրութիւն:
    Երկրորդաբար՝ ծանօթացնել մի դարում տեղի ունեցած Ամիրեանց տոհմի օտարազգիների հետ թէ ինչպէս են ձուլուած եւ ազգի համար կորսուած:
    Ուրեմն՝ թող գաղթավայրերում եղած ամէ՛ն մի Հայ սթափուի՛ եւ խուսափի՛ ձուլումներից՝ նախօրոք ձեռք առնելով պէտք եղած միջոցներն, որպէսզի այլեւս տեղիք չըտրուի՛ որոք ձուլմանց: Եւրոպայում ձուլւողներն անհաւատարիմ են գտնւում ազգին եւ, միեւնոյն ժամանակ, ամաչելու են եւրոպացի արեւելեան ազգերի հնախոյզների մօտ՝ իրենց տգէտ գտնուելովն:

    Իսկ Ասիայում օտար ազգերի հետ ձուլուելն թողե ալ՝ խայտառակութիւն, ուրիշ ոչինչ չէ՛ նշանակում: Վասնզի ձուլուելով մտնում են թուխ եւ սեւամօրթ փորթուքեզների կամ հաֆկաստների դասակարգն են, ոտքի տակ տալով Հայ ազնիւ եւ հին ազգի անունն ու նրա փառաւոր եւ քաջազուն անցեալը:
    «Երբ Հայերէն խօսալ չգիտես՝ ձուլուած ես»:
    Կատարեալ Հայ լինելու համար Հայերէն խօսալուց յաւել պահանջներ կան:
    Ահա, ա՛յդ անելովն՝ ազգին մեծ ծառայութիւն մատուցած եւ ինձ իմ նպատակիս հասցրած կը լինեմ»:

    …«Իբրև Ճաւայի (Ինդոնեզիայի կղզու, Կ. Ա.) ամէնէն հին Հայաբնակ քաղաքներէն մին, Սըմըրանգ եղած է այն վայրը, ուր ամէնէն աւելի օտարներու հետ ձուլուած և կորսուած են Հայ ընտանիքները: Անոնց գլխաւորներէն կը յիշուին Մատրասի նշանաւոր աղա Շահամիր Շահամիրեանի սերունդէն՝ Շամիրեանները, Անդրէասեաններ և ուրիշներ, որոնք մոռցած են թէ՛ Հայ լեզուն և թէ՛ Հայութիւնը և ապազգայնացած են խառն ամուսնութիւններով:
    Սըմըրանգ երբեմն ունեցած է մինչև 30 տուն Հայ բնակչութիւն, իսկ 1917-ին միայն երկու ընտանիք մնացած էին»,- գրել է Արշակ Ալպոյաճեանը (մեջբերումը՝ Խաչատուր Դադայանի վերոնշյալ ուսումնասիրությունից):

    Շահամիր Շահամիրյան (1723 — 1798) հնդկահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիր, վաճառական
  • «ՄԵՏԱՔՍ՝  ԹԵԼ ԵՎ ՀՅՈՒՍՔ ՇԵՐԱՄ ՈՐԴԱՆ»…

    «ՄԵՏԱՔՍ՝ ԹԵԼ ԵՎ ՀՅՈՒՍՔ ՇԵՐԱՄ ՈՐԴԱՆ»…

    «ՄԵՏԱՔՍ՝ ԹԵԼ ԵՎ ՀՅՈՒՍՔ ՇԵՐԱՄ ՈՐԴԱՆ»…

    Հնագույն շրջանից ի վեր Հայկական Լեռնաշխարհում հատվում են տարբեր երկրների միջև առևտրական կարևոր ճանապարհները: Այս աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ դարերի ընթացքում, բարձր դեր ու նշանակություն ունեին Հայ վաճառականները:

    Միջնադարում զանազան ասպատակություններից հետո Կիլիկիայի Հայոց թագավորության շրջանն աշխույժ վերելք ապահովեց Հայ վաճառականության համար (հատկապես՝ Միջերկրածովյան ավազանում):
    16-րդ դարի սկզբից, ինչպես Լեոն է նշում, «Արաքսի միջին հովտում, Նախճավանից դեպի արևելք, Սյունիքի լեռնաշղթայի և Արաքսի ձախ ափի մեջ, Նախճավանից մինչև վերջին քարավազները… որտեղ ցրված են Ջուղա, Շահկերտ, Ծղնա, Դաշտ, Դաստակ, Ագուլիս, Որդուբաթ, Մեղրի, Կալեր և այլ գյուղերն ու ավանները», կրկին աշխուժանում է առևտուրը, զարգանում տնտեսությունը:

    Գտնվելով հում մետաքսի առևտրի երեք հիմնական ուղիների խաչմերուկում՝ Հայ վաճառականները գործուն մասնակցություն ունեին առևտրական կարևոր գործընթացներում:

    Նրբագեղ ու թանկարժեք մետաքսը՝ մետաքսահյուս կերպասը, հարստության ցուցիչ էր հեռավոր ժամանակներից ի վեր:
    «Հանդերձ երևելի մետաքսաց», «Բերեին ըզգոյնզգոյն նարօտս պատանաց, զմետաքսառէչս և զոսկեթելս կերպասուցն»՝ պատմիչների հիշատակմամբ…

    Շերամապահության արվեստն իր «արարման գաղտնիքներով» բացառիկ դեր ունի կերպասագործության պատմության մեջ: Չինաստանից, Հնդկաստանից ձգվող «Մետաքսի ճանապարհներն անցնում էին Պարսկաստանով, Հայկական Լեռնաշխարհով՝ հասնելով Եվրոպական երկրներ…

    Թթենու տերևներով սնվող «մետաքսագործի»՝ «կերպասագործի»՝ շերամի հյուսած «խոզակից»՝ բոժոժից ստացված «խամ մետաքսի»՝ «հում մետաքսի» շահավետ առևտրի շնորհիվ բարվոք դիրքերում էին Հայ վաճառականները, որոնք նաև Զմյուռնիայից էին նավերով Վենետիկ տեղափոխում «դաղմատացիների ափերից բերված» չմշակված՝ հում մետաքս և ներկանյութերի կապոցներ: Նշենք, որ 1 կիլոգրամ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ (բոժոժը թրթուրների արտադրած մետաքսաթելից հյուսած պաշտպանական պատյանն է):

    «Մետաքս՝ թել և հիւսք շերամ որդան. և կերպաս՝ ‘ի նոյն ‘ի նիւթոյ»:
    «Սաղարթ իւր (թթենւոյն) նիւթ է մետաքսոյ, զոր որդունք ծնանին, յորմէ կերպասք լինին» (Մխիթար Գոշ, Առակ. ԺԳ)» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Շահ Աբասի իրականացրած բռնագաղթից հետո, իրենց Հայրենի աշխարհից հեռու՝ օտար ափերում՝ Պարսկաստանի Սպահան քաղաքի մոտ տեղահանված Հայերը հիմնեցին Նոր Ջուղան և իրենց անընկճելի ու անվեհեր ոգով, անխոնջ աշխատասիրությամբ, «վաճառականական ճարտարության» շնորհիվ բարգավաճեցին: Թեև, գրեթե 80 տարվա աննկուն աշխատանքից ամբարված բարիքները, իրենց ձեռքով կերտած հարստությունը հալածանքների, բռնության, սպանության ու հափշտակության ավար դարձան…

    «Պարսկական ապրանքները, որոնց մեջ գլխավոր տեղը բռնում էին մետաքսն ու բոժոժը, մնում էին իրանց նախկին կարևորության մեջ, և նրանց գնելու համար ռուս վաճառականները գնում էին Պարսկաստան, բայց այդ ճանապարհորդությունները հաճախակի չէին լինում, ոչ էլ շատ արդյունավոր, այնպես որ՝ դարձյալ աշխարհաշրջիկ Ջուղայեցին էր գլխավորապես, որ իր բեռները մտցնում էր և այս աշխարհը։
    Վոլգայի գետաբերանքում շինված Աստրախան քաղաքն արդեն մի խոշոր առևտրական կենտրոն էր, ուր իրար հանդիպում էին Արևելքի բոլոր վաճառական ժողովուրդները:

    Հայերը մի փոքրիկ առևտրական գաղութ ունեին, ուր անշուշտ, անծանոթ հյուրեր չէին Արաքսյան խոջաները և, առավելապես, Ջուղայեցիները։ Աստրախանի Հայ առևտրական գաղութը առանձին կարևորություն ստանում էր 17-րդ դարում և սկսում էր զարգանալ ու մեծանալ մանավանդ դարի երկրորդ կեսում: Այստեղ էին երևան գալիս Նոր Ջուղայի խոջաներն իրենց ապրանքներով, բայց սովորաբար ոչ թե տեղական շուկայի հետ և մտնում էին ընդարձակ երկրի խորքերը՝ Մոսկվա, Նովգորոդ, մինչև իսկ Արխանգելսկ, ուր նրանց առջև բացվում էր ծովային ճանապարհ, որ տանում էր նրանց Արևմտյան Եվրոպա։
    Բայց ամենից շատ հաճախված տեղը Մոսկվան էր՝ մայրաքաղաքը, որ ներմուծվող ապրանքների գլխավոր սպառողն էր։ Այդտեղ էր ցարը, որ ինքն էլ վաճառական էր, գնում էր իր հավանած ապրանքները, իսկ չհավանածները բաց են թողնում, որ շուկա մտցնեն»,- գրում է Լեոն:

    «…Սկսեալ ի 1626 ամէ ց 1723 ամն Հայք Ջուղայու կատարէին զառևտուրս խամ (հում) մետաքսիւք, թանկագին գոհարօք, մարգարտօք եւ ձեռագօրծք այլ եւ ապրանօք Պարսկաստանաց եւ Հնդկաստանի ի Տէրութեանն Ռուսաստանի… եւ ի սկսանիլ ի Ռուսաստան մետաքսեայ ձեռագործաց, տարեալ եղեն ի Ջուղայոյ Հայ արհեստաւորք սակս տալոյ զերանգս մետաքսից եւ վասն ուսուցանելոյ Ռուսաց զայն արհեստ»,- կարդում ենք Հարություն Քյուրտյանի՝ «Նիւթեր Հայ վաճառականութեան պատմութեան համար. Հում մետաքսի վաճառականութիւնը եւ Հայերը» ուսումնասիրության մեջ:
    Հիշյալ աշխատությամբ հեղինակը փաստերով, ապացույցներով մանրամասն ներկայացրել է Հայ վաճառականների դեմ գործված դավերը, որոնց արդյունքում հետագայում նվազեց նրանց դերը միջազգային առևտրի ասպարեզում:

    …«Այսպիսի դիւրութիւններով Անգլիացիք կը ջանային սիրաշահիլ Հնդկահայ առեւտրականը՝ զայն պարզապէս հետզհետէ իրենցմէ կախեալ տարր մը ընելու եւ յետոյ կուլ տալու համար»,- գրել է նա:
    «Անգլիացիներ 1561-ին մտան Կովկասեան Հայաստան, Շամախի, Շիրվանի և այլ կողմերը առեւտուրի՝ մասնաւորապէս՝ հում մետաքսի համար, սակայն հազիւ քանի մը տարի վերջ սկսան ինքզինքնին անզօր գտնել Հայոց հետ մրցակցելու գործի մէջ: 1569 թվականի ապրիլ 28-ին անգլիացի ներկայացուցիչ մը՝ Քազուին (Պարսկաստան) գտնուող եւ Laurence Chapman անուամբ, կը տեղեկագրէր իր մեծերուն. Հայերուն եւ Վենետիկցիներուն միջեւ ամբողջ առեւտուրը կոտրել կարելի չէ»:
    Վերջապէս շատ ուրիշ նամակներ ասկէ առաջ կամ վերջ գրեթէ նոյն եզրակացութեան կը յանգին, ոմանք առաջարկելով, որ Հայերը իբր միջնորդ գործածուին. բան մը, որուն չի համաձայնիր կեդրոնը՝ նախընտրելով բոլոր շահերը ինքն իսկ իւրացնել:
    Սակայն երկրին մէջ գտնուող ներկայացուցիչները կը շարունակեն գանգատիլ եւ անկարելիութիւններ ցոյց տալ, նոյն իսկ կան, որ յիմարական կը նկատեն հոն մնալ և ջանալ մրցիլ, այլ կը նախընտրեն ծախել ինչ որ ունին եւ հեռանալ այս շուկաներէն, գուշակելով, թէ առանց ատոր պիտի կորսնցնեն եղած-չեղածը կամ գալիքն ալ, ինչ որ արդարեւ պատահեցաւ:
    Սակայն դարձեալ կեդրոնը ամէն միջոցով, նոյնիսկ Կասպից ծովուն վրայ նաւարկութիւն փորձելով և նաւ ջուրը իջեցնելով, շարունակեց պայքարիլ. պայքար մը, որ միայն ԺԷ (17-րդ, Կ. Ա.) դարուն ժամանակ մը դադրեցաւ՝ ԺԸ (18-րդ, Կ. Ա.) դարուն սկիզբը աւելի բուռն կերպով ի յայտ գալու համար»:

    …«Հում մետաքսի առեւտուրը Կովկասեան Հայաստանի մէջ, նաեւ անոր արտադրութիւնը ահաւոր վնաս կրեց, գրեթէ կործանեցաւ, սակայն Հայոց ձեռքէն չելաւ:
    Շահ Ապաս Պարսկաստան բռնագաղթ տարած Հայոց ձեռքով շարունակեց գործը օտար բեմի վրայ, այսպէս դարձեալ Հայ վաճառականները տէր մնացին հում մետաքսի առեւտուրին, թէեւ Անգլիացիք նոր միջոցներու դիմեցին՝ այս անգամ Պարսից արքունիքը շահելու համար» (մեջբերումը՝ Յ. Քիւրտեան «Հայ ազատագրական փորձ մը ԺԶ դարուն»):

    «Հում մետաքսից» որոշ հուշեր է նկարագրել Խաչատուր Դադայանը, որը ներկայացնում ենք ստորև:

    «Երբ անցնում ենք Ղումն ու Ղաշանը (մշտապես գործածելու եմ Հայկական պատմական անվանաձևերը), ակամայից ընկնում եմ մտածմունքների մեջ:
    Գիշերվա խավարում մեքենայի կողքով անցնող տափաստաններից, լեռների ստորոտներից, կիրճերից ասես ականջիս են հասնում քաղցից, տապից, մտրակների շաչյունից մեռնող ազգակիցներիս հառաչանքները:
    Քանի՜ — քանի՜ անթաղ մեռել մնաց, որոնց ոսկորները քամին հողմացրիվ արեց խառնելով դարերի փոշուն: Նրանք «հում մետաքսի զոհերն» էին: Երեխա ժամանակ տեսել եմ հում մետաքս. գյուղի մեր պրպտուն հարևանն իր տան անկով գոմում դարակներ սարքեց, թթենու տերևներ փռեց ու վրան ինչ-որ տարօրինակ որդեր լցրեց: Որդերն ուտում էին տերևները՝ սպիտակ մազաչափ թել թողնելով:
    Ապա այդ թելով փաթաթվում էին այնքան, մինչև գլխովին անհետանում էին: Կոկոնի մեջ որդերը վերածվում էին թիթեռնիկների, պատյանը ծակում-թռչում՝ թողնելով «արտադրանքը»: (Սա իմ մանկական հուշն է, ո՞վ էր 60 տարի առաջ ինձ դրդում հետևելու այդ երկարատև գործընթացին): Ահա այդ «արտադրանքն» էին վերամշակում ու ստանում բնական մետաքս: Շահ Աբաս 1-ինն էլ ուներ մեծաքանակ հում մետաքս, որն Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում խիստ բարձր գին ուներ: Այնտեղի հմուտ ջուլհակները դրանից բնական մետաքսի կտորեղեն էին ստանում՝ կրեպդիշին, կրեպ-շիֆոն, կրեպ-ժորժետ, որոնք պալատական բարձրաշխարհիկ խավի համար ծառայում էին որպես հագուստ-կապուստ:
    Սկզբում Շահ Աբասը փորձեց պարսիկ վաճառականների միջոցով իր անմշակ մետաքսն իրացնել, բայց չհաջողեց՝ քրիստոնյա Եվրոպան չընդունեց մուսուլման վաճառականներին: Այնժամ Շահը հասկացավ, որ իրեն հարկավոր են քրիստոնյա հպատակ, հմուտ վաճառականներ: Նրանք աչքի առաջ էին՝ Հայերը, Հին Ջուղայեցիները…

    Հայ վաճառական

    Ղևոնդ Ալիշանը Վենետիկի XVI դ. արխիվային թղթերն ուսումնասիրելիս 500 Հայ վաճառականների հայտնաբերեց, որոնց գերակշիռ մեծամասնությունը Հին Ջուղայեցիներ էին:
    1512 թ. վաճառական Հակոբը` Մեղապարտ անվանյալ, տպագրեց «Ուրբաթագիրքը»: 1570-ից սկսած՝ Ջուղայեցի վաճառականներն արդեն հանրահայտ էին ամբողջ Եվրոպայում, այնքան հայտնի, որ վենետիկցիները բոլոր Հայերին անվանում էին «Ջուղայեցիներ», իսկ ֆրանսիացիները տարբերակում էին դնում Հայերի ու Ջուղայեցիների միջև, առաջիններին կոչելով՝ աղմենիեն (Arménien), երկրորդներին՝ «շոֆըլան» (Choffelin):

    Հենց այդ նույն թվականին Վենետիկում առաջինը բնակություն հաստատեց ջուղայեցի վաճառական Գայրին (Gayri)։ Վենետիկի Ռուգա Ջուֆայում (Ջուղայի փողոց) XVI դ. ապրում էին բազմաթիվ Հայ վաճառականներ։ Նրանցից Հովհաննես Շահինշահն առաջինն էր, ում Իմաստուններն արտոնեցին Սբ. Մարկոսի հրապարակի զանգակատան մոտ ունենալ panco՝ միայն վենետիկցիներին վերապահված վրան՝ ապրանքների վաճառքի համար։
    Շահ Աբասը «լուծումը» գտավ:

    Պատերազմելով Թուրքիայի դեմ և մտադրվելով օսմաններին թողնել ավերված-այրված տարածք՝ նա 1603 թվականից սկսած իրականացրեց մեծ գաղթը՝ «մեծ սուրգունը»: Մեկ տարվա ընթացքում ութ անգամ դա արեց, Հայաստանը հայաթափեց, 100-150 հազար մարդ քշեց Պարսկաստան` իր հետևից թողնելով ավերակներ ու հրկիզված դաշտեր: Թե ճանապարհին որքա՛նը կոտորվեց, որքա՛նը խեղդվեց Արաքսում՝ միայն Աստծուն է հայտնի:
    Կարդացեք Առաքել Դավրիժեցու լալահառաչ ողբ-պատմությունը, և ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա:

    Խնդիրն այլ էր Հինջուղայեցիների պարագայում: Հասարակ մշակներին թողեցին Թավրիզի, Ղազվինի, Թեհրանի հարակից գյուղերում, իսկ վաճառականական, խոջայական գերդաստաններին և ձեռնհաս վարպետ-արհեստավորներին՝ շուրջ 15 հազար մարդու, քշեցին դեպի Սպահան: Այս ճանապարհին էլ ընտրություն կատարեցին, մի մասին թողեցին Փերիա ու Բուրվարի գավառներում, իսկ «ընտրյալներին» բերեցին մայրաքաղաք: Շահ Աբասը Սպահանից հարավ, Զայանդերուդ գետի ափին հատկացրեց մոր կալվածապատկան տարածքները, թե՝ ձեզ համար քաղաք շինեք: 1605-ին կառուցեցին և անվանեցին Նոր Ջուղա` ի հուշ իրենց կորուսյալ հայրենաքաղաքի:
    Սկսվեց նոր դարաշրջան, հում մետաքսի զոհերի դարաշրջանը»: